Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0171-05.06.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է ազդարարման, ազդարարման կարգի, ազդարարի իրավունքների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների՝ ազդարարման հետ կապված պարտականությունների, ինչպես նաեւ ազդարարի եւ նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) ազդարարում՝ ազդարարի կողմից պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական հիմնարկներում եւ կազմակերպություններում, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդում սույն օրենքով նախատեսված իրավասու անձին կամ մարմնին.

2) ազդարար՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով սույն օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ` կապված այն պաշտոնատար անձի կամ մարմնի հետ, որի հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական հարաբերությունների մեջ, կամ ում դիմել է ծառայությունների մատուցման նպատակով, կամ ով սխալմամբ ընկալվել է որպես ազդարար: Անձը համարվում է սխալմամբ ընկալվող ազդարար, եթե նա չազդարարելով ընկալվել է որպես ազդարար այլ անձանց կողմից, կամ ում հանդեպ կիրառվել են վնասակար գործողություններ.

3) ազդարարի հետ փոխկապակցված անձինք՝ ազդարարի ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը եւ եղբայրները.

4) իրավասու մարմին՝ Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին, պետական հիմնարկ եւ կազմակերպություն, հանրային նշանակության կազմակերպություն, որը սույն օրենքով սահմանված երաշխիքների ապահովմամբ պարտավոր  է ընթացք տալ ազդարարմանը.

5) հանրային նշանակության կազմակերպություն՝ ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող, ինչպես նաեւ առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, տրանսպորտի եւ կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններ.

6) վնասակար գործողություն՝ գործողություն կամ անգործություն, որով ազդարարման համար ազդարարին կամ նրա հետ փոխկապակցված անձին հասցվում է վնաս՝ լուծելով աշխատանքային պայմանագիրը կամ նրան ավելի ցածր պաշտոնի փոխադրելով կամ նրա հաստիքը կրճատելով կամ նրան աշխատանքային առաջադրանքներ չտրամադրելով կամ արհեստականորեն հանձնարարականներով կամ առաջադրանքներով ծանրաբեռնելով, կամ նրա աշխատանքային գործունեությանն անհարկի եւ ապօրինի միջամտելով, կամ նրա նկատմամբ խրախուսանքի միջոցների կիրառումը մերժելով, կամ նրա աշխատավարձը կամ պարգեւավճարները կրճատելով, կամ նրա գույքին վնաս պատճառելով, կամ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելով, կամ նրան պատասխանատվության ցանկացած այլ միջոցի ենթարկելով, որը կվատթարացնի նրա գույքային դրությունը կամ չի արդարացնի գույքային կամ այլ առաջխաղացման ակնկալիքները կամ ազդարարումից հետ պահելուն ուղղված կամ ազդարարման հետ կապված այլ ներգործության միջոցներ կիրառելով.

7) կոռուպցիոն բնույթի դեպքեր՝ պաշտոնի օգտագործմամբ կատարված իրավախախտումներ.

8) հանրային շահերին ուղղված այլ վնաս՝ հանրային առողջությանը կամ շրջակա միջավայրին հասցված վնաս, պետության միջոցների կամ գույքի վատնում, ինչպես նաեւ այլ վնաս, որը պատճառվել է հասարակական կամ պետական կառավարման կարգին:

Հոդված 3. Ազդարարման նպատակները

1. Ազդարարման նպատակներն են՝

1) բացահայտել կոռուպցիոն բնույթի դեպքերը, շահերի բախման, էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտումները, հանրային շահերին ուղղված այլ վնասները.

2) նվազեցնել եւ կանխարգելել կոռուպցիան.

3) նպաստել կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձեւավորմանը:
 


ԳԼՈՒԽ 2

ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 4. Ազդարարման տեսակները

1. Ազդարարման տեսակներն են՝

1) ներքին ազդարարում,

2) արտաքին ազդարարում,

2. Ներքին ազդարարում է համարվում հաղորդման ներկայացումն իր անմիջական ղեկավարին կամ նրա վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձին կամ իրավասու մարմնի ղեկավարի կողմից լիազորված անձին:

3. Արտաքին ազդարարում է համարվում հաղորդման ներկայացումը իրավասու մարմնին:

Հոդված 5. Ազդարարման ընթացակարգը

1. Ներքին եւ արտաքին ազդարարումն իրականացվում է սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ գլուխներով սահմանված կարգով:

2. Ներքին եւ արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման, ձեւակերպման օրինակելի ձեւը, ինչպես նաեւ ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Իրավասու մարմինն ինքնուրույն է սահմանում ներքին եւ արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման, ձեւակերպման, ինչպես նաեւ ազդարարի տրվող պաշտպանության միջոցների իրականացման կարգը՝ որպես նվազագույն պահանջներ դիտարկելով սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջները:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ակտն ընդունելու դեպքում իրավասու մարմինը պարտավոր է այն տեղադրել իր կայքէջում, կայքէջի բացակայության դեպքում՝ իր օգտին աշխատանք կատարող կամ իր կողմից մատուցվող ծառայություններից օգտվող յուրաքանչյուր անձի համար տեսանելի վայրում:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ակտը չընդունելու դեպքում կիրառելի է սույն հոդվածի 2-րդ մասում սահմանված որոշումը:
 


ԳԼՈՒԽ 3

ՆԵՐՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 6.   Ներքին ազդարարումը եւ ներքին ազդարարման վարույթը

1. Ներքին ազդարարումը սկսվում է ազդարարի կողմից իր անմիջական ղեկավարին կամ նրա վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձին կամ իրավասու մարմնի ղեկավարի կողմից լիազորված անձին հաղորդման ներկայացմամբ:

2. Եթե հաղորդումը ստացել է ազդարարի անմիջական ղեկավարը կամ նրա վերադասը կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձը կամ սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված անձը, ապա նա պարտավոր է հաղորդումն անհապաղ փոխանցել իրավասու մարմնի ղեկավարին կամ նրա կողմից լիազորված անձին:

3. Իրավասու մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը՝

1) ապահովում է հաղորդման անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառումը.

2) իր իրավասության շրջանակներում հիմքերի առկայության դեպքում հաղորդման հաշվառման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է վարույթի հարուցումը.

3) ապահովում է հարուցված վարույթի գաղտնիությունը.

4) իր իրավասությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկում հաղորդման իսկությունը ստուգելու նպատակով.

5) իր իրավասության շրջանակներում հաղորդման իսկությունը ստուգելիս հանցագործության առերեւույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում անհապաղ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության դատախազությանը.

6) իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ազդարարներին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաեւ վնասակար գործողությունների եւ դրանց հետեւանքների վերացման նպատակով.

7) ապահովում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

8) ազդարարի պահանջով ապահովում է վարույթի ընթացքի եւ ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների տրամադրումը.

9) հնարավորություն է տալիս ազդարարին ներկայացնել պարզաբանումներ, փաստաթղթեր եւ դիմումներ:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունների չկատարումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

5. Ներքին ազդարարման նկատմամբ ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է իրավասու մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը:

6. Ներքին ազդարարման հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Հարուցված վարույթի արդյունքում ընդունվում է համապատասխան ակտ, ինչի մասին ակտի ընդունման պահից եռօրյա ժամկետում ազդարարը ծանուցվում է:

7. Եթե վարույթի ընթացքում պարզվում է, որ ազդարարը սույն օրենքով նախատեսված կարգով հաղորդում ներկայացնելիս գործել է անբարեխղճորեն, իրավասու մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը դադարեցնում է ազդարարին պաշտպանության տրամադրումը, ինչի մասին որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ծանուցում է ազդարարին:

8. Եթե ազդարարի ոչ բարեխիղճ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, հաղորդումը ստացած անձը պարտավոր է անհապաղ այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության դատախազությանը:
 


ԳԼՈՒԽ 4

ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 7. Արտաքին ազդարարումը եւ արտաքին ազդարարման վարույթը

1. Արտաքին ազդարարումը սկսվում է ազդարարի կողմից իրավասու մարմնին հաղորդման  ներկայացմամբ:

2. Եթե հաղորդումը վերաբերում է իրավասու մարմնի աշխատակցին, ազդարարումը կատարվում է իրավասու մարմնի ղեկավարին: Եթե հաղորդումը վերաբերում է իրավասու մարմնի ղեկավարին, այն ներկայացվում է իրավասու մարմնի վերադաս մարմնի ղեկավարին: Իրավասու մարմնի վերադաս մարմնի բացակայության դեպքում հաղորդումը ներկայացվում է համապատասխան մարմնի հանրային ծառայողի էթիկայի հանձնաժողովին (առկայության դեպքում), իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեպքում՝ կոռուպցիայի կանխարգելման ոլորտում լիազոր մարմնին:

3. Իրավասու մարմինը՝

1) ապահովում է հաղորդման անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառումը.

2) իր իրավասության շրջանակներում հիմքերի առկայության դեպքում հաղորդման հաշվառման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հարուցում է վարույթ.

3) ապահովում է  վարույթի գաղտնիությունը.

4) իր իրավասությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկում հաղորդման իսկությունը ստուգելու նպատակով.

5) իր իրավասության շրջանակներում հաղորդման իսկությունը ստուգելիս հանցագործության առերեւույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում անհապաղ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության դատախազությանը.

6) իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ազդարարներին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաեւ վնասակար գործողությունների եւ դրանց հետեւանքների վերացման նպատակով.

7) ապահովում է  ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

8) ազդարարի պահանջով ապահովում է վարույթի ընթացքի եւ ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների տրամադրումը.

9) հնարավորություն է տալիս ազդարարին ներկայացնել պարզաբանումներ, փաստաթղթեր եւ դիմումներ:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունների չկատարումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

5. Եթե հաղորդումը ներկայացվել է ոչ իրավասու մարմնին, ապա հաղորդում ստացած մարմինը եռօրյա ժամկետում այն վերահասցեագրում է իրավասու մարմնին՝ ծանուցելով ազդարարին:

6. Արտաքին ազդարարում չի համարվում քրեական հետապնդման մարմինների կողմից հանցագործության վերաբերյալ հաղորդումների քննարկման եւ լուծման` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգը:

7. Եթե ազդարարը համաձայնություն չի տվել իր անձնական տվյալները բացահայտելու վերաբերյալ, մարմինը, որը ստացել է ազդարարի կողմից ներկայացված հաղորդումը եւ իրավասու չէ վարույթ հարուցել, պարտավոր է, մինչեւ հաղորդումն ըստ ենթակայության ուղարկելը, ստանալ ազդարարի նախնական համաձայնությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ազդարարի համաձայնության բացակայության դեպքում հաղորդումն ուղարկվում է ըստ ենթակայության՝ առանց ազդարարի անձնական տվյալները բացահայտելու:

8. Արտաքին ազդարարման հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Հարուցված վարույթի արդյունքում ընդունվում է համապատասխան ակտ, ինչի մասին ակտի ընդունման պահից եռօրյա ժամկետում ազդարարը ծանուցվում է:

9. Եթե վարույթի ընթացքում պարզվում է, որ ազդարարը սույն օրենքով նախատեսված կարգով հաղորդում ներկայացնելիս գործել է անբարեխղճորեն, իրավասու մարմինը դադարեցնում է ազդարարին պաշտպանության տրամադրումը, ինչի մասին որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ծանուցում է ազդարարին:

10. Եթե ազդարարի ոչ բարեխիղճ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, իրավասու մարմինը պարտավոր է անհապաղ այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության դատախազությանը:

Հոդված 8. Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը

1. Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (այսուհետ՝ միասնական էլեկտրոնային հարթակ) միջոցով ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ հանցագործության մասին:

2. Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի, երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը:

3. Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարի անանունությունը երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով:

4. Միասնական էլեկտրոնային հարթակն ապահովում  է հասանելիություն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:

5. Միասնական էլեկտրոնային հարթակը պետք է օժտված լինի հետադարձ կապի միջոցով անանուն հաղորդմանն առնչվող անհրաժեշտ տեղեկությունների եւ փաստերի հավաքագրման հնարավորությամբ:

6. Միասնական էլեկտրոնային հարթակը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը:

7. Միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը եւ վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 9. Անանուն հաղորդումները եւ դրանց առանձնահատկությունները

1. Ազդարարը անանուն հաղորդումը ներկայացնում է այն միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրելու միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն իր իրավասության շրջանակներում ապահովում է միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված յուրաքանչյուր հաղորդման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան ակտի ընդունումը:

3. Հանցագործության հատկանիշներ պարունակող եւ միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումը ենթակա է ստուգման «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի եւ պարունակում է տվյալներ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաղորդումը ստուգելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այն վերահասցեագրում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին:

5. Սույն օրենքի 7-րդ հոդվածի դրույթները տարածվում են անանուն հաղորդումների վրա այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են:
 


ԳԼՈՒԽ 5

ԱԶԴԱՐԱՐԻ ԵՎ ՆՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԴԱՐԱՐԻ ԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 10. Ազդարարի եւ նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպանության իրավունքը

1. Ազդարարը սույն օրենքին համապատասխան ունի պաշտպանության իրավունք: Ազդարար ֆիզիկական անձին տրվող պաշտպանությունը տարածվում է ազդարար իրավաբանական անձի վրա այնքանով, որքանով այդ պաշտպանությունն իր էությամբ կիրառելի է դրա նկատմամբ:

2. Ազդարարն ունի իր անձնական տվյալների գաղտնիության, վնասակար գործողություններից եւ դրանց հետեւանքներից պաշտպանության իրավունք:

3. Ազդարարը, ով հաղորդում է ներկայացրել կամ ում հաղորդումն ուղարկվել է քրեական հետապնդման մարմիններին, ենթակա է պաշտպանության  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

4. Ցանկացած պայմանագիր կամ պայմանագրի դրույթ, որը միտված է անձին ազդարարման կամ ազդարարի պաշտպանության իրավունքից զրկելուն կամ այն սահմանափակելուն, առոչինչ է:

5. Ազդարարի հետ փոխկապակցված անձն ազդարարի պաշտպանության միջոցներից օգտվելու իրավունք ունի, եթե ողջամտորեն հիմնավորում է, որ ազդարարի հետ ունեցած կապի պատճառով իր դեմ կարող են կատարվել վնասակար գործողություններ:

Հոդված 11. Ազդարարի անձնական տվյալների պաշտպանությունը անանուն հաղորդում ներկայացնելիս

1. Անանուն հաղորդում ներկայացնելիս երաշխավորվում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը ինչպես իրավասու մարմնին, այնպես էլ այլ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ ազդարարը բացահայտում է իր անձնական տվյալները:

2. Իրավասու մարմինն իրավունք չունի միջոցնել ձեռնարկել անանուն հաղորդում ներկայացրած ազդարարի անձնական տվյալները բացահայտելու ուղղությամբ:

Հոդված 12. Ազդարարի եւ նրա հետ փոխկապակցված անձանց դատական պաշտպանությունը

1. Ազդարարը, որի դեմ ազդարարման հետ կապված ձեռնարկվել է վնասակար գործողություն, ունի դատական պաշտպանության իրավունք:

2. Ազդարարի հետ փոխկապակցված անձը, որի դեմ ազդարարի հետ ունեցած կապի պատճառով ձեռնարկվել է վնասակար գործողություն, ունի դատական պաշտպանության իրավունք:

3. Ազդարարի եւ նրա հետ փոխկապակցված անձանց դատական պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 13. Ազդարարի բարեխիղճ գործելու պարտականությունը

1. Ազդարարը գործում է բարեխղճորեն, եթե ազդարարելու պահին նա կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ ունի կասկածի ողջամիտ հիմքեր, նրա համոզմամբ տեղեկությունը ճշմարտացի է, եւ եթե նախքան ազդարարումը նա իր իրական հնարավորությունների սահմաններում միջոցներ է ձեռնարկել ստուգելու տեղեկության ճշտությունը եւ ամբողջականությունը:

2. Ազդարարը գործում է անբարեխղճորեն, եթե՝

1) բացակայում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ բարեխղճորեն գործելու հատկանիշները կամ

2) ազդարարումը կատարվել է ապօրինի եղանակով, այդ թվում՝ հանցագործության կատարմամբ կամ մարդու սահմանադրական իրավունքների խախտմամբ ձեռքբերված տեղեկությունների հիման վրա, կամ

3) իր կամ այլ անձի համար պահանջում կամ ստանում է որեւէ առավելություն, կամ

4) այլ անձին վնաս պատճառելու նպատակով դիտավորությամբ հաղորդում է կեղծ տեղեկություններ:
 


ԳԼՈՒԽ 6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 14. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է 2018 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 15. Միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը

1. Անանուն հաղորդումների ընդունման միասնական էլեկտրոնային հարթակը ենթակա է ստեղծման սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ազդարարման հետ կապված իրավահարաբերությունների համալիր կարգավորման ենթարկման եւ ազդարարման իրավունքի արդյունավետ իրացման երաշխավորման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նախատեսվում է կարգավորել ազդարարման, ազդարարման կարգի, ազդարարի իրավունքների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց` ազդարարման հետ կապված պարտականությունները, ինչպես նաեւ ազդարարի եւ նրա հետ փոխկապված անձանց պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային միջավայրի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծերի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Միեւնույն ժամանակ, նախագծերի կարգավորումների ընդունման արդյունքում զգալիորեն կվերանա կոռուպցիայի համակարգային բնույթը, նշանակալիորեն կսահմանափակվի դրա տարածվածության աստիճանը, կմեծանա քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների որակը, զգալիորեն կբարելավվի սոցիալական արդարության ընկալումը տնային տնտեսությունների եւ գործարարների շրջանում, նախապայմաններ կստեղծվեն տնտեսության արտադրողականության բարձրացման համար` մեծացնելով երկրի մրցունակությունը եւ տնտեսության գրավչությունը ներդրումների համար:

Նախագծերի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է`

1) ստեղծել Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողով, որի անդամների եւ աշխատակազմի վարձատրությունն իրականացվելու է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով,

2) սահմանել, որ բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ հանրային ծառայողի կողմից պաշտոնեական կարգավիճակով կամ լիազորությունների իրականացմամբ պայմանավորված նվեր ընդունելը, ստացված նվերը օրենքով սահմանված մարմնին չհանձնելը, նվերի մասին օրենքով սահմանված չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով` նվեր ստացված առարկաների բռնագրավմամբ, (ներկայումս սահմանված է, որ պետական ծառայողների կողմից պետական եւ ոչ պետական ձեռնարկություններից, հիմնարկներից եւ կազմակերպություններից, ինչպես նաեւ արտասահմանյան պետություններից, կազմակերպություններից, ֆիրմաներից պաշտոնի բերումով ստացած արժեքավոր նվերները սահմանված կարգով պետությանը չհանձնելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափով` նվեր ստացված առարկաների բռնագրավմամբ, իսկ դրանց բացակայության դեպքում` տուգանքի նշանակում նվերի արժեքի քառապատիկ չափով),

3) սահմանել, որ կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովին անհրաժեշտ տեղեկությունները կամ պահանջվող նյութերը չտրամադրելը, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամի` համապատասխան մարմին մուտք գործելն արգելելը կամ անհրաժեշտ նյութին կամ փաստաթղթին ծանոթանալուն խոչընդոտելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով:

4) հանցագործության վերաբերյալ հաղորդում տվող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց սպանության, առողջությանը  վնաս պատճառելու կամ  գույքը  ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսունապատիկի չափով,

5) կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ հաղորդում տվող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց սպանության, առողջությանը  վնաս պատճառելու կամ  գույքը  ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով,

6) հանցագործության վերաբերյալ հաղորդում տվող անձի տվյալների հրապարակումը այն անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահվել կամ հայտնի են դարձել նրա ծառայողական գործունեության կապակցությամբ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով,

7) կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ հաղորդում տվող անձի տվյալների հրապարակումն այն անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահվել կամ հայտնի են դարձել նրա ծառայողական գործունեության կապակցությամբ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով,

8) ազդարարի կողմից ներկայացված հաղորդումը չգրանցելը, դրա հիման վրա վարույթ չհարուցելը, վարույթի գաղտնիությունը չապահովելը, ազդարարին վարույթի ընթացքի եւ ձեռնարկված միջոցների մասին տեղեկություններ չտրամադրելը, գործի նյութերը ուսումնասիրելու հնարավորություն չընձեռելը, վարույթի արդյունքների մասին չծանուցելը առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի կամ նրա կողմից լիազորված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով,

9) ազդարարի անձնական տվյալները մշակելու ընթացքում գաղտնիությունը չապահովելը կամ գաղտնագրման միջոցներ չօգտագործելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի կամ նրա կողմից լիազորված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ՝

1) նկատի ունենալով, որ վերոնշյալ հանձնաժողովի ստեղծմամբ ընդլայնվելու է եկամտային հարկով հարկման բազան` հայտնում ենք, որ նախագծերի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի դրական.

2) «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական.

3) ազդարարների կողմից իրավասու մարմնին ներկայացվող հաղորդումները (միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով) կհանգեցնեն ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի հատկացման անհրաժեշտության, որի ֆինանսական գնահատականը բացակայում է.

4) նախագծերի փաթեթն ընդունվելու դեպքում, մասնավորապես «Կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվող Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողով ստեղծելու հետ կապված, ՀՀ պետական բյուջեի ելքերի մասով կհանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման, ինչը հնարավոր չէ գնահատել համապատասխան տվյալների բացակայության պատճառով:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում: