Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-907-14.05.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 2-րդ մասը 1-ին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Պետական գրանցման մերժման հիմք է հանդիսանում նաեւ նոր գրանցվող (ստեղծվող) առեւտրային կազմակերպության նշանակալից մասնակցություն ունեցող (հիմնադրվող կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի, բաժնային ֆոնդի առնվազն 10 տոկոսի սեփականատեր համարվող) հիմնադրի, ինչպես նաեւ գործադիր մարմնի ղեկավարի` տնտեսական գործունեության դեմ ուղղված (Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 187-216-րդ հոդվածներ), ահաբեկչության ֆինանսավորման (Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 217.1-րդ հոդված), ինչպես նաեւ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության (Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-313-րդ հոդվածներ) համար դատապարտված լինելը կամ նրանց դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չլինելը:»:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

Սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների համար դատապարտված անձանց վերաբերյալ տեղեկությունները իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին տրամադրում է Հայաuտանի Հանրապետության ոստիկանությունը: Տեղեկությունների կազմը եւ տրամադրման կարգը սահմանվում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի եւ Հայաuտանի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամանով:»:

Հոդված 3. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչեւ 2010 թվականի նոյեմբերի 1-ը Հայաuտանի Հանրապետության ոստիկանությունը իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին տրամադրում է 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված հանցագործությունների համար դատապարտված անձանց վերաբերյալ տեղեկությունները:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցներն զարգացնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նշված օրենքի ընդունմամբ իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու հիմք կհանդիսանա նաեւ նոր գրանցվող (ստեղծվող) առեւտրային կազմակերպության նշանակալից մասնակցություն ունեցող (հիմնադրվող կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի, բաժնային ֆոնդի առնվազն 10 տոկոսի սեփականատեր համարվող) հիմնադրի, ինչպես նաեւ գործադիր մարմնի ղեկավարի` տնտեսական գործունեության դեմ ուղղված (Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 187-216-րդ հոդվածներ), ահաբեկչության ֆինանսավորման (Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 217.1-րդ հոդված), ինչպես նաեւ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության (Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-313-րդ հոդվածներ) համար դատապարտված լինելը կամ նրանց դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չլինելը:

Նման սահմանափակումներ մտցնելը նախատեսված է նաեւ ԵԽ նախարարների կոմիտեի շրջանակներում գործող կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի (GRECO) 2005 թվականի մայիսի 30-ից հունիսի 5-ը Հայաստան այցելություն կատարելու հիման վրա մշակված ուսումնասիրությունների գնահատականի 141-րդ կետի թիվ xxi առաջարկությամբ, մասնավորապես, «ապահովելու, որպեսզի ստուգվի եւ հսկվի կազմակերպություն հիմնադրողների կողմից կոռուպցիոն հանցագործություններ կատարած լինելու հանգամանքը:

Նախագծի համաձայն ՀՀ ոստիկանությունը ՀՀ արդարադատության նախարարի եւ ՀՀ ոստիկանության պետի համատեղ հրամանով նախատեսված կարգով ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը կտրամադրի վերը նշված հանցագործությունների համար դատապարտված անձանց վերաբերյալ տեղեկությունները: