Armenian English   Russian   English  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.06.2006

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության զինանշանի նկարագրությունը եւ գործածման  կարգը:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության  զինանշանը

Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:

Հայաստանի Հանրապետության զինանշանն է` կենտրոնում` վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով եւ պատմական Հայաստանի թագավորություններից չորսի` վերեւից ձախ` Բագրատունիների,  վերեւից աջ` Արշակունիների, ներքեւից ձախ` Արտաշիսյանների, ներքեւից աջ` Ռուբինյանների զինանշանները: Վահանը  պահում են արծիվը (ձախից) եւ առյուծը (աջից), իսկ վահանից ներքեւ պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն:

Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը`  վերեւից ձախ` կարմիր, վերեւից աջ` կապույտ, ներքեւից ձախ` կապույտ, ներքեւից աջ` կարմիր, եւ կենտրոնում` վահանի վրա պատկերված Արարատ լեռը` նարնջագույն: Նշված գույները խորհրդանշում են  Հայաստանի Հանրապետության դրոշի գույները:

Հայաստանի Հանրապետության  զինանշանի պատկերը (գունավոր) ներկայացվում  է  սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածում:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության զինանշանի ընդօրինակումը

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների  զինանշանները, կազմակերպությունների խորհրդանիշները, ինչպես նաեւ այլ խորհրդանիշներն ու զինանշանները պետք է տարբերվեն Հայաստանի Հանրապետության զինանշանից:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածումը

Հայաստանի Հանրապետության զինանշանի գունավոր պատկերը գործածվում է`

Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի եւ կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի,  Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումների, Հայաստանի Հանրապետության դատարանների որոշումների, վճիռների եւ դատավճիռների, Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերի վրա, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի, հանրապետական գործադիր մարմինների, Հայաստանի Հանրապետության դատարանների, Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի,  պետական կառավարման այլ մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանի), Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված  մշտապես գործող մարմինների  (ծառայությունների,  խորհուրդների, հանձնաժողովների) ձեւաթղթերի վրա:

Հայաստանի Հանրապետության զինանշանի միագույն պատկերը գործածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի կամ անձը հաստատող այլ փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման այն մարմինների կնիքների եւ ձեւաթղթերի վրա, որոնց` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը գործածելու իրավունքը վերապահված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի տեղադրումը

Հայաստանի Հանրապետության  զինանշանի պատկերը մշտապես տեղադրվում է`

Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի, մարդու իրավունքների պաշտպանի, հանրապետական գործադիր մարմինների, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված  մշտապես գործող մարմինների (ծառայությունների, խորհուրդների, հանձնաժողովների) ղեկավարների, Հայաստանի Հանրապետության դատավորների եւ դատախազների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների (այդ թվում՝ Երեւանի քաղաքապետի) աշխատասենյակներում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում, Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում, Հայաստանի Հանրապետության դատարանների դատական նիստերի դահլիճներում, քաղաքացիական կացության ակտերի պետական  գրանցման մարմինների  հանդիսությունների սրահներում  եւ շենքերի վրա, Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, մարդու իրավունքների պաշտպանի, հանրապետական գործադիր մարմինների,  պետական կառավարման այլ մարմինների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում՝ Երեւանի քաղաքապետի), Հայաստանի Հանրապետության նոտարական գրասենյակների շենքերի վրա, դիվանագիտական ծառայության մարմինների (դեսպանատների, ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների),  օտարերկրյա պետությունների տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության այլ պաշտոնական ներկայացուցչությունների շենքերի վրա եւ դրանց ղեկավարների աշխատասենյակներում, ուսումնական հաստատությունների սրահներից կամ նախասրահներից մեկում, Հայաստանի Հանրապետության  պաշտոնական ինտերնետային կայքերում:

Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը տեղադրվում է նաեւ հիմնական սահմանային նշանների վրա, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցագրային կետերում:

Սույն օրենքով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածման  դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածումը օտարերկրյա պետության զինանշանի հետ

Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության զինանշանը օտարերկրյա պետության զինանշանի հետ միաժամանակ  տեղադրելու դեպքում այլ պետությունների պետական զինանշանների չափերը չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության զինանշանի չափերը:

Հայաստանի Հանրապետության զինանշանը օտարերկրյա պետության զինանշանի հետ միաժամանակ տեղադրելու դեպքում Հայաստանի Հանրապետության զինանշանը չի կարող տեղադրվել  ավելի ցածր, քան օտարերկրյա պետության զինանշանը:

Հայաստանի Հանրապետության զինանշանը օտարերկրյա պետության զինանշանի հետ միաժամանակ տեղադրվելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության զինանշանը պետք է տեղադրվի տվյալ շենքի ձախ կողմից (դեմքով դեպի այդ շենքը): Եթե միաժամանակ տեղադրվում է կենտ թվով մի քանի զինանշան, ապա Հայաստանի Հանրապետության զինանշանը պետք է տեղադրվի  դրանց մեջտեղում: Եթե տեղադրվում են զույգ թվով (2-ից ավելի) զինանշաններ, ապա Հայաստանի Հանրապետության զինանշանը պետք է տեղադրվի կենտրոնից ձախ:

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածումը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի կողմից

Հայաստանի Հանրապետության զինանշանը կարող է տեղադրվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի դրոշների վրա, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների, զինծառայողների եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության շարքային ու ղեկավար կազմի տարբերանշանների վրա:

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածումը Հայաստանի Հանրապետության դրամական միավորների, շքանշանների ու մեդալների վրա

Հայաստանի Հանրապետության զինանշանը կարող է պատկերվել Հայաստանի Հանրապետության դրամական միավորների, շքանշանների ու մեդալների վրա:

Հոդված 9. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում

Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 10. Օրենքի  ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հոդված 11. Անցումային դրույթներ

1. Մինչեւ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի ձեւավորումը սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան պահանջը գործում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի համար:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «ՀՍՍՀ պետական գերբի կանոնադրությունը հաստատելու մասին» Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1981 թվականի ապրիլի 29-ի  հրամանագիրը եւ «Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 1992 թվականի ապրիլի 19-ի ՀՆ-0580-1-ՀՕ-21 օրենքը:  
 

Հավելված
«Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի


ՊԱՏԿԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

04.07.2006
ՀՕ-148


07.04.2009 «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
21.12.2015 «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
21.01.2020 «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին