Հոդված 1. Վավերացնել 2023 թվականի հունիսի 27-ին եւ 2024 թվականի փետրվարի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին համաձայնագիրը :
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՄ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ» փոխգործակցության մասին համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) հանդիսանում է ՀՀ ոստիկանության կողմից 2021թ. սեպտեմբերի 28-ին ստորագրված «ՀՀ իրավապահ մարմինների եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության (Եվրապոլ) միջեւ ռազմավարական համագործակցության հաստատման վերաբերյալ» աշխատանքային համաձայնագրից բխող փաստաթուղթ:
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ» փոխգործակցության մասին համաձայնագիրը նպատակ ունի ընդլայնել համագործակցությունը անդրազդային հանցավորության դեմ պայքարում, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, միգրանտների մաքսանենգության, կիբերհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիկինգի եւ այլ ոլորտներում:
Համաձայնագիրը երկու կողմերին հնարավորություն կտա փոխանակել ընդհանուր ռազմավարական հետախուզության վերաբերյալ, ինչպես եւ ռազմավարական եւ տեխնիկական, օպերատիվ տեղեկություններ, բացառությամբ՝ անձնական տվյալների: Համաձայնագրով նախատեսվում է նաեւ Հայաստանի Հանրապետության կապի սպայի տեղակայումը Եվրապոլում:
Համաձայնագրի վավերացմամբ/հաստատմամբ կարեւոր քայլ է արվում Հայաստանի եւ Եվրապոլի միջեւ կազմակերպված հանցավորության դեմ համատեղ արդյունավետ պայքար ծավալելու ուղղությամբ:
Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո համագործակցության այս նոր մակարդակը կարեւոր կլինի ինչպես Եվրոպական միության, այնպես էլ Հայաստանի համար առաջնահերթ համարվող հանցավորության ոլորտներում գործունեություն ծավալելու առումով:
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ» փոխգործակցության մասին համաձայնագրի վավերացումը/հաստատումը հնարավորություն կընձեռի ընդլայնել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության ու անդամ պետությունների պատկան մարմինների միջեւ համագործակցության շրջանակը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչը լիովին համապատասխանում է ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը: Միաժամանակ, Համաձայնագրով նախատեսված Եվրապոլի եւ Հայաստանի Հանրապետության պատկան մարմնի միջեւ ուղիղ կապի հաստատումը՝ կոնտակտային անձանց նշանակման միջոցով, նպաստելու է անդրազդային հանցավորության դեմ պայքարում բացահայտմանն ուղղված գործողությունների արդյունավետության ապահովման նպատակով անհրաժեշտ տեղեկատվության եւ տվյալների փոխանակմանը: Այսպիսով, համաձայնագիրը հիմք է հանդիսանալու Եվրապոլի եւ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների միջեւ տեղեկատվության անվտանգ եւ արագ փոխանակման համար:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներքին ընթացակարգերն ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով Հայաստանի կողմից գրավոր ծանուցվելու օրը:
Հաշվի առնելով վերոգրյալը «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ» փոխգործակցության մասին համաձայնագրի հաստատումը կամ վավերացումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում եմ, որ Համաձայնագրի 4-րդ հոդվածը նախատեսում է ՀՀ իրավապահ մարմինների եւ ԵՄ անդամ պետությունների Եվրոպական միության իրավապահ համագործակցության գործակալության/Եվրոպոլի ազգային միավորների միջեւ անձնական տվյալներ պարունակող տեղեկությունների փոխանակում, ուստի Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին» համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) պարունակում է ՀՀ համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, այդ թվում՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ` նկատի ունենալով Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ նախադասությունը եւ 8-րդ հոդվածի 1-ին կետը:
ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՀ ներքին գործերի նախարար
Վ. Ղազարյանին
ՀՀ արդարադատության նախարար
Գ. Մինասյանին
Ի պատասխան ՀՀ ներքին գործերի նախարարության
08.02.2024թ. թիվ 43/10/17358-24 գրության
Հարգելի՛ պարոնայք
Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ» փոխգործակցության մասին համաձայնագրով եւ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հարգանքով՝ Գ. Սանոսյան
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին համաձայնագրի պատասխանատու մարմիններ են՝
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը,
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում
Տեղեկանք համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ