ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ  կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-744-26.03.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


 

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մ. Մելքումյանի  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է սննդի տեղական արտադրության որոշ ապրանքախմբերի (հաց, հացամթերք, կաթ, կաթնամթերք, միս, մսամթերք, ձու) հարկվող գործարքների համար ավելացված արժեքի հարկի դրույքաչափը սահմանել 15 տոկոս: Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի, «Ավելացված արժեքի հարկը անուղղակի հարկ է, որ սույն օրենքի համաձայն վճարվում (գանձվում) է պետական բյուջե` ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման բոլոր փուլերում:»: Այս առումով, Նախագծով հստակեցված չէ, թե արդյո՞ք առաջարկվող դրույքաչափը վերաբերում է տվյալ ապրանքատեսակների արտադրության եւ իրացման ամբողջ շղթային, թե՞ ոչ: Բացի այդ, Նախագծով առաջարկվող ապրանքների արտադրության գործընթացում օգտագործվում են ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա հումք եւ նյութեր, ինչի հետեւանքով Նախագծով հետապնդվող խնդիրը, այն է. «սոցիալական բնույթի մի շարք ապրանքների նկատմամբ պահանջարկի ընդլայնման անհրաժեշտությունը», չի կարող լուծվել: Միաժամանակ, Նախագծով առաջարկվող ապրանքների բնորոշումը որպես «սոցիալական բնույթի» խիստ վիճարկելի է, քանի որ դրանք ավելի շատ առաջին ահնրաժեշտության, քան սոցիալական բնույթի ապրանքներ են: Հետեւաբար, ապրանքախմբերի առաջարկվող ցանկը, մեր կարծիքով, լուրջ հիմնավորման կարիք ունի:
  
 

  
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական 
վարչության տնտեսական փորձաքննության 
բաժնի վարիչ`                                                                                            Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ  

17.04.2015թ.