Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մ. Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է սննդի տեղական արտադրության որոշ ապրանքախմբերի (հաց, հացամթերք, կաթ, կաթնամթերք, միս, մսամթերք, ձու) հարկվող գործարքների համար ավելացված արժեքի հարկի դրույքաչափը սահմանել 15 տոկոս: Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի, «Ավելացված արժեքի հարկը անուղղակի հարկ է, որ սույն օրենքի համաձայն վճարվում (գանձվում) է պետական բյուջե` ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման բոլոր փուլերում:»: Այս առումով, Նախագծով հստակեցված չէ, թե արդյո՞ք առաջարկվող դրույքաչափը վերաբերում է տվյալ ապրանքատեսակների արտադրության եւ իրացման ամբողջ շղթային, թե՞ ոչ: Բացի այդ, Նախագծով առաջարկվող ապրանքների արտադրության գործընթացում օգտագործվում են ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա հումք եւ նյութեր, ինչի հետեւանքով Նախագծով հետապնդվող խնդիրը, այն է. «սոցիալական բնույթի մի շարք ապրանքների նկատմամբ պահանջարկի ընդլայնման անհրաժեշտությունը», չի կարող լուծվել: Միաժամանակ, Նախագծով առաջարկվող ապրանքների բնորոշումը որպես «սոցիալական բնույթի» խիստ վիճարկելի է, քանի որ դրանք ավելի շատ առաջին ահնրաժեշտության, քան սոցիալական բնույթի ապրանքներ են: Հետեւաբար, ապրանքախմբերի առաջարկվող ցանկը, մեր կարծիքով, լուրջ հիմնավորման կարիք ունի:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի վարիչ` Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
17.04.2015թ.