Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 10

22 հոկտեմբերի 2018

Ժամը 11:00

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Բարեւ ձեզ: Հարգելի պատգամավորներ, Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման: Գրանցում:

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, ում մոտ, որ գրանցումը տեղի չի ունեցել, քարտերը հանել, նորից տեղադրել: Տիկին Պողոսյան, ձեզ մոտ գրանցե՞ց վերջնական: Ես կրկնում եմ գրանցումը, եթե...

Գրանցում: Բոլորի մոտ գրանցվե՞ց: Քարտուղարությանը խնդրում եմ գրանցել այն պատգամավորներին, ովքեր չեն կարողացել գրանցվել: Շատ լավ, քարտուղարությունը կգրանցի: Ժողովուրդ, խնդրում եմ հանգիստ, մենք հանգիստ մթնոլորտում աշխատենք:

Շատ լավ: Քվորում ունենք, շարունակում ենք աշխատանքը: Հարգելի պատգամավորներ... Ծխելը վնաս է առողջությանը: Հարգելի պատգամավորներ, տեղեկացնեմ, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված, եւ լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 15 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Մարտուն Գրիգորյանին: Շնորհավորենք պրն Գրիգորյանին:

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այժմ, ԱԺ կազմը համալրած պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, պետք է երդվի: Խնդրեմ, պրն Գրիգորյան:

Մ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի խորհրդարան: Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման` երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար: Շնորհակալություն:

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, Կառավարությունը ներկայացրել է ԱԺ արտահերթ նիստի անցկացման մասին ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում է արտահերթ նիստի յուրաքանչյուր օրը գումարել մեկուկես ժամ տեւողությամբ 4 նիստ, յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը կես ժամ է: Երկրորդ օրվա արտահերթ նիստը սկսել ժամը 18:30-ին:

Հարգելի պատգամավորներ, Կառավարությունը ներկայացրել է նաեւ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցի քննարկման տեւողության սահմանման մասին որոշման նախագիծ, որով առաջարկվում է նախագծերի փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկման տեւողությունը սահմանել 3 ժամ: Այս որոշման նախագիծը քվեարկության է դրվում առանց քննարկման:

Քվեարկության է դրվում «2018 թվականի հոկտեմբերի 22-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի անցկացման մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը: Քվեարկություն:

Հարգելի գործընկերներ, ես ուղղակի զարմացած եմ, որ մարդիկ նստած են, եկել են այստեղ՝ հատուկ մասնակցելու եւ միեւնույն ժամանակ ուշադիր չեն հետեւում եւ չեն իրականացնում իրենց պարտավորությունները: Դե հասկանում եմ, ես կարող եմ կրկնել, բայց շատ տգեղ երեւույթ է տեղի ունենում, երբ մարդիկ նստած են եւ չեն քվեարկում, կամ թող արտահայտվեն, որ իրենք չեն ուզում, որ նիստը կայանա...

Ն.ԶՈՀՐԱԲՅԱՆ (առանց խոսափողի)

-Մեր խմբակցությունն ամբողջապես քվեարկել է, դուք այստեղ եք նայում, այն կողմ նայեք, պրն Բաբլոյան:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-(Ծիծաղելով) Ես բոլորին եմ նայում, ձեզ չեմ նայում, կներեք: Նորից... Քարտուղարությունը պրն Բաբուխանյանին գրանցե՞լ է:

Ես քվեարկությունը կրկնում եմ, խնդրում եմ ուշադիր լինել: Քվեարկություն: Լուսատախտակը թողեք, որ մենք կարողանանք հասկանալ, ներողություն:

Կողմ` 51
Դեմ` 2
Որոշումն ընդունված է:

Քվեարկության է դրվում «2018 թվականի հոկտեմբերի 22-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցի քննարկման տեւողության սահմանման մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը: Քվեարկություն:

Եթե դուք տեւողությունը չընդունեք, ըստ օրենքի՝ մենք մեկ ժամում պետք է հարցը քննարկենք:

Խնդրեմ` վարման կարգով, տիկին Նաիրա Զոհրաբյան:

Ն.ԶՈՀՐԱԲՅԱՆ

-Շնորհակալություն: Արա Սաենիչ, ես նորից խնդրում եմ դնել կրկնաքվեարկության, որովհետեւ, վստահաբար, մեկ ժամը բավարար չէ այս լրջագույն փաթեթն ամբողջապես քննարկելու համար: Եվ նորից խնդրում եմ, երբ որ ինչ-որ մարդիկ չեն քվեարկում, այս շարքին մի նայեք, նայեք այն շարքին, մենք այստեղ բոլորս քվեարկում ենք: «Ծառուկյան» դաշինքը ամբողջ կազմով կողմ է, որ այս նախագիծն ընդունվի: Բնականաբար, մենք շահագրգիռ կողմ ենք, որ սահմանվի երեքժամյա ռեժիմ` հանգամանալից քննարկելու համար: Խնդրում եմ, դնել կրկնաքվեարկության:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Տիկին Զոհրաբյան, բայց ինչի՞ եք կարծում, որ ես նայում եմ ձեր կողմ միայն այն պատճառով, որ դուք քվեարկե՞լ եք, թե՞ ոչ:

Շատ լավ: Ես խնդրում եմ բոլոր պատգամավորներին ուշադիր լինել, նախաձեռնողներին էլ՝ հաշվի առնել, որ եթե մենք օրակարգը չենք կարողանում հաստատել, ապա այդ կարեւորագույն օրենքը մենք իրականում, ի սկզբանե արդեն դրել ենք վտանգի տակ: Այնպես որ, այս ամենը պետք է հստակ գնահատվի, եւ աշխատանքը կազմակերպվի ավելի պատշաճ, որպեսզի մենք կարողանանք...

Վարման կարգով` խնդրեմ, պրն Ուրիխանյան:

Տ.ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

-Շնորհակալություն: Համ էլ ժամանակ ունենք, էլի: Դե, բա որ ասվում է` ԱԺ-ն պետք է ցրվի, ա՛յ, հենց սրա համար էլ ասվում է: Հորդորում եմ արագ քննարկել, ընդունել նոր օրենսգիրքը, ցրվել եւ ընտրվել ժողովրդի կամոք: Շնորհակալություն:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Դե, մենք այդ պրոցեսը իրականացնում ենք, բայց նույնիսկ ԱԺ-ն ցրելու համար պետք է պարկեշտ աշխատանք իրականացնել, որպեսզի մինչեւ վերջ մենք մեր պարտականությունները իրականացնենք:

Շատ լավ: Քվեարկություն:

Կողմ` 52
Դեմ` 1
Որոշումն ընդունված է:

Հարգելի պատգամավորներ, քանի որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցը պետք է քննարկենք եւ քվեարկենք երկու ընթերցմամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը ներկայացրել է. «ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` 24 ժամվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել առնվազն 3-ական ժամ, այսինքն` մենք 6 ժամ ունենք` այս ամենն ավարտելու համար:

Այս որոշման նախագիծը, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի՝ պետք է քննարկվի, այնուհետեւ քվեարկության դրվի: Որոշման նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, խնդրեմ: Խնդրեմ, պրն նախարար: Պրն նախարար, մեկ վայրկյան, ես ներողություն եմ խնդրում: Ես բոլոր պատգամավորներին խնդրում եմ դահլիճի շրջակայքում լինել, որովհետեւ անմիջապես նախարարի զեկուցումից հետո մենք ունենք եւս մեկ քվեարկություն, եւ քանի որ ընդամենը 53 մասնակից ունենք, պետք է բոլորը գան, որպեսզի կարողանան մասնակցել եւ քվեարկել այս որոշումը: Խնդրեմ, պրն նախարար:

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, Կառավարությունն ԱԺ ներկայացրել է 2018 թվականի հոկտեմբերի 22-ին գումարած ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպելու վերաբերյալ որոշման նախագիծ, ըստ որի առաջարկում է, առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո 24 ժամյա ռեժիմում անցկացնել երկրորդ ընթերցում: Նախագծի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկները եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար առաջարկում է սահմանել երեքական ժամ: Այսքանը:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն: Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Հերթագրում: Արմեն Ռուստամյան, խնդրեմ:

Ա.ՌՈՒՍՏԱՄՅԱՆ

-Պրն Զեյնալյան, դուք նորմա՞լ եք համարում, որ սահմանադրական օրենքը` Ընտրական օրենսգիրքը ընդունվի այսպիսի հապշտապ ռեժիմով: Առաջին ընթերցումը այսօր անենք, երկրորդ ընթերցումը` վաղը, երբ որ ակնհայտ է, որ բազմաթիվ հարցեր կան, որոնք քննարկելու առարկա են, եւ համաձայնության գալու խնդիր էլ կա: Ես ընդհանրապես չեմ հիշում, որ Ընտրական օրենսգիրքը երբեւէ այսպիսի հապշտապությամբ որեւէ ԱԺ-ում ընդունվեր, երբ որ տեղի են ունենում, իսկապես, արմատական փոփոխություններ, կարեւորագույն փոփոխություններ Ընտրական օրենսգրքում:

Ձեր կարծիքն էի ուզում պարզապես լսել՝ որպես Արդարադատության նախարար. սահմանադրական օրենքն ըսենց հապշտապ փոխելը ճի՞շտ բան է մեր համար:

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Հարգելի պրն Ռուստամյան, սովորական պայմաններում, բնականոն պայմաններում կհամաձայնվեմ ձեզ հետ, որ Ընտրական օրենսգիրքը եւ ցանկացած այլ իրավական ակտ ցանկալի կլինի ավելի երկար քննարկել, թողնել, որպեսզի այն հասունանա, դրա վերաբերյալ մտքերը խմորվեն, եւ ընդունվի հնարավորինս անթերի իրավական ակտ, այդ թվում` հատկապես Սահմանադրական օրենք, Ընտրական օրենսգիրք:

Սակայն, երկրում իրավիճակը, կարելի է ասել, ֆորսմաժորային է, եւ այս համատեքստում է, որ այսպիսի լուծում է առաջարկվել: Ես ձեզ հետ, ընդհանուր առմամբ, համաձայն եմ, բայց՝ սովորական պայմանների դեպքում: Այսօր երկրում ֆորսմաժորային իրավիճակ է, դրա համար կառավարությունն այսպիսի ֆորսմաժորային վիճակ է առաջարկել: Շնորհակալություն:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Ցանկանո՞ւմ եք արձագանքել: Շատ լավ: Հայկ Բաբուխանյան, խնդրեմ:

Հ.ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

-Պրն Զեյնալյան, ես ձեզ ճանաչում եմ, որպես ժողովրդավար եւ ժողովրդավարական սկզբունքների համար պայքարող անձ: Ինձ համար զարմանալի է այն, ինչ դուք հիմա ասում եք: Ինձ համար զարմանալի է, որ դուք ասում եք` ֆորսմաժորային իրավիճակ, երբ որ այդպիսի իրավիճակ իրականում չկա, այն արհեստականորեն ստեղծվում է Կառավարության կողմից, արհեստականորեն օրակարգ է դարձվում այն, ինչը այսօր մեր ժողովրդի համար հեչ էլ օրակարգ չպետք է լիներ: Մենք պետք է ստեղծեինք շատ այլ լուծումներ: Եվ ես հիմա ձեզ հարց եմ տալիս. դուք գտնում եք, որ կարելի՞ է այդ արհեստական օրակարգով ստեղծել իրավիճակ, երբ 24 ժամվա մեջ քննարկվում է օրենսդրությունը, այն էլ՝ այսպիսի կարեւոր: Սա՝ մեկ:

Երկրորդ. անգամ, եթե դուք ամեն ինչ իրականացնեք, արդյո՞ք կուսակցությունները, ձեր կարծիքով, բայց` անկեղծ կարծիքով, հնարավորություն կունենան նորմալ, ժողովրդավարական վիճակում նախապատրաստվել այդ արտահերթ ընտրություններին, եթե այդպիսի հապճեպությամբ, հապշտապությամբ է այն իրականացվում: Շնորհակալություն:

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Կարո՞ղ եմ պատասխանել:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Իհարկե:

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Հարգելի պրն Բաբուխանյան, ձեր խոսքի առաջին մասի համար շնորհակալություն եմ հայտնում` գնահատականների համար: Երկրորդ մասի եզրահանգումների հիմքում ընկած փաստական հանգամանքների հետ համաձայն չեմ, մասնավորապես` իրավիճակի հետ կապված: Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ժողովուրդն այլ սպասումներ ունի երկրի քաղաքական իշխանություններից:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը տեղ է գտել նաեւ Կառավարության ծրագրում, որը հաստատվել է ԱԺ-ի կողմից, ըստ որի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում, եւ դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հավանականությունը շատ քիչ է տարբերվում 100 տոկոսից` չնչին, աննշան: Այսինքն` դեկտեմբերին անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ավելի հրապարակային, եւ այնպիսի պայմաններում, որոնց շուրջ քաղաքական կուսակցությունների գերակշռող մեծամասնությունը համաձայնության է եկել, անհրաժեշտ է, որպեսզի ընդունվի օրենսդրական այն փաթեթը, որը մենք այսօր ներկայացրել ենք:

Մեր նպատակը, Կառավարության նպատակն այնպիսի ընտրությունների անցկացնելն է, ինչի մասին խոսված է նաեւ Կառավարության ծրագրում, որի նկատմամբ ժողովուրդը կտածի վստահություն, անկախ նրանից` ով ինչպես է քվեարկել: Այդպիսի վստահություն, մեծ հաշվով, կա նաեւ Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների նկատմամբ, եւ վերջին տարիների ընթացքում դա աննախադեպ բան է:

Ես արդեն ասացի՝ ԱԺ պատգամավոր պրն Ռուստամյանի հարցին ի պատասխան, որ իրավիճակը ֆորսմաժորային է, ինչի հետ դուք չեք համաձայնվում: Սակայն, այս պահին երկրում հակասահմանադրական իրավիճակ է. ԱԺ-ում բացակայում է քաղաքական կայուն մեծամասնությունը, ինչը մեր Սահմանադրության հիմնարար սկզբունքներից մեկն է, եւ սա սահմանադրական ճգնաժամ է, ինչը պետք է օր առաջ լուծվի: Շնորհակալ եմ:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Պրն Բաբուխանյան, ցանկանո՞ւմ եք արձագանքել: Խնդրեմ, միացրեք խոսափողը:

Հ.ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

-Շնորհակալություն: Ես չեմ մտնի բանավեճի մեջ՝ սահմանադրականության հետ կապված, ես չեմ մտնի բանավեճի մեջ՝ Երեւանի ընտրությունների հետ` կապված գնահատականի հետ, որով, կարծում եմ` մենք տարբերվում ենք մեր գնահատականների մեջ, բայց խնդրում եմ պարզաբանել. եթե այսպես վաղը կամ վաղը չէ մյուս օրը ընդունվի այս Ընտրական օրենսգիրքը, որով փոխվում է ամբողջ ընտրական համակարգը երկրում, եւ նոյեմբերի 1-ին մենք սկսելու ենք արդեն իսկ, այս օրենքի նախագծով, սկսվելու է նախընտրական գործընթացը: Ի՞նչ եք կարծում, 7 օրը կուսակցություններին՝ ցուցակներ ստեղծելու, համակարգը ձեւավորելու, շտաբերը ձեւավորելու, նախընտրական ծրագիրը եւ այլն, 7 օրը, որպեսզի հարմարվեն նոր Ընտրական օրենսգրքին, բավարա՞ր է, թե՞ ոչ: Ընդ որում` ասեմ, որ այս նոր օրենսգիրքը, որ դուք ներկայացնում եք, ես դրանում շատ դրական փոփոխություններ եմ տեսնում, բայց ես տեսնում եմ շատ բացասական այն, որ կուսակցություններին հնարավորություն չի տրվում` ընդդիմադիր կուսակցություններին, նախապատրաստվել այս նոր համակարգով, այն էլ՝ այսպիսի ընտրությունների: Այսպիսի ընտրությունները, ըստ ձեզ, ժողովրդավարակա՞ն են:

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Հարգելի պրն Բաբուխանյան, կատարվող փոփոխությունները եղած իրավակարգավորումների պարզեցումն են: Ես կզեկուցեմ իմ ելույթում` բովանդակային ելույթի ժամանակ, որ անցնում ենք ամբողջական համամասնական ընտրակարգի: Այն փոփոխությունները, որոնք արվում են, եղած փոփոխությունների ընդամենը պարզեցումն են: Եթե կա բարդացում, ապա դրանք տեխնիկական են: Ենթադրենք` դիտորդական առաքելությունների կողմից զեկույց հրապարակելու պարտականություն: Սա ընդդիմադիր կուսակցությունների կամ քաղաքական կազմակերպությունների եւ կուսակցությունների համար որեւէ հետեւանք չի առաջացնում:

Մի շարք տեխնիկական լուծումներ են առաջարկված, որոնք պետք է բարձրացնեն հավատը ընտրությունների նկատմամբ, վերահսկողությունը ընտրությունների նկատմամբ, այդ թվում` դիտորդական առաքելությունների կողմից: Այնպիսի մեխանիզմներ են մտցված, որոնք եղածները կատարելագործում են` չնչին կատարելագործում են, որոնց մասին խոսվել է դեռեւս 2000 թվականի նախագծի քննարկման փուլում: Այս փոփոխությունները, որոնք այսօր ներկայացված են, ըստ էության, դրանց պայմանավորվածությունը ձեռք էր բերված` մեծ մասը, 2017 թվականի ընտրություններից առաջ: Դրանց վերաբերյալ եղել են միջազգային կազմակերպությունների զեկույցներ, որոնց դիտողություններն ու առաջարկություններն են ինկորպորացվել Ընտրական օրենսգիրք:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում սրանք մշտապես եղել են քննարկման առարկա` այն փոփոխությունները, որոնք ներկայացվում են: Պետաիրավական հանձնաժողովում քննարկման ժամանակ, խորհրդարանական խմբակցությունների հետ քննարկման ժամանակ եղել են առաջարկներ, որոնք եղել են ողջամիտ, գրագետ, եւ դրանք ընդունվել են, եւ դարձյալ մեծ պատրաստակամություն կա դրանք քննարկել եւ ընդունել:

Այն գնահատականը, որ դուք տալիս եք, որ կան դրական բաներ, շնորհակալ ենք դրա համար, եւ կարծում ենք, որ դա բոլորինն է, եւ ես առիթ ունեցել եմ ասել` այն դրականը, որ կա, բոլորինն է, բացասականը, բնականաբար, գրվում է պատասխանատուների պասիվում: Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկություն՝ այն կատարելագործելու համար եւ անկեղծորեն ցանկություն ունենալով անցկացնել ընտրություններ, որոնց արդյունքներին կհավատան բոլորը: Շնորհակալ եմ:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն: Խոսրով Հարությունյան` խնդրեմ:

Խ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Պրն Զեյնալյան, ես ուզում եմ սկսել խոսքս կամ հարցս ձեր վերջին ֆրազով. «Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկություն, որի արդյունքում օրենսգիրքը կբարելավվի»: Ասացեք խնդրեմ, այդ քննարկումները արդյո՞ք կարելի է կատարել 24 ժամյա ռեժիմում: Չե՞ք գտնում, որ այս շտապողականությունը` առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում, ոչ միայն չի նպաստելու՝ օրենսգիրքը բարելավելու առումով, այլ նույնիսկ հնարավորություն չի տալու քաղաքական ուժերին դիրքորոշումները մոտեցնելուն:

Մենք, այս հարցադրումը հնչեցրել ենք, մասնավորապես` ես, նաեւ ֆրակցիայի նիստում, երբ հանդիպում էր տեղի ունենում Արարատ Միրզոյանի հետ, եւ նույնիսկ իմ առաջարկն եմ հնչեցրել. խնդրեմ, առաջին ընթերցումից հետո եկեք ժամանակ վերցնենք` 2-3 օր, չեմ ասում 1 ամիս, չեմ ասում կանոնակարգով նախատեսված ժամկետը` 2-3 օր, առաջարկություններ հնչեցնենք, քննարկենք, ապա վերադառնանք երկրորդ ընթերցմանը:

Համաձայնվեք, որ այս օրենսգրքի հետագայի համար եւ մեր քաղաքական զարգացումների հետագայի համար շատ էական է այս փուլում քաղաքական կոնսուլտացիաների` առողջ բանակցությունների անցկացումը: Դուք այդ հնարավորությունը մերժելով՝ վտանգում եք նաեւ հետագա զարգացումները: Թույլ տվեք այսպես նկատել: Շնորհակալ եմ:

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Պրն Հարությունյան, մենք սոփեստաբար տրամադրված չենք, եւ այս 24 ժամյա ռեժիմը զուտ տեխնիկական հաշվարկի արդյունք է: Արդյո՞ք մենք կարող ենք այդ բոլոր նվազագույն ժամկետները գումարելով՝ տեղավորվել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իրողության մեջ, արդյոք կկարողանա՞նք հասնել նրան, որ Ընտրական օրենսգիրքն ընդունվի, ստորագրվի, հրապարակվի եւ հայտարարելուց առաջ այն տպագրված լինի: Եթե մենք կարողանանք այս ամենը գումարել իրար եւ ստանալ պատուհան, ապա մենք պատրաստ ենք դա անել: Եթե մենք կարողանանք միասին կամ բոլոր փորձագետների հետ դրանք գումարել ու ստանալ այդ հնարավորությունը, մենք պատրաստ ենք: Մեզ համար սկզբունքային չի, որ հենց հիմա` 24 ժամյա ռեժիմում դա անենք եւ փակենք այս խնդիրը: Եթե մենք կարողանանք դրանք իրար գումարել եւ ստանալ այդպիսի պատուհան, մենք պատրաստ ենք դա անել: Կարո՞ղ ենք անել, խնդրեմ:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Խնդրեմ, պրն Հարությունյան:

Խ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Պրն Զեյնալյան, ես կարծում եմ` այդ հարցի պատասխանը դուք պետք է հնչեցնեիք:

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Ինչպե՞ս:

Խ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Այդ հարցի պատասխանը դուք պետք է հնչեցնեիք: Ես նորից գտնում եմ` ցանկացած հնարավորություն, քաղաքական դիրքորոշումները մոտեցնելու վերաբերյալ քաղաքական կոնսուլտացիաներ, օրենսդրության նկատմամբ քննարկումներ անցկացնելը շահեկան է օրենսգրքի եւ էդ քաղաքական հետընտրական կամ ապագա քաղաքական զարգացումների համար: Հետեւաբար, միգուցե, մի քանի րոպե իսկույն հաշվարկեք եւ ասեք այդ: Ես կրկնում եմ, խոսքը չի գնում մի քանի ամիս, մեկ ամիս կամ Կանոնակարգով հետաձգել, այլ` հաշվարկեք: Ես համոզված եմ` 3-4 օրը, օրինակ` երկրորդ ընթերցում անցկացնել ուրբաթ օրը, երկուշաբթի, երեքշաբթի օրը այդ փաստաթուղթը ստորագրված կլինի: Դուք էլ եք համաձայն, ես էլ եմ համոզված դրանում, ի՞նչ է պատահել: Բայց մենք հնարավորություն կունենանք քննարկել:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Ընդմիջում ունենք վերցնելու քվեարկությունից առաջ` 20 րոպե: Պետք է պատգամավորական խմբերը վերցնեն` խմբակցությունը պետք է վերցնի:

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Պրն Հարությունյան, ես կարծում եմ` եթե մենք հիմա խորհրդակցենք, հնարավորություն ընձեռվի, ընդմիջում լինի` քննարկումից առաջ, որպեսզի կարողանանք քննարկման արդյունքներով հայտարարությամբ Կառավարությունը հանդես գա ԱԺ ամբիոնից, հնարավոր է 2 օր կամ գուցե 3 օր պատուհան ստեղծել, եթե հնարավորություն կլինի ընդմիջման: Ես վստահ եմ, որ այդ առաջարկությունն անում եք այլ պատգամավորների աշխատելու համար, որովհետեւ դուք բարեխղճորեն աշխատել եւ ներկայացրել եք առաջարկություն, ինչն ընդունվել է: Այլ պատգամավորների, նրանց սահմանադրական պարտականությունները կատարելու համար է, որ առաջարկում եք: Եթե մենք հիմա ընդմիջման հնարավորություն ունենանք, քննարկենք, գուցե նաեւ հանդես գանք այդպիսի հայտարարությամբ` 2 կամ 3 օր ստեղծելու առումով:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շատ լավ: Պրն նախարար, շնորհակալություն, հարցերն ավարտվեցին, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Մենք անցնում ենք մտքերի փոխանակության, իսկ ինչ վերաբերում է ընդմիջմանը, ընդմիջումը խմբակցությունները կարող են վերցնել քվեարկությունից առաջ` 20 րոպե: Մենք մտքերի փոխանակություն ենք անում, դուք կարող է հիմա, ինչ-որ կուզենայիք ասել... Դե, հիմա քվեարկություն չի, հիմա մտքերի փոխանակությունն է: Ես հասկացա, որ դուք ուզում էիք առաջարկել, դրա համար, մենք նախ անցնենք մտքերի փոխանակության: Խնդրում եմ հերթագրվել ելույթների համար: Այո, հիմա, դե պրոցեդուրնիի վերաբերյալ է էլի առաջարկությունը: 20 րոպեն՝ պրոցեդուրնի...

Նաիրա Զոհրաբյան, խնդրեմ:

Ն.ԶՈՀՐԱԲՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, հարգելի խորհրդարան, բոլորս էլ պետք է հասկանանք, որ երկրում ստեղծված է ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ: Դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հիմա, մենք այստեղ պետք է լինենք կամ խոհեմ, կամ` ոչ: Այլ ընտրություն չկա: Կամ մենք գնում ենք նոր Ընտրական օրենսգրքով, որը դուք էլ նշեցիք, որ էականորեն բարելավում է ընտրական ընթացակարգերը կամ գնում ենք սաբոտաժի ճանապարհով, այսինքն` դուք գնում եք սաբոտաժի ճանապարհով, եւ մենք դեկտեմբերյան ընտրություններին, որն անխուսափելի է, գնում ենք հին Ընտական օրենսգրքով:

Ես ընդամենը հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին` գնալ խոհեմության ճանապարհով, գնալ քաղաքական կոնսենսուսի, այն է` քաղաքական համախոհության ճանապարհով, եւ ասել, թե մենք ժամանակ չենք ունեցել Ընտրական օրենսգիրքը քննարկել, ես եւ իմ ընկերները Ընտրական օրենսգրքի աշխատանքային խմբի անդամ էինք, եւ ամառվա ամիսներին այն հանգամանորեն քննարկել ենք, եւ էական փոփոխություն այն, ինչ մենք քննարկել ենք ամռանը, ըստ էության, չի եղել: Ավելին, վերջին մի երկու աշխատանքային քննարկումների ժամանակ` Կառավարության հետ, մի քանի առավել կարեւոր սկզբունքային դրույթներ, որոնք առավել բարելավում են ընտրական համակարգը, ընդամենն ավելացվել են:

Ուստի, կոչս բարեկամական է բոլոր քաղաքական ուժերին` գնալ քաղաքական կոնսենսուսի ճանապարհով, թույլ տալ, որ Ընտրական օրենսգիրքն ընդունվի, որպեսզի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան շատ ավելի քաղաքական, շատ ավելի բարելավված Ընտրական օրենսգրքով, քան այն Ընտրական օրենսգրքով, որն ուղղակի ապաքաղաքականացրեց 2017 թվականի ապրիլյան ընտրությունները:

Ինչ վերաբերում է առաջինից երկրորդ ռեժիմ առավել ժամանակ ձգելուն, այստեղ մենք կարծում ենք` խնդիր չկա: Եթե Կառավարությունն իր հաշվարկներում կտեղավորվի անհրաժեշտ օրերի մեջ, կարծում եմ` այդ հարցը եւս լուծելի է: Այստեղ կարեւորը ցանկությունն է. կա՞ ցանկություն ունենալ քաղաքական կոնսենսուս, թե՞ ոչ: Հորդորում եմ ունենալ այդ ցանկությունը, որովհետեւ նոր Ընտրական օրենսգիրքը, իսկապես, շատ ավելի լուրջ խնդիրներ է լուծում, քան այն հինը, որով մենք գնացինք 17 թվականի ընտրության: Հորդորս բարեկամական էր:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն: Հայկ Բաբուխանյան, խնդրեմ:

Հ.ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

-Ես էլ կուզենայի այդ բարեկամական ոճի մեջ հորդորել իմ գործընկերներին, որ լուծումը այս, այո, քաղաքական ճգնաժամի, ես չեմ համարում սա ֆորսմաժոր, սա քաղաքական ճգնաժամ է, բայց այն պետք է ունենա առաջինը` օրինական, երկրորդը` ժողովրդավարական, երրորդը` կոնսենսուսային լուծումներ: Դրա համար, կրկնում եմ, այո, ես տեսնում եմ նոր օրենսգրքում դրական փոփոխություններ, բայց դրանք պետք է ավելի լավ մշակվեն, որովհետեւ, ինչպես գիտեք, ցանկացած դրականը, որը կիսամշակ է, բերելու է ավելի վատ, ավելի բացասական հետեւանքների: Այն, ինչ որ խումբը աշխատել է, մենք, իհարկե, տեղյակ ենք: Շատ լավ եք արել, որ աշխատել եք, բայց այն, ինչ բերվել է ԱԺ, էականորեն` մի քանի տասնյակ կետերով տարբերվում է այն տարբերակից, որը 4 խմբակցությունները ներկայացրել էին որպես ընդհանուր կոնսենսուսային տարբերակ: Կարող եք, իհարկե, դա ստուգել, եւ դուք դա շատ ավելի լավ գիտեք, որովհետեւ դուք եղել եք այդ խմբի անդամ:

Ես՝ որպես կուսակցության ղեկավար, հայտարարում եմ, որ անհնար է մեկ շաբաթվա մեջ նոր օրենսդրական համակարգով եւ նոր օրենսդրական կարգավորումներով նախապատրաստվել այդ ընտրություններին:

Ես ձեզ հորդորում եմ` նույնպես բարեկամաբար, եկեք առանց շտապողականության որոշ ժամանակ անցկացնենք այս քննարկումները, ընդունենք օրենսգիրքը` բարելավված վիճակում, սակայն կուսակցություններին ժամանակ տանք առնվազն 2 ամիս, որպեսզի կուսակցությունները կարողանան նախապատրաստվել արտահերթ ընտրություններին: Ոչ ոք չի ասում, որ այդ արտահերթ ընտրությունները պետք չի անցկացնել: Իհարկե, պետք է անցկացնել, ճգնաժամը պետք է լուծվի, բայց նաեւ այն պետք է անցկացվի ժողովրդավարական մթնոլորտում: Դա պետք չէ կոնկրետ, ասենք` Սահմանադրական իրավունք միությանը կամ որեւէ այլ կուսակցության: Սա պետք է մեր երկրին, որովհետեւ իմացեք, որ հակաժողովրդավարական մթնոլորտում, հապճեպության մթնոլորտում անցկացված ընտրությունները հետո կդառնան մեզ համար այն թույլ կետը, մեզ համար ասելով` մեր պետության համար, հենց մեր նոր իշխանությունների համար կդառնան այն թույլ կետը, որ ցանկացած այլ պետություն, ցանկացած այլ գերտերություն, ցանկացած այլ, այսպես ասած` ոչ բարյացակամ տրամադրված պետություն անընդհատ դա խոթելու է մեր աչքը՝ ասելով, որ մենք անցկացրել ենք ոչ լեգիտիմ ընտրություններ:

Ես ձեզ հորդորում եմ` մեր պետության ամրացման համար, ձեր իսկ նոր իշխանության ամրացման համար, հայ ժողովրդի հզորության համար մի՛ գնացեք հապճեպության, մի՛ գնացեք օրվա, այսպես ասած, հրամայականներով, այլ գնացեք պլանավորված քաղաքական գործընթացով, անցկացրեք այս ընտրություններն ասենք թե հունվարի վերջին, եւ դուք կունենաք գրեթե նույն արդյունքները, որ դուք ակնկալում եք հիմա, բայց դուք կունենաք լեգիտիմ գործընթաց:

Շնորհակալություն: Ես ՍԻՄ կուսակցության անունից ասեմ, որ մենք դեմ ենք այսպիսի ոչ ժողովրդավարական գործընթացների, ես որեւէ այլ քվեարկության, եթե իմ առաջարկը` իմ կուսակցության առաջարկը չընդունվի, ես չեմ մասնակցելու: Շնորհակալություն:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն: Տիգրան Ուրիխանյան, խնդրեմ:

Տ.ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

-Շնորհակալություն: Իմ կարծիքով պարզ իրավիճակ է ստեղծվել: Ենթադրենք, այս կիրակի կամ վաղը չէ մյուս օրը ընտրություններ են տեղի ունենում, ի՞նչ է լինելու: Մեր հասարակությունն ուղղակիորեն վերլուծելու է` ով ինչպես է իրեն դրսեւորել անցած գումարման խորհրդարանում կամ այս գումարման խորհրդարանի գրեթե 2 տարվա ընթացքում, վերցնելու են մարդկանց եւ քաղաքական ուժերի կենսագրությունները, եւ կամ գնան, քվեարկեն նրանց օգտին, կամ չգնան, չքվեարկեն նրանց օգտին, կամ գնան, քվեարկեն ուրիշների օգտին: Պարզ իրավիճակ չի՞: Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ: Որպեսզի տեղամասերի առջեւ լցված չլինեն նրանք, ովքեր պղծում են ընտրողի գիտակցությունը, հետո` քվեն, որպեսզի չբաժանվեն գումարներ, որպեսզի իրական քվեն հետո չդառնա փողի պարկեր բացողների քամահրանքի դրսեւորում: Սա չի՞ խնդիրը: Դրա համար ի՞նչ է պետք: Որպեսզի գործող իշխանությունը, առհասարակ բոլոր ժամանակներում, ունենա այնպիսի հսկողություն ընտրական պրոցեսի կազմակերպման եւ ընթացքի հանդեպ, որպեսզի ասեղի ծայրի ճշգրտությամբ յուրաքանչյուր մարդու քվեն հասնի տեղ:

Վստահ եմ, որ այսօրվա իշխանությունները նախ` դրանում շահագրգռված են, երկրորդը` դա կիրականացնեն, խոսքը գործադիր իշխանության մասին է: Ի՞նչն է խանգարում, հենց վաղը կազմակերպել ընտրություններ: Տեխնիկակա՞ն խնդիրները: Կարծում եմ` մենք մոտ 45 օր ունենք, դա լիարժեք բավարար պետք է լինի: Ուրեմն, ովքեր ժողովրդին են ծառայել, կարժանանան քվեի, ովքեր չեն ծառայել կամ ծառայել են այլ բաների, չեն արժանանա այդ քվեին:

Հիմա, եթե ձգում ենք, ի՞նչ ենք անում, կամ եթե չենք ընդունում, ի՞նչ ենք անում: Փորձ ենք անում ռեյտինգային խայտառակությունը պահպանե՞լ: Սա՞ է խնդիրը, սրանո՞վ եք ուզում մորթել նոր` արդար, ազատ, թափանցիկ ընտրությունների իրականացման հնարավորությունը: «Ալյանս»-ը մեր դաշինքի կազմում մշտապես կողմ է եղել արտահերթ ընտրությունների անցկացմանն օր առաջ, եւ հիմա էլ դրա օգտին է խոսում: Շնորհակալ եմ:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, մտքերի փոխանակությունն ավարտվեց: Մինչ ես կհրավիրեմ նախարարին եզրափակիչ ելույթի համար, ես խնդրում եմ բոլոր պատգամավորներին վերադառնալ դահլիճ, որովհետեւ մենք, անմիջապես եզրափակիչ ելույթից հետո պետք է քվեարկություն անցկացնենք, իսկ ես տեսնում եմ, որ մի շարք պատգամավորներ բացակայում են: Խնդրեմ, պրն նախարար:

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, հնչած մտքերից հետեւյալի հետ համաձայն չեմ, որ նոր ընտրակարգ է սահմանվում: Ես պետք է կրկնվեմ` եղած ընտրակարգը պահպանվում է, եւ տեխնիկական որոշ լուծումներ են տրվում: Եթե համամասնական ընտրակարգի է անցվում, քվեաթերթիկը շատ ավելի պարզեցվում է, եւ այն պնդումը, որ 7 օրվա ընթացքում կուսակցությունները չեն կարող պատրաստվել ընտրություններին, կարծում եմ` սա արհեստական եզրահանգում է, քանի որ, ըստ էության, Ընտրական օրենսգրքի նախագիծը, որը քննարկվում էր, արդեն հասու է բոլոր կուսակցություններին, եւ նրանք կարող են պատրաստվել շատ փոքր փոփոխություններով` ընտրակարգի, այսինքն` այս 7 օրը, ինքնին, արհեստական է:

Միեւնույն ժամանակ, մենք խորհրդակցեցինք եւ եկանք եզրահանգման, որ կարող ենք 24-ժամյա ռեժիմը փոխել 72 ժամի: Մենք ընդունում ենք դա, եւ այն կիրականացվի, եթե հավանության արժանանա, 24 ժամի փոխարեն 72-ժամյա ռեժիմում: Մենք դա ընդունում ենք, պրն Հարությունյան: Այսքանը:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն նախարար: Ես բոլոր պատգամավորներին հրավիրում եմ դահլիճ: Մենք նախագիծը, ինչպես ներկայացված էր, բայց 24 ժամը փոխարինում ենք 72 ժամով: Այո, պրն նախարար, դուք կարո՞ղ եք ճշգրտել, քանի որ 24 ժամ էր, 3 ժամ տրվում էր առաջարկությունները ներկայացնելուն, եւ 3 ժամ տրվում էր, որպեսզի հանձնաժողովները նիստ անցկացնեին: Փաստորեն, մենք հանձնաժողովներին նիստ անցկացնելու համար գուցե 48 ժամից ոչ պակաս տանք, իսկ ներկայացնելու համար` առաջարկները... Դուք մի հատ քննարկեք, մինչեւ պատգամավորները գան:

Ես պատգամավորներին հրավիրում եմ դահլիճ: Հարգելի գործընկերներ, մենք ընդամենը 46 պատգամավոր ենք այս պահին դահլիճում: Պրն նախարար, պատգամավորներին առաջարկությունների եւ խմբակցություններին առաջարկություններ ներկայացնելու համար ինչքա՞ն ժամանակ եք առաջարկում:

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ (առանց խոսափողի)

-48 ժամ՝ պատգամավորներից առաջարկներ ստանալու համար, եւ 6 ժամ` հանձնաժողովի նիստերի համար:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Դրանից հետո 6 ժամ, որովհետեւ 48-ը պետք է լրանա, հետո եւս... Շատ լավ: Փաստորեն, կլինի 54 ժամ: Շատ լավ. պարզ եղա՞վ` 48 ժամ պատգամավորներին, 54 ժամ հանձնաժողովներին, եւ ընդհանուր առումով` 72 ժամվա ռեժիմով ենք աշխատում` երկրորդ ընթերցումն անցկացնելու համար:

Շատ լավ: Ես այս որոշման նախագիծը դնում եմ քվեարկության:

Վարման կարգով` Նաիրա Զոհրաբյան:

Ն.ԶՈՀՐԱԲՅԱՆ

-«Ծառուկյան» դաշինքը խնդրում է 20 րոպե ընդմիջում:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-20 րոպե ընդմիջում:

20 ՐՈՊԵ ԸՆԴՄԻՋՈՒՄ

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ուշադրություն: Հաշվի առնելով, որ առաջարկված նախագծում փոփոխություն է արվել, ես ուզում եմ ընթերցել, որպեսզի մենք հստակ պատկերացնենք, թե ինչի՞ համար ենք քվեարկում: ՀՀ ԱԺ-ն որոշում է. «ՀՀ կառավարության նախաձեռնության 2018 թվականի հոկտեմբերի 22-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի առաջին օրը գումարել մեկուկես ժամ տեւողության 4 նիստ, յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը կես ժամ է: Արտահերթ նիստի երկրորդ օրվա նիստը սկսել հոկտեմբերի 23-ին` գումարվող հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, բայց ոչ շուտ, քան օրակարգային հարցն առաջին ընթերցմամբ քվեարկելուց 72 ժամը»:

Եվ մյուս որոշումը, որը սկզբից պետք է ընդունենք այս մեկը, հետո` այն մեկը, որովհետեւ մենք այն մեկը քվեարկել ենք: Հիմք ընդունելով «Ազգային ժողով կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ ԱԺ-ն որոշում է. «ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2018 թվականի հոկտեմբերի 22-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո 72 ժամվա ընթացքում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկները ներկայացնելու համար սահմանել 48 ժամ, իսկ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար` 6 ժամ»: 48 ժամը լրանալուց հետո, 6 ժամվա ընթացքում գլխադասային հանձնաժողով...

Այս որոշումը մենք հիմա դնում ենք քվեարկության: Եթե սա ընդունվի, նոր մենք կանցնենք մյուս որոշմանը: Քվեարկություն:

Կողմ` 44
Դեմ` 1
Ձեռնպահ` 6

Որոշումը չի ընդունվել:

Հարգելի գործընկերներ, որոշումը չի ընդունվել, մենք օրակարգը չենք հաստատում, եւ այս պահին պետք է հարցնենք, թե Կանոնակարգով ի՞նչ պետք է իրականացնենք: (Աղմուկ դահլիճում) Մի րոպե, նախ` փաստորեն, մենք աշխատում ենք մեկ ժամվա ռեժիմով` մեկ ժամ տրվում է բոլոր ելույթներին եւ... Այսինքն` մենք աշխատում ենք 3 ժամվա ռեժիմով, բայց առաջինից երկրորդ ժամանակահատվածը 24 ժամն է մնում, որը չի ընդունվել: Բա ե՞րբ ենք անում երկրորդ... Ո՞րն է Կանոնակարգով: Այսինքն` եթե մենք այդ ռեժիմը չենք ընդունել, հիմա քարտուղարությունը ասում է` 2 շաբաթ մենք պետք է սպասենք առաջարկությունների համար, եւ 2 շաբաթ՝ հետո, որպեսզի կարողանանք երկրորդ ընթերցում իրականացնել:

Ն.ԶՈՀՐԱԲՅԱՆ (առանց խոսափողի)

-Ոչ, նման բան չի կարող լինել:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շատ լավ: Մենք հիմա կաշխատենք, հիմնական հարցը կլսենք, կքննարկենք 3 ժամվա ընթացքում, հետո կդնենք քվեարկության, իսկ երկրորդ ընթերցումը, մենք կնայենք, օրենսգիրքը ինչպե՞ս է կանոնակարգում, այդպես էլ կգնանք` օրենսդրությունը ինչպես է կանոնակարգում: համաձա՞յն եք: Շատ լավ: Ուրեմն, երկրորդ որոշումը չընդունվեց:

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող` արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան, խնդրեմ:

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, Ընտրական օրենսդրության բարեփոխումների կարեւորագույն նպատակը Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումն է: Այս նպատակից ելնելով՝ մշակվել է Ընտրական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծ, որով մասնավորապես, ի թիվս այլ բարեփոխումների, լուծվում են հետեւյալ խնդիրները.

Առաջին` թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ, համամասնական ընտրակարգի ընդունում:

Երկրորդ` կոալիցիաների ձեւավորման սահմանափակումների...

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Պրն նախարար, մեկ րոպե, ներողություն: Հարգելի գործընկերներ, ես հասկանում եմ, որ հարցեր կան, որոնք կարող եք քննարկել, բայց թույլ տվեք զեկուցողին ներկայացնել: Պրն Գորգիսյան, պրն Էնֆիաջյան, ներողություն եմ խնդրում էլի, որ անունները տալիս եմ, բայց... Խնդրեմ, խնդրեմ, պրն նախարար:

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Երկրորդ` կոալիցիաների ձեւավորման սահմանափակումների վերացում եւ ժամկետների ընդլայնում` վեց օրվա փոխարեն` 10:

Երրորդ` կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով ընտրվելու նվազագույն շեմի իջեցում` կուսակցությունների համար ներկայիս 5 տոկոսի փոխարեն` 4 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների համար` ներկայիս 7 տոկոսի փոխարեն` 6 տոկոս:

Չորրորդ` ընտրագրավի գումարի իջեցում՝ ներկայիս նախատեսված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի փոխարեն 7500-ապատիկի: Ընտրագրավի գումարի վերադարձի շեմի իջեցում կուսակցությունների ներկայիս գործող 4 կամ ավելի տոկոսի փոխարեն առաջարկվում է 2 եւ ավելի տոկոս:

Ներկայում գործող երեքի փոխարեն նվազագույնը չորս կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի մանդատների բախշմանը մասնակցության ապահովում:

Կանանց ներկայացվածության քվոտայի բարելավում, առնվազն 30 տոկոս` գործող 25-ի փոխարեն:

Բոնուսային համակարգի վերացում Երեւանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանակ:

Նախագծով ներդրվել են մի շարք լրացուցիչ մեխանիզմներ, այդ թվում` ընտրողների ցուցակների կազմման եւ վարման գործընթացի արդյունավետության բարձրացում, որը ենթադրում է.

Առաջին. սահմանափակել վավերականության ժամկետը լրացած անձանց անձը հաստատող փաստաթղթերով քվեարկելու իրավունքը` ապահովելով վավեր անձնագրեր Հայաստանում գտնվող բոլոր ընտրողների համար եւ ցուցակներում թողնելով առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ ունեցող ընտրողներին:

Երկրորդ` նախատեսվել է մեխանիզմ՝ դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց ընտրողների ցուցակից հանելու համար:

Ընտրողների իրազեկվածության բարձրացում, մասնավորապես.

Առաջին` օրենսդրորեն ամրագրվել է համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ հեռուստաբանավեճի կազմակերպում՝ դրանցից առնվազն մեկը նախատեսելով կուսակցությունների համամասնական ցուցակի առաջին համարների մակարդակով, ինչպես նաեւ անվճար հնարավորություն տալով այլ լրատվամիջոցներին վերահեռարձակել այդ հեռուստաբանավեճը:

Երկրորդ` էապես ավելացվել է Հանրային ռադիոյով եւ հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակի քանակը: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար Հանրային հեռուստատեսությունում ներկայիս ոչ ավելի, քան 60 րոպեն ավելացվել է 30 րոպեով, ոչ ավելի, քան 90 րոպե, իսկ Հանրային ռադիոյով ներկայիս ոչ ավելի, քան 120 րոպեի փոխարեն՝ ոչ ավելի, քան 180 րոպե՝ ավելացվելով 60 րոպե: Հանրային ռադիոյով եւ Հանրային հեռուստատեսությամբ ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ թեկնածուների նախընտրական ծրագրերի մասին հաղորդումների կամ թողարկումների պարտադիր հեռարձակում` ապահովելով անկողմնակալություն ու հավասար պայմաններ:

Քվեարկության գործընթացի մատչելիության ապահովում, որը ենթադրում է տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողներին հնարավորություն տալ ժամանակավոր հաշվառվել տեղաշարժման համար մատչելի, գտնվելու վայրին մոտակա տեղամասային կենտրոնում: Սահմանել, որ զինծառայողների անմիջական եւ ոչ անմիջական պետերին, ինչպես նաեւ կոչումով բարձր սպաներին արգելվելու է զինծառայողների քվեարկության ժամանակ քվեարկության սենյակում ներկա գտնվել կամ նրանց հետ միաժամանակ նույն պահին, նույն քվեարկության սենյակում քվեարկել:

Ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունների բարձրացում, այդ թվում սահմանվել են միջազգային եւ օտարերկրյա դիտորդական կազմակերպություններին հրավեր ուղարկելու ընթացակարգ:

Երկրորդ` ամրագրվել է տեղական դիտորդական կազմակերպությունների կողմից եռամսյա ժամկետում իրենց զեկույցները հրապարակման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու պահանջ: Սահմանվել է նաեւ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե տվյալ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը կամ որեւէ կարգավիճակով կազմակերպությունը ներկայացնող անձ տվյալ ընտրություններում գրանցված է որպես թեկնածու:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում, քննարկումների արդյունքում նախագծում կատարվել են հետեւյալ փոփոխություններն ու լրացումները:

Առաջին. ընդունվել է առաջարկն առ այն, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները կամ դաշինքները հնարավորություն ունեն ներկայացնել Կառավարության՝ իրենց կողմից առաջարկվող կառուցվածքը եւ կազմը՝ ԿԸՀ սահմանված էլեկտրոնային ձեւով հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու համար: Նշված նորմը, ըստ հեղինակի առաջարկի, ուժի մեջ կմտնի 2021 թվականին:

Երկրորդ. ըստ հաշվառման վայրի, ընտրողների ցուցակից դուրս գալու եւ ժամանակավորապես, ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում ներառվելու դիմում ներկայացնելու համար սահմանվել է նոր ժամկետ` քվեարկության օրվանից 12 օր առաջ, գործողի` 10 օրվա փոխարեն:

Երրորդ. նախագծում ներառվել է գործող օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հետեւյալ դրույթը. ընտրական շտաբերի վրա տեղադրված ցուցանակները օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուի՝ ընտրություններին մասնակցող կուսակցությանը կողմ կամ դեմ քվեարկությանն ուղղված ուղղակի կոչեր: Դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմված ընտրական տեղամասերի թիվը, եւ յուրաքանչյուր ցուցանակի մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը:

Չորրորդ. օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված էլեկտրոնային եղանակով քվեարկության համար նախատեսված ժամկետը համապատասխանեցվել է նախագծով նախատեսված այլ ժամկետների հետ, մասնավորապես, սահմանվել է, որ էլեկտրոնային եղանակով քվեարկություն կարող է իրականացվել ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ավարտից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 9 օր առաջ` 5 օրվա փոխարեն:

Ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետից հանվել են. «ԱԺ ընտրությունների դեպքում նաեւ ըստ ընտրական տարածքների» բառերը, քանի որ դրանք անհրաժեշտ էին միայն ռեյտինգային ընտրակարգի համար, որն այս նախագծով վերացվում է:

Վեցերորդ. նախագծի 45-րդ հոդվածով օրենսգրքի նոր խմբագրմամբ առաջարկվել է 83-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «համապետական» բառերը:

Յոթերորդ. ընդունվել է «Ծառուկյան» խմբակցության առաջարկը առ այն, որ ԱԺ-ում չորրորդ ուժ կարող է ընդգրկվել միայն այն դեպքում, եթե հավաքել է կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների գումարի առնվազն 2 տոկոսը:

Նախատեսվել է, որ քաղաքական, սա ութերորդն է, նախատեսվել է, որ մեկ քաղաքական կոալիցիա ձեւավորելու համար անհրաժեշտ է առնվազն 4 կուսակցություն` դաշինք, ներկայիս 3-ի փոխարեն, այսինքն` ընդունվել է այն առաջարկությունը, որ պետք է կոալիցիաներ ձեւավորելու համար նախատեսվի քանակային սահմանափակում:

Իններորդ. նախագծի անցումային դրույթներում նախատեսվել է, որ նախագծի 17-ից 19-րդ հոդվածները՝ նախընտրական հիմնադրամի միջոցով կատարվող ծախսերը, դրանց հայտարարագրումը ուժի մեջ կմտնեն ոչ թե 2019 թվականի մարտի մեկին, այլ 2009 թվականի փետրվարի 1-ին, սակայն դրանք կտարածվեն ուժի մեջ մտնելուց հետո նշանակված ընտրությունների վրա: Շնորհակալություն:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, պրն նախարարին հարցերով դիմելու համար խնդրում եմ հերթագրվել: Հերթագրում: Միքայել Մելքումյան, խնդրեմ:

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն Զեյնալյան, իհարկե, մենք բազմիցս նշել ենք եւ նորից արձանագրում ենք, որ միանշանակ մենք կողմ ենք համամասնական ընտրակարգին` դրանից բխող տարբեր լուծումներին եւ կարգավորումներին, բայց ինձ հետաքրքրեց ձեր մի արտահայտությունը, որը ես կուզենայի դուք ասեիք` դա, ուղղակի, քաղաքական հռետորաբանությո՞ւն էր, թե՞ իրավական որոշակի հիմք էր պարունակում: Ի՞նչ էր նշանակում՝ մենք գտնվում ենք ֆորսմաժորային իրավիճակում: Այսինքն` դուք արձանագրում էիք այն, որ այսօրվա խորհրդարանը չի արտահայտում իրերի վիճակը դրսում` ժողովրդի մոտ, թե՞ այլ բան էլ կա, որովհետեւ ֆորսմաժորային իրավիճակում ֆորսմաժորային կառավարում պետք է իրականացվի, այսինքն` երկրի կառավարման համակարգը պետք է համապատասխանեցված լինի ֆորսմաժորային իրավիճակին:

Որեւէ կասկած չկա, որ մենք դեկտեմբերին գնալու ենք ընտրությունների` կլինի հնով, կլինի նորով, մենք միանշանակ կողմնակից ենք: Բայց, եթե դուք ասում եք ֆորսմաժորային, դրանից բխում է, որ կա կառավարման ֆորսմաժորային համակարգ այսօր, որովհետեւ Հայաստանի նման փոքր չափերով տնտեսական երկրում մի քանի ամիսն էլ բավականին լուրջ բարդություններ է առաջացնում: Ես կուզենայի, որ դուք դա բացեիք: Եթե բացեք, ես էլ կարձագանքեմ:

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-ԱԺ հարգելի փոխնախագահ, գնահատականը քաղաքական է, ես իրավական գնահատականը տվեցի, այն է` հակասահմանադրական իրավիճակ, որ ԱԺ-ում բացակայում է կայուն քաղաքական մեծամասնությունը: Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, որ ԱԺ-ն չի արտահայտում քաղաքական իրական պատկերը դրսում, ինչպես դուք եք ձեւակերպում, միանգամայն համաձայն եմ ձեզ հետ, եւ ես տվեցի այդ հստակեցումը. երկրում հակասահմանադրական իրավիճակ է` բացակայում է կայուն քաղաքական մեծամասնությունը, եւ այսօրվա նաեւ իրավիճակը, որն առկա է նաեւ ԱԺ-ում, հենց այսօրվա քննարկումների ժամանակ, դրա մասին է խոսում, որ երկրում կառավարում իրականացնելու համար բավականին բարդ իրավիճակ է ստեղծված եւ մենք օր առաջ պետք է վերացնենք դա, անցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի վերաբերյալ հստակ նշված է Կառավարության ծրագրում, ինչին կողմ են քվեարկել քաղաքական բոլոր ուժերը, ընդ որում, նաեւ կողմ է քվեարկվել ամբողջական համամասնական ընտրակարգին անցնելու օգտին: Շնորհակալ եմ:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն Մելքումյան` խնդրեմ:

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն Զեյնալյան, մենք այստեղ համախոհներ ենք այս առումով: Հիմա, երկրորդ հարցը, շատ կարեւոր: Ընդունենք, որ պրոբլեմներ կառաջանան եւ՛ կառավարության, եւ՛ ոչ իշխանական քաղաքական, պայմանական եմ ասում, խորհրդարանական ոչ իշխանական քաղաքական ուժերի մասով` ոչ մեծամասնական, այսպես ձեւակերպեմ, չի անցնի, ընդունենք: Աստված տա, որ անցնի նոր համակարգը, այսինքն` նոր Կառավարությունը ակնկալում է, որ ընտրական այնպիսի համակարգ ներարկի, որով ապագա իշխանությունը շատ ավելի ճիշտ ձեւավորվի, եւ որեւէ կասկածներ կամ հնի մնացուկներ, այսպես ասեմ, չլինեն: Հին ընտրակարգի մնալու պայմաններում ապագա իշխանության հետ կապված` ձեւավորման որակի, դուք ռիսկեր տեսնո՞ւմ եք, թե՞ չէ: Այսինքն` եթե մնա ռեյտինգայինը, կարո՞ղ է իշխանության որակի դրանից վատանալ, տուժել եւ այլն, եւ այլն:

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-ԱԺ հարգելի փոխնախագահ, մենք կարծում ենք, որ այն նախագիծը, որը ներկայացվել է, ավելի նպաստավոր է ընտրական ինստիտուտների նկատմամբ հավատի ձեւավորման տեսակետից: Իհարկե, ինչպես դուք եք ասում` տա Աստված, որ այդ փոփոխություններն ընդունվեն, սակայն փոփոխությունների չընդունվելու դեպքում գործադիր իշխանությունը հանձնառու է անցկացնել գործող Ընտրական օրենսգրքով այնպիսի ընտրություններ, որոնց նկատմամբ այդ պայմաններում հնարավոր կլինի ապահովել առավելագույն վստահություն:

Այդպիսի ընտրակարգով անցկացվեցին Երեւան քաղաքի ավագանու ընտրությունները, եւ դրանց նկատմամբ վստահության ռեսուրսը շատ ավելի բարձր է, քան նախկինում անցկացված ընտրություններինը:

Եվս մեկ անգամ հավաստում եմ Կառավարության հանձնառությունը` գործող Ընտրական օրենսգրքով անցկացնել արտահերթ այնպիսի ընտրություններ, որոնց նկատմամբ վստահության ռեսուրսը կլինի մաքսիմալ, սակայն դարձյալ Կառավարությունը շատ շահագրգռված է, որպեսզի Կառավարության ծրագրով հաստատված նորմերը, դրույթները, նպատակները իրականություն դառնան, եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ամբողջությամբ համամասնական ընտրակարգով եւ նաեւ այնպիսի երաշխիքներով, որպեսզի եւ՛ դիտորդական առաքելությունները ներկայացված լինեն պարտադիր կերպով, եւ՛ նրանք նաեւ կարողանան ունենալ վերահսկողության մեխանիզմներ: Քաղաքական փոքրամասնությունները կարողանան ավելի մեծ վերահսկողություն իրականացնել ընտրական պրոցեսների նկատմամբ, որպեսզի այնպիսի արատավոր երեւույթներ, ինչպիսին կրկնակի քվեարկություններն են, ընտրողների ազատ կամքի վրա ազդեցությունն ընտրական կաշառքով բացառվի կամ տեսականորեն մոտեցվի զրոյի: Շնորհակալ եմ:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, ընդամենը կես րոպե է մնացել, ես կարծում եմ, ավելի լավ է մենք ընդմիջենք, եւ շարունակենք ընդմիջումից հետո: Կհանդիպենք 13:00-ին:


Ժամը 13:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքները։

Պրն նախարար, հրավիրում եմ ձեզ կենտրոնական ամբիոնի մոտ, որովհետեւ հարցերը շարունակվում են։ Համեցեք։

Հերթական հարցի համար ձայնը տրվում է ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանին։ Խնդրեմ։

Ա.ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

-Պրն նախարար, դուք ձեր խոսքում նշեցիք, որ կուսակցական բազմակարծությունն ապահովելու նպատակով առաջարկվել են որոշակի փոփոխություններ՝ անցողիկ շեմը կուսակցությունների եւ դաշինքների համար իջեցվել է, անցնող կուսակցությունների քանակը դարձել է չորս։ Իհարկե, այդ փոփոխությունները ողջունելի փոփոխություններ են եւ միանշանակորեն առաջադեմ փոփոխություններ են։ Կուսակցական բազմակարծություն ապահովելու նպատակով հենց այդ նույն համատեքստում ես ուզում եմ հետեւյալ հարցը տալ. ըստ օրենսգրքի 96-րդ հոդվածի՝ որեւէ կուսակցություն, եթե ստանում է 2/3-ից ավելի մանդատներ, կամ կուսակցությունների դաշինք, ապա ընդդիմությունը, մնացածներն իրենց ձայները լրացնում են այնքան, որ կուսակցությունը չստանա 2/3-ից ավելի ձայներ։ Այսինքն՝ գործող մեխանիզմներով որեւէ մեկ կուսակցություն հնարավորություն է ստանում ունենալ մանդատների ճիշտ 2/3 ձայներ։ Իսկ մենք ունենք սահմանադրական էական օրենքներ, որոնք անցնում են 2/3-ի ձայների քանակով։ Ստացվում է, որ մենք ամրագրում ենք մի փաստ, որ մեկ կուսակցությունը կարող է միայնակ, միանձնյա որոշում կայացնել եւ փոխել սահմանադրական օրենքները, իսկ դա արդյո՞ք չի հակասում կուսակցական բազմակարծության ապահովմանը։ Չէ՞ որ, եթե նույնիսկ շատ ավելի շատ կուսակցություններ լինեն, քան չորսը, միեւնույն է, մեկ կուսակցություն հնարավորություն է ստանում փոխել էական օրենքներ, արդյունքում՝ նաեւ Սահմանադրությունը։

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Հարգելի տիկին Կյուրեղյան, սա վերաբերում է այն դեպքին, երբ քաղաքական ուժերից որեւէ մեկը ստանում է ավելի շատ մանդատ, քան 2/3-ն է։ Սա միայն այդ դեպքին է վերաբերում։ Այդպիսի հավանականությունը շատ մեծ չի։ Դա խոսում է այն մասին, որ քաղաքական ուժերից մեկն ունի այդքան քաղաքական ռեսուրս։ Եվ միայն այդ դեպքում է, որ այդ մեծ քաղաքական ռեսուրսը հակակշռվում է սահմանադրական կամ օրենսդրական այնպիսի մեխանիզմով, որպեսզի առնվազն 1/3 քաղաքական փոքրամասնություն լինի ԱԺ-ում ։ Սա միայն այս դեպքերին է վերաբերում։

Հիմա` այն մասին՝ արդյո՞ք կարող է քաղաքական ուժը, որն ունի 2/3 մանդատ ԱԺ-ում, ընդունել այնպիսի օրենքներ, ինչպես դուք ասացիք՝ կարեւորագույն օրենքներ։

Ձեր հաշվարկին հղում կատարելով՝ եթե կենտ թվով մանդատներ է ստացած լինում, ապա 2/3-ից պակաս է լինում ձայների թիվը, զույգի դեպքում՝ մի փոքր ավելի։ Այսինքն՝ սա էլ բացարձակ չէ, որ 2/3 ունենալու դեպքում կարող է միանձնյա, առանց կոմպրոմիսի գնալու, առանց երկխոսության գնալու, ընդունել օրենքներ։ Տվյալ պարագայում, սահմանային պարագայում այստեղ պետք է գործի ժողովրդավարության այն սկզբունքը, ըստ որի՝ պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով։ ԱԺ-ում մենք պետք է հասնենք նրան, որ դահլիճում քննարկումները բերեն քաղաքական կամքի ձեւավորման, եւ այդ քվեարկությունը չլինի կուսակցական կամակորության դրսեւորում։ Իրական ժողովրդավարական պառլամենտում իրո՛ք պետք է ԱԺ պատգամավորը կաշկանդված չլինի հրամայական մանդատով եւ ԱԺ-ի ամբիոնից հնչեցրած մտքերը, երկխոսությունը, բանավեճը պետք է ձեւավորեն քվեարկության կամք՝ որքանով է դա անհրաժեշտ երկրի համար յուրաքանչյուրի ներքին համոզմանը համապատասխան, յուրաքանչյուր պատգամավորի ներքին համոզմանը համապատասխան։

Կառավարությունը գտնում է, որ այս մեխանիզմը տվյալ իրավիճակում, տվյալ իրողությունների համադրության իրավիճակում, պայմաններում լավագույն լուծումն է։ Եղել են առաջարկություններ, որ նվազեցվի այս թիվը՝ 2/3-ից նվազեցվի, դարձվի 60%, եղել են նաեւ առաջարկություններ՝ հակառակը, ավելացնել քաղաքական մեծամասնության մանդատների թիվը, դարձնել 80%, սակայն Կառավարությունը գտնում է, որ տվյալ իրավիճակում դրան ձեռք տալ պետք չի, եւ թողնել այնպես, ինչպես կա գործող Ընտրական օրենսգրքում։ Շնորհակալ եմ հարցի համար։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Տիկին Կյուրեղյան, արձագանքի անհրաժեշտություն ունե՞ք։ Համեցեք։

Լ.ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

-Այսինքն՝ դուք փաստում եք մի բան, որ շատ քիչ դեպքերում է հնարավոր, որ որեւէ մեկ կուսակցություն այդքան ձայն ունենա, բայց ձեր ասած իրողություններն ասում են այն մասին, որ այդ շատ քիչը մեր դռան առջեւ կանգնած է։ Մեկ բան։

Եվ հաջորդը. երբ դուք խոսում եք զույգ եւ կենտ քանակության դեպքում, հա՞, կենտ քանակությամբ մանդատների դեպքում ռեալ չէ, զույգ քանակությամբ մանդատների դեպքում ռեալ է։

Հիմա տեսնենք. մի կուսակցություն ունի 72 ձայն եւ, բնականաբար, 1/3-ը՝ 36 է, եւ ստացվում է, որ 72 մանդատ ունեցող կուսակցությունն իրավունք է ստանում փոխել Սահմանադրական օրենքները, փոխել նաեւ հետագայում Սահմանադրությունը։ Իսկ եթե որեւէ կուսակցություն ստանում է, ասենք՝ 99 մանդատ, 99-ը մանդատի դեպքում 1/3-ը կազմում է, պետք է 50 մանդատ ունենա, եւ այս դեպքում իրավունք չի ստանում այդ կուսակցությունը նման որոշումներ կայացնել։ Դա նորից ինչքանո՞վ է ճիշտ՝ 72 մանդատ ունեցող կուսակցությունը ստանում է հնարավորություն՝ փոխել սահմանադրական օրենքը, 99-ը ստացողը չի ստանում այդ հնարավորությունը։ Այսինքն՝ օրենքն արդեն պրակտիկայում հենց այս ձեւով կիրառելիս ինքն արդեն խնդիրներ է առաջացնում։ Եվ ես խոսում եմ հիմնականում բազմակարծության ապահովման մասին, կուսակցական բազմակարծությունն ո՞ւր է գնում այս դեպքում, որտե՞ղ է թաքնվում։

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Տիկին Կյուրեղյան, դա ընդհանուր սկզբունքն է, ինչի մասին դուք ասում եք, բայց սա բացարձակ սկզբունք չի, եւ այս սկզբունքից կան բացառություններ, որպես մասնավոր դրսեւորումներ, եւ այդ բացառությունները պետք է հավասարակշռված լինեն այլ արժեքներով։

Եթե ժողովուրդը քվեարկել է եւ ձայների 90%-ը տվել է մի կուսակցության, յուրաքանչյուր քվեարկող մյուսի հետ նախապես պայմանավորվածություն ձեռք չի բերել, որ այդքան է տալու։ Մենք այդ պատկերը տեսնում ենք քվեատուփը բացելուց հետո։ Դա հավաքական որոշման արդյունք է, եւ դա է իրողությունը, եւ սրանից նահանջ է ապահովված օրենսդրական կարգավորմամբ, այս ժողովրդավարության սկզբունքից հակակշռվում է բազմակարծության սկզբունքը՝ նվազեցնելով քաղաքական մեծամասնության մանդատների տեսակարար կշիռը 90%-ից 2/3-ի։ Կարծում ենք՝ սա հավասարակշռված է, եւ դա հայեցողական լիազորությունն է ԱԺ-ի՝ ինչպես կարգավորել այս հարցերը։ Եվ այդ հայեցողական լիազորությունն այս պահի դրությամբ Կառավարությունը գտնում է, որ լավագույն տարբերակը գործողը պահպանելն է, որը եղել է 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ։ Շնորհակալ եմ։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Հաջորդ հարցի համար՝ Տիգրան Ուրիխանյան։ Խնդրեմ, պրն Ուրիխանյան։

Տ.ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն նախարար, միշտ ասել եմ, հիմա պնդում եմ, ուզում եմ՝ այս հարցի վրա կենտրոնանանք։ Ընտրությունները պիտի լինեն կատարյալ արդար, թափանցիկ, որակյալ, պրոցեսի հանդեպ կազմակերպումը եւ հսկողությունը պիտի իրականացնի պետությունը, մասնակից ընտրվողները ոչ մի առնչություն պիտի չունենան կամ հնարավորինս քիչ առնչություն պիտի ունենան մասնակից կազմակերպիչների հետ, այսինքն՝ կուսակցությունները, դաշինքները, անհատները, որպեսզի կարողանան ներկայացնել իրենց ծրագրերը, իրենց առաջարկները, իրենց կենսագրությունը, ներկան, ապագան եւ այլն։ Այդ պարագայում ի՞նչ վստահություն ունեք, որ նոր օրենսգրքով, Աստված տա, որպեսզի հասցնենք, ոչ ոք չխանգարի, նորմալ ընդունենք, ռեյտինգայինը վերացնենք, կատարելագործենք եւ մասնակցենք ընտրություններին։

Այդուհանդերձ, ըստ համապատասխան բաժանման, Հանրապետական կուսակցությունն ունենալու է, օրինակ, նախագահների, քարտուղարների եւ հանձնաժողովների անդամների մեծամասնություն տեղամասային հանձնաժողովներում, եւ անհրաժեշտ չէ, որպեսզի ես հիմա նկարագրեմ՝ ինչպիսի ընտրություններ ենք մենք ունեցել նախորդ իշխանության կողմից՝ դրանք կազմակերպելու ընթացքում։

Ի՞նչ վստահություն կա, որ հասարակությունը, մասնակից քաղաքական ուժերը՝ վստահելով այլեւս ընտրությունների որակյալ պրոցեսին, ավելի մեղմ հսկողություն կանեն կամ չեն անի ընդհանրապես, տեղամասերին կվստահեն, ընտրատարածքային հանձնաժողովներին կվստահեն, ԿԸՀ-ին կվստահեն ու հետո տեղի չի ունենա այն, ինչ իրենք սովոր են միշտ անել։ Շնորհակալ եմ։

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Հարգելի պրն Ուրիխանյան, մենք չպիտի նույնականացնենք օբյեկտիվ ճշմարտությունը եւ բնական ճշմարտությունը։ Ընտրական իրավունքն ունի առանձնահատկություն։ Դրա դրսեւորումներից մեկը, օրինակ, այն է, որ ընտրական վեճերի ժամանակ մենք չենք ապահովում դատարանի մատչելիության իրավունքը երեք ատյաններում, մենք բավարարվում ենք մի ատյանով։ Եվ բազմաթիվ այլ լուծումներ կան, որոնք հենց այդ սկզբունքի դրսեւորումն են, եւ կատարյալ արդար ընտրություններ ասելով, եթե մենք պատկերացնում ենք այն տեսական մաթեմատիկական ճշգրտությունն ամբողջ համակարգի, դա օբյեկտիվ իրականության մեջ իրականում հնարավոր չէ ապահովել։ Եվ կան խաղի որոշակի կանոններ. ինչ-որ մի իրավիճակում ընդունվում է դրա լեգիտիմությունը, եւ դադար է առնում ընտրական արդյունքները վիճարկելը։ Եթե, պատկերացրեք, 1995 թվականի ընտրությունների արդյունքում եղած պրոցեսների նկատմամբ ուժի մեջ մտնի դատավճիռ, որ տեղի է ունեցել կեղծիք եւ խախտում, մենք չենք կարող 1995 թվականի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել։ Այդ նույնը վերաբերում է նույնիսկ 2017թ. ընտրությունների արդյունքներին։ Դրա համար մասնակից սուբյեկտներն առհասարակ, քաղաքական ուժերը, դիտորդական առաքելությունները, արտախորհրդարանական ուժերը, քաղաքացիները նաեւ պատասխանատվություն են կրում ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնել՝ որպես իշխանության իրենց մասի կրողներ։ Դրա համար այս Կառավարության օրոք, այս պառլամենտի կողմից ընդունվել են մեխանիզմներ, որոնք ոչ միայն Հայաստանում չեն եղել, նաեւ ես չեմ հանդիպել որեւէ երկիր, որ դրանք եղել են։ Տրվել է հնարավորություն քաղաքական մասնակիցներին, այդ թվում՝ նաեւ դիտորդական առաքելություններին՝ հայց ներկայացնել վարչական պատասխանատվության վերաբերյալ այն անձանց նկատմամբ, այն մասնակիցների նկատմամբ, ովքեր, ըստ իրենց, թույլ են տվել վարչական ռեսուրսի խախտում։ Մենք մտցրել ենք վերահսկողության բազմաշերտ մեխանիզմներ, որպեսզի այդ իրականությունը մոտեցնենք կատարյալ արդարին, բայց երբեք դրանք իրար հետ չեն համընկնելու։ Մենք պետք է սա նկատի ունենանք, բայց պետք է ձգտել դրան, բնականաբար։ Այդ կատարյալ արդարը միշտ առաջ է ընկած լինելու, դա նույնիսկ ստատիկ վիճակ չի։ Մենք պիտի ամեն ինչ անենք, խրախուսենք, որպեսզի մարդիկ պաշտպանեն իրենց իրավունքը, եւ եթե կա կասկած, ապա դրա համար նախատեսված ժամկետում դիմեն դատարան՝ հերքելու համար կամ հաստատելու համար այդ կասկածը։ Բայց պետք է դրա վերաբերյալ վեճը փակվի որոշակի ժամկետից հետո, եւ դա այլեւս չարծարծվի, որպեսզի կասկածի տակ չդրվեն ընտրության արդյունքները։ Շնորհակալ եմ։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Արձագանքի համար՝ Տիգրան Ուրիխանյան։

Տ.ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

-Իմ հարգարժան գործընկեր պրն Զեյնալյան, դուք գիտեք, որ մենք գաղափարակից գործընկերներ ենք, ընդդիմադիր դաշտում ենք աշխատել, իրականությունը լավ գիտենք։ Ախր, հիմա դուք այդ, ինչ որ ասում եք, նշանակում է, որ մարդիկ լսում են, տեսե՛ք, լսում են հիմա ձեզ քաղաքացիները, պիտի մտածեն՝ այ ընկնելու ենք դատարաններ, վեճեր... Ավելի լավ չի՞ կոնկրետ ասել՝ ով հանկարծ տեղամասում փորձեց մեկի քվեաթերթիկների տրցակը վերցնել, դնել մյուսի տակ, ինչպես ասում է հարգարժան վարչապետը՝ ծեփելու ենք ասֆալտին։ Ավելի լավ չի՞ այդպես ասել, ավելի լավ չի՞ ասել՝ փող բաժանող բռնեցինք, տեղում ձեռքից քաշելու ենք, տանենք միանգամից բանտ, ավելի լավ չի՞ ասել, որ տեղամասերում հսկողությունն այնպիսին է լինելու իրավապահների կողմից, ԿԸՀ-ի, ընտրատարածքային հանձնաժողովների, Կառավարության այլ մարմինների կողմից, որ որեւէ մեկն, ով ուզենա ապականել այս ընտրությունները, հայտնվելու է ճաղերի հետեւում։ Եկեք այսպե՛ս անենք, վերջը դա պետության գործառույթն է։ Խոսքը սրա մասին է։ Շնորհակալ եմ։

Ծեփե՛ք բոլորին, ծեփե՛ք, որ իմանան, չի՛ կարելի, ընտրություններից է ամեն ինչ սկսվում։ Շնորհակալություն։

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Ուրիխանյան։ Ես ելա հենց այդ կանխավարկածից, որ պետությունն ապահովելու է երաշխավորված իրավունքը։ ԿԸՀ-ն, ընտրական հանձնաժողովները հետեւելու են ընտրական իրավունքի պաշտպանությանը։ Օբյեկտիվ իրավունքի պաշտպանությանը, համընդհանուր իրավունքի պաշտպանությանը եւ անհատական իրավունքների պաշտպանությանը ոստիկանությունը հետեւելու է, այնպես, ինչպես դա իրականացվել է ավագանու ընտրությունների ժամանակ։ ԱԺ-ն ընդունել է օրենքներ, որոնք նպաստում են դրան։ Լինելու է մաքսիմալ վերահսկողություն պետական կառույցների նկատմամբ, բայց ես ասում էի այն մասին, որ յուրաքանչյուր մասնակից նաեւ պետք է իր պարտքը համարի աջակցել այս ամենին, որովհետեւ դա ոչ միայն պետական կառույցներինն է, ոստիկաններինը, ընտրական հանձնաժողովի անդամներինը, այլ նաեւ յուրաքանչյուր քաղաքացունը։ Յուրաքանչյուրը պետք է դառնա պահապանն օրինականության։

Շնորհակալություն հարցի համար։ Սա կարեւոր էր, որպեսզի հնչեցնեք եւ՛ ձեր հարցը եւ այն երկու տեսակետները, որոնք հնչեցին։ Շնորհակալ եմ։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար՝ Սպարտակ Սեյրանյան։ Խնդրեմ։

Ս.ՍԵՅՐԱՆՅԱՆ

-Պրն նախարար, օրենքի նախագծի մեջ կան բազմաթիվ դրույթներ, որոնք միտված են ընտրական գործընթացը հանրությանն առավել հասանելի դարձնելու համար՝ գաղափարների, ծրագրերի եւ կուսակցությունների մոտեցումների իմաստով։ Եվ այդ տեսակետից շատ կարեւոր է, որ մտել է հեռուստաբանավեճերի ինստիտուտը։ Բայց այստեղ ունեմ մի մտավախություն. եթե հեռուստաբանավեճերը կազմակերպվելու են՝ զուտ տուրք տալու համար, եթե կարելի է ասել, քաղաքական մոդային կամ ապահովելու համար այդ մի տարրն էլ ժողովրդավարական գործընթացների տրամաբանության մեջ, դա մեկ խնդիր է։ Բայց այն ֆորմատով, որով գոնե մինչեւ այժմ իրականացնում են կուսակցությունների ներկայացուցիչները, եւ կապ չունի՝ առաջին դեպքերն են, թե ոչ, այն ֆորմատով, որ հիմա կազմակերպում են, ես ենթադրում եմ, որ նույն հեռուստաընկերությունում նույն ֆորմատով պետք է կազմակերպվեն հեռուստաբանավեճերը։ Իրենք, թող ներվի ասել, շոուից բացի, որեւէ բովանդակային խնդիր չեն պարունակում։

Ինչո՞ւ համար. որովհետեւ որեւէ հեռուստաընկերություն ինքը չպետք է որոշի բանավեճի թեման։ Բանավեճին մասնակցող կուսակցությունների առաջին դեմքերը կամ ցանկացած այլ մասնակիցներ իրենք պետք է որոշեն, թե ինչ թեմայի շուրջ են իրենք բանավիճում։

Երկրորդ. այն ժամաքանակը, որը հատկացվում է նմանօրինակ բանավեճերի կազմակերպման համար, ենթադրվում է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ երկու-երեք նախադասությամբ կամ ռեպլիկների միջոցով է փորձելու հանրությանը ներկայացնել պետության, հասարակության զարգացման իր տեսլականը, մոտեցումները, գաղափարները։

Ասածս հետեւյալն է. կա՛մ հեռուստաբանավեճերը՝ բոլոր չորսն էլ, լինեն առաջին դեմքերի մասնակցությամբ, որպեսզի կուսակցություններն այդ իմաստով առաջին դեմքերի մակարդակով կարողանան պատասխանել բոլոր հիմնախնդիրներին, կա՛մ էապես ձեւափոխվի հեռուստաբանավեճերի այդ ֆորմատը, բայց կուսակցությունների մասնակցությամբ ձեւափոխվի։ Այսինքն՝ հեռուստաընկերությունը կամ որեւէ հեռուստահաղորդավար, հարգանքս բոլորի հանդեպ, ինքը չորոշի, թե կուսակցություններն ինչ ձեւով պետք է մոտենան բանավեճին։ Առաջին դեմքերն իրենք, չեմ կարծում, որ մեծ բարդություն կա, հավաքվեն եւ քննարկման ֆորմատը որոշեն։

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Հարգելի պրն Սեյրանյան, այդպիսի մշակույթ ձեւավորված է արեւմուտքում եւ ավանդույթի ուժով է դա արվում։ Կառավարությունը ներկայացրել է առաջարկություն՝ դա օրենսդրական կարգավորման ենթարկել։

Այն, ինչ առաջարկում եք, նաեւ կարող է իրագործվել։ Պետք է քննարկել՝ որքանո՞վ է դա հնարավոր հիմա իրականացնել, արդյո՞ք դա պետք է ամրագրվի Ընտրական օրենսգրքով, թե՞ դրա կանոնակարգումները պետք է վերապահել Կառավարությանը, ենթադրենք, կամ ԿԸՀ-ին։ Տվյալ դեպքում խոսքը գնում է առնվազն մեկ բանավեճի մասին, որը պետք է իրականացվի առաջին դեմքերի շրջանում։

Տեսե՛ք, մենք բանավեճ ունեցել ենք ավագանու ընտրությունների ժամանակ, եւ հիմա միանգամից անցնել այսպիսի կարգավորման, պետք է նաեւ քննարկել դրա նպատակահարմարությունը. արդյո՞ք քաղաքական ուժերն այս պահին ունակ են դրան անցնել, պատրա՞ստ են արդյոք դրան անցնել, թե՞ ոչ։

Կարող ենք քննարկել, եթե ներկայացնեք առաջարկություն, նաեւ տեխնիկական լուծումներով մենք պատրաստ ենք քննարկել, գնահատել դրա իրավական խնդիրը եւ նաեւ տեխնիկական. որքանով է այն հնարավոր իրականացնել։ Մեր քաղաքական մշակույթն իրականության մեջ բավարարո՞ւմ է, որպեսզի, ասենք, քաղաքական ուժերի ներկայացուցիչները հավաքվեն եւ որոշում կայացնեն, թե ինչ հարցի շուրջ է լինելու բանավեճը, ինչպիսի արգելված թեմաներ կան, որոնց մասին չի կարելի խոսել, պայմանավորվում է, որ չի կարելի խոսել, եւ տեխնիկական այլ հարցեր, քանի՞ րոպե պետք է լինի, քանի՞ նախադասություն պետք է լինի հարցադրումը կամ հարցադրումը նախապես ձեւակերպված է լինելու, թե՞ ոչ, եւ տեխնիկական դետալներն ինչպե՞ս են արվելու։ Խնդրեմ, ներկայացրեք առաջարկությունը, քննարկենք, որոշենք՝ տեղավորվո՞ւմ է արդյոք այս արտահերթ խորհրդարանական ընտրությունների համատեքստում, այս օրենսգրքում, թե՞ ոչ։ Խնդրեմ։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Արձագանքի անհրաժեշտություն չունե՛ք։ Ունե՞ք։ Խնդրեմ, միացրեք խոսափողը։

Ս.ՍԵՅՐԱՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Զեյնալյան։ Խնդիրը, ես ձեզ հետ լիովին համաձայն եմ, ես չեմ պնդում, որ այդ բոլոր մանրամասնություններն «Ընտրությունների մասին» օրենքի մեջ պետք է տեղավորվեն, բայց ուղղակի պետք է երեւի Կառավարությանն էլ հաշվի առնենք, որովհետեւ ընդհանուր բոլոր քաղաքական ուժերի շահագրգռվածությունն էր, որպեսզի իրենց տեսակետները եւ մոտեցումները ոչ թե մենախոսության մեջ փորձեն հիմնավորել, այլ բանավեճի ընթացքում։

Ընդունում եմ ձեր բոլոր առաջարկները, ես կներկայացնեմ առաջարկի տարբերակ, ուղղակի մի վերապահում. եթե քաղաքական ուժերը պատրաստ չեն հեռուստաբանավեճի ժամանակ առաջին դեմքով մասնակցել եւ որեւէ վերապահումներ ունեն, անկախ նրանից՝ ընտրությունները հերթական են, թե արտահերթ, ես ուղղակի չեմ հասկանում՝ այս դեպքում ինչի՞ են ընդհանրապես մասնակցում, եթե հեռուստաբանավեճին մասնակցելու եւ սեփական կուսակցության տեսակետը, մոտեցումը, գաղափարն ու առաջարկը ներկայացնելու ինչ-որ կաշկանդում, վերապահում կամ պատրաստվածության թերի աստիճան ունեն։

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Հարգելի պրն Սեյրանյան, ես ընդամենը ներկայացրեցի հնարավոր տարբերակներ, ընդամենը հնարավոր տարբերակներ։ Եթե կլինի տեխնիկական առաջարկություն՝ բարելավել, փոփոխել, մենք կարող ենք քննարկման առարկա դարձնել քաղաքական ուժերի հետ եւ նաեւ տեխնիկական տեսակետից իրագործելիության հարցը համադրել ու որոշում կայացնել։ Դա հիմա՞ անենք, ինչպե՞ս անենք կամ, ի վերջո, ե՞րբ անենք դա։ Քննարկե՛նք, պատրաստ ենք քննարկել տարբերակը։ Շնորհակալ եմ։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, շատ կարճ ժամանակ հետո լրանում է, բայց ես պրն Բագրատյանին հարցի իրավունք կտամ՝ ակնկալելով հարցի կարճ ձեւակերպում, կարճ պատասխան, որովհետեւ չենք տեղավորվում, եւ հետո կանցնենք հարակից զեկուցմանը։

Խնդրեմ, Սերգեյ Բագրատյան։

Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Զեյնալյան, իմ հարցը վերաբերում է, այսպես կոչված, փոշիացած ձայներին։ Դրանք այն ձայներն են, որոնք որոշակի քաղաքական ուժերի կողմից վստահության իրավունք են ստացել, բայց չեն անցել խորհրդարան։ Արդյոք չեք կարծո՞ւմ, որ հնարավորություն տրվի այդ քաղաքական ուժերին, որոնք, պայմանական ասած, 10 հազար կամ 20 հազար ձայն ունեն, որոնք հանրային որոշակի վստահություն են վայելում, բայց, չգտնվելով պառլամենտում՝ կորցնում են այդ վստահությունը։ Գուցե տանք հնարավորություն, որ այդ քաղաքական ուժերը կարողանան իրենք, խորհրդի որոշմամբ, իրենց ձայները փոխանցել համախոհ քաղաքական ուժի, որպեսզի հանրային այդ խմբի կարծիքը կարողանան արտահայտել տվյալ քաղաքական ուժի միջոցով, ում փոխանցելու են իրենց քվեները։ Այսինքն՝ այլեւս որեւէ քաղաքացի վստահ լինի, որ իր քվեն չի կորելու եւ որեւէ քաղաքական ուժի միջոցով բարձրաձայնվելու են իր հոգսերը։ Շնորհակալություն։

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Պրն Բագրատյան, կարծում եմ, որ ո՛չ, դա պիտի որ հնարավոր չլինի։ Ես չգիտեմ որեւէ երկիր, որտեղ նման լուծում կա տրված, կարծում եմ, որ դա կհակասի ընտրական իրավունքին ընդհանուր առմամբ, նաեւ իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։ Ես կարծում եմ, որ դա իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։ Տվյալ պահին դա տեսական խնդիր է, որ դուք բարձրացնում եք, գործնական առումով այս Ընտրական օրենսգրքում դա ուղղակի հնարավոր չի ներառել։ Շնորհակալություն։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Արձագանքի անհրաժեշտությո՞ւն, բայց շատ կարճ։ Խնդրեմ։

Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Պրն Զեյնալյան, մենք անմեղության կանխավարկածով ենք առաջնորդվում, եւ պետք չի տասնյակ հազարավոր քաղաքացիների կոռուպցիան դիտարկել՝ այդ ձայները փոխանցելու մեկ այլ քաղաքական ուժի։ Վստահ եղեք, որ մենք դրանով ժողովրդավարության ավելի բարձր մակարդակ կապահովենք, եւ որեւէ քաղաքացի այլեւս մտավախություն չի ունենա, որ իր ձայները կկորչեն եւ նոր ստեղծվող, հատկապես՝ քաղաքական միավորներին, ձայն չտալով այն պարզ պատճառով, որ իր ձայնը չկորչի, այդ ձայնը փոխանցվում է այլ քաղաքական ուժի։ Այս իմաստով տաս հազար եւ քսան հազար ձայն ունեցող քաղաքական ուժը հնարավոր չի, որ կոռուպցիոն ռիսկերով վերաբերվի այս իրավիճակում, մանավանդ՝ ունենք նոր Հայաստանի իրավիճակը, որտեղ քիչ հավանական է, որ որեւէ մեկը կհամարձակվի այդտեղ կոռուպցիոն սխեմաներ իրագործել։ Շնորհակալություն։

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Այստեղ խոսքը գնում է ոչ թե տաս հազար քաղաքացիների կոռուպցիայի մասին, այլ այն ուժի, որն առաջարկում եք՝ իր որոշմամբ փոխանցի այդ ձայները մեկ այլ քաղաքական ուժի, ով հաղթահարել է նվազագույն սահմանը։ Սրա հավանականությունը, ինքնին առկայությունն արդեն, որ կարող է՝ մանիպուլյացիաներ արվեն, հավանականություն կա, ինքնին նաեւ կոռուպցիոն ռիսկ լինելով հանդերձ, համարվում է կոռուպցիա, քաղաքական կոռուպցիա։ Եվ այն մեխանիզմները, որոնք դրված են այդ ձայների վերաբաշխման հիմքում, կարծում եմ՝ լավագույնս ապահովում են ընտրական օբյեկտիվ իրավունքն առհասարակ։ Շնորհակալություն։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Պրն Հարությունյանը թող հարց տա, էլի՛։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Ցավոք... Խնդրեմ, եթե կարճ, ուրեմն՝ ելույթներից ենք մենք պակասեցնելու։ Խնդրում եմ՝ միայն կարճ հարցադրում, որովհետեւ վերջինը Խոսրով Հարությունյանն է, որպեսզի ներկայացվեն բոլոր հարցերը։ Կարճ հարց, կարճ պատասխան։

Խ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Պրն Զեյնալյան, ուղղակի կուզենայի ձեր մեկնաբանությունը լսել՝ կապված չորրորդ քաղաքական ուժի՝ այդ նվազագույն շեմը չհաղթահարելու գործոնի հետ։

Արդյոք ես ճի՞շտ եմ հասկանում, որ նշանակում է թե՛ առաջինը, թե՛ երկրորդը, թե՛ երրորդը նվազագույն շեմը պետք է հաղթահարեն, նոր չորրորդին է դա վերաբերում։ Օրինակ, եթե երկրորդն ու երրորդը չեն հաղթահարում, նրանց վրա է՞լ է տարածվում այդ 2%-ի շեմի գործոնը, այսինքն՝ գործիքակազմը։ Եվ եթե այդպես է, արդյոք չի նշանակո՞ւմ, որ մենք շեմն իջեցրեցինք դե ֆակտո 2%-ի։ Կուզենայի ձեր մեկնաբանությունը լսել։

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար, պարզաբանումը շատ կարեւոր է։

Եթե երկրորդ եւ երրորդ ուժերը չեն հաղթահարվել նվազագույն սահմանը, այն, որ ասացինք՝ կուսակցությունների համար՝ 4%-ը, դաշինքների համար՝ 5%-ը, ապա նրանք իրավունքի ուժով, այսպես թե այնպես, անցնելու են ԱԺ եւ ունենալու են, գումարային առումով, 1/3 մանդատ։

Խոսքը վերաբերում է չորրորդին։ Կուսակցությունների թիվն առաջարկվել է դարձնել չորս, բայց այն դեպքում, երբ չորրորդը՝ նվազագույն չորրորդը հաղթահարել է 2%-ը։ Եթե 2%-ը չի հաղթահարել, ապա երեք քաղաքական ուժ է լինելու ԱԺ-ում, չորրորդը չի լինելու։ Չորրորդը կլինի, եթե նվազագույն 2%-ը հաղթահարվել է։

Բոլոր դեպքերում, ԱԺ-ում չեն կարող երեք քաղաքական ուժից քիչ քաղաքական ուժեր լինել, եւ քաղաքական փոքրամասնության մանդատների թիվը չի կարող փոքր լինել 1/3-ից։ Շնորհակալություն։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Արձագանքո՞ւմ եք։ Շնորհակալություն։

Հիմա, պրն Զեյնալյան, արդեն կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարցերն ավարտվեցին։

Այժմ անցնում ենք հարակից զեկուցմանը։ Հարակից զեկուցողն է պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը։ Համեցեք։

Տեղեկացնեմ իմ գործընկերներին, որ հարցեր չեն լինելու՝ հարակից զեկուցման հետ կապված։

Ռ.ՄԱԽՄՈՒԴՅԱՆ

-ԱԺ հարգարժան փոխնախագահ, սիրելի պատգամավորներ, քննարկման է ներկայացված «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարվող փոփոխությունների եւ լրացումների մասին» օրենքի նախագիծը։ Ընդամենն օրեր առաջ արտահերթ նիստով քննարկվել է պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում։

Ես պիտի տեղեկացնեմ, որ հանձնաժողովում առնվազն մեր քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից քննարկվել է բացառապես իրավական մասնագիտական տեսանկյունից եւ փորձել ենք հնարավորինս հիմնական զեկուցողին ներկայացնել հարցեր, որոնք ունեն, նորից եմ կրկնում, բացառապես իրավաբանական մասնագիտական ուղղվածություն։

Ինչ խոսք, «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքն ինքը մի փաստաթուղթ է իրավական, որն ունի թե՛ քաղաքական եւ թե՛ իրավական կողմ, այնուամենայնիվ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում տրված եզրակացությունը եղել է առավելապես իրավական ուղղվածությամբ։

Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ քննարկման ժամանակ ներկայացվել են մի շարք հարցադրումներ, առաջարկություններ, անգամ իմ կողմից որոշակի հարցերի պարզաբանման նպատակով պրն Զեյնալյանին ներկայացվել են հարցեր, ԱԺ պատգամավոր հարգարժան պրն Խոսրով Հարությունյանի կողմից ներկայացված գրավոր առաջարկը նույնպես հանձնաժողովում հնչեցվել է, եւ պիտի ասենք, որ այդ փոփոխության, առաջարկի նպատակը հետեւյալն է։ Հաշվի առնելով, որ նախատեսվում են դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, պրն Հարությունյանն իր կողմից արված առաջարկին որոշակի վերապահումով է մոտեցել՝ կապված այդ առաջարկն ուժի մեջ մտնելու ժամկետների հետ։

Առաջարկը վերաբերում է հետեւյալին, որ 2021թ. ուժի մեջ մտնելով հանդերձ, յուրաքանչյուր խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը ԿԸՀ հայտ ներկայացնելիս պիտի, ի թիվս այլ անհրաժեշտ փաստաթղթերի, ներողություն, պիտին այստեղ կարող է, ես սա անպայման պիտի շեշտադրեմ, կարող է ներկայացնել ապագա Կառավարության կառուցվածքը կամ տեսլականը, թե ինչպիսի կազմ է ունենալու այն քաղաքական ուժը, որը կա։

Պրն Հարությունյանի կողմից արված առաջարկում կա մեկ վերապահում՝ մի փոքր ժամկետն ավելի շուտ մտնելու, խոսքը վերաբերում է ԿԸՀ կողմից այդ տեղեկատվական տեխնիկայի ներդրումների մասով, որը վերաբերելու է, ուրեմն, այդ Կառավարության ապագա կազմի հրապարակմանը, հայտարարմանը եւ այլն, դա տրվել է սույն օրենքի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի անց, իսկ արդեն խորհրդարանական ընտրությունների, ցանկացած դեպքում, 2021 թ-ից տեղի ունեցող ընտրությունների ժամանակ, բնականաբար, ԿԸՀ կարող է ներկայացվել այդ հատվածը կամ Կառավարության ապագա կազմը։

Թերեւս, առաջին տպավորությունը կարող է մեկնաբանվել հետեւյալ կերպ, եւ հարգարժան Կառավարության ներկայացուցիչներն էլ ներկայացրեցին, որ սա հայեցողական լիազորություն է եւ կարող է քաղաքական ուժը ներկայացնել, կարող է չներկայացնել։ Բայց այստեղ տրամաբանությունն այլ բանում է. երբ հայեցողական լիազորություն ներկայացնելուց զատ, քաղաքական ուժը ներկայացնում է նաեւ իր Կառավարության տեսլականը եւ կազմը, սրանով ինքն այցեքարտ է, որպեսզի ընտրողը կարողանա հասկանալ եւ գիտակցել՝ լա՛վ, ես այս քաղաքական ուժին ընտրելով՝ ես կարողանալո՞ւ եմ հույսեր կապել ապագա Կառավարության կազմի հետ, թե՞ ոչ։ Այս առումով ես կարծում եմ՝ ինքը՝ հայեցողական լիազորությունը, դիտվում է եւ՛ իրավունք, եւ՛ պարտականություն, այսպես ասած, իրավական նորմի մեկնաբանության տեսանկյունից, բայց սա հայեցողական լիազորություն է։ Այնուամենայնիվ, տեղեկացնեմ, որ Կառավարության կողմից ընդունելի է համարվել։

Ընդունելի է համարվել Կառավարության նիստում մեր հարգարժան գործընկեր Գեւորգ Պետրոսյանի կողմից բարձրացված այն հարցադրումը, որը «Ծառուկյան» խմբակցության կողմից նույնպես առաջին փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է՝ չորրորդ ուժի եւ 2%-ի այդ անցողիկ շեմի սահմանի հետ կապված։

Քանի որ նախագիծը, որը շրջանառության մեջ էր դրվել, այդ փոփոխությունով հանդերձ ներկայացված չէր, պրն Պետրոսյանը ճշգրտման եւ հստակեցման կարգով նորից այդ հարցը բարձրացրեց, եւ արդարադատության հարգարժան նախարարը վերահաստատեց, որ այո՛, այս փոփոխությունը նույնպես ընդունելի է։

Ես ասեմ՝ նկատառումների մեջ կար, կոնկրետ իմ դիտարկումն է նաեւ եղել սա, կանանց տոկոսայնության թվաքանակի, այսպես ասած, ավելացման կամ 4-ի փոխարեն 3-ից հետո կանանց ներգրավվածությունը։

Իհարկե, «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում այս կարգավորումը եղել էր եւ սա պիտի ուժի մեջ մտներ 2017-ից հետո տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններում, բայց ես կարծում եմ, որ այս շեմը կարող է որոշակի կաշկանդվածություն առաջացնել, եւ սա կարող է կասկածի տակ դնել, ուրեմն, ոչ կոմպետենտ կամ ընդհանրապես քաղաքական գործունեության հետ կապ չունեցող անձանց՝ որպես կին, ներգրավելու խնդիրը։ Այնուամենայնիվ, Կառավարությունը հիմնավորեց, որ սա հնարավորինս խտրականության դրսեւորումները մաքսիմալ վերացնելն է։

Պիտի տեղեկացնեմ, որ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը, նշված մի քանի փոփոխություններով հանդերձ, վերջնական քվեարկության է դրել, նույն նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը, ինչից հետո այն քվեարկվել է նաեւ լիագումար նիստերում, չնայած սա արտահերթ է եւ սա Կառավարության սահմանադրական լիազորությունն է, այնուամենայնիվ, պիտի քննարկվեր։ Մնացած մասով այլ առաջարկություններ չեն եղել։ Այս ամենով հանդերձ, հանձնաժողովը տվել է իր դրական եզրակացությունը։ Շնորհակալ եմ։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մախմուդյան, ժամանակի մեջ խնայողաբար տեղավորվելու համար։ Բնականաբար, արդեն տեղեկացրել եմ, հարցեր չկան։

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ուշադրություն, որպեսզի քվեարկության ավարտից հետո նորից չգաք, չմոտենաք վերագրանցման համար։ Այժմ՝ գրանցում ելույթների համար։ Գրանցում։

Բնականաբար, ելույթ ունեցողների ցանկը պատկառելի է։ 19 պատգամավոր հերթագրվել է, բայց մենք պետք է հետեւենք նաեւ ժամանակին։ Հիմա ես քարտուղարությանը կխնդրեմ, որպեսզի ընթացքում ներկայացնեն մեր ժամանակաչափը, որպեսզի հասկանանք։

Այժմ ժամանակ, նաեւ արագ անցնենք ելույթներին։ Առաջին ելույթի համար՝ Արամ Սարգսյան։ Խնդրեմ, պրն Սարգսյան։

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

-Բարեւ ձեզ։ Ընդհանրապես Արտակ Զեյնալյանը կփաստի, որ իր ներկայացումներից հետո երբեք մեկնաբանություններ չեմ արել, համարել եմ, որ պրն Զեյնալյանը միշտ շատ կոնկրետ է եւ սպառիչ, դրա համար ներկայացված օրենքին միանշանակ ասում եմ՝ այո՛։

Ինչո՞ւ այո։ Այս այո-ին անդրադառնալու համար ես կուզենայի, որ որոշակի ամփոփում անեինք վերջին շրջանի մեր գործունեությամբ։

Իրականության մեջ խնդիրը հետեւյալն է, որ թե՛ Հանրապետական խմբակցությունը, թե՛ «Ծառուկյան» խմբակցությունը, թե՛ Դաշնակցությունը եւ թե՛, բնականաբար, «Ելք» խմբակցությունը կողմ են արտահայտվել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կատարելուն։ Հետեւաբար, այս հարցը քննարկումից դուրս է ու չարժի այս թեմայի վրա նորից ժամանակ ծախսել։

Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե ինչպիսի՞ ընտրություն պիտի կատարենք դեկտեմբեր ամսին, ի՞նչ Ընտրական օրենսգրքով։ Այ, այստեղ է ամբողջ խնդիրը։ Եթե կան որոշակի ուժեր, որոնք ուզում են, որ այդ ընտրություններն անցկացվեն հին օրենսգրքով, ապա ի՞նչ են շահելու այդ ուժերը, որովհետեւ հանրային ընկալման մեջ նույն այդ համամասնականը համարվում է հինը, համարվում է վատը, համարվում է, իմ ընկեր Էդմոն Մարուքյանի ասած՝ «Գագասիկի» ընտրություն։ Ժողովուրդն այդպես է ընկալել, որ դա թաղային հեղինակության ընտրություն է։ Իհարկե, կան մարդիկ, ովքեր տեղերում նաեւ անձնական լուրջ հեղինակություն ունեն եւ վարկանիշային ընտրությունների ժամանակ իրենց հեղինակությամբ են քվե վերցրել։

Ես կարող եմ ասել, որ Հանրապետական վերին շարքում նստող պատգամավորներից երեք մարդ, երեքով միասին վերցրած շատ ավելի շատ քվե էին վերցրել տեղերում, քան «Ելք» դաշինքն ամբողջությամբ։ Ու նման վարկանիշային ընտրությունը դուք համարում եք բնակա՞ն։

Ես հասկանում եմ, որ աշխատատեղեր ստեղծելը նույնպես քաղաքականություն է, բայց այդ մարդիկ աշխատատեղեր կարող են ստեղծել առանց պատգամավոր դառնալու, որովհետեւ եկեք ընդունենք, որ այդ մարդիկ պատգամավոր դառնալուց հետո այս ամբիոնից չեն օգտվել կամ օրենսդրական նախաձեռնություններով առանձնապես հանդես չեն եկել։ Իսկ որ նոր խորհրդարանում կլինեն պատգամավորներ, ովքեր այդ արտադրող ու աշխատատեղեր ստեղծող մարդկանց շահերը կպաշտպանեն, այստեղ կասկած լինել չի կարող, դա միանշանակ է։ Հետեւաբար, այն հիմնական խնդիրը, որը կա, որը վերաբերում է ընդհանուր համամասնական ընտրակարգին, ես կարծում եմ, որ պիտի ընդունելի լինի բոլորիս համար, միանշանակ, որովհետեւ համոզված եմ նաեւ, որ այդ վերեւի շարքում նստած մեր գործարար գործընկերները նաեւ այդ իրենց ժամանակն աշխատատեղեր ստեղծելու, իրենց գործի հետեւից գնալու առումով ավելի ճիշտ ու լավ կօգտագործեն, քան ժամերով այստեղ նստելով ու այդ ժամանակը վատնելով, որովհետեւ իրենց ժամանակն իսկապես փող է։

Երկրորդ խնդիրը. ի՞նչ ենք շահում։ Շահում ենք այն, որ չորրորդ ուժ, խորհրդարանը կարող է ներկայացված լինել չորս քաղաքական ուժերից, սա շատ կարեւոր հանգամանք է։

Քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ առանձնապես քաղաքական ուժերի հնարավորություններն այս ընտրություններում, հետհեղափոխական ընտրություններում այդքան էլ մեծ չեն։ Սա շատ լուրջ խնդիր է այստեղ ներկա գտնվող գրեթե բոլոր ուժերի համար։ Բնականաբար, այս օրենքն էլ պիտի ընդունվի, որ ԱԺ-ն չլինի միատարր եւ քաղաքական ուժերն ԱԺ-ում ներկայացված լինեն։

Ընտրագրավի պակասը։ Ի՞նչ է, ուզում են, այդքան հարո՞ւստ են այստեղի կուսակցությունները, բոլորն ուզում են 10 մլն մուծե՞լ, ինչո՞ւ սրան դեմ գնալ։

Եվ, վերջիվերջո, հարգելի խորհրդարանական ընկերներ, վստահաբար եմ ձեզ ասում, որ այն փոփոխությունները, ինչը որ կար, այնպես չի, որ մի օրվա, 24 ժամվա մեջ է ներկայացվում, ու քննարկման չգիտեմ ինչ լուրջ խնդիրներ կան։ Այդ խնդիրները դեռ 1999 թվականից, երբ ես վարչապետ էի, քննարկվում էին, ու 10 օր էլ քննարկենք, 1 ամիս էլ քննարկենք, էլի այս թեմայով լինելու են վիճողներ, հակադարձողներ եւ հիմնավորողներ։ Դրա համար, ես, իհարկե, դեմ եմ ավելորդ արագությանը, իհարկե, կողմ եմ, որ 24 ժամվա փոխարեն 72 ժամ քննարկենք, դրան հակադրվելն այնքան էլ խելամիտ ու ճիշտ չեմ համարում, բայց գտնում եմ, որ հասունացել է պահը, որ դեկտեմբերին պիտի գնանք ընտրությունների, եկեք գնանք նոր Ընտրական օրենսգրքով։

Ինչ վերաբերում է այն մոտեցմանը, որ Վենետիկի հանձնաժողովը տեսակետ է ասել, Ջանի Բուքիքիոն տեսակետ է ասել, եւ այդ տեսակետի շրջանակներում հնարավոր է մանեւրել։ Այո՛, տեսակետ ասել է, բայց վստահեցնում եմ ձեզ, որ Վենետիկի հանձնաժողովը նաեւ լեգիտիմ է համարելու ժողովրդի կողմից արված, այդ ընդհանուր կոնսենսուսի եկած, որովհետեւ «կոնսենսուս» հասկացությունն էլ տարածական է, ցանկացած ընտրության արդյունք։

Հետեւաբար, եկեք առաջադեմ քայլ անենք, եկեք այս օրենսգրքին կողմ քվեարկենք եւ գնանք առաջ։ Եթե կան որոշակի թերություններ, խնդրեմ, առաջարկեք փոփոխություններ, բայց այս օրենսգիրքը 72 ժամվա ռեժիմով, կամ եթե չի ստացվում ավելի արագ ռեժիմով, ընդունենք ու հին օրենսգրքով չգնանք։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Սարգսյան։

Հարգելի գործընկերներ, մինչեւ պրն Ուրիխանյանին հրավիրելն ուզում եմ տեղեկացնել, որ քանի որ 19-ը պատգամավոր է մեզ մոտ գրանցվել, հերթագրվել, եւ ունենք երեք խմբակցությունների հայտ, ապա կա՛մ մենք պետք է կոնսենսուսի գնանք, եւ ամեն պատգամավոր 5 րոպե ելույթ ունենա, որ կարողանանք բոլորին խոսք տալ, կա՛մ ստիպված կլինենք պրն Հայկ Կոնջորյանից հետո ընդհատել քննարկումները եւ տալ միայն խմբակցություններին, որպեսզի մենք օրենքների խախտում չիրականացնենք։

Խնդրում եմ՝ 5 րոպեում ամփոփել խոսքը, համեցեք, որ բոլորը կարողանան արտահայտվել։

Տ.ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգարժան գործընկերներ, նիստին հետեւող հարգարժան հայրենակիցներ, մի կարեւոր բան՝ ընտրությունները պիտի լինեն ազատ, արդար, թափանցիկ։ Ես կարմիր թելի պես սա տանում եմ, որպեսզի Երեւանի քաղաքային ընտրություններին չմասնակցած 57%-ի հասնող, լա՛վ, թող այնտեղ խախտումներ, թող մահացածների, ասենք, ցուցակներ, թող բացակայողներ եւ այլն, բայց, այդուհանդերձ, շատ մեծ թվով չմասնակցած մարդիկ խորհրդարանական ընտրություններին գոնե իմանան, որ անհրաժեշտ է տնից դուրս գալ եւ սեփական դիրքորոշումը հայտնել, որովհետեւ այլեւս ոչ ոք չի կարողանալու նույնիսկ համարձակվել բաժանել փող, ոչ ոք չի կարողանալու այլեւս գողանալ քվեաթերթիկ, ոչ ոք չի կարողանալու ստիպել մարդկանց կամ խաբել, որ քվեարկեն այնպես, այլ ոչ թե այսպես, եւ վերջապես, որպեսզի բոլորն իմանան, որ խորհրդարանում այս նախագծով, որը մենք պաշտպանում ենք, ես անձամբ պաշտպանում եմ շատ, լինելու են առնվազն չորս խմբակցություններ։ Սա շատ կարեւոր է։ Գտնում եմ, որ Ժողովրդի մեջ եւ՛ ընտրությունների, եւ՛ առհասարակ իրավիճակի նկատմամբ հույս առաջացրած ուժը, անշուշտ, պիտի ամրապնդի իր տեղն ու դերը հեղափոխության մեջ, եւ հետհեղափոխական շրջանում, նաեւ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ արձանագրելով, բայց խորհրդարանում պիտի լինեն չորս խմբակցություններ, եւ թող, որ այս ընտրություններն այլեւս լինեն ոչ թե սեւերի եւ սպիտակների միջեւ, այլ միայն սպիտակների միջեւ։

Իսկ ո՞վ ասաց, որ հրեշտակի թեւեր առած հանրապետականները, որոնք հերթ են կանգնում նոր իշխանության դռների առջեւ, պիտի հիմա այլ ճանապարհով ճողոպրեն, նորից գան խորհրդարան, կամ ասում են՝ Հանրապետականը կարծես թե երիտասարդ կազմից բաղկացած իրենց ցուցակն է ձեւավորում, որպեսզի ընտրություններին մասնակցի։ Շատ լավ է, ուրեմն, ժողովրդի կողմից շատ սիրված պարոնայք Շարմազանովը, Աշոտյանը, Սարգսյանը եւ մյուսները գալու են մրցակցեն ու ի՞նչ անեն, նորից ընտրվեն ու անցնեն խորհրդարա՞ն։ Ես հատուկ եմ այս նախագծի քննարկումների համատեքստում ասում այս բաների մասին, որպեսզի մարդիկ լավ պատկերացնեն, որքան հնարավոր է, սահմանափակվի ընտրությունների որակի վրա ազդելու բացասական հնարավորությունը, այնքան լավ, որովհետեւ խորհրդարան ճողոպրելու ցանկություն ունեն բոլորը։ Ես հիմա նայում եմ այստեղ, շատ շատերը, ովքեր ժամանակ են կորցրել ժողովրդին չծառայելու տարիների ընթացքում, գումարումների ընթացքում, հիմա մտածում են՝ բա ո՞նց, որտե՞ղ մի կերպ հայտնվեն, որ կարողանան անցնել։

Ռեյտինգայինը պետք է վերացնել, սահմանափակումը՝ շեմի առումով, եւս ողջունելի է, որովհետեւ, այո՛, կլինեն կուսակցություններ, որոնք արժանանում են ժողովրդի որոշակի հատվածի քվեին ու վստահությանը, իրենք պիտի լինեն խորհրդարանում եւ իրենք պիտի, առնվազն թվով չորսի հասնող քանակով, երաշխավորեն բազմակարծություն, բայց նաեւ պիտի լինի շեմ, որը կարգելի, ասենք, ենթադրենք, ժողովրդի այլ ուժերի նկատմամբ տոտալ անտարբերության դեպքում ընդամենը մի քանի հոգանոց կուսակցություններին խորհրդարան անցնելու հնարավորությունը։ Դա շատ պարզ տրամաբանություն է իրենց, կարծում եմ, ներկայացնում։

Եվ, վերջապես, մենք, նկատի ունեմ դաշինքի մաս կազմող այս խորհրդարանում «Այլանս» կուսակցությունը, հայտնի է, որ հայտ է ներկայացրել մասնակցել այս ընտրություններին իր սեփական ցուցակով։

Մեր առջեւ դրել ենք հետեւյալ պարզ խնդիրը ու դա պիտի լինի բոլորինը. նրանք, ովքեր արժանացել են մինչ օրս ժողովրդի վստահությանը կամ որոշակի հատվածի վստահությանը, պիտի լինեն հաջորդ խորհրդարանում, նրանք, ովքեր չեն արժանացել, ուրեմն՝ չպիտի լինեն։ Ժամանակ տրամադրեք, ռեյտինգային թողեք, չգիտեմ՝ հնարավորություն տվեք պատրաստվել եւ այլն, սրանք բոլորը հեքիաթներ են նրանց համար, ովքեր հասկանում են, որ իրենք չեն արժանանալու մարդկանց վստահությանը։

Շնորհակալ եմ ուշադրության համար։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Ուրիխանյան, որ խնայեցիք ժամանակ, ինչպես պայմանավորվել էինք, որպեսզի բոլորը ելույթ ունենան։

Հաջորդ ելույթի համար՝ Նաիրա Զոհրաբյան։ Համեցեք, տիկին Զոհրաբյան։

Ն.ԶՈՀՐԱԲՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, նորից պիտի հորդորս ուղղեմ Հանրապետական կուսակցությանը։ Մեկ բան հասկանալի է՝ ուզեք, թե չուզեք, դեկտեմբերին տեղի է ունենալու արտահերթ ընտրություն: Ուստի, բարեկամաբար նորից հորդորում եմ՝ մի գնացեք սաբոտաժի ճանապարհով։ Ինչո՞ւ. որովհետեւ դրանից տուժելու է ընտրությունների որակը, որովհետեւ մենք ստիպված ենք լինելու ընտրությունների գնալ հին Ընտրական օրենսգրքով, որն իր մեջ բազմաթիվ ռիսկեր է պարունակում: Նոր Ընտրական օրենսգիրքը, դուք ինքներդ էլ ընդունեցիք, ձեզանից շատերն ընդունեցին, որ էականորեն բարելավում է ընտրական բազմաթիվ պրոցեդուրաներ. հանվում են լրատվամիջոցների համար սահմանափակումները, դիտորդների համար, նվազեցնում է նորաստեղծ կուսակցությունների համար շեմը, որպեսզի բազմակարծությունը խորհրդարանում հնարավորինս ապահովի, հանվում է ռեյտինգային ընտրակարգը, այն ընտրակարգը, որի դեմ դուք ինքներդ, շատերդ ասում էիք, որ ապաքաղաքականացնում է ընտրությունները։

Եվ մի փորձեք անընդհատ հղում անել Վենետիկի հանձնաժողովին։ Ես պատգամավոր եմ, ով աշխատում է եվրոպական կառույցներում, եւ բազմիցս, նաեւ վերջերս հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին եւ հանձնաժողովի նախագահին: Իրենք մեկ խնդիր ունեն. որպեսզի այն լուծումները, որին կգնան հայաստանյան քաղաքական ուժերը, լինեն կոնսենսուսով ընդունված։ Հիմա մի՛ փորձեք այդ համախոհությունը տապալել։ Միեւնույն է, եթե հիմա մենք չկարողանանք առաջին ընթերցմամբ ընդունել եւ լուծել կարեւորագույն խնդիրը, այն է՝ համախոհության խնդիրը, դրանով դուք որեւէ մեկիս այստեղ վատություն չեք անելու, դրանով մենք ընդամենն արձանագրելու ենք, որ դեկտեմբերյան ընտրության մենք գնալու ենք հին Ընտրական օրենսգրքով։

Ուստի, եթե արձանագրում ենք, իսկ այստեղ բոլոր քաղաքական ուժերը, ովքեր մասնակցում էին Ընտրական օրենսգրքի աշխատանքային խմբի աշխատանքներին, մենք բոլոր հարցերը քվեարկել ենք եւ ունեցել ենք կոնսենսուս, այդ թվում՝ պրն Հարությունյան, ՀՀԿ ձեր ներկայացուցիչները, երբ քվեարկվում էր համամասնական ընտրակարգի անցնելը, ռեյտինգայինից հրաժարվելը, մենք այս նախագիծն ընդունել ենք աշխատանքային խմբով՝ կոնսենսուսում։ Հիմա ի՞նչն է խնդիրը, որ...

Հա՛, ձեզ եմ դիմում, որովհետեւ դուք էիք, ըստ էության, ասում, որ դրական նաեւ փոփոխություններ կան։ Հիմա ի՞նչն է խնդիրը, որ այսպես տոտալ բացակայություն է նաեւ այն մարդկանց, ովքեր ներկայացված էին Ընտրական օրենսգրքի փոփոխության աշխատանքային խմբում:

Մենք ունենք շանս, ունենք հնարավորություն՝ գնալ առավել բարելավված Ընտրական օրենսգրքով: Սաբոտաժի կտանեք՝ կմնա հին Ընտրական օրենսգիրքը։ Դրանից, կրկնում եմ, դուք չեք շահելու, դրանով ընդամենը փորձ է արվելու հերթական անգամ ստվերել ընտրական գործընթացը, որովհետեւ նոր օրենսգիրքն առավել մեծ շանս է տալիս, որպեսզի ընտրական պրոցեսի, ընտրությունների հանդեպ հանրային վստահությունը լինի հնարավորինս մեծ։

Հույս ունեմ, որ առաջիկա մեկ ժամվա ընթացքում հորդորս լսելի կլինի, եւ այս շարքը կհամալրվի գոնե այն գործիչներով, ովքեր չեն ուզում սաբոտաժի տանել ընտրական պրոցեսը։

Եվ մի առաջարկ, պրն Զեյնալյան, ձեզ, խնդրում եմ ուշադիր լինել. Ընտրական օրենսգրքի նախագծի 20-րդ հոդվածում, խոսքը գնում է զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության մասին, այսպիսի կետ է ավելացվել՝ Հանրային ռադիոն եւ Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր են ողջամիտ քանակով հեռարձակել ԿԸՀ-ի, եւ խնդրում եմ ձեր ուշադրությունը, հասարակական կազմակերպությունների ներկայացրած սոցիալական գովազդները, եթե դրանք բարձր որակի են, բացարձակապես չեզոք եւ միտված են ընտրությունների մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը կամ ընտրախախտումների կանխարգելմանը։

Առաջին հայացքից ինքը շատ ճիշտ եւ գրագետ դրույթ է, բայց չմոռանանք, որ Հայաստանում կան հազարից ավելի հասարակական կազմակերպություններ, եւ նրանցից յուրաքանչյուրը պահանջելու է, ասելու է, որ իր ներկայացրած գովազը բացարձակ չեզոք է, միտված է ընտրախախտումների կանխարգելմանը։ Այս դեպքում ո՞րն է լինելու այն ֆիլտրը, որպեսզի մենք հասարակական այս կամ այն կազմակերպությանը տանք հնարավորություն՝ ներկայացնել իր գովազդը, եւ ո՞րն է լինելու այն ֆիլտրը, որով մերժվելու են մնացյալ, այսենք, 900 կամ 700 հասարակական կազմակերպությունները։

Այստեղ ես խնդիր եմ տեսնում, խնդրում եմ 1-ից 2-րդ ընթերցում մենք այս խնդրին անդրադառնանք։ Շնորհակալ եմ։

Մենք, բնականաբար, կողմ ենք քվեարկելու այս Ընտրական օրենսգրքին։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Զոհրաբյան, որ դուք էլ խնայեցիք մեկ րոպեն եւ պահպանեցիք պայմանավորվածությունը։

Հաջորդ ելույթի համար՝ Գեւորգ Պետրոսյան։ Համեցեք, պրն Պետրոսյան։

Գ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալ եմ։ Հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, արդեն մեր խմբակցության դիրքորոշումը պարզ է, որ մենք կողմ ենք դեկտեմբերին կայանալիք ընտրությունները նոր Ընտրական օրենսգրքով անցկացնելու տարբերակին՝ մի քանի հիմնավորումներով։

Առաջին՝ զուտ քաղաքական, քանի որ բոլորին հայտնի է մեր կուսակցության ղեկավար պրն Ծառուկյանի եւ ՀՀ վարչապետ պրն Փաշինյանի միջեւ ստորագրված հուշագիրը, եւ մենք ինչպես մյուս դեպքերում, այնպես էլ այս դեպքում հավատարիմ ենք մնում մեր ստանձնած պարտավորություններին։ Բայց ես հիմա չեմ ցանկանա նեղացնել հիմնավորումների շրջանակը, թե ինչու ենք մենք կողմ, ընդամենը նրա համար, որ կա հուշագիր։ Ո՛չ։

Խնդիրն ունի նաեւ ոչ պակաս իրավական հիմքեր։ Ինձ համար, օրինակ, որպես իրավաբան, շատ կարեւոր է այն հարցադրումը, թե ո՞ր օրենսգիրքն է առավելապես նպաստում նախընտրական պայքարում քաղաքական կոմպոնենտի հզորացմանը, ո՞ր օրենսգիրքն է առավելապես նպաստում ընտրարշավը թաղային հեղինակությունների մրցավազքի չվերածելու հնարավորությանը, ո՞ր օրենսգիրքն է առավելապես նպաստում քաղաքական թիվ մեկ մարմնում՝ ԱԺ-ում, քաղաքական բազմակարծությունն ապահովելուն։

Եվ այս բոլոր հարցերը, երբ ուզում ես պարզաբանել, ստացվում է, որ իսկապես, նոր Ընտրական օրենսգիրքն առավելագույնս է նպաստում վերը նշված խնդիրների լուծմանը։ Իհարկե, միամտություն կլինի կարծել, թե մենք այնպիսի օրենսգիրք ենք ուզում ընդունել, որն անթերի է, բյուրեղյա է, չունի որեւէ խոցելի տեղ։ Այդպես չի լինում ընդհանրապես, այդ թվում՝ նաեւ այս դեպքում։

Բայց, կրկնում եմ, եթե մենք հռչակում ենք առաջնահերթություններ եւ բոլոր դեպքերում ելակետ ենք ընդունում ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածը, համաձայն որի՝ ՀՀ-ում բարձրագույն արժեքը մարդն է, մենք այստեղ պետք է դրսեւորենք այդ մոտեցումը, որ այն օրենսգիրքը, որը կնպաստի Հայաստանում ժողովրդի մեծամասնության կամքի իրական արտացոլմանը, մենք այդ օրենսգրքով պետք է անցկացնենք մեր ընտրությունները։

Եվ՝ շատ հակիրճ, ինչպես հաճախակի սկսել են շրջանառվել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, մեզ համար նախեւառաջ պետք է պարզենք՝ ի՞նչ է նշանակում կոնսենսուս։ Ես Վենետիկի հանձնաժողովի կարծիքը մեկնաբանելու առանձնակի ցանկություն չունեմ, բայց որպես իրավաբան, կարծում եմ՝ որ «կոնսենսուս» արտահայտությունը չի կարելի ենթարկել տարածական մեկնաբանության եւ դրա տակ հասկանալ խորհրդարանում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերի միաձայն համաձայնությունը։ Եթե քաղաքական ուժերի մեծամասնությունն ընդունում է նոր Ընտրական օրենսգիրք ունենալու անհրաժեշտությունը, ապա, իմ կարծիքով, կարելի է քաղաքական կոնսենսուսի հարցը համարել լուծված, անկախ նրանից, որ որեւէ քաղաքական ուժի առանձին ներկայացուցիչներ՝ օգտվելով իրենց կարծիքն ազատորեն արտահայտելու սահմանադրական իրավունքից, կարող են եւ չհամաձայնել ընդհանուր համաձայնությանը։

«Ծառուկյան» դաշինքը, ինչպես արդեն նշվեց, կողմ է ՀՀ-ում դեկտեմբեր ամսին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները նոր Ընտրական օրենսգրքով անցկացնելու տարբերակին, քանի որ այդ օրենսգիրքն առավելագույնս է ապահովում ժողովրդի իրական կամքն իր նպատակին հասցնելու ողջամիտ հնարավորությունը։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ես ներողություն եմ խնդրում, որ միջամտում եմ, բայց հավանական է՝ այս գործընթացները մեր աշխատակազմի վրա էլ են ազդեցություն ունեցել, եւ աշխատակազմը բաց է թողել մեզ հիշեցնել, որ այսօր մեր գործընկեր Հայկ Բաբուխանյանի ծննդյան օրն է։ Դրա համար ես ներողություն եմ խնդրում, որ առավոտյան չեմ շնորհավորել։ Ցանկանում եմ, չնայած նա բացակայում է, շնորհավորենք։ Մենք ամեն դեպքում իրեն կշնորհավորենք։

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խնդրում եմ ուշադիր լինել մեր գործընկերների, այսպես, ծննդյան օրերի կապակցությամբ։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն։ Հաջորդ ելույթի իրավունքն արմենուհի Կյուրեղյանինն է, իսկ հաջորդ ելույթի համար ես կօգտվեմ իմ արտահերթ ելույթի իրավունքից։

Ա.ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

-Հարգելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, մինչեւ հիմա հնչող ելույթներում կարծես թե տպավորություն է, ես գոնե այդպիսի տպավորություն եմ ստանում, որ մենք փորձում ենք համոզել, թե ինչքանով է նոր ընտրական այս փոփոխությունների փաթեթն ավելի առաջադեմ, քան նախորդը։ Ինձ թվում է՝ որեւէ մեկի մոտ նման կասկած չի առաջացել, որ առաջարկվող նոր փաթեթում էապես դրական փոփոխություններ կան, այո, կուսակցական բազմակարծության ապահովման համար:

Ինձ թվում էր, որ այս կարճ ժամանակը, որ տրվում էր ելույթների, քննարկումների համար, պետք էր օգտագործել՝ ավելի շատ նոր առաջարկների եւ այս փաթեթի մեջ նոր փոփոխությունների առաջարկների մասին խոսելով:

Ես փորձեմ խոսել մեր առաջարկությունների մասին։

Իմ հարցադրումը, որ ունենք մեկ կուսակցությանը 2/3 մանդատ տրամադրելու փաստագրում եւ՛ հին օրենսգրքով, եւ՛ փոփոխությունների փաթեթում, կայանում է հեեւյալում. արդյո՞ք այդ 2/3 մանդատը ճիշտ է տալ մեկ կուսակցության, այսինքն՝ դրանով մեկ կուսակցության տալ հնարավորություն՝ էապես փոխել սահմանադրական օրենքներն ու Սահմանադրությունը: Եթե դա այդպես է, ապա իզուր է այս փոփոխությունները բերել եւ հիմնավորել կուսակցական բազմակարծություն ապահովելու պնդումով, որովհետեւ մեկ կուսակցություն, ստանալով այդ հնարավորությունները՝ մերժում է միանգամից այդ բազմակարծությունը:

Հարցին ի պատասխան հնչեցված այն տեսակետը, թե եթե հանրությունը տալիս է 90%-ից ավելի ձայն մեկ կուսակցությանը, ինչո՞ւ նրա մանդատներից պակասեցնել, ես ուղղակի չեմ հասկանում այդ մոտեցումը։ Եթե կուսակցությունը 90% մանդատ է ստացել, միեւնույն է, գործող եւ առաջարկվող փաթեթով այդ 90% մանդատները դարձվում են 70%, ապա ինչո՞ւ չենք մենք համաձայնում 70%-ն իջեցնել մինչեւ 68%, 67%, որպեսզի մենք մերժենք միակուսակցական որոշման հնարավորությունը: Ճիշտ է, մենք առաջարկել ենք 2/3-ից իջեցնել մինչեւ 3/5, բայց պետք է քննարկել նաեւ հնարավորությունը 3/5-ից 2/3 միջակայքում որեւէ թիվ ամրագրելու փաստարկը։

Հաջորդ հարցը, որի վրա ես կուզեի մեր ուշադրությունը դարձնել, հետեւյալն է։

Մենք բազմակի փորձ ենք ունեցել, երբ ընտրության արդյունքները տեղամասերում վերահաշվարկների պահանջի հիման վրա բացվել են, քննարկվել են, վերահաշվարկի արդյունքում թեկուզ ամրագրվել են խախտումներ, բայց եզրակացությունը կայացել է նրանում, որ այո՛, կան խախտումներ, բայց այդ խախտումներն ընդհանուր արդյունքների վրա չեն ազդում։

Մենք առաջարկել ենք եւ դնելու ենք քննարկման հետեւյալ մոտեցումը. ի՞նչ անել, որ հնարավոր դառնա այդ վերահաշվարկների արդյունքների տարածումն ընդհանուր արդյունքների գնահատականի վրա: Դրա համար առաջարկվել է մեխանիզմ, որ ընտրանքային սկզբունքով յուրաքանչյուր տարածքային հանձնաժողով տեղամասերից 2-ում, 3-ում որոշակի քանակությամբ տոկոսով վերահաշվարկ է կատարում պատահականության սկզբունքով, անկախ նրանից՝ դիմումներ կա՞ն, թե՞ ոչ։ Եվ պատահականության սկզբունքով ընտրված տեղամասերի վերահաշվարկի արդյունքները, եթե ծնում են ողջամիտ կասկած արդյունքների վերաբերյալ, ապա այդ արդյունքները տարածել ընդհանուր արդյունքների վրա:

Նման հարցի քննարկումը խմբակցությունում, նաեւ առաջին փոխվարչապետի հետ, բերեց այնպիսի մոտեցման, որ այո՛, այս մոտեցումը ողջամիտ է եւ կարելի է անցնել երկրորդ փուլի։ Ասենք՝ պատահականորեն ընտրված տեղամասերի քանակը, եթե 3 էր, հիմա դարձնել 10, ասենք թե, եւ նորից վերահաշվարկ կատարել, եթե նոր վերահաշվարկն ավելի մեծ քանակությամբ տեղամասերում ամրապնդում է այդ ողջամիտ կասկածը, նոր այդ դեպքում հնարավորություն տալ ԿԸՀ-ին՝ դիմել դատարան եւ վերահաշվարկի արդյունքների վերագնահատման մեխանիզմ ունենալ։

Սա այս քննարկման ժամանակ ընդունվել է, բայց փաստացի ներկայացված փաթեթում կա ընդամենն այս առաջարկի մի մասն ամրագրված՝ տարածքային հանձնաժողովները պատահականության սկզբունքով կարող են որոշակի քանակությամբ տեղամասերում վերահաշվարկ կատարել, պե՛տք է, ոչ թե կարող են։ Բայց եթե ողջամիտ կասկած է ծնվում ու դա տարածելու հնարավորություն չի նախատեսվում, այդ դեպքում ստացվում է ուղղակի նման վերահաշվարկն ինքնանպատակ։

Երրորդ կարեւոր առաջարկը, որի մասին մենք միշտ խոսել ենք, դա այո՛, մենք կողմ ենք տարածքային ռեյտինգային ընտրական համակարգի վերացմանը, եւ ինձ թվում է՝ դա մենք բազմակի անգամ կրկնել ենք, բայց կողմ ենք 100 տոկոսանոց բաց համամասնական ընտրակարգին անցմանը:

Ի՞նչ է նշանակում 100 տոկոսանոց բաց համամասնական ընտրակարգ, երբ ընտրողն ընտրում է ոչ միայն կուսակցությանը, այլ իր ընտրությամբ ինքն է ձեւավորում հերթականությունը ցուցակներում: Իսկ փակ համամասնական ցուցակը, որ այսօր դրվել է քննարկման, ենթադրում է, որ ցուցակում հերթականությունը որոշվում է ոչ թե ընտրողների կողմից, այլ կուսակցության ղեկավարի կամ ղեկավար մարմնի կողմից, որը պակաս ժողովրդավարական է, իր հետ չի բերում մասնակցային ժողովրդավարության ամրագրում, նաեւ ներկուսակցական ժողովրդավարության ամրագրում: Բաց համամասնական ցուցակներին անցման մեխանիզմը կարելի է ընդունել գոնե անցումային դրույթներով, իհարկե, տեխնիկապես իրականացման բարդությունը հասկանալով, եւ ամրագրել, որ որոշակի ժամանակաշրջան հետո մենք կարող ենք անցնել նման մեխանիզմի։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Կյուրեղյան։ Ես հաջորդ ելույթ ունեցողներին հորդորում եմ, որ այդ մեկ րոպեի խնայողությունը մենք ունենանք։

Այժմ ես կօգտվեմ իմ արտահերթ ելույթի իրավունքից, եւ միանգամից հրավիրեմ Գեւորգ Գորգիսյանին՝ իմ ելույթից հետո։

Հարգելի գործընկերներ, առաջին հայացքից կարող է թվալ, թե դե ի՞նչ նշանակություն ունի՝ ինչ որակի կամ ինչ ոճի Ընտրական օրենսգիրք է, կարելի է եւ՛ այս, եւ՛ նախորդ, եւ՛ հաջորդ ընտրական օրենսգրքերով ճիշտ կազմակերպել ընտրություններ, եթե կա քաղաքական կամք։ Ճիշտ այնպես, ինչպես Սահմանադրության փոփոխման ժամանակ ասում էին՝ երկիրը կարելի է արդյունավետ կառավարել եւ՛ վարչապետի աշխատասենյակից, եւ՛ նախագահի աշխատասենյակից։ Առաջին հայացքից թվում է, որ այո՛, իսկապես դա այդպես է, եւ այստեղ ճշմարտության բաղադրիչ ես տեսնում եմ։ Բայց ես ուզում եմ հարց ուղղել մեր գործընկերներին հետեւյալի մասին։

Ռեյտինգային համակարգը, որն առաջարկում է փոփոխել կամ դրա մոտավորապես ինչ-որ մի տարբերակ, մի քիչ տարբերվող, մեծամասնական համակարգը։ Անցել է երկարատեւ ժամանակաշրջան եւ կյանքը ցույց է տվել, որ պառլամենտի անդամների մեծ մասը, չեմ ասում բոլորը, իհարկե, այն մարդիկ, ովքեր անցել են մեծամասնականով կամ ռեյտինգայինով, պարզ աչքերով պետք է ասենք՝ նրանք կա՛մ ելույթ չեն ունեցել ընդհանրապես, կա՛մ էլ շատ քիչ ելույթ են ունեցել, այն էլ ելույթ են ունեցել միայն իրենց այդ տարածքի խնդիրների շուրջ՝ հայտարարությունների կամ հարց ու պատասխանների ժամանակ։

Լա՞վ է, թե՞ վատ է, պետք է գնահատական տալ։ Այստեղ տարբեր գնահատականներ կարող են լինել։ Եվ իհարկե, ժամանակն է, որ այս հեղափոխությունից հետ, երբ ասում են՝ շանս կա հիմա գնալ ճիշտ ճանապարհով, մենք ադեկվատ քայլեր անենք։ Պարզ պետք է հասկանալ, որ այս Ընտրական օրենսգիրքը երկու հարց է լուծում՝ քաղաքական համակարգի կատարելագործում, բարելավում, այսինքն՝ կուսակցությունների դերը, նշանակությունը, որ կուսակցությունն ինքը որոշի, մյուս կողմից՝ սա թույլ է տալու քաղաքական կոմպոնենտը, բաղադրիչը մեծացնել պառլամենտում: Եվ պատկերացրեք, ասենք թե փոքրաթիվ ֆրակցիաների համար, որոնք 7-8-9-10 են, ընդունենք կեսից ավելին չխոսող պատգամավորներ լինեն, ի՞նչ էինք մենք ստանալու։ Այսինքն՝ սրանով մենք փոխում ենք մոդելը։ Պետք է հասկանալ, որ ոչ թե սա ընդամենն ընտրություն անցկացնելու խաղի կանոն է, այլ այնպիսի իշխանություն ձեւավորելու խաղի կանոններ են, որտեղ որակն իշխանության պիտի փոխվի, որտեղ հույսը չեն դնելու փողով, ընտրակաշառքով, չգիտեմ, տեղական ազդեցություններով հարցի լուծմանը։

Իհարկե, կարելի է նաեւ քննարկել ՀՅԴ-ի, այսպես կոչված, բաց ցուցակների խնդիրը, բայց, միեւնույն է, դա էլ հանգեցնում է նրան, որ այն մարդիկ, այսինքն՝ ամեն մի տարածքում, ընդունենք, որ ընտրատեղամասեր ունի։ Ով, որտեղ ապրում է, բնականաբար, չեմ ասում ամբողջությամբ, բայց դա լինելու է՝ ազդեցությունը, որ ձայն են տալու էդ իրենց հայրենակցին, իրենց ռեգիոնի ներկայացուցչին եւ, մոտավորապես, առաջացնելու են որոշակի խտրականություն։

Էլի եմ ասում, կարելի է սա վիճարկել, քննարկել, բայց այս կոմպոնենտը չի կարելի հաշվի չառնել։

Ես նորից ուզում եմ անդրադառնալ հետեւյալ հարցին՝ ի՞նչ մոդելի երկիր ենք ուզում ստանալ, մոդե՛լը։ Ես միանգամ ասել եմ՝ նախորդ մոդելը եղել է, որ տարիներով արտոնություններ են տվել մարդկանց, արտոնություններ, տարբեր տիպի արտոնություններ, չեմ ուզում ասել՝ սկսած ներկրումների արտոնություններից, հարկային արտոնություններից, գրված-չգրված օրենքներից, եւ ամբողջ իրավապահ համակարգը սպասարկել է այդ արտոնությունները։ Հիմա մոդելն ուզում ենք փոխել։ Ես չեմ ասում միայն դրանով, որ մենաշնորհը վերանա կամ կոռուպցիան վերանա, ներդրումները հոսելու են երկիր։ Խնդիրը նաեւ արտաքին մարտահրավերների հետ է կապված, խնդիրը նաեւ օբյեկտիվ կառավարման արդյունավետ համակարգի մեջ է։

Եվ երբ դուք, պրն Զեյնալյան, շատ ճշմարտացիորեն ասում եք, որ ֆորսմաժորային վիճակ է, իհարկե, բոլորս հասկանում ենք, որ կառավարման այս համակարգը մի քանի ամիսների ֆորսմաժորային կառավարման համակարգ չէր։ Դրա համար մենք ուզում ենք ամբողջականացնել իշխանությունների ինստիտուտը, որովհետեւ իշխանությունը դեռեւս պետք է գնա կրիստալիզացիայի, բյուրեղանա, որպեսզի ինվեստորը տեսնի, որ խաղի կանոններ կան այստեղ։ Կայացած, արդեն երկար ժամանակ խաղի կանոններ ունեցող իշխանության դեպքում է, որ ինվեստորը գալիս, փողը դնում է, չի վախենում, որ փողը, ուրեմն, կարող է կորցնել, կամ ռիսկերը մեծ են։

Այսինքն՝ պետք է ԱԺ արտահերթ ընտրություններով, որին մենք կողմ ենք, գնանք իշխանության բյուրեղացման, խաղի կանոնները հստակ լինեն։ Ես հեռու եմ այն մտքից, որ փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին մեծ ինվեստիցիաներ են գալու Հայաստան։ Ո՛չ, բայց խաղի կանոնները սահմանելու հնարավորություն է ձեռք բերվում։

Ես կողմ եմ դրան, արդեն մեր քաղաքական ուժի ներկայացուցիչներն ասացին։ Այո՛, կարող է մի փոքր էլ ինչ-որ բաներ տուժեն էստեղ, էն անցյալում, որ ասել ենք՝ ինչ-որ ադապտացիոն շրջան եւ այլն, բայց քաղաքական կամքի ցուցադրություն, ցուցաբերում՝ գնալ ամեն գնով նոր խաղի կանոնների սահմանման, որը զերծ կմնա նախկինի արատավոր թերություններից եւ սխալներից։ Այսքանը։

Գ.ԳՈՐԳԻՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, կարծես թե մի հարցի շուրջ մենք ունենք կոնսենսուս։ Ոչ ոք չի վիճարկում օրենքի լավ լինելը կամ առաջընթաց գրանցելը։ Նույն պրն Մախմուդյանը, երբ խոսում էր, ասաց, որ հանձնաժողովում, երբ քննարկվել է, օրենքի իրավական կողմից հարցին նայել են՝ առանց անդրադառնալու քաղաքական կողմին, եւ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն։ Սա ի՞նչ է նշանակում։ Օրենքը լավն է, եւ կա եւս մեկ փաստ։ Մենք դեկտեմբերին գնում ենք ընտրությունների, եւ հիմա պետք է ուղղակի որոշվի՝ ո՞ր օրենսգրքով ենք մենք գնում այդ ընտրություններին։

Ճիշտն ասած, ես չեմ հասկանում, տիկնայք եւ պարոնայք հանրապետականներ, ձեր շարժառիթը, եւ ոչ միայն հանրապետականների, կարելի է ասել:

Ի՞նչ ենք մենք ուզում ասել։ Առաջիկայում լինելու են ընտրություններ, հիմա պետք է այնպես անել, որ այդ ընտրությունները լինեն ավելի ժողովրդավար, եւ հնարավորինս շատ քաղաքական ուժեր ներկայացված լինեն նոր խորհրդարանում։ Եվ սրա համար պետք է ուղղակի այս օրենքն անցնի, որը ոչ մի հետ քայլ իր մեջ չի պարունակում, որին սկզբունքորեն որեւէ քաղաքական ուժ փաստացի դեմ չէ:

Այո, հապճեպ է բերվում օրենքը, այո, շատ արագ են փորձում ընդունել, բայց որպեսզի օրենքի ադապտացման համար ավելի երկար ժամանակ տրամադրվի, հիմա պետք է հնարավորինս շուտ այդ օրենքն ընդունել, որովհետեւ կա փաստ, այս օրենքն ավելի լավն է, բերելու է քաղաքական դաշտի զարգացման, բերելու է խորհրդարանում նոր ուժերի ներգրավման, խորհրդարանում նոր կարծիքների հնչեցման։ Եվ այս ամենի համար, այո, պետք է, որ այս օրենքն անցնի։ Որեւէ հիմնավոր պատճառ, թե ինչո՞ւ չպետք է այս օրենքն անցնի, ես դեռեւս չլսեցի։ Կային ուղղակի շտկումներ կատարելու առաջարկներ։ Այո, նախարարությունը համաձայնեց 72 ժամ տրամադրել այդ պրոցեսի համար։ Եվ չմոռանանք, որ այս ԱԺ-ն վերջինը չէ, 6-րդ գումարման ԱԺ-ն Հայաստանի պատմության մեջ վերջինը չի։ Լինելու է նոր ԱԺ, նոր ԱԺ-ում բոլորը, անկախ նրանից՝ կլինեն ԱԺ-ում, թե չեն լինի, կարողանալու են ներկայացնել առաջարկներ։ Եվ մենք չենք ընդունում սա մեկընդմիշտ, ասենք՝ երկաթի վրա չի դակվում սա եւ մեկընդմիշտ մնալու է։ Բոլոր առաջարկները, բոլոր լավ մտքերը կարելի է հետագայում մտցնել օրենսգիրք, լրամշակումներ անել եւ բերել այն իդեալականի։ Եվ սա նորմալ, հարատեւ զարգացման պրոցեսն է։ Ես սա այդպես եմ պատկերացնում։

Կոչ եմ անում մեր հանրապետական եւ ոչ միայն հանրապետական գործընկերներին, գալ նիստերի դահլիճ, մասնակցել քվեարկությանը եւ թույլ տալ, որպեսզի ՀՀ-ն շահի, ՀՀ-ն ունենա նոր ընտրություններ՝ նոր օրենսգրքով։ Շնորհակալ եմ։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Հաջորդ ելույթի համար ձայնը տրվում է Արմեն Աշոտյանին։ Համեցեք, պրն Աշոտյան։

Ա.ԱՇՈՏՅԱՆ

-Հարգարժան նախագահող, հարգելի խորհրդարան, հարգելի հայրենակիցներ, առավոտվանից հեռարձակվող այս նիստը վկայությունն է այն բանի, որ այսպիսի գործընթացով Ընտրական օրենսգրքի փոփոխություններ ընդունել չի կարելի։

Մենք՝ խորհրդարանս, նստած վիճում ենք՝ 5 րոպե տա՞նք ելույթի համար, թե՞ 6, հարց տվողները կհասցնե՞ն տալ, թե՞ չէ, նիստ վարողը լավությո՞ւն է անում, թե՞ չի անում, որպեսզի բոլորը կարողանան արտահայտվել։ Սա սահմանադրական օրենք է, ընտրություններն ապահովող օրենք է։ Արդյո՞ք այն միջավայրը, որում մենք աշխատում ենք, երբ առավոտ կրկնաքվեարկություններով փորձում ենք քվորում ապահովել, Ընտրական օրենսգրքի բարեփոխման միջավայր է, արդյո՞ք այդ 5 րոպեն, 6 րոպեն Ընտրական օրենսգրքի բարեփոխման միջավայր է, արդյո՞ք ժամանակային սահմանափակումը, այդ հապճեպությունը նպաստելու է ժողովրդավարության զարգացմանը:

Հարգելի գործընկերներ, հոկտեմբերի 16-ին կառավարությունը հաստատեց նախագիծը, 17-ին՝ առաքեց խորհրդարան, նույն ժամանակում առաքեց Վենետիկ, այսօր 22-ն է, արտահերթ նիստ ենք անում, երկու ընթերցումով էլ ուզում ենք անցկացնել օրենքը։

Ժողովուրդ, սա «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքը չի, սա Ընտրական օրենսգիրքն է, առավել եւս, եթե կարծում եք, որ այդ ԸՕ-ով պետք է նոր ընտրություններ կազմակերպվեն։ Այո՛, դեկտեմբերյան գալիք ընտրություններն այլեւս անխուսափելի են, քաղաքական տրամաբանությունը դրա մասին է հուշում։ Խնդրում եմ այս քննարկումը չվերածել այդ ընտրությունների հարցի քննարկման, չկա այդպիսի հարց փաստացի:

Երկրորդը։ Հարգելի գործընկերներ, եթե կարծում եք, որ կոնսենսուս կա առանց ՀՀԿ-ի էլ, բա էլ ինչո՞ւ եք մեզ համոզում, դե լավ է: Իմ խորին ընկալման մեջ, եվրոպական ժողովրդավարության ընկալման մեջ կոնսենսուսն այնտեղ է, որտեղ հակադիր ուժերը համաձայնվում են: Իմ ողջ հարգանքով այլ քաղաքական ուժերի հանդեպ՝ խորհրդարանում ներկայացված, այսօրվա գործող իշխանությանը հակադիր բեւեռը ՀՀԿ-ն է, որն այդ իշխանության մաս չի կազմել, համագործակցության քաղաքական որոշում չունի, եւ ի՞նչ կոնսենսուս՝ առանց արմատական ընդդիմության, կարո՞ղ եք ինձ բացատրել, եթե կարող է լինել, դե երեք մինուս ՀՀԿ արեք, էլի՛, էլ ի՞նչ կոնսենսուս, ինչո՞ւ եք մեզ համոզում։ Պետք էլ չի մեզ համոզել, որովհետեւ, հարգելիներս, մենք որեւէ քաղաքական շահ այսօր չենք արտահայտում: Հլը մեծ հարց է՝ Հանրապետականին ինչ է ձեռք տալիս՝ էս իջեցված շե՞մը, 4-րդ կուսակցությո՞ւնը, ռեյտինգայինի վերացո՞ւմը, թե՞ գործող Ընտրական օրենսգիրքը, մեծ հարց է: Ռեյտինգայինի շնորհիվ մեր գործընկերների հավաքած տարածքային ձայների շնորհիվ մենք հսկայական ձայներ ստացանք։ Այսօր մեր խմբակցության հետ չի համագործակցում այլեւս այդ ձայները բերած պատգամավորների մի զգալի մասը, այդ թվում՝ դահլիճում ներկա։ Մեծ հարց է՝ այդ ռեյտինգայինը մեզ պե՞տք է, թե՞ չէ, մենք հըլը պետք է հասկանանք՝ ո՞ւմ ենք տեղերում դնում, այդ ռեսուրսը կա՞, թե՞ չկա։ Խնդիրը բացարձակ քաղաքական շահի մեջ չէ, մենք չունենք այստեղ քաղաքական շահ։ Մենք ունենք սկզբունքի հարց: Կա եվրոպական քաղաքագիտական կանոն՝ ժողովրդավարական, կանոնագիրք։ Այդ կանոնագրքի պոստուլատներից մեկն ասում է. ժողովուրդ, փոխե՛ք Ընտրական օրենսգիրքը։ Իհարկե, այն պետք է մշտապես բարելավվի, բայց ոչ ընտրություններից 1,5 ամիս առաջ, հարգելիներս։

Հարգելի Կառավարություն, հուսամ՝ վարչապետը ժամանակ ունի հիմա լսել, կարող եք անցկացնել այս օրինագիծն առանց ՀՀԿ-ի։ Իշխանությունն այսօր ունի, իմ հաշվելով, շուրջ 65 ձայն խորհրդարանում։ Ունի՛, քաղաքական ուժերի հետ է համագործակցել, անհատ պատգամավորների հետ: Քաղաքական կոնսենսուս չի լինի, եթե դուք անցկացնեք այդ կերպով այս օրենսդրական նախաձեռնությունը, հավատացնում եմ ձեզ, մեր երկրի վրա կախելու եք վաղը, մյուս օրը դամոկլյան սուր, որովհետեւ մեզ ու ձեզ ներում են, որովհետեւ էյֆորիա է, հեղափոխություն է, ժողովրդավար ենք, պուպուշ ենք եւ այլն, վաղը, մյուս օրը, օրինակ, երբ Սիրիա զորախումբ ուղարկեք, այդ ժամանակ Եվրոպայի առջեւ այ այս հարցերով պատասխան ենք տալու միասին, անկախ նրանից՝ ես խորհրդարանում կլինե՞մ, թե՞ չէ։

Երբ այս խորշերը՝ ժողովրդավարական, թողնում եք երկրի անվտանգության տակ, այս ականները, իրենք իմ համար չեն, ձեզ համար չեն, անհատական չեն, երկիրը պետք է անթերի ու անխոցելի լինի քաղաքական տեսակետից, հատկապես՝ աշխարհաքաղաքական այսօրվա իրավիճակում։

Խնդրում եմ, պրն նախարար, գիտեք՝ ինչքան շատ եմ ձեզ հարգում՝ անձնականից մինչեւ մասնագիտական, մի՛ օգտագործեք այն փաստարկը, որը վերաբերում է կայուն քաղաքական մեծամասնությանը։ Այդ փաստարկը, սահմանադրագետ չեմ, բայց քաղաքական շատ մեծ փորձ ունեմ, այդ փաստարկը չի աշխատում։ Ասեմ՝ ինչու. որովհետեւ եթե այսօր իշխանությունը մոբիլիզացրեց 63 պատգամավոր, անցկացրեց Ընտրական օրենսգիրքը, ստացվելու է, որ լավ էլ կայուն քաղաքական մեծամասնություն ունեք, հարգելի Կառավարություն, հասկանո՞ւմ եք։ Քաղաքական կայուն մեծամասնություն ունեինք, երբ ընտրում էինք վարչապետ, Կառավարության ծրագիր էինք հաստատում, ընթացիկ օրենքներ էինք ընդունում, էդ ո՞նց եղավ, որ այսօր չունենք այդ կայուն քաղաքական մեծամասնությունը։ Ուրիշ բան է, որ այդ կայունությունը ձեռք բերելու համար վարչապետը, առաջին փոխվարչապետը, դուք ստիպված եք տարբեր ուժերի հետ բանակցել։ Դա նորմալ է, ներառական ժողովրդավարական մեխանիզմ է, բանակցեք, բոլորի ձայնը լսեք՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, «Ելք»-ի, այլ կուսակցությունների, ՀՀԿ-ի, սա նորմալ է։ Եթե կայունն այն է, որ դուք ոնց ասեք՝ այդ 65-ը պետք է անեն, չէ՛, դա կայուն չէ արդեն, դա միահեծան է։ Այսօր ունեք այդ կայունությունը, բոլորին հերթով մի քիչ լսում եք, բերում եք կոնսենսուսի, էլի մի բան ստացվում է բազմակարծության տեսակետից։

Հարգելի գործընկերներ, նորից կրկնեմ, քաղաքական որեւէ շահ Հանրապետականն այստեղ չունի, բացարձակապես։ Վենետիկյան հանձնաժողովի նախագահի նամակի պատմությունը. կիսատ-պռատ թարգմանելը, էն մասը, որ ձեռք չէր տալիս, չթարգմանեցին, էս օրենքում լրագրողներն են ֆիքսել, վարչապետին հարցնում էին, բնականաբար, վարչապետը պիտի ասեր, որ ինքը չի թարգմանողը։

Ասածս ի՞նչ է. Հայաստանի ժողովրդավարության տակ ական մի՛ դրեք, լա՛վ նպատակների համար վատ մեթոդներով առաջ գնալ չի՛ կարելի։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Պրն Աշոտյան, զբաղեցրեք ձեր տեղը։

Հաջորդ ելույթի համար ձայնը տրվում է Խոսրով Հարությունյանին։

Ես հակված եմ եւ կարծում եմ, որ սա քաղաքական կամքի պարզ ցուցադրություն է, այո՛, ցուցադրվում է քաղաքական կամք։

Հիմա՝ Խոսրով Հարությունյան։

Խ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Նախ՝ ես ուզում եմ սկսել հենց այդ հարցադրումից, որ մեր գործընկերներից Գեւորգ Պետրոսյանը հնչեցրեց, թե եկեք հասկանանք՝ ինչ ենք ասում կոնսենսուս ասելով։ Հավանաբար, կոնսենսուս, դա չի նշանակում անվերապահ միաձայն։ Կոնսենսուս, դա նշանակում է, այդուհանդերձ, քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում, բանակցությունների արդյունքում տարբեր, նույնիսկ երբեմն տրամագծորեն տարբեր դիրքորոշումները մոտեցնելու ճանապարհով քաղաքական մի արդյունք արձանագրել։ Սա է կոնսենսուսի ամբողջ իմաստը։ Եվ երբ ես հիմնական զեկուցողին առաջարկում էի, որ 24 ժամը, 1-ից 2-րդ ընթերցում 24 ժամը, այդ ընթացակարգը հնարավորություն չի տալիս այս բանական քաղաքական գործընթացն իրականացնել, հիմնական նպատակս կայանում է սրանում։ Ավելին, արդեն ինձ լուրեր են հասնում՝ բա, տեսե՛ք, փորձում են ձեզ ընդառաջել։ Կներեք, դա պետք էր, նախեւառաջ, պրոցեսին։ Այդ 72 ժամը, ես գտնում եմ՝ դա էլ է քիչ, պրն Զեյնալյան, բայց այդ 72 ժամն ինձ անձամբ կամ Հանրապետականին պետք չէր։ Դա պետք էր բոլորիս եւ, նախեւառաջ, իշխող քաղաքական ուժին, որպեսզի հետընտրական զարգացումներն ունենային տրամաբանական, միանգամայն հասկանալի ընթացք։ Հետեւաբար, խնդիրն այստեղ որեւիցե մեկին ընդառաջելու մեջ չէ։

Ես առաջարկում եմ մի մոդել, մի հնարավորություն, որ առավելագույնս կստեղծեինք պայմաններ՝ ինչքան հնարավոր է, մեր տարբեր դիրքորոշումները մոտեցնելու, որովհետեւ առանց այսպիսի գործընթացի ընդունել Ընտրական օրենսգիրքը, իմ պատկերացմամբ, օգտակար չէ։ Սա՝ մեկ։

Երկրորդը. տեսե՛ք, կան հարցադրումներ, անշուշտ, ես չեմ ուզում անդրադառնալ այն խնդրին, որ արդյոք այս օրենսդրական նախաձեռնությունը կամ այս օրենսգիրքը համեմատաբար բարելավված է։ Քիչ առաջ պրն Աշոտյանն էլ ներկայացրեց, որ ըստ էության այդ ռեյտինգայինը, ես էլ եմ կարծում՝ դա այլեւս վիճահարույց խնդիր չէ, բայց կան հարցեր, որոնց շուրջ կարող ենք գալ ընդհանուր հայտարարի։

Օրինակ, շատ պարզ հարց եմ ուզում տալ, մենք ընդմիջմանն այդ մասին խոսում էինք։ Ենթադրենք, այն թեզը, որը վերաբերում է լրացուցիչ ցուցակներով ընտրության արդյունքներն արձանագրելուն, երբ քաղաքացին գալիս է ժամկետանց անձնագրով։ Ասում են՝ գնացեք, դիմեք, ստացեք տեղեկանք, բերեք... Պարզ չի՞, որ այդ տեղեկանքը մենք չենք կարողանալու վերահսկել այն մեխանիզմներով, այն տեխնիկայով, որ մենք դրել ենք։ Մինչդեռ անձնագիրն ի՞նչ է։ Անձնագիրն անձի ինքնությունն իդենտիֆիկացնող փաստաթուղթ է։ Մի շաբաթ առաջ, մի շաբաթ հետո այդ անձի իրողությունը հո չփոխվե՞ց։ Ինչո՞ւ եք գնում այս ճանապարհով, դրանով ստեղծում չարաշահումների լուրջ հնարավորություն։ Հիմա այս հարցը քննարկման անհրաժեշտություն զգո՞ւմ է, թե՞ ոչ։ Ես կարծում եմ՝ զգում է։

Քիչ առաջ տիկին Կյուրեղյանը շատ կարեւոր հարց էր բարձրացնում՝ կապված, այո՛, հնարավոր մեկ ուժի կողմից սահմանադրական օրենքներ ընդունելու հնարավորության մասին։ Մենք այսօր դա տեսնում ենք իրականում։ Սահմանադրությունն ասում է, որ ընդդիմությունը կարող է լինել առնվազն 1/3, բայց եթե մենք տեսնում ենք այդ հնարավորությունը, ինչո՞ւ այդ 70 %-ն ավելի չիջեցնենք։ Մի՞թե սա քննարկման հարց չէ, ինչո՞ւ չփորձենք քննարկել եւ գալ ընդհանուր հայտարարի։ Մինչդեռ հակառակը, ես միանգամայն կիսում եմ Դաշնակցության մտահոգությունները։ Կարծում եմ՝ այստեղ ներկա գտնվողները, ովքեր իրականում ուզում են քաղաքական պրոցեսը վերլուծել ըստ էության, չեն կարող խորշել այս հարցադրումից, որովհետեւ մենք ստեղծում ենք նախադեպ՝ վտանգավոր, չասենք վտանգավոր, ոչ օգտակար՝ քաղաքական զարգացումների համար։ Չարժի՞ քննարկել այս հարցը։ Իհարկե արժի։

Ես նույնիսկ գտնում եմ, քիչ առաջ ասում էի՝ 72 ժամն էլ է քիչ, բայց եկեք օգտագործենք դա, որպեսզի հետընտրական զարգացումները, որոնց, կներեք, հետընտրական զարգացումների պատասխանատուն քաղաքական ըստ էության գործող իշխանությունն է, ասենք՝ Կառավարությունն է, որպեսզի այդ հետընտրական զարգացումները հայտնվեն քիչ թե շատ բանական, տրամաբանական ընթացքում։ Մի՞թե սա վտանգավոր է կամ ոչ անհրաժեշտ։ Իմ հարցադրման ամբողջ իմաստը սա էր։

Հետեւաբար, այս հարցադրումը ոչ թե վերաբերում էր մեկին կամ ինչ-որ մեկին ընդառաջելուն, այլ ընդհանուր առմամբ քաղաքական գործընթացին բանական, տրամաբանական, այո, կոմպրոմիսների ճանապարհով կոնսենսուսի գալու հնարավորություններ ընձեռել՝ ոչ ավելի, ոչ պակաս։

Հաջորդը. նախ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ առաջարկն ընդունելու համար։ Խորապես համոզված եմ, այսօր դեռեւս, կարծում եմ՝ շատերը գտնում են դա վաղը, բայց ես խորապես համոզված եմ, որ եթե մենք այսօր չգնանք այդ ճանապարհով, այն է՝ որպեսզի բոլոր կուսակցությունները, որոնք առաջադրվում են եւ հավակնում են իշխանության քաղաքական մեծամասնության, նրանք պարտավոր են ըստ էության հրապարակել իրենց ապագա կառավարության կառուցվածքն ու կազմը։ Սա ամենաբանական ճանապարհն է, որը եւ՛ որակ, եւ՛ բովանդակություն է հաղորդելու թե՛ կուսակցությունների գործունեությանը, թե՛ քաղաքական ամբողջ համակարգին։

Համաձայնվեք, որ շատ ակնհայտ է, կուսակցությունը գնում է ընտրությունների, խոստումներ է տալիս, վստահեց ժողովրդին, նրան տվեց, մեծամասնություն ձեւավորեց։ Ո՞րն է այդ խոստումների իրականացման ինստիտուտը. Կառավարությունը։ Հետեւաբար, թող ի սկզբանե կուսակցությունները, որոնք հավակնում են, կրկնում եմ, իշխանության, ի սկզբանե հայտարարեն իրենց ապագա վարչապետին, ապագա պաշտպանության նախարարին, ֆինանսների նախարարին, էկոնոմիկայի նախարարին, գյուղնախարարին, առողջապահության նախարարին։ Թող մարդիկ իմանան՝ ում հետ են աշխատելու, որ ոչ թե քաղաքական մեծամասնություն ձեւավորվի, հետո նրա հավանությամբ ինչ-որ մեկը, որ ոչ մեկին խոստում չի տվել, գա, դառնա նախարար։

Կարծում եմ, որ այս քննարկումներն ապագա ունեն, եւ համոզված եմ, թեկուզ այս 72 ժամը կօգտագործենք առավելագույնս արդյունավետ այս օրենքի նախագիծն ընթացքի մեջ դնելու համար։ Շնորհակալ եմ։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Հաջորդ ելույթի համար՝ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյան։ Համեցեք, տիկին Նազարյան։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ստիպված կլինենք վերջին երկու պատգամավորին ձայն չտալ, եթե դուք շարունակեք խախտել պայմանավորվածությունը։

Լ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ «Ելք» խմբակցության համար ընդունելի են բոլոր առաջարկվող փոփոխությունները, քանի որ դրանք միտված են հեշտացնել, պարզեցնել ընտրության կազմակերպման եւ անցկացման ընթացակարգերը եւ՛ քաղաքական ուժերի, եւ՛ քաղաքացիների համար։ Չկա մի փոփոխություն, որը դժվարացնում է կամ սահմանափակում է քաղաքական ուժերի մասնակցությունը։

Պրն Աշոտյանն ասում է, որ քաղաքական շահ չունեն, որ հիմա դեմ են։ Ես կարծում եմ, որ Հանրապետականն ունի քաղաքական շահ եւ դա հետեւյալն է. Հանրապետականը ցանկանում է ներկայացնել, որ պրոցեսը ժողովրդավարական չէ, ներառական չէ, հապշտապ է եւ շարունակելու է դա անել: Բայց այդպես չէ: Ամառվանից սկսած խմբակցությունները, նաեւ Հանրապետականի ներկայացուցիչներն ակտիվ մասնակցել են քննարկումներին, առաջարկներ են ներկայացրել։ Այդ առաջարկները փաթեթով ներկայացվել են Կառավարությանը, սակայն խնդիրն այն է,որ Հանրապետականի առաջարկներն իրատեսական չեն եղել պարզապես: Իրենք ուզում էին, որ բացի ընտրողների գրանցումից՝ սարքով, նաեւ քվեարկությունը սարքով տեղի ունենա, այսինքն՝ քվեաթերթիկի վրա նշումն արվի սարքի միջոցով, կամ ուզում էին, որ քվեարկությունը լիներ միայն նույնականացման քարտով։ Դա էլ իրատեսական չէ։

Եթե նման առաջարկներ էին հնչելու, եւ Կառավարությունն ասելու էր, որ դրանք իրատեսական չեն, քանի որ իսկապես դրա համար ռեսուրս է պետք, ժամանակ եւ ֆինանս, վերջում նորից ասելու էին՝ մեր առաջարկները չընդունվեցին։

Հանձնաժողովում այս հարցի քննարկմանն ընդամենը երկու Հանրապետական պատգամավոր է ներկա եղել. եւ ոչ մի առաջարկ չի ներկայացվել։ Հիմա էլ պրն Աշոտյանը խոսում է, խոսում է միայն, որ ժողովրդավարական չի պրոցեսը, ոչ մի հնարավորություն չկա առաջարկ անել եւ որեւէ առաջարկ չի ներկայացնում։

Մի խոսքով, այն փաստարկները, որ ժամանակ է պետք առաջարկներ ներկայացնելու համար, ընդամենը պատճառաբանություններ են, դրանց նպատակն այն է, որ ցույց տան, որ պրոցեսը ժողովրդավարական չէ եւ հապշտապ է իրականացվում: Իսկ այդ ժամանակը կարող էին օգտագործել հենց առաջարկներ ներկայացնելու համար։ Շնորհակալություն։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Նազարյան, նաեւ ժամանակը խնայելու համար։

Այժմ ելույթի համար ձայնը տրվում է Սասուն Միքայելյանին։ Համեցեք, պրն Միքայելյան։ Դուք ելույթ կունենաք նաեւ ընդմիջումից հետո, որովհետեւ գործող կարգի համաձայն՝ պետք է ելույթը վերջանա։ Այսպիսով մեր բոլոր գործընկերներին մենք հնարավորություն կտանք ելույթ ունենալ։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Լավ չհասկացաք, ընդմիջումից հետո, ուզում է ասել՝ ընդմիջման ժամից կարող եք օգտագործել։

Ս.ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, այսօր մի տեսակ ուրիշ մթնոլորտ է ձեւավորվել ներկայիս թե՛ ընդդիմություն ասեմ, թե իշխանություն ասեմ՝ նախկին, իրենց մոտ, որովհետեւ Ընտրական օրենսգիրքը միշտ կեղծվել է տարիների ընթացքում։ Մենք այսօր բոլոր օրենքները, ոչ միայն ընտրական, եթե չկեղծվեն, կիրառելի են եւ շատ հարմար կլինի, հետագայում կլինեն փոփոխություններ։

Պրն Աշոտյանը մի շատ հետաքրքիր բան ասաց։ Ասում է՝ սա տոնական օրենքի փոփոխություն չի՝ տոների հետ կապված, սա Ընտրական օրենսգիրք է, ափսոս՝ դահլիճում չի։ Պրն Աշոտյանը ճիշտ ասաց, որովհետեւ իրենք բոլոր ժամանակներում ընտրությունները կեղծել են եւ տոնական տրամադրություն է ձեւավորվել իրանց մոտ, եւ տոն են արել։ Պլյուս դրան, հայտնի անեկդոտ կա, այս վերջերս շրջանառվում է. մեկն ասում ա՝ գիտե՞ք, ապարանցիքի վերջին անեկդոտը լսել եք, ասում է՝ ինչի՞, էլ անեկդոտ չի՞ լինելու։ Հիմա էս օրենք է, էս օրենքում հետագայում փոփոխություն կլինի՝ հաջորդ գումարման նստաշրջանում, ժողովուրդ ջան։

Երկու տարբերակ կա։ Նախ՝ ասեմ, որ դա հանրության պահանջ է, մենք շուտափույթ չենք ուզում չգիտեմ ինչ անել։ Եթե Կառավարությունը խելոք լիներ, կբերեր էս երկու օրենքը՝ փոփոխված տարբերակը եւ հին, կասեր՝ Կառավարությունը կողմ է հին տարբերակին, դուք կասեիք՝ չէ, պիտի փոփոխվի անպայման։ Այստեղ բառերի, եսիմ, բառակերության մեջ չընկնենք։ Այսօր կա հանրային պահանջ, որ մենք պիտի կարողանանք համահունչ գնալ մեր երկրին, մեր ժողովրդին։ Երկրում իրողություն է փոփոխվել։ Մարդիկ կան՝ հլը չեն պատկերացնում, գիտեն՝ Լենին պապին կգա, չգիտեմ՝ ով կգա։ Պրծել է, ժողովուրդ ջան, էսօր պիտի մենք էս ժողովրդին հնարավորություն տանք։

Հիմնականում իմ ելույթը, ինչի՞ համար եմ ուզեցել ելույթ ունենալ, որովհետեւ հիմնականում ռեյտինգային տարբերակի հետ եմ ուզում... Եթե ռեյտինգային տարբերակը մնում է չփոփոխված տարբերակով, մենք մեր ժողովրդին մի տեսակ հանել ենք իրար դեմ, մեր ժողովրդի ներքաղաքական վիճակը շատ վատ է՝ բարեկամ, ընկեր, չգիտեմ, բերում են, թեկնածություն են դնում, իրար դեմ են լինում։ Ներքաղաքական իրավիճակն էլ է հանգստանալու։

Պլյուս դրան, կուսակցություններ են ձեւավորվելու, կուսակցություններն արդեն մարդկանց այդքան էլ չեն հետաքրքրի։ Նորմալ կուսակցություններ են ձեւավորվելու, մարդկանց այդքան չի հետաքրքրի՝ ի՞նչ է կատարվում, կա՛ն կուսակցություններ, կա՛ն ընտրություններ, մարդիկ կեթան, նորմալ իրենց ընտրությունը կանեն։

Պլյուս դրան, առավելությունը նաեւ ինչո՞ւմն է. չվերցնենք ընտրագրավի հետ կապված՝ վերին շեմն է ավելի ցածրանում։

Այդ 2%-ի հետ կապված, այսինքն՝ մենք այս օրենքով հնարավորություն ենք տալիս այն ուժին, ամբիոն ենք տալիս, ավելի ճիշտ, այն ուժին, որն ինչ-որ շեմ է հաղթահարել, որը կմտնի ԱԺ եւ կձեւավորվի նորմալ կուսակցություն։ Հետագայում այդ կուսակցությունը հնարավորություն կունենա առաջին տեղն ընկնել, կարա՝ երկրորդ կամ երրորդ։ Դա էլ է մեծ առավելություն, ժողովուրդ ջան։ Դրա համար կխնդրեի, կհորդորեի, որ էկեք դուրս գանք էս ինտրիգային վիճակից։ Երկրում իրավիճակ է փոխվել, առավել եւս, որ գիտենք՝ դեկտեմբերին ընտրություններ են լինելու։ Ես նորից եմ ուզում շեշտել, որ ընտրություններն այսպես հապճեպ, շուտ, արագի մեջ անելը, դա հանրային պահանջ է, ոչ թե Կառավարության կամ էսօրվա նոր իշխանության։ Դրա համար եկեք ամեն մեկս մեր քաղաքացիական պարտականությունները կատարենք, թե՛ մեր նոր ժողովրդի կողմից ձեւավորված էս իշխանության, իշխանություն չասեմ, էս մթնոլորտի, էս ձեւավորման՝ դեպի ժողովրդավարություն, եւ թե՛ վաղվա օրը, որ մենք մեծ հնարավորություն տանք մեր ժողովրդին՝ նորմալ, ազատ, արդար ընտրության։ Շնորհակալություն։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ընդմիջում՝ մինչեւ 15։00։


Ժամը 15:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ ԵՎ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Լավ, շարունակենք աշխատանքը։ Սպարտակ Սեյրանյան, խնդրեմ։

Ս.ՍԵՅՐԱՆՅԱՆ

-Մեծարգո նախագահող, հարգելի գործընկերներ, հատուկենտ շահագրգիռ պատգամավորներ եւ նաեւ նրանք, ովքեր ժամանակ էին ուզում՝ օրենսգրքի քննարկմանն ավելի մեծ ժամանակ տրամադրելու, բայց իրենց ներկայությամբ այդ ժամանակից օգտվելու կարծես թե, առիթից են ուզում օգտվել։ Ես ժամանակ խնայելու համար չեմ ուզում անդրադառնալ Ընտրական նոր օրենսգրքի բոլոր բարեմասնություններին ոչ միայն այն պատճառով, որ դրանք ակնհայտ են, ոչ միայն այն պատճառով, որ դրանք ոչ թե մի քայլ առաջ են՝ նախորդ ընտրական օրենքների հետ կապված, այլ կարծում եմ, որ մի քանի քայլ առաջ են՝ ապահովելու համար բոլոր այն պատեհությունները քաղաքական ուժերի՝ մասնակցելու եւ իրենց գաղափարներն ու մոտեցումները ներկայացնելու համար։ Նաեւ չեմ ուզում այդ բարեմասնություններին անդրադառնալ, որովհետեւ դաշնակցությունն այդ շատ կետերի մասին խոսել է անցած ընտրություններից անմիջապես հետո, անցած Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ, խոսել է սրանից դեռեւս տասնամյակ առաջ։ Եվ նաեւ ԱԺ-ի կողմից ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների ընթացքում ներկայիս խմբագրության մեջ ներգրավված առաջարկների ճնշող մեծամասնությունը նաեւ մեր մոտեցումները, առաջարկները եւ համոզմունքներն են եղել։ Բայց, այնուհանդերձ, երկու կետի կուզեմ անդրադառնալ անպայմանորեն՝ բարեփոխման առաջարկի կամ աշխատանքի քննարկմանը բովանդակային մասնակցելու առումով։

Անշուշտ, կարեւոր է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որովհետեւ մենք Երկիր մոլորակի վրա ենք ապրում, առանձին վերցրած, առանձին պետություն չենք։ Սակայն ինձ համար շատ ավելի կարեւոր է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի, ի վերջո, հանրության կողմից ընտրական գործընթացի հետ կապված՝ ընդհանրապես եւ օրենքի բովանդակության հետ կապված մոտեցումը։ Անշուշտ, շատ կարեւոր է օրենքին համահունչ լեգիտիմ խորհրդարան ունենալը, երբ օրենքի բոլոր կետերը հարգվում են, ընտրություններն անցնում են թափանցիկ, ազատ մրցակցության պայմաններում, խախտումներ եւ ձեւախեղումներ տեղի չեն ունենում։ Դա օրենքին համահունչ լեգիտիմություն է, որն ինքնին շատ կարեւոր է։ Բայց շատ ավելի կարեւոր է հետագայի համար, որովհետեւ ընտրություններով աշխարհը չի վերջանում, եւ նոր խորհրդարանի ձեւավորումն էլ ինքնանպատակ չի։ Շատ ավելի կարեւոր է հանրային ընկալման մեջ լեգիտիմության ամրապնդումը։ Այն է՝ բոլոր քաղաքական ուժերը հավասար ստարտային հնարավորություններ ունեցե՞լ են ընտրություններում լիովին իրենց պոտենցիալը, իրենց գաղափարները ներկայացնելու առումով, թե՞ ոչ։ Այս տեսակետից երկու խնդիր է առաջանում։ 1-ինը կուզեի անդրադառնալ, իմ գործընկերը դրան արդեն անդրադարձավ, խախտումների ծավալի արձանագրմանը։ Տասնամյակներ շարունակ ամեն ընտրությունից հետո ասում ենք հետեւյալ մոգական նախադասությունը. խախտումներ եղել են, բայց դրանք չեն ազդել ընտրությունների ընդհանուր գնահատականի վրա։ Ո՞վ է որոշում դա։ Հայտարարությունների՞ տեսքով է դա որոշվում, թե՞ փաստարկվում է ինչ-որ ձեւով։ Եթե մենք առաջին հաշվարկը կատարում ենք պատահական սկզբունքով, եւ արձանագրվում է խախտումների ինչ-որ ծավալ, եթե դրա հիման վրա դատական մարմինները հնարավորություն չեն ունենալու այլ ընտրատեղամասերի վերահաշվարկը նույնպես պատահականության սկզբունքով անել եւ պրոյեկտել ընտրությունների արդյունքի վրա, մենք խնդիրը, կասկածը, չեմ ուզում ասել օբյեկտիվ, գուցե սուբյեկտիվ կասկածը չենք փարատում։ Առավել եւս, եթե մենք ընտրությունների շեմն իջեցնում ենք չորս տոկոս եւ 4-րդ քաղաքական ուժին էլ հնարավորություն ենք վերապահում երկու տոկոսի պարագայում հաղթահարել շեմը եւ մտնել խորհրդարան, հասկանում ենք, որ կարող է այդ 4-րդ տեղը գրավելու համար մրցակցություն գնալ՝ տասնորդական տոկոսների եւ քվեների հետ կապված։ Եթե մենք արձանագրում ենք, որ խախտումների ծավալը, դիցուք, եղել է 5 տոկոս կամ 7 տոկոս, շեմը չհաղթահարող ցանկացած քաղաքական ուժ դիտարկելու է, որ այդ 5, 6, 7 տոկոս խախտումներն էապես ազդել են, որպեսզի ինքը հայտնվի ԱԺ-ում։ Որպեսզի այս կասկածները փարատվեն, ի՞նչն է խանգարում այդ գործիքն օգտագործել եւ, ի վերջո, հստակ հայտարարել, թե խախտումները քանի՞ տոկոս են տեղի ունեցել։ Դրանից հետո թող պետական համապատասխան մարմինները որոշեն՝ ինչպես վարվել այն ընտրությունների հետ, որտեղ տեղի է ունեցել իքս քանակի խախտում եւ այդ իքս քանակի խախտումն էապես ազդե՞լ է իգրեկ քանակի քաղաքական ուժերի մուտքը փակելու համար խորհրդարան, թե ՞ ոչ։

Մյուս խնդիրը. երբ մենք խոսում ենք երեք հինգերորդի եւ երկու երրորդի մեծամասնության ձեւավորման մասին, միշտ բերվում է փաստարկ, որ մեկը երրորդն էլ բազմակարծության հնարավորություն է։ Այո, կարծիք հայտնելու հնարավորություն է մեկ երրորդը, բայց որոշման վրա ազդելու հնարավորություն չի։ Բազմակարծությունը հո միայն խոսելը չի, որ ես հնարավորություն ունեմ բազմակի կարծիք հայտնել։ Ես պիտի հնարավորություն ունենամ նաեւ իմ կարծիքից բխող՝ թույլ չտալ մենիշխանություն տվյալ հարցում։ Այսինքն՝ եթե մեկ երրորդը հնարավորություն ունի այլընտրանքային տեսակետ ներկայացնել, դա չի նշանակում, որ ապահովեցինք բազմակարծությունը, երբ մեծամասնությանը տալիս ենք բոլոր հնարավորությունները՝ լսել բոլոր այդ տեսակետները, բայց սահմանադրական օրենքները փոխել, ինչո՞ւ չէ՝ փոխել լրիվ Սահմանադրությունը։

Մեզ համար այս երկու կետերը խիստ էական ու կարեւոր են։ Էլ չասեմ այն դիրքորոշումը, որին մենք մնում ենք հավատարիմ` բաց, համամասնական ընտրակարգով գնալ ընտրությունների։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Սեյրանյան։ Հաջորդ ելույթի համար ձայնը տրվում է, Արարատ Զուրաբյանը բացակայում է, Հովիկ Աղազարյանին։ Համեցեք, պրն Աղազարյան։

Հ.ԱՂԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, մի փոքրիկ խոստովանություն։ Անկեղծ ասած, հաշվի առնելով իմ համեստ քաղաքական փորձը եւ ընթացիկ քաղաքական իրավիճակը, ես կարծում էի, թե Հանրապետական կուսակցությունը պետք է կողմ քվեարկի այս նախագծին առաջին հերթին այն պատճառով, որ հնչեցրեց պրն Աշոտյանն իր խոսքում, որովհետեւ շատ կարեւոր է, որ ռումբ չդրվի, եւ այդ իմաստով կարեւոր է, որ քաղաքական ուժերի կոնսենսուսով ընդունվի այս որոշումը։

Մյուս պատճառը չեմ ասի այլ դրդապատճառներով, բայց բոլոր դեպքերում ես ընդունում եմ, որ այս անգամ ես իմ հաշվարկների մեջ սխալվեցի։ Այժմ` ըստ էության։

Մենք ասում էինք, որ ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն է, որպեսզի հեղափոխության 1--ին փուլը հասցվի տրամաբանական ավարտին, եւ հասարակության մեջ գոյություն ունեցող վերաբերմունքը քաղաքական ուժերի նկատմամբ արձանագրվի ԱԺ արտահերթ ընտրություններով։ Մեզ որպես հակափաստարկ բերում էին` թե ի՞նչն է խանգարել, ո՞վ է խանգարել, ո՞ր ուժն է խանգարում Կառավարությանը, որպեսզի ընդունվեն որոշումներ, օրենքներ եւ այլն, եւ աշխատանքներն ընթանան այնպես, ինչպես ընդունելի է պետականության համար։ Բայց, փաստորեն, մինչ այժմ մեր ընդունած բոլոր որոշումների եւ օրենքների մեծ մասը մինչ հեղափոխությունը եղած 1--ին ընթերցմամբ ընդունած որոշումների կամ օրակարգում եղած, քննարկման փուլում եղած օրենքների ընդունումն էր։ Եվ այսօր, փաստորեն, մենք առաջին փորձաքարն ունեցանք, որովհետեւ, ըստ էության, կարեւորագույն հարցերի շուրջ հենց երեւաց Հանրապետական կուսակցության դիրքորոշումը, որ ինքը համաձայն չի։ Ընդ որում, համաձայն չլինելը, ճիշտ է, իրենք հիմնավորում են, թե ժամանակը կարճ է, կարճ ժամանակամիջոցում հնարավոր չի քննարկել եւ այլն, բայց մյուս կողմից՝ բավականին երկար ժամանակ այդ նախագիծը գտնվում էր քննարկման մեջ, եւ բոլորը հնարավորություն ունեին իրենց առաջարկություններով հանդես գալ եւ էապես ազդել նաեւ նախագծի բովանդակության վրա։ Հետեւաբար, այդ ժամանակի առումով այդ հարցադրումն իմ կարծիքով նույնպես ընդունելի չի։

ՀՀԴ կուսակցության կողմից առաջարկված առաջարկությունների մեջ հնչում է այն գաղափարը, որ լինի բաց համամասնական ցուցակ։ Այս օրենսդրական նախաձեռնության փոփոխության մեխը հանդիսանում է ռեյտինգային համակարգի վերացումը։ Ինչո՞ւ. որովհետեւ ռեյտինգային համակարգն իր մեջ պարունակում է էլեմենտներ, որ, ըստ էության, համամասնական ընտրակարգը, որ հռչակված է, ավելի շատ մեծամասնական է, քան համամասնական։ Իսկ ինչո՞ւ ենք մենք դեմ, շատ շատերը դեմ ռեյտինգային համակարգին՝ այս իրողության մեջ եւ առաջիկա տարիներին նույնպես. որովհետեւ ռեյտինգային համակարգի քվեարկությունը վերածվում է ոչ ցանկալի ընթացքով քվեարկության, թաղային հեղինակությունների միջամտության, լուրջ ֆինանսների ներդրման, որն ազդում է ընտրությունների որակի վրա։ Եթե այս իրականության մեջ մենք անցնենք համակարգի, որն առաջարկում է ՀՅԴ-ն՝ բաց համամասնական ցուցակ, որն ինձ համար ընդունելի է, եթե անցնի մի քանի տարի, եւ հասարակությունն իր բոլոր ինստիտուտներով կայանա, այսօր այդ համակարգը, ըստ էության, կարող է վտանգ լինել, որը կվերածվի թաքուն ռեյտինգային համակարգի, որովհետեւ նույնպես մենք տեղային մեր հայրենասիրական կամ թաղային հայրենասիրությունից ելնելով կամ մեր թաղային եւ տեղային հնարավորություններն օգտագործելով՝ փաստորեն պետք է այդ հանգամանքն օգտագործենք, որպեսզի ազդենք ցուցակի մեջ գտնվող դասավորվածությունների վրա։

Բոլոր դեպքերում ես կոչ կանեի, համենայնդեպս, Հանրապետական կուսակցության մեր գործընկերներին, որպեսզի կողմ քվեարկեն այս նախագծին, որովհետեւ, անկասկած, լուրջ քայլ առաջ է, եւ, անկասկած, դրա ընդունումը կնպաստի մեր պետականության զարգացմանը։ Շնորհակալություն։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Աղազարյան։ Հաջորդ ելույթի համար՝ Հայկ Կոնջորյան։ Համեցեք, պրն Կոնջորյան։

Հ.ԿՈՆՋՈՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Տիկնայք եւ պարոնայք, դուք վստահաբար հիշում եք կիսով չափ լցված բաժակի պարադոքսը, որ լավատեսն ասում է՝ բաժակը կիսով չափ լիքն է, վատատեսն ասում է՝ բաժակը կիսով չափ դատարկ է։ Հիմա, եթե մենք հաշվի առնենք, որ ԱԺ-ի դահլիճը կիսով չափ դատարկ է հանրապետականներից, ապա արդյո՞ք նրանք, ովքեր մտածում են, որ կիսով չափ դատարկ է դահլիճը, կարող են համարվել վատատես, թե՞ ամեն դեպքում կարող են համարվել լավատես։ Ես կարծում եմ, որ չափազանց խոսուն եւ առավել պատկերավոր եւ ցնցուն սիմվոլիկա չէր կարող լինել, երբ քննարկվում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ընտրակարգը, եւ Հանրապետական կուսակցությունը բացարձակ մեծամասնությամբ բացակա է։ Ես կարծում եմ դրանով նաեւ նա ֆիքսում է իր բացակայությունը Հայաստանի քաղաքական դաշտից։ Պրն Աշոտյանը եկել ասում է՝ այ, դուք... Ախր, կոնսենսուսը լինում է հակադիր կողմերի միջեւ։ Դուք ճիշտ եք, բայց, երբ հակադիր կողմ չկա այս դահլիճում, ինչպե՞ս կարող է կոնսենսուս լինել։ Պրն Աշոտյան, ես նայում էի ձեր ելույթը ու կարծես, ներողություն, գուցե մի քիչ կոպիտ օրինակի համար, ու կարծես հուղարկավորության ժամանակ քահանայի մահախոսական լիներ ինչ-որ մեկի համար։ Մենակ դուք եք եկել փաստորեն այդ հիմնական բոյկոտողներից եւ ձեր տեսակետն էիք արտահայտում։ Կոնսեսուսը լինում է հակադիր կողմերի միջեւ, բա ո՞ւր եք, չկաք, չեք գալիս ու ասում եք՝ այ, տեսեք, կոնսենսուս չկա։ Եթե գայիք՝ չէիք ասի դա։

Մյուսը. այո, ռեյտինգային համակարգի վերացումը միանշանակ Հայաստանի քաղաքական համակարգի առողջացման ամենակարեւոր գրավականներից է, որովհետեւ ռեյտինգային համակարգը, ըստ էության, ոչնչացնում էր քաղաքական դիսկուրսի հնարավորությունը, ոչնչացնում էր քաղաքական ընտրության հնարավորությունը, ռեյտինգային համակարգը քաղաքական ընտրությունն իջեցնում էր կենցաղային մակարդակի վրա, իջեցնում էր օլիգարխիայի, փողի, քսակի, խնամի, ծանոթ, բարեկամի տրամաբանության վրա, ու մարդն ընտրում էր ոչ թե քաղաքական գաղափարախոսության, քաղաքական ծրագրի համար, այլ ընտրում էր որոշակի արյունակցական կապերի, փողի, օլիգարխիայի, թաղային հեղինակության եւ այլնի համար։ Եվ, միանշանակ, այս համակարգի վերացումը ՀՀ քաղաքական համակարգի համար էական առողջացման հնարավորություն է ստեղծում։

Նորից անդրադառնամ պրն Աշոտյանի խոսքին. Դուք ասում եք, որ սա ական է՝ Հայաստանի պետականության կամ ժողովրդավարության տակ դրված։ Եթե չեմ սխալվում, այդպես էր, չէ՞։ Ականն էր բանալի բառը։ Եվ ասում եք, որ տեսեք, ռեյտինգային համակարգով մեզ հիմնական ձայն բերած պատգամավորների զգալի մասն էլ մեզ հետ չի։ Ականը հենց այդ ռեյտինգային համակարգն էր, որ դուք դրել էիք հենց ձեր իսկ տակ ու դուք պայթեցրիք, ու հիմա այդ նույն մարդիկ, որ ձեզ ձայն են բերել, չկան։ Դա էր ականը։ Եվ այդ ականը ոչ միայն ձեր տակ էր դրված, այդ ականը դրված էր, այո, հենց հայկական ժողովրդավարության տակ։ Եվ նաեւ այդ ականը հիմա դուք եք դնում, որ գնաք ու փորձեք այդ ռումբի ժամանակը, հետհաշվարկը լարել Եվրոպայում, որ ասեք՝ տեսեք այնտեղ... Այ, դուք այստեղ չեք գալիս, չեք ներկայանում, այստեղ բանավեճ չկա, բայց վստահաբար դուք գնալու եք չէ՞ ԵԽԽՎ, գնալու եք չէ՞ եվրոպական ամբիոններում ասեք, որ սա ական էր։ Իսկ ի՞նչ կլիներ, որ հիմա այստեղ լիներ այդ բանավեճը, որ դուք էլ չբողոքեիք, որ այս ինչ կիսաթշվառ քննարկում է, որ այ, տեսեք՝ չկան, իսկ դուք ուզում եք՝ լեգիտի՞մ համարվի այս ամեն ինչը։

Ես, քանի որ ցանկանում եմ նաեւ իմ հաջորդ գործընկերներին ժամանակ տրամադրել, թերեւս սահմանափակեմ եւ նորից ավարտելով, պրն Աշոտյան, այսօր դուք իմ խոսքը փաստորեն պայմանավորեցիք, հիմնական մասը։ Ես այլ բան էի ուզում ասել։ Դուք ասում եք, որ սա հիշատակների եւ տոների օրենքը չէ։ Այո, բայց այս օրենքի ընտրությունը կարող է հիշատակի վերածել ձեր ստեղծած քաղաքական համակարգը, եւ դա տոն է հայ ժողովրդի համար։ Շնորհակալություն։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Կոնջորյան։ Փաստորեն, ականազերծման գործընթացը քաղաքագիտական առումով պետք է վերաիմաստավորել։ Հարգելի գործընկերներ, կարճ ելույթի իրավունք տանք Արարատ Զուրաբյանին, որն ուշացել էր։ Պրն Զուրաբյան, շատ կարճ, որովհետեւ...

Ա.ԶՈՒՐԱԲՅԱՆ

-Ես ներողություն եմ խնդրում ուշանալու համար։ Երեք բառ հավանաբար, շատ բան չեմ ասի։ Ես, ճիշտն ասած, գտնում եմ, որ այս օրենքը պետք է ընդունվի ու այդ ընտրական համակարգը, իրոք, արատավոր է։ Միայն մի կոչ կանեի իմ գործընկերներին, որոնք այսօր ներկայացնում են իշխանությունը։ Հիշում եք, ամիսներ առաջ, երբ նոր էր ձեւավորվում այս ամենը, թավշյա հեղափոխությունը նոր էր ավարտվել, ես առաջարկեցի չնայել ոչ մի բանի ու անմիջապես գնալ ընտրությունների։ Ես կարծում եմ, որ այս ամիսները մենք կորցրել ենք, կորցրել ենք մի բանի համար, որ քաղաքական հստակություն չենք մտցրել առաջին իսկ պահից, իսկ թավշյա հեղափոխությունն իր համար ուներ հետեւյալ ծրագիրը, որ իրականացումից հետո անմիջապես պետք է անցկացվեն ընտրություններ։ Ես կարծում եմ, որ մենք Ընտրական օրենսգիրքն էլ շատ ավելի ճիշտ կլիներ, որ սրանից մի երկու ամիս առաջ ընդունած լինեինք, որ որեւէ, ասենք թե, տեսակետ էլ նույնիսկ չհնչեր, որ ինչ-որ բան այնպես չի, ոնց կլինի, արագ է արվում։ Ուզում եմ միայն հիշեցնել գործընկերներիս, որ Ընտրական օրենսգրքին անդրադարձը սկսվել է դեռեւս ամռանը, եւ բոլորը, կարծում եմ, հնարավորություն են ունեցել իրենց մոտեցումներն ու տեսակետներն արտահայտել։ Այսքանը, շնորհակալ եմ։ Կներեք։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Զուրաբյան, կարճ ելույթի համար։ Հաջորդ ելույթի համար՝ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան։

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգարժան պրն փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք Ընտրական օրենսգիրքը, որն այս ժամանակահատվածի համար շատ կարեւոր նախաձեռնություն է, որովհետեւ նորանկախ Հայաստանի Հանրապետությունում, եթե մի փոքր պատմական էքսկուրս կատարենք, յուրաքանչյուր ընտրությունից առաջ ամենաշատ քննարկվող փաստաթուղթը եղել է Ընտրական օրենսգիրքը, եւ մշտապես կարեւորվել է նոր Ընտրական օրենսգրքով գնալը նոր ընտրությունների։ Բայց այդ նոր իրողություններն այդ քաղաքական ժամանակահատվածում տեղի չէին ունեցել Հայաստանում, եւ Հայաստանում այլեւս նոր իրականություն է, նոր քաղաքական մթնոլորտ է, եւ արձանագրելով նախկին Ընտրական օրենսգրքերի բացերը, այդ թվում՝ ռեյտինգային համակարգում պարունակվող այն խնդրահարույց դրույթները, որոնք կիրառության մեջ նաեւ մեր երկրի քաղաքացիները բազմաթիվ անգամներ արձանագրեցին, որ խնդիրները բազմաթիվ են, մենք, բնականաբար, նոր մոտեցումներով պետք է հանդես գայինք եւ նոր Ընտրական օրենսգրքի նախաձեռնությամբ։

Հարգելի գործընկերներ, հատկապես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին եմ դիմում։ Ցավոք սրտի, ընդամենը դահլիճում երեք ներկայացուցիչ է նստած։ Այս պահի դրությամբ չեմ էլ կարող հստակ ասել՝ ձեր խմբակցությունը քանի պատգամավորից է բաղկացած, բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր Ընտրական օրենսգրքի քննարկում, որ կազմակերպում էիք, հապճեպություն չկա՞ր, լսումներ չէի՞ք կազմակերպում, կլոր սեղաններ, քննարկումներ չէի՞ք կազմակերպում եւ դրանից հետո մեր ժողովրդի մոտ ինչպիսի՞ արտացոլանք էր ստանում, մեր ժողովուրդը ի՞նչ վերաբերմունքով էր հանես գալիս։ Դրանք փաստեր են։ Այո, յուրաքանչյուր ժամանակահատվածում ընտրություններ կազմակերպելու, այդ թվում՝ նման նախաձեռնություններով հանդես գալու բացարձակ պատասխանատվությունը մնում է եւ եղել է իշխանությունների վրա։ ՄԵնք ուզում ենք այնպիսի փաստաթուղթ ունենալ եւ քաղաքական այնպիսի համաձայնությամբ ընդունել այդ փաստաթուղթը, որպեսզի նոր Հայաստանում, իրոք, որակական նոր ընտրություններ ունենանք։ Քաղաքական առումով մեր դաշինքի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է՝ այո, արտահերթ ընտրությունները կարեւոր են։ Ընդ որում, դեռեւս գարնան ավարտին ասաց, որ հունիս ամսին էլ պատրաստ ենք նոր խորհրդարանական ընտրությունների գնալ։ Այսօրեական գտնում ենք, որ ստեղծված իրավիճակը փոխելու, հանգուցալուծելու եւ մեր ժողովրդի համար դրական փոփոխություններ արձանագրելու համար պետք են նոր խորհրդարանական ընտրություններ՝ նոր օրենսգրքով։ Շնորհակալություն ուշադրության համար։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Էնֆիաջյան։ Հաջորդ ելույթի իրավունքը Էդմոն Մարուքյանինն է։ Համեցեք, պրն Մարուքյան, կենտրոնական ամբիոնի մոտ։

Է.ՄԱՐՈՒՔՅԱՆ

-Հարգելի խորհրդարան, հարգելի գործընկերներ, ես էլ կփորձեմ կարճ խոսել, որ ժամանակ թողնենք։ Ամեն դեպքում, տեսեք ի՞նչ է տեղի ունենում։ Փոփոխության է ենթարկվում Ընտրական օրենսգիրքը, այն օրենսգիրքը, որը դեռեւս թիրախավորվել է հենց կոնկրետ իմ կողմից, մեր կուսակցության կողմից դեռեւս տարիներ առաջ եւ հենց ռեյտինգային համակարգը։ Երբ մարդիկ ցուցակների հրապարակում, չգիտեմ ինչ, այսպիսի հարցեր էին բարձրացնում, ես ասում էի՝ պրոբլեմը տարածքային ռեյտինգային համակարգն է։ Կուսակցությունների ցուցակների, քվեարկողների ցուցակների հրապարակումն անգամ պրոբլեմը չի լուծում։

Հիմա ունենք այդ ռեյտինգային համակարգի վերացման շանս։ Այո, խաղի կանոնները փոխվում են ընտրություններից անմիջապես առաջ։ Բայց խաղի կանոնները լիբերալացվում են։ Այսինքն՝ ավելի ազատ խաղի կանոններ են, ավելի ազատական մոտեցում, եւ ավելի ներառական մոտեցում է ներդրվում։ Հետեւաբար, ժամկետները, կամ չգիտեմ ո՞նց եք ձեւակերպում՝ արագ, հապճեպ, այսինքն՝ այս խնդիրները, ըստ էության, ստորադասվում են այն ազատական մոտեցումներին, որոնք ներկայացված են Ընտրական օրենսգրքում։ Իսկ ո՞րն է դա. կուսակցությունների համար՝ բարիերի նվազեցում։ Այսինքն՝ 5 տոկոսից 4 տոկոս, դաշինքների համար՝ բարիերների նվազեցում՝ 7 տոկոսից 6 տոկոս, կուսակցականների թվի նվազեցում ցուցակներում, որ անկուսակցական մարդիկ նույնպես կարողանան մասնակցել համամասնական ցուցակներով։ Դրան գումարած նաեւ՝ շատ կարեւոր հանգամանք է, որ մենք, ըստ էության, կոալիցիաների արգելքը նույնպես վերացնում ենք։ Եվ այս ընտրությունների միջոցով ամենակարեւոր հանգամանքը, որ կա, որ ասացի՝ ներառական, դա այն է, որ խորհրդարան պարտադիր պետք է անցնի չորս ուժ։ Հիմա գործո՞ղն է ներառական, որ երեք ուժ կա, թե՞ առաջարկվողն է ներառական, որ չորս ուժ գոնե կլինի։ Ինչի՞ միջեւ ենք ընտրություն կատարում։ Երկար ժամկետ ենք ուզում, պարզ է, բայց ավելի ներառական մոտեցում կա, որ կարող ենք այսօր ընդունել։

Եվ նաեւ վերջինը։ Այո, ես կողմ եմ գիտեք մեկ էլ ինչի՞ համար։ Հենց Երեւանում ձեւավորված ավագանու կազմի համար։ Ինձ դուր չի գալիս ձեւավորված այդ կազմը։ Նկատի ունեմ քաղաքական ուժերի դասավորությունը։ Կա 57 հոգանոց իշխանական ֆրակցիա, կան 5 հոգանոց եւ 3 հոգանոց երկու այլ ընդդիմադիր ֆրակցիաներ։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում. մենք չենք ունեցել նշած երաշխիքները, որ ՏԻՄ-ում նույն ձեւով, նույն կերպ ընդդիմադիրներին 30 տոկոս մանդատներ բաշխվեն, եւ նրանց տոկոսը բարձրանա։ Չենք ունեցել նաեւ հնարավորություն, որ 4-րդ ուժն անցնի այնտեղ։ Հիմա ինչ՞. ուզո՞ւմ ենք նույն բանը լինի խորհրդարանում։ Շանս ունենք դա ուղղելու։ Հիմա չենք կարող ռետրոսպեկտիվ գնալ Երեւանի ավագանին ուղղել, բայց կարող ենք ապագա խորհրդարանում այս հարցը լուծել, կարող ենք այնպես անել, որ 4 ուժ լինի։ Այդ շանսն այսօր մեզ տրված է։ Կարո՞ղ ենք այնպես անել, որ բարիերն իջնի, որ շատ ուժեր մասնակցեն, նոր Հայաստանի փոփոխությունների շունչը հասնի բոլորին, եւ դրա արդյունքում բոլորը ներառական այս հնարավորությունից օգտվեն։ Ով կընտրվի՝ կընտրվի։ Սա է։ Ես կարծում եմ, որ սեղանին դրվածը եւ առաջարկվողն այս իմ նշած փաստարկներով գոնե պետք է, որ առաջնահերթություն ունենա եւ պրիորիտետը տրվի դրան, եւ մենք ընդունենք այն օրենսգիրքը, որը հիմա ներկայացված է, իսկ ապագայում, բնականաբար, այդ օրենսգրքում այնքան բան կարող է լինել՝ փոխելու, որ կարելի է նստել, աշխատել եւ փոխել։

Ամեն դեպքում, ես կրկնում եմ՝ մենք պատրաստ ենք երկու ֆորմատով էլ մասնակցել։ Պատրաստ ենք, որովհետեւ մի անգամ այդ ֆորմատով մասնակցել ենք։ Բայց սա ավելի ներառական տարբերակ է եւ մենք կողմ ենք քվեարկելու նոր Ընտրական օրենսգրքին եւ բոլորին էլ կոչ ենք անում գալ, գրանցվել եւ կողմ քվեարկել։ Շնորհակալություն։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Ելույթի համար ձայնը տրվում է Սերգեյ Բագրատյանին։ Խնդրեմ, պրն Բագրատյան։ Հարգելի գործընկերներ, մինչեւ պրն Բագրատյանը մոտենա՝ ասեմ, որ չորս խմբակցություններից ելույթներ կան եւ դրանից հետո՝ ամփոփիչ ելույթներից հետո կազմակերպվելու է քվեարկություն։

Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, մի քանի նկատառումներ ես կուզենայի, որ մենք հաշվի առնեինք եւ այն, ինչ այսօր քվեարկելու ենք, մի քիչ ավելի խորքից գանք եւ հասկանանք՝ ինչումն է խնդիրը։ Ընդհանրապես, որեւէ նման կարգի հարաբերությունների մեջ ես խիստ չեմ ընդունում անձնավորված հարաբերությունները։ Բայց ուղղակի ինձ համար անհասկանալի էր օրեր առաջ պրն Շարմազանովի արտահայտած այն միտքը, որ կա քաղաքական ուժ, որ երեկ մի բան էր ասում, այսօր մի բան է ասում։ Ես փառք եմ տալիս այն քաղաքական ուժին, որ երեկ մի բան էր ասում, այսօր այլ բան է ասում։ Բայց ես զարմանում եմ, որ սա ասում է քաղաքական մի ուժի ներկայացուցիչ, որն ասում էր՝ որեւէ քաղաքական գործիչ, եթե ուզում է երկրում հաջողություն ունենալ, Մելիք Ադամյանով պետք է անցնի։ Մոռացել ենք այս ամեն ինչը, մոռացել ենք, որ արդեն անեկդոտ էին սարքել, որ ասում էին, որ լավ, մինչեւ ե՞րբ է տեւելու այս ամեն ինչը, ասում էին Ղարաբաղի լեզվով՝ երկու հարյուր տարի։ Հիմա այս ամեն ինչից պրծել ենք, եկել հասել ենք մի նորմալ վիճակի, որտեղ կարող է պարզ քաղաքացին ընտրություն կատարել, չգիտես ինչու որոշել ենք, որ եթե հանկարծ ռեյտինգայինով չլինի, մենք չենք մասնակցի ընտրությանը կամ կմասնակցենք ընտրությանը, կամ... Ռեյտինգային լինի թե չլինի՝ Հայաստանում այլեւս չի լինելու փող բաժանելու, վարչական ռեսուրսով ճնշելու, մարդկանց վրա գործ սարքելու պրակտիկան։ Այլեւս երբեք ՀՀ-ում հայ քաղաքացին թույլ չի տալու, որ իր քվեն կեղծեն։ Մնացած բոլորը երկրորդական են։ Ընտրության արդյունքում ով կընտրվի, ով չի ընտրվի՝ բոլորը հանգիստ կքնեն։ Սա ամենակարեւորն է, եւ որեւէ մեկը այլեւս չի կարող վստահորեն ասել, որ գիտենք, ինչ, մենք 200 տարի դեռ իշխելու ենք։ Մենք հասկացանք, որ ամեն րոպե կարող է փոխվել իշխանությունը։ Եվ պարզ մի տրամաբանական իրավիճակ, որ ընդամենը երեկ է տեղի ունեցել։ Ղափան քաղաքում անկուսակցական թեկնածուն հաղթել է իշխանական կուսակցության ներկայացուցչին։ Սա հաղթանակն է ժողովրդի, ոչ թե որեւէ մեկի։ Սա հաղթանակ է, որ մարդիկ ազատ ընտրության արդյունքում կարողացան ընտրել այն մարդուն, ում իրենք ցանկանում են։ Եվ բոլոր ընտրություններն այլեւս պետք է դիտարկվեն այս պրիզմայով։ Ոչ թե պետք է նայվի՝ այս իշխանական ներկայացուցչին պետք է անպայման ժողովուրդը ձայն տա։ Ոչ, չկա այլեւս նան մտայնություն։ Կա հեղափոխական ոգեւորություն, նորմալ է։ Եվ այդ ոգեւորությունը թող ծնի բազմաթիվ գեղեցիկ միջոցառումներ, թող ծնի արդարություն, եւ թող մենք ունենանք այլեւս արդար, թափանցիկ ընտրություններ, եւ այդ արդյունքում ինչ կձեւավորվի, ինչ քաղաքական իրավիճակ կլինի, կլինի ՀՀ իրավիճակը։ Վաղը, մեկ տարի հետո, երկու տարի հետո ինչպիսի իրավիճակ կունենանք, համարժեք քաղաքական դաշտ կձեւավորվի երկու տարի հետո։ Այս կարեւորագույն արժեքը ուզում եմ, որ մենք ֆիքսենք։ Որեւէ իշխանություն հավերժ չի, եւ ոչ մի իշխանություն 200 տարի չի կարող գոյատեւել, եւ հայ մարդը դա չի հանդուրժելու։ Հետեւաբար, կհամաձայնեն որոշ ուժեր, չեն համաձայնվի ընտրակարգի փոփոխությանը՝ մեկ է, այս ընտրական փոփոխությունն այլեւս իրողություն է։ Բնականաբար, ոչ մի Ընտրական օրենսգիրք կատարյալ չի։ Որեւէ մի հարցով կարող ենք բանավիճել օրեր շարունակ, եւ որեւէ կողմը չկարողանա ապացուցել, որ մյուս կողմը ճիշտ է։ Այն, ինչ առաջարկեցի ես արդարամտության նախարարին կամ պաշտոնակատարին, դա այն էր, որ որեւէ քաղաքացու ձայն չկորչի ՀՀ-ում։ Այսինքն՝ եթե հազար հոգի, երկու հազար հոգի որեւէ քաղաքական միավորի վստահել են, այդ ձայնը հաշվառվի եւ տեղ ունենա խորհրդարանում 100 հազար քվե ունեցող որեւէ կուսակցության միջոցով։ Հիմա մեր նախարարը պատասխանում է, որ նման պրակտիկա աշխարհում չկա։ Իսկ որտե՞ղ է գրված, որ պետք է անպայման ուրիշ երկրների պրակտիկայից օգտվենք։ Կարող ենք մի բան էլ մենք անել, որ մեր պրակտիկայից այլ երկրներ օգտվեն։ Ամենայն հարգանքով վերաբերվելով օրենսգրքի փոփոխությունների հանձնաժողովին, կարող եմ նշել, որ մենք ամբողջ ամառ շատ մեծ ոգեւորությամբ աշխատել ենք Ընտրական օրենսգրքի վրա։ Շատ հարցերի հետ համաձայն չենք եղել, շատ հարցերի շուրջ համախոհություն է եղել։ Իրավիճակն այնպիսին է եղել, որ արագության մեջ հնարավոր էր անել այնքան, ինչքան հիմա պատրաստ է։ Պետք էր շտապել, թե պետք չէր շտապել՝ սա արդեն հարցի 2-րդ կողմն է, որովհետեւ քաղաքական իրադրություն, քաղաքական օրակարգ թելադրող իշխանությունը նպատակահարմար է գտնում այս պահին ընտրությունը կատարել։ Իրենց իրավունքն է, օգտվում են այդ իրավունքից։ Եվ քաղաքական այն ուժերը, որոնք ըմբռնումով են մոտենում քաղաքական իրավիճակին, փորձելու են սատարել այս նախաձեռնությանը՝ շատ լավ հասկանալով, որ իհարկե, այս պայմաններում իդեալական քաղաքական պատկեր չենք ունենալու։ Բայց ոչինչ, սա անցումային շրջան է եւ ժամանակավոր հարաբերություններում միշտ չէ, որ ամեն ինչ պետք է իդեալական լինի։

Մի խոսքով, ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, մեր քաղաքական ուժին հատկապես, որ իսկապես ամբողջ ներուժով մասնակցեց այս Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին եւ, ինչպես իմ գործընկերները նշեցին, մենք ողջունում ենք այս փոփոխությունները։ Շնորհակալություն։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Վերջին ելույթի համար՝ Հրաչյա Հակոբյան։ Խնդրեմ, պրն Հակոբյան, կենտրոնական ամբիոնի մոտ։

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, բավականին ծավալուն ելույթներ հնչեցին՝ թե՛ նոր Ընտրական օրենսգրքի բովանդակության հետ կապված եւ թե՛ քաղաքական գնահատականներ հնչեցին։ Հիմա ես, իհարկե, շատ կարճ կկապեմ, որովհետեւ գրեթե ամեն ինչ ասված է։ Ուզում եմ ուշադրություն հրավիրել այսպիսի մի փաստի վրա։ Սրանից մոտ մեկ ամիս առաջ Հանրապետական կուսակցությունը պնդում էր, որ շատ լավ խորհրդարան ունենք, կարող ենք այս խորհրդարանում աշխատել։ Եվ հիմա մենք տեսնում ենք այդ խորհրդարանը։ Եվ ըստ Հանրապետական կուսակցության, այս խորհրդարանը պետք է աշխատեր մինչեւ մայիս ամիս։ Այսպիսի կարեւոր հարցերի շուրջ պետք է այս խորհրդարանն այս ձեւով աշխատեր մինչեւ մայիս ամիս, եւ հերթական անգամ համոզվեցինք, որ, այո, ճիշտ էր այն մոտեցումը, որ պետք է օր առաջ խորհրդարանը ցրվի, եւ ձեւավորվի ժողովրդի կամքն արտահայտող խորհրդարան։

Ինչ վերաբերում է պրն Աշոտյանին, այսօր ինչ-որ կենտրոնացել ենք պրն Աշոտյանի վրա, ուրեմն պրն Աշոտյանն ասում է՝ ի՞նչ խնդիր ունեք։ Կայուն մեծամասնություն ունեք, այդ կայուն մեծամասնությունն անգամ ունեցել եք այստեղ վարչապետ ընտրելիս։ Պրն Աշոտյան, դուք իրո՞ք կարծում եք, որ կայուն մեծամասնությունն է ընտրել վարչապետ, դուք իրո՞ք կարծում եք, որ այդ պահին կար կայուն մեծամասնություն եւ դա ժողովրդի կամքը՞ չէր արտահայտվում։ Այդ պահին մենք չունեինք մեծամասնություն ընդհանրապես, բայց հակառակին գնալ չէինք կարող։ Նույն ձեւով հիմա էլ ենք, բնականաբար, չունենք կայուն մեծամասնություն։ Ոչ մեկը չունի կայուն մեծամասնություն

Պրն Խոսրով Հարությունյանն ասում է՝ 72-ժամյա ռեժիմ։ Պրն Հարությունյան, իհարկե, շատ լավ կլիներ, եթե Հանրապետական կուսակցության պատգամավորները ներկա լինեին եւ գոնե այդ քվեարկությանը կողմ քվեարկեին, որպեսզի Ընտրական օրենսգիրքը 72-ժամյա ռեժիմով քննարկվեր։ Սակայն այդ հարցը նույնպես էլի տապալեցիք դուք։ Լինեիք, քվեարկեիք։

Ինչեւէ, շատ երկար չկապեմ։ Ես նույնպես հորդորում եմ, որպեսզի կողմ քվեարկենք այս ընտրական փոփոխություններին, որովհետեւ գնում ենք ընտրությունների, եւ բոլորիս համար կարեւոր է։ Այսպես, թե այնպես մենք իրոք պատրաստ ենք գնալ ընտրություններին թե՛ հին Ընտրական օրենսգրքով, թե՛ նորով, բայց գնում ենք ընտրություններին, կերտում ենք նոր Հայաստան, եւ լավ կլինի, որ Ընտրական օրենսգիրքն էլ փոխենք եւ սկսենք մաքուր էջից։ Շնորհակալություն ուշադրության համար։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Հակոբյան։ Հարգելի գործընկերներ, այժմ անցնում ենք խմբակցությունների կողմից ելույթներին։ Առաջին ելույթի իրավունքը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանինն է։ Համեցեք, պրն Ռուստամյան։

Ա.ՌՈՒՍՏԱՄՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, իմ տպավորությամբ մենք հերթական անգամ ստեղծել ենք պրոբլեմ, որն ուզում ենք հերոսաբար հաղթահարել։ Եթե խոսում ենք այստեղ ճգնաժամի առկայության մասին, ֆորսմաժորի մասին, պետք է ճիշտ գնահատենք, թե ֆորսմաժորն ու ճգնաժամն ի՞նչ պատճառով են առաջացել։ Առաջացել են այն պարզ պատճառով՝ կա պարտադրանք՝ ամեն գնով ընտրություններն անցկացնել դեկտեմբեր ամսին։ Եվ սա առաջացրել է լուրջ խնդիրներ։ Երկու պարագայում էլ, եթե ընդունենք օրենքը, եթե չենք ընդունի օրենքը, մենք վստահաբար գնում ենք ոչ լիարժեք մեր նախապես պայմանավորված իրական միջավայր ձեւավորելով, մրցակցային ընտրությունների նորմալ որակ ապահովելու համար բոլոր քայլերը կատարած։ Այսինքն՝ դրանից տուժելու է ընտրությունների որակը, արտահերթ ընտրությունների որակը, որովհետեւ, եթե մենք չենք ընդունում այս օրենսգիրքը, մնում է հինը, որը մեզ համար անընդունելի է, եթե ընդունում ենք այս օրենսգիրքը, այն էլ ոչ լիարժեք փոփոխություններ կատարելով, որի մասին ես կխոսեմ, ունենում ենք մի վիճակ, որ լրջագույն փոփոխություններ կատարված օրենսգիրքը մտնում է ուժի մեջ, մի ամիս հետո մենք անցկացնում ենք ընտրություններ։ Աշխարհում գնացեք հարցրեք, պրակտիկա կա, միազգային ժողովրդավարական ընտրությունների անցկացման պրակտիկա գոյություն ունի։ Եվ ոչ ոք չի կարող ասել, որ սա լավ պրակտիկա է։ Բացառված է։ Այստեղ ոչ թե դաշնակցության կամ որեւէ մեկի գնահատելու հարցն է, այլ կան ունիվերսալ ճշմարտություններ։ Եվ սա իսկապես բերելու է նրան, որ, օրինակ, մենք սա հարմարացրել ենք դեկտեմբերի ժամկետին։ Անգամ հանձնաժողովների ձեւավորումը, որ մինչեւ հիմա մենք կարեւորել ենք, որ այդտեղ պետք է անցնեն մասնագիտական ուսուցում, ձեռք բերեն որոշակի գիտելիքներ, որ հասկանան, որովհետեւ նրանք են իրականացնելու ընտրությունները տեղամասում։ Մենք հիմա դա էլ ենք հանել, ասել ենք՝ ոչինչ, կարող է մասնագիտական ուսուցում չանցնի, բայց ընդգրկվի այդ հանձնաժողովի կազմի մեջ, չնայած նրան, որ այն հներն էլ, որ ունեին մասնագիտական ուսուցում, այնուամենայնիվ, փոխված պայմաններին պետք է ադապտացվեն։ Այսինքն՝ ես դեռ չեմ ասում մյուս խնդիրները, որ քաղաքական ուժերին պետք է ժամանակ տրվի իսկապես վերանայել, վերադասավորվել, ցանկերը կազմել։ Դրել ենք, օրինակի համար՝ ամեն երեքի մեջ մեկ կին պետք է լինի։ Շատ լավ բան ենք արել։ Բայց մարդիկ դրան պետք է պատրաստվեն։ Մինչեւ այդ էլ այդպես չի եղել։ Այդպիսի բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ ժամանակը, որն անհրաժեշտ է ոչ թե ժամավաճառություն անելու, ժամանակ շահելու համար ինչ-որ մեկին, չգիտեմ ինչի համար, որովհետեւ մենք արտահերթ ընտրություններին ի սկզբանե կողմ ենք եղել։ Բայց ժամանակն անհրաժեշտ է նորմալ, որակյալ ընտրություն անցկացնելու համար։ Սա է խնդիրը, եւ եթե մենք չենք տեսնում, որ ինքնանպատակ դեկտեմբեր ամիսը ֆիքսելով՝ այդ որակն ենք մենք ուղղակի խափանում, սա արդեն այլ հարց է։

Մնացածը. երբ ասում ենք այս գործընթացը եկել է վաղուց, մենք իրար հետ համաձայնության գալու պրոցես ենք անցել ամռանը։ Շատ լավ է, որ հիշեցնում եք, բայց հիշեցրեք նաեւ, որ այդ գործընթացն իմաստ ձեռք է բերում այն ժամանակ, երբ պայմանավորվածությունները տեղ են գտնում բերված նախագծում։ Մենք, որ երեք առաջարկություն ենք առանձնացրել մեր տասնյակից ավելի նախաձեռնություններից, մի պարզ պատճառով ենք առանձնացրել։ Այդ երեքի հետ կապված՝ եղել է համաձայնություն։ Ուրիշ բան մենք չենք ասել։ Համաձայնվել են բոլոր չորս քաղաքական ուժերը։ Հիմա մեզ ասում են՝ հա, շատ լավ է այդ ամեն ինչը, բայց դեկտեմբերը թույլ չի տալիս սա անել։ Այսինքն՝ նորից դառնում է մի բան, որ դեկտեմբեր ամիսը դրել ենք, ամեն ինչ պետք է հարմարացնենք դեկտեմբեր ամսին։ Իսկ ես նորից իսկապես խնդիրներ եմ տեսնում։ Հետո, սրանից հետո ինչպե՞ս պետք է մեր ԱԺ-ն աշխատի։ Այն, ինչ մենք նախաձեռնել ենք, այդ երեք առաջարկները, իրենք իրենցից ներկայացնում են այնպիսի պարզագույն ճշմարտություններ, որոնց հետ վիճելն ուղղակի անիմաստ է։ Բաց ցանկերովն ամբողջ աշխարհն է ընդունում, որ իսկապես ավելի ժողովրդավարական է։ Ռեյտինգայինից մենք հրաժարվում ենք երկու պարզ պատճառով, որովհետեւ այս գործող ռեյտինգայինից էինք հրաժարվում այն պատճառով, որ սա ուղղակի ոչ թե ռեյտինգ է անձի, այլ տարածքներով պայմանավորված ռեյտինգ է։

2-րդ պատճառն այն էր, որ մանդատ է ստանում մեկը, որը քիչ ձայն ունի, քան այն մյուսը, որ շատ ձայն է հավաքել եւ մանդատ չի ստանում։ Սրա համար ենք մենք այս գործով ռեյտինգային համակարգից հրաժարվում։ Բայց աշխարհը չի ասում ռեյտինգային համակարգը վատն է։ Ընդհակառակը, աշխարհը սա համարում է ավելի ժողովրդավարական։

Երկու երրորդի մասին այստեղ շատ խոսվեց։ Այո, ես մեծ կասկած ունեմ, որ եթե մեկ քաղաքական ուժ ունենում է երկու երրորդ, որով կարող է փոխել Սահմանադրությունը, մեծ գայթակղություն կա՝ ուժեղացնել իր իշխանությունը։ Եվ այսօր, երբ խոսում ենք սուպերվարչապետական համակարգի մասին, ես վախենամ՝ վաղը գնանք սուպերնախագահական համակարգի։

Եվ 3-րդը. մենք անընդհատ ասել ենք, որ ավարտվում են ընտրությունները, շահարկումներն ընտրությունների արդյունքների վերաբերյալ շարունակվում են՝ կեղծ են եղել, թե կեղծ չեն եղել։ Միջոց, գործիք ենք առաջարկել, որ դրանով ավարտվեն այդ խոսակցությունները։ Վերջապես մեկն ունենա գործիք եւ ասի՝ կեղծվե՞լ են ընտրությունները թե՞ ոչ։ Ինչո՞ւ ենք սրան էլ դեմ։ Եթե ընդունում եք գաղափարը, ես իմ վերջին առաջարկն եմ անում հեղինակներին, խնդրեմ, սրանք գոնե անցումային դրույթների մեջ ներառեք։ Ասեք՝ հիմա չենք կարող, որովհետեւ դեկտեմբեր է, անցումային դրույթների մեջ ներառեք, որ մենք իմանանք, որ այդ ուղղությամբ է գնալու պրոցեսը։ Մենք բնականաբար կողմ ենք լինելու Ընտրական այս օրենքին, որովհետեւ ի վերջո ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, որ այս դահլիճում բերվել է, որն առաջընթաց է ապահովել, մենք երբեք այդ օրենսդրական նախաձեռնությանը դեմ չենք եղել։ Սրան էլ ենք կողմ լինելու, որովհետեւ բավականին բաներ մեր ասածներից, այնուամենայնիվ, ընդգրկվել են։ Բայց սա՝ մեր քվեարկությունը ես չեմ կապում դեկտեմբեր ամսվա մեզ համար անընդունելի ժամկետի հետ։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-«Ելք» խմբակցության անունից՝ Ալեն Սիմոնյան։ Համեցեք, պրն Սիմոնյան։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Ես ուզում եմ հասկանալ՝ մենք ինչո՞վ ենք այստեղ զբաղված, մասնավորապես մեր Հանրապետական գործընկերները եւ ինչո՞ւ չէ՝ նաեւ Դաշնակցության գործընկերները։ Պրն Ռուստամյան, դուք ասում եք՝ առաջարկներ եք ներկայացնում, պրն Սեյրանյանը շատ լավ քննարկում է ծավալում մեծ հաշվով։ Բայց, երբ ասում ենք՝ եկեք 72 ժամով քննարկենք, դուք ձեռնպահ եք քվեարկում։ Գիտեք ինչ, կամ մենք քննարկում ենք, կամ մտնում ենք կառուցողական դաշտ, կամ մտնում ենք այն դաշտ, որ մենք ցույց տանք, որ մենք ինչ-որ բան կարող ենք անել, կարող ենք չքվեարկել, կարող ենք քննարկել, կարող ենք քվեարկել։ Պետք է հասկանանք՝ ինչո՞վ ենք զբաղված։

Ուրեմն, ի՞նչ ենք մենք հիմա անում։ Մենք հիմա անում ենք մի բան, որը վերջին ընտրությունների տվյալներից ելնելով եւ ընդհանուր քաղաքական պատմությունն իմանալով՝ պետք է հենց Դաշնակցություն կուսակցությանը եւ Հանրապետական կուսակցությանը, որն այսօր իր ներսում քննարկումներ է ծավալում, որպեսզի մասնակցի, թե՞ չմասնակցի։ Ես գիտեմ, այնտեղ թեւ կա, բոլորս գիտենք՝ ուզում են մասնակցել եւ շատ ուրախ ենք, որ մասնակցում են։ Եվ դա անում են «Ծառուկյան» դաշինքը եւ «Ելք» խմբակցությունը, որոնք հենվելով վերջին տվյալների վրա, կարող եմ ասել, որ, համենայն դեպս, անհանգստանալու բան չունեն, որ իրենք պառլամենտում կհայտնվեն, եւ այն մտահոգությունները, որ հիմա դուք հնչեցնում եք, կարող են առաջ տանել եւ այդ մտահոգությունների հետ կապված լուծումներ տալ։ Հիմա մենք, չակերտավոր, Աշոտյանն ասում է՝ մեզ մի համոզեք։ Ձեզ ի՞նչ համոզենք։ Ասենք՝ օրենքն արվում է, որպեսզի քաղաքական դաշտը վերականգնվի։ Այն քաղաքական դաշտը, որի պատասխանատուն դուք եք եւ առաջին հերթին՝ Հանրապետական կուսակցությունը, որն այդ քաղաքական դաշտը բերել է այս իրավիճակին եւ ունենք այն, ինչ ունենք։

Հաջորդը. փորձ էին անում Վենետիկի հանձնաժողովի եւ ընդհանրապես հանձնաժողովների հետ կապված որեւիցե ակնարկ անել։ Փառք Աստծո, չստացվեց եւ Վենետիկի հանձնաժողովը չի առարկում՝ դրա հետ կապված, ինչքան բոլորդ գիտեք։ Երբեւիցե Վենետիկի հանձնաժողովը որեւէ ընտրության հետ կապված՝ չի ասել, որ այդ ընտրություններն անընդունելի են, բոլոր ընտրությունների տվյալներն ինքն ընդունել է։

Վերջում՝ ականների մասին։ Էդ ականը, որ ասում եք, ես անկեղծ զարմանում եմ։ Օրինակ, որ Սերժ Սարգսյանին երրորդ անգամ տանում էիք դարձնում էիք երկրի ղեկավար, այդ ականը չկա՞ր ժողովրդավարության։ Դա ժողովրդավա՞ր էր Սերժ Սարգսյանին 3-րդ անգամ... Սուպերվարչապետության մասին եք խոսում, դուք այս ԱԺ-ի դահլիճում չէի՞ք, երբ այդ օրենքը կարվում էր Սերժ Սարգսյանի չափերով։ Այստեղ չէի՞ք, այս դահլիճում չէիք։ Այդ ականներն այդ ժամանակ ժողովրդավարության տակ չկայի՞ն։ Կար։ Բայց ինչո՞ւ այն ժամանակ սրա մասին չէր խոսվում։ Ձեռնտու չէ ՞ր։ Դուք կոալիցիոն գործընկեր եք եղել։

Մյուսը։ Ասում եք հապճեպ է ամեն ինչ արվում։ Այն, որ ժամը 6։30 այստեղ ձեռքով քվեարկելով, լրագրողների ձայնն անջատելով` շատ արագ օրենք էր բերվել, որպեսզի շատ արագ մարդկանց կանգնեցնեն։ Դա հապճե՞պ էր, թե՞ ոչ։ Դա էր հապճեպ։ Իսկ սա մենք անում ենք ոչ թե մեզ համար, մենք սա անում ենք ՀՀ համար, որպեսզի Դաշնակցությունը, որը նախորդ ընտրություններին 5 եւ 1 տոկոս է հավաքել, հավաքի այնքան ձայն, որը բավարարի, որ Դաշնակցության մեր գործընկերները, որոնց գործունեությունն, իրոք, պետքական է, լինեն ներկայացված ԱԺ-ում, որպեսզի Հանրապետականը, որի մասին է լինելու այս ընտրությունը, գալիք ընտրությունները Հանրապետականի մասին են։ Այն բանը, որ չի կարելի եւ պետք չի քվեարկել Հանրապետականի մասին, որպեսզի նրանց այն երիտասարդ քաղաքական թեւը, որը հիմա ներսում կռիվ է տալիս, որպեսզի մասնակցեն, հնարավորություն ունենա մասնակցել այս ընտրություններին։ Այդ բանն էր ականը, այդ քվեարկությունն էր ականը եւ սա այդ ականների հետեւանքն է։

Եվ վերջում՝ որեւէ մեկը, ես համաձայն չեմ իմ գործընկերների հետ, որոնք ասում էին՝ խնդրում ենք ձեզ քվեարկել, հորդորում ենք։ Ուզում եք՝ քվեարկեք, ուզում եք՝ մի քվեարկեք, ձեր գործն է։ Մենք պատրաստ ենք գնալ ընտրությունների յուրաքանչյուր Ընտրական օրենսգրքի պայմաններում։ Շնորհակալություն։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Սիմոնյան։ Հաջորդ՛ «Ծառուկյան» խմբակցության անունից ելույթի իրավունքը տիկին Նաիրա Զոհրաբյանինն է։ Բայց մինչ տիկին Զոհրաբյանը կմոտենա, ես ուզում եմ մի փոքրիկ ակնարկ անել։ Մոտավորապես մեկ տարի առաջ, պրն Բաբլոյան, երբ ընդդիմադիր ուժերը բոյկոտեցին ԱԺ լիագումար նիստը, եւ ես էլ դուրս եկա իմ թիմակիցների հետ, դուք ակնարկել էիք, որ ԱԺ փոխնախագահները պետք է չեզոքություն պահպանեն։ Հիմա Հանրապետական փոխնախագահները որտե՞ղ են, որ այդ չեզոքությունը պահպանեն։ Իմացա, որ պրն Շարմազանովը գործուղման է, մյուս մեր գործընկե՞րն էլ է գործուղման։ Այսինքն՝ հիշենք, որ միշտ էլ քաղաքական բոյկոտը թիմային աշխատելու ձեւերից մեկն է։ Այսքանը։

Ն.ԶՈՀՐԱԲՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի խորհրդարան, ես ուզում եմ նորից մեկ հարց տալ. ի՞նչ ենք այսօր մենք այստեղ քննարկում։ Քննարկում ենք դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների նպատակահարմարությունը՞։ Ոչ։ Հարցը վճռված է։ Դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ո՞րն է հարցի արժեքը։ Հարցի արժեքը հետեւյալն է, ո՞ր Ընտրական օրենսգրքով գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ հին Ընտրական օրենսգրքով, որն ընտրական շատ խեղաթյուրված եւ ռիսկային խաղի կանոններ է սահմանում, թե՞ նոր Ընտրական օրենսգրքով, որը բացարձակապես շատ ավելի արդյունավետ խաղի կանոններ է սահմանում՝ նախորդի հետ համեմատած, ինչն արձանագրում են նաեւ այստեղ բացակա Հանրապետական պատգամավորները։

Հիմա՝ ի՞նչ եք դուք անում, հարգելի բացակա Հանրապետականներ։ Դուք ընդամենն ուզում եք վերջին անգամ օգտագործելով խորհրդարանական այս ամբիոնը՝ ձեր վերջին քաղաքական մանր վրեժխնդրությունն անել։ Ինչի՞ համար, ի՞նչ է դա տալու ձեզ. ձեզ ոչինչ չի տալու։ ՄԵզ՝ որեւէ մեկիս, որեւէ վատ բան, մեծ առումով դուք չեք անելու որովհետեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակալությունը պատրաստ է արտահերթ ընտրության գնալ թե գործող Ընտրական օրենսգրքով, թե, եթե այդուհանդերձ, դուք ձեր սաբոտաժը դադարեցնեք, առավել բարելավված Ընտրական օրենսգրքով։ Սա է հարցի արժեքը։ Ես հասկանում եմ քաղաքական բոյկոտ, հասկանում եմ քաղաքական ցանկացած գործընթաց, եթե դրա տակ կա պարզ տրամաբանություն։ Այս դեպքում այն, ինչ հիմա դուք անում եք այստեղ, այստեղ չկա որեւէ քաղաքական տրամաբանություն։ Ընդամենը, եւս մեկ անգամ, թերեւս վերջին անգամ, օգտագործելով խորհրդարանական ամբիոնը ասել, որ քանի դեռ մենք ունենք քանակային մեծամասնություն, մենք կարող ենք ուղղակի տապալել անգամ այն լավ նախաձեռնությունը, որը, վստահեցնում եմ ձեզ, ձեր շահերից էլ է բխում, որովհետեւ, երբ մենք ամրագրում ենք 4-րդ ուժի պարտադիր ներկայություն, երբ մենք ամրագրում ենք, որ 2 տոկոս շեմը հաղթահարած կուսակցությունը եւս կարող է լինել խորհրդարանում, լինենք ռեալ պոլիտիկներ, լինենք իրատես եւ հասկանանք, որ դա մեծապես բխում է նաեւ ձեր շահերից։ Այստեղ որեւէ մեկը որեւէ մեկին չի պատրաստվում համոզել։ Այդքան մեծամիտ մի եղեք՝ մտածելով, որ մենք եկել ենք ձեզ համոզելու, ձեզ խնդրելու։ Մենք ասում ենք՝ մի մեկնաբանեք յուրովի քաղաքական կոնսենսուս հասկացողությունը։ Քաղաքական կոնսենսուս կարող է լինել նաեւ խորհրդարանում առկա ուժերի առնվազն 3-ի միջեւ եղած կոնսենսուսը։ Եվ պարտադիր չի, որ դուք այդ համախոհության, այն է՝ կոնսենսուսի մասնակիցը լինեք։ Կա ընդամենը քաղաքական պրագմատիզմի խնդիր։ Մենք ուզում ենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինեն որակապես ավելի լավը։ Եթե ուզում եք եւ եթե այստեղ չկա քաղաքական ուժի մանրախնդրություն, ապա պիտի 20 րոպե հետո դուք վերադառնաք դահլիճ եւ քվեարկեք կողմ այս նախագծին։ «Ծառուկյան» դաշինքը քվեարկելու է կողմ։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-ՀՀԿ խմբակցության անունից ձայնը տրվում է Վահրամ Բաղդասարյանին։ Խնդրեմ, պրն Բաղդասարյան։

Վ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի հայրենակիցներ, բնականաբար, անդրադարձ չեմ կատարի ելույթներին, բայց կխնդրեմ՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ սեւեռվի իր քաղաքական կարծիքների վրա եւ քիչ ուշադրություն դարձնի մյուս քաղաքական ուժերի կարծիքներին եւ մի բռնացեք քաղաքական ուժերի ձեւավորած կարծիքներին։

Հիմա անցնեմ այն հայտարարությանը, որը ձեւավորվել է մեր խմբակցության քննարկումների արդյունքներում։ Նախագծի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության դիրքորոշման ձեւավորման վրա ազդել են մի շարք գործոններ։ Ինչպես հայտնի է, հաջողված ընտրական բարեփոխումները պահանջում են լայն քննարկումներ, որպեսզի խրախուսվի ինչպես հանրության եւ քաղաքական ուժերի կողմից այդ բարեփոխումների ընթացքին մասնակցությունը, այնպես էլ նրանց կողմից բարեփոխումների վերջնարդյունքների ընդունումը։ Բոլոր քաղաքական ուժերի ներգրավումն է այն գրավականը, որն ապահովում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նկատմամբ կոնսենսուսը։ Սակայն այն, թե ինչպես կազմակերպվեցին նախագծի քննարկումները եւ, ի վերջո, ԱԺ դրա ներկայացումը, վկայում են այն մասին, որ կառավարությունը որդեգրել էր տրամագծորեն այլ քաղաքականություն։ Այսպես. ինչպես հիշում եք, խորհրդարանում ձեւավորվել էր չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ։ Ընդ որում, «Ելք» խմբակցությունն ընդգրկում էր ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Կարեւոր է նշել, որ միջազգային չափորոշիչներով քննարկումների խորհրդարանական ձեւաչափը համարվում է ընտրական օրենսդրության մշակման ամենաարդյունավետ եղանակը։ Իսկ մի շարք դեպքերում, օրինակ, ընտրակարգ որոշելիս պահանջվում է քաղաքական ուժերի լայն կոնսենսուս։ Դեռեւս օգոստոսին խորհրդարանական աշխատանքային խումբն ամփոփել էր իր առաջարկները եւ ուղարկել կառավարություն։ Սակայն նույնիսկ բոլոր ուժերի համաձայնությամբ ներկայացված մի շարք կարեւոր առաջարկներ ամբողջությամբ անտեսվեցին կառավարության կողմից։ Ընտրական օրենսգրքի նախագիծը պաշտոնապես ՀՀ ԱԺ ներկայացվել է ընդամենը հոկտեմբերի 17-ին։ Դա նշանակում է, որ ԱԺ խմբակցությունները նախագծի վերջնական տարբերակին ծանոթանալու համար ունեցել են ընդամենը երկու լրիվ աշխատանքային օր։ Կառավարությունը պնդում է, որ նախնական տարբերակը երկու շաբաթ առաջ տեղադրված էր «Իդրաֆթ» կայքում, սակայն ակնհայտ է, որ նախագծի նախնական տարբերակն էապես տարբերվում է խորհրդարան ներկայացված տարբերակից։ Չմանրամասնելով բազմաթիվ բովանդակային փոփոխությունները՝ բավարար է միայն նշել, որ միասնական կայքում տեղադրված նախագիծը բաղկացած էր 87 հոդվածից, իսկ վերջնականը՝ 69 հոդվածից։

Նախագիծը հապճեպությամբ եւ շտապողականությամբ ներկայացվել է ոչ միայն խորհրդարան, այլեւ Վենետիկի հանձնաժողով։ Հանձնաժողով նախագիծը ներկայացվել է ընդամենը մի քանի օր առաջ։ Սա նշանակում է, որ Վենետիկի հանձնաժողովը պաշտոնական քննարկում անցկացնելու եւ եզրակացություն տալու հնարավորություն չի ունեցել։ Ըստ էության, առաջին անգամ Վենետիկի հանձնաժողովը զրկված է մինչեւ ԱԺ կողմից Ընտրական օրենսգրքի նախագծի ընդունումը դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու եւ իր առաջարկների հիման վրա նախագծում փոփոխություններ ակնկալելու հնարավորությունից։ Չկա նաեւ ԵԱՀԿ ՇՄԻԿ կարծիքը։

Նախագծով առաջարկվող կարգավորումները նախատեսվում է կիրառել առաջիկա արտահերթ ընտրությունների ժամանակ։ Ընդհանուր առմամբ համաձայն լինելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարին, մենք բազմիցս դեմ ենք արտահայտվել այն հապճեպությանը, որով փորձ է արվում դրանք անցկացնել մինչեւ 2018թ. տարեվերջ։ Գործադիր իշխանության ճնշումների ներքո ընտրությունները երկու ամսվա ընթացքում անցկացնելը կուսակալություններին զրկում է նոր ընտրական կարգավորումների ներքո վերադասավորվելու եւ մարտավարությունը վերանայելու հնարավորությունից։ Այդպիսի մոտեցումը հակասում է միջազգային չափանիշներին։ Այսպես, Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ թեեւ ընտրական համակարգի փոփոխությունը չի կարող համարվել որպես բացասական երեւույթ, սակայն բացասական է դրա փոփոխությունը հենց ընտրություններից առաջ։ Պատճառն այն է, որ այդպիսի հապճեպությունը նույնիսկ քաղաքական մանիպուլյացիաների բացակայության պարագայում թողնում է տպավորություն, որ դրանք առկա են։ Դրանից խուսափելու համար հանձնաժողովն առաջարկում է, որ եթե Ընտրական օրենսգիրքը ենթարկվում է էական փոփոխությունների, ապա նոր համակարգը ուժի մեջ մտնի օրենքի ընդունումից առնվազն մեկ տարի անց։ Դա վերահաստատել է նաեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահն իր հոկտեմբերի 19-ի հայտարարության մեջ՝ նշելով մեկամյա ժամկետի պահպանման անհրաժեշտությունը՝ կապված ընտրական համակարգում այնպիսի առկա փոփոխությունների հետ, ինչպիսին է տարածքային ցուցակների վերացումը։

Վերաբերյալի հիման վրա ՀՀԿ հայտարարում է, որ վերանշված հիմնավորումներով կողմ չէ ներկայացված նախագծին։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, մտքերի փոխանակությունն ավարտվեց։ Եզրափակիչ ելույթի համար հրավիրում եմ պրն Զեյնալյանին։ Խնդրեմ, պրն Զեյնալյան։

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ելույթում ինձ հիշատակեց, եւ, ի նշան հարգանքի՝ պառլամենտարիզմի, ես էլ իմ ելույթում կհիշատակեմ իրեն։

Պրն Աշոտյանը, երբ խոսում էր, իր ելույթի ոճը եւ տրամաբանությունը հիշեցնում էր «Ելք» խմբակցության պատգամավորների ելույթների ոճն ու տրամաբանությունը, երբ մենք հակափաստարկներ էինք ներկայացնում ԱԺ-ի հանձնաժողովների թվաքանակը մեկով պակասեցնելու վերաբերյալ, երբ մենք ներկայացնում էինք փաստարկներ, թե ինչու պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով ԱԺ միջանցքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ եւ նմանատիպ այլ հարցերով։ Սակայն ես իմ պատասխաններն այս ելույթներին եւ խմբակցությունների անունից եղած ելույթներին կտամ լրիվ այլ տրամաբանությամբ եւ այլ ոճաբանությամբ, որը տարբերվում է քաղաքական մեծամասնության ելույթների տրամաբանությունից եւ ոճից, ինչը հնչում էր՝ ի պատասխան «Ելք» խմբակցության պատգամավորների։

Ես ըստ հերթականության փորձեմ անդրադառնալ հնչեցված հարցերին։ Կառավարության կազմի հրապարակման պայմանի վերաբերյալ. մենք կարծում ենք, որ դա պետք է լինի հայեցողական լիազորություն՝ տրված ընտրական պրոցեսներին մասնակցող սուբյեկտներին եւ ոչ թե պարտականություն։ Սակայն մենք նախատեսում ենք պարտականություն ԿԸՀ-ի համար՝ այդպիսի հայեցողական լիազորություն իրականացնելու դեպքում. դա պաշտոնական կայքում հրապարակելն է։ Պետք է սա պարտադիրին անցնելու դեպքում նաեւ քննարկման առարկա դարձնել հետեւյալը։ Ներկայիս իրողությունների պայմաններում արդյո՞ք ընդդիմադիր կուսակցությունը, ընդդիմադիր դաշինքը կկարողանա հրապարակել իր նախարարների ցուցակը, որոնք, ասենք, այս պահին գտնվում են աշխատանքի մեջ եւ տարբեր վարչությունների պետեր են եւ այլն։ Պետք է սա գնահատել՝ որքանով է արդյունավետ, որքանով է նպաստում նրանց հանդես գալուն։ Մենք միաժամանակ պնդելու ենք, որպեսզի հակառակ սեռի քվոտան ավելացվի։ Մենք ոչ թե ասում ենք կանանց քվոտայի ավելացում՝ 25-30 տոկոս, այլ հակառակ սեռի ներկայացուցիչների։ Եվ սա պետք է նպաստի ժողովրդավարության զարգացմանը։

Համամասնական բաց ցուցակների վերաբերյալ մեր պատասխանը հետեւյալն է։ Հարգելի գործընկերներ, մենք կարծում ենք, որ սա ավելի ժողովրդավարական է։ Բայց այս կարճ ժամանակամիջոցում այդպիսի տեխնիկական լուծում տալն է ուղղակի անհնար։ Մենք ընդունում ենք դա եւ կարծում ենք, որ դա հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային քվեարկության համակարգ ներդնելու միջոցով, որն այս կարճ ժամանակամիջոցում հնարավոր չի։ Կիսում ենք ձեր տեսակետը, բայց ինքներդ էլ հասկանում եք, որ այս կարճ ժամանակահատվածում սա հնարավոր չի։

Ինչ վերաբերում է մեկ տարի առաջ փոփոխություններ իրականացնելուն։ Հարգելիներս, 2017թ. խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին շատ գլոբալ էական փոփոխություններ անելուց ոչ մեկ տարի անց, եւ սա ողջունվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Եվ Վենետիկի հանձնաժողովը նաեւ բացառություն է արել, թույլ է տվել բացառություն, եթե կա լայն կոնսենսուս։ Իսկ ամբողջական համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ կոնսեսուս կա, որն արձանագրված է կառավարության ծրագրով։ Կառավարության ծրագրին կողմ են քվեարկել բոլորը։ Այս կոնսենսուսն արձանագրված է։

Հարգելի գործընկերները բարձրացնում են ընտրական վեճերի սկզբունքի հարց՝ ազդել է, չի ազդել, կարող է ազդել, չի կարող ազդել։ Սիրելիներս, այս ամբիոնից որպես պատգամավոր բազմիցս հանդես եմ եկել ելույթներով եւ պարզաբանմամբ։ Ընտրությունների արդյունքները վիճարկվում են երկու հիմքով։ Երեւույթներ, խախտումներ, շեղումներ, որոնք տեխնիկապես առաջացրել են ձայների սխալ հաշվարկ, եւ դա հնարավոր է շտկել, եւ այնպիսի խախտումներ, որոնք հնարավոր չի բացահայտել, հնարավոր չի ճշգրիտ պատկերը վերհանել։ Մի դեպքում, երբ քվեաթերթիկները վերահաշվարկում ես, վերականգնում ես իրական պատկերը, մյուս դեպքում, երբ կամքի ազատ արտահայտման վրա եղել է ճնշում, անօրինական ազդեցություն, հնարավոր չի իրական պատկերը վերլուծել, եւ այդ տեղամասում քվեարկության արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն։ Իսկ այդպիսի տեղամասերի քանակի գնահատականը տալիս է ԿԸՀ-ն։ Արդյո՞ք այնպիսի տարածություն ունի՝ կոնկրետ փաստական հանգամանքներով պայմանավորված, որոնք կարող են աղավաղել ողջ պատկերը, ուստի անվավեր են ճանաչվում ընտրության ողջ արդյունքները։ Սա ընտրական իրավունքի էությունից է բխում, եւ մենք չենք կարող պարտականություն դնել ընտրական հանձնաժողովի վրա՝ ընտրանքային հաշվարկ կատարել։ Մենք հիշում ենք դեպքեր, երբ այնքան պահանջներ են եղել տեղամասում վերահաշվարկի վերաբերյալ, որ դա ի վիճակի չի եղել հանձնաժողովն իրականացնել։ Եվ դա նորմալ է, որ վերահաշվարկ չի իրականացվում, քանի որ ժամկետները սպառվում են։ Ընտրական իրավունքի առանձնահատկություններից է գալիս եւ հակառակ ուղղությամբ, երբ կա հավանականություն, որ ազդել է ընտրության արդյունքների վրա, այդտեղ ապացուցման շեմը շատ ցածր է, եւ պետք է ընտրությունները ճանաչվեն անվավեր։ Սրանք իրար հետ հավասարակշռված են՝ պայմանավորված ընտրական իրավունքի առանձնահատկությամբ։

Հարգելի գործընկերներ, ժամանակս շատ քիչ է, բայց ուզում եմ հնչեցնել հետեւյալ տեսակետը, հետեւյալ կամքը կառավարության, որ ռացիոնալ առաջարկություններ եղել են պատգամավորների կողմից, եւ 1-ից 2-րդ ընթերցման փուլում մենք պատրաստ ենք դրանք քննարկել եւ համատեղ լուծումներ գտնել, այդ թվում՝ մեծ հավանականությամբ, որ դրանք կընդունվեն։ Միեւնույն ժամանակ ես ուզում եմ կառավարության անունից առաջարկել նախագահողին իրացնել իր լիազորությունը եւ քվեարկությունը նշանակել այսօր ժամը 17։30-ին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների մի մասը դեռեւս ուղեւորվում է այստեղ։ Իհարկե, նախագահողը պետք է գնահատի այս առաջարկությունը, որպեսզի նրանք գան եւ ցանկություն ունեն մասնակցելու քվեարկությանը։ Գնահատականը թողնում եմ նախագահողին, հաշվի առեք նաեւ կառավարության այս առաջարկությունը։ Շնորհակալություն, կներեք, որ բոլոր հարցերին չպատասխանեցի։ Կարող եմ առանձին պատասխանել աշխատանքային կարգով։ Շնորհակալ եմ։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Զեյնալյան։ Հարգելի գործընկերներ, մենք ավարտեցինք քննարկումները։ Ես մինչեւ անցնեմ որոշմանը, քվեարկության դնեմ քննարկված հարցը, թույլ տամ ինձ պրն Մելքումյանի ռեպլիկային պատասխանել։ Այո, պրն Մելքումյան, մենք պետք է լինենք ավելի բարձր, քան մեր անձնական կամ կուսակցական շահն է, երբ վարում ենք նիստը եւ կառավարում ենք ԱԺ-ը։ Եթե ես նման տրամաբանությամբ գնայի որպես պատգամավոր, որը հանդիսանում է Հանրապետական կուսակցության ֆրակցիայի անդամ, ես պետք է դեմ քվեարկեի եւ ես օտագործեի այս առիթն այս պահին, երբ 57 պատգամավոր է նստած, դնեի քվեարկության եւ տապալեի օրենքի ընդունումը։ Ես ընդունում եմ կառավարության առաջարկը՝ հետաձգել քվեարկությունը մինչեւ 17։30, որպեսզի տամ հնարավորություն, եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են քվեարկել, մասնակցեն եւ քվեարկեն, եւ լինի արդար, բնականոն աշխատանք։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Քանի որ իմ ազգանունը տվեցիք, վարման կարգով ասեմ, որ խնդիրն այլ բանի մասին էր։ Երբ դուք չկարողանայիք վարել, ես կվարեի, եւ հարցը կլուծվեր։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Այո, ժամը 4-ին խորհրդի նիստ է։


Ժամը 17:30

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, քվեարկության դրվող օրենքը սահմանադրական է, ուստի պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով:

Քվեարկության է դրվում... Մի րոպե, հայտարարեմ:

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Վարման կարգով` Լենա Նազարյան:

Լ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Պրն Բաբլոյան, խնդրում եմ 20 րոպե ընդմիջում:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Ընդմիջում` 20 րոպե:

20 ՐՈՊԵ ԸՆԴՄԻՋՈՒՄ

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Բաղդասարյան, արի՛ նստիր:

Քվեարկություն:

Կողմ` 56
Դեմ` 3

Որոշումը չի ընդունվել:

Նիստն ավարտվեց: