ՕՐԵՆՔԸ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 39-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 39. Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության պետական երաշխիքները
1. Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին համապատասխան, իսկ ոստիկանության գվարդիայի ծառայողների սոցիալական ապահովության հարցերը՝ նաեւ զինծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
2. Ոստիկանության ծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման պետական նպատակային ծրագրերից: Ոստիկանության ծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու կարգը եւ պայմանները սահմանում է Կառավարությունը:
3. Ոստիկանության ծառայողները կարող են ապահովվել նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության այլ երաշխիքներով:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 1-ին հոդվածով խմբագրվող Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ եռամսյա ժամկետում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
25.05.2026
Երեւան
ՀՕ-205-Ն