Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-795-01.02.2006-ԳԿ,ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (23 սեպտեմբերի 2003 թվականի, այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Տեղեկատվության տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

2. Տեղեկատվության տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունները դասակարգվում են ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ՝ նաեւ մատյանների օգնությամբ, որտեղ արտացոլվում են տեղեկության գրանցման համարը, համառոտ բովանդակությունը, նյութական կրիչը եւ տեղեկության տնօրինման համար լիազորված անձի անունը, ազգանունը եւ պաշտոնը:

3. Տեղեկատվության տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների պահպանությունն իրականացվում է արխիվային փաստաթղթերի պահպանության համար օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի «անձ» բառը փոխարինել «ոք» բառով.

բ) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը հանել.

բ) 6-րդ մասի «փոփոխություները» բառից հետո լրացնել «՝ եթե դրանք պարունակում են օրենքով պահպանվող գաղտնիք» բառերը:

Հոդված 4 . Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.

«4) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել վճարում, ապա տեղեկությունը դիմողին է տրվում վճարման անդորրագիրը ներկայացվելու դեպքում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով վճարման չափը եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը :»:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման համար օրենքով սահմանված կարգով գանձվում է պետական (տեղական) տուրք:».

բ) 2-րդ մասի առաջին պարբերությունում «գանձում չի կատարվում» բառերը փոխարինել «պետական (տեղական) տուրք չի գանձվում» բառերով:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի «գումարը» բառից հետո լրացնել «՝ նախապես տեղեկացվելուց հետո 10 օրվա ընթացքում» բառերը.

բ) 3-րդ մասի «օրենքի համապատասխան» բառերը փոխարինել «սույն օրենքի եւ այլ օրենքների համապատասխան նորմերը» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից :

  ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

2004 թվականի տվյալներով 50-ից ավելի երկրներ ունեին տեղեկատվության ազատության մասին օրենքներ, իսկ30 երկրներում այդպիսի օրենքների նախագծերը դեռեւս քննարկման փուլում էին: Հատկանշական է, որ տեղեկատվության ազատության մասին օրենքների կեսից ավելին ընդունվել է անցած դարի երկրորդ կեսում 1 : Տեղեկատվության ազատության մասին օրենք ունենալու հանգամանքը ներկայումս համարվում է ցանկացած պետությունում ժողովրդավարական սկզբունքների ապահովման չափանիշ: Միեւնույն ժամանակ ուշադրություն է դարձվում նաեւ տեղեկատվության ազատության մասին օրենքի արդյունավետ կիրառումն ապահովող այլ իրավական ակտերի ընդունմանը:

«Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 2003թ. սեպտեմբերի 23-ին: Անցած 2 տարվաընթացքում դրսեւորվեցին ինչպես օրենքի կենսունակությունն ու հասարակական անհրաժեշտությունը, այնպես էլ՝ ի հայտ եկան մի շարք բացթողումներ 2 , որոնց վերացումը կբարձրացնի օրենքի կիրառելիությունը:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունները եւ լրացումներն ուղղված են՝

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը օրենքի 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համապատասխանեցմանը 3 .

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգերի կրճատմանը՝ օրենքի կատարումը նվազագույնս պայմանավորելով այլ իրավական ակտերի ընդունմամբ.

գ) տեղեկության ստացման համար անհրաժեշտ պետական (տեղական) տուրքի եւ այլ վճարումների կատարման կարգի եւ ժամկետների հստակեցմանը.

դ) տեղեկությունների տրամադրման մերժման հիմքերի հստակեցմանը:

Օրենքների նախագծերի փաթեթում ներառված մյուս օրենքների նախագծերն ընդհանուր առմամբ ուղղված են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման ապահովմանը: Մասնավորապես՝

ա) «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով «ՀՀ քրեական օրենսգրքի» 148-րդ հոդվածում օգտագործված բառերը եւ տերմինները համապատասխանեցվում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում օգտագործված բառերին եւ տերմիններին 4 :

բ) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.7-րդ հոդվածում կատարվող լրացմամբ «ապօրինաբար տեղեկությունը չհրապարակելը» հավասարեցվում է «ապօրինաբար տեղեկությունը չտրամադրելուն», որն ուղղված է մասնավորապես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում նախատեսված տեղեկությունների հրապարակման ապահովմանը.

գ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով հստակեցվում են 10 էջը 5 գերազանցող յուրաքանչյուր պատճենահանված կամ տպագրված էջի, ինչպես նաեւ էլեկտրոնային կրիչի, ձայներիզի եւ տեսաերիզի համար վճարվելիք պետական (տեղական) տուրքերի չափերը.

դ) «Քաղաքացիական ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»,«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքերի նախագծերով հստակեցվում էքաղաքացիական ծառայության խորհրդի, համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի՝իրենց լիազորությունների շրջանակում տնօրինվող տեղեկությունների տրամադրման պարտականությունը:


1  ԱՄՆ-ում օրենքն ընդունվել է 1966թ., Ֆրանսիայում՝ 1978թ., Դանիայում՝ 1985թ., Ավստրիայում՝ 1987թ., Իտալիայում՝ 1990թ., Իսպանիայում՝ 1992թ., Մեծ Բրիտանիայում՝ 2000թ., Շոտլանդիայում 2002թ., Ճապոնիայում՝ 2001թ, Հնդկաստանում՝ 2003թ.:

2 Մասնավորապես օրենքի5-րդ հոդվածում եւ 10-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված կարգերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդպես էլ չընդունվեցին՝ խոչընդոտելով օրենքի արդյունավետ կիրառմանը:

3 Համաձայն Սահմանադրության 27-րդ հոդվածի երկրորդ մասի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ ստանալու ազատություն ունի յուրաքանչյու ոք, այնինչ օրենքի6-րդ հոդվածի 1-ին մասով այդ իրավունքը վերապահված է յուրաքանչյուր անձի, իսկ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանափակված է օտարերկրյա անձանց տեղեկություններ ստանալու ազատությունը:

4 Տես՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մաս:

5 Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մինչեւ 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս գանձում չի կատարվում: