National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
14.09.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

14 սեպտեմբերի 2004

Ժամը 1000

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ՝ քվեարկությունների։

Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ նախապատրաստվել գրանցման։ Ստուգում, նախ՝ ստուգենք։ Առարկություններ կա՞ն։ Չկան։

Գրանցում։ Գրանցվել են 91 պատգամավորներ։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Կենտրոնական բանկի մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 83
Դեմ՝ 1
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Ինկասացիայի մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 85
Դեմ՝ 1
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում ԱԺ պատգամավորներ Հրայր Կարապետյանի, Հովհաննես Մարգարյանի, Լեւոն Մկրտչյանի, Ոստանիկ Մարուխյանի կողմից ներկայացված «Պետական նյութական պահուստի մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 87
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում ՀՀ Նախագահի կողմից 2001թ. սեպտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրված «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» համաձայնագիրը։ Քվեարկություն։

Կողմ՝ 86
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունված է։

Հարգելի պատգամավորներ, այսօրվա մեր քվեարկություններն այսքանով ավարտվում են, բայց մենք ունենք շատ կարեւոր օրենսգրքերի քննարկում։ Մենք այսօր պետք է քննարկենք Աշխատանքային օրենսգիրքը, Աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու կարգը եւ այլ կարեւոր օրինագծեր։ Կոչ եմ անում պատգամավորներին ակտիվ մասնակցել, ճի՞շտ է, պրն Հովհաննիսյան, օրինաստեղծ գործունեությանը։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, լսելով այս կոչը՝ ես առաջինն օրինակ տամ եւ տեղեկացնեմ ձեզ, որ 1-ինը կքննարկվի կառավարության կողմից ներկայացված «ՀՀ աշխատանքային օրենսգիրք» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող է արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը։

Ես ձեզ հիշեցնեմ, որ սրանք քննարկվում են հատուկ կարգով։ Ուստի պրն Մուկուչյանն ունի 40 րոպե իր զեկույցի համար։ Խնդրեմ։ Հարակից զեկուցողները կունենան 30-ական րոպե։

Տ.ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, թույլ տվեք ՀՀ ԱԺ քննարկմանը 2-րդ ընթերցման ռեժիմով ներկայացնել «Աշխատանքային օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագիծը։ Օրենսգրքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ԱԺ կողմից ընդունվելուց հետո ամբողջ ժամանակահատվածում ներկայացվել են ավելի քան 340 առաջարկություններ։ Եթե ամփոփաթերթը նայելու լինենք, քանզի ամփոփաթերթում որոշակի առաջարկություններ, որոնք վերաբերել են նույն հեղինակին կամ նույն առարկային, դրանք համակարգված են, եւ փորձ է կատարվել ուղղակի համակարգել եւ ներկայացնել մեկ համարով, եւ ամփոփաթերթում ստացվել է 329, այդուհանդերձ առանձին առաջարկությունների տեսքով առաջարկությունների ընդհանուր թիվը եղել է 349։

Հարկ եմ համարում նկատել, որ նախագծի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ԱԺ, «Հանրապետական», «Օրինաց երկիր», ՀՀԴ, ՄԱԿ խմբակցությունների կողմից, առանձին պատգամավորների կողմից։ ԱԺ հանձնաժողովները եւս ներկայացրել են առաջարկություններ, որոնք մանրամասն կերպով քննարկվել եւ, բնականաբար, դրանց հիմնական մասը ներառվել է այս նախագծում։

Ընդհանուր բացարձակ թվերով, եթե նշելու լինեմ, ապա ներկայացված առաջարկություններից չի ընդունվել 138-ը, իսկ սա նշանակում է, որ առաջարկությունների ավելի քան 60-62 %-ը լիարժեք կերպով ներառված է նախագծում։ Միաժամանակ նշեմ, որ ամառվա ընթացքում հնարավորություն եղավ նաեւ ունենալ քննարկումներ ԱԺ պատգամավորների եւ հանձնաժղովների հետ։ Եթե մինչ այդ քննարկումներն ավելի քիչ, այսպես ասեմ, առաջարկներ էին լիակատար կերպով ամփոփվել, ապա քննարկումների արդյունքում հնարավորություն եղավ, փաստորեն, նոր առաջարկներ ներառել նախագծում, միաժամանակ նաեւ նախկինում կառավարության կողմից մերժված որոշակի առաջարկություններ եւս ընդունելի համարեցին եւ զետեղվեցին նախագծի մեջ։ Նախ՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ԱԺ-ին, մասնավորապես ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովին, քանզի ամառվա ընթացքում, ինչպես արդեն նշեցի, հանձնաժողովի հետ բավականին լուրջ աշխատանքային քննարկումներ տեղի ունեցան։ Այդ քննարկումների ընթացքում հնարավորություն եղավ քննարկել բոլոր առաջարկները, նույնիսկ արդյունքում, երբ հանդիպում էին չընդունված առաջարկություններ, ուղղակիորեն ծնվում էին, փաստորեն, քննարկումների արդյունքում նոր առաջարկություններ՝ պայմանավորված նախորդում հնչածի մտահոգությամբ, եւ դրա համատեքստում արդեն գտնվում էին նոր լուծումներ, որոնք եւ ներառվել են նախագծում։ Պետք է նկատել, որ միայն այդ քննարկումների արդյունքում ԱԺ համապատասխան հանձնաժողովում, Աշխատանքային օրենսգրքում ավելի քան 20 առաջարկություններ եւս ներառվեցին։

Ի դեպ, մեկ կարեւորագույն հանգամանք եւս, որ մնացած առաջարկությունները, որոնք ընդունելի չէին համարվել եւ որոնք չէին ներառվել այս նախագծում, այդ առաջարկությունները եւս մանրամասն քննարկվել էին, եւ նրանց վերաբերյալ հիմնավորումները լսվելու պարագայում՝ այդ չընդունելու հետ կապված, եւս որ չպետք է ընդունվեն, նաեւ, այսպես ասեմ, կարողացել ենք համոզել՝ կառավարությունը համապատասխան պատգամավորներին, պատգամավորները կառավարությանը, այլ կերպ ասած, բոլոր որոշումները, այս ամփոփաթերթը կազմելիս, եղել են, գոնե տվյալ հանձնաժողովում քննարկումների արդյունքում, ուղղակիորեն միաձայնությամբ կամ կոնսենսուսով կայացված որոշումներ։

Այնուամենայնիվ, անդրադառնամ այն առաջարկություններին, որոնք չեն ներառվել հիշյալ նախագծում, եւ փորձեմ որոշակի հիմնավորումներ ներկայացնել չներառման պատճառների վերաբերյալ։ Առաջարկություններից մեկը պրն Պետրոսյանի առաջարկությունն է եղել, որը վերաբերում էր, որպեսզի հաշմանդամների աշխատանքը կարգավորող իրավական նորմերը, մասնավորապես մի շարք նորմեր, դրանցից արդեն իսկ ներառված են 1993թ. ապրիլին ընդունված «Հաշմանդամների սոցիալական իրավունքները, երաշխիքները սահմանող պաշտպանվածության մասին» ՀՀ օրենքում, առաջարկում էր, որպեսզի այդ նորմերը զետեղվեին այս նախագծում։

Նման առաջարկություններ եղել էին նաեւ այլ պատգամավորների կողմից։ Բնականաբար, այն մասով, ինչ մասով պետք է կարգավորի Աշխատանքային օրենսգիրքը, այդ մասով նորմերը ներառված են։

Մնացած մասով, քանզի խնդիրը վրաբերում է արտոնություններին, ապա նման արտոնություններ կարող են սահմանվել եւ, բնականաբար, այդ արտոնություններան այսօր իսկ արդեն սահմանված են ինչպես իմ հեշատակած օրենքով, այնպես էլ տարբեր օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերով։ Անշուշտ, դրանք ունեն մեծ կարեւորություն, սակայն մենք կարծում ենք, որ դրանք չպետք է, որ իրենց ամրագրումը ստանան Աշխատանքային օրենսգրքում։ Աշխատանքային օրենսգրքում ամրագրված է այն նվազագույնն ու անհրաժեշտը, ինչ անհրաժեշտ է հիշյալ կատեգորիայի աշխատողների աշխատանքային իրավունքները եւ օրինական շահերը պաշտպանելու համար։ Դա, մասնավորապես, վերաբերում է աշխատանքի ընդունելու ժամանակ խտրականության վերացմանը, դա վերաբերում է առանձին արտադրություններում՝ կապված առողջության համար վնասակար եւ այլ գործոններ ունենալու դեպքերում աշխատողի համաձայնության խնդրին, գիշեր ժամանակ աշխատանքի կարգավորումը, արտաժամյա աշխատանքների կարգավորում, արձակուրդների խնդիր եւ այլն։ Այս ամեն ինչը, փաստորեն, կարգավորված է։ Սրանից զատ, եթե խնդիր կա նաեւ իրականացնել այլ լրացուցիչ սոցիալական երաշխիքներ ամրագրել, ապա կարծում ենք, որ այդ երաշխիքները պետք է ամրագրվեն համապատասխան այլ օրենսդրական ակտերում։

Հաջորդ առաջարկությունը վերաբերում էր այն առանձին դեպքերին, երբ աշխատանքային պայմանագիրը կնքելիս, հնարավոր կլինեն այնպիսի դեպքեր, երբ անձը կունենա դատվածություն, հետեւաբար պետական կազմակերպություններում նյութական արժեքներ սպասարկող աշխատանքներում պետք է արգելվեր նման աշխատողների աշխատանքը, ինչպես նաեւ, եթե առկա է որոշակի ազգակցական կապ գործատու-աշխատող հարաբերություններում, եւս պետք է թույլ չտրվեին կնքելու աշխատանքային պայմանագրեր։

Ուրեմն, նախ՝ նշեմ, որ եթե խնդիրը վերաբերում է քաղաքացիական կամ այլ ծառայություններին, ապա այդ խնդիրները լիարժեք կերպով կարգավորված են։ Մնացյալի պարագայում գործատու-աշխատող հարաբերություններում գործում է պայմանագրի ազատության սկզբունքը եւ, վերջին հաշվով, առկա են լիակատար հակադարձ շահեր։ Գործատուն ունի, բնական է, իր շահերը, աշխատողն ունի իր շահերը։ Եվ եթե այս շահերում արդեն իսկ առաջանում են որոշակի բախումներ, հետեւաբար կողմերն իրենք են որոշում եւ պայմանագրում ամրագրում իրենց վարքագծի կանոնը։ Սա նշանակում է, որ եթե գործատուն, այսպես ասեմ, ընդունելով աշխատանքի մերձավոր ազգականների, դրանով իսկ, փաստորեն, ավելի է բարձրացնում իր հնարավոր կորստյան ռիսկերը, ապա սա, բնական է, տվյալ գործատուի խնդիրն է, եւ տվյալ հարցում որոշակի միջամտությունների իրականացումը կարող է ավելի բարդ հետեւանքների առաջացնել։

Հաջորդ խնդիրը վերաբերում էր աշխատավարձի տարբերակված դրույթների նախատեսմանը։ Նման առաջարկություններ եւս եղել էին։ Մենք փորձեցինք այս ամենը համադրել նաեւ «Աշխատանքի վարձատրության մասին» օրենքի հետ, որտեղ արդեն իսկ առկա են որոշակի դրույթներ, որոնք ապագայում, անշուշտ, պետք է ենթարկվեն որոշակի փոփոխությունների։ Կարծում ենք, որ նախագծում պետք է ամրագրվեր խոսք, որ առանձին աշխատանքների համար պետք է նախատեսվեն նման արտոնություններ, նման տարբերակումներ, նման տարբերակված մոտեցումներ։ Իսկ մնացյալ խնդիրների հետ կապված, թե ինչպիսի՞ն պետք է լինի, ի՞նչ չափերով, որո՞նք են նորմատիվը, ասենք, պարտադիր նորմատիվը, պարտադիր նորմատիվից զատ ինչպիսի՞ առավելագույն սահմաններ կարող են լինել։ Այս ամենը, բնական է, առանձին արդեն օրենքում կարգավորելու խնդիր են իրենցից ներկայացնում։

Մյուս խնդիրը վերաբերում էր համատեղությամբ աշխատանքի խնդրին, որը ներկայացվում էր, որ նախագծում բավականին աղքատիկ է ներկայացված։ Նու, համատեղության հարցը նախագիծը ամրագրել է հետեւյալ ենթատեքստով, որ սահմանել է, նախ՝ որոշակի ժամանակահատվածներ, որպեսզի անձի աշխատանքը չդառնա շահագործվող, այսինքն՝ ժամանակահատվածի առավելագույն տեւողություն, հիմնական աշխատաժամանակի եւ համատեղությամբ աշխատաժամանակի, փաստորեն, գումարային այդ ժամանակահատվածների առավելագույն տեւողությունն ամրագրված է այդ նախագծում։ Դրանից զատ նախագիծը նախատեսել է նաեւ, որ, բնական է, գործատու-աշխատող հարաբերություններում, երբ առկա է աշխատանքային պայմանագիր, եւ եթե այդ համատեղությունն իրականացվում է այդ պայմանագրով նախատեսված աշխատաժամանակի շրջանակներում, տվյալ պարագայում արդեն անհրաժեշտություն կառաջանա լրացուցիչ համաձայնության։ Իսկ եթե խնդիրը վերաբերում է հիմնական աշխատաժամանակի ավարտից հետո այլ գործատուի մոտ այլ աշխատանքային պայմանագրով աշխատելուն, ապա նման պարագայում, եթե հիմնական պայմանագրով այլ կարգ նախատեսված չէ, ապա հիմնական գործատուի համաձայնության անհրաժեշտություն չպետք է հարցնի աշխատողը։ Այլ կերպ ասած, խնդիրը վերաբերում է հետեւյալին, որ երբ աշխատողն աշխատում է որոշակի գործատուի մոտ, նրանք պայմանավորվում են աշխատանքի վարձատրության պայմաններ, միաժամանակ նաեւ աշխատանքային տվյալ հարաբերությամբ պայմանավորված այլ պայմաններ։ Այստեղ արդեն գործատուն կարող է նաեւ պահանջ ներկայացնել, որպեսզի տվյալ աշխատողը, ասենք, այլ աշխատանք չկատարի, օրինակ՝ մրցակից կազմակերպությունում կամ այլ գործատուի մոտ։ Տվյալ պարագայում, եթե առաջարկվում է նման պայմաններ, բնական է, աշխատողի կողմից արդեն կներկայացվեն դրան համարժեք այլ պայմաններ եւ, եթե կողմերը կհամաձայնվեն դրան, որեւէ խնդիր, բարդություն չի առաջանում։ Սակայն մնացած բոլոր դերքերում, երբ աշխատողն աշխատում է ընդամենը 2-3 ժամ եւ վարձատրվում 2-3 ժամի համար, դրանից էլ բացի առաջանում են կամ նրա համար սահմանվում են լրացուցիչ ինչ-որ խնդիրներ, կամ լրացուցիչ, այսպես, արգելք, որպեսզի վերջինս համատեղության կարգով իրականացնի այլ աշխատանք, սա, կարծում ենք, չի բխում ոչ միայն աշխատողի, այլ ընդհանրապես մարդու եւ քաղաքացու իրավունքներից եւ օրինական շահերից։

Հաջորդ խնդիրը վերաբերում էր այն հանգամանքին, որպեսզի նախագիծը հնարավորություն տար սահմանելու միջին վաստակը։ Սա թերեւս կարեւորագույն առաջարկություն էր։ Այս առաջարության հեղինակներ էին հանդիսանում բազմաթիվ պատգամավորներ։ Մենք փորձ կատարեցինք, եւ պետք է նշեմ, որ սա երեւի նախագծի կարեւորագույն ստացված հոդվածներից է, որովհետեւ այս հոդվածում մանրամասն կերպով եւ առաջին անգամ Աշխատանքային օրենսդրության մակարդակով կանոնակարգվում է, ուրեմն, տարեկան աշխատավարձի հաշվարկման կարգը, օրական, ժամային դրույքաչափի հաշվարկման կարգը։ Փաստորեն, սա այն եզակի դեպքն է, երբ կարգի հաշվարկումը, իհարկե, նկատի ունենալով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր, փաստորեն, արձակուրդի պարագայում այդ հաշվարկներն իրականացնելիս, վճարովի արձակուրդների մասին է խոսքը, այդ կարգը ձեռք է բերում էական նշանակություն։ Դրա հետ կապված, փաստորեն, կիսելով առաջարկության հեղինակների մտահոգությունը, այդ նորմը լիարժեք կերպով մենք արտացոլեցինք նախագծում եւ, փաստորեն, նախագծում սահմանվեց հստակ հոդված։

Հաջորդ խումբ, այսպես, առաջարկությունները վերաբերում էին, մասնավորապես, ազատման հիմքերին։ Ազատման հիմքերի պարագայում կհիշեք, որ երբ հարցը քննարկվում էր ԱԺ կողմից, արդեն իսկ քննարկման ժամանակ հնչում էին բազմաթիվ մտահոգություններ՝ կապված գործատուի նախաձեռնությամբ Աշխատանքային պայմանագիրը լուծելու այնպիսի հիմքերի հետ, ինչպիսիք էին վստահությունը կորցնելը կամ անվայել արարք կատարելը, եւ նշվում, որ նշված իրավանորմերը կարող են ի չարս գործադրվել կամ ի հակադրություն իրենց նպատակին ու նշանակության կիրառվել, դրանով իսկ նպաստելով աշխատողների իրավունքների օրինական շահերի ոտնահարմանը։ Այս ամենի համատեքստում նախագծից հանվեց, այսպես կոչված, անվայել արարք կատարելու վերաբերյալ դրույթը, ինչի համատեքստում գործատուն, փաստորեն, կարող էր աշխատողին ազատել աշխատանքից։

Փոխարենը հաջորդ հոդվածում, որը վերաբերում էր վստահությունը կորցնելու դեպքերում պայմանագրի լուծմանը, այս հոդվածում հիմքերն ամրագրվեցին առավելագույնս հստակ, որոնք հնարավորություն չեն տա, կարծում ենք, արդեն նորմերի տարամեկնաբանությունը եւ տարամեկնաբան կիրառելիությունը, միաժամանակ նաեւ այն ձեւակերպումները, որոնք ամրագրվեցին նախագծում։ Կարծում ենք, որ դրանք առավելագույնս հստակ են, եւ դրանցով պայմանավորված՝ չարաշահումներն ուղղակի հնարավոր կլինի կանխել։

Խոշոր մյուս առաջարկությունը, որը ներկայացվել էր, դա վերաբերում էր այն հանգամանքին, որպեսզի հնարավորություն ընձեռվեր աշխատողների իրավունքների եւ շահերի պաշտպանությունն արհեստակցական կազմակերպություններից բացի, իրականացնեին նաեւ աշխատողների ներկայացուցիչները։ Բավականին երկար քննարկում է տեղի ունեցել հիշյալ հարցի վերաբերյալ եւ, կարծում ենք, որ նախագծով նախատեսված մոդելը կամ մոտեցումը, ինչը քննարկումների արդյունքում եւս բավականին լուրջ լրամշակման ենթարկվեց, մեզ հնարավորություն է տալիս, փաստորեն, լիարժեք կերպով կանոնակարգել նաեւ մտահոգությունը։ Գտնում ենք, որ աշխատողների կոլեկտիվների, ասենք, առանձին անդամների նման իրավասություններ տալու փոխարեն նախատեսվեց մեկ այլ մոտեցում, համաձայն որի՝ արհեստակցական կազմակերպություն չձեւավորվելու պարագայում կազմակերպությունում աշխատողները կարող են որշում կայացնել եւ իրենց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը փոխանցել կամ լիազորել համապատասխան ճյուղային արհեստակցական կազմակերպությանը, ինչը, բնականաբար, ավելի կատարյալ կերպով կարող է իրականացնել աշխատողների շահերի պաշտպանությունը։ Կարծում ենք, որ սա թերեւս լավագույն մեխանիզմն է, որն ի նպաստ կարող է գործել գործատու-աշխատող հարաբերություններում։

Մյուս խնդիրը վերաբերում է նրան, որպեսզի, քանզի նախագծը նախատեսել էր արհեստակցական կազմակերպությունների, փաստորեն, ձեւավորման հարցում, այսպես կոչված, տարածքային արհեստակցական կազմակերպություններ եւ գործատուների տարածքային մարմիններ ստեղծելուն, եւ առաջարկություն կար, որպեսզի բավարարվեինք սոսկ ճյուղայինով։ Սակայն նշենք, որ այսօր իսկ պրակտիկան արդեն ցույց է տալիս, որ տարբեր, հատկապես արհեստակցական միությունների հետ կապված, մարզերում մենք արդեն իսկ ունենք մարզային կտրվածքով ձեւավորված, եթե ոչ ֆորմալ, ապա, ուրեմն, փաստորեն, փաստացի ձեւավորված արհեստակցական կազմակերպություններ։ Դա, մասնավորապես, վերաբերում է, օրինակ՝ կրթության բնագավառին, երբ, ասենք, ըստ մարզային կտրվածքի տարբեր դպրոցներ, իրենց աշխատավորական կոլեկտիվները ձեւավորում են արհեստակցական միություններ, եւ դրանցով էության մեջ հենց ձեւավորում են այդ տարածքային արհեստակցական կազմակերպությունները։ Կարծում ենք, որ նման հնարավորության նախատեսումը նախագծում կունենա էական նշանակություն։ Բնականաբար, եթե նույնիսկ այսօր այդ կառույցները թույլ են, մասնավորապես տարածքային արհեստակցական կազմակերպությունները, այնուամենայնիվ, գտնում ենք, որ օրենսդրորեն նման սահմանափակում կամ հնարավորության բացառում կիրառել ուղղակիորեն չի կարելի։ Այս առումով, փաստորեն, նախագծում նախատեսվել է նման հնարավորություն, ինչը, իհարկե, մեկ լրացուցիչ երաշխիք է, որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանել։ Միաժամանակ սրան համարժեք նաեւ ամրագրված է գործատուների կողմից տարածքային կազմակերպություններ ձեւավորելու հնարավորությունը, ինչի պարագայում արդեն, այսպես, շահերի փոխներդաշնակեցում տեղի կունենա եւ աշխատանքային իրավունքների լիակատար պաշտպանություն։ Հետեւաբար, նման հիմնավորումներովպայմանավորված, նախագծում, փաստորեն, շարունակում են մնալ այնպիսի նորմեր, որոնք վերաբերում են տարածքային կազմակերպությունների գոյությանն ու նրանց գործունեությանը։

Նախատեսվում էր առաջարկություն, որով, ուրեմն, փաստորեն, առաջարկվում էր նախագծում առանձին կատեգորիայի աշխատողների համար նախատեսել առանձին արտոնություններ։ Նու, մասնավորեպս նշեմ, որ արտոնությունների այն ծավալը, որը նախատեսված է կանանց աշխատանքը կանոնակարգելու համար կամ կանանց համար սահմանված արտոնությունները։ Թերեւս նախագծում ամրագրված նորմերը ոչնչով չեն վատթարացնում կին աշխատողի կարգավիճակը, քան այն ամրագրված է այսօր։ Մասնավորապես, խնդիրը վերաբերում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդին, դրա հետ պայմանավորված՝ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող անձանց աշխատանքային երաշխիքների ամրագրմանը։ Կարծում ենք, որ ամրագրվածից զատ ավելի շատ նորմերի ամրագրումը կարող է ի վնաս գործել հենց արտոնություն իսկ ստացող խավի, որովհետեւ, նախ՝ պետք է նկատի ունենալ, որ Աշխատանքային օրենսգիրքը, այսպես, սահմանում է աշխատող-գործատու հարաբերությունները, տալիս է նվազագույն արտոնությունների շրջանակը, որն անհրաժեշտ է անձի կյանքն ու առողջությունը պահպանելու համար, իսկ դրանից զատ ավելորդ արտոնությունները, բնական է, միշտ արտոնության սահմանումը կողմերից որեւէ մեկի համար առաջացնում է լրացուցիչ ծանրաբեռնվածություն, ինչի պարագայում ուղղակիորեն այդ արտոնություն կիրառողը կգտնի ամենատարբեր համարժեք մեխանիզմներ արտոնությունը չկիրառելու համար։ Բնական է, երբեք կինն աշխատանքի չի ընդունվի այն պատճառաբանությամբ, որ նա, ենթադրենք, կին է հանդիսանում, բայց, այնուամենայնիվ, այսպես, մասնագիտական գիտելիքների անբավարարություն եւ այլն, այս ամենը կարող է կիրառվել, եթե այդ արտոնությունների սահմանները լինեն թույլատրելի սահմաններից առավել մեծ շեղումներով։ Այն ամրագրված է, ինչ-որ ամրագրված է նախագծում, դա, նորից եմ կրկնում, որ ոչնչով չի վատթարացնում, այսինքն՝ չկան նորմեր, որոնք ավելի վատ կանոնակարգումներ են նախատեսում այդ խումբ աշխատողների համար, քան դա նախատեսված է եղել այսօր։

Միաժամանակ նշեմ կարեւորագույն խնդիրներից մեկը, որը ԱԺ քննարկումների ժամանակ բավականին ցավոտ հարցերից մեկն էր դարձել նախագծի։ Դա վերաբերում էր չվճարվող արձակուրդների տրամադրմանը։ Մասնավորապես, խնդիրը վերաբերում էր ամուսնության համար տրամադրվող արձակուրդին, հուղարկավորության արձակուրդներին։ Այն հիմնական քննադատությունը վերաբերում էր նրան, որ նախագծով ամրագրված ժամկետները դրանք խիստ կարճ ժամկետներ էին, մասնավորապես նախատեսված էր ամուսնության համար մեկ օր, հուղարկավորության ծախսերի համար՝ առնվազն 3 օր։ Բնական է, քննարկումների արդյունքում մենք կարողացանք, այսպես ասեմ, փոխընդունելի տարբերակներ գտնել, եւ նախատեսվեց, որ ամուսնության ընթացքում, փաստորեն, 3 օրվա արձակուրդի ռեժիմն ամրագրվեց, միաժամանակ նման հնարավորությամբ, ասենք, ավելի երկարաձգված բնույթ կրեց նաեւ հուղարկավորության համար սահմանվող արձակուրդի տեւողությունը։ Փաստորեն, այն մտահոգությունը, որ առկա էր, մտահոգությանը, կարծում եմ, լիարժեք կերպով լուծում տվեցինք։

Առաջարկությունների մի մեծ խումբ վերաբերում էր այլ պետություններում կատարվող աշխատանքի կարգավորմանը մեր Աշխատանքային օրենսդրության եւ այլ պետությունում կատարվող աշխատանքների միջեւ առաջացող կապին, թե ինչպես կարգավորվեն խնդիրները, երբ աշխատանքը կատարվում է այլ պետությունում, պայմանագիրը կնքվել է ՀՀ-ում։ Այս առումով արմատական բարեփոխման ենթարկվեցին նախագծի 6-8-րդ հոդվածները, որոնք վերաբերում էին այդ խնդիրների կարգավորմանը։ Փաստորեն, այստեղ բավականին մանրամասն ուսումնասիրվեց միջազգային փորձն ու պրակտիկան, եւ այդ ամենի համատեքստում գտնվեցին համարժեք լուծումներ, որոնք լիարժեք կերպով արդեն իսկ կարգավորեցին Հայաստանում կնքված Աշխատանքային պայմանագրի ճակատագիրը, օտարերկրյա պետությունում կնքված պայմանագրի ճակատագիրը, եթե գործատուն գրանցված է ՀՀ-ում կամ ՀՀ քաղաքացի է, եթե գործատուն օտարերկրյա է եւ այլն։ Այլ կերպ ասած, այն, այսպես ասեմ, տարակարծություն, տարամեկնաբանություն առաջացնող նորմերը, որոնք առկա էին նախագծում, այդ նորմերը լիարժեք կերպով, փաստորեն, ամրագրվել են եւ լիարժեք կերպով, փաստորեն, կանոնակարգում են ստացել ձեր քննարկմանը ներկայացվող օրենքի նախագծում։

Նախագծի հետ կապված կան նաեւ առանձին առաջարկություններ, որոնք վերաբերում էին առանձին կատեգորիայի անձանց, մասնավորապես խնդիրը վերաբերում էր աղվանական պատերազմի վետերաններին առանձին արտոնություններ սահմանելուն։ Ես նշեցի, որ ընդհանրապես բոլոր արտոնությունների քննարկման համատեքստում, կարծում ենք, որ արտոնություններ, անշուշտ, առանձին խավերի համար կարող են սահմանվել, սակայն դրանք պետք է սահմանվեն առանձին օրենքներով։ Աշխատանքային օրենսգրքով նման նորմեր ուղղակիորեն զետեղել չի կարելի։

Հաջորդ առաջարկությունը վերաբերում էր աշխատանքային ստաժի հաշվարկման առավել լայն, առավել մեծ մեխանիզմներ այս նախագծում նախատեսելուն։ Նախագիծը նախատեսում է մեկ հոդված, դա նախկին 32-րդ, ներկայի 20-րդ հոդվածն է, որով նախատեսված է «աշխատանքային ստաժի» հասկացությունը, եւ ընդհանուր բնույթ կրող դա մի հոդված է, որով նախատեսվում է ստաժերի որոշակի տեսակներ, թե նրանցից յուրաքանչյուրն ի՞նչ է իրենից ներառում։ Մնացածը՝ աշխատանքային ստաժի հաշվարկման հետ կապված, կարծում ենք, որ հիշյալ նախագծում ամրագրելու ուղղակի անհրաժեշտություն չկա, քանզի դրա հետ կապված ընդունվում են այլ իրավական ակտեր, որոնք սահմանում են, թե ի՞նչ կարգով, ի՞նչ կերպ պետք է սահմանվեն։ Բացի դրանից նկատի ունենանք, որ կենսաթոշակի հետ կապված խնդիրներ առաջանալիս, այստեղ շատ ավելի կարեւոր նշանակություն են ձեռք բերում ժամանակին կատարած սոցիալական վճարումները, այսինքն՝ Սոցիալական հիմնադրամ կատարած վճարումներն ավելի առանցքային նշանակություն են ունենում կենսաթոշակը հաշվարկելիս, որովհետեւ հիմնականում հիմք է ընդունվում կենսաթոշակի չափի որոշման ժամանակ վճարված սոցիալական վճարումները, քան թե աշխատանքային ստաժի չափը։ Այս առումով գտնում ենք, որ նախատեսված այն նորմերը որոնք կարգավորում են «աշխատանքային ստաժի» հասկացությունը, ինչը, իհարկե, իր ծավալային առումով, համենայնդեպս, տարբերվում է նախորդ նախագծից, որովհետեւ հոդվածն ավելի ընդարձակ դարձվեց, հոդվածում, փաստորեն, այն նորմերը, որոնք ամրագրված էին, դրանք լիարժեք կերպով հստակեցվեցին, խմբագրվեցին, բայց, կարծում ենք, որ ներկայացվածը լիարժեք կերպով կարող է կարգավորել հիմնական խնդիրը։

Կար մի շատ կարեւորագույն խնդիր, որի հետ կապված եւս ներկայացվել էին բազմաթիվ առաջարկություններ։ Դա, հատկապես, վերաբերում է գործադուլի կազմակերպման ժամանակ քվորումի խնդրին։ Մասնավորապես, նախագիծը նախատեսել էր այնպիսի տարբերակ, երբ գործադուլը պետք է կատարեր որեւէ կառուցվածքային կամ տվյալ իրավաբանական անձի կառուցվածքային, կամ առանձնացված ստորաբաժանում։ Տվյալ պարագայում նախագծով նախատեսվում էր, որ պետք է տվյալ կառուցվածքային ստորաբաժանումը, ուրեմն, իր ձայների 2/3-ով կայացներ նման որոշում, եւ 2/3 այդ թվաքանակը չպետք է պակաս լիներ, քան աշխատողների ընդհանուր թվի կեսը։ Բավականին մեծ քննարկում եղավ, որովհետեւ դա համարվում էր բավականին բարձր քվորում։ Այդ քվորումի պայմաններում անհնար կլիներ տարածքային կամ առանձնացված ստորաբաժանումում ըստ անհրաժեշտության կազմակերպել գործադուլներ։ Մյուս կողմից մտահոգությունը կայանում էր նրանում, որ եթե ընձեռվում է նման հնարավորություն, ապա հնարավոր է, որ ուղղակի այդ մի փոքր, ասենք, փոքր արտադրամասը կամ առանձնացված ստորաբաժանումն իրենից ներկայացնում է փոքր արտադրամաս՝ ոչ ավել, քան 10 աշխատողներով, ինչի աշխատանքից սակայն պայմանավորված է մնացած ամբողջ կազմակերպության աշխատանքը։ Հնարավոր էր, որ, ասենք, 10 հոգու աշխատանքի արդյունքում ուղղակիորեն հարկադիր պարապուրդ առաջանար, ենթադրենք, մնացած 90 կամ ավելի մեծ թվով աշխատողների մոտ։ Այս 2 մտահոգության համատեքստում գտնվեց, ուրեմն, լուծում, որ նման սահմանափակումը, այսինքն՝ որ այդ 2/3-ը պիտի փոքր չլինի, քան ընդհանուր կոլեկտիվի աշխատողների թվի 50-ից։ Կգործի միայն բացառապես այն դեպքերում, երբ կլինի այդ օրգանական կապն առանձնացված ստորաբաժանման եւ հիմնական կազմակերպության միջեւ։ Կարծեք թե, միջանկյալ, այսպես ասեմ, լուծում էր, ինչի համատեքստում լուծվեց, փաստորեն, 2 մտահոգությունը միաժամանակ, որպեսզի, նախ՝ առաջինը, եթե իրականում կա նման անհրաժեշտություն, աշխատողները կարողանան կազմակերպել իրենց գործադուլը՝ առանց հաշվի առնելու կազմակերպության մնացած աշխատողների կարծիքը կամ առանց նրանց կողմից որեւէ ճնշման ենթարկվելու կարողանան իրենք իրենց որոշումն ինքնուրույն ընդունել։ Բայց եւ միաժամանակ բոլոր այն դեպքերում, երբ կա փոխշաղկապում 2 տարբեր արտադրամասերի միջեւ, ապա տվյալ պարագայում, կամա թե ակամա, առաջանում է այն խնդիրը, որ այդ աշխատանքով կարող էր առաջանալ նաեւ հարկադիր պարապուրդ։

Հաջորդ խնդիրը վերաբերում էր նախագծի մի շարք հոդվածների, որոնք վերաբերում էին տեղեկատվության տրամադրման կարգին, որովհետեւ նախագծում կան առանձին հոդվածներ, որոնք վերաբերում են տեղեկատվության տրամադրմանը, տեղեկատվության պահպանությանը։ Խնդիրը վերաբերում է աշխատողի վերաբերյալ առկա տեղեկատվությանը, որը պահպանվում է գործատուի մոտ՝ ի՞նչ կարգով պետք է տրամադրվեն, ո՞ւմ պետք է տրամադրվեն։ Բոլոր առաջարկություններն էության մեջ ուղղված էին մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանությանը։

Հարկ եմ համարում նկատել, որ այդ առումով, թերեւս, ներկայացված բոլոր առաջարկությունները լիարժեք կերպով ամրագրվել արտացոլվել են նախագծում։ Փաստորեն, այն բոլոր մտահոգությունները, որ այդ տեղեկատվության տրամադրմամբ կարող էին ոտնահարվել այս կամ այն աշխատողների շահերը եւ այլն, այս ամենում գտնվել են լուծումներ։ Այդ լուծումների համատեքստում, փաստորեն, լիարժեք պաշտպանված են դարձվել այն տեղեկությունները, որոնք աշխատողների վերաբերյալ հավաքում են գործատուների մոտ։

Եղել է առաջարկություն՝ կապված աշխատանքային գրքույկներում գրառումներ կատարելու հետ։ Մասնավորապես, խնդիրը վերաբերում էր այն հանգամանքին, որ աշխատանքային գրքույկում աշխատանքից ազատման հիմքն ուղղակիորեն չէր նշվում, եթե չկար դրա հետ կապված աշխատողի պահանջը։ Այս նորմն ուներ կարեւորագույն նշանակություն՝ կապված քաղաքացու իրավունքի պաշտպանության հետ, որովհետեւ աշխատողը կարող է աշխատանքից ազատվել ամենատարբեր հիմքերով, կամ աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել ամենատարբեր հիմքերով։ Տվյալ պարագայում աշխատանքային գրքույկում ամրագրված այդ հիմքի ամրագրումը, բնականաբար, կարող էր կանխորոշ նշանակություն ունենալ հետագայում նրա կողմից նոր աշխատանք փնտրելիս կամ նոր աշխատանքային պայմանագիր կնքելիս։ Տվյալ պարագայում մենք նախատեսեցինք, որ եթե ցանկություն, այսպես ասեմ, առկա է ցանկություն աշխատողի մոտ, ապա պետք է հիմքն ամրագրվի, եթե ոչ, ապա ոչ, քանզի հակառակ պարագայում դա իրականում կարող է դառնալ մի յուրօրինակ խարան, ինչի պարագայում ուղղակիորեն աշխատողը, թեկուզ եւ, մեկ անգամ թույլ տալով աշխատանքային կարգապահության խախտում եւ այդ աշխատանքային կարգապահության խախտման համար ենթարկվելով արդեն իսկ պատասխանատվության, որովհետեւ դա թույլ տալու պարագայում նա արդեն իսկ ազատվել է աշխատանքից, սա դառնալու է մի լրացուցիչ գործոն, ինչի պարագայում նա հետագայում ունենալու է բազմաթիվ ու բազմապիսի բարդույթներ նոր աշխատանքի ընդունվելու հարցերում։ Եվ այստեղ իրառմամբ գերակա համարելով աշխատողի շահը, նախատեսեցինք, որպեսզի նախագծում նման նորմեր չնախատեսվեն։

Ինչ վերաբերում է այլ գործատուների կողմից, փաստորեն, աշխատանքի ընդունելու այդ ռիսկային գործոնի առկայությանը, ապա հարկ եմ համարում տեղեկացնել, որ նախագծում նախատեսված է փորձաշրջանի ինստիտուտը, փորձաշրջանի համար սահմանում առավելագույն 6- ամսյա ժամկետ։ Եվ ահա հենց այդ փորձաշրջանի ընթացքում է, որ հնարավոր է լիարժեք կերպով, փաստորեն, գնահատել աշխատողի աշխատանքային մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու ունակությունները։

Քանզի փորձաշրջանի մասին նշվեց, ես կցանկանայի մի կարեւորագույն հանգամանքի մասին եւս հիշեցնել, որ նախկինում նախագծում նախատեսված էր, որ փորձաշրջանի ընթացքում աշխատողի կատարած աշխատանքը չի վճարվում։ Այս հանգամանքը բավականին լուրջ քննարկումների առիթ հանդիսացավ, որովհետեւ դա պրակտիկայում կարող էր առաջացնել մեծ չարաշահումներ։ Երբ ձեւակերպվում էր ուղղակի փորձաշրջան, անձը կատարում էր նույն աշխատանքն այդ փորձաշրջանի ընթացքում եւ, փաստորեն, արդյունքում, եթե վճարում տեղի չունենար, ապա մտահոգությունն այն էր, որ սա կարող էր հասցնել իրառմամբ ուղղակի շահագործվող աշխատանքի, երբ պերմանենտ բնույթ կկրեին նման փորձաշրջանները եւ, նաեւ դրանց արդյունքում ընդունված որոշումները, որ անձը չհաղթահարեց փորձաշրջանի արդյունքները։ Այս առումով ձեր քննարկմանը ներկայացված նախագծում փոփոխություն կատարվեց եւ նախատեսվեց, որ փորձաշրջանի ժամանակ կատարված աշխատանքը, թեկուզ եւ, այդ աշխատանքը եղել է մեկ օր, ապա այդ աշխատանքը պետք է վճարվի նույն կարգով, ինչ վճարվում է հիմնական աշխատանքը, որպեսզի փորձաշրջանը չդնառնա մի գործիք, որով հետագայում առաջանան լրացուցիչ, ուրեմն, այսպես ասեմ, հնարավորություններ, որպեսզի ուղղակի փորձաշրջաններ ձեւակերպելով, իսկ մինչեւ 6 ամիսը բավականին մեծ ժամանակահատված էր, ուղղակիորեն դարձնել, փաստորեն, անձի աշխատանքը շահագործվող։ Եվ, փաստորեն, նոր նախագծում արդեն նման հնարավորությունն իրառմամբ բացառվեց։

Մյուս կարեւորագույն դրույթը, որ կար, դա վերաբերում էր ընդհանուր առմամբ գործադուլի կազմակերպմանն ու անցկացմանը։ Այստեղ առաջարկությունները բավականին շատ էին։ Նախ՝ ուզում եմ նշել, որ առաջարկությունների հիմնական մասը մանրամասն քննարկվել եւ ներառվել է նախագծում։

Նու, այսպես ասեմ, հիմնական մտահոգությունները փորձենք կատարել, նախագծով կարգավորել եւ վերացնել այն հստակությունը, որն առկա էր առանձին հոդվածների ու նորմերի միջեւ, եւ առաջացրել էր առանձին պատգամավորների կողմից արդարացի առաջարկությունների ներկայացումը։ Սակայն կար առաջարկություն, որը վերաբերում էր այդ պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման խնդրին։ Կար նման առաջարկություն, որպեսզի վերահսկողությունը, որը նախատեսվում է կոլեկտիվ պայմանագրերի նկատմամբ պարտադիր կերպով իրականացնել լիազոր մարմինը։ Նախագծով նախատեսված է հետեւյալ մոտեցում, որ կոլեկտիվ պայմանագրի կնքումից հետո կողմերն ինքնուրույն են իրականացնում պայմանագրի նորմերի կատարման նկատմամբ վերահսկողությունը։ Ի դեպ, այդ պայմանագիրը նաեւ գրանցվում է պետական լիազոր մարմնում։ Գրանցման պարտականությունը դրված է գործատուի վրա։ Եթե գործատուն սահմանված ժամկետներում չի կատարում իր պարտականությունը, ապա աշխատանքային այդ արհեստակցական կազմակերպությունը, այսինքն՝ մյուս հակադարձ թեւը, պայմանագիրը 10-օրյա ընթացքում գրանցման չներկայացնելու պարագայում, իրավունք է ստանում ինքնուրույն ներկայացնել պայմանագիրը գրանցման։ Եվ որպեսզի խնդիր չառաջանար այդ պայմանագրի գրանցման հետ կապված, այս անգամ արդեն հարաբերություններ, որոնք կարող էին առաջանալ պետական մարմին եւ աշխատավորական կոլեկտիվ կամ գործատու հարաբերություններում, ուղղակիորեն նախատեսվեց, որ այդ պայմանագրերը, ուրեմն, որեւէ պատճառաբանությամբ գրանցման մերժում չի թույլատրվում։ Այլ կերպ ասած, տեղի է ունենում պայմանագրերի հաշվառում։ Բնական է, եթե այդ պայմանագրերում կլինեն որոշակի դրույթներ, որոնք չեն համապատասխանի օրենքի պահանջներին, այդ դրույթներն էության մեջ առ ոչինչ դրույթներ են, դրանք որեւէ իրավական հետեւանք առաջացնել չեն կարող։ եվ եթե պայմանագրի գործողության ընթացքում գործատուն կամ աշխատողները գտնում են, որ անհնար է իրենց կողմից ինքնուրույն, իրենց միջոցներով ու իրենց ուժերով իրականացնել պայմանագրի նկատմամբ վերահսկողություն, ապա նրանք համապատասխան խնդրանքով կարող են դիմել պետական մարմնին, պետական մարմինը կարող է, տվյալ պարագայում նոր միայն իրավունք ունի եւ պարտավոր է իրականացնել այդ պայմանագրի կատարման նկատմամբ վերահսկողությունը։ Կարծում եմ, որ այդ մտահոգությունը, որ, իրոք, կարող է չկարողանան նրանք ինքնուրույն վերահսկել եւ այլն, ընդունելի է, բայց հնարավորությունը նրանց նախագծով նախատեսված է, որպեսզի նման դեպքերում դիմեն համապատասխան մարմնին, եւ նոր միայն ստանան այդ աջակցությունը։ Հակառակ պարագայում մտահոգություն կար, որ այդ մարմինները կարող էին ավելի մեծ ակտիվությամբ միջամտել կազմակերպության կողմից իրականացվող գործունեությանը, դրանով, փաստորեն, խաթարել ավելի շատ կազմակերպության գործունեությանը։ Այս առումով, փաստորեն, նախագիծը չի ներառել այս նորմը։

Կար առաջարկություն, որը վերաբերում էր գործադուլի համար սահմանված քվորումին՝ 2/3-ի, այստեղ ուսումնասիրեցինք միջազգային փորձ, որտեղ, իհարկե, տարբեր մոտեցումներ կային։ Կային պետություններ, որտեղ սահմանված էր 2/3, կային պետություններ, որտեղ սահմանված էր 50% եւ ավելին։ Սակայն պետք է նկատի ունենալ մի շատ կարեւորագույն օրինաչափություն, որ ես կցանկանայի ներկայացնել ԱԺ քննարկմանը։ Մասնավորապես, խնդիրը վերաբերում էր նրան, որ այն բոլոր պետություններում, որտեղ ավելի պակաս էր սահմանվում քվորումի շեմը, այսինքն՝ սահմանվում էր աշխատողների կեսից ավելիով, այդ բոլոր, թերեւս, պետություններում, որպես կանոն, կիրառելի էր նաեւ լոկաուտի ինստիտուտը, այսինքն՝ հակառակ մեխանիզմ, երբ գործատուն է, փաստորեն, դադարեցնում աշխատանքը, դուրս հրավիրելով բոլոր աշխատողներին։ Բայց այսօր, ինչպես ցույց է տալիս ժամանակակից օրենսդրության զարգացումը, լոկաուտի ինստիտուտից պետություններն ուղղակիորեն հրաժարվում են, որովհետեւ լոկաուտի... Փաստորեն, եթե գործադուլ կազմակերպելու համար անհրաժեշտ է աշխատավորական կոլեկտիվի, այսպես, որոշում, ժողով եւ այլն, ապա լոկաուտի պարագայում որոշումն ընդունում է միանձնյա գործատուն։ Փաստորեն, սրանով պայմանավորված, լոկաուտից հրաժարումների դեպքում քվորումը՝ գործադուլ կազմակերպելու համար, ուղղակիորեն սահմանվում է ավելի բարձր՝ 2/3, կան պետություններ՝ 3/4, եւ այն։ Այս առումով, փաստորեն, առաջարկությունը, որպեսզի 2/3-ը դարձվեր կեսից ավելի, չի ընդունվել, մասնավորապես, այն պատճառաբանությամբ, որ մեզանում արդեն իսկ լոկաուտի ինստիտուտ նախատեսված չէ։ Այդ ինստիտուտը նախատեսված չլինելու հետ կապված, փաստորեն, կարծում ենք, որ այն քվորումը, այն շեմը, որը սահմանված է աշխատավորական կոլեկտիվի համար, նորմալ, ուրեմն, եթե իրականում կա նման խնդիր, այսինքն՝ հնարավորությունը կա, ուղղակի խնդիրը բխում է զուտ կազմակերպվածությունից, եթե կա նման անհրաժեշտություն, ապա արհեստակցական կազմակերպությունը կարող է կազմակերպել եւ հաղթահարել նույնիսկ այդ շեմը։ Հետեւաբար, թողնվել է, փաստորեն, այն նույն քվորումը, ինչ առկա է եղել նախագծում։

Նախագծի կարեւորագույն դրույթներից էր... Նու, հաջորդ խումբ, այսպես, մեծ առաջարկությունները ես նշեցի, որ վերաբերում էին դրանք աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքերին։ Այստեղ ուղղակի նշեմ, որ կային առաջարկություններ, որոնք վերաբերում էին նաեւ այդ պայմանագրից հետո որոշակի երաշխիքներին։ Որովհետեւ մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ աշխատանքային պայմանագիրը լուծելու ժամանակ առաջանում էին որոշակի նպաստ վճարելու պարտականություն գործատուի մոտ՝ որոշակի ժամանակահատվածներում։ Այդ ժամանակահատվածները նախկին նախագծով բավականին տարբերակված էին՝ կապված ստաժի հետ, եւ առաջարկություն կար, որպեսզի սահմանվեր մեկ միասնական մոտեցում, վերացվեր որոշակի ստաժով պայմանավորված ինչ-որ սահմանափակումներ եւ լիներ հստակ սահմանված, ենթադրենք, 2 ամիսը թող լիներ 2 ամիս կամ 1 ամիսը թող լիներ... Առաջարկությունն ընդունվել է եւ, փաստորեն, բոլոր այն դեպքերում, երբ պայմանագիրը լուծվում է եւ պայմանագիրը լուծելիս պետք է վճարվի արձակման նպաստ՝ անկախ աշխատողի աշխատած այդ ստաժի սահմաններից։ Այդ տարբերակումը վերացվեց, անձին վճարվում է միասնական, այսպես ասեմ, չափով սահմանված արձակման նպաստ։

Նու, թերեւս, հիմնականում սրանք այն խոշոր, այսպես կոչված առաջարկություններն էին, որոնք ներկայացվել էին նախագծի հետ կապված։ Բնական է, ես արդեն իմ խոսքում նշեցի, որ առաջարկությունները եղել են բազմաթիվ ու բազմապիսի, վերաբերել են նախագծի բոլոր հոդվածներին։ Պետք է նշել, որ յուրաքանչյուր առաջարկության հեղինակ առաջարկություններ ներկայացրել է ոչ միայն այս կամ այն խումբ հոդվածների վերաբերյալ, այլ առաջարկությունները՝ որպես կանոն, փաստորեն, վերաբերում էին օրենսգրքի հաջորդական տրամաբանությամբ գրեթե բոլոր հոդվածներին։

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առաջարկության հեղինակներին, որովհետեւ այդ առաջարկություններն էին, որ ստիպեցին մեկ անգամ եւս, այսպես, արդեն առաջարկությունների քննադատական հայացքի ներքո լիարժեք կերպով նայել նախագիծը։

Նորից ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել ԱԺ սոցիալական, առողջապահության, բնության հարցերի հանձնաժողովին, որովհետեւ ամառային, փաստորեն, արձակուրդների ընթացքում հնարավոր եղավ այդ աշխատանքը կազմակերպել։ Ի դեպ, այդ աշխատանքը կազմակերպվեց ոչ միայն այս նախագծի հետ կապված, այլ նաեւ Ընտանեկան օրենսգրքի եւ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի նախագծերի հետ կապված։ Փաստորեն, հանձնաժողովի անդամների հետ մենք հնարավորություն ունեցանք ոչ միայն քննարկելու այդ պատգամավորների ներկայացրած առաջարկությունները, այլ, փաստորեն, մանրամասն քննարկման առարկա դարձվեց ամբողջ ամփոփաթերթը։ Արդյունքը նա էր, որ, փաստորեն, այդ աշխատանքի արդյունքում մենք բազմաթիվ առաջարկություւններ՝ 2 տասնյակից ավելի, նորից ընդունվեցին միայն աշխատանքային օրենսգրքի հետ կապված, նույնքան՝ նաեւ Ընտանեկան օրենսգրքի հետ կապված։ Բազմաթիվ առաջարկություններ ծնվեցին բուն հանձնաժողովներում իրականացվող քննարկումների ժամանակ, երբ, ասենք, 2 տարբեր կարծիքներ լսելու պարագայում ընկալելով մտահոգությունը, ինչով պայմանավորված էր հիշյալ առաջարկության ներկայացումը, ծնվում էին նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, որի համար ես ցանկանում եմ նորից ու նորից շնորհակալություն հայտնել։

Միաժամանակ ցանկանում եմ նշել, որ, փաստորեն, լրամշակված Աշխատանքային օրենսգրքի նախագիծը, որը ներկայացված է ԱԺ քննարկմանը, թերեւս խմբագրական աշխատանքի, խմբագրման է ենթարկվել նախագծի բոլոր այն հոդվածները, որոնք առաջացրել են մտահոգություն, որոնք առաջացրել են թերընկալում, տարակարծություն եւ այն։ Բոլոր այս հոդվածներում առանց ընդունելով այդ հոդվածների առավելագույնս հստակ շարադրման խնդիրը...(այսպես է սկսվում ձայնագրությունը) ...բավականին մեծ ծավալի խմբագրական աշխատանք։

Նու, շնորհակալություն հայտնելով ուշադրության, ինչու չէ, նաեւ համբերության համար, ես խնդրում եմ նախագիծն ընդունել 2-րդ ընթերցմամբ։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մուկուչյան, դուք կարող եք նստել։ Հիշեցնեմ, որ սա 2-րդ ընթերցում է եւ, ուրեմն, հարցեր տալու հնարավորություն չկա։ Հիշեցնեմ նաեւ, որ մեր հարակից զեկույցներից հետո մերժված, չընդունված առաջարկությունների հեղինակները, ես արդեն կազմել եմ դրանց ցանկը, հնարավորություն կունենան 5-ական րոպե ելույթի համար։ Ի դեպ, ասեմ, որ ընդհանուր առմամբ 157 մերժված առաջարկ կա։

Հարակից զեկույցի համար ամբիոնի մոտ է հրավիրվում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը։ Հիշեցնեմ, որ հաջորդ հարակից զեկույցը ներկայացնելու է սոցիալական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը։ Խնդրեմ, պրն Պետրոսյան։

Ռ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, մենք հատուկ քննարկման կարգ խնդրել էինք այս օրենքի 1-ին ընթերցման ժամանակ եւ, բնականաբար, այդ հատուկ կարգը շարունակվում է։ Բայց պետք է ասեմ, որ այս անցած ժամանակաշրջանում այնքան աշխատանք է կատարվել, որ նույնիսկ եթե հատուկ կարգով չքննենք, այլ մեր օրենքով, տրամադրված ժամկետները կբավարարեն լիուլի, համենայնդեպս։

Սկսեմ նրանից, որ 1-ին ընթերցմամբ ընդունելուց հետո մեր, ինչպես նաեւ սոցիալական հարցերի, նու, կրճատ եմ ասում, հանձնաժողովի համատեղ որոշմամբ Աշխատանքային օրենսգրքի այդ նախագիծը հրապարակվեց մամուլում, «Առավոտ» թերթում՝ միջուկի ձեւով, եւ, փաստորեն, այն դրվեց հասարակական քննարկման, եւ դա տվեց իր արդյունքը, որովհետեւ, բացի պատգամավորների կողմից արվող շուրջ 500 առաջարկներից՝ եւ՛ ՀԱՄԿ-ի կողմից, եւ՛ պատգամավորների եւ այլն, նաեւ առանձին կազմակերպություններ՝ «Պարադիզար» կազմակերպությունը եւ առանձին քաղաքացիներ, ընդհուպ մինչեւ Տավուշի շրջանի առանձին քաղաքացիներ, իրենց կարծիքները, առաջարկները ներկայացրին հանձնաժողովին։ Այդ բոլորն ուղարկվել են կառավարություն, որը բոլորին էլ անդրադարձել է կամ մերժել՝ հիմնավորված կամ շատ հակիրճ, որոշ դեպքերում, հազվագյուտ դեպքերում, իմ կարծիքով, չհիմնավորված ձեւով, իսկ մեծ մասին ընդառաջել է։ Ըստ որում, այդ առաջարկները կրկնվել են բազմաթիվ հեղինակների մոտ, եւ նրանք միավորել են այդ բոլորը։

Ուրեմն, ստացել ենք առաջարկներ նաեւ քաղաքացիներից։ 13 խոշոր առաջարկներ էր արել սոցիալական հարցերի հանձնաժողովը, 17-ը՝ ՀՀԿ-ն, 76 հոդվածների վերաբերյալ հարյուրավոր առաջարկներ էր արել արհմիությունների բարձրագույն մարմինը՝ ՀԱՄԿ-ն, 21-ը՝ «Օրինաց երկիր» խմբակցությունը, 62 առաջարկ էր արել պատգամավոր Հռիփսիմե Ավետիսյանը, 8-ը՝ «Ահարոն պարադիզար» կազմակերպությունը, ասացի, որը պաշտպանվում է պատգամավոր Ավետիսյանի կողմից, 46-ը՝ պատգամավոր Արտակ Առաքելյանը, տասնյակ առաջարկներ՝ Հայաստանի անկախ միությունների դաշնությունը, 64-ը՝ ձեր խոնարհ ծառան, տասնյակ առաջարկներ՝ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունը։ Իմիջիայլոց, այստեղ, հարգելի նախագահող, ես ուզում եմ ընդգծել այդ վարչության լավ աշխատանքն այս վերջին ամիսների ընթացքում։ Ոչ թե մի հոգի է զբաղվում, ասենք, այս կամ այն օրինագծի վերաբերյալ եզրակացություն տալով, այլ մի քանի հոգի՝ կոմպետենտ, իրավասու մարդիկ, եւ վերջնականորեն նրանց կողմից տրվող այդ եզրակացությունների մեջ, փաստորեն, վեր են հանվում օրինագծերում եղած թերությունները, որը շատ կարեւոր է։ Այդ ծառայությունը մեզ համար՝ ԱԺ-ի համար, այսօր կատարում է կարեւոր գործ։

Նու, ընդհանուր եւ կոնկրետ հոդվածական մի շարք առաջարկներ են արել գիտության եւ կրթության հանձնաժողովը եւ անձամբ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը։ ՀՀԴ խմբակցությունը եւս ներկայացրել էր 31 առաջարկ, բայց մի փոքր ուշացումով, սակայն դա որեւէ դեր չի խաղացել։ Այսինքն՝ երբ բոլոր առաջարկներն ուղարկել էինք կառավարություն, դրանից հետո ենք ստացել, ուղարկել ենք, այդ առաջարկները նույնպես քննարկվել են եւ համապատասխան պատասխաններ են ստացել։ Այսինքն՝ այն ժամանակ, որ մենք խոսում էինք 500 թվի մասին, 500 առաջարկներ, դրան գերազանցել է։ Ոչ միայն համապատասխանել է իրականությանն այդ 500-ը, այլ գերազանցել է։ Սա ինչո՞ւ եմ ասում, որովհետեւ այս բոլորն են հնարավորություն տվել, որպեսզի կառավարության համապատասխան ստորաբաժանումը կատարի հսկայածավալ աշխատանք։ Այսօր հանգիստ խղճով կարելի է ասել, որ մենք ունենք Աշխատանքային օրենսգիրք ժամանակակից պայմաններին, ժամանակակից պահանջներին համապատասխանող, որը կարող ենք հանգիստ խղճով քվեարկել 2-րդ ընթերցման օգտին։

Ես նույնպես կարծում եմ, որ յուրաքանչյուր առաջարկի հեղինակ իր ելույթում կներկայացնի կառավարության վերաբերմունքն իր առաջարկների նկատմամբ եւ կփորձի պաշտպանել խմբակցության կամ իր կարծիքը։ Բայց իմ՝ որպես գլխադասային հանձնաժողովի նախագահ, եւ հենց հանձնաժողովի կարծիքն այն է, որ կառավարությունը մանրակրկիտ քննարկել է բոլոր հարցադրումները, ընդունել իրավացիորեն ու տվել պատասխաններ։ Կարեւոր է նշել, որ կառավարության սույն օրինագիծը մշակող ստորաբաժանումներն այս ընթացքում իրենք շարունակել են աշխատանքն իրենց օրինագծի վրա։ Եվ հենց միայն ինքը՝ կառավարությունը, ինքն իրեն արել է 40 առաջարկ, որոնք ընդունվել են։ Եվ որովհետեւ այս առաջարկներում նոր խմբագրումներ, նոր հոդվածներ են ավելացված եւ այլն, ես հատուկ ուշադրություն եմ դարձրել հենց դրա վրա՝ ոչ այնքան մեր առաջարկների, թե ինչպիսի պատասխաններ են տվել, այլ հատուկ դրա վրա, որովհետեւ մեզ անծանոթ են այդ տեքստերը։ Այստեղ անհրաժեշտ էր նայել, թե կառավարությունը բարելավե՞լ է, թե՞ ինչ-որ տեղ չի բարելավել, այլ վնաս է պատճառել օրինագծին։ Այ, դրանք հիմնականում վերաբերում են խմբագրական եւ ավելորդությունները վերացնելուն, որոնք բոլորն էլ ընդունվել են աշխատանքային խմբի կողմից, քանի որ դրանք, ըստ երեւույթին, հենց իրենց առաջարկն է։ Այս հարցում ասացի, որ այսպիսի զգուշություն եմ ցուցաբերել եւ պարզել եմ, որ այդ առաջարկների մի մասի հիմքում, իհարկե, ընկած է պատգամավորների եւ մյուս քաղաքացիների առաջարկները, որ մտել է ամփոփաթերթիկի մեջ նաեւ կառավարության անունից։ Օրինակ՝ «սեռական կողմնորոշում» բառերը, որ հանել ենք մենք, նկատի ունենալով, որ մեր իրավունքում այդպիսի ձեւակերպում չկա, արել են պատգամավորները, բայց դա դուրս է եկել օրինագծից կառավարության առաջարկով։ Ոչինչ, կարեւորն այն է, որ դուրս է եկել։

Կառավարության, այսինքն՝ աշխատանքային խմբի կողմից, ավելացված նոր հոդվածներն ընդունելի են։ Դրանք այսպիսին են, օրինակ՝ նախագիծը լրացվել է նոր՝ 5-րդ հոդվածով, որով մանրակրկիտ կարգավորվել են գործատուի ներքին եւ անհատական ակտերի ընդունման եւ դրանց բովանդակության հարցերը։ Պետք է ասել, որ շատ տեղին է, կամ, օրինակ, խմբագրվել են 5-րդ եւ 6-րդ հոդվածները, որտեղ հստակեցվել են պայմանագրային կարգով կարգավորվող հարաբերությունները։ Դրանք ներդաշնակվել են Սահմանադրության հետ եւ «Իրավական ակտերի մասին» օրենքի հետ, որովհետեւ այդտեղ նշվել է, որ այլ նորմատիվ իրավական սահմանված աշխատանքային պայմանների համեմատ աշխատողի դրությունը վատթարացնող գործատուի ներքին ակտեր ընդունվել չեն կարող, կամ ավելացվել է, որ աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները ենթակա են պարտադիր կատարման բոլոր գործատուների եւ քաղաքացիների, եւ կազմակերպությունների համար՝ անկախ նրանց կազմակերպական, իրավական եւ սեփականության ձեւից։ Այսինքն՝ սա համապատասխանեցվել է մեր Սահմանադրությանը, որ նախկին տեքստում չկար։

Լրիվ հանվել են «Իրավական ակտերի մասին» օրենքի դրույթները բառացիորեն կրկնող հոդվածները, օրինակ՝ 8-րդ հոդվածը։

Նախատեսվել է աշխատողների ժողովի կողմից որոշումների ընդունման կարգը, որ նախկին տեքստում չկար, այժմյան 18-րդ հոդվածն է։

Միասնականացված են բոլոր տերմինները, այսինքն՝ կարգավորված է օրենսդրի լեզուն, մշակված է եզրույթաբանության տեսակետից, միասնական, միատեսակ հասկացությունների տեսակետից։

Լուծվել է նաեւ վերջին 3 ամսվա փոխարեն աշխատանքային պայմանագրի նորոգման կապակցությամբ բանակցությունները 2 ամիս դարձնելու հարցը, որովհետեւ 3 ամիսը շատ է, ըստ էության, եւ այլ հարցեր են լուծվել։

Որոշ առումով կարգավորվել է նաեւ համատեղությամբ աշխատանքը։ Այս նոր հոդվածը՝ արդեն 99-րդ հոդվածը, թեկուզեւ ամփոփաթերթիկում կառավարության ներկայացուցիչը նշել է, որ չի ընդունում պատգամավորների առաջարկներն այդ համատեղության աշխատանքի վերաբերյալ, բայց, փաստորեն, այդ հոդվածում կատարվել են 2 կարեւոր լրացումներ, այսինքն՝ մասնակիորեն ընդունվել է։ Դրանք վերաբերում են աշխատանքային պայմանագրում... նշվել է այնտեղ, որ պետք է նշվի, որ աշխատանքը կատարվում է համատեղությամբ, սա մեկ, կարեւոր էական պայման է, եւ 2-րդ՝ նշվել է, որ համատեղ աշխատանքում արձակուրդ պետք է տրվի աշխատողներին։ Սա շատ կարեւոր դրույթ է։ Պատկերացրեք, գործնականում մինչեւ հիմա էլ , օրինակ, մենք էլ համալսարանում արձակուրդների ժամանակ չէինք ստանում որեւէ վճար, բայց հիմա այս դրույթը բոլոր տեղերում արդեն հնարավորություն կտա աշխատողներին, անկախ նրանից համատեղում է, չի համատեղում, ստանա աշխատավարձ կամ արձակուրդ, նայած թե ինչպես է ինքը համաձայնության գալիս հիմնարկ-ձեռնարկության վարչակազմի հետ։

Կամ ճշգրտվել է աշխատանքային պայմանագիրը լուծելու հարցը եւ նշվել է ոչ թե կոնկրետ տարիք նախկինի նման, այնտեղ տեքստում 63, 65 էր նշված, այլ ուղղակի կենսաթոշակային տարիքը, որն ավելի հստակ է։ Սա հենց մեր պահանջն է եղել, ճիշտն ասած։

Ավելացվել է նոր՝ 120-րդ հոդվածը, որը մանրամասել եւ հստակեցրել է աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը՝ կապված զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու հետ։ Սա դրական ավելացում է։ Այնպես որ, կառավարության առաջարկները համահունչ են մերին, բոլորը տեղին են եւ ընդունելի։ Դրանք ավելի են հստակեցրել աշխատանքային հարաբերությունների կարգավորումը։ Ես չգիտեմ, կարիք կա՞ կարդալու այդ 120-րդ հոդվածը, որը նոր է ավելացվել եւ մանրամասել, հստակեցրել աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը։ Տեքստը երեւի ձեր տրամադրության տակ է, կարող եք կարդալ։

Պետաիրավական հանձնաժողովի, ավելի ճիշտ, իմ՝ որպես պատգամավորի, 64 առաջարկներից ընդունվել են 38-ը, չեն ընդունվել 28-ը։ Այդ 28-ի մի մասն էլ, ինչպես նշեցի, ներկայացվել է կառավարության անունից։ Ամենակարեւորը, մեր բոլոր առաջարկները դարձել են քննության առարկա եւ, իհարկե, ոչ ոք չէր էլ հավատում, որ դրանք բոլորը կընդունվեին։ Ըստ որում, չընդունվածների մի մասն այս կամ այն կերպ հիմնավորվել է, ինչպես, օրինակ՝ այն, որ հաշմանդամների արտոնությունները եւ սոցիալական երաշխիքներն արդեն սահմանված են 93 թվականի օրենքում՝ իր հետագա փոփոխություններով, եւ հետագա լրացումներն էլ կարող են այստեղ արվել։ Այնպես որ, սա վերջնականորեն չի խանգարում հաշմանդամների իրավունքների իրականացմանը, եւ մենք համաձայն ենք նրանց հետ։ Մերժված առաջարկների մի մասը խմբագրական են, որ կարող ենք լուծել նաեւ մեր արձանագրային բաժնում։ Ինչպես գիտեք, արձանագրային բաժինը նույնպես հսկայածավալ աշխատանք է կատարում այդ օրինագծերը խմբագրելու ժամանակ։ Մերժված առաջարկների մի մասը, ասացինք, խմբագրական է, մի մասն էլ վերաբերում է կնոջ եւ տղամարդու իրավահավասարությանը, այսպես կոչված, գենդերին, կոնկրետ հարաբերություններում ապահովելուն այդ իրավահավասարությունը, որն ընդունվել եւ ամփոփ ձեւակերպվել է միասնական մեկ՝ 3-րդ հոդվածում, մինչդեռ մենք առաջարկներ էինք արել 10 հոդվածներում, տարբեր առումներով, կնոջ եւ տղամարդու իրավահավասարությունն աշխատանքային իրավահարաբերություններում ապահովելու համար։ Հիմա ընդունել են մեկ հոդվածում, ընդհանուր ձեւով ձեւակերպել են։ Մենք դեմ չենք այդ մեկ ընդհանուր դրույթի գաղափարին։

Ընդունված մնացած 38 առաջարկներն էլ ես համարում եմ կարեւոր շտկումներ եւ լրացումներ։ Դրանք վերաբերել են աշխատանքային իրավունքի սկզբունքները վերախմբագրելուն, այդ «գենդեր» կոչեցյալին, դրա հետ կապված խտրականությանը եւ բռնությունների արգելմանը, շատ հստակ ձեւակերպվել է հիմա նոր, օրական միջին վաստակը որոշելու կարգին, սկզբում գործատուի, իսկ ապա աշխատողի պարտականությունները սահմանելուն, այն ժամանակ հակառակն էր, նախկին տեքստում, բազմաթիվ հոդվածներում՝ 5, 11, 13 եւ այլն, եղած կրկնությունները վերացնելուն, կային էական կրկնություններ, նույնիսկ լրիվ հոդվածների, այդ կրկնությունները վերացվել են, «աշխատողի» եւ «գործատուի» հասկացությունները տալուն, չկային նախկին տեքստում, հիմա տրվում է՝ ո՞վ է աշխատողը, ո՞վ է գործատուն, շատ հստակ կերպով, հայցային վաղեմության ժամկետները, նաեւ աշխատավարձի, ինչպես նաեւ աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման պահանջների վրա չտարածելուն։ Նախկին տեքստում միայն այդ հայցային վաղեմության ժամկետը, այսինքն՝ իրավունքների հարկադիր պաշտպանության համար օրենքով նախատեսված ժամկետը սահմանվում էր միայն պատվի եւ արժանապատվության պաշտպանության վրա։ Մինչդեռ շատ կարեւոր է աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների վերականգնման, նրա աշխատավարձը, եթե ստանալիք ունի, դրանց վրա նույնպես հայցային վաղեմության ժամկետները չտարածելուն, որ այժմ ավելացված է այս ձեզ ներկայացվող տեքստում։

Տարբեր հոդվածներ, որոնք մենք առաջարկել էինք այս գլխից տանել մյուս գլուխը եւ այլն՝ կապված իրավահարաբերությունների խմբավորումների դասակարգումներից, կատարվել են տեղափոխությունները, հղումները ճշտվել են, աշխատանքային հարաբերությունների կարգավորման հարցում իրավահարաբերությունը վերացնելու դատարանի իրավունքը ֆիքսվել է, որովհետեւ նախկին տեքստում տրված էր Քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի հիման վրա խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության եղանակներին էր դա վերաբերում, որը տեղափոխվել էր Աշխատանքային օրենսգիրք՝ աշխատանքային իրավահարաբերությունները լուծելու կապակցությամբ, բայց մեկը բաց էր թողնվել։ Դա այն կարեւոր դրույթն է, որ դատարանն իրավունք ունի ոչ միայն վերականգնել նախկին իրավունքը՝ բնեղենով եւ այլն, այդ եղանակները ձեզ հայտնի են, այլ նաեւ իրավունք ունի վերացնել, ըստ որում, սա նորություն է եւ՛ իրավունքի տեսության մեջ, եւ՛ մեր նոր Քաղաքացիական օրենսգրքում, եւ՛ այստեղ, վերացնել կամ փոփոխել իրավահարաբերությունը։ Այսինքն՝ դատարանը դարձել է մի սուբյեկտ, որն իրական կյանքում, երբ գործը քննում է, ինքը կարող է դադարեցնել կամ վերացնել գոյություն ունեցող իրավահարաբերությունները։ Սա իրավունքների պաշտպանության մի տեսակ է, որը եկել է նաեւ անգլո-սաքսոնական իրավունքից, եւ շատ լավ է, քաղաքացիականից բացի, այստեղ նույնպես ավելացվել է։

Լուծվել է գների բարձրացման կամ արժեզրկման հետ կապված աշխատանքի վարձատրության մեխանիզմ-կառուցակարգ սահմանելու հարցը։

Գործադուլային կոմիտեի իրավասություններն օրենքով կարգավորվել են։ Այն ժամանակ չկային, պատգամավորներն առաջարկել էին կարգավորել գործադուլային կոմիտեի իրավասությունները՝ գործադուլի կազմակերպման եւ անցկացման հարցում։

Աշխատանքային պայմանագրի էական պայմաններում 2 կարեւոր պահեր են ավելացվել։ Այն ժամանակ աշխատանքային պայմանագրի էական պայմանները շարադրելիս օրենսգրքում մի քանիսը նշվել էին, բայց 2 կարեւոր պայմաններ, հատկապես աշխատանքի պայմանների նկարագրությունը, որ պետք է լինի աշխատանքային պայմանագրի մեջ, եւ ծանր ու վնասակար աշխատանքի պայմաններում աշխատողների արտոնությունները չէին սահմանվել որպես աշխատանքային պայմանագրի էական պայմաններ։ Այժմ մեր պահանջով, ավելի ճիշտ, մեր առաջարկով դա ընդունվել է։ Բացի դրանից, ընդունվել է դարձյալ կարեւոր մի հարց, դա աշխատանքային պայմանագիր է, միայն գրավոր ձեւով կնքելու վերաբերյալ հոդվածն էր։ Նախկինում թույլատրվում էր նաեւ բանավորը, եւ մենք խոսում էինք, որ դա կարող է չարաշահումների տեղիք տալ, նաեւ վնասներ պատճառել պետությանը, որովհետեւ անընդհատ կարող էին 15 օրով ձեւակերպել, ազատել-ձեւակերպել, ազատել, եւ ոչ պետությանը գումար տրվի, ոչ էլ այդ աշխատողը նորմալ կերպով համարվեր աշխատող։ Այժմ սահմանված է, որ միայն գրավոր ձեւով պետք է կնքվի աշխատանքային պայմանագիրը։ Այնուհետեւ աշխատողը աշխատանքի պետք է անցնի այդ պայմանագրի կնքումից հետո հրաման ստանալուց հետո։ Սրանք կարեւոր էական հարցեր են, որոնք լուծվել են նոր տեքստում։

Լուծվել է պայմանագիրը լուծարելու մասին աշխատողին ծանուցելու ժամկետների հարցը, կենսաթոշակային օրենքի հետ եղած հակասությունը վերացնելու հարցը, կրճատ աշխատաժամանակը կարգավորելուն։ Այն ժամանակ «կրճատ» չէր հասկացվում, թե քանի ժամն է կրճատ կամ ո՞ր աշխատանքային օրն է համարվում կրճատ եւ այլն։ Հիմա ուղղակիորեն այդ հարցը կարգավորվել է։

Ամուսնության համար տրվող արձակուրդի 1 օրը, էլի մեր խնդրանքով, դարձվել է 3 օր, որովհետեւ 1 օրը, հասկանալի է, շատ քիչ էր, հիմա դարձրել են 3 օր։ Նորմալ է։

Աշխատողի ստացած գումարը հետ գանձելու հիմքերը կարգավորվել են այս նոր տեքստով, որ եթե կեղծիք է թույլ տվել, կեղծ փաստաթղթեր է ներկայացրել եւ այլն։ Սա նույնպես կարեւոր է։ Պրակտիկ, գործնական հարցեր են այս բոլորը, որոնք աշխատողների իրավունքներն ու շահերն են շոշափում։ Եթե նայենք, հանրապետությունում մենք անպայման ամեն օր կհանդիպենք նման վեճերի։ Ուրեմն, որպեսզի այդպիսի վեճերի տեղիք չտրվի եւ վեճեր ծագելու դեպքում արագ լուծվեն դատական կարգով, այս հարցերը նույնպես կարգավորված են։

Նախկինում նախատեսված էր ատեստավորում։ Այժմ այն փոխվել է հրահանգավորմամբ եւ ուսուցմամբ։ Այսինքն՝ արդեն վարչակազմի վրա, ադմինիստրացիայի վրա պարտականություն է դրվել ոչ թե ատեստավորել, այլ հրահանգավորել, նախեւառաջ, աշխատանքի ընդունվողին, եթե աշխատանքի տվյալ պայմանները պահանջում են այդպիսի հրահանգավորում, եւ անպայման իրականացնել աշխատողների ուսուցումը, որը, ինչպես գիտեք, հատկապես ներկա պայմաններում կարեւոր հարց է, որովհետեւ արտադրության տեսակներն են փոխվում, տնտեսության ճյուղերի պրիմատն է փոխվում, եւ դրան համապատասխան էլ նոր կադրեր, նոր տեսակի աշխատողներ պետք է պատրաստեն։ Ուստի, այս գործառույթը, որ դրվում է ադմինիստրացիայի վրա, դեռեւս մի քանի տարի կարեւոր նշանակություն կունենա նոր պրոֆիլին համապատասխան աշխատողներ սովորեցնելու համար։

Ես նշեցի, որ մի քանի առաջարկներ, մեր կարծիքով, անհարկի, չեն ընդունվել։ Թերեւս, դրանցից մեկի հետ էլ կարելի է համաձայնվել։ Դա այն է, որովհետեւ դա այդքան էլ պրակտիկ նշանակություն չունի։ Դա այն է, որը վերաբերում էր գործադուլին, որ 2/3-ով պետք է ժողովը որոշի գործադուլ անել։ Իհարկե, դա անհնար է դարձնում գործադուլի իրականացումը, բայց այսօր, որովհետեւ Հայաստանի համար այդքան կարեւոր պրակտիկ նշանակություն չունի, ես դրա վրա շատ չեմ պնդում։ Երբ կզարգանա մեր տնտեսությունը, երբ աշխուժանան աշխատանքային հարաբերությունները եւ այլն, այն ժամանակ այդ հարցը կարող ենք օրենսգրքում փոփոխություն մտցնել, եւ դա ձեռք կբերի հասարակական եւ պրակտիկ նշանակություն, բայց մյուս 2-ի հետ ես համաձայն չեմ, որոնք մերժվել են։ Դրանցից առաջինն աշխատողների թվաքանակի կրճատման հիմքով նրանց ազատելու հիմքերը եւ կարգը սահմանելու առաջարկն էր, որի բացակայությունը, ճիշտ է, շատ դժվար է, որովհետեւ հիմքերը շատ եւ շատ են, պետք էր կարգավորել, բայց դրա բացակայությունը դատական պրակտիկայում անշուշտ առաջացնելու է մեծաքանակ վեճեր աշխատանքում մնալու նախապատվության հարցի շուրջ, որովհետեւ, ասենք, հաստիքները կրճատվում են, եւ կան տարբեր տարիքի մարդիկ, տարբեր մասնագիտությունների, տարբեր որակավորում ունեցող անձինք, տարբեր ընտանեկան կազմ ունեցող անձինք եւ այլն, ահա պետք էր անպայման, գոնե, մոտավոր չափով կարգավորել այդ հարցերը, որպեսզի որոշվի, թե ո՞վ աշխատանքում մնալու նախապատվության իրավունք ունի նման հարաբերություններ առաջանալու ժամանակ։

Մյուսն էլ համատեղության անսահմանափակ թույլատրելիությունն է։ Սա արդեն մեր գործարարների շահերից չի բխում։ Եթե անսահմանափակ համատեղություն թույլատրում է, փաստորեն, օրենսդիրը, մարդը, փաստորեն, կարող է մի քանի հիմնարկներում, ձեռնարկություններում աշխատել եւ մի քանիսում գլուխ պահել, որովհետեւ մարդն ի վիճակի չէ մեկ աշխատանքային օրվա ընթացքում 5 հիմնարկում էլ կատարել իր աշխատանքային պարտականությունները։ Կարծում եմ, որ այս մասին նորից նախաձեռնողը, օրինագծի հեղինակները պետք է մտածեն եւ գուցե այս հարցը լուծեն, որը խիստ պրակտիկ եւ նաեւ հետագայում դատական վեճեր առաջացնող հարց է։ Կան մարդիկ, որոնք մի քանի տեղ իսկապես ձեւակերպված են, օրենքը չի արգելում, բայց ոչ մի տեղ էլ իրենց աշխատանքային պարտականությունները չեն կատարում։ Դրանից կտուժեն անպայման գործարարները, որոնց մոտ... այսինքն՝ աշխատանք տվողները, գործատուները։ Այդ հարցը պետք է կարգավորել, իմ կարծիքով, պրն Մուկուչյան։ Նու, որովհետեւ, փաստորեն, ազատական-ազատական, բայց չափից դուրս, չափազանց ազատական են այս հարցում Աշխատանքային օրենսգրքի նորմերը։ Ինչեւիցե։

Օրինագծի հեղինակները, նորից եմ ուզում շեշտել, կատարել են հսկայածավալ աշխատանք։ Եթե հաշվի առնենք նաեւ խմբակցությունների եւ պատգամավորների հարյուրավոր առաջարկների մշակումը եւ ընդունումը կամ մերժումը, ապա կարող ենք ասել, որ օրինագիծը լիովին պատրաստ է 2-րդ ընթերցմամբ ընդունելու, ինչին եւ հանձնաժողովը կոչում է ձեզ։ Խմբագրական շտկումների կարիք, հիմնական զեկուցողը նույնպես նշեց, այդպիսի անհրաժեշտություն կա բազմաթիվ հոդվածներում կատարելու համապատասխան շտկումներ։ Դա էլ կանենք 3-րդ ընթերցման ժամանակ, նաեւ մեզ կօգնի արձանագրային վարչությունը։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Կխնդրեմ 1 րոպե մնալ ամբիոնի մոտ, պրն Պետրոսյան։

Այստեղ հիմնական զեկուցողի ելույթի մեջ չհնչեց կամ ոչ շատ բացահայտ հնչեց այն հանգամանքը, որ 2-րդ ընթերցման ներկայացված օրենսգիրքն իր մեջ ունի այնպիսի փոփոխություններ, այնպիսի փոփոխություններ է ընդգրկել, որոնք 1-ին ընթերցման ռեժիմ են պահանջում որոշ հատվածների վերաբերյալ։ Այսինքն՝ ինչպես ուսումնասիրեց, հետազոտեց ԱԺ աշխատակազմը, առնվազն 5-րդ եւ 120-րդ հոդվածներն ամբողջությամբ նոր են։ Որովհետեւ նոր են, ժողովուրդը, տվյալ դեպքում ժողովրդի ներկայացուցիչներն այս դահլիճում նստած իրավունք ունեն հարցեր հղել զեկուցողներին՝ թե՛ հիմնական, թե՛ հարակից։ Հիմա, եթե ձեզ հարցեր ունենան, ապա մենք պարտավորված կլինենք նորից հարցերի համար ամբիոնի մոտ հրավիրել պրն Մուկուչյանին, եւ արդեն նույն ռեժիմը կմիացվի նաեւ պրն Մխեյանի ելույթից հետո, ինչի ավարտում էլ մենք, հավանաբար, ոչ թե հավանաբար, այլ հաստատ ունենալու ենք հետեւյալ պատկերը՝ 5-ը եւ 120-ը քվեարկվելու են 1-ին ռեժիմի կարգով։

Ուրեմն, հիմա 5-րդ եւ 120-րդ հոդվածների վերաբերյալ, այն է՝ 5-րդ հոդված. «Գործատուի ներքին եւ անհատական իրավական ակտերը», 120 հոդված. «Աշխատանքային պայմանագրի լուծումը զբաղեցված պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում», եթե ԱԺ պատգամավորները հարցեր ունեն պրն Պետրոսյանին, ապա խնդրում եմ հարցերի համար հերթագրվել։ Ի դեպ...

Հերթագրում։

Հերթագրվել է մեկ պատգամավոր, կարծես թե։ Դա Արտակ Առաքելյանն է, ինչը եւ, ի դեպ, պրն Մուկուչյան, նշանակում է, որ դուք վերադառնալու եք ամբիոնի մոտ։ Նաեւ հիշեցնեմ, որ այս 2 հոդվածների վերաբերյալ մտքերի փոխանակում էլ կարող է տեղի ունենալ, անկախ այն ռեժիմից, ուր մտքերի փոխանակմանը մասնակցում են միայն մերժված առաջարկությունների հեղինակները, արդեն կկարողանան մասնակցել բոլորը։ Ուստի, ով ուշադիր չի եղել այս հոդվածների վերաբերյալ, կխնդրեմ մոտալուտ ընդմիջման ընթացքում նայել ուշադրությամբ։

Իսկ հիմա խնդրեմ, պրն Առաքելյան, ձեր հարցը։

Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆ

-Շնորհակալություն, դուք խիստ ուշադիր եք, ինչպես միշտ։

Պրն Պետրոսյան, դուք էլ էիք առաջարկություն արել, ես էլ էի առաջարկություն արել, խոսքս վերաբերում է պայմանագրի լուծարմանը։ Եթե մարդն աշխատանքի ժամանակ խեղում է ստացել, գնացել է բուժվել, եկել է, նու, որոշվել է նրա հաշմության կատեգորիան, եւ գործատուն նրան ազատում է։ Ճիշտ չէ՞ր լինի, որ մենք, ինչպես առաջարկվել էր, իսկապես նորմ մտցնեինք, եթե այլ աշխատանքի տրամադրման հնարավորություն չունի գործատուն։ Այս գաղափարը, այս հասկացությունը, ի՞նչ կարծիքի եք, որ տեղադրենք։ Շնորհակալություն։ Եվ, ընդհանրապես, շնորհակալություն ձեզ 2-րդ ընթերցման ներկայացված նախագիծը մանրամասն առաջարկություն արած խումբ- խմբակցությունների, հեղինակների աշխատանքը գնահատելու համար։

Ռ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Ուրեմն, ձեր ասած միտքը, ոչ թե միտք, այլ իրավական դրույթի ձեւով գոյություն ունի դեռեւս գործող Աշխատանքային օրենսգրքում, եւ դա շատ ճիշտ էր։ Գործող օրենսգիրքը՝ որպես ազատական շուկայական տնտեսության պայմաններին համապատասխանող օրենսգիրք, այդ բանը չի պարտադրում գործատուին, բայց դա չի նշանակում, որ դա տեղի ունենալ չի կարող։ Եթե աշխատողը կայուն, այստեղ մի կարեւոր հանգամանք է ընդգծված օրենսգրքում, հոդվածը հիմա չեմ հիշում, անառողջ է, ի վիճակի չէ աշխատելու... ինչպե՞ս, 120-ո՞ւմ է հենց, այո, ապա նրան աշխատանքից ազատելու իրավունք ունի վարչակազմը, բայց եթե վարչակազմը տեղ ունի, բնական է, որ աշխատողի խնդրանքով պետք է 1-ին հերթին, եթե հնարավորություն ունի, նրան համապատասխան՝ գիտելիքներին, կարողություններին, առողջությանը համապատասխանող աշխատանք ունի, պետք է տա։ Սա ուղղակի, նորից եմ կրկնում, շուկայական հարաբերությունների հետ կապված հարց է, որ եթե աշխատողն ի վիճակի չէ կատարելու այդ աշխատանքը, պարտադրել գործատուին, այն էլ այս պայմաններում, որ նրան անպայման տեղավորի, օրենսդրությունն, ըստ երեւույթին, չի ընդունում դա, բայց ձեր ասած միտքը, մարդասիրական այդ վերաբերմունքն անպայման պետք է լինի, գործի՝ որպես բարոյական նորմ, իմ կարծիքով։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Պարզաբանման համար՝ պրն Առաքելյան։

Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆ

-Ես երբեք էլ չեմ ասում, թե պետք է պարտադրել գործատուին, որ անպայման աշխատանք տա։ Ովքեր արտադրության հետ առնչվել են, նրանք շատ լավ գիտեն, որ եթե մարդն աշխատում է գալվանապատման արտադրամասում, նա իր առողջությունը կորցրել է, նա կարող է շատ լավ պիտակավորող աշխատել, եւ դա ոչ մի բանի չի խանգարում։ Խոսքը վերաբերում է նրան, որ եթե իր առողջությանը, իր ունակություններին համապատասխան աշխատանքի հնարավորություն կա, պետք է տրամադրել։ Ընդամենը սա է։ Շնորհակալություն։

Ռ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Լրիվ համաձայն եմ ձեզ հետ։

Վ.ՀՈՎՀԱԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Պետրոսյան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Մենք ունենք մի քանի րոպե մինչեւ ընդմիջում՝ 14 րոպե։ Ես կխնդրեի պրն Մուկուչյանին նորից զբաղեցնել ամբիոնի մոտ իր տեղը՝ պատասխանելու համար, եթե կլինեն հարցեր՝ կապված 5-րդ եւ 120-րդ հոդվածների հետ, որոնց խմբագրումը հնարավոր է դարձնում համարել դրանք բոլորովին նոր տեքստի ֆրագմենտներ այս փաստաթղթի մեջ։ Խնդրում եմ այդ հոդվածների վերաբերյալ, ոչ թե ընդհանրապես կյանքի հարցեր տալու համար հերթագրվել։ Հերթագրում։

Մեկ պատգամավոր է հերթագրվել։ Ներողություն, այս սարքը, կարծես թե...Հա՛, Հակոբյան Հակոբն է։ Խնդրեմ, պրն Հակոբյան, ձեր հարցը։

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Պրն Մուկուչյան, մեկ կարեւոր խնդիր, որը քննարկումների ժամանակ դուրս մնաց։ Խնդիրը հետեւյալն է՝ աշխատանքի խեղաթյուրման կամ աշխատանքում մահանալու դեպքում այսօրվա գործող օրենքը եւ նորմատիվային ակտերը թույլ են տալիս վճարելու որոշակի փոխհատուցում, նու, մինչեւ վերջին երեխայի 18 տարեկան դառնալը, մինչեւ կնոջ մահանալը։ Լուծարման դեպքում նման ձեռնարկությունների, որի փորձը եւ դատական պրակտիկան այսօր շատ կա, հազարավոր մարդիկ ժամանակին լինելով այդ գումարների տերը, լուծարման կամ վերավաճառքի դեպքում այսօր դուրս են մնում, իրավաբանորեն դուրս են մնում եւ համապատասխան փոխհատուցում չեն ստանում։ Միգուցե մենք Աշխատանքային օրենսգրքում, հենց 5-րդ հոդվածում ամրագրե՞նք այս փաստը, որ ձեռնարկությունների առկայության դեպքում, քանի լուծարված չեն, իրենք պարտադիր վճարում են, լուծարումից հետո վճարումը փոխանցվի մեկ այլ իրավաբանական սուբյեկտի, թեկուզ ՀՀ պետական բյուջեին, որովհետեւ մարդիկ աշխատել են, մարդիկ ունեն վնասի փոխհատուցում։ Ձեռնարկությունները գոյություն չունեն, բայց մարդիկ դեռեւս մնում են, ո՞վ է փոխհատուցելու մարդկանց հասանելիք գումարը։ Այս պահը մենք բաց ենք թողել։

Տ.ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

-Շնորհակալություն։ Նու, առաջարկությունը, երեւի թե, ամեն դեպքում 5-րդ հոդվածի հետ ուղղակի առնչություն չուներ, բայց հարցի հետ կապված ես նշեմ, որ հարցը բաց չի թողնված, հարցը լիարժեք կերպով կարգավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում։ Նման նորմեր կան նաեւ «Սնանկության մասին» օրենքում։ Մասնավորապես աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդություններ առաջանալու դեպքում, երբ խնդիրը վերաբերում է անձի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասին, տվյալ դեպքում գործում է, նշանակվում է, նախ՝ որոշակի վճարներ, որոնք պետք է կատարվեն գործատուի կողմից, եթե դրանցում առկա է եղել գործատուի մեղքը, եւ տվյալ պարագայում, եթե հաստատվում է, ամեն ամիս գործատուի աշխատած ընթացքում տվյալ աշխատողը ստանում է այդ միջոցները։ Եթե տեղի է ունենում լուծարում կամ, եթե տեղի են ունենում սնանկության դեպքեր, ապա գործում է կապիտալիզացիայի ինստիտուտը, այլ կերպ ասած, նաեւ Քաղաքացիական օրենսգիրքն է հիմնովին կարգավորել այդ խնդիրը։ Նման նորմեր ուղղակիորեն Քաղաքացիական օրենսգրքի տրամաբանության համապատասխան՝ ամրագրվել է «Սնանկության մասին» օրենքում, որ այդ անձինք համարվում են 3-րդ հերթի պարտատերեր։ Նույնիսկ նրանց պարտավորությունները «Սնանկության մասին» օրենքն առանձնացրել է աշխատավարձի եւ այլ հավասարեցված վճարումներից, նրանց ավելի առաջնայնություն է տվել։ Փաստորեն, տվյալ պարագայում լուծարվող իրավաբանական անձի գույքի վաճառքից գոյացած միջոցները համապատասխան չափով հաշվարկվում են եւ այդ միջոցները կապիտալացվում, դրանք փոխանցվում են, ասենք, որեւէ բանկային հիմնարկ, որտեղից, բնական է, տվյալ անձն ամեն ամիս ստանում է իր միջոցները։

Պետք է նկատի ունենալ, որ «Սնանկության մասին» օրենքը նախատեսել է մեկ լրացուցիչ մեխանիզմ եւս, որովհետեւ հիմնականում այդ բարդույթներն առաջանում են սնանկության ժամանակ, նախատեսել է, որ անձի ցանկությամբ այդ միջոցները լուծարային կառավարիչը կարող է փոխանցել ոչ միայն որեւէ բանկային հիմնարկի, այլ այդ կապիտալիզացված միջոցները կարող է փոխանցել նույնիսկ պետական բյուջե։ Փաստորեն, այդ մասով հետագայում անձը կարող է գնալ եւ սահմանված կարգով ստանալ իրեն պատճառված վնասի համար իրականացվող փոխհատուցումը։ Բնականաբար, այստեղ միակ խնդիրը, որ առկա է, դա այն դեպքն է, որ հնարավոր է դեպք, երբ իրավաբանական անձը ճանաչվի սնանկ եւ նրա միջոցները չբավարարեն բոլոր պարտատերերի պահանջները բավարարելու համար։ Այդ դեպքում այն...

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Ներողություն եմ խնդրում, ես խնդրում եմ լրագրողներին դահլիճում հեռախոսով չխոսել։ Խնդրեմ, շարունակեք։

Տ.ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

-...Այդ դեպքում, այն մասով, փաստորեն, ինչ մասով այդ միջոցները հնարավորություն կտան ծածկելու պարտավորությունը։ Էության մեջ հարցը լիարժեք կերպով կարգավորված է։ Նույնիսկ Քաղաքացիական օրենսգրքում առանձին մեկ ամբողջական գլուխ կա՝ «Անձի կյանքին եւ առողջությանը պատճառված վնաս», որտեղ որեւէ տարբերակում չկա, բայց կան առանձին հոդվածներ, որոնք վերաբերում են աշխատանքային պարտականությունների կատարմանը, նույնիսկ սահմանվում է, թե որոնք են այդ պարտականությունները, ե՞րբ է դա տեղի ունենում, ասենք՝ աշխատանքի գնալ-գալ, աշխատաժամանակ, գործատուի որոշակի տարածք եւ այլն։ Այս հարցերը բոլորը կարգավորված են Քաղաքացիական օրենսգրքով։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցեր այլեւս չկան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Մենք անցնում ենք հաջորդ հարակից զեկույցին։ Այն պետք է ներկայացնի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը։ Խնդրեմ։

Չեմ կարծում, որ դուք կհասցնեք, բայց առնվազն կարող ենք սկսել։

Գ.ՄԽԵՅԱՆ

-Հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, բնականաբար, 1-ից 2-րդ ընթերցման ժամանակ քննարկվում են այն առաջարկությունները, որոնք արվել են եւ՛ կառավարության, եւ՛ պատգամավորների կողմից։ Ինչ խոսք, մեր հանձնաժողովն անդրադարձել է այդ առաջարկություններին։ Բայց մինչեւ այդ առաջարկություններին անդրադառնալը, մեր հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքներին անդրադառնալը, ես մի քանի խոսքով եւս մեկ անգամ կուզեի հիշեցնել Աշխատանքային օրենսգրքի կարեւորության մասին, դրա սկզբունքների մասին։

Աշխատանքի իրավական կարգավորման սկզբունքներն արդեն իսկ ամրագրված են, մենք գիտենք, 1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեում ընդունված ՀՀ Սահմանադրության մեջ, ըստ որի, քաղաքացիներն ունեն աշխատանքի ազատ ընտրության, արդարացի եւ պետության կողմից սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների, ինչպես նաեւ գործադուլի իրավունք։ Բացի այդ, արդեն շուրջ 5 տարի է գործում է ՀՀ նոր քաղաքացիական օրենսգիրքը, որը, ինչպես գիտեք, տնտեսական հարաբերությունը կարգավորող հիմնական իրավական փաստաթուղթ է։ Այս պարագայում ակնհայտ էր, որ Աշխատանքային օրենսգրքի բացակայությունն առաջացնում էր այն իրավական վակուումը, որին մենք բոլորս վկա էինք՝ այստեղից բխող բոլոր բացասական հետեւանքներով։

Հարգելի գործընկերներ, հայտնի է, որ աշխատանքային օրենսդրությունը սոցիալական ինֆրակառուցվածքի կարեւորագույն բազային մասն է, որը սոցիալական այլ օրենսդրության հետ համատեղ որոշում է տնտեսության սոցիալական կողմնորոշության աստիճանը։ Աշխատանքային օրենսդրությունը, ինչպես գիտեք, ինքնին հանդիսանում է իրավական կառուցվածքի անբաժանելի մասը, գործողությունների ծավալուն դաշտի պետության ճկուն մի գործիք, որը հնարավորություն է ընձեռում ապահովելու սոցիալական համերաշխությունը, տնտեսության եւ հանրության բնականոն զարգացումը եւ գործունեությունը։ Այն ապահովում է նաեւ աշխատաշուկայի կարգավորումը, աշխատուժի օպտիմալ օգտագործումը, սոցիալական հարաբերությունների ներդաշնակությունը։

Հարկավոր է նկատի ունենալ, որ զարգացած եւ կշռադատված աշխատանքային եւ այլ սոցիալական նորմերը մարդկային ռեսուրսների աշխատանքային արտադրողականության, մարդկային աշխատանքի կուլտուրայի, բարձրորակ արտադրանքի եւ կայուն տնտեսության հիմնական երաշխիքներից մեկն է։ Այս առումով Աշխատանքային օրենսգրքի նախագծի վերլուծությունը կատարված առաջարկությունների հիման վրա լրամշակումից հետո ցույց է տալիս, որ նրանում ներառվել են ժամանակակից աշխատանքային իրավունքի հետեւյալ կարեւոր սկզբունքները, որոնք, մեր կարծիքով, կրում են կարեւոր սոցիալական նաեւ ուղղվածություն։ Դրանք են՝

1.Հավասար իրավունքների եւ պարտականությունների սահմանում բոլոր տեսակի կազմակերպություններում՝ անկախ սեփականության եւ իրավակազմակերպական ձեւից։

2.Աշխատանքի եւ աշխատանքային հարաբերությունների կարգավորման գործում պետական միջամտության որոշակի սահմանափակում, չնայած նման միջամտությունը որոշակի չափով անհրաժեշտ է աշխատողների եւ հասարակության շահերը պաշտպանելու համար։

3.Աշխատանքային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթը, որը մինչ այդ իրականացնում էին արհմիությունները, այս պարագայում փոխանցվում է աշխատանքի պետական տեսչություններին։

4.Դատարանների դերի բարձրացումն աշխատանքի ոլորտում օրինականության ապահովման գործում։

5.Միավորման ազատության ապահովում ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուների համար։

6.Կոլեկտիվ պայմանագրերի՝ որպես աշխատանքային իրավունքի կարեւոր աղբյուրի զարգացում։

7.Կոլեկտիվ եւ աշխատանքային վեճերի, ներառյալ գործադուլների իրավունքը եւ այլն։

Պետք է նշել, որ Աշխատանքային օրենսգրքի լրամշակված նախագծի վերջնական տարբերակի վերաբերյալ, ինչպես նշեց նաեւ հարակից զեկուցող պրն Պետրոսյանը, Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի, մի շարք այլ հասարակական կազմակերպությունների կողմից նույնպես ներկայացվել են դիտողություններ եւ առաջարկություններ, որոնք մանրամասն ուսումնասիրվել են եւ հաշվի են առնվել նախագիծը 2-րդ ընթերցմամբ նախապատրաստելու համար։ Անշուշտ, սա շատ ուրախալի է, եւ Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիան, հասարակական կազմակերպությունները, անհատ մասնագետները հետաքրքրություն են ցուցաբերում այս կարեւոր փաստաթղթի նկատմամբ, որը վերաբերում է հասարակության բոլոր շերտերին, եւ ակտիվորեն մասնակցել են նրա նախապատրաստման եւ քննարկման աշխատանքներին։ Նաեւ ուրախալի է, որ նախագծի հեղինակները նախկինում ստացած բազմաթիվ դիտողություններ եւ առաջարկություններ արդեն իսկ հաշվի են առել եւ համապատասխան փոփոխություններ են կատարել նախագծի տեքստում, ինչն անշուշտ դրականորեն է անդրադարձել փաստաթղթի որակի վրա։

Հարգելի գործընկերներ, իսկ հիմա թույլ տվեք անդրադառնալ Աշխատանքային օրենսգրքի նախագծի վերաբերյալ ներկայացված այն առաջարկություններին, որոշակի, որոնք քննարկվել են նաեւ հանձնաժողովում։ Պետք է, ինչպես հեղինակը եւ, ասենք, մյուս գլխադասային հանձնաժողովի նախագահը նշեցին, եղել է 314 առաջարկություն, որից 129-ը ընդունվել է հեղինակների կողմից, այսինքն՝ շուրջ 40%-ը։ Դա խոսում է այն մասին, որ բավականին մանրակրկիտ քննարկումների առարկա է դարձել օրենսգիրքը եւ հոդված առ հոդված քննարկվել է։

Ընդունված առաջարկություններն ընդհանուր առմամբ կրել են բովանդակային բնույթ, ինչը կարեւորում ենք։ Մեր հանձնաժողովի կողմից արված առաջարկությունների 90 %-ը օրինագծի հեղինակի կողմից ընդունվել է։ Կցանկանայի ուղղակի անդրադառնալ մեր կողմից արված այդ որոշակի առաջարկություններին, որոնք ընդունվել են եւ, մեր կարծիքով, հավասարակշիռ էր գործատուների եւ աշխատողների շահերը եւ, որոնք ունեն կարեւոր սոցիալական ուղղվածություն։ Դրանցից 1-ինը, 122-րդ հոդվածը, աշխատանքային պայմանագրի լուծումն աշխատողի նկատմամբ վստահություն կորցնելու դեպքում։

3-րդ կետը շարադրվել է եւ նախատեսվել է որոշակի գործողություններ աշխատողների կողմից, որոնք գործատուի մոտ կարող են անվստահություն առաջացնել։ Այսինքն՝ վերջնական հոդվածի 3-րդ կետի վերջնական տեքստը հետեւյալն է՝ անվստահություն է առաջացրել սպառողների, հաճախորդների կամ գործատուի, գործընկերների մոտ, որի հետեւանքով գործատուն կարող է վնաս կրել, այսինքն՝ կոնկրետացվել է, եւ այդ հոդվածը բացվել է։

Կամ 125-րդ հոդվածը՝ աշխատանքային պայմանագրի լուծումն անվայել արարքի համար։ Բնականաբար, բոլորիս անհասկանալի է, թե ինչ է նշանակում «անվայել», որովհետեւ դա կարող էր առանձին քննարկումների եւ, ասենք, գործատուների մոտ քմահաճության, ասենք, սկզբունք դրսեւորել, եւ դրա համար քանի որ նախատեսված էր հիմքը, կարող էր շատ լայն կիրառում ստանալ, առավել եւս, որ չկա հստակ հասկացություն, թե ո՞ր արարքը կարելի էր ճանաչել անվայել։ Այդ հիմքը կարող էր դառնալ աշխատանքային վեճի առարկա տարբեր սուբյեկտիվ մոտեցումների պատճառով։

Հոդված 123՝ աշխատանքային պայմանագրի լուծումը առանց ծանուցման։ Նախատեսված էր աշխատողին կալանքի վերցնելու դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծել աշխատողին կալանքի վերցնելու օրվանից, բայց մենք ձեզ հետ միասին գիտենք, որ դրա հիմնական, ասենք, դրա որոշողը լինելու է դատարանը։ Ելնելով վերը նշվածից՝ դրույթը այդ 123 հոդվածից հանված է։

Կամ 161՝ «Ամենամյա լրացուցիչ արձակուրդ» վերնագրով։ Նախատեսվում է ամենամյա լրացուցիչ արձակուրդ աշխատանքի վնասակար եւ վտանգավոր պայմաններում աշխատողների, չնորմավորված աշխատանքային օրով աշխատողներին, հատույկ բնույթի աշխատանքներում աշխատողներին...

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Ներողություն, բայց ժամանակը լրացավ։ Հիմա ընդմիջում է, դուք կշարունակեք ընդմիջումից հետո։

Գ.ՄԽԵՅԱՆ

-Շնորհակալություն։


Ժամը 1200

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Նիստը շարունակվում է։ Ամբիոնի մոտ է հրավիրվում պրն Մխեյանը, շարունակելու համար իր հարակից զեկույցը։

Գ.ՄԽԵՅԱՆ

-Ես կուզեի շարունակել այն առաջարկությունները, որոնք արվել էին հանձնաժողովի կողմից։ Ես ուզում եմ անդրադառնալ 176-րդ հոդվածի վրա, «չվճարվող արձակուրդ» հասկացողությանը։ Այս հոդվածում նախատեսված էր ամուսնության համար մեկ օր, քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ նախագծում նախատեսվել է 3 աշխատանքային օր, ոչ թե օր, այլ աշխատանքային օր։

184-րդ հոդվածը, «արտաժամյա աշխատանքի եւ գիշերային աշխատանքի վարձատրություն» հասկացողությունը։ Այս հոդվածի վերաբերյալ կատարված առաջարկություններն ընդունվել են մասամբ։ Հոդվածը ստացել է հետեւյալ տեսքը՝ «Արտաժամյա աշխատանքի եւ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանվում է հավելում ժամային դրույքաչափի 1,5 անգամից ոչ պակաս չափով»։ Կողմերի համաձայնությամբ, արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար վճարվում է ոչ պակաս, քան աշխատողի սահմանված ժամային դրույքաչափը, ինչը, մեր կարծիքով, եւս հնարավորություն է տալիս ապահովել արտաժամյա աշխատանքի վերաբերյալ միջազգային կոնվենցիաների պահանջները։

256-րդ հոդվածը, «աշխատողների բուժօգնության կազմակերպումը» խմբագրվել է, ինչի արդյունքում հստակեցվել է աշխատավայրում դժբախտ դեպքերի կամ սուր հիվանդությունների առաջացման դեպքում գործատուի պարտավորությունները։ Այսինքն՝ աշխատանքի վայրում հիվանդացած կամ վնասվածքներ ստացած աշխատողի տեղափոխումն առողջապահական կազմակերպություն, կազմակերպում է գործատուն իր միջոցների հաշվին եւ պարտավոր է ապահովել աշխատողների 1-ին բուժօգնությունը, եւ մի շարք այլ հոդվածներ։

Բովանդակային լուրջ առաջարկություններ են կատարվել օրինագծի վերաբերյալ կառավարության, պատգամավորական խումբ, խմբակցությունների, առանձին պատգամավորների կողմից։ Այստեղ նաեւ կարելի է նշել, որ ՄԱԿ խմբակցության կողմից արվել էր 59 առաջարկություն, որոնցից ընդունվել են 40-ը, եւ՛ «Հանրապետական» խմբակցության, եւ՛ «Օրինաց երկիր» խմբակցության, այսինքն՝ բոլոր խումբ, խմբակցությունները, եւ՛ «Դաշնակցության», շահագրգռված են եղել նորմալ օրենքի ընդունելու առումով։ Նրանք արել են իրենց առաջարկությունները, բոլոր առաջարկություններն էլ մանրակրկիտ քննարկվել են։ Մասնավորապես, հստակեցվել են մի շարք առանցքային հոդվածներ, սկզբունքային մոտեցումներ կապված աշխատանքային օրենսդրության, գործողության ոլորտի, աշխատանքային հարաբերությունների կարգավորման, սոցիալական գործընկերության, աշխատողների առողջության, անվտանգ պայմանների պահպանման, անհատական աշխատանքային իրավունքների, աշխատանքային պայմանագրերի... եւ այլն։

Օրինագիծն ի հաշիվ կատարված առաջարկությունների, ենթարկվել է զգալի խմբագրական փոփոխությունների, հանվել են տարբեր հոդվածներում կրկնվող դրույթները, նկատելի դրական փոփոխություններ են կրել շարադրման ոճը եւ լեզուն։ Հարկ եմ համարում նշեք, որ Աշխատանքային օրենսգրքի այս տարբերակը, որը դրական որակական փոփոխություններ է կրել, դա բոլոր շահագրգիռ կողմերի համախմբված ջանքերի արդյունք է։

Ես իմ պարտքն եմ համարում հանձնաժողովի անունից շնորհակալություն հայտնել բոլոր շահագրգիռ մարմիններին, բոլոր պատգամավորներին, բոլոր հանձնաժողովներին, որոնք մասնակցել են։ Ես կարծում եմ, եւ հանձնաժողովի անունից պարտավորված եմ ասելու, որ սա շատ կարեւոր օրենսգիրք է եւ անհրաժեշտ է լուրջ ուշադրության ենթարկել։ Բացի այդ, թող այն թույլ կարծիքը չստեղծվի, որ մեկս մեկին շնորհակալական խոսքեր ենք ուղղում, բայց ես հատկապես իրոք կուզենայի նշել, որ արդարադատության փոխնախարար պրն Մուկուչյանի աշխատանքը, որը բոլոր հոդվածների հատ-հատ քննարկումների ժամանակ ցույց էր տվել շահագրգիռ մոտեցում, եւ որի արդյունքում նախագիծը 2-րդ ըներցման տարբերակով լրամշակված ներկայացված է ձեր քննարկմանը։

Հանձնաժողովն առաջարկում է ընդունել 2-րդ ընթերցմամբ եւ կողմ քվեարկել։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հիմա խնդրում եմ հարցերով դիմել 5-րդ եւ 120-րդ հոդվածների վերաբերյալ, եթե նման հարցեր կան։ Հերթագրում՝ հարցերի համար։ Կա մեկ հարց, պատգամավոր Դանիելյան, խնդրեմ։

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-120-րդ հոդվածի 2-րդ մասում շարադրված է, մեջբերում եմ. «աշխատողի առողջական վիճակի վատթարացումը կարող է պատճառ հանդիսանալ աշխատանքային պայմանագրի լուծման համար, եթե այն կրում է կայուն բնույթ եւ խոչընդոտում է շարունակելու աշխատանքը կամ բացառում է այն շարունակելու հնարավորությունը»։

Պրն Մխեյան, օրենսգիրքը պարունակու՞մ է այնպիսի նորմեր, որ եթե տվյալ աշխատողի առողջական վիճակի վատթարացումը հիմք է հանդիսացել աշխատանքային աշխատողի առողջական վիճակի վատթարացմանը, հիմք են հանդիսացել աշխատանքային պայմանները, որի հետեւանքով նաեւ թեկուզեւ ժամանակավորապես, բայց կայուն կերպով կորցրել է իր աշխատելու գործունակությունը, սակայն բժշկական եզրակացությամբ հաստատվում է, որ մի քանի ամիս հետո աշխատողի առողջական վիճակը կվերականգնվի։ Սակայն ըստ 120 հոդվածի ենթադրվում է, որ աշխատանքային պայմանագրի լուծմամբ նա ազատված կլինի իր զբաղեցրած պաշտոնից։ Կցանկանայի լսել ձեր կարծիքը։

Գ.ՄԽԵՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Դանիելյան։ Օրենսգրքում այն հոդվածները, որոնք որ առաջարկված են...բնականաբար, պետք է պարունակեն այն նորմատիվային նորմերը, որոնք ընդգրկված են այս Աշխատանքային օրենսգրքում։ Եվ մյուս հոդվածներում, որքան որ ես տեղյակ եմ, իրոք, որ կա այդ հոդվածը, ես այս պահին չեմ կարող ասել, բայց հեղինակը նաեւ իր խոսքն է ասում, որ այստեղ կա։ Կարծում եմ, որ առաջարկվել է 120-րդ հոդվածում, որ բժշկական եզրակացության հիման վրա, բնականաբար, նաեւ գործատուի շահերն է պաշտպանված, որովհետեւ կարող է մարդու առողջական վիճակը վատ լինի, եւ, բնականաբար, չկարողանա մասնակցել, բայց ինձ հուշում են նաեւ, որ իրոք հոդվածը ներառված է, պրն Դանիելյան։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Պարզաբանման կարիք չկա։ Հարցերն ավարտվեցին, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը, պրն Մխեյան։ Մենք լսեցինք հիմնական զեկույցը եւ հարակից զեկույցները։ Հիմա հիշեցնեմ, քանի որ մենք պարզեցինք , որ երկու հոդվածներ քննարկվում են 1-ին ռեժիմի ընթերցմամբ, ապա հիմա այդ հոդվածների վերաբերյալ, այսինքն՝ 5-ի եւ 120-ի վերաբերյալ կունենանք մտքերի փոխանակություն, որից հետո ընդհանուր օրենքի մասին այն հեղինակները, որոնք ունեն մերժված առաջարկություններ, չընդունված առաջարկությունների հեղինակները կունենան 5 րոպե, ելույթի համար։ Դրանց ցանկն ինձ մոտ կա, ես կառաջարկեմ, ով կցանկանա ելույթ կունենա, ով ոչ, բնականաբար, ոչ։ Եթե որեւէ մեկին ինչ-ինչ պատճառներով բաց թողած կլինենք, ապա դուք կհուշեք։

Իսկ հիմա խնդրում եմ մտքերի փոխանակման համար հերթագրվել։ Խոսքը գնում է 5-րդ եւ 120-րդ հոդվածների մասին։ Հերթագրում։ Ցանկացողներ չկան, դա հույս է ներշնչում, որ հոդվածները կընդունվեն 1-ին եւ 2-րդ ընթերցումով, առանց հավելյալ բարդությունների։

Հարգելի խորհրդարան, ասեմ, որ ըստ մեր կանոնակարգի, որպես չընդունված, մերժված առաջարկությունների հեղինակներ, կարող են ունենալ իրենց ելույթները ՄԱԿ խմբակցությունը կամ ՄԱԿ խմբակցության անունից որեւէ ներկայացուցիչ, «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության որեւէ ներկայացուցիչ, Դաշնակցության խմբակցության որեւէ ներկայացուցիչ, Հանրապետական կուսակցության խմբակցության որեւէ ներկայացուցիչ, սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հանձնաժողովի որեւէ ներկայացուցիչ, որովհետեւ այնտեղ կա մերժված առաջարկ, եւ թեեւ պրն Մխեյանը ընդհանուր առմամբ, բարձր է գնահատում աշխատանքը, բայց իրենց իրավունքն է։ Բացի դրանից, առանձին, մի շարք առաջարկություններով, մերժված առաջարկություններով հանձնաժողովին դիմել էին պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանը, ինչի մասին ինքն արդեն այստեղ ասաց, բայց հավանաբար իր ելույթը փակում է այս անհրաժեշտությունը, պատգամավոր Արտակ Առաքելյանն «Օրինաց երկրից», պատգամավոր Միքայել Վարդանյանը «Դաշնակցություն» ֆրակցիայից եւ պատգամավոր Սասուն Միքայելյանը, որը դահլիճում չէ։ Հիմա, քանի որ այս հարցով ֆրակցիաները ելույթի իրավունք չունեն, առանձին ելույթի, ես առաջարկում եմ, որ հիմա մենք հերթագրում կատարենք։ ՄԱԿ խմբակցությունից կլինի՞ ելույթ, ոչ, Դաշնակցությունից ելույթ կլինի՞, 1-ինը, ուրեմն, Ոստանիկ Մարուխյան, «Օրինաց երկրից» կլինի՞ ելույթ, ոչ, Հանրապետական կուսակցությունից, ոչ, սոցիալական հանձնաժողովից, լավ։ Պրն Առաքելյանը դահլիճում չէ, Միքայել Վարդանյանը դահլիճում չէ, Սասուն Միքայելյանը դահլիճում չէ, Ռաֆիկ Պետրոսյանը նույնպես դահլիճում չէ։ Մենք ունենք 2 ելույթ, որպես մերժված առաջարկների հեղինակներ, հեթականությունը հետեւյալն է՝ Ոստանիկ Մարուխյան, հետո Գագիկ Մխեյան։ Խնդրեմ, պրն Մարուխյան, դուք ունեք 5 րոպե։

Ո.ՄԱՐՈՒԽՅԱՆ

-Մեծարգո նախագահող, հարգելի գործընկերներ, դեռեւս 1-ին ընթերցման քննարկումների ժամանակ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում մենք հատուկ ընդգծել էինք այն հանգամանքը, որ 1-ից 2-րդ ընթերցման ճիշտ ժամանակային ռեժիմ ընտրելու պարագայում ակնկալում ենք բավականաչափ լայն հասարակական հնչեղություն ունեցող այս փաստաթղթի վերաբերյալ առաջարկների, դիտողությունների բազմաթիվ ակնկալիքով, նորից քննարկումներ իրականացնելու գործընթաց։ Ես պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ մեր կանխատեսումներն արդարացան, քանզի տնտեսական կացութաձեւի արմատական փոփոխության ուղին ընտրած մեր հանրապետության համար աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող Աշխատանքային օրենսգրքի անհրաժեշտությունն արդեն իսկ վիճարկելի չէ, խիստ անհրաժեշտ է այն, եւ շոշափում է հասարակության գրեթե բոլոր խավերի շահերը։ Եվ այդ առումով պետք է արձանագրեմ, որ ՀՀԴ-ի համապատասխան կառույցներն իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին այդ ժամանակահատվածում, տարբեր տեսակի դիտողությունների, առաջարկների ձեւավորման ուղղությամբ, մասնավորապես, ՀՀԴ Հայաստանի գերագույն մարմնի կողմից ձեւավորված հատուկ հանձնախումբը բավականին մանրակրկիտ վերլուծության ենթարկեց ներկայացված նախագիծը։ Եվ չեմ թաքցնում նաեւ այն քննարկումները, որոնք իրականացվեցին հատուկ խորագիր կրող մեր պաշտոնաթերթում, «Երկիր» պաշտոնաթերթի հատուկ խորագրով քննարկում ենք «Աշխատանքային օրենսգիրքը» վերնագրի տակ, պետք է ընդգծեմ, որ նույնպես տվեցին նյութ այն առաջարկների ձեւավորմանը, որը հետագայում ներկայացվեց նախագծին հեղինակներին։

Պետք է ընդգծեմ, որ մեր առաջարկները մենք ձեւավորել էինք 3 ուղղությամբ, կարելի է անվանել այսպես՝ «ընդհանուր առաջարկներ եւ դիտողություններ»։

2-րդը դա իրենցից ներկայացնում էին խմբագրական եւ ոճական ուղղումներ պահանջող առաջարկներ, եւ իհարկե 3-րդը, որը նույնպես կարեւորում եմ, Եվրոպական սոցիալական խարտիայի նորմերին եւ Աշխատանքային օրենսգրքի ներկայացվող նախագծի համադրման արդյունքում ձեւավորված առաջարկներ։

Այս առաջարկների համախումբը մեզ հնարավորություն տվեց ներկայացնել թվով 31 առաջարկ։ Այդ 31 առաջարկներից, ի գոհունակություն մեզ, պետք է ընդգծեմ, որ գրեթե 70%-ը նախագծի հեղինակներն ընդունել են։ Եվ քանի որ այս պահին ես ելույթ եմ ունենում որպես մերժված առաջարկների հեղինակներից մեկը, կարող եմ ասել, որ երեւի այն եզակի դեպքերից է, որ մերժված առաջարկները, ըստ էության, կամ մերժվել են շատ հիմնավորված, կամ էլ մենք ունեցել ենք փոխզիջումային որոշակի հանգամանք։ Այսինքն՝ այդ առաջարկը եթե չի էլ ընդունվել, ապա տվյալ հոդվածի վերախմբավորման արդյունքում այն որոշակի արձագանք ստացել է։

Այդ առումով ես կուզենայի հատկապես նշել, այստեղ պրն Մխեյանը նույնպես դա հստակորեն ընդգծեց, մի քանի օրենսդրական նախաձեռնությունների առիթով հարաբերվելով արդարադատության փոխնախարար պրն Մուկուչյանի հետ, ես կարող եմ իմ գործընկերներին հստակորեն հայտնել, որ շատ օպերատիվ կերպով շատ հստակորեն արձագանքում է բոլոր առաջարկներին, եթե լինում են մերժումներ, այդ մերժումները հիմնավորված են։ Ես կրկին անգամ կուզենայի ընդգծել, որ եթե եղել են մերժված առաջարկներ մեր առաջարկների շարքացանկում, դրանք հիմնականում կրում էին խմբագրական որոշակի երանգ։ Մեր կողմից առաջադրված սկզբունքային հարցադրումներն ընդունվել են։

Այս բոլորի արդյունքում ես կարող եմ ներկայացնել նաեւ ֆրակցիայի կարծիքը, որ 2-րդ ընթերցմանը ներկայացված այս նախագիծը մտել է ավարտուն փաստաթուղթ դառնալու փուլ, այն հիմնովին լրամշակված է, եւ ես կոչ կանեի իմ գործընկերներին, այն 2-րդ ընթերցմամբ ընդունել։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մարուխյան։ Ամբիոնի մոտ է հրավիրվում Գագիկ Մխեյանը։

Գ.ՄԽԵՅԱՆ

-Շնորհակալություն, հարգարժան նախագահող, երկրորդ անգամ հնարավորություն ընձեռելու համար։ Ես չեմ ցանկանում ելույթ ունենալ, ուղղակի ես եւս մեկ անգամ ուզում եմ կրկնել հանձնաժողովի այն կարծիքը, որ ընդունված առաջարկությունները քննարկման արդյունքում ընդունվել են, իսկ այն առաջարկությունները, որոնք արվել են հանձնաժողովի կողմից եւ չեն ընդունվել, հեղինակի կողմից եղել են հիմնավոր առարկություններ, եւ դրան հանձնաժողովը համամիտ է եղել, որի համար մենք այդ չընդունված առաջարկությունների վերաբերյալ չունենք որեւիցե բան։

Եվ երկրորդ անգամ նորից շնորհակալություն եմ հայտնում քննարկումների, եւ այս օրինագիծը ներկայացնելու 2-րդ ընթերցմամբ։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն տեսնու՞մ եք, խնդրեմ, պրն Մուկուչյան։

Տ.ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ մեծարգո փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, ԱԺ քննարկումը, որը տեղի է ունեցավ, եւ ելույթները մեկ անգամ եւս հավաստում էին, որ չնայած ներկայացված առաջարկությունների բավականին մեծաքանակ լինելուն, այնուամենայնիվ, այս ընթացքում հնարավոր եղավ այդ ամբողջը լիարժեք կերպով ներառել։ Այստեղ ես մեկ անգամ եւս կցանկանայի անդրադարձ կատարել այն խնդրին, որ բացի ներկայացված առաջարկություններից մանրամասն քննարկման առարկա դարձան հասարակական տարբեր կազմակերպություններից ստացված առաջարկություններ։ Ի դեպ նշեմ, որ դրանցից Հայաստանի արհեստակցական կազմակերպությունների միությունն իր առաջարկությունները ներկայացրել էր ինչպես 1-ին ընթերցմամբ նախագիծը մշակելու ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո։ Բացի դրանից, փաստորեն, Աշխատանքային օրենսգրքի նախագիծը քննարկելու ժամանակ ոչ միայն տարբեր պարբերականներում, տարբեր պատգամավորական խմբակցությունների կողմից նախաձեռնվեց հրապարակումներ, որովհետեւ առանձին թերթերում, առանձին հանդեսներում տպվեց Աշխատանքային օրենսգրքի նախագծի տեքստը։ Բացի դրանից, կառավարությունը նախաձեռնեց բաց քննարկումներ Աշխատանքային օրենսգրքի նախագծի, որին հրավիրվեցին բոլոր անձինք, ովքեր ունեին ցանկություն մասնակցելու նման քննարկումներին, որի թիվ մեկ խնդիրը հանդիսանում էր այն, որ ներկայացնել Աշխատանքային օրենսգիրքը հանրությանը, եւ 2-րդ կարեւորագույնը՝ ակնկալել առաջարկություններ։ Ի ուրախություն, պետք է նշել, որ ոչ միայն այդ քննարկումներն էին բավականին ակտիվ ընդանում, այլ նաեւ առաջարկություններ եղան բավականին շատ, նույնիսկ այն առաջարկությունները, որոնք մերժվել են, այնուամենայնիվ, դրանք ունեցան կարեւոր նշանակություն նախագիծը լրամշակելու համար։ Ամեն մի առաջարկություն դա իրենով իսկ մեկ մտահոգություն էր, իսկ մտահոգությունը ստիպում էր գտնել որոշակի կանոնակարգումներ, եթե նույնիսկ կանոնակարգումները լրիվ էին, ապա հստակ ձեւակերպումներ, որպեսզի նման տարակարծություններ եւ տարամեկնաբանություններ չառաջանան։ Այս առումով հնչեցին 2 կարեւորագույն առաջարկներ, որոնց կցանկանայի եւս անդրադառնալ։ Դրանցից մեկը վերաբերում էր թվաքանակի կրճատման հիմքերի ու կարգի ամրագրմանը։ Աշխատողների թվաքանակի կրճատման համար նախագծով նախատեսված է որոշակի ընդգրկուն, ունիվերսալ սահմանում, ինչը հնարավորություն է տալիս ներառելու բոլոր դեպքերը։ Աշխատողների թվաքանակի կրճատման դեպքերը կարող են լինել խիստ բազմաթիվ ու բազմազան, բայց դրանք պայմանավորված են որոշակի տեխնիկական, տեխնոլոգիական եւ այլ նմանատիպ պայմաններով։ Մենք փորձեցինք գտնել, որտեղ հնարավոր կլիներ տեսնել այդ բոլոր հիմքերը, որոնք վերարտադրվեին, գուցե, կամ ինչ-որ կերպ այդ ամբողջը փորձել ներառել այս նախագծում ուղղակիորեն, զուտ իրավական տեխնիկայի տեսանկյունից անհնար եղավ այդ ամբողջ հիմքերի ներառումը։ Դրա համար այստեղ ամրագրվել է ունիվերսալ ձեւակերպում, որովհետեւ թվաքանակի կրճատումն ամենատարբեր դեպքերում կարող է տարբեր նշանակություն ունենալ։

Ինչ վերաբերում է աշխատանքում մնալու նախապատվության խնդիրներին, ապա այս նախագծում այն չափով, ինչով որ կարծում ենք կարեւորություն է ձեռք բերում, որպեսզի իրավամբ աշխատող, որակյալ մասնագետը չունենան աշխատանքային իրավունքների ոտնահարում, այս մասով նախագծում համապատասխան նորմեր ամրագրված են։

Ինչ վերաբերում է համատեղության հարցին, ապա համատեղության հարցում 2 կարեւորագույն ճշգրտում նախագծում կատարված է։

Ինչ վերաբերում է նախկին կամ հիմնական գործատուի համաձայնության խնդրին, ապա մեկ անգամ եւս նշեմ, որ մենք պրակտիկորեն բացառում ենք այն բոլոր դեպքերը, երբ հնարավոր կլինի, որ աշխատողն աշխատի 2, 3, գուցե 5 գործատուների մոտ եւ չկատարի իր աշխատանքային պարտականությունները, որովհետեւ յուրաքանչյուր գործատուի մոտ աշխատանք՝ նշանակում է աշխատանքային պայմանագիր, կողմերի իրավունքներ, պարտականություններ, մի կողմի կողմից կատարելու իր աշխատանքային պարտականությունները, մյուսի կողմից ընդունելու այդ աշխատանքի արդյունքը եւ վճարելու դրա համար։ Կարծում ենք, որ տվյալ պարագայում բացառվում են այն դեպքերը, երբ գործատուն կհամաձայնվի վճարելու այնպիսի մի աշխատողի, որի աշխատանքի արդյունքը ոչ միայն չի բավարարի գործատուին, աշխատողի հոգնածության կամ այլ պատճառներով կլինի վատորակ, եւ գործատուն կհամաձայնվի ունենալ նման աշխատող եւ նրան վճարել պայմանագրով նախատեսված գինը։ Տվյալ պարագայում գոյություն ունեն պայմանագրի երկու կողմեր եւ հիմնական հարաբերության կարգավորումն իրականանում է այդ երկու կողմերի միջեւ։ Այստեղ գերխնդիրը կայանում էր նրանում, որ եթե մենք համատեղության հարցում նշում կատարենք կամ ամրագրենք հիմնական գործատուի համաձայնության խնդիրը, ապա այս պարագայում կարող է որոշակի չարաշահումների խնդիր առաջանալ, որովհետեւ հիմնական գործատուի պարագայում կարող են առաջանալ դեպքեր, երբ, ուղղակի, աշխատողը հիմնական գործատուի ցանկություններով պայմանավորված, չկարողանա իր ունակություններն օգտագործել այլ աշխատավայրում։ Մնացած սահմանափակումները լիարժեք կերպով ներառված են։ Դա վերաբերում է եւ՛ աշխատանքային գրքույկում համապատասխան նշմանը, համատեղության մասին, դա վերաբերում է հիմնական աշխատատեղ եւ համատեղությամբ աշխատատեղ, արձակուրդի խնդիրների կանոնակարգմանը եւ այլն, այդ ամբողջը լիարժեք կերպով արտացոլվել է։

Ես կցանկանայի մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել բոլոր առաջարկությունների հեղինակներին, ԱԺ խումբ, խմբակցություններին, պատգամավորներին՝ ներկայացված առաջարկությունների եւ նաեւ այն շահագրգիռ քննարկումների համար, որոնք մենք ունեցանք, ինչի արդյունքում, կարծում եմ, մենք այսօր ունենք Աշխատանքային օրենսգիրք, որը ի զորու է կարգավորելու մեզանում առկա հասարակական հարաբերությունները։ Իհարկե, նախագծի հեղինակային խումբը հեռու է այն մտքից, որ ստեղծված է կատարյալ նախագիծ, սակայն, կարծում ենք, որ այս նախագիծը, բնական է, հասարակական հարաբերություների զարգացմանը զուգընթաց նաեւ որոշակի փոփոխությունների պետք է ենթարկվի, բայց այսօր նրանում ամրագրված նորմերն ի զորու են լիարժեք եւ ամբողջական կերպով կարգավորելու մեր հասարակական կյանքում առաջացող աշխատանքային բնագավառի հարաբերությունները։ Շնորհակալություն։

Խնդրում եմ, փաստորեն, երկու հոդվածները 1-ին ընթերցմամբ եւ ամբողջությամբ 2-րդ ընթերցմամբ ընդունել։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Քվեարկությունները, հավանաբար, տեղի կունենան վաղն առավոտյան հենց այն կարգով, որ դուք առաջարկեցիք։

Հարգելի պատգամավորներ, մենք անցնում ենք հաջորդ հարցին, փոխկապակցված է նախորդի հետ։ Քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործունեության մեջ դնելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին» հարցը։ Եվ դարձյալ հիմնական զեկուցող է կառավարության ներկայացուցիչը՝ արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը։ Խնդրեմ, պրն Մուկուչյան։

Վ.ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, այս նախագիծը լիարժեք կերպով կապված է Աշխատանքային օրենսգրքի հետ։ Նկատի ունենալով Աշխատանքային օրենսգրքի ծավալը, Աշխատանքային օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների կարեւորությունն ու անհրաժեշտությունը, խնդիր առաջացավ, որպեսզի Աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դրվի առանձին օրենքում, որով սահմանվեց, որ Աշխատանքային օրենսգիրքը նախատեսվում է գործողության մեջ դնել պաշտոնական հրապարակման պահից 6 ամսվա ընթացքում։ Սա այն բավարար ժամկետն է, որի ընթացքում կստեղծվեն այն բազմաթիվ իրավական ակտերը, կառավարական որոշումները, ենթաօրենսդրական ակտերը, որոնք հնարավորություն կնձեռեն լիարժեք կերպով կարգավորելու աշխատանքային հարաբերությունները։ Մասնավորապես, նախատեսվում են նաեւ ժամկետներ գործատու-աշխատող հարաբերություններում, որպեսզի արդեն իսկ գոյություն ունեցող հարաբերությունները բնականոն կարգով տեղափոխվեն, այսպես, էվոլյուցիոն զարգացման ռեժիմով տեղափոխվեն պայմանագրային հիմունքներ։ Այդ նախագծի վերաբերյալ եղել են առաջարկություններ պրն Պետրոսյանի կողմից, էության մեջ ներկայացված են եղել 3 առաջարկություններ, բոլոր առաջարկությունները միանշանակ ընդունված են։ Առաջարկությունները վերաբերում էին նախագծի առանձին հոդվածների հստակեցմանը, ինչի պարագայում հնարավոր կլիներ այս Աշխատանքային օրենսգիրքն առավել քան ամբողջական, առավել բնականով ձեւով կոչելու կյանքի։ Փաստորեն, էության մեջ 5 առաջարկ են եղել, երկուսը կառավարությանխ երեքը պրն Պետրոսյանի առաջարկներն են, բոլոր առաջարկություններն ընդունված են, փաստորեն, չընդունված առաջարկություն չկա։

Խնդրում ենք նախագիծն ընդունել 2-րդ ընթերցմամբ։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն։ է։ Ամբիոնի մոտ է հրավիրվում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը՝ հարակից զեկույցը ներկայացնելու համար, խնդրեմ, պրն Պետրոսյան։

Ռ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարգելի խորհրդարան, սովորաբար, եթե օրենքը, օրինագիծը փոքր է, այն գործողության մեջ դնելու կարգին վերաբերող նորմերն անմիջապես մտցվում են այդ օրենքի վերջում, որպես եզրափակիչ դրույթ կամ որպես կիրառման կարգի մասին, նույնիսկ մեկ հոդվածով այդ հարցը լուծվում է։ Բայց որովհետեւ այս դեպքում մենք գործ ունենք մեծ օրենսգրքի հետ, որը չի կարող լիարժեք կերպով կիրառվել, եթե գործատուների պարտականությունները՝ կապված աշխատանքի պայմանների ապահովման հետ, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հետ, սարքավորումներ ձեռք բերելու, անվտանգության պայմաններն ապահովելու եւ բանվորական տեղերը նախապատրաստելու եւ բազմաթիվ այլ հարցերի հետ, ուստի սրան անհրաժեշտ էր մեծ օրենք, առանձին օրենք այդ Աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին։ Հանձնաժողովն այդ օրինագիծը 2-րդ ընթերցման համար հավանության է արժանացրել, եւ միջնորդում է, որպեսզի քվեարկեն սրա օգտին, հարմար պահին, ինչպես ասում են, որովհետեւ «Աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքը կարգավորել է այս Աշխատանքային օրենսգիրքը կիրարկելու համար անհրաժեշտ բոլոր հարցերը։ 1-ին հերթին նա լուծել է, կարգավորում է՝ մինչեւ օրենսգիրքը գործողության մեջ դնելը, ծագած հարաբերությունների կարգավորման հարցը։ Օրենսգրքում նշվել է, որ նրանց նկատմամբ կիրառվելու են օրենսգրքի դրույթները։ Փաստորեն, մինչեւ օրենսգրքի ուժի մեջ մտնելը, եթե այս ընթացքում, օրենսգիրքն ընդունելուց հետո կծագեն աշխատանքային հարաբերություններ, դրանք եւս կարգավորվելու են Աշխատանքային օրենսգրքով։

2-րդը՝ օրենսգիրքը գործողության մեջ դնելու ժամկետն է նշվել՝ պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո, որովհետեւ, ըստ երեւույթին, անհրաժեշտ կլինի կառավարությանը նաեւ ընդունել այլ եւ այլ հրահանգներ կամ այլ որոշումներ կայացնել Աշխատանքային օրենսգրքում, կառավարության լուծմանը հանձնված, որոշ հարցերի վերաբերյալ իրավական ակտեր նախապատրաստելու համար։ Այնուհետեւ պարտավորեցնում է օրենսդիր եւ գործադիր մարմիններին, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող մյուս օրենքներն ու այլ իրավական ակտերը մեկ տարվա ընթացքում... Ես կարծում եմ, որ սա ռացիոնալ ժամկետ է, մեկ տարում հազիվ էլ հասցնեն, եւ՛ օրենսդիրը, եւ՛ գործադիրը, որպեսզի մնացած իրավական ակտերը համապատասխանեցնեն օրենսգրքին, որովհետեւ դրանց մեջ կան տարբերություններ, եւ ավելի շատ տարբերություններ են առաջանում այս օրենսգիրքն ընդունելու կապակցությամբ, նոր նորմերի հետ կապված։ Այդ տարբերությունները վերացնելու համար տրվել է 1 տարվա ժամկետ։ Եվ որ ամենակարեւորն է, օրենսգրքով նախատեսված ժամանակատար եւ ծախսատար նոր պահանջների իրականացման համար գործատուին տալիս է 3 տարվա ժամկետ, այն է՝ ստեղծել կամ ձեռք բերել, եւ աշխատողներին տրամադրել անվճար գործիքներ, սարքավորումներ, հատուկ հագուստ, պայմաններ ապահովել աշխատողների առողջության եւ անվտանգության պահպանության համար, կահավորել աշխատավայրերը, հիմնականում իր հաշվին անցկացնել պարտադիր բժշկական զննություն, աշխատողներին ապահովել անհատական պաշտպանության միջոցներով եւ այլն։ Այս բոլորը, եւ՛ ժամանակատար, եւ՛ ծախսատար գործողություններ են, որոնց համար տրվում է 3 տարվա ժամկետ։

Մենք 1-ին ընթերցումից հետո արել էինք, ինչպես նշեց հիմնական զեկուցողը, հիմնականում տեխնիկական բնույթի թերություններ էինք նշել՝ կապված օրենսգիրքը գործողության մեջ դնելու, եւ այդ կապակցությամբ նախկինում ընդունված, խորհրդային ժամանակներում ընդունված ոչ միայն Աշխատանքային օրենսգիրքը, այլ այն կիրառության մեջ դնելու կարգի մասին օրենքը եւ այլ իրավական ակտերն ուժը կորցրած ճանաչելու մասին, որը 1-ին ընթերցմամբ պակաս էր ներկայացվել, 2-3 ակտեր, որոնք նյութական հարցեր էին կարգավորում, նյութական իրավունքի բնագավառին էին վերաբերում, այդ ակտերը նույնպես իրենց ուժը կորցրած ճանաչելու մասին, որն այստեղ հայտարարվեց, որ ընդունվել է։

Հանձնաժողովը կոչ է անում ընդունել ոչ միայն Աշխատանքային օրենսգիրքը, այլ այն գործողության մեջ դնելու մասին օրենքը։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հիշեցնեմ, որ այս օրինագիծը, որ 2-րդ ընթերցմամբ ենք քննարկում, ստացել է 5 առաջարկություններ, 5-ն էլ ընդունվել են հեղինակների կողմից, ուստի եւ մերժված առաջարկություններ չկան, քննարկում չկա։ Եթե դուք հարկ կհամարեք, պրն Մուկուչյան, եզրափակիչ, ոչ։ Այս հարցի քննարկումը նույնպես ավարտված է, քվեարկությունը տեղի կունենա ավելի ուշ։

Անցնում ենք հաջորդ հարցին, քննարկում ենք եւս մեկ ծավալուն փաստաթուղթ։ Կառավարության կողմից ԱԺ-ին է ներկայացվել ՀՀ ընտանեկան օրենսգիրքը։ Այս օրենքի նախագիծը քննարկում ենք 2-րդ ընթերցմամբ։ Հիմնական զեկուցող է արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը, իսկ հարակից զեկուցողներ են պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը եւ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ավետյանը։

Հիշեցնեմ, որ այս օրենսգիրքը նույնպես հատուկ կարգով է քննարկվելու, եւ հիմնական զեկուցողն ունի 40 րոպե, իսկ հարակից զեկուցողները 30-ական րոպե։ Խնդրեմ, պրն Մուկուչյան, ամբիոնի մոտ։

Տ.ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, փաստորեն, Աժ-ի կողմից ընդունված խոշոր մյուս փաստաթուղթը դա Ընտանեկան օրենսգրքի նախագիծն էր, քանզի ինչպես ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը, այնպես էլ Ընտանեկան օրենսգիրքը դրանք այն օրենսգրքերն էին, որոնք ընդունվել էին խորհրդային իրականության տարիներին, 69-72 թվականներին, չնայած դրանցում փոփոխություններ տեղի ունեցել էին, բայց դրանք ի զորու չէին կարգավորելու մեր կյանքում առկա հասարակական հարաբերությունները՝ նկատի ունենալով այդ հասարական հարաբերությունների զարգացումը եւ այդ հասարակական հարաբերությունների արդի վիճակը։ Այս ամենի հաշվառմամբ մշակվել եւ ԱԺ-ի քննարկմանն էր ներկայացվել ՀՀ ընտանեկան օրենսգրքի նախագիծը։ Ինչպես եւ Աշխատանքային օրենսգիրքը, այս նախագծի վերաբերյալ ստացվել էին բավականին շատ առաջարկություններ, մասնավորապես, 116 առաջարկություններ։ Այդ առաջարկությունները մանրամասն կերպով քննարկվել են, եւ այսօր կարող եմ զեկուցել Աժ-ին, որ քննարկման արդյունքներում ընդունվել է առաջարկությունների 72%-ը, եւ չընդունված առաջարկները կազմել են 28% կամ որ նույնն է՝ 32 առաջարկություն։

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ բոլոր առաջարկությունները, ինչպես եւ Աշխատանքային օրենսգրքի պարագայում, ամառային արձակուրդների ընթացքում հնարավոր եղավ աշխատանքային կարգով քննարկել հանձնաժողովում, մասնավորապես, ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովում։ Մանրամասն կերպով քննարկվեցին բոլոր առաջարկությունները, առաջարկություններ, որոնք ներկայացվել էին այդ հանձնաժողովի անդամ պատգամավորների կողմից, ինչպես նաեւ առաջարկություններ, որոնք ներկայացվել էին պատգամավորների կողմից։ Բոլոր առաջարկությունները մանրամասն ուսումնասիրվել են, եւ նորից պետք է արձանագրել, որ այդ քննարկումների արդյունքում մենք ունեցանք ավելի քան 2 տասնյակ առաջարկություններ, որոնք լրացուցիչ քննարկման արդյունքներում առաջարկության հեղինակները ներկայացրեցին ավելի ամուր փաստարկներ, որի արդյունքում այդ առաջարկությունները եւս ներառվեցին այս նախագծում։ Նախագիծը, որն այսօր ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը, կարծում ենք, նախորդ նախագծի նման անցել է բավականին երկար քննարկման փուլ եւ դրանում ամրագրված նորմերն իրենցում արտացոլում են ԱԺ-ում 1-ին ընթերցման ժամանակ եւ նաեւ հետագայում առաջարկությունների տեսքով ներկայացված բոլոր մտահոգությունները։

Նորից մի կարեւորագույն հանգամանք, որ այս նախագծի հետ աշխատելու ընթացքում, փաստորեն, բոլոր այն առաջարկությունները, որոնք լրացուցիչ ներառվեցին, կամ այն նոր մոտեցումները, նոր առաջարկությունները, որոնք ձեւավորվեցին արդեն ներկայացված առաջարկությունների եւ դրանց վերաբերյալ կարծիքների համադրման արդյունքում, այս ամբողջ աշխատանքը տեղի ունեցավ իրառմամբ փոխհամագործակցության արդյունքում։ Որոշումները կայացվեցին ոչ թե ինչ-որ քվեարկության մեխանիզմի կիրառմամբ, այլ կողմերի բանավիճային քննարկումների արդյունքում, կոնցենսուսով ձեւավորեցին համապատասխան մոտեցումներ այս կամ այն առաջարկության նկատմամբ։

Առկա են նաեւ որոշակի առաջարկություններ, որոնք չեն զետեղվել այս նախագծում։ Ես կցանկանայի հատկապես ներկայացնել հիմնավորումները՝ կապված այդ առաջարկությունների հետ։ Նախ սկսեմ այն կարեւորագույն խնդրից, որ ԱԺ-ում 1-ին ընթերցման քննարկման ժամանակ բավականին ակտիվ քննարկման առարկա դարձավ ամուսնական տարիքի խնդիրը, որովհետեւ նախագիծը 1-ին ընթերցմամբ, երբ ներկայացվել էր քննարկման, կանանց համար նախատեսվել էր 18 եւ տղամարդկանց համար նախատեսվել էր 18 տարին՝ ի տարբերություն գործող Ընտանեկան օրենսգրքի, որով կանանց համար սահմանված էր 17 տարեկան։ Այդ խնդրի վերաբերյալ թերեւս մտահոգություն հնչեց, բոլոր ելույթ ունեցող եւ առաջարկություններ ներկայացնող պատգամավորների կարծիքներում կար մտահոգությունը։ Այստեղ ամրագրվեց, ընդունվեց առաջարկությունը եւ առաջարկության համատեքստում ընդունվեց այն մոտեցումը, որն ամրագրված է այսօրվա գործող կարգով։ Այսինքն՝ կանանց համար սահմանվեց 17 տարեկան, իսկ արական սեռի քաղաքացիների համար 18 տարեկան, այսինքն՝ ամուսնական տարիքի վերաբերյալ հնչած առաջարկությունն ընդունվեց։

Միաժամանակ նշենք, որ մտահոգություն էր հայտնվել ուղիղ, վերընթաց եւ վայրընթաց ազգակցական կապի առկայության պարագայում ամուսնական հարաբերությունների արգելմանը, եւ առաջարկություն էր ներկայացվել, որ ազգակցական այն որոշակի կապերը, որոնք ամրագրված էին նախագծում, փաստորեն, դրանք հնարավորություն էին տալիս, ճիշտ է, ոչ 1-ին կամ 2-րդ հերթի ազգակցական կապին, բայց քիչ ավելի հեռու ազգակցական կապ ունեցող ազգականներին մտնելու ամուսնական հարաբերությունների մեջ։ Առաջարկությունն ընդունվեց եւ դրանով ամրագրվեց մոտեցում, համաձայն որի, սահմանվեց արգելք մերձավոր ազգականների, ուղիղ վերընթաց, ուղիղ վայրընթաց կապով, փաստորեն, կապված անձանց միջեւ ամուսնական հարաբերությունները։

Նախագծում նախատեսվում էր, ինչպես գիտեք, նոր մոտեցում, որն ամրագրված էր 1-ին ընթերցումն անցած նախագծի 12-րդ հոդվածում։ Դա վերաբերում էր հիվանդությունների առանձին տեսակներին, որոնց հետ կապված ամուսնության գրանցումը կամ ամուսնությունը կարող էր անվավեր ճանաչվել։ Առաջարկություն էր ներկայացվել, որպեսզի նախագծում հստակ գրվեին այդ հիվանդությունների ցանկը։ Հարկ եմ համարում նկատել, որ նախագիծն այստեղ սահմանել է, որ նման հիվանդություններից կարող են լինել թունամոլությունը, թմրամոլությունը, ինչպես նաեւ ՄԻԱՎ-ը կամ ՁԻԱՎ-ը, եւ մենք կարծում ենք, որ ներկայացված այդ հիվանդությունները, որոնք արդեն իսկ ամրագրվել են, սա բավարար է։ Համենայնդեպս, յուրաքանչյուր հիվանդության համար առանձնակի ցանկ, օրենսգրքի մակարդակով սահմանելու անհրաժեշտություն չկա, միաժամանակ իրավական տեխնիկայի առումով, եթե կա նման խնդիր, ապա դա կլինի այլ իրավական ակտերի մակարդակով։

Հաջորդ խնդիրը վերաբերում էր նրան, որ առաջարկվում էր, որպեսզի նույն ռեժիմը կիրառվեր, մասնավորապես, ամուսնալուծման պարագայում, եթե նույն ռեժիմը կիրառվեր ինչպես մահացած, այնպես էլ անհայտ բացակայող քաղաքացու նկատմամբ։ Առաջարկությունը չի ընդունվել, որովհետեւ անհայտ բացակայող քաղաքացու իրավական ռեժիմը քիչ այլ է, եւ տվյալ պարագայում անձն անհայտ բացակայող ճանաչվելուց հետո, բնական է, կա որոշակի արարողակարգ, որից հետո մարդը կարող է սահմանված կարգով, նման կարգ սահմանված է նաեւ Քաղաքացիական օրենսգրքով, հայտարարվել կամ ճանաչվել մահացած։ Դրանից հետո, նոր միայն մահացած ճանաչվելուց հետո հնարավոր կլինի կիրառել նույն ռեժիմը, ինչպես մահացած քաղաքացու նկատմամբ։ Մենք գտնում ենք, որ անհայտ բացակայող քաղաքացին, եթե նույնիսկ նա ճանաչվել է անհայտ բացակայող, դա չի նշանակում, որ անձը մահացած է, հետեւաբար, նույնիսկ ամուսնալուծության դեպքում չի կարելի կիրառել նույն ռեժիմը, ինչպես մահացած քաղաքացու պարագայում է։

Մյուս առաջարկությունը վերաբերում էր այն դեպքերին, երբ միակողմանի կերպով հնարավորություն էր տրվում լուծելու ամուսնությունը։ Մասնավորապես, նախագծով նախատեսվում էր, որ ամուսնությունը կարող էր միակողմանի լուծվել ամուսիններից մեկի դիմումով, եթե մյուս ամուսինը 3 տարի եւ ավելի ժամկետով դատապարտված էր ազատազրկման։ Այստեղ կային մի քանի առաջարկություններ, կար առաջարկություն, որպեսզի հոդվածը հստակեցվի, հստակեցումը կատարված է, եւ կար առաջարկություն, որպեսզի 3 տարի ժամկետը դարձվեր 5 տարի։ Նայել ենք նաեւ ՀՀ քրեական օրենսգիրքը, նոր ընդունված, եւ այն հանցագործությունները, որոնք արդեն կրում են ծանր բնույթ, բնականաբար, նրանց համար արդեն իսկ սկսում է ազատազրկման նախատեսում 3 տարի եւ ավելի ժամկետով։ Կարծում ենք, որ 3 տարին այն օպտիմալ ժամկետն է, որի պարագայում, եթե 3 տարուց ավելի է, եւ կողմերից որեւէ մեկը ցանկանում է լուծել այդ պայմանագիրը, բնական է կարծել, որ պետք է նման իրավասություն վերապահվի, քանզի, եթե նույնիսկ արհեստական ձեւով ամրագրվի, ասենք, 5, 7 կամ ավելի երկար ժամկետներ, միեւնույն է, չի կարող նպաստել ընտանիքի պահպանմանը կամ ամուր ընտանիքի կայունությանը, որովհետեւ, եթե կա նման ցանկություն ամուսինների մոտ, ապա կածում ենք, որ մի շարք դեպքերում նույնիսկ ամուսնալուծությունը կարող է ավելի մեծ նշանակություն ունենա ընտանիքում, հատկապես երեխաների իրավունքների օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից, անհարկի կամ արհեստական կերպով գրանցված, ընդամենը գրանցված ամուսնության ժամկետի ձգձգումը։

Մյուս խնդիրը վերաբերում էր այն հանգամանքին, որ առաջարկվում էր, որպեսզի ամուսնությունն անվավեր ճանաչած անձանց կնքած պայմանագիրը ճանաչվեր անվավեր։ Միաժամանակ նշվում էր, որ տվյալ հոդվածով հակասություն էր առաջանում հոդվածի մեկ այլ մասի միջեւ, եւ նախատեսվում էր մի մոտեցում, երբ ամուսնությունը ճանաչվում էր, փաստորեն, անվավեր էր ճանաչվում անձանց միջեւ կնքված, փաստորեն, ամուսնությունը, ամուսնական պայմանագիրը եւս ճանաչվեր անվավեր։ Եթե կողմերից որեւէ մեկը ցանկանում էր այդ պայմանագրի որեւէ կետ կամ որեւէ դրույթ վավեր ճանաչեր, ապա նա կարող էր նման հայցով դիմեր դատարան։ Այստեղ խնդիրը հիմնականում վերաբերում է որոշակի մոտեցմանը, այլ կերպ ասած՝ առկա են երկու հնարավոր մոտեցումներ։ Մոտեցումներից մեկը, որն ամրագրված է նախագծում, դա հետեւյալն է՝ եթե ամուսնությունը ճանաչվում է անվավեր, ապա այդ ամուսնության պահին կնքված ամուսնական պայմանագիրը միանգամից ճանաչվում է անվավեր։ Եթե դրանից հետո կողմերն ունեն որոշակի ցանկություն այդ պայմանագրի որոշ պայմանները վավեր ճանաչելու, ապա դա նրանք պետք է իրականացնեն դատական կարգով։

Հաջորդ մոտեցումը հակառակ մոտեցումն էր, որի պարագայում, որպեսզի ամուսնությունն անվավեր ճանաչելիս պայմանագիրը ճանաչվեր վավեր, եւ եթե որեւէ կողմը խնդիր ուներ, ապա ինքը դիմեր դատարան, անվավերությունը ճանաչելու համար։ Կարծում ենք, որ եթե անվավեր է ճանաչվում ամուսնությունը, այսինքն՝ մի գործողություն, որը հենց հիմք է հանդիսացել այդ ամուսնական պայմանագրի ստեղծման համար, ապա ավելի ճիշտ մոտեցում է, որպեսզի այդ պայմանագիրը եւս ճանաչվի անվավեր։ Եթե այդ պայմանագրով պայմանավորված որոշակի իրավունքներ կողմերն ունեն, եւ, փաստորեն, նրանք խնդիր ունեն վերականգնելու այս կամ այն դրույթը, խնդիր ունեն կատարում պահանջելու եւ այլն, ապա նոր միայն նրանք իրավունք կունենան վիճարկելու այս կամ այն պայմանի վավերականությունը։ Կարծում ենք, որ այդ մոտեցումն առավել ճիշտ է, քանի որ խնդիրը վերաբերում է ամուսնության անվավերությանը։

Մյուս առաջարկությունը վերաբերում է նախագծի 44 հոդվածին։ Նախագծում ամրագրված էր, որ խղճի ազատության որոշակի միջոցառումներին մասնակցելու համար պետք է հաշվի առնվեր նաեւ 10 տարեկան երեխայի կարծիքը։ Այստեղ առաջարկությամբ, մասնավորապես, մտահոգություն էր հայտնվում, որ ամենատարբեր կրոնական միջոցառումներին մասնակցելը եւ այլն, այս ամենը կարող էր ուղղակիորեն չբխեր երեխայի շահերից, այս ամենը կարող էր գործել՝ ի հակադրություն երեխայի շահերից։ Առաջարկվում էր, որպեսզի նման միջոցառումներին մասնակից դարձնելու համար նման կարծիքը հաշվի չառնվեր եւ գերակա լիներ ծնողների կարծիքը։ Սակայն առկա է «Երեխայի իրավունքների պաշտպանության մասին» օրենքը, առկա են բազմաթիվ միջազգային պայմանագրեր, որոնք 10 տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը մի շարք հարցերում, այդ թվում նաեւ հիշյալ միջոցառումներին մասնակցելու հարցերում ուղղակիորեն դարձնում է պարտադիր։ Եվ այս նորմում վերարտադրվել է, արդեն իսկ, միջազգայնորեն ճանաչված նորմի պահանջները։

Խնդիր կար, առաջարկություն, մասնավորապես, նախագծի 45-րդ հոդվածի..../Ձայներիզն ընդհատվեց/ որտեղ նախագիծը նախատեսել է հետեւյալ մոտեցումը, որ երեխայի ծնվելու պահին նա կարող է կրել կամ հոր կամ մոր ազգանունը, նրանց համաձայնությամբ։ Առաջարկվում էր, որպեսզի ծննդի պահին երեխան իրավունք ունենա կրելու նաեւ այլ ազգանուն, որը կտարբերվեր նրա հոր կամ մոր ազգանունից, սակայն երկուսով համաձայն կլինեին դրան։ Մենք կարծում ենք, որ ծնվելու պահին երեխան պետք է ունենա միայն ու միայն ծնողներից մեկի ազգանունը։ Եթե ծնողներն ունեն նման խնդիր, որպեսզի իրենց երեխան կրի այլ ազգանուն, որը կտարբերվի նրանց կրած ազգանունից, ապա օրենսգիրքը հնարավորություն է ընձեռում ծնողներին՝ փոխելու սեփական ազգանունը։ Այսինքն՝ եթե կա նման խնդիր, հայրը կամ մայրը կարող են նախապես փոխել իրենց ազգանունը, եւ հետագայում իրենց իսկ ունեցած ազգանունն արդեն տան երեխային։ Բայց ծնվելու պահին, կարծում ենք, որ հոր կամ մոր ազգանունից տարբերվող ազգանունը, բնական է, չպետք է թույլատրելի համարել։ Բացի դրանից, պետք է նկատի ունենալ, որ միասնական տեղեկատվական բազայի բացակայության պարագայում այստեղ կարող են առաջանալ նաեւ խնդիրներ, զուտ պայմանավորված նրանով, որ անհնար կլինի, ուղղակի, տարբեր դեպքերում հաստատել անձի այս կամ այն անձի հետ, իրոք, ազգակցական կապի փաստը։

Մյուս խնդիրը վերաբերում էր նախագծի 46-րդ հոդվածին, մասնավորապես, նախատեսվում էր, որ եթե երեխան ծնվել է միմյանց հետ ամուսնական հարաբերությունների մեջ չգտնվող ծնողներից եւ հայրությունն օրինական ճանապարհով հաստատված չէ, խնամակալության եւ հոգաբարձության մարմինը կարող է երեխայի շահերից ելնելով՝ թույլատրել փոխելու նրա ազգանունն այն ազգանունով, որը կրում է մայրը, դիմելու պահին։ Այս առաջարկությամբ նախատեսվում էր լրացնել նոր մաս։ Առաջարկությունը չի ընդունվել, որովհետեւ նախագծում լիարժեք կերպով կարգավորված է բոլոր այն դեպքերը, երբ անձը հրաժարվում է հայրությունը ճանաչելուց, ի՞նչ կարգով է իրականացվում այդ երեխայի ծննդի գրանցումը, եթե հայրը զրկվում է որոշակի իրավունքներից, մասնավորապես, ծնողական իրավունքներից կամ այդ իրավունքների սահմանափակումից։ Այս բոլոր դեպքերը մանրամասն կանոնակարգված են նախագծի այլ հոդվածներում։

Երեխայի սեփականության իրավունքի հետ կապված առաջարկություններ են ներկայացվել։ Այդ առաջարկություններն արդեն արտացոլված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքում։ Կար ընդհանուր առաջարկություն, որպեսզի այս նախագծում նախատեսվեին ամուսինների գույքային իրավունքները։ Ամուսինների գույքային իրավունքների հետ կապված հոդվածները հիշյալ նախագծում կանոնակարգված չեն, որովհետեւ մենք կարծում ենք, որ գույքային իրավունքները, մասնավորապես, ամուսինների ընդհանուր, համատեղ սեփականությունն է, իրավական ռեժիմը եւ այլն, այս բոլոր խնդիրներն իրենց արտացոլումը պետք է ստանան ՀՀ քաղաքացիական օրենսգրքում։

Հարկ եմ համարում նկատել, որ մոդելային օրենսգիրքը, որը հիմք է հանդիսացել նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը մշակելու համար, եւ ժամանակին այդ մոդելային օրենսգրքի մշակման ժամանակ կար նաեւ նման մոտեցում, որպեսզի ամուսինների գույքին վերաբերող խնդիրները կարգավորվեին Ամուսնության եւ ընտանիքի օրենսգրքով, սակայն այսօր արդեն մոտեցումը ճիշտ հակառակն է, նույնիսկ զարգացած, տեսական միտքն այն կարծիքին է, որ գույքային խնդիրները պետք է կարգավորվեն միայն Քաղաքացիական օրենսգրքում, իսկ Ընտանիքի օրենսգրքում պետք է ամրագրվեն ընտանիքի անդամների միջեւ առկա մնացյալ հարաբերությունները, բացառությամբ գույքային հարաբերություններից։

Կային մի շարք առաջարկություններ, որոնք վերաբերում էին նախագծի, մասնավորապես, 88, 99 հոդվածներին, որոնցով նախատեսվում էր, որպեսզի նոտարական, վավերացված համաձայնագիրն ունենար կատարողական թերթիկի ուժ։ Սա ՌԴ-ի համար ընդունելի, այսպես ասենք, մոտեցում է, եթե կարելի է, համարել, նրանց իրավակարգի համար։ Մեր իրավակարգում սա ընդունելի մոտեցում չէ, որովհետեւ նոտարական վավերացումը մեզ մոտ ընդհանրապես, մեր օրենսդրության համատեքստում կատարողական թերթիկի ուժ չունի։ Առաջարկությունը, այսպես ասեմ, համարելով որպես կարեւորագույն ինստիտուտ, բայց, այնուամենայնիվ, թույլ տվեք, արձանագրել, որ քանի որ մեր ընդհանուր դատակատարողական համակարգը զարգացել է բոլորովին այլ կոնցեպցիայով, այլ ուղղությամբ, նոտարական համակարգը բոլորովին այլ կոնցեպցիայով, այլ ուղղությամբ, հետեւաբար, նոտարական համաձայնագիրը չի կարող որեւէ հիմնավորմամբ ունենալ կատարողական թերթիկի ուժ։

Հաջորդ առաջարկությունը վերաբերում էր նախագծի 111-րդ հոդվածին։ 111-րդ հոդվածում նախատեսված է, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման ժամանակ պետք է հաշվի առնվեն նաեւ երեխայի ծագումը, ոչ միայն սոցիալական ծագումը, այլ, եթե նա պատկանում է ազգային փոքրամասնությանը, այսինքն՝ էթնիկական ծագում եւ այլն։ Առաջարկություն է եղել, որ գուցե ՀՀ-ի համար հիշյալ նորմի անհրաժեշտությունը չկա, սակայն մենք կարծում ենք, որ, այնուամենայնիվ, նման իրավունք պետք է լինի, նման նորմ պետք է լինի։ Կարծում ենք, որ այս նորմի ամրագրումը Ընտանեկան օրենսգրքում, ոչնչով չի վատացնում Ընտանեկան օրենսգրքի նորմերի կանոնակարգումները, եւ եթե կլինեն նման դեպքեր, կարծում ենք, որ քանի որ Հայաստանում եւս ապրում են ազգային փոքրամասնություններ, այս նորմը հենց ուղղված է ազգային փոքրամասնությունների օրինական շահերի պաշտպանությանը։

Մյուս խնդիրը վերաբերում է նախագծի 12-րդ հոդվածին։ Ինչպես արդեն նշեցի, այս հոդվածի վերաբերյալ առաջարկությունները մի շարք էին եղել։ Առաջարկությունը վերաբերում էր այն հանգամանքին, որ եթե անձն անցնում է բժշկական հետազոտություն, ապա դրանից հետո, եթե նրա մոտ ի հայտ են գալիս որոշակի հիվանդություններ, եւ եթե ամուսնությունից հետո պարզվում է, որ նախապես իմացել է այդ հիվանդությունների մասին, սակայն տեղյակ չի պահել մյուս ամուսնացող անձին, ապա տվյալ դեպքում առաջարկվում է, նախատեսվում է, որ այդ ամուսնությունն անվավեր է ճանաչվում։ Սակայն այստեղ մոտեցումը քիչ այլ էր, նախատեսվում էր, որպեսզի այն տեղեկությունները, որ անձն ունի իր առողջության մասին, նա պարտադիր տրամադրի մյուս կողմին մինչեւ ամուսնանալը։ Նորմը բավականին երկար քննարկվել է, նայվել է նաեւ միջազգային պրակտիկան, որովհետեւ այստեղ խնդիրը վերաբերում է թունամոլությանը, թմրամոլությանը, սեռավարակներին, ՄԻԱՎ, ՁԻԱՀ հիվանդությանը։ Փաստորեն, այն իրավական ակտերը, որոնք որ կան, միջազգայինը նկատի ունեմ, նաեւ բժշկական գաղտնիքին առնչվող փաստաթղթերը, համենայնդեպս, բացառում են նման հնարավորություն, երբ անձի առողջության վերաբերյալ, մասնավորապես, եթե խնդիրը վերաբերում է այնպիսի հիվանդություններին, ինչպիսիք են ՁԻԱՎ-ը, ՄԻԱՀ-ը, սեռավարակները եւ այլն, նախապես տրամադրել որեւէ այլ անձի, պարտադրել, ուղղակի, նման նորմ գոյություն չունի։ Սրանով, կարծում եմ, անհնար կլինի նաեւ կանոնակարգել այն անձի վարքագիծը, որը կստանա նման տեղեկությունները, եւ զուտ, հաշվի առնելով բժշկական գաղտնիքով պայմանավորված այդ անհրաժեշտությունը, ուղղակիորեն այս նորմերում անհնար է այլ կանոնակարգում նախատեսել։

Մի շարք հոդվածներում նախատեսվել էին, մասնավորապես, հոդված 23-ում, հոդված 35-ում, որպեսզի նախատեսվեր այնպիսի մոտեցում, որ եթե կա ընդհանուր կանոն, ապա այդ կանոնը կարող է փոխվել, եթե այլ բան չի ապացուցվել։ Բավականին երկար քննարկման ընթացքում մենք եկանք այն համոզման, որ ապացուցումը, փաստորեն, ինքն իրենով ենթադրում է դատավարական կատեգորիա։ Եթե կա նման մտահոգություն, այս նորմերը Դատավարական օրենսգրքով կարելի է ամրագրել, այնտեղ կարելի է ավելի հստակեցնել, բայց այդ հոդվածներում համապատասխան խմբագրական ճշգրտումներ կատարվեցին եւ արդյունքում մտահոգությունը լիարժեք կերպով կանոնակարգվեց։

Նախագծի 51-րդ հոդվածի վերաբերյալ եղել էր առաջարկություն, որտեղ նախատեսվում էր ավելացնել նոր պարբերություն, հետեւյալ խմբագրությամբ՝ «Բնակչության, իրենց ծնողական իրավունքների եւ պարտականությունների իրականացման համար նախապատրաստումը, ընթացիկ աջակցությունը, համապատասխան նպաստավոր պայմանների ստեղծումը եւ դրանց զարգացումը, ամուսիններին հաշտեցնելու միջոցների ապահովումը, ինչպես նաեւ ընտանիքի պետական եւ հասարակական հովանավորությունն ու պաշտպանությունը սահմանվում եւ կարգավորվում են օրենքով»։ Հիշյալ նախագծում ներկայացված բոլոր խնդիրներն այս կամ այն կերպ արտացոլված են։ Սակայն մենք հանձնաժողովում քննարկման ժամանակ եւս, ուղղակի, դժվարացանք պատկերացնել այն օրենքի կարգավորման առարկան, որը պետք է կարգավորեր մի խումբ հասարակական հարաբերություններ, որովհետեւ այստեղ առկա էին նաեւ այնպիսի հարաբերություններ, որոնք ոչ միայն իրավական ակտերով, այլ ընդհանրապես կարող են կյանքում կանոնակարգվել, բացառապես սովորութային նորմերի ուժով, իսկ այդպիսի նորմերը մեզանում բավականին կան։ Հետեւաբար, կարծում ենք, որ այդպիսի առանձին օրենք ունենալու անհրաժեշտությունը չկա, առավելեւս, որ անընկալելի է հիշյալ նախագծի կամ հիշյալ օրենքի կարգավորման առարկան։

Նախագծի 57 հոդվածի վերաբերյալ եւս կար առաջարկություն, որտեղ, մասնավորապես, նշվում էր, փաստորեն, 66 հոդվածի 2-րդ մասում, որտեղ խոսվում է ծնողական իրավունքների պաշտպանության մասին, այն է՝ առանց օրինական հիմքի, երեխային իր մոտ պահող անձից երեխային վերցնելու, ծնողական իրավունքների սահմանափակումները վերացնելու դեպքերի մասին, երեխայի շահերից ելնելով, դարձյալ պարտադիր պետք է համարվեր խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությունը։ Այստեղ մի շարք դեպքերում խնամակալության եւ հոգաբարձության մարմինների դերն ու նշանակությունն ուղղակիորեն ամրագրվել է։

Ինչ վերաբերում է ծնողական իրավունքների պաշտպանությանը, որն այս կամ այն կերպ առնչվում է երեխայի իրավունքների եւ շահերի պաշտպանությանը։ Նախագծում արվել են համապատասխան ճշգրտումներ, որի արդյունքում խնամակալության եւ հոգաբարձության մարմնին տրվել է նման լիազորություններ, որպեսզի վերջիններս մասնակցություն ունենան, որպեսզի ծնողական իրավունքի զրկում, սահմանափակում, այս խնդիրների հետ կապված կարողանան նաեւ որոշակի հիմնավոր կարծիք ներկայացնել։ Եթե առաջարկությունն ուղղակիորեն ամրագրված չէ 57-րդ հոդվածում, այնուամենայնիվ, դրանով պայմանավորված մտահոգությունը կամ առաջարկության բուն իմաստն արտացոլվել է նախագծի մնացած այլ հոդվածներում։

Նախագծի 15-րդ հոդվածի վերաբերյալ եղել է առաջարկություն, համաձայն որի, փաստորեն, ըստ հոդվածի՝ «Քաղկացության ակտերի գրանցման մարմիներում ամուսինների համաձայնությամբ կարող է գրանցվել ամուսնալուծություն նաեւ անչափահաս երեխաների առկայության դեպքում», որը նախկինում չկար։ Այո, սա նախագծի նովելներից էր եւ նախատեսում էր հետեւյալը, որ հնարավոր են իրառմամբ անչափահաս երեխաներ։ Անչափահաս երեխաների պարագայում այս նախագիծը հնարավորություն է ընձեռում, որպեսզի, եթե կա ամուսինների փոխադարձ համաձայնություն, միայն ու միայն փոխադարձ համաձայնության պարագայում ամուսնալուծությունը գրանցվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում։ Սա ուներ մեկ կարեւորագույն նշանակություն։ Եթե մենք նայում ենք նույնիսկ դատավարական տեսանկյունից, ապա համաձայն դատավարության կողմերը կարող են գնալ դատարան, երբ առկա է որոշակի վեճ, դատարանը լուծում է վեճը։ Եթե կողմերի միջեւ բացակայում է որեւէ վեճ, անհասկանալի է, թե ինչպիսին պետք է լինի դատարանի խնդիրը, որովհետեւ դատարանը վերջին հաշվով իրականացնում է արդարադատություն եւ դատարանը չունի նման առաքելություն, որպեսզի ամուսինների նկատմամբ կիրառի հաշտեցնող կամ դաստիարակչական մեխանիզմներ ու մեթոդներ։ Դատարանը, ըստ էության, քննում եւ լուծում է ամուսինների միջեւ առաջացող վեճը, դաստիարակության համար կան այլ մարմիններ։ Նախկին օրենսդրության ենթատեքստում, ինչպես որ նշվում է, դա միանշանակ ընդունելի մոտեցում էր, որովհետեւ դատարանը բացի իր այդ առաքելությունից, ուներ նաեւ դաստիարակչական ինչ-որ առաքելություն։ Այնուամենայնիվ, եթե կողմերի միջեւ վեճ չկա, կողմերը միանշանակ որոշել են, որ պետք է ամուսնալուծվեն, նրանք հիմնական առարկայի շուրջ, այսինքն՝ ամուսնալուծության շուրջ չունեն վեճ։ Եթե նրանց միջեւ հետագայում կառաջանա գույքային վեճ, կառաջանա վեճ կապված երեխայի խնամքի հետ կամ ամուսիններից մեկի, մյուսի խնամքն ապահովելու հետ, որեւէ ամուսին զրկված չէ հիշյալ վեճով դիմելու դատարան։ Բայց, եթե առկա է համաձայնություն, մենք կարծում ենք, որ լիակատար համաձայնության պարագայում եւ վեճի բացակայության պարագայում նախ անթույլատրելի է դիմել դատարան, որովհետեւ, եթե չկա վեճ, անհասկանալի է, թե ինչ պետք է քննի դատարանը։

Նախագծում կար 105-րդ հոդվածի վերաբերյալ առաջարկություն։ Առաջարկությունը վերաբերում էր ալիմենտի ինդեքսավորմանը։ Այստեղ խնդիր էր առաջ քաշվում, որպեսզի նախատեսվեր այնպիսի մեխանիզմ, երբ դատարանի կողմից սահմանված ալիմենտը հետագայում ենթարկվեր փոփոխությունների։ Հարկ եմ համարում նկատել, որ առաջարկությունն ուներ կարեւոր նշանակություն, առաջարկությունը նպատակ էր հետապնդում հետագա ինդեքսավորումների ընթացքում կիրառելի դարձնել նաեւ այդ մեխանիզմն ալիմենտի նկատմամբ։ Սակայն նշենք, որ եթե տեղի են ունենում օրենքով սահմանված նման ինդեքսավորումներ եւ այլն, ապա այդ ամբողջն արտացոլում է ստանում նաեւ հաշվարկված ալիմենտների նկատմամբ։ Դրանից զատ, այլ մեխանիզմներ նախատեսել, այլ ինդեքսավորման համակարգեր ներառել եւ այլն, կարծում ենք, այստեղ նման անհրաժեշտություն չկա։

Հիմնականում սրանք այն էական առաջարկություններն էին, որոնք եղել են առանձին հոդվածների վերաբերյալ, եւ որոնց հետ կապված քննարկումների ընթացքում, համենայնդեպս, այս առաջարկությունները համարվել են ոչ ընդունելի։

Միաժամանակ նշեմ մի քանի խոսք ընդունված առաջարկությունների մասին։ Ինչպես արդեն նշեցի, արվել են 116 առաջարկություններ, որոնք վերաբերել են նախագծի 50 եւ ավելի հոդվածներին։ Այդ առաջարկությունները կրել են ամենատարբեր բնույթ։ Դրանց մի մասը եղել են զուտ խմբագրական բնույթի առաջարկություններ, բայց գերակշիռ մասը եղել են բովանդակային առաջարկություններ։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ այդ բովանդակային առաջարկությունների գերակշիռ մասը լիարժեք կերպով արտացոլված է ներկայացված օրենքի նախագծում։

Ավարտելով, մեկ անգամ եւս կցանկանայի շնորհակալություն հայտնել ԱԺ բոլոր պատգամավորներին՝ շահագրգիռ քննարկումների համար, ստացված առաջարկությունների համար, որովհետեւ սա Աշխատանքային օրենսգրքի հետ այն մյուս կարեւորագույն օրենսգիրքն էր, որի վերաբերյալ ստացվեցին բազմաթիվ առաջարկություններ։ Նույնիսկ այն առաջարկությունները, որոնք չեն ընդունվել, սակայն մեկ անգամ եւս քննարկման հնարավորություն են ընձեռում, հիմք են տալիս, մեր պատկերացմամբ, կատարյալ տեսքի բերել նախագծի հոդվածները, որոնք հետագա, կիրառական հարթությունում կբացառեն տարամեկնաբանություններն ու տարակարծությունները։ Այսքանը, շնորհակալություն։ Այս նախագծում նոր հոդվածներ չեն ավելացել, արված առաջարկները վերաբերել են միայն գործող հոդվածներին, հետեւաբար, խնդրում ենք նախագիծը քննարկել եւ ընդունել 2-րդ ընթերցմամբ։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մուկուչյան։ Հարակից զեկույցի համար ամբիոնի մոտ է հրավիրվում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը։ Խնդրեմ, պրն Պետրոսյան, 30 րոպե։

Ռ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ձեզ հայտնի է, որ այս օրինագիծը մշակվել է կառավարության եւ մեր պատգամավորներից 5-ի, Պետրոսյանի, Վիկտոր Դալլաքյանի, Կարեն Կարապետյանի, Հովհաննես Մարգարյանի համահեղինակությամբ։ Պետք է ասեմ, որ 2-րդ տեքստը՝ մեր քննարկմանը ներկայացված, արդեն բավարարում է, հանձնաժողովի կարծիքով, իհարկե, բավարարում եւ համապատասխանում է ընտանիքի վերաբերյալ փիլիսոփայական ձեւակերպումներին։ Այսինքն՝ 1-ին հերթին փիլիսոփայական ձեւակերպումներին։ 1-ին հերթին այն դիտվում է որպես ամուսնության, ազգակցության կամ արյունակցության վրա հիմնված եւ կենցաղի ընդհանրությամբ, փոխադարձ բարոյական պատասխանատվությամբ ու նյութական փոխօգնությամբ՝ կապված փոքր խմբին ներկայացվող պահանջներին, այսինքն՝ ընտանիքը որպես այդպիսի խումբ։ Այն բավարարում է նաեւ նշված բոլոր հարաբերությունները, ամուսնությունը, ամուսնության լուծումը, ամուսնության դադարելը եւ անվավեր ճանաչելը, ամուսինների, ծնողների եւ զավակների գույքային, ինչպես նաեւ անձնական ոչ գույքային հարաբերությունները, կարգավորելու այդ իրավահարաբերությունները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ընտանիքում տեղավորելու ձեւերի եւ կարգի հետ առնչվող իրավաբանական ժամանակակից ձեւակերպումները, կարճ ասած, ընտանիքի, դարերով եկող այդ փիլիսոփայական ձեւակերպումներին եւ ընտանեկան հարաբերությունների իրավաբանական կարգավորումներին։ Օրինագծի 1-ին ընթերցման հատուկ կարգը եւ բազմաթիվ հարցերի ներկայացումը, մանրակրկիտ վերլուծությունները հնարավորություն ընձեռեցին, որպեսզի, գրեթե, լիովին վերացնել կառավարության եւ պատգամավորների միջեւ եղած տարակարծությունները՝ ընտանեկան հարաբերությունների հետ կապված որոշ հարցերում։

1-ին ընթերցումից հետո կառավարություն էր ուղարկվել 99 բովանդակային ու խմբագրական առաջարկներ, միայն պատգամավորներ Բիշարյանի, Մխեյանի, Ավետյանի, Մնացական Պետրոսյանի, Շահգալդյանի, Ավետիսյանի, Ռիփսիմե Ղոնջեյանի եւ նաեւ իմ կողմից։ Կառավարությանն էր հանձնվել նաեւ պրոֆեսոր Ղարախանյանի դիտողությունները հատկապես ամուսինների գույքային հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նոր հոդվածներ ավելացնելու մասին։ Այստեղ ուզում եմ նկատել, որ վերջիններս չընդունվեցին Քաղաքացիական օրենսգրքում ամուսինների գույքային հարաբերություններն արդեն իսկ կարգավորված լինելու պատճառով։

Այստեղ, քանի որ պրոֆեսոր Ղարաքանյանն էլ է լսում մեզ, ուզում եմ շեշտել, որ նրա մյուս առաջարկներն ընդունվել են։ Այս առաջարկները չեն ընդունվել, որովհետեւ ԱՊՀ երկրների մոդելային, նմուշային Քաղաքացիական օրենսգիրքն ընդունելու ժամանակ այդ հարցը լուծվեց այնպես, որ ամուսինների գույքային հարաբերությունները, ընտանիքի անդամների փոխադարձ գույքային հարաբերությունները նույնպես լուծվեն Քաղաքացիական օրենսգրքով, որը եւ կոչված է կարգավորելու բոլոր տեսակի պայմանագրային, գույքային հարաբերությունները եւ անձնական ոչ գույքային հարաբերությունները։

Պրոֆեսոր Ղարախանյանը սրա հետ, իհարկե, չի հաշտվում մինչեւ այսօր էլ, բայց մենք, ոնց որ թե, հանձնաժողովի անցյալ նիստում համոզեցինք նրան, որ այդ գույքային հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են, բայց ոչ լիարժեք կերպով, եւ փոփոխությունները, եթե անհաժեշտ է ամուսինների, ընտանիքի անդամների գույքային հարաբերությունները կարգավորելու, ապա դրանք կարվեն հենց Քաղաքացիական օրենսգրքում։ Բացի այդ, կառավարությունն արդեն աշխատում է այդպիսի օրինագծի վրա, Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ սրանով բավարարվեց։

Այնուհետեւ ԱԺ պատգամավորներ Բալասանյանի եւ Հովհաննես Մարգարյանի առաջարկներն են, որոնք կառավարություն էին ուղարկվել ուշացումով, ամփոփաթերթիկ չէին մտել, այս ընթացքում նույնպես նայեց նախաձեռնողը, հեղինակները, այսինքն՝ կառավարությունը, այդ պատգամավորների առաջարկները, եւ մյուս կողմից էլ դրանք, բարեբախտաբար, համընկել էին «Օրինաց երկրի» այն պատգամավորների առաջարկներին, որոնց ազգանունները ես թվարկեցի։ Մի խոսքով, դրական կամ բացասական լուծում են ստացել այդ առաջարկները։

Չբավարարվելով դրանով, ես ուզում եմ սա հատկապես ընդգծել, որպեսզի այսուհետեւ կարեւոր նշանակություն ունեցող օրենսդրական ակտերը, իսկապես, վերականգնվի այն վաղեմի լավ ավանդույթը, որ դրանք դրվեն հասարակական քննարկման։ Այսինքն՝ հրատարակվեն, այն, ինչ որ հետաքրքրում է հասարակության, գրեթե, բոլոր անդամներին, եւ հնարավորություն ընձեռվի, որպեսզի քաղաքացիները եւս, ոչ միայն մասնագետներ եւ այլն, տնտեսագետներ, այլ նաեւ հասարակ քաղաքացին հնարավորություն ունենա, որ ինչ-որ ձեւով մասնակցություն ունենա մեր օրենքների ընդունմանը, որը, բարեբախտաբար, այս վերջում մենք արդեն անում ենք, 2 օրինագիծ արել ենք, մտադիր ենք, որպեսզի օրակարգից դուրս նաեւ հրատարակել, ասենք, պատգամավորների վարքագծի կանոնների մասին մեր կողմից մշակված օրինագիծը, որը նույնպես մենք կհրատարակենք եւ կակընկալենք բոլորի դիտողությունները, առաջարկները եւ այլն։

Մենք այս նախագիծը նույնպես «Հայաստան» օրենսդիրի հզորացման ծրագրի ֆինանսական օժանդակությամբ հրապարակեցինք եւ քաղաքացիներից ստացանք, օրինակ՝ քաղաքացի Հայկ Դավթյանի առաջարկները, դրանք նույնպես ուղարկեցինք կառավարություն, եւ նրանք քննարկել են։ Կարեւոր չէ, թե լրիվ համաձայնվել ե՞ն, թե՞ ոչ, կարեւորն այն է, որ հասարակությունը մասնակցի մեր օրենքների ընդունմանը, իր կարծիքն արտահայտի։

Կառավարությունն այդ 99 առաջարկներից ընդունել է 61-ը, որից երկուսը մասնակիորեն։ Դրանք սկզբում չէին ընդունվել 38 դեպքերում, որից 37-ը, մեր կարծիքով, իրավացիորեն չէին ընդունվել։ Մեկ դեպքում կառավարությունն առաջարկը չէր ընդունել, էլի մեր կարծիքով, հանիրավի պատճառաբանելով, որ դրա իմաստը պարզ չէ, պատգամավորներն ի՞նչ էին ուզում ասել, իրենք չեն հասկանում։

Այն է՝ պատգամավորներն առաջարկել էին օրինագծի 39-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ մասում՝ մայրությունը դատական կարգով վիճարկելու հետագա իրավունք չվերապահել սուռոգատ մորը, սուռոգատ մայր, հայերեն սրա թարգմանությունը չունենք, որը սկզբում համաձայնություն է տվել կատարելու սաղմի պատվաստում, երեխային ծննդաբերելուց հետո հանձնել է պատվիրող անձին, անձանց, ասենք, ամուսիններին, եւ վերջինս կամ վերջիններս գրանցվել են որպես ծնող կամ ծնողներ։ Արտասահմանյան երկրների օրենսդրության ուսումնասիրությունը, օրինակ՝ ՌԴ ընտանեկան օրենսգրքի 57-րդ հոդվածն այդ հարցը լուծել է դրականորեն, եւ եվրոպական օրենսդրությունը նույնպես։ Եվ դա էր ճիշտը։ Նման վիճարկումը կխախտեր երեխայի եւ նրա ծնողների իրավունքները, 2-րդը՝ կարող էր առաջացնել անհարկի դատական գործեր։ Կստացվեր այնպես, որ սուռոգադ մայրը կարող էր սպասել, որ երեխային խնամեն, դաստիարակեն, մեծացնեն, հետո հանձնեն իրեն, դատական կարգով վիճարկեն, որը, կարծում եմ, անարդարացի կլիներ։ Նախաձեռնողի ներկայացուցիչը դա ընդունեց հանձնաժողովների քննարկման ժամանակ, եւ կատարվել է համապատասխան փոփոխություն, որի համար մեր գոհունակությունն ենք հայտնում։

Կառավարությունն ընդունել եւ համապատասխան փոփոխություն է մտցրել մի շարք կարեւոր առաջարկներով։ Այն է՝ օրինագծի 10-րդ հոդվածում կանանց համար ամուսնական տարիքը դարձրել է 17, իսկ հոդված 11-ում հարգելով հայոց պատմությունը եւ ավանդույթները, ինչպես նաեւ ելնելով հայ գենոֆոնդի կանոնավոր զարգացման շահերից, արգելել է ամուսնությունը նաեւ մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր եւ մորեղբոր զավակների միջեւ։ Այսինքն՝ 7 պորտի հարցը լուծել ենք այս օրինագծով

Ինչ վերաբերում է 17-ի սահմանագծից ներքեւ, բացառիկ դեպքերում կանանց ամուսնությունը թույլատրելու առաջարկին, ապա այն իրավացիորեն մերժվել է՝ ղեկավարվելով նաեւ Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի տրամաբանությամբ, ըստ որի արգելվում է, եւ քրեական պահասխանատվություն է նախատեսվում 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերությունը։ Ինչու՞, որովհետեւ դա նաեւ կարող է առաջացնել ծանր հետեւանքներ, բացի այն, որ դեռեւս չափահաս չդարձած ծնողները չեն կարող լիարժեք կերպով խնամել, դաստիարակել կամ պահել իրենց երեխաներին, մանավանդ, գործազրկության այդ պայմաններում։

Պատգամավորներն առաջարկել էին նաեւ, օրինագծից ընդհանրապես հանել «անչափահասի ամուսնություն» հասկացությունը, որն իրավացիորեն մերժվել է, որովհետեւ դա իրական կյանքում պատահում է։ Անհրաժեշտ է օրենսդրականորեն լուծել դրա հետեւանքների հարցը։ Եթե Քրեական օրենսգրքով արգելված են հանցավոր բոլոր արարքները, դա չի նշանակում, որ մենք հոդվածներ էլ չպետք է ունենանք, որպեսզի ով որ այդ հանցավոր արարքը թույլ տա, նրան քրեական պատասխանատվության ենթարկեն։ Նույնը եւ ընտանեկան իրավունքում, չնայած որ անչափահասների ամուսնությունն արգելված է, բայց իրական կյանքում ամուսնանում են, եւ դրա հետեւանքները, հատկապես ելնելով երեխաների շահերից, ծնվող կամ ծնվելիք երեխաների ժառանգական եւ այլ իրավունքներից, անպայման, պետք է կարգավորվի, թեկուզեւ արգելված է անչափահասների ամուսնությունը։

Երեխաների շահերից ելնելով՝ կառավարությունն ընդունել է նաեւ կյանքի եւ առողջության նկատմամբ դիտավորյալ հանցագործություններ կատարած անձանց խնամակալ եւ հոգաբարձու չնշանակելու առաջարկը։ Սա շատ նուրբ առաջարկ է, շատ լավ է, որ ընդունվել է, որովհետեւ այն անձը, որն ի վիճակի էր մարմնական վնասվածքներ պատճառել կամ սպանել, կյանքից զրկել որեւէ մեկին, եւ դրա համար դատապարտված է, հնարավոր է, որ այդ երեխաների նկատմամբ դա անի նաեւ շահադիտական եւ այլ նկատառումներով։ Այս դրույթը գալիս է պաշտպանելու երեխաների իրավունքները եւ շահերը։

Ընդունվել է նաեւ օրենսգրքից հետո նոր օրենքների, հատկապես որդեգրման դատական կարգի մասին օրենք ընդունելու անհրաժեշտությունը։ Ասեմ, որ դեռեւս 98 թվականին Քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդունման ժամանակ 2 տեքստ գոյություն ուներ, մեկը աշխատակազմի, ինչպե՞ս էր կոչվում պրն Նազարյանի խումբը, մյուսը մեր, համալսարանի մեր ամբիոնի այդ նախագծերը։ Մեր նախագծում դեռ այն ժամանակ կար որդեգրման դատական կարգը, թե ինչպես է կարգավորվում, հատկապես ելնելով արտասահմանցիների կողմից երեխաներին որդեգրելու հարցերին, որտեղ մտցրել էինք բազմաթիվ սահմանափակումներ, եւ այդ օրինագիծը պատրաստ է։

Հիմա, երբ կառավարությունն ընդունում է, որ այդպիսի օրինագիծը եւս անհրաժեշտ է, իսկ դա ակնհայտ է, այդ օրինագիծն արդեն պատրաստ է։ Ես սպասում եմ, որ այս օրենսգիրքը մտնի ուժի մեջ, որից հետո կներկայացվի դատավարության օրենսգրքում, ընտանիքի իրավունքին վերաբերող այդ հարցի լուծումը։

Բացի դրանից, կառավարությունն ընդունել է նաեւ խնամակալության եւ հոգաբարձության մարմինների գործունեությունը ոչ թե կանոնադրությամբ, այլ օրենքով կարգավորելու մասին։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ ամուսնության եւ ընտանիքի բազմաթիվ հարցեր, բոլորը կապվում են խնամակալության եւ հոգաբարձության մարմինների գործունեության հետ։ Եվ ավելի լավ է, որովհետեւ, եթե այդպես համեմատելու լինենք, հարցերի շուրջ 50%-ը լուծվելու է, խնամակալության եւ հոգաբարձության մարմինների ներկայացուցիչների կարծիքը հաշվի առնելը, ուրեմն, ավելի լավ է, դա լինի օրենք, որն էլ մանրամասն կկարգավորի այդ հարցերը։

Կառավարությունն ընդունել է՝ մի շարք հոդվածներով, ամուսնաընտանեկան հարաբերությունների հետ կապված պատասխանատվությունը կոնկրետացնելու առաջարկները։ Նախագծի հենց 1-ին հոդվածում ավելացվել է՝ ընտանիքում երեխաների դաստիարակության առաջնայնության սկզբունքը։ Ընդունվել են խմբագրական բազմաթիվ այլ առաջարկներ, դիտողություններ եւ այլն։ Սակայն պետք է ասեմ, որ այս անգամ մի նորույթ ենք նկատել նախաձեռնողի գործունեության մեջ։ Ամփոփաթերթիկում երբեմն-երբեմն նշվում է, որ առաջարկն ընդունվել է, ինչպես օրինակ՝ հոդված 44-ում «որոշակի» բառը «որոշակիացնելու» մասին, այդպիսի առաջարկ է եղել։

109 հոդվածում «հանձնաժողովի» բառը բացակայել է, այդ բառն ավելացնելու մասին, բայց տեքստում համապատասխան փոփոխություններ չկան։ Սա, երեւի, թյուրիմացության եւ շտապողականության արդյունք է, մանավանդ որ այդ ստորաբաժանումը, այս օրենսգրքերը նախապատրաստող, եղել է ծանրաբեռնված, ահավոր, հազարավոր հոդվածներ, եթե բոլորը գումարենք իրար, եւ հնարավոր է, որ այդպիսի թերություն լինի։ Կառավարության ներկայացուցչի ուշադրությունն եմ ուզում հրավիրել, ուղղակի, այդ փաստի վրա, որ հանկարծ չնշվի, որ ընդունվել է, բայց ոչ մի բան չընդունվի։

Մնացած առաջարկների մերժումներն, իմ կարծիքով, հիմնավորված են, հանձնաժողովի կարծիքով։ Ինչպես, օրինակ՝ պատգամավորներ Ավետիսյանի, Ղոնջեյանի առաջարկը՝ օրենսգրքում օգտագործվող հասկացությունները սահմանելու մասին։ Այստեղ մերժումը հիմնավորվել է 42-րդ հոդվածով։ Սա էլ բացթողում է, բայց թե ո՞ր օրենքի կամ օրենսգրքի, 42-րդ հոդվա՞ծն է, դա ամփոփաթերթիկից չի երեւում, չի նշվել, եւ առաջարկի հեղինակներին հայտնի չէ, թե այդ ո՞ր 42-րդ հոդվածն է, մինչդեռ պետք է ցույց տրվեր «Իրավական ակտերի մասին» օրենքը։ Ըստ էության, ճիշտ է պատասխանը, բայց պետք է ցույց տրվեր «Իրավական ակտերի մասին» օրենքը, որի 42-րդ հոդվածի համաձայն՝ հանրածանոթ հասկացությունները եւ եզրույթները, բոլորիս հայտնի, չեն սահմանվում, որովհետեւ դրանք հասկանալի են, առանց մեկնաբանելու էլ։ Մենք ունեցել ենք Ընտանեկան օրենսգիրք, ամուսնության եւ ընտանիքի, երկար տարիներ գործել է, բոլորը գիտեն դրա բովանդակությունը, եւ կարիք չկա, որ այդ հասկացությունները նորից վերարտադրել, ավելորդ ծանրաբեռնել օրենսգիրքը։

Օրինագծի 80-րդ հոդվածի «ա» կետը, «ա» կետն առաջարկն ընդունելու պատճառով փոփոխվել է, բայց նորից անճշտություն է թույլ տրվել, պրն Մուկուչյան։ Ստացվել է, որ դատարանն ամուսնուն ազատում է մյուս անապահով ամուսնուն օգնություն տալու պարտականությունից, միաժամանակ եւ՛ թմրամիջոցի, եւ՛ թունամիջոցի չարաշահման հետեւանքով, անաշխատունակությունը վրա հասնելու դեպքերում։ Այստեղ «եւ»-ը շատ վտանգավոր է, պետք է հանել եւ դարձնել «կամ»։ Կամ թունամիջոց օգտագործող ամուսնու դեպքում, կամ թմրամիջոց օգտագործող, այդ երկուսն էլ պարտադիր չէ, որ միասին այդ արարքները հանդես գան, որպեսզի նա ազատվի մյուս ամուսնուն նյութական օժանդակություն տալու պարտականությունից։

Խմբագրական այլ դիտողություններ եւս կան, որոնք կանենք 3-րդ ընթերցմանը նախապատրաստվելիս։

Այսպիսով, օրինագծի 2-րդ ընթերցմանը ներկայացված տեքստը հիմնովին բարելավվել է՝ եւ՛ բովանդակային, եւ՛ խմբագրական առումներով։ Մնացած խմբագրական ուղղումները կշարունակենք։ Հանձնաժողովը երաշխավորում է տեքստի 2-րդ ընթերցմամբ ընդունումը, եւ խնդրում ենք, որ հարցը քվեարկության դնել ընդհանուր քվեարկությունների ժամանակ։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ավետյանը նույնպես պետք է ներկայացնի արդեն իրենց հանձնաժողովի եզրակացությունը։ Խնդրեմ, հարակից զեկույցի համար։

Գ.ԱՎԵՏՅԱՆ

-Հարգարժան նախագահող, հարգելի պատգամավորներ, շուրջ 6 ամիս է, ինչ շրջանառության մեջ է գտնվում ՀՀ ընտանեկան օրենսգրքի նախագիծը, նախագիծ, որն ի թիվս այլ կարեւոր օրենքների նախագծերի, արժանացավ պատշաճ ուշադրության եւ մանրակրկիտ ուսումնասիրության։ Ես նորից ուզում եմ հիշեցնել, որ մինչեւ այս օրենքի շրջանառության մեջ դնելը, ՀՀ-ում գործում էր դեռ 1969 թվականին ընդունված Ամուսնության եւ ընտանիքի մասին օրենսգիրքը։ Օրենսգիրք, որն արդի ժամանակաշրջանում չէր կարող արտացոլել հասարակական հարաբերությունների զարգացման բարդ պրոցեսները, եւ լուծում տալ այն խնդիրներին, որոնք այսօր տեղ են գտել մեր հասարակությունում։ Ես ցանկանում եմ ասել, որ Ընտանեկան նոր օրենսգիրքը շրջադարձային կլինի ընտանեկան հարաբերությունների ձեւավորման եւ ընտանիք-հասարակություն փոխհարաբերությունների ոլորտում։ Այն, որ օրենքի մշակումը եւ նրա կյանքի կոչելը ժամանակի հրամայականն էր, վկայում է այն փաստը, որ օրենքի նախագծով զբաղվել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր պրն Ղարախանյանը, կառավարությունը եւ այլ կոմպետենտ մարմիններ եւ գիտակ մարդիկ։ Օրենքի նախագծի վերաբերյալ եղել են բազմաթիվ քննարկումներ, այդ թվում նաեւ՝ հեռուստատեսային։ Ես այսօր վստահորեն կարող եմ ասել, որ այս պահին օրենքը գտնվում է մի այնպիսի վիճակում, որ դժվար թե հնարավոր լինի որեւէ բան ավելացնել այս նախագծում, քանզի այն ուշադրությունը, որին արժանացավ օրենքի նախագիծը, պարտավորեցրեց բոլորին, ովքեր զբաղվում էին նախագծի լրամշակմամբ եւ կատարելագործմամբ։ Հոդված առ հոդված ենթարկեցին մանրազննին եւ մանրակրկիտ վերլուծության, որի արդյունքում, ըստ իս, այն ստացավ վերջնական եւ կուռ կառուցվածք՝ թե՛ իրավական, եւ թե՛ բովանդակային առումով։

Օրենքի նախագիծն առավել մեծ ուշադրության կենտրոնում էր գտնվում ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության մշտական հանձնաժողովում, առանցքային տեղ զբաղեցնելով այլ կարեւոր օրենքների մեջ։ Ես որպես հարակից զեկուցող, հարկ եմ համարում մեկ անգամ եւս շեշտել այն ակտիվությունը, որը ցուցաբերեցին հանձնաժողովի անդամները՝ օրենքի նախագիծը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ։ Հանձնաժողովի անդամների կողմից, ի դեմս Մխեյանի, Ավետյանի, Պետրոսյանի, Շահգալդյանի՝ արվել են շուրջ 64 առաջարկներ, որի 80 %-ն ընդունվել է կառավարության կողմից։ Վերջին քննարկումների ընթացքում, հանձնաժողովի կողմից արված առաջարկներից 8-ը, որոնք մերժվել էին, նորից տեղ գտան օրենքի նախագծում։ Դրանք են՝ հոդված 13-ը, 23-ի 3-րդը, 39-ի 3-րդ մասը, 28-րդ հոդվածի 3-րդը, 49-ի 2-րդը, 51-րդ հոդվածի 2-րդը, 105-րդ հոդվածը հստակեցվել է, եւ 123-րդ հոդվածի 6-րդ մասը, որն ընդունվել է ամբողջովին։

Հարգելի գործընկերներ, իսկ այժմ ես ձեր ուշադրությունը կհրավիրեմ մի քանի հարցերի վրա, որոնք հանձնաժողովը կարեւորել է, եւ որոնց շուրջ ծավալվել են բուռն քննարկումներ։

Դիցուկ, Ընտանեկան օրենսգրքի մեխը համարվում է պայմանագրային ամուսնությունը եւ ծնող-երեխա, երեխա-ազգական փոխհարաբերությունները, որոնք նախկին օրենքներով կամ չէին կանոնակարգվում, կամ կանոնակարգվում էին մասամբ։

Այսպես, ըստ 4-րդ հոդվածի՝ ընտանիքի անդամների միջեւ առաջացող եւ ընտանեկան օրենսդրությամբ չկարգավորվող գույքային եւ անձնական, ոչ գույքային հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը կիրառում է այնքանով, որքանով դա չի հակասում ընտանեկան հարաբերությունների էությանը։

Նախագծի 2-րդ բաժնի նորմերը կարգավորում են ամուսնության կնքման եւ դադարեցման հիմնահարցերը։ Ամուսինների իրավունքների եւ պարտականությունների ծագման հիմք է հանդիսանում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցումը։

Նախագծի 4-րդ գլխի հոդվածները վերաբերում են ամուսնության դադարեցմանը։ Ըստ ամրագրված նորմերի՝ ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվամբ կամ նրան դատարանի կողմից մահացած ճանաչելու հետեւանքով։ Ամուսնությունը կարող է դադարել ամուսիններից մեկի կամ երկուսի դիմումի հիման վրա, ինչպես նաեւ դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հիման վրա։ Ի դեպ, պետք է նկատել, որ ամուսինն առանց կնոջ համաձայնության իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնել կնոջ հղիության ժամանակ կամ երեխան ծնվելուց հետո, 1 տարվա ընթացքում։

Նախագծի 7-րդ գլուխը նվիրված է ամուսնական պայմանագրին, որը որոշում է ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականություններն ամուսնության կամ այն լուծելու ժամանակ։ Ամուսնական պայմանագիրը՝ որպես ինստիտուտ, արդեն իսկ ամրագրված էր եւ գործում էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, եւ այս առումով այն նորույթ համարել, այնքան էլ տեղին չի լինի։ Նախագիծը, ըստ էության, մանրամասնել է, տալով ավելի լայն բացվածք, եւ միաժամանակ ընդգրկելով հարաբերությունների ավելի լայն ոլորտ։

Նախագծի 10-րդ գլուխը նվիրված է երեխայի իրավունքներին։ Այդ գլխում զետեղված իրավունքների համատեքստում երեխա է համարվում 18 տարին չլրացած անձը։ Յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու եւ դաստիարակվելու, որքանով որ հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել նրա շահերին։ Ծնողների բացակայության, նրանց ծնողական իրավունքներից զրկված լինելու եւ ծնողական հոգատարությունից զրկվելու այլ դեպքերում, ընտանիքում դաստիարակվելու երեխայի իրավունքն ապահովում է խնամակալության եւ հոգաբարձության մարմինը։

Համաձայն 44-րդ հոդվածի՝ երեխան իրավունք ունի իր շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս ունկնդիր լինել հարցի քննությանը եւ արտահայտել սեփական կարծիքն ընտանիքում, դատական եւ այլ մարմիններում։ 10 տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է՝ կապված խղճի ազատության, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներց որեւէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու եւ օրենքով նախատեսված այլ դեպքերում։

Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, 10 տարին լրացած երեխայի վերաբերյալ խնամակալության եւ հոգաբարձության մարմինը կամ դատարանը կարող են որոշում ընդունել միայն նրա համաձայնությամբ։

Նախագծի կարեւորագույն դրույթներից է նաեւ «Ծնողների իրավունքները եւ պարտականությունները», ըստ որի՝ ծնողներն իրավունք ունեն եւ պարտավոր են դաստիարակել իրենց երեխաներին։ Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգեւոր եւ բարոյական զարգացման մասին։ Ծնողական իրավունքներն իրականացնելիս, ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառել երեխաների ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը։ Երեխաների դաստիարակության եղանակները պետք է բացառեն նրանց նկատմամբ անտարբեր, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը։

Շատ կարեւոր են 5-րդ բաժնի դրույթները, նորմերը, որոնք վերաբերում են ընտանիքի ալիմենտային պարտավորություններին։ Դրանք ալիմենտային հարաբերություններն են ծնողների եւ զավակների միջեւ, ամուսինների եւ նախկին ամուսինների միջեւ, ընտանիքի մյուս անդամների միջեւ։ Ինչպես ծնողները, որ պարտավոր են վճարել ալիմենտ իրենց երեխաներին, նախկին ամուսիններին, այնպես էլ չափահաս երեխաներն իրենց հերթին պարտավոր են պահել իրենց անաշխատունակ եւ օգնության ու խնամքի կարիք ունեցող ծնողներին։

Նախագծի 19-րդ գլուխը վերաբերում է երեխաների նկատմամբ սահմանվող հոգաբարձությանը եւ խնամակալությանը։

Իսկ 20-րդ գլուխը նորույթ է, որն իրավական համակարգում կոչվում է «խնամատար ընտանիք»։ Երեխայի դաստիարակությունը կարող է իրականացվել խնամատար ընտանիքում, «Երեխային ընտանիք հանձնելու մասին» պայմանագրի հիման վրա։ Դաստիարակության համար, «Երեխային ընտանիք հանձնելու մասին» պայմանագրով պետք է նախատեսվեն՝ երեխային ապրուստի, դաստիարակության եւ կրթության պայմանները, խնամատարների իրավունքներն ու պարտականությունները։ Խնամատար ընտանիքի նկատմամբ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի պարտավորությունները, ինչպես նաեւ այդ պայմանագրի հիմքերն ու հետեւանքները։ Խնամատար ծնողների աշխատանքի վարձատրության չափը եւ խնամատար ընտանիքին տրամադրվող արտոնությունները՝ կախված դաստիարակության ընդունված երեխաների քանակից, սահմանվում է ՀՀ կառավարության կողմից։

Օրենքի նախագիծը հակիրճ ներկայացնելով հանդերձ, ես ցանկանում եմ հանձնաժողովի կողմից մեր դրվատանքի խոսքն ուղղել արդարադատության փոխնախարար պրն Տիգրան Մուկուչյանին, ԱԺ աշխատակազմի սոցիալական հիմնախնդիրների հետազոտման վարչության աշխատակիցներին, որ չնայած ամառվա տապին, մասնակցել են հանձնաժողովում քննարկված բոլոր օրենքի նախագծերի քննարկմանը, այդ թվում՝ Ընտանեկան օրենսգրքի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, Աշխատանքային օրենսգրքի նախագծերի քննարկմանը։ Եվ հենց դա է պատճառը, որ այն փոփոխությունները, որոնք արվել են թե՛ հանձնաժողովի, թե՛ «Օրինաց երկիր» եւ ՄԱԿ կուսակցությունների կողմից, համահունչ են «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի նախագծերի հետ, եւ ինչ-որ տեղ, կարծես թե, սինխրոն, լրացնելով իրար, դառնում են մեկը մյուսի տրամաբանական շարունակությունը, դառնալով համահունչ ժամանակի հրամայականներին։

Ավարտելով զեկույցս՝ ես նորից կրկնում եմ, որ օրենքի նախագծի անթերիությունը քրտնաջան եւ շահագրգիռ քննարկումների, օրենքի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի եւ բարձր պատասխանատվության արդյունք է, ուստի հանձնաժողովի կողմից առաջարկում եմ՝ Ընտանեկան օրենսգրքի նախագիծն ընդունել 2-րդ ընթերցմամբ։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Ընդմիջում։


Ժամը 1430

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, բոլորին հրավիրում ենք դահլիճ, նիստը սկսվում է։ Հարգելի պատգամավորներ Ընտանեկան օրենսգրքի քննարկման այս փուլում, 2-րդ ընթերցման ընթացքում, ինչպես արդեն ասվեց, հիմնական եւ հարակից զեկուցողների ելույթներում, մի խումբ պատգամավորներ, հիմնականում «Օրինաց երկիր» եւ Միացյալ աշխատավորական կուսակցություն ֆրակցիաներից արել են առաջարկներ, որոնք չեն ընդունվել, եւ հիմա նրանք իրավունք ունեն իրենց անունից որպես հեղինակների, կամ իրենց ֆրակցիաների անունից հանդես գալ 5 րոպե տեւողությամբ հատուկ կարծիք արձանագրող ելույթներով։ Դրանք են՝ պատգամավորներ Մխեյանը, Ավետյանը «Օրինաց երկրից», ինչպես նաեւ Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, Սամվել Բալասանյանը։ «ՄԱԿ» պատգամավորական խմբակցությունից՝ պատգամավորներ Պետրոսյանը, Ավետիսյանը եւ Ղոնջեյանը, իսկ այս թվում է նաեւ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, նա էլ ունի առաջարկ, որը չի ընդունվել ամբողջությամբ։ Եթե թվածս պատգամավորներից որեւէ մեկը ցանկություն ունի ելույթի, ապա խնդրեմ, պրն Պետրոսյան։ Այլ թեկնածուներ ելույթի համար չկա՞ն։ Եթե չկան, ուրեմն, ցանկը փակված է։ Խնդրեմ, պրն Պետրոսյան։

Ռ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Նախեւառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել պրն Մուկուչյանին, որովհետեւ, իրոք, որ բոլոր առաջարկությունները մեկ առ մեկ բազմակողմանի քննարկվեցին, եւ ուղղակի, ոչ թե սա որպես գովեստի փոխադարձ խոսք, այլ ուղղակի ուզում եմ ասել, որ լավագույն ավանդույթներից մեկն է վերականգնվում, երբ որ բազմակողմանիորեն առաջարկները քննարկվում են հանձնաժողովներում շահագրգիռ անձանց կողմից։

Ուզում եմ ասել, որ «ՄԱԿ» խմբակցության կողմից արվել է շուրջ 30 առաջարկ, որից 22-ը ընդունվել են, մնացած 8 առաջարկները նույնպես են քննարկվել բազմակողմանիորեն, եւ հիմնականում պրն Մուկուչյանի կողմից բերված փաստարկները։ Այսինքն՝ այդ առաջարկներից որոշ մասը նույնպես այլ հոդվածներում լրամշակված ձեւով ընդունվեց, որոշ մասը հիմնավորվեց, որ դա խոսքի այլ օրենքներով կարգավորման խնդիրը կամ դատավարության նորմեր են, որոնք որ եթե հարկ կա փոփոխության, այնտեղ պետք է փոփոխվի։

Եվ մի խնդիր, որը վերաբերում էր օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետին, դա հետազոտություններ, բժշկական հետազոտություններ անցած անձանց վերաբերյալ էր։ Թեկուզ, մեր առաջարկը հիմնավորվում էր նրանում, որպեսզի հետագայում, եթե վարակիչ հիվանդություններ են, կանխենք հետագա տարածումն այդ հիվանդությունների։ Բայց հարցը լուծվեց ի օգուտ միջազգային պրակտիկայի, ի օգուտ միջազգային կոնվենցիաների, որտեղ որ նախատեսվում է, որ նման հիվանդությունները համարվում են բժշկական գավութմետ։

Ընդհանուր առմամբ, մեզ թվում է, որ հնարավորին ամեն ինչ արվեց օրենքը կատարյալ դառնալու համար, եւ մենք նույնպես կողմ ենք, որպեսզի քվեարկենք կողմ այս օրինագծին 2-րդ ընթերցմամբ ընդունելու համար։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Պետրոսյան։ Հիմա, քանի որ հարակից զեկուցողներից եւ ոչ ոք դահլիճում չէ, հիմնական զեկուցողը հնարավորություն ունի եզրափակիչ ելույթով հանդես գալու։ Խնդրեմ, պրն Մուկուչյան, ամբիոնի մոտ։

Տ.ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

-ԱԺ մեծարգո փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, նախ՝ բազմաթիվ անգամներ արդեն իսկ այստեղ նշվեց կատարված աշխատանքի մասին։ Իրավամբ աշխատանքը բավականին մեծածավալ էր։ Մի քանի նկատառումներ այդուհանդերձ եւ մտահոգություններ, որոնք հնչեցին ելույթներում, որոշ դիրքորոշում դրա վերաբերյալ ներկայացնել։

Խնդիրներից մեկը, մասնավորապես, վերաբերում է այն հանգամանքին, որ ամփոփաթերթում ներկայացված առաջարկության դիմաց ամրագրված էր, որ դա ընդունված է, սակայն նախագծում այս կամ այն կերպ դա արծարծված չէր։ Իհարկե, հայցելով ձեր ներողամտությունը, սոսկ ցանկանում եմ արձանագրել, որ եթե ամփոփաթերթում ամրագրված է, որ դա արդեն իսկ ընդունված է, նշանակում է առաջարկությունը լիարժեք կերպով քննարկվել է եւ արդեն իսկ կայացվել է որոշում այն ներառել նախագծում, եւ փաստորեն, նախագիծն արդեն վաղն առավոտյան երբ հավանաբար տեղի կունենա քվեարկությունը, մինչ այդ արդեն կներկայացվի փաստորեն, ներառված վիճակում։ Այսինքն՝ եթե նշվում է, որ դա ընդունված է, այսինքն՝ միանշանակ է, որ առաջարկությունն ընդունվել է, ուղղակի զուտ տեխնիկական որոշ վրիպակների պարագայում դրանք տեղ չեն գրավել նախագծի հոդվածում։ Այսինքն՝ ուղղորդողը, փաստորեն, ամփոփաթերթն է, որում արտացոլված են բոլոր առաջարկությունները, որի համատեքստում այդ քննարկումները տեղի են ունեցել։

Թերեւս մեկ անգամ եւս փաստեմ, որ ներկայացված առաջարկությունների համատեքստում այս նախագիծն իրառմամբ ենթարկվեց մանրակրկիտ լրամշակման, եւ արված հարյուրից ավել առաջարկները հենց վկայակոչում էին այն մասին, որ այս նախագիծը եւս, ինչպես Աշխատանքային օրենսգրքի նախագիծը, բավականին լուրջ կարեւորություն ունի հասարակական հարաբերությունների կարգավորման առումով, եւ բավականին մեծ հետաքրքրության արժան նախագիծ էր, ինչը եւ վկայակոչում էր դրա վերաբերյալ առաջարկությունների այդ աստիճան մեծ քանակը, որի համար մեկ անգամ եւս հայտնում եմ շնորհակալություն, շնորհակալություն նաեւ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, որի արդյունքում նախագիծը բերվեց, կարծում եմ, եթե ոչ կատարյալ, ապա ընդունելի համարվող տեքստի։ Դրանում սրբագրվեցին բոլոր տարակարծություն եւ տարամեկնաբանություն առաջացնող նորմերը, եւ կարծում ենք, որ այս նախագծի կիրառման արդյունքում, փաստորեն, մեզանում գործող «Ամուսնության եւ ընտանիքի» օրենսգրքի հետ կապված այն բազմաթիվ թերությունները, բազմաթիվ վրիպակները, որոնք եղել են, ինչպես նաեւ այն նորմերը, որոնք արդեն չեն կարողանում լիարժեք կերպով կարգավորել մեր հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ ձեւավորված նոր հարաբերությունները, այս ամենը ի զօրու կլինի կատարելու նոր Ընտանեկան օրենսգրքի նախագիծը։ Թերեւս այսքանը։ Խնդրում եմ, քվեարկությունը, փաստորեն, 2-րդ ընթերցմամբ կազմակերպել հարմար պահի։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շատ լավ։ Այդպես էլ կանենք, քվեարկությունը կանցկացնենք վաղը։ Շնորհակալություն, այս հարցի քննարկությունը նույնպես ավարտված է։

Հարգելի պատգամավորներ, մենք անցնում ենք հաջորդ հարցին։ Քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Կարող եք չէ՞ կռահել, ով է հիմնական զեկուցողը։ Եվ խղճահարությամբ լցվել այդ մարդու նկատմամբ, բայց ոչնչով օգնել չենք կարող, պրն փոխնախարար, համեցեք ամբիոնի մոտ։ Ոչ, հասկանում եք, ինչումն է բանը։ Այս մեր հարակից զեկուցողները, գոնե, հասցնում են գնալ բուֆետ, բան, հանգստանան (Ծիծաղ), իսկ պրն Մուկուչյանն անընդհատ ամբիոնի մոտ է։

Տ.ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

-Շնորհակալություն։ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ուղղակի շաղկապված է «Ընտանեկան օրենսգրքի» նախագծի հետ, ինչի մասին մենք առիթ ունեցել ենք նշել նաեւ 1-ին ընթերցմամբ այդ երկու օրինագիծը քննարկելիս։ Եվ պետք է նկատի ունենալ, որ ի տարբերություն ժամանակին ընդունված եւ մինչ օրս գործող «Ամուսնության եւ ընտանիքի» օրենսգրքի, փաստորեն, սա 1-ին դեպքն է, երբ քաղաքացիական կացության ակտերի գրանցումը բարձրացվում է օրենքի աստիճան։

Ներկայումս այս հարաբերությունները կարգավորվում են այլ իրավական ակտերի մակարդակով, եւ կարծում ենք, որ դրանց օրենքի աստիճան բարձրացնելը, եւ օրենքով ամրագրելը, փաստորեն, կացության ակտերի գրանցման ամբողջ գործընթացն, այդ գործընթացին մասնակիցների իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվության աստիճան ունի էական նշանակություն, եւ մեր կարծիքով, ոչ միայն փողշաղկապված լինելով հանդերձ, այլ նաեւ որպես ինքնուրույն օրենք «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքը էական նշանակություն կունենա բնագավառում առաջացող հարաբերությունների կարգավորման հետ կապված։ Եվ կարծում ենք, որ այս նախագիծը, որը ներկայացվել է ԱԺ քննարկման, ունի նաեւ լուրջ հակակոռուպցիոն նշանակություն։ Այսինքն՝ պայմանավորված է հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի շրջանակներին։ Համահունչ են սրա կանոնակարգումները, որովհետեւ թիվ մեկ խնդիրը, որ կարգավորվում է այս նախագծով, դա պետական մարմին-քաղաքացի հարաբերությունների կարգավորումն է օրենքի մակարդակով։ Որովհետեւ, եթե խնդիրը վերաբերում է քաղաքացիական կացության ակտերի գրանցմանը, մասնավորապես, ծնունդ, ամուսնություն, ամուսնալուծություն, որդեգրում, հայրության ճանաչում եւ այլն, ապա այս բոլոր վարույթների ընթացքում քաղաքացին, կամա թե ակամա, շփվում է, փաստորեն, մի դեպքում պետական մարմնի, մեկ այլ դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի ստորաբաժանում հանդիսացող քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների հետ։ Առաջանում են փոխադարձ իրավունքներ եւ պարտականություններ, եւ հետեւաբար, օրենքի մակարդակով ամրագրվում են ոչ միայն յուրաքանչյուր գործառույթի համար իրականացվող կոնկրետ պաշտոնատարների իրավունքների ու պարտականությունների շրջանակը, այլ նաեւ սահմանվում կոնկրետ ժամկետներ համապատասխան ակտի գրանցումը մերժելու հստակ հիմքեր, եւ միաժամանակ նման մերժումների ժամանակ հնարավոր բողոքարկման ինստիտուտի լիարժեք ամրագրում է տեղի ունեցել։

Ներկայացված օրենքի նախագիծը, փաստորեն, այսպես, ուղղակիորեն փոխկապակցված լինելով Ընտանեկան օրենսգրքի հետ, եւս, փաստորեն, բավականին լայն քննարկման առարկա է հանդիսացել եւ դրա հետ կապված, եւս ներկայացվել են բավականին շատ առաջարկություններ։

1-ինից 2-րդ ընթերցման ընկած ժամանակահատվածում, այս նախագծի կապակցությամբ, ներկայացվել էր շուրջ 39 առաջարկություն, որոնցից չի ընդունվել 14 առաջարկություն։

Ի դեպ, հարկ եմ համարում նկատել, որ բազմիցս անգամ արդեն նշվեց, որ այս նախագիծը եւս ամառվա ընթացքում, մանրամասն քննարկվել է իմ հիշատակած նույն հանձնաժողովում։ Այսինքն՝ սոցիալական հարցերի հանձնաժողովում, որտեղ մանրամասն կերպով քննարկման առարկա են դարձվել թերեւս բոլոր առաջարկությունները, անկախ այն հանգամանքից, թե ո՞ւմ կողմից են ներկայացված եղել հիշյալ օրենքի առաջարկությունները։

Եվ նորից ցանկանում եմ փաստել մի կարեւորագույն հանգամանք, որ նախնական տարբերակում, երբ արդեն նայվել էին բոլոր առաջարկությունները Կառավարության կողմից, եւ հետագայում քննարկումներ ծավալվեցին հանձնաժողովում, քննարկման արդյունքում մենք եւս շուրջ մեկ տասնյակի հասնող դրույթներ նորից ընդունելի համարեցինք եւ դրանք ամրագրվեցին նախագծում, հետագայում լրամշակվեց եւ արդեն նոր ամփոփաթերթով, նոր նախագծով մենք այն ներկայացրեցինք ԱԺ դատին։ Այնուամենայնիվ, մի շարք առաջարկությունների կցանկանայի անդրադառնալ, որոնք քննարկումների արդյունքում համարվել են ոչ ընդունելի։

Մասնավորապես, նախատեսվում էր, որպեսզի ... օրենքի նախագծում առկա է, որ Երեւան քաղաքում, փաստորեն, մահվան գրանցումը իրականացվում է համապատասխան առանձին ստորաբաժանման կողմից։ Նախատեսվում էր, որպեսզի նույն մարմինն իրականացներ նաեւ ամուսնալուծությունների գրանցումը։ Այստեղ դրույթը երկար քննարկվեց, ներկայացվեց նաեւ գործող պրակտիկան եւ ընդունելի համարվեց այն առարկությունը, որ, փաստորեն, մահը, նկատի ունենալով որպես առանձնահատուկ դեպք, եւ միաժամանակ նկատի ունենալով այդ մարմնի ոչ միայն ամենօրյա աշխատանքի անհրաժեշտությունը, այլ նաեւ այդ մարմնի կողմից տոնական համարվող, ինչպես նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին կատարվող գրանցումները եւ այլն, միայն սրանով պայմանավորված նախատեսվել է ձեւավորել առանձին կառույց, որը հնարավորություն կտա առանց ավելորդ անգամ հոգս պատճառելու, կամ սրանք այն դեպքերն են, երբ ուղղակի ժամկետային գործոնը ունի էական նշանակություն, որպեսզի ժամանակով պայմանավորված ինչ-որ մերժումներ չլինեն կամ սպասումներ չլինեն, դրա համար, սոսկ, առանձնացվել է մահվան պետական գրանցման հետ կապված խնդիրները, առանձին Երեւան քաղաքում մեկ մարմնի կողմից իրականացնելու հանգամանքը։

Նու, գործող պրակտիկան նաեւ այդպիսին է, եւ ինչպես ցույց է տալիս պրակտիկան, փաստորեն, այս մեթոդով, այս մեխանիզմով աշխատելու պարագայում, համենայն դեպս ազգաբնակչության կողմից որոշակի բողոքներ եւ այլն, կապված մահվան պետական գրանցման հետ, համենայն դեպս չկա։ Եվ նկատի ունենալով, որ մեխանիզմն արդեն իսկ իրեն արդարացրել է, մեխանիզմն ամրագրվեց, իսկ ամուսնալուծությունների պարագայում, քանի որ ամուսնալուծությունը էության մեջ քաղաքացիական կացության ակտի այնպիսի գրանցում է, որի ժամանակ կողմերը կարող են նաեւ, ասենք, մեկ կամ երկու օրով հանգստյան օրվա հետ կապված եւ այլն, տեղափոխել իրենց գրանցումը։ Բացի դրանից նպատակահարմար է եւ խիստ կարեւոր, որպեսզի ամուսնալուծությունների պետական գրանցումը իրականացվեն այն քաղաքացիական կազության ակտերի գրանցման մարմինների կողմից, որտեղ իրականացվել է ամուսնության պետական գրանցումը, հակառակ պարագայում մենք պրակտիկայում կարող ենք ունենալ, իրոք, դեպքեր, երբ մարդն ամուսնալուծությունը չգրանցած փորձ կատարի նորից ամուսնություն գրանցել։

Հաջորդ առաջարկությունը վերաբերել է հոդված 3-րդի 2-րդ մասին, որտեղ նախ՝ առաջարկվում էր նախատեսել նոր մաս եւ քաղաքացիական կացության ակտի ինքնուրույն տարատեսակ դիտել միայնակ մայրության գրանցումը։ Նու, առաջարկությունը չի ընդունվել, որովհետեւ իրականում «միայնակ մայր» հասկացություն մեր եւ՛ իրավական ակտերում, եւ՛ կենցաղում առկա է, սակայն կարծում եմ, այս ինստիտուտը գրանցման անհրաժեշտությունզ չունի նախ՝ այն պարզ պատճառով, որ ակտը ինքը ինքնին, փաստորեն, սա ավելի շատ կարգավիճակ է, քան թե գրանցման ենթակա նորմ։ Միաժամանակ այս հարցի հետ կապված, ուսումնասիրեցինք միջազգային պրակտիկան, եւ փաստորեն, միջազգային պրակտիկայում առկա քաղաքացիական կացության ակտերի այն բոլոր տեսակները, որոնք գրանցվում են, դա նախագծում նախատեսված է։

Ինչ վերաբերում է մայրության, միայնակ մայրության, փաստորեն, գրանցմանը, սա, բնականաբար, այստեղ նախատեսված չէ, որովհետեւ միայնակ մայրության կարգավիճակն ավելի շատ ուղղված է սոցիալական որոշակի հիմնախնդիրներ, այսպես, լուծելուն նման մայրերի համար, ինչը, կարծում ենք, սոցիալական օրենսդրությանը, սոցիալական հարցեր կարգավորող օրենսդրության առարկան պետք է հանդիսանա։ Մյուս խնդիրը վերաբերում էր նրան, որպեսզի ...

Հաջորդ առաջարկությունը, նու, էլի նորից անվանման փոփոխման եւ էլի միայնակ մայրության հետ, փաստորեն նույնաբնույթ առաջարկ է եղել։ Մեկ այլ հոդվածի վերաբերյալ, 5 հոդվածի վերաբերյալ նույն պատճառաբանությամբ չի ընդունվել։

Առաջարկություն կար, որպեսզի կիրառվեին նաեւ եկեղեցու կողմից վավերացված փաստաթղթերը։ Այսինքն՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված նաեւ համարժեք դարձվեին եկեղեցու կողմից վավերացված փաստաթղթերը։

Նու, ցանկանում եմ նշել, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի նախագծով եւ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքով առաջնայնություն, ոչ միայն առաջնայնություն, այլ ճանաչվում է միայն պետական մարմնի կողմից կատարված գրանցումը։ Իհարկե, կարող է լինել բազմաթիվ ծեսեր, կարող է լինեն եկեղեցական կարգով իրականացվող տարբեր գրանցումներ եւ այլն, բայց ամեն դեպքում այդ գրանցումները չեն կարող առաջացնել իրավական հետեւանքներ, եւ հետեւաբար, այդ պատճառաբանությամբ, փաստորեն, առաջարկությունը մերժվել է։ Այսինքն՝ խնդիրը վերաբերում է միայն պետական գրանցմանը, եւ բնականաբար, այս ենթատեքստով անշուշտ, կարող է եկեղեցին տարբեր գրանցումներ կատարել, սակայն սրանք ավելի շատ ունեն բարոյական, ավելի շատ, այսպես, այլ, բայց ոչ երբեք իրավական նշանակություն։

Հաջորդ առաջարկությունը վերաբերել է այն դեպքերին, երբ ամուսնացող անձի հաշմության դեպքում, որպեսզի ներկա գտնվի վկա։ Նրանք, ընդհանուր առմամբ, հավատարիմ մնալով նորից նույն որդեգրված ոճին, որ մտահոգությունը պետք է ունենա նաեւ կարգավորում, մենք նախատեսել ենք բոլոր այն դեպքերը, երբ անձը ունենալով որոշակի հաշմություն, ցանկանում է, որպեսզի վկաներ ներկա գրավվի, ապա այս հարցերում որեւէ խոչընդոտ չպետք է նախատեսվի, եւ այդ մտահոգությունը մի կերպ արտացոլվել է։ Իսկ պարտադիր, ուղղակի, նախատեսելը, կարծել ենք, որ դրա անհրաժեշտությունը, փաստորեն, չկա։ Այսինքն՝ եթե անձը ինքը գտնում է, որ անհրաժեշտ է, որպեսզի վկա հրավիրվի, փաստորեն, եթե ինքը չի կարողանում ինքնուրույն իրականացնել որոշակի գործառույթներ, ապա նա ազատ է, նա կարող է յուրաքանչյուրին հրավիրել։

Նախատեսվում էր, որպեսզի օրինագծում սահմանվեին քաղաքացիական կացության գրանցման ծառայությունների դիմաց կատարվող վճարումների գծով, նախ՝ վճարումները սահմանվեին եւ հետո արտոնություններն այդ վճարումներից։

Նախ՝ ինչ վերաբերում է վճարումներին, ապա այս հարցում նախագիծը, ինչպես եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» գործող օրենքը ելնում է այն սկզբունքից, որ պետական մարմինը իր կատարած գործառույթների համար բացառապես կարող է գանձել պետական տուրք։ Որեւէ վճարման մասին այստեղ խոսք լինել չի կարող, եւ դրա համար քաղաքացին ընդամենը պետք է վճարի բացառապես պետական տուրք։

Պետական տուրքը սահմանվում է «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքով, իսկ տուրքի արտոնությունները, դրանց կիրառման հնարավորությունները, մեխանիզմները, այդ ամբողջն արդեն սահմանված են «Տուրքերի մասին» օրենքով։ Եվ բնականաբար, կարծում ենք, որ պետական մարմինը, եթե, ասենք, սկսում է վճարներ գանձել, բնականաբար տվյալ պարագայում, պետական մարմնի կողմից արդեն սկսում են անհարկի ինչ-որ այլ ծառայությունների մատուցում, ինչը, համենայն դեպս, այս օրենքով մենք քաղաքացիական ակտերի գրանցող մարմիններին ձեռնպահ ենք պահում նման ծառայություններ մատուցելուց։ Կան հստակ օրենքով սահմանված իրավունքներ ու պարտականություններ, որոնք պարտավոր են կատարել, որի համար սահմանված է տուրք, տուրքն էլ օրենքով սահմանված կարգով կգանձվի։

Մյուս խնդիրը վերաբերում է այն հանգամանքին, որպեսզի քաղաքացիական կացության ակտերի գրանցումը վերապահվեին որոշակի տեղական ինքնակառավարման մարմինների, եթե այդ տարածքներում չկային քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններ։

Նախ՝ նշեմ, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների հետ կապված բարեփոխման արդյունքում թերեւս այս տարվա հունվարից քաղկացության ակտերի տարածքային ստորաբաժանումները, պատկանելիության առումով, տրվեցին տեղական ինքնակառավարման մարմիններին։ Այդ մարմինները ստեղծված էին հանրապետության ավելի քան ... նու քաղկացության ակտերի գրանցման համակարգում գործում էին ավելի քան հիսուն տարածքային ստորաբաժանումներ, եւ այս հիսուն տարածքային ստորաբաժանումները, փաստորեն, 96 թվականից մինչ օրս իրականացնում էին քաղաքացիական կացության ակտերի գրանցումներ, դրանով պայմանավորված, համենայն դեպս, որ նրանք հեռու են այս կամ այն համայնքներից, նման պրոբլեմներ չեն առաջացել, եւ բացի դրանից, եթե մենք, փաստորեն, լիազորությունը վերապահենք նաեւ այն համայնքներին, որտեղ չկան քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններ, ապա այստեղ նկատի ունենալով կատարվող գործառույթների դերն ու նշանակությունը, դրանցով պայմանավորված իրավունքների, նրանց ծավալի ծագումը, դրանով պայմանավորված իրավական հետեւանքներ, որովհետեւ յուրաքանչյուր պարագայում գրանցվում են փաստեր, որոնք հետագայում ունենում են լուրջ ապացուցողական նշանակություն, եւ հենց այդ է պատճառը, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցումը իրականացնող մարմինների համար արդեն սահմանվում են որոշակի չափանիշներ, մասնագիտական գիտելիքների հետ կապված եւ այլն։ Այս ամենը վերապահել տեղական ինքնակառավարման մարմիններին, կարող էինք ունենալ լրջագույն խոչընդոտներ եւ լրջագույն բարդույթներ։

Մյուս խնդիրը վերաբերել է այն հանգամանքին, որպեսզի դա ամենակարեւորագույն, այսպես, գլոբալ խնդիրներից մեկն էր։ Խնդիրը վերաբերում էր, որ սահմանվեն որոշակի ծառայողին, արդեն, հարիր, ծառայողին հատուկ իրավունքներ եւ պարտականություններ քաղաքացիական կացության ակտերի գրանցումն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց համար, որոնք հանդիսանում էին արդեն տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ։ Այս առումով, նշեմ, որ արդեն ԱԺ-ում քննարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող քաղաքացիների ծառայական, ծառայությանը վերաբերող հարաբերությունները կարգավորող օրենքի նախագիծ եւ այս նախագիծը լիարժեք կերպով, արդեն, կտարածվի տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակից հանդիսացող, քաղաքացիական կացության ակտերի գրանցումն իրականացնող մարմնի աշխատակիցների վրա։ Իսկ այն առանձին խնդիրները, որոնք նախատեսված են, որ պետք է իրականացվեն արդարադատության նախարարության կողմից, ապա արդարադատության նախարարության բոլոր աշխատակիցները համարվում են քաղաքացիական ծառայողներ, եւ արդեն իսկ, նրանք գտնվում են քաղաքացիական ծառայության օրենքի դաշտում։ Փաստորեն, մեծ հաշվով միանշանակ,կողմ լինելով առաջարկությանը, հնչած մտահոգությանը, չնայած ամփոփաթերթում գրվում է, որ չի ընդունվում, սակայն չընդունելու բուն պատճառը ոչ թե նա է, որ առաջարկությունը կամ մտահոգությունը ընդունելի չի եղել, այլ այն, որ արդեն կա այլ օրենք, եւ խնդիրն այլ օրենքով լիարժեք կերպով կկարգավորվի։

Մյուս կարեւորագույն առաջարկը։ Նու, առաջարկություններ կային, որոնցով մի դեպքում առաջարկվում էր, որպեսզի առանձին իրավական ակտերի հաստատումը, ասենք, նախագծով նախատեսված էր, որ այդ ակտերը հաստատում է Կառավարությունը, դրանք տեղափոխվեր եւ հաստատվեր արդարադատության նախարարի կողմից, մեկ այլ դեպքում, ասենք, նախատեսված էր արդարադատության նախարարը, եւ դրանք բարձրացվեին Կառավարության աստիճանի։

Փաստորեն, քանի որ նման առաջարկները վերաբերում էին տարբեր հոդվածների, այսպես, համակարգված քննարկման արդյունքում, որոշում կայացվեց եւ այդ ձեւով էլ ամրագրվեց նախագծում, որ բոլոր այն դեպքերում, երբ ընդունվելու են իրավական ակտեր, որոնք սահմանելու են որոշակի վարքագծի կանոններ նաեւ 3-րդ անձանց համար, քաղաքացիների համար եւ այլն, այդ ամբողջը պետք է ընդունվի Կառավարության որոշման մակարդակով։ Իսկ տեխնիկական խնդիրները, առօրյա աշխատանքային, այսպես, հարաբերությունները կարգավորող, եւ ավելի շատ տվյալ մարմնի առօրյա գործառույթները կարգավորող քարտերի ձեւեր եւ այլն, ապա այս իրավական ակտերի հրապարակումը վերապահվի արդարադատության նախարարին։

Նու, այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ եթե նույնիսկ, այդ իրավական ակտերը իրենցում պարունակեն նորմատիվ բնույթ կրող նորմեր, անշուշտ այդ իրավական ակտերը կմտնեն ուժի մեջ, բացառապես, եթե դրանք սահմանված կարգով կհրապարակվեն, կգրանցվեն եւ կհրապարակվեն նորմատիվ գերատեսչական ակտերի տեղեկագրում։ Այսինքն՝ իսկ բնականը, եթե դրանում արդեն կլինեն կետեր, այսինքն՝ այդ պաշտպանության մեխանիզմները եւ այլն, «Իրավական ակտերի մասին» օրենքը լիարժեք եւ ամբողջ ծավալով ամրագրում է։

Խնդիր կար կապված ազգության լրացման հետ։ Այստեղ մենք, փաստորեն, հիմնականում հավատարիմ մնացինք այն կարգին, որը մեզանում արդեն իսկ գործում էր բավականին երկար ժամանակ, երբ վկայականում, ծննդյան վկայականում գրանցվում է ծնողների ազգությունը եւ բնական է, երեխայի ազգության մասը թողնվում է բաց, ինչը հետագայում արդեն, երեխան չափահաս դառնալու պարագայում եւ այլն, նոր արդեն միայն այդ խնդիրները ի հայտ են գալիս։ Թերեւս այս կարգը միշտ գործել է ՀՀ-ում, եւ եթե մնացած արգումենտները ուղղակիորեն մի պահ անտեսեինք, ապա նման նոր կարգի արձանագրումը էականորեն կարող էր խառնաշփոթ առաջացնել ընդհանուր գրանցման այդ կացության ակտերի գրանցման բնագավառում, եւ բացի դրանից այստեղ կար նաեւ մեկ այլ մտահոգություն, որ եթե մենք նայում էինք, ասենք, երեխայի իրավունքներին վերաբերող միջազգային փաստաթղթեր, երեխայի իրավունքներին վերաբերող օրենք, ապա իրավամբ այստեղ մոտեցումն այնպիսին էր, ինչպես ամրագրված էր նախագծում։ Այսինքն՝ պետք է նշվի ծնողներ՝ հոր, մոր ազգությունը, եւ բնական է, հետագայում նա, արդեն, եթե առաջանում է նման խնդիր, երեխան կարող է իր ազգությունն ամրագրել արդեն այլ փաստաթղթերով։

Նու, մյուս ... խնդիրներ կային, որոնք վերաբերում էին դատվածության հետ կապված, անունը փոխելու խնդիրներին։ Եվ այստեղ առաջանում էր այն արդարացի մտահոգությունը, որ հնարավոր էին դեպքեր, երբ, օրինակ, մարդը տարբեր հանցագործությունների համար, ասենք, ունեցել էր դատվածություն։ Դա, իհարկե, գալիս էր նորմի ոչ հստակ ձեւակերպումից, որովհետեւ արդյունքում ստացվում էր այնպես, որ մեկ անգամ, եթե դատվել է, ապա դա կարող է առաջացնել խնդիր։ Այստեղ հստակություն մտցվեց եւ խնդիրը վերաբերում է դատվածության խնդրին։ Այսինքն՝ եթե առկա է չմարված դատվածություն, իսկ դա դատվածության մարման համար ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է հստակ ժամկետներ, թե ինչպիսի հանցագործության համար ինչպիսի դատվածության մարման ժամկետներ են նախատեսվում, ապա դատվածությունը մարվելուց հետո, անձը համարվում է լիարժեք հասարակության անդամ, եւ նրա նկատմամբ չեն կարող նման սահմանափակումներ կիրառվել։ Եվ, փաստորեն, հնչած առաջարկության համահունչ, որոշակի խմբագրական աշխատանք կատարվեց, որի պարագայում, ամրագրվեց, որ խնդիրը վերաբերում է ոչ թե մեկ անգամ հանցագործություն կատարելուն, եւ դրանով պայմանավորված հետագա բարդույթներ ունենալուն, այլ խնդիրը վերաբերում է որոշակի հանցագործությունների համար դատվածություն ունենալուն։ Այսինքն՝ եթե կա մարված դատվածություն, նոր միայն այդ պարագայում կարելի է որոշակի սահմանափակում կիրառել։

Նու, թերեւս հիմնականում սրանք էին այն առաջարկությունները, որոնք քննարկման արդյունքներում, ինչ-որ կերպ համարվել էին անընդունելի։ Նորից եմ կրկնում, որ առաջարկների հիմնական մասն ընդունված է նախագծում, եւ նույնիսկ, այն առաջարկությունները, որոնք նշված էին որպես չընդունված առաջարկություններ, հավաստիացնում եմ, որ այդ առաջարկությունը որով, ասենք, մտահոգություն էր արտահայտվել, այդ մտահոգությունը, գուցե, նշված է, որ առաջարկությունը չի ընդունվել։ Կոնկրետ այդ հոդվածի շարադրանքին է վերաբերում, բայց մտահոգությունն ամբողջական կերպով արտացոլվել է եւ այդ մտահոգությունը ինչ-որ մեկ այլ հոդվածում, կամ մի քանի հոդվածների համատեքստում փորձ է կատարվել լիարժեք կերպով կանոնակարգել, որպեսզի չառաջանան հետագայում բարդություններ։

Ավարտելով, կցանկանայի, նորից ու նորից շնորհակալություն հայտնել։ Այստեղ իրավամբ ոչ թե փոխադարձ շնորհակալություններ հղելու խնդիր է, այլ, իմ կարծիքով, ստացված աշխատանքի արդյունք, որովհետեւ այն մեծ ծավալը, որն առկա էր, փաստորեն, այս նախագծի վերաբերյալ էլ, փատորեն, եթե նայում ենք ներկայացված առաջարկություններին, առաջարկությունները չեն վերաբերում մեկ կամ երկու հոդվածի, առաջարկությունները թերեւս ընդհանուր կոնտեքստում, գուցե, 5 առաջարկ է, բայց այդ 5 առաջարկը վերաբերում է տարբեր հոդվածների, այսինքն՝ սա ակնհայտ է, որ առաջարկություն ներկայացնելու պարագայում արդեն իսկ կատարվել է մեծ աշխատանք։ Եվ, փաստորեն, այդ առաջարկներն էին, որոնք հենց առիթ հանդիսացան առավել քան մանրակրկիտ նայելու նախագիծը, եւ առավել քան մանրամասն անդրադառնալու այս կամ հոդվածներին, վերացնելու համար դրանցում առկա տարամեկնաբանություն ու տարակարծություն առաջացնող նորմերը։ Շնորհակալություն, թերեւս այսքանը։ Եվ առաջարկվում է ընդունել 2-րդ ընթերցմամբ։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Մեկ վայրկյան, պրն Մուկուչյան, թեեւ սա 2-րդ ընթերցում է եւ հարցեր, ըստ էության, չեն կարող ձեզ տրվել, բայց ինձ մոտ մի հարց է առաջացել, որը, ըստ էության չէ, այլ ավելի շատ տեխնիկական բնույթ է կրում։

Այստեղ կա 35-րդ հոդված, որը, մեկ վայրկյան, ...

Տ.ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

-Հա, ներողություն եմ խնդրում, եթե կարելի է ես դրա մասին ասեմ։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հա, ես հիմա, ուղղակի հարցը հնչեցնեմ, որ մարդիկ հասկանան, թե ինչի մասին է խոսքը։

«Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծության պետական գրանցման կարգը»։ Այստեղ մեր պատգամավորներից ոմանք առաջարկել էին դրանից հետո ավելացնել 35 պրիմ հոդվածը հետեւյալ վերնագրով. «Ամուսնության դեպքում, ամուսնության դադարեցման պահը»։ Ձեզ մոտ գրված է, որ դա ընդունված է։ Նախ՝ տեքստում չկա նման բան, եւ 2-րդը՝ ընդհանրապես այս պրիմը ո՞րն է. ասենք, գնդակահարություն, հա՞, երեւի։

Տ.ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

-Ոչ, պրիմն ընդհանուր առմամբ, չնայած ընդունված է գնդակահարություն, բայց պրիմը, եթե մի հոդվածից հետո ավելացնում են մյուսը, ուղղակի, այդ պրիմն էին կիրառում։ Այստեղ խնդիրը հետեւյալն էր, որ առաջարկվում էր, առաջարկության մեջ հենց այդպես է, որպեսզի 35-ից հետո ավելացվեր նոր կետ։ Ես ներողություն եմ խնդրում, որ իմ խոսքում դրան չանդրադարձա։ Այստեղ ընդունված է նշումը, որը կա։ Սա, փաստորեն, վրիպակ է եղել, որովհետեւ այս հոդվածը երկար քննարկել ենք հանձնաժողովում, եւ սրանով պայմանավորված մտահոգությունը մենք արդեն արտացոլել էինք Ընտանեկան օրենսգրքում, եւ այս օրենքում նման դրույթ ավելացնելու անհրաժեշտությունը ուղղակիորեն բացակայում էր, որովհետեւ դա ... այո, այո, այստեղ ուղղակի նշել՝ չընդունված, բայց էության մեջ մտահոգությունը, որն առկա էր սրա հետ, մենք դա տեղավորեցինք Ընտանեկան օրենսգրքում, որովհետեւ Ընտանեկան օրենսգրքում մի քիչ հստակություն չկար այդ հոդվածի մեջ ամուսնության դեպքում, փաստորեն այդ ամուսնալուծության դադարեցման պահի հետ ո՞րն է համարվում այդ դադարեցման պահը եւ այլն, դա արդեն այնտեղ ավելի քան մանրամասն հստակեցրեցինք։ Այստեղ որեւէ նոր հոդված չի ավելացել։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն պարզաբանման համար, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Ամբիոնի մոտ է հրավիրվում հարակից զեկույցի համար, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը։ Խնդրեմ, պրն Պետրոսյան։

Ռ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, մեկ անգամ եւս ուզում եմ շեշտել, որ այս օրինագիծն անխզելիորեն կապված է Ընտանեկան օրենսգրքի հետ։ Եվ եթե Մարքսի դիպուկ բնորոշմանը հետեւենք, ապա միեւնույն ոգին պետք է շունչ տա այս երկու օրենքներին, իսկապես, որովհետեւ առանց Ընտանեկան օրենսգրքի հնարավոր չէ այս, որը որ նախատեսում է նյութական իրավունքի նորմերով այն իրավաբանական փաստերը, որոնցից կախված են քաղաքացիների եւ կազմակերպությունների, շատ դեպքերում նաեւ քաղաքացիական, կենսաթոշակային, աշխատանքային ու ժառանգական, բնակարանային եւ բազմաթիվ այլ իրավունքներ ու պարտականություններ, դրանք նախատեսված են նաեւ, մեծամասամբ, ընտանեկան իրավունքի նորմերով։ Իսկ այդ փաստերի գրանցման կարգը նախատեսված է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով, եւ այս երկուսի միայն առկայությունը, եւ պետոության կողմից սահմանված այդ կարգի պահպանումը միայն հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին, իրականում, իրականացնել, ռեալ կերպով իրականացնել իրենց իրավունքները եւ կատարել իրենց պարտականությունները։ Եվ նախորդ 1-ին ընթերցման ժամանակ պատահական չէր, որ երկուստեք եւ՛ հիմնական զեկուցողը, եւ՛ հանձնաժողովի ներկայացուցիչը հիմնավորում էին այս օրենքների, ինչպես կախվածությունը, այնպես էլ նրանց նշանակությունը մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում։

Եվ գրանցման այդ ձեւերը, կարգը պետությունը սահմանում է, որպեսզի համապատասխան սուբյեկտները պաշտպանեն այդ կարգը, սա պետական շահերն են, հեշտացնեն հետագա խուսափելը վեճերից, ինչպես նաեւ ունենալով իրենց ձեռքում համապատասխան փաստերն արձանագրող, հավաստող տեղեկություններ ու փաստաթղթեր, կարողանան իրականացնել իրենց իրավունքները եւ ավելորդ դատական քաշքշուկներ չառաջանան։ Ինչեւիցե։

Քննարկվող օրինագծի 1-ին ընթերցմամբ ընդունված տեքստի վերաբերյալ նույնպես ԱԺ պատգամավորները, նու, հատկապես պատգամավորներ՝ Մխեյան, Պետրոսյան, Մնացական Պետրոսյանի մասին է, Շահգալդյան, Ավետյան, Համլետ Թամազյան, Գյուլզադյան, Առաքելյան, Սարգսյան, Բալասանյան եւ Բիշարյան, ներկայացրել էին թվով 36 բովանդակային եւ խմբագրական դիտողություներ եւ առաջարկներ։ Մի քանի առաջարկներ ես էի ներկայացրել, որոնցից օրինագծի հեղինակներն ընդունել են 20-ը այդ 36-ից, նրանց ներկայացրած։

Հանձնաժողովի կարծիքով, մյուս 16 առաջարկներից 15-ի չընդունումը բավականաչափ հիմնավորված են։ Ես չեմ ուզում նորից վերածենք 1-ին ընթերցման, եւ նորից խոսենք այդ բոլոր ինստիտուտների մասին։ Այդ մասին մենք բավականաչափ երկար խոսել ենք 1-ին ընթերցման ընթացքում, քննարկել ենք այդ բոլոր հարցերը, որի արդյունքում եւ ձեւակերպել ենք մեր միջնորդությունները, առաջարկները Կառավարությանը։

Նու, իմ կարծիքով, այդ չընդունված, ուրեմն, 16 առաջարկներից 15-ի չընդունումը, ասում եմ, հիմնավորված է։ Մեկ առաջարկ չէր ընդունվել, հիմա չգիտեմ, ըստ երեւույթին, մեր հանձնաժողովում դա տեղի չի ունեցել, բայց սոցիալական հարցերի հանձնաժողովում, ըստ երեւույթին, ներկայացուցիչը հնարավոր է, որ դա էլ ընդունած լինի։

Չընդունված մեկ առաջարկը վերաբերում է նրան, որ ըստ օրինագծի, 1-ին ընթերցմամբ ընդունված 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի «Ծննդյան վկայականում պարտադիր նշվող վավերապայմանը ծնողների կամ նրանցից մեկի ազգությունը», իսկ նույն հոդվածի 2-րդ մասում նշված է. «Ազգության մասին գրառումը կատարվում է ծնողների կամ նրանցից մեկի ցանկությամբ»։ Ինչպես տեսնում եք, այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե նրան, թե գրանցե՞ն ազգությունը, թե՞ ոչ, այլ վերաբերում է նույն հոդվածի ներսում եղած հակասությանը 1-ին եւ 2-րդ մասերի միջեւ, որովհետեւ մի տեղ ասում է.«ծնողների ցանկությամբ», մյուս դեպքում՝ պարտադիր կատեգորիկ իմպերատիվ է համարում 1-ին մասում ազգության գրանցումը։ Խոսքը օրենքի մեջ եղած ներքին հակասության վերացումն է, պրն Մուկուչյան, եւ այս հակասությունն անհրաժեշտ է անպայման վերացնել, որովհետեւ ամփոփաթերթիկում, համենայն դեպս նշված է, որ առաջարկը հիմնավորված չէ։ Առաջարկը շատ էլ հիմնավորված է, եւ նորից պետք է նայել, եւ այս հակասությունը հոդվածի ներսում վերացնել, 23-րդ հոդվածի մեջ։

Օրինագծի հեղինակները պատգամավորների առաջարկով ընդունել են գրանցման վկայականի կրկնօրինակը տալը երկու օրյա ժամկետից մեկ օրյա դարձնելու։ Սա բնական է, որպեսզի արագացվի, այսինքն՝ չձգձգվի քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը՝ երկու օրից մեկ օրում, որովհետեւ կրկնօրինակ տալը, դուբլիկատն այդքան դժվար չէ հանել եւ տալը։ Այնուհետեւ, դատական վճռի հիման վրա որդեգրումը միայն վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կատարելու, այսինքն՝ ձեւակերպելու հարցը, որովհետեւ նախկին տեքստում գրված էր. «վճռի կայացումից հետո»։ Բայց մինչեւ վճիռը օրինական ուժի մեջ չմտնի, այն ժողովրդական լեզվով ասած. օրենք չդառնա բոլորի եւ յուրաքանչյուրի համար, միայն այդ վճիռը բավական չէ այդպիսի գրանցումներ կատարելու համար, եւ առաջարկն ընդունվել է։

Առաջարկվել էր նաեւ 51-րդ հոդվածը երկու առանձին-առանձին հոդվածներ դարձնել եւ հայրության որոշումը երեխայի ծննդյան պահին ու երեխայի հետծննդյան ժամանակ իրարից տարանջատել։ Սա նույնպես հարց է, որը մինչեւ այսօր այդպես լուծված չի եղել։ Այսինքն՝ հայրությունը որոշելը կատարվել է մի ակտով, դատարանի մեկ վճռով, մեկ գործով, եւ ոչ թե երկու գործով։ Իսկ հիմա առաջարկվում է նախածննդյան ժամանակ երեխայի հայրությունը որոշել առանձին գործով, հետծննդյան ժամանակ՝ առանձին գործով։ Սրա մեջ ռացիոնալ հատիկ կա, ինչպես ասում են, նորից մոտենում ենք Հեգելին, ըստ որի, եթե երեխան դեռեւս չի ծնվել, այլ են ապացույցները դատարանի կողմից հետազոտվող, գնահատվող ապացույցները։ Այստեղ պետք է նայել, թե ընտանիքը, այդ երկու ամուսինները համատեղ կյանք վարե՞լ են, թե՞ ոչ, ընդհանուր տնտեսություն վարե՞լ են, թե՞ ոչ եւ այլն, բայց հենց երեխան ծնվեց, ապաշնորհները դառնում են ուրիշ։ Հայրը գնաց հիվանդանոցից բերեց տուն, զբաղվեց հրապարակայնորեն բարեկամների ներկայությամբ դա համարեց իր ընտանիքից ծնված երեխա եւ զբաղվեց նրա խնամքով ու դաստիարակությամբ արդեն, եւ այլն։ Այս տեսակետից, եթե մենք մոտենում ենք, կարելի է երկու տեսակի գործեր ստեղծել, իրոք, բայց եւ չի խանգարի մեկ քաղաքացիական գործով այս հարցերը լուծելը, բայց որ համաձայնվել է պատգամավորների առաջարկներին Կառավարության ներկայացուցիչը, թող այդպես էլ լինի։ Ինչքան հարուստ լինի մեր օրենսդրությունը, դեպքերն ավելի մանրակրկիտ կարգավորի, այնքան լավ։ Եվ հանձնաժողովը դրան դեմ չի։

Այնուհետեւ, առաջարկվել էր 3-րդ եւ 58-րդ հոդվածներում անունը փոխելը կոնկրետացնել։ Եվ այստեղ ունեցած ելույթից ես այդպես էլ ... այստեղ հասկացա, որ անունը փոխելու հետ համաձայնվել է, որ անվան տակ չպետք է հասկանալ նաեւ ազգանունը եւ հայրանունը, անպայման դրանք առանձին պետք է նշվի, որովհետեւ անունը, ինչպես նախորդ օրինագծի կապակցությամբ զեկուցելիս ասացի, դա «հանրահայտ» հասկացություն է եւ վերաբերում է միայն անվանը։ Դրա տակ երբեք էլ ազգանունը եւ անունը չի հասկացվում, պետք է անպայման, եթե փոխելու մասին է խոսքը գնում, խոսվի ազգանվան, անվան եւ հայրանվան փոփոխության մասին լիարժեք ձեւով։

Նու, եղել են նաեւ բազմաթիվ այլ խմբագրական դիտողություններ։ Մի մասն ընդունվել է, մի մասը՝ մենք միասին կարող ենք հաղթահարել այդ դժվարությունները 3-րդ ընթերցման նախապատրաստվելու ժամանակ։ Եվ հանձնաժողովը, փաստորեն, օրինագիծը քննարկելով, այդ մեկ դիտողությունն էր մնում ուժի մեջ, մենք դեռ կշարունակենք բանակցությունները, իսկ մնացած հարցերում թերությունները վերացվել են, լրացումները կատարվել են եւ հանձնաժողովը օրինագիծը երաշխավորում է ընդունելու 2-րդ ընթերցմամբ։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Պետրոսյան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հաջորդ հարակից զեկույցի համար ամբիոնի մոտ է հրավիրվում սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, պատգամավոր Մնացական Պետրոսյանը։ Խնդրեմ, պրն Պետրոսյան, ամբիոնի մոտ։

Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ԱԺ ներկայացրած «Քաղաքացիական կացության մասին» օրենքի նախագիծը։

1-ինից 2-րդ ընթերցման ժամանակ, ինչպես ասաց պրն Պետրոսյանը, արվել է շուրջ 36 առաջարկ, բացի 36 առաջարկներից կային նաեւ շատ առաջարկներ, որոնք որ ամփոփաթերթում տեղ չեն գտել, այդ առաջարկներին նույնպես ուշադրություն է դարձվել եւ ինչպես Կառավարության ներկայացուցիչը, այնպես էլ հանձնաժողովում, եւ ընդհանուր առմամբ, նայել ենք շուրջ 50-ից ավելի առաջարկություն։

Պրն Պետրոսյանը հիմնականում նշեց այն պատգամավորների անունները, որոնք որ ներկայացրել են առաջարկություն, ես կուզեի նաեւ նշել այն խմբակցություններին, դա «Օրինաց երկիր» եւ «ՄԱԿ» խմբակցություններն են, որոնք որ նույնպես արել էին այդ առաջարկները։

Նու, առաջարկների մեծամասնությունն ընդունվել են։ Ես կուզեի այդ առաջարկներից առանձնացնել մի քանիսը, որոնք որ հիմնականում խոսքը վերաբերում է, նու, ասաց, պրն Մուկուչյանը, 35-րդ հոդվածին, երբ առաջարկություն կար գրանցումը, այս հարցը կարգավորեցինք Ընտանեական օրենսգրքով եւ այնտեղ ամրագրելով այս նորմը, այստեղ արդեն անհրաժեշտություն չառաջացավ։

40-րդ հոդվածը, որտեղ խոսքը գնում է «Որդեգրման պետական գրանցման վայրը» որոշում ընդունվեց, թե որտեղ է կատարվում, ընդունման վայրը որտե՞ղ է եւ ի՞նչ իրավական ակտի հիման վրա է կատարվում որդեգրումը։

Այնուհետեւ, 50-րդ հոդվածի 3-րդ կետին պրն Պետրոսյանը նույնպես անդրադարձավ։ Խոսքը վերաբերում է միայն անվան փոփոխությանը, քանի որ ազգանվան փոփոխությունը, իրոք, օրենքում ամրագրումը չի թույլատրում, միայն անվան փոփոխությունն է հնարավորություն թույլատրում փոփոխել։

51-րդ հոդվածին, նույնպես անդրադառնալ, ես նաեւ այս հոդվածին անդրադառնամ, իմ կոլեգան նույնպես անդրադարձավ այդ հոդվածին։ Երեխայի ծննդյան պահին, այստեղ հարցը լուծվեց, երեխայի ծննդյան գրանցման պահին, որ գրանցումով արդեն 1-ին կետի հիմնավորումը, գրանցման պահը գրելով, «գրանցման» բառն ավելացնելով, արդեն լինում է հոդվածը վերջնական իմաստով իր բովանդակությունն արտահայտում է։

Անդրադարձվել է նաեւ 58-րդ հոդվածին, 60-րդ հոդվածին։ Մի խոսքով շատ են այդ առաջարկությունները եւ ընդունված առաջարկություները, արված առաջարկություններով հանդերձ ցույց է տալիս նաեւ, որ ընդամենը եթե օրենքի նախագիծը ունի 85 հոդվածներից է կազմված, շուրջ 50-ից ավելի առաջարկություններ են եղել այդ հոդվածների վերաբերյալ։

Նու, նույնպես պրն Մուկուչյանը նշեց, որ անդրադարձվել է նաեւ ամփոփաթերթում այն առաջարկներին, որոնք գրված էին չի ընդունվել, մեկ-մեկ նորից քննարկվել են բոլոր առաջարկությունները, եւ ինչպես նշեց, շուրջ 10 առաջարկություն ընդունվել են։ Դրանք հիմնականում վերաբերում են Մխեյան, Պետրոսյան, 1-ինը, որը որ 4-րդ հոդվածի 3-րդ կետի վերաբերյալ էր, այնտեղ շարադրանքը փոխելով հանդերձ հոդվածը բովանդակային իմաստով արտահայտեց իր բովանդակությունը եւ հարցը լուծվեց նման ձեւով։ Խոսքը վերաբերում է պրն Առաքելյանի կողմից արված երկու առաջարկություններին։ 5-րդ գլխում ներառվել է մեկ ծնողի որդեգրման իրավունքների վերաբերյալ։ Խոսքը՝ 79-րդ հոդվածում ավելացնել «մարմնի ղեկավարները եւ աշխատողների նշանակման կարգը» ասաց պրն Մուկուչյանը, ուղղակի այստեղ գրեցինք «համաձայն օրենքի», որովհետեւ դա «Քաղծառայողի մասին» օրենքն է եւ բանը կարգավորում են այն օրենքներով։ Մենք ավելացրեցինք. «համաձայն օրենքի» , որը որ ինքնըստինքյան ստացվում է, որ լուծում տրվեց այս հարցին նույնպես։

Պրն Բալասանյանի եւ տիկին Բիշարյանի արված առաջարկությանը նախագծի 47-րդ հոդվածում ավելացնել նոր մաս հետեւյալ խմբագրությամբ. «որդեգրողների համաձայնությամբ» եւ այլն։ Այս հարցը նույնպես անդրադարձվել է եւ դրական լուծում է տրվել։

Ընդհանուր առմամբ քննարկումների արդյունքով, այժմ ԱԺ քննարկմանն է ներկայացվում օրենքի նախագծի վերամշակված տարբերակը, որը, ըստ մեր կարծիքի, լիովին կարգավորում է հանրապետությունում քաղաքացիական կացության գրանցման հետ կապված հարաբերությունները։

Մեկ անգամ եւս կարեւորելով քննարկվող օրինագիծը, որով առաջարկվում է կանոնակարգել քաղաքացիների որոշակի իրավունքներն ու պարտականությունները, պարտականություններ առաջացնող փոփոխող եւ դադարեցնող գործողությունները, ինչպես նաեւ հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը, որը որ հրամայական պահանջ էր ներկայացնում այսպիսի օրենք ունենալու համար, հանձնաժողովը իր դրական եզրակացությամբ առաջարկում է ներկայացված օրենքի նախագիծն ընդունել 2-րդ ընթերցմամբ եւ քվեարկության դնել ընդհանուր քվեարկությունների հետ միասին։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Պետրոսյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Մենք ուշադրությամբ լսեցինք հիմնական եւ հարակից զեկուցողներին։ Հիմա մի շարք պատգամավնորներ, շատերի անուններն այստեղ հնչեց, իրավունք ունեն իրենց կողմից առաջարկված եւ հեղինակների կողմից չընդունված առաջարկությունների վերաբերյալ 5-ական րոպե ելույթ ունենալ։ Եվ ես կխնդրեմ ուշադրություն դարձնել հատկապես, այստեղ վերջում էլ այդ մասին խոսվեց, պատգամավորներ Մարգարյանը, Բալասանյանը, Բիշարյանը, 23-րդ առաջարկն է, չէ՞, 23, երեւի, որը չի ընդունվել, քանի որ պրն Պետրոսյանն այդ մասին խոսեց, մենք պետք է այստեղ 2-րդ ընթերցման ընթացքում որոշենք, ի՞նչ ենք անելու, որովհետեւ հետո, էլ փոփոխություն չի լինելու։ Ուղղակի թվեմ այն պատգամավորներին, որոնք այսօր, հիմա իրավունք ունեն հանդես գալու այդ 5 րոպեանոց առարկությամբ։ Մխեյան, Պետրոսյան, Շահգալդյան, Ավետյան, Թամազյան, Գյուլզադյան, Առաքելյան, Բալասանյան, Մարգարյան եւ Բիշարյան։ Ցանկացողներ կա՞ն։ Պրն Մարգարյան, խնդրեմ, ամբիոնի մոտ։

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Մեծարգո նախագահող, հարգարժան գործընկերներ, իրոք, քննարկվող նախագիծը ունի առանցքային նշանակություն մեր երկրի համար, եւ շաղկապված է, այսինքն՝ հիմնականում կարգավորվում է առաջարկվող նախագիծը Ընտանեկան օրենսգրքով, եւ փաստորեն, այն առաջարկությունները, որոնք կատարվել էին «Օրինաց երկիր» խմբակցության կողմից, կապված Ընտանեկան օրենսգրքի հետ, դրանց զգալի մասն ընդունվեց հեղինակների կողմից, եւ այստեղ առաջարկությունների այն քանակը, որն առաջարկվել էր «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում, նույնպես հիմնական զգալի մասն ընդունվել է։

Այստեղ պետք է նշեմ, որ իրոք, շուրջ չորս տասնյակից ավելի առաջարկություններ էր կատարվել մեր պատգամավորների կողմից, որից շուրջ երկու տասնյակից ավելին առաջարկություններ կատարվել էր «Օրինաց երկիր» խմբակցության կողմից եւ այդ առաջարկությունների շուրջ 80 %-ն ընդունվել է։ Այն առաջարկությունները, որոնք չեն ընդունվել, մենք, առաջարկության հեղինակներս հանում ենք, բացի մեկ առաջարկությունից, որի վերաբերյալ, իհարկե, պետաիրավական հանձնաժողովի նախագահի կողմից եղավ մեկնաբանություն։ Կցանկանայի նաեւ այդ մեկնաբանությունն ընկալել։ Ակնկալում ենք այդ մեկնաբանությունը նաեւ նախագծի հիմնական զեկուցողից՝ պրն Մուկուչյանից։ Այստեղ խնդիրը վերաբերում է, այո, 23-րդ հոդվածին, եւ պրն Հովհաննիսյան, դուք նշեցիք, որ անդրադարձ եղավ այս հոդվածին, բայց նշվեց, որ կա հակասություն։ Այսինքն՝ կա հակասություն, որ մի տեղ, 20-րդ հոդվածի, այսինքն՝ «տ» կետի հետ կապված իմպերատիվ գրվում է, որ երեխայի ծննդյան վկայականում պետք է նշվի ծնողներից մեկի ազգությունը, բայց մեկ այլ հոդվածում նշվում է, որ կարող են։ Մեր առաջարկությունը չի վերաբերել դրանց։ Մեր առաջարկությունը վերաբերել է հետեւյալ տրամաբանությանը, որ ընդհանրապես նշվում է, որ երեխան ծննդյան վկայական ստանալիս, չի նշվում երեխայի ազգությունը, սա պարզ է, այսպես եղել է նաեւ գործող օրենքում, բայց նախկին ժամանակաշրջաններում, այսինքն՝ վերջին տարիներին մենք մտցրեցինք նոր անձնագիր, որտեղ չկա ծնողի, այսինքն՝ անձնագիր ստացած մարդը չունի քաղաքացիության մասին, թե ... այսինքն՝ ազգության մասին չկա նշում։ Հիմա, այստեղ ի՞նչ ստացվեց։ Այսինքն՝ այն երեխան, որը ծնվեց, հետագայում նա պետք է դառնա ծնող, ծննդյան վկայականում չկա նրա ազգությունը, անձնագիր ստանալուց չի լինում նրա ազգությունը, եւ փաստորեն, երբ նա դառնում է ծնող, երբ նրա ազգությունն արդեն իր երեխայի ծննդյան վկայականում պետք է նշվի, այստեղ արդեն ունենում ենք մեծ պրոբլեմ։ Այսինքն՝ չկա պետական մի փաստաթուղթ, որտեղ ֆիքսված կլինի ծնվելուց հետո մինչեւ այդ մարդու կյանքի վերջը նրա ազգությունը։

Այ, թերեւս սա էր, եւ ըստ էության, սա էր հիմնական պատճառը, որ մենք փորձում ենք նաեւ քննարկել այս հարցը, լրացուցիչ քննարկել եւ լուծում գտնել, թե արդյոք տեղի՞ն է, որ այս հոդվածում կատարվի, մեր առաջարկությունն ընդունվի։ Ինձ թվում է, որ, պրն Մուկուչյան, կքննարկենք լրացուցիչ եւ դուք ձեր եզրափակիչ ելույթում կանդրադառնաք։ Ուղղակի ուզում եմ տարանջատել։ Այո, պրն Պետրոսյանը տեղին նշեց, որ կա հակասություն։ Բացի այս հակասությունից, մեզ մտահոգում է նաեւ այն, ինչի մասին որ ես նշեցի։

Ինձ թվում է, որ իրոք, նախագիծը մանրամասն քննարկվեց, եւ պետք է նաեւ մեկ անգամ եւս հայտնեմ իմ շնորհակալությունը նախագծի հեղինակներից եւ հիմնական զեկուցողից պրն Մուկուչյանից, որ այն առաջարկությունները, որոնք կատարվել էին մեր կողմից, հիմնականում ընդունվել են։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մարգարյան։ Հիմա մենք անցնելու ենք եզրափակիչ ելույթներին։ Պարոնայք հարակից զեկուցողներ, դահլիճում են, չէ՞։ Պրն Պետրոսյան, այո, խնդրեմ, ամբիոնի մոտ, եւ ինչ-որ ֆիքսված պարզաբանում մենք ստանանք այս վերջին հարցի վերաբերյալ, որովհետեւ մի կողմից քվեարկելու ենք, մյուս կողմից՝ հասկանանք վերջապես, ի՞նչ տրամաբանությամբ պետք է շարժվենք այս հարցում։

Ռ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Անկեղծ ասած, թող ներվի ինձ, ես կարծում եմ, որ ազգությունը չնշելն այստեղ, դա ընդհանրապես մասսոնական ազդեցության արդյունք է։ Այո, չխորանանք դրա մեջ, բայց մարդու ազգությունը պետք է նշվի, որովհետեւ կյանքն էլ ցույց է տալիս, որ ազգությունը ունի, հենց ինքն ազգությունը, զուտ ազգությունը ունի բազմաթիվ իրավական հետեւանքներ։ Այսօր բռնում են մեր ազգությանը պատկանելու, կովկասյան ազգությանը պատկանելու պատրվակի տակ մարդկանց վտարում են, իրավունքները ոտնահարում են եւ այլն, եւ այլն։ Պետք է բոլոր դեպքերում ազգությունը, իմ կարծիքով, նշվի։

Եվ պրն Մուկուչյանը ճիշտ հասկացավ այդ հակասության մասին խոսքը։ Ոչ թե պրն Հովհաննես Մարգարյանի ասածն ազգության մասին ընդհանրապես, այլ հոդվածի ներքին հակասությունը վերացնելու մասին։ Բայց նա, ըստ երեւույթին, որոշեց պրն Մուկուչյանը, որ 23-րդ հոդվածի «բ» կետից հանի «ազգություն» բառը, որտեղ գրված է, որ ծննդյան վկայականը պարունակում է հետեւյալ տեղեկությունները. բ) ծնողների, ծնողներից մեկի անունը, ազգանունը, հայրանունը եւ ազգությունը։ Որոշեց այդտեղից հանել եւ թողնել 2-րդ մասը 23-րդ հոդվածի, որտեղ գրված է. ծննդյան վկայականի մեջ ծնողների ցանկությամբ, ծնողների, ծնողներից մեկի ազգության մասին կատարվում է գրառում։

Իմ կարծիքով, ավելի լավ է թողնել «բ» կետը՝ հայյրանունը եւ ազգությունը, իսկ վերջին մասը, 2-րդ մասը հանել։ Այսինքն՝ ծնողներից մեկի ցանկությունը եւ այլն, դա հանել, եւ ոչ թե հակառակը։ Ես պնդում եմ, եթե նորից իր մեջ թող վերլուծի պրն Մուկուչյանը, պետք է դա, իմ կարծիքով, ավելի հարմար է դա անել, քան թե հակառակը։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Դուք ավարտեցի՞ք։ Լավ։ Պրն Պետրոսյան, դուք ունե՞ք եզրափակիչ ... Ոչ։ Դուք կարող եք նստել, պրն Պետրոսյան։ Հիմա, պրն Մուկուչյան, եզրափակիչ ելույթի իրավունքը ձերն է, եւ կխնդրեի, այս հարցին անդրադառնաք հստակ, այսինքն՝ ընդունո՞ւմ եք որպես հեղինակներ, կամ չեք ընդունում այս մոտեցումը։ Ազգության մասին եմ ասում։ Արդեն, տեսնում եք, դահլիճից սպառնում են, որ քվեարկությունը դրանից է կախված։

Տ.ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

-Խնդիրը էության մեջ, փաստորեն, նախ՝ կցանկանայի ընդհանուր շնորհակալություն հայտնել քննարկման համար ներկայացված առաջարկությունների, եւ էության մեջ մեկ խնդիր կար, որի շուրջ, կարծեք թե, անհամաձայնություն արձանագրվեց կապված ազգության հետ։

Նախ՝ ինչ վերաբերում է նախագծում առկա այդ ներքին հակասությանը, այստեղ վերացնելու առումով որեւէ խնդիր չկա, եւ կարծում եմ, որ պետք է ծնողի ազգության մասին նշումը լինի իմպերատիվ։ Այսինքն՝ ծնողների ազգությունը պետք է իմպերատիվ կերպով ամրագրվի երեխայի ծննդյան վկայականում։

Ինչ վերաբերում է մյուս խնդրին, կապված երեխայի ազգության ամրագրմանը, այս հարցում, իհարկե, խնդիրը եղել է, հարցը բարձրացվել է, փորձենք կատարել, նաեւ ուսումնասիրել ինչ-որ տեղ մեր գործող օրենսդրությունը, գործող նաեւ կարգը, դրանով պայմանավորված միջազգային պրակտիկան, եւ պետք է նշել, որ ոչ միայն մեզ մոտ գործող կարգում, այլ նաեւ որեւէ տեղ միջազգային պրակտիկայում երեխայի ազգությունը ծննդյան պահին չի ամրագրվել։ Ամրագրվել է ծնողների ազգությունը, որից հետո չափահաս դառնալուց, երեխան ինքն էության մեջ, արդեն հիմք ընդունելով այս ազգության խնդիրը ծնողների, փաստորեն, նրա համար սահմանվել է իր ազգությունը։

Ինչ վերաբերում է, փաստորեն, ծնվելու պահին ազգության ամրագրմանը, այստեղ, բնական է, եթե ամրագրվի, որ պետք է երեխայի ազգությունը ամրագրվի հենց ծնվելու պահին, այստեղ առաջանում են, իհարկե, բազմաթիվ խնդիրներ, որոնք, անկեղծ ասած, առաջարկության չընդունումը հենց դրանով է պայմանավորված եղել։ Նախ՝ մինչ օրս նման բան չի եղել, եւ բացի դրանից, որ եթե ծնողները ունենում են տարբեր ազգություններ, եւ նրանց միջեւ առկա են վեճեր, ապա ո՞վ պետք է լինի այն մարմինը, որը որոշի տվյալ երեխայի ազգությունը։ Հատկապես, եթե ծնողները ունեն տարբեր ազգոություններ։ Եթե քաղաքացիության խնդիրներն ավելի հեշտ լուծելի են, եւ դրա հետ կապված առկա է հողի կամ արյան սկզբունքը, որով որոշվում է երեխայի քաղաքացիության խնդիրը, ապա ազգության խնդիրը տարբեր ծնողների պարագայում կարող է առաջացնել բարդություններ։ Եվ հենց սրանով է պայմանավորված, եւ որ ծնվելու պահին, այսպես, միանշանակ, իմպերատիվ որեւէ ազգություն երեխայի համար չի նշվել։

Ներքին հակասությունը վերացնելու առումով որեւէ խնդիր չկա, ազգությունը իմպերատիվ գրելու հետ կապված որեւէ խնդիր չկա, իսկ դա նշանակում է, որ 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ դրույթը միանշանակ ընդունում ենք, որ պետք է հանվի։ Այդ առաջարկությունը եղել է նաեւ պրն Պետրոսյանի կողմից, պրն Մարգարյանի կողմից եղել է այդ առաջարկությունը, իսկ ինչ վերաբերում է 1-ին խնդրի հետ կապված, այստեղ, կարծում ենք, եթե ծնողների պարագայում իմպերատիվ նշվի եւ երեխան ունենա իր ծննդյան վկայականը, գուցե, սրանով արդեն ամբողջական հարցը կարգավորում կստանա, որովհետեւ տվյալ պարագայում, այդ ազգության նշումը ծնողների կախված չի լինելու ծնողների կամքից։

Նու, թերեւս, երեւի թե սա, որովհետեւ մնացած հարցերում մենք ընդհանուր, այսպես ասեմ, հայտարարի եկել էինք, եւ ինչ վերաբերում է խնդրին իմ նշած համատեքստում, ուղղակի նաեւ 2-րդ հարցի հետ պայմանավորված, այդ մտահոգությունները եւ այլն, այս շտկումները, փաստորեն, կարվեն եւ վաղն առավոտյան արդեն, երբ, կարծում եմ, տեղի կունենա 2-րդ ընթերցում, արդեն պատրաստի նախագիծն այս հնչածը նաեւ ներառած, այսինքն՝ 23-րդ հոդվածի 2-րդ այդ դիսպոզիտիվ նորմը կհանվի եւ կմնա իմպերատիվ շարադրանք, որ ծնողների ազգությունը պետք է նշվի անկախ վերջիններիս ցանկությունից։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Ներեցեք, եկեք մի բան ճշտենք։ Ոչ, ես ձեզ ձայն տալու իրավունք այլեւս չունեմ, բայց օգտվում եմ իմ այստեղ նստելու հանգամանքից, որպեսզի հասկանամ մի բան։

Եթե «ա» կետի մեջ ազգությունը չի ավելանում, ինչին դուք դեմ եք, իսկ «բ» կետից դուրս է գալիս ...

Տ.ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

-«բ» -ից չենք հանում, պրն Հովհաննիսյան, «բ»-ում մնում է եւ՛ ազգություն, ինչպես որ կա, «ա»-ից «ե» կետերը մնում են նույնը։ Ներքեւի նոր դրույթը ծննդյան վկայականի մեջ ծնողների ցանկությամբ ծնողների ազգության մասին կատարվում է գրառում։ Այս ցանկություն պարունակող դրույթը հանվում է, եւ ստացվում է, որ երեխայի պարագայում գրվում է անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան վայր, եւ ժամանակ, ծնողների պարագայում՝ ծնողների ծնողներից մեկի անուն, ազգանուն, հայրանուն եւ ազգություն։ Այսինքն՝ իմպերատիվը դառնում է ...

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Բայց, իսկապես, ասեմ ձեզ, անկեղծ ասեմ, հիմա, իհարկե, ամեն ինչ կորոշվի քվեարկությամբ, բայց պրն Մարգարյանի մտահոգությունը մնում է ուժի մեջ, որովհետեւ անձնագրի մեջ, երբ երեխան լրացավ 16 տարեկան, նրա ազգությունը չի գրվելու, հետո գալու է մի պահ, որ նա դառնա ծնող, ու պարզ չի՞ լինելու, վերջապես ի՞նչ գրեն իրենց երեխայի վկայականի մեջ։ Այստեղ ինչ-որ, ինչ-որ ...

Տ.ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

-Բայց եթե կա վեճ, ո՞ւմը գրեն։ Եթե մայրը ռուս է, հայրը, ասենք, հայ, հիմա վեճ կա, թե երեխաները ...

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Ռուս է, ուրեմն, այդ երեխան։

Տ.ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

-Հա, հո այդպես չէ։ Դե, երեխան անձնագիր ստանալուց արդեն երեխան ինքը որոշում է ...

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Լավ, եկեք, լավ, լավ, եկեք, այնուամենայնիվ, պարզենք։ Փաստորեն, ինչ վերաբերում է երեխային, երեխային ազգություն ամրագրելուն, դուք որպես հեղինակ դեմ եք։

Տ.ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

-Այո, երեխայի ազգության հետ կապված, համենայն դեպս, այստեղ խնդիր կա էլի, անհասկանալի է, թե ինչպե՞ս կարելի է այդ հարցը կարգավորել, իսկ ինչ վերաբերում է ծնողի ազգությանը, դա միանշանակ ամրագրվի ծննդյան վկայականում։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շատ լավ, հեղինակի տեսակետը պարզ է։ Դուք ավարտեցի՞ք ձեր եզրափակիչ ելույթը։ Շատ լավ։ Շնորհակալություն, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Պատգամավորներն արդեն պետք է կողմնորոշվեն։ Այստեղ այլեւս վիճելու իմաստ չկա։ Քվեարկությամբ պատգամավորները կարտահայտեն իրենց տեսակետը։ Այս հարցի քննարկումն ավարտված է։ Անցնում ենք հաջորդ հարցին։

Քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Ինչպես միշտ, ամբիոնի մոտ է հրավիրվում հիմնական զեկուցողը, արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը։

Տ.ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

-Շնորհակալություն։ Մեծարգո պրն փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, թույլ տվեք ներկայացնել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Օրենքի նախագիծը, էության մեջ, փոքրիկ նախագիծ է, վերաբերում է միայն այդ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում փոփոխություն կատարելուն, որտեղ էության մեջ խնդիրը վերաբերում է ժամկետի կարճացման։ Այսինքն՝ սահմանված է մեկ ամսյա ժամկետ, ինչն առաջարկվում է փոխարինել եւ սարքել երկշաբաթյա ժամկետ։

Մասնավորապես, 19-րդ հոդվածը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի, վերաբերում է միջնորդ դատարանի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթիկ տալուն։

Նու, ինչպես գիտենք, միջնորդ դատարանների վճիռների հիման վրա կան նաեւ դրա հետ կապված, միջազգային պայմանագրեր, միջնորդ դատարանների վճիռների ի կատար ածման հետ, որին նաեւ Հայաստանը միացել է։ Փաստորեն, նախատեսվում է, որ միջնորդ դատարանի վճիռները կատարելու համար դատարանի կողմից եւս պետք է տրվեն կատարողական թերթեր։

Համաձայն գործող օրենքի 2-րդ կետի «Կատարողական թերթ տալու մասին» պահանջատիրոջ դիմումը դատարանը քննում է այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում։

Նու, այստեղ հիմնականում այս մեկ ամսյա ժամկետն է, որ առաջարկվում է, փաստորեն, սարքել երկշաբաթյա ժամկետ, ինչը ունի էական նշանակություն, հատկապես պարտատիրոջ շահերի պաշտպանության տեսանկյունից, որովհետեւ մեկամսյա ժամկետը նախ՝ բավականին մեծ ժամկետ է, բացի դրանից մեկամսյա ժամկետը չի համապատասխանում միջազգային արբիտրաժային պրակտիկային եւ դրա հիման վրա իյունցենտրալի այդ մշակած կանոնակարգերին ու նորմերին, որոնցով, համենայն դեպս, եթե առկա է վճիռ, այդ վճիռների հիման վրա կատարողական թերթեր տալը պետք է իրականացվի կարճ ժամկետներում, հակառակ պարագայում, այդ ժամկետի բավականին երկար ձգձգումը կարող է առաջացնել ոչ անհարկի ձգձգում, այլեւ պարտատիրոջ իրավունքների եւ օրինական շահերի ոտնահարում։

Հիմնականում խնդիրը վերաբերում է դրան։ Փաստորեն այս մեկ առաջարկությունն է կատարվում, եւ ներկայացնելով առաջարկությունը, խնդրում եմ ԱԺ-ին քննարկել եւ օրինագիծն ընդունել 1-ին ընթերցմամբ։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հիմա, խնդրում եմ պատգամավորներին, հիմնական զեկուցողին հարցերով դիմելու համար՝ հերթագրվել։ Հերթագրում։ Հերթագրվել է մեկ պատգամավոր։ Հովհաննես Մարգարյան։ Խնդրեմ։

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Մուկուչյան, ելնելով կարեւորությունից, հարցը ի՞նչ տեսակետի եք, ձեր մասնավոր կարծիքը, կարելի՞ է մեկ շաբաթ դարձնել, մեկշաբաթյա ժամկետում։

Տ.ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

-Այդ տարբերակը քննարկվել է, ուղղակի անհնար է։ Իրականում, զուտ մեխանիկական աշխատանքը եւ այլն, որը կատարվում է սրա հետ կապված, կարող է ժամկետի խախտում տեղի ունենալ, եւ քանի որ խնդիրը վերաբերում է միջնորդ դատարանի վճիռներին, սա կարող է ավելի բացասական հետեւանքներ առաջացնել։ Երկշաբաթյա ժամկետը հաշվի ենք առել նաեւ Հայաստանում, ասենք, դատարանների գտնվելու վայրը։ Դրանով պայմանավորված, ասենք, տարբեր իրավական օգնության պայմանագրերով գերատեսչությունների միջեւ ակտերի փոխանակումներ եւ այլն, այս ամեն ինչը հաշվի առնելով, ամենաօպտիմալն է եւ նաեւ միջազգային պրակտիկայում է այս երկշաբաթյա ժամկետը։

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Շնորհակալ եմ։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հարցերն ավարտվեցին, դուք կարող եք նստել, պրն Մուկուչյան։

Տ.ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

-Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Մենք անցնում ենք հարակից զեկույցին, որը կներկայացնի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը։ Դուք էլ այսօր բավականին տանջվեցիք, պրն Պետրոսյան։

Ռ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Ես նոր միայն հասկացա, թե ինչու էր իմ սիրելի գործընկեր Գագիկ Մինասյանը խնդրում հեղինակներին, նախաձեռնողներին, որ մեկ ամսով, երեք ամսով, երկու ամսով մի շարք օրինագծեր հետաձգվեն, որպեսզի ինքը հանգիստ պայմաններում կարողանա նախապատրաստվել եւ ներկայացնել դրանք։ Հաջորդ նստաշրջանին ես էլ այդպես կվարվեմ։ Ինչեւիցե։

«Միջնորդ դատարանի մասին» ՀՀ օրենքից պարզ է, որ այդ օրենքը նախատեսում է հետեւյալ կարգը, որ միջնորդ դատարանը երբ կայացնում է վճիռ, այն չի կարող կատարվել։ Կատարման համար, կատարողական թերթ ստանալու համար ներկայացվում է այդ վճիռը ընդհանուր իրավասության դատարաններին, որպեսզի նա ստուգի այդ ընդհանուր իրավասության դատարանը այդ վճռի օրինականությունն ու հիմնավորվածությունը, նոր միայն տա կատարողական թերթ։ Դրա համար սահմանված էր մեկամսյա ժամկետ։

Այժմ ելնելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից, իրավական փոխօգնության, օտարերկրյա վճիռների ճանաչման եւ կատարման, եւ այլ սկզբունքներից, առաջարկվել է երկշաբաթյա ժամկետ մեկ ամսվա փոխարեն, որը գտնում եմ, որ հնարավոր է։ Հանձնաժողովը գտնում է, որ կարելի է այդ «մեկամսյա» բառը դարձնել երկշաբաթյա, ավելի արագացնելու քաղաքացիական շրջանառությունը, ավելի արագացնելու միջնորդ դատարանների վճիռների օրինականության եւ հիմնավորվածության ստուգումը, եւ դրա համար պարտադիր չէ, որ մեկ ամիս տեւի, այլ երկու շաբաթում դա հնարավոր է անել։

Ելնելով նաեւ այդ միջազգային պահանջներից, այստեղ նշված է հիմնավորման մեջ, որ դա այսպիսի առաջարկ արել է Հանրապետության Նախագահը, ըստ երեւույթին միջազգային Հայաստանի պարտավորությունների իրականացման տեսանկյունով, եւ Կառավարությունը գտել է, որ կարելի է այդ փոփոխությունը կատարել։ Հանձնաժողովը նույնպես գտնում է, որ երկու շաբաթը բավարար է միջնորդ դատարանների վճիռների եւ որոշումների հիման վրա կատարողական թերթ տալը։ Այսինքն՝ մենք սա կարող ենք ընդունել 1-ին ընթերցմամբ, քվեարկությունների ժամին։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Պետրոսյան։ Մեկ րոպե։ Ես հասկանում եմ, որ դուք հոգնած եք, բայց կանոնակարգը թելադրում է ձեզ դեռեւս դիմանալ։ Եթե հարակից զեկուցողին կան հարցեր, խնդրում եմ հարցեր տալու համար՝ հերթագրվել։ Հերթագրում։ Խնայեցին ձեզ ձեր գործընկերները։ Դուք կարող եք նստել։

Ռ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

- Այս հարցի շուրջ մենք անցնում ենք մտքերի փոխանակության։ Ելույթների համար պատգամավնորներին խնդրում եմ՝ հերթագրվել։ Հերթագրում։ Ելույթներ չկան։ Պրն Պետրոսյան, ինչ-որ բան ավելացնել եզրափակիչ ելույթի մեջ։ Ոչ։ Դուք, պրն Մուկուչյան։ Դուք էլ չունեք։ Շատ լավ։ Հարցի քննարկումն ավարտվեց, քվեարկությունը տեղի կունենա ավելի ուշ, վաղն առավոտյան։ Հիմա անցնում ենք հաջորդ հարցին։

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեակատարողական օրենսգիրք եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող է ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների վարչության պետ Նիկոլայ Առուստամյանը։ Խնդրեմ, պրն Առուստամյան, ամբիոնի մոտ։ Ես հիշեցնեմ խորհրդարանին, որ այս հարցը մենք նույնպես քննում ենք հատուկ կարգով, եւ պրն Առուստամյանը իր հիմնական զեկույցի համար ունի 40 րոպե, իսկ հարակից զեկուցողը՝ 35 րոպե, հարցեր տալու համար՝ 6 րոպե է սահմանված, երկու անգամ ավելին, այսինքն՝ իսկ ելույթների համար մինչեւ 15 րոպե։ Խնդրեմ, պրն Առուստամյան, դուք կարող եք սկսել։

Ն.ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

-Շնորհակալություն։ Մեծարգո ԱԺ նախագահ եւ փոխնախագահ, հարգարժան պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագիծը, որի ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Դրանցից 1-ինը թերեւս, եւ ամենակարեւորը, դա ՀՀ-ում դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումներն են, որը դեռեւս շարունակվում է, եւ պայմանականորեն, ինչպես ասում եք, գտնվում է 2-րդ փուլում։ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի ընդունմամբ եւս մեկ էական քայլ կկատարվի այդ բարեփոխումներում։

Ինչպես գիտեք, ներկայումս գործում է 1971 թվականի հուլիսի 7-ին ընդունված Ուղղիչ աշխատանքային օրենսգիրքն այս ոլորտը կանոնակարգով, եւ որը ուժը կորցրած կճանաչվի հենց տվյալ նախագծի ընդունմամբ։ Ուժը կորցրած կճանաչվի նաեւ 1971 թվականի հուլիսի 7-ին ընդունված տվյալ օրենսդրական ակտը։ Այսինքն՝ «Ուղղիչ աշխատանքային օրենսգիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքը։

Քրեակատարողական օրենսգրքի ընդունման կապակցությամբ որպես ոչ պակաս կարեւոր հանգամանք, կցանկանայի նշել նաեւ ՀՀ նոր Քրեական օրենսգրքի ընդունման հանգամանքը, որը, ինչպես գիտեք, գործողության մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ից։ Դրանով սկզբունքորեն նախատեսված են նոր մի շարք պատժատեսակներ, մասնավորապես, տուգանք, հանրային աշխատանքներ, հատուկ կա՛մ զինվորական կոչումի կարգից, կա՛մ աստիճանից, կա՛մ որակավորման դասից զրկելը, կալանքը եւ իհարկե, ցմահ ազատազրկումը։ Վերջինիս տրամաբանական շարունակությունը, այսինքն՝ Քրեական օրենսգրքի ընդունման շարունակությունը տրամաբանական կլինեն, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի ընդունմամբ կկանոնակարգվեն վերը թվարկված պատիժների ընդհանրապես կատարման կարգը եւ պայմանները, որը, դեռեւս առ այսօր կարգավորված, կանոնակարգված չեն։ Եվ դա հիմնականում, մասնավորապես, բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 71-րդ հոդվածից։

Ինչպես գիտեք, դեռեւս 2001 թվականի հոկտեմբերի 1-ից, այն ժամանակ ինչպես կոչվում էր ՀՀ ՆԳ նախարարության համակարգից պատժային համակարգ փոխանցվել է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանը։ Դրանով, իհարկե, սկիզբ է դրվել Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններից մեկի՝ քրեակատարողական ծառայության ապառազմականացման հարցի լուծմանը, ինչը իր հերթին համակարգի առջեւ դրել է նոր խնդիրներ. պատժի կրման, պայմանների արդիականացում, դատապարտյալների սոցիալ-հոգեբանական աշխատանքների իրականացում, ազատազրկման հետ կապ չունեցող նոր պատժատեսակների առավել լայն կիրառություն։

Վերոհիշյալ խնդիրները իրենց կարգավորումն են գտել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծում, եւ հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ նախագծի վերջնական եւ նախնական տարբերակը ենթարկվել են Եվրոպայի խորհրդի կողմից կրկնակի փորձաքննության, եւ իհարկե, որի արդյունքում ստացվել է դրական եզրակացություն։

Եթե համառոտ ներկայացնենք օրենսգրքի կարգավորմանը, առարկայի շրջանակներում տեղ գտած հարաբերությունները, ապա կարող ենք ասել, որ օրենսգիրքը սահմանում է Քրեակատարողական օրենսդրության սկզբունքները, դրանք իրենց մանրամասնություններով։ 2-րդ՝ դատապարտյալի իրավական վիճակը, նրա իրավունքներն ու պարտականությունները, դրանց առանձնահատկությունները, 3-րդ՝ դատապարտյալի ուղղման միջոցները, նրանց նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու կարգը։ Հաջորդը՝ պատիժներ կատարող մարմինների եւ հիմնարկների նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելու կարգը, ընդհանրապես պատիժը կրելու պայմանները, ուղղիչ հիմնարկների տեսակները եւ դրանց առանձնահատկությունները, պատժից ազատելու կարգը, եւ ի վերջո, պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը։

Նախագծում քրեական պատիժներն իրենց բնույթի, հիմք ընդունելով դրանց բնույթը, դասակարգված է եւ ներկայացված առանձին բաժիններով։ Ազատությունից զրկելու հետ կապված պատժատեսակներ, մասնավորապես, տուգանք որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, հանրային աշխատանքները, հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, կամ որակավորման դասից զրկելը, գույքի բռնագրավումը եւ իհարկե, ուղղիչ աշխատանքները։

2-րդ, այսպես ասած, բաժինը, որը իր բնույթով առանձնանում է, դա ազատությունից զրկելու հետ կապ ...ունեցող պատիժներն են, մասնավորապես, կարգապահական գումարտակում պահելը, կալանքը, որոշակի ժամկետով ազատազրկումը, եւ ի վերջո, ցմահ ազատազրկումը։

Եվ ասեմ, որ նախագծի մշակման ընթացքում հաշվի են առնվել ոլորտում գործող միջազգային չափորոշիչները։ Ուսումնասիրվել են եւ՛ պրակտիկ աշխատողների, եւ՛ տեսաբանների եզակացությունները, եւ՛ նրանց կատարած առաջարկությունները։

Եվրոպական մի շարք երկրներում կատարվել են այցելություններ։ Ուսումնասիրվել են ինչպես դրական, այնպես էլ բացասական փորձերը, որպեսզի ընդհանրապես խուսափենք բացասական քայլեր կատարելուց։

Հարգելի պատգամավորներ, այժմ կցանկանայի ավելի մանրամասնել օրենսգրքի կարգավորման առարկան, այն հարաբերությունները, որոնք նախատեսված են կարգավորել այս օրենսգրքի ընդունմամբ։ Մասնավորապես, օրենսգրքի նախագծով նախատեսվում է, թե ՀՀ քրեակատարողական օրենսգրքի խնդիրները որոնք են։ Դրանք են՝ սահմանել քրեական պատիժներ կատարելու, պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու եւ կրելու կարգն ու պայմանները, ապահովվել դատապարտյալի ուղղման համար անհրաժեշտ պայմաններ, պաշտպանել նրա իրավունքներն ու ազատությունները։

Տվյալ պարագայում օրենսգրքի խնդիրները իրականացնելու նպատակով, օրենսգիրքն ամրագրում է պատժի կատարման հիմքը, քրեակատարողական օրենսդրության սկզբունքները, դատապարտյալի իրավական վիճակը, նրա իրավունքներն ու ազատություններն ապահովելու երաշխիքները, պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու, առանձին պատժատեսակներ կատարելու եւ դրանց հետ հարաբերակցության մեջ գտնվող այլ հարաբերություններ։

Ինչպիսի՞նն է օրենսգրքով ամրագրված դատապարտյալի իրավական վիճակը։ Օրենսգրքի նախագիծն ամրագրում է, որ ՀՀ-ն պաշտպանում է դատապարտյալի իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը, պատիժը կատարելու ընթացքում, եւ ապահովում դատապարտյալի նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցների օրինականությունը։

Պատիժը կատարելու ընթացքում, դատապարտյալի իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել դատարանի դատավճռով, տվյալ օրենսգրքով եւ ընդհանրապես, այլ օրենքներով։ Այսինքն՝ հենքը դրված է այն, որ դատապարտյալի իրավունքների սահմանափակում միմիայն դատավճռով եւ օրենքով։

Օրենսգիրքն ամրագրում է նաեւ այն հանգամանքը, որ դատապարտյալը իր քաղաքացիական պարտականությունների կատարումից կարող է ընդհանրապես ազատվել, եւ միայն օրենքով նախատեսված դեպքերում։

Իրավական վիճակի ամրագրման հետ առնչվող հարաբերություներում մասնավորեցված են նաեւ դատապարտյալի հիմնական իրավունքներն ու հիմնական առանձնահատկություները, որոնք կարող են տարբերակվել, տարբեր պատիժներ նշանակելու հետ կապված։ Այսինքն՝ տվյալ պարագայում, թե ի՞նչ պատիժ է նշանակված։ Այդ պատժի նշանակման հետ պայմանավորված էլ ֆիքսվում է նրա իրավունքների սահմանափակման աստիճանը, եւ իրավունքների տեսակները։

Որո՞նք են հիմնական իրավունքները։ Եթե չմանրամասնենք, ուղղակի թվարկենք, ապա դրանք են՝ մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալ իր իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների, դատարանի նշանակած պատժի կատարման կարգի եւ պայմանների, դրանց փոփոխությունների, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների, ինչպես նաեւ միջազգային համապատասխան փաստաթղթերի մասին։ Իրավունքներից՝ իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունք ունենալ, իր իրավունքների եւ ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմել պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմին, նրանց վերադաս մարմիններին՝ դատարանին, դատախազությանը, մարդու իրավունքների պաշտպանին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միավորումներին, զանգվածային լրատվության միջոցներին եւ այլն։ Իրավունքներից նշենք նաեւ առողջության պահպանման, սոցիալական ապահովության, իրավաբանական օգնություն ստանալու, անձնական անվտանգության ապահովման եւ մի շարք այլ իրավունքներ, որոնց թվարկումը երկար է, ձեր ժամանակը, համբերությունը չհատելու համար, ամբողջությամբ չթվարկենք։

Հիմնական պարտականություններից մասնավորեցնենք, որ դատապարտյալն ընդհանրապես պարտավոր է դրսեւորել օրինապահ վարքագիծ, կատարել եւ պահպանել պատիժը կամ հարկադրանքի այլ միջոցները կրելու կարգն ու պայմանները սահմանող իրավական ակտերի պահանջները, բարեկիրթ վերաբերմունք դրսեւորել պատիժները կատարող մարմինների, հիմնարկների ծառայողների եւ աշխատողների, այդ մարմիններ կամ հիմնարկներ այցելող անձանց, եւ մյուս դատապարտյալների նկատմամբ պահպանել անձնական եւ ընդհանուր հիգիենա, խնամքով վերաբերվել պատիժները կատարող հիմնարկների կամ մարմինների գույքին, եւ ընդհանրապես, կատարել պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի օրինական պահանջները։

Օրենսգիրքն ամրագրում է նաեւ պատժի նպատակներից մեկի, հիշեցման կարգով ասեմ, որ Քրեական օրենսգիրքն ամրագրել է պատժի երեք նպատակ։ Այն է՝ սոցիալական արդարության վերականգնում, դատապարտյալի ուղղում եւ նոր հանցագործությունների կանխում։ Օրենսգիրքն ամրագրել է այս երեք նպատակներից մեկի՝ դատապարտյալների ուղղման հանգամանքը եւս։ Եվ դատապարտյալների ուղղումը մարդու, հասարակության, համակեցության կանոնների եւ ավանդույթերի նկատմամբ, դատապարտյալի հարգալից վերաբերմունքի ձեւավորումը, ինչպես նաեւ վերջիններիս օրինապահ վարքագծի խթանումն է դատապարտյալի մոտ առողջ կենսակերպի ամրապնդման եւ զարգացման նպատակով։

Եվ իհարկե, ուղղման հիմնական միջոցների շարքում կարելի է թվարկել պատիժները կատարելու եւ կրելու սահմանված կարգն ու պայմանները, դատապարտյալի հետ տարվող սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքները, դատապարտյալի աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական եւ համանման այլ զբաղվածությունը, ինչպես նաեւ հասարակական ներգործությունը։

Հիմնական տարբերությունն այսօրվա իրավիճակի հետ համեմատ, դա այն է, որ ուղղման միջոցներն առ այսօր դիտվում են որպես պարտադիր բնույթ, իսկ օրենսգրքի նախագծով մենք նախատեսել ենք, որ դրանք պարտադիր կարող են լինել միմիայն անչափահասների համար, ինչո՞ւ, որովհետեւ օրենսգրքով ամրագրել այնպիսի նորմեր, որոնք կարող են ֆորմալ բնույթ կրել, մենք ձեռնպահ ենք մնացել նման դեպքերից։ Մասնավորապես, ձեզ օրինակ բերեմ։ Աշխատանքային զբաղվածության հանգամանքը։ Այսօր Ուղղիչ աշխատանքային օրենսգիրքն ամրագրել է, որ դատապարտյալի աշխատանքային զբաղվածությունը պարտադիր է, բայց բոլորիս հասկանալի պատճառներով, երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով նաեւ, քրեակատարողական հիմնարկներում աշխատանքային զբաղվածությամբ 100 %-ով ապահովելը, դա կարելի է ասել, որ անիրականալի է այսօր։

Ինչպիսի՞ վերահսկողության եւ հսկողության մեխանիզմներ են ամրագրված պատիժները կատարող մարմինների եւ հիմնարկների նկատմամբ։ Հիմնականում չորս տեսակ է օրենսգրքի նախագիծն ամրագրում։ Դրանք են՝ դատախազական հսկողությունը, դատական հսկողությունը, գերատեսչական վերահսկողությունը եւ, իհարկե, հասարակական վերահսկողությունը։ Մասնավորապես, հասարակական վերահսկողությունը բոլորովին նոր երեւույթ է այս համակարգի համար, նոր զարգացման փուլում է, կայացման եւ զարգացման փուլում է այս հասարակական վերահսկողության տեսակը, եւ ինչպես եվրոպական մի շարք երկրներում, նաեւ Հայաստանում մենք հուսով ենք, որ այս տեսակը իր զարգացումը կունենա, եւ նույնիսկ կարող է փոխարինել այլ տեսակների նաեւ, ինչպես նաեւ Եվրոպայի խորհուրդը մեծ տեղիք է տալիս այս հանգամանքին, եւ ողջունում է այս տեսակի, հսկողության տեսակի խթանումը։

Օրենսգրքի նախագծին ծանոթանալիս, նկատած կլինեք, որ օրենսգրքի հատուկ մասում, 2-րդ, ընդհանուր մաս եւ հատուկ մաս։ Հատուկ մասում նախատեսված են պատժի այն տեսակների կատարման կարգն ու պայմանները, որոնք նախատեսված են քրեական օրենսգրքով։ Մասնավորապես, դրանցից 1-ինը՝ տուգանք պատժատեսակի կատարումը։

Տուգանքը որպես հիմնական պատիժ կատարում է տուգանքի դատապարտված անձի բնակության վայրի քրեակատարողական ծառայության տվյալ տարածքային մարմինը։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ տուգանք կարող է նշանակվել դատարանի կողմից ինչպես լրացուցիչ, այնպես էլ որպես հիմնական պատիժ, նաեւ տարբերակված է, թե որ մարմինը կամ հիմնարկը պետք է կատարի։ եվ օրենսգրքի նախագիծն ամրագրում է այդ հանգամանքը, եւ մասնավորեցնելով խոսքս, նշեմ, որ տուգանքը որպես լրացուցիչ պատիժ, կատարում է հիմնական պատիժը կատարող հիմնարկը, իսկ որպես հիմնական պատիժ՝ քրեակատարողական տեսչությունը։

Օրենսգիրքն ամրագրել է մեկ նորույթ։ Դա տուգանքի հարկադիր կատարման կարգն է, եւ տուգանքը վճարելու անհնարինության եւ դրա հետեւանքների հանգամանքն է։ Մասնավորեցնելով ասեմ, որ տուգանքից հրաժարվելու դեպքում, կատարվում է հարկադիր կատարման կարգով, ինչպես նախատեսվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։ Իսկ տուգանքը չվճարելու անհնարինության դեպքում, իհարկե, այսօր մեր իրականությունը նկատի ունենալով, նման դեպքերը շատ հաճախ կարող են հանդիպել, դատարանը եւ նման վճարումը կարող է հետաձգվել, կա՛մ տարաժամկետվել, կա՛մ փոխարինվել այլ պատժատեսակով։ Մասնավորապես, դատարանը դատապարտյալի կամ քրեակատարողական տեսչության միջնորդությամբ, հաշվի առնելով դատապարտյալի կողմից տուգանքն անհապաղ, կամ ամբողջությամբ վճարելու անհնարինության հանգամանքը, նրա համար վճարման ժամկետ է սահմանում առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Եվ իհարկե, հետաձգելու կամ տարաժամկետելու միջնորդությամբ դատարան դիմելիս դատապարտյալը պետք է հիմնավորի տուգանքը վճարելու անհնարինության հանգամանքը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում ներկայացնի համապատասխան տեղեկատվություն կա՛մ փաստաթղթեր, կա՛մ պարզաբանումներ, իսկ եթե ընդհանրապես, տուգանքի վճարումն ընդհանրապես անհնար է կատարել, թե՛ կամավորության, թե՛ հարկադիր կարգով, ապա օրենքն ամրագրում է այն հանգամանքը, որ տուգանքի վճարելու անհնարինության դեպքում այն փոխարինվում է հանրային աշխատանքներով։ Թե ի՞նչ է հանրային աշխատանքները, փոքր-ինչ կանդրադառնանք դրանց։

Նշեմ, որ օրենսգրքի նախնական տարբերակներում ամրագրված էր նաեւ այն հանգամանքը, որ տուգանքը չվճարելու կամ անհնար լինելու դեպքում, կարող էր այն փոխարինվել այլ պատժատեսակներով եւս։ Մասնավորապես, ասենք, կալանք պատժատեսակով , կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ։ Սակայն, Եվրախորհրդի փորձագետների առաջարկով մենք սա դուրս բերեցինք նախագծից ինչո՞ւ, որովհետեւ դա կդիտվեր հարված աղքատության դեմ։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Ներողություն, ես ստիպված եմ ձեզ ընդհատել, պրն Առուստամյան, մեզ մոտ հիմա ընդմիջում է սկսվում։ Նիստը կշարունակվի կես ժամից հետո։

Ն.ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

-Բարի։


Ժամը 1630

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ ներկայանալ դահլիճ, նիստը սկսվում է։ Ամբիոնի մոտ է հրավիրվում Նիկոլայ Առուստամյանը շարունակելու համար իր զեկույցը քննարկվող հարցի վերաբերյալ։

Ն.ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

-Շնորհակալություն։ Ընդմիջումից առաջ մենք կանգ էինք առել առանձին պատժատեսակների կատարման կարգի եւ պայմանների առանձնահատկությունների հարցերի շուրջ։ Իհարկե, տուգանքի վերաբերյալ խոսելուց հետո նպատակահարմար է հաջորդաբար անդրադառնալ առանձին պատիժների կատարման կարգին եւ պայմաններին։ Եվ, ինչպես ՀՀ քրեական օրենսգրքով է մատնանշված, հաջորդ պատժատեսակը դա հանրային աշխատանքների ձեւով պատիժը կրելու կարգն ու պայմաններն են։

Հանրային աշխատանքներ, որպես առանձին պատժատեսակ մինչեւ անցյալ տարվա դրությամբ նոր Քրեական օրենսգրքի ընդունումը, մեր իրականությունում առկա չի եղել։ Ի՞նչ է իրենից ներկայացնում հանրային աշխատանքները։ Դա աշխատանքից կամ դասերից դուրս տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավասու պետական մարմինների կողմից մատնանշված վայրերում անվարձահատույց աշխատանքն է։ Այս կապակցությամբ ասեմ, որ եվրոպական փորձը ցույց է տալիս, որ այս պատժատեսակը ինքն իրեն արդարացրել է, ժամանակի փորձաքննությունն անցել է, եւ առանձին առանձնահատկություններ այս պատժատեսակի առումով մեր երկրում ներդնելու կապակցությամբ, իհարկե, կարելի էր նկատել։

Առաջին առանձնահատկությունը դա այն է, որ եվրոպական տարբեր երկրներում այս պատժատեսակը նշանակվում է իմպերատիվության հիմունքներով, իսկ ՀՀ-ում մենք նպատակահարմար գտանք, որ ազգային առանձնահատկություններից ելնելով այն իմպերատիվության հիմունքներով ներդնել օրենսդրական ակտի մեջ նպատակահարմար չէ։ Ինչու՞, որովհետեւ ինքնին հանրային աշխատանքները հանդես են գալիս որպես այլընտրանքային պատժատեսակ։ Հիմնականում ազատությունից զրկելու ձեւով պատիժների կապակցությամբ։ Նույնիսկ տեսականորեն հնարավոր են դեպքեր, երբ հանրային պատժատեսակների դատապարտելիս տվյալ դատապարտվող անձը կգերադասի նույնիսկ ազատությունից զրկվելով պատիժ կրել, քան հանրային աշխատանքների ձեւով։

Նման առանձնահատկությունը նկատի ունենալով օրենսդրական ակտում ամրագրվեց այն հանգամանքը, որ հանրային աշխատանքներ պատիժը հիմնականում որոշակի ժամկետով ազատազրկման ձեւով պատժին է այլընտրանք հանդիսանում եւ մինչեւ մեկ տարի ազատազրկում նշանակելիս դատարանում կարող է հանդես գալ դատապարտվող անձը եւ ներկայացնել իր ցանկությունը, որ տվյալ պարագայում պատիժը ցանկանում է կրել հանրային աշխատանքների ձեւով։

Կան նաեւ առանձնահատկություններ այս պատժի կրումից խուսափելու դեպքերում։ Ի՞նչ է տեղի ունենում։ Հիմնականում դա այն է, որ նման դեպքերում միջնորդություն է ներկայացվում դատարան պատիժը կատարող մարմնի կողմից, որի հիման վրա դատարանը որոշում է տվյալ պատժատեսակը հանրային աշխատանքները փոխարինել այլ պատժատեսակով։ Մասնավորապես, որոշակի ժամկետով ազատազարկմամբ։

Հաջորդ պատժատեսակը հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելն է։ Այս պատժատեսակը մենք մինչեւ նոր Քրեական օրենսգրքի ընդունումը ունեցել ենք։ Գործնականում այն կիրառվել է։ Նշեմ, որ այս պատժի կատարման կարգի եւ պայմանների կապակցությամբ նորամուծություններ օրենսդրական ակտի նախագիծը չի նախատեսում։

Այս պատժատեսակի կատարումն ապահովում է հիմնական պատիժը կատարող մարմինը կամ հիմնարկը։ Եվ այն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում իրավասու պետական մարմնի համապատասխան կառույցը արդեն իսկ ձեռնամուխ է լինում այդ պատժի կատարմանն ուղղված աշխատանքներ կատարելու ուղղությամբ։

Հաջորդ պատժատեսակը՝ գույքի բռնագրավման կատարումը։ Մատնանշեմ, որ գույքի բռնագրավումը, որպես առանձին պատժատեսակ, Քրեական օրենսգրքում իր առանձնահատկություններն ունեցավ։ Մասնավորապես, դրանցից հատկանշական է այն, որ գույքի բռնագրավումը, որպես առանձին պատիժ, կարող է նշանակվել լրացուցիչ պատժի ձեւով եւ շահադիտական բնույթի հանցագործությունների դեպքում։

Օրենսգրքի նախագծով ամրագրվել է նաեւ այն հանգամանքը, որ որպես լրացուցիչ պատիժ լինելով հանդերձ գույքի բռնագրավումը կատարում է հիմնական պատիժը կատարող քրեակատարողական հիմնարկը եւ այն կատարվում է դատական ակտերի «Հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

Օրենսգրքի նախագծին կից ներկայացված է բռնագրավման ոչ ենթակա գույքի ցանկ, որտեղ մատնանշված գույքի նկատմամբ բռնագրավում դատարանի կողմից չի կարող նշանակվել։

Հաջորդ պատժատեսակը՝ ուղղիչ աշխատանքներ կատարելը։ Այս հարաբերությունները եւս առ այսօր մեր Ուղղիչ աշխատանքային օրենսգրքով կարգավորված են։ Առանձին պատիժ եղել է եւ նոր Քրեական օրենսգրքով եւս ամրագրվել է որպես առանձին պատիժ։ Այս կապակցությամբ եւս նորամուծություններ չեն դրվել Քրեակատարողական օրենսգրքում։

Հիշեցման կարգով նշեմ, որ Քրեական օրենսգրքով ամրագրված է այն, որ ուղղիչ աշխատանքները դա դատապարտյալի իր աշխտանքի վայրում պատիժ կրելն է 5-20 տոկոս աշխատավարձից դրամական բավարարումից պետբյուջե փոխանցվող գումարի ձեւով։ Այս պատժատեսակի կատարման ժամանակ դատապարտյալը պարտավոր է կատարել բոլոր պարտավորությունները եւ, մասնավորապես, բարեխղճորեն վերաբերվել իր աշխատանքին, կատարել պարտականությունները, ըստ անհրաժեշտության ներկայանալ պատիժը կատարող մարմին եւ ենթաօրենսդրական ակտերով կարգավորվող հարաբերություններում կատարել վերջինիս օրինական պահանջները։

Հաջորդ պատժատեսակը՝ կարգապահական գումարտակում պահելու ձեւով պատիժը կատարելը։ Նշեմ, որ կարգապահական գումարտակում պահելը կատարում է այդ նպատակով պաշտպանության բնագավառի կառավարման լիազոր մարմնի համակարգում գործող կարգապահական գումարտակը։ Կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողներին փոխադրելը, կարգապահական գումարտակ ընդունելը եւ ընդհանրապես այս հարաբերությունների հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում եւ կատարվում են որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց համար օրենքով սահմանված կարգով։

Կալանք պատժատեսակ։ Սա նորովի պատժատեսակ է Քրեական օրենսգրքով նախատեսված եւ հիմնականում նշանակվում է կարճ ժամկետով՝ մինչեւ երեք ամիս։ Այս կապակցությամբ եվրոպական երկրների փորձի ուսումնասիրությունը եւս մեզ հնարավորություն ընձեռեց, որպեսզի մենք խուսափենք որոշակի սխալներից այն առումով, որ ազգային առանձնահատկություններից ելնելով այս պատժատեսակի նշանակումը եւ կատարումը հետագայում կարող էր հանգեցնել որոշակի բարդությունների, եւ ընդհանրապես պատժի նպատակին չծառայեցներ։ Պատվի տեսակի առանձնահատկություններից մեկն այն է, որ իր կարճաժամկետության եւ խստության մեջ շոկային իրավիճակ է ստեղծում տվյալ դատապարտյալի համար, որպեսզի ծառայեցնի պատժի մյուս նպատակներին։ Մասնավորապես, պատժի կանխարգելմանը։

Մասնավորապես, օրենսգրքի նախագծի 57-րդ հոդվածով ամրագրվում է, որ պահվում են խիստ մեկուսացման պայմաններում եւ դատապարտյալի վրա տարածվում են որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող անձանց նկատմամբ այս օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պատիժը կրելու պայմանները։

Եվ հիմնական պատժատեսակը, որը մեր առօրյայում ավելի տեսանելի է որոշակի ժամկետով ազատազրկման ձեւով պատժի եւ նոր պատժատեսակի՝ ցմահ ազատազրկման ձեւով պատժի կրման կատարման կարգն ու պայմանները։ Այս կապակցությամբ նշենք, որ որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձը ուղղիչ հիմնարկներ է ընդունվում, պահվում բոլորովին նոր մեխանիզմներով եւ լուծումներով։ Շատ դատալացված հարցեր կան, որոնք ամբողջությամբ նորամուծություններ են, եւ օրենսգիրքն ամբողջությամբ դրանք կարգավորելով նաեւ հնարավորություն է ընձեռում, որպեսզի ենթաօրենսդրական ակտերով այդ հարաբերությունները ավելի մասնավորեցվեն եւ ավելի մանրամասն կարգավորվեն։

Օրենսգրքի նորամուծություններից մեկ այն է, որ ուղղիչ հիմնարկների տեսակները ամբողջությամբ նորովի են։ Այսօր գործող Ուղղիչ աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է տարբեր ռեժիմներ ուղղիչ հիմնարկների՝ գաղութ-բնակավայր, ընդհանուր ռեժիմ, ուժեղացված ռեժիմ, խիստ ռեժիմ, բանտային ռեժիմ եւ բանտային ռեժիմը իր երկու ենթառեժիմներով։ Իսկ օրենսգրքի նախագիծը նախատեսում է չորս տեսակ ընդհանրական վերցրած։ Դա բաց, կիսաբաց, կիսափակ եւ փակ տեսակներն են։ Հիմնական տարբերությունները ներկայացնելու նպատակով ասեմ, որ խորհրդային տարիներին այս ռեժիմների տարանջատման հիմքում դրված էին հետեւյալ հանգամանքները, թե ի՞նչ իրավունքների սահմանափակման աստիճան ունի տվյալ դատապարտյալը եւ ի՞նչ տեսակի, ի՞նչ ծանրության աստիճանի հանցագործություն է կատարել տվյալ անձը։ Այս հիմքով դատարանը որոշում էր հանցագործության ծանրության աստիճանը հիմք ընդունելով, որոշում էր, թե ինչպիսի՞ ռեժիմում պետք է պատիժը կրի տվյալ դատապարտյալը եւ դրանով իսկ պայմանավորված, թե ինչպիսի՞ ազատությունների եւ իրավունքների սահմանափակում պետք է կիրառվի տվյալ անձի նկատմամբ։ Իհարկե, եվրոպական փորձի ուսումնասիրություններից ելնելով, այսօր կարող ենք ասել, որ այս լուծումները ժամանակի պահանջներին չեն համապատասխանում։ Նամանավանդ իրավունքների սահմանափակումը եւ կատարված հանցագործության ծանրության աստիճանը բոլորովին որոշիչ դեր չեն կարող ունենալ տվյալ դատապարտյալի ուղղման աշխատանքներում կամ նրա դրսեւորած վարքագծի ձեւերի եւ փոփոխության առումով։

Մասնավորեցնելով խոսքս ասեմ, որ ներկայումս լուծումը գտնվել է եւ ամրագրված է օրենսգրքի նախագծով։ Դա այն է, որ հիմքում դրված է տվյալ դատապարտյալի վարքագիծը, թե ինչպիսի՞ վարքագիծ կարող է ունենալ։ Տեսականորեն կարող ենք ասել, որ հնարավոր է անձը կատարի առանձնապես ծանր հանցագործություն եւ իրեն ուղղիչ հիմնարկում դրսեւորի շատ դրականորեն։ Տեսականորեն կարող ենք ասել, որ անձը կարող է ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցագործություն կատարել եւ ուղղիչ հիմնարկում իրեն դրսեւորել ամենաբացասական ձեւով։ Այսինքն՝ հիմքում դրված է ոչ թե հանցագործության ծանրության աստիճանը, այլ նրա վարքագիծը։ Ելնելով վարքագծից դրական, թե բացասական է իրեն դրսեւորում, որոշվում է այդ ուղղիչ հիմնարկների տեսակներից մեկում նրա կրելու հարցը։

Բաց, կիսաբաց, կիսափակ եւ փակ։ Հարց կարող է առաջանալ՝ ինչո՞վ են այս տեսակները իրարից տարբերվում կամ նմանվում։ Հիմքում, լինելով անվտանգության ապահովման աստիճանը, մենք կարող ենք ասել, որ այստեղ սահմանափակվում են տեղաշարժման հնարավորությունները։ Այսինքն՝ տարբեր ուղղիչ հիմնարկներ ունենում են առանձին տարբերակված մեղմ կամ թույլ անվտանգության ապահովման մեխանիզմներ, հնարավորություններ եւ դրանց ամբողջականությամբ վերցրած անվտանգության տարբեր աստիճաններ։

Օրենսգրքի նախագիծը կարգավորել են նաեւ ընդհանրապես պատժից ազատելու հիմքերը, դրանց առանձնահատկությունները, տրվել դրանց այդ իրավունքից օգտվելու իրավունքի իրացման առանձնահատկությունները։ Մասնավորապես, օրենսգրքով ամրագրվել է, որ պատժից ազատելու հիմքերն են դատարանի դատավճռով նշանակված պատիժն ամբողջությամբ կրելը, դատարանի դատավճռի բեկանումը գործի վարույթի կարճմամբ, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը, ներումը կամ համաներումը, պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունը եւ արտակարգ հանգամանքները, որոնց հիմքերը ամրագրված են ՀՀ քրեական օրենսգրքով։

Այսքանը Քրեակատարողական օրենսգրքի բովանդակության վերաբերյալ։ Ես հարկ եմ համարում նաեւ նշել, որ պետաիրավական հանձնաժողովում քննարկման ժամանակ հարց էր առաջացել անարգել մուտքի կապակցությամբ։ Մասնավորապես, թե ովքե՞ր կարող են անարգել մուտք գործել ուղղիչ հիմնարկներ։ Խոսքը վերաբերում է օրենսգրքի 22-րդ հոդվածին եւ առաջարկի բովանդակությունը հետեւյալն էր, որ անարգել, այսինքն՝ առանց հատուկ թույլտվության, պատիժը կրելու վայրեր անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունենան նաեւ ԱԺ պատգամավորները։ Ինչպես հայտարարվել էր այն ժամանակ, այսօր եւս կուզեի մատնանշել, որ առաջարկն ամբողջությամբ ընդունելի էր։ Ուղղակի տեխնիկական պատճառներով չի ներառվել նախագծում։ Ես կխնդրեի այս հանգամանքը նկատի ունենալ եւ դրան անդրադարձ կատարվի, քվեարկության ժամանակ քվեարկել դա ներառված լինելու հանգամանքը նկատի ունենալով։

Քրեակատարողական օրենսգրքի ընդունման կապակցությամբ օրենսգրքի նախագծի հետ մեկտեղ ներկայացվել է «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակը Քրեական օրենսգրքի եւ ընդունվելիք Քրեակատարողական օրենսգրքի միջեւ ներդաշնակություն ապահովելու նպատակ է հետապնդում։ Քիչ առաջ ես մասնավորեցրեցի։ Խոսքը ուղղիչ հիմնարկների տեսակների եւ ռեժիմների նորամուծությունների մասին էր։ Այդ առումով նաեւ առաջին հիմնական փոփոխությունն այն է, որ տեսակները ոչ թե պետք է որոշվեն դատարանի կողմից, այլ, նկատի ունենալով նրանց դրսեւորած վարքը, պետք է պետական կառավարման իրավասու մարմնի կողմից կոլեգիալության հիման վրա, այսինքն՝ հանձնաժողովի կողմից որոշվի, թե տվյալ դատապարտյալը ո՞ր ուղղիչ հիմնարկում պետք է շարունակի իր պատիժը կրել։

Երկրորդ փոփոխությունը դա տուգանքի վճարումը հետաձգելու հետ կապված փոքրիկ տեխնիկական հարցի անճշտության վերացման նպատակ է հետապնդում, երբ մեկ օրենսգրքով նախատեսված է մեկ ժամկետ, մյուսով՝ այլ ժամկետ։ Այս անհամապատասխանությունը շտկելու նպատակ ունի։ Այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Առուստամյան։ Մենք լսեցինք հիմնական զեկուցողին։ Հարցեր տալու համար խնդրում եմ հերթագրվել։ Հերթագրում։ Երեք պատգամավորներ են հերթագրվել։ Հիշեցնեմ, որ հարցեր տալու համար հատուկ կարգով տրվում է վեց րոպե։ Հարցերը կտան Հրանուշ Հակոբյանը, Արտակ Առաքելյանը եւ Սամվել Նիկոյանը։ Խնդրեմ, տիկին Հակոբյան։

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Բավականին մշակված նախագիծ է կառավարությունը ներկայացրել։ Համենայն դեպս, կան մի շարք հարցեր։ Հոդված 12-ում, որտեղ սահմանված են դատապարտյալի հիմնական իրավունքները, 5-րդ կետում ասում եք սոցիալական ապահովություն։ Աշխատանքի՞ եք տեղավորում։ Ավելի պարզ, բացված պետք է գրեք, թե ի՞նչ եք ուզում սրա տակ հասկանան։

2-րդը. 8-ժամյա քնի մասին եք գրում։ Ի՞նչ է սա նշանակում։ Ապահովում է 8-ժամյա քունը։ Այսինքն՝ պետք է դրանց ինչ-որ մեկին էլ պահենք, որ քնին հսկողություն իրականացնի՞։

Հաջորդը. ասում եք ունի ստեղծագործական աշխատանքով զբաղվելու իրավունք։ Պետք է ապահովեք։ Ի՞նչ է, պետք է դաշնամուր տանեք, որ նոտաներ գրի։

Դրամական փոխհատուցումներ, ծանրոցներ ստանալու, ուղարկելու։ Բայց այս դրամական փոխհատուցումների մասին մի քանի տեղ խոսվում է, չափ չկա՞, անսահմանափա՞կ է։

13-րդ հոդվածում թվարկվում են դատապարտյալի պարտականությունները, բայց առաջին եւ գլխավոր ուղղիչ աշխատանքային մարմնի կանոնակարգը պահպանելը պետք է լինի, որի մասին լռում եք։

Հաջորդը վերաբերում է հասարակական վերահսկողությանը։ Ասում եք պետական կառավարման լիազորված մարմինն է սահմանում իրավասությունները։ Չե՞ք գտնում, որ գոնե սկզբունքային որոշ հարցեր պետք է օրենսգիրքը սահմանի, հետո մնացած պետական կառավարման լիազորված մարմինը։

Մի շարք հոդվածներում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ չկա դատարանի որոշում եւ իրենք պետք է իրականացնեն։ Հոդված 27-ն եմ կարդում. «Որոշակի պաշտոններ զբաղեցնող կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, որպես հիմնական պատիժ, կատարում է քրեակատարողական տեսչությունը»։ Կարծում եմ, դատարանի որոշման հիման վրա։ Մի քանի տեղ այնպես է ստացվում, որ իրենք են իրականացնում։ Չի երեւում սա։ Նույնը 36-րդ հոդվածի 1-ին մասում է։ ույնը 36-րդ հոդջվածումՆո

45-րդ հոդվածի 2-րդ կետում ասում եք, որ պահումներ չեն կատարում դատապարտյալի սոցիալական ապահովագրության նպաստներից։ Ի՞նչ նպաստ է ստանում դատապարտյալը բերդում նստած։

Հաջորդը. ասում եք աշխատավարձի յուրաքանչյուր ամսվա հաշվով պահումներ են կատարվում։ Ես կարծում եմ, օրենսդրությամբ սահմանված կարգով։ Չի հասկացվում։ Ի՞նչ պահումների մասին է խոսքը։

49-րդ հոդվում ասում եք կարգապահական գումարտակում գտվնող դատապարտյալի խնդիրների մասին։ Եթե դրամ ունենա, ապա բռնագրավվում է։ Վերջում էլ ասում եք մինչեւ 30-ապատիկի չափով գումարը կարող է ծախսել։ Ուրեմն, 2-րդ կետով բացառում եք գումարը, հայտնաբերելու դեպքում առգրավում եք։ 4-րդ կետով ասում եք գումարը կարող է 30-ապատիկի չափով ծախսել սննդի վրա։

Ես, ճիշտն ասած, ուզում եմ հասկանալ, թե ինչու՞ պետք է կառավարությունը սահմանի։ Այնտեղ շատ բաներ դուք տալիս եք ուղղիչ աշխատանքային մարմնին, պետական կառավարման մարմնին, բայց չգիտեմ ինչու դատապարտյալի անձնական հիգիենիայի կանոնները տալիս եք կառավարությանը։ Դա ի՞նչ կառավարության խնդիր է։

Նույնը վերաբերում է սննդին։ Մնացած բոլոր հարցերը սահմանում եք, բայց չափաբաժինը սահմանում է կառավարությունը։ Գուցե ֆինանսների հետ կապված խնդիր է։ Ասում եք, եթե մի քիչ էլ հիվանդ է, ապա հիվանդի չափաբաժինն էլ է կառավարությունը որոշում։ Ես չեմ կարծում, որ դա կառավարության որոշելիք խնդիրն է։ Կառավարությունը կարող է սահմանել օրվա մինիմումը սննդի համար, բայց ոչ թե չափաբաժինը։ Շնորհակալություն։

Ն.ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

-Շնորհակալություն։ Փորձեմ բոլոր հարցերին հերթականությամբ անդրադառնալ։ Նախ, նախագծի 12-րդ հոդվածի կապակցությամբ, մասնավորապես, 5-րդ ենթակետը։ Իհարկե, լինելով որպես քաղաքացի, ընդհանրապես նա ունի սոցիալական ապահովության իրավունք։ Այդ իրավունքից զրկելը, որոշակի իրավունքներից զրկելը, ինչպես ամրագրված է օրենքի նախագծում, միայն դատարանի վճռով կամ օրենքով կարող է լինել։ Լինելով քաղաքացի, ունի սոցիալական ապահովության իրավունք։ Դա է ամրագրված։ Ամրագրված է 8-ժամյա իրավունքը, սա դեկլարատիվ նորմ է, որպեսզի չխախտվի ընդհանրապես 8-ժամյա աշխատանքային իրավունք ունենալու սկզբունքը։ Քնելու իրավունքը եւս։ Ընդհանրապես հանգստի, ներառյալ բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության, կամ 8-ժամյա քնի իրավունքը։ Սրանք ընդհանրապես, կարելի է ասել, դեկլարատիվ բնույթ ունեն։ Այնուամենայնիվ, հարկ ենք համարել դրանց մեկ անգամ եւս անդրադառնալ՝ ամրագրելով օրենսգրքում։ Դա նշանակում է, որ որեւէ մեկը, լինելով քրեակատարողական ծառայության, տվյալ պարագայում ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչ, որեւէ մեկը իրավունք չունի խանգարել այդ 8 ժամվա ընթացքում դատապարտյալի քունը։

Ստեղծագործական աշխատանքով զբաղվելու հնարավորությունը։ Սրա բովանդակությունը կայանում է նրանում, որ տրված է այդ հնարավորությունը վարչակազմի կողմից օրենքով ամրագրված եւ դատապարտյալը գտնվելով ուղղիչ հիմնարկում կարող է ստեղծագործել։ Վարչակազմը իրավունք չունի որեւէ ձեւով սահմանափակել այս իրավունքի իրացմանը։ Այսինքն՝ նա կարող է գրել երգ կամ նկարել։

Դրամական փոխանցումների կապակցությամբ օրենքը ամրագրել է հետեւյալ սկզբունքը։ Դատապարտյալը կարող է ստանալ կամ փոխանցել դրամ առանց որեւէ սահմանափակման։ Բայց նա կարող է ծախսել սահմանված չափով։ Տվյալ պարագայում, օրինակ, ասենք, կարգապահական գումարտակում նա կարող է այնտեղ պատիժը կրելու ժամանակ ծախսել 30-ապատիկը նվազագույն աշխատավարձի, բայց իր անձնական հաշվում կարող է ունենալ ավելի մեծ չափի գումար։ Նրբությունը կայանում է դրանում։

13-րդ հոդվածի կապակցությամբ նրա հիմնական պարտավորություններից մեկը, որ պետք է լիներ, ներքին կարգ ու կանոնի պահպանումն է։ Դա 1-ին ենթակետով է ամրագրված, որ դրսեւորել օրինապահ վարքագիծ, կատարել եւ պահպանել պատիժը կամ հարկադրանքի այլ միջոցները կրելու կարգը եւ պայմանները սահմանող իրավական ակտերի պահանջները։ Իսկ այս կարգն ու պայմանները սահմանվում են ինչպես այս օրենսգրքով, այնպես էլ այս օրենսգրքից բխող ենթաօրենսդրական ակտերով։ Դա է, մասնավորապես, ուղղիչ հիմնարկի ներքին կանոնակարգը։

Վերահսկողության կապակցությամբ, մասնավորապես գերատեսչական վերահսկողությունը։ Այս կապակցությամբ, թերեւս, ես իմ խոսքում նշել էի, որ վերահսկողության չորս տեսակ է ամրագրված՝ դատական հսկողություն, հասարակական վերահսկողություն, գերատեսչական վերահսկողություն եւ դատախազական հսկողություն։ Գերատեսչական վերպահսկողությունը ինչպիսի՞ն պետք է լինի, առայժմ գործնականում մենք չունենք եւ այս ուղղությամբ կատարվում են ուսումնասիրություններ եւ այսօր իրականացվում է մի փոքրիկ լոկալ ծրագիր, որտեղ կառավարումը ուղղիչ հիմնարկում ինչպիսի՞ն պետք է լինի։ Այս աշխատանքները դեռ չեն ավարտվել, եւ մենք չենք կարող ասել, թե ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներ պետք է լինեն հենց ծառայության ներսում։ Այս կապակցությամբ, ուղղակի, հնարավորություն է ընձեռվել այս հարցը թողնել մոտ ապագայում լուծելու։ Առաջարկն ընդունելի է այն առումով, որ որոշակի սկզբունքներ կարելի է ամրագրել օրենքով, այնուհետեւ անդրադառնալ մանրամասնություններին։ Սա կքննարկենք։

Նախագծի 27-րդ հոդվածի կապակցությամբ նշեմ, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներից մեկն այն է, որ իրավական ակտերը մեկը մյուսին չպետք է կրկնեն։ Այս սկզբունքը նկատի ունենալով, այս օրենսգրքի նախագծում չենք զետեղել այն կարգավորումները, որոնք արդեն առկա են։ Մասնավորապես, Քրեական օրենսգրքում կան լուծումներ եւ դրանից ելնելով այդ կարգավորումները եւ լուծումները նույն ձեւով չենք ամրագրել այս օրենսգրքի նախագծում։ Այդ է պատճառը, որ շատ հարցեր կարգավորված են։ Ցանկացած պատժի հիմք դատական ակտն է։

Հաջորդը, դա թե ո՞վ է իրականացնում այս պատիժը։ Օրենսգրքի նախագծով ամրագրված է այն հանգամանքը, որ որպես լրացուցիչ պատիժ կատարում է հիմնական պատիժը կատարող մարմինը։ Դա 27-րդ հոդվածի 2-րդ մասն է, իսկ հիմնական պատիժը կրելուց հետո քրեակատարողական տեսչությունը։ Օրինակ, ուղղիչ հիմնարկի վարչակազմը ձեռնարկում է համապատասխան միջոցներ այս ուղղությամբ։ Իսկ հիմնական պատիժը կրելուց հետո պատժի կատարման շարունակությունը ապահովում են քրեակատարողական տեսչությունները, որոնք զբաղվում են ազատությունից չզրկելու հետ կապված պատիժների կատարմամբ։

Հաջորդ հարցը օրենսգրքի 36-րդ հոդվածի կապակցությամբ է։ Այս հարցի լուծումը եւս հստակ տրված է։ Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում դատավճռի պատճենն ուղարկվում է ուղղիչ հիմնարկ։

Հաջորդ հարցը 45-րդ հոդվածի կապակցությամբ է։ Դա դատապարտյալի աշխատավարձից պահումներ կատարելու կարգին է վերաբերում։ Աշխատած յուրաքանչյուր ամսվա հաշվարկով պահումները կատարվում են դատապարտյալի աշխատավարձից, աշխատավարձը վճարելիս՝ անկախ կատարողական փաստաթղթերով դրանց նկատմամբ հավակնությունների առկայությունից։ Այսինքն՝ եթե հանցագործության կատարման համար պատիժ նշանակելիս նաեւ քաղհայցի հարց է առաջանում եւ նա ունի հայցային պարտավորություններ մեկ այլ անձի նկատմամբ, ապա այս պարագայում այդ հանգամանքը առկա լինելու դեպքում եւս նրան տրվում է իր դրամական բավարարումը՝ անկախ հայցային պարտավորությունների կատարմանն ուղղված անհրաժեշտությունից կամ նման դեպքում կատարողական փաստաթղթերով դրանց նկատմամբ ունեցած դրամական կամ ֆինանսական հավակնություններից։

Մյուս հարցը։ Պահումներ չեն կատարվում դատապարտյալի սոցիալական ապահովագրության կամ այլ կարգով վճարվող նպաստներից։ Սա ընդամենը դեկլարատիվ բնույթ է կրում, որ ուղղակի այս հանգամանքը եւ որեւէ այլ կերպ չշահարկվի։

Հաջորդ հարցը օրենսգրքի 49-րդ հոդվածի կապակցությամբ է։ Հարցը վերաբերում է նրան, թե 30-ապատիկը նվազագույն աշխատավարձի կարող է ծախսել։ Անկախ չափից կարող է ստանալ եւ փոխանցել, բայց ծախսել կարգապահական գումարտակում կարող է միայն այդ չափով։

Վերջին հարցը։ Հիգիենիայի նվազագույնները եւ սննդի չափաբաժինների նվազագույնները։ Ինչպես նկատեցիք, հարցը վերաբերում է ֆինանսատնտեսական ոլորտներին եւ կառավարության որոշմամբ արդեն կարգավորված են այդ հարցերը։ Այստեղ ուղղակի ամրագրված է մեկ դատապարտյալին տրվող այդ չափաբաժինների նվազագույնները։ Այսքանը։ Կարծում եմ, որեւէ հարց բաց չթողնվեց։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Պարզաբանման կարիք կա՞, տիկին Հակոբյան։ Հաջորդ հարցը՝ Արտակ Առաքելյան։

Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆ

-Շնորհակալություն։ Ես էլ եմ կարեւորում այս օրենքի ընդունումը, որովհետեւ, եթե ստեղծվել է նոր համակարգ, ուրեմն, դա պետք է օրենքով կարգավորված լինի։ Իսկ հիմա հարցերը։

Ըստ խստության տեսակների հետ կապված դուք թվարկեցիք բաց, կիսաբաց, կիսափակ եւ փակ։ Ինձ համար այդ բացն ու փակը հասկանալի է, կիսաբացն ու կիսափակը հասկանալի չի։ Ընդհանրապես նախագիծը պետք է ավելի հայեցի լինի։ Ես ուզում եմ իմանալ ձեր կարծիքը եւ առաջարկում եմ նվազ բաց եւ նվազ փակ հասկացություններն օգտագործել կիսաբաց եւ կիսափակ արտահայտությունների փոխարեն։

Մի ժամանակ մեզ մոտ կիրառվում էր աշխատանքը ուղղիչ հիմնարկներում։ Էլեկտրատեղակայման պարագաներ էին արտադրում, արկղներ էին արտադրում։ Ի՞նչ կարծիքի եք, որ կան հնարավորություններ դրանք վերականգնելու, որպեսզի այդ մարդիկ պարապությունից այլ բաներով չզբաղվեն։ Խնդրում եմ բացատրեք, թե կարգապահական այդ գումարտակը զինվորական դատապարտյալների համա՞ր է։ Մինչեւ հիմա ինձ համար հասկանալի չի եղել քաղաքացիական կալանավայրերում կամ մի այլ տեղ այդ գումարտակի գոյությունը։ Շնորհակալություն։

Ն.ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Շնորհակալություն։ Նախ, ասեմ ուղղիչ հիմներկների տեսակների կապակցությամբ։ Եվրոպական տարբեր երկրների փորձն է ուսումնասիրվել։ Այս մոդելը համարվում է Լեհաստանում առկա մոդելի զարգացման հիմքը։ Լեհաստանը համարվում է Արեւելյան Եվրոպայի առաջավոր փորձ ունեցող այս համակարգում, եւ մենք չենք փորձել նոր լուծումներ հայտնագործել։ Տարբեր երկրներ այս մոդելը զարգացրել են։ Օրինակ, Մոլդովան նույն ձեւով երեք տեսակը վերցրել եւ զարգացրել է, ունեցել է չորս տեսակ։ Դա մենք էլ ենք արել։ Լեհաստանում առկա են բաց, կիսաբաց եւ փակ տեսակները։ Դա սահմանափակում է մանեւրելու հնարավորությունը վարչակազմի կողմից վարքագծի տարբեր դրսեւորումներ ունենալու դեպքերում։ Մենք հենց նույն Լեհաստանի փորձագետներին լսելով հանդերձ փորձել ենք զարգացնել այդ մոդելը եւ ունենալ չորս տեսակ, որի մեջ ավելի ճկուն կարելի է աշխատել եւ ավելի անհատականացնել պատժի կատարումը։ Դա, որպես սկզբունք, ամրագրված է օրենսգրքում։

Ինչ վերաբերում է այս տեսակների տարբերությանը, ապա ինչպես նշեցի, արդեն իսկ տարբերության հիմքում դրված է անվտանգության ապահովման աստիճանը։ Այս չորս տեսակներում տարբեր աստիճաններ գոյություն ունեն եւ հիմքում տեղաշարժման հնարավորությունն է, թե ո՞ր չափի հնարավորությունն է ընձեռվում դատապարտյալին որոշակի ժամկետով ազատազրկման ձեւով կամ ցմահ ազատազրկման ձեւով պատիժ կրելու դեպքերում։ Օրվա մեջ տեղաշարժվելու ժամաքանակի տարբերությունն է նաեւ դրված։

Ինչ վերաբերում է ավելի հայեցի լինելուն, ապա ես նույնպես կողմ եմ դրան։ Մենք մեկ անգամ էլ կքննարկենք այդ հարցը ավելի հայեցի դարձնելու համար։ Կփորձենք ավելի լավ լուծում գտնել։

Աշխատանքի կապակցությամբ ասեմ, որ ուղղիչ հիմնարկներում աշխատանքը ապահովելու մակարդակն այսօր շատ ցածր է։ Մինչեւ արդարադատության նախարարության ենթակայության տակ անցնելը դատապարտյալների աշխատանքային զբաղվածությունը եղել է մոտավորապես երկու տոկոս։ Այսօր այդ տոկոսային աստիճանը բարձրացել է մոտ 8-10 տոկոսի։ Այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տարվում են ավելի լայն շրջանակ դատապարտյալների աշխատանքի մեջ ընդգրկելու նպատակով, որը պետք է դիտել որպես ուղղման միջոց եւ որը ամրագրված է տվյալ օրենսգրքի նախագծով։

Կարգապահական գումարտակի կապակցությամբ նշեմ, որ Քրեական օրենսգրքով նախատեսված այս պատժատեսակը կարգապահական գումարտակում պահելը հանցանք կատարած ժամկետային ծառայության զինծառայողների նկատմամբ կարող է կիրառվել։ Այսինքն՝ ենթադրվում է, որ ոչ զինծառայողի նկատմամբ այս պատիժը նշանակել եւ կատարել հնարավոր չէ։ Այդտեղից էլ բխեցնելով կարող ենք ասել, որ կարգապահական գումարտակ ընդհանրապես պետք է լինի հենց պաշտպանության ոլորտում՝ նկատի ունենալով, որ այդ դատապարտյալները կոնկրետ զինծառայողներ են։ Այսքանը։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Պարզաբանման համար՝ Արտակ Առաքելյան։

Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆ

-Շնորհակալություն։ Այսինքն՝ այս օրենքն ընդհանրապես իր մեջ ներառում է քրեակատարողական մարմիններ։ Անկախ նրանից, թե դա զինվորական համակարգում է կամ այդ ոլորտի պատիժ է կրում, թե քաղաքացիական։ Ես ճի՞շտ եմ հասկացել։

Ն.ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

-Այո, դուք ճիշտ եք նկատել։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ Սամվել Նիկոյան։

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Պրն Առուստամյան, ձեր ելույթից հասկացա, որ ուղղիչ հիմնարկների ոչ թե անվանումների մասին է խոսքը, այլ թե դատապարտյալը ո՞ր ուղղիչ հիմնարկում է իր պատիժը կրելու։ Եվ նշեցիք, որ առաջ դա դատարանն էր որոշում՝ ելնելով նրա կատարած հանցագործության աստիճանից, հասարակական հնչեղությունից եւ այլն։ Այսինքն՝ կար կոնկրետ օրենք, որի հիման վրա դա որոշվում էր։ Այսինքն՝ սուբյեկտիվ գործոնը հնարավորինս քիչ էր։ Իսկ հիմա նոր գաղափարախոսություն է առաջարկվում՝ հաշվի առնել նրա վարքագիծը։ Ես ճի՞շտ հասկացա։ Ինչպե՞ս է նա իրեն պահում։ Կարծում եմ, դա բավականին սուբյեկտիվ է, թե ղեկավարությունը ինչպե՞ս կընդունի նրա վարքագիծը։ Կարծում եմ, որ սա կոռուպցիայի մեծ հնարավորություն է ստեղծում հենց այդ հիմնարկներում։

2-րդը. այս գաղափարի, մտքի նախաձեռնությունը ձե՞րն է, թե՞ դա Եվրախորհրդի պահանջ է եւ այլն։

Կրթություն ստանալը ի՞նչ է նշանակում։ Ինքնուսուցման խնդի՞րն է, թե՞ հեռակա ուսուցում է։ Ո՞ր կրթություն ստանալու մասին է խոսքը։

Ն.ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

-Շնորհակալություն։ Նախ, հիմնարկների տեսակները որոշելու հարցի կապակցությամբ։ Այո, առ այսօր դատարանն է որոշում, թե կոնկրետ դատապարտյալը ի՞նչ ռեժիմի ուղղիչ աշխատանքային հիմնարկում պետք է պատիժը կրի։ Իսկ Քրեակատարողական օրենսգրքի ընդունմամբ պետական կառավարման իրավասու մարմնի հանձնաժողովը պետք է որոշի, թե տվյալ դատապարտյալը ի՞նչ տեսակի ուղիչ հիմնարկում պետք է պատիժը կրի։ Ասեմ, որ սա դիտվում է որպես եվրոպական չափանիշ եւ եվրոպական տարբեր երկրներում սա կիրառվում է։ Նկատի է առնվում սկզբունքներից մի քանիսի ամբողջականությունը։ Այսինքն՝ պատժի կատարման անհատականացումը, նրա դրական վարքագծի խթանումը եւ դատապարտյալի ուղղմանն ուղղված աշխատանքների իրագործումը։ Այս ամբողջականության մեջ դիտելով կարող եմ ասել, որ հիմքում ոչ թե ունենալով հենց հանցագործության ծանրության աստիճանը, այլ ունենալով նրա դրական վարքագիծը, մենք այս կապակցությամբ նրան ավելի մեծ հնարավորություններ ենք ընձեռում ուղղվելու դատապարտյալի հետագայում հասարակություն վերաինտեգրվելու հարցում, քան այսօր ունենք։

Ինչ վերաբերում է այս նոր մեխանիզմով սուբյեկտիվիզմի դրսեւորման բարձրացմանը կամ կոռուպցիոն երեւույթների տարածմանը, կարծում եմ, որ այս հարցի լուծումը մենք տվել ենք այն հանգամանքով, որ հարցը լուծվում է հանձնաժողովային կարգով, կոլեգիալության հիման վրա։ Հանձնաժողովը քննարկում է այդ հարցերը ստացված եզրակացությունների միջնորդությունների հիման վրա։ Մեկ ուղղիչ հիմնարկից մեկ այլ ուղղիչ հիմնարկ փոխադրելու դեպքում տվյալ ուղղիչ հիմնարկի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացրած եզրակացություններով է այդ ամբողջ քայլերը կատարվում։ Դեռեւս 2003թ. այս կապակցությամբ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ իրագործվեց մի լոկալ ծրագիր, որով մշակվեցին սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքների մեխանիզմները կանոնակարգող հայեցակարգ եւ համապատասխան իրավական ակտ։ Նույնիսկ մշակվեցին այդ ամբողջը կիրառելու, կատարելու հնարավորությունների արդյունավետության բարձրացման նպատակով միջոցները։ Այսինքն՝ մշակվեցին բազմաթիվ համակարգչային ծրագրեր, որոնք մոտ ապագայում կդրվեն կիրառելության մեջ, որով ավելի հստակ, ավելի կանոնակարգված այս հարցերը կլուծվեն։ Մասնավորապես, թե ի՞նչ ձեւով են ներկայացվում եզրակացությունները, ի՞նչ սկզբունքներով, ի՞նչ հիմունքներով։ Կարծում եմ, որ սուբյեկտիվիզմի դրսեւորումը այս պարագայում այնքան էլ չի, որքան մտահոգությունն է։

Ինչ վերաբերում է 12-րդ հոդվածին, ապա խոսքը այստեղ վերաբերում է ինչպես ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից կրթական ծրագրերի իրագործմանը մասնակցելուն, այնպես էլ ինքնուսուցմամբ զբաղվելուն։ Մասնավորապես, հեռակա կամ հեռահար կրթական ծրագրերին մասնակցելուն։ Այսինքն՝ եթե վարչակազմը, օրինակ, եթե հնարավորություն չունենա տրամադրել նման հնարավորություն տեղում կրթական ծրագրեր իրագործելու միջոցով, ապա տվյալ պարագայում վարչակազմը եւս հնարավորություն չունի նրան արգելել ինքնուսուցմամբ զբաղվելու համար։ Նա կարող է ձեռք բերել գրքեր, ամսագրեր, գրականություն եւ հեռակա կրթություն ստանալ։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Պարզաբանման կարիք կա՞։

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Ես ուզում էի ճշտել հեռակա, ասենք, բուհում սովորի՞։

Ն.ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

-Թեկուզեւ բուհ, ցանկացած ուսումնական հաստատություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Տեխնիկական թյուրիմացության պատճառով պատգամավոր Հակոբյանը չի կարողացել հերթագրվել հարց տալու համար, բայց կարեւոր հարց ունի տալու։ Դուք միայն կհասցնեք հնչեցնել ձեր հարցը։ Պատասխանը կհնչի վաղը։

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Պրն Առուստամյան, մենք բոլորս գիտենք, որ ժամանակավոր պահվող մեկուսարաններում պահվում են կասկածյալները։ Այսօրվա վիճակով մինչեւ դատարանի օրինական ուժի մեջ մտնելը մարդիկ պահվում են շատ ահավոր վիճակում եւ չեն կարողանում օգտվել սովորական այլ պայմաններից, որտեղ ապրում են մարդիկ։ Չե՞ք կարծում, որ Հայաստանում պետք է լինեն մասնավոր մեկուսարաններ, որտեղ մարդը հնարավորություն կունենա վճարելու դեպքում ապրի այնպես, ինչպես սովորական քաղաքացին։ Իսկ օրինական ուժի մեջ մտնելուց հետո եւ դատարանի օրինական ուժի մեջ կմտնի նրա կատարած ինչ-որ հանցանքը, այդ ժամանակ նա իր պատիժը կրի ՀՀ օրենքներով, որտեղ որ պատիժը պետք է կրի եւ ի՞նչ ռեժիմով պետք է կրի։

Ես կարծում եմ, որ մինչեւ դատարանի որոշումը լինելը, պետք է մարդը ազատ լինի եւ ապրի ինչպես սովորական քաղաքացին։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Մենք դեռ ունենք մի քանի րոպե։ Եթե կհասցնեք պատասխանել, խնդրեմ։

Ն.ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

-Շնորհակալություն։ Նախ, ասեմ, որ ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի, որոնք տարբեր համակարգեր են եւ տարբեր վայրեր են, այնտեղ պահվում են ժամանակավոր մինչեւ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված 72 ժամ, իսկ կալանավորվածներին պահելու վայրերում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու դեպքերում։ Այս վայրերին վերաբերող հարաբերությունները կանոնակարգված են «Ձերբակալվածների եւ կալանավորվածներին պահելու մասին» օրենքով։ Այն դժվարությունները, այն իրավական տարբերությունները, որոնք ժառանգել ենք խորհրդային տարիներից, այսօր այդ ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ տանում ենք։ Մեկ օրինակի վրա դա ցույց տամ, որ մինչ դատական փուլում մինչեւ դատարանի կողմից դատավճռի կայացումը, այո, անձն ընդհանրապես հասարակությունից ավելի խիստ մեկուսացված էր պահվում, քան դատապարտվելուց հետո։ Այն դեպքում, եթե արդեն մեղավորությունը ապացուցվել է։ Իսկ անմեղության կանխավարկածը նկատի ունենալով ավելի վատ ռեժիմում էր պահվում։ Այս ուղղությամբ փոփոխությունները կատարվում են։ Օրինակ, տեսակցությունը մինչ վերջերս այդ օրենքի ընդունումը արգելվում էր տեսակցությունը։ Թույլատրվում էր առանձին դեպքերում վարույթն իրականացնող մարմնի կողմից, իսկ այսօր հակառակ պատկերն է։ Թույլատրվում է ընդհանրապես եւ կարող է արգելվել բացառիկ դեպքերում, երբ նախաքննության շահերին հակասող երեւույթներ կարող են դրսեւորվել։ Բազմաթիվ նման իրավունքների ընձեռում մինչ դատական փուլում, որոնք տանում են դեպի տվյալ անձանց վիճակի բարելավմանը։

Մասնավոր բանտերի կապակցությամբ ասեմ, որ այս երեւույթը իրականություն է ընդհանրապես եվրոպական շատ երկրներում։ Կան մասնավոր բանտերի երեք տեսակներ։ Մասնավոր բանտ առաջին տարբերակ, որ ընդհանրապես շինությունն է մասնավոր եւ պետությունը վարձակալական հիմունքներով այն վերցնում եւ այն օգտագործում է իր կարիքների համար։

Մասնավոր բանտ երկրորդ տարբերակը, որ կարող է լինել շինությունը վարչակազմը մասնավոր հիմունքներով, այլ ոչ թե պետական ծառայողներ, իսկ կանոնակարգումը իրավական ակտերով։

Երրորդ խառը տարբերակը, որ շինությունը կարող է լինել մասնավոր, ծառայողների մի մասը պետական ծառայողներ, իսկ մյուս մասը՝ մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ։

Ես համարում եմ, որ սա իրականություն է եւ շատ երկրներում այն արդարացնում է։ Պետության շահերից ելնելով այն կարող է նվազեցնել պետության ծախսերը, բայց կարծում եմ, որ այսօր ՀՀ-ում այդ տարբերակներին անցնելը դեռեւս ժամանակավրեպ է։ Չեմ բացառում, որ ապագայում մասնավոր բանտերի գաղափարը ներմուծվի մեր հանրապետություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Դուք ավարտեցի՞ք։ Պարզաբանման կարիք չկա։ Շնորհակալություն, պրն Առուստամյան։ Հարցի քննարկումը կշարունակվի վաղը։ Մենք օրը կսկսենք քվեարկություններից հետո պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի հարակից զեկույցով։

Այժմ, հարգելի պատգամավորներ, համաձայն կանոնակարգի 35-րդ հոդվածի 3-րդ կետի, ԱԺ-ում տեղի է ունենալու պատգամավորների կողմից հայտարարությունների ընթերցումը։ Հիշեցնեմ, որ հայտարարությունները տեւում են ուղիղ երեք րոպե։ Խնդրում եմ հերթագրվել։ Հերթագրում։ Հերթագրվել է 19 պատգամավոր։ Ես ընթերցեմ՝ Մարգարյան Հովհաննես, Ավետյան Գագիկ, Գասպարյան Մանուկ, Առաքելյան Կորյուն, Գյուլզադյան Վռամ, Դալլաքյան Վիկտոր, Մանասերյան Թաթուլ, Նիկոյան Սամվել, Բիշարյան Հեղինե, Կոստանդյան Գագիկ, Կարապետյան Ալեքսան, Արշակյան Աղասի, Սադոյան Արշակ, Ավետիսյան Սուքիաս, Արսենյան Գուրգեն, Առաքելյան Արտակ, Գեղամյան Արտաշես, Հովհաննիսյան Հմայակ, Սարգսյան Արամ Գասպարի։

Խնդրեմ, առաջին հայտարարությունը Հովհաննես Մարգարյան։

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Մեծարգո նախագահող, հարգելի գործընկերներ, արդեն վստահորեն կարող ենք արձանագրել, որ բնական աղետների արդյունքում գյուղատնտեսությանը պատճառված վնասի առումով տարին, պարզապես, ռեկորդային ստացվեց։ Գարունը նշանավորվեց գետերի վարարումներով եւ պտղատու այգիների համատարած ցրտահարություններով։ Իսկ հետո իրենց երկար սպասել չտվեցին կարկտահարությունները։ Մի դեպքում ականատեսների վկայությամբ աննախադեպ մեծության կարկտահատիկները բերքաթափ են անում այգիներն ու հողին հավասարեցնում գյուղատնտեսական կուլտուրաները, իսկ մյուս դեպքում կոմբայնավարների եւ հայ գյուղացիների աչքերի առաջ մի հարվածով ոչնչանում են հասած հացահատիկի ցանքատարածությունները։ Հացահատիկի բերքահավաքի շրջանում նկարագրված աղետալի վիճակում են հայտնվել նաեւ Շիրակի մարզի, Ախուրյանի շրջանի մի շարք գյուղեր։ Մասնավորապես, Ջրառատ գյուղի բնակիչները։ Սա առաջին դեպքը չէ այս տարածաշրջանում։ Ջրառատ գյուղի բնակիչները նույն բախտին են արժանացել նաեւ անցած տարի եւ միայն գյուղատնտեսության նախարարության կողմից տրամադրված աջակցության շնորհիվ կարողացան հոգալ հացի խնդիրը։

Մոտենում է աշնանացանի ժամանակը եւ աղետից տուժած գյուղացիները կրկին օգնության կարիք են զգում, ինչի մասին են վկայում «Օրինաց երկիր» խմբակցությանը հասցեագրված մի շարք դիմումներն ու ամռան ամիսներին տեղերում կայացած հանդիպումները։ Բազմիցս խոսվել է նաեւ հակակարկտային կայաններ ունենալու անհրաժեշտության մասին, որոնց տեղադրումը, չգիտես ինչու, ուշանում է։ Իմ խորին համոզմամբ անցնող տարում կարկտահարությունների արդյունքում ավելի մեծ վնասներ են պատճառվել, քան կարժենար հակակարկտային կայանների տեադրումը եւ շահագործումը։ Ի դեպ նշեմ, որ կարկուտից տուժած որոշ պտղատու այգիների վերականգնման համար անհրաժեշտ կլինի 5-10 տարի։ Կարծում ենք քննարկվող «Պիլոտ» ծրագրի շրջանակներում այդպիսի կայաններ կտեղակայվեն նաեւ Շիրակի մարզում։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Ժամանակն է գնահատել աղետների հետեւանքով գյուղատնտեսությանը հասցված վնասները եւ աշխատանքներ տանել դրանք, գոնե, մասամբ փոխհատուցելու համար։

Հուսով ենք, որ կառավարությունը զգոնություն եւ ուշադրություն կցուցաբերի վերահաս աղետներից տուժած գյուղացիների հոգսը կիսելու համար։ Այն գյուղացու, ով մաքառումով ու դառը քրտինքով շենացնում է իր հայրենի հողը։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հաջորդը՝ Գագիկ Ավետյան։

Գ.ԱՎԵՏՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ԱԺ 1-ին ընթերցմամբ ընդունեց «Բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ԱԺ-ի, կառավարության եւ Կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի արդյունք է։ «Օրինաց երկիր» խմբակցությունը, որն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել այս նախագծի մշակման, քննարկման եւ ընդունման գործում, սույն հայտարարությամբ արձանագրում է, որ սույն օրենքի ընդունումից հետո մենք կատարում ենք արմատական քայլ բնակչության ավանդները հետագա կորստից երաշխավորելու գործում եւ մեծացնում ենք վստահությունը բանկային համակարգի նկատմամբ։

Ցավոք սրտի, անկախությունից հետո գրպանային բանկերի սնանկացումից հետո մեր իրականության մեջ մնացին տասնյակ հազարավոր խաբված ավանդատուներ, որոնք տակավին այսօր պայքարում են իրենց իրավունքների համար։ Դատապարտելով մարդկանց խնայողությունների ուղղակի կողոպուտը, պետական եւ բանկային համակարգի առանձին պաշտոնատար անձանց ոչ պատասխանատու գործելաոճը, մենք գտնում ենք, որ խաբված ավանդատուների իրավունքների պաշտպանությունը այսուհետ պետք է երաշխավորվի օրենքի ուժով։ Եվ, ըստ որում, այն պետք է երաշխավորի հրապարակային եւ հստակ մեխանիզմներով։

«Օրինաց երկիր» խմբակցությունը, կարեւորելով «Բանկերի ավանդների փոխհատուցման մասին» օրենքի նախագծերի փաթեթը, գտնում է, որ մի կողմից պետք է ուժեղացնել Կենտրոնական բանկի վերահսկողական գործառույթները, մյուս կողմից՝ մեծացնել Կենտրոնական բանկի պատասխանատվությունը թե ողջ բանկային համակարգի, եւ թե բանկերի ավանդների համակարգի նկատմամբ, որ յուրաքանչյուր ավանդի կորստի դեպքում Կենտրոնական բանկն ունենա պատասխանատվության իր բաժինը։ Անհրաժեշտ է որոշ աշխատանքներ տանել օրենքի դրույթները լայնորեն լուսաբանելու, ժողովրդին այն տեղեկացնելու համար, քանի որ շատ հաճախ նախ եւ առաջ տուժում է բանկային համակարգում եւ թե մյուս բնագավառներում տեղի ունեցած փոփոխություններից անտեղյակ քաղաքացին։

Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն այս մասին, որ վաղը նոր խաբված ավանդատուներ չունենանք։ «Օրինաց երկիր» կուսակցության կարծիքով պետք է օրենքով սահմանվեն երաշխավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք կմեծացնեն բանկի հուսալիությունը, հստակ կպաշտպանեն ավանդատուների շահերը, կբացառեն տարաբնույթ ստորջրյա խութերի առկայությունը, որոնք վաղը կամ մյուս օրը նոր պրոբլմներ չբերեն ավանդատուների համար։ «Օրինաց երկիր» կուսակցությունը, կարեւորելով բանկային ավանդների փոխհատուցումը երաշխավորող օրենքի համակարգի ներդրումը Հայաստանում, ողջունում է այն, համարում է կարեւոր արմատական քայլ ավանդատուների շահերը պաշտպանելու ճանապարհին եւ կոչ է անում Կենտրոնական բանկին լինել առավել պատասխանատու եւ ուշիմ, որպեսզի երբեք այլեւս Հայաստանում խաբված ավանդատուներ չլինեն։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Պատգամավոր Մանուկ Գասպարյանը հրավիրվում է ամբիոնի մոտ։

Մ.ԳԱՍՊԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Հայաստանի ամբողջ տնտեսությունը ստվերային է, արդեն համակարպվել ենք։ Գարնանային նստաշրջանում ընդդիմադիր ֆրակցիայի բացակայության պայմաններում մենք ստեղծեցինք եւս երկու ուժային կառույց, որոնք բյուջեից սնվելու են։ Մեկը արտակարգ իրավիճակների վարչությանը, մեկն էլ առանձին մի վարչություն՝ պահակային պահպանություն անունով կրթության կարեւորագույն օբյեկտների, որոնք պետք է պետական օբյեկտների վրա իրականացնեն պահպանության խնդիրներ։ Սակայն հուլիսի 1-ին, երբ եկանք աշխատանքի, խայտաբղետ շորերով մարդիկ մեզնից վկայականներ էին հարցնում, նստեցրինք իրենց տեղը։ Դրանից հետո երեկվանից նորից սկսվել է։ Բոլոր պատգամավորները անցել են այդ ստորացուցիչ արարողությունը, բայց արտահայտվում եմ միայն ես։ Ստուգում են վկայակնները, պատգամավորից պահանջելով, թե մենք ձեզ չենք ճանաչում։ Եթե պահակային պահպանության աշխատողը չի ճանաչում, թող կուրսեր բացեն եւ 131 պատգամավորների նկարները տան իրենց եւ սովորեցնեն, թե ով՝ ով է, քննություն ընդունեն նրանցից, հետո բերեն գցեն մեր ջանին, մեր ներվերը քայքայելու համար։

Ստեղծելով պահակային պահպանության վարչություն անունով գեներալի հաստիքով նախագահին կից ստեղծեցին գվարդիա, որը մեր ներվերի հետ է խաղում եւ դոսյե պետք է հավաքի մեր ԱԺ պատգամավորների վրա։ Եթե ստեղծել են պետական կարեւորագույն օբյեկտների համար, թող բոլոր կառույցների վրա անեին։ Միայն ԱԺ-ում են այն տարածել եւ այն չի տարածվում կառավարության եւ մյուս կարեւորագույն օբյեկտների վրա։ Եթե ստեղծել էին այս պահպանության վարչությունը կարեւորագույն օբյեկտների, թող ՆԳ ծառայությունից վերացնեին այն ստորաբաժանումը, որը կոչվում է պահակային վարչություն։ Այստեղ հիմա այնքան պահակային պահպանություն իրականացնող մարդ կա, որ պատգամավորներից եւ աշխատակիցներից շատ են։

Ես պահանջում եմ ԱԺ ղեկավարությունից՝ կամ այդ ստորացուցիչ պրոցեդուրան այստեղից կվերացնեք եւ նրանք աննկատ մեզ կստուգեն, կամ էլ իրենք թող մեզ պես իջնեն դրսում եւ վկայակնները ցույց տալով այդ աշխատողներին ներս մտնեն, հետո տեսնեն ի՞նչ է կատարվում։ Սրանից հետո ես պահանջում եմ, որ այդ աշխատողներին հրահանգավորեն, որ երկրի իշխանական մարմնի ներկայացուցիչը, երբ որ մտնում է իրենց պահակային ծառայությունով անցնելու, իրենք պետք է պատիվ առնեն։ Այսինքն՝ չեստ տան մեզ։ Առանց այդ գործողության նրանք իրավունք չունեն մեզ հետ զրույցի մտնելու կամ մեր առաջ հարցեր դնելու։ Երեկ ասում եմ՝ ձեր գլուխները ցավալու է, եթե ամեն օր վկայականները ստուգեք, մեկը քաղաքացիական հագուստով, ըստ երեւույթին նրանց ղեկավարն էր, ասաց՝ պրն Գասպարյան, որ մեր գլուխը ցավա, մենք բժշկի կդիմենք։ Իբր թե դու ո՞վ ես, որ մեր գլուխը ցավա։ Եթե այսքան լկտիացնելու են անգամ պահակային պահպանության աշխատողներին, որոնց հետ ես պետք է մտնեմ դիսկուսիայի, այսպիսի ԱԺ-ի պատգամավոր լինել չեմ ուզում։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հաջորդը՝ Կորյուն Առաքելյան։

Կ.ԱՌԱՔԵԼՅԱՆ

-«Ազգային միաբանություն» խմբակցության պատգամավորների հայտարարությունը։ 2003թ. կեղծված նախագահական եւ ԱԺ-ի ընտրությունները էլ ավելի խորացրեցին ՀՀ-ում համընդհանուր ճգնաժամը։ Ազգաբնակչության ճնշող մեծամասնության սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, պետական ապարատի զանգվածային կոռումպացված լինելը, բարձրաստիճան պաշտոնյաների քամահրական վերաբերմունքը օրենքների նկատմամբ, դրանց անթաքույց ոտնահարումը, վարչախմբի շահերը պաշտպանող քրեածին զինված սափրագլուխների կամայականությունները, ծեծուջարդի անպատիժ դրսեւորումները, պետաիրավական մարմինների թողտվության եւ անզորության պայմաններում մարդկանց մոտ հաստատում են վախի ու սարսափի մթնոլորտ, խորը հիասթափություն, հուսահատություն ապագայի նկատմամբ եւ ցանկություն օր առաջ լքել ՀՀ-ն։ Լրջագույն ձախողումներ են արձանագրվել նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում։ ՀՀ-ն հայտնվել է քաղաքական մեկուսացման ճիրաններում, երկիրը դուրս է մղել տարածաշրջանային իրականացվող տնտեսական կոմունիկացիոն խոշարածավալ ծրագրերից, վտանգավոր զարգացումներ են խմորվում նաեւ Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում։ Իշխանություն բռնազավթած Ռոբերտ Քոչարյանը ստեղծված իրավիճակում արդեն իսկ անկարող է երկրում հաստատել օրինականություն եւ կարգուկանոն։ Ավելին, սեփական բազում բացթողումները, առկա սոցիալական, բարոյահոգեբանական խնդիրները քողարկելու նպատակով Քոչարյանը փորձում է շեղել մարդկանց ուշադրությունը եւ երկիրը տանել ապակայունացման նոր ուղիով։ Չբավարարվելով ապրիլի 5-ին, 12-ի լույս 13-ի գիշերը կազմակերպված բարբարոսությամբ, հիմա էլ նախագահական պալատում նյութվում է նոր դավադրություն՝ զրկել ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավորներին պատգամավորական մանդատներից։ Այս ամենը ծրագրվում է իրականացնել ԱԺ-ի կուսակցությունների ձեռքերով՝ խնդիր ունենալով իրար դեմ հանել քաղաքական ուժերին, էլ ավելի շիկացնել քաղաքական իրավիճակը, կոալիցիայի անդամ կուսակցություններին ներքաշել Քոչարյանի ռեժիմին հատուկ անօրինականությունների եւ բռնությունների ոլորտը։ Ակնհայտ է նաեւ, որ այս ամենը մեծապես ուղղված է «Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի դեմ։ Մենք՝ «Ազգային միաբանություն» կուսակցության համամասնական ընտրական ցուցակով ընտրված ԱԺ «Ազգային միաբանություն» խմբակցության պատգամավորներս ամբողջությամբ պաշտպանում ենք Արտաշես Գեղամյանի հանրապետության ազգաբնակչության շրջանում եւ միջազգային կազմակերպություններում ծավալած պատգամավորական նպատակասլաց աշխատանքը։ Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու, իշխանությունների աճպարարությունները «Ազգային միաբանություն» խմբակցության պատգամավորներիս համոզում են ընտրված ու արդարացիության մեջ մեզնով ուժ եւ վճռականություն են հաղորդում ՀՀ-ում օրենքի իշխանություն հաստատելու պայքարում։

Մենք հայտարարում ենք, որ Արտաշես Գեղամյանին կամ յուրաքանչյուրիս պատգամավորական մանդատից զրկելու դեպքում բոլորս կհրաժարվենք պատգամավորական մանդատներից, որի քաղաքական եւ քաղաքացիական հետեւանքների ողճ պատասխանատվությունը կկրեն Ռոբերտ Քոչարյանը եւ նրան սատարող խորհրդարանական ուժերը։

«Ազգային միաբանություն» խմբակցության համամասնական ցուցակի բոլոր պատգամավորները ստորագրել են այս հայտարարության տակ։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հաջորդը՝ Վիկտոր Դալլաքյան։

Վ.ԴԱԼԼԱՔՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, «Արդարություն» դաշինքը վերահաստատում է սահմանադրական կարգը վերականգնելու, երկրում օրինական իշխանություն հաստատելու եւ չընտրված նախագահին հեռացնելու իր վճռականությունը։ Ապօրինի իշխանությունների դեմ պայքարում մեր գործողությունները նպատակաուղղված են լինելու նաեւ քաղաքական հետապնդումները եւ բռնությունները դադարեցնելուն, «Արդարություն» դաշինքի եւ նրա համախոհների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի հեղինակներին պատասխանատվության ենթարկելուն, քաղաքացիների սահմանադրական իրավունքների, մասնավորապես, հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու իրավունքի իրականացմանը, ընտրական կեղծիքների եւ այլ ապօրինությունների կազմակերպիչներին ու հեղինակներին պատասխանատվության ենթարկելու, 2004թ. ապրիլի 13-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնարարքների ու վայրագությունների կազմակերպիչներին ու իրագործողներին բացահայտելու, պատասխանատվության ենթարկելու, Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված Հանրապետության Նախագահի վստահության հանրաքվեի անցկացումը երաշխավորող օրենսդրական փոփոխությունների կատարմանը եւ հանրաքվեի իրականացմանը։ Այս եւ իշխանությունների կողմից օրենքի դաշտ վերադառնալուն ուղղված այլ քայլերի իրականացման պարագայում հնարավոր կլինի նվազեցնել ներքաղաքական առճակատումը, ուժային հարթությունից իրադարձությունները աստիճանաբար տեղափոխել քաղաքական, իսկ հետագայում նաեւ իրավական հարթություն, եւ Սահմանադրությամբ նախատեսված ուղղակի ժողովրդավարության վստահության հանրաքվեի անցկացման ճանապարհով հանգել նախագահական կեղծված ընտրությունների արդյունքում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը։

2003թ. փետրվարից սկսած խաղաղ հանրահավաքները, երթերը, ցույցերը եւ զանգվածային այլ ակցիաները նախագահական կեղծված ընտրությունների հետեւանք է։ Ժողովուրդն ընդվզում է նաեւ ընդդեմ անօրինականության եւ անպատժելիության, համատարած աղքատության եւ սոցիալական բեւեռացման, ծաղկող կոռուպցիայի եւ կլանային համակարգի անարդար սեփականաշնորհման եւ գործազրկության բարձր մակարդակի։

Հայաստանի ապագան կախված է յուրաքանչյուրիս կամքից ու վճռականությունից։ Սակավամիտները մեր երկրում փորձում են ներմուծել բռնապետություն։ Տեղին է հիշել հայտնի իմաստությունը՝ ստրուկներն են բռնապետներ ստեղծում։

Հարգելի պատգամավորներ, սիրելի հայրենակիցներ, սեպտեմբերի 17-ին, ժամը 15-ին «Արդարություն» խմբակցությունը կազմակերպում է համաժողով։ Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ ուժերին կառավարության նիստերի դահլիճ։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հաջորդը՝ Թաթուլ Մանասերյան։

Թ.ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

-Սիրելի գործընկերներ, վերջին շրջանում տարբեր մարզերում ընտրողների հետ հանդիպումները հիմք են տալիս ասելու, որ լրջորեն վտանգված է բնակչության սոցիալական անվտանգությունը։ Չնայած կառավարության հավաստիացումներին, դարձյալ տեղ են գտնում կենսաթոշակների վճարման ուշացումներ։ Սակայն դա մանրուք է այնպիսի ապօրինության համեմատ, ինչպես, ուշադիր եղեք, կենսաթոշակներ ստացողներից 500, 1000 դրամ գրպանելը, կամ այլ խոսքով գողությունը։ Կոնկրատ փաստեր են պե՞տք։ Խնդրեմ։ Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչներ, 1919թ. ծված Անախաս Հարությունյանից, Ստյոպա Գասպարյանից, Գարուշ Բաբայանից եւ էլի շատ-շատերից։

Ինձ վրդովեցնում է նման ոտնձգությունը սոցիալապես անապահով խավերի վրա, եւ ես պահանջում եմ, որ սոցիալական համակարգը վարկաբեկողները խստագույնս պատժվեն։ Ինչպես Գետազատում, այնպես էլ Արարատի եւ երկրի այլ մարզերի գյուղերում սոցիալական սուր խնդիրները շատ են։ Ցրտահարված ծիրանենիների համար ջրի վարձի պարտադրանք, բազմանդամ ընտանիքներին հողահատկացման հարցեր, գազի, ջրի, էլեկտրաէներգիայի հաշվիչների հետ կապված խնդիրներ եւ այլն։ Իսկ ավելի ընդհանուր բնույթ կրող հիմնահարցերը, որոնք սպառնում են հատկապես սոցիալական անվտանգությանը, հետեւյալներն են։

Հասարակության ծայրաստիճան բեւեռացում, եկամուտների խիստ անհամաչափ բաշխում, գործազրկության բարձր մակարդակ, հանցագործությունների, այդ թվում՝ սպանությունների եւ ինքնասպանությունների թվի աճ, ազգաբնակչության մեծ մասի անվճարունակություն, որի պատճառով ժողովրդի մեծ մասն այսօր ի վիճակի չի դիմել բժշկի։ Իսկ, որ ավելի մտահոգիչ է, այսօր 10 երեխայից մեկը ծնվում է տանը հենց նույն անվճարունակության պատճառով։ Սոցիալական անվտանգությանը սպառնացող վտանգներից է նաեւ այն փաստը, որ ազգաբնակչության ընդհանուր թվաքանակում անպտղությամբ տառապող մարդկանց տեսակարար կշիռը 1998թ. 15 տոկոսից 2003թ. հասել է 32 տոկոսի։ Մտավոր կարողության, երիտասարդության արտագաղթի պատճառով բնակչության ծերացումը եւ սոցիալական այլ հիմնախնդիրներ։

Ի դեպ, ներգաղթի մասին։ Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ 2004թ. առաջին 9 ամիսների ընթացքում դարձյալ ավելացել է արտագաղթը, որով հերքվում է կառավարության միգրացիայի վարչության ոչ հավաստի տվյալները երեւակայական ներգաղթի եւ միգրացիոն, այսպես կոչված, դրական մնացորդի մասին։ Ցավոք, եթե կա ներգաղթ, ապա ոչ միայն Բեսլանից, այլեւ Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրներից հայերի դիակներ են բերվում։ Անգամ կանանց, որոնք արտագնա աշխատանքի հետ են կապում իրենց սոցիալական խնդիրների լուծումը։

Շուտով ԱԺ կներկայացվի Հայաստանի կառավարության տարեկան ստեղծագործական գլուխգործոցը՝ պետական բյուջեի նախագիծը։ Պաշտոնական աղբյուրների համաձայն պետբյուջեի ճեղքվածքը կկազմի 44 մլրդ դրամ։ Դեֆիցիտը 44 մլրդ դրամ է։ Օրենսդիր իմ գործընկերները հիշում են, թե ինչպե՞ս 2,5 ամիս առաջ գործող նախագահը Ստրասբուրգում եվրոպացիներին հավաստիացրեց մեր երկրում պետական բյուջեի դրական մնացորդի՝ պրոֆիցիտի մասին։ Ո՞վ է ստում, Հայաստանի կառավարությու՞նը, թե՞ գործող Նախագահը։ Դատեք ինքներդ։ Մի բան պարզ է՝ ստի վրա երկիր չեն կառուցում։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հաջորդը՝ Հեղինե Բիշարյան։

Հ.ԲԵՇԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, համայն աշխարհի դպրության հազարամյա ընթացքը վերստին իմաստավորվում է, շարունակաբար հարատեւ է դառնում դպրոցական առաջին զանգով, որի ղողանջները դարերի միջով գալիս, արձագանք են առնում լուսավոր ու շողշողուն հեռուներում, տիեզերական անհունի մեջ։ Օսիայի Բեսլան քաղաքի թիվ մեկ դպրոցում էլ հնչեց սեպտեմբերի 1-ի զվարթաձայն դպրոցական զանգը։ Հնչեց դպրոցական զանգը, բայց ոչ դպրոցական առաջին զանգ, այլ տեղի ունեցող ահաբեկչության ահազանգ ի լուր աշխարհի։ Բառեր չեմ գտնում նկարագրելու քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցած աշխարհացունց ողբերգությունը։ Բարբարոս ստահակների ձեռքով կատարված ոճրագործությունը ցնցեց ողջ երկիրը։ Ոճրագործությունը, չունենալով սահմաններ, թիրախ դարձրեց դպրոցը, երեխաներին, ուսուցիչներին, ծնողներին։ Քարացավ Բեսլանի սեպտեմբերմեկյան հանդիսատոնը՝ դառնալով պատրանք։ Խառնվեցին մոր եւ մանկան ճիչերը։ Ստահակ ոճրագործների պայթյունները խլացրեցին դպրոցում փրկությունն աղերսող անմեղ մանուկների ձայնը։ Կամա թե ակամա մտածում ես՝ ստահակները չե՞ն եղել աշակերտներ, չե՞ն սերտել իրենց ուսուցիչների մարդ դաստիարակելու դասերը։ Ցնցվեց աշխարհը, մոլորակի բոլոր անկյուններում ողջ մարդկությունը մեծ ողբերգություն ապրեց։ Բազմաթիվ ահաբեկչություններ եւ ողբերգություններ ապրած հայ ժողովուրդը տրտմությամբ ընդունեց այդ բոթը եւ ողբաց՝ իր սեփականը համարելով Բեսլանի վիշտը։ Ողբաց եւ նզովեց ոճրագործներին։ Հայ ժողովուրդը զորակցող դարձավ Օսիայի ցավին։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ոգեշնչման երեկո էր, հնչում էին հոգեւոր երգեր եւ մեղեդիներ։ Մասնակիցները լուռ արտասվում էին եւ նրանց լուռ հայացքները ասում էին՝ ոչ ահաբեկչությանը։

Այն, ինչ տեղի ունեցավ, չունի արդարացում։ Այդ անմարդկային բռնարարքին չկա ներում։ Ի՞նչ նպատակներ կարող էին վկայակոչել անպաշտպան երեխաների եւ կանանց վրա ձեռք բարձրացնողները։ Բոլոր ժողովուրդների երազանքը խաղաղությունն է, իրենց զավակների ապահով, երջանիկ ներկան ու ապագան։ Վեհափառի այս խոսքերը արձագանքվում են եկեղեցու դահլիճում եւ մեկ անգամ եւս հաստատում, որ աշխարհը պետք է միավորվի ահաբեկչության սպառնալիքի առջեւ։ Աշխարհը պետք է ընդունի ի վրջո, որ ոչ մի երեխա չպետք է ենթարկվի ֆիզիկական կամ հոգեկան ճնշման, խոշտանգումների կամ այլ դաժան անմարդկային, կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։

«Օրինաց երկիր» կուսկացությունը նույնպես իր հարգանքի տուրքը մատուցեց զոհվածների հիշատակին եւ պարտավորվեց համախմբելու մեր ուժերը միջազգային չարիքի դեմ պայքարելու գործում։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հաջորդը՝ Գագիկ Կոստանդյան։

Գ.ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

-ԱԺ ընտրությունների «Ազգային միաբանություն» կուսակցության համամասնական ընտրացուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածուների հայտարարությունը։

«ՀՀ ԱԺ երրորդ գումարման երրորդ նստաշրջանի սկզբին պարզ դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի վարչակազմի անմիջական ճնշմամբ պարտադրվել է կառավարող կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների պատգամավորական խմբակցություններին մերժել ՀՀ սահմանադրական դատարանի 2003թ. ապրիլի 16-ի «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ ՀՀ Սահմանադրությունը համապատասխանեցնելու վերաբերյալ որոշման կատարումը։ Դրանից ելնելով, «Ազգային միաբանություն» պատգամավարական խմբակցությունը քաղաքական բոյկոտի ենթարկեց ԱԺ հակասահմանադրական գործունեությունը, ընդդիմադիր այլ ուժերի հետ ստանձնեց պատասխանատվություն գլխավորելու համաժողովրդական շարժումը, որն ուղղված էր ապօրինի վարչախմբի հեռացմանը, ՀՀ-ում սահմանադրական կարգի հաստատմանը եւ օրինական իշխանության ձեւավորմանը։ Վարչախումբը այժմ էլ ԱԺ-ի քաղաքական մեծամասնության միջոցով ձեռնարկում է ժողովրդի կողմից ընդդիմությանը տրված վստահության քվեի բռնազավթում՝ նպատակ ունենալով 2004թ. ապրիլի 5-ի, ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը իշխանությունների կողմից կատարված բարբարոսություններից հետո հաշվեհարդար տեսնելու Արտաշես Գեղամյանի եւ «Ազգային միաբանություն» խմբակցության պատգամավորների նկատմամբ։

«Ազգային միաբանություն» կուսակցության համամասնական ընտրացուցակում առաջադրված պատգամավորության թեկնածուներս վարչախմբի կողմից հրահրված «Ազգային միաբանություն» կուսակցության պատգամավորներին մանդատներից զրկելու փորձերին, վճռականորեն ասում ենք՝ ոչ։ Մենք երբեք չենք դառնա իշխանությունների հերթական դավադրության կամակատարը։ Մենք ամբողջությամբ պայքարելու ենք խմբակցույթան որդեգած քաղաքականությունը, արտախորհրդարանական բեղմնավոր պատգամավորական գործունեությունը, միջազգային կազմակերպություններում եւ հանրապետության ազգաբնակչության շրջանում։ Մենք դատապարտում ենք իշխանությունների հերթական սադրիչ գործողությունները եւ հայտարարում, որ ճանաչում ենք միայն գործընկերների, «Ազգային միաբանություն» խմբակցության ներկայիս պատգամավորների լիազորությունը եւ կհրաժարվենք ստանձնել ԱԺ-ում մեր գործընկերներից ապօրինի խլված պատգամավորական լիազորություններից»։

ԱԺ ընտրությունների «Ազգային միաբանություն» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորական թեկնածուներ, առանց բացառության 77 թեկնածուներ ստորագրել են այս հայտարարության տակ։

Օգտվելով իմ մնացած մի քանի վայրկյանից, պրն նախագահող, ես խնդրում եմ ճշտել, թե ինչպե՞ս է ստացվում, որ Արտաշես Գեղամյանը երբ կոճակը սեղմում է սկզբում կամ վերջում, միշտ վերջում է հայտնվում։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Դուք, որպես պատգամավոր, ինչպես եւ պրն Արտաշես Գեղամյանը, կարող եք այդ հարցով դիմել աշխատակազմին, որովհետեւ համակարգիչներով մենք չենք զբաղվում։

Հաջորդը՝ Կարապետյան Ալեքսան։

Ա.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահության հայտարարությունը։ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահությունը քննարկելով թիվ 44 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի օգոստոսի 29-ի ընտրությունների նախապատրաստության գործում ստեղծված տագնապալի իրավիճակը, ընտրություններից մեկ շաբաթ առաջ հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ անվստահություն հայտնվեց թիվ 44, 01, 02, 03, 04, 05 եւ 14 ընտրական տեղամասերում «Ազգային միաբանություն» կուսակցության Եղվարդի տարածքային կազմակերպության կողմից նշանակված հանձնաժողովի անդամներին եւ նշեց, որ պատասխանատվություն չի կրելու նրանց գործունեության համար։

Եղվարդի տարածքային կազմակերպության նախագահ Պապիկ Մուրադյանը «Ազգային միաբանություն» կուսակցության հետ որեւէ առնչություն չունեցող մարդկանց տեղամասային հանձնաժողովի անդամներ նշանակելու համար հեռացվեց կուսակցությունից։ Նախագահությունն ընտրությունների ժամանակ հնարավոր ընտրակեղծիքները կանխելու նպատակով այս ամենի մասին տեղյակ է պահել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Դժբախտաբար, ինչպես տարածքային ընտրական հանձնաժողովները, այնպես էլ իրավապահ եւ պատկան մարմինները բացարձակապես չարձագանքեցին «Ազգային միաբանություն» կուսակցության ահազանգերին եւ միջոցներ չձեռնարկեցին մատնանշված խախտումները կանխելու համար։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների ընթացքում տեղ գտած բազմաթիվ ընտրակեղծիքները, ընտրողներին զանգվածաբար կաշառելու, ճնշումներ գործադրելու աղաղակող դեպքերը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն բավարարվեց ընտրությունները անվավեր ճանաչելով եւ նոր ընտրություններ նշանակելով։ Նման իրավիճակը վկայում է, որ հերթական անգամ ընտրողների թիկունքում իշխանության տարբեր թեւեր ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո կնքել են թիվ 44 ընտրատարածքում ԱԺ-ի հերթական պատգամավոր նշանակելու գործարքը։

Իշխանություններն իրենց այդ քայլը օրինականության շղարշով կոծկելու նպատակով փորձում են դրան մասնակից դարձնել նաեւ «Ազգային միաբանություն» կուսակցության տեղամասային հանձնաժողովներում ներկայացուցիչների առկայության փաստով։ «Ազգային միաբանություն» կուսակցությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում, երբ իշխանությունները բռնություններով եւ զանազան ճնշումներով արդեն իսկ կանխորոշել են ընտրությունների արդյունքները, հրաժարվում է սույն թվի սեպտեմբերի 19-ին թիվ 44 ընտրատարածքում կայանալիք ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու օրենքով իրեն վերապահված իրավունքից։ Թիվ 44 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում «Ազգային միաբանություն» կուսակցության անդամը սեպտեմբերի 19-ին նույնպես չի մասնակցի տարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին»։

Որպեսի պարզաբանեմ իմ գործընկերոջ ասածը, բանը նրանում է, որ բոլորս չէինք սեղմել կոճակները, սպասեցինք Գեղամյանը սեղմեց, հետո մենք սեղմեցինք։ Դա, եթե որոշակի եզրակացություններ կարող է տալ տեխնիկական առումով, ես ոչնչով չեմ կարող օգնել։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Նիստը երկարաձգվում է մինչեւ 1815 ։ Հաջորդ ելույթի համար հրավիրվում է Աղասի Արշակյանը։

Ա.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, թույլ տվեք ձեզ ներկայացնել ԱԺ «Ազգային միաբանություն» խմբակցության դիտարկումները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2004թ. 13-74 բանաձեւի առնչությամբ Հայաստանի ստանձնած պարտականությունների եւ պարտավորությունների կատարման մասին բանաձեւի 9-րդ կետի «ա» ենթակետի առնչությամբ հետեւյալը.

ՀՀ իշխանությունները ոչ միայն թույլ չեն տալիս խաղաղ հանրահավաքներ եւ ժողովներ, այլեւ հետբանաձեւյան ժամանակաընթացքում արագ ռեժիմով երկու շաբաթվա ընթացքում երեք ընթերցմամբ ընդունեցին եւ գործողության մեջ դրեցին «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» նոր օրենք, որն, ուղղակիորեն, հակադրության մեջ է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ կողմից վավերացված մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխան դրույթների հետ։

Նույն կետի «բ» ենթակետի առնչությամբ. հանրահավաքների օրերին ոչ միայն չեն երաշխավորվել քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը, այլեւ ցուցարարների համար սիստեմատիկաբար փակվել են Երեւան տանող ճանապարհները։

«Գ» կետի պահանջով, այն է՝ թափանցիկ եւ վստահելի ձեւով վերջին իրադարձությունների անհապաղ հետաքննությունների մասին խոսք լինել անգամ չի կարող։ Չեն հայտնաբերվել ժողովրդին դաժան ծեծի ենթարկած անձինք։ Այդ թվում՝ իրավապաշտպաններ Միքայել Դանիելյանին եւ քաղաքագետ Աշոտ Մանուչարյանին ծեծողները։ Չեն պատժվում մանկավարժ Վիրաբյանին ծեծով ամորձահատության հասցրած ոստիկանները, թեեւ նրանց անունները նույնպես հայտնի են։

Նախագահամերձ օլիգարխների շրջապատից շուրջ երկու տասնյակի հասնող չաշխատող սափրագլուխներից, նրանք դատարաններում այդպես էին ներկայանում, ովքեր ջարդեցին 4-5 խցիկներ եւ լուսանկարչական ապարատներ ու ծեծել են լրագրողների։ Ընդամենը երկուսն են կանգնել դատարանի առաջ։ Ընդ որում, մեկն ուրիշի փոխարեն եւ արժանացել ընդամենը 100 հազար դրամ տուգանքի։

Բանաձեւի «դ» կետի առնչությամբ. բանաձեւն ընդունելուց հետո ոչ միայն անհապաղ ազատ չարձակվեցին հանրահավաքներում մասնակցելու համար ձերբակալված անձինք, այլեւ տեղի ունեցան մի քանի նորանոր ձերբակալումներ։ Այդ թվում՝ նախօրոք։ Մինչեւ հանրահավաքները նախնական պրոֆիլակտիկ ձերբակալությունների էին ենթարկվում ընդդիմության հանրահավաքների ակտիվիստները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի խմբի ղեկավարի Երեւան ժամանելուց հաշված ժամեր առաջ։ Ընդ որում, քրեական հետապնդումը միայն թողնվեց առկախ այնպես, ինչպես բազմաթիվ ուրիշների նկատմամբ։

«Զ» կետի առնչությամբ. ավելորդ է խոսել լրատվամիջոցների բնականոն աշխատանքի համար արդար պայմաններ ստեղծելու մասին։ Շարունակվում են հեռարձակման արտոնությունից զրկված մնալ «Ա1+ »-ը, «Նոյյան տապանը», անկախ հեռուստաընկերությունները։

Այս քայլերը ձեւական են Հայաստանի կողմից արվող եւ ցույց են տալիս արդարադատության ողջ անօգնականությունն ու ողորմելիությունը, նրա ուղղակի կախվածությունը բռնի ուժից եւ սափրագլուխներից։ Կներեք։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հաջորդ ելույթը՝ Արշակ Սադոյան։

Ա.ՍԱԴՈՅԱՆ

-Լարվածությունը հասնում է նաեւ խորհրդարան նույնիսկ այսպիսի պայմաններում։ Եվ ես ուզում եմ հատուկ դիմել հարգելի մեր ռադիոլսողներին, հեռուստադիտողներին, մեր բոլոր հայրենակիցներին։ Գարնանային ակտիվությունից հետո, իրոք, ստեղծվել է բարդ, պայթյունավտանգ իրավիճակ։ Մի կողմից այս միտումնավոր սխալ կառուցվածքի իշխանական համակարգում ապօրինաբար իշխանությանը տիրացած մարդիկ, որոնք անթաքույց արհամարանքով իրենց անձնական շահերն են միայն հետապնդում եւ ասում են՝ մեր դեմ խաղ չկա, ի՞նչ ուզում եք արեք, թե՞ տղամարդ եք հրացան վերցրեք, եկեք տենանք ո՞վ կհաղթի։ Մյուս կողմից՝ այլասերված քաղաքական համակարգ, քաղաքական գործիչներ, որոնք բարոյահոգեբանական մթնոլորտը չկոտրելու համար մի քիչ պայքարում են, պայքարի պատրանք են ստեղծում։ Եվ այս դաժան իրավիճակում, իսկապես, պետք է հանգուցալուծում գտնել։ Ի՞նչ անել։ Այս խնդիրը դրված է, ցավոք, այս խնդրին հստակ պատասխան չի տրվում։

Մեր կուսակցությունը դեռ հուլիսի 31-ին իր բաց համագումարում առաջարկեց պայքարի նոր ուղի։ Առաջարկվեց արմատապես փոխել ՀՀ իշխանական համակարգի կառուցվածքը, պատասխանատվության մեխանիզմներ սահմանել, ծրագրերով ղեկավարվող պետություն ստեղծել, որի այդ ծրագրերի կատարման համար պետք է պատասխանատու լինեն բոլորը, ներառյալ ԱԺ-ը ու նրա կողմից մեր սահմանադրական փոփոխությունները կազմող կառավարությունը։

Առաջարկվեց, որ այս հանրաքվեն անցկացվի ոչ ուշ, քան 2005թ. մարտ-ապրիլին, որից հետո անցկացվեն նոր նախագահական, նոր պառլամենտական ընտրություններ պայմանով, որ գործող նախագահը 3-րդ անգամ իր թեկնածությունը չի դնելու։ Այս ժամանակացույցով աշխատանքային ծրագիրը, ցավոք սրտի, այդպես էլ չի քննարկվել եւ որեւէ հստակ պատասխան չի տրվել։ Բնական է, որ մենք հասկանում ենք, որ առանց զանգվածային պայքարի այս ծրագիրը չի իրականանա։ Դրա համար առաջարկում ենք բոլոր տեղերում, բնակավայրերում ստեղծել պայքարի ունակ մարդկանց կազմակերպված խմբեր եւ դրանց նպատակը առաջին հերթին հոգեբանական գործոնն է։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հաջորդ հայտարարությունը՝ պատգամավոր Սուքիաս Ավետիսյան։

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

-Շնորհակալություն։Օգտվելով առիթից, ես ուզում եմ 58 թաղամասի Գյումրի քաղաքի մոտ 7 հազար ընտանիքների անունից շնորհակալություն հայտնել Հանրապետության Նախագահին, հանրապետության վարչապետին եւ «Հայ-ռուս» գազարդի տնօրինությանը, որ շատ կարճ ժամանակում կարողացան թաղամասի գազաֆիկացման խնդիրը լուծել եւ թաղամասի բնակչությանը զրկեցին ամեն տարի ջեռուցման հիմնախնդիրներով զբաղվելու հարցերից։ Այս առումով ես կուզեի, որ այսօր կառավարությունը նորից ժամանակն է, որ զբաղվի մյոս թաղամասերի հիմնախնդիրներով, ձմռան նախապատրաստական հարցերով։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է իմ ընտրատարածքի, Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի հիմնախնդիրներին։ Թաղամաս, որտեղ 1992թ. երկու անգամ կառուցվել է կաթսայատուն։ Առաջինի հետքերը այժմ չկան, իսկ երկրորդը նախանցած տարի է կառուցվել, մեկ տարի ջեռուցում են ստացել բնակիչները։ Անցած տարի նորից ջեռուցում չի եղել։ Ես կարծում եմ, որ լուծումը ճիշտ է, եթե 58 թաղամասի 7 հազար ընտանիքնրի հարցը մենք լուծեցինք գազաֆիկացման տարբերակով, ապա կարծում եմ ժամանակն է, դեռ ուշ չէ, մինչեւ ձմեռ երկու-երեք ամիս կա, որպեսզի կառավարությունում հարցը քննարկվի եւ անհրաժեշտության դեպքում այդ թաղամասի մոտ 600 ընտանիքների հարցը եւս լուծենք գազաֆիկացման ճանապարհով։ Եթե ոչ, ապա կարծում եմ ճիշտ կլինի, որ կառավարությունը քննարկի եւ ընդամենը 10-20 մլն դրամի խնդիր է, կարողանա թաղամասի բնակիչների ջեռուցման համար դոտացիա հատկացնի եւ այդ թաղամասի բնակիչներին մենք կարողանանք օգնել, որովհետեւ մոնոլիտ երկաթ-բետոնյա շենքերում ձմեռն անցկացնելը այնքան էլ դյուրին խնդիր չի։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հաջորդ ելույթը՝ Գուրգեն Արսենյան։

Գ.ԱՐՍԵՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, շատ կարճ ելույթ է։ Ես ուզում եմ եմ ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների ղեկավարներին դիմել հետեւյալ խնդրանքով։ Քանի որ ԱԺ-ը Սահմանադրությամբ ուղերձներ ընդունելու հնարավորություն չունի, առաջարկում եմ վաղը հանդիպել խմբակցությունների ղեկավարներով եւ քննարկել ԱԺ-ի անունից Ռուսաստանի Դաշնության պետական դումային ուղղվող մի տեքստ, որը, չասենք ուղերձ, այլ ցավակցական եւ մեր մտահոգությունները արտահայտող տեքստ Բեսլանի իրադարձությունների հետ կապված, որը կխնդրեի, որ քաղաքական բոլոր ուժերը մասնակցեին եւ ցույց տայինք, որ տվյալ հարցում մենք միակարծիք ենք։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հաջորդ հայտարարությունը՝ Արտակ Առաքելյան։

Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, հայրենակիցներ, ոչ միայն ահաբեկչությանը պետք է ոչ ասել, այլ ոչ պետք է ասել անտարբերությանը, ոչ պետք է ասել ամենաթողությանը, ոչ պետք է ասել նաեւ թալանի փորձ կատարողներին։ Իմ այս մտորումները ես բերում եմ ձեռքիս դիմումից, որ շուրջ 200 հաշմանդամներ ուղղել են ԱԺ Գյումրիից, Վանաձորից, Մարտունուց եւ Երեւանից։

Հանրապետության ամենահին հասարակական կազմակերպություններից մեկն է խուլ-համրերի հասարակական կազմակերպությունը եւ նրանք խորը մտահոգությամբ նշում են, որ իրենց վաստակով, իրենց քրտինքով ստեղծված հիմնական միջոցները սեփականաշնորհվում են եւ խլվում են իրենցից։ Ոչ միայն իրենց համար աշխատանք չի ստեղծվում, այլեւ նրանք զրկվում են իրենց ունեցվածքից։ Օրենքով դա դրված է արդարադատության նախարարության վրա հասարակական կազմակերպությունների նկատմամբ հսկողություն իրականացնելը։ Միջնորդություն կուղարկեմ այնտեղ եւ Հանրապետության Նախագահին կից վերահսկողական ծառայությանը եւ կխնդրեմ, որ անպայման լրջորեն ուսումնասիրվի եւ համապատասխան միջոցներ ձեռնարկվն։

Ինչ վերաբերում է կենսաթոշակներին, այո, Արարատի մարզում եւ Գեղարքունիքում ուշացվել են հուլիս ամսվա կենսաթոշակները։ Դա կենսաթոշակային ապահովության հիմնադրամին մուծումներ կատարելու հետ է կապված, որը օգոստոսին, իսկապես, քիչ է եղել։ Բայց, որ մարդիկ նաեւ օգտվում են եւ պահումներ են կատարում այդ կենսաթոշակներից 500, 1000 դրամ, որպեսզի առաջնահերթ տան։ Դա անժխտելի է եւ պետք է դատապարտել եւ կոչ անել, որ այդ տեղերում ուշադրություն դարձնեն փոստային աշխատողների նկատմամբ արդարացի բաշխում կազմակերպելու համար։

Ես կարծում եմ ուրախության ժամանակ պետք է կարողանալ այդ ուրախությունն ավելացնել, իսկ տխրության ժամանակ տխրությունը պակասեցնել։ 44 ընտրատարածքում մենք կոչ ենք անում, որ գնալ եւ կարողանալ, իսկապես, ժողովրդի համար պայմաններ ստեղծել եւ ընտրություններն արդարացի եւ թափանցիկ կազմակերպել։ Իսկ հանել մարդկանց իրար դեմ կամ մտածել, որ դա ինչ-որ իշխանական ուժերը սեփականաշնորհել են կամ այնտեղ այսինչը կամ այնինչն ընտրվի, դրանով մենք առաջ չենք գնա։ Եկեք կարողանանք մարդկանց համար պայմաններ ստղծել, թող արդարացի ընտրություն կատարվի։ Իսկ ով կընտրվի, պետք է անպայման շնորհավորել։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Ամբիոնի մոտ է հրավիրվում Արտաշես Գեղամյանը։

Ա.ԳԵՂԱՄՅԱՆ

-Փետրվար ամսից սկսած իշխանություններն իրարանցում են կազմակերպել։ Ընդդիմությունը կգա խորհրդարան, ընդդիմությունը չի գա խորհրդարան։ Պարզապես մարդկանց ուշադրությունն ուզում են շեղել այն աննախադեպ ողբերգությունից, որի ականատեսն ենք մենք բոլորս։ Բանը հասել է նրան, որ ազգային անվանդություններ ունեցող կուսակցությունները գալիս են իշխանության եւ այդ իշխանություններից ազգաբնակչությունը փախնում է Թուրքիա սահմանամերձ գյուղերով։ Արմավիրի եւ Շիրակի մարզ։ Էլ ուրիշ ոչ մի գնահատական այս իշխանությունների գործունեությանը պետք չի տալ։ Մազապուրծ են լինում, փրկվել են ուզում այս իշխանություններից եւ այս պարագայում ժողովրդի ուշադրությունը շեղում են։ Ընդդիմադիրները կգան, չեն գան, ընդդիմադիրները ծրագիր չունեն, խարիզմատիկ լիդեր չունեն։ Ամեն ինչ էլ ունենք։ Եթե այդ համոզմունքին եք, որ չունենք, ի՞նչն է խանգարում։ Մի տարի չորս ամիս ոչ մի իմ հրապարակային ելույթ ոչ մի հեռուստաալիքով չեն ցուցադրում։ Ցուցադրեք, հետո ջախջախեք, եթե սխալ բաներ եմ ասում։ Աղավաղված, նենգափոխված, առանց անհարմար զգալու ելույթս ինձ պախարակելու համար երկրներ են ուզում հանել Հայաստանի դեմ։ Առանց անհարմար զգալու արդեն ընտանիքիս անդամներին են քննարկման առարկա դարձրել։ Թող ներվի՝ սեքսապատոլոգ կոչված կնոջ անունով տղամարդու արտաքինով ծոցս է մտնում հեռուստաէկրանից ֆիզիկական ուժգնությանս կամ թուլությանս մասին ասելու։ Եվ դա երկու անգամ անընդմեջ ցույց են տալիս։ Հինգ ամիս առաջ հեռուստատեսությամբ ելույթ եմ ունեցել 20 րոպե, որ փակվել է, 1,5 տարի չկա, 15-20 օր առաջ նույն ելույթը կրկնում են, որ մոնիտորինգի հանձնաժողովին ասեն՝ ո՞վ ասաց, որ ձայն չենք տալիս։

Պրն Քոչարյան, եթե դուք, իրոք, միակ տղամարդն եք, հետն էլ ասում են որ էն եք, ինչու՞ եք սարսափում ուղիղ խոսքից, բանավոր խոսքից։ Հունիսին ելույթ ունեցա կինեմատոգրաֆիստների տանը, հեռուստատեսությամբ տվեք, հետո ի՞նչ անուն ուզում եք դրեք, պիտակավորեք, բայց մարդիկ ազնիվ ինֆորմացիան ունենան։ Սեպտեմբերի 10-ին ելույթ ունեցա ճարտարապետների միության դահլիճում, որ հեռուստաէկրանին նայում ես, ասում ես՝ չհասկացա, կարող է երազ է։ Բացարձակ ոչ մի առնչություն չունեցող բաներ։ Խոսքը նենգափոխված հասցնում են մարդկանց եւ ուզում են ընդհանուր խավարի զգացում առաջացնեն, որ մարդիկ հուսահատվեն եւ հուսահատության արդյունքը կրելու ենք բոլորս։ Երկիրը բոլորինս է, մենք խոպան չենք եկել այստեղ։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Նիստն ավարտված է։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS