Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-282-13.09.2019-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մինչեւ կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կարգապահական տույժ նշանակելու մասին անհատական իրավական ակտերի բողոքարկման ժամանակ աշխատողից գրավոր բացատրություն պահանջած լինելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է գործատուն: Գործող իրավակարգավորման համաձայն՝ գործատուն բացատրություն կարող է պահանջել նաեւ բանավոր կերպով, հետեւաբար նշված փաստն ապացուցելու համար, որպես թույլատրելի ապացույց, կարող է հանդիսանալ ոչ միայն գրավոր, այլեւ բանավոր ապացույցը, օրինակ՝ վկայի ցուցմունքը: Նման իրավական դիրքորոշում է արտահայտել նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանը՝ թիվ ՍԴ/0111/02/13 քաղաքացիական գործով 26.12.2014թ. կայացրած որոշմամբ:

Օրենսդրական նման կարգավորումը հաճախ չարաշահումների տեղիք է տալիս եւ անորոշության պատճառ է հանդիսանում: Այսպես, դատական պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ գործատուն, պարտավոր չլինելով ունենալ աշխատողից բացատրություն պահանջած լինելու մասին գրավոր ապացույց, պնդում է, թե բացատրությունը պահանջել է բանավոր կերպով եւ, որպես նշված փաստը հիմնավորող ապացույց, վկայակոչում է վկա (ներ)ի ցուցմունքը: Վկայի կարգավիճակում, որպես կանոն, հանդես են գալիս գործատուի աշխատակիցները, ովքեր, աշխատանքային կախվածություն ունենալով գործատուից, երբեմն պատրաստ են լինում նաեւ տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք: Վկա(ներ)ի նման ցուցմունքին էլ հակադրվում է աշխատողի բացատրությունն այն մասին, որ գործատուն իրականում գրավոր բացատրության ներկայացնելու պահանջը չի ներկայացրել գրավոր: Քննարկվող կարգավորման անորոշությունն իրավունքների չարաշահման տեղիք կարող է տալ եւ կարող է հանգեցնել անարդար դատական ակտերի կայացմանը ու որպես հետեւանք՝ աշխատողների խախտված իրավունքների վերականգնման փաստացի անհնարինությանը: Այսպիսի դեպքերում, փաստորեն, խախտվում է անձի՝ լսված լինելու իրավունքը:

Նշված խնդիրներից խուսափելու համար առաջարկում ենք ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածում սահմանել գործատուի կողմից գրավոր կերպով աշխատողից բացատրություն պահանջելու պարտականությունը:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ