ՕՐԵՆՔԸ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ կետով.
«2.2) հանդիսանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ մասնագիտացված ուսումնական հաստատությունների, ինչպես նաեւ տարածքային ու հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների լիազոր մարմինը.»:
Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-1.4-րդ կետերով.
«1.1) իրականացնում է պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում վարչատնտեսական գործառույթների համակարգում (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների եւ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների).
1.2) իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից վարչատնտեսական գործառույթների պատվիրակված ծառայությունների իրականացման մշտադիտարկում (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների եւ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների).
1.3) ըստ անհրաժեշտության հավաքում, ամփոփում եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում ուսումնական հաստատություններին վերաբերող տեղեկատվությունը, ինչպես նաեւ հաստատում է ուսումնական հաստատությունների կողմից Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները.
1.4) իրականացնում է հանրակրթության ոլորտի ոչ ֆինանսական ցուցանիշների ընդունման, ամփոփման աշխատանքներ եւ ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին.».
2) 2-րդ կետի «վերահսկում» բառը փոխարինել «աջակցում» բառով, իսկ «ակտերի կատարումը» բառերը՝ «իրավական ակտերի պահանջներին համապատասխան կրթական քաղաքականության իրականացմանը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) աջակցում է կրթահամալիրների՝ որպես համայնքային կենտրոնների գործունեության զարգացմանը:»:
Հոդված 4. Սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2.2-րդ կետով սահմանվող՝ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության դեպքում սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետով լրացվող Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին եւ 1.2-րդ կետերով սահմանված լիազորությունների իրականացման սկիզբ է համարվում 2026 թվականի սեպտեմբերի 1-ը, իսկ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության դեպքում նախատեսված լիազորությունների իրականացման սկիզբ է համարվում 2027 թվականի սեպտեմբերի 1-ը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
18.11.2025
Երեւան
ՀՕ-355-Ն