National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
17.11.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

17 նոյեմբերի 2005

Ժամը 1200

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀՆԵՐ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԵՎ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Սկսում ենք մեր աշխատանքը։ Ստուգենք էլեկտրոնային համակարգը։ Ստուգում։ Չկա՞ն դժգոհություններ։ Չկան։ Գրանցում։ Գրանցվել է 74 պատգամավոր։ Քվորում ունենք, սկսում ենք աշխատանքը։ Այժմ քվեարկենք այն նախագծերը, որոնք երեկ քննարկվել են։

Քվեարկության է դրվում ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Սամվել Բալասանյանի ներկայացրած «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 68
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 63
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 1

Որոշումը չի ընդունվում։

Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 62
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 1

Որոշումը չի ընդունվում։ Ինչպես երեւում է, պահը պատեհ չէ քվեարկություններ անցկացնելու համար։ Քանի որ նախագծերի հեղինակները առաջարկել էին քվեարկությունն անցկացնել պատեհ պահի, ուրեմն, մենք հաջորդ քվեարկությունները կանենք ավելի պատեհ պահի։

Այժմ անցնենք հարցերի քննարկմանը։ Կառավարությունը ներկայացրել է «Առողջապահության մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցողն է առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը։

Ն.ԴԱՎԻԴՅԱՆ

-Մեծարգո նախագահողներ, հարգելի պատգամավորներ, առողջապահության համակարգում ընթացող բարեփոխումները եւ զարգացումները վկայում են այն մասին, որ առկա հիմնախնդիրների լուծումը եւ համակարգի շարունակական զարգացումը պահանջում են առողջապահության համակարգը կարգավորող օրենսդրության լուրջ վերանայում եւ կատարելագործում։ Բնակչության առողջության պահպանումը, հանդիսանալով պետական քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկը, պահանջում է առողջապահության համակարգի հստակ օրենսդրական դաշտ, որով կսահմանվեն համակարգի մասնակիցների իրավունքները եւ պարտականությունները առողջության պահպանման գործում, կապահովեն առողջապահությանն ուղղված ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը, կերաշխավորեն առողջության պահպանման եւ ամրապնդման մարդու իրավունքը։ Չնայած վերջին տարիների դրական միտումներին, «ՀՀ առողջապահության մասին» օրենսդրությունը դեռեւս կատարյալ չէ։ Սա պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ Հայաստանի անկախությունից ի վեր մենք չունենք մի օրենք, որը համապարփակ ձեւով անդրադառնա առողջապահության բնագավառում իրավական հարաբերություններին։

ՀՀ օրենսդրությամբ ներկայումս կարգավորված չէ պետական մարմինների, բուժ հաստատությունների եւ քաղաքացիների փոխհարաբերությունները, թերի են սահմանված դրանց իրավունքները եւ պարտականությունները։ Բարեբախտաբար, Հայաստանի անկախությունից հետո մինչ օրս առողջապահական համակարգի մասնակիցները պահպանում են եւ լայնորեն կիրառում են ավանդաբար սովորույթ դարձած մասնագիտական եւ էթիկական նորմերը։ Ներկայումս, կապված սեփականության բազմաձեւության հետ, տեղի են ունենում գործընթացներ, որոնք նոր պայմաններ են առաջադրում համակարգի բնականոն գործունեության կանոնակարգմանը։ Այսօր առողջապահության բնագավառը կարգավորող հիմնական իրավական ակտերն են «Բնակչության բժշկության օգնության եւ սպասարկման մասին» եւ «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» ՀՀ օրենքները։ Չնայած այն բանին, որ նշված օրենքները ծառայում են իրենց նպատակին, ստեղծելով որոշակի իրավական բազա անցումային ժամանակաշրջանում, այնուամենայնիվ, այդ օրենքներից ոչ մեկը համակարգված կերպով չի անդրադառնում առողջապահության խնդիրներին եւ չի սահմանում պետական քաղաքականության խնդիրները, սկզբունքները եւ նպատակները բնակչության առողջության պահպանման գործում։ Գործող օրենսդրությունը չի սահմանում առողջապահության, իբրեւ համակարգի, կազմակերպման, կառուցվածքային եւ գործունեության իրավական հիմքերը, առողջապահության ֆինանսավորման մեխանիզմները պետական մարմինների, համայնքների, հասարակական կազմակերպությունների դերը համակարգի գործունեության եւ կառավարման գործում։

Առողջպահության բնագավառը կարգավորող օրենքների ընդունումից հետո ուժի մեջ մտած նոր օրենքները առաջացրել են հակասություններ եւ անհամապատասխանություններ օրենսդրական դաշտում, ինչը խոչընդոտ է հանդիսանում առողջապահության համակարգի բնականոն գործունեության եւ հետագա զարգացման համար։ «Առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագիծը կոչված է լրացնել առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրության բացերը եւ հիմք հանդիսանալ բնակչության առողջության պահպանմանն ուղղված հետագա բարեփոխումների իրականացումը։

Նախագիծը բաղկացած է 11 գլխից, ներառելով 62 հոդված։ Այդ գլուխներում ամրագրվել են պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, առողջապահության բնագավառում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, համակարգի ֆինանսական հիմքերը եւ համակարգի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները։

1-ին գլուխը ներառում է 6 հոդված, ամրագրում է նախագծի ընդհանուր դրույթները։ Օրենքի նախագծում առաջին անգամ ամրագրվում են պետական քաղաքականության խնդիրները, նպատակները եւ սկզբունքները առողջապահության բնագավառում։ Որպես պետական քաղաքականության հիմնական նպատակներ նախագծում սահմանվում են բնակչության առողջության պահպանումը եւ ամրապնդումը, առողջության պահպանման իրավունքի իրականացումը առանց խտրականության, առողջության կորստի դեպքում սոցիալական պաշտպանվածությունը, բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիության բարձրացումը եւ այլն։ Օրենքի նախագիծը ամրագրում է այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է իրականացվեն պետական քաղաքականության նշված նպատակները։ Այդ սկզբունքներն են, մասնավորապես, բնակչության առողջությունը որպես հասարակության զարգացման եւ ազգային անվտանգության գործոն ճանաչելը, պետական քաղաքականության սոցիալական ուղղվածությունը, բնակչության խոցելի խմբերի առողջության խնդիրների գերապատվությունը եւ այլն։

Նախագծի 2-րդ գլուխը նվիրված է առողջապահության բնագավառում պետական կառավարմանը։ Բաղկացած է 5 հոդվածից։ Օրենքի նախագծի կարեւորագույն խնդիրներից մեկն է առողջապահության համակարգի կառավարելիության եւ պետության կարգավորիչ դերի բարձրացումը։ Անցումային ժամանակաշրջանում, երբ առողջապահության համակարգում սկսվեց ներդրվել ապակենտրոնացումը եւ շուկայական հարաբերությունը, վտանգավոր միտումներ նկատվեցին՝ կապված մատուցվող բուժծառայությունների որակի եւ մատչելիության անկման, քաղաքացիների եւ բժիշկների իրավունքների սահմանափակման, ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ օգտագործման հետ։

Օրենքի նախագիծը, հստակեցնելով կառավարության, առողջապահության նախարարության, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ստեղծում է այնպիսի իրավական մեխանիզմներ, որոնք կբարձրացնեն համակարգի կառավարելիությունը եւ կերաշխավորեն դրա արդյունավետությունը, բուժծառայությունների որակը եւ մատչելիությունը։

Միաժամանակ նախագիծը հնաարվորություն է ընձեռում համակարգի շահագրգիռ կողմերի, բժշկական ասոցիացիաների, բուժաշխատողների, բուժհաստատությունների, հասարակական կազմակերպությունների եւ այլոց մասնակցությունը առողջապահության բնագավառում որոշումների կայացմանը եւ որակի կառավարմանը։

Սույն գլուխը կարգավորում է նաեւ առողջապահական տեղեկատվական համակարգի վարման խնդիրները, տվյալների աղբյուրների եւ լիազոր մարմնի կողմից վարչատար ռեգիստրի վարման իրավական հիմքերը որպես բնակչության առողջության ցուցանիշների եւ համակարգի գործունեության գնահատման, քաղաքականության մշակման եւ համակարգի կառավարման միջոց։

3-րդ գլուխը ներառում է երեք հոդված եւ նվիրված է առողջապահության բնագավառում գործունեության տեսակների լիցենզավորմանը եւ դրա առանձնահատկություններին։ Ներկայումս առողջապահության համակարգում առանձնահատուկ խնդիրներ կան լիցենզավորման հետ կապված։ Սույն նախագծով առաջարկվում են դրույթներ, որով լիցենզիայի կասեցման ու դադարեցման հիմքերը կապված կլինեն ոչ միայն մարդու առողջությանը հասցված վնասի կամ դրա սպառնալիքի հետ, այլեւ լիցենզավորման պայմանների խախտման հետ։ Միեւնույն ժամանակ առաջարկվում է նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու համար սահմանել փորձաքննություն գործունեության վայրում եւ հաշվետվությունների ներկայացման պահանջներ։ Հետեւաբար, այն խնդիրները, որոնք կարգավորված չեն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով եւ առանձնահատուկ են առողջապահության բնագավառի համար, նախատեսվում է կարգավորել սույն օրենքով։

Նախագծի 4-րդ գլուխը ներառում է 6 հոդված։ Առանձին ուշադրություն է դարձվել առողջապահության ֆինանսավորմանը։ Օրենքի նախագիծը նպատակ ունի ապահովել առողջապահության ֆինանսավորման աղբյուրների բազմազանությունը, պետական ֆինանսավորման պաշտպանվածությունը ու շարունակական աճը։ Օրենքի նախագծով ամրագրվում է պետական բյուջեի միջոցների հաշվին բուժհաստատությունների պայմանագրային ֆինանսավորման եւ այդ միջոցների օգտագործման արդյունավետության գնահատման կարգավորումը։ Քանի որ տարբեր շրջանակներում հարցեր են առաջանում բժշկական ապահովագրության վերաբերյալ, կցանկանայի որոշ պարզաբանումներ տալ։ Առողջապահության այսօրվա գործող բյուջետային ֆինանսավորումը պետական ապահովագրության մի տեսակ է, որով պետությունը երաշխավորում է որոշ սոցիալական խմբերի եւ հիվանդությունների տառապողների անվճար բժշկական օգնություն։

Ինչ վերաբերում է կանոնավոր ապահովագրությանը, ապա գործող «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքը որոշակիորեն կարգավորում է նաեւ այս դաշտը։ Այսինքն՝ կամավոր ապահովագրության զարգացման համար այսօր օրենսդրական խոչընդոտներ չկան։

Ինչ վերաբերում է պարտադիր բժշկական ապահովագրությանը, ապա այն հնարավոր է ներդնել առանձին օրենքով եւ հետագա զարգացման փուլում։ Այս ուղղությամբ մենք շարունակելու ենք ուսումնասիրությունները եւ աշխատանքները։

5-րդ գլուխը պարունակում է 4 հոդված, որոնք սահմանում են առողջապահության բնագավառի գործունեության տեսակները, բժշկական օգնություն եւ սպասարկում, սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում, դեղագործական, կրթական, գիտական եւ գիտատեխնիկական։ Նախագիծը չի անդրադառնում յուրաքանչյուր գործունեության տեսակի իրավական կարգավորմանը, փոխարենը հղումներ է տալիս համապատասխան օրենքներին, որոնք կարգավորում են այդ գործունեությունը։

Օրենքի նախագիծը անդրադառնում է բժշկական օգնության եւ սպասարկման տեսակներին՝ առաջնային եւ մասնագիտացված, սահմանում է դրանց հիմնական սկզբունքները եւ նկարագիրը։ Սահմանված են նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման ձեւերն ու դրանց առանձնահատկությունները։

6-րդ գլուխը 4 հոդվածներով անդրադառնում է բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական կրթությանը։ Այն համահունչ է «Կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներին։ Սակայն կարգավորում է նաեւ բժշկական կրթության առանձնահատկությունները։ Բժշկական բարձրագույն կրթությունը նախատեսվում է իրականացնել հետեւյալ փուլերով։

1-ին փուլ՝ բազային բժշկական, ատամնաբուժական եւ դեղագիտական կրթություն, որի ավարտին շրջանավարտին կտրվի բժշկի, ատամնաբույժի եւ դեղագետի որակավորում։ Օրենսդրությամբ կկարգավորվի վերոհիշյալ որակավորումն ունեցողների գործառույթները։

Բարձրագույն կրթության 2-րդ փուլը մասնագիտացված փուլն է, որի ավարտից հետո կտրվի բժիշկ-մասնագետի, ատամնաբույժ-մասնագետի եւ դեղագետ-մասնագետի որակավորում եւ տվյալ գործունեությամբ զբաղվելու թույլտվություն՝ լիցենզիա։ Մասնագիտացման փուլից հետո յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ մասնագետները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով կանցնեն որակավորում եւ կշարունակեն մասնագիտական գործունեությունը։ Նախատեսվում է, որ որակավորման կարգով կներդրվի կրեդիտային համակարգ, որի համաձայն 5 տարվա ընթացքում մասնագետները պետք է հավաքեն համապատասխան կրեդիտների մակարդակ եւ առանց քննության պաշտպանեն իրենց որակավորումը։ ՀՀ կառավարությունը կհաստատի բարձրագույն կրթության ծրագրերը, կսահմանի մասնագիտությունների ցանկը եւ, ըստ մասնագիտությունների, ուսման տեւողությունը։ Բժշկական բարձրագույն եւ միջին մասնագիտական ծրագրերի իրականացման նկատմամբ անհրաժեշտ չափորոշիչների սահմանումը եւ դրանց շարունակական դիտարկումը խիստ կարեւոր է բարձրորակ մասնագետներ պատրաստելու եւ նրանց մասնագիտական բարձր գիտելիքներով ու հմտություններով ապահովելու համար։ Այս ոլորտում մենք կարեւորում ենք սերտ համագործակցությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ։ Ներկայացված օրենքի նախագծի 6-րդ գլուխը մշակվել է կրթության պատասխանատուների հետ համատեղ։

7-րդ գլուխը ներառում է 10 հոդված, անդրադառնում է բժշկական օգնության եւ սպասարկման իրականացնողներին։ Նախագիծը սահմանում է բժշկական հաստատությունների եւ բուժաշխատողների իրավունքները եւ պարտականությունները՝ կապված մասնագիտական գործունեության հետ։ Ընդհանուր առմամբ, նախագիծը հիմնված է այն գաղափարախոսության վրա, որ բժշկական հաստատությունները իրենց իրավունքներն ու պարտականությունները իրագործելիս գտնվում են միեւնույն իրավական դաշտում՝ անկախ սեփականության ձեւից ու գերատեսչական պատկանելիությունից՝ լիցենազավորում, պետական նպատակային ծրագրերի իրականացում, բուժօգնության որակի վերահսկում, հաշվետու լինելու հանգամանք եւ այլն։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձված բուժաշխատողների շահերին ներկայացվող ոչ կառավարական կազմակերպություններին՝ բժշկական ասոցիացիաների դերի բարձրացման, բժշկական էթիկայի կանոնների մշակմանը, այդ կանոններին առնչվող հարցերի լուծմանը, բժշկական օգնության եւ սպասարկման որակի չափորոշիչների մշակմանը, մասնագիտական որակավորմանը, լիցենզավորմանը, առողջապահության բնագավառում կրթական ծրագրերի մշակմանը։

8-րդ գլխում ներառվում է 15 հոդված՝ օրենքի նախագծի առանցքային դրույթներից մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի արտացոլումը։ Առողջապահության բնագավառում մարդու իրավունքների վերաբերյալ դրույթների հիմքում ընկած են ներկայումս գործող «Բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները։ Սույն նախագծով դրանք բարելավված են՝ հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանվածության միջազգային սկզբունքները եւ ժամանակակից միջազգային փորձը։ Առաջին անգամ օրենսդրորեն ամրագրվում է առողջության պահպանման գործում քաղաքացու, պացիենտի պարտականությունները, սահմանված դրույթները։ Մասնավորապես, օրենքի նախագիծը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգատար վերաբերվել իր եւ շրջապատի անձանց առողջությանը, բժշկական օգնության եւ սպասարկման դիմելիս բժշկին տրամադրել ճիշտ տեղեկություններ իր առողջական վիճակի եւ ապրելակերպի վերաբերյալ։ անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերել, բժշկի պահանջով ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն եւ այլ պարտավորություններ։

9-րդ գլխում 5 հոդվածներով օրենքի նախագիծը սահմանում է բժշկական փորձաքննություն, տեսակները եւ դրանց առանձնահատկությունները։

Նախագծի 10-րդ եւ 11-րդ գլուխները մեկական հոդվածներով սահմանում են համապատասխանաբար պատասխանատվություն օրենքը խախտելու համար եւ եզրափակիչ դրույթներ։

Օրենքի նախագիծը նպատակ չունի կարգավորել բնակչության առողջության պահպանման հետ կապված բոլոր հարաբերությունները։ Նախատեսվում է, որ բժշկական առանձին միջամտությունների տեսակների տրամադրմամբ բնակչության առանձին խմբերի առողջության պահպանման, սանիտարահամաճարակային անվտանգության, դեղերի շրջանառության եւ այլ խնդիրների հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն այլ օրենքներով կամ համապատասխան իրավական ակտերով։ Սակայն «Առողջապահության մասին» օրենքը կհանդիսանա առողջապահության մասին կենտրոնական իրավական փաստաթուղթը, որը կկարգավորի առողջապահության համակարգի գործունեությունը եւ դրա հետ կապված իրավական հարաբերությունները։

Սույն նախագծի ընդունմամբ ուժը կորցնելու է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքը։ «Առողջապահության մասին» ՀՀ օրենքից բխում են մի շարք ենթաօրենսդրական եւ իրավական ակտեր, որոնք կապահովեն օրենքի կիրառական ամբողջականությունը։ Այս օրենքի ընդունումը դիտվում է որպես Հայաստանում իրականացվող աղքատության նվազեցման եւ հակակոռուպցիոն ծրագրերի բաղկացուցիչ մաս եւ հանդիսանում է առողջապահության նախարարության ընթացիկ գործունեության առաջնային խնդիր։

Հարկ եմ համարում նշել, որ օրենքի նախագծի մշակման եւ քննարկման ընթացքում տեղի են ունեցել ներգերատեսչական բազմաթիվ քննարկումներ։ Նախագիծը ենթարկվել է փորձագիտական քննության նաեւ տարբեր տեղական եւ միջազգային կազմակերպությունների փորձագետների կողմից։ Հաշվի են առնվել նաեւ առողջապահության համաշխարհային կազմակերպության, Համաշխարհային բանկի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության դիտողությունները եւ առաջարկությունները։

Օրենքի նախագծի հիմնական դրույթները հավանության են արժանացել վերոհիշյալ կազմակերպությունների կողմից։ Նախագիծը համակողմանիորեն քննարկվել է հանրապետության առողջապահության մասնագետների շրջանում, առողջապահության ազգային ինստիտուտում, Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում։ Նախագիծը ընդլայնված նիստերով երկու անգամ քննարկվել է ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում, կազմակերպվել են լսումներ ԱԺ նախագահին կից առողջապահության փորձագետների հանձնաժողովում, որոնց մասնակցել են առողջապահության տարբեր բնագավառների ներկայացուցիչները։ Քննարկումների արդյունքում արված դիտողություններն ու առաջարկությունները մանրամասն ուսումնասիրվել են, հիմնականում հաշվի են առնվել եւ նախագիծը վերախմբագրվել է դրանց օպտիմալ լուծումներով։

Ահա այն, ինչ կուզեի հակիրճ ներկայացնել ձեր ուշադրությանը։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն նախարար։ Քննարկում ենք «Առողջապահության մասին» օրենքը եւ դրան կից փոփոխությունների փաթեթը, որ, կարծում եմ, կարեւորագույն օրենքներից մեկն է մեր հասարակության համար իր սոցիալական եւ քաղաքական հնչեղության իմաստով։ Հիմա խնդրում եմ պրն Դավիդյանին հարցերով դիմելու համար հերթագրվել։ Հերթագրում։ Հերթագրվել է երեք պատգամավոր՝ Արարատ Մալխասյան, Սամվել Շահգալդյան եւ Հմայակ Հովհաննիսյան։ Խնդրեմ, պրն Մալխասյան, ձեր հարցը։

Ա.ՄԱԼԽԱՍՅԱՆ

- Շնորհակալություն, պրն նախարար, հարցը մանրակրկիտ եւ հիմնավորված ներկայացնելու համար։ Իմ հարցը վերաբերում է տերմինալոգիային։ Համաձայնեցվա՞ծ է լեզվի պետական տեսչության հետ որոշ տերմիններ։ Մասնավորապես, «պացիենտ» բառը համաձայնեցվա՞ծ է, թե՝ ոչ։

Ն.ԴԱՎԻԴՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար։ Չեմ ուզում խաբել։ Մենք տեսչության հետ համաձայնություն չենք տվել այդ բառը օգտագործելու։ Այնտեղ մենք խնդիրներ ունենք նաեւ ատամնաբույժի հարցի վերաբերյալ։ Ես ձեզ խոստանում եմ, որ անպայման մենք այդ հարցը տեսչության հետ կպարզենք։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Դուք բավարարված եք։ Հաջորդ հարցի համար ձայնը տրվում է պատգամավոր Սամվել Շահգալդյանին։

Ս.ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

-Շնորհակալություն։ Քանի որ նույն հարցն էի տալու, հարցը հանվում է։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Ի՞նչ եղավ ձեր հարցը։ Հանեցիք։ Հաջորդ հարցը՝ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյան։

Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Ես զարմանում եմ, որ այսքան քիչ հարցեր կան եւ հետաքրքրություն այն օրենքի նկատմամբ, որը, իսկապես, շոշափում է մեր ազգաբնակչության յուրաքանչյուրի կենսական շահերը, որովհետեւ յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում պարտադիր կերպով ստիպված է դիմել բուժօգնության։ Եվ երկու բնագավառ կա՝ կրթություն եւ առողջապահություն, որոնք, իսկապես, առավելագույն մեծ նշանակություն ունեն քաղաքացիների համար, քանզի յուրաքանչյուրը իր կյանքի ընթացքում այդ բնագավառների պատասխանատուների հետ առնչվում է։ Այս առումով ես ուզում եմ մեկ հարց տալ։ Դուք ներկայացրեցիք այս կարեւոր օրենքը։ Ամեն ինչ գեղեցիկ է հնչում ամբիոնից եւ թղթի վրա էլ շատ գեղեցիկ է գրված, բայց իրականում մենք մեր առօրյայում անընդհատ հանդիպում ենք այնպիսի իրավիճակների, երբ պետության կարգավորիչ դերը, պետության պատասխանատվությունը ազգաբնակչության առողջության համար չի ամրապնդվում համապատասխան լծակներով, որոնք պետք է ապահովեն, որպեսզի մասնավոր բուժօգնության հաստատություններում ապահովվի ազգաբնակչության բուժօգնության սպասարկման համապատասխան որակը։ Այս օրենքով ձեր նախարարությունը ստանու՞մ է լրացուցիչ հնարավորություններ, լրացուցիչ իրավասություն, միջոցներ վերահսկելու բնակչությանը մատուցվող բուժօգնության որակը, որպեսզի վաղը մյուս օրը մենք էլ հնարավորություն ունենանք ձեզանից պահանջելու, հնարավորություն ունենանք ձեր պատասխանատվությունը հաշվի առնելու, հասցեագրելու ազգաբնակչության մտահոգությունները, ակնկալիքները, դժգոհությունները ինչու՞ ոչ ձեզ, որովհետեւ մասնավորեցվեցին մեր ժողովրդին հայտնի եւ չափազանց կարեւոր բուժհիմնարկություններ, հիվանդանոցներ, սակայն այսօր ամեն քայլափոխի վրա ազգաբնակչությունը հանդիպում է այն իրավիճակին, երբ կարծես թե հնարավոր չի տերերին պարտադրել համապատասխան որակի բուժօգնություն մատուցել ազգաբնակչությանը այն վճարի դիմաց, որ իրենք ստանում են։

Դուք պատասխանեք իմ հարցին, ես կշարունակեմ։

Ն.ԴԱՎԻԴՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար։ Հարցը նրանում է, որ մենք փորձում ենք ամեն ինչ անել, համենայն դեպս, այն բացերը, որ կային, այս օրենքով կարգավորենք։

Ինչ վերաբերում է որակին, ապա ստանդարտների վրա առողջապահության նախարարությունը աշխատում է երկար ժամանակ։ Օրենքը հնարավորություն կտա դա ներդնելու, բայց ես ասում եմ, որ առանց օրենքի ներդրմանը մենք արդեն ներդրել ենք մի շարք ստանդարտներ, որոնք վերաբերում են ինֆեկցիոն հիվանդություններին, նարկալոգիայի բուժվող հիվանդներին։ Այդ ստանդարտներով մենք կարողանանք լուրջ վերահսկել որակը, որի համար առողջապահության նախարարությունը պարտականություն պետք է կրի։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Պարզաբանման համար՝ Հմայակ Հովհաննիսյան։

Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Իհարկե, լավ է, որ ինֆեկցիոն հիվանդությունների եւ նարկոլոգիայի համար, բայց, ցավոք սրտի, հիվանդությունների թիվը շատ ավելի մեծ է եւ մարդիկ, բնականաբար, պետք է համոզված լինեն, որ համաժողովրդական սեփականություն հանդիսացող հիվանդանոցներում, որոնք կառուցվել են մեր ազգաբնակչության վաստակով, պետության կարգավորիչ դերը կլինի այնպիսին, ինչպիսին պետք է լինի՝ զգալ, եւ պետությունը երաշխավորի, որպեսզի ազգաբնակչությանը համապատասխան որակ օգնություն ցուցաբերվի։ Օրինակ, Ռուսաստանում 4-րդ բաժանմունքը պահպանվեց։ Այդ բաժանմունքը այստեղ եւս կա, որը սպասարկում էր հանրապետական նշանակության թոշակառուներին, վաստակաշատ մարդկանց։ Հիմա մասնավորեցվել է եւ բուժօգնության մակարդակը չափազանց ցածր է։ Մարդիկ բողոքում են։

Ն.ԴԱՎԻԴՅԱՆ

-Օրենքն ընդունելուց հետո մենք այդ հարցերի լուծումը մենք կստանանք, բայց, համենայն դեպս, ուզում եմ ասել, որ մեր համար բացարձակապես նշանակություն չունի դա սեփական հիվանդանոց է, թե՝ պետական։ Նա պարտավոր է օրենքի շրջանակներում կատարել իր պարտականությունները օրենքի հանդեպ։

Ինչ վերաբերում է նրան, որ ասում եք, թե լեչկամիսիա է եղել, թե չի եղել, ես հիշում եմ, թե ինչպես է այն փակվել։ Դուք պետք է հիշեք, որ ՀՀՇ-ի ժամանակ այն փակվեց, որովհետեւ համարում էին, որ արտոնություն ենք տալիս ինչ-որ մեկին, դա դեմոկրատիային հակասող բան է։ Հիմա այդ բաները վերականգնվում են, վերականգնվում է սպասարկումը։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հարցերն ավարտվեցին։ Շնորհակալություն, պրն նախարար, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Մենք անցնում ենք հարակից զեկույցին, որը կներկայացնի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը։

Գ.ՄԽԵՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, մենք գիտենք, որ յուրաքանչյուր պետության համար բնակչության առողջության պահպանումը հանդիսանում է երկրի ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրամասը եւ հիմնական սոցիալական խնդիրներից մեկը։ Բնութագրելով ՀՀ ներկայիս առողջապահական համակարգը կարող ենք ասել, որ վերջին տարիների ընթացքում առողջապահության բնագավառում կուտակվել են շատ հիմնախնդիրներ։ Որպեսզի առողջապահության ոլորտի գործունեության բարելավումը տեսանելի լինի, շատ կարեւոր է պահպանել բնակչության առողջության պահպանման բարելավման հետեւյալ արժեքները։ Դրանք են՝ բուժօգնության տրամադրման հավասարության, բուժօգնության որակի ապահովում, առողջապահության պահպանության գործում կառավարության եւ անհատների նոր դերի սահմանում, այդ գործընթացում պատասխանատվությունների տարանջատում, ստվերային գործունեության վերացում, ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործում եւ այլն։

Առողջապահության ոլորտի զարգացման ապահովման նպատակով կարեւորագույն հիմնախնդիր է դիտվում նաեւ բնագավառի օրենսդրական դաշտի բարելավումը։ Մենք գիտենք, որ 1996թ. ընդունվել եւ այժմ գործում է «Բնակչության բժշկական օգնության սպասարկման մասին» ՀՀ օրենքն է, որը, մեր կարծիքով եւ համապատասխան շատ մասնագետների կարծիքով, այսօր չի բավարարում առողջապահության արդի պահանջներին եւ առկա խնդիրների լուծումն ու համակարգի շարունակական զարգացումը պահանջում է այս համակարգի եւ դրա գործունեության կարգավորող օրենսդրության վերանայում, ինչը այսօր մենք իրականացնում ենք։

Գործող օրենքը մի քանի դրույթներ էր սահմանում։ Դրանք էին՝ բժշկության հիմնական տեսակները, բժշկական օգնություն ստանալու մարդկանց իրավունքները, բժշկական փորձաքննությունը, բժշկական օգնության կազմակերպման ձեւերը եւ մի շարք այլ խնդիրներ։ Կուզեի ընդգծել, որ օրենքն, ըստ իս, այդ ժամանակ, երեւի, այդ պահանջներին էր բավարարում, եւ այդ պատճառով այսօր շատ հարցեր, որ նայում ենք, շատ դրույթներ, հոդվածներ չեն ամրագրվել։ Մասնավորապես, օրենքում պարզաբանված չէին առողջապահության բնագավառում պետական քաղաքականությունը, տարբեր մակարդակների միջեւ փոխհարաբերությունները, բժշկական փորձաքննությունների նկարագիրը եւ այլն։ Այսօր դրանք լրացնելու եւ համալիր օրենք ունենալու, որ կդառնա այն իրավական ակտը, որը կապահովի այս համակարգը, ձեր քննարկման է ներկայացված «Առողջապահության մասին» օրենքը։

Հարգելի գործընկերներ, նախարարը համառոտակի նշեց, ես մեկ անգամ եւս չէի ուզի անդրադառնալ այդ գլուխներին եւ հոդվածներին, բայց միեւնույն ժամանակ կուզեի նաեւ ներկայացնել այն հոդվածները եւ գլուխները, որոնք գործող օրենքում ամրագրված չեն եղել եւ այս օրենքում, բնականաբար, փորձել ենք ներառել, որպեսզի մեր առողջապահության համակարգը էլ ավելի զարգանա։ Առողջապահության բնագավառում պետական կառավարման վերաբերյալ գլուխը, առողջապահության բնագավառում գործունեության տեսակների լիցենզավորման մասին է խոսքը։ Այստեղ ես կուզենայի ասել, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում իրականացվում է բժիշկների եւ միջին բուժաշխատողների լիցենզավորում, որը Հայաստանում արդեն չի իրականացվում դեռեւս 2001թ։ Համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի, այն դադարեցվել էր։ Հետեւաբար, այս խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում՝ սահմանելով բուժաշխատողների լիցենզավորումը։ Այս կապակցությամբ փոփոխություն է առաջարկվել նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում։

Նոր հոդված է նաեւ բժշկական ատամնաբուժական եւ դեղագործական կրթությունը։ Կարծում եմ, այստեղ մտորելու խնդիր կա։ Մասնագետները ինչպե՞ս են նայում, երեւի ատամնաբուժական, դեղագիտական եւ դեղագործական գործունեություն ավելի ճիշտ կլինի ներառել, որտեղ ամրագրվում են բժշկական ատամնաբուժական, դեղագործական, բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտության ծրագրի իրականացման ժամկետները, ծրագրերի իրականացման նպատակները, դրանց իրավունք ունեցող հաստատությունները եւ այլն։

Ես կուզեի ձեզ ներկայացնել նաեւ այն գլուխները, որտեղ գործող օրենքում ներկայացված եղել են, բայց շատ թռուցիկ եւ ընդհանուր են եղել եւ մանրամասնվել է։ Դրանք են առողջապահության բնագավառում գործունեությունը։ Այս գլխում սահմանվում է գործունեության տեսակները, այդ թվում՝ առաջնային եւ մասնագիտացված բուժօգնությունը։ Այսինքն՝ առաջնայինը գիտեք, որ պոլիկլինիկաներն են, ամբուլատոր պոլիկլինիկաներն են, ծառայություններն են։ Մասնագիտացվածները դրանք հիվանդանոցներն են, եւ արտահիվանդանոցային կազմակերպման տեսակները։

Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներ գլուխը նպատակ ունի կարգավորելու բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները։

Մարդու իրավունքներն ու պարտավորությունները առողջապահության բնագավառում ամրագրվում է մարդու իրավունքները, որոնցից կարող եմ նշել մի քանիսը՝ մարդու առողջության պահպանման իրավունքը, բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքը, առողջության վրա ազդող գործոնների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքը, առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու իրավունքը եւ այլն։

Բժշկական փորձաքննություն գլուխն անդրադառնում է ժամանակավոր անաշխատունակության, բժշկասոցիալական, ռազմաբժշկական, դատաբժշկական փորձաքննությունների, ախտաբանական հերձումների խնդիրներին, նշում դրանց իրականացման իրավական ակտերը։

Հարգելի գործընկերներ, կուզեի նշել, որ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովը կառավարության ներկայացուցչի եւ մեր համապատասխան մասնագետների հետ բազմաթիվ անգամ քննարկել, ուսումնասիրել եւ ներկայացրել է նախագիծ «Առավոտ» թերթում, հանդիպումներ են եղել հասարակական շատ կազմակերպությունների մասնագետների հետ, առողջապահական կազմակերպությունների հետ։ Այստեղ ուզում ենք նշել նաեւ մի քանի հոդվածներ, որոնք առաջարկվել են եւ նախագծում լրացուցիչ ներառվել են եւ ներկայացվել է լրամշակված տարբերակը։

Ինչպես նշեց պրն Դավիդյանը, սա քննարկվել է նաեւ ԱԺ նախագահին կից առողջապահության խորհրդում։ Իրենց առաջարկություններով հանդես են եկել հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիթորինգի հանձնաժողովը, «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ, մեծ Բրիտանիայի «Օքսվալ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը, առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտը, մի շարք այլ հասարակական կազմակերպություններ։

Հարգելի գործընկերներ, ձեզ ներկայացված օրենքի նախագիծը բավականին կարգավորում է առողջապահության ոլորտում հարաբերությունները։ Սակայն մեր հանձնաժողովի կողմից արդեն կառավարությանը ներկայացված մի շարք հայեցակարգային առաջարկություններ հաշվի առնելով, նորից եմ կրկնում, ձեզ ներկայացվել է լրամշակված տարբերակը։

Ես կուզեի ձեզ ներկայացնել այն առաջարկությունները, որոնք տեղ են գտել այս օրենքի նախագծում։ Նախագծում բացակայում էին տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները եւ տարածքային կառավարման մարմինների լիազորությունները այս բնագավառում։ Դուք գիտեք, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքը չէր բացառում, որ այլ օրենքներում այս ոլորտին վերաբերող նաեւ լինեն դրույթներ, հոդվածներ։

Մյուսը՝ օրենքի նախագծում բացակայում էր բժշկական հասարակական կազմակերպությունների մասին որեւէ հոդված, որտեղ սահմանված է նրանց իրավունքները, որակի չափանիշների մշակմանը նրանց մասնակցությունը կամ լիցենզավորման պայմանների մշակմանը եւ բժշկական կրթական ծրագրերի մշակմանը մասնակցությունը եւ այլն։ Այս երկու առաջարկությունների հիման վրա ավելացել են նաեւ հոդվածներ։ Օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինների մասին լիազորություններում մենք նաեւ առաջարկել էինք, որ գյուղական վայրերում գյուղական բժշկության, մասնագետների աշխատանքը խթանելու, մեր մասնագետներին գյուղական վայրեր ավելի շատ ներգրավելու համար, որովհետեւ գիտենք, որ այսօր գյուղական վայրերում մենք դրա կարիքը ունենք, մենք առաջարկել էինք, որ գյուղական վայրերում համայնքները, որոնց ենթակայության տակ գտնվում են այդ բուժհիմնարկները, հնարավորինս օգնեն, նրանց աջակցեն կոմունալ բնակարանային պայմանների բարելավմանը։ Այստեղ համայնքներն ունեն պարտադիր լիազորություններ եւ ունեն կամավոր լիազորություններ։ Նախագծում գրված է կամավոր լիազորությունների ցանկում, բայց կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի, որպեսզի մենք խթանենք նրանց մասնագետներին, որ նրանք գյուղական վայրերում բժշկությունը զարգացնեն եւ սպասարկումը էլ ավելի բարելավվի։ Երեւի թե ավելի ճիշտ կլինի, որ դա կամավոր լինի։ Այսինքն՝ պարտադիր ցանկում լինի, որպեսզի մեր համայնքները էլ ավելի ուշադրության կենտրոնում պահեն։

Մենք առաջարկություն ենք արել նաեւ սահմանված բժշկական սարքավորումների գրանցման համակարգը եւ համապատասխան փոփոխություն է կատարվել։ Ի՞նչ էր դա նշանակում, որովհետեւ տարբեր երկրներից եւ հանրապետություններից ներկրվում են սարքավորումներ։ Լավ կլինի, որ դրանք մոնիթորինգի ենթարկվեն եւ մենք իմանայինք, թե մեր հանրապետությունում բուժհաստատությունները սարքավորումների ինչպիսի՞ պակաս ունեն, արդյոք ներկրվող սարքավորումները փորձաքննության ենթարկվե՞լ են, թե՝ ոչ։

Այս էր, որ ուզում էի ձեզ առաջարկել, որովհետեւ, նորից եմ կրկնում, պրն նախարարը հանգամանալից ներկայացրեց ամբողջ օրենքի նախագիծը։ Կարծում եմ, որ սա էլ լրամշակման կարիք ունի եւ, եթե ԱԺ-ի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունվի եւ եթե լինեն առաջարկություններ, ապա կարծում եմ, որ հանձնաժողովը եւս պատրաստ է քննարկել կառավարության հետ միասին, որպեսզի մենք ունենանք նույնպիսի մի օրենք, որը մեր առողջապահության համակարգը կզարգացնի եւ մեր ժողովրդի վիճակը այս ոլորտում կբարելավվի։ Շնորհակալություն ուշադրության համար։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մխեյան։ Պրն Մխեյանին հարցերով դիմելու համար՝ հերթագրում։ Հարցեր չկան, պրն Մխեյան։ Դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Մենք անցնում ենք մտքերի փոխանակությանը եւ պատգամավորները կարող են ելույթ ունենալու համար հերթագրվել։ Հերթագրում։ Հերթագրվել է 3 պատգամավոր՝ Ոստանիկ Մարուխյան, Արմեն Աշոտյան եւ Հմայակ Հովհաննիսյան։ Խնդրեմ, պրն Մարուխյան, ամբիոնի մոտ։

Ո.ՄԱՐՈՒԽՅԱՆ

-Հարգելի նախագահող, հարգելի գործընկրներ, իրոք, առողջապահության համակարգում ներկայումս ընթացող բարեփոխումների միանշանակ պահանջն է օրենսդրական կարգավորում իրականացնել այն բացերը լրացնելու համար, որը պետք է էապես բարելավի համակարգի կառավարելիությունը եւ բարձրացնի պետության կարգավորիչ դերը։ Եվ այս առումով պետք է հստակորեն ընդգծեմ, որ «Առողջապահության մասին» օրենքի ներկայացվող նախագիծը վիճարկման ենթակա չէ։ Միեւնույն ժամանակ, ըստ իս, նախագիծը փորձում է հնարավորինս հստակեցնել կառավարության՝ պետական կառավարման լիազոր մարմնի, տեղական եւ ինքնակառավարման մարմինների լիազորությունները, եւ այդ առումով առաջարկում է ամրագրել այնպիսի դրույթներ, որոնց կիրառման արդյունքում, ի վերջո, աճելու է համակարգի արդյունավետությունը։ Ինչու՞ չէ նաեւ բուժծառայությունների որակը եւ մատչելիությունը։ Եթե փորձեմ հակիրճ ձեւով բանաձեւել, ապա այս իրավական ակտը, ըստ էության, հստակեցնում է առողջապահության համակարգի կարգավորման առանցքային խնդիրները։

Դրա հետ մեկտեղ մանրամասն դիտարկելով նախագիծը, առաջացել են որոշ հարցադրումներ եւ կան շտկումներ պահանջող որոշակի հոդվածներ, եւ ես կփորձեմ հնարավորինս մանրամասն անդրադառնալ դրանց։

Նախ եւ առաջ, կուզենայի ընդգծել, որ նախագծի 4-րդ հոդվածը, որն իրենից ներկայացնում է օրենքում կիրառվող հասկացությունները, պետք է ընդլայնել։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ներկայացվող նախագծի 23-րդ եւ 24-րդ հոդվածներում ներառված առաջնային բժշկական օգնություն, մասնագիտական բժշկական օգնություն եւ դրանց սպասարկման ձեւերը, հիվանդանոցային սպասարկում, արտահիվանդանոցային սպասարկում։ Սրանք կարելի է տեղափոխել եւ, կարծում եմ, դրանից օրենքը կշահի այն առումով, որ դա կդառնա ավելի կուռ կառուցվածք ունեցող օրենք եւ, մասնավորապես, կթեթեւացնի իմ կողմից վկայակոչված հոդվածները։ Սակայն միեւնույն ժամանակ արդեն ամրագրված երկու դրույթների կապակցությամբ, ես նկատի ունեմ հասկացությունները, առողջապահական կազմակերպություն եւ բժշկական հաստատություն, երբ մենք ընթերցում ենք, այստեղ կա ուղղակի վերադրում։ Այդ առումով, պրն Դավիդյան, կարծում եմ բժշկական հաստատության ձեւակերպման մեջ պետք է գտնել հաջող լուծում։ Հակառակ դեպքում այն կրկնում է առողջապահական կազմակերպության խնդիրների գործառույթների շրջանակը։

5-րդ հոդվածում, որի 6-րդ ենթակետը, որը սահմանում է առողջապահության բնագավառի հիմնական նպատակները, կարծում եմ, որ ճիշտ կլիներ եւ դա համահունչ կլինի հոդված 23-ի 3-րդ կետի 1-ին մասի հետ, որ ավելացվի, ես կարդում եմ եղած ձեւակերպումը. «Պետական քաղաքականության հիմնական նպատակներն են հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման եւ բուժման առաջադեմ…» եւ շարունակվում է տեքստը։ Առաջարկը հետեւյալն է, որ ճիշտ ձեւակերպումն է, ըստ իս, հիվանդությունների կանխարգելման վաղ հայտնաբերման եւ ախտորոշման, եւ դրանից հետո գնացող տեքստը, որովհետեւ, ըստ էության, սա ավելի տարողունակ ձեւակերպում է եւ իր մեջ պարունակում է նաեւ կանխարգելման տեքստ։

Հոդված 6-ի ուղղությամբ, կարծում եմ, որ առկա է պետական քաղաքականության հիմնական սկզբունքների մեջ որոշակի բացթողում, որը վերաբերում է գյուղական համայնքներում բժշկական հաստատությունների զարգացման, բժշկական կադրերի պատրաստման եւ շարունակական մասնագիտական զարգացման գերակայության ապահովման առումով։ Եթե ի նկատի ունենանք, որ շատ բժշկական համայնքներում երբեմն կարիք է զգացվում կադրերի վերապատրաստում իրականացնել, ապա ճիշտ կլիներ այստեղ դա անպայման ընդգծել եւ առաջարկվում է բժշկական կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ հետո նոր շարունակական մասնագիտական զարգացման գերակայության ապահովման խնդիրը դնել։

Բավականին լուրջ դիտողություն է մեր կողմից արվում հոդված 8-ի կապակցությամբ։ Խոսքը վերաբերում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին եւ նրա իրավասություններին։ Երբ մենք ընթերցում ենք այս իրավասությունները, դրանք թվով 15-ն են, ապա տեսնում ենք, որ իրավասությունների մեջ տեղ չի գտել գլուխ 6-ի հոդված 25-ի թիվ 2 եւ 3 կետերով տրված այն լիազորությունը, որը վերաբերում է կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների հավատարմագրման եւ նրանց չափորոշիչների մշակման գործընթացում առողջապահության նախարարության դերակատարությանը։ Ստացվում է, որ 6-րդ գլխում նշված վկայակոչված 25-րդ հոդվածով այդպիսի իրավասություններ տրվում են։ Մինչդեռ պետական լիազոր մարմնի իրավասությունների թվարկման մեջ դրանք տեղ չեն գտել։ Կարծում եմ, որ դա կարող է շփոթ առաջացնել։

Հոդված 10-ի ուղղությամբ, որի մասին մասամբ նշեց նաեւ պրն Մխեյանը, խոսքը վերաբերում է հետեւյալին, որ առողջապահության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակներում կան պարտադիր եւ կամավոր լիազորություններ։ Ցավոք սրտի, կամավոր լիազորությունների մեջ մտցված որոշ դրույթներ ուղղակիորեն հակասում են գլուխ 4-ի առողջապահության ֆինանսավորմանը վերաբերող հոդված 16-ի 2-րդ կետում նախատեսված դրույթներին։ Մինչդեռ այնտեղ հստակ նշված է, որ պետական բյուջեից միջոցներ եւ սուբսիդիաներ են տրամադրվում առողջության բարելավման եւ առողջ ապրելակերպի քարոզչության նպատակներով։ Կարծում եմ այս կետերը պետք է տեղափոխվեն պարտադիր լիազորությունների շրջանակ։

Որոշակի վրիպում կա համապատասխանաբար առողջապահության բնագավառին վերաբերող մի ձեւակերպման մեջ, որտեղ նշվում են դատական վճիռները։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Լրացուցիչ ժամանակի անհրաժեշտություն կա՞։

Ո.ՄԱՐՈՒԽՅԱՆ

-Երեք րոպե։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Երեք րոպե ավելացրեք։

Ո.ՄԱՐՈՒԽՅԱՆ

-Ճիշտ ձեւակերպումը կլիներ առողջապահության բնագավառին վերաբերող դատական ակտերը։ Եվ դա, իրոք, կստացվի օրենսդրական լեզվին համահունչ։

Եվ, վերջապես, կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել գլուխ 5-ի առողջապահության բնագավառում գործունեության տեսակները թվարկման շարքացանկում տեղ գտած հետեւյալ ձեւակերպմանը։ Կարծում եմ, պրն նախարար, պետք է բացատրություն տրվի կամ, եթե համաձայն եք, որ բժշկական ատամնաբուժական եւ դեղագործական հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումը առողջապահության բնագավառի գործունեության տեսակ չեն։ Թեպետ դուք ունեք իրավասություններ այդ հաստատությունների ուղղությամբ, սակայն դա առողջապահության բնագավառի այդպիսի տեսակ չէ։

Եվ, վերջապես, ձեր ուշադրությունն եմ հրավիրում հոդված 25-ի վրա։ Այստեղ կարող է ուղղակիորեն շփոթ առաջացնել, որովհետեւ հոդվածի 1, 2, 3, 4 եւ 5 ենթակետերում հղումներ են կատարվում պետական կրթական չափորոշիչների, հավատարմագրման եւ այլ առումով առողջապահության նախարարույթան լիազորությունների իրականացման կապակցությամբ։ Սակայն կարող է շփոթ առաջացնել, երբ չի նշվում հստակ կրթության բնագավառում պետական լիազոր մարմնի հանգամանքը եւ, ըստ իս, պետք է յուրաքանչյուր տեղում, որտեղ առկա է երկու լիազոր մարմինների գործունեության զուգամիտում, ճիշտ կլիներ հստակ նշվեր կրթության բնագավառի պետական լիազոր մարմնի եւ առողջապահության բնագավառի պտական լիազոր մարմնի վերաբերյալ։

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել նաեւ այն հանգամանքի վրա, որ հոդված 27-ում բժշկական ատամնաբուժական եւ դեղագործական բարձրագույն կրթական ծրագրերին վերաբերող 4-րդ կետում մտել է մեր կրթական համակարգում նմանօրինակ որակավորում չունեցող մի հանգամանք։ Բարձրագույն կրթությամբ բուժքրոջ որակավորման մասին է խոսքը։ Այդպիսի բազային կրթության հիմքի վրա նմանօրինակ որակավորում շնորհելը, կարծում եմ, բացառվում է։

Դրան հաջորդող 5-րդ կետում նման կրթական ծրագրերին հատկացվում է առնվազն 4 տարի։ Այստեղ կա վիճարկման խնդիր եւ ես կարծում եմ, որ պետք է 1-ին ընթերցումից մինչեւ 2-րդ ընթերցում դրանք ճշգրտվեն։

Կուզեի ուշադրություն դարձնեք նաեւ հոդված 28-ի 4-րդ կետին, որտեղ հեռավար ուսուցման ձեւով փորձ է կատարվում բնագավառում ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի եւ վերամասնագիտացման ուղղությամբ։ Կարծում եմ, դա դեռեւս շուտ է։

Եվ վերջինը։ Խոսքը վերաբերում է բուժաշխատողների պարտականություններին։ Այստեղ դուք բուժաշխատողին պարտավորեցնում եք պացիենտին տեղյակ պահել իր հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման, նրա վիճակի եւ այլի վերաբերյալ։ Մինչդեռ 45-րդ հոդվածի 2-րդ կետում դա կարելի է կատարել, ըստ ձեր բերած նախագծի, միայն պացիենտի համաձայնությամբ։ Այստեղ կա հոդվածների անհամաձայնություն։

Ահա սրանք էին այն դիտողությունները, որոնք, կարծում եմ, կարող են հիմք հանդիսանալ որոշակի առաջարկություննրի ձեւավորման, եւ մենք այդ առաջարկությունները կարող ենք ներկայացնել։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մարուխյան։ Հաջորդը ամբիոնի մոտ է հրավիրվում ելույթի համար պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Ա.ԱՇՈՏՅԱՆ

-Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, ինձ թվում է, որ բոլորիս համար անառարկելի է այն նշանակությունը, որ ունի այս օրինագիծը ոչ միայն ռազմավարական, այլեւ սոցիալական ու բարոյական տեսանկյունից։ Այս նախագիծը քանիցս քննարկվել է ինչպես հանձնաժողովում, այնպես էլ ես առիթ եմ ունեցել պրն նախարարի հետ մասնավոր զրույցներում արտահայտել իմ տեսակետները եւ, այնուհանդերձ, կարծում եմ, որ լրացուցիչ ելույթի կարիք այսօրվա դրությամբ կա։

Ընդհանուր առմամբ ողջունելով օրենքի մտահղացումը եւ ամբողջ օրենքի տրամաբանությունը, այնուհանդերձ, չեմ կարող իմ որոշակի տարաձայնությունները չկիսել ձեզ հետ հետեւյալ ասպեկտներով։

Խնդիր համար առաջին, որ ինձ համար կարեւոր է, որը նաեւ նշեց նախորդ բանախոսը, դա առողջապահության բնագավառում պետական քաղաքականության նպատակների կամ սկզբունքների մեջ որակյալ բժշկական կադրերի պատրաստման խնդիրն է։ Այսինքն՝ նախ եւ առաջ, որակյալ բժշկական կադրերով հնարավոր է իրականացնել այն բոլոր գործառույթները, որոնց իրականացումը նախատեսվում է այս օրենքով։ Սակայն տարակուսելի է, որ դա չի հայտարարվում որպես գերակա ուղղություն եւ որպես քաղաքականության նպատակ։

Խնդիր համար երկրորդը վերաբերում է պետական սուբսիդիաների եւ դրամաշնորհներին, որոնք կարող են տրամադրվել հասարակական կազմակերպություններին։ Ընդհանուր առմամբ ողջունելով այս երեւույթը որպես, այսպես կոչված, սոցիալական գործընկերության հնարավորություն, երբ պետության լիազոր մարմինը կարող է պատվիրակել որոշակի լիազորություններ, որոշակի ֆունկցիաներ հասարակական կազմակերպություններին, կցանկանայինք այստեղ հնարավոր կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար ավելի հստակ ամրագրել այն կարգը, միգուցե, դա կարող է ենթաօրենսդրական մակարդակով, բայց, այնուհանդերձ, որոշակի հստակ կարգ համապատասխան գումարների տրամադրման համար, մանավանդ, այսպես կոչված, դրամաշնորհների տեսքով։

Խնդիր համար երրորդը բավականին մեծ է եւ ընդգրկում է ամբողջ 6-րդ գլուխը, որը վերաբերում է բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական կրթությանը։ Ինչպես նշեցին նախորդ բանախոսները, այստեղ կան լուրջ տարաձայնություններ, որոնք ոչ միայն խմբագրական բնույթի են։ Այստեղ ես ինձ նաեւ թույլ կտամ չհամաձայնել ձեզ հետ, պրն Դավիդյան, «ատամանաբուժական» եւ «ստոմատոլոգիական» բառերը ոչ թե խմբագրական բնույթի տարբերություններ են, այլեւ խիստ բովանդակային։ Որպես բժիշկներ մենք կարող ենք փաստել, որ ստոմատոլոգիայի գործառույթները չեն սահմանափակվում միայն ատամների բուժմամբ։ Ստոմատոլոգիան եւ հիմա է զարգացած, եւ զարգանում է բավականին արագ, եւ այստեղ անվիճարկելի է, որ «ատամնաբուժական» բառը դարձել է նաեւ «անախռոնիզմ»։ Ես չգիտեմ լեզվի տեսչության տեսակետն է այս կապակցությամբ, բայց «ստոմատոլոգիա» բառը անպայման չէ փոխարինել հայկական որեւէ հոմանիշով։ Մանավանդ, որ այդ հոմանիշը չի կարող արտացոլել այն բովանդակային գործառույթը, որը տրվում է այդ մասնագիտությանը։

Մի շարք ենթախնդիրներ, որոնք կապված են այստեղ արծարծված դրույթների հետ։ Ինչպես նշեց պրն Մխեյանը, դեղագործական, դեղագիտական տարբերակումը, կարծում եմ, պարտադիր է։ Մանավանդ մենք ընդունել ենք 1-ին ընթերցմամբ «Դեղերի մասին» օրենք, որտեղ խիստ սահմանազատված է դեղագետը, որպես բարձրագույն կրթություն ունեցող մարդ, եւ դեղագործը, որը ունի միջին մասնագիտական կրթություն։ Որպեսզի խուսափենք հետագա տարաձայնություններից, կարծում եմ, որ այստեղ կարելի է սինխրոն ձեւով երկու օրնքների միջեւ համապատասխան միացման կետերը գտնել։

Հաջորդ ենթախնդիրը, ինչպես արդեն նշվեց, դա բարձրագույն կրթությամբ բուժքույրերի ինստիտուտն է, որը մեզանում արմատավորված չէ, որ գործում է մի շարք ոչ պետական ուսումնական հաստատություններում նման ֆակուլտետներ, եւ չեմ կարծում, որ նման մշակույթի եւ ինստիտուտի կարիք առհասարակ այսօրվա դրությամբ Հայաստանի առողջապահական համակարգն ունի։ Հետեւաբար, ավելորդ է խոսել նրանց բարձրագույն կրթության մասին։

Հաջորդ խնդիրը։ Հոդված 27-ի 5-րդ կետում ամրագրվում է, որ բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական բարձրագույն կրթությունների մինիմալ տեւողությունը 5 տարի է։ Բոլորիս քաջ հայտնի է, որ, այսպես կոչված, Բոլոնյան հռչակագրով կան միջազգային կրթության չափորոշիչներ, որտեղ հստակ գրված է նաեւ, որ բժշկական մինիմալ բազային կրթության տեւողությունը 6 տարի է։ Եթե մենք ամրագրում ենք 5 տարի նաեւ բժշկական կրթության համար, այստեղ կունենանք մեծ ռիսկեր։ Որոշակի ոչ պտական բուհական հաստատություններում նվազագույն 5 տարին ընդունելով խաթարվում է Հայաստանի իմիջը կրթական բնագավառում։ Մանավանդ, որ մենք ունենք նաեւ դիպլոմների փոխճանաչման խնդիր, իսկ աամբողջ աշխարհով բազային բժշկական կրթությունն ընդունված է 6 տարի։ Ես կարծում եմ, որ այս փոփոխությունը նաեւ կարեւոր է ապագայի խնդիրների կանխման համար։

Հաջորդ ենթախնդիրը վերաբերում է վերամասնագիտացման շարունակական կրթության եւ այն ամենի մասին, ինչի մասին խոսեց նախորդ բանախոսը։ Այստեղ, միգուցե, կարելի է թողնել ասպիրանտուրան եւ դոկտորանտուրան, սակայն նախորդ հոդվածում գրված է, որ վերամասնագիտացումը իրականացվում է կլինիկական օրդինատուրայի ձեւով։ Կլինիկական օրդինատուրան արգելվում է, որպես բազային կրթություն, լինի առկայից բացի որեւէ այլ ձեւի։ Հետեւաբար, օրենքում կա հակասություն։ Ես կարծում եմ, որ վերամասնագիտացման այլ ձեւերով կրթություն ստանալու հարցը պետք է անպայման հանվի օրենքից։ Չի կարելի ձեւակերպել երկու հակասող դրույթներ եւ առաջնորդվել այն դրույթով, որը տվյալ պահին ավելի հարմար կլինի։

Հաջորդ խնդիրը։ Ողջունելի են այս օրինագծում բժշկական էթիկայի մասին դրույթները, թեպետ կարծում եմ, որ այստեղ զետեղված երեք ենթակետերը բավականին սահմանափակ ձեւով են ներկայացնում բժշկական էթիկայի հետ կապված բոլոր հարցերի այն փունջը, որոնց հետեւանքները մենք ունենում ենք առօրյա բուժսպասարկման հարցում։

Հաջորդ խնդիրը։ Հոդված 37՝ բժշկական գաղտնիք։ Մենք խոսում ենք սահմանադրական բարեփոխումների ռակուրսում քաղաքացու իրավունքների մասին, սակայն օրինագծում զետեղում ենք մի դրույթ, որն ըստ իս, բավականին վտանգավոր է։ Խնդրում եմ ուշադիր հետեւել հոդված 37, 4-րդ կետ, 5-րդ եւ 3-րդ ենթակետերի միջեւ եղած տարբերությանը։ 3-րդ ենթակետո հռչակվում է, որ բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններն առանց պացիենտի եւ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության կարող են փոխանցվել միայն մի շարք թվարկումներից հետո հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի…

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Ձեր ժամանակը երկարացնե՞նք։

Ա.ԱՇՈՏՅԱՆ

-Եթե կարելի է։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Երեք րոպե ավելացրեք։

Ա.ԱՇՈՏՅԱՆ

-Շնորհակալ եմ։ Հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի հարցման դեպքում, եթե առկա է հարուցված քրեական գործ։ Այսինքն՝ պահանջվում է հարցում գրավոր եւ պահանջվում է քրեական գործ։

Ի՞նչ է ասում 5-րդ կետը։ 5-րդ կետը ասում է, որ, եթե նույն ինստիտուտները, ատյաններն ունենան կասկած ինչ-որ բանի վերաբերյալ, իրենք նույնպես կարող են պահանջել բժշկական տեղեկություններ եւ հրապարակում, ինչը բավականին սուբյեկտիվ կատեգորիա է։ Այս պարագայում, կարծում եմ, հարցականի տակ է դրվում բուժսպասարկման ոլորտում մարդու եւ քաղաքացու հիմնական ազատությունները, իրավունքները, այդ թվում՝ բժշկական գաղտնիքի ապահովման հարցը։

Ես կանգ չեմ առնի մի շարք խմբագրական հարցերի վրա։ Կարծում եմ, դրանք գրավոր կերպով մանրամասն կներկայացվեն։ Սակայն կցանկանամ եւս մի քանի շեշտադրում կատարել։

Էֆթանազիայի արգելումը՝ հոդված 54։ Բոլորս գիտենք էֆթանազիայի երեւույթի եւ, ցավոք սրտի, մեր հայրենակցի ակտիվ մասնակցությանը այդ երեւույթի համաշխարհային պրակտիկայի կիրառման եւ պրոպագանդման մեջ։ Մենք արգելում ենք էֆթանազիան այստեղ, սակայն այն ձեւակերպումը, որ տրված է օրինագծում, այսինքն՝ պացիենտի խնդրանքով նրա մահվան արագացումը որեւէ գործողությամբ կամ միջոցներով, դա ակտիվ էֆթանազիան է։ Միգուցե, ոչ մասնագիտական ականջի համար այնքան էլ սովոր չէ, սակայն կա նաեւ պասիվ էֆթանազիա, որը չի ենթադրում որեւէ միջամտություն, այլ ենթադրում է միջամտության բացակայություն։ Այսինքն՝ երբ պացիենտը կամ բժիշկը չի տալիս դեղորայքը, անջատում է ապարատը եւ մի շարք այլ գործողություններ, որոնք ակտիվ չեն, այլ պասիվ են։ Ցավոք սրտի, նման երեւույթների ականատեսը մենք լինում ենք մեր որոշ բմւժհիմնարկներում, երբ սոցիալական, տնտեսական խնդիրներից ելնելով հիվանդապահը չի կարողանում ապահովել երկարատեւ ապարատի տակ պացիենտի գտնվելու անհրաժեշտությունը։ Միգուցե, այստեղ ձեւակերպումը պետք է փոխել եւ արգելել էֆթանեզիան իր բոլոր դրսեւորումներով, կամ փորձել գտնել այլ ձեւակերպում։ Համենայն դեպս, այս պարագայում մենք սողանցք ենք թողնում պասիվ էֆթանազիայի կիրառման համար։

Հաջորդ հարցը վերաբերում է հոդված 55-ի 4-րդ կետին՝ հղի կանայք պարտավոր են պարբերաբար անցնել բժշկական զննում եւ կտարել բժշկական ցուցումներ եւ նշանակումներ։ Ես հասկանում եմ, որ այս ձեւակերպումը թելադրված է բարի ցանկություններով, սակայն ինչպե՞ս վարվել այն դեպքում, եթե հղի կինը չունի համապատասխան միջոցներ համապատասխան նշանակումների իրականացման, որոշակի դեղորայք գնելու համար եւ չի կատարում այդ ամենը։ Ինքը որոշակի պատասխանատվությու՞ն է կրելու օրենքի առջեւ։ Ես կարծում եմ սոցիալական հարցերի վրա այստեղ ձեւակերպումները պետք է ավելի շեշտադրված լինեն։

Հաջորդ խնդիրը, որը կարող է դիտվել որպես մասնավոր խնդիր, սակայն ես չեմ կարող դրա մասին չխոսել։ Ինչպես գիտեք, Երեւանի պետական բժշկական համալսարանը, ինչպես մի շարք այլ բուհեր, ենթարկվում է կրթության եւ գիտության նախարարությանը։ Բժշկական համալսարանն ունի իր կազմում 4 կլինիկական հիվանդանոց, որտեղ իրականացվում են առողջապահական, բուժսպասարկման գործառույթներ։ Մի այնպիսի իրավիճակ է ստացվել, որ առողջապահական բուժսպասարկման գործառույթների ղեկավարումը ստանձնում է գիտության եւ կրթության նախարարությունը։ Ես կարծում եմ այստեղ հատուկ գործառույթների մեջ պետք է շեշտվի, որ համալսարանական կլինիկաներում տեղի ունեցող բուժսպասարկումը, առողջապահական կազմակերպման բոլոր խնդիրները պետք է իրականացնի առողջապահության լիազոր մարմինը եւ ոչ թե կրթության եւ գիտության նախարարությունը։

Շնորհակալություն։ Կարծում եմ 1-ին ընթերցումից հետո մեզ սպասում է բեղուն համատեղ աշխատանք։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Եվ վերջին ելույթի համար ամբիոնի մոտ է հրավիրվում պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը։ Հիշեցնեմ, որ քանի վերջին ելույթը ընթացքի մեջ կլինի, պատգամավորական ֆրակցիաները կարող են հայտերով դիմել իրենց եզրակացությունները ներկայացնելու համար։ Խնդրեմ, պրն Հովհաննիսյան։

Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, իսկապես, օրենքը չափազանց կարեւոր է, եւ ես այս օրինագծին նայում եմ հետեւյալ տեսանկյունից։ Արդյոք այն հնարավորություն կտա՞ թեկուզ մասամբ վերականգնել այն առավելությունները, որոնք ուներ մեր առողջապահական համակարգը խորհրդային տարիներին, որովհետեւ այդ առավելությունները կային, ակնհայտ էին մեր ազգաբնակչության համար։ Եվ այդպիսի անցում կատարել թույլ տալով, որպեսզի կոմերցանալիզացիայի շուկայական հարաբերությունների ոչ լավագույն ասպակտները ներխուժեն առողջապահական բնագավառ, այդ անցումը կատարել այդ եղանակով չի կարելի եւ մեր ազգաբնակչության յուրաքանչյուր անդամ, քաղաքացի իր փորձով, իր կյանքի ընթացքում այսօր դա զգում է։ Զգում է, որովհետեւ այսօր ես նկատի ունեմ ի՞նչ ասելով, որ թեկուզ մասամբ վերականգնենք, մասամբ վերականգնենք այն համակարգը, որի պայմաններում բուժօգնության հաստատությունները պատասխանատվություն էին կրում, ըստ տարածքների, մարդկանց առողջության համար։ Լավ է, որ հոդված 49-ում տեղ է գտել այն դրույթը, որ երեխաները ենթակա են պարբերական բժշկական զննության եւ մշտական բժշկական հսկողության լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։ Ծնողներն ու խնամակալները պարտավոր են ապահովել երեխայի պարբերական բժշկական զննություն եւ մշտական դիսպանսեր հսկողության իրականացումը։ Սակայն այստեղ կա մի հարց։ Ծնողները եւ խնամակալները, իսկ առողջապահության նախարարության որեւէ բաժանում, որեւէ մասնաճյուղ այդ հարցով զբաղվում է եւ պարտավոր է այդ ամենը վերահսկել։ Չէ՞ որ խոսում ենք պետության կարգավորիչ դերի մասին, եւ եթե պետության կարգավորիչ դերը որեւէ բնագավառում, նույնիսկ շուկայական հարաբերությունների պայմաններում պետք է դրսեւորվի իր ամբողջական ձեւով, ապա դա, իհարկե, առաջին հերթին պտեք է լինի առողջապահական բնագավառը, որովհետեւ այստեղ չի կարելի հանդուրժել կոմերցանալիզացիայի այն չափանիշներին, որոնք այսօր կիրառվում են եւ հնարավորություն չեն տալիս մարդկանց ապահովել իրենց բարվոք առողջական վիճակը՝ ապավինելով դեղորայքի օգնությանը, ապավինելով ժամանակակից բժշկության միջոցներին։ Ես միանգամայն ողջունում եմ եւ հուսով եմ, որ այս հոդվածը կյանքի կկոչվի։ Դրա համար էլ մեջբերում եմ հոդված 50-ի 5-րդ կետը. «Արգելվում է զանգվածային լրատվության միջոցներով նոր դեղերի, մեթոդների, ձեւերի, միջոցների կիրառման եւ կենսաբժշկական հետազոտություններում մասնակցելու վերաբերյալ քարոզչությունը»։ Ահա այդ կոմերցիոն քարոզչությունը դեղերի եւ այլն, որը անընդհատ հնչում է, պետք է արգելել, որովհետեւ այս ամենը կարող է ապակողմնորոշել։ Մենք պետք է հաշվի առնենք, որ առանց այդ էլ վերջին տարիներին կյանքի միջին տեւողությունը կրճատվել է։ Այս անցումային շրջանի ընթացքում կյանքի միջին տեւողությունը կրճատվել է։ Երբ ես ասում եմ, որ պետք է մտածել այն առողջապահական համակարգի, որը ստեղծվել է տասնյակ տարիների ընթացքում, թեկուզ մասնակցի վերականգնման մասին, այո, ես նկատի ունեմ նաեւ այն բուժհաստատությունները, որոնք լավագույնն էին մեր իրականության մեջ։ Ես հիշատակեցի 4-րդ բաժանմունքի պոլիկլինիկան, որը սպասարկում էր ոչ թե բարձրաստիճան նոմենկլատուրային, այլ հաշմանդամներին, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, հանրապետության նշանակության թոշակառուներին, աշխատանքի վետերաններին եւ այն մարդկանց, ովքեր առանձնահատուկ արժանիքներ ունեին պետության նկատմամբ տնտեսության զարգացման բնագավառում։ Ռուսաստանում այդ պոլիկլինիկան պահպանվել է, ընդարձակվել է այդ պոլիկլինիկայի կողմից սպասարկվող անձանց, քաղաքացիների թվաքանակը։ Բայց մեր օրերում, երբ մեր սերունդը ականատես էր եւ մասնակից էր արցախյան ազատամարտի, եւ կան հազարավոր վիրավոր եւ հաշմանդամ մարդիկ, հիվանդներ, որոնք հանդիսանում են արցախյան ազատամարտի հերոսներ, մի՞թե կարելի է այդպիսի անխնա ձեւով այդ պոլիկլինիկան սեփականաշնորհել։ Պետությունը այն սեփականաշնորհեց, ձեռքերը լվաց եւ կողմ քաշվեց, մինչդեռ այդ պոլիկլինիկան, ինչպես նաեւ 4-րդ բաժանմունքի հաստատությունները կարող էին լավագույնս սպասարկել արցախյան ազատամարտի հերոսներին, վիրավորներին։ Այսինքն, եթե նախկինում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին էին սպասարկում, այստեղ կարելի էր շրջանակն ընդարձակել ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, հաշմանդամներին, հանրապետական նշանակության թոշակառուներին եւ այլ վաստակաշատ անձանց, այլեւ արցախյան ազատամարտի հերոսներին, վիրավորներին, որպեսզի գոնե դրանով պետությունը արձանագրեր իր առանձնահատուկ պատասխանատվությունը նրանց առողջավիճակի համար։ Դրա փոխարեն այդ պոլիկլինիկան մասնավորեցվեց, բուժօգնության մակարդակը անկում ապրեց եւ այսօր, ըստ էության, եւ նախկին կոնտինգենտը զրկվեց օգտվելու, եւ այն նոր կոնտինգնտը…

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Ձեր ժամանակը երկարացնե՞մ։

Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Երկու րոպե։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Երկու րոպե ավելացրեք։

Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-…հնարավորություն ստանա օգտվելու, ես կարծում եմ, որ ահա սրանք պետք է վերականգնել։ Ես ասեմ, որ այստեղ, իհարկե, այն խունվեյբինների դերակատրությունը, որոնք եկան եւ այդ առողջապահական համակարգը ավերեցին, ինչպես ճիշտ ասաց հարգարժան պրն նախարարը, չափազանց մեծ էր, բայց չպետք է մոռանալ, որ այսօրվա պաշտոնյաններից շատերը դրանց շարքում էին եւ դրա համար առանձնահատուկ մեծ պատասխանատվություն են կրում թեկուզ մասնակիորեն այն առողջապահական համակարգը, որը գոյություն ուներ, իրեն արժարացնում էր եւ մեր ժողովրդին բավարարում էր, վերականգնելու, որովհետեւ տեղի ունեցան ցնցումներ, որոնք, ըստ էության, չեն տեղավորվում ժողովրդավարության տեսության շրջանակների մեջ, որովհետեւ, եթե դուք նայեք ցանկացած տեսաբանի, որը զբաղվում է սոցիալական հարցերով, այդ թվում՝ առողջապահական համակարգի հարցերով, կտեսնեք, որ ընդունում է այն, որ հասարակության մեջ պետք է անպայման սահմանվի վերահսկողություն այն մարդկանց առողջության նկատմամբ, որոնք հասարակության, պետության առջեւ ունեն առանձնահատուկ մեծ արժանիքներ։ Դրանք են մեր ազատամարտի հերոսները, որոնք այսօր այդ բուժօգնության, մշտական բժշկական վերահսկողության կարիքն են զգում։ Այդ վերահսկողությունը կարող է իրականացնել այդ 4-րդ բաժանմունքը, որը պետք չէր քանդել այս տարիների ընթացքում պատերազմող երկրում, այլ պետք էր նպատակաուղղել մեր ազատամարտիկների առողջությունը վերահսկելու եւ բարելավելու նպատակին։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի պատգամավորներ, մտքերի փոխանակությունն ավարտվեց։ Այժմ անցնում ենք ամփոփիչ ելույթներին։ Առաջինը ամբիոնի մոտ է հրավիրվում պրն Մխեյանը։

Գ.ՄԽԵՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, ես միշտ իմ ելույթներում եւ ընդհանրապես հարցազրույցների եւ հանդիպումների ժամանակ ասել եմ, որ յուրաքանչյուր օրենք կամ փաստաթուղթ կատարյալ չի լինում։ Դրանք քննարկումների արդյունքում են ձեւավորվում։ Ես մեկ անգամ եւս ուզում եմ նշել, որ այս օրենքի նախագիծը անցել է բավականին քննարկումների փուլ, համապատասխան մասնագետների հետ է քննարկվել։ Ես շատ կցանկանայի, որպեսզի նաեւ մեր պատգամավորները, հաշվի առնելով այս օրենքի կարեւորությունը, եւս մեկ անգամ հորդորում եմ, որպեսզի 1-ից 2-րդ ընթերցման ժամանակ այն բացերը օրնսդրական դաշտում, որ տեղ են գտել այս օրենքում, մենք եւս մեկ անգամ լրացնենք՝ ունենալով համապատասխան մի այնպիսի իրավական ակտ, որը կտանի այս համակարգը զարգացումների։

Երկու կետի վերաբերյալ, որ ես չէի նշել, եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել։ Մենք ձեզ հետ միասին, որպես պատգամավորներ, որպես այս ոլորտի հետ շփվող մարդիկ, հանդիպումներ ենք ունենում բուժհաստատություններում, կազմակերպություններում եւ միանշանակ կարմիր թելի պես միշտ բուժաշխատողները հարց էին բարձրացնում իրենց պետական պատվերի շրջանակներում նաեւ իրենք բուժօգնություն ստանալու հարցում։ Ես ի ուրախություն մեզ նշեմ, որ օրինագծում սահմանվել է, որ բժշկական աշխատողները բժշկական ծառայություններ ստանան պետական պատվերի շրջանակներում։ Համապատասխան 38-րդ հոդվածում սա տեղ է գտել։

2-րդ խնդիրը, որ ուզում էի ասել, մենք, ճիշտ է ընդգրկել ենք ախտաբանա-անատոմիական գործունեության կանոնակարգման եւ բարելավման խնդիրների վերաբերյալ հարցերը, ես կարծում եմ, որ այս ուղղությամբ, քանզի ախտաբանա-անատոմիական ծառայությունը հանդիսանում է առողջապահության համակարգի կազմակերպման հիմքերից մեկը եւ ներկայումս հրատապ է, այդ համակարգը, կարծում ենք, օրենքի նախագծում լուրջ ուշադրություն 1-ից 2-րդ ընթերցման ժամանակ պետք է դարձնենք։

Հարգելի գործընկերներ, այն փոփոխությունները, այն առաջարկությունները, որ ներկայացվել են այս նախագծով, ես եւս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ սա բարեփոխված տարբերակ է, որ, եթե բնակչության բուժօգնության սպասարկման գործող օրենքը շատ դրույթներ չէր պարունակում, շատ կազմակերությունների ֆունկցիաներ չէին նշված, սա տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման նախարարների, նաեւ լիազորված մարմնի առանձին ֆունկցիաներ, կրթական ոլորտի բլոկի հետ կապված, այսօր շատ երիտասարդներ ընդունվում են բժշկական հաստատություններ, բայց արդյոք մեզ այդ քանակի համապատասխան ի՞նչ մասնագետներ են պետք, ես կարծում եմ, որ համապատասխան լիազորված մարմինները այս ուղղությամբ եւս պետք է ուշադրություն դարձնեն։ Այստեղ ներգրավված է եւս մեկ հոդված, որտեղ ասվում է, որ լիազորված մարմինը բուժաշխատողների պահանջարկի դիտարկումների եւ կանխատեսումների հիման վրա իրականացնում է կադրային պահանջարկի ուսումնասիրություն եւ առաջարկություններ է ներկայացնում համապատասխան լիազոր մարմնին պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական կադրերի պատրաստման, պետական պատվերի ձեւավորման վերաբերյալ։ Այսինքն՝ պետք չի բացիթող վիճակում թողնել։ Ճիշտ է, շուկայական հարաբերությունները յուրաքանչյուրը կարող է իր ցանկությամ բիրականացնել, իր գործունեությունը կամ ինքը որոշել իր տեղը, բայց կարծում եմ, որ նաեւ պետությունը, հատկապես մեր լիազորված մարմինը, առողջապահության նախարարությունը այս ուղղությամբ պետք է լուրջ ուշադրություն դարձնի։

Ես համամիտ եմ բոլոր այն գործընկերների հետ, որոնք այս նախագծի կարեւորությունը տեսնում են եւ համոզված եմ, որ մեզանից շատերը գտնում են, որ սա այն օրենքն է, որը անհրաժեշտություն է, որ եկել է այդ պահը, որպեսզի մենք այսպիսի համալիր մի օրենք ունենանք, մի իրավական ակտ ունենանք, ես մեկ անգամ եւս հորդորում եմ 1-ից 2-րդ ընթերցմամբ հանձնաժողովը պատարստ է մեկ անգամ եւս նայելու, ձեզ հետ քննարկելու, համապատասխան մասնագիտական վերլուծություններ իրականացնելով, որպեսզի մենք կարողանանք ներակյացնենք հետագայում որպես նորմալ օրենք, որպես նորմալ իրավական ակտ։ Շնորհակալություն։ Եվս մեկ անգամ առաջարկում ենք ընդունել 1-ին ընթերցմամբ։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Եզրափակիչ ելույթի համար ամբիոնի մոտ է հրավիրվում նախարար Նորայր Դավիդյանը։

Ն.ԴԱՎԻԴՅԱՆ

-Հարգելի նախագահող, հարգելի պատգամավորներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել շահագրգիռ քննարկման եւ ներկայացված առաջարկությունների համար։ Հավաստիացնում եմ ձեզ, որ բոլոր բարձրացված հարցերը մանրամասն կքննարկվեն եւ անհրաժեշտ պարզաբանումներ կստանան բոլոր պատգամավորները։

Ուզում եմ պատասխանեմ մի քանի հարցերի։ Մանավանդ իմ կոլեգան էր խոսում՝ Արմեն Աշոտյանը։ «Ստոմատոլոգիա» բառը, ստոմատոլոգ մասնագիտություն չկա աշխարհում, կա ստոմատոլոգիայի գիտություն։ Դա հակասություն է համաշխարհային առողջապահության կազմակերպության հետ փոխանակել ստոմատոլոգով, բացի Սովետական Միությունից, այդպիսի մասնագիտություն չի եղել։ Կա ատամբնաբուժություն, կա վիրաբուժություն, փոխելը եւ դարձնելը հակասություն կլինի համաշխարհային առողջապահության կազմակերպության մեջ։ Մի քանի անգամ արդեն խորհրդակցությունների ժամանակ այդ հարցը բարձրացվել է, որ Սովետական Միությունում այդպիսի մասնագիտություն չլինի։

Ինչ վերաբերում է բազային կրթությանը, ապա աշխարհում ընդունված է, որ բազային կրթությունը դա ժամ է պարունակում, մոտ 5500 ժամ։ Դա բժշկական կրթություն ստանալու ձեւ է։ Դա 5 տարի կլինի, թե 6 տարի, էական նշանակություն չունի։ Դա այն ստանդարտներն են, որոնք պետք է անպայման ընդունենք համաշխարհային առողջապահության կազմակերպության կողմից։ Եվ դա ճիշտ է եւ ընդունված է ամբողջ աշխարհում։

Կուզեի էֆտանազիայի մասին մի փոքր խոսել։ Այո, մենք դեմ ենք։ Դա մեր երկրացին է արել։ Ես կուզեի, որ մարդիկ իմանային, որ էֆտանազիան դա հիվանդի կամքով մահ ենք տալիս դեղի միջոցով։ Միայն մենք չենք դրան դեմ, այլ ամբողջ աշխարհն է դեմ։ Ինչ վերաբերում է նրան, որ հիվանդը ծանր է, դեղ չկա, դա լրիվ այլ հարց է, բայց հիվանդի կամքով հիվանդին կյանքից զրկել որեւէ բժիշկ իրավունք չունի։ Էֆտանազիա բառը դա հիվանդի ցանկությամբ իր կյանքը դադարեցնելն է։ Դա պասիվ մահը չի։ Այն, ինչ որ վերաբերում է պասսիվ մահվանը, ապա մարդը կարող է կաթիլայինի տակ լինել եւ ամիսների ընթացքում ուղեղը մահացած է, հարազատները ասում են, որ միեւնույն է ուղեղը մահացած է, չի վերականգնվելու, անիմաստ է, ապարատից հանեք, անջատեք, դա լրիվ այլ հարց է։ Էֆտանազիան դա հիվանդի ցանկությամբ մահանալն է, որին մենք դեմ ենք եւ չենք կարող ընդունել։

Այսքանը։ Անչափ շնորհակալ եմ եւ հույս ունեմ, որ մինչեւ 2-րդ ընթերցում բոլոր հարցերի պատասխանները կլինեն եւ կներառենք օրենքում այն բոլորը, ինչ որ դուք ասացիք։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Մենք այնպես ենք հասկանում, որ այն առաջարկությունները, որոնք գրավոր կներկայացվեն ձեզ 1-ից 2-րդ ընթերցման ժամանակահատվածում, դրանք կուսումնասիրվեն հանձնաժողովի հետ համատեղ եւ դրանց ընդունման կամ չընդունման մասին նախապես խորհրդարանը տեղյակ կլինի, որպեսզի 2-րդ ընթերցումը լիարժեք կերպով անցկացնենք։ Շնորհակալություն։

Հարցի քննարկումն այս փուլում ավարտվեց։ Քվեարկույթունը մենք կկազմակերպենք պատեհ պահի, որոնք, ինչպես այսօր առավոտյան նկատեցիք, ավելի ու ավելի հազվադեպ են դառնում այդ պատեհ պահերը մենք ։ Սակայն մենք դեռ ունենք մինչեւ ընդմիջում մի քանի րոպե, եւ ես առնվազն կհասցնեմ ձեզ հայտարարել, թե ի՞նչ ենք քննարկելու հաջորդը։ Քննարկելու ենք կառավարության կողմից ներկայացված «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող մաքսատուրքի զրո տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը, իսկ հարակից զեկուցողը՝ ֆինանսավարկային, բյուջետաիյն եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովից հուսով եմ մեզ տեղյակ կպահի ընդմիջման ընթացքում մեր քարտուղարությունը։ Հիմա, կարծում եմ, սկսելն անիմաստ է, որովհետեւ չի հասցնի հիմնական զեկուցողը այս հարցով ամբողջական զեկույց ներկայացնել։ Այնպես որ, ընդմիջում։ Աշխատանքը կշարունակենք մեկ ժամ հետո։


Ժամը 1430

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, բոլորին հրավիրում ենք դահլիճ։ Ինչպես արդեն հայտարարվեց, քննարկում ենք կառավարության կողմից մի օրենսդրական փաթեթ, որը հիմնական զեկույցի միջոցով կներկայացնի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը։ Խնդրեմ, ամբիոնի մոտ։ Այս հարցի կապակցությամբ, մինչեւ պրն Խաչատրյանը կսկսի, տեղեկացնեմ, որ ինչպես հայտնի դարձավ հանձնաժողովից, ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովից եւ մեր քարտուղարությունից, գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն չի կազմել։ Այսինքն՝ այդպես է վկայում նիստի արձանագրությունը։ Մենք, փաստորեն, լսում ենք հիմնական զեկույցը, եւ գլխադասային հանձնաժողովի հարակից զեկույց այս հարցի քննարկման ընթացքում չի լինելու։ Խնդրեմ, պրն Խաչատրյան։

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Հարգարժան նախագահող, հարգելի պատգամավորներ, 1-ին ընթերցմամբ քննարկելու նպատակով ձեզ է ներկայացված «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող մաքսատուրքի 0 % դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին», որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում, «....ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ինչպես նաեւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք մեկ փաթեթով են ներկայացվում քննարկման։

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն հանգամանքի վրա, որ սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսվում է նոր խմբագրությամբ հաստատել այն ապրանքատեսակների ցանկը, որոնց համար ավելացված արժեքի հարկը մաքսային սահմանին, ներմուծման պահին չի կատարվում։ Այսինքն՝ բաժանված տեքստում դուք տեսնում եք այն ծածկագրերը, որոնք շարունակելու են լինել սահմանին ավելացված արժեքի հարկով չհարկվող, այս օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո ընկած ժամանակահատվածում։

Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ այն պայմաններին կամ խնդիրներին, որոնցով պայմանավորված է սույն օրենքի նախագծով ներկայացված փոփոխությունների ընդունումը։ Ասեմ, որ ներմուծվող ապրանքների համար հարկումը ՀՀ հարկային օրենսդրության մեջ կիրառություն ունի 1997 թվականից, եւ այս տարիների ընթացքում այն եղել է ոչ բոլոր ապրանքատեսակների համար։ Միեւնույն ժամանակ այս տարիների ընթացքում եղել է սահմանին հարկվող ապրանքների ավելացում, այն հիմնական պատճառաբանությամբ, որ հարկման անհավասարություն է առաջանում տեղական արտադրողների եւ ներմուծողների միջեւ, այն ապրանքատեսակների մասով, որոնք կարող են արտադրվել եւ՛ Հայաստանում, եւ՛ ներմուծվել։ Ես բերեմ միայն մեկ օրինակ։ Եթե Հայաստանում պլաստմասաից հումք օգտագործող տնտեսավարող սուբյեկտը հնարավորություն ունի գնել այդ հումքը, իր արտադրությունը կազմակերպելու համար, եւ Հայաստանում գործող արտադրող կազմակերպությունից, կամ հնարավորություն ունի այդ հումքը ներկրել Հայաստանից դուրս, մատակարար հանդիսացող որեւէ կազմակերպությունից, եւ այդ հումքը նախատեսված է, որ չպետք է հարկվի մաքսային սահմանին, ապա նա կգերադասի ներկրել այդ հումքը եւ չվճարել ավելացված արժեքի հարկ, քան այդ հումքը ձեռք բերել տեղական արտադրողից։ Որովհետեւ, եթե հումքը ձեռք է բերվում տեղական արտադրողից, ապա գործարքի ժամանակ վճարվում է նաեւ ավելացված արժեքի հարկ, ինչը դեռեւս այդպես չէ այն ապրանքատեսակների մասով, որոնք ներմուծվում են, առանց սահմանին հարկեր վճարելու։ Սա այն անհավասարությունն է, որ գոյություն ունի հարկման դաշտում, եւ որոշ ժամանակի ընթացքում կրճատվել է։ Ես նշեցի, որ 97 թվականից ի վեր, ժամանակ առ ժամանակ այս հարկազատման ռեժիմում գտնվող ապրանքատեսակների ցանկն աստիճանաբար նվազեցվել է, նկատի ունենալով, որ նման անհավասար հարկային պայմանները պետք է նվազագույնի հասցնել։ Այնուամենայնիվ, դրանք բացառված չեն այսօրվա դրությամբ, եւ այս օրենքն ընդունելուց հետո նույնպես որոշակի հարկազատումները շարունակելու են մնալ, իսկ սա պայմանավորված է իր հերթին այն պատճառաբանությամբ, որ տեղական արտադրություն կազմակերպող բազմաթիվ տնտեսավարող սուբյեկտներ դեռեւս մեծապես կախված են դրսից մատակարարվող ապրանքների ներմուծման պայմաններից, եւ հավասար այլ պայմաններում, եթե մինչ այժմ այդ ներմուծվող ապրանքները չէին հարկվում ավելացված արժեքի հարկով, ապա հարկի ի հայտ գալը կամ հարկ վճարելու պահանջ ներկայացնելը որոշակի, լրացուցիչ ֆինանսական պահանջների անհրաժեշտություն է առաջացնում այդ տնտեսավարող սուբյեկտների համար։ Եվ դա է պատճառը, որ մյուս կողմից, մենք այս ճանապարհին որդեգրած ենք եղել աստիճանական մոտեցում, եւ փորձում ենք այդ խնդիրը լուծել ոչ թե միանգամից, այլ ժամանակի ընթացքում, որպեսզի նաեւ տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն ստացած լինեին, իրենց հետագա ձեռնարկատիրական որոշումները նախապատրաստել այն միջավայրին, որը նախատեսվում է, որ պետք է լինի միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածում։ Իսկ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածում, ես կարծում եմ, որ մեկ անգամ չէ, որ կառավարությունն առիթ է ունեցել ԱԺ-ում ներկայացնել իր նկատառումները։ Դա այն է, որ պետք է բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծված լինեն համահավասար պայմաններ, եւ պետք է արպանքների հարկումը կատարված լինի սահմանին։ Բացառություն, իհարկե, Աժ-ի հետ միասին քննարկումների արժյունքում կառավարությունը կայացրեց սարքավորումների մասով, որի դեպքում 2005 թվականի ընթացքում, այս տարվա գարնանն օրենքում ամրագրվեց դրույթ։ Այդ դրույթով նախատեսվում է, որ սարքավորումների ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկումը պետք է հետաձգված լինի։ Ինչու՞մն էր պայմանավորված այսպիսի առանձնահատուկ մոտեցման անհրաժեշտությունը, ես եւս մեկ անգամ հարկ եմ համարում հիշեցնել, այն հանգամանքով, որ սարքավորումների ներկրման ժամանակ տնտեսավարող սուբյեկտը դա տարանջատելու, մասերի վերածելու հնարավորություն չունի, եւ եթե արտադրություն է ցանկանում կազմակերպել, ապա ստիպված է վճարել սարքավորման կամ ամբողջ հոսքային գծի համար միանգամից, այլապես իր արտադրությունը գործարկել չի կարող։ Հասկանալով, որ նման արտադրություններ կազմակերպելու դեպքում, մեկանգամյա ներդրումների պահանջն առաջ է բերում նաեւ մեկանգամյա մեծ հարկ վճարելու անհրաժեշտություն, մենք ԱԺ-ի հետ համաձայնեցված եղանակով նախատեսեցինք այնպիսի մոտեցում, որ փոքր արժեքի սարքավորումների դեպքում այդպիսի հարկի վճարը երկարաձգելու արտոնություն կտրվի մեկ տարի ժամկետով։ Դա մինչեւ 70 մլն դրամ մաքսային արժեքով սարքավորումների ներկրման դեպքում էր, իսկ ավելի մեծ արժեքի սարքավորումների դեպքում 2 տարի ժամկետով։ Սա էլ այն առանձնահատուկ մոտեցումն էր, որ այս տարվա ընթացքում սահմանված է եղել սարքավորումների ներկրման դեպքում, ինքն աստիճանաբար պետք է տարածվի ընթացիկ օգտագործման ապրանքներ չհամարվող ապրանքախմբերի համար։

Այս փաթեթի մյուս մասը կազմող՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նույնպես այս համակարգին է վերաբերում, որով նախատեսվում է, որ 5 ապրանքատեսակներ, որոնց ծածկագրերը նշված են այս օրենքի նախագծում, կդասվեն այդ հարկը հետաձգելու խմբին։ Այնուամենայնիվ, մեկ բացառություն ժամանակի ընթացքում անհրաժեշտ է լինելու կատարել նաեւ սարքավորումների մասով։ Դա վերաբերելու է հետեւյալին։ Եթե ներմուծվող ապրանքատեսակները կլինեն անգամ ոչ ընթացիկ, այլ կապիտալ բնույթի ապրանքատեսակներ, բայց որոնց արտադրությունը կազմակերպվում է Հայաստանում, ապա դրանք նույնպես մենք կառաջարկենք, որ հարկվեն սահմանին։ Ես արդեն նշեցի, որ դրա հիմնական պատճառն այն է, որ ունենալով տեղական արտադրող մրցակից եւ չվճարելով հարկն այդ ապրանքատեսակի համար, ներմուծողը լինում է հարաբերականորեն ավելի բարենպաստ պայմաններում, ինչը չի բխում այդ դաշտում հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակից։ Եղել է այս տարիների ընթացքում հետեւյալ քննարկումը, որ համահավասար հարկային պայմաններ ապահովելու ճանապարհին կատարվող վարչարարական այս փոփոխությունը կարող է բացասաբար ազդել տնտեսավարող սուբյեկտների ակտիվության վրա։ Մենք համաձայնվում ենք, որ հավասար այլ պայմաններում, իհարկե, հարկը սահմանին վճարելու պահանջը նշանակում է, որ տնտեսավարող սուբյեկտը կունենա լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ, եւ չենք կարող ասել, որ դա չի կարող բացասաբար չազդել տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքների վրա։ Սակայն նույն այս տարիների դատարկումները ցույց են տալիս, որ այդ ազդեցությունը փոխանցվում է այն տնտեսական օգուտների հաշվին, որոնք տնտեսավարող սուբյեկտներն այս տարիների ընթացքում ունեն բարձր տնտեսական աճի արդյունքում եւ պայմաններում։ Ես կարող եմ բերել թվային օրինակ, որ հասկանալի լինի, թե ինչ եմ ասում։

2003 թվականի սկզբին հարկումը սահման տեղափոխվեց 32 մլրդ, մաքսային արժեքով, ապրանքների համար։ 2004 թվականի արդյունքներով այդ ապրանքների մաքսային արժեքը հասել է 37 միլիարդի։ Այսինքն, չնայած, այն հանգամանքին, որ մինչեւ 2003 թվականն այդ ապրանքատեսակները չէին հարկվում, նշված ապրանքները հարկվելուց հետո արժեքով ավելացել են, ավելի քան, 20 %-ով, այն ժամանակահատվածում, երբ ընդհանուր ապրանքային ներմուծման աճը կազմել էր ընդամենը 8,5 %։ 1-ին հայացքից սա կարող է զարմանալի եւ չբացատրվող թվալ, բայց դրա պարզ բացատրությունն այն է, որ տնտեսական միջավայրն այսօր այնպիսին է, որ ձեռնարկություններն արձանագրում են բարձր տեմպերով աճ, եւ անկախ այն հանգամանքից, որ որոշակի ապրանքատեսակներ սկսել են հարկվել սահմանին, այդ օգտագործվող ապրանքների պահանջն ավելացել է։

Եվ մեկ կարեւոր հանգամանք, որը նույնպես չափազանց մեծ նշանակություն ունի հարկային վարչարարության ոլորտում, բարեփոխումների ընտրության պահի իմաստով, այն է, որ նման փոփոխությունները պետք է կատարել այն ժամանակահատվածում, երբ տնտեսությունն արագ է աճում։ Այս քննարկումներն ԱԺ-ում կլինեին ավելի դժվար, եւ նման վարչարարական առաջընթաց արձանագրելու քայլն ավելի դժվար բացատրելի, եթե մենք ունենաինք ցածր տնտեսական ակտիվություն եւ իրապես մեծ լինեին այն վտանգները, որ կարող են այսպիսի գործողությունները կասեցնել տնտեսական աճը։ Այս տարիներին արձանագրված բարձր տնտեսական արդյունքները վկայությունն են այն բանի, որ նման փոփոխություններ կատարելու եւ հարկաոյին վարչարարությունը բարձրացնելու քայլերը ժամանակի իմաստով ճիշտ են ընտրված եւ արդարացնում են իրենց։

Սրանք այն հիմնական նկատառումներն են, որ ես կուզեի ներկայացնել օրենքի բովանդակային կողմի վերաբերյալ։ Կարծում եմ, որ կլինեն բազմաթիվ հարցեր պատգամավորների կողմից, որոնք վերաբերում են առանձին ապրանքատեսակներն այս ցանկում ներառելուն կամ չներառելուն։ Մենք ունենք որոշակի պարզաբանումներ դրանցից յուրաքանչյուրի կապակցությամբ, սակայն ես հայտնում եմ նաեւ, որ պատրաստ ենք լինելու օրենքի նախագիծը 1-ից 2-րդ ընթերցում ընկած ժամանակահատվածում քննարկել պատգամավորների բոլոր այն առաջարկությունները, որոնք գրավոր ձեւով կստացվեն, եւ կվերաբերեն նույն սկզբունքների ներքո որոշակի ճշգրտումներ կատարելուն։ Շնորհակալ եմ։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Խաչատրյան։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանին հարցերով դիմելու համար խնդրում եմ հերթագրվել։ Հերթագրվել են բազմաթիվ պատգամավորներ, 7, երեւի, Կարեն Կարապետյան, Հովհաննես Մարգարյան, Սամվել Շահգալդյան, Հռիփսիմե Ավետիսյան, Գագիկ Մխեյան, Գագիկ Ավետյան, Վլադիմիր Բադալյան։ Խնդրեմ, պրն Կարապետյան, ձեր հարցը։

Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Պրն Խաչատրյան, եթե դուք հիշում եք, ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովում լուրջ քննարկման առարկա է դարձել, եւ որի վկայությունն այն էր, որ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց այս հարցի կապակցությամբ։ Շատ հարցեր, այնտեղ, որտեղ բարձրացրել ենք եւ լուրջ քննարկում ենք ծավալել, չէի ուզենա այդ հարցերին անդրադառնալ, ուղղակի, մի քանի հարցեր, որոնք ինձ այս պահին նույնպես հետաքրքրում են։

Օրենսդրական տեխնիկայի կտրվածքով չե՞ք կարծում, որ օրենքը բավականին բարդ է գրված, որ մեր համար շատ դժվար է հասկանալ, թե ո՞ր ապրանքատեսակներին է վերաբերում, որ պետք է տեղափոխվեն մաքսային սահման, որը պետք է մնա ընդհանուր հարկման դաշտում։ Առավել եւս, մենք մի հանգամանք հաշվի չենք առնում, որ բացի պատգամավորներից կամ գործադիր մարմնի ներկայացուցիչներից, բազմաթիվ տնտեսավարողներ, որոնք գործում են տնտեսական դաշտում, շատ լուրջ դժվարությունների առաջ կկանգնեն՝ թեկուզ այս փաստաթուղթն ուսումնասիրելու առումով, եւ թեկուզ նմանատիպ փաստաթղթեր, որոնք ընթացքում, 2003-2004 թվականներին մենք ընդունել ենք, եւ տարընթերցումների, տարամեկնաբանությունների կարիք կարող է առաջանալ այդ հարցերի վերաբերյալ։

2-րդ հարցը վերաբերում է հետեւյալին։ Մենք նոր ընդունեցինք բյուջեն։ Սովորաբար խաղի կանոնները տարեվերջին սահմանվում է, որպեսզի տնտեսավարողների համար կանխատեսելի դաշտ լինի, եւ տնտեսավարողը, գոնե, մեկ տարվա կտրվածքով պատկերացնի, թե իր տնտեսությունն ինչպես ձեւավորի, ֆինանսական հոսքերն ինչպես կառավարի, որպեսզի շահութաբեր տնտեսություն ապահովի։ Տվյալ դեպքում բյուջետային փաթեթը մենք բերեցինք, համապատասխան օրենքները, որոնք հնարավորինս ապահովում էին բյուջետային մուտքերը եւ հոսքերը, այսօր բյուջեն ընդունելուց հետո այս փաստաթուղթն ենք բերում։ Չե՞ք կարծում, որ այն ժամանակ ավելի լավ կլիներ բերվեր այս փաստաթուղթը, քանզի բավականին լուրջ գումարների մասին է խոսքը գնում, տեղափոխել մաքսային սահման։ Իմ մոտավոր հաշվարկներով, 38 միլիարդի մասին է խոսքը, միգուցե դուք կուղղեք ինձ։

Հաջորդ խնդիրը։ Դուք ձեր հիմնավորումների մեջ նշում էիք, որ այս մոտեցումը ելնում է Աղքատության հաղթահարման ռազմավարությունից։ Ես բոլորովին համամիտ չեմ այդ մոտեցման հետ, եւ ընդհակառակը, տրամաբանորեն հակառակ կարծիքն ունեմ, որ այս տարիների ընթացքում կխորացնի աղքատությունը, եւ ոչ թե Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին աջակցելու համար է այս օրենսդրական նախաձեռնությունը։ Նմանատիպ թվերը, որոնք պետք է ծառայեն՝ որպես ինվեստիցիա, տնտեսության համար, դեռ տնտեսավարողն իր տնտեսական գործունեությունը չծավալած, իր ձեռքից վերցնում եք մոտ 100 մլն դոլարի արժողության գումարներ, որոնց զրկում եք այդպիսի ինվեստիցիաներ կատարելու մեր երկրում։ Ես կարծում եմ, որ ձեր հիմնավորումը զուտ դեկլարատիվ է, եւ որեւէ հիմքեր չի պարունակում ձեր վերաբերմունքը։

Հաջորդ խնդիրը։ Գյուտատնտեսության բնագավառի հետ կապված, 2009 թվականից մենք արդեն տեղափոխվում ենք ավելացված արժեքի հարկման դաշտ։ Այս կտրվածքով ապրանքներ են հանդես եկել այստեղ, մասամբ, որոշ պարարտանյութերի տեսակներ, որոշ սերմեր, որոշ մեքենաներ, տրակտորներ, կաթի վերամշակման գործիքներ եւ մեխանիզմներ։ Չե՞ք կարծում, որ ձեր վերը նշված սկզբունքներին ամբողջփությամբ հակասում են այս ամրագրումները։ Եվ արդյունաբերության բնագավառում որոշ կիսաֆաբրիկատներ, որոնք մեզ մոտ գոյություն չունեն, եւ դրանք տեղ են գտել, ինչպես նաեւ մեխանիզմներ եւ մեքենասարքավորումներ։ Իսկ, ընդհանուր առմամբ, ես չեմ տեսնում այստեղ տնտեսական քաղաքականություն, ես ընդամենը հասկանում եմ մեկ բան, որ պետությանն այսօր գումար է պետք, եւ միայն ֆիսկալ կողմն է ուզում ապահովել, եւ ընդամենը մեկ բառով տպավորիչ, եթե ասեմ, «պապայի արեւ, ինձ փող է պետք, փող տվեք, որպեսզի ես կարողանամ ծախսեր անել»։ Այդպես մենք տնտեսավարող չենք ունենա, այդպես մենք վաղը բյուջե չենք կարող համալրել։

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն հարցերի համար։ Օրենսդրական տեխնիկայի իմաստով ոչինչ չի փոխվել։ Այսօր նույնպես սահմանին չհարկվող ապրանքների կազմը հաստատված է օրենքով, այն նույն սկզբունքներով, որ ներկայացված է սույն նախագծով։ Օրենքը նախատեսում է, թե ո՞ր խումբը կամ ո՞ր ենթախումբը պետք է լինի չհարկվող, եւ դրանից բացառություններ են արվում 6 կամ 8 նիշ ապրանքատեսակների մասով։ Մենք չէինք կարող այլ տեխնիկա օգտագործել, դա նույն տեխնիկան է, ինչ որ օրենքում է գրված։

Իսկ այն հանգամանքը, որ մենք ներկայացրել ենք նոր օրենքի նախագիծ, կամ հոդվածը շարադրել ենք նոր խմբագրությամբ, պայմանավորված է «Իրավական ակտերի մասին» օրենքի պահանջով, որը պարզապես պահանջում է, որ եթե օրենքում կատարվող փոփոխությունների ծավալն այնքան մեծ է, որ դրանում փոփոխությունների տողերը կարող էին գերազանցել օրենքի ամբողջ ծավալին, ապա պետք է այն ներկայացվի նոր խմբագրությամբ։ Եվ մենք հետեւել ենք «Իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին, հոդվածի խմբագրությունը վերաշարադրված, ԱԺ-ի հաստատմանը ներկայացնելով։

Ձեր 2-րդ հարցի կապակցությամբ։ Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը նույնպես, ես նշեցի կառավարության տեսակետն այն իմաստով, որ սա ապրանքների հարկման պահի տեղափոխությունն է դեպի մաքսային սահման, եւ ուղիղ իմաստով, երբ որ հարկը վճարվում է սահմանին, հավասար չափով այն նվազեցվում է նույն տնտեսավարող սուբյեկտի կողմից, նույն ամսվա արդյունքներով, վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարից։ Այսինքն՝ գումարային իմաստով տեղի է ունենում միայն այն, որ հարկային մարմիններին հարկ վճարելու փոխարեն տնտեսավարող սուբյեկտը վճարում է մաքսային սահմանի վրա։ Հետեւաբար, այնպիսի փոփոխություններ պետական բյուջեում չի առաջացնում, ինչի պատճառով անհրաժեշտ լիներ օրենքի նախագիծը քննարկել պետական բյուջեն քվեարկելուց առաջ։ Իսկ «Բյուջետային համակարգի մասին» օրենքի նշված պահանջը վերաբերում է այն դեպքերին, եւ ես կարծում եմ, նպատակ ունի կարգավորելու այն խնդիրը, որ եթե «Պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված հարկային եկամուտների մի մասը պետք է հավաքվեր նշված օրենքի ընդունմամբ, ապա պետք է ԱԺ-ն նախապես վերաբերմունք հայտնած լիներ նշված օրենքի, այդ ուղեկցող կամ ապահովող օրենքի կապակցությամբ։ Սա այն դեպքն է, երբ օրենքի նախագիծը հստակ նպատակ ունի բարելավել հարկային վարչարարությունը, սակայն այդ իմաստով պետական բյուջեի վրա մեծ եկամտային ազդեցություն չի թողնելու։

Դուք նշեցիք 100 մլն դոլարի մասին, այդպիսի բան չկա, ընդամենը 35-37 մլն դրամ, մաքսային արժեքով, ապրանքների հարկում է լինելու, տեղափոխված մաքսային սահման, ինչը նշանակում է, որ հավասար այլ պայմաններում վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը կազմելու է մինչեւ 7,5 մլրդ դրամ։ Դա 20 մլն ԱՄՆ դոլարից ավելի պակաս գումար է։ Բխու՞մ է արդյոք Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի նպատակադրումներից, թե՞ ոչ, հանձնաժողովում ես ասած կլինեմ, որ այո, դա այդ նպատակներին համահունչ է, իսկ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի հիմնական նպատակադրումներից մեկը՝ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման շնորհիվ հարկային եկամուտների ավելացումն է, որը դուք արդեն հաստատել եք 2006 թվականի պետական բյուջեով։ Այս իմաստով սա մի քայլ է, որ պետք է ապահովի նաեւ վարչարարական բարելավումների արդյունքում, պետական բյուջեին համահունչ, համընթաց կատարումը։ Հետեւաբար, նպատակի քննարկմամն տեսակետից այն չի հակասում նպատակներին։

Գյուղատնտեսության հարկման իմաստով 2009 թվականին, ճիշտ է, նախատեսվում է գյուղատնտեսության հարկում նաեւ ավելացված արժեքի հարկով, սակայն մենք մտածում ենք, թե ինչպիսի առանձնահատուկ մեխանիզմներ պետք է լինեն, որ տնտեսավարող սուբյեկտներն այդ անցումից էական վնասներ չկրեն, սակայն դուք նշեցիք մի շարք գործիքների եւ սարքավորումների մասով։ Եթե դուք կունենաք կոնկրետ առաջարկություններ այնպիսի ծածկագրերի վերաբերյալ, որոնք հիմնական սկզբունքների ներքո որոշակի ճշգրտումներ են մտցնում, մենք պատրաստ ենք լինելու այդ առաջարկություններին արձագանքել։ Ես կառաջարկեի, որ կոնկրետ ծածկագրերին վերաբերող քննարկումները մենք տեղափոխեինք 1-ից 2-րդ ընթերցում ընկած ժամանակահատված։

Տնտեսական քաղաքականության իմաստով, ես կարծում եմ, շարադրեցի այն հիմնական մոտեցումները, որոնք դրված են սույն օրենքի նախագիծն ԱԺ բերելու հիմքում։ Դա ամենեւին պայմանավորված չէր այն հանգամանքով, որ փող է պետք։ Ինչքան փող որ պետք էր, կառավարությունն օրենքով ներկայացրել է 2006 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքն ԱԺ բերելուց, եւ դրան, կառավարության ներկայացրած նախագծին ԱԺ-ն արդեն հաստատում տվել է։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Պարզաբանման համար, պրն Կարապետյան։

Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Ես այս տարիների ընթացքում երբեք չեմ նկատել, որ մեր տնտեսական քաղաքականությունն ունենա 2 կողմ, պետություն-տնտեսավարող հարաբերությունները պետք է դիտարկել 2 կողմ, եւ պետությունը որոշակի պարտավորություններ ունի նաեւ տնտեսավարողների նկատմամբ, եւ ոչ թե ամբղջությամբ, միշտ տնտեսավարողները պետք է ունենան պարտավորություն պետության նկատմամբ։ Ձեր բերած ցանկացած օրենքի մեջ, եթե որեւէ անգամ դուք փորձեք, շատ հազվադեպ այդպիսի դեպքեր կլինի, բայց որեւէ անգամ դուք փորձեք, որ այս երկու շահերը ներկայացնել, ես ընդամենը ուրախ կլինեմ։ Այս դեպքում ես ընդամենը ֆիքսեցի, որ նույն մոտեցումն է, արատավոր մոտեցումը, ֆիսկալ կողմ, միայն ֆիսկալ կողմ։

2-րդը՝ օրենսդրական տեխնիկայի առումով հարցադրումը, եթե դուք նկատեցիք այս, ինչը ներկայացված է, եւ տարիների ընթացքում բավականին բարդ է եւ խրթին։ Եվ ես ոչ թե ասում եմ, որ այս փաստաթուղթն է ընդամենը խրթին, այլ մայր օրենքի մեջ սկզբունքները պետք է փոխել, որ ամեն մի տնտեսավարող 10 հատ իրավաբան էլ չպահի, որ կարողանա այս օրենքների հետ աշխատի, այլ հնարավորինս իրեն համար պետք է տեսանելի լինի այս դաշտը, այլապես տարամեկնաբանությունների կարիք կարող է առաջանալ։ Լավ, շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Խնդրեմ, պատասխանեք։

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Ես կարձագանքեմ միայն 2-րդ հարցադրմանը։ Պրն Կարապետյան, երբ դուք հանդես կգաք նույն տեխնիկան պարզեցնելու նախաձեռնությամբ, մենք պատրաստ ենք ձեզ հետ միասին աշխատել եւ այդ օրենքի համապատասխան հոդվածը շարադրել ավելի պարզ շարադրանքով։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Զգուշություն դրսեւորեք մյուս անգամ։ Խնդրեմ, պրն Կարապետյան։

Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Պրն Խաչատրյան, հենց դրա համար էլ ԱԺ-ն ձեզ այնտեղ նշանակել է, որ դվուք այդ առաջարկություններով ներկայանաք, եթե դրա կարիքը կլինի, մենք էլ կմիանանք ձեզ։ Դուք փորձեք այդ նախաձեռնությունը ցուցաբերել, որի լուրջ եւ կարեւոր պատասխանատուն դուք եք, որի ընթացքում մենք կմտածենք, կմիանա՞նք, թե՞ չէ։ Լավ կլինի հուշումներով չզբաղվենք, մեկս մյուսին։

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորահակալ եմ։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հաջորդ հարցի համար ձայնը տրվում է Հովհաննես Մարգարյանին, խնդրեմ։

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Նախ ինչքան որ ես ուսումնասիրել եմ, եզակի դեպքեր են լինում, նմանատիպ դեպքեր շատ քիչ կարելի է հիշել, որ համապատասխան գլխադասային հանձնաժողովը ոչ դրական եզրակացություն է տալիս ներկայացված օրենքի նախագծին։ Ինձ թվում է, որ պատգամավորներիս այդ կարծիքը շատ կարեւոր է։ Այս առումով ես կփորձեմ մանրամասն տեղեկանալ այն հանգամանքներին, ի՞նչն է եղել առիթ, որպեսզի ավելի մասնագիտորեն ծանոթանամ, քանի որ այդ հանձնաժողովները մասնագիտացված մոտեցում են ցուցաբերում։

Օրենսդրական տեխնիկայի առումով ինչպե՞ս եք դուք գտնում, ճի՞շտ չէր լինի, որ այս հսկայածավալ, նոր ներկայացված ցանկը հստակ նշվեր փոփոխությունների տեսքով։ Սա ավելի կհեշտացներ մեր աշխատանքը, եւ միանգամից կարելի էր ծանոթանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Սա 1-ին հարցս։

2-րդը՝ ես կուզենայի, պրն Խաչատրյան, որպեսզի դուք համեմատություն կազմեիք, այստեղ նշվեց, իհարկե, որ ավելի հստակեցվում է տեղական հումք արտադրողների եւ դրսից ներմուծողների հետ կապված։ Այստեղ մենք հնարավորություն չե՞նք ընձեռում, որ տեղական հումք արտադրողն էլ ավելի բարձրացնի իր հումքի արժեքը։

Եվ 2-րդը՝ հնարավորություն չե՞նք ընձեռում, որ այն արտադրողը, որը հումքը ներ է մուծում եւ արտադրում է, որպեսզի միանգամից պատրաստի արտադրանք ներմուծի։ Եվ սրանով արդյոք մենք չե՞նք խթանի գործազրկության ավելացմանը մեր երկրում։

Հաջորդը՝ արդյոք ի՞նչ նմանություն եւ ի՞նչ տարբերություն կա, հիմա տնտեսավարող սուբյեկտների անունները փոխվել են, բայց, ըստ էության, մնացել են նույնը իրենց ֆունկցիոնալ գործալաոճով։ Նախկինում գործող գործարաններից, ֆաբրիկաներից եւ կոմբինատներից ինչո՞վ են տարբերվում այս տնտեսավարող սուբյեկտները։ Եվ նմանատիպ մոտեցումը կախվա՞ծ է թվարկածս երեք կազմակերպությունների ֆունկցիոնալ տարբերությունից։ Ես դրանից հետո նոր կանդրադառնամ իմ հաջորդ հարցին։

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալ եմ, պրն Մարգարյան։ 1-ինը, ես կարծում եմ, որ այդպիսի բան չկա, որ հանձնաժողովը տալիս է ոչ դրական եզրակացություն, հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն կամ չի տալիս։ Հանձնաժողովում քննարկումը եղել է ոչ թե քառօրյային նախորդող ուրբաթ օրը, այլ իմ գործուղման մեջ գտնվելու պատճառով այդ քննարկումը հետաձգվել էր երկուշաբթի։ Հիմնական զեկուցող ես էի նշանակված կառավարության կողմից, պարզապես, տեխնիկական պատճառով ուրբաթ օրը քննարկում չի եղել։ Երկուշաբթի, լինելով քառօրյա նստաշրջանի նիստից առաջ, կարծում եմ, որ պատգամավորների մի մասը, ուղղակի, հնարավորություն չեն ունեցել մասնակցելու։ Այդ պատճառով շատ քիչ ձայներ պակասեցին, որ առկա լիներ հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Ես չեմ կարծում, որ դա նշանակում է հանձնաժողովի բացասական եզրակացություն նախագծի վերաբերյալ, բայց չեմ մեկնաբանում դա։ Փաստն այն է, որ դրական եզրակացությունը հանձնաժողովի նախագծի կապակցությամբ չկա։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Խնդրում եմ, պրն Կարապետյան, մի միջամտեք։ Տեղեկացնեմ, ուղղակի, որ մեր կանոնակարգն ընդհանրապես «բացասական եզրակացություն» տերմին չունի, նա կամ ունի դրական կամ չունի, հիմա տվյալ դեպքում դրական չկա։ Ընդամենը սա ենք ասում, մենք չենք ասում բացասական եզրակացություն, եւ էմոցիոնալ արտահայտությունները որոշ պատգամավորների, թող ձեզ չշեղեն։

Վ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալ եմ։ 2-րդ հարցի կապակցությամբ։ Օրենսդրական տեխնիկայի իմաստով, ցավոք, լինում են դեպքեր, երբ ստիպված ես լինում փոփոխությունների մեծ ծավալի պատճառով ներկայացնել տեքստի նոր խմբագրություն։ Ես պատրաստ եմ 1-ից 2-րդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, այս նիստից հետո ձեզ տալ տեղեկանք, թե ի՞նչ ապրանքատեսակներ են հատկապես, որ բացակայում են նոր ցանկում եւ եղել են նախկինում։ Ես նշեցի հիմնական կողմի մասին։ Այդ ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմում է մոտ 35 մլրդ դրամ, իսկ թե ի՞նչ է այդ ապրանքների բացվածքը, դրանք հիմնականում միջանկյալ սպառման ապրանքներ են։

3-րդ հարցի կապակցությամբ։ Ես կարծում եմ, որ Հայաստանում ներմուծմանը փոխարինող արտադրություններ, հավանաբար, կավելանային ավելի շատ, եթե այդ ապրանքատեսակների համար սահմանին հարկում նախատեսված լիներ, այնպես, ինչպես արտադրողի համար։ Որովհետեւ, եթե պատկերացնենք որեւէ ապրանք, որ այսօր ներ է մուծվում Հայաստան, առանց հարկվելու, վաղը տնտեսավարող սուբյեկտը ցանկություն ունենա այդ արտադրությունը հիմնել, նա ի սկզբանե գիտի, որ ինքը գտնվելու է անհավասար մրցակցային պայմաններում, որովհետեւ իր արտադրանքը պետք է վաճառվի ավելացված արժեքի հարկով, իսկ ներմուծվող նույն ապրանքն առանց ավելացված արժեքի հարկի։ Հետեւաբար, չկա այս օրենքի նախագծի մեջ որեւէ դրույթ, որը որ կնպաստեր կամ կազդեր այն հանգամանքի վրա, որ գործազրկությունն ավելանար, բայց հակառակը, եթե այս վիճակը շարունակվում է, հավանաբար, ներմուծմանը փոխարինող արտադրությունների հիմնումը եւ զարգացումն ուշանում է։ Սա է վիճակը։

Իսկ ձեր 4-րդ հարցի կապակցությամբ, ճիշտն ասած, ես պետք է լրացուցիչ պարզաբանում խնդրեմ, որովհետեւ չկարողացա լավ պատկերացնել, թե իրավակազմակերպական իմաստով դրանք կոմբինատնե՞ր են կոչվել, թե՞ ֆաբրիկաներ, թե ներկայում ի՞նչ են կոչվում, ի՞նչ փոփոխություն կարող է պայմանավորված լինել այս օրենքով։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Պարզաբանման համար ձայն եք ուզու՞մ, պրն Մարգարյան։ Խնդրեմ։

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Իհարկե, ես իմ ելույթում կանդրադառնամ, որովհետեւ 1 րոպեն բավական չի լինի, որպեսզի ավելի հստակեցնեմ եւ ակնկալվող պատասխանն ստանամ։ Նախ ասեմ, որ ես համակարծիք եմ պրն Հովհաննիսյանի հետ, եւ ես կուզեի ասել այն մասին, որ ոչ ոք չասաց բացասական եզրակացություն։ Մենք քաջատեղյակ ենք կանոնակարգին եւ, ըստ էության, Սահմանադրությանը, որտեղ գլխադասային հանձնաժողովները տալիս են դրական եզրակացություն, իսկ երբ չեն տալիս, դա անվանում ենք ոչ դրական եզրակացություն։ Այստեղ բացասականի մասին խոսք լինել չի կարող։

2-րդը՝ պատահական չէր իմ հարցը, ինչո՞վ են տարբերվում, ինչու՞ է մեկը կոչվել կոմբինատ, մեկը գործարան, մեկը ֆաբրիկա։ Սրա մեջ իրենց գործունեության ֆունկցիոնալ, այսինքն՝ արտադրանք թողարկելու եւ այլն, կան տարբերություններ, որոնց ես իմ ելույթում կանդրադառնամ։ Սրանք պատահական չեն եղել, որովհետեւ իր էությամբ է տարբերվել ֆաբրիկան գործարանից, գործարանը կոմբինատից։ Սրա հետ կապված, ուղղակի, ուզում էի ասել, ըստ ձեզ, դուք ի՞նչ տարբերություն եք գտնում, քանի որ շատ հաճախ տվյալ արտադրողի մոտ, իրեն արտադրած պատրաստի արտադրանքը հետագայում իրեն համար հումք է դառնում։ Սրան էր միտված իմ հարցը։

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Ես ձեր 4-րդ հարցին կարձագանքեմ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի շրջանակներում։ Օրենքը նախատեսում է, որ ներտնտեսային առաքումներն ավելացված արժեքի հարկով հարկվող օբյեկտ չեն։ Այսինքն՝ եթե մեկ իրավաբանական անձի, անկախ այն հանգամանքից, նա կոմբինատ է կոչվում, գործարան է կոչվում, թե ինչ է կոչվում, երկու տարբեր արտադրական ստորաբաժանումների միջեւ տեղի է ունենում ապրանքների առաքում, ապա այդ առաքումն ավելացված արժեքի հարկով հարկվող գարծարք չէ։ Ներկայում դա այդպես է եւ այդ իմաստով ոչինչ չի փոխվում։ Սեփականության իրավունքի փոփոխություն տեղի ունենալու պահին է միայն, որ առաջ է գալիս ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հաջորդ հարցի համար ձայնը տրվում է Սամվել Շահգալդյանին։

Ս.ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

-Պրն Խաչատրյան, համենայնդեպս, ես կխնդրեի հանձնաժողովի ոչ դրական եզրակացության պատճառը կոնկրետ նշեիք, թեկուզ փոքր թվաքանակով պատգամավորների ներկայությունը։ Ի՞նչն է պատճառը։ Սա 1-ին հարցը։

2-րդը՝ ի՞նչ սկզբունքով առանձնացվեցին զրոյական համարվող տեսականիները, դրա սկզբունքը։

3-րդ հարցս վերաբերում է, ասենք, ձեր տված առաջարկվող ցանկը, ներկայացված ցանկը եւ գործող ցանկը։ Իմ կարծիքով, բավականին բարդություն առաջացնում է, ես կիսում եմ իմ գործընկերների կարծիքը։ Կարելի էր տալ ցանկ, որն առանձնացվում է, ավելի տեսանելի կլիներ համեմատելու տեսանկյունից։

Եվ վերջին հարցը։ Ձեզ չի թվու՞մ, որ ոլորտները, որի արդյունքում ներկրվող ապրանքների շնորհիվ աճ է նկատվում, մենք փորձում ենք մեխանիզմներ մտածել, այդ աճը կամ հասցնել 0-ի, կամ ընդհանրապես աճ չլինի, եւ դա չի տա՞ հնարավորություն, ասենք, որոշ գործարար մարդկանց մենաշնորհի հնարավորություն նվաճելու, իսկ որոշ գործարար մարդկանց փոքր հնարավորություններից զրկելու։

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-1-ին հարցի կապակցությամբ ես արդեն նշեցի, որ չեմ կարող մեկնաբանել մի բան, որ պայմանավորված է պատգամավորների գործողություններով։ Ես կարծում եմ, որ հանձնաժողովում նույնպես իմ կողմից ներկայացված են եղել բավարար պարզաբանումներ՝ օրենքի եւ՛ նպատակների, եւ՛ կարգավորող դրույթների վերաբերյալ։ Սակայն դուք նշեցիք եւ դա փաստ է, որ այս օրենքի նախագիծն ԱԺ-ում քննարկվում է ներկայում, առանց հանձնաժողովի դրական եզրակացության։

2-րդը՝ սկզբունքն այն է, որ երկարաժամկետ հատվածում չպետք է լինեն ապրանքատեսակներ, սարքավորումներ չհամարվող, որոնք սահմանին չեն հարկվում, որովհետեւ այսօր նույնպես կա իրավիճակ, երբ հումք հանդիսացող եւ պատրաստի արտադրանք հանդիսացող ապրանքատեսակների մի մասը ներկայում հարկվում է սահմանին, իսկ մյուս մասը չի հարկվում։ Այսինքն՝ անհավասար մրցակցային պայմաններ կան ոչ միայն արտադրողի եւ ներմուծողի միջեւ, այլ տարբեր ներմուծողների միջեւ։ Այս իմաստով, երկարաժամկետ հեռանկարի նպատակն այն է, որ բոլորի համար պայմանները լինեն հավասար։ Եվ եթե շարունակում են որոշակի ապրանքատեսակներ, դեռեւս այս նախագծով, մնալ սահմանին՝ որպես չհարկվող, ապա դա պետք է համարել անցումային, եւ նկատի ունենալ, որ որոշակի ժամանակ անց դրանց հարկումը նույնպես նախատեսված է լինելու սահմանին։

Գործող ցանկը դուք կարող էիք համեմատել օրենքի այն նախագծի հետ, որ ներկայացված է ԱԺ քննարկմանը, քանի որ 1 ամսից ավելի է, որ օրենքի նախագիծը դրված է շրջանառության մեջ եւ ներկայացված է ԱԺ-ին, այնուամենայնիվ, ես ձեզ տեքստ կտամ, տեղեկանքի ձեւով, եւ դուք կտեսնեք ապրանքատեսակների ոչ թե միայն անունները, որովհետեւ այդ անունները դուք համեմատության միջոցով շատ հեշտ կստանաք, այլ նաեւ թե ո՞ր ապրանքախմբերի մասով, որքա՞ն ներմուծում է եղել 2004 թվականին։ Միայն անվանացանկը, ես ձեզ հավաստիացնում եմ, որ բավականին դժվար, ոչինչ չասող անվանացանկ է, բավական մանրամասնեցված, տարբեր ոլորտների է դա վերաբերում։

Ձեր վերջին հարցի կապակցությամբ ես ամենեւին չեմ կարծում, որ հարկման պայմանների համահավասարեցումը կատարվում է որեւէ տնտեսության ճյուղի զարգացումը կանխելու, կանխարգելելու կամ մենաշնորհային իրավունքներ ստեղծելու նպատակով այդպիսի բան չկա, հակառակը, երբ հարկման դաշտում լինում է խտրականություն, եւ լինում են որոշակի շրջանակների համար արտոնյալ պայմաններ, դա է նպաստում, որ ձեւավորվեն մենաշնորհային շահեր, եւ տարբերություն ընդհանուր միջավայրի նկատմամբ։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Պարզաբանման համար՝ պրն Շահգալդյան։

Ս.ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

-Պրն Խաչատրյան, ցանկը բարդացնում է համեմատելը, այնտեղ կոդեր կան, ծածկագրեր, որոնք չեն համապատասխանում առաջարկվածի եւ գործողի միջեւ։ Նույն անվանումները գրվում են, բայց ծածկագրերը տարբեր են, դրա համար մեզ համար անհասկանալի է դառնում...../ձայնագր.չի լսվում/ իրականում ո՞րն է երկուսից ճիշտը։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Ձեզանից ինչ-որ մեկի հեռախոսն է։

Ս.ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

-Ես մենաշնորհի հարցը, որ առաջ քաշեցի, նրա մասին էր ասվում, որ մեծ ֆինանս ունեցողը հնարավորություն կունենա մենաշնորհ դառնալու, իսկ փոքրը....../ձայնագ. չի լսվում/

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Ես ուզում եմ պարզաբանել, որ ծածկագրերի դիմաց օգտագործված անվանումներն ամբողջությամբ համահունչ են արտաքին տնտեսական գործունեության դասակարգչին, եւ չի կարող պատահել, որ ներկայում նույն ծածկագրի դիմաց գրված է այլ բան, քան գրված է եղել նախկինում։ Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք ձեզ հետ միասին քննարկել ձեր բոլոր նկատառումները, եւ եթե այդպիսի դեպքեր կան, ապա պարզաբանել։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ Հռիփսիմե Ավետիսյան, խնդրեմ։

Հ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Պրն Խաչատրյան, ինձ մոտ առաջացել են մի քանի հարցեր։ 1-ին հարցը վերաբերում է, որ հիմնավորման մեջ, այսինքն՝ տեղեկանք է ներկայացված, որ բյուջեն մեծ եկամուտներ է ստանալու, երբ որ այս ապրանքատեսակների հարկումը տեղափոխվելու է սահման։

2-րդը վերաբերում է հիմնավորմանը, որ այդքան էլ համոզիչ չէ, որ օր առաջ անհրաժեշտություն կա այս գործողությունները կատարել, եւ 84.79 ծածկագիրը, որում նշված է հատուկ նշանակության մեքենաներ եւ մեխանիկական հարմարանքներ այլ տեղերում չհիշատակված։ Արդյոք հնարավորություն չի՞ տա այս կետի առկայությունը, չարաշահումների։

3-րդը՝ վերաբերում է, ուղղակի, ցանկություն ունեմ տեղեկացնեք ինձ։ 2004 թվականի դեկտեմբերին ԱԺ-ում լրացումներ եւ փոփոխություններ կատարվեցին Մաքսային օրենսգրքում՝ կապված ժամանակավոր ներմուծման, արտահանման, վերամշակման համար։ Այդպիսի դրույթ ներմուծվեց այն առումով, որպեսզի տնտեսավարողները կարողանան հումքը ներմուծեն եւ արտահանեն, եւ այդ ժամանակահատվածում իրենց ֆինանսական միջոցները չգտնվեն բյուջեում, հետո հետ ստանալու պայմանով։

Եվ եթե մենք հռչակել ենք նոր տեխնոլոգիաների զարգացման այդ ուղղությունը, քանի որ հասկանալի է, մեր երկիրը չունի բավարար հումքային բազա, որպեսզի այլ բնագավառներ եւս զարգացնի, եւ նոր տեխնոլոգիաներն ավելի ճիշտ կլինի։ Այդ բնագավառի զարգացման համար այս առաջարկով, փաստորեն, համակարգչային տեխնիկային վերաբերող եւ մնացած իրենց սարքավորումները, եթե տեղափոխվում է հարկման դաշտը սահման, արդյոք այդ տեխնոլոգիաների զարգացման վրա դա բացասական ազդեցություն չի՞ ունենա, այն առումով, որ բոլորիս հայտնի է, որ ներմուծման ժամանակ վճարվող ավելացված արժեքի հարկը վերադարձվում կամ հաշվանցվում է ուսումնասիրություններ կատարելուց հետո, որոշ գործընթացներ անցնելուց հետո, իսկ այդ գործընթացները տեւում են 6-ից 8 ամիս, առնվազն։ Փաստորեն, տնտեսավարողները որոշակի գումարներ, որոնք այդ համակարգչային տեխնիկայի մասերը ներմուծում են, պատրաստում են որոշակի արտադրանք եւ արտահանում են, իրենց դրամական միջոցներն այդքան ժամանակ սառեցված վիճակում կլինեն։ Ես, ուղղակի, ուզում եմ իմանամ այդ կարգը, ժամանակավոր ներմուծում.... կառավարությունը սահմանե՞լ է, թե՞ ոչ, կամ ի՞նչ գործընթացի մեջ է գտնվում։

Եվ վերջինը ժամկետին է վերաբերում։ Օրենքում նշված է, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից, եւ տնտեսավարողներն իրենց գործողությունները պլանավորում են ոչ թե 1 ամիս առաջ, այլ բավական երկար ժամանակ առաջ ..../Ձայնագրությունն ընդհատվում է/ որ տնտեսավարողները հունվարի 1-ից կարող են փաստի առաջ կանգնել, իրենց պատվիրված սարքավորումների համար ստիպված լինեն, հունվարին մեծ դրամական միջոցներ հայթայթեն, այդ վճարը կատարելու համար սահմանում։ Եթե հնարավոր է, երեւի, ժամկետի տեղափոխում պետք է տեղի ունենա՝ տնտեսավարողների շահերից բխելով։

Վ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն հարցերի համար։ Տեղեկանքի մեջ նշվածը, իմ կարծիքով, վերաբերում է մաքսային սահմանին, եկամուտներին, բնականաբար, հարկումը սահմանին կատարելու դեպքում մաքսային սահմանին եկամուտները կաճեն, բայց համարժեք չափով կնվազեն ներսում հարկային եկամուտները։

Ինչ վերաբերում է 84.79 ծածկագրին, ապա միշտ հնարավոր է, որ օրենքով նախատեսված 2 ծածկագրերին դասվող ապրանքներից մեկը, փորձ արվի, դասակարգել մյուսին։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ Մաքսային օրենսգրքի համաձայն, ոչ ճիշտ դասակարգումը, մաքսանենգություն որակվող գործողությունը, եւ համապատասխան պատասխանատվություն է նախատեսված օրենքով։ Ես կարծում եմ, որ քանի որ 84.79-ը նշում է մնացած դիրքերում չնշվածների մասին, այստեղ ցանկացած կարդացող 1-ին հերթին պետք է ուշադրություն դարձնի, թե մնացած ծածկագրերին համապատասխան անվանումները որոնք են, եւ եթե նրանցում չի սահմանված տվյալ ապրանքի նկարագիրը, ապա նոր դասակարգի 84.79-ին։ Դուք միանգամայն ճիշտ եք, որ օրենքում բազմաթիվ են դեպքերը, որ կան այդպիսի մոտ գտնվող, միմյանց մոտ գտնվող ապրանքախմբեր, բայց նշեցի, որ օրենքը նախատեսում է համապատասխան պատասխանատվության միջոցներ։

2004 թվականի դեկտեմբերին... մաքսային ռեժիմին վերաբերող ձեր հարցը, ես կխնդրեի, որովհետեւ ձեր հարցն ամփոփվում էր նրանով, թե կառավարությունը սահմանե՞լ է համապատասխան կարգ, թե՞ ոչ։ Համապատասխան տեղեկանքը, ձեզ կխնդրեի, որ կփոխանցեմ ավելի ուշ, որովհետեւ դա օրենքի նախագծին, ուղղակի, ներկայում չառնչվող հարց լինելով, ես պատրաստ չեմ հիմա դրան պարզաբանում տալ։

Ինչ վերաբերում է օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետին, կարծում եմ, որ բոլորս հասկանում ենք, որ խոսքը վերաբերում է այն հարցին, թե ե՞րբ, 2-րդ ընթերցմամբ օրենքը կհաստատվի ԱԺ-ի կողմից։ Կախված այդ հանգամանքից, մենք կտեսնենք, թե 2006 թվականի հունվարի 1-ը, արդյոք, ճի՞շտ ժամկետ է ուժի մեջ մտնելու համար, թե՞ հարկ կլինի որոշակի փոփոխությունների։ Ես կարծում եմ, որ եթե մենք առաջիկա քառօրյա նիստի ընթացքում, 2-րդ ընթերցմամբ օրենքի նախագծին հաստատում տանք, ապա տնտեսավարող սուբյեկտները կունենան բավականաչափ ժամանակ, իրենց գործողությունները համապատասխանեցնելու համար։ Դուք կարող եք ձեր առաջարկը գրավոր ձեւով ներկայացնել կառավարությանը, 1-ից 2-րդ ընթերցման ժամանակահատվածում։ Ես ձեզ 2-րդ ընթերցմամբ հարցը քննարկելու ժամանակ կզեկուցեմ, թե կառավարության դիրքորոշումը հարցի վերաբերյալ ինչպիսին է։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Պարզաբանման համար՝ Հռիփսիմե Ավետիսյան։

Հ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

-Պրն Խաչատրյան, եզրակացությունում հստակ գրված է, որ այս փաթեթի ընդունման դեպքում ՀՀ պետության եկամուտներում սպասվում է էական ավելացում։ Այսինքն՝ եթե դաշտը տեղափոխվում է սահման, թե ներքին հարկման մեջ է, ես գիտակցում եմ, ինքս տնտեսագետ եմ, որ տեղափոխությունից ոչ մի բան չի փոխվում, բայց եթե պետության եկամուտներում է սպասվում ավելացում, ես կուզենայի, եթե հաշվարկներ ունեք, ասեք, թե ինչ չափով ավելացում է սպասվում։

2-րդը՝ ինչ վերաբերում էր 84.79 ծածկագրին, իհարկե, ես հասկանում եմ, որ հնարավոր չէ ամբողջը նկարագրել, եւ տեղ է թողնված, սակայն ավելի լավ կլիներ, որպեսզի մաքսիմում ուշադրության կենտրոնում պահվեր այդ կետը։

Ինչ վերաբերում էր իմ հարցին, ժամանակավոր ներմուծում, վերամշակման համար, ասածս վերաբերում էր նրան, որ համակարգչային տեխնիկայի հարկումն իրենց ամբողջ, ներքին, փոքր սարքավորումներով հանդերձ տեղափոխելով սահման, իրոք, հունվարի 1-ը շուտ է, քանի որ դուք նշեցիք, որ նոյեմբերի 17-ն է հիմա, 2-րդ ընթերցումը կարող է դեկտեմբերին լինի, կարող է եւ չլինի, այսօր դեռ չենք կարող ասել դրա մասին, բայց եթե դեկտեմբերին ընդունվի, հունվարի 1-ը շուտ է, այսօր էլ ընդունվի, էլի հունվարի 1-ը շուտ է։

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Ես խնդրեցի, որ ձեր առաջարկը գրավոր տաք, եւ դրա վերաբերյալ կներկայացվեն նաեւ կառավարության տեսակետները։

84.79 ծածկագրի կապակցությամբ եւս մեկ անգամ պետք է նշեմ, որ մենք չենք կարող օրենքում օգտագործել այնպիսի ձեւակերպումներ, որոնք համահունչ չեն արտաքին տնտեսական գործունեության դասակարգչին, եւ պարտավոր ենք օգտագործել նույն դասակարգիչը, նույն ձեւակերպումներով։

1-ին հարցի կապակցությամբ այս պահին ես լրացնելու ոչինչ չունեմ։ Ես հաշվարկներ չունեմ թվերի, թե ի՞նչ փոփոխություններ կարող են առաջանալ։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հաջորդ հարցի համար ձայնը տրվում է Գագիկ Մխեյանին։

Գ.ՄԽԵՅԱՆ

-Պրն Խաչատրյան, դուք խոսեցիք հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման մասին։ Մենք էլ ենք կողմ, որ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացում լինի, բայց թե ի՞նչ գնով, ես թողնում եմ նաեւ ձեր խղճին։

Դուք նշեցիք, որ առանձին ապրանքատեսակների վերաբերյալ կարող են առարկություններ լինել։ Ճիշտն ասած, ձեր մեկնաբանությունների, առարկությունների, ձեր ունակությունների վերաբերյալ մենք կասկածանք էլ չունենք, որ դուք կարող եք լավ մեկնաբանություններ անել, բայց թե ինչպե՞ս կընդունվի պատգամավորների կողմից, դա այլ խնդիր է։

Իմ գործընկերը նոր բարձրացրեց այն հարցը, որ ներկայացվփած օրենքի նախագծի փաթեթի ընդունումը միտված է ավելացնելու պետության սպասվող եկամուտները։ Ինձ էլ է հետաքրքրում, թե ինչքա՞ն են այդ եկամուտները սպասվում։

Հիմա ես կոնկրետ ցանկի վերաբերյալ էի ուզում խոսել։ Չեք գտնու՞մ, օրինակ՝ ծխախոտի հումք, ծխախոտի թափոններ, թավշյա կաշի, մարգարիտ, բնական կամ աճեցված ապրանքատեսակները կարելի է դուրս բերել այս ներկայացված ցանկից, որովհետեւ ըստ ինձ, տրամաբանական կլիներ, քանի որ այս ապրանքատեսակները 1-ին անհրաժեշտության ապրանքատեսակներին չեն դասվում։ Ձեր կարծիքն եմ ես ուզում իմանալ։ Եվ եթե դուք ինձ հետ համամիտ եք, ապա ինչու՞ է ընդգրկվել ցանկում։

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Պրն Մխեյան, 1-ին հարցի կապակցությամբ պետք է ասեմ, որ միշտ էլ գործողություններն ունենում են գին։ Բնական է, որ չի կարող լինել հարկային ոլորտում էական փոփոխություն, եւ դա որոշակի ազդեցություն չթողնի տնտեսական միջավայրի վրա։ Մենք կարծում ենք, որ այստեղ հարցը նա է, թե ի՞նչ ենք մենք շահում եւ ի՞նչ ենք կորցնում։ Մենք շահում ենք այն, որ հաստատում ենք համահավասար հարկման պայմաններ, եւ ավելի արդյունավետ վարչարարություն այն իմաստով, որ հարկը վճարվելով մաքսային սահմանին, էապես նվազագույնի է հասցվում հետագայում այդ հարկումից խուսափելու հնարավորությունները։ Հետեւաբար, երբ կառավարությունն այս օրենքի նախագիծը բերում է ԱԺ, համեմատել է այդ երկուսը եւ գտել, որ դրա դրական հետեւանքները, իմ նշած պատճառներով, գերազանցում են այն հնարավոր բացասական ազդեցություններին, որ կարող է օրենքն ունենալ տնտեսական միջավայրի վրա։

2-րդ հարցի կապակցությամբ ես նշեցի, որ ցանկի առանձին տողերի վերաբերյալ հիմա մեկնաբանություններ անել չեմ կարող, որովհետեւ այս ցանկը հավաքական ցանկ է, նրանում նախատեսված տարբեր ծածկագրերը ստացվում են կառավարության առանձին մարմինների լիազորությունների եւ իրավասությունների շրջանակներում, եւ բոլոր տողերով առանձին մեկնաբանություններ ես հիմա չունեմ։ Եթե դուք կառաջարկեք, որ այդ պերճանքի առարկա համարվող ապրանքները հարկվեն, մենք կքննարկենք, եթե տեսնենք, որ բավարար առարկություններ չկան, ապա ձեր առաջարկը, իհարկե, համապատասխանաբար կարտացոլվի ցանկում։ Խնդրում եմ, որ գրավոր, ծածկագրերին վերաբերող մասը մենք քննարկենք 1-ից 2-րդ ընթերցում ընկած ժամանակահատվածում։ Շնորհակալ եմ։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Պարզաբանման համար՝ Գագիկ Մխեյան։

Գ.ՄԽԵՅԱՆ

-Պրն Խաչատրյան, մենք գրավոր կներկայացնենք։ Ուղղակի, ես նորից եմ կրկնում, քանի որ դուք քաջատեղյակ եք, ես ձեր կարծիքն էի ուզում իմանալ այս ապրանքատեսակների վերաբերյալ։ Ըստ իս, այս մասնավոր սուբյեկտներին հավասար պայմաններ չենք ստեղծում։ Օգուտի չափը, բնականաբար, եթե չարտահայտվեց, ուրեմն, հետագայում, երեւի....

Վ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Դժվար հարց եք տալիս, պրն Մխեյան։ Իմ անձնական կարծիքը ներկայացնելով, ես հարցին չեմ օգնում, որովհետեւ այստեղ ներկայացնում եմ նաեւ կառավարության այն ճյուղերի կարծիքը, որոնք ամփոփված են նախագծում, եւ լիազորված եմ, որ կառավարության տեսակետն այստեղ ներկայացնել։ Թույլ տվեք, այսքանով սահմանափակվել այս հարցի կապակցությամբ, եւ քննարկումը շարունակել հետագայում։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հաջորդ հարցի համար ձայնը տրվում է Գագիկ Ավետյանին։

Գ.ԱՎԵՏՅԱՆ

-Պրն Խաչատրյան, ես կխնդրեի պատասխանել մի քանի հարցերի։ Կա՞ արդյոք որոշակի դիտարկումներ կամ մոնիտորինգ, առ այն, ըստ որի, դուք հաշվարկել եք, թե քանի՞ կազմակերպություններ կամ տնտեսավարող սուբյեկտներ կարող են այս օրենքի ընդունումից հետո դուրս մնալ մրցակցությունից։

Եվ այս հարցի հետ կապված նաեւ մի այսպիսի հարց։ Արդյոք հաշվարկե՞լ եք, թե մինչեւ հիմա այս օրենքի չկիրառումից քանի՞ տնտեսավարող օբյեկտներ կամ սուբյեկտներ են ստացել գերշահույթներ։

2-րդը՝ այս օրենքի ընդունումից հետո եկամտային մասը բյուջեում ինչքանո՞վ կավելանա, կա՞ն որոշակի վերլուծություններ։

3-րդը՝ սկզբունքորեն կապ չունի այս օրենքի հետ, բայց ինձ են դիմել տասնյակ մարդիկ, որոնք ցանկանում են, որպեսզի միանգամից սահմանի վրա, այսինքն՝ մաքսատանը վճարեն նաեւ շահութահարկ եւ եկամտահարկ։ Հնարավո՞ր է սա ներդնել, ինչպես ներ է դրվում այս օրենքի նախագիծը։

4-րդ հարցը կապված է այն բանի հետ, որ եթե տնտեսավարող սուբյեկտը ներ է կրել որոշակի հումք եւ ինչ-ինչ պատճառներով այն փչացել է, կամ չի կարողացել ռեալիզացնել կամ օգտագործել, բայց վճարել է ավելացված արժեքի հարկ։ Արդյոք այդ ավելացված արժեքի հարկը ենթակա՞ է պետության կողմից հետ վերադարձման, թե՞ ոչ։

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Պրն Ավետյան, ձեր 1-ին հարցի կապակցությամբ ես նշեցի, որ մեր դիտարկումները վերաբերում են ոչ թե տնտեսավարող սուբյեկտներին, առանձին-առանձին, որովհետեւ դրանք ժամանակի ընթացքում կարող են փոխվել, սա ազատ միջավայր է գործելու համար, եւ որոշումները կայացնում են տնտեսավարող սուբյեկտները։ Իսկ նախկինում նման փոփոխությունների մեր դիտարկումը ցույց է տալիս, որ ներմուծվող ապրանքների ծավալը չի կրճատվել։ Ես նշեցի, որ 2003 թվականի սկզբից հարկված ապրանքների մաքսային արժեքը՝ 32 միլիարդից, 2004 թվականին դարձել է 37,5 մլրդ դրամ։ Դա նշանակում է, որ տնտեսավարող սուբյեկտները կամ քանակով մնացել են նույնը, բայց ավելացել է շրջանառությունը, կամ շրջանառությունները կարող է մնացած լինել նույնը, ավելացած լինի քանակը։ Հետեւաբար, ընդհանրական իմաստով, մակրոտնտեսական տեսակետից նվազում չի արձանագրվել, եւ թվերը դա են վկայում։

Հաջորդը՝ նույն կերպ մենք չենք կարող հաշվել, թե որքան են կազմել տնտեսավարող սուբյեկտների գերշահույթները։ Կարող ենք տալ գնահատականներ, թե նշված հարկը չվճարելու պատճառով ի՞նչ կարող է շահած լինել տնտեսավարող սուբյեկտը ժամանակի ընթացքում։ Եթե մենք մտածենք, որ միջին հաշվով տնտեսավարող սուբյեկտը շահում է 1 ամիս, ներկայում այդ հարկը չվճարելով սահմանին, այլ վճարելով ներսում, իրացման շրջանառության ժամանակ, ապա պետք է հաշվել այդ գումարի բանկային տոկոսը։ Դա այն շահույթն է, որ տնտեսավարող սուբյեկտներն այսօր ստանում են համեմատաբար շատ, քան կստանային, եթե այդ հարկումը լիներ 2004 թվականի կամ 2005 թվականի սկզբից։ Մոտեցումը ես նշեցի, թե ինչպես կարելի է գնահատել այն հավելյալ շահույթը, որ տնտեսավարող սուբյեկտները ստանում են հարկային վարկ ունենալու պատճառով։

3-րդը՝ առ այսօր մենք միայն մեկ դեպք ունենք, երբ հաստատագրված է նաեւ ներմուծվող ապրանքների մասով, կամ մի քանի գործունեության տեսակներ կան, որոնք «Հաստատագրված վճարների մասին» օրենքով սահմանված գործունեության տեսակներ են, որոնք կանոնակարգվում են նաեւ այս տեսակետից։ Հետեւաբար, նշված հարցը՝ քննարկման իմաստով, սույն օրենքի կարգավորման առարկա չէ։ Եթե մենք կարծում ենք, որ կան գործունեության տեսակներ, որոնք առավել նպատակահարմար է հարկել հաստատագրված վճարներով, ապա պետք է այլ օրենքի դաշտում քննարկում ծավալենք։

Եվ վերջինը՝ դուք նշեցիք, որ տնտեսավարող սուբյեկտները ներմուծել էին հումք......այո, շատ լավ, փչացումներին էր վերաբերում։ Օրենքը նախատեսում է միայն մեկ դրույթ, ասում է հետեւյալը՝ եթե կորստի նորմաները սահմանված են օրենքով, իսկ փչացումը նույնպես կորուստ է, ըստ էության, ապա այդ նորմաների շրջանակներում ավելացված արժեքի հարկի գումարները ենթակա են հաշվանցման։ Եթե, ենթադրենք, ներ է կրվում վառելիք, որն ունի բնական կորստի նորմա, չգիտեմ, ամսվա կամ տարվա ընթացքում, եւ դրանից հետո այդ բնական նորման չգերազանցող մասով է միայն նվազեցումը տեղի ունեցել, ապա թույլ է տրվում վճարված ավելացված արժեքի հարկը հաշվանցել այլ հարկային պարտավորությունների դիմաց։ Եթե փչացումը տեղի է ունեցել նշված բնական, իր հատկանիշներին չհամապատասխանող եղանակով, ապա թույլ չի տրվում։ Սա օրենքով այսօր կարգավորվող դաշտն է։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Եվ վերջին հարցը կհնչեցնի պատգամավոր Վլադիմիր Բադալյանը, խնդրեմ։

Վ.ԲԱԴԱԼՅԱՆ

-Պրն Խաչատրյան, իմ հարցն այսպիսի բնույթ է կրում, եւ ավելի շատ կհորդորեմ, որպեսզի դա լուծվի, օգնելով մեր հայրենի կառավարությանը։ Ոչ մեկին գաղտնիք չէ, որ մեր կառավարության գլխավոր նպատակը, երեւի, իրեն այդ ֆիսկալ.... հնարավորին չափ տանի առաջ։ Ես առաջարկում եմ, որ ինչ ունենք, չունենք, տեղափոխենք սահման, որովհետեւ մեկ է, 6 ամիսը մեկ այստեղ գալու է փոփոխություն, նորից այս քանակը տանենք, այն քանակը։ Եկեք, միանգամից տեղափոխենք, մեր այս հայրենի բիզնեսմենը, գոնե, իրեն գլխի գալիքն իմանա, որովհետեւ մարդը գալիս է Հայաստան, գործը հենց ուզում է սկսի, առավոտը զարթնում է, մի հատ այնպիսի օրենք է գալիս աչքի առաջ, որ փոշմանում է, մտել է այս երկիր։ Իմ առաջարկն է, որ օգնենք կառավարությանը, ձեզ, բոլորիդ, միանգամից սաղ տեղափոխենք, ինչ ունեն, չունենք, սահման, մարդիկ կարողանան ճիշտ հաշվարկել, թե այս երկրում արժե՞ աշխատեն, կարո՞ղ են գործունեություն դնեն, չեն կարող, օգնենք, էլի, խի՞ ենք վնաս տալիս։ Համաձայն չե՞ք, իմ կարծիքով, դուք էլ եք համաձայն։ Ձեր անձնական կարծիքն էլ այստեղ դեր ունի, որովհետեւ այս օրենքի վրա դուք բավականին աշխատել եք։ Որովհետեւ ես այստեղ բացում եմ, հավատացեք ինձ, որոշակի, գրագետ մարդ եմ, բան չհասկացա, ի՞նչն է գնում, ի՞նչն է մնում։ Կան ապրանքներ, իրար նման են, կուզեն այս մեկով կհաշվարկեն, կուզեն այն մեկով կանեն։ Խի՞ ենք այդպես անում, միանգամից տեղափոխենք, համ այդ, այսպես, ընդունված բառ կա, չէ՞, ռիսկային գործակիցը կիջեցնենք, համ էլ ահագին օգուտ կտանք մեր հայրենի կառավարությանը, ձեզ եւ մեզ։

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Պրն Բադալյան, ես նշեցի իմ խոսքում, որ դա ոչ միայն հիմա, այլեւ վերջին տարիներին, բոլոր այս ազատումներին պետք է վերաբերվել որպես ժամանակավոր երեւույթ։ Ես կարծում եմ, որ ցանկացած տնտեսավարող սուբյեկտ, որ որոշումներ է կայացնում, գործը կազմակերպելու իմաստով, այս բացառություններին պետք է վերաբերվի որպես ժամանակավոր արտոնություն։ Եվ նրա բոլոր հաշվարկները պետք է կառուցված լինեն այն դեպքի համար, եթե դրանք հարկվեին այսօր սահմանին, ինչպիսի՞ն է իր տնտեսական գործունեությանո արդյունքը, որովհետեւ սա բացառիկ վիճակ է, սա նորմալ վիճակ չէ, ընդհանուր վիճակ չէ։ Եվ մենք գնում ենք ձեր ասած ճանապարհով, իհարկե, դուք առաջարկում եք, որ կտրուկ անենք դա։ Մենք անում ենք աստիճանաբար, որովհետեւ շատ դեպքերում, իհարկե, ԱԺ-ն չի համաձայնվում կտրուկ քայլերի։ Մենք կարծում ենք, որ կարճ ժամանակ անց, երեւի, ոչ շատ հեռու ժամանակներում հստակ կլինի միայն, որ խոսքը վերաբերվելու է միայն սարքավորումների ազատմանը կամ հարկի վճարման ժամկետի հետաձգմանը, եւ, երեւի, այնպիսի ապրանքատեսակների, որոնք հիմնական, կապիտալ միջոցներ ձեւավորելուն են ուղղված եւ ունեն սարքավորման նշանակություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Պարզաբանման համար՝ պատգամավոր Բադալյան։

Վ.ԲԱԴԱԼՅԱՆ

-Պրն Խաչատրյան, ես հասկանում եմ, որ մեր երկրում ամեն ինչին պետք է մոտենալ փիլիսոփայորեն, ես դա ընդունել եմ, եւ արդեն 2 տարի է, հստակ գիտեմ, բայց մտածենք, մի այնպիսի մոտեցում ցույց տանք, ընդունենք սա, եւ մոտակա, ասենք, 2-3 տարով, ոնց որ մեր պատգամավոր Կարեն Կարապետյանն ասաց, ասենք՝ «պապայի արեւ, դա չենք փոխելու», որ մարդիկ իմանան իրենց գլխի գալիքը։ Որովհետեւ ամեն մի ցիվիլ երկրում, ցիվիլ բիզնեսմենը հաշվարկում է ամեն մի դրամը, հասնենք, գոնե, դրան, մոտակա 2 տարում մարդկանց տանք հնարավորություն։ Որովհետեւ ամեն անգամ, 3 ամիսը մեկ, 6 ամիսը մեկ, ես չգիտեմ, մի նոր օրենք է դուրս գալիս, որ մարդկանց արդեն ոչ թե խաթարում է իր աշխատանքը, այլ այն բնույթը, որում գտնվում ենք։ Դրա մասին է խոսքը։

Վ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալ եմ։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հարցերն ավարտվեցին, պրն փոխնախարար, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Ինչպես արդեն տեղեկացրի, մենք հարակից զեկույց, հասկանալի պատճառներով չունենք, ուստի անմիջապես անցնում ենք մտքերի փոխանակությանը։ Ելույթների համար խնդրում եմ հերթագրվել։ Այս էմոցիոնալ հարց ու պատասխանից հետո միայն մեկ պատգամավոր է հերթագրվել։ Հովհաննես Մարգարյան, խնդրեմ, ամբիոնի մոտ։

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-նախ ի սկզբանե կուզենայի իմ շնորհակալությունը հայտնել բոլոր իմ այն գործընկերներին, ովքեր մանրամասն քննարկել են հանձնաժողովում եւ հստակ իրենց կարծիքը ներկայացրել են մեզ։ Ես կուզենայի նաեւ շնորհակալություն հայտնել բոլոր այն գործընկերներին, ովքեր, իրոք, ես չէի ասի էմոցիոնալ, այլ կասեի, որոշ մտահոգիչ, իրենց տեսակետներն էին հայտնում քննարկման ընթացքում։

Ես առանձնացրել եմ մի քանի հարցեր, որոնց հետ կապված ես չկարողացա ստանալ պատասխան, երեւի, սխալ չասեմ, ուղղակի, թերի մեկնաբանվեց այն պատասխանները, որոնք ես ակնկալում էի ստանալ։ Եվ ուզում եմ, պրն Խաչատրյան, որ ելույթիցս հետո, ձեր ամփոփիչ ելույթում, եթե հնարավոր է, անդրադառնաք այն հարցերին, որոնք ես չհասցրեցի բարձրաձայնել։

Նախ, ընդհանուր առմամբ, մեր հարկային քաղաքականությամբ, ինչու չէ, նաեւ մաքսային քաղաքականությամբ մենք պետք է փորձ կատարենք, մեր պես երկրում, ինչպես գիտենք, մասնավորապես, խոշոր արտադրողների թվաքանակը բավականին քիչ է, պետք է հասցեագրված մոտեցում ցուցաբերենք արտադրողներին։ Ձեր կողմից նշվեց, որ շատ հաճախ փոփոխություններ են տեղի ունենում, եւ դրանից կախված, ձեր պատասխանում հնչեցրեցիք, որ մենք աստիճանաբար փորձում ենք գնալ, եւ չենք կարող լրիվ վերլուծել առանձին տնտեսավարող սուբյեկտներին։ Ինձ թվում է, որ օրենսդրությունն էլ հենց դրա համար է, որպեսզի տվյալ ժամանակահատվածը ճիշտ ուսումնասիրելով, առանձին օրենսդրական փոփոխություններ մտցնենք եւ կարգավորենք այդ ոլորտները։

2-րդը, որ ես կուզենայի անդրադառնալ, դա տարբերությունն է հումք արտադրողի եւ այդ հումքը՝ որպես պատրաստի արտադրանք, արդեն իսկ, 2-րդ արտադրանքի համար օգտագործելու համար։ Ինքս, իհարկե, տնտեսագետ չեմ, բայց եղել եմ արտադրող, հստակ պատկերացնում եմ, որ ցանկացած ֆաբրիկան, գործարանը, կոմբինատը, որոնք այլ անվանումներ են կրել, բովանդակության մեջ մնացել են նույնը, եւ ներկայումս մեր երկրում կան այդպիսի տնտեսավարող սուբյեկտներ։ Այսինքն՝ կազմակերպություն, որն արտադրում է հումք եւ այդ հումքն օգտագործում է՝ որպես վերջնական արտադրանք, 2-րդ արտադրանքը, փաստորեն, արտադրելու համար։ Ես բերեմ օրինակներ։ Դա հենց կոմբինատի գաղափարախոսությունն է, եւ ի տարբերություն՝ գործարան, ֆաբրիկայի, պետք է նշենք, որ ֆաբրիկայում ցանկացած հումքը ենթարկվում է միայն ֆիզիկական փոփոխությունների։ Այսինքն, ասում ենք՝ կոշիկի արտադրության ֆաբրիկա։ Միայն կաշին ձեւափոխում են եւ կարում են, քիմիական ոչ մի փոփոխության չի ենթարկվում։ Բայց երբ, ասում ենք՝ մի շարք ֆաբրիկաներ, որտեղ հումքը ֆիզիկաքիմիական փոփոխության է ենթարկվում, վերածվում է ֆաբրիկայի, եւ այստեղ այլ մոտեցում պետք է ցույց տանք այդ արտադրողի նկատմամբ։ Եվ, ի վերջո, կոմբինատ, որտեղ որպես հումք, օրինակ՝ բոլորիս պարզ է, որ բանբակից ստանում է թել եւ այդ թելն օգտագործում է, փաստորեն, թելը պատրաստի արտադրանք է, նույն կոմբինատն օգտագործում է կտոր գործելու համար։ Հիմա այստեղ համադրենք 2 պայման։ Արտադրեց թելը, հտիմա մենք ունենք արտադրողներ, որոնք օգտագործում են պատրաստի կտորը տարբեր տեսակի ֆաբրիկաներում, որպեսզի կարեն տարբեր տեսակի հագուստներ եւ այլն։ Եկեք, համադրենք։ Ստացել է այդ արտադրողը թելը, եւ թելը պետք է վաճառի։ Ի՞նչ է այստեղ տեղի ունենում։ Վաճառքի ընթացքում, բնական է, նա այնպիսի գնով կվաճառի մյուս արտադրողին, որն էլ այս պայմաններում, եթե ներկրման ընթացքում ավելացված արժեքի հարկ է գանձելու, այլընտրանք չի ունենալու,երկընտրանքի մեջ է ընկնելու, ի՞նչ անի։ Այս դեպքում ստացվում է մի տեղ մոնոպոլ մոտեցում, այսինքն՝ մոնոպոլիզացիա, իսկ մյուս տեղում ստացվում է, որ նա հնարավորություն չի ստանում կոնկուրենտ լինելու։ Որովհետեւ դուք նշեցիք, որ եթե արտադրվում է նույն ձեռնարկության մեջ, ավելացված արժեքի հարկ չի գանձվում մինչեւ վերջնական արտադրանքի թողարկումը։ Ես կուզենայի, որ սրա վրա լրջագույն ուշադրություն դարձնեիք։

Ես ընդամենը ասացի թեթեւ արդյունաբերության վերաբերյալ։ Ինչպես գիտեք, մեզ մոտ հիմա կան եւ՛ բնական հումք արտադրողներ, այդ թվում՝ ավազ եւ այլն, որը որպես հումք կարող է օգտագործել, երկաթբետոնե կոնստրուկցիաներ արտադրելու համար։ Դրա հետ մեկտեղ ունենք երկաթբետոնե կոնստրուկցիաներ արտադրող տնտեսավարող սուբյեկտներ։ Հիմա ի՞նչ է լինում սրանց տարբերությունը։ Նա այլընտրանք չի ունենալու, որովհետեւ սահմանին գանձվելու է, որպեսզի էլ ավելի էժան ձեռք բերի, ստիպված է գնելու կամ փակվելու, չաշխատելու։ Սրա մասին էր, որ կուզենայի, որ ավելի մանրամասն ներկայացվեր, եւ այստեղ է, որ հասցեականություն է պետք։

Հաջորդը՝ դա այն հարցն է, որ իմ գործընկերուհու կողմից վեր բարձրացվեց, ժամկետի հարցը, հունվարի 1-ը։ Այսօրվա դրությամբ այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք պլանավորել են իրենց գալիք մեկ տարվա արտադրանքի համար համապատասխան հումքի տեղափոխություն, սա լուրջ անակնկալ է լինելու իրենց համար։

Հաջորդը՝ դա այն հարցն է, որ էլի բարձրացվեց խորհրդարանում, բայց հումքի հետ կապված, որ այն հումքը, որը ներկրվել է, շատ հաճախ կարող է ոչ թե սահմանված չափով, այլ ինչ-որ պատահական պայմանների առիթով փչանալ, այսինքն՝ խոտանվել։ Ես կուզենայի, որ դուք պատասխանեիք այն հարցին, որ եթե ընդունենք, հումքը տեղափոխել է մեծածավալ քանակով, եւ հումքն արտադրելուց արտադրանքն է խոտանվել։ Եվ շատ հաճախ հնարավոր է, տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով խոտանվի, օրինակ՝ ապակեգործը, որը վառարանում փորձում է մշակել, մի փոքր խախտմամբ, այդ ամբողջ հումքը, պատրաստի արտադրանքը խոտանվում է։ Նա արդեն տվել է ավելացված արժեքի հարկը, նա արդեն այդ հումքը փչացրել է, պատրաստի արտադրանքը խոտանվել է, նա կանգնելոեււ է, փաստորեն, լուծարման եզրին։ Լուծարման եզրին ենք կանգնեցնում այս մարդուն, նա այլընտրանք չունի։ Ըստ էության, նա այս պայմաններում հայտնվելու է շատ ծանր եւ կատաստրոֆիկ իրավիճակում։ Այստեղ ես կուզեի, որ հիմնավորեք այն իմ ասածը, որ պետք է, իրոք, հասցեագրված մոտեցում մեր տնտեսավարող սուբյեկտներին։

Վերջինը, երեւի, հայտնություն արած չեմ լինի, որ արդարացիորեն նշեմ, որ մեր երկրում բավականին դժվար է՝ թե՛ հումք, թե՛ սարքավորումներ, ընդհանուր առմամբ, ներկրման հարցը։ Մեր պես երկրում, որը, ինչպես գիտեք, տարբեր տեսակի, այլընտրանք չունենալով, տրանսպորտային միջոցների, մի շարք պրոբլեմների առջեւ է կանգնում, մինչեւ այդ հումքը կամ սարքավորումը ներ է կրում։ Այստեղ նույնպես նա մեծ ռիսկի է գնում, այսինքն՝ ներկրելով, մեծ ռիսկի տակ է մնում։ Սա, իհարկե, իմ մասնավոր կարծիքն է, որ ներկրելուց հետո արտադրանքն այս պայմաններում արտադրելով, թվարկածս, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմանները հաշվի առնելով, ցանկացած արտադրող կձգտի, որպեսզի իր գումարը ներ դնի առեւտրի մեջ։ Այսինքն՝ պատրաստի միանգամից բերի ու վաճառի։ Շատ հաճախ, իհարկե, ներկրվող հումքը եւ՛ դժվար է ներկրելը, այդ ճանապարհային պրոցեսները։ Ոչ ոք չի կարող արտադրողին երաշխավորել, որ հաշված ժամերի ընթացքում, օրինակ, ենթադրենք, ձու պետք է ներկրի ինկուբացիայի համար, որպեսզի ինկուբատորում տեղադրելուց հետո արդյունք ստանա։ Շատ հաճախ, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմաններում ներկրման ընթացքում, եսս չգիտեմ, կարող է, հիմնականում ինքնաթիռով է ներկրվում, ենթադրենք, ինքնաթիռը, չվերթը եւ այլն, պրոբլեմ է ստանում, նա ներկրեց, արդեն իսկ վնասվեց, որ ժամկետը խախտվել է, եւ կարող համապատասխան արտադրանք ստանալ։ Դրանից հետո գումարեցինք, ավելացված արժեքի հարկը վճարեց, մի խոսքով, նա կանգնեց փաստի առաջ։ Այս դեպքում ավելի լավ չէ՞, որ նա չզարգացնի այդ արտադրությունը, միանգամից պատրաստի թռչնամիս ներկրի եւ սկսի վաճառել այլն։ Ես կուզենայի, որ ձեր եզրափակիչ ելույթում, պրն Խաչատրյան, անդրադառնաիք նաեւ այս հարցերին։

Եվ մեկ հարց եւս։ Մենք օրեր առաջ, երեւի, երեկ էր, տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի զեկույցն էինք լսում։ Արդյոք, տնտեսական պաշտպանության, քանի որ պետական կառույց է, այս հանձնաժողովն այս նախագծի հետ կապված որեւէ եզրակացություն տվե՞լ է, տեղյա՞կ է, մասնակցե՞լ է, թե՞ ոչ։ Սա շատ կարեւոր է մեզ համար, իմանալ։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մարգարյան։ Մտքերի փոխանակումն ավարտվեց։ Հիմա մենք անցնում ենք եզրափակիչ ելույթներին, որոնցից միայն մեկը կարող է հնչել, եւ այն կներկայացնի Տիգրան Խաչատրյանը։

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Ես հակիրճ կանդրադառնամ այն հարցադրումներին, որ պրն Մարգարյանի կողմից նշվեցին։ Անհատական մոտեցումներն արտադրողների հանդեպ տարբեր կերպ կարող են մեկնաբանվել, բայց մյուս կողմից, դրանք խտրական են։ Յուրաքանչյուր անհատական մոտեցում որեւէ տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ, նշանակում է խտրական մոտեցում մնացածների նկատմամբ։ Մենք կարծում ենք, որ հարկային քաղաքականությունը եւ վարչարարությունն այն դաշտը չեն, որտեղ պետք է լինեն անհատական մոտեցումներ։ Ես կարծում եմ, իմ հարցի պատասխանի ժամանակ նաեւ նշեցի, որ գործող օրենքը նույնպես ներտնտեսային առաքումների կապակցությամբ, այսինքն՝ միեւնույն տնտեսավարող սուբյեկտին պատկանող, տարբեր միավորների կողմից, միմյանց ապրանքներ կամ ծառայություններ մատակարարելուց հարկման խնդիր չի առաջանում այսօր։ Օրենքի տառն այդպիսին է, ես չգիտեմ, թե գործնականում ինչպիսի խնդիրներ կան, երեւի թե, նաեւ օրենքի բավարար իմացություն պետք է լինի տնտեսավարող սուբյեկտի մոտ, որ կարողանա իր շահերը պաշտպանել։ Բայց օրենքն այսօր ասում է, որ հարկ վճարելու պարտավորությունն առաջանում է միայն սեփականության իրավունքը փոփոխելու պարագայում։

Հաջորդ հարցը ժամկետն էր, ես կխնդրեի, որ դուք ձեր առաջարկը գրավոր ներկայացնեք։ Երկու հարց ունի այս կողմը, մեկն այն է, որ տնտեսավարող սուբյեկտը պետք է բավարար չափով ժամանակ ունենա հարմարվելու համար, իսկ դա պետք է կանոնակարգված լինի ընդհանուր օրենսդրությամբ։ Մենք կարծում ենք, որ «Հարկերի մասին» օրենքում մի համանման դրույթ կա, բայց պետք է տեսնենք, թե ինչպես է համապատասխանում ներկայում այս օրենքի նախագծով նախատեսված ժամկետն այդ օրենքի պահանջին։ Եթե ընդհանուր մոտեցմանը հակասություններ չկան, ուրեմն, մենք պետք է համարենք, որ շատ դժվար է, որ յուրաքանչյուր անհատական դեպքում քննարկել, թե կոնկրետ այս փոփոխության պարագայում ինչպիսի՞ նվազագույն ժամանակ կպահանջվեր տնտեսավարող սուբյեկտից, որ հարմարվի։ Եվ ես համաձայն եմ, որ 1-ից 2-րդ ընթերցում ընկած ժամանակահատվածում մենք տեսնենք «Հարկերի մասին» օրենքի համապատասխան հոդվածի հետ հակասություն կա՞, թե՞ չկա։

Հաջորդ հարցը վերաբերում էր փչացումներին։ Երբ ժամանակին չէին սահմանափակում ձեր նշած դեպքում, այդ խոտաններից առաջացող ավելացված արժեքի հարկի հաշվանցումները, ես հիշում եմ իմ գործընկերներից մեկի մի լավ օրինակ, բերված իրականությունից։ Ասում էր, որ լինում է դեպք, երբ տնտեսավարող սուբյեկտը վերջում ասում է, որ նույն մեքենայով նավթ ու շաքարավազ էր բերում, նավթը ճանապարհին լցվել է շաքարավազի վրա, նավթն էլ է փչացել, շաքարավազն էլ, ու մեքենան սահմանն անցնելուց հետո, վճարված հարկերը հաշվանցում էր մնացած հարկային պարտավորությունների դիմաց։ Այդ ո՞վ պետք է գնա, պարզի, նավթն ու շաքարավազը փչացե՞լ են, թե՞ վաճառվել, ոչ մեկ։ Հետեւաբար, ձեր ասածն ինչքան էլ արդարացի թվա, վերահսկողական տեսակետից անիրագործելի է, որովհետեւ մենք գործ ունենք թվով 50 հազարը գերազանցող տնտեսավարող սուբյեկտների հետ, որոնցից ամեն մեկի մոտ, արտադրության առանձնահատկություններով պայմանավորված, յուրաքանչյուր օր կարող են այդպիսի դեպքեր տեղի ունենալ։ Եվ եթե մենք օրենքով նման հնարավորություն ենք նախատեսում, առաջանում է կոռուպցիոն ռիսկը, ինչի մասին դուք քիչ առաջ ասում էինք, որ պետք է հնարավորին... եւ ԱԺ-ի ընդհանուր դիրքորոշումն այն է, որ պետք է նման դեպքերը բացառվեն։ Հետեւաբար, մենք չենք կարող օրենքում այնպիսի սողանցքներ ստեղծելու, որոնք թույլ կտան այդպիսի չարաշահումներ առաջացնել։

Եվ վերջին հարցը՝ տեղական արտադրողի պաշտպանվածության հարցը, մենք կարծում ենք, որ մաքսատուրքերի կարգավորման հարց է, եւ մեզանում ընդունված պրակտիկան նաեւ այն է, որ մաքսատուրքերով է կարգավորվում պատրաստի արտադրանքի հետ կապված հարաբերությունը, ներմուծվող։ Որպես կանոն, մաքսատուրքի 10 % դրույքաչափը սահմանված է պատրաստի արտադրանքի համար, եւ այդպիսով խրախուսվում է, որ արտադրողին ավելի ձեռնտու լինի ներմուծել հումքը, պատրաստել արտադրանքը եւ վաճառել, քան միանգամից ներմուծել պատրաստի արտադրանք։ Դա ավելացված արժեքի հարկի կարգավորման առարկա չէ, եւ աշխարհի որեւէ երկրում այդպիսի հարցերը ավելացված արժեքի հարկով չեն կարգավորվում։ Դա է նաեւ պատճառը, որ առեւտրի համաշխարհային կազմակերպությունն իր բանակցային գործընթացում երկրների հետ խոսում է միայն մաքսատուրքի դրույքաչափերի մասին, ենթադրելով, որ ավելացված արժեքի հարկի կիրառությունը բոլորի հանդեպ պետք է լինի համանման։

Եվ վերջում տնտեսական մրցակցության հանձնաժողովի եզրակացությունը։ Ասեմ, որ իրենց իրավասությունների շրջանակներում որեւէ առարկություն չեն ներկայացրել, այն ժամանակահատվածում, երբ մենք կառավարության ներսում ունեցել ենք համապատասխան քնարկումներ։

Իսկ վերջում ես նորից ուզում եմ խնդրել ԱԺ-ի դրական վերաբերմունքն այս նախագծի կապակցությամբ, եւ հայտնում պատրաստակամություն, որ ձեր առաջարկությունները, նախագծի առանձին հատվածներն ավելի բարելավելու ուղղությամբ, մեր կողմից կքննարկվեն, հաշվի կառնվեն մինչեւ 2-րդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, եւ քվեարկությունը, պրն նախագահող, խնդրում եմ, որ լինի հարմար պահին։ Շնորհակալ եմ։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն փոխնախարար։ Կարծում եմ, այդ հարմար պահն այս քառօրյայում այլեւս չի կայանա, այնպես որ, քվեարկությունը գնաց դեկտեմբեր։ Միգուցե, եթե մինչեւ այդ շահագրգիռ կողմերի հետ բանակցություններն ավելի հստակեցնեն դիրքերը, կարող եք քվեարկությունից առաջ, օրինակ՝ հայտարարել, որ կոնկրետ ինչ-որ կետերի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել, դա, վստահեցնում եմ ձեզ, կհեշտացնի ձեր ներկայացրած օրինագծի նկատմամբ դրական կեցվածքի ձեւավորմանը, բայց մինչեւ հիմա շատ օպտիմիստական չեմ ես տրամադրված։

Պրն Մարգարյան, ի՞նչն էր ձեզ հետաքրքրում, տրվել է, հա՞, ձեր անունը։ Ասեցինք ՝ զգույշ եղեք, չէ՞։ Պրն Մարգարյան, խնդրեմ։

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Ըստ էության, ես կուզենայի անդրադառնալ եւ ճշգրտել, որ ոչ թե խոսքը գնում էր հումքի մասին, որ այստեղ, այսպես, էմոցիոնալ արտահայտվեց նավթն ու շաքարը, այլ գնում էր պատրաստի արտադրանքի մասին, թե ո՞նց է լինելու վիճակը։

2-րդը, որ ես կուզենայի ճշգրտել, դա կապված էր մի շարք արտադրողների հետ, որոնց հետ ես հանդիպել եմ այս ընթացքում, եւ բոլորը միանշանակորեն, ովքեր ուսմնասիրել են այս նախագիծը, ինձ վստահեցրել են, որ եթե դուք ընդունում եք այս նախագիծը, այս փոփոխությունը, մենք, անպայման, կձգտենք, որ նույնատիպ արտադրանքը, որն արտադրում ենք, սա իրենց կարծիքն եմ հայտնում, անհրաժեշտության դեպքում, հասցեական է, ես կարտահայտեմ իրենց կարծիքը, երեւի, իրենք էլ կարտահայտեն, որ մենք կգերադասենք պատրաստի արտադրանք բերել եւ վաճառել։

Եվ վերջում մի հարց, այս կոշտ դիրքորոշումինց հետո, պրն Հովհաննիսյան, որ հնչեցվեց կառավարության համապատասխան ներկայացուցիչի կողմից։ Ինձ թվում է, որ մեր առաջարկությունները, գրեթե, բոլորինն էլ, կոշտ էր դիրքորոշումը, եւ ոչ մեկն էլ չէր ընդվունվել։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Դուք էլ կոշտ դիրքորոշեք, ի՞նչ ասեմ։ Սա կոչ չէ, սա, ուղղակի, բացատրություն է, թե պառլամենտը նաեւ իրավունք ունի այն մյուս կոճակը սեղմելու, դուք ձեզ համար կորոշեք։ Հարցի քննարկումն ավարտվեց։ Հիմա մենք շատ քիչ ժամանակ ունենք, եւ մյուս հարցի քննարկումը չենք հասցնի սկսել։ Ես, պարզապես, հանչեցնեմ, թե ի՞նչն ենք քննարկելու ընդմիջումից հետո։ Քննարկելու ենք, հարգելի պատգամավորներ, կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Իսկ հիմա ընդմիջում։


Ժամը 1630

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀՆԵՐ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԵՎ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շարունակում ենք մեր աշխատանքը: Կառավարությունը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցողն է ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը: Խնդրեմ:

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, ձեզ է ներկայացված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկելու եւ քվեարկելու նպատակով:

Հիշեցնեմ, որ այս օրենքների նախագծերի փաթեթով կանոնակարգվում էին մի շարք հարցեր, որոնք հստակեցումներ էին առաջացնում լիցենզիաների տրման, դրանց ուժի մեջ մտնելու եւ տարեկան պետական տուրքի վճարման համար պարտավորության առաջացման պահին վերաբերող հարցերի մասով:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագծի վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներն առաջարկություններ ներկայացրած չեն եղել, սակայն այս ընթացքում կառավարության կողմից հստակեցումների նպատակով կատարվել են որոշ խմբագրական բարելավումներ, որոնք մասնավորապես վերաբերում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 4 հոդվածին, ինչպես նաեւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2 եւ 3 հոդվածներին:

Իմ կողմից նշված այդ հոդվածներն այս ժամանակահատվածում կրել են որոշակի խմբագրկան ճշտումներ, բովանդակային իմաստով էական որեւէ փոփոխություն չպարունակելով, հետեւաբար ես խնդրում եմ, որ Ազգային ժողովն այս օրենքը քննարկելուց հաստատի այն երկրորդ ընթերցմամբ: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Այժմ մենք կլսենք գլխադասային հանձնաժողովի տեսակետը, որը կներկայացնի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյանը: Խնդրեմ:

Գ.ՄԵԼԻՔՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում «Պետական տուրքի մասին», ինչպես նաեւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջինից երկրորդ ընթերցմամբ ընդունելու կապակցությամբ:

Հարցը քննարկվել է ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Պետք է նշեմ, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում պատգամավորների կողմից 2 նախագծերի մասին առաջարկություններ չեն եղել, սակայն կառավարության կողմից կատարվել է 6 առաջարկություն, նախաձեռնությունը, փոփոխությունը՝ հիմնականում խմբագրական կարգի փոփոխություններ կատարելու մասին, որոնք ամբողջությամբ ընդունվել են:

Հարցը քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն, ուստի խնդրում եմ նախագծերն ընդունել երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Այժմ հերթագրում՝ ելույթների համար:

Հերթագրվածներ չկան, եզրափակիչ ելույթների անհրաժեշտություն եւս չկա: Հարցի քննարկումն ավարտվեց:

Այժմ մենք անցնում ենք հաջորդ հարցի քննարկմանը:

Կառավարությունը ներկայացրել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, որը կներկայացնի կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Մաթեւոսյանը: Համեցեք:

Կ.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

-Հարգարժան նախագահող, հարգելի պատգամավորներ, գործընկերներ, ՀՀ կառավարությունը երկրորդ ընթերցմամբ ձեր քննարկմանն է ներկայացնում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքի 215 հոդվածում, իսկ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի խստացման ճանապարհով մաքսանենգության դեմ պայքարն առավել բարձրացնելու եւ արդյունավետ դարձնելու հետ, որով առավել կերաշխավորվի ՀՀ զարգացող տնտեսության ինքնիշխանության, տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի եւ ներքին շուկայի պաշտպանվածության ապահովությունը:

Ցանկանում եմ նշել, որ մինչեւ առաջին ընթերցմամբ օրենքի նախագծի ընդունումը նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում: Քննարկման ընթացքում պատգամավորների կողմից եղել են դիտողություններ եւ առաջարկություններ, որոնք կառավարության կողմից ընդունվել են, եւ օրենքի նախագծում կատարվել են փոփոխություններ, եւ կատարված փոփոխություններով առաջին ընթերցմամբ օրենքի նախագիծն ընդունվել է Ազգային ժողովի կողմից:

Միաժամանակ ցանկանում եմ նշել, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում Ազգային ժողովի պատգամավորների կողմից որեւէ առաջարկություն, դիտողություններ չեն եղել: Այսքանը: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Այժմ մենք կլսենք գլխադասային հանձնաժողովի տեսակետը, որը կներկայացնի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Մարգարյանը: Խնդրեմ:

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, ըստ էության, արդեն իսկ հիմնական զեկուցողը ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը բովանդակության մեջ ավելի խստացնում է մաքսանենգ ճանապարհով ներկրված ապրանքների հետ կապված հսկողությունը, եւ, ընդհանուր առմամբ, այս նախագիծն առաջին ընթերցման ռեժիմում քննարկելու ընթացքում պետաիրվական հանձնաժողովում հիմնական զեկուցողին ներկայացվել է, որը մինչեւ առաջին ընթերցման ռեժիմում քվեարկել է, ընդունել է, եւ դրանից հետո առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում հանձնաժողովը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ոչ մի առաջարկություն չի ստացել: Ուստի եւ հանձնաժողովը քննարկվող նախագծին տվել է դրական եզրակացություն, եւ հորդորում ենք նախագահողին պատեհ պահին նախագիծը դնել քվեարկության: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Ասեմ, որ պետք է առաջարկել, ոչ թե հորդորել: Շնորհակալություն:

Այս հարցի քննարկումն ավարտելու համար հերթագրում՝ ելույթների համար:

Հերթագրվածներ չկան: Հարցի քննարկումն ավարտվեց:

Այժմ անցնենք հաջորդ հարցի քննարկմանը:

Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Բադալյանը ներկայացրել է «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար:

Այժմ մենք կլսենք պրն Բադալյանին, ապա գլխադասային հանձնաժողովի տեսակետը: Խնդրեմ:

Վ.ԲԱԴԱԼՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, երկրորդ ընթերցմամբ ձեզ է ներկայացվում ՀՀ օրենքի նախագիծը «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին»: Գրավոր առաջարկություններ պատգամավորների կողմից չեն եղել, բայց ասեմ, որ բոլոր այն առաջարկությունները, որոնք առաջին ընթերցման ժամանակ հնչեցին դահլիճում, ընդգրկվել են օրենքում, արվել են այդ փոփոխությունները, մոտավորապես 90 տոկոսով, կային այնտեղ հարցեր, որը մենք զրուցելուց հետո թողեցինք նույնը, եւ նաեւ առաջարկություններ ենք ստացել կառավարությունից, որոնք բոլորն ընդգրկվել են օրենքում: Այնպես որ, եթե կան հարցեր, ես պատրաստ եմ պատասխանել այդ հարցերին: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Լավ: Քանի որ նոր հոդվածներ չկան, պրն Բադալյան, այդ պատճառով մենք միայն երկրորդ ընթերցումը հիմա կանցկացնենք եւ, բնականաբար, դրա հետեւանքով հիմա ձեզ հարցեր չեն կարող լինել:

Հիմա լսենք գլխադասային հանձնաժողովի տեսակետը, որը կներկայացնի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը: Համեցեք:

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ներկայացված օրենքի նախագիծը, հիմնականում որի կարգավորման առարկան է գերեզմանատների եւ դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները, իհարկե, օրենքով սահմանվում է նաեւ հուղարկավորության արարողությունների կազմակերպման պետական կարգավորման հիմնական սկզբունքներն ու պայմանները:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցման ռեժիմում մանրամասն քննարկվել է, ինչպես պետաիրավական հանձնաժողովում, այնպես էլ Ազգային ժողովում, եւ լիագումար նիստի կողմից առաջին ընթերցմամբ օրենքն ընդունվել է: Առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում, իմ գործընկերն արդեն իսկ հստակ նշեց, որ այն բոլոր առաջարկությունները, որոնք արվել են կառավարության կողմից, բոլորն ընդունելի են եւ ամփոփաթերթիկում նշված են:

Ես պետք է նշեմ, որ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ նույնպես դրական եզրակացություն է ստացել համապատասխան գլխադասային հանձնաժողովի՝ պետաիրավական հանձնաժողովի կողմից, եւ ես, որպես հարակից զեկուցող, ունեմ 3 առաջարկություններ, ես կհնչեցնեմ, եւ ինձ թվում է, որ իմ գործընկերը՝ հիմնական զեկուցողը, օրենքի հեղինակը, եզրափակիչ ելույթում կանդրադառնա այդ առաջարկություններին:

Նախագծի 2-րդ հոդվածում «մահացածի հարազատները» սահմանման մեջ նշվում է՝ պապը, տատը, ծնողները, զավակները, ամուսինը, քույրը եւ եղբայրը: Իմ կարծիքով, այս հոդվածում ճիշտ կլիներ նշել՝ նաեւ թոռնիկները:

Նախագծի 8-րդ հոդվածում՝ «Հուղարկավորությունների իրականացումը», այս հոդվածում գրված է՝ սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով 2 օրվա ընթացքում ենթակա են դիակիզման: Ես առաջարկում եմ, որպեսզի «առաջանալու դեպքում» բառերից հետո ավելացվի «մարզերում գլխավոր սանիտարական բժշկի կամ Երեւանում Երեւանի գլխավոր սանիտարական բժշկի որոշմամբ» բառերով, որպեսզի պարզ լինի, թե ով է այդ որոշումը կայացնում, որ մարմինն է կայացնում, կոնկրետ ով է կայացնում, որ, իրոք, սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ է առաջացված: Բնականաբար, դրանից հետո արդեն կառավարության կողմից սահմանված կարգով կիրականացվի:

Հաջորդը, որը վերաբերում է նույն հոդվածի եւ նույն ենթատեքստի շարունակությանը, որ դիակիզումը կարող է իրականացվել նաեւ մահացածի կամ հուղարկավորությունը ստանձնողների կամքի գրավոր արտահայտությամբ: 2-րդ պարբերության հետ կապված, ինձ թվում է, որ մեր առօրյա կյանքում շատ են դեպքերը, իհարկե, ես չեմ ուզում մանրամասնել, որ շատ հաճախ մեր քաղաքացիներից, ովքեր գերեզմանատեղեր ունեն, լուրջ միջոցներ են ներդնում այդ գերեզմանատեղերին, եւ գերեզմանատեղերը կառուցելով հետագայում, իհարկե, ինձ թվում է, գաղտնիք բացահայտած չեմ լինում, իհարկե, դա լավ ավանդույթ չի, բայց, այնուամենայնիվ, պարզ իրականություն է, որ շատ հաճախ նույնիսկ գերեզմանաքարեր են կանգնեցվում՝ չգրելով համապատասխան ամսաթիվ, տարեթիվ: Այսպիսի դեպքեր էլ են լինում մեր առօրյա կյանքում, եւ, փաստորեն, եթե մենք հնարավորություն ենք ընձեռում, որ այն քաղաքացին, որը..., այսինքն՝ այստեղ նշված է՝ «մահացածի գրավոր համաձայնության», եթե գրավոր համաձայնություն չի տրվել, ինչպես ասեմ, շատ հանկարծակի մահացել է, չկա գրավոր համաձայնություն, բայց նա ունի գերեզման, այսինքն՝ նա կառուցել է, ունի գերեզման, այս դեպքում ես ինքս ճիշտ չեմ համարում, որպեսզի հուղարկավորությունը ստանձնողների կամքի ազատ արտահայտությամբ, այսինքն՝ նրանց համաձայնությամբ իրականացվի դիակիզում: Եվ այստեղ առաջարկում եմ, որպեսզի ավելացվի մի նախադասություն, որ բացառությամբ այն դեպքերի, երբ մահացողն ունի գերեզմանատեղ, այսինքն՝ ունի պատրաստված գերեզման կամ գերեզմանատեղ:

Այս առաջարկությունը, իհարկե, ավելի կհաստակեցվի, եւ ինձ թվում է, որ իմ հարգարժան գործընկերը եզրափակիչ ելույթում կանդրադառնա, թե ընդունելի է, թե ընդունելի չէ, որպեսզի ավելի հստակ խմբագրենք:

Եվ վերջինը՝ ուղղված է նախագծի անցումային դրույթներին: Այստեղ նշված է, որ նշված օրենքն ուժի մեջ է մտնում 2006թ. հունվարի 1-ից: Ինձ թվում է, որ կապված դիակիզարանների հետ, որպեսզի այդ աշխատանքները ծավալվեն, կառուցեն, մենք պատրաստ չենք, եւ այս ժամկետը, չնայած, ինչքան որ ես զրուցել եմ արդեն պրն Բադալյանի հետ, նա նշեց, որ 2008 թիվն ուղղակի բաց է թողնված, լրացված չէ:

Եվ վերջաբանում կուզենայի մեկ անգամ եւս նշել պետաիրավական հանձնաժողովի կարծիքը, որ տվել է դրական եզրակացություն այս նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար, եւ առաջարկում եմ պրն Թորոսյանին, որ պատեհ պահին կազմակերպի քվեարկություն: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հիմա կլսենք գլխադասային հանձնաժողովի տեսակետը, որը կներկայացնի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Մնացական Պետրոսյանը:

Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հանձնաժողովը նույնպես քննարկել է սույն օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ եւ տվել է իր դրական եզրակացությունը:

Ուղղակի կան 2 նկատառումներ, եւ ես կուզենայի, որ հեղինակը, ճիշտ է, առաջին ընթերցման ժամանակ մենք արել ենք այդ առաջարկությունը, որը որ հեղինակը դահլիճում ընդունեց, բայց հետո ձեւակերպման հետ կապված կար մեր անհամաձայնությունը, որ դարձյալ հեղինակը նոր ձեւով ընդունում է, ինձ թվում է, որ իր եզրափակիչ խոսքում կասի, դա վերաբերում է 8-րդ հոդվածի 3-րդ կետին, երբ որ մահանալու դեպքում, եթե... ուղղակի չկարդամ հոդվածը, այլ ուղղակի ասեմ, մահանալու դեպքում, եթե տեղ ունեն գերեզմանատանը, ապա անպայման պիտի քաղաքապետի թույլտվությունը տրվի: Դա, մեզ թվում է, ճիշտ չի, որովհետեւ եթե տեղը կա, ապա թույլտվության հարց չկա այստեղ, ուղղակի առանց..., չէ, խոսքը գնում է, պրն Բադալյան, նշված սահմաններում ազատ գերեզմանատեղի կամ նախկինում մահացած հարազատի գերեզմանի առկայության դեպքում, համապատասխան համայնքի ղեկավարը, այսինքն՝ առկայությունը, կա տեղը, առկա է, համայքի ղեկավարի կամ քաղաքապետի թույլտվությունն ինչու՞ համար վերցնեն այդ մարդիկ: Այս պարբերությունը պետք է հանվի:

Եվ խոսքը վերաբերում է նաեւ 23-րդ հոդվածի 4-րդ կետին, որը վերախմբավորման կարիք ունի, դա վերաբերում է գերեզմանների, մի տեղ՝ գերեզմանատներ, գերեզմանների հասկացողությունը, որը խառնաշփոթ է առաջացնում, որովհետեւ ճիշտ չի դրված այդ բաները, եւ երկրորդ հարցը վերաբերում է 23-րդ հոդվածի 4-րդ կետին: Ես այս 2 առաջարկություններով..., հեղինակի կողմից եղել է համաձայնություն, կուզենայինք, որ նորից հնչեցնի, որ կկատարվի համապատասխան փոփոխություն, եւ այս հանգամանքից ելնելով հանձնաժողը տվել է իր դրական եզրակացությունը: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Պետրոսյան: Այժմ մենք կլսենք կառավարության տեսակետը, որը կներկայացնի քաղաքաշինության փոխնախարար Կառլեն Գեւորգյանը: Համեցեք:

Կ.ԳԵՎՈՐԳՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգարժան նախագահող, հարգելի պատգամավորներ, օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության կողմից տրված եզրակացությունը առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ամբողջությամբ ներ է առվել, հիմնական առաջարկություները կառավարության կողմից, դրանք եղել են՝ համաձայնեցնել «Իրավական ակտերի մասին» օրենքի հետ, եւ ամբողջությամբ տվել է իր դրական եզրակացությունը օրենքի նախագծի վերաբերյալ:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Այժմ, հարգելի գործընկերներ, հերթագրում՝ ելույթների համար:

Հերթագրվածներ չկան, եւ մենք անցնում ենք եզրափակիչ ելույթների: Թերեւս պրն Բադալյանն անդրադառնա այն հարցադրումներին, որոնք մեր գործընկերներն արեցին: Համեցեք:

Վ.ԲԱԴԱԼՅԱՆ

-Շնորհակալություն: Ուրեմն, բոլոր առաջարկություները, որոնք արվեցին իմ գործընկերների կողմից, ինձ համար ընդունելի են եւ անպայման կներառվեն, բայց 2 պարզաբանումներ:

Այստեղ, որ գրված էր՝ ովքեր են մտերիմ բարեկամները, դա սահմանված կարգն էր վերցված, թոռնիկները, մինչեւ հիմա դա չի նշվել, դրա համար: Խնդրեմ, դրանում ես ոչ մի այդպիսի բան չեմ գտնում:

Ինչ վերաբերում է սանիտարահամաճարակային իրավիճակին, որ տեղափոխվի, մարզերում տան իրենց գնահատականը, թե դա ինչանով է համապատասխանում: Խնդրեմ: Բայց այսպիսի մի բան կա, որ երբ լինում է սանիտարական այդ իրավիճակը, համաճարակային իրավիճակը, միանգամից ստեղծվում է հանձնաժողով, եւ նա է որոշում: Իմ կարծիքով, ոնց որ եղել է նախկինում, որովհետեւ, եթե համաճարակային կարգավիճակ է ստեղծվում, արդեն դա ավելի բարդ խնդիր է, քան թե, ասենք, կախված միայն գերեզմանների հետ: Դա ընդհանուրի մասին է: Ինչ վերաբերում է գերեզմաններին, խնդրեմ, ես ոչ մի առարկություն այստեղ չունեմ:

Եվ երրորդ առաջարկությունը, որն արվել է իմ գործընկեր Հովհաննես Մարգարյանի կողմից, դա բացառություն, եթե նա ուներ տեղ: Այստեղ իմաստը ոչ թե նրա մասին է, որ թույլ տա, թե թույլ չտա, խնդրեմ, դուք ճիշտ եք, իմաստը նրա մասին էր, որպեսզի մենք հնարավորին չափ ազատենք այդ մարդկանց, ոչ թե թույլ չտանք, այլ ազատ իրենց որոշումը լինի: Եթե ունեն տեղ, օրենքում էլ կա, խնդրեմ, ոչ մեկը դրան չի արգելում:

Միանգամից անդրադառնամ այն առաջարկությանը, որ արեց պրն Մնացական Պետրոսյանը, սա նույն առաջարկությունն է: Ես համաձայն եմ, որ քաղաքապետի թույլտվությունը մենք հանենք, բայց խոսքը, նորից եմ կրկնում, մենք թողել էինք կառավարության վրա: Ինչի համար, որովհետեւ մեկ-մեկ լինում են վեճեր, էս նոր կարգի գերեզմանները, որոնք սահմաններն անցել են, խոսքը, իմաստը հիմնականում դրա մասին էր, որպեսզի, եթե հետագայում դա ստանալու է նոր ուրվագծեր կամ սահմանափակվելու է, որպեսզի այդ մարդկանց հնարավորությունը չսահմանափակենք, նրանք տեսնեն, եթե, իրոք, անհնարին է այդտեղ, դա վերացնեն, եթե ոչ՝ թույլ տան: Այստեղ մի քիչ ավելի խորը իմաստ ուներ այդ հատվածը:

Եվ վերջին՝ առաջարկությունը ես լիովին ընդունում եմ, այսինքն՝ մինչեւ երրորդ ընթերցում խմբագրական այս բոլոր առաջարկությունները, որոնք արվեցին, ես պատրաստ եմ ընդունել եւ ներառել օրենքի նախագծում: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Բադալյան: Հարցի քննարկումն ավարտվեց, քվեարկությունը կանցկացնենք ավելի ուշ, եւ մենք անցնենք հաջորդ հարցի քննարկմանը:

Կառավարությունը ներկայացրել է «Վարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, որը կներկայացնի հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Խնդրեմ:

Ա.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, «Հարկերի մասին» օրենքում փոփոխությունը, հիշեցնեմ, որ վերաբերում էր թափանցիկության ու հրապարակայնության զարգացմանը, հարկերի ու պարտադիր սոցվճարների, հարկերի հետ կապված հարաբերություններում, այսինքն՝ հարկային ծառայությունը պարտավորվում է պարբերաբար հանրությանը ներկայացնել տեղեկատվություն՝ վճարված հարկերի, չվճարումների, բարեխիղճ հարկատուների, պարտավորությունները չկատարողների եւ այլոց մասին:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակաընթացքում առաջարկություններ ենք ստացել Ազգային ժողովի 2 պատգամավորներից՝ Հռիփսիմե Ավետիսյանից եւ Մնացական Պետրոսյանից, որոնք առաջարկել են ավելի հստակեցնել, պարզեցնել համապատասխան հոդվածները:

Մասնավորապես՝ Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Ավետիսյանն առաջարկել է, որպեսզի 100 հազար եւ ավելի եկամտահարկ վճարողները հստակեցնել, այն դարձնելով, տարածելով հարկային գործակալների վրա: Ճիշտ է, այստեղ անհատ ձեռներեցները չենք ներառում, որովհետեւ ավելի հետաքրքրական է հարկային գործակալների կողմից վճարված հարկերը, այն է՝ տարեկան 3 մլն դրամից ավել եկամտահարկ վճարողների ցանկով սահմանափակվել:

Ազգային ժողովի պատգամավոր Մնացական Պետրոսյանն առաջարկել է հոդված 1-ի «գ» եւ 2-րդ մասի «դ» կետերը, ելնելով նրանից, որ մեծածավալ տեղեկություններ են պարունակում ապրանքների ֆիզիկական ծավալների, գների եւ այլոց վերաբերյալ, այս պահին դրանք չհրապարակել, վերախմբագրել, ինչը մեր կողմից եւս ընդունվել է:

Կառավարությունն իր հերթին խմբագրական փոփոխություններ է առաջարկել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, հոդված 1-ում, որը ներկայացված է ձեր դատին:

Այնպես որ, խնդրում եմ այս նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ դնել քվեարկության պատեհ պահին: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Այժմ, քանի որ մենք ունենք նաեւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի տեսակետը, որը դրական է, հերթագրում՝ ելույթների համար:

Հերթագրվածներ չկան: Հարցի քննարկումն ավարտվեց:

Հաջորդ նախագիծը, որը ներկայացրել է կառավարությունը, «Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին է: Այն ներկայացված է առաջին ընթերցմամբ ընդունելու համար: Հիմնական զեկուցողն է կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Համեցեք:

Ա.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, այս օրենքը՝ «Հարկային ծառայության մասին», որպես հատուկ ծառայության մասին օրենք, իհարկե կարգավորվում է քաղաքացիական ծառայության օրենսդրությանը համապատասխան, այն է, որ հարկային ծառայության բոլոր կադրային, աշխատակարգային, կառուցվածքային եւ ընդհանրապես աշխատանքի հետ կապված կազմակերպչական բոլոր խնդիրները պետք է կարգավորվեն օրենքով, որպես հատուկ ծառայություն: Եվ հաշվի առնելով, որ մեր կողմից, ձեր կողմից ընդունված օրենքը՝ «Հարկային ծառայության մասին», 2003թ. ի վեր արդեն գործնական կիրառման ընթացքում ի հայտ են եկել մի քանի խնդիրներ, որոնք հնարավոր չեն գործնական կյանքում կիրառել, մինչեւ օրենքում համապատասխան փոփոխություններ չկատարել, ուստի մենք դիմում ենք ձեզ, որպեսզի օրենքում կատարվեն հետեւյալ փոփոխությունները, օրենքն այդ փոփոխություններով հանդերձ կիրառելու:

Այսպես, հանձնաժողովի հետ կապված խնդիրներ ունենք, մասնավորապես՝ մրցութային հանձնաժողովը ներկայումս 7 անձ է, առաջարկում ենք դարձնել 8 անձ, որպեսզի հնարավոր բացակայությունների դեպքում ապահովենք աշխատանքի անընդհատություն:

Առաջարկում ենք կադրային ռեզերվ ստեղծել հարկային ծառայությունում, այնպես, ինչպես քաղաքացիական ծառայությունում է առաջարկված, որ անաշխատունակության, հիվանդության, բանակ զորակոչելու հետ կապված թափուր տեղեր առաջանալու դեպքում առաջին հերթին աշխատանքի ընդունվեն կադրային ռեզերվում տեղ գտած մարդիկ, իհարկե, դրանք ժամանակավորապես են աշխատանքի ընդունվում, բայց այդ խնդիրը լուծվի:

Առաջարկում ենք, որպեսզի հարկային տեսչության հաստիքների հետ կապված կոնկրետ փոփոխություններ կատարվեն կենտրոնական ապարատի, վերադաս հարկային մարմնի եւ տարածքային հարկային տեսչության պաշտոնների անվանացանկի հետ կապված: Դա առաջարկություններ են օրենքի 15-րդ հոդվածում: Մասնավորապես՝ առաջարկվում է, որպեսզի բացի վերադաս հարկային մարմնից նաեւ հաստիքների հնարավորություն ստեղծվի, մեր իսկ եղած հնարավորությունների սահմաններում, տարածքային հարկային մարմիններում օպերատիվ լիազոր ունենալու, ոչ թե կենտրոնական ապարատի հաստիքի վրա:

Հաջորդ առաջարկությունը, որը վերաբերում է..., շատ կարեւոր է այս առաջարկությունը, աշխատանքից ազատելու հիմքերը եւ պաշտոնից ազատելու հիմքերը տարանջատել: Այսօրվա օրենքում միեւնույն հոդվածի տակ գրված է՝ եւ՛ աշխատանքից ազատելու հիմքերը, եւ՛, գրեթե նույնը թվարկվում է, պաշտոնից ազատելու հիմքերը: Այնինչ, պաշտոնից իջեցում կարող է լինել, եւ կա, պարզապես, համակարգից, աշխատանքից ազատել ատեստավորման արդյունքներով: Առաջարկում ենք թվարկել պաշտոնից ազատման այն հիմքերը, որոնց դեպքում պաշտոնը կիջեցվի, եւ այն հիմքերը, որոնց դեպքում հարկային ծառայողը պարզապես աշխատանքից կազատվի: Դա 19-րդ հոդվածում է, ներողություն, 26-րդ հոդվածում է առաջարկվում կատարել:

Առաջարկվել է նաեւ հետեւյալը: Վերջերս ընդունվեց 2006թ. պետական բյուջեն, եւ այդ պետական բյուջեով նախատեսված են հարկային ծառայությունում լրացուցիչ հաստիքներ, որոնք պայմանավորված են սոցիալական ապահովության վճարների հետ տարվող աշխատանքների հետ կապված, ինչպես նաեւ պայմանավորված են իրավաբանների, հաշվային աշխատանքների լրացուցիչ հաստիքներ ունենալու հետ կապված: Եվ ահա, քանի որ մինչեւ 2006թ. պետք է հասցնել, տեղավորվել օրենքի մեջ, հայտարարել մրցույթ եւ աշխատողներին ընդունել աշխատանքի ու հրամանագրել 2006թ. հունվարի 1-ից, անցումային դրույթներ ենք նախատեսել, որպեսզի հնարավոր լինի, ի տարբերություն օրենքի մյուս հոդվածների, այս մրցույթն ավելի շուտ անցկացնել, մասնավորապես՝ օրենքն ընդունելուց հետո 10 օրվա ժամկետում:

Հարցը երկու անգամ քննարկվել է եւ ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովում, առաջարկված փոփոխությունները երկրորդ անգամ հանձնաժողովում քննարկվելիս ամբողջությամբ ներառվել են նախագծում, խնդրում եմ առաջին ընթերցմամբ դնել քվեարկության պատեհ պահին: Շնորհակալություն:

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Ալավերդյան: Պրն Ալավերդյանին հարցերով դիմելու համար հերթագրում:

Մեկ պատգամավոր է հերթագրվել՝ Հովհաննես Մարգարյան: Խնդրեմ, ձեր հարցը:

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Իհարկե, պրն Ալավերդյան, բավականին կարեւոր է ձեր թվարկած ռեզերվային կադրերի պատրաստումը, կարեւորում եմ այս տեսանկյունից: Հարցս այսպիսին է: Դուք թվարկեցիք աշխատանքից ազատման հիմքերը: Առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունվել է քաղաքացիական ծառայությունում, այդ օրենքում, իմ հեղինակությամբ, օրենքի նախագիծ, որտեղ աշխատանքից ազատման հիմքերը մի քիչ տարբեր էր հարկային մարմիններում եւ մաքսային, այսինքն՝ աշխատանքից ազատելու հիմք կարող էր հանդիսանալ օրինական ուժի մեջ մտած դատարանի կողմից մեղադրական դատավճիռը: Իսկ մենք առաջարկում էինք, որպեսզի շատ դեպքերում, ինչպես գիտեք, անզգույշ հանցագործություն եւ այլն, եւ այլն, որ դատարանը որոշում կայացներ էլ, արդյոք այդ հիմքը բավարա՞ր է աշխատանքից ազատելու, թե՞ ոչ: Սա, այս մոտեցումը, նախ՝ ձեր մասնավոր կարծիքը, պրն Ալավերդյան, որովհետեւ տարբեր էին: Օրինակ՝ տեսեք, հարկայինում մեկ այլ մոտեցում էր, մաքսայինում մեկ այլ մոտեցում էր, ինքը ներքին կանոնակարգով ուրիշ մոտեցում էր ցուցաբերում այդ հիմքին: Այս հիմքերի մեջ սա ի նկատի ունեցվել է, թե չէ: Շնորհակալություն:

Ա.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մարգարյան: Օրենքի նախագծի 14 հոդվածում, իսկ գործող օրենքի 26 հոդվածում բերված են ազատելու հիմքերը, թվարկված են, եւ, ճիշտն ասած, ձեր թվարկած պատճառը, որպես աշխատանքից ազատելու հիմք, կարելի է ասել, ընդհանուր ձեւով է շարադրված, բայց ավելի հստակեցնելու նպատակով, ես կարող եմ ասել, որ մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակաընթացքում մենք միասին կաշխատենք, եւ դատարանի վճիռների առկայության դեպքում ակնհայտորեն դա ներառել աշխատանքից ազատելու հիմքերում:

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Ավարտեցի՞ք պատասխանը: Ավարտվեց հարց ու պատասխանը, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Հարակից զեկույցի համար..., ո՞վ է հարակից զեկուցողը, չկա՞ հարակից զեկուցող: Շատ լավ, անցնում ենք մտքերի փոխանակության:

Խնդրում եմ հերթագրվել ելույթների համար: Չկան ելույթներ:

Պրն Ալավերդյան, որեւէ բան ունե՞ք ավելացնելու: Ոչ:

Հարցի քննարկումն ավարտվեց, քվեարկությունը տեղի կունենա ավելի պատեհ պահի: Մենք անցնում ենք հաջորդ հարցի քննարկմանը:

Քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող է կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Խնդրեմ, ամբիոնի մոտ:

Ա.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, այս օրենսդրական նախաձեռնությունը հատուկ կարեւորություն ունի, ինչպես հարկային ծառայության, այնպես էլ ընդհանրապես մեր տնտեսական իրականության մեջ: Ինչին է վերաբերում խնդիրը: Խնդիրը վերաբերում է անապրանք ապրանքաշրջանառությանը: Որքան էլ զարմանալի հնչի, սակայն մեր իրականության մեջ բազմաթիվ են այն զեղծարարությունները, տնտեսական կեղծիքները, տնտեսական բնույթի այն հանցագործությունները, որ երբեմն տնտեսավարող սուբյեկտները մեկը մյուսին ապրանք չեն առաքում, չեն տրամադրում, բայց փաստաթղթերով ձեւակերպում է, որ տրամադրվել է, առաքվել է: Այսինքն՝ փաստաթղթերով իրացումներ կամ ձեռքբերումներ են ձեւակերպվում առանց իրականության մեջ այդպիսի գործարքներ կատարելու: Այսինքն՝ այս օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է նման կեղծ գործարքների դեմ պայքարն ուժեղացնելուն:

Այսօր ՀՀ գործող օրենսդրությունում, իհարկե, որոշակի պատժամիջոցներ են նախատեսված նման կեղծիքների դեմ: Մասնավորապես՝ Քրեական օրենսգրքում նախատեսված են հոդվածներ, որոնք որ ուղղված են կեղծ փաստաթղթերի պատասխանատվություն առաջացնելու հետ: Մասնավորապես, եթե հարկային փաստաթղթերը կեղծվել են, իսկ կեղծիքը, հստակ այնտեղ գրված է, որ այդ փաստաթղթին ներկայացվող պահանջները չեն պահպանվել, ուրեմն, դրա համար նախատեսված են համապատասխան պատասխանատվության միջոցներ, ինչպես օրինակ՝ կեղծ թղթադրամների, կեղծ արժեթղթերի, կեղծ ալկոհոլային խմիչքների՝ կեղծ գինի, կեղծ կոնյակ, կեղծ ապրանքների դեպքում, այնպես էլ կեղծ փաստաթղթերի դեպքում նախատեսված են կոնկրետ պատասխանատվության միջոցներ նաեւ Քրեական օրենսգրքում, այդպիսի փաստաթղթեր դուրս գրողների համար:

Սակայն գործնական կիրառության ընթացքում առաջ են գալիս հարցեր, որ այստեղ այնքան կարեւոր չի մարդկանց դատելը, այսպես ասած, պատասխանատվության ենթարկելը, որքան այն տնտեսական բնույթի հանցանքը, ընդհանրապես, որ կատարվել է, առաջացնի ադեկվատ, համապատասխան պարտավորություն իր պարտավորությունների ընթացքում, այսինքն՝ մարդու կյանքին, առողջությանը կամ հասարակությանը, այսպես ասած, վտանգ չի պատճառել, բայց, տնտեսական առումով, բյուջեի նկատմամբ պարտավորություններ են կամ թաքցվել, կամ, պարզապես, ուրեմն, հարկերի վճարումից խուսափման այդպիսի երեւույթների միտում են ունեցել:

Այս տեսակետից, առաջին անգամ մեր օրենսդրության մեջ ներմուծվում է, հարկային օրենսդրության մեջ ներմուծվում է մի հասկացություն, որը կոչվում է «անապրանք փաստաթուղթ» հասկացություն: Նշվում է, որ դա այն փաստաթուղթն է, այն գործարքն է, որ հարկերի հաշվարկման համար օգտագործվել է, բայց ապրանքափոխանակություն, ապրանքների առք եւ վաճառք իրականում տեղի չեն ունեցել, եւ այդպիսի դեպքերի համար, այդպիսի զանցանքների համար առաջարկվում է ֆինանսական պատժամիջոց կիրառել, այն է, ուրեմն, հայտնաբերված նման խախտման արժեքի չափով փոխհատուցել պետական բյուջեի վնասը: Դա արտացոլված է նախագծի 31-րդ հոդվածում: Ինչպես նաեւ, ելնելով սրանից, որ եթե «Հարկերի մասին» օրենքում այսպիսի փոփոխություն մենք ընդունում ենք, ապա առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այսօրվա գործող օրենսդրության մեջ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի համապատասխան հոդվածը՝ 43-րդ հոդվածը: Ինչու՞ համար:

«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում այս դեպքը նկարագրված է, բայց հարց է ծագում, ինչու՞ կիրառել միայն ավելացված արժեքի հարկի պարտավորությունների դեպքում, չկիրառել այն շահութահարկի, եկամտահարկի եւ մյուս վճարների հետ կապված հաշվարկներում: Ուստի առաջարկվում է այս օրենքից հանել համապատասխան հոդվածը, այն է՝ 44-ի պրիմ հոդվածը հանել, եւ դա տեղադրել «Հարկերի մասին» օրենքում, որպեսզի դա տարածվի բոլոր հարկային հաշվարկների վրա:

Եվ մի շատ կարեւոր առաջարկություն, որ արվել է մեր կողմից: Իհարկե, այս առաջարկությունը ես ուզում եմ հնչեցնել դահլիճում, որովհետեւ ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկումների ժամանակ այս առաջարկի հետ կապված լուրջ փաստարկներ է բերել «Ժողպատգամավոր» խմբակցությունը, մասնավորապես՝ Կարեն Կարապետյանը, խմբակցության ղեկավարը:

Մենք առաջարկել ենք, կառավարությունն առաջարկել է հետեւյալը, ուրեմն, եւ փաստաթուղթ վաճառողներին, իսկ իրականության մեջ, այս բարձր ամբիոնից թույլ տվեք հնչեցնել, որ այդ փաստաթղթերը վաճառվում են, ուրեմն, փաստաթղթի արժեքի, ասենք, 8-ից 10 տոկոսի շրջանակներում, ուրեմն, փաստաթուղթ տրամադրողին այդքան գումար է տրվում, եւ նա տրամադրում է փաստաթուղթ, որ ինքն առաքել է, ասենք, այդ ապրանքը, ուրեմն, եւ՛ փաստաթուղթ վաճառողի նկատմամբ պատասխանատվություն կիրառել, եւ՛ գնորդի նկատմամբ այդպիսի պատասխանատվություն կիրառել:

Ուրեմն, պրն Կարապետյանն առաջարկեց, որպեսզի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակաընթացքում կամ ընդհանրապես այս հարցը քննարկվի: Կառավարությունը, ուրեմն, այս հարցը պատրաստ է քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակաընթացքում, որպեսզի, իսկապես, զանցանք կատարողին, տնտեսական բնույթի հանցանք կատարողին ֆինանսական համապատասխան պատասխանատվության ենթարկենք: Շնորհակալություն:

Եթե հարցեր կան, ես կպատասխանեմ:

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, պրն Արմեն Ալավերդյանին հարցերով դիմելու հնարավորություն կա:

Հերթագրում՝ հարցերի համար:

Երկու պատգամավորներ են հերթագրվել՝ Մնացական Պետրոսյանը եւ Գագիկ Ավետյանը: Խնդրեմ, պրն Պետրոսյան, ձեր հարցը:

Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Հովհաննիսյան:

Պրն Ալավերդյան, ի՞նչ հարց է ինձ հետաքրքրում: Իրոք, ողջունելի է նման փոփոխությունը, որովհետեւ, իրոք, անապրանք, մենք բոլորս էլ գիտենք, նման գործարքներ կատարվում են: Բայց իմ հարցը՝ ո՞վ է ապացուցելու, որ դա կատարվել է, ո՞նց է ապացուցվելու, ու՞մ կողմից պետք է ապացուցվի՝ այդ գործարքը կատարվել է անապրանք, թե ապրանքային, որովհետեւ գիտենք, որ իրական կյանքում, ճիշտ եք ասում, հանդիպում ենք շատ դեպքերի, երբ ապրանք են գնում, փաստաթուղթը չկա, գնորդը ստիպված է, ելնելով իր փաստաթղթային դաշտը կարգավորելուց, ստիպված է ինչ-որ փաստաթուղթ ճարի, դնի տակը, կոպիտ, ժողովրդական լեզվով ասած: Ո՞վ է որոշողը՝ տվյալ գործարքը կատարվել է անապրանք շրջանառություն կամ ինչ: Պարզ է, որ որոշողը պետք է լինի միայն դատարանը: Տվյալ դեպքում, ո՞նց պիտի լինի հարցի կարգավորումը:

Ա.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Շնորհակալություն: Շատ հետաքրքիր հարց է, իհարկե: Ես նախ ուզում եմ ձեզ ասել, որ «Հարկերի մասին» օրենքի 17 հոդվածի համաձայն, ամբողջ..., ինչու ենք տեղափոխել «Հարկերի մասին» օրենք: «Հարկերի մասին» օրենքի ճիշտ ժամանակին կիրառման պատասխանատու մարմինները հարկային մարմիններն են, այսինքն՝ միանգամից ձեզ պատասխանեմ, որ վճիռը, որոշումը կայացնում է հարկային մարմինը: Դրա կայացնելու միակ ձեւը դուք ցույց եք տվել, դա «Ստուգումների մասին» օրենքն է, որ եթե ստուգման ժամանակ պարզվի, որ փաստաթղթով ցույց է տվել, որ հիմնական միջոց է ձեռք բերել, բայց իրականում այդ հիմնական միջոցը չկա: Բա ու՞ր է այդ հիմնական միջոցը: Ոչ միայն հիմնական միջոց: Ցույց է տվել, որ ձեռք է բերվել այսքան հումք, նյութեր, բայց այդ հումքն ու նյութերն արտադրության մեջ ընդհանրապես ոչ ներմուծվել են, ոչ էլ կիրառվել են: Ու՞ր է դա:

Դուք լավ արեցիք, որ երկրորդ կեսում պատասխանի մասը նաեւ տվեցիք, այն է՝ դուք ասում եք, երբ որ պետք է իրեն փաստաթղթավորի, իր եկամուտները, ծախսերը, ինքը դես ու դենից փաստաթղթեր է, կոպիտ ասած, ձեռք բերում: Ինչու՞, որովհետեւ ինքն ուզում է ցույց տա, թե ինչքան ծախս է արել, որովհետեւ ինչքան շատ ծախս ցույց տա, այնքան քիչ շահութահարկ կվճարի: Ինքն ասում է՝ ես ունեցել եմ իքս մեծության շահույթ, բայց քանի որ դրան էլ հավասար կամ դրան մոտ ծախսեր եմ արել, եկեք, շահութահարկս քիչ վերցրեք:

Դիցուք, ՀՀ-ում շինարարության ոլորտում բոլոր ծախսերի գերակշիռ մասը, կարելի է ասել, կեղծ փաստաթղթերով հիմնավորվում է: Ստացվում է այնպես, որ շինարարության ոլորտում շահագործման հանձնած շինարարության արժեքը պայմանագրերի արժեքից էլ ցածր է, այն պայմանագրերի, որ իրականում նա վաճառում է գնորդներին: Ինչու՞, որովհետեւ նա ձեռք է բերում ցեմենտի, արմատուրայի, փայտի, բոլոր շինանյութերի հետ կապված ցանկացած փաստաթուղթ:

Հետաքրքիր բան: Նախագահի վերահսկողական ծառայության հետ վեց ամիս ուսումնասիրություններ են կատարվում շինարարության ոլորտում: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ ՀՀ-ում արմատուրայի տոննան վաճառվում է 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից, այսպես ասեմ, մինչեւ 900 դոլար: Երբ որ պետք է ծախսը մեծացնել, ցույց է տրվում 900 դոլար արժեք, երբ որ պետք է ցույց չտալ դա, իբր ձեռք են բերում շատ ցածր գնով: Բայց մենք հո գիտենք, որ շուկայում գինը միակն է: Այնպես որ, դրա միակ ապացույցը, եթե հարկային մարմինը ստուգման ընթացքում այդպիսի փաստ ունենում է:

Ինչ վերաբերում է դատարանին: Եթե հարկային մարմինը, դիցուք այս տուգանքը, այսինքն՝ օրինակ՝ իմ բերված օրինակում, ենթադրենք, 700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով տուգանք ներկայացվեց հարկ վճարողին, հարկ վճարողը փաստաթղթերը ներկայացնում է դատարան, որի իրավունքն այս օրենքում գրված է, եւ ասում է՝ հարկային մարմնի որոշումը ճիշտ չի, ու ինքը սկսում է արդեն դատարանում քննարկել մեր բերված փաստարկը, ինչպես մյուս բոլոր դեպքերում: Շնորհակալություն:

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Պարզաբանման համար՝ պատգամավոր Պետրոսյան:

Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Պրն Ալավերդյան, ուղղակի, դուք ինքներդ իմ հարցը նորից ասացիք: Իմ հարցը վերաբերում է ոչ թե նրան, որ ձեռք է բերել, իրոք, գոյություն ունի տվյալ, ասենք, ամրանը, որը դուք ասացիք, 200 դոլարով կամ 700, 900-ով է ձեւակերպել, բայց իրականում գոյություն ունի: Փաստաթղթով սխալն է ձեւակերպվում: Այն, ինչ որ ասացիք, իմ հարցն է: Այսինքն՝ նա ձեռք է բերել, օրինակի համար, 500 դոլարով, ձեւակերպել է 900 դոլարով: Դա ո՞վ է որոշելու, թե ճիշտ է, թե սխալ է, որովհետեւ դա գոյություն ունի, տվյալ ապրանքը՝ ամրանը, գոյություն ունի, բայց թե 200 է, թե 900 է, ո՞վ է որոշելու:

Ա.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Շատ ճիշտ հարց է: Շարունակությունն ասեմ: Ես ասացի, այն դեպքում, եթե ամրանը չկար ընդհանրապես: Դուք ասում եք այն դեպքը, որ ամրանը կա, բայց ձեռք է բերվել հստակ ինչ-որ գնով: Ո՞վ է որոշելու: Որոշում է դիմացի սուբյեկտը:

Ենթադրենք, ցեմենտի գործարանը ցեմենտ է վաճառել շինարարական կազմակերպությանը: Շինարարական կազմակերպությունը ցույց է տվել, որ ինքը ցեմենը առել է, դիցուք, ասենք, 50 հազար դրամով: Ուրեմն, այդ 50 հազար դրամը պետք է արտացոլված լինի ցեմենտ վաճառող կազմակերպության մոտ: Դա կարող է միանգամից արտադրողը լինել, դա կարող է լինել միջնորդ կազմակերպությունը, ինչը մեր իրականության մեջ կա: Միակ ապացույցը դիմացի կազմակերպության ձեռք բերման փաստաթուղթն է: Իհարկե, դիմացի կազմակերպությունը, եթե ցույց է տվել 50 հազար, ուրեմն, եկամուտները նրա մոտ են առաջանում, ճի՞շտ է: Ակնհայտորեն, միանշանակ, դա պետք է այն կազմակերպության մոտ, որը հանդիսանում է մատակարար: Շնորհակալություն:

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հաջորդ հարցի համար ձայնը տրվում է Գագիկ Ավետյանին: Խնդրեմ:

Գ.ԱՎԵՏՅԱՆ

-Պրն Ալավերդյան, իհարկե, այս օրենքի նախագիծը, որ բերել եք, բավականին կարեւոր օրենքի նախագիծ է, եւ ես այս առումով պետք է մի փաստ արձանագրեմ, որ, այո, դուք իրավացի եք, կա ապրանք, ապրանքաշրջանառություն, չնայած այն բանին, որ այս ձեւակերպման հետ ես այնքան էլ համամիտ չեմ՝ անապրանք շրջանառություն, ոնց որ ինչ-որ տեղ հակասում են իրար, եւ այս առումով հարկավոր է, ուրեմն, փոխել օրենքի նախագծի անվանումը, կարելի է ասել՝ կամ նյութական հիմք չունեցող, կամ կեղծ ապրանքի ապրանքաշրջանառություն: Սա առաջինը:

Երկրորդը, ամենակարեւորը, որ այսօր կան ներմուծողներ, որոնք բերում են ապրանքը եւ ձեւակերպում են ինչ-որ հիմնարկ ձեռնարկության վրա, կամ ինչ-որ մի անհատ ձեռներեցի փաստաթղթով իրացնում են, այսինքն՝ մարդն իրացնում է ապրանք, որը երբեւիցե չի ունեցել:

Իհարկե, սա շատ ողջունելի քայլ է, բայց ինձ հետաքրքրում են այն մեխանիզմները, այն ձեւերը, որոնցով դուք պայքարում եք կամ ինչ մեխանիզմներով եք պայքարում այս արատավոր երեւույթի դեմ: Շնորհակալություն:

Ա.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Ավետյան: Դուք, իհարկե, շատ լավ նշեցիք, որ այդ տնտեսական բնույթի հանցագործությունը տարածվում է նաեւ ու հատկապես տարածվում է ներմուծողների հետ հարաբերություններում: Գիտե՞ք ինչ է տեղի ունենում մեր իրականության մեջ: Մեր իրականության մեջ ի հայտ են եկել, այսպես կոչված, կեղծ մաքսազերծողներ, այսինքն՝ իրականում նրանք փաստաթղթերով, հիմնավորված մաքսազերծում են ապրանքը, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում են, վճարումները կատարում են, բայց... (Ձայնագրությունն ընդհատվում է եւ սկսվում այսպես)... կա, կամ դա, պարզվում է, ուրեմն, մեծահասակ անձնավորություն է, որն ընդհանրապես տնտեսական գործունեություն չի էլ կարող իրականացնել: Ինչու՞, որովհետեւ այդ ներմուծողն ի սկզբանե, այդպիսի փաստեր մենք շատ ունենք, եւ այդպիսի փաստերը, նաեւ իրավապահ մարմիններն են դրանով զբաղվում, ի սկզբանե այդ գործարքը պայմանավորված է լինում, դիցուք, ում անունով որ ձեւակերպվում է այդ գործարքը, որոշակի վճարի դիմաց նրանով ձեւակերպում են այդ գործարքը: Գործարքի տերն ապրանքը չի տեսել, ապրանքը չի մատակարարել, բայց ձեւակերպումները տեղի են ունենում:

Ձեր հարցը, ինչպես եւ պրն Մնացական Պետրոսյանի հարցը, ինչպես եւ, ես այս ամբիոնից հայտարարում եմ, նաեւ պրն Կարեն Կարապետյանի հանձնաժողովում ներկայացրած մտահոգությունները, կապված հստակեցման հետ, մենք կօգտագործենք, որպեսզի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակաընթացքում, դա կանվանենք անապրանք գործարք, թե դա կանվանենք, ուրեմն, առանց նյութական հիմքի գործարք, ինչ, կեղծից մենք խուսափում ենք, որովհետեւ կեղծի խնդիրը Քրեական օրենսգրքում լուծված է: Կեղծը ձեւականորեն, ուրեմն, պայմաններին համապատասխանող, բայց իրականության մեջ տեղի չունեցող գործարքն է:

Ես առաջարկում եմ եւ պատրաստակամություն եմ հայտնում՝ եւ՛ պրն Պետրոսյանի, եւ՛ ձեր, եւ՛ պրն Կարապետյանի, եւ՛ բոլոր շահագրգիռ անձանց հետ մենք գտնենք ավելի լավ լուծումներ:

Խնդիրն այն է, որ այսօր բոլոր տնտեսավարող սուբյեկտները դժգոհում են մի երեւույթից, որ երբ իրենք ձեռքբերումներ են ունենում, իրենց փաստաթղթեր չեն տրամադրում այդ ձեռքբերումների դիմաց: Հատկապես դա վերաբերում է մանր եւ միջին բիզնեսին: Այս բիզնեսի ներկայացուցիչները դիմելով մեծածախ եւ խոշոր կազմակերպությունների՝ ձեռքբերումների համար, չեն ստանում փաստաթղթային հիմքերը:

Կարծում եմ, որ եթե մենք կարողանանք առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակաընթացքում բարելավել ձեւակերպումները, իսկ մենք այդ պատրաստակամությունը հայտնում ենք, կարելի է նաեւ այդպիսի երեւույթի դեմ պայքարել: Շնորհակալություն:

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Ես կարծում եմ, որ այս հարցը, իսկապես, կարեւոր է, եւ որպեսզի հետո պրոբլեմներ չունենաք մենք ֆրակցիաների մեջ քննարկումները քվեարկության վերաբերյալ ավելի հիմնավորված լինեն, տանք այդ հնարավորությունը, եթե դուք դեմ չեք, պրն Ալավերդյան:

Ա.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Իհարկե:

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Իսկ հիմա, Գագիկ Ավետյան, խնդրեմ, պարզաբանման համար:

Գ.ԱՎԵՏՅԱՆ

-Ուրեմն, պրն Ալավերդյան, այսպիսի մի խնդիր, որը ծառացած է շատ մանր եւ միջին բիզնեսմենների առաջ: Դուք իրավացիորեն նշեցիք, որ, այո, նրանք որոշակի պրոբլեմներ ունենում են: Ես դրա համար առաջարկում եմ այսպիսի մի տարբերակ:

Ուրեմն, ներմուծողը ներ է կրում 5 մլն դրամի ապրանք, եւ այդ ներմուծողին տրվում է որոշակի, ինչ-որ սերտիֆիկատներ, որ նա իրավունք ունենա բաժանելու, այսինքն՝ 5 մլնը, խոսքի օրինակ, բաժանվում է 10 մասի կամ 20 մասի, եւ տրվում է նման սերտիֆիկատներ, որ նա կարողանա անհատ ձեռներեցներին, մանր եւ միջին բիզնեսի աշխատողներին տա, որպեսզի նրանք էլ հետագայում հարկային տեսչության հետ աշխատելուց կարողանան ներկայացնել եւ հիմնավորել, թե որտեղից են ապրանքը ձեռք բերել: Շնորհակալություն:

Սա ուղղակի առաջարկության կարգով:

Ա.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Շնորհակալություն: Քանի որ առաջարկության կարգով է, ես պատրաստ եմ այդ առաջարկությունն անպայման ձեզ հետ քննարկել, որպես կառավարության լիազոր ներկայացուցիչ:

Մեխանիզմը պետք է այնպիսին լինի, որ տարածվի ինչպես ներմուծողների, այնպես էլ տեղում արտադրողների նկատմամբ: Նաեւ տեղում արտադրողներ ունենք, դա ցանկացած արտադրանք, որ ՀՀ-ում հատկապես ավելի մեծ տեսակարար կշիռ ունեն շուկայում, դա կլինի սննդամթերքի արտադրություն, վերամշակում, թե ցանկացած արտադրանք: Ակնհայտ է, որ երբ որ սուբյեկտները շինանյութ եւ այլն, փոքր բիզնեսը դիմում է ձեռք բերելու այդ ապրանքը, պետք է փաստաթուղթը ըստ քանակի եւ արժեքի նրան ճիշտ տրամադրվի: Չպետք է բիզնեսը իրեն հարմար փաստաթուղթ միշտ դուրս գրի: Երբ որ մենք կարողանանք եւ՛ գնորդին, եւ՛ ձեռք բերողին պատասխանատվության ենթարկել, այն ժամանակ, կարծում եմ, որոշակի կարգավորում կմտնի: Եվ դա մյուս կողմից էլ կապված է Հայաստանում կանխիկ ու ոչ կանխիկ շրջանառությունների կարգավորման հետ: Եթե մեր բոլոր գործարքները լինեին ոչ կանխիկ, այսպիսի խնդիրներ ընդհանրապես չէին առաջանա: Սակայն քանի որ տնտեսության մեջ նաեւ կանխիկ գործարքներ կան, ճիշտ է, մենք ունենք դրամաշրջանառության կարգավորման օրենք եւ այլն, սակայն որոշակի ժամանակում այս խնդիրները կլինեն:

Այնպես որ, ես նաեւ Ազգային ժողովի փոխնախագահի կոչին եմ, առաջարկին եմ միանշանակ տալիս մեր պատրաստակամությունը, համաձայնությունը, որ եւ խմբերի, խմբակցությունների, եւ առանձին պատգամավորների հետ այս հետաքրքիր ու կարեւորագույն նշանակության տնտեսական բնույթի հանցագործության դեմ կապված օրենքի նախագիծը բարելավել այնքան, մինչեւ որ մենք ունենանք այնպիսի տարբերակ, որ այդ հանցանքի դեմ, իսկապես, պայքարի գործուն միջոցներ կարող է իր մեջ ունենալ:

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն: Հաջորդ հարցի համար ձայնը տրվում է Հովհաննես Մարգարյանին:

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Հովհաննիսյան: Պրն Ալավերդյան, իրոք, շատ լավ ավանդույթ է արդեն իսկ ձեւավորվում մեր միջեւ, որ, իրոք, այս դաշտում, փաստորեն, մենք փորձենք հնարավորինս էլ ավելի շատ համագործակցենք, որպեսզի ավելի հստակ եւ ավելի պարզեցվի մեր օրենսդրությունը:

Հարցս այսպիսին է, պրն Ալավերդյան: Դուք նշեցիք, այսինքն՝ տարանջատվեց, փաստացի ապրանք՝ ապրանքագրով, կոնկրետ ամրակների վրա բերվեց օրինակ, առաջին հարցս այսպիսին է:

Եթե, փաստորեն, 200 ԱՄՆ դոլարից 900 դոլար, այսպես նշվեց, եւ այստեղ, իրոք, դուք իրավացի եք, որ, փաստորեն, ավելացնելով ծախսային մասը շահույթն է կրճատվում, եւ, փաստորեն, կխուսափի շահութահարկից: Բայց հակառակ պարագայում, այս դեպքում ինչքանո՞վ ձեռք կտա նրան, քանի որ բարձրացնելով նյութածախսը, այսինքն՝ վաճառքի գինն է ավելանում եւ ավելացված արժեքի հարկն է բարձր մուծում: Սա, ինձ թվում է, էլ ավելի շատ... կամ, դուք մասնագետ եք, էլի, ձեր կարծիքը: Սա առաջին հարց: Մյուս կողմից ինքը տուժվելու է, շահութահարկի մասով էդպիսին է: Սա առաջին հարց:

Երկրորդ՝ դուք նշեցիք, որ եթե հայտնաբերվում է, որ կոնկրետ մեքենասարքավորումը գնել է, բայց չկա, գալիս, նայում ենք, փաստաթղթով կա, բայց չկա: Ինչքանո՞վ ճիշտ կլինի: Սա, փաստորեն, այս դեպքում, ինձ թվում է, որ սրա համար ոչ թե, այսինքն՝ նյութական, դրամական պատասխանատվության պետք է ենթարկվի, այլ սա տեղափոխվում է մեկ այլ դաշտ, փաստորեն, եթե իրապես չկա եւ մտցվում է եւ այլն, եւ այլն, համապատասխան տնտեսավարող սուբյեկտների կողմից: Քանի որ սա բավականին լուրջ չարաշահում է եւ, ըստ էության, տվյալ բաժնետիրական ընկերությունը, որը ոչ թե մեկի, այլ մի քանի հոգու սեփականություն է, սա, իրոք, այստեղ, իրոք, կա հանցանք, լուրջ հանցանք կա այստեղ, հանցակազմ կա այստեղ: Եվ այս պարագայում, փաստորեն, դուք նշեցիք նաեւ, երրորդ հարցս ուղղված է, ինձ ուզում եմ մի քիչ պարզաբանեք, որ եթե ապրանք չկա եւ, փաստորեն, առանց ապրանք փաստաթուղթ է ձեւակերպվում, դրամական տույժը, որ այս դեպքում կիրառվում է, ամբողջ այդ գործարքի գումա՞րն է, թե՞ այն գումարը, եթե, իրոք, սա իրականություն լիներ, եւ պետությանը պետք է հասանելի լիներ, այդ չափով է գանձվում նրանից: Շնորհակալություն:

Ա.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Շնորհակալություն: Ուրեմն, առաջին հարցի հետ կապված, հատկապես ներմուծումների հետ կապված, բոլոր տնտեսավարողները, այդ թվում՝ Ազգային ժողովում, ովքեր շփվում են այդ հարցի հետ, գիտեն, որ ներմուծման պահին, քանի որ սահմանված է՝ վճարել ավելացված արժեքի հարկ, եւ հետո, ուրեմն, ներքին շուկայում առաջանում է ավելացված արժեքի հարկ, միեւնույն է, որեւիցե գին, որ ինչքան էլ բարձրանա, այսպես ասած, մինչեւ միջին շուկայական արժեք, իր մոտ լրացուցիչ ավելացված արժեքի հարկ չի առաջանում, եւ տնտեսավարողը կարողանում է գինը ձեւակերպել, հատկապես շինարարական աշխատանքների մասով, ոչ թե կոնկրետ միայն ապրանքի, այլ շինարարական աշխատանքների մասով, այնքան, որը տեղավորվում է սահմանի վրա վճարված ավելացված արժեքի սահմանի վրա: Եվ մենք գործ ունենք այդ համատարած երեւույթի հետ:

Իհարկե, եթե վերցնենք, որ ներմուծող չէ, այլ արտադրող է, այո, ճիշտ եք, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի, ինքը շրջանառությունը շատ ցույց տա, ծախսը շատ ցույց տա, շրջանառությունը մեծ լինի, մեծ՝ ավելացված արժեքը: Դա այն դեպքերին է վերաբերում, երբ որ ինքը հաշվանցելու ավելացված արժեքի հարկի պահեստային գումարներ ունի, գերավճարներ ունի:

Երկրորդ հարցը՝ եթե սարքավորումը չկա: Դուք հավանաբար նկատի ունեիք, որ նաեւ Քրեական օրենսգրքում այլ պատիժներ կան սահմանված: Գիտեք ինչ, լիովին համաձայն եմ, որ բաժնետիրական ընկերությունների մասին, ու եթե բաժնետիրացման ամբողջ ինստիտուտը մեր հանրապետությունում գործի, ապա այդ դեպքում սեփականատերերն էլ հաշիվ կպահանջեն: Բայց ես ձեզ շատ պարզ ու շիտակ եմ ասում, որ դուք էլ գիտեք, որ այսօր մեր հանրապետությունում, ուրեմն, բոլոր սուբյեկտների մոտ չի, որ դա գործում է: Ես չեմ ասում, որ բոլոր սուբյեկտների մոտ այս հանցանքը կա: Ի սեր Աստծո, ոչ: Ավելին, մենք ունենք շատ լուրջ տնտեսավարող սուբյեկտներ, եւ բաժնետերերը հաշիվներ են պահանջում իրենց ժողովներում, եւ իրենց վերահսկիչ հանձնաժողովները հսկում են այդ ապրանքաշարժը: Սա տարածվում է այն սուբյեկտների վրա, որտեղ այդ սեփականատերերի հսկողությունը, ուրեմն, այսպես ասած, բացակայում է լիովին, որովհետեւ սուբյեկտը ցանկացած պահին կձեւակերպի այն, ինչ որ իրեն հարմար է: Այդ դեպքերի դեմ կարող եք պայքարել, ու ավելի շատ կտանի դեպի օրինական դաշտ, օրինական ձեւակերպումների:

Տույժերի հետ կապված, պրն Մարգարյան, ուրեմն, մենք առաջարկել ենք հետեւյալը, իմիջիայլոց, նաեւ ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովում այդ խնդիրն առաջացավ, առաջարկել ենք հետեւյալը: Եթե տնտեսավարող սուբյեկտը, այսպես ասած, ճիշտ չի ներկայացնում, եթե էական խախտում է կատարել, ապա նոր կիրառել ֆինանսական պատժամիջոց: Էական խախտման ձեւակերպումը տվել ենք: Դա 20 տոկոս շեղումն է իր կողմից հայտարարվածից: Օրինակ՝ հայտարարել է, որ շաքարավազ, տեսականու խախտում է եղել, շաքարավազ, բայց շաքարավազ չի, ամրան է, արժեքի 20 տոկոսի չափով, հայտարարել է, որ, ենթադրենք, 100 հազար դրամ, իրականում 100 հազար դրամ չի, իրականում 200 հազար դրամ է: Այստեղ եւս մենք հոդված 3-ի 2-րդ մասում ասել ենք՝ եթե էական պայմանների 20 տոկոս շեղում կա, նոր միայն դրանց վրա կտարածվի, դա տարածվում է գնի, տեսականու, քանակի վրա եւ ամբողջ արժեքի վրա:

Այլ առաջարկներ կլինեն, մենք այդ առաջարկները ձեզ հետ միասին կքննարկենք մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակաընթացքում: Շնորհակալություն:

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն: Հաջորդ հարցի համար ձայնը տրվում է տիկին Ավետիսյանին: Խնդրեմ:

Հ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Հովհաննիսյան: Պրն Ալավերդյան, ձեզ էլ շնորհակալություն, սույն փոփոխությունը հանգամանալից ներկայացնելու համար: Մի հարց եմ ուզում պարզել ինձ համար: Փաստորեն, ըստ իս, այս դրույթը կիրառվելու է «Հարկերի մասին» օրենքի 22-րդ հոդվածի ակնհայտ առկայության դեպքում, 22-րդ հոդվածում նկարագրված խախտումների ակնհայտ առկայության դեպքում, փաստորեն, կիրառվելու է այս դրույթը, կիրառվելու է այն ժամանակ, երբ որ փաստացի ապրանքանյութական արժեքները չեն լինելու, բայց փաստաթղթավորումով երեւում է, որ նման ապրանքանյութական արժեքների ձեռքբերում է տեղի ունեցել կամ իրացում է տեղի ունեցել: Եվ հարցս ինչին է վերաբերում: Հարցս վերաբերում է պատժամիջոցների կիրառմանը, այսինքն՝ առաջին դեպքում, որ նկարագրված է՝ 20 տոկոս եւ ավելի շեղման դեպքում կիրառվում է շեղման 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 1 մլն դրամը, կրկնվելու դեպքում, նշված է՝ միայն շեղման կրկնակիի չափով: Դա ենթադրենք, որ նաեւ, ոչ պակաս, քան 2 մլն դրա՞մը, թե՞ միայն այդ հատվածը: Եվ վերջին պարբերությունը կուզենայի պարզաբանեիք, որ պայմանագրի առկայության դեպքում, փաստորեն, այդ գործարքները չեն համարվում անապրանք գործարքներ: Կխնդրեի, մի քիչ մանրամասն այդ հատվածը: Շնորհակալություն:

Ա.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Շնորհակալություն: Սկսեմ վերջից: Եթե պայմանագրով նախատեսված է, որ «ա» սուբյեկտը «բ» սուբյեկտին պետք է մատակարարի, ուրեմն, ամրան, եւ վճարումների հաջորդականությունը, ժամկետներն էլ պայմանավորված են, այսինքն՝ ինքն այդ ժամկետներում պայմանագրին համապատասխան այդ ապրանքները մատակարարում է, բայց վճարումները հետո են լինում: Չխաթարելու, չխոչընդոտելու նման գործարքները, ասում ենք, եթե դա նախատեսված է պայմանագրով, այդ դեպքերի համար չի կիրառվում տուգանք: Սա բնական ու, ճիշտն ասած, սահմանափակող նորմ է, որպեսզի նորմալ գործունեության դեպքերին մենք չխանգարենք:

Երկրորդը՝ ձեր դիտողությունը տեղին է, դուք ասում եք՝ 1 միլիոնը երկրորդ անգամ կկրկնապատկվի, կդառնա 2 մլն, թե՞ կմնա 1 մլն: Իհարկե, կարծում ենք, որ եթե տարընթերցության տեղիք է տալիս, կհստակեցնենք, կարծում եմ, որ դուք էլ կներկայացնեք գրավոր առաջարկ, իհարկե, 1 մլն: Խնդիրն այստեղ ոչ պակաս 1 միլիոնից է, մենք չենք ասում՝ ոչ պակաս 2 միլիոնից: Իհարկե, ոչ պակաս 1 միլիոնից: Եթե երկրորդ անգամ հասկացվում է 2 մլն, ուրեմն, դա պետք է հստակեցնել: Ոչ պակասի մասին է խոսքը, եւ այդ չափը 1 միլիոնն է:

Եվ թույլ տվեք ձեր առաջին հարցին պատասխանեմ, այն է, որ դուք ասում եք՝ կիրառվում է 22 հոդվածի դեպքում: Ես համաձայն եմ, որ 22 հոդվածի դեպքում է կիրառվում, բայց թույլ տվեք ավելացնել, որ դա կկիրառվի նաեւ բոլոր պետական բյուջեի հետ ստուգումների ժամանակ, ստուգումների ընթացքում, եթե նման փաստեր ի հայտ կգան: Միգուցե երրորդ անձինք հայտարարեն:

Այսօր մենք շատ տնտեսավարողներ ունենք, ովքեր մեզ գրավոր կամ բանավոր դիմում են, որ իրենք դիմել են «ա», «բ», «գ» սուբյեկտներին ձեռք բերելու ապրանքներ, իրենց փաստաթղթեր չեն տրամադրում: Ավելին, ուրիշ երեւույթ էլ կա, մենք ձեզ հետ զրուցում էինք, ուրեմն, որ հաճախ դուք եք փաստաթղթեր առաջարկում, իրենք փաստաթղթեր չեն ուզում: Ինչքան էլ պարադոքսալ է, բայց այդպես է: Չեն ուզում, որ իրենց հասույթները չերեւա: Ստվերը բա ո՞րն է: Ստվերը հենց սա է:

Եվ ես նորից խնդրում եմ, որ մենք չենք շտապում, այս օրենքի հետ կապված, շուտափույթ ընդունելու կամ, չգիտեմ, բայց սա լուրջ փորձ է, 6 ամսվա ուսումնասիրության արդյունք է: Ասեմ, որ ՀՀ Նախագահի մոտ այս հարցի հետ կապված 2 անգամ տեղի են ունեցել քննարկումներ: Մենք ստացել ենք նաեւ հանձնարարականներ, որպեսզի այս խնդիրը լուծենք, եւ կեղծ գործարքների, առանց ապրանքների մատակարարման գործարքների դեպքում, այդ փաստաթղթերի առք ու վաճառքի դեպքերի դեմ պայքարենք նաեւ օրենսդրորեն: Փորձը կատարված է, եւ կարծում եմ, որ առաջինից երկրորդ ընթերցում ժամանակաընթացքում շահագրգիռ բոլոր կողմերի հետ, նաեւ ձեր բարձրացրած հարցերի հետ կապված, կբարելավենք նախագիծը: Շնորհակալություն:

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Պարզաբանման համար՝ Հռիփսիմե Ավետիսյան:

Հ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

-Պրն Ալավերդյան, իմ հարցը՝ պայմանագրերի վերաբերյալ, վերաբերում էր այն մասին, եթե պայմանագրում ակնհայտ ցածրացված կամ բարձրացված գին է մատնանշված: Դրան էր վերաբերում: Ուզում էի այդ մասով դուք պարզաբանում տայիք, եւ այդ պարագայում, արդյո՞ք նույնպես չի համարվի անապրանք գործարք:

Իսկ ինչ վերաբերում է մեր համատեղ աշխատանքներին, շնորհակալություն: Միշտ հարկային մարմնի հետ համատեղ աշխատել ենք, միշտ եկել ենք ընդհանուր հայտարարի, եւ ես հուսով եմ, որ մեր տրադիցիան շարունակվելու է: Շնորհակալություն:

Ա.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Ես էլ փոխադարձաբար շնորհակալ եմ՝ վերջապես նման դրական գնահատականներ ստանալու համար:

Պայմանագրերի հետ կապված, գիտեք ինչ, դուք շատ հետաքրքիր հարց շոշափեցիք: Եթե երկու կողմերը եկել են համաձայնության, եւ իրենց կանխամտածված համաձայնությունը թղթին են հանձնել, դարձրել են պայմանագիր, վտանգն ավելի է մեծանում: Կարծում եմ, որ այդ դեպքի վրա եւս պետք է տարածվի: Եթե մեր նախագծից չի զգացվում, որ դրա վրա պետք է տարածվի, ապա մենք պետք է դա ավելի հստակեցնենք: Ակնհայտ է, եթե ամրանը, այսօրվա շուկայական գինը ինչ-որ գին արժի, եւ մատակարարվում է ամրան, որը նորմալ ամրան է, բայց ցածր գին է նշված, կարծում եմ, եթե իհարկե մյուս պատգամավորները համաձայն են, մենք սիրով կգնանք այդ քայլին: Շնորհակալություն:

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն: Դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Հարցերն ավարտվեցին, քննարկումն անցավ ջերմ մթնոլորտում: Հիմա, քանի որ այս հարցի վերաբերյալ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը չի ներկայացրել եզրակացություն, մենք անմիջապես անցնում մտքերի փոխանակության: Ելույթների համար խնդրում եմ հերթագրվել:

Հերթագրում:

Ելույթներ չկան: Պրն Ալավերդյան, ավելացնելու որեւէ բան չունե՞ք: Չունեք: Շատ լավ: Հարցի քննարկումն ավարտվեց, քվեարկությունը տեղի կունենա պատեհ պահի: Անցնում ենք հաջորդ հարցի քննարկմանը:

Հարգելի խորհրդարան, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող է կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Հիշեցնեմ, որ հարակից զեկույցը ներկայացնելու է Մնացական Պետրոսյանը:

Խնդրեմ, պրն Ալավերդյան:

Ա.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, վերջերս մենք Ազգային ժողովում մի շարք կարեւոր օրենքներ ընդունեցինք ու քննարկեցինք, որոնք կապված են տեղեկությունների, հարկերի մասին տեղեկությունների, հրապարակայնության ընդլայնման, թափանցիկության մեծացման հետ:

Փոքր ինչ առաջ երկրորդ ընթերցմամբ ես ներկայացրի «Հարկերի մասին» օրենքը: Փաստորեն, բացի հարկային վնասներից, բացի ապառքատերերից, բացի 300 խոշոր հարկ վճարողներից, ուրեմն, առաջարկվում էր «Հարկերի մասին» օրենքում, տեսեք, ինչքան տեղեկություններ եւս հանրությանը ներկայացնել: Ահա, այս նույն մոտեցման շարունակությունն է, նաեւ նույն մոտեցումներն ամրագրել, որդեգրել պարտադիր սոցիալական ապահովագրության օրենսդրության մեջ:

Փաստորեն, հարկային օրենսդրությունը եւ պարտադիր սոցապ վճարների օրենսդրությունն իրարից առանձին են, ուստի այն բարեփոխումները, որ առաջարկվում է կատարել «Հարկերի մասին» օրենքով, բարձրացնելու համար այդ իրազեկվածության ու թափանցիկության աստիճանը, առաջարկվում է այդպիսի փոփոխություններ եւս կատարել «Պարտադիր սոցիալական վճարների մասին» օրենքում, մասնավորապես՝ լիազորված մարմինը՝ հարկային ծառայությունը, պարտավորվում է այս օրենքն ընդունելուց հետո մինչեւ հաջորդ տարվա հուլիսի 1-ը սոցվճարների մասով կուտակած պարտքերի մասին տեղեկություններ ներկայացնել հանրությանը, պարտավորվում է 3 մլն դրամ եւ ավել սոցվճար վճարողների ցանկերը հրապարակել մամուլում՝ ֆինանսական տարվա արդյունքներով, պարտավորվում է տպագրել այն ապահովադիրների ցանկը, որոնց մոտ լրացուցիչ աշխատողներ են հայտնաբերվել, ներողություն, հայտարարագրել, պարտավորվում է ներկայացնել տեղեկություններ ձեւակերպված աշխատողների միջին ցուցակային թվերի վերաբերյալ, ընդ որում, այս կարգերի հրապարակումը տեղի կունենա, կառավարության կողմից կիրականանա հատուկ կարգով, այսինքն՝ ժամկետներ, ներկայացում, ինչպես որ մենք արել ենք 300 խոշոր հարկ վճարողների հետ կապված:

Ասեմ, որ 91թ. ի վեր սա առաջին փորձն է՝ պարտադիր սոցվճարների հետ կապված խնդիրները հանրությանը այսպես լայնորեն ներկայացնելու առումով: Խնդիրը քննարկվել է, հարցը, նախագիծը քննարկվել է ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովում, քննարկվել է, շահագրգիռ քննարկումներ են տեղի ունեցել սոցիալական հարցերի հանձնաժողովում, եւ հանձնաժողովի փոխնախագահի կողմից արվել են արժեքավոր 2 առաջարկություններ՝ նախագծի հստակեցման առումով, որը մենք կիրականացնենք առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակաընթացքում: Եթե հարցեր կան, խնդրեմ, ես կպատասխանեմ: Շնորհակալություն:

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Ավարտեցի՞ք:

Ա.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Այո:

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հարցեր՝ պրն Ալավերդյանին:

Հերթագրում:

Հերթագրվել է մեկ պատգամավոր՝ Հովհաննես Մարգարյան: Խնդրեմ:

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն Ալավերդյան, վիճակագրությունն ինչպիսի՞ն է, այսինքն՝ տվյալներն ինչպիսին են: Մինչեւ այս օրենքի ուժի մեջ մտնելը, ըստ ձեզ, սոցիալական վճարների պարտավորություններ կուտակած ապահովադիրների թիվն ինչքա՞ն է կազմում, տոկոսային, ընդհանուր, պետք է չէ փաստացի թվով, ինչքա՞ն է կազմում:

Եվ երկրորդ հարցը: Իհարկե, սա ես կարեւորում եմ, կար ժամանակահատված, երբ պարտքեր կուտակողները՝ գազի հետ կապված եւ այլն, հասցեագրված ասում էին, տանում վճարում էին, գազի գումարները կարեւոր են: Արդյոք գործընթաց տեղի ունենու՞մ է մեզանում, որպեսզի մենք եկամուտների հայտարարագիրը նաեւ հրապարակենք: Շնորհակալություն:

Ա.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Շնորհակալություն: Առաջին հարցն ուղղակիորեն նախագծին է վերաբերում, եւ ես ձեզ ասեմ, որ ի տարբերություն հարկերի, պարտադիր սոցիալական ապահովագրության գծով ապառքները, պարտքերը, դրանց գծով, այդքան մեծ տեսակարար կշիռ չեն կազմում: Մասնավորապես, եթե վերցնենք աճողական կարգով, հարկերի գծով ամբողջ բյուջետային մուտքերի մոտ 30 տոկոսը 92թ. ի վեր կուտակված պարտքեր են, իմիջիայլոց, որոնց մի մասը՝ անհատ ձեռներեցի մասով, մենք վերջերս օրենքով, պարտադիր սոցվճարների օրենքով, փաստորեն, առաջարկեցինք անհատ ձեռներեցներին, որ կարող ենք գնալ փոխհամաձայնեցման եւ զիջել, ուրեմն, ապա պարտադիր սոցիալական ապահովագրության հարցում այդպես չէ: Հիմնականում պարտքերը կուտակվում են այն ձեռնարկությունների մոտ, որոնք չեն գործում ընդհանրապես, աշխատավարձ տվել են, սոցվճարները չեն վճարել եւ չեն գործել, որովհետեւ պատժամիջոցները, հետագայում չտալու եւ այլն, բավականին խիստ են, իհարկե, բռնագանձում եւ այլն, եւ այլն:

Ես միանշանակ ձեզ ասեմ, որ դա, կներեք, փաստացի թվեր ես այս պահին չեմ կարող ասել, բայց դա չի գերազանցի ամբողջ պարտադիր սոցիալական վճարների անգամ 5 տոկոսը: Ինչու՞: Մենք այս տարի՝ 2005թ., ստանձնելով սոցվճարների հավաքագրման գործընթացը, ակնհայտորեն, մենք փետրվարից հունիս ամիսներին, հարկային մարմինները բավականին մեծ աշխատանք կատարեցին նախկին պարտքերը վերականգնելու ուղղությամբ, եւ դա է նաեւ այն հիմնական աղբյուրներից մեկը, որը թույլ տվեց անցած տարվա նույն ժամանակաընթացքի հետ կապված, օրինակ՝ այսօրվա վիճակով, շուրջ 11 մլրդ ավելի սոցվճարներ գանձել, քան անցած տարվա նույն ժամանակաընթացքում է:

Երկրորդ հարցի հոտ կապված, որն արդեն սոցվճարներ չի, եկամուտների հայտարարագրման հետ կապված է, մենք ձեզ հետ ճանապարհ ունենք անցնելու, «Հայտարարագրման մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ անցել է ձեզ հետ, եւ կարծում եմ, որ այնտեղ մենք կարող ենք հստակ՝ կամ օրենքի բաղկացուցիչ մաս, կամ ավելի ուրիշ մեխանիզմներ դնել, որպեսզի մեր հասարակության համապատասխան հայտարարատուների եկամուտների մասին տեղեկությունները հրապարակենք:

Այսօր հրապարակվում է միայն զանգվածային լրատվամիջոցի պահանջով, եթե նա պահանջում է եւ նշում է, թե ինչու համար է նա ուզում: Եթե ինքն ուզում է միայն հրապարակման համար, ոչ թե դատական կամ այլ ատյաններ ներկայացնելու համար, միայն հրապարակման համար, կառավարությունը սահմանել է կարգ, որ մենք կարող ենք տրամադրել ընթացիկ տարում ստացած եկամուտների մասին տեղեկություններ, բայց գույքի մասին տեղեկությունները, ունեցած գույքը, եւ ամբողջ տարիների մասին տեղեկությունների հետ կապված հրապարակումը, դա ձեր հետ որոշելու խնդիր է, որ մենք կփորձենք հավանաբար տարեվերջին կամ եկող տարվա, գալիք տարվա առաջին եռամսյակի ընթացքում քննարկել: Շնորհակալություն:

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Պարզաբանման համար՝ Հովհաննես Մարգարյան:

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Ալավերդյան, անկեղծ պատասխանի համար: Ինչու՞ ես այս հարցապնդումը կատարեցի, քանի որ հիմնավորման մեջ, իրոք, նշված է, որ էլ ավելի շատ նախագծի ընդունումը պայմանավորված է հարկային մարմինների աշխատանքի թափանցիկության, հրապարակայնության ապահովման խնդրի լուծման եւ հակակոռուպցիոն ծրագրի իրականացմամբ: Ուղղակի ես դրա համար հարցրեցի, քանի որ բաղադրիչներից մեկը հետագայում սա է լինելու:

Ինչքանով որ ես գիտեմ, ծրագրում ներառված է նաեւ այս մասին՝ կապված եկամուտների հայտարարագրման հետ, եւ առավել եւս, որ առաջիկայում, ինձ թվում է, որ ընդհանուր առմամբ աստիճանաբար պետք է անցնենք ֆիզիկական անձանց եկամուտներին, ինչպես հիշում եք, այդ օրենքը քննարկվեց եւ չընդունվեց, այսինքն՝ աստիճանաբար մոտենանք, որ պատրաստենք մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին: Սա էր: Շնորհակալություն:

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շատ լավ: Հարցերն ավարտվեցին, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Հարակից զեկույցի համար ամբիոնի մոտ է հրավիրվում պատգամավոր Մնացական Պետրոսյանը՝ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, որը կներկայացնի իրենց հանձնաժողովի եզրակացություն: Խնդրեմ:

Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հանձնաժողովը նույնպես քննարկել է այս օրենքի նախագծի վերաբերյալ փոփոխությունը եւ տվել է իր դրական եզրակացությունը: Չեմ ուզում կրկնված լինեմ, նորից ասեմ, որ, իրոք, օրենքի այս փոփոխությունը նպատակ է հետապնդում ավելի թափանցիկ դարձնել հարկային մարմինների աշխատանքը, ապահովել հրապարակայնությունը, ինչպես նաեւ ուղղված է հակակոռուպցիոն միջոցառումներին: Ուղղակի ուզում եմ ասել, որ, իրոք, հարկային մարմինները լրացուցիչ ծանրաբեռնվածություն են վերցնում իրենց վրա, իրոք, սա ծավալուն գործընթաց է, այդքան ցուցակներ, այդքան կազմել, այդքան համակարգիչների մեջ մտցնել, այդքան տեղադրել համակարգչային կայքում, եւ, իրոք, ուրախալի է, որ նման լրացուցիչ ծանրաբեռնվածություն են վերցնում իրենց վրա, ապահովում են, հասարակությանն ավելի իրազեկ են դարձնում իրենց մոտ եղած այս տեղեկատվությունը:

Եվ միանշանակ հանձնաժողովը տվել է իր դրական եզրակացությունը եւ առաջարկում է հարմար պահի դնել քվեարկության: Շնորհակալություն:

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հարցեր՝ պրն Պետրոսյանին:

Հերթագրում:

Հարցեր չկան, պրն Պետրոսյան, շնորհակալություն:

Մենք անցնում ենք մտքերի փոխանակությանը, խնդրում եմ հերթագրվել՝ ելույթների համար:

Հերթագրում:

Ելույթներ չկան, ըստ ամենայնի, եզրափակիչ ելույթների անհրաժեշտություն էլ չկա: Չկա, չէ՞: Չկա:

Շատ լավ, հարցի քննարկումն ավարտվեց, քվեարակությունը տեղի կունենա հարմար պահի: Անցնում ենք հաջորդ հարցի քննարկմանը:

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող է էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը: Խնդրեմ, ամբիոնի մոտ:

Ա.ԳԱԼՍՏՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի նախագահող, հարգելի պատգամավորներ, ձեր ուշադրությանն է ներկայացվում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ «Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը: Այս օրենքը եւ մյուս օրենքը..., միանգամից ասեմ, թե հերթով, հաջորդականությամբ:

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Չէ, առանձին:

Ա.ԳԱԼՍՏՅԱՆ

-Առանձին-առանձին, շնորհակալություն:

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Լսեք, դուք ի նկատի ունեք փաթե՞թը: Փաթեթն ամբողջությամբ ներկայացրեք, որովհետեւ դուք ուրիշ հարց էլ ունեք՝ արտակարգ իրավիճակների հետ կապված: Այդ երկրորդը հիմա պետք չի: Հիմա միայն փաթեթը:

Ա.ԳԱԼՍՏՅԱՆ

-Այս փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ գործող օրենքը կանոնակարգում է հարաբերությունները միայն էլեկտրաէներգետիկական համակարգում, իսկ բնական գազի բնագավառը եւ ջերմային էներգիայի մատակարարման բնագավառը բաց էր մնացել այս դաշտից, եւ այդ տեսանկյունից, ուրեմն, համապատասխան հոդվածներում կատարվել են լրացումներ, եւ նույն դրույթները, նույն գաղափարախոսությունը տարածվել են նաեւ գազի եւ ջերմամատակարարման ոլորտներին:

Այդ ժամանակահատվածում, առաջին ընթերցումից մինչեւ երկրորդ ընթերցումը, առաջարկություն է արված պատգամավոր Գագիկ Մինասյանի կողմից՝ 8-րդ հոդվածի «բ» ենթակետում «որոշակի դեպքերում» բառակապակցությունը բացել, որը եւ արվել է, եւ ձեր ուշադրությանը ներկայացված է արդեն համապատասխան փոփոխությունը կատարելով:

Ինչ վերաբերում է այդ փաթեթի մեջ երկրրոդ օրենքին՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ապա այս օրենքի վերաբերյալ այդ նույն ժամանակահատվածում որեւէ առաջարկություն չի արվել պատգամավորների կողմից, իսկ փոփոխությունները նույն սկզբունքով են կատարվել: Ուղղակի, որտեղ գրված էր էլկտրաէներգետիկական բառը, փոխվել է՝ էներգոհամակարգեր, էներգոտեղակայանքներ, որը հնարավորություն է տվել տարածել նաեւ գազի եւ ջերմային էներգիայի մատակարարման ոլորտների վերաբերյալ: Այսքանը: Շնորհակալություն:

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն: Սա երկրորդ ընթերցում է, եւ ձեզ պատգամավորները հարցերով չեն կարող դիմել, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Տեղեկացնեմ, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, եւ հիմա, եթե անհրաժեշտություն կա, եթե պատգամավորներն ունեն ելույթներ, խնդրում եմ հերթագրվել:

Հերթագրում՝ ելույթների համար:

Չկան ելույթներ: Կարծում եմ, որ եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն նույնպես չկա: Հարցի քննարկումն ավարտվեց, եւ մենք կկազմակերպենք քվեարկությունն ավելի հարմար պահի: Իսկ հիմա անցնում ենք հաջորդ հարցի քննարկմանը:

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող է դարձյալ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը: Խնդրեմ, ամբիոնի մոտ:

Ա.ԳԱԼՍՏՅԱՆ

-Շնորհակալություն: Ձեր ուշադրությանն է ներկայացվում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը: Այս լրացման անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ մենք նաեւ ունենք համապատասխան համաձայնագրեր, որոնք ստորագրված են ՀՀ կողմից միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ, որտեղ ատոմակայանի գործառույթները, գործունեությունն արտակարգ իրավիճակներում ունեն սահմանափակումներ, եւ այդ պատճառով ատոմային կայանի նկատմամբ անհրաժեշտություն է առաջացել այդ սահմանափակումները հստակեցնել, եւ այդ լրացումը հենց այդ հնարավորությունն է մեզ տալիս, որ ատոմակայանի մասով անհրաժեշտ գործառույթները կորոշվեն կառավարության կողմից սահմանված կարգով:

Առաջին ընթերցումից մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում որեւէ առաջարկություն եւ դիտողություն չի ներկայացվել: Շնորհակալություն:

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն փոխնախարար, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Այս հարցի վերաբերյալ մեր համապատասխան հանձնաժողովը՝ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը, նույնպես տվել է դրական եզրակացությունը, ինչի մասին հայտնել է մեզ:

Հիմա, եթե քննարկվող հարցի վերաբերյալ կան ելույթներ, ապա խնդրում եմ հերթագրվել:

Հերթագրում:

Ելույթներ չկան: Եզրափակիչ ելույթ, թերեւս, նույնպես չկա:

Հարցի քննարկումն ավարտվեց, քվեարկությունը տեղի կունենա հարմար պահի, եւ մեր որոշված օրակարգը սպառված է, հարգելի պատգամավոր, քառօրյան ավարտված է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS