Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-701-13.11.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 03-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի «հարկային ծառայության կադրերի ռեզերվ» պարբերությունում «ծառայողները» բառից հետո լրացնել «, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող հարկային ծառայողների» բառերը:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում «բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «ինչպես նաեւ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված  դեպքում» բառերով,

2) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 3.1-ին, 3.2-րդ եւ 3.3-րդ մասեր.

«3.1. Հարկային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում, մինչեւ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոնները զբաղեցվելը, հաշվի առնելով սույն օրենքի 17-րդ հոդվածով եւ 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերը՝ այդ պաշտոնները կարող են զբաղեցվել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով: Ժամկետային աշխատանքային պայմանագիրը կնքվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

3.2. Հարկային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչեւ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոնները զբաղեցվելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է այդ պաշտոնում նշանակել հարկային ծառայության կադրերի ռեզերվից սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող այն հարկային ծառայողին, որը հարկային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվել է՝ ազատվելով հարկային ծառայության պաշտոնից:

3.3. Հարկային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու դեպքերը եւ այդ պաշտոնների  զբաղեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածում լրացնել նոր 7-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«7. Հարկային ծառայության ժամանակավոր թափուր եւ թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնող անձանց դասային աստիճաններ չեն շնորհվում:»:

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածում լրացնել նոր 7-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«7. Հարկային ծառայության ժամանակավոր թափուր եւ թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնող անձանց հատուկ կոչումներ չեն շնորհվում:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա խնդիրը.

«Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է հարկային եւ մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, ոստիկանությունում ծառայությունը, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայությունը, արտաքին հետախուզության ծառայությունում ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, դատական կարգադրիչների ծառայությունը:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն քաղաքացիական ծառայողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որը նույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է քաղաքացիական ծառայության պաշտոն եւ կատարում է այդ պաշտոնին վերապահված մասնագիտական գործունեություն կամ գրանցված է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում եւ վարձատրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

Նույն մասի 16-րդ կետի համաձայն ժամանակավոր թափուր պաշտոնը նույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով որոշակի ժամկետով թափուր պաշտոնն է:

Նույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են քաղաքացիական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցվելու դեպքերը:

Միաժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն նույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում քաղաքացիական ծառայության այդ պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներն իրականացվում են պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ՝ տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից կամ այդ պաշտոններն զբաղեցվում են նույն օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով կամ հաշվի առնելով նույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերը՝ այդ պաշտոններն զբաղեցվում են մեկ այլ անձի հետ (այդ թվում՝ ռեզերվում գտնվող) ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» պարբերության համաձայն նույն օրենքի գործողությունը տարածվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վրա (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող՝ պետական ծառայող չհանդիսացող անձանց, որոնց վրա տարածվում են միայն սույն օրենքի 28-րդ հոդվածի դրույթները):

«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին եւ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածների 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն հարկային եւ մաքսային ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն նույն օրենքներով, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքներով, իսկ նշված օրենքներով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում, դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն հարկային ծառայողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որը նույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է հարկային ծառայության պաշտոն եւ իրականացնում այդ պաշտոնին վերապահված մասնագիտական գործունեություն կամ գրանցված է հարկային ծառայության կադրերի ռեզերվում եւ վարձատրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

Նույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք համարվում են հարկային ծառայողներ:

«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք համարվում են մաքսային ծառայողներ:

Վերոգրյալից հետեւում է, որ «Հարկային ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքներով նախատեսված չեն ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման իրավահարաբերությունները կանոնակարգող դրույթներ, հետեւաբար դրանք կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով:

Միաժամանակ, քաղաքացիական, հարկային կամ մաքսային ծառայության պաշտոն օրենքով սահմանված կարգով (այդ թվում ժամանակավոր) զբաղեցնող  անձինք համարվում են քաղաքացիական, հարկային կամ մաքսային ծառայողներ, այսինքն՝ համարվում են պետական ծառայողներ, իսկ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի գործողությունը չի տարածվում միայն պետական ծառայող չհանդիսացող ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց վրա:

Այսպիսով, «Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով նախատեսվում է նշված օրենքներում կատարել լրացումներ, որոնցով սահմանվում է, որ հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում, մինչեւ նշված օրենքներով սահմանված կարգով պաշտոնները զբաղեցվելը, այդ պաշտոնները կարող են զբաղեցվել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող հարկային կամ մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով: Ժամկետային աշխատանքային պայմանագիրը կնքվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

Հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչեւ վերոնշյալ կարգով պաշտոնները զբաղեցվելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է այդ պաշտոնում նշանակել հարկային կամ մաքսային ծառայության կադրերի ռեզերվից ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող այն հարկային կամ մաքսային ծառայողին, որը հարկային կամ մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվել է՝ ազատվելով հարկային կամ մաքսային ծառայության պաշտոնից:

Հարկ ենք համարում նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի համաձայն նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե՝

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր:

Հաշվի առնելով նշված հոդվածի 4-րդ մասի 2-րդ  կետի պահանջը՝ նախագծերի անցումային դրույթներով սահմանվել, որպես իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող պայման՝ որ  համապատասխան հիմքերի ի հայտ գալու դեպքում հարկային/ մաքսային ծառայության թափուր պաշտոնները կարող են զբաղեցվել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձի կողմից:

Նշվածն պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող կանոնակարգումների համաձայն ՊԵԿ համակարգում պաշտոնների համալրումն իրենից ենթադրում է իրար հաջորդող փուլերով գործընթացներ: Մասնավորապես, ՊԵԿ ուսումնական կենտրոնի միջոցով կազմակերպվում է հարկային կամ մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելություն, դասընթացը հաջողությամբ հաղթահարած անձանց ուսումնական կենտրոնի կողմից տրամադրվում է դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր: Նշված հավաստագիր ունեցող անձինք, ըստ իրենց կողմից դասընթացը ավարտելու արդյունքում ստացած գնահատականների, կընդգրկվեն մաքսային/հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում, որոնց հիման վրա էլ կիրականացվի կադրերի համալրումը: Ընդ որում, ենթաօրենսդրական ակտերով կարգավորվում են ընդունելության կազմակերպման, պատրաստման դասընթացի կազմակերպման, թեկնածուների ձեւավորման հետ կապված հարաբերությունները: Միաժամանակ, օրենքով նախատեսված պատրաստման դասընթացը կազմակերպվում է ըստ ընդունելության արդյունքում մասնակիցների կողմից հավաքած միավորների, իսկ դասընթացը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներն ընդգրկվում են հարկային/մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում: Թափուր պաշտոն առաջանալու դեպքում ըստ պատրաստաման դասընթացի արդյունքներով հավաքած միավորների՝ բարձրից ցածր հաջորդականությամբ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձինք հրավիվում են հարցազրույցի եւ հարցազրույցի արդյունքներով հաղթող ճանաչվելու դեպքում նշանակվում թափուր պաշտոնին: Խնդիրը կայանում է նրանում, որ կարող է կազմակերպվել պատրաստման դասընթաց, սակայն մասնակցության դիմումներ քիչ ներկայացված լինեն, կամ պատրաստման դասընթացի արդյունքում այն հաջողությամբ հաղթահարեն եւ թեկնածուների ցուցակներում ընդգրկվեն այնպիսի քանակությամբ մասնակիցներ, որոնց թիվը բավարար չլինի ՊԵԿ-ում առկա թափուր պաշտոնները համալրելու համար կամ թեկնածուների ցուցակում ընդգրկված մասնակիցըը պաշտոնի նշանակման համար հարցազրույցի փուլը չհաղթահարի եւ ցուցակում այլ թեկնածուներ չլինեն:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՊԵԿ գործառույթների արդյունավետ իրականացումն ապահովելու համար «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ՝ նախագծեր) նախատեսվել է լրացում կատարել նշված օրենքների անցումային դրույթներում՝ սահմանելով, որ 2024 թվականի հունվարի 1-ից հետո հարկային ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները բավարարող թեկնածուի բացակայության դեպքում այդ թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել այլ անձի հետ (այդ թվում՝ ռեզերվում գտնվող) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով հարկային ծառայության տվյալ թափուր պաշտոնում նշանակում կատարելը, բայց ոչ ավելի քան մեկ տարի ժամկետով՝ հաշվի առնելով «Հարկային ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերը: Սույն մասով նախատեսված  թափուր պաշտոնները զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքվում են մինչեւ 2024 թվականի հուլիսի 1-ը:

Ինչ վերաբերում է հարկային կամ մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոններին, ապա «Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով նախատեսվել է, որ  հարկային կամ մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու դեպքերը եւ այդ պաշտոնների  զբաղեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

Այսպիսով, ստացվում է, որ հարկային կամ մաքսային ծառայության պաշտոններ օրենքով սահմանված կարգով, այդ թվում՝ ժամանակավոր, զբաղեցնող անձինք հանդիսանում են պետական ծառայողներ, ուստի վերջիններիս վրա եւս կտարածվի «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի գործողությունը:

Միաժամանակ, «Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերով նախատեսվել են հարկային ծառայության ժամանակավոր թափուր եւ թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնող անձանց համար դասային աստիճան եւ հատուկ կոչում, իսկ մաքսային ծառայության ժամանակավոր թափուր եւ թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնող անձանց համար հատուկ կոչում չշնորհելու վերաբերյալ իրավական կարգավորումներ:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել են Նախագծերը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերի ընդունումը անմիջականորեն չի բխում ռազմավարություններից:

6. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում հարկային եւ մաքսային ծառայության թափուր եւ ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները կհամարվեն մաքսային կամ հարկային ծառայողներ եւ կկանոնակարգվեն այդ պաշտոնների զբաղեցման կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն