ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 2. Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) ոչ ռեզիդենտ կազմակերպության վարձած աշխատողներին Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող աշխատանքների եւ (կամ) մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող եկամուտները, եթե վճարվող եկամուտները ոչ ռեզիդենտ կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության համար համարվում են ծախս՝ անկախ այդ ծախսը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից, եւ (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպության վարձած աշխատողները ներգրավված են մշտական հաստատության գործունեության մեջ:»:
Հոդված 3. Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային գործակալները պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարները:»:
Հոդված 4. Օրենսգրքի 155-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենսգրքի 314-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 314. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը
1. Հարկային մարմինը հաստատում է կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը՝ էլեկտրոնային եղանակով տրամադրելով հարկային մարմնի հաստատած ձեւին համապատասխան Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանք եւ (կամ) էլեկտրոնային եղանակով հաստատելով օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտության փաստը հաստատող տեղեկանքի ձեւը: Օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքը համարվում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտության փաստը հաստատող տեղեկանք, եթե այն բովանդակային առումով համապատասխանում է հարկային մարմնի սահմանած՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքի բովանդակությանը:
2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նպատակով հարկ վճարողը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի հաստատած ձեւին համապատասխան Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին դիմում, որը ներառում է հետեւյալ տեղեկատվությունը.
1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց եւ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձանց դեպքում՝
ա. հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,
բ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տարեթիվը,
գ. երկրի անվանումը, որտեղ պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը,
դ. անհրաժեշտության դեպքում՝ օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձեւը հաստատելու նշում՝ կցելով օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձեւը.
2) ֆիզիկական անձանց դեպքում (բացառությամբ սույն մասի 1-ին կետով սահմանված դեպքի)՝
ա. հարկ վճարողի հաշվառման համարը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն,
բ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տարեթիվը,
գ. երկրի անվանումը, որտեղ պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը,
դ. հարկային տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 եւ ավելի օր ֆիզիկական անձի գտնվելու ժամանակահատվածի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կենսական շահերի կենտրոնի գտնվելու մասին նշում՝ կցելով կենսական շահերի կենտրոնի մասին ազատ ոճով շարադրած հիմնավորումը եւ հաստատող փաստաթղթերի պատճենները,
ե. անհրաժեշտության դեպքում՝ օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձեւը հաստատելու նշում՝ կցելով օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձեւը:
3. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված դեպքերում դիմումի ներկայացումից անմիջապես հետո, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում՝ դիմումի ներկայացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում: Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման դիմումի մերժման դեպքում դիմումի ներկայացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացվում է մերժման ծանուցում՝ նշելով պատճառը: Օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված՝ ռեզիդենտության փաստը հաստատող տեղեկանքի ձեւը հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը էլեկտրոնային եղանակով հաստատում է այն, իսկ մերժման դեպքում ներկայացնում է մերժման ծանուցում՝ նշելով պատճառը:
4. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման դիմումը մերժվում է, եթե չեն ներկայացվել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ռեզիդենտության հաստատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը եւ (կամ) փաստաթղթերը:
5. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը ներառում է հետեւյալ տեղեկատվությունը.
1) հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը.
2) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տարեթիվը.
3) երկրի անվանումը, որտեղ պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը.
4) նշում Հայաստանի Հանրապետության եւ տեղեկանքի ներկայացման երկրի միջեւ գործող՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի (կոնվենցիայի) կիրառումն ապահովելու նպատակով, եթե ռեզիդենտության հաստատման տարում նման համաձայնագիր (կոնվենցիա) առկա է.
5) համակարգի կողմից գեներացվող համապատասխան հսկիչ ծածկագիր եւ արագ արձագանքման (QR) կոդ:
6. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը կարող է իրականացվել ինչպես ընթացիկ, այնպես էլ նախորդ հարկային տարիների համար, եթե առկա է նախորդ հարկային տարիների՝ ռեզիդենտությունը հաստատող անհրաժեշտ տեղեկատվությունը: Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը, ըստ տարիների եւ երկրների, տրամադրվում է առանձին:
7. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է հայերեն, իսկ հարկ վճարողի կողմից պահանջվելու դեպքում՝ նաեւ անգլերեն եւ ռուսերեն:»:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածները տարածվում են այն դեպքերի վրա, երբ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է կամ դրանից հետո է:
3. Սույն օրենքի 6-րդ հոդվածը տարածվում է 2025 թվականի դեկտեմբերի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքների տրամադրման գործընթացի վրա: Մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքների տրամադրման մասով կիրառվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքով սահմանված կարգավորումները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
02.12.2025
Երեւան
ՀՕ-377-Ն