National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
07.06.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 31

07 հունիսի 2018

Ժամը 11:00

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 
 

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է  ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ
 

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Բարեւ ձեզ։ Հարգելի գործընկերներ, այսօր կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու Կառավարության ծրագիրը։ Խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման։ Գրանցում։

Գրանցվել է 93 պատգամավոր, քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները։

Հարգելի գործընկերներ, Կառավարությունը ներկայացրել է ԱԺ արտահերթ նիստի անցկացման մասին ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում է արտահերթ նիստի յուրաքանչյուր օրը գումարել 1,5 ժամ տեւողությամբ չորս նիստ։ Խնդրում եմ՝ ուշադրություն յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը կես ժամ է։ Այսինքն՝ մենք կունենանք չորս նիստ եւ  երեք ընդմիջում։ Որոշման նախագիծը ձեզ բաժանված է։  Այս որոշման նախագիծը քվեարկության է դրվում առանց քննարկման։

Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ քվեարկել այս որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը։

Քվեարկության է դրվում 2018թ. հունիսի 7-ին գումարված «ՀՀ ԱԺ արտահերթ նիստի անցկացման մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 94
Դեմ՝   չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Հարգելի պատգամավորներ, տեղեկացնեմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է արձանագրություն, ըստ որի՝ ՀՅԴ կուսակցության համապետական ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվում է նույն ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Սպարտակ Սեյրանյանին։ Շնորհավորենք պրն Սեյրանյանին։

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԺ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը, համաձայն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, պետք է երդվի։ Խնդրեմ, պրն Սեյրանյան։

Ս.ՍԵՅՐԱՆՅԱՆ

-Հանուն համազգային նպատակների եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտականություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության եւ շահերի  պաշտպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանության համար։ Շնորհակալություն։

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը։

Կառավարության ծրագիրը ներկայացնելու համար ձայնը տրվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Խնդրեմ, պրն Փաշինյան։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Սիրելի ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, ԱԺ հարգելի պատգամավորներ, հարգելի նախագահություն, սիրելի լրագրողներ, պատիվ ունեմ ներկայացնել ՀՀ կառավարության ծրագիրը։

Պատիվ ունեմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը։ Մեր Կառավարությունն այս կարգավիճակին արժանացել է Հայաստանում տեղի ունեցած մի պատմական իրադարձության՝ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության արդյունքում: Պատմական այս գործընթացով ձեւավորված Կառավարությունը, ըստ այդմ, պատմական առաքելություն ունի իրականացնելու, այդ առաքելությունը ՀՀ-ն ազատ, հզոր ու երջանիկ պետություն դարձնելն է: ՀՀ-ն այսօր աշխարհում հայտնի է որպես սիրո եւ համերաշխության աննախադեպ հեղափոխություն իրականացրած երկիր: Մեր խնդիրն է, ըստ այդմ, դրական այս իմիջը զարգացնելն ու Հայաստանը դարձնելը հետհեղափոխական աննախադեպ հաջողությունների երկիր, ում հաջողվել է հեղափոխության գաղափարներն ու արժեքներն ամրագրել որպես հանրային պետական կյանքի հարատեւ կանոններ։

Այս իմաստով առանցքային նշանակություն ունեն եւ հետեւաբար՝ Կառավարության գործունեության համար ուղենիշային են լինելու հետեւյալ հայեցակարգային հիմնախնդիրները. իշխանության ձեւավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իրավունքի գերակայության եւ օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը եւ քաղաքացիական համերաշխությունը, ՀՀ արտաքին եւ ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի եւ Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, կոռուպցիայի հանրային մերժումը եւ կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության եւ բիզնեսի գործնական տարանջատումը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը եւ մարդու ստեղծագործելու արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը, արհեստական տնտեսական մենաշնորհների բացառումը, տնտեսական մրցակցության պաշտպանությունը, տնտեսական որեւէ գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորությունը, տնտեսության ներառական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը, հանրության կրթական եւ սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացումը, բռնությունից զերծ հանրության հաստատումը եւ բռնության հարային մերժումը, շրջակա միջավայրի պահպանությունը եւ բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումը:

Մենք համոզված ենք, որ այս թեզերով է պարփակվում այն բովանդակային տարածքը, որն անհրաժեշտ է Հայաստանը զարգացման նոր աստիճանի բերելու համար: Եվ, ընդհակառակը, համոզված ենք, որ արդեն ավելի քան 20 տարի Հայաստանի զարգացումն արգելափակող ձախողումները տեղի են ունեցել հենց վերը նշված բովանդակային տարածքում, եւ վերը նշված թեզերը մենք համարում ենք Հայաստանի խնդիրներն ախտորոշող եզրակացություն եւ բուժման դեղատոմս՝ միաժամանակ։

Ու չնայած` համոզված ենք նաեւ, որ նշված խնդիրները պատճառահետեւանքային կապերով կապված են միմյանց հետ, թույլ տվեք պնդել, որ Հայաստանի զարգացումն արգելափակած անկյունաքարային հիմնախնդիրը, որը հարուցիչ ու պատճառ է դարձել մեր երկրի բոլոր համակարգային պրոբլեմների, ընտրությունների ընթացքում ժողովրդի կամքի հետեւողական եւ շարունակական ձեւախեղումն է։ Մենք հենց սա ենք համարում Երրորդ հանրապետության պատմության չարիքների չարիքը, որի նախապատրաստման գործողությունները, ապա եւ իրագործումից հետո ծագած շղթայական ռեակցիաները բերել են հանրային, քաղաքական, տնտեսական, իրավական, կրթական, սոցիալական եւ պետական դեգրադացիայի, եւ ես հիմա կփորձեմ փաստարկել այս թեզը՝ հիմնավորելով մեր Կառավարության ներկայացրած ծրագիրը։

Նախ՝ ուզում եմ արձանագրել իմ համոզմունքը. Հայաստանի անկախացումից հետո տեղի ունեցած բոլոր խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են` բացառությամբ 1991 թվականի նախագահական եւ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների։ Ու եթե մինչեւ 2017 թվականը խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու հիմնական գործիքները եղել են սպառնալիքները, վարչական լծակների գործադրումը, ֆիզիկական բռնությունները, քվեաթերթիկների լցոնումները, 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները կեղծելու հիմնական գործիքները եղել են սպառնալիքները, վարչական լծակների գործադրումը եւ ընտրակաշառքի համատարած բաժանումը։

Ամեն դեպքում, կարեւոր է ընդգծել, որ չկա ընտրակեղծարարության որեւէ տեսակ, որ հետապնդելի եւ դատապարտելի չլինի քրեական օրենսգրքով։ Բայց, հասկանալիորեն, ընտրությունների արդյունքները կեղծած եւ այդ կեղծման հետեւանքով իշխանության եկած կամ իշխանությունը պահպանած քաղաքական թիմերն ու խմբերը չէին կարող այդ իրադարձությունների պատշաճ քննություն իրականացնել, մեղավորներին արժանի պատասխանատվության ենթարկել, որովհետեւ այդպիսով, որպես մեղավոր, պետք է բացահայտեին իրենք իրենց եւ հետո, ստորին ու միջին օղակի կեղծարարներին բացահայտելով, նրանք կզրկվեին իրենց ամենակարեւոր եւ հուսալի, երբեմն միակ քաղաքական հենարանից։

Եվ ուրեմն, ընտրությունների արդյունքների հետեւողական ու շարունակական կեղծումներն ու ձեւախեղումները, այդ իրողությունները չբացահայտելու քաղաքական ճնշումն ու պարտադրանքը, որ բանեցվել են իրավապահ եւ դատական մարմինների նկատմամբ, հենց բնում ջախջախել են իրավունքի գերակայության եւ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը, առանց որի պետության կայացումը կարելի է բացառել։

Իրավապահ մարմինները, որոնք ոչ միայն պատշաճ չեն քննել, այլեւ կոծկել են ընտրական հանցագործությունները, դարձել են հակաիրավական մարմիններ։ Դատարաններն ու դատախազները, որոնք աչք են փակել ապօրինի հետաքննությունների եւ նախաքննությունների, կեղծումների եւ կոծկումների վրա, դարձել են ձեւախեղման այս գործընթացի հենարանն ու երաշխավորը, իսկ քաղաքական իշխանությունը, որը կեղծարարության այս հսկայական մեքենայի պտուղների հիմնական վայելողն է դարձել, ստանձնել է արատավոր այս համակարգի տանիքի ու հովանավորի դերը։

Այլասերման այս գործընթացն անխուսափելիորեն հանգեցրել է նրան, որ Հայաստանում գործել է պետություն՝ պետությունից դուրս։ Ձեւավորվել է ընտրակեղծարար արտոնյալների մի խավ՝ ներառյալ նրանց սպասարկող դատաիրավական համակարգը եւ նրանց հովանավորող պետական իշխանությունը, որը դուրս է եղել օրենքից, եւ Հայաստանի օրենքները նրանց անհրաժեշտ են եղել` միայն քաղաքական հակառակորդներին եւ անվերահսկելի տարրերին վերահսկելու, հետապնդումների ենթարկելու, ծնկի բերելու, որովհետեւ իրենց վրա այդ օրենքները չեն տարածվել, իրենք ապրել են բոլորովին ուրիշ, չգրված օրենքներով։

Այս պայմաններում նույնիսկ այնպիսի արժեքներ, ինչպես հանրային եւ ազգային միասնությունն են, ձեւախեղվել են եւ վարկաբեկվել, որովհետեւ պաշտոնական քարոզչության շուրթերից հնչող միասնության կոչերը ոչ թե միասնություն ապահովելու նպատակ են ունեցել, այլ ապօրինությունները, թալանը, նույնիսկ բռնություններն ու սպանությունները չնկատելու, հանդուրժելու եւ դրանց հարմարվելու առաջարկ։ Եվ պետությունը բռնազավթած այս ապապետական համակարգը մարդկանց լռեցնելու, վարկաբեկելու, իրար դեմ հանելու, ֆիզիկական եւ հոգեբանական հաշվեհարդարի ենթարկելու համար միլիոնավոր դոլարներ է ծախսել, եւ նման գործողությունները հետագայում ավելի ու ավելի մեծ ծախսեր են պահանջել, որովհետեւ հանցագործությունների ծավալների աճը լռության ու համաձայնության ավելի մեծ գին է պահանջել` այն աստիճան, որ, ի վերջո, իշխանությունն ինքն իրեն վերարտադրելու համար ստիպված է եղել լռության ու համաձայնության գին վճարել ամբողջ հանրությանը կամ առնվազն նրա մեծագույն մասին՝ փորձ անելով կոռուպցիան դարձնել հանրային հարաբերությունների կարգավորման առանցքային գործիք։

Ահա այս իրավիճակում են Հայաստանում հաստատվել տնտեսական մենաշնորհներ, որոնց գոյության միակ նպատակը վերը նշված մեխանիզմներով իշխանության վերարտադրության համար անհրաժեշտ փողի եւ կապիտալի կուտակումն է եղել։ Եվ այս պայմաններում իշխանությունը ստիպված է եղել հնարավոր բոլոր միջոցներով պահպանել եւ պաշտպանել մոնոպոլիաները` փողի ապակենտրոնացում թույլ չտալու, այսինքն՝ փողի նկատմամբ իր վերահսկողությունը չկորցնելու համար։ Սա իր հերթին լայնորեն արգելակել է իրական տնտեսական աճը Հայաստանում, չնայած մեծ հաշվով ընտրությունները կեղծող իշխանությունը ներառական տնտեսական աճ ապահովելու խնդիր իր առաջ չի էլ դրել, որովհետեւ ներառական տնտեսական աճը, որի ազդեցությունն իրենց վրա զգում են շատ ավելի մեծ թվով մարդիկ, դժվարացնում է մարդկանց վերահսկելու գործընթացը եւ ոչ միայն փոքրացնում ընտրակաշառքի ազդեցությունը, այլեւ մեծացնում դրա պոտենցիալ չափը, որովհետեւ ավելի բարեկեցիկ մարդը պակաս հակված կլինի ընտրակաշառքի, իսկ հակված լինելու դեպքում շատ ավելի մեծ ակնկալիք կունենա, իսկ նման իրավիճակում փողերը կարող են եւ չհերիքել: Իսկ որքան ցածր է հանրության եւ առանձին վերցրած քաղաքացու սոցիալական, կրթական մակարդակը, այնքան ավելի հնազանդ է նա կոռուպցիոն համակարգին։

Այսպիսով, տիկնայք եւ պարոնայք, մենք առաջնորդվում ենք այն համոզմունքով, որ Հայաստանում տեղ գտած ամենաառանցքային քայքայիչ երեւույթներն ուղիղ կապ ունեն իշխանությունը հնարավոր ամեն գնով պահպանելու եւ այդ ճանապարհին ոչնչի առաջ կանգ չառնելու` Հայաստանը երկար տարիներ կառավարած թիմերի մոլուցքի հետ։ Եվ մեր Կառավարությունն իր մեծագույն առաքելությունը համարում է քայքայիչ այս մտածողությունը Հայաստանից արմատախիլ անելը։

Սրա համար անհրաժեշտ բոլոր պայմաններն առկա են, որովհետեւ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին, ի վերջո, կարողացավ ջարդուփշուր անել ընտրակաշառքի, հարկադրանքի, վախի ու կախվածության ստրկացնող շղթաները, եւ հիմա եկել է ժամանակը` այս իրողությունը որպես հանրային պայմանավորվածություն եւ մշակույթ արձանագրելու համար:

Սա առաջին հերթին ոչ թե կառուցակարգային, այլ բովանդակային խնդիր է, եւ կառավարության առաջադրանքն այս փուլում հենց նման բովանդակություն եւ իմաստ հաղորդելն է հանրային-քաղաքական կյանքին։ Գործնական առումով մեր կարեւորագույն խնդիրը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, եւ այդ ընտրությունների հիմնական նպատակը պետք է լինի ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների մեխանիզմն ու հնարավորությունը ժողովրդին վերադարձնելը, եւ այս վերադարձի ակտն անբեկանելի դարձնելը:

Բնական հարց կծագի. իսկ ինչո՞ւ արտահերթ ընտրությունները չանցկացնել հենց հիմա։ Անկեղծ ասած, ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմին ձեռնտու, ամենաձեռնտու տարբերակն է, որովհետեւ մեր կազմակերպած եւ առաջնորդած թավշյա հեղափոխության ոգեւորությունը գտնվում է իր գագաթնակետին, եւ որեւէ կասկած չկա, որ ընտրություններն այսօր անցկացնելու դեպքում մեր քաղաքական թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ։ Բայց եթե մենք առաջնորդվենք այս տրամաբանությամբ, կնշանակի, որ իշխանությունը երկրում փոխվել է, իսկ բովանդակությունը չի փոխվել, եւ նոր իշխանությանը, ինչպես բազմաթիվ նախկինները, առաջ է մղում բացառապես իշխանությունը պահպանելու մոլուցքը, եւ ընտրություններն անցկացվում են մի պայմաններում, երբ ժողովուրդն ընտրական համակարգի միջոցով իշխանությունը փոխելու իրական հնարավորություն չունի՝ այս անգամ էլ հետհեղափոխական էյֆորիկ մթնոլորտի պատճառով։

Մենք կարծում ենք, որ ընտրությունները Հայաստանում պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում, եւ դա ոչ միայն հնարավորություն կտա էականորեն բարելավել ընտրական համակարգը, այլեւ քաղաքական մյուս ուժերին, ում համար իշխանափոխությունն անակնկալ էր ու անսպասելի, դուրս գալ ցայտնոտի վիճակից եւ որոշակի ընտրական նախապատրաստություններ տեսնել։ Բացի դրանից, այս ժամանակացույցը ժողովրդին, քաղաքացիներին հնարավորություն կտա կատարել տեղեկացված ընտրություն, ինչպես անգլերեն ընդունված է ասել՝ informed decision` հիմնվելով գործող կառավարության եւ իշխող թիմի գործունեության արդյունքների վրա։

Հաջորդ հարցը, որ կարող է ծագել, հետեւյալն է. իսկ ինչո՞ւ ընդհանրապես անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Պատասխանը շատ պարզ է. ինչպես հեռացել է կեղծիքներով ու ընտրակաշառքով ձեւավորված գործադիր իշխանությունը, այնպես էլ պետք է հեռանա կեղծիքներով ու ընտրակաշառքով ձեւավորված օրենսդիր իշխանությունը:

Իսկ առաջիկա ժամանակը գործող Կառավարությունը մտադիր է օգտագործել Ընտրական օրենսգիրքը լրջագույն փոփոխությունների ենթարկելու համար, եւ այդ փոփոխությունները կլինեն Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտությունն ընտրությունների օրինականությունն ու թափանցիկությունը երաշխավորելու տրամաբանությամբ: Կառավարությունը մտադիր է այս հարցով զբաղվող աշխատանքային խումբ ստեղծել, որում ընդգրկվելու հրավեր կստանան խորհրդարանական բոլոր խմբակցությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, նաեւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները: Այդ ժամանակը, սակայն, օգտագործելու ենք ոչ միայն ընտրական համակարգը բարելավելու համար:

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեր գործունեության կարեւորագույն կողմը լինելու են ոչ միայն առօրյա, ինքնին հասկանալի, Հայաստանի Հանրապետության օրենքներից, միջազգային պայմանագրերից, ամենօրյա խնդիրների լուծման անհրաժեշտությունից բխող քայլերը, ինչն ինքնին հասկանալի է եւ տրամաբանական, այլեւ այնպիսի գործողություններ, որոնց հիմնական նպատակը Հայաստանի հին բովանդակությունը նոր բովանդակությամբ փոխարինելն է։ Այդ փոփոխությունների զգալի մասը, ընդ որում, չի պահանջում օրենսդրական եւ կառուցակարգային որեւէ փոփոխություն, որեւէ վարկ կամ գրանտային միջոց, այլ ընդամենը` քաղաքական կամքի գործադրում: Ի՞նչ ենք, ուրեմն, պատրաստվում անել եւ ինչպե՞ս:

Հայաստանում չեն լինելու արտոնյալներ։ Օրենքը հավասարաբար գործելու է բոլորի, այդ թվում՝ երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ։ Եվ որպեսզի սա չհնչի որպես սպառնալիք ուրիշների հասցեին, պիտի ջանքեր գործադրեմ, որ այդ սկզբունքն առաջինը գործի իմ ընտանիքի անդամների, իմ շրջապատի, հարազատների եւ բարեկամների նկատմամբ։

Ու հպարտ եմ հայտարարել, որ որդիս, ում 18 տարին լրացել է այս տարվա մարտին եւ որը պետք է առաջիկա զորակոչին մեկնի ժամկետային զինվորական ծառայության, դիմում է գրել եւ կամավոր հիմունքներով ծառայությունն իրականացնելու է Արցախում։ Հասկանալի է, որ այս պայմաններում մենք առանձնահատուկ քննության ենք ենթարկելու բարձրաստիճան պաշտոնյաների որդիների, այդ թվում՝ նախարարների, ԱԺ պատգամավորների որդիների բանակում ծառայած լինել-չլինելու հանգամանքը, եւ պիտի հոգ տանենք, որ նրանք, ովքեր ծառայությունից ազատվելու օրենքով նախատեսված հիմնավոր եւ օրինական պատճառներ չունեն` ծառայեն, իսկապես ծառայեն բանակում, ինչպես Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն իրականացրած երիտասարդներն ու պատանիները։ Գործող եւ նախկին պաշտոնյաներին եւ նրանց որդիներին այս բարձր ամբիոնից կոչ եմ անում. եթե իրենք գտել են բանակից խուսափելու զարտուղի կամ կիսազարտուղի ճանապարհներ, արձագանքել նոր ժամանակների նոր մոտեցումներին, ներկայանալ զինվորական կոմիսարիատներ եւ զորակոչվել բանակ:

Եվ այս ֆոնին կրկին, եւս մեկ անգամ կոչ եմ անում շուրջ մեկ տասնյակ հազար մեր հայրենակիցներին, ովքեր գտնվում են արտերկրում եւ ում նկատմամբ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով հետախուզում է հայտարարված. սիրելի բարեկամներ, եղբայրներ, վերադարձեք Հայաստան, մեկնեք ժամկետային զինվորական ծառայության եւ հայրենիքի անվտանգության ձեր բաժին պատասխանատվությունն անպայման ստանձնեք։ Սա նոր Հայաստան է, այստեղից չեն փախչում որեւէ, այդ թվում՝ բանակից խուսափելու պատճառաբանությամբ։ Այստեղ վերադառնում են այսօրվա եւ ապագայի նկատմամբ ունեցած պատասխանատվության եւ սիրո զգացողությամբ։ Սպասում եմ յուրաքանչյուրիդ, ապացուցեք, որ հաղթանակած ժողովրդի դուխով զավակներն եք։

Եվ կրկին ուզում եմ հիշեցնել, որ ժամկետային զինվորական ծառայություն անցնելու համար հայրենիք վերադարձած պատանիները, երիտասարդները, եթե անգամ հետախուզման մեջ են, չեն ձերբակալվի, նրանց նկատմամբ որեւէ հետապնդում չի իրականացվի, իսկ բարձր մասնագիտական հմտություններ ունեցող անձինք հնարավորություն կստանան ծառայություն իրականացնել զինված ուժերի զարգացման համապատասխան ոլորտում:

Շարունակելով թեման` ասեմ նաեւ, որ մենք ապահովելու ենք, որ ժամկետային զինվորական ծառայություն իրականացնող զինվորների ծնողները չունենան իրենց զավակներին բանակում պահելու, նրանց համար ներքնաշորեր, կոշիկ, սնունդ, հիգիենիկ պարագաներ գնելու պարտավորություն։ Մենք հոգ ենք տանելու, որ պետությունն իր զինվորին ապահովի այս ամեն ինչով եւ դա անի պատշաճ որակով ու մակարդակով։

Մենք թույլ չենք տալու, որ մեր զինվորներին ու սպաներին որեւէ մեկն ընտրական հարկադրանքի ենթարկի, եւ նրան աշխատանքից ազատելու սպառնալիքի տակ կամ զինվորական սուբորդինացիան չարաշահելով՝ ստիպի խորհրդարանական ընտրություններում քվեարկել այս կամ այն ուժի օգտին, որովհետեւ զինվորի քաղաքացիական կամքը, ոգին կոտրելով` կոտրում են նաեւ մարտական կամքը եւ ոգին։

Մենք թույլ չենք տալու, որ մեր բանակում անհանդուրժողական անառողջ մթնոլորտ տիրի, դիտորդի նման չենք հետեւելու բանակում տեղի ունեցող ինքնասպանություններին ու ինքնասպանությունների փորձերին, ոչ կանոնադրական հարաբերություններին. ամեն նման դեպքի հետեւում կա իր աշխատանքը պատշաճ կերպով չկատարած պատասխանատու, եւ նրան պետք է գտնել ու պատասխանատվության ենթարկել։

Ես հասկանում եմ, որ հիմա ինձ լսող բազմաթիվ սպաներ հարց են տալիս. գիտե՞նք մենք արդյոք, թե ինչ պայմաններում, ինչ աշխատավարձով են իրենք աշխատում: Այո, գիտենք, պարոնայք սպաներ, եւ նաեւ գիտակցում ենք թե ինչպիսի սոցիալական խնդիրներ կան ազնիվ զինծառայողների ընտանիքներում: Եվ այդ խնդիրների շարունակական լուծումը լինելու է մեր Կառավարության առաջնահերթությունների շարքում: Բայց այդ խնդիրները չեն լուծվի, եթե մենք բոլորս՝ շարքային ոստիկանից, զինծառայողից սկսած մինչեւ նախարար ու վարչապետ, աշխատանքի զգացողությունը չփոխարինենք առաքելության զգացողությամբ: Մենք պետք է հասկանանք, որ սովորական ժամանակներում չենք ապրում, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեզնից յուրաքանչյուրը հերոսանալու, մաքրագործվելու, հայրենիքին ու ապագային ծառայություն մատուցելու պատմական հնարավորություն ունի, եւ այդ հնարավորությունն ի կատար ածելու միայն մի ձեւ կա, միայն մի տարբերակ. ուրանալ սեփական անձը եւ անմնացորդ տրվել առաքելությանը, անմնացորդ տրվել ծառայությանը: Ուրիշ տարբերակ պարզապես չկա:

Եվ ուրեմն, մենք զարկ ենք տալու Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրին եւ վերականգնելու ենք Հայաստան-Ադրբեջան խախտված ռազմական հավասարակշռությունը, ընդ որում, Ադրբեջանի կողմից ծախսվող աստղաբաշխական գումարներին մենք հակադարձելու ենք ինովացիոն տեխնոլոգիաները, ինովացիոն միտքը։

Մենք արմատախիլ ենք անելու կոռուպցիան եւ որոշումների կայացման կոռուպցիոն մեխանիզմները, եւ համոզված եմ, որ դա անելու ենք բավականին հեշտությամբ, որովհետեւ երբ երկրի ղեկավարը թաթախված չէ կոռուպցիայի մեջ եւ կաշկանդված չէ կոռուպցիոն որեւէ խարդավանքով, սա արդեն կոռուպցիան ջախջախելու կարեւորագույն նախապայման է։ Եվ հիմա, այս բարձր ամբիոնից, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու աչքերի մեջ նայելով՝ ուզում եմ հայտարարել. վարչապետի պաշտոնում չեմ մտնելու կոռուպցիոն որեւէ գործարքի մեջ, վարչապետի պաշտոնավարումից որեւէ «կողմնակի» եկամուտ չեմ ունենալու, որեւէ գույք, բիզնես, բաժնետոմս ձեռք չեմ բերելու։ Եվ նման մոտեցում եմ պահանջում նաեւ կառավարության յուրաքանչյուր անդամից, յուրաքանչյուր պաշտոնյայից:

Մենք էականորեն մեծացնելու ենք պետական եկամուտները եւ հզորացնելու ենք մեր երկրի ֆինանսական համակարգը։ Էականորեն կրճատելու ենք ստվերային տնտեսությունը եւ առողջացնելու ենք տնտեսական հարաբերությունները։ Վերջերս խոշոր գործարարների մի խմբի հետ ունեցած մի հանդիպման ժամանակ հայտարարեցի, հիմա էլ ուզում եմ կրկնել. Հայաստանի բոլոր գործարարները, բոլորն առանց բացառության, ազատվում են բոլոր տեսակի կոռուպցիոն պարտավորություններից։ Ցանկացած պաշտոնյա՝ դատախազ, միլպետ, հարկայինի պետ, նախարար եւ այլն, ով կփորձի «փայ մտնել» որեւէ բիզնեսում, այսպես ասած, «նալոգ» դնել որեւէ գործարարի վրա, իմ անձնական թշնամին է, եւ պիտի սպասի պետության ու օրենքի ջախջախիչ հակահարվածին։

Որեւէ մեկը չմտածի, թե կարող է խուսափել պատասխանատվությունից. բոլոր կոռուպցիոներներին հայտնաբերելու ենք ու հանենք նույնիսկ ամենահեռու եւ ամենամութ ծակերից։

Մենք ոչնչացնելու ենք արհեստական տնտեսական մենաշնորհները. գործնականում կարող ենք ասել, որ տնտեսության մենաշնորհային համակարգը կյանքի վերջին օրերն է ապրում Հայաստանում։ Մենք տնտեսական հավասար հնարավորություններ ենք ստեղծելու բոլորի համար, բոլորը հարկվելու են նույն կերպ եւ նույն օրենքով։ Իհարկե, Հարկային օրենսգրքի բարեփոխումները, դրա կիրառման հեշտացումն ու պարզեցումը մեր առաջնահերթությունների ցանկի մեջ է, որովհետեւ Հարկային օրենսգիրքը, իրոք, բազմաթիվ բարդություններ եւ խառնաշփոթ է ստեղծել, որի նպատակը կրկին ու կրկին կոռուպցիոն անսահմանափակ հնարավորություններ ստեղծելն է, եւ մենք օր առաջ պետք է գործարարներին ազատենք հարկային գլուխկոտրուկներից:

Այս գործողություններով մենք ներդրումային բարենպաստ միջավայր ենք ապահովելու. յուրաքանչյուր ներդրող Հայաստան մտնելուն պես պետք է պաշտպանված զգա իրեն։ Եվ ուզում եմ հայտարարել, որ վարչապետի պաշտոնում անձամբ ինձ համարում եմ Հայաստանում իրականացված ցանկացած ներդրման երաշխավոր: Արդեն իսկ հանձնարարել եմ Ազգային անվտանգության ծառայությանը, որ այդ կառույցում ստեղծվի ներդրումների անվտանգությունն ապահովող բաժին, եւ յուրաքանչյուր խոշոր ներդրողի կցվի ԱԱԾ աշխատակից, ում պատասխանատվությունը կլինի արագ արձագանքել խնդիրներ ունենալու մասին ներդրողի բոլոր ահազանգերին եւ լուծել այդ խնդիրները:

Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր այն սփյուռքահայ հայրենակիցներին, ովքեր, արագ արձագանքելով Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությանը, արդեն իսկ Հայաստանում ներդրումներ են արել: Ընդհանրապես, պետական կառույցների վկայությամբ, Հայաստանում նախկինում երբեք ներդրումային այսպիսի հետաքրքրություն չի եղել, եւ մենք հույս ունենք, ամեն ինչ կանենք, որ ներդրումային այդ հետաքրքրությունը շատ արագ վերածվի ներդրումային բումի: Եվ կոչով դիմում եմ կրկին սփյուռքի մեր հայրենակիցներին. եղբայրներ եւ քույրեր, մի սպասեք ոչնչի, եկեք եւ ներդրումներ արեք Հայաստանում, հարստացեք եւ հարստացրեք, սրա համար չկա ոչ մի քաղաքական խոչընդոտ: Ես գիտեմ, որ իմ այս կոչին ի պատասխան` շատ քննադատներ ասելու են, թե կապիտալը հայրենիք չունի:

Համաձայն եմ, իհարկե: Բայց տվյալ դեպքում կապիտալի տերերը հայրենիք ունեն, եւ այս դեպքում հայրենիքը ոչ թե ֆինանսական օգնություն է խնդրում, այլ ուզում է հարթակ դառնալ, պլացդարմ դառնալ կապիտալի տերերի հետագա հզորացման համար, ինչն իր հերթին կծառայի հայրենիքի հզորացմանը:

Միեւնույն ժամանակ, մենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու ենք` գործարար մարդու վարկն ու համարումը բարձրացնելու համար։ Արդյունք ստեղծող, աշխատատեղեր ստեղծող, հարկեր վճարող մարդու կարգավիճակը հանրային գիտակցության մեջ պետք է առնվազն չզիջի պատգամավորի, քաղաքապետի, նախարարի կարգավիճակին։ Գործարարն իսկապես պետք է զգա, որ պետությունն ու հանրությունը շնորհակալ են իրեն` արդյունք ստեղծելու, աշխատատեղեր բացելու, հարկեր վճարելու համար։ Ու գործարարի այս կարգավիճակն այնքան բարձր ու այնքան պատվավոր պետք է լինի, յուրաքանչյուր օրինապահ գործարար այնքան պաշտպանված լինի, որ պատգամավորի կամ նախարարի կարգավիճակը ոչնչով գրավիչ չլինի նրա համար։ Ահա, այս հենքի վրա մենք պիտի փորձենք լուծել նաեւ Երրորդ հանրապետության առանցքային թնջուկներից մեկը՝ բիզնեսի եւ իշխանության տարանջատումը։

Այս խնդիրը ձեւակերպելիս նախեւառաջ հասկանում եմ, թե գործարարը քաղաքականությամբ չպետք է զբաղվի։ Եվ սա ճիշտ է ու արդարացի։ Բայց այս սկզբունքի կիրառումն ամբողջական ու ազնիվ չի լինի, եթե մենք չկիրառենք այս սկզբունքի կարեւոր բովանդակային կողմերից մյուսը. եթե գործարարը քաղաքականությամբ պետք է չզբաղվի, քաղաքական գործիչն էլ բիզնեսով չպետք է զբաղվի, եւ քաղաքականությունը, առավել եւս իշխանությունը, չպետք է լինեն փող աշխատելու գործիք որեւէ մեկի համար, ու հանրությունը պետք է լծակներ ունենա` վերահսկելու, որ իր պաշտոնյան բիզնեսով չզբաղվի: Բայց այս խնդրին արմատական լուծում տալու համար մենք պետք է նաեւ նվազեցնենք փողի ազդեցությունը քաղաքականության վրա, որովհետեւ երբ փողը դառնում է վճռական քաղաքական գործոն, քաղաքական գործիչների, կուսակցությունների առաջնային խնդիրը դառնում է փողի հարցը լուծելը՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով։

Մենք Հայաստանից պետք է արմատախիլ անենք ընտրակաշառքի արատավոր համակարգը։ Ընտրակաշառք վերցնելը եւ բաժանելը պետք է համարվի անպատվություն, իսկ ընտրակաշառք բաժանելու յուրաքանչյուր փորձ պետք է արժանանա իրավապահ մարմինների արագ եւ անխնա արձագանքին։ Քաղաքականությունը պետք է առաջին հերթին լինի բովանդակության պայքար, եւ փողի դերը պետք է լինի երկրորդական, եւ նման իրավիճակ հաստատելու իրական հնարավորություն կա, որովհետեւ հենց այս սկզբունքն էր դրված Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հիմքում։ Քաղաքականությունը պետք է ֆինանսավորվի ոչ թե առանձին անհատների, այլ հարյուրավոր, հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիների կողմից, որովհետեւ հենց նրանք պետք է լինեն քաղաքականության պատվիրատուն, եւ ոչ թե մի քանի հոգի։

Շարունակելով տնտեսական զարգացման թեման եւ չցանկանալով կրկնել այն, ինչ գրված է կառավարության ծրագրում եւ այն, ինչ ասել եմ որպես վարչապետի թեկնածու մայիսի 8-ին այստեղ ունեցած ելույթում, հարկ եմ համարում ասել հետեւյալը. Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո միջազգային տարբեր կազմակերպություններ, գործընկեր պետություններ մեզ լրջագույն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնում եւ մենք իհարկե, կօգտվենք այդ աջակցությունից: Մենք համարում ենք, որ Կառավարությունը տնտեսությունը զարգացնելու համար երկու առանցքային բան ունի անելու. նախ՝ տնտեսվարողներին որեւէ ձեւով չխանգարել, որ նրանք աշխատեն եւ արդյունք ստեղծեն, երկրորդ՝ ապահովել բարձր որակի ենթակառուցվածքներ: Մենք հույս ունենք, որ միջազգային կազմակերպությունները, գործընկեր պետությունները մեզ լրջագույն աջակցություն ցույց կտան այս երկու խնդիրները լուծելու հարցում, եւ դա լինելու է նրանց հետ մեր քննարկումների, երկխոսության կարեւորագույն հարցերից մեկը:

Ուզում եմ ընդգծել, որ մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը լինելու է նոր աշխատատեղերի բացումը, աշխատավարձերի եւ կենսաթոշակների ավելացումը, աղքատության կրճատումն ու հաղթահարումը, մարդկանց բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը: Երջանկությունն է, ի վերջո, այն բարձրագույն նպատակը, որը մենք ցանկանում ենք հասանելի դարձնել մեր քաղաքացիների համար, եւ այսօր դրա համար անհրաժեշտ քաղաքական, սոցիալ-հոգեբանական նախապայմաններն ապահովված են: Այս ճանապարհին մեզ մնում է երաշխավորել սոցիալ-տնտեսական բաղադրիչը, որը, համոզված եմ, կկարողանանք ապահովել սկզբունքային եւ հետեւողական աշխատանքի արդյունքում:

Տիկնայք եւ պարոնայք, ասել եմ արդեն, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ռեւերսներ չպետք է լինեն, եւ այսօր վերահաստատում եմ այդ դիրքորոշումը: Հայաստանը շարունակելու է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, Հայաստանը շարունակելու է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, եւ մեր խնդիրն է լինելու առավել մեծացնել այդ կազմակերպություններում մեր անդամության արդյունավետությունը: Ի դեպ, մայիսի 13-ին Սոչիում տեղի ունեցած ԵԱՏՄ գագաթաժողովին մասնակցելով՝ համոզվեցի, որ այս նույն խնդիրը հետապնդում են նաեւ ԵԱՏՄ բոլոր երկրները, ՀԱՊԿ անդամ էլի ուրիշ երկրներ: Սա ասում եմ` ընդգծելու համար, որ հարցի նման ձեւակերպումը լավ հիմք է ստեղծում ԵԱՏՄ մեր գործընկերների հետ հարաբերություններն ակտիվացնելու համար թե՛ ԵԱՏՄ, թե՛ երկկողմ հարաբերությունների շրջանակներում:

Մեզ համար չափազանց կարեւոր է Ռուսաստանի Դաշնության հետ ամենատարբեր բնագավառներում ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները զարգացնելը՝ այս նպատակը դիտարկելով մեր գլխավոր առաջնահերթությունների թվում։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է հիմնված լինեն բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։ Կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարեւոր բաղկացուցիչ։

Մենք լրջորեն աշխատելու ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում տարբեր ոլորտներում բարեկամական գործընկերությանը զարկ տալու ուղղությամբ։ Կառավարությունը նպատակադրված է խորացնել գործակցությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ` Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու ուղղությամբ։

Մենք Եվրամիության հետ սերտորեն համագործակցելու ենք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման եւ Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ։ Եվրոպական երկրների հետ համագործակցության խորացումը Կառավարության արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է։

Մենք պիտի լրջագույն ջանքեր գործադրենք Իրանի եւ Վրաստանի հետ այնպիսի առանձնահատուկ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ, որոնք հատուկ են ամենատարբեր ոլորտներում սերտորեն համագործակցող անմիջական հարեւաններին եւ որոնք հնարավորինս զերծ կլինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից։

Մենք առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս Չինաստանի հետ հարաբերություններին եւ կարծում ենք, որ Չինաստանի ակտիվությունը մեր տարածաշրջանում կարող է նոր խթան հանդիսանալ Հայաստան, Իրան, Վրաստան հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար:

Ընդհանուր առմամբ մեր արտաքին քաղաքականությունն ուղղված է լինելու ՀՀ Սահմանադրության հոդված 13-ի տրամաբանության իրականացմանը, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով»:

Բայց հարկ եմ համարում անել մի շեշտադրում, որը կարծում եմ, չափազանց կարեւոր է մեր արտաքին քաղաքականության ձեւակերպման տեսակետից. մեր քաղաքականությունը չի եղել եւ չի լինելու ամերիկամետ, մեր քաղաքականությունը չի եղել եւ չի լինելու եվրոպամետ, մեր քաղաքականությունը չի եղել եւ չի լինելու ռուսամետ։ Հարկ եմ համարում ընդգծել նաեւ, որ մեր քաղաքականությունը չի եղել եւ չի լինելու հակաամերիկյան, մեր քաղաքականությունը չի եղել եւ չի լինելու հակաեվրոպական, մեր քաղաքականությունը չի եղել եւ չի լինելու հակառուսական։

Մեր արտաքին քաղաքականության առանցքային նպատակը մեր երկրի ինքնիշխանության եւ անվտանգության պաշտպանությունն է, մեր երկրի ազգային շահերի սպասարկումը: Սա, կարծում եմ, պետք է կանոն լինի Հայաստանում գործունեություն ծավալող յուրաքանչյուր քաղաքական գործչի, հանրային գործչի, հասարակական կազմակերպության եւ կուսակցության համար: Մետամետ քաղաքականության ու կեցվածքի մշակույթը պետք է արմատախիլ արվի մեր երկրից: Մենք գործունեության ուղենիշներ չպետք է ունենանք մեր երկրից դուրս: Մեր գործունեության միակ ուղենիշը պետք է լինի մեր երկրի ինքնիշխանությունը, մեր երկրի պետական շահը:

Սա՝ արտաքին, ներքին քաղաքականության եւ, ընդհանրապես, գործունեության ցանկացած ոլորտում: Եվ ուզում եմ համոզմունք հայտնել, որ սա է Նոր Հայաստանի արժեքային, մշակութային ամենակարեւոր նորամուծությունը։ Այսօր շատերը փորձում են Կառավարությունում փնտրել եւ գտնել արեւմտամետ, ռուսամետ, ամերիկամետ գործիչներ կամ հակառուս, հակաամերիկյան, հակաեվրոպացի գործիչներ։ Եվ ուզում եմ ասել, որ սա անիմաստ փնտրտուք է, որովհետեւ Հայաստանի կառավարության կազմում ընդգրկված են բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, եւ սրանից դուրս նրանց որեւէ այլ կարգավիճակի վերագրումը Հայաստանում հաստատված իրավիճակի սխալ ըմբռնման, թյուրըմբռնման հետեւանք է։

Սիրելի հայրենակիցներ, ելույթիս այս հատվածում ուզում եմ անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խնդրին: Մի քանի անգամ արդեն հայտարարել եմ, որ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունները չեն կարող լիարժեք եւ արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: Այս դիրքորոշումը շատերը մեկնաբանեցին որպես նորույթ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում: Բայց սա հենց այն դեպքն է, որ տվյալ մոտեցումը ոչ մի նորություն չի պարունակում, եւ այն, ինչ համարվում է նորույթ, ընդամենը լավ մոռացված հինն է: Այն, որ Արցախը հակամարտության լիարժեք կողմ է, հաստատվել է 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի շրջանակներում, եւ մինչեւ 1998 թվականը բանակցային գործընթացը տեղի է ունեցել հենց այս ձեւաչափով: 1998 թվականից հետո Հայաստանի ներկայացուցիչները բանակցել են նաեւ Ղարաբաղի անունից: Ճիշտ են արել, թե սխալ` ուրիշ խնդիր է, բայց դրա համար ունեցել են պատճառ:

Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության շարժման կազմակերպիչներից էր: Եվ հետեւաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք բոլորս դրան ոնց ենք վերաբերվում: Նույն բանը չեմ կարող անել ես։ Մեծագույն ցանկության դեպքում անգամ չեմ կարող Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել ինքս ինձ, որովհետեւ դրա համար չկա ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական հիմնավորում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում հայաստանյան ընտրություններին, չի մասնակցում Հայաստանում իշխանության ձեւավորման գործընթացին, փոխարենն ունի իր իշխանությունը՝ իր Ազգային ժողովը, Կառավարությունն ու նախագահը, եւ նրան կարող է ներկայացնել միայն դա անելու օրինական եւ լեգիտիմ հիմք ունեցող ներկայացուցիչը:

Տեղյակ եք, անշուշտ, որ ամեն անգամ, երբ բանակցային գործընթացին Ղարաբաղը ներգրավվելու հարց է ներկայացվում, Ադրբեջանն ասում է, թե այդ դեպքում բանակցություններին որպես ինքնուրույն կողմ պետք է մասնակցեն նաեւ Լեռնային Ղարաբաղի, այսպես ասած, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները: Իրականում, սակայն, սա կեղծ փաստարկ է, որովհետեւ Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների քաղաքացիական կարգավիճակը որեւէ փոփոխություն չի կրել կոնֆլիկտի պատճառով: Կոնֆլիկտից առաջ էլ, հետո էլ նրանք շարունակում են մնալ Ադրբեջանի քաղաքացի: Եվ որպես Ադրբեջանի քաղաքացի՝ այդ մարդիկ շարունակում են մասնակցել Ադրբեջանում տեղի ունեցող ընտրություններին, այդ թվում՝ նախագահական ընտրություններին, ասել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բանակցություններին մասնակցում է նաեւ այդ մարդկանց տված մանդատով, ասել է, թե այդ մարդիկ բանակցային գործընթացում արդեն իսկ ներգրավված են՝ ի դեմս Ադրբեջանի գործող նախագահի:

Ամեն դեպքում, հարկ եմ համարում ընդգծել, որ մեր այս մոտեցումները որպես բանակցային գործընթացը վիժեցնելու փորձ ներկայացնողները ճիշտ չեն գնահատում իրավիճակը: Ինչպես նախկինում ասել եմ, պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, բայց մինչ այդ պարտավորված եմ զգում ամեն ինչ անել` բանակցությունների արդյունավետությունը բարձրացնելու համար, եթե իհարկե, մենք բանակցում ենք խնդիրն իսկապես կարգավորելու եւ ոչ թե բանակցելու համար: Բանակցությունների արդյունավետությունը բարձրացնելու առումով պակաս կարեւոր չէ, կարծում եմ, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու վրա աշխատելը: Սա էական հարց է, որովհետեւ մի փոքր անհարմար կլինի բանակցել նոր պայմանավորվածությունների հասնելու շուրջ, եթե նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները մնում են առանց իրագործման:

Այսուհանդերձ, մենք շարունակելու ենք կառուցողական դիրք ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում՝ մեր նպաստը բերելով տարածաշրջանում եւ աշխարհում կայունության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Ընդգծեմ նաեւ, որ որպես ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում, ժողովրդական հեղափոխության արդյունքում երկրի ղեկը ստանձնած Կառավարության ներկայացուցիչ, համոզված ասում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, բայց ուզում եմ նաեւ ընդգծել, որ հակառակորդի յուրաքանչյուր արկածախնդրություն կհանդիպի մեր զինված ուժերի եւ ողջ հայ ժողովրդի ջախջախիչ հակահարվածին:

Ուզում եմ ընդգծել, որ մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ` միեւնույն ժամանակ պատրաստ լինելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Այս մոտեցումների մեջ չկա որեւէ հակասություն, որովհետեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար հայ-թուրքական հարաբերությունների հարց չէ ընդամենը, այլ մարդկության դեմ հանցագործությունների եւ ցեղասպանությունների դեմ պայքարի, դրանց կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանի մասնակցության եւ ներդրման կարեւոր արտահայտություն:

Տիկնայք եւ պարոնայք, վերադառնալով ներքին խնդիրներին՝ ուզում եմ ընդգծել, որ չափազանց կարեւոր եմ համարում հանրային համերաշխության հաստատումը։ Մենք պետք է լրջագույն ջանքեր գործադրենք Հայաստանում բռնությունից զերծ հանրություն ունենալու, բռնությունից զերծ հարաբերություններ հաստատելու համար։ Ցավոք սրտի, երկարատեւ ներքաղաքական ճգնաժամի տարիներին բռնությունը եղել է սովորական գործիք, որ իշխանությունը կիրառել է ընդդիմադիրների նկատմամբ։ Եվ իրադարձությունները զարգացել են այնպես, որ ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվող քաղաքական ուժերը եւ շրջանակները նույնպես ուժի եւ զենքի են դիմել, ինչը բերել է ծանր հետեւանքների։

Այսպիսի ճանապարհ անցած մեծ թվով մարդիկ շարունակում են մնալ բանտերում, եւ սա մի իրավիճակ է, որը լրջագույն մտահոգություն է պատճառում Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների, Կառավարության բազմաթիվ անդամների։ Եթե հարցին մոտենանք զուտ իրավական ձեւակերպումների եւ առանձին վերցրած գործողության եւ արարքի տեսակետից, կստանանք մի պատկեր. դա այն պատկերն է, որ ունենք այսօր։ Բայց եթե հարցին նայենք ներքաղաքական համակարգային ճգնաժամի, պատճառահետեւանքային կապերի տեսակետից, երբ իշխանությունը գործում էր «մեր դեմ խաղ չկա» տրամաբանության մեջ` այդպիսով լրջագույն փորձությունների ենթարկելով հանրային համբերությունը, իրավիճակն այլ լույսի ներքո կերեւա։ Ամեն դեպքում, հանրային համերաշխության եւ բռնությունից զերծ հարաբերությունների հաստատման տեսակետից չափազանց կարեւոր եմ համարում, որ բանտերում չլինեն մարդիկ, ովքեր կարող են համարվել քաղբանտարկյալ:

Բայց եւ ուզում եմ ընդգծել, որ այս պրոցեսը պետք է հիմնվի շատ հստակ արձանագրման վրա, որ Հայաստանում ուժի, զենքի գործադրմամբ քաղաքական հարցերի լուծման էջը փակված է, եւ վերադարձ այդ ժամանակներին չի լինելու։ Նախկինում ուժի, զենքի դիմած ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած քաղաքական գործիչ պետք է հանդես գա ոչ բռնի քաղաքական պայքար մղելու իր պարտավորության մասին հայտարարությամբ, որովհետեւ ժողովրդի վստահությունը վայելող մեր Կառավարությունն իրեն պատասխանատու է համարում յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ քաղաքական հայացքներից, անվտանգության համար, եւ չի կարող թույլ տալ, որ ներքաղաքական կամ հանրային հարցերի պարզաբանման ընթացքում լինեն վենդետաներ, հնչեն կրակոցներ, զոհեր լինեն, եւ արյուն թափվի։

Եվ ես հույս ունեմ, որ մենք բոլորս` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, քաղաքական բոլոր ուժերն ու քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչները, հստակ դիրքորոշում կարտահայտեն այս հարցի վերաբերյալ, եւ մեզ կհաջողվի իրապես հանրային համերաշխություն հաստատել, նոր որակի քաղաքական, հանրային հարաբերություններ ունենալ, որտեղ բռնությունը մերժված է, եւ որպես հարաբերությունների գործիք՝ սկսած ընտանիքից ու բակից, վերջացրած ընտրություններով եւ քաղաքական գործունեությամբ, բռնությունն ընդհանրապես որեւէ տեղ չունի։ Այսուհանդերձ, հարկ եմ համարում ընդգծել, որ այս թեզը որեւէ կերպ չի կարող մեկնաբանվել հանուն օրինականության, հանուն հանրային եւ ազգային անվտանգության՝ իրավապահ մարմինների կողմից օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով համաչափ ու իրավաչափ ուժի կիրառման արգելք։ Պետությունը եւ նրա իրավապահ մարմիններն ունեն երկրի կայունությունն ու անվտանգությունն ապահովելու հստակ գործառույթ, եւ որեւէ մեկը չկասկածի, որ այդ գործառույթը կիրագործվի լիարժեք եւ առանց երերալու։

Սա առանձնապես վերաբերում է հանցավորության դեմ պայքարին, որի անբաժանելի մաս եմ համարում հանցավոր մտածողության դեմ պայքարը։ Մենք համոզված ենք, որ հանցավոր մտածելակերպը բռնության մտածելակերպի ամենակարեւոր դաշնակիցն է Հայաստանում, մենք ուրախ ենք արձանագրել, որ հատկապես վերջին շրջանում, քաղաքացիական հասարակության զարգացմանը զուգընթաց, Հայաստանում նվազում է հանցավոր կամ, այսպես կոչված, գողական մտածելակերպի տարածումն ու կիրառությունը։ Այսուհանդերձ, Կառավարությունը վճռական է այս երեւույթի դեմ պայքար մղելու հարցում, եւ մենք կարծում ենք, որ Հայաստանում տիրապետող մարդկային տեսակը պետք է լինի ոչ թե ուրիշների նկատմամբ առավելություն, լծակներ, իշխանություն փնտրող, այլ իր ինքնությունն ու արժանապատվությունը հարգող, բայց նաեւ իրեն հավասարներից մեկը համարող, հանցագործությունների բացահայտման հարցում իրավապահ մարմինների հետ համագործակցող քաղաքացին, ում առաջին վերաբերմունքն ուրիշների նկատմամբ ոչ թե առավելություն, իշխանություն, կառավարման լծակ ստանալն է, այլ հարգանքը, հոգատարությունը, ընդհանրության զգացողությունը։

Մենք հետեւողականորեն աշխատելու ենք, որ հանցավոր գործունեություն եւ մտածողություն ունեցող որեւէ մեկը նման կերպար չդառնա երիտասարդության ու պատանիների համար։ Մեր երիտասարդության համար նմանակման կերպար պիտի լինեն ազնիվ, սկզբունքային, արդարամիտ եւ օրինապաշտ անհատները։

Այս իմաստով չափազանց կարեւոր եմ համարում հեռուստատեսային եթերի բովանդակության խնդիրը։ Ցավոք, մեր անկախության տարիներին «խոսքի ազատություն» հասկացության տակ եթերը լցվել է տարատեսակ աղտեղություններով, եւ ես հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր կասկածում են, թե սա մարդկանց ցածրացնելու, քաղաքացիական բարձրությունից հպատակության հատակ իջեցնելու հետեւողական քաղաքականություն է եղել։

Ամեն դեպքում, Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու շատ պարզ մի խնդրի լուծման. հեռուստատեսային եթերը պետք է հանրության կրթական մակարդակը բարձրացնելու եւ ոչ թե ցածրացնելու գործիք լինի, հեռուստատեսային եթերը մարդկանց պետք է արժեքներ փոխանցի եւ ոչ թե նսեմացնի արժեքները։ Եվ Կառավարությունը մտադիր է օրենսդրական փոփոխություններ ձեռնարկել` հանրությանը, պետությանը եթերային կոնկրետ չափանիշներ հաստատելու հնարավորություն տալու համար՝ իհարկե, հարգելով ստեղծագործական եւ լրագրողական գործունեության ազատության հանրահռչակ իրավունքները։

Հանրության կրթական մակարդակը շարունակաբար բարձրացնելու գործում առանցքային նշանակություն ունի նաեւ մշակույթը, եւ Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու քաղաքացու եւ մշակույթի մշտական հաղորդակցությունն ապահովելուն։ Մեր նպատակն այն է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ամսվա ընթացքում մի քանի անգամ հաղորդակցություն ունենա մշակույթի եւ մշակութային կյանքի հետ. նկատի ունեմ՝ թանգարան այցելի, թատրոն, ցուցահանդես, համերգասրահ։ Կառավարությունը պետք է կոնկրետ միջոցներ ձեռնարկի` վաղ հասակից երեխաներին մշակութային կյանքին առնչվելու սովորությամբ դաստիարակելու համար։

Այս ամենը, սակայն, ոչ թե ինքնին նպատակ է, այլ միջոց՝ հասնելու հանրային հարաբերությունների բոլորովին նոր, բոլորովին ուրիշ մակարդակի։ Եվ այս քաղաքականության գործնական նպատակը պիտի լինի հանրության երկու կամայական ներկայացուցչի հարաբերությունների մակարդակը փոխելը, հարաբերությունների մակարդակն ու որակը բարձրացնելը։ Եվ սա նաեւ քաղաքական խնդիր է, Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքները հանրության շրջանում արմատավորելու խնդիր, որպեսզի մենք ոչ միայն քաղաքական, այլեւ հոգեբանական մակարդակում բացառենք վերադարձը հնին՝ բռնության կամ բռնության սպառնալիքի, վախի, հարկադրանքի ու կոռուպցիայի վրա հիմնված հանրային հարաբերությունների համակարգին։

Սիրելի հայրենակիցներ, տիկնայք եւ պարոնայք, կարծում եմ՝ ընթացիկ ժամանակաշրջանի համար կարեւորագույն խնդիրներից է 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների բացահայտումը։ Մենք՝ Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն իրականացրածներս, բարոյական պարտք ունենք մարտի 1-ի զոհերի առաջ, որովհետեւ եթե չլիներ 2008 թվականի մարտի 1-ը, վերջին մեկուկես ամսվա ընթացքում քաղաքական իրադարձությունների ժամանակ դժվար կլիներ խուսափել արյունահեղությունից։ Մարտի 1-ի դաժան փորձն իշխանությանը պարտադրեց առավել զգուշավոր լինել` ժողովրդական փողոցային վենդետաներից խուսափելու համար։ Իսկ մեզ՝ հեղափոխության կազմակերպիչներիս, այս փորձն օգնեց քաղաքական առաջնորդության պատասխանատվության լրջությունը գիտակցելու եւ շարժումը ոչ բռնի պայքարի տրամաբանությամբ տանելու հարցում։ Եվ ահա, 2008 թվականի մարտի 1-ի զոհերի քաղաքացիական վաստակի գնահատման կարեւորագույն արտահայտություններից մեկը պիտի  լինի սպանությունների բացահայտումը, եւ ես արդեն իսկ այս կապակցությամբ հանձնարարականներ եմ տվել իրավապահ մարմիններին։ Կարծում եմ՝ իրավապահ այն համակարգը, այն մարմինը, որը կբացահայտի մարտի 1-ի սպանությունները, իր անունը ոսկե տառերով կգրի Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմության մեջ։ Եվ, ընդհակառակը, իրավապահ համակարգի աշխատանքը բավարար գնահատել չեմ կարող այնքան ժամանակ, քանի դեռ մարտի 1-ի սպանությունները բացահայտված չեն։ Մարտի 1-ի գործը հատուկ եմ առանձնացնում, որովհետեւ կարծում եմ, որ այն առանձնահատուկ տեղ ունի մեր երկրի պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների շարքում, եւ այս գործի բացահայտված լինել-չլինելն էական ազդեցություն ունի մեր երկրի բովանդակության ու էության վրա։

Կարծում եմ՝ իրավապահ մարմինների առանձնահատուկ պարտավորությունների մեջ է մտնում նաեւ կոռուպցիոն մեխանիզմների գործունեության արդյունքում պետությանը պատճառած իրական վնասի գնահատումը, վերականգնումը եւ կոռուպցիոն մեխանիզմների բացահայտումը։ Բայց ուզում եմ հատուկ ընդգծել, որ այս մասով մեր նպատակը պետք է լինի ոչ թե ինչ-որ մարդկանց բանտեր լցնելը, այլ պետությանը պատճառված վնասի փոխհատուցման մեխանիզմներ մշակելը, այդ մեխանիզմների արդյունավետ կիրառումը, եթե անհրաժեշտ է` նաեւ երկարաժամկետության պայմաններով։ Սա ասում եմ ոչ թե կոռուպցիոն որեւէ երեւույթի, որեւէ մեխանիզմի նկատմամբ հանդուրժողականություն ցուցաբերելու, այլ մեր երկրում հաստատված դրական մթնոլորտը պահպանելու զգուշավորության բերումով։ Քավ լիցի, եթե մենք տրվենք վհուկների որս սկսելու, վենդետաներ իրականացնելու տրամաբանությանը, դա կզրոյացնի ոչ բռնի հեղափոխության արդյունքները եւ հանրության շրջանում նորից նյարդային վիճակ կստեղծի։ Որեւէ վիճակում, նույնիսկ պետությանը պատճառած խոշոր վնասները փոխհատուցելու գործընթացում, մենք չպետք է խուսափենք երկխոսության, բանակցության տրամաբանությունից, որովհետեւ մեր խնդիրն ամենեւին էլ ինչ-որ մեկին պատժելը չէ կամ վատություն անելը, այլ պետության եւ ժողովրդի իրավունքները պաշտպանելը։ Այս առումով չափազանց կարեւոր եմ համարում սեփականության անձեռնմխելիությունը երաշխավորելը, սեփականության վերաբաշխումներ թույլ չտալը, չնայած ՀՀ քրեական օրենսգրքով այս պահին էլ գործող որոշ գործիքներ համարում եմ կիրառելի։ Այդ գործիքները, սակայն, պետք է կիրառել ծայրահեղ դեպքում, երբ այլ՝ երկխոսության, բանակցության գործիքներ կիրառելի չեն։

Միով բանիվ, սակայն, հարկ եմ համարում ընդգծել. նման վերաբերմունքը պետք չէ կիրառել արյան հետ կապված հանցագործությունների դեպքում։ Այս պարագայում օրենքները պետք է գործեն խստագույն ձեւով եւ արդարացի։

Սիրելի հայրենակիցներ, կարծում եմ՝ ակնհայտ է, որ Կառավարության առաջիկա ամենալուրջ մարտահրավերներից մեկը պետք է լինի կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը, որոշում կայացնելը: Ինչպես գիտեք, հուլիսի մեկից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը 1974 թվականից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար: Ու քանի որ հարցը ունի հսկայական քաղաքական ենթատեքստ, Կառավարությունը պետք է լրջագույն որոշումներ կայացնի այս կապակցությամբ: Իհարկե, մենք պիտի կայացնենք բացառապես այնպիսի որոշում, որը բխում է Հայաստանի ազգային շահերից, այդ որոշումը պետք է լինի գիտակցված ու պատասխանատու:

Եվ ուզում եմ ընդգծել մի քանի փաստեր, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել որոշումներ կայացնելիս։

Փաստ առաջին. պարտադիր կուտակային համակարգի շահառուների մոտավորապես 80 տոկոսն արդեն իսկ ներառված է համակարգում, եւ շահառուների միայն 20 տոկոսն է, որի ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո:

Փաստ երկրորդ. այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:

Փաստ երրորդ. կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են աշխարհում հսկայական հեղինակություն վայելող եւ ահռելի, նույնիսկ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն գերազանցող կապիտալներ տիրապետող ընկերություններ, եւ Հայաստանում նրանց հետագա ճակատագիրը միջազգայնորեն ճանաչված գնահատական է լինելու Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանի:

Ոլորտի ամենահեղինակավոր մասնագետները պնդում են, որ այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը, ռուսերեն՝ ????? ??????????: Եվ տվյալ խնդրի շուրջ որոշում կայացնելիս մենք պետք է հաշվի առնենք ռիսկերը, որոնք ոչ միայն երկարաժամկետ, այլեւ կարճաժամկետ առումով կարող են աղետալի հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար:

Ամեն դեպքում, ուզում եմ հիշեցնել, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ մեր բոլորի մեծագույն վերապահումը եղել է վստահության բացակայությունն այն ներդնող կառավարության եւ իշխանության նկատմամբ: Այսօր այս խնդիրը վերացել է, եւ ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ այս հարցի վերաբերյալ մենք կկարողանանք կայացնել որոշումներ, որոնք հաշվի կառնեն ինչպես խնդրի ռազմավարական խորքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երկարաժամկետ ու կարճաժամկետ շահերը: Ամեն դեպքում, համոզված եղեք, որ Կառավարությունն այս թեմայով կաշխատի մաքսիմալ անկեղծ եւ թափանցիկ, ու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ այս եւ մյուս հարցերում մեր կայացնելիք որոշումների միակ, կրկնում եմ, միակ շարժառիթը հենց քաղաքացիներին, նրանց այսօրվան եւ ապագային անմնացորդ եւ դուխով ծառայելն է:

Հաջորդ կարեւորագույն մարտահրավերը, որ ծառացած է մեր կառավարության առաջ, հանքարդյունաբերության ոլորտում տիրող իրավիճակն է: Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ ոչ առանց հիմքի բազմաթիվ մտահոգություններ ունեն այս ոլորտում տիրող վիճակի կապակցությամբ: Կառավարությունը վճռականորեն արձագանքելու է բոլոր մտահոգություններին, որովհետեւ խոսքը մեր ազգային հարստության մասին է, ու մենք բոլորս պետք է համոզված լինենք, որ այդ հարստության շահագործումը տեղի է ունենում խելամտության եւ օրենքների սահմաններում՝ առանց շրջակա միջավայրին անհամաչափ եւ անվերականգնելի կամ անփոխհատուցելի վնաս հասցնելու ու Հայաստանի ռազմավարական շահերի հաշվառումով:

Ինչպես գիտեք, այս կապակցությամբ ես արդեն կոնկրետ հանձնարարականներ եմ տվել: Նախ՝ առժամանակ կասեցվելու է ընդերքօգտագործման համար տրամադրվող նոր թույլտվությունների գործընթացը` մինչեւ օրենսդրական հստակեցումները, շրջակա միջավայրի, առողջության, սոցիալ-տնտեսական ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը։ Եվ հետո` լրջագույն ստուգումներ են սկսվելու մետաղական բոլոր հանքերում՝ պարզելու համար դրանց գործունեության օրինականությունը եւ համապատասխանությունը բնապահպանական պահանջներին: Ընդ որում, այս գործընթացը պետք է լինի ամբողջական, թափանցիկ, մասնագիտացված հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներգրավմամբ:

Եվ ուզում եմ հստակ ասել, որ ամեն առանձին դեպքի վերաբերյալ մեր վերջնական դիրքորոշումներն ու որոշումները հիմնված են լինելու բացառապես անառարկելի փաստերի վրա: Ես բացառում եմ, որ մենք որեւէ որոշում կայացնենք մեր կամ ուրիշների քմահաճույքներով, կամ կոռուպցիոն շահագրգռությունների հիման վրա, կամ պոպուլիստական նկատառումներով: Մեր արած եզրակացությունների ծագումնաբանությունը պետք է հասկանալի եւ տեսանելի լինի բոլորին, եւ այդ որոշումները պետք է բխեն Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի ռազմավարական շահերից:

Հաջորդ կարեւորագույն խնդիրը, որ անկյունաքարային նշանակություն ունի, դատական անկախ համակարգի գոյությունն է: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ անձամբ բախվեցի այն իրողության հետ, որ Հայաստանի դատական համակարգը Բաղրամյան 26-ից ստացվող հրահանգներով աշխատելու սովորություն ունի: Հայաստանում, ըստ էության, գոյություն ունեն դատական համակարգի անկախությունն ապահովող որոշակի օրենսդրական կարգավորումներ, բայց այս պարագայում նույնպես իրականությունն ավելի հզոր է, քան օրենսդրությունը: Եվ մեր առաջ` նոր իշխանության առաջ, գայթակղության մի մեծ քար է դրված. ի՞նչ անել, շարունակե՞լ դատարաններին հրահանգավորելու արատավոր ավանդույթը՝ դա հիմնավորելով զանազան բարի նպատակներով, թե՞, այնուամենայնիվ, կոնկրետ քայլեր անել` դատական համակարգի անկախությունը երաշխավորելու եւ ապահովելու համար:

Բաղրամյան 26-ում հայտնվելով՝ ինքս ինձ համար որոշում եմ կայացրել չշարունակել այս արատավոր գործելակերպը, որ հանրային համոզմունքի համաձայն՝ երկար տարիներ կիրառվել է Հայաստանում, եւ զերծ մնալ դատավորների շեֆի տարօրինակ դերակատարումը ստանձնելուց: Չնայած, խոստովանեմ, շատ հաճախ բախվում եմ իրավիճակների, երբ դատական համակարգի ներկայացուցիչները միջնորդավորված, անուղղակի ձեւերով խնդրում, աղաչում, աղերսում, ի վերջո, նաեւ պահանջում են ասել, թե ինչպես պետք է վարվել այս կամ այն դեպքում:

Ուզում եմ հստակ ասել, որ հրաժարվում եմ նման գործելակերպից, որովհետեւ դա դեպի դիկտատուրա տանող ուղիղ եւ ժողովրդական հեղափոխությամբ վարչապետի կարգավիճակի հասած մարդու համար անպատվաբեր ճանապարհ է: Ասել եմ եւ էլի կասեմ, որ Հայաստանում դատավոր նշանակված բոլոր անձինք այդ կարգավիճակը ստանձնել են կամավոր, եւ եթե որոշել են, որ ունեն անհրաժեշտ հմտություններ, գիտելիք, իմաստություն` մարդկանց ճակատագրերը որոշել, թող որոշեն ուրեմն, ինչպես եւ նախատեսվում է օրենքով:

Մյուս կողմից, որեւէ դատավոր թող չփորձի կայացնել որոշումներ՝ հիմնված կաշառքի, տարբեր տեղերից ստացվող զանգերի, ստվերային ազդեցությունների վրա, որովհետեւ նման գործելակերպ որդեգրող դատավորների անխուսափելի հանգրվանը «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկն է։ Ես գիտեմ, ենթադրում եմ, որ Հայաստանում կան դատավորներ, ովքեր սովոր են որոշումներ կայացնել կաշառքով, հրահանգով կամ կոռուպցիոն այլ մոտիվացիաներով: Նրանք, ուրեմն, ովքեր իրենց սովորությունները փոխել չեն կարող, ճիշտ կանեն` հրաժարական տան եւ հեռանան դատաիրավական համակարգից, իսկ նրանք, ովքեր պատրաստ են ծառայել իրավունքին, օրենքին, հայրենիքին ու արդարությանը, բոլոր այդ դատավորներին ես բարի երթ եմ մաղթում:

Այս ամեն ինչը չի նշանակում, իհարկե, թե Կառավարությունը խուսափում է անկախ դատական համակարգ ունենալու, այդ համակարգի կայացմանն աջակցելու պատասխանատվությունից: Ընդհակառակը, մենք քայլ ենք անում, որը, հույս ունեմ, բոլորը կգնահատեն ըստ արժանվույն: Այս իմաստով ուզում եմ տարակուսանք հայտնել այն մեկնաբանությունների կապակցությամբ, որոնց հեղինակները պնդում են, թե Հայաստանում առկա է երկիշխանություն, եռիշխանություն, քառիշխանություն:

Այս մեկնաբանությունները ոչ միայն ծիծաղելի են, այլեւ վկայում են, որ դեռ կան մարդիկ, ովքեր չեն հասկացել եւ շարունակում են չհասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում: Սկսած 2018 թվականի մայիսի 8-ից` Հայաստանում չկա եւ չի կարող լինել երկիշխանություն, որովհետեւ Հայաստանում հաստատված է աներկբա եւ անառարկելի ժողովրդական իշխանություն՝ ի դեմս գործող վարչապետի եւ Կառավարության: Ես հույս ունեմ, որ որեւէ մեկը չի տրվի այս թեզի ճշմարտացիությունը էքսպերիմենտներով ստուգելու գայթակղությանը: Իհարկե, նման փորձերը ժողովրդի եւ պետության համար որեւէ սպառնալիք ստեղծել չեն կարող, բայց դրանց պոտենցիալ հեղինակներին խորհուրդ եմ տալիս լրջանալ, հակառակ դեպքում՝ ժողովրդական իշխանությունն ինքը ստիպված կլինի նրանց լրջացնել:

Հաջորդ կարեւորագույն խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ, մեծ հայրենադարձության կազմակերպումն է, երբ Հայաստանից տեղի ունեցող արտագաղթի ալիքը ոչ միայն կկանգնի, այլեւ կսկսվի հակառակ գործընթացը, երբ տասնյակ, հարյուր հազարավոր սփյուռքահայեր, Հայաստանից հեռացած քաղաքացիներ կվերադառնան եւ մշտական բնակություն կհաստատեն Հայաստանի Հանրապետությունում: Այս գործընթացի նախանշաններն արդեն իսկ առկա են, բայց կարծում եմ՝ առավել մեծ թափ ապահովելու համար մենք պետք է հնարավորություն ունենանք Հայաստանի պետական կառավարման գործերում ներգրավել սփյուռքի մեր հայրենակիցներին, սփյուռքի լավագույն ներուժը: Այս իմաստով, սակայն, գոյություն ունի մի տարօրինակ խոչընդոտ: Դա Սահմանադրության 148-րդ հոդվածի դրույթն է, որը Կառավարության անդամի համար սահմանում է պատգամավորին ներկայացվող պահանջներ, ինչը նշանակում է, որ նախարար կարող է լինել վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող եւ վերջին չորս տարում մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձը: Վերջին քաղաքական փոփոխություններից հետո, երբ սփյուռքը, առավել քան երբեւէ, համախմբված է մայր հայրենիքի շուրջ, սահմանադրական այս դրույթը վնասակար եւ վտանգավոր եմ համարում, եւ առաջիկայում պետք է քննարկումներ սկսել սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման գործում ներգրավելու այս էական խոչընդոտը վերացնելու մասին, դա կլինի այս պահին հայության համընդհանուր տրամադրություններն ու մտադրություններն արտահայտող կարեւոր խոսակցություն:

Հայաստանի եւ սփյուռքի այս աննախադեպ համախմբումն ու միասնականությունն իսկապես մեր ունեցած ամենակարեւոր ձեռքբերումներից է, մենք պարտավոր ենք ամեն ինչ անել` այդ ձեռքբերումը կապիտալիզացնելու համար:

Սիրելի ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, այս շրջանում հաճախ է հարց հնչեցվում. կհաջողի՞ այս Կառավարությունը, թե՞ ոչ, գոհացուցիչ արդյունքներ կունենա՞ թավշյա հեղափոխությունը, թե՞ ոչ: Ինձ համար, անկեղծ ասած, նման հարց գոյություն չունի, որովհետեւ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ընթացքում մենք գտել ենք հաջողության հասնելու անառարկելի բանաձեւը։ Դա հավատն է սեփական ժողովրդի նկատմամբ, դա հավատն է սեփական հայրենիքի նկատմամբ եւ ծառայության նվիրական զգացումը, որը մեզ առաջ է մղել եւ առաջ է մղելու անկասելիորեն:

Հայաստանն ազատ, հզոր եւ երջանիկ պետություն դարձնելու ճանապարհին մեզ չի կանգնեցնի ոչինչ եւ ոչ ոք: Մենք հաջողել ենք եւ հաջողելու ենք, որովհետեւ ունենք ամենակարեւորը՝ ժողովրդի վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, ժողովրդի վստահությունը սեփական իշխանության նկատմամբ: Մենք հաջողել ենք ու հաջողելու ենք, որովհետեւ դատարկ ձեռքերով կարողացանք տապալել վախի, կեղծիքի, կոռուպցիայի, լկտիության ամրոցներ, իսկ ինչեր կանենք հիմա, երբ ունենք որոշումներ կայացնելու պետական լիազորություն, լեգիտիմ լիազորություն:

Հայաստանի քաղաքացիների, հայ ժողովրդի իրականացրած թավշյա հեղափոխությունն ընդլայնել է մարդկային հնարավորությունների սահմանը եւ իրականություն դարձնել այն, ինչ շատերը, եթե ոչ բոլորը, համարում էին անհնար: Մենք ոտք ենք դրել անհավանականը եւ անհնարինն իրականություն դարձնելու ճանապարհի վրա եւ այդ ճանապարհով քայլելու ենք անշեղորեն, քայլելու ենք վստահ, քայլելու ենք մինչեւ վերջ:

Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, վարչապետին հարցերով դիմելու համար խնդրում եմ հերթագրվել։ Հերթագրում։

Հերթագրվել է 11 պատգամավոր։ Միհրան Հակոբյան, խնդրեմ։

Մ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Պրն Փաշինյան, Կառավարության ծրագրի զինված ուժերի հատվածում ֆիքսված է, որ մեր զինված ուժերը պետք է լինեն այնպիսի վիճակում, որ կասեցնեն ՀՀ նկատմամբ ռազմական սանձարձակ գործողություններ եւ կանխարգելեն դրանք։ Միեւնույն ժամանակ, ֆիքսված չեն Արցախի Հանրապետության մասով նման գործողություններ, մինչդեռ նախորդ կառավարությունների բոլոր ծրագրերում զինված ուժերի բաժնում դա ֆիքսված է եղել։ Մենք գիտենք, որ ՀՀ-ն Արցախի Հանրապետության, թերեւս, միակ անվտանգության երաշխավորն է։

Կմանրամասնե՞ք՝ ինչո՞ւ ֆիքսված չէ այս հատվածում։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար, պրն Հակոբյան։ Ես կարծում եմ, որ դուք նկատել  եք, որ Արցախի եւ Հայաստանի անվտանգության խնդիրները դրված են մի գլխի մեջ, մի պարբերության մեջ, մի ենթավերնագրի ներքո, եւ դրանով ամեն ինչ ասված է։ Ես իմ ելույթում էլ այդ խնդրին մանրամասն անդրադարձա։ Իհարկե, ՀՀ-ն Արցախի անվտանգության ամենակարեւոր երաշխավորն է եւ իր պարտավորությունը կկատարի ամբողջական եւ լիարժեք, դրանում երկու կարծիք  լինել  չի կարող։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Ցանկանում եք արձագանքե՞լ։ Միացրեք խոսափողը, խնդրեմ։

Մ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Ես հենց նկատի ունեի, որ զինված ուժերի բաժնում, ուղղակի, եթե նպատակահարմար կգտնեք կամ տեխնիկապես պրոցեդուրան թույլ կտա, եթե նպատակահարմար գտնեք, դա կարող եք ավելացնել։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալություն դիտողության եւ առաջարկի համար, անպայման կավելացնենք։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Ես ցանկանում եմ տեղեկացնել, որ երկու պատգամավորների, ովքեր հնարավորություն չեն ունեցել գրանցվել, որովհետեւ չի աշխատել համակարգը, նրանք են՝ Նապոլեոն Ազիզյան եւ Մարինա Մարգարյան,  ավելացնում եմ ցանկում։

Արարատ Զուրաբյան, խնդրեմ։

Ա.ԶՈՒՐԱԲՅԱՆ

-Բարդ հարցերը սկսվեցին։ Ուրեմն, ես ուզում եմ, որպեսզի ՀՀ վարչապետը հստակ պատասխանի։ Մենք ուզում ենք կառուցել պետություն, որն իր բնույթով, քաղաքակրթական ընտրությամբ լինելու է առաջավոր աշխարհի համարժե՞ք երկիր, թե՞ լինելու է ռուսական, բելառուսական, ղազախական տիպի երկիր: Սա շատ կարեւոր է, այս հարցի պատասխանը ես ուզում եմ անպայման լսել։

Երկրորդ, ես մի քանի հարց ունեմ, չգիտեմ, փորձեմ հասցնել։

Չեք կարծո՞ւմ արդյոք, որ նոր Կառավարությունն իր գործունեությունը սկսելիս առանձնապես կարեւորագույն հենարան է իր համար հայտարարել ԿԳԲ-ն։ Ես ԿԳԲ կասեմ նրան դեռ, քանի դեռ չեմ համարում, որ փոփոխված է այս համակարգը։ Չեք կարծո՞ւմ, որ այդ համակարգի, ուրեմն, ընդհանրապես փլուզմամբ պետք է զբաղվի նոր իշխանությունը, եւ դրա փոխարեն պետք է ձեւավորի իրո՛ք ազգային, իրո՛ք ՀՀ-ին ծառայող մարմին, եւ այդ վերափոխումը պետք է լինի խի՛ստ հեղափոխական։  Սա իմ կարծիքն է, ես կուզենայի ձեր դիրքորոշումը սրա վերաբերյալ լսել։

Մենք խոսում ենք նրա մասին, որ մենք ապրում ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում։ Ավաղ, երջանիկի մասով վերապահում ունեմ, որովհետեւ երջանիկ` այն ձեր պարտականությունն է դառնալու` դարձնել, բայց ազատը, ուզում եմ ասել, կարելի է ասել, որ ձեռքբերում է արդեն, որի համար բոլորիս շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալ եմ, պրն Զուրաբյան։

Ուրեմն, քաղաքական գործընթացների ընթացքում, երբ մենք դեռ Հանրապետության հրապարակում էինք, «Էկոնոմիստ» հանդեսի լրագրողը հարցազրույց էր պայմանավորվել, եւ մենք զրուցում էինք, ինքն ինձ հարց էր տալիս, ասում էր՝ փաստորեն դուք անում եք այն գործընթացը, որը տեղի ունեցավ Ուկրաինայում եւ Վրաստանում։

Ես ասում էի՝ ո՛չ, մենք անում ենք մի գործընթաց, որը երբեք ոչ մի տեղ տեղի չի ունեցել, եւ սա մի գործընթաց է, որը տեղի է ունենում ՀՀ-ում, որը մի գործընթաց է, որն ունի բացառապես հայկական եւ հայաստանյան ծագումնաբանություն։

Ասում էր՝ փաստորեն, այս իշխանությունները, որոնք երկիրը հասցրել են այն վիճակի, որ մարդիկ բողոքում են, նրանք ուղղակիորեն ղեկավարվում են Մոսկվայից, եւ, փաստորեն, դուք պայքարում եք նաեւ Մոսկվայի դեմ։

Ես ասում էի՝ ո՛չ, մենք արտաքին որեւէ ուժի օգտին եւ որեւէ արտաքին ուժի դեմ չենք պայքարում, մեր այս շարժումը չունի արտաքին քաղաքական որեւէ կոնտեքստ ու ենթատեքստ։ Մենք պայքարում ենք մեր իրավունքների համար, մեր երկրի ինքնության համար, եւ մենք ուզում ենք ունենալ մեր ինքնությունը, մեր նկարագիրը, մեր առանձնահատկությունը։

 Նա տվեց վերջին հարցը. փաստորեն, դուք ուզում եք լինել այնպիսին, ինչպիսին Իսրայելն է։

Ես ասացի՝ ո՛չ, մենք ուզում ենք լինել այնպիսին, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է։

Անկեղծ ասած, ես չեմ հասկացել ու շարունակում եմ չհասկանալ այն մոտեցումը, որ մենք անընդհատ դրսում պետք է ուղենիշեր փնտրենք՝ պոզիտիվ համարելով եւ նեգատիվ համարելով։ Ես այդ մոտեցումը չեմ կիսում, որովհետեւ...

Ինչ վերաբերում է արժեքային ընտրությանը. արժեքային ընտրություն ՀՀ-ն վաղուց կատարել է, որովհետեւ ՀՀ Սահմանադրությունն ունի առաջին հոդված, որում ասվում է՝ ՀՀ-ն ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն է։ Սա ինձ համար ամենակարեւոր քաղաքակրթական ընտրությունն է, եւ ես սա համարում եմ մեր ազգային ինքնության ամենակարեւոր մասը։ Անկեղծ ասած, ես արդեն ասացի, որ մենք բոլոր երկրների գործընկերների հետ ակտիվորեն համագործակցելու ենք։ Այո՛, համագործակցելու ենք ՌԴ հետ եւ՛ երկկողմ օրակարգի շրջանակներում, եւ՛ բազմակողմ օրակարգի շրջանակներում։ Մենք սերտորեն համագործակցելու ենք Եվրամիության երկրների հետ, այո՛, նաեւ մեր բարեփոխումների աջակցության հարցում, մենք սերտորեն համագործակցելու ենք ԱՄՆ-ի հետ, Իրանի հետ, Վրաստանի հետ։ Բայց սա չի նշանակում, որ մեր համագործակցության նպատակը նրանց ինքնությունից ինչ-որ բաժին վերցնելը եւ մեր ինքնության մաս դարձնելն է։ Սա նշանակում է, որ մենք ունենք մեր ինքնությունը, եւ մեր բոլոր գործողությունները հիմնված են լինելու, նպատակ են ունենալու մեր ինքնությունը եւ ինքնագիտակցությունը բարձրացնելն ու ուժեղացնելը, մեր պետականությունը եւ  մեր ինքնիշխանությունն ուԺեղացնելը։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Պրն Զուրաբյան, ցանկանում եք արձագանքե՞լ։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Բայց էլի հարցեր կան։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Դե, թող արձագանքի, որ դուք շարունակեք։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Հա, ճիշտ է, կներեք, բաց էի թողել։

Ա.ԶՈՒՐԱԲՅԱՆ

-Պրն Փաշինյան, երբ հարցս տալիս էի, նկատի ունեի մի բան, որ, ի վերջո, կարելի է հայտարարությունների տեսքով փորձել ամփոփ պատկեր ստեղծել եւ պարզել դա։ Բայց հարցս հետեւյալն է. արդյոք հնարավոր համարո՞ւմ եք, որպեսզի Հայաստանն ինչ-որ միջազգային հարթակներում քվեարկություններ կատարելիս հայտնվի Հյուսիսային Կորեայի, Զիմբաբվեի եւ նմանատիպ պետությունների շարքում, եւ համամարդկային արժեքային համակարգին դեմ կատարի քվեարկություններ։ Սա էր հարցս։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Գիտե՞ք, ես կարծում եմ, որ մենք պետք է բոլոր երկրներին վերաբերվենք հարգանքով։ Դա շատ կարեւոր խնդիր է։ Մենք բոլոր քվեարկությունների ժամանակ ոչ թե ինչ-որ երկրների շարքում հայտնվելու մասին պետք է մտածենք, կամ ինչ-որ երկրների շարքում չհայտնվելու մասին, այլ մեր ազգային շահերը պաշտպանելու մասին պիտի մտածենք։ Եվ դա պետք է լինի մեր գործողությունների ելակետը։

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ուզում եմ ասել, որ կարծում եմ՝ ՀՀ ԱԱԾ-ն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն է: Ես չեմ ասում, թե այդ ծառայությունը կատարյալ է եւ փոփոխությունների, բարեփոխումների կարիք չունի: Ես ասում եմ, որ ՀՀ ԱԱԾ-ն Հայաստանի՛ Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն է, ես դա կարող եմ երաշխավորել, հետագա իմ գործունեության ընթացքում էլ կերաշխավորեմ։ Շնորհակալ եմ։

Հարցերի մի մասը մնաց, բայց ժամանակը սպառվեց։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Եզրափակիչում կունենաք հնարավորություն, պրն վարչապետ։

Ռուզաննա Առաքելյան, խնդրեմ։

Ռ.ԱՌԱՔԵԼՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն վարչապետ, դուք իրավացիորեն առաջնահերթություն եք համարում ժողովրդագրական խնդիրը, բայց ակնհայտ է, որ մենք ժողովրդագրական խնդիրը լուծելու ենք նաեւ հայրենադարձության, հիմնականում հայրենադարձության հիման վրա։ Բայց, տեսե՛ք, Կառավարության ծրագրի Սփյուռքի բաժնում ես չէի ակնկալում ունենալ, գտնել ամբողջական հայեցակարգ, բայց գոնե պետք է լինեին առանցքային որոշ թիրախային կետեր, հիմնադրույթներ, որոնք եւ՛ մեզ, եւ՛ մեր սփյուռքահայ բարեկամներին պիտի որոշակի ուղղորդում տային եւ ներշնչեին՝ վստահելով հայրենիք վերադառնալ եւ որոշ ակնկալիքներ ունենալ:

Երկրորդ հարցս, որը նույնպես կապվում է ժողովրդագրության հետ, մարզերի համաչափ զարգացման հայեցակարգն է, որը դուք նույնպես կարեւորում եք։ Այստեղ նույնպես ես ծրագրում չգտա, մանավանդ սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերում ապրողների համար, որոշակի, ասենք՝ ի՞նչ արտոնություններ են տրվելու, մենք այդ բնակավայրերն ինչպե՞ս ենք վերաբնակեցնելու, ի՞նչ հիմնական, հա՞, խնդիրներ են մեր առջեւ ծառացած, որ առաջիկայում պիտի լուծվեն, եւ մենք վստահեցնենք, որ այդ բնակավայրերում վերաբնակեցումը նույնպես կլինի ավելի հարթ եւ հեշտ։ Շնորհակալություն։

Ա.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալություն հարցերի համար։ Գիտե՞ք, ես կարծում եմ, որ ժողովրդագրության խնդիրը, իհարկե, հայրենադարձության, բայց նաեւ ընտանիքի նկատմամբ մեր վերաբերմունքով պետք է լուծվի: Ես ինքս չորս երեխա ունեմ եւ հույս ունեմ, որ նաեւ սա տարածված երեւույթ կդառնա Հայաստանում:

Հենա, Էդմոն Մարուքյանն արդեն երրորդ երեխան ունեցավ 2-3 օր առաջ, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ։ Իհարկե, սա նույնպես կարեւոր է, որ մենք, ընտանիքի վրա հենված հասարակություն ու պետություն ունենալով, այդ խնդիրը լուծենք։

Ինչ վերաբերում է հայեցակարգերին. գիտե՞ք, այդ ձեր ասած բոլոր հայեցակարգերը մինչեւ հիմա արդեն ընդունված են, եւ այդ հայեցակարգերի մեջ չկա մի կետ, որ մեզ ասենք՝ այ, էս ի՞նչ վատ բան է գրված այդ հայեցակարգի մեջ, որովհետեւ հայրենադարձությանն ի՞նչն է խանգարել։ Հայրենադարձությանը խանգարել է կոռուպցիան, հայրենադարձությանը խանգարել է անարդարության զգացումը, ապօրինությունը: Իմ կարծիքով՝ ինչ մենք դրել ենք մեր ծրագրում եւ ինչ ասացի իմ ելույթում, այդ ամեն ինչը հայրենադարձությանը խոչընդոտող գործոններ են: Մեզ ասում են՝ ինչո՞ւ չեք գրել, որ տնտեսական աճը կլինի այսքան տոկոս: Շատ պարզ պատճառով, որովհետեւ, հա՛, գրենք՝ տնտեսական աճը լինի այսքան տոկոս, գնանք հանքերը քանդենք, եռակի ավելի վաճառենք դրսին, որ ասենք՝ վայ, այդ տոկոսն ապահովեցինք: Մենք ավելի կարեւոր ենք համարում վերացնել այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս մեր երկրին զարգանալ։ Այդ նույն կոռուպցիան ինչպես տնտեսության զարգացմանն է խոչընդոտում, այնպես էլ հայրենադարձությանն է խոչընդոտում, այնպես էլ աղքատության հաղթահարմանն է խոչընդոտում, այնպես էլ գործարարության զարգացմանն է խոչընդոտում, այնպես էլ կրթությանն է խոչընդոտում, այնպես էլ՝ գիտությանը, ամեն ինչին է խոչընդոտում։ Եվ մենք անդրադարձել ենք անկյունաքարային, խաչմերուկային նշանակություն ունեցող խնդիրների, եւ նաեւ հենց դա նկատի ունենք։

Ինչ վերաբերում է մարզերի զարգացմանը. իհարկե, ասել ենք բազմիցս, որ պետք է ներդրումների այն մեծ հետաքրքրությունը, որ կա, մենք հույս ունենք, որ կվերածվի ներդրումային բումի: Մենք նաեւ Հարկային օրենսգրքի փոփոխություններով պետք է դիտարկենք հարկային գոտիականության մեխանիզմը, որպեսզի հնարավորություն ունենանք պոտենցիալ ներդրողներին ուղղորդել դեպի մարզեր, որպեսզի մարզերը զարգացման նոր շունչ եւ նոր թափ ստանան: Նկատի ունեմ՝ գիտե՞ք, ամեն ինչ չէ, որ պետք է դնել իր վերնագրով, որովհետեւ, ասում եմ՝ կոռուպցիան խոչընդոտում է ամեն ինչին, չկա ըտենց բան, որին չի խոչընդոտում։ Եվ եթե մենք, իրոք, հաղթահարում ենք կոռուպցիան, իսկ ես համոզված եմ, որ մենք կհաղթահարենք, դա նշանակում է, որ դրանով արդեն բացում ենք այն խաչմերուկը, որից ճանապարհներ են դուրս գալիս եւ՛ դեպի հայրենադարձություն, եւ՛ դեպի մարզերի զարգացում, եւ՛ մնացած բոլոր ուղղություններով։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Խնդրեմ, արձագանքեք, որ մենք կարողանանք գնալ ընդմիջման։

Ռ.ԱՌԱՔԵԼՅԱՆ

-Շնորհակալություն, պրն վարչապետ, պատասխանի համար։ Ես իմ խոսքում նախապես ասացի, որ ես հայեցակարգ չեմ փնտրել, այլ առանցքային հիմնադրույթներ եմ փնտրել։ Նաեւ ասացի՝ անշուշտ, միայն հայրենադարձությամբ չի պայմանավորված ժողովրդագրական խնդիրը, այսինքն՝ ենթադրում էր նաեւ ձեր նախկին ասածը։

Տեսե՛ք, բայց եւ այնպես, ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը, որքան էլ քաղաքական է, պիտի ունենար որոշակի ազդակներ` կոնկրետ հայրենադարձության պարագայում, մանավանդ՝ ես միայն սփյուռքահայերի մասին չեմ խոսում, որոնք ճակատագրի բերումով սփյուռքում են մեծացել, ապրել, այլ վերջին 10 տարիներին այս կամ այն պատճառով հայրենիքից հեռացած հայաստանցիների, որոնք այսօր նույն ոգեւորությունն են ապրում, ինչ կա Հայաստանում, եւ պատրաստ են վերադառնալ։ Այդ մարդիկ պետք է առնվազն որոշակի երաշխիքներ փնտրեն ու գտնեն, որպեսզի վստահ վերադառնան հայրենիք։ Շնորհակալ եմ։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Կարծում եմ՝ այդ ոգեւորությունը, որի մասին խոսեցիք, ամենամեծ ազդակն է, որ նրանք ստացել են, եւ մեր խնդիրն է այնպես անել, որ այդ ոգեւորությունը չմարի, չկորի, չփոշիանա։

Հաջորդ խնդիրը. տեսե՛ք, մեր աշխատանքային ծրագիրը հետեւյալն է. ծրագիրն ԱԺ-ում ընդունվելուց հետո մենք Կառավարությունում կընդունենք Կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկ, կընդունենք այդ ցանկը եւ կիրականացնենք մեր հանրային քաղաքական կյանքի բոլոր ուղղություններով, այդ թվում՝ համաչափ զարգացման եւ այլն, եւ այլն։

Էլի ուզում եմ ասել, որ այն հայեցակարգերը, որոնք ընդունվել են նախկինում եւ որոնք մենք չեղյալ չենք անի, այսինքն՝ չենք համարի, որ դա վատ հայեցակարգ է, այդ բոլոր հայեցակարգերի ուղղությամբ մենք նաեւ կաշխատենք, այդ թվում նաեւ՝ տարածքային համաչափ զարգացման հայեցակարգի ուղղությամբ։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Ընդմիջում՝ մինչեւ ժամը 13.00։


Ժամը 13:00

  ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
 
 

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շատ լավ: Հարգելի գործընկերներ, պրն Մարուքյան: Էդմոն Մարուքյան, շնորհավորում եմ ձեզ: Խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղերը, սկսում ենք աշխատանքը: Պրն վարչապետ, խնդրեմ, համեցեք: Տիգրան Ուրիխանյան: Պրն Ուրիխանյան... Հարգելի գործընկերներ, խանգարում եք պրն Ուրիխանյանին:

Տ.ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

-Շնորհակալություն: Նախ՝ ես սկզբից ուզում եմ փաստել հետեւյալը՝ ես ներկայացնում եմ այն քաղաքական ուժը, որը լինելով խորհրդարանում ամենախոշորը՝ ժողովրդական շարժմանը պաշտպանողներից, իր աջակցությունը բերեց եւ՛ շարժմանը, եւ՛ գործող Կառավարության ձեւավորմանը, եւ՛ ժողովրդի թեկնածուի ընտրությանը: Ուստի, այն, ինչ հարցնում ենք, ինչից խոսելու ենք, քննարկելու ենք, իհարկե, նպատակ ունի, որպեսզի ամեն ինչ մեզնում, մեր երկրում լավ ստացվի, որպեսզի ժողովուրդը շահի, երբեւէ եւ երբեւէ չհիասթափվի: Սա, որպես կարեւոր նախաբան` հարցերի դեպքում, որոնք կարող են թվալ խնդրահարույց, պրոբլեմատիկ, իհարկե, այդպիսիք կան մեր երկրում եւ կարեւոր են:

Հիմա, հարգելի վարչապետ, այս համատեքստում երեք բան եմ ուզում առանձնացնել. եւ՛ դուք, եւ՛ շարժման բոլոր մասնակիցները, եւ՛ ժողովուրդն այդ ողջ ընթացքում առաջ էր քաշում մեկ կարեւոր հանգամանք՝ փոփոխություններ, փոփոխություններ՝ ամբողջական, մենիշխանությունից ազատվելու հարց, իշխող ուժից ազատվելու հարց, հետեւաբար՝ ընտրություններ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք կբացառեն որեւէ վտանգ, այդ թվում՝ ժողովրդի կողմից ձեւավորված ուժի նկատմամբ, ասենք՝ վարչապետի իմպիչմենտի, կամ այլ, դուք ձեր ելույթում խոսեցիք՝ վտանգների դրսեւորման պահով: Ե՞րբ են տեղի ունենալու այդ ժողովրդական շարժման ընթացքում հռչակված արտահերթ ընտրությունները:

Երկրորդ. ժողովուրդը պահանջել է, պահանջում է, ունեցել է ցասում եւ այդ ցասումը շարունակելու է կրել բոլոր խնդիրների, պրոբլեմների, հանցագործությունների, դժվարությունների, դժբախտությունների առթիվ, որոնց վերաբերյալ կան մեղավորներ: Ե՞րբ են պատժվելու մեղավորները:

Երրորդ. ե՞րբ կբարձրանան թոշակները եւ աշխատավարձերը մարդկանց եւ որքանո՞վ, որովհետեւ գիտեք, որ դա լրջագույն եւ ծանրագույն խնդիր է: Շնորհակալ եմ:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալ եմ, պրն Ուրիխանյան, հարցերի համար: Սկսեմ թոշակներից եւ աշխատավարձերից: Մենք շատ հստակ խնդիր ենք ձեւակերպել ՊԵԿ-ի եւ կառավարության առաջ՝ էականորեն ավելացնել պետական եկամուտները, եւ դա պետք է տեղի ունենա 3 հիմնական գործոնների հաշվին:

Առաջինը ստվերի կրճատումն է եւ օրինականության ապահովումը:

Երկրորդը. այն, որ գործարարները ՀՀ-ում ազատված են որեւէ կոռուպցիոն պարտավորությունից, եւ մենք հույս ունենք` կոռուպցիոն պարտավորություններից ազատված միջոցները կրկին կներդրվեն տնտեսության մեջ, եւ այդպիսով, անուղղակիորեն կնպաստեն պետական եկամուտների ավելացմանը, եւ մենք հույս ունենք, որ առնվազն մյուս տարվա պետական բյուջեում մենք կնախատեսենք այդ ավելացումները՝ կենսաթոշակների, եւ աշխատավարձերի: Չնայած` կա այսպիսի մի խնդիր. եթե պետական կառավարման համակարգին մենք արգելում ենք եւ ապահովելու ենք, որ զարտուղի ճանապարհներով եկամուտներ չունենա, բնականաբար, նրանց կողմից հարց է ծագում աշխատավարձերի բարձրացման մասին, եւ մենք հույս ունենք դա հնարավորինս արագ անել: Ես ասում եմ, որ առնվազն մյուս տարվա պետական բյուջեում դա պետք է արտահայտվի, եւ ես հույս ունեմ, որ մեր բյուջեի եկամուտների հավաքագրումը տեղի կունենա էական պրոֆիցիտով, եւ որ պահին մենք տեսնենք դրա հնարավորությունը, անպայման, կիրագործենք:

Ընտրությունները՝ մեկ տարվա ընթացքում: Ես ասում եմ, որ մեր քաղաքական ուժին՝ հեղափոխությունն անմիջական իրականացրած քաղաքական ուժին, իրենց քաղաքական շահի տեսակետից հենց այսօր են ձեռնտու ընտրությունները՝ հենց այսօր, օր առաջ, բայց ես իմ ելույթում էլ ասացի, որ մենք չենք ուզում, որ այդ հարցը դիտարկենք բացառապես մեր քաղաքական թիմի շահերի տեսանկյունից եւ ասում ենք՝ մեկ տարվա ընթացքում, եւ այն քննարկումները, որ մենք միասին կունենանք, մենք հույս ունենք, որ կգանք ընդհանուր հայտարարի: Եթե չգանք ընդհանուր հայտարարի, արդեն կտեսնենք, թե ինչպե՞ս ենք այդ որոշումներն ի կատար ածում:

Ինչ վերաբերում է մեղավորներին. մեղավորների մասով կա 2 հարցադրում: Կա քաղաքական հարցադրում, որով ես ինքս էլ բազմիցս հանդես եմ եկել եւ շարունակում եմ հանդես գալ, եւ կա իրավական գործընթաց: Իրավական գործընթացն ասում է հետեւյալը, որ ցանկացած մարդ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով: Մենք պատժելու, այսպես ասած, մոլուցքի մեջ ոչ մի օրինախախտման, ոչ մի ռեպրեսիայի չենք գնալու, բայց ուզում եմ նաեւ հավաստիացնել, որ որեւէ ուղղությամբ, որեւէ պատճառով իրավապահ մարմինները որեւէ խոչընդոտ չեն ունենալու որեւէ մեկի նկատմամբ: Ես, ներողություն՝ 10 վայրկյան, ասում եմ՝ այդ թվում իմ ընտանիքի անդամների նկատմամբ: Ես սա ասում եմ, որպեսզի այս շեշտադրումները որեւէ մեկը չընկալի որպես սպառնալիք ուրիշի հասցեին: Սա սկզբունք է, որ գործելու է, եւ ես հույս ունեմ, որ, իհարկե, իմ մերձավոր շրջապատի ներկայացուցիչներն օրինախախտումներ թույլ չեն տա, բայց եթե թույլ տան, բոլորդ կհամոզվեք, որ արձագանքը կլինի արագ, կոշտ եւ խիստ: Շնորհակալ եմ:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Պրն Ուրիխանյան, խնդրեմ՝ արձագանքելու համար:

Տ.ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

-Շնորհակալ եմ շատ: Ես շատ եմ ուզում, որպեսզի որեւէ հարց, որեւէ կասկած, որեւէ մտայնություն՝ բացասական, հասարակության մեջ չլինի, դրա համար շատ կարեւոր եմ համարում այս պարզաբանումները, եւ օրինակ՝ երեկ, առաջին օրը, երբ քննարկում էի թիմակիցների հետ, զբոսնում էի դրսում, անծանոթ մարդիկ հարցնում էին, ասում էին՝ դուք ամսի 7-ին ընտրությո՞ւն եք նշանակելու, որովհետեւ հռչակված էր, որ Կառավարության ծրագիրը պետք է քաղաքական պայմանավորվածությամբ չընդունվի, եւ մենք, փաստորեն, այսօր պետք է արդեն ունենայինք այդ հարցի լուծումը: Հիմա շատ կարեւոր է մարդկանց բացատրել, թե ինչո՞ւ սա չի արվում, ի՞նչ օբյեկտիվ պատճառներ կան, կամ, այդ մյուս խնդիրների ակնկալիքների հետ կապված, կարեւոր է, որ մարդիկ իմանան, ինչպես ասում եք, որ աշխատավարձեր եւ թոշակներ չեն վերանայվելու, կամ եթե վերանայվելու են` մյուս տարվա բյուջեում նոր են դրվելու:

Ընտրությունների հետ կապված կետում դուք ունեք նշած, ես դա շատ ողջունում եմ, նաեւ տեղեկատվական ազատության հետ կապված, քարոզչության հետ կապված... Խնդրում եմ, սրա մեխանիզմի մասին մի բան ասեք՝ մի բացատրություն՝ ինչպե՞ս, որովհետեւ դուք լավ գիտեք՝ ես նախորդ իշխանության ցուցակի համար մեկն եմ եղել, մենք ձեզ հետ բազմիցս դա քննարկել ենք, որին արգելված է եղել լուսաբանել, այդ թվում` պետական գործունեություն իրականացնելիս` խորհրդարանում, պետական լրատվամիջոցներով: Ո՞նց է այս հարցը լուծվելու, որպեսզի բոլորը, իսկապես, լինեն ժամանակակից աշխարհում ինֆորմացիայի իշխանության պարագայում, չակերտների մեջ, ազատ՝ հատկապես նախընտրական շրջանում: Շնորհակալություն:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Պրն Ուրիխանյան, ես ձեզ խոստանում եմ իշխանական դարակներում փնտրել այդ սեւ ցուցակը եւ գտնելու դեպքում տեղում ոչնչացնել, վառել այդ սեւ ցուցակը, որպեսզի այն այլեւս գոյություն չունենա:

Ինչ վերաբերում է տեղեկատվական ազատության հետ կապված խնդիրներին, տեսեք, մի օրինակ բերեմ. ընտրություններում քարոզչության ժամերը՝ Հանրային հեռուստատեսությամբ անվճար ժամերը, վերջին ընտրությունների սովորույթով դրվում էին 5:30-ից 6-ը կամ 7-ն ընկած ժամանակահատվածում, եւ դա այն ժամանակահատվածն էր, որ մարդկանց մեծամասնությունն աշխատանքից տուն վերադառնալու կամ աշխատանքից հեռանալու պրոցեսի մեջ էր: Պարզ օրինակ. այդ քարոզչական րոպեները պետք է տեղադրվեն, այսպես ասած՝ փրայմ թայմ ժամանակում. ամենապրիմիտիվ մոտեցում, եւ, իհարկե, պետք է վերանայվեն քարոզչության գները, որովհետեւ այնպիսի գներ են դրվում քարոզչության րոպեներին, որ քաղաքական ուժերի մեծ մասը չի կարող իրեն այդպիսի ճոխություն թույլ տալ: Շնորհակալություն:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, համաձայն պայմանավորվածության` նրանք, ովքեր չեն հասցրել գրանցվել, ես իրենց ընթացքում եմ տալիս իրավունքը, որպեսզի չլինի, որ նրանք իրավունք են ձեռք բերել վերջում հանդես գալ կամ հարց տալ: Մարինա Մարգարյան, խնդրեմ:

Մ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Հարգելի պրն Փաշինյան, Կառավարության ծրագրի առաջին կետում նշված է, որ ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցող ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխության արժեքների ամրագրումն է: Նշվում է նաեւ, որ այս իմաստով առանցքային նշանակություն ունի իշխանությունների ձեւավորումը` բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով:

Ծրագրի երկրորդ կետում նշված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման մասին: Այստեղ հարց է առաջանում. ինչպե՞ս եք պատկերացնում ներկայիս 6-րդ գումարման ԱԺ բացթողումը, ի՞նչ իրավական հիմքերի վրա է դա արվելու եւ ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու` ժողովրդի ազատ կամարտահայտություն, ազատ եւ արդար ընտրություններ ապահովելու համար:

Մեկ հարց եւս ունեմ: Կառավարության ծրագրի երկրորդ կետում նշում եք Ընտրական օրենսգրքի եւ ընտրական համակարգի էական բարեփոխումների մասին: Ի՞նչ ժամկետներում են նախատեսվում խորհրդարանին ներկայացնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:

Քանի որ ժամանակ ունեմ, եւս երրորդ հարցը՝ առողջապահության վերաբերյալ: Ծրագրի 5.3-րդ կետում, որը վերաբերում է մանկական առողջության պահպանման, վերարտադրողական առողջության բարելավման, վաղ մանկության շրջանի եւ դեռահասության առողջապահական խնդիրներին: Դուք ունե՞ք այդ հարցի շուրջ ինչ-որ տեսլական, եւ ինչպես գիտեք, 2018 թվականին բյուջեով կրճատվել էին առողջապահությանը տրամադրվող միջոցները: Արդյո՞ք 2019 թվականին, ըստ նախագծի, առողջապահության ոլորտին տրամադրվող միջոցները կավելացվեն, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալ եմ հարցերի համար: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ, արդեն ասացի, որ պատրաստվում ենք աշխատանքային խումբ ձեւավորել, եւ այդ աշխատանքային խումբը, հույս ունենք, մաքսիմալ արդյունավետ եւ արագ կգործի, որպեսզի համաձայնեցված փաթեթ ներկայացնի ԱԺ-ին:

Ինչ վերաբերում է՝ ինչպես ենք մենք ապահովելու ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքը: Ասեմ՝ օրինականություն հաստատելով: Տեսեք, օրինակ՝ հարց. Հայաստանում ընտրակաշառք բաժանվելո՞ւ է, թե՞ ոչ: Մենք փաստացի ունենք իրավիճակ, երբ Հայաստանում մարդիկ անարգել ընտրակաշառք են բաժանել, եւ իրավապահ մարմինները դրան որեւէ կերպ չեն արձագանքել, եւ երբեմն, նույնիսկ ներգրավված են եղել այդ գործընթացում:

Ես ուզում եմ` բոլորս հստակ արձանագրենք. եթե ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, քննչական մարմինները չցանկանան եւ չհամագործակցեն, որեւէ մեկն ընտրակաշառք բաժանել չի կարող, դա բացառված է: Բացառված է, որովհետեւ այդ խնդիրը լուծելու համար ո՛չ հայեցակարգ է պետք, ո՛չ կանոնակարգ է պետք, ոչ մի բան պետք չի: Պետք է հստակ արձանագրել, որ ընտրակաշառք չպետք է բաժանվի, եւ ոստիկանությանը տրվի կոնկրետ հրահանգ, որն ի կատար կածվի: Սա է ամենակարեւոր սկզբունքը:

Ինչ վերաբերում է առողջապահությանը, մենք ընդհանրապես կարծում ենք, որ հայեցակարգային առումով, նախորդ անգամ էլ ես ասացի, որ մեր խնդիրն է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որ մարդկանց` այդ հիվանդանոցների դռներն ընկնելու այդ տրամաբանությունից դուրս գանք, եւ մենք կարծում ենք, որ դրա կարեւորագույն միջոցն առողջապահության ապահովագրումն է:

Ինչ վերաբերում է վերարտադրողական առողջապահության խնդիրներին, դուք գիտեք, որ այսօր էլ Հայաստանում ծննդօգնությունն անվճար է, եւ պետք է ապահովել հիմնականում դա, ինչքան ես եմ շփվել եւ գիտեմ, հիմնականում դա պաշտպանվում եւ պահպանվում է, բայց իհարկե, ոլորտում կան խնդիրներ, եւ այդ ոլորտի խնդիրները երբեմն հանրային քննարկումների եւ հանրային սկանդալների առիթ են դառնում, եւ բնականաբար, շատ կարեւոր  խնդիր է առողջապահության որակն ու մակարդակը բարձրացնելը, եւ այո, դրա համար կարեւոր նախապայման է ֆինանսավորման ծավալներն ու չափերը: Մենք ընդհանրապես, բազմաթիվ խնդիրներ լուծված չեն մի հիմնավորմամբ՝ փող չկա: Ասում եմ՝ անկյունաքարային խնդիր է պետական եկամուտներն ավելացնելը, որովհետեւ մենք գիտենք, որ Հայաստանում կա ստվերային տնտեսություն, Հայաստանում կա կոռուպցիա, որը խոչընդոտում է այս պրոցեսները: Երբ պետական եկամուտների ընդհանուր ծավալն ավելանա, բնականաբար, պետք է ավելանա նաեւ բյուջետային ծախսերի ծավալը բոլոր ուղղություններով: Իհարկե, մի ուղղությունով ավելի շատ, մյուսով՝ ավելի քիչ, բայց ընդհանուր քաղաքականությունը պետք է լինի դա:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Տիկին Մարգարյան, ցանկանո՞ւմ եք արձագանքել: Խնդրեմ, միացրե՛ք խոսափողը:

Մ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Ես առողջապահական ծրագրի վերաբերյալ մի քանի դիտարկումներ ունեմ, որոնք չեն ընդգրկվել տվյալ ոլորտի կարեւորագույն խնդիրների ծրագրում, եւ ես հուսով եմ, որ հնարավորություն կունենանք միասին քննարկել այդ խնդիրները տվյալ ոլորտում: Շնորհակալություն:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալ եմ: Ես ծրագրի վերաբերյալ, ձեր թույլտվությամբ, մի ընդհանուր մեկնաբանություն կանեմ: Այդ ծրագիրը՝ կառավարության այս ծրագիրը համապարփակ չէ, չի ներառում հնարավոր ամեն ինչ: Ինչո՞ւ. որովհետեւ մենք, ինչպես նախաբանում գրել ենք, մենք այս ծրագրով փորձել ենք, ոչ թե փորձել ենք՝ արձանագրել ենք այն ձգտումները, այն ցանկությունները, որոնք ՀՀ քաղաքացիներին դուրս են բերել հրապարակ, եւ հրապարակում ձեւավորվել է որոշակի շրջանակ՝ առաջնային խնդիրների եւ նպատակների, հռչակումների, եւ մենք Կառավարության ծրագրում արտահայտել ենք հենց հրապարակում արձանագրված առաջնային խնդիրները: Կան բազմաթիվ խնդիրներ, որոնց Կառավարության ծրագրում մենք չենք անդրադարձել: Ի՞նչն է դրա պատճառը: Որովհետեւ, այդ խնդիրները հրապարակում չեն արտահայտվել որպես առաջնային օրակարգ, բայց դա չի նշանակում, որ այդ խնդիրների լուծումը Կառավարության օրակարգում չի, որովհետեւ Կառավարության գործունեությունը ոչ միայն ծրագրով է կարգավորվում, այսօր օրենսդրության բազմաթիվ գործառույթներ կան, որ Կառավարությունը պարտավոր է կատարել, եւ բաներ կան, որ դրանց մասին չարժե նույնիսկ հիշատակել, որովհետեւ դա օրենքով սահմանված պարտավորություն է, որը ցանկացած Կառավարություն պետք է իրագործի, եւ ծրագրում դրա ընդգրկված լինել-չլինելը որեւէ բան չի փոխում:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն: Վարդան Բոստանջյան, խնդրեմ:

Վ.ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Բաբլոյան: Պրն վարչապետ, վերջերս կայքերում տպագրված մի քանի վերլուծականներով, հիմնավոր, ես այսպես ասել եմ, որ մեր հասարակությունը՝ քաղաքացիները, դրական տեղաշարժերի կարող են սպասել առնվազն 3 տարի: Ավելի շուտ մենք երեւի չենք ունենա հնարավորություն` տեսանելի դրական տեղաշարժերի հասնելու համար: Այդուհանդերձ, իմ մոտ ծագել են հարցեր: Հասկանում եմ, որ սիրո եւ համերաշխության` այս համերաշխության հեղափոխությունից հետո, եթե դուք այսօր ներկայացնեիք միայն ուղենիշերը, ինձ համար բավարար կլինեին: Այդուհանդերձ, այստեղ դուք նշում եք, որ առաջին հերթին պետք է վստահություն վայելող Կառավարություն՝ դրա գոյությունը:

Այս պարագայում, իհարկե, ես հասկանում եմ, որ այս պահին չափազանց մեծ է վստահությունը, բայց դա կենսագործելու առումով, ես կուզենայի ձեր մոտեցումը հետեւյալին. մեր երկրում տեղի ունեցող սակագնային քաղաքականության վերաբերյալ: Տեսեք՝ էլեկտրաէներգիա եւ գազ: Առնվազն, ձեր քաղաքական ուժն էլ այս վերաբերյալ, մենք ունեցել ենք հիմնավոր վերլուծականներ, որ մեծ ռեզերվներ ունենք: Արդյո՞ք այդ 3 տարուց անկախ` մենք կարո՞ղ ենք միանգամից քաղաքացիների՝ հասարակության համար ապահովել սակագնի որոշակի մակարդակի իջեցում: Սա` առաջին հարցս:

Երկրորդ հարցը վերաբերում է, տեսեք, դուք ասացիք՝ զինծառայության նկատմամբ մեզ պետք է արմատական փոփոխություն, մասնավորապես, բերեցիք նաեւ ձեր որդու օրինակը: Այդուհանդերձ, միգուցե ես սխալվում եմ, այս վերջին՝ նոր իշխանության նշանակության պարագայում, ես որքան հասկանում եմ, ճնշող մեծամասնությունը զինվորական ծառայության հետ, կարծեք թե, առնչություն չունի: Դա այդպե՞ս է, թե՞ այդպես չի: Շնորհակալություն:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալություն: Տեսեք, ես ինքս էլ ժամկետային զինվորական ծառայություն չեմ անցել, որովհետեւ 1991 թվականի օրենքով ինձ պետությունը բանակ չի տարել, ասել է՝ քեզ ազատում եմ բանակից, գնա, դու զբաղվի ուրիշ գործով, եւ ասել է` եթե 2 ավագ եղբայրները ծառայած են բանակում, երրորդին չենք տանում: Այսինքն՝ ես ինչի՞ համար եմ սա ասում: Կա երկու, այսպես ասած, ռեժիմ: Մեկը` որ մարդը գնացել է, խնդիր է լուծել, որ բանակ չգնա, մյուսը՝ պետությունն ասել է՝ հարգելի քաղաքացի, այս իրավիճակում քո ծառայությունը, կամ մենք ուզում ենք, որ դու ոչ թե այս իրավիճակում գնաս բանակ, այլ գնաս եւ զբաղվես ուրիշ գործով: Այսինքն՝ սրանք 2 տարբեր իրավիճակներ են:

Երկրորդը. եթե պարզվի, որ Կառավարության որեւէ անդամ օրենքի խախտմամբ խուսափել է բանակից կամ որեւէ օրենքով նախատեսված պարտավորությունից, ես ասում եմ, որ այդ Կառավարության անդամը, անկախ նրանից, թե ո՞վ է, տեղում կազատվի աշխատանքից: Այսինքն՝ եթե պարզվի, որ ապօրինություն է արել այդ կառավարության անդամը, քանի դեռ ապացույց չկա` ուրեմն գործում է անմեղության կանխավարկածը՝ բոլորի դեպքում:

Հաջորդը. գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված` ես կարծում եմ, որ այդտեղ, իրոք, խնդիր կա, եւ մենք այդ հարցերով զբաղվում ենք: Օրինակ՝ ՌԴ նախագահի հետ մեր հանդիպման ժամանակ մենք շատ բարձր գնահատեցինք այն փաստը, որ Ռուսաստանը Հայաստանին գազ մատակարարում է բավականին էժան գնով, բայց ես ասացի, որ ՀՀ քաղաքացիների համար կարեւորը ոչ թե այն է, թե Ռուսաստանը Հայաստանին ի՞նչ գնով է մատակարարում, այլ կարեւորն այն է, թե ինքն իր տանը գազն ի՞նչ գնով է սպառում, իսկ ՀՀ քաղաքացին այսօր չի զգում, որ ինքը Ռուսաստանից էժան գազ է ստանում, եւ ես կարծում եմ, որ այստեղ կարող են լինել որոշակի անարդյունավետ կառավարման, ընդհուպ՝ կոռուպցիոն ռիսկեր: Ես կարծում եմ, որ նաեւ Ռուսաստանի իշխանությունն ըմբռնումով է մոտենում, որ մենք այս հարցերով լրջությամբ զբաղվենք եւ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում:

Էլեկտրաէներգիայի սակագնի պարագայում մենք կարծում ենք, որ այդտեղ մենք նույնպես խնդիր ունենք, եւ ես հիմա չեմ ուզում, ուղղակի, ժամկետից շուտ որեւէ հայտարարություն անել: Ուզում եմ հավաստիացնել, որ մենք լրջորեն այդ հարցերով զբաղվում ենք, եւ հույս ունենք, որ այդտեղ կունենանք կոնկրետ արդյունքներ:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Պրն Բոստանջյան: Միացրե՛ք:

Վ.ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

-Արձագանքեմ: Պրն վարչապետ, ձեր ելույթի, ավելի շուտ՝ ծրագրի 5-րդ բաժնում ազատ, արժանապատիվ, մի բառ էլ կա՝ երջանիկ քաղաքացի: Ես կուզենայի իմանալ՝ էդ «երջանիկ» բառի տակ դուք ի՞նչ ծանրաբեռնվածություն եք ուզում դնել, որովհետեւ իմ կյանքի ոչ փոքր՝ քիչ տարիների պարագայում ես հասկացել եմ՝ երջանիկ լինելու համար պետք է մի քիչ խելքից պակաս լինել: Հիմա, ես առաջնորդվում եմ գիտե՞ք ինչո՞վ. այդ ֆանտաստ գրողները, որ զոմբիացնում են ժողովրդին, ասում են՝ մենք ձեզ երջանիկ կդարձնենք, ես չէի ուզենա, որ այս ծրագրում այդ բառը լիներ, կամ կարող է` սխա՞լ եմ հասկացել:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Պրն Բոստանջյան, ես ձեզ կխնդրեմ դիտել կադրերը, թե ի՞նչ էր տեղի ունենում ՀՀ-ում եւ Երեւանում, ասենք՝ 2018 թվականի ապրիլի 23-ին, եւ ես կխնդրեմ դիտել այն կադրերը, որոնք հազարավոր ժամեր են, եւ ես ձեզ կխնդրեմ դիտել այն կադրերը, իմիջիայլոց, ես այդ կադրերը նոր եմ տեսնում, որովհետեւ նախկինում առիթ չեմ ունեցել տեսնել, դիտել այն կադրերը, թե ի՞նչ էր տեղի ունենում Երեւան մայրաքաղաքում 2018 թվականի մայիսի 2-ին եւ մայիսի 8-ին, եւ դուք կտեսնեք երջանիկ մարդկանց: Երբ մենք ասում ենք` մարդկանց երջանկություն, շատերը հասկանում են, թե պետությունը պետք է մարդու անձնական կյանքը կարգավորի, բայց երջանկությունը միայն անձնական հարթությունը չի: Կա նաեւ քաղաքացիական երջանկություն, երբ մարդը զգում է, որ իր ձայնը եւ իր դիրքորոշումը երկրում բան է որոշում: Դա ամենամեծ քաղաքական եւ քաղաքացիական երջանկությունն է, եւ մենք դա մտադիր ենք, ժողովուրդն այսօր դա ունի եւ ժողովուրդը դա պետք է ունենա անընդհատ: Սա նկատի ունենք: Շնորհակալ եմ:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն: Արմենուհի Կյուրեղյան:

Ա.ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն վարչապետ, թե՛ նոր կառավարության ծրագրում, թե՛ ձեր բոլոր ելույթներում դուք առաջնահերթ խնդիր եք համարել արտահերթ ընտրությունների նախապատրաստմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների կատարումը, եւ դա նպատակ ունի հանրության մեջ վստահություն բարձրացնել, որ այլեւս ընտրությունները չեն կեղծվելու, այլեւս ընտրություններն արտահայտելու են ժողովրդի կարծիքը, որ այլեւս ընտրությունների վրա որեւէ գործոն եւ, այդ թվում ամենակարեւորը՝ ընտրակաշառքի գործոնը չի ազդի, ինչպես դուք նոր նշեցիք: Չե՞ք կարծում, որ «Բարեգործության մասին» օրենքում անհրաժեշտ են փոփոխություններ, քանզի այսօր եւ ընդհանրապես բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանելու գործընթացը միշտ տեղի է ունեցել եւ այսօր էլ շարունակվում է՝ տարբեր բարեգործական ցուցակներում բնանկարչությունը ներառելով, նրանց ծրարներով գումարներ բաժանելով` արդեն սկսվել է ընտրակաշառքի բաժանման գործընթացը:

Քանի որ ժամանակս թույլ է տալիս, ես փորձեմ նաեւ երկրորդ հարցս... Նորից նշեմ՝ ձեր բոլոր ելույթներում՝ հրապարակային թե տարբեր հանդիպումների ժամանակ հնչեցրած, ձեր բոլոր ուղերձները տեղ են գտել կառավարության այսօր ներկայացրած ծրագրում` բացի մի ուղերձից. «Մենք պետք է նպաստավոր պայմաններ ապահովենք, որպեսզի կանայք ավելի շատ ընդգրկում ունենան պետական կառավարման համակարգում՝ քաղաքական եւ հանրային գործունեության մեջ»: Ցավոք սրտի, մեզ այսօր ներկայացված ծրագրում ես այս ուղերձի արտացոլումը ոչ մի կերպ չտեսա: Դա ի՞նչ է ենթադրում, ի՞նչ կարելի է ենթադրել, դուք այլեւս չե՞ք կարեւորում որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավվածության հարցը, թե՞ ուղղակի բացթողում է:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Տիկին Կյուրեղյան, եթե անկեղծ ասեմ, մենք մի քիչ ամաչում ենք, որ կառավարության կազմում չենք կարողացել ավելի մեծ թվով կանանց ներգրավել, եւ գուցե թե դա մեր զգացողության արտահայտումն է, եւ իհարկե, այն, ինչ ասվել է, դա չափազանց կարեւոր է, եւ կարծում եմ՝ ամսի 8-ին որպես վարչապետի թեկնածու իմ ելույթում հնչած որեւէ դրույթ, անկախ նրանից՝ ընդգրկված է, թե՞ չի ընդգրկված, չի կարող իր կարգավիճակը փոխել: Ասում եմ՝ ես ցավում եմ, որ մենք շատ արագ չենք կարողացել շատ մեծ եւ էական փոփոխություններ անել այդ հավասարակշռության մեջ, գուցե դա է պատճառը, որ մենք այդպես ենք վարվել:

Ինչ վերաբերվում է բարեգործության մասին օրենսդրական փոփոխություններին, արդեն ասեցի, որ աշխատանքային խումբ պետք է ձեւավորվի եւ, իհարկե, բոլոր գաղափարները պետք է քննարկենք եւ փորձենք այդ գաղափարների շուրջ գալ ընդհանուր եզրակացության եւ ընդհանուր ըմբռնման` հստակեցնելու համար, թե կոնկրետ ի՞նչ ասելով` ի՞նչ նկատի ունենք, որպեսզի, այսպես ասած՝ թացը չորին չխառնվի: Շնորհակալ եմ:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Ցանկանում ենք արձագանքե՞լ: Միացրեք տիկին Կյուրեղյանի խոսափողը:

Ա.ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

-Շնորհակալություն, պրն վարչապետ: Խոսքը նրանում չէ, թե դուք կամ այսօր ձեր ներկայացրած կառավարությունը, այո, կարեւորում է կանանց ներկայացվածությունը: Խոսքը նրանում է, որ մենք ունենանք ամրագրում օրենսդրության մեջ, ամրագրում որոշումների մեջ, որ այլեւս կանանց ներգրավվածությունը որոշումների կայացման մեջ անհրաժեշտություն է: Շնորհակալություն:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Գիտեք, տեսեք, իհարկե, դա շատ կարեւոր է, որովհետեւ ես կարծում եմ՝ իմ ելույթում ասացի, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական գործընթացի առանցքային առանձնահատկությունն այն էր, որ մենք կանանց հսկայական ներգրավվածություն տեսանք այդ քաղաքական գործընթացներին, եւ դա նույնպես այն կարեւոր գործոններից մեկն էր, որ մեզ հնարավորություն տվեց խուսափել բախումներից, խուսափել սրացումներից եւ այլ զարգացումներից, եւ դա, կարծում եմ, ժողովրդական հեղափոխության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է, եւ այդ ձեռքբերումները պետք է արտահայտվեն մեր հետագա քաղաքական կյանքում: Գիտեք ինչ, այն, որ մենք այդ ցանկությունն ունենք՝ միանշանակ է, եւ մենք պետք է կարողանանք ապահովել, որ կանանց այդ ակտիվությունը շարունակվի եւ շարունակվի մնալ որպես կարեւոր գործոն, որովհետեւ, կարծում եմ, մեր պրոցեսը՝ այդ քաղաքական գործընթացը ցույց տվեց, որ կանանց ակտիվությունը որեւէ կերպ չի հակասում ընտանիքի մասին մեր ունեցած պատկերացումներին եւ ընտանիքի մասին մեր ունեցած լավագույն ավանդույթներին:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն: Գագիկ Մելիքյան:

Գ.ՄԵԼԻՔՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Բաբլոյան: Պրն վարչապետ, հարցս վերաբերում է ծրագրի արտաքին քաղաքականության բաժնին: Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ տարիներ շարունակ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության հետեւանքով խոչընդոտվել է Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը: Թե՛ բանակցություններից առաջ, թե՛ բանակցություններից հետո միշտ տարբեր դիվերսիոն ակտերով փորձել են խոչընդոտել եւ մեր քննադատական խոսքին միջազգային կառույցների կողմից անընդհատ պատասխաններ են հնչել, եւ ոչ ադեկվատ՝ կողմերին կոչ է արվել, որպեսզի զսպվածություն ցուցաբերեն եւ իրենց գործողություններով չլարեն իրավիճակը:

Հիմա, շատ տարօրինակ է, որ Կառավարության ծրագրում՝ 3-րդ բաժնի երկրորդ պարբերությունում նմանատիպ մոտեցում է որդեգրված «կողմերին». էլի, որպեսզի պահպանեն, կոնկրետ հավասարության նշան է դրվում կողմերի միջեւ: Դա երրորդ բաժնի երկրորդ պարբերությունն է: Ինչո՞վ կբացատրեք դա, եւ ես սա առաջին անգամն եմ տեսնում` այսպիսի մոտեցում, եւ կցանկանայի, որ անպայման ուշադրություն դարձնեք դրան:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն Մելիքյան, չեմ կարծում, թե այդպիսի մեկնաբանությունը տեղին է: Ես ձեզ ուրիշ բան կարող եմ ասել. երկու օր առաջ ես հանդիպում ունեի մեր գործընկեր երկրներից մեկի դիվանագիտական ներկայացուցչի հետ, եւ այդ դիվանագիտական ներկայացուցիչն ասում էր, որ կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումները շատ լավ առիթ են, որպեսզի մենք Հայաստանի հանրությանը պատրաստենք խաղաղության՝ Ղարաբաղի հարցի կարգավորման: Ես նրան ասացի հետեւյալը. ասացի՝ ինչպե՞ս եք պատկերացնում, որ մենք մեր հանրությանը ձեր ասած տրամաբանության մեջ պատրաստենք խաղաղության, երբ ակնհայտ է, որ Ադրբեջանն իր հանրությանը պատրաստում է պատերազմի: Եթե այդ պայմաններում մենք մեր հանրությանը փորձենք պատրաստել խաղաղության, նշանակում է՝ մենք մեր հանրությանը պատրաստում ենք պարտության: Մենք չենք գնա նման բանի:

Եթե մենք ուզում ենք, որ այդ պրոցեսը տեղի ունենա Հայաստանում, եթե միջազգային հանրությունն ուզում է, որ այդ պրոցեսը տեղի ունենա Հայաստանում, ուրեմն ինքը պետք է ապահովի, որ այդ պրոցեսը տեղի ունենա Ադրբեջանում, որովհետեւ Հայաստանը երբեք ագրեսիվ հռետորաբանությամբ աչքի չի ընկել, եւ այս պայմաններում, մենք կարծում ենք, որ մեր հռետորաբանությունը, եթե համաչափության կանոններով նայենք, դեռ շատ ու շատ ագրեսիվացնելու պոտենցիալ ունենք, որպեսզի մեր դիրքորոշումը համեմատելի լինի Ադրբեջանի հետ:

Ձեր հարցի համատեքստում ասեմ, որ մեր մտադրությունը շատ պարզ է. այո, մենք բանակցային գործընթացում կառուցողական դիրքորոշում կունենանք, բայց մենք ադեկվատության զգացողությունը երբեք չենք կորցնի: Ես նախկինում ել ասել եմ, որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, եւ հիմա էլ ասում եմ, որ երբ Ադրբեջանը սպառնում է անընդհատ Հայաստանին եւ Արցախին, այս պայմաններում հայտարարել, որ մենք պատրաստ ենք փոխզիջումների, կարծում եմ՝ դա ճիշտ մոտեցում չի, որովհետեւ փոխզիջումն այն է, որ դիմացինդ էլ է պատրաստ փոխզիջումների: Եթե դիմացինդ պատրաստ չի փոխզիջումների, մենք չենք կարող պատրաստ լինել փոխզիջումների: Եթե դիմացինդ պատրաստվում է պատերազմի, ուրեմն մենք էլ պետք է պատրաստվենք պատերազմի, հակառակ դեպքում` նշանակում է, որ մենք պատրաստվում ենք պարտության: Մենք չենք պատրաստվում պատրաստվել պարտության: Մենք ասել ենք, որ հայ ժողովուրդը հաղթել է, եւ հայ ժողովրդի այսօրվա ոգին թույլ է տալիս, որ մենք մեր հանրությանը պատրաստենք հետագա հաղթանակների, եթե դրա անհրաժեշտությունը կլինի: Մենք չենք պատրաստվում որեւէ պատերազմի: Մենք պատրաստվում ենք մեր հայրենիքը պաշտպանել: Եթե հակամարտության մյուս կողմը ցույց կտա, որ ինքը պատրաստվում է խաղաղության, բնականաբար, մենք նույնպես կպատրաստվենք խաղաղության, եթե ինքը պատրաստվում է պատերազմի, մենք էլ կպատրաստվենք պատերազմի: Սա է մեր դիրքորոշումը, եւ կարծում եմ, որ այդտեղ որեւէ մեկնաբանություն այս համատեքստում չի կարող լինել:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Պրն Մելիքյան... Միացրե՛ք խոսափողը:

Գ.ՄԵԼԻՔՅԱՆ

-Շատ լավ, պրն վարչապետ, ես հասկացա ձեր մոտեցումները, եւ դա միանգամայն ճիշտ է: Լսելով ձեր ելույթը, ես այդտեղ ռազմատենչ հռետորաբանություն չեմ տեսել, բացարձակապես, բայց, այնուամենայնիվ, հավատացած եղեք, որ այդ պարբերությունը բավականին խոցելի է, եւ կարծում եմ՝ անհրաժեշտություն կա, որպեսզի հանձնարարեք դա շտկել:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Ես կխնդրեմ ձեզ, որ մենք հընթացս տեսնենք, եթե այդտեղ խնդիր լինի, կարծում եմ՝ մինչեւ քվեարկությունը բարդ չի լինի դա շտկել:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն Նապոլեոն Ազիզյան, խնդրեմ:

Ն.ԱԶԻԶՅԱՆ

-Պրն Փաշինյան, ինձ են դիմել մի խումբ մեր հայրենակիցներ, ուզում եմ իմանալ՝ համաներում լինելո՞ւ է, թե՞ ոչ, եւ եթե լինելու է` մոտավորապես ե՞րբ:

Մյուս հարցս վերաբերում է մեր երկրում շուրջ 570 հազար թոշակառուների: Մեր երկրում նվազագույն սպառողական զամբյուղը 42 հազար դրամ է, իսկ նվազագույն կենսաթոշակը՝ 16 հազար: Ի՞նչ է ստացվում, որ թոշակառուն իր ստացած թոշակով կարող է ընդամենը 10-ից 12 օր գոյությունը քարշ տալ, մնացած բոլոր օրերին դատապարտված է սովամահության: Կարո՞ղ եք ասել, մոտավորապես ե՞րբ կլինի այնպիսի հարաբերակցություն նվազագույն սպառողական զամբյուղի եւ նվազագույն կենսաթոշակի միջեւ, որպեսզի մարդիկ գոնե սոված չքնեն:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շատ շնորհակալ եմ հարցի համար: Ես կարող եմ ասել, որ մենք ամեն օր աշխատում ենք դրա վրա, եւ աշխատելու ենք օր առաջ այդ խնդիրները լուծել եւ շոշափելի փոփոխությունների հասնել, բայց ես ուզում եմ այս համատեքստում անել մի դիտարկում. իմ կարծիքով, դրա կարեւորագույն լուծումը պետական եկամուտների ավելացումն է, ստվերի կրճատումը եւ կոռուպցիայի դեմ պայքարը, բայց ես ուզում եմ ընդգծել մի բան, որ կոռուպցիայի եւ ստվերի դեմ պայքարում կարող են լինել դրսեւորումներ, որ մարդիկ՝ որոշակի շրջանակներ, նույնիսկ հրապարակայնորեն սկսեն հիմնավորել, որ կոռուպցիան ավելի լավ է, քան՝ կոռուպցիայի բացակայությունը, ստվերն ավելի լավ է, քան՝ օրինականությունը, որովհետեւ այդ ստվերի դեմ պայքարի արդյունքում կարող են ինչ-որ ապրանքներ ինչ-որ ժամանակահատվածում թանկանալ, կամ փորձ արվի նման հետեւանքների բերել, եւ մարդկանց եզրակացությունը լինի այն, որ ստվերն ավելի լավ է, քան՝ ստվերի դեմ պայքարը, կոռուպցիան ավելի լավ է, քան՝ կոռուպցիայի դեմ պայքարը, այսինքն՝ նկատի ունեմ, որ մենք պետք է շատ հստակ հասկանանք, որ այս ճանապարհին մենք հետեւողականորեն գնալու ենք, եւ մեր խնդիրը պետական եկամուտներն ավելացնելն է, եւ այդ պրոցեսը պետք է տեղի ունենա հրապարակային, եւ մենք պետք է ապահովենք, այո, որպեսզի պետական եկամուտներն ավելանան, եւ այն պահին, երբ մենք տեսնենք, որ պետական եկամուտներն ավելացել են այնքան, որ մենք կարող ենք նման լուծումներ մեզ թույլ տալ, մենք այդ լուծումները մեզ անպայման թույլ կտանք, այսինքն՝ դա մեր ամենօրյա խնդիրն է: Ես` որպես ՀՀ վարչապետ, ասում եմ, ասացի, ստանձնեցի, որ որպես վարչապետ պաշտոնավարելով` ոչ մի կողմնակի եկամուտ չեմ ունենալու, ոչ մի գույք ձեռք չեմ բերելու, ոչ մի բաժնետոմս, այսինքն՝ սա նաեւ այդ ուղերձն է հանրությանը, որ մենք ոչ թե մեր սեփական եկամուտների համար ենք աշխատելու, այլ՝ հանրության: Սա շատ կարեւոր սկզբունք, նրբություն եւ առանձնահատկություն է: Մենք ասում ենք, որ գործարարներին ազատում ենք բոլոր կոռուպցիոն պարտավորություններից: Այս ամենն ինչն ինչի՞ համար ենք անում: Որպեսզի պետական եկամուտներն ավելանան, դրա արդյունքում ավելանան թոշակները, աշխատավարձերը, հնարավոր լինի առողջապահության ոլորտում, մյուս ոլորտներում, ռազմավարական զարգացման ոլորտում մեծացնել պատկան պետական ծախսերը:

Ինչ վերաբերում է համաներմանը, համաներման պրոցեսները, եթե նույնիսկ դրանք լինում են, սովորաբար ընդունված է իրականացնել գաղտնիության պայմաններում, որովհետեւ, հակառակ դեպքում, մարդը կասի՝ մեկ է` սեպտեմբերին համաներում է լինելու, գնամ, մի 10 տուն թալանեմ, համաներումով դուրս կգամ: Դրա համար ես այդ հարցին չեմ պատասխանի, իսկ քաղաքական համաներման լինելը կամ չլինելը, կարծում եմ, ինչ-որ առումով քաղաքական նպատակահարմարության հարց է: Շնորհակալություն:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Պրն Ազիզյան, ցանկանու՞մ եք արձագանքել: Միացրեք խոսափողը:

Ն.ԱԶԻԶՅԱՆ

-Պրն Փաշինյան, ես հասկանում եմ, որ կախարդական փայտիկ չկա, ուղղակի ուզում եմ ասել, որ թոշակառուների վիճակը, իրոք, շատ վատ է, եւ իրենք ձեզանից ակնկալում են կտրուկ միջոցառումներ, եթե հնարավոր է, մի քիչ արագ թոշակառուների հարցը լուծել:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Պրն Ազիզյան, ես ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ կախարդական փայտիկ կա, եւ այդ կախարդական փայտիկն արդեն իսկ իր գործը սկսել է, եւ այդ կախարդական փայտիկն արդեն իսկ կոնկրետ արդյունքներ է արձանագրում, որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, ՀՀ քաղաքական գործիչների, վերլուծաբանների 97 ամբողջ եւ ավելի տոկոսը համարում էր, որ այդպիսի բան լինել չի կարող: Հետեւաբար, կախարդական փայտիկ կա, այդ կախարդական փայտիկն այսօր էլ գործի մեջ է, եւ այդ կախարդական փայտիկը կիրականացնի ոչ միայն այն, ինչ հնարավոր է, այլեւ կիրականացնի այն, ինչ անհնար է, եւ ես համոզված եմ, որ բոլոր ուղղություններով մեր կառավարությունը կունենա լրջագույն արդյունքներ, եւ ՀՀ քաղաքացիները պետք է մի բան արձանագրեն, որ Կառավարության գործատուն ՀՀ ժողովուրդն է՝ հենց ձեր ասած թոշակառուները, աշխատողները, բոլոր քաղաքացիները: Իրենք ուղիղ Հայաստանի կառավարության գործատուներն են, ես Հրապարակում էլ եմ ասել, որ մենք ժողովրդին համարում ենք մեր ղեկավարը: Կներեք այս կոպիտ բառի համար՝ մեր շեֆն ենք համարում, եւ Հայաստանում ընդունված է, որ պաշտոնյաները ծառայում են իրենց շեֆին, իսկ մեր շեֆը ժողովուրդն է, եւ մենք մեր շեֆին անմնացորդ ծառայելու ենք: Խնդրում եմ, սրանում որեւէ կասկած չունենաք:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն: Շաքե Իսայան, խնդրեմ:

Շ.ԻՍԱՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն Փաշինյան, ծրագրի 6-րդ գլխում ամրագրված է, որ վերջին տասնամյակներին Հայաստանում տնտեսական լճացման հիմնապատճառը եղել է մրցակցության եւ համահավասար տնտեսական հնարավորությունների դեֆիցիտը: Բնականաբար, վերը շարադրված մտքի հետ չի կարելի չհամաձայնվել, բայց կցանկանայի իմանալ ձեր տեսակետը, թե ինչպե՞ս եք բերելու օրենքով վերապահված գործառույթների դաշտ տվյալ ոլորտը, ի՞նչ քայլերի հաջորդականությամբ, եւ այս համատեքստում կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա. վերջին օրերի իրադարձություններն ի հայտ բերեցին մի շարք երեւույթներ, որոնց հստակ գնահատականը, թերեւս, պետք է տար հենց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Ի նկատի ունեմ՝ ոչ միայն բազմաթիվ փորձագետների հորդորից ելնելով՝ ուշացած հաղորդագրությունների տեսքով, այլեւ կանխարգելիչ մեխանիզմների տեսքով: Կցանկանայի իմանալ ձեր տեսակետը նաեւ սույն հանձնաժողովների գործառույթի վերաբերյալ, ինչպես նաեւ կրթության ոլորտի առաջնահերթություններում ֆիքսել եք մեծացնել նախադպրոցական կրթության մատչելիությունը եւ հասանելիությունը հանրապետության բոլոր համայնքներում, մինչդեռ գաղտնիք չէ, որ խոշորացման հետեւանքով մի շարք մանկապարտեզներ եւ դպրոցներ օպտիմալացման հետեւանքով, այսինքն՝ ես այստեղ տեսնում եմ հակասություն: Դուք որեւէ հակասություն չե՞ք տեսնում, եւ ինչպե՞ս եք պատրաստվում այդ հակասությունը լուծել:

Ինչպես նաեւ, պրն Փաշինյան, սննդամթերքի անվտանգության հարցը, կարծես թե, Կառավարության ծրագրում ներառված չէ, որի մասին մասնագետները եւս բարձրաձայնել են, ինչը, ես կարծում եմ, որ տեխնիկական բացթողման հետեւանք է, բայց, այնուամենայնիվ, ուզում եմ ձեզ հնարավորություն ընձեռել, որպեսզի պարզաբանեք, որպեսզի, մասնագետները, այսպես ասած, հասկանան, թե ի՞նչն է պատճառը:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալություն: Ոչ մի տեխնիկական բացթողում չկա: Ես ասացի, որ այս ծրագիրը մենք փորձ ենք արել, այսինքն՝ ոչ թե փորձ ենք արել, ձեւակերպել ենք հրապարակում բարձրաձայնված օրակարգի շրջանակներում, որովհետեւ, սա Կառավարություն է, որը ձեւավորվել է այդ հրապարակի գործունեության արդյունքում: Սա չի նշանակում, որ եթե ինչ-որ բան գրված չի ծրագրում, մենք դրանով չենք զբաղվելու, որովհետեւ տեսականորեն, նույնիսկ՝ գործնականորեն, հնարավոր չէ ամեն ինչ գրել ծրագրում, կամ էլ` մենք պետք է գրեինք մի ծրագիր, որը լիներ 15 հատոր, եւ որն ԱԺ ոչ մի պատգամավոր հնարավորություն չէր ունենա կարդալ եւ տեսնել, թե մեջն ի՞նչ է գրված, եւ ոչ էլ Կառավարությունը երբեւէ կկարդար, այսինքն՝ այս ծրագրի տրամաբանությունը հետեւյալն է. մենք եկել ենք հրապարակից, եւ մեզ հետ բերել ենք այսպիսի բովանդակություն հրապարակից: Մենք չենք եկել ջնջելու այն բովանդակությունը, որը չի հակասում այս բովանդակությանը եւ մինչեւ այս գոյություն է ունեցել: Մենք այս ծրագրով փորձել ենք ասել, թե գոյություն ունեցող բովանդակությունից ի՞նչն ենք ջնջելու եւ ի՞նչն ենք դնելու մի կողմ: Ես իմ նախորդ ելույթում էլ ասեցի, որ այն ծրագրերը, որ Կառավարությունն իրականացրել է, էդ մենք չենք ասում, որ Կառավարությունը նախկինում ինչ ծրագիր իրականացրել է` մենք կանգնեցնելու ենք: Ոչ, մենք ասում ենք, որ այն, ինչ-որ գենետիկ հակասության մեջ չէ այս բովանդակության հետ, որը գեներացվել է Հանրապետության հրապարակում, մենք այդ ամեն ինչը շարունակելու ենք եւ մենք հարստացնում ենք եղած բովանդակությունն այս նոր բովանդակությամբ, որը ձեւավորվել է Հրապարակում: Դրա համար Կառավարության ծրագրի հետ կապված, տեքստի հետ կապված հարցերը խնդրում եմ դիտարկել հենց այս համատեքստում:

Սննդի անվտանգության հետ կապված հարցը, իհարկե, կարեւորագույն հարց է, եւ դա արդեն Կառավարության օրենքով սահմանված գործառույթ է, այսինքն՝ չկա որեւէ կառավարություն, որն ասի. ես ծրագրի մեջ չեմ գրում սննդի անվտանգության հարցը, ես չեմ զբաղվում այդ հարցով: Չկա այդպիսի կառավարություն, եւ այս հարցով, իհարկե, արդյունավետությունը բարձրացնելու բազմաթիվ խնդիրներ կան, եւ այդ խնդիրներից կարեւորագույնն էլի օրինականությունն է: Տեսեք, երբ որ մենք ասում ենք օրինականություն, նկատի ունենք՝ օրինականություն ամենուր, այդ թվում՝ սննդի անվտանգության ոլորտում, որովհետեւ այն հարցերը, որ կարող են լինել այդ ոլորտում, դրանք ի՞նչ են. դրանք անօրինականության հետեւանքներ են: Եթե մենք ասում ենք, որ օրինականություն պետք է հաստատվի, նկատի ունենք, որ նաեւ սննդի անվտանգության համակարգը, մյուս համակարգերը պետք է օրինականության շրջանակներում աշխատեն: Դուք արձագանքեք, ես կփորձեմ շարունակել:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Տիկին Իսայան, խնդրեմ:

Շ.ԻՍԱՅԱՆ

-Նախ՝ կխնդրեմ մնացած երկու հարցերին եւս անդրադառնաք՝ ՏՄՊՊ հանձնաժողովի եւ նաեւ օպտիմալացման հետեւանքով այդ կրթության մատչելիությանը, ձեր կողմից ֆիքսված, ինչպես նաեւ սննդի անվտանգության մասով, ես կուզենայի, պրն Փաշինյան, եւս մեկ անգամ մենք ֆիքսենք, որ այս ոլորտը նախ ռազմավարական նշանակություն ունի: Մենք այստեղ բազմիցս բարձրաձայնել ենք, քանի որ գործ ունենք հանրային առողջությունն ապահովող ոլորտի հետ, եւ, կարծում եմ, առաջարկի տեսքով, կարելի է մասնագետներին եւս հրավիրել քննարկումների, եւ հետագա գործառույթների կարգավորման ոլորտում մի շարք դրույթներ միասին՝ նոր դրույթներ միասին քննարկել եւ ձեռնարկել:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալ եմ: Օպտիմալացման պրոցեսին մենք շատ վատ ենք վերաբերում: Ինչո՞ւ: Ո՞րն է եղել տրամաբանությունը. դե հա, էս դպրոցում էլ երեխա չկա՝ փակենք, էս գյուղում էլ մարդ չի ապրում՝ փակենք, էն մյուս գյուղում էլ չի ապրում` էդ էլ փակենք: Արդյունքում կստանանք մի դպրոց Երեւանի հրապարակում, որտեղ հաճախում են ՀՀ բոլոր աշակերտները, այսինքն՝ այս պրոցեսով մենք հարմարվում ենք, ասում ենք՝ պարզ է, պետք է գյուղերը փակվեն, դպրոցները պետք է փակվեն, մանկապարտեզները... Մենք չենք հարմարվելու եւ համակերպվելու այդ իրողության հետ, եւ այո, այդ առումով ձեր մտահոգությունները կիսում ենք:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը լիարժեք պետք է իր գործառույթները կատարի, եւ ես ասել եմ եւ բոլորին եմ ասում, որ չկա որեւէ խոչընդոտ: Ինձ չասեն՝ էսինչ մարդը, էսինչ մարդու ընկերությունը էսպիսի պրոբլեմ ունի, հիմա մենք զբաղվե՞նք սրանով, թե՞ չզբաղվենք: Ես այս ամբիոնից հիմա ասում եմ՝ բոլորով` առանց բացառության: Եթե կա նույնիսկ իմ ընտանիքի անդամի հետ կապված խնդիր, յուրաքանչյուր պաշտոնյա պարտավոր է իր գործառույթն իրականացնել: Սա է սկզբունքը, եւ վերջ, ուրիշ սկզբունք չի կարող լինել:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Շնորհակալություն պրն վարչապետ: Հաջորդ հարցի համար ձայնը տրվում է պատգամավոր Շիրակ Թորոսյանին: Պրն Թորոսյան, համեցեք:

Շ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Շարմազանով: Պրն վարչապետ, հարցս վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, որին անդրադարձ կա ձեր գլխավորած կառավարության կողմից ներկայացված ծրագրում, եւ ծրագրում այն ներկայացված է որպես ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը, ինչպես նաեւ ձեր այսօրվա եւ նախորդ ելույթներում դուք նշել եք, որ հայ-վրացական փոխհարաբերությունները պետք է խարսխվեն փոխադարձ ինքնության հարգանքի վրա, ինչպես նաեւ պետք է այդ հարաբերությունները զերծ պահվեն աշխարհաքաղաքական հարաբերություններից:

Սույն թվականի մայիսի 30-ից 31-ը կատարեցիք պաշտոնական այց Վրաստան, արժանացած բարձր ընդունելության, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ խնդիրներ: Հարցս հետեւյալն է. ելնելով այն հանգամանքից, որ անցյալ տարվա դեկտեմբերին Վրաստանը ստորագրեց շվեյցարական ընկերության հետ համաձայնագիր` Աբխազիայով կամ Հարավային Օսեթիայով միջանցք բացելու հետ կապված, ապրանքաշրջանառության հետ կապված, եւ օրերս այդպիսի համաձայնագիր ստորագրեց նաեւ Ռուսաստանը, այսօր քննարկվեց Լարսին այլընտրանք ճանապարհների բացման հարցը, եւ ի՞նչ արդյունքներ արձանագրվեցին:

Երկրորդը. դուք ձեր աննախադեպ Ջավախք այցելության ժամանակ, ինչո՞ւ եմ ասում աննախադեպ, որովհետեւ եւ՛ այցն է աննախադեպ, եւ՛ ջավախահայության ցուցաբերած ջերմ ընդունելությունը, Սամցխե-Ջավախքի երկրամասի Ախալքալաք քաղաքում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ նշեցիք, ո Հայաստանը եւ Վրաստանը ձեռք-ձեռքի տված պետք է ապահովեն նաեւ Ջավախքի հայապահպանությունը եւ ներգաղթ դեպի Ջավախք, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի եւ Վրաստանի համար: Խնդրում եմ, վերահաստատեք ձեր այդ տեսակետը քաղաքական այս բարձր ամբիոնից: Շնորհակալություն:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Իհարկե, վերահաստատում եմ այդ տեսակետը, եւ ես ուզում եմ ասել, որ Վրաստանի կառավարությունից եւ անձամբ վարչապետից ստացել եմ հավաստիացում, որ մինչեւ տարվա վերջ Նինոծմինդա-Բավրա ճանապարհը կվերանորոգվի, եւ կարծում եմ, որ դա ամենալավ նորությունն է, որ մենք ունեցանք այդ այցի արդյունքներում: Իսկ ընդհանրապես, այսպիսի արդյունքներով մենք փորձեցինք ձեւակերպել հայ-վրացական հարաբերությունների մի նոր բանաձեւ, որը, հույս ունենք՝ էականորեն կփոխի վիճակը մեր հարաբերություններում, կբարելավի վիճակը, չնայած մեր հարաբերությունները վատը չեն: Իսկ այդ բանաձեւը հետեւյալն է. ՀՀ-ն եւ հայ ժողովուրդը պետք է վստահ լինեն, որ Վրաստան պետության եւ վրաց ժողովրդի գործողություններում չկա որեւէ դավադրություն, որեւէ սադրանք եւ սպառնալիք ՀՀ-ի եւ հայ ժողովրդի հասցեին, իսկ Վրաստան պետությունը եւ վրաց ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ ՀՀ-ի եւ հայ ժողովրդի գործողություններում չկա որեւէ դավադրություն, սպառնալիք եւ սադրանք Վրաստան պետության եւ վրաց ժողովրդի հասցեին:

Կարծում եմ՝ սա կարեւոր շեշտադրում է, եւ մենք ունենք փոխադարձ ըմբռնում այս կապակցությամբ, եւ կարծում եմ, որ այն պայմաններում, երբ Հայաստանն ու Վրաստանն արտաքին քաղաքական տարբերվող մոտեցումներ ունեն, շատ կարեւոր է, որ իրենք գտնեն այն ընդհանուրը, որը հնարավորություն կտա, որ մեր հարաբերություններն անընդհատ եւ շարունակական զարգացման, եւ ոչ թե ռեգրեսի ճանապարհը բռնեն: Իսկ ընդհանուր առմամբ, այո, ես կարծում եմ, որ ինչպես մենք քաղաքական խնդիր ենք համարում, որ Հայաստանից արտագաղթը դադարի եւ սկսվի ներգաղթ, կարծում եմ՝ Վրաստանի իշխանությունների համար նույնպես դա կարեւոր շարժառիթ է, եւ այդ թվում նաեւ, մասնավորապես, Ջավախքի վերաբերյալ տանել այնպիսի քաղաքականություն, բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել, որ ոչ միայն այնտեղից արտագաղթը դադարեցվի, այլեւ սկսվի ներգաղթի գործընթաց: Դրա համար անհրաժեշտ է, որ ներդրումներ իրականացվեն՝ կապիտալ ներդրումներ ենթակառուցվածքների առումով, եւ դրա հետեւից, հույս ունենք, որ մասնավոր կապիտալը ներդրումներ կանի:

Կարծում եմ՝ այս իմաստով ջավախահայությունը նույնպես մեծ պոտենցիալ ունի` ներդրումներ իրականացնելու, եւ ինչպես Հայաստանի կառավարությունը տվյալ դեպքում հանդես է գալիս ցանկացած ներդրման անվտանգության երաշխավորի դերում, կարծում եմ՝ վրաց կառավարությունը նույնպես այդ դերը կստանձնի նաեւ Ջավախքում, եւ դա իր հերթին կբերի այն ցանկալի արդյունքին, որի մասին դուք խոսում եք: Շնորհակալություն:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Արձագանքո՞ւմ եք, պրն Թորոսյան: Համեցեք:

Շ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն վարչապետ, դուք ձեր պատասխանով կանխեցիք իմ հաջորդ հարցը՝ ներդրումների հետ կապված, որովհետեւ հայապահպանություն ասելը` դա ինքնանպատակ արտահայտություն չէ: Հայապահպանություն ասելով` մենք ի նկատի ունենք 2 կարեւոր հանգամանք: Մեկը՝ հայեցի կերպարի պահպանումն է տարածաշրջանում, եւ երկրորդը՝ այո, ներդրումները, որով աշխատատեղեր եւ կենսամակարդակ կապահովվի մարդկանց համար, ինչը ոչ միայն չի խրախուսի արտագաղթը, այլ հնարավորություն կտա ներգաղթի համար: Ինչու չէ, նաեւ ենթակառուցվածքները շատ էական նշանակություն ունեն, եւ այդ տեսանկյունից, այո, Նինոծմինդա-Բավրա ճանապարհահատվածի վերանորոգումն էական նշանակություն է ունենալու նաեւ մայր հայրենիքի հետ կապի, ինչպես նաեւ տարածաշրջանում տուրիզմի զարգացման համար:

Այս տեսանկյունից, ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկապես, ես շատ բարձր եմ գնահատում, եւ հուսանք, որ դրանք ժամանակի ընթացքում, սահմանված ժամկետներում կյանքի կկոչվեն: Շնորհակալություն:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալ եմ: Ընդհանուր առմամբ համաձայն լինելով ամեն ինչին` թույլ տվեք մի դիտարկում` կապված «հայապահպանություն» տերմինի հետ: Վերջերս գերագույն հոգեւոր խորհրդի նիստի շրջանակներում, երբ հանդիպում էի ունենում հոգեւոր խորհրդի անդամների հետ, ես այնտեղ ասացի, որ «հայապահպանում, հայապահպանություն» բառերը, ինձ անկեղծ ասած, շատ դուր չեն գալիս: Ինչո՞ւ: Որովհետեւ մի տեսակ կոնսերվացնելու, կոնսերվատիվ տպավորություն է թողնում, եւ զարգացման հեռանկարի առաջ այդ տրամաբանությամբ կարծես թե փոխվում է, որովհետեւ էլի, ոնց որ մենք ասում ենք, պահպանենք, օպտիմալացնենք, փակենք՝ վախենալով, որ այն, ինչ մենք ունենք՝ կորցնենք: Հասկանում եմ, որ դա է տրամաբանությունը, եւ կարծում եմ՝ նոր ժամանակների շնչով մենք պետք է ոչ թե մտածենք, վայ, մեր ունեցածը չկորցնելու մասին, մենք պետք է մտածենք մեր ունեցածը զարգացնելու մասին, որովհետեւ կարծում եմ, որ այս ժողովուրդը ոչ թե պահպանման, այլ զարգացման, հզորացման շատ լուրջ լիցք է ստացել, եւ այդքան մենք չպետք է կենտրոնանանք հայապահպանության վրա, որովհետեւ դա ինքնին հասկանալի բան է, եւ մենք պետք է մտածենք ավելի շատ զարգանալու, առաջ գնալու, հզորանալու, ուժեղանալու եւ այդպիսով մեր ինքնությունը՝ ազգային ինքնությունը եւ ինքնագիտակցությունը, հզորացնելու եւ ուժեղացնելու առումով:

Մնացած առումներով, իհարկե, համաձայն եմ:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Հաջորդ հարցի համար ձայնը տրվում է Անդրանիկ Կարապետյանին: Հարգելի պրն Կարապետյան, համեցեք:

Ա.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Շարմազանով: Պրն վարչապետ, համազգային վերելքի եւ համերաշխության այս փուլում չափազանց կարեւոր է ստեղծել նոր համագործակցության մեխանիզմներ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Հայաստանը, առհասարակ, այս տեսանկյունից ունիկալ երկիր է: Ի՞նչ առումով, որովհետեւ Հայաստանից դուրս որոշ հաշվարկներով 2-ից 3 անգամ ավելի շատ հայ ազգի ներկայացուցիչ է ապրում, քան Հայաստանի ներսում: Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ Իսրայելը ստեղծեց իր պետությունը, ստեղծեց նաեւ ազգային գաղափարախոսություն՝ երկարաժամկետ պերսպեկտիվայում, որից հետո՝ 30-40 տարիների ընթացքում ունեցավ այնպիսի պետություն, այնպիսի երկիր, ինչպիսին ունեն այժմ:

Մեր պարագայում, մենք բոլոր հնարավորությունները, բոլոր ներուժն ունենք այդ  հսկայական, այդ վիթխարի սփյուռքի ներուժը օգտագործելու համար` ունենալով մեծ մարդկային եւ ֆինանսական կապիտալ: Ըստ ձեզ` մենք ունե՞նք հնարավորություն` ստեղծել այդ ազգային գաղափարախոսությունը, որով կկարողանանք, ինչպես դուք ասացիք, ոչ թե հայապահպանությամբ միայն զբաղվել, այլ զարգանալ եւ ունենալ այնպիսի հայրենիք, այնպիսի Հայաստան, որով կհպարտանան բոլոր հայազգի ներկայացուցիչները:

Երկրորդ հարցս. ինչպիսի՞ առաջնային քայլեր եք նախատեսում, ինչպիսի՞ մեխանիզմներ եք նախատեսում այդ ազգային գաղափարախոսությունը ձեւավորելու, ձեւակերպելու եւ ստեղծելու ուղղությամբ: Շնորհակալ եմ:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալ եմ, պրն Կարապետյան, հարցի համար, եւ ուզում եմ ասել, որ իմ քաղաքական գործունեության ընթացքում դա միշտ կարեւորագույն հարց է եղել ինձ համար, մեր քաղաքական ուժի համար, եւ եթե ուշադրություն դարձրել եք, նախորդ ելույթներում, որպես վարչապետի թեկնածու, ես այդ խնդրին անդրադարձել եմ: Այո, ես կարծում եմ, որ մենք պետք է ունենանք ազգային գաղափարախոսություն, եւ ինքս առաջարկել եմ ազգային գաղափարախոսության մի հայեցակարգ, որը հնչում է մոտավորապես հետեւյալ կերպ եւ ունի հետեւյալ հիմնավորումը. եթե մենք կարդանք ՀՀ Սահմանադրության նախաբանը, կտեսնենք, որ ՀՀ հիմնադրի կարգավիճակում հանդես է գալիս հայ ժողովուրդը: Այսինքն՝ այնտեղ չի ասված, որ ՀՀ-ն հիմնադրել են Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության քաղաքացիները, որովհետեւ դե յուրե, չնայած քվեարկությանը, անկախության հանրաքվեին մասնակցել են ՀՍՍՀ քաղաքացիները, բայց ՀՀ հիմնադրի դերում հանդես է գալիս ամբողջ հայ ժողովուրդը եւ, հետեւաբար, հարց է ծագում. ՀՀ-ն, որպես պետություն, երբ որ ստեղծվել է, ո՞րն է նրա գործառնական նշանակությունը, ինչո՞ւ է ստեղծվել այդ պետությունը, չէ՞ որ պետությունը չի կարող գոյություն ունենալ ինքնանպատակ:

Եթե հայ ժողովուրդը որոշել է ստեղծել պետություն, նշանակում է՝ ինքը խնդիր ունի, որն ուզում է լուծել այդ պետության միջոցով: Հետեւաբար, հայեցակարգային հարցը, իմ կարծիքով, որ ընկած է ազգային նաղափարախոսության հիմքում, պետք է ընկած լինի, պետք է լինի ձեւակերպումը, թե ՀՀ-ն գործառնական ի՞նչ նշանակություն ունի, եւ մենք առաջարկում ենք հետեւյալ ձեւակերպումը, որ ՀՀ գործնական նշանակությունը հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, գիտական, հոգեւոր ներուժը կամ նրա մի մասն իր տարածքում կենտրոնացնելն է, եւ այդ ներուժի անվտանգությունը եւ բնականոն զարգացումն ապահովելը:

Գործնական առումով ո՞րն եմ ես համարում այդ ազգային գաղափարախոսության կարեւորագույն բաղադրիչը: Կարեւորագույն բաղադրիչը համարում եմ հետեւյալը, որ նախ՝ ՀՀ-ում գտնվող ամեն քաղաքացի, ամեն ընտանիք ինքն իր մեջ, իր երեխայի գիտակցության մեջ պետք է սեմանի, որ դու երբեք, որեւէ պայմանով չպետք է լքես Հայաստանը, իսկ սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների ընտանեկան գաղափարը պետք է լինի հետեւյալը. եթե ոչ ես, ապա առնվազն՝ իմ զավակները, եթե ոչ իմ զավակները՝ իմ թոռները, եթե ոչ իմ թոռները, ապա՝ իմ ծոռները պետք է վերադառնան Հայաստան, հաստատվեն Հայաստանում, ապրեն Հայաստանում, եւ դա պետք է լինի այն կարեւորագույն ազգային նպատակը, որ նրանք ունեն իրենց առաջ, եւ այն վերջնական հանգրվանը, որի իրագործմանը, այն խնդիրը, որի լուծմանն իրենք ծառայում են կամ իրենք փորձում են իրագործել իրենց ընթացիկ գործունեության ընթացքում: Շնորհակալ եմ:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Պրն Կարապետյան, բավարարվա՞ծ եք:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Որ արձագանքեիք, մյուս հարցին էլ կպատասխանեի: Ո՞րն էր մյուս հարցը:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Արձագանքեք, որ պրն վարչապետը հնարավորություն ունենա մյուս հարցին էլ պատասխանել: Արձագանքված է, պրն վարչապետ: Բայց հիշեցրեք, ո՞րն է մյուս հարցը: Մեխանիզմները, գործիքակազմը ո՞րն է հայրենադարձության:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Հայրենադարձությա՞ն: Էլի եմ ասում՝ ի՞նչն է խանգարում հայրենադարձությանը՝ կոռուպցիան, անարդարությունն, ապօրինությունը, Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու սահմանափակումները, Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու եւ հանրային գործունեություն ծավալելու սահմանափակումները: Այսինքն՝ իմ կարծիքով դրանք են այն խնդիրները, այն խոչընդոտները, որոնց լուծումը մեր հասանելիության տիրույթում է: Այո, կարող են լինել այլ պատճառներ, որոնք մեր հասանելիության տիրույթում չեն: Բայց ընդհանուր առմամբ, գաղափարախոսական առումով, հայրենադարձության համար ամենակարեւոր գործոնն այն է, որ Հայաստանը պետք է գրավիչ լինի ապրելու համար, գործելու համար, ներդրումներ կատարելու համար եւ որպես երկիր, որտեղ հնարավոր է լինել երջանիկ, որովհետեւ ես կարծում եմ, որ ժամանակակից աշխարհում ազատությունը, որպես բարձրագույն արժեք, բավարար չէ ժամանակակից մարդու համար: Մարդուն այսօր պետք է ավելին, եւ այդ ավելին երջանիկ լինելու հնարավորությունն է:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Պրն Հարությունյան, համեցեք: Խոսրով Հարությունյան, այսօրվա վերջին հարցի իրավունքը պատկանում է ձեզ:

Խ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն Փաշինյան, մի ռեպլիկ՝ ձեր ելույթի հետ կապված: Առաջինը. ուզում եմ ողջունել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ձեր քաղաքական, թույլ տվեք այս ֆրազը օգտագործել, ողջամիտ վերաբերմունքի վերաբերյալ, առումով:

Երկրորդը. մի մտերմիկ հորդոր. ներդրումների կամ ներդրողների խնդիրներով զբաղվելու հարցը մի վերապահեք «կագեբե»-ին, դա շատ վտանգավոր է. իմ խորհուրդը ձեզ. ոչ մեկը չի վստահելու մեզ: Ուղղակի, որպես ավագ ընկեր, խնդրում եմ ընդունել:

Հիմա, ծրագրի վերաբերյալ իմ հարցադրումները: Ես հրապարակավ իմ կարծիքը ծրագրի նկատմամբ ասել եմ: Ես խորապես համոզված եմ, որ քաղաքականության ծրագիրը, Կառավարության ծրագիրն իր արդյունքներով գնահատելու համար, ադեկվատ քաղաքական գնահատական տալու համար պետք է ունենա, պարունակի չափելի ցուցանիշներ: Այս ծրագիրն այդ հնարավորություններից զերծ է: Սա, ըստ էության, պրոբլեմ է դարձնում վաղն արդյունավետ, կրկնում եմ, արդյունավետ, ձեր օպոնենտներին ձեր գործունեության արդյունքները քննարկելու կամ գնահատելու առումով, բայց կա նաեւ երկրորդ հանգամանքը: Անկասկած, ծրագրի քաղաքական պատասխանատուն Կառավարությունն է, բայց ես հարց ունեմ. միայն Կառավարությո՞ւնը, թե՞ Կառավարության ձեւավորմանը մասնակից քաղաքական ուժերը: Եվ այս ծրագրում ես չեմ տեսնում որեւէ դրույթ, որը վերաբերվեր ՀՅԴ կամ «Ծառուկյան» դաշինքի ծրագրային դրույթներին: Ուզում եմ հասկանալ` ինչո՞ւմն է բանը: Նրանք չե՞ն մասնակցում այս ծրագրին, չե՞ն ստանձնում պատասխանատվություն, թե՞ կա այլ հանգամանք, որի մեկնաբանության կարիքը մենք ունենք: Ակնհայտ է, որ «Ծառուկյան» դաշինքը հանդես էր եկել, մասնավորապես, 15 կետից բաղկացած մի ծրագրով, որը հանրության մի ստվար զանգվածի աջակցությունն է ստացել, որի արդյունքում «Ծառուկյան» դաշինքը երկրորդն է մեր խորհրդարանում: Ինչո՞ւ որեւէ բան այդ կապակցությամբ գրված չէ: Կա՞ խնդիր, որ պետք է հավելյալ մեկնաբանություններ պահանջի: Շնորհակալ եմ:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալ եմ հարցերի համար: Պրն Հարությունյան, ես ուզում եմ բոլորիս խնդրել, որ մենք ՀՀ ԱԱԾ-ի հասցեին չօգտագործենք «կագեբե» տերմինը, որովհետեւ եթե նույնիսկ կարելի էր այդ տերմինը օգտագործել, դա կարելի էր օգտագործել 6 ամիս առաջ, երբ այդ կառույցի բոլոր կաբինետներում Ֆելիքս Ձերժինսկու լուսանկարներն էին կախված, որովհետեւ ԱԱԾ-ն ԱԱԾ-ն է եւ ինքը պետք է զբաղվի ազգային անվտանգության հարցերի բոլոր նյուանսներով: Եթե գտնում եք, որ այդտեղ կան մտահոգություններ` այդ մեխանիզմի կապակցությամբ, ես գիտեմ, որ բազմաթիվ երկրներում, այսպես ասած՝ անցումային շրջանում գտնվող երկրներում այդ մեխանիզմը գործել է, դա նորություն չի, դա մենք չենք հորինում, եւ ինքը տվել է որոշակի արդյունքներ:

Ծրագրի հետ կապված, տեսեք, ես էլի ուզում եմ ընդգծել. «Ծառուկյան» դաշինքի ծրագիրը կար, գոյություն ուներ եւ շարունակում է գոյություն ունենալ, եւ այդ ծրագիրը Կառավարության գործունեության տեսադաշտում է լինելու, բնականաբար: ՀՅԴ-ի ծրագիրը կա, եւ այդ ծրագիրը Կառավարության գործունեության տեսադաշտում է լինելու, բնականաբար: Մենք փորձել ենք այստեղ ավելացնել այն կոմպոնենտը, որը ներկա է Կառավարությունում դե ֆակտո, ես նկատի ունեմ՝ հրապարակի կոմպոնենտն ենք մենք ավելացրել: Սա չի նշանակում, որ այն, ինչ գրված չի, գոյություն չունի: Մենք ընդամենը եղած այդ շարքին ավելացրել ենք եւս մեկ գործոն, եւս մեկ ասելիք, եւ դա հեղափոխական հրապարակի ասելիքն է եւ հեղափոխական հրապարակի օրակարգը, եւ այս առումով, բնականաբար, Կառավարությունը քննարկելու է եւ՛ 15 կետերը, եւ ՀՅԴ-ի ծրագրի դրույթները, որտեղ մենք կարող ենք համատեղելիություն գտնել եւ իրագործել, եւ ինչու չէ, նաեւ Հանրապետական կուսակցության ծրագրի կամ նախորդ կառավարության ծրագրերից նույնպես, մենք լրջորեն քննարկում ենք, թե ինչ անենք, եւ կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված հարցը դրանցից մեկն է: Մենք հո չենք եկել, ասել՝ որը Հանրապետական կառավարությունն է որոշել` վերջ, բոլորը ջնջվում են: Այդպիսի բան չի ասվել եւ չի էլ ասվի, ինչը չի նշանակում, որ ավտոմատ ամեն ինչ կշարունակվի եւ կընդունվի, բայց չի նշանակում նաեւ, որ ավտոմատ ամեն ինչ կմերժվի:

Ինչ վերաբերվում է ժամկետներին, տեսեք, մենք ասում ենք՝ մեկ տարվա ընթացքում կարող է, պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ի՞նչ է նշանակում՝ մեկ տարվա ընթացքում: Մեկ տարվա ընթացքում` նշանակում է, որ պետք է տեղի ունենան: Կարող է լինել մեկ տարվա ընթացքում, կարող է տեղի ունենալ 9 ամսվա ընթացքում, կարող է տեղի ունենալ 5 ամսվա ընթացքում: Այսինքն՝ սա ամենակարեւոր ժամկետն է, որ մենք ֆիքսել ենք:

Եթե արձագանքեք, ես կշարունակեմ:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Պրն Հարությունյան, արձագանքեք:

Խ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի` իմ որակմանը, դա ավելի շատ պայմանավորված է իմ գնահատմամբ, հավատացնում եմ ձեզ, շատ ու շատ օտարերկրյա, այդ թվում՝ ձեռներեցներ, մեր անվտանգության ծառայություններին, ցավոք սրտի, դեռեւս վերաբերվում են այդպես: Դրա համար դա մի քիչ կոշտ հնչեց, ներող կլինեք, բայց սա էր իրականությունը, ես դա ի նկատի ունեի:

Երկրորդը՝ ծրագրում պետք է գոնե մի տեղ գրված լիներ, որ այս ծրագրի քաղաքական պատասխանատուներն են «Ելք» դաշինքը, «Ծառուկյան» դաշինքը, եւ ծրագրի հետագա լրամշակումներում հիմք կընդունվեին այդ կուսակցությունների նախընտրական ծրագրերի դրույթները, որոնք հիմք են հանդիսանալու ինձ համար ենթադրելու, որ այս ծրագրի քաղաքական պատասխանատուները՝ հանձնառուները «Ելք» դաշինքն են եւ նշված ֆրակցիաներն ու կուսակցությունները: Համաձայնվեք, սա սովորական քաղաքական հետաքրքրասիրություն չէ: Սա քաղաքական գնահատականներ տալու՝ հետագայում, ապագայում, եւ՛ հնարավորություն է, եւ՛ երաշխիք: Խոսքը սրա մասին է, ոչ ավելի, ոչ պակաս:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալ եմ: Պրն Հարությունյան, բայց հենց այդ առումով մենք քաղաքական իրողությունները պետք է հաշվի առնենք, որովհետեւ մենք՝ Կառավարությունը փոխվել է ժողովրդական հեղափոխության արդյունքում, եւ մենք դրա արդյունքում պատրաստակամություն ենք հայտնել ձեւավորել համաձայնության Կառավարություն, որտեղ ընդգրկվելու հնարավորություն ունեցել են բոլոր քաղաքական ուժերը: Ուժերի մի մասն այդ հնարավորությունից որոշել է օգտվել, մյուս մասը որոշել է չօգտվել ինչ-ինչ քաղաքական իրավիճակի բերումով, եւ այս ծրագրի իրագործման պատասխանատուն այն ուժն է, այն ուժերն են, ովքեր կազմակերպել եւ իրականացրել են Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, եւ մենք լիարժեք կրում ենք այդ պատասխանատվությունը՝ սրանից բխող բոլոր պոզիտիվ եւ նեգատիվ հետեւանքներով:

Ինչ վերաբերում է, կներեք, 10 վայրկյան, դուք ասում եք ԱԱԾ-ի նկատմամբ այդ վերաբերմունքը կա՞, թե՞ կար: Ես կարծում եմ՝ այո, ՀՀ կառավարության նկատմամբ էլ որոշակի վերաբերմունք կար, իշխանության նկատմամբ էլ, իրականության նկատմամբ էլ: Մենք հույս ունենք, որ այդ բոլոր վերաբերմունքները կփոխվեն, եւ էլի ուզում եմ ասել՝ ՀՀ ԱԱԾ-ն ՀՀ ԱԱԾ-ն է: Շնորհակալություն:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Շնորհակալություն պրն վարչապետ: Շնորհակալություն, պրն Հարությունյան: Պրն վարչապետ, ընդամենը մեկ հավելում: Ես այնպես հասկացա, որ պրն Հարությունյանը, ինձ էլ է դա հետաքրքրում, հասկացանք ժողովրդական հեղափոխություն, հրապարակ, սա հասկանալի է, խնդիր չեմ տեսնում: Ինձ` որպես ԱԺ պատգամավորի, հետաքրքիր է՝ երեք խմբակցությունները հավասարաչափ կրո՞ւմ են քաղաքական պատասխանատվություն այս փաստաթղթի վերաբերյալ: Այո՞, թե՞ ոչ, խնդրում եմ պատասխանեք:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Կարծում եմ՝ Կառավարության գործունեության համար եւ Հայաստանում առաջիկա քաղաքական գործընթացների ողջ պատասխանատվությունը կրում է այն քաղաքական թիմը, որը կազմակերպել եւ իրականացրել է ՀՀ-ում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, եւ մենք հույս ունենք, որ խորհրդարանական բոլոր ուժերը կաջակցեն Կառավարությանը, այդ պատասխանատվությունը պատշաճ ձեւով եւ պատշաճ մակարդակով կրելու համար, եւ ես ուզում եմ ասել, որ այդ պատասխանատվությունն է նաեւ գործընկերության մթնոլորտ հաստատելը: Եթե հիշում եք, հեղափոխական հարթակներից այս ուղերձն անընդհատ հնչում էր, որ հեղափոխության արդյունքում լինելու են ոչ թե, այսպես ասած, վենդետաներ եւ հակասությունների խորացում, մենք ասել ենք, որ հույս ունենք եւ ոչ միայն հույս ունենք, այլ համոզված ենք, որ ներքաղաքական թշնամանքի էջը կփակվի, եթե ոչ 15 րոպեում կամ 1 ժամում կամ մեկ շաբաթում, հիմա արդեն հույս ունեմ, որ մենք կարձանագրենք, որ այդ էջը փակված է: Նաեւ սրա արտահայտությունն է, որ մենք հանդես ենք եկել համաձայնության կառավարություն ձեւավորելու նախաձեռնությամբ:

Քաղաքական իրավիճակից, կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ այս Կառավարությունը չի ձեւավորվել խորհրդարանում ուժերի բաշխվածության հիման վրա: Այս Կառավարությունը ձեւավորվել է հանրությունում ուժերի բաշխվածության հիման վրա, եւ մենք, այո, ձեւավորել ենք համաձայնության Կառավարություն` ի ցույց դնելու, որ սա ոչ թե ատելության հեղափոխություն է, սա սիրո եւ համերաշխության հեղափոխություն է, եւ ամբողջ պատասխանատվությունը կրում է ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն իրականացրած քաղաքական թիմը, եւ ես ասացի, եւ այսօր ասում եմ, որ ՀՀ-ում երկիշխանություն, քառիշխանություն` չկա նման երեւույթ: ՀՀ-ում կա մի իշխանություն, եւ այդ իշխանությունը ժողովրդի իշխանությունն է` ի դեմս ժողովրդի վստահությունը վայելող վարչապետի եւ ի դեմս ժողովրդի վստահությունը վայելող Կառավարության: Շնորհակալ եմ:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Շնորհակալություն: Հարցերն ավարտվեցին, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, պրն վարչապետ: Հարգելի գործընկերներ, մտքերի փոխանակության համար՝ հերթագրում: Հերթագրվել է 14 պատգամավոր: Կա՞ն պատգամավորներ, ում չի հաջողվել... Մարուքյան Էդմոն: Ավելացրե՛ք պրն Մարուքյանին: Պրն Մարուքյան, օգտվելով այն առիթից, որ դուք հերթագրվեցիք, ես ուզում եմ շնորհավորել ձեզ՝ երրորդ անգամ հայրիկ դառնալու առթիվ: Աստված պահապան ձեր երեխաներին: Շնորհավորում եմ:

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հարգելի գործընկերներ, 15 պատգամավոր է հերթագրվել: Լավագույն ավանդույթները շարունակվում են: Ես` որպես նիստ վարող, հանդես եմ գալիս արտահերթ ելույթի իմ իրավունքով:

Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ: Հարգելի խորհրդարան, հարգելի Կառավարություն, սիրելի հայրենակիցներ, սիրելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այսօր ՀՀ Ազգային ժողովը քննարկում է ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը: Կրկնում եմ՝ քննարկման առարկան Կառավարության ծրագիրն է, այլ ոչ թե նախկին իշխանությունների քաղաքական գնահատականը:

Հստակեցնենք՝ սա ՀՀ կառավարության, այլ ոչ՝ ժամանակավոր կառավարության ծրագիր է: Դուք ՀՀ կառավարությունն եք՝ սահմանադրական բոլոր լիազորություններով: Հարգելի գործընկերներ, ուզում եմ հուսալ, որ դուք կլինեք կառավարություն, բայց ոչ երբեք հեղափոխական կոմիտե: Սա պահանջում է հայրենիքի եւ բոլոր քաղաքացիների շահը:

Հարգելի պրն վարչապետ, իմ գնահատականները լինելու են բացառապես քաղաքական, եւ խնդրում եմ չփնտրել այստեղ անձնական որեւէ վերաբերմունք: Իսկ հիմա՝ ըստ էության:

Հարգելի գործընկերներ, ներկայացված փաստաթղթում առկա են նպատակներ, երազանքներ, ցանկություններ, բայց ոչ քաղաքական ծանրակշիռ ծրագիր: Սա նպատակների եւ երազանքների հուշագիր է, որտեղ չկա նպատակների իրագործման գործիքակազմ, կոնկրետ քայլերի հաջորդականություն, չկան ժամկետներ եւ ակնկալվող արդյունքների ցուցանիշներ, ըստ այդմ, նաեւ՝ քաղաքական պատասխանատվություն:

Հարգելի գործընկերներ, Կառավարության ղեկավարն իր ելույթներից մեկում նշել էր, որ Հայաստանին սպասվում է թռիչքային զարգացում: Մեր կառավարությունը ձեզ փոխանցել է առնվազն 7,5  տոկոս տնտեսական աճ ունեցող տնտեսություն:

Այս փաստաթղթում ես որեւէ ժամկետ եւ տնտեսական աճի տեմպերի չափորոշիչ  չտեսա: Ես հեռու եմ այն մտքից, որ մեկ ամսում մեր տնտեսությունը թռչելու է, եւ մենք այլեւս որեւէ պրոբլեմ չենք ունենալու, բայց ասացեք խնդրեմ, ո՞րն է ձեր տնտեսական աճի թիրախը՝ 5, 7, 10, 15 լավ՝ մեկ  տոկոս. չկա գրված, հրաժարվել ե՞ք թռիչքային զարգացման գաղափարից. ինչո՞ւ:

Հարգելի խորհրդարան, վերջերս կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանում որեւէ աղքատ մարդ չի լինելու: Համոզված եմ, որ այդ կարծիքը եւ այդ ցանկությունը բոլորինս է: Չկա աշխարհում մի հայ մարդ՝ ՀՀ քաղաքացի, որը ցանկանա իր երկրում լինի թեկուզ մեկ աղքատ հայ ընտանիք: Բայց պետք է նշեմ, որ ես, հեռու լինելով քաղաքական ռոմանտիզմից, ուզում եմ իմանալ՝ ի՞նչ ճանապարհով, ի՞նչ ծրագրերով մեր հարգելի կառավարությունը ցանկանում է հասնել այդ երազանքի իրականացմանը:

Կառավարության ծրագրում գրեթե ոչ մի խոսք չկա արդյունաբերության եւ հանքարդյունաբերության զարգացումից: Հարց. բա առանց արդյունաբերության եւ հանքարդյունաբերության զարգացման ինչպես ե՞ք մտադիր նոր աշխատատեղեր ստեղծել: Ժողովուրդն այս ծրագրից սպասում է նաեւ նոր աշխատատեղերի ստեղծում:

Փաստաթղթում նշված է. «Հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաեւ գյուղատնտեսությունը»: Ներողություն, բայց մեկ հարց.  ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք կարելի է համարել, որ այլեւս քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում խոշոր եղջերավորները կրկնակի կամ եռակի հեղափոխական կաթնատվություն են ապահովելու: Ճանապարհները նշված չեն այդ հեղափոխական գյուղատնտեսական զարգացման:

Անդրադառնալով փաստաթղթի արտաքին քաղաքականություն բաժնին՝ հարկ եմ համարում նշել, որ նոր Կառավարությունը եւ նրա ղեկավարը, հրաժարվելով իր նախկին արտաքին քաղաքական գնահատականներից, շարունակում է նախկին կառավարությունների արտաքին քաղաքական կուրսը: Դրական է, կրկնում եմ՝ դրական է միայն, չեմ քննադատում, որ, սրբագրելով ձեր դիրքորոշումը, թե՛ Եվրասիական միության եւ թե՛ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում այլեւս ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչեր չկան, ավելին՝ խրախուսվում է նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում հարաբերությունների խորացումը: Եթե նախկինում դուք ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագիրը համարում էիք ջուր, ապա ողջունելի է, որ այս համաձայնագրի վավերացման եւ իրականացման գործում եւս դրական եք տրամադրված:

Սակայն ծրագրում չկա որեւէ հիշատակում ԵՄ անդամ երկրների, հատկապես՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի, ինչու չէ նաեւ Հունաստանի եւ Կիպրոսի հետ հարաբերությունների խորացման մասին: Իմիջիայլոց, վերջին երկուսը՝ Հունաստանը եւ Կիպրոսը, այն երկրներն են, որտեղ կա թե՛ հայկական մեծաքանակ սփյուռք, եւ այն երկրներն են, որոնք ճանաչել են ոչ միայն ցեղասպանությունը, այլ նաեւ հատուկ օրենք են ընդունել թուրքական ժխտողականության դեմ:

Ոչինչ, որ Իրանի եւ Վրաստանի մասին փաստաթղթում ասված է ճիշտ այնքան, որքան Հնդկաստանի մասին, բայց կասե՞ք, խնդրեմ, ի՞նչ է նշանակում. «զարգացնել այնպիսի առանձնահատուկ հարաբերություններ, որոնք հատուկ են ամենատարբեր ոլորտներում սերտորեն համագործակցող անմիջական հարեւաններին»: Խնդրում եմ բացատրել՝ սա ի՞նչ է, ի վերջո, ծրագի՞ր է, սուրճի սեղանի շուրջ ցանկությունների ժողովածո՞ւ է, խնդրում եմ, բացատրեք:

Հատուկ գլուխ կա. «Ազատ, արժանապատիվ եւ երջանիկ քաղաքացի»: Բոլորիս ցանկությունն է, որ մեր քաղաքացիները լինեն եւ՛ ազատ, եւ՛ արժանապատիվ, եւ՛ երջանիկ: Բայց, խնդրում եմ, ասեք՝ երջանիկ քաղաքացին ինչ արժեքային համակարգ պետք է դավանի, որեւէ խոսք չկա ազգային, համամարդկային եւ քրիստոնեական արժեքների մասին, ինչո՞ւ:

Ուշադիր ընթերցել եմ փաստաթղթի «Կրթություն եւ գիտություն» բաժինը, բայց այդպես էլ չգտա որեւէ  միտք հայագիտության զարգացման մասին: Կրկնում եմ՝ այս փաստաթղթում հայագիտության մասին գրված է  զրո բառ: Ուզում եմ հասկանալ ձեր դիրքորոշումը՝ արդյո՞ք մեր աշակերտները, մեր երեխաները դպրոցում պետք է ուսումնասիրեն հայ եկեղեցու պատմություն, թե՞ ոչ: Կրթության համակարգում ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգին կո՞ղմ եք, թե՞ դեմ: Ես եւ՛ մեկին, եւ՛ մյուսին կողմ եմ, եւ ուզում եմ իմանալ ձեր դիրքորոշումը:

Անդրադառնալով այս փաստաթղթին, հարկ է նշել, որ անընդունելի է, երբ Ադրբեջանի կողմից անընդհատ վտանգված հսկայական շրջաններ ունեցող երկրի կառավարությունը խոսք անգամ չի ասում, կրկնում եմ՝ խոսք անգամ չի ասում սահմանամերձ համայնքների նկատմամբ իրականացվելիք իր քաղաքականության մասին եւ չի անդրադառնում այդ համայնքների անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրներին: Ոչինչ, թող մի երկու էջ էլ ավելի գրեիք, բայց՝ գրեիք:

Անդրադառնամ Հայաստան-Սփյուռք կապերին: Այս փաստաթղթում ոչ մի խոսք չկար Սիրիայի մասին, ոչ մի խոսք` սիրիահայության խնդիրների մասին, որի տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ նախորդ Կառավարության հետեւողական ջանքերով հայրենադարձվեցին եւ արդյունավետորեն ինտեգրվեցին մեր երկրին եւ հասարակությանը: Փոխարենը՝ կա շատ մի հավակնոտ ձեւակերպում, միգուցե դուք էլ չեք կարդացել, բայց մեջբերեմ. «Կառավարության համար կարեւոր առաջնահերթություն է մեծ հայրենադարձության հարուցումը, որը հնարավորություն կտա լուծել ժողովրդագրական խնդիրներ, ազգային անվտանգության խնդիրներ, ինչպես նաեւ ճշգրտել ՀՀ գործնական դերակատարումը»: Ի՞նչ գործիքներով պետք է աջակցություն ցուցաբերվի հայրենադարձվողներին, ո՞ր երկրներից՝ չկա նշված: Եվ վերջապես, ի՞նչ է նշանակում ճշգրտել ՀՀ գործնական դերակատարումը: Կներեք, բայց դուք ձեր գրածը գոնե մեկ անգամ բարձրաձայն ընթերցել ե՞ք, հարգելի կառավարություն: Հայրենադարձություն եք հարուցում,  որպեսզի ճշտեք ձեր դերակատարո՞ւմը: Սա տարօրինակ է:

Հարգելի խորհրդարան, ես ներկայացրեցի այս փաստաթղթում առկա անհասկանալի եւ տարօրինակ մտքերի ընդամենը մի մասը: Կարծում եմ, որ Ազգային ժողով ներկայացված փաստաթուղթը նման է ոչ թե կառավարության ծրագրի, այլ ավելի շատ՝ երազանքների եւ ցանկությունների, իսկ միգուցե նաեւ՝ բաժակաճառեի ժողովածուի: Բայց, այնուամենայնիվ, ես իմ երկրի կառավարությանը, ինչքան էլ ունենամ քաղաքական տարաձայնություններ, միշտ հաջողություն եմ մաղթում: Մնացեք բարյավ: Աստված պահապան բոլորիս եւ հայ ժողովրդին: Շնորհակալ եմ ուշադրության համար:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, մինչ մենք կգնանք ընդմիջման... Ընդմիջում է: Ներողություն: 3 րոպե ե՞ք խոսելու: Խնդրեմ, համեցեք՝ Նաիրա Զոհրաբյան, ներողություն:

Ն.ԶՈՀՐԱԲՅԱՆ

-Հարգելի հայրենակիցներ, հարգարժան խորհրդարան, անկեղծ ասած՝ ես որոշել էի խոսել բացառապես Կառավարության ներկայացրած ծրագրի շուրջ, սակայն վերջին օրերին մամուլում հնչած մի շարք էկզոտիկ մտքեր եւ լրջմիտ դեմքով հնչած սնամեջ դատողություններ ինձ ստիպեցին, այդ դատողություններից մի քանիսին, այդուհանդերձ, անդրադառնալ:

Եվ այսպես՝ հանրապետական մեր գործընկերների սիրտը, ինչպես տեսաք, թիվ է ուզում, կոնկրետ թիվ, թիվ` աղքատության նվազման, թիվ` տնտեսական աճի, թիվ` գործազրկության նվազման, թիվ` ներդրումների աճի եւ էլի մի շարք թվեր: Եվ քանի որ քաղաքականությունն ինձ համար ինչ- որ մի տեղ ճշգրիտ գիտության տեսակ է՝ թե ինչպե՞ս անել՝ քո երկրի զարգացման եւ քաղաքացիների կյանքը բարելավելու համար, որոշեցի կրկին անգամ թերթել վերջին տարիների հանրապետական բոլոր կառավարությունների «խոլոստոյ» կրակած ու այդպես էլ իրականություն չդարձած թվերն ու խոստումները: Միասին վերհիշենք իրար հաջորդած հանրապետական կառավարությունների ծրագրային խոստումները բացարձակապես հանրապետականների սիրած թվերի տեսքով եւ սկսենք ամենամեծ բլեֆից:

2017 թվականի համար հանրապետական կառավարության հանրապետական վարչապետն այս բարձր ամբիոնից հայտարարվեց 850 միլիոն դոլարի ներդրումների մասին: Հետո կից նախարարները սկսեցին հայտարարության տակ բովանդակություն կարելու անհաջող փորձեր, եւ արդյունքում՝ բյուջեի ծախսային մասը ներկայացվեց որպես ներդրում: Սա, ինչպես հասկանում եք, համաշխարհային տնտեսագիտության մեջ աննախադեպ ֆոկուս էր՝ բլեֆագիտության ժանրից:

Հիշենք հաջորդ խոստումը, որը բարեհաջող հարստացրեց հայկական քաղաքական լեգենդաբանության ժանրը՝ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը: Այդ հայտարարությունից անցել է 8 տարի, սակայն երկաթգիծն այդպես էլ մնաց բլեֆ: Ավելին, ՀՀԿ-ական հերթական վարչապետն իր Կառավարության օրակարգում մի գեղեցիկ օր ներառեց եւ լուծարեց «Երկաթուղու շինարարություն տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը:

Մի քիչ էլ գնանք հետ. Գյումրու տեխնոպարկ, Դիլիջանը` ֆինանսական կենտրոն, Մեծամորի ատոմակայանի նոր բլոկի կառուցում, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, կենսաթոշակների բարձրացում` հասցնելով աղքատության գծի համեմատ 125-135 տոկոսի, աղքատության կրճատում՝ 8-10 տոկոսային կետով. կրակված ու չիրականացված թվեր:

Միջանկյալ մի ռեմարկ. այսօր աղքատության պաշտոնական թիվը 30 տոկոս է, եթե դրան էլ գումարենք աշխատող աղքատների թիվը, որը հայաստանյան յուրահատկություն է, ապա ունենք 60 տոկոսը գերազանցող աղքատություն: Այստեղ նստած նախկին մի պաշտոնյա նույն այս ամբիոնից խոստանում էր բոլոր առաջին դասարանցիներին ապահովել համակարգչով  եւ դա անում էր Բոնապարտին վայել վստահությամբ:

Մի քիչ էլ անցնենք առաջ. 100 հազարից ավելի նոր աշխատատեղի ստեղծում, ընդ որում՝ ոչ գյուղատնտեսական ոլորտում զբաղվածություն ունեցողների թիվը պետք է ավելանար 30 հազարով: Հիմա` հպանցիկ հղում Ազգային վիճակագրական ծառայությանը, ըստ որի՝ տեղի է ունեցել ոչ թե աշխատատեղերի աճ, այլ՝ կրճատում:

Ներդրումների միֆի մասին՝ հերթական հանրապետական կառավարությունը հայտարարել է, որ օտարերկրյա ներդրումների աճ է եղել, մինչդեռ, նույն Ազգային վիճակագրական ծառայությունը հերքել է դա, եւ թվերով ապացուցել, որ 2016 թվի համեմատ 2017-ին օտարերկրյա ներդրումները նվազել են: Դրանից հետո, եթե հիշում եք, պատերազմ սկսվեց Տնտեսական ներդրումների նախարարության ու Ազգային վիճակագրական ծառայության միջեւ:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Տիկին Զուրաբյան, եթե կարելի է մի բան ասեմ, հետո կշարունակեք: Ես ձեզ առաջարկում էի ընդմիջումից հետո ելույթ ունենալ, դուք ասացիք՝ 3 րոպե: Ես ձեզ թույլ կտամ, կավարտեք, բայց դուք ոտնահարեցիք ձեր ընկերների ընդմիջման իրավունքը:

Ն.ԶՈՀՐԱԲՅԱՆ

-Ներդրումների միֆի մասին. հերթական հանրապետական կառավարությունը հայտարարել է, որ օտարերկրյա ներդրումների աճ է եղել, մինչդեռ, ներդրումները նվազել են:

Եվս մեկ թիվ, քանի որ հանրապետականների սիրտը թիվ է ուզում. հերթական հանրապետական վարչապետը հայտարարեց, որ նվազագույն աշխատավարձը դարձնելու են 65 հազար դրամ, եւ դարձյալ, բնականաբար, բլեֆ:

 Ամենակարեւորներից մեկի մասին.՝ Հանրապետական կուսակցության երկար ու տանջալի պաշտոնավարման արդյունքում մեր երկրի պետական պարտքը մոտեցել է 7 միլիարդի հոբելյանական շեմին: Հիմա. դեմագոգիայի եւ ցինիզմի մասին: Հանրապետական վարչապետերից մեկը նույն այս ամբիոնից այսպիսի տեքստ էր ասում, եթե հիշում եք. «Մենք պետք է ստեղծենք այնպիսի օրինապաշտ միջավայր, որում պաշտոնական դիրքի չարաշահումը, կոռուպցիան, օրենքից վեր դասվելը տեղ չեն ունենա, եւ կդատապարտվեն բոլորի կողմից»: Ինչ-որ մեկն այս տարիների ընթացքում հիշո՞ւմ է, որ որեւէ կոռուպցիոներ պաշտոնյա դատապարտվի կլանի, կներեք՝ օբշչակի որեւէ բարձրաստիճան ներկայացուցչի կողմից, իսկ նույն այդ կլանի մեկ այլ վարչապետ նույն այս ամբիոնից հայտարարում էր. նոր Հայաստանի կառուցումը մեր ձեռքերում է, եւ մենք դա անելու ենք:

Միակ բանը, որ դուք արել եք, ձեր ցինիզմով, ձեր լկտիությամբ, եւ երկրի Սահմանադրությունը պոլի շոր սարքելու ձեր բեսպրեդելով, ավերել եք ամեն ինչ:

Հիմա, կառավարության ծրագրի մասին` շատ կարճ: Այս Կառավարությունը մեկ գլխավոր խնդիր ունի՝ քանդել երկրի կոռուպցիոն, մենաշնորհային կապանքները, սահմանել խաղի արդար եւ հավասար պայմաններ ու գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս խնդիրները` ներկայացված ծրագրում, ոչ միայն հստակ ձեւակերպված են, այլ նաեւ՝ հստակ իրագործվում են:

Եվ վերջում՝ բարեկամաբար մի հորդոր հերոսաբար դահլիճը լքած հանրապետականներին: Ես հասկանում եմ, որ այս դահլիճում դուք այլեւս ձեզ դիսկոմֆորտ եք զգում: Ես հասկանում եմ նաեւ, որ «կոռուպցիա, տնտեսական մենաշնորհ, բեսպրեդել, ցինիզմ, օրինազանցություն» բառերը շատերի համար տարիներ շարունակ ամենօրյա տրենաժորնի գնալու նման մի բան են եղել: Այդուհանդերձ, ունեցեք համարձակություն` ճշմարտությանը նայել բաց աչքերով, որովհետեւ միայն ուժեղը կարող է ընդունել իր սխալը եւ փորձել շարժվել առաջ:

«Ծառուկյան» դաշինքը, գիտակցելով իր հստակ պատասխանատվությունը ներկայացված ծրագրին, քվեարկելու է կողմ: Կներեք, որ ձեր ընդմիջումը մի քանի րոպե ձգվեց իմ պատճառով:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Տիկին Զոհրաբյան, խոսքը ոչ միայն ընդմիջմանն է, այլ խոսքը մեկը մյուսի նկատմամբ հարգանք ունենալն ու հարգանք պաշտպանելն է: Շնորհակալություն:


Ժամը 15:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ   ՏԵՂԱԿԱԼ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ
 
 

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքները։ Հաջորդ ելույթի համար ձայնը տրվում է Սպարտակ Սեյրանյանին։

Ս.ՍԵՅՐԱՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, իմ քաղաքական կենսագրության ընթացքում ես շատ ծրագրեր եմ տեսել, թե՛ մի քանի անգամ ծավալով մեծ, թե՛ մի քանի անգամ ծավալով փոքր, թե՛ թվերով լեցուն, թե՛ առանց որեւէ թվի, եւ ունեմ խորին համոզմունք, որ դրանք էական նշանակություն չունեն։ Էական նշանակություն ունի Կառավարության հռչակած քաղաքականության արդյունավետությունը եւ հաշվետվության ժամանակ այն փաստարկները, որոնցով որ Կառավարությունը ներկայացնում է իր կատարածի եւ չկատարածի հաշվեկշիռը։

Այս փաստաթուղթն ինձ համար ավելի շատ այն տեսլականն է, որը որ Կառավարությունը ներկայացնում է առաջիկա ամիսների իր գործունեության հիմնական ուղղությունների եւ նպատակադրումների համար։

Ելույթս կլիներ մի փոքր այլ կերպ, եթե պրն վարչապետը չանդրադառնար այն խնդրին, որ այս ծրագրից բխելու է գործողությունների ծրագիր-ժամանակացույց։ Այն ամենը, ինչ հիմա ես պատրաստվում եմ ասել, միտված է, որպեսզի այդ ծրագիր-ժամանակացույցն ամբողջականանա` բայց մի քանի կարեւոր մեթոդաբանական առանձնահատկություններ հաշվի առնելով։

Անշուշտ, գնահատելի են այն դրական... որ ծրագրի մեջ  առաջարկված է, եւ այն մեթոդաբանությունը, որը հիմնվում է նրա վրա, որ Կառավարությունը ոչ թե քայլեր է անում իր հնարավորությունների եղածի  սահմաններում, այլ իր նպատակադրումների սահմաններում։ Հետեւաբար, դրանք իրականացնելու համար անհրաժեշտ միջոցները պետք է թվագրվեն այդ ծրագիր-ժամանակացույցի մեջ։ Ես նկատի չունեմ ոչ միայն նյութական ռեսուրսները, պետք է թվարկվեն այն գործիքներն ու գործիքակազմը, այդ թվում՝ վարչական եւ օրենսդրական, որոնցով որ այդ ծրագիր-ժամանակացույցը կյանքի է կոչվելու։ Շատ կարեւոր են հստակ ժամկետներ, միջանկյալ արդյունքների ներկայացում, Կառավարության  կայացրած որոշումների հանդեպ ներքին մոնիտորինգի իրականացում, որպեսզի այդ որոշումները չմնան Կառավարության կաբինետում կամ նախարարության միջանցքներում, եւ պարբերական հաշվետվողականությունը։

Հիմա` թեմաների մասին, որոնց շուրջ կուզենայի խոսել։ Ես կցանկանայի անդրադառնալ կրթություն, գիտություն, մշակույթ հարցադրումներին` կոմպլեքսի մեջ։ Ավանդաբար մեզ մոտ դրանք դիտարկվել են Հայաստանի բոլոր կառավարությունների մեջ անջատ-անջատ, առանց հաշվի առնելու այս ոլորտների, եթե կարելի է ասել, արժեհամակարգային մոտեցումը։ Սրանք այն ոլորտներն են, որոնք ունեն երկու իրար հակասող, բայց խորքում իրար փոխլրացնող գործառույթներ՝ պահպանողականություն եւ հեղափոխականություն։ Կրթական, գիտական եւ  մշակութային համակարգերն այն գործիքներն են, որոնք պահում են ազգի ինքնությունը, բայց միաժամանակ այն լուսամուտներն են, որոնցով որ 1-ին հերթին պետությունը, հասարակությունը հնարավորություն ունեն շփվել բոլոր նորարարությունների հետ։ Այս առումով այդ սինթեզը ճիշտ, դինամիկ հավասարակշռության պահելը մեր նման երկրների հաջողության գրավականն է։ Խոսքը վերաբերում է նրան, որ երբ պահպանողականությունն է գերակշռում, դա տանում է կոնսերվացիայի եւ հետամնացության։ Անհնար է պահպանել մի բան, որը չի զարգանում, բայց երբ կշեռքի նժարը թեքվում է նորարարության կողմը՝ համակարգը կորցնում է իր դիմագիծը, էությունը եւ հիմնական գործառույթներից շատ եւ շատ ուղղումներ։ Այդ պատուհանը պետք է շատ զգույշ բացել եւ երբեք չփակել։

Գիտակրթական քաղաքականության մասին։ Ծրագրի ժամանակացուցը պետք է հստակ  առաջնորդվի այն տրամաբանությամբ, որ գիտակրթական քաղաքականության, նաեւ մշակութային քաղաքականության նպատակը դա մարդկային կապիտալի որակի բարձրացումն է։ Դիպլոմների քանակով, բուհերով եւ ուսանողների քանակով չափել կրթությունը, կամ մշակութային հաստատություններով, կամ թանգարաններով` դա ինքնախաբեություն է։ Այս երկու ուղղությունների հիմնական գրավականը ճիշտ քաղաքացին է եւ ՀՀ ազգաբնակչության մարդկային կապիտալի որակի հարաճուն բարձրացումը, որը հնարավորություն կտա ունենալ ժամանակակից պահանջներին բավարարող կադրային  բազա՝ պետական շինարարություն իրականացնելու համար։

Հասանելիության խնդիրը։ Ես ուրախ եմ, որ հասանելիությունը շեշտվում է, բայց երբեմն այդ հասանելիությունը հասցվում է այն աստիճանի, որ դպրոց ավարտողների 99%-ը հասանելիության պայմաններում դառնում է ուսանող, մարդկանց կեղծ մոտիվացիաներ ենք ներարկում, տալիս ենք դիպլոմ, որը միայն այդ թվի պարագայում արդեն իսկ որեւէ բուհ ի վիճակի չէ որակյալ մասնագետ պատրաստել, հետեւաբար, երջանկության իմ սուբյեկտիվ բանաձեւի մեջ ես շատ երջանիկ կլինեի, եթե Կառավարությունը շատ համարձակ քայլերով գնար ուսանողության այս աննախադեպ թվի կրճատմանը եւ շեշտը դներ որակյալ կադրեր պատրաստելու` բուհական համակարգերի կարողականության վրա։

Կիրառական հայագիտության խնդիրը։ Հայագիտությունն այլեւս չպետք է զբաղվի միայն փառավոր անցյալի կամ մշակութային ժառանգության ուսումնասիրմամբ։ Հայագիտությունը դա կիրառական գիտություն է ժամանակակից աշխարհում, որը պետք է պատասխանի հայ քաղաքական, մշակութային ամբողջ ժառանգության ինքնատիպության, հայկական քաղաքակրթության այն որակների բացահայտմանը, որից մենք այսօր ազգերի մրցակցության մեջ, նաեւ մեր հարեւանների հետ քաղաքակրթական մրցակցության մեջ կարողանալու ենք օգտվել։ Այս իմաստով հայագիտությունը կիրառական իր շեշտադրումով կարելի է դիտարկել որպես պետության ընդհանուր ռազմավարությանը նպաստող շատ կարեւոր գիտական դիստրիբիտ։

Մշակույթի հետ կապված  խնդիրը։ Խնդիրը հետեւյալի մեջ է. պետությունն իր համար  ինչպիսի՞ մշակութային քաղաքականության մոդել է պատկերացնում, եւ ըստ պետական մրցակցության` ինչպիսի՞ մոդել է դա։ Ես ուրախ եմ, որ մշակույթի նախարարության նոր մոտեցումների մեջ գերակշռում է այն հանգամանքը, որ մշակույթի նախարարության տեսադաշտը միայն արվեստը չէ, այսօրվա մեր հաղորդակցվելն էլ է մշակույթ։

Այս առումով շատ կարեւոր է մի այլ հանգամանք, որի հետ, ծրագրի այդ դրույթի հետ ես համաձայն չեմ, որը մշակույթին հաղորդակցվելը դիտարկում է որպես մշակութային քաղաքականության գերակա սկզբունք։  Ինձ թվում է, որ գերակա սկզբունքը բոլորվին այլ շեշտադրման վրա պետք է արվի` քաղաքացու արարելու, սեփական մշակութային ներուժն իրականացնելու հնարավորության վրա։ Ստեղծեք բոլոր այն պայմանները, որպեսզի ստեղծագործող մարդը կարողանա արարել եւ մշակույթի մեջ գոնե բացառեք մրցակցայինը։ Ամբողջ աշխարհը գնում է համագործակցային զարգացման տրամաբանությամբ, եւ հենց կրթությունը, գիտությունը եւ մշակույթն այն հնարավորություններն են տալու մեր հասարակությանը՝ ներքին սիներգիզմ ձեւավորելու իմաստով։

Մյուս խնդիրը դա մշակութային օջախների պահպանության խնդիրը, մշակութային ընդհանուր Ժառանգության պահպանության խնդիրը միայն պետության ուսերի վրա  չթողնելն է,  համայնքների եւ շարքային ցանկացած քաղաքացու մասնակցությունը մշակութային ժառանգության պահպանման եւ դրա վերարտադրման իմաստով, որովհետեւ խիստ վտանգավոր է մեր նման հարուստ մշակույթ ունեցող երկրների ու ժողովուրդների պարագայում մշակույթի թանգարանայնացման տենդենցը։ Մենք մեր մշակույթը չպետք է խցկենք ցուցափեղկերի տակ, պետք է դրան հաղորդակցվի ամբողջ հասարակությունը։

Մի կարեւոր բան էլ կա. 2 նախարարությունների պարագայում էլ կար բոլոր մրցույթները թափանցիկ անցկացնելու մեթոդաբանությունը։ Դա շատ կարեւոր է, որեւէ կասկած այդտեղ լինել չի կարող, բայց կարծում եմ, որ շատ ավելի կարեւոր է այդ թափանցիկության արդյունքը։ Ինձ համար՝ որպես քաղաքացի, միեւնույն է, թե  թափանցիկության ի՞նչ միջոցառումների ծրագրով է կյանքի կոչվում մշակութային ոլորտում որեւէ  անճաշակ նախագիծ, կամ երբ որ հստակ սահմանազատում չի արվում նորության, նորամուծության, նորաձեւության եւ նորարարության միջեւ։ Ամեն մի նորարարությունում, չգիտես ինչու, մենք շեշտը դնում ենք նորի վրա, բայց անտեսում ենք արարելու գործառույթը։ Նորարար է այն, ինչ որ նոր է եւ արարչական ֆունկցիա ունի, որովհետեւ շատ նորարարական մոտեցումներ նորաքանդական են կամ հնաքանդական են, կներեք այս բառախաղի համար։

  Կարծում եմ, որ ձեր աշխատանքների մեջ դուք հաշվի կառնեք մի կարեւոր հանգամանք, դուխով աշխատելը շատ կարեւոր է, բայց կարծում եմ, որ շատ ավելի մեծ դուխ եւ խոհեմություն է պահանջում սխալներն ընդունելը, դրանք սրբագրելը եւ բոլորին լսելը՝ խորհուրդների եւ առաջարկների իմաստով։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Հաջորդ ելույթի համար՝ ՀՅԴ խմբակցության անդամ տիկին Ռուզաննա Առաքելյան։

Ռ.ԱՌԱՔԵԼՅԱՆ

-Ես նորից ուզում եմ կրկնել, որ ես էլ այս փաստաթուղթը համարում եմ քաղաքական, եւ չէի ակնկալում շատ մանրամասներ։ Իմ սպասելիքն էր, որ կլինեին ուղերձներ, եւ նաեւ իմ ելույթը ավելի շատ հետագան տեսնելու ցանկություն է։

Մեր երկիրն ապրում է քաղաքական գործընթացների մի նոր փուլ, անկախությունից մինչեւ օրս ձեւավորված քաղաքական, տնտեսական եւ հասարակական, արդեն կայացած կառույցների կողքին մենք այսօր քննարկում ենք քաղաքական մի նոր ծրագիր, որը պետք է շոշափելի տեսլական փոխանցի այսօրվա հոգեբանության մեջ ապրող մեր ժողովրդին։

Մենք միասնաբար պարտավոր ենք հայ մարդու հավատը դարձնել լիարժեք։ Նա ոչ միայն պետք է լիահույս լինի իր եւ իր ընտանիքի վաղվա օրվա հանդեպ, այլեւ մասնակից դառնա իր ապագայի կերտմանը։ Մեր պետության առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերները, ինչպես նաեւ Սահմանադրության եւ իրական կյանքի ներդաշնակումը պահանջում  են համայն հայության ուժերի կենտրոնացում ու արդյունավետ օգտագործում։ Սա է դառնալու ապագա Հայաստանի զարգացման գրավականը։ Այս ծրագիրն անդրադարձել է այնպիսի կարեւոր հիմնախնդիրների, որոնք հստակ պատկերացում են տալիս մեր սպասումներին, բայց եւ այնպես` ոչ  լիարժեք խորություն։

Ես հարկ եմ համարում անդրադառնալ 2 կարեւոր ոլորտների։  Ակնհայտ է, որ ներկա պայմաններում ժողովրդավարական խնդիրների լուծումը հիմնականում կապված է նաեւ հայրենադարձության հետ։ Անշուշտ, ես հասկանում եմ, որ Ժողովրդագրական խնդիրը նաեւ լուծելի է` այլ ուղղորդումներ տալով։  Ակնհայտ է նաեւ, որ առանց հայրենադարձության ամբողջական հայեցակարգի անհնար կլինի պատկերացնել ժողովրդագրական առաջընթացի բարելավման մասին։ Կառավարության ծրագրում, հիմնադրույթների մակարդակում պետք է ամրագրվեն համապատասխան մոտեցումներ, որոնք հիմք կհանդիսանան ապագա գործունեության համար։ Պետական աջակցությունն այս խնդրում պետք է լինի կայուն հիմքերի վրա, հստակ նպատակադրումներով եւ թիրախավորված կոնկրետ  արդյունքներով։

Հաջորդ խնդիրը տեւական ժամանակ գտնվել է քննարկման փուլում՝ որպես առաջնահերթություն թե՛ քաղաքական հարթակներում, թե՛ փորձագիտական մակարդակով։ Խոսքը վերաբերում է տարածքների համաչափ զարգացմանը։ Սա եւս առանցքային խնդիր է սոցիալ-տնտեսական իմաստով եւ իր ազդեցությունն է թողնում՝ ինչպես երկրի պոտենցիալի լիարժեք օգտագործման, այնպես էլ ներքին եւ արտաքին քաղաքականության տեսանկյունից։ Սահմանամերձ բնակավայրերի առաջիկա զարգացման  տեսլականը պետք է ձեւավորվի այն չափով, որ  հույս ներշնչի այդ տարածքների բնակչության կայունության, ապագան իրենց բնակավայրում տեսնելու, արտագաղթածներին տուն վերադարձնելու առումով։ Համոզված եմ, որ այս երկու կարեւորագույն ոլորտները, անկախ Կառավարության ժամանակավոր բնույթից եւ քաղաքական իրավիճակի փոփոխությունից, պետք է համարվեն առաջնահերթություններ՝ երկրի զարգացման տեսանկյունից։

Այսօր մեր երկրի անհամաչափ զարգացումն ազգային անվտանգության տեսանկյունից դիտվում է հրատապ։ Դատարկվող գյուղերը վերաբնակեցնելու համար հարկավոր է լուծել գյուղացու ուսերին ծառացած սոցիալական բեռը։ Եթե մենք ամեն առիթով վկայակոչելու ենք աղքատության ցուցանիշները եւ դարձյալ գործնական ոչինչ չենք անելու հատկապես վերոհիշյալ բնակավայրերի բնակիչների համար, եւս մի քանի տարի հետո մենք կունենանք առավել դատարկված գյուղեր, որտեղ  վերաբնակեցման գաղափարը կդառնա միֆ։ Ծրագիրը մեզ հավատ կներշնչի, եթե որոշակի ուրվագծվեն այն անելիքները, որոնք միտված կլինեն այս նպատակների իրագործմանը։

Հայաստանի որեւէ իշխանության քաղաքական հիմնարար ծրագիրն անկախ այն բանից, թե ե՞րբ է գրվում եւ ո՞ր ժամանակահատվածի համար է,  պետք է հենվի 2 կարեւորագույն առանցքների վրա` ազգային արժեքների համակարգ եւ հայ ազգի ներուժի օգտագործում։ Քաղաքական այս ռազմավարությամբ է ուրվագծվում իշխանության գործունեության մարտավարությունը, որն էլ կանխորոշում է երկրի զարգացման  իրատեսական ծրագրերի իրագործումը։ Իշխանության մարտավարական քաղաքականության արդյունքները պետք է ներդաշնակվեն ռազմավարական ազդակներին եւ երբեք չպետք է ծառայեն իշխանության այս կամ այն հատվածին կամ քաղաքական որեւէ ուժի։ Միայն այս համատեքստում կարող ենք արձանագրել, որ ազգային շահը  եւ ազգային նպատակները ներդաշնակված են։ Անկախ պետության իմաստը եւ արժեքը հենց սա է։ Ոչ երեկ, ոչ այսօր, ոչ էլ վաղն ազգային չի համարվի այն պետությունը, որի ղեկավարները պետական քաղաքականությունը չեն խարսխելու ազգային ռազմավարության հիմքի վրա։ Հավատանք, որ ապրելու ենք ազգային դիմագիծ ունեցող Հայաստանում։ Այդ դեպքում այլեւս առիթ չենք ունենա խոսել այն արատների մասին, որոնք մեծ հիասթափության առիթ են տվել։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Հաջորդ ելույթի համար՝ Գեւորգ Պետրոսյան։

Գ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարգելի նախագահություն, հարգարժան գործընկերներ, հարգելի Կառավարություն,  գաղտնիք չէ, որ անթերի ծրագիր չկա։ Ինչպե՞ս կարող է ծրագիրը լինել անթերի, եթե ծրագիրը կազմել է մարդը։ Ես խորապես համոզված եմ, որ պրն վարչապետն իր թիմով նույնպես այն կարծիքին չէ, որ սա անթերի ծրագիր է, բայց եկեք հարգենք միմյանց, եւ անթերի չլինելու հանգամանքը չօգտագործենք անպտուղ եւ անհարկի փոխադարձ հրաձգությունների համար։

Կներեք, այս ամբիոնից երբեւէ հնչեցվե՞լ  է անթերի ծրագիր։ Մի տեսակ տպավորություն է, որ մենք Նիկոլ Փաշինյանից եւ իր կառավարությունից դրախտի ուղեգիր ենք ակնկալում. այդպիսի բան չի լինում։ Իհարկե, ծրագիրը կարող է ունենալ թերություններ, բացթողումներ, եւ դա միանգամայն օրինաչափ է։ Հենց այդ նույն ծրագրում, երբ որ խոսվում է այն մասին, որ առավելագույնը 1 տարվա ընթացքում ակնկալում ենք արտահերթ ընտրություններ, արդեն իսկ այստեղ ներդրված է այդ ակնարկը, որ սա այն ծրագիրը չէ, որը կձեւավորեր վերջնականորեն ձեւավորված Կառավարություն եւ կփորձեր բոլոր հնարավոր օրինական միջոցներով կյանքի կոչել։ Եկեք, հաշտվենք այն մտքի հետ, որ սա ծրագիր է ամենից առաջ Հայաստանում մի կարեւոր հարց լուծելու համար, որ ժողովուրդն է իշխանության տերը, որ ժողովուրդը պետք է թելադրի քաղաքական  օրակարգ, ոչ թե ժողովուրդը տառապի իշխանավորի ֆանտազիայի ձեռքին։

Իսկ հիմա` մի քիչ ավելի կոնկրետ։  ինչ-որ մարդիկ խոսում էին երջանկությունից, անվանում էին հեքիաթային։ Ես հորդորում եմ այդ նույն մարդկանց՝ պտտվել եւ ընդամենը մեկ տարի առաջ իրենց իսկ թեթեւ ձեռքով կյանքի կոչված Կառավարության ծրագրում, 4-ի 6 կետում կգտնեն,  որ Կառավարությունը երաշխավորում է, որ երիտասարդները լինեն երջանիկ։ Հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ շատ ավելի ընդհանուր եւ հեղհեղուկ էր այդ բնորոշումը երջանկության վերաբերյալ, քան այդ ծրագրում կա։ Մասնավորապես, այս ծրագրում երջանկությունը դա տարածական մեկնաբանությունների առարկա չի դարձել։ Կառավարությունը չի խոստացել, երջանիկ ասելով՝ նկատի ունենալ, որ բոլորս ապահովագրված ենք, ասենք՝ մերժված սեր չստանալու հանգամանքից, ոչ, այստեղ երջանկությունը հստակ բաղադրիչներ ունի։

1-ին. դրված է սոցիալական բաղադրիչը, երբ որ երջանիկ է այն քաղաքացին, որը հարգված է ապրում այդ երկրում, ում նվազագույն կենսամակարդակը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, եւ տղամարդն առավոտյան քնից արթնանալուց միայն մի հարցով չի իրեն ծանրաբեռնում՝  ո՞նց անի, որ իր տունն այդ օրը հաց հասցնի։

2-րդ. երջանկության բաղադրիչ է ընտրված առողջապահության ոլորտը։ Ցավոք սրտի, ես հիմա չեմ ասի` նախկին Կառավարության, չստացվի, որ այստեղ եկել եմ` բամբասանքով զբաղվելու, չնայած հրապարակային եմ ասում, բայց բազմաթիվ իշխանավորների թեթեւ ձեռքով առ այսօր հիվանդանոցներում բուժվող, տեր չունեցող հիվանդը պոտենցիալ մահկանացու է։ Հիմա ծրագրում կոնկրետ խոսվում է  առողջապահության ոլորտի զարգացման մասին,  ի՞նչ կա այստեղ հրաշք, հեքիաթ։

Եվ վերջում` կրթությունը, այո, շատ ճիշտ բաղադրիչ է ընտրվել։ Այն  ուսանողը, որ այսօր տեր չունի, նա պոտենցիալ գործազուրկ է։ Այս ծրագրում կա այդպիսի ուսանողին տեր կանգնելու իրական ու ողջամիտ խոստում, իսկ եթե ուզում եք հեքիաթների դաշտից` ասեմ. ընդամենը 1 տարի առաջ հաստատված ծրագրում խոսվում էր քաղաքացիների ազատ տեղաշարժը երաշխավորելու մասին։ Ընդամենը 2 ամիս առաջ տեսանք, թե իրենց քաղաքացիական իրավունքների համար արդարացի պայքարի ելած այդ քաղաքացիներն այդ ազատ տեղաշարժվելուց ինչպիսի ծեծ ու ջարդի ենթարկվեցին ՀՀ բանուկ եւ ոչ բանուկ փողոցներում։

Նախկին Կառավարության ծրագրում շեշտադրում էր արված հարկային եւ  մաքսային վարչարարության մասին։ Ցիտել եմ բառերը. «բարելավման արդյունքում հարկային մարմինների նկատմամբ մեծացնել վստահությունը»։ Ո՞վ է այսօր այն երջանիկ մոլորյալը, որ մտածում է, որ այսօր հասարակությունն առայժմ շատ բարձր կարծիք ունի հարկային մարմինների բարձր հեղինակության վերաբերյալ։ Մոռացե՞լ եք, թե մի քանի ամիս առաջ ինչ տեռոր էր իշխում, երբ որ քաղաքացիներին, խախտելով ՀՀ Սահմանադրության եւ Քրեական դատավարության օրենսգրքի երկաթյա պահանջները, առանց բավարար հիմքերի անձնական խուզարկության էին ենթարկում վաճառատներից, վաճառակետերից դուրս գալու համար, իբր թե` ինչ-որ խախտում են հարկային օրենսդրությունը։

Եվ ամենազավեշտալին. նախորդ ծրագրում այսպիսի արտահայտություն կար՝ խելացի Հայաստան։  Ես 45 տարեկան եմ եւ 1-ին անգամ եմ այդպիսի հասկացության հանդիպում։ Այն բանը, որ կարելի է վերագրել միայն մարդուն, որ դա խելացի օրգանիզմին է հատուկ, խելացի Հայաստանը ո՞րն է, ասենք՝ լիներ նաեւ հմուտ Հայաստան, բանիմաց Հայաստան եւ այսպես շարունակ։

Եկեք, ուրեմն, այստեղ չընկնենք արտահայտությունների հետեւից, ընկերներ, մի կարեւոր քայլ արված է, ի վերջո, Կառավարության ծրագիրը դա Աստվածաշունչ չէ, որտեղ ոչ մի փոփոխություն հնարավորություն չլինի անել։ Սա մի իրավական ակտ է, որը կարող է ընթացքում փոխվել՝ կյանքի հրամայականները հաշվի առնելով։ Այսօր հավաստիության, վստահության կանխավարկածով վերաբերվենք մի Կառավարության, որին ժողովուրդն է բերել իշխանության։ Կարեւոր քայլն արված է, կարեւոր է, որ ժողովուրդը ձեւավորի իշխանության։

Ես վստահաբար կարող եմ ասել, որ որեւէ մեկի փոխարեն արտահայտվելը միշտ համարել եմ անպտուղ ու անցանկալի զբաղմունք, բայց  այս Կառավարությունը շատ լավ գիտակցում է, որ ժողովուրդն իրեն բերել է, եթե ժողովուրդը հասկանա հանկարծ մի օր, Աստված ոչ արասցե, որ սխալվել է, իրենց էլ ուղարկելու է, բայց  եկեք հավատանք, թույլ տանք, որ մարդիկ աշխատեն։

Մի տեսակ, գիտե՞ք ինչ տպավորություն է, շատ ծանր, որ այստեղ կարեւոր չի, թե այս ծրագրում ինչ է ասված, կարեւորը` այստեղ կան մարդիկ, ինտրիգ չեմ ուզում հրահրել, բացարձակապես, խնդրում եմ հավատաք, բայց այստեղ կան մարդիկ, որ  անկախ ծրագրի բովանդակությունից դեմ են քվեարկելու։ Դրա վառ ապացույցը, ափսոս, Շարմազանովն այստեղ  չի, բայց վստահ եմ, որ հիմա ինձ հետեւում է, իր հարզացրույցում երեկ ասում է, որ, այնուամենայնիվ, մենք Հանրապետական խմբակցության որոշ պատգամավորների թույլ կտանք, որ կողմ քվեարկեն։ Ես ահավոր զարմացած եմ այս արտահայտությունից։ Այսինքն՝ եթե իրենք գտնում են, որ այս ծրագիրը բանի պետք չի, ի՞նչ է նշանակում՝ թույլ կտանք կողմ քվեարկել։ Մեծ հակասություն կա, որն իմ խելքի բանը չի։

Նորից եմ ասում՝ եկեք հավատանք մի ուժի, որին ժողովուրդն է իշխանության բերել։ Ես բացարձակապես այն կարծիքին չեմ, որ ներկայիս կառավարությունը սրբերի հավաքատեղի է։ Մեր մեջ էլ կան մարդիկ, ես էլ, սկսած ինձնից, շատ թերություններ ունեմ, բայց պետք չի այստեղ գալ,  ամեն մեկը ցույց տա, թե ինչ գիտի կյանքում այս կամ այն բնագավառի մասին, եւ ասել, որ այս ծրագրում, քանի որ այս մասին չկա, ուրեմն, այս ծրագիրը խոցելի ա։ 1-ին քայլն արված է,  այս Կառավարությանը ողջունում եմ հետագա մնացած քայլերում։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Հաջորդ ելույթի համար՝  Արամ Սարգսյան։ Խնդրեմ, պրն Սարգսյան։

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

-Անկեղծ ասած, չէի նախապատրաստվում ելույթ ունենալ, բայց Հանրապետական իմ գործընկերների, մասնավորապես, Խոսրով Հարությունյանի  եւ Էդուարդ Շարմազանովի տված հարցը, թե ո՞վ է պատասխանատու այս ծրագրի համար, ստիպեց ինձ այս ամբիոնին մոտենալ  ու փորձել իմ տեսանկյունից պատասխանել այդ հարցին։

Իհարկե, քաղաքական առումով  պետք է լինի  պատասխանատու, քաղաքագիտությունը հստակ գիտություն է եւ քաղաքական պատասխանատվություն է պահանջում, բայց արեք նայենք այլ տեսանկյունից՝ մի կողմ թողնելով քաղաքագիտությունը։

Այն ելույթը, ինչն ունեցավ երկրի վարչապետը՝ պրն Նիկոլ Փաշինյանը, որը կարելի է համարել Կառավարության ծրագրի ուղերձ, իմիջիայլոց, ասեմ, որ ձեր բերած ուղերձը շատ ավելի լավն էր, քան ծրագիրը, որ ներկայացրել եք, այդ ուղերձի մասը մեզնից յուրաքանչյուրն իր մտքում ունեցել է։ Ուրիշ խնդիր է, որ մի քիչ ավելի վատ ենք ձեւակերպել, պրն Փաշինյանն ավելի լավ է ձեւակերպել, այդ ամեն ինչն ավելի կոնկրետության մեջ է դրել, բայց մեզնից յուրաքանչյուրն այն իր մտքում ունեցել է։ Մենք ուզու՞մ ենք այդպիսի Հայաստան ունենանք, թե՞ոչ, համոզված եմ, որ այստեղ նստածները` բոլորն ուզում են, ամենավերջին դաշնակցականից սկսած մինչեւ ամենավերջին Հանրապետականն ու «Ելք»-ականը միանշանակ ուզում են, չեմ կասկածում, ուզում ենք, որ մեր թոռներն այդպիսի Հայաստանում ապրեն, որտեղ առավելություններ ունեցողներ չլինեն։

Կասկածո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին, որ ինքը դա ուղղակի ասում է, բայց իրականում բաժնեմաս է ունենալու, բաժնետոմսեր է ձեռք բերելու, կարծում եմ, որ քչերը կլինեն, որ կկասկածեն։ Ես անձամբ չեմ կասկածում,  սա այն դեպքն է, որ կարող եմ ասել՝ 100% համոզված եմ։

Մեր երկրում տեղի է ունեցել իսկապես թավշյա հեղափոխություն։ Այդ հեղափոխությունն արել է այս ժողովուրդը։ Այս ժողովուրդն է պարտադրել, որ մեր երկրում քաղաքական փոփոխություն տեղի ունենա, որ այդ քաղաքական փոփոխության արդյունքում մեծամասնություն կազմող   իշխանության նախագահը կամ վարչապետն ասի, որ Նիկոլը ճիշտ էր, ես  սխալ էի, ու լավ է արել, որ ասել է։

Հիմա մենք ի՞նչ ենք ուզում. ուզում ենք, որ այդ ժողովուրդն ու իր Կառավարությունը հաջողությա՞ն հասնի, թե՞ պարտվի։ Իհարկե, ուզում ենք, որ հաջողության հասնի։ Հետեւաբար, մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է այս Կառավարության ծրագրի համար, բոլորս ենք պատասխանատու։ Մենք մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք, որ հաջողենք։ Դա չի նշանակում, որ չպետք է լինի ընդդիմություն։  Վստահաբար եմ ասում, որ շատ լավ է, եւ հանրապետական կուսակցությունը շատ լավ ընդդիմություն է։

Ես միանում եմ Խոսրով Հարությունյանի ասած այն դիտարկմանը, որ ազգային անվտանգությունը լուրջ ֆունկցիաներ ունի, եւ թող ինքն իր ֆունկցիաների մեջ, բիզնեսի շրջանակով շարունակի իր գործունեությունը։ Արեք որեւէ մեկին չկծենք, չբռնակցենք, որեւէ այսպիսի բան չանենք, որովհետեւ խնդիր է, իսկ, եթե այդպիսի խնդիրներ էլ կան` լավ կլինի, որ անդրադառնանք Քաջարանի, Ղափանի այդ սեփականաշնորհումներին, այդ օֆշորում գրանցվածներին, որոնք արտաքին առեւտրի հետ գործ ունեն, որտեղ արտաքին սեփականություն կա, վերջիվերջո, այդ մեր երկրի ամենակարեւոր արդյունաբերական ձեռնարկությունն է, եւ ճիշտ կլինի, որ ազգային անվտանգությունը հենց այդտեղից սկսեր, եւ սա կլիներ գործը։

Ես միանում եմ պրն Շարմազանովի դիտարկմանը, որ այս ծրագրում շատ-շատ կուզենայի, եւ ես, անկեղծ ասած, չեմ էլ պատկերացնում աշխատատեղերի ստեղծում առանց լեռնամետալուրգիայի, թեկուզ հանքարդյունաբերության, շինանյութերի արտադրության,  շինարարության, քիմիայի, ատոմակայանի, ջրային ռեսուրսների ու դրանց կառավարման։ Աշխատատեղեր ստեղծողները սրանք են։ Իհարկե, առաջնահերթություն են նոր տեխնոլոգիաները, բայց դրանք 5, 6, 10 հազար մարդ են ներգրավելու։  Շատ առողջ, շատ հարուստ, շատ ժամանակակից ոլորտ է, բայց աշխատատեղերը մեր երկրում ապահովելու է արդյունաբերությունը։ Մի երկիր, որը մեկ միլիոնից ավելի աղքատ ունի, չի կարող իր բնական ռեսուրսներին, ես չեմ ասում՝ խնամքով չմոտենալ, բայց մենք ծանր վիճակում ենք, մենք պետք է այդ բնական ռեսուրսներն օգտագործենք, որ կարողանանք ոտքի կանգնել։ Նույնիսկ ԱՄՆ-ի նման հարուստ երկիրը,  երբ որ իր նավթն ու ոսկին չի օգտագործում, ինքը դա գրավադրել է եւ դրա դիմաց փող է տպում, մենք չունենք այդ հնարավորությունը։

Միանշանակ միանում եմ պրն վարչապետի այն տեսակետին, որ պետք է հսկենք, որ էկոլոգիական որեւէ խախտում չլինի, բայց պետք է բարդություններ չառաջացնենք, որովհետեւ մենք խնդիր ունենք մետաղաձուլական գործարան ունենալ, մեր ջրային ռեսուրսները դրսում վաճառել, այսինքն՝  բյուջե փողի մուտքն ապահովել։

Այո, քաղաքական առումով պատասխանատու է գործող Կառավարությունը։ Մեզնից յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինքն ինչքա՞ն է պատասխանատու այդ գործող Կառավարության համար։ Ես պատասխանատու եմ այդ Կառավարության համար՝ որպես մարդ, եւ ձեզ հաջողություն եմ մաղթում։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Սարգսյան։ Հաջորդ ելույթի համար՝ տիկին Արմենուհի  Կյուրեղյան։

Ա.ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

-Սիրելի հայրենակիցներ,  հարգելի նախագահություն, գործընկերներ, Կառավարության անդամներ, այսօր քննարկվում է  Կառավարության ծրագիրը, որում Կառավարության առաջիկա 1 տարվա գործունեության առանցքային նպատակը ձեւակերպված է որպես Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրում։

2015 թվականի դեկտեմբերին դաշնակցության էական դերակատարմամբ համակարգային փոփոխություն արձանագրվեց, երկրում փոխվեց Սահմանադրությունը,  կառավարման խորհրդարանական համակարգի ստեղծման հիմքերը դրվեցին։  Կառավարման այդ համակարգն ի սկզբանե կոչված էր երկիրն ազատել քաղաքական մենաշնորհից, որոշումներ կայացնելու` որեւէ մեկ կուսակցության մենաշնորհից, եւ դրա արդյունքում երկիրն ազատել ֆինանսատնտեսական  մենաշնորհներից եւ տանել ցանկալի զարգացման ճանապարհով։ Այո, ստեղծվել էին այդ հնարավորությունները, սակայն գերվարչապետական կառավարում ձեւավորելու փորձը հետքայլ էր դեպի կիսանախագահական, որն այլեւս չհանդուրժեց մեր ժողովուրդը։ 20-րդ դարի հայ մեծ բանաստեղծ Ռուբեն Սեւակի խոսքերով՝  «հայ ժողովուրդը մարդկորեն կատաղեց»։

Բողոքի, ոչ բռնի հեղափոխության հուժկու ալիքի ազդեցության տակ վարչապետ Սերժ Սարգսյանը կայացրեց այդ ժամանակի, գուցե նաեւ իր կյանքի համար ամենակարեւոր եւ դժվար որոշումը՝ հրաժարական տվեց։ Ընտրվեց նոր վարչապետ, նոր Կառավարություն։ Այսօր այդ Կառավարությունը ծրագիր է ներկայացրել, որն արդեն մի քանի օր է` հանրության տարբեր խմբերի կողմից լայն քննարկումների է արժանանում։ Մենք՝ պատգամավորներս, իրավունք չունենք հաշվի չնստել դրանց հետ` ծրագիրն ընդունելու վերաբերյալ մեր որոշումը կայացնելիս։

ՀՅԴ-ն՝ իբրեւ ազգային, ժողովրդավար, սոցիալիստական եւ հեղափոխական կուսակցություն, մշտապես պայքարել է  հայ մարդու եւ հայության քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային շահերի համար։ Դաշնակցության համար Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը բացարձակ արժեքներ են։ Բարձրագույն արժեք են մարդը, նրա արժանապատվությունն ու իրավունքները։ Հարկ է, որ Հայաստանի քաղաքացին հավատա իր պետության եւ իր ընտանիքի վաղվա օրվան, մասնակից դառնա  ապագայի կերտմանը։ Թարմ շունչ պետք է հաղորդվի հասարակական կյանքի  բոլոր ոլորտներին, իսկ այդ ամենն 1-ին հերթին ենթադրում է իրավունքի գերակայություն, օրենքի առաջ բոլորի հավասարություն, կոռուպցիայի հանրային մերժում, քաղաքականության եւ բիզնեսի հստակ տարանջատում, մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացում։

Առանցքային նշանակություն ունեցող նպատակներ, որոնք որպես Կառավարության գործունեության հիմնարար ուղենիշեր արդեն ամրագրված են մեր հաստատմանը ներկայացված ծրագրում, ուղենիշեր, որոնց կատարումը հնարավորություն կտա երկրում սկսած բարեփոխումներն անշրջելի դարձնել, խորացնել ու ավարտին հասցնել։ Այս առումով դաշնակցությունը միակամ է աջակցել, որպեսզի Կառավարությունն իր ծրագրի կատարման գործընթացում հաջողի։

Խիստ կարեւոր են ծրագրում նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը միտված ծրագրային դրույթները։  Ընդունելի եւ իրատեսական ? արտաքին ու ներքին անվտանգությանը միտված ծրագրային քայլերի առաջարկը, ընդունելի եւ իրատեսական են տնտեսական ակտիվությանը  խրախուսող հարկային եւ մաքսային քաղաքականությունը, պետության ներգրավվածության, կենսաթոշակային համակարգի բարեփոխումներն ու սոցիալական համակարգի, ինչպես նաեւ գյուղատնտեսության, տրանսպորտային եւ այլ ենթակառուցվածքների ինստիտուցիոնալ խոշոր ծրագրերի վերանայումների առանցքային հարցերը։

Ընդունելի եւ  իրատեսական են երկրում բիզնես միջավայրի բարելավման, արտաքին շուկաներում հայկական ապրանքների ներգրավվածության ընդլայնման, տեղական արտադրության եւ բարձրարժեք ծառայությունների, գիտելիքի եւ ինովացիայի վրա հիմնված տնտեսական համակարգի ձեւավորման, ներդրումների ներգրավման, համահայկական  ներուժի մեկտեղման առանցքային ուղղությանը միտված Կառավարության գործունեության ուղենիշը։

Ընդունելի եւ իրատեսական են գյուղատնտեսության  ոլորտում սկսված նախաձեռնությունները, փոքր գյուղական տնտեսություններին օգնող ծրագրերը, չմշակվող գյուղատնտեսական հողերը մշակելու ուղղությամբ Կառավարության գործուն քայլեր ձեռնարկելու միտումը, վարկային  բեռի թեթեւացման ու մատչելի ֆինանսավորման հասանելիության ապահովմանը միտված քայլերը։

Ճիշտ է, նշված նպատակներին հասնելու սմարթ գործողությունների շարքն առկա չէ ծրագրում,  սակայն նրանց բացակայությունն արդարացվում է այն բանով, որ Կառավարությունն իր առաջ որակական փոփոխությունների, մթնոլորտի փոփոխության նպատակ է դրել։  Կրելով  նաեւ պատասխանատվություն ներկայացված ծրագրի ընդունման հարցում, չեմ կարող, հարգելի Կառավարություն, ձեր ուշադրությունը չհրավիրել հետեւյալ մի քանի հարցերի վրա։

Ծրագրից մեջբերում. «միմյանց նկատմամբ հարգալից լինելու, հերթ կանգնելու մշակույթը պետք է արմատավորվի հետեւողական քաղաքականության արդյունքում։ Ցավոք սրտի, այսօր  իրականության մեջ մեր երկրում եթե հերթեր կան, ապա` արտագաղթողների, երկրից հեռանալ ցանկացողների շրջանում, բանկերում վարկեր ձեւակերպելու նպատակով կամ հիվանդանոցներում անվճար բուժում ստանալու համար, ճիշտ կլիներ`  հետեւողական քաղաքականության արդյունքում ունենայինք հերթեր չծնող, նման հերթերը բացառող միջավայրի այլեւս առկայությունը, եւ խոսել   դրանց մասին»։

Հաջորդ մեջբերումը. «Կառավարությունը համոզված է, որ ոչ բռնի թավշյա հեղափոխությունը տնտեսական  ու ներդրումային դրական սպասումներ է առաջացրել, քաղաքական կայունության  պահպանման պայմաններում դրական սպասումները մեծ հավանականությամբ վերածվելու են ներդրումային հոսքի, եւ Կառավարությունը մտադիր է այդ հոսքերն ուղղորդել դեպի մարզեր եւ քաջալերել առավել մեծ թվով աշխատատեղեր ստեղծելուն միտված ներդրումները»։

 Հավանականությամբ ենթադրվող ներդրումային հոսքերը։ Կներեք, իսկ եթե չլինե՞ն այդ ներդրումները։

Մեկ այլ մեջբերում. «Պետության եւ Կառավարության գործունեության գործնական նշանակությունը պետք է լինի մարդու երջանկության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը»։ Միգուցե շատ քննարկվեց երջանիկ մարդու հասկացությունը, բայց երեւի քչերը չեն համաձայնվի ինձ հետ, եթե ասեմ, որ երջանկությունն անհատական զգացողություն է։ Ինչպես ասում են, յուրաքանչյուրը երջանիկ է յուրովի։  Մեկի երջանկությունը կարող է դառնալ մյուսի դժբախտության պատճառ։ Միգուցե պետք էր զե՞րծ մնալ նման հստակություն չենթադրող ձեւակերպումներից։

Ամփոփելով ելույթս՝ ուզում եմ նշել, որ ծրագիրը ենթադրում է ավելի շատ,  1-ին հերթին որակական փոփոխություններ։ Քանակական ցուցիչների բացակայությունը մեծ խնդիր չէ, եթե հաշվի առնենք, որ առաջնային է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումն ու կայացումն ամենաշատը մեկ տարվա ընթացքում։ Այդ ժամանակահատվածում Կառավարության գործունեության իրական գնահատականը կտրվի ոչ թե ԱԺ-ի, այլ հանրության կողմից, հենց հանրային հավաքական գնահատմամբ, խորհրդարանական ընտրությունների արդյունքի տեսքով։

Պրն Փաշինյան, ժողովուրդը ձեզ է տվել վարչապետ դառնալու իր վստահության քվեն, ձեզ է տվել Կառավարություն կազմելու եւ մեկամյա գործունեության ծրագիր կազմելու իր վստահության քվեն, եւ մենք ծրագրի ընդունման հարցում մեր որոշումը կայացնելիս չենք կարող հաշվի չառնել այդ իրողությունը։ Հաջողություն եմ մաղթում ձեզ եւ Կառավարությանը` այդ բարդ իրավիճակում իր առջեւ դրված բավականին լուրջ, դժվար իրականացնելիք խնդիրների լուծման գործընթացում։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Հաջորդ ելույթի համար՝ Հերմինե Նաղդալյան։

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ

-Հարգելի խորհրդարան, հարգելի Կառավարություն, ի սկզբանե ասեմ, որ Կառավարության ծրագիրը կարդացել եմ պարզապես որպես ՀՀ քաղաքացի` զերծ մնալու համար կուսակցական որեւէ վերապահումից եւ հնարավորինս անաչառ գնահատելու Կառավարության մեկամսյա ջանքերի արդյունքում ծնված փաստաթուղթը։ Որպես ՀՀ քաղաքացի՝ չեմ կարող հարգարժան վարչապետին եւ Կառավարության անդամներին չասել քաղաքագիտական տարրական պահանջը։ Կառավարության ծրագիրը պետք է լիներ Կառավարություն կազմող քաղաքական ուժերի՝ «Ելք» դաշինքի, ՀՅԴ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրերի միավորում` վավերացված որոշակի, համապատասխան փաստաթղթով, հուշագրով, կամ մեկ այլ` որպես քաղաքական փաստաթուղթ, որը նաեւ պատկերացում կտար այն մասին, թե ո՞վ, ո՞ր քաղաքական ուժն է այս փաստաթղթի քաղաքական պատասխանատուն։

Կարծում եմ, որ ներկայացվածը ոչ թե Կառավարության ծրագիր է, այլ ընդամենը ուղերձ միայն, կարելի է ասել` պրեամբուլա, ձեր լավագույն մտադրությունների հավաստիքը, որոնք իրականացնելու ոչ մի կոնկրետ քայլ, գործիք, մեխանիզմ, հայեցակարգ, հիմնադրույթ, ուղի, ձեւ, օրինակ, թիվ, չափ կամ չափորոշիչ նշված չէ։ Արդեն այդ փաստը ստիպում է մտածել, որ ծրագրի հեղինակները դեռեւս հեռու են պատկերացումներից, թե ինչպես են պետությունը կառավարում։ Ցավոք, ձեր Կառավարությունն անփորձ է, սակայն Հայաստանի նախորդ կառավարություններն ունեն կուտակած փորձ, եւ պետք չէ հեղափոխականորեն ամեն ինչ մերժել ու գրողի ծոցն ուղարկել։ Պետությունը կառավարելը լուրջ գործ է, որ սիրուց, համերաշխությունից, նվիրումից բացի, Կառավարության անդամներից պահանջում է գիտելիք, իմացություն, կազմակերպչական ունակություններ, ինչպես նաեւ երկրի տնտեսության իմացություն ու զարգացման հեռանկարների պատկերացում։

Այս ծրագիրը պատկերացում չի տալիս Հայաստանի տնտեսական ներուժի մասին, նույնիսկ չի թվարկվել, չի գույքագրվել՝ ի՞նչ կա, ի՞նչ չկա։ Այս ծրագրով ՀՀ-ն հեռու չի գնա։ Գլխավոր ուղղությունն ու գործիքը պոպուլիզմն է, որը մասամբ բացատրվում է հանրային աջակցությունը չկորցնելու ցանկությամբ, բայց ավաղ, պոպուլիզմը չի դառնում աշխատատեղ, չի դառնում կենսաթոշակի ու նպաստի բարձրացման հնարավորություն։ Ծրագրի մեխը կոռուպցիայի դեմ պայքարն է, հրաշալի գաղափար` խիստ անհրաժեշտ տնտեսության առողջացման համար։ Երկիրը եւ տնտեսությունը զարգացնելու համար, այո, կոռուպցիայի դեմ պայքարը կարեւոր ուղղություն է եւ կարեւոր աջակցություն, բայց չպետք է անտեսվի տնտեսության ոլորտների եւ 1-ին հերթին` արդյունաբերության զարգացումը։ Կա՞ն ծրագրում կոնկրետ եւ առարկայական բաներ արդյունաբերության ճյուղերի վերաբերյալ, էներգետիկայի, տրանսպորտի, մարզերի համաչափ զարգացման եւ այլն, ես չգտա։

Թույլ տվեք հարցնել. ինչպե՞ս են աշխատելու նախարարությունները Կառավարության նման ծրագրով, որը նույնն է` առանց գործունեության ծրագրի։ Հեղափոխության գաղափարների իրագործում` որպես մշտական քաղաքական իրողությո՞ւն, ինչպես նշված է ծրագրում։

Որպես առաջնահերթություն` Կառավարությունն առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ միանգամից այլ ուղղությունների զարգացումը։ Շատ կարեւոր, բայց, ներողություն եմ խնդրում, շատ աղքատիկ պատկերացում առաջնահերթությունների մասին, եւ դարձյալ ցավով պետք է արձանագրեմ, որ նշված ուղղություններով էլ ծրագիրը որեւէ ռեալ, առարկայական, հայեցակարգային քայլ չի մատնանշում։

Գուցե ձեզ համար շատ սրտամոտ է թեման, բայց  հավատացեք, որ հեղափոխությունը, նույնիսկ հայկականը, թավշյան, տեսարժան վայր չէ, որ զբոսաշրջիկ բերի Հայաստան։ Զբոսաշրջության զարգացման համար բոլորովին այլ իրավիճակներ են պետք` ինֆրակառուցվածքներ, էժան հյուրանոցներ, ցուցադրության վայրերի պատշաճ տեսք եւ այլ բաներ, բայց ոչ հեղափոխության  էյֆորեա։

Էյֆորեայի մասին։ Ծրագրում շատ է խոսվում երջանկության մասին, այս դահլիճում եւս շատ խոսվեց։ Այո, մարդիկ պետք է երջանիկ լինեն, բայց աշխարհի ոչ մի կառավարություն, նույնիսկ գերզարգացած երկրների, չի կարողացել եւ չի կարող մարդկանց ծրագրված երջանիկ դարձնել։

«Վարչապետ ընտրվելուց հետո իմ 1-ին գործը լինելու է երկրի բնականոն կյանքի ապահովումը բոլոր ոլորտներում, եւ դրան զուգընթաց` Կառավարությունը պետք է ձեռնարկի նաեւ լրջագույն բարեփոխումներ»։ Սա ձեր հայտարարությունն է ԱԺ դահլիճում վարչապետ ընտրվելիս։ Սրա ծրագիրը պետք է բերած լինեիք հիմա, ուստի՝ արդարացի հարց. ինչո՞ւ ծրագրում չկան հիմնական բարեփոխումների ուղղությունները եւ գործողությունները։ Որեւէ լուրջ, խորքային վերլուծության հիման վրա  գրված սոցիալական  խնդիրների մասին` կենսաթոշակներ, նպաստներ, հոսանքի, գազի, ջրի գին, բնակչության համար կարեւորագույն առողջապահական խնդիրներ, իսկ ինչ էլ որ գրված է` կցկտուր, ընդհանուր դատողություններ սիրողական մակարդակով, առանց կոնկրետ եւ    մասնագիտական խորացման։ Կքննարկվի, ուշադրության կենտրոնում կպահենք նորանոր քայլեր կամ դրամատիկ ջանքեր, եւ ոչ մի տեղ չկա, թե ինչպե՞ս եք անելու, ինչպե՞ս եք իրագործելու այս հրաշալի ցանկությունների հավաքածուն։ Այսպե՞ս է Կառավարությունը պատկերացնում բնականոն կյանքն ու լրջագույն բարեփոխումները։ Ներողություն եմ խնդրում, բայց նույնիսկ ամենաժամանակավոր եւ ամենաանցումային Կառավարությունը չպետք է իրեն նման կիսատ-պռատություն թույլ տա։

Ընդհանրապես, ամբողջ ծրագրից այն տպավորությունն է ստեղծվում, որ Կառավարությունը մինչեւ արտահերթ ընտրությունները, առաջիկա, առավելագույնը 1 տարում, ինչպես գրված է ծրագրում, առկա բազմաթիվ կոնկրետ խնդիրներ լուծելու փոխարեն զբաղվելու է ոտքից գլուխ բարոյախոսությամբ ու հանրային արհամարհանքի ու դատապարտման գործընթացներով առ այն մարդիկ, որ հեղափոխության հրապարակներում ու փողոցներում չեն եղել, ուրեմն, նոր Հայաստանի քաղաքացի չեն։

Եվ, վերջապես, զինված ուժերի առաքելության մասին։ Թույլ տվեք հարցնել՝ մեծամասնության բանակում չծառայած լինելով` ինչպե՞ս եւ ինչի՞ հիման վրա պատկերացրիք զինվորի եւ սպայի զգացողությունը, ինչի՞ց որոշեցիք, որ յուրաքանչյուր սպա, ենթասպա ու շարքային այսուհետ պետք է առաջնորդվի պետության ու ժողովրդի առաջ ունեցած պատմական առաքելության գիտակցումով, ինչո՞ւ եք մտածում, որ մինչեւ ձեր գալը չէին առաջնորդվում։ Բանակի մասին, ի շարս այլ հարցերի, մեկ հարց։ Պրն վարչապետ, իբրեւ պատգամավոր` հանրահավաքներում դուք հստակ եւ հատուկ պահանջում ու հայտարարում էիք, որ հայոց հաղթանակած բանակում պետք է բացարձակապես բացառվեն ներքնաշորերի, հիգիենիկ պիտույքների եւ այլնի խնդիրները։ Այն ժամանակ դուք ընդդիմություն էիք, այսօր` վարչապետ, ու ձեր բերած ծրագրում այդ բացարձակապես բացառելը վերածվել է մի մեղմ նախադասության՝ ժամկետային զինծառայողների պատշաճ եւ ամբողջական նյութական բավարարումը կազմակերպել այնպես, որ ժամկետային զինծառայողների ծնողները ստիպված չլինեն շոշափելի մասնակցություն ունենալ այդ գործընթացին։ Շոշափելին ո՞րն է համարվելու։ Եվ թույլ տվեք հարցնել՝ ծա՞նր է իշխանության գլխարկը, քննադատելն ավելի հե՞շտ էր։

Հարգարժան գործընկերներ, կառավարության 29 էջանոց ծրագրում դուք կտեսնեք բազմաթիվ հակասություններ եւ կազուսներ։ ՀՀԿ անդամ լինելով` ես չեմ կարող կառավարության ծրագրի մասին ելույթս, որ սկսել էի իբրեւ ՀՀ քաղաքացի, չավարտել իբրեւ կուսակցական։ Որպես քաղաքական դիրքորոշում ստիպված եմ արձանագրել, որ մեզ ներկայացված է փաստաթուղթ, որ փայլուն վկայությունն է գործող կառավարության մակերեսային վերաբերմունքի՝ կառավարության գործունեության պետության նկատմամբ։ Որեւէ ոլորտում չի զգացվում ոլորտի մասին պատկերացում ունեցող մարդու, մասնագետի ներկայությունը։ Ցավոք, ամբողջ ծրագիրը երկակի տպավորություն է թողնում։ Ինչ-որ հատվածներ մեջբերված են ինչ-որ տեղերից։ Նախկինում հարց ու պատասխանի ժամանակ ազնվություն ունեիք գոնե նշել նախորդ կառավարության ծրագրերի շարունակականության մասին։ Ինչ-որ հատվածներ ստեղծվել են հեղափոխական պաթոսի վրա եւ արժանի են թերթի հոդվածի կամ հանրահավաքի։

Պրն վարչապետ, այս դահլիճում դուք, իբրեւ ընդդիմադիր, պարբերաբար ունեցել եք տպավորիչ ելույթներ։ Այսօր, դառնալով վարչապետ` դուք կտրուկ փոխել եք ձեր սկզբունքները։ Այո, ես նկատի ունեմ արտաքին քաղաքական ուղղվածությունները, որոնց մասին շատ է խոսվել։ Բայց ՀՀ վարկն ու հեղինակությունը միջազգային ասպարեզում միայն հեղափոխությամբ եւ հեղափոխության արդյունքներով չի որոշվում։ Պետությունը պետք է վարի կանխատեսելի ու կայուն քաղաքականություն, հուսալի գործընկեր եւ դաշնակից լինի։ Իսկ դուք արտաքին քաղաքականության մեջ կրկնելու եք այն, ինչ արել ենք մենք։ Այդ դեպքում ո՞րն է ձեր ներդրումը։ Այս հարցին կարող եք չպատասխանել, բայց մտածել պարտավոր եք։

Ամփոփեմ։ ՀՀԿ խմբակցությունն իր քվեարկությամբ ձեզ հնարավորություն տվեց ընտրվել, կտա հնարավորություն նաեւ աշխատել ձեր ներկայացրած այս ծրագրով, որի հեղինակը դուք եք։ Անձամբ ես դեմ եմ քվեարկելու։ Այնուամենայնիվ, իմ կուսակից ընկերների հետ միասին անկեղծորեն ցանկանում եմ, որ ձեր կառավարությունը հաջողության հասնի, որովհետեւ մենք սաբոտաժի կամ ռեւանշի կողմնակիցներ չենք, մենք պատասխանատու քաղաքական ուժ ենք, եւ մեզ մտահոգում են մեր երկրի արտաքին վարկերի, տնտեսական զարգացման, ավանդական արժեքների պահպանման հարցերը։ Այսօր եւս մեզ համար շատ կարեւոր էր հասկանալ՝ վարչապետը եւ կառավարությունը կարո՞ղ են իրենց ուսերին վերցնել այդ բեռը։ Ժամանակ դեռ ունեք, փորձեք հաջողության հասնել։ Շնորհակալություն։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Հաջորդ ելույթի համար՝ Արմեն Աշոտյան։

Ա.ԱՇՈՏՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի հայրենակիցներ, հարգելի խորհրդարան, հարգելի կառավարություն, ուզում եմ, ինչպես հաճախ եւ վերջերս, շատ անկեղծ խոսել։ Վարչապետի ելույթը դուրս եկավ, շատ լավ խոսեց։ Ավելի լավ խոսեց, քան ծրագիր էր ներկայացված։ Ելույթն ավելի լավն էր, քան հարց ու պատասխանը, հարց ու պատասխանն էլ ավելի լավն էր, քան ծրագիրը։ Ստացա կայուն զգացողություն, որ ծրագիրը վարչապետի գրչի տակով չի անցել։ Հակառակ պարագայում բազմաթիվ գոնե ոճաբանական խնդիրներ վստահաբար լուծված կլինեին։

Պրն վարչապետ, երբ դուք ընդդիմադիր էիք, այստեղ իրոք փայլուն ելույթներ էիք ունենում։ Վստահ եմ, կերազեիք որպես ընդդիմադիր, որ որեւէ կառավարություն նման ծրագիր բերեր։ Պատկերացնու՞մ եք` հիմա այստեղ ինչեր կանեիք, ինչ ելույթներ կունենայիք, ինչ հռետորաբանության, վարպետության դասեր կտայիք` այդ ծրագրի հետ կապված։ Անկեղծ խոստովանեք, որ մեզ մի քիչ նախանձում եք, որ այսօր այս առիթն ունենք ձեր փոխարեն։

Երբ 1919թ. Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն շնորհավորում էր Լեհաստանի անկախության առաջին վարչապետներից մեկին՝ աշխարհահռչակ դաշնակահար Պետդերեսկուն, իր նամակի մեջ գրել էր՝ «Դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ»։

Հարգելի գործընկերներ, ուզում եմ խոսել նաեւ ծրագրի բովանդակության մասին։ Առանց հեգնանքի, առանց ցինիզմի, առանց պաթոսի, պարզապես պրոբլեմներ։ Շատ լավ ծրագիր է, ոչ մի ժամկետ, ոչ մի ցուցիչ, ոչ մի բանով ձեզ չեք պարտավորեցրել։ Ճիշտ եք արել։ Ինչո՞ւ մեզ օգնեք, հետո մենք չափենք՝ լավ եք աշխատել, թե՞ ոչ, ինչո՞ւ ձեզ սահմանափակեք որեւէ պարտավորություններով։ Ոնց կստացվի, այդպես էլ այստեղ եզրափակիչ ելույթ կունենաք, երբ վարչապետի լիազորությունները վայր դնեք մի օր։ Շատ լավ է ձեւակերպված արցախյան լուծման խնդիրը։ Որեւէ մեկը բան չի հասկանում այդ ձեւակերպումից, որովհետեւ ձեր ասած Ստեփանակերտի մայիսի 9-ի հայտարարությունները եւ ներկայացված տեքստը համահունչ չեն, ձեր այսօրվա հարց ու պատասխանին հնչեցրած տեսակետը համահունչ չէ այն երկուսին։ Սա չեմ հեգնում, ամենայն ազնվությամբ։ Խնդրում եմ ձեզ, մեզ` որպես խորհրդարանական դիվանագիտության ներկայացուցիչների, տվեք արցախյան խնդրի կարգավորման այսօրվա իշխանական բանաձեւը, որ մենք, անկախ մեր քաղաքական տարաձայնություններից, առաջ տանենք։ Բայց հստակ տվեք, գոնե ականջներիս ասեք` չեք ուզում բարձրաձայն ասել։ Մի  վտանգավոր բան, խնդրում եմ, շտկեք ծրագրում մինչեւ քվեարկությունը։

Ես միշտ գիտեի, որ արցախյան հակամարտությունը ծագել է, որովհետեւ Ադրբեջանը հարձակվել է Արցախի եւ Հայաստանի վրա, որովհետեւ Արցախի ժողովուրդը կյանքի է կոչել ինքնորոշման իր իրավունքը, ազատ ապրելու իրավունքը։ Կոնֆլիկտը ծագել է Ադրբեջանի հարձակման հետեւանքով։ Ո՞նց կարելի է գրել, որ կոնֆլիկտի հիմնական կողմը Արցախն է։ Խնդրում եմ, հանեք այս հիմնական կողմը։ Ուզում եք գրել` կողմ, այո, իհարկե, կողմ է կոնֆլիկտի։ «Հիմնական կողմ» արտահայտությունը խմբագրեք, չի կարելի այն թողնել։ Եղբայրական հորդոր է, որեւէ քաղաքական հեգնանք տակը չկա։

Հաջորդը. հրաշալի է, որ Չինաստանն իր, ձեռքի հետ, այսպես ասած, մեծ պրոյեկտով` 40 մլրդ ներդրումային, ընդհանրապես անտեսված է ծրագրում։ Դուք Վրաստանում էիք, մենք միասին էինք, շնորհակալ եմ, որ նաեւ խորհրդարանական դիվանագիտությանն այդ ռեւերանսն արեցիք, լսեցիք վրացիների հետաքրքրությունը չինական կոմունիկացիոն ներդրումային պրոյեկտներով։ Բա, մի տողով չգրե՞նք, որ մենք էլ ենք հետաքրքրված այդ ծրագրից օգտվելով։ Ո՞նց կարելի է Չինաստանին դնել մի տողի մեջ Հնդկաստանի եւ Ճապոնիայի հետ միասին։ Այդ ժողովուրդներն իրար հետ աշխարհաքաղաքական հազարամյակների կոնֆլիկտ ունեն։ Վստահաբար դեսպանները լուպայով նայելու են, պրն վարչապետ։ Գոնե տարանջատեք Չինաստանը Հնդկաստանից, Հնդկաստանը՝ Ճապոնիայից։ Այդ մարդիկ իրար հետ երկար ժամանակ է` չունեն ու էլի չունեն։ Մի տողով մի գրեք, որովհետեւ նրանք տարբեր դերակատարներ են այսօր։

Արտաքինից բացի, ուզում եմ խոսել նաեւ կրթության մասին։ Կրթության նախարարին խնդրում եմ, բացի թվարկած առաջնահերթություններից, որոնք շարունակությունն են նաեւ մի շարք ծրագրերի, ավելացրեք նաեւ ներառական կրթության խնդիրը, ավելացրեք եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու խնդիրը։ Այդ առաջնահերթությունները չկան։ Առանց դրա չեք կարող կրթության ոլորտը բարեփոխել։ Իհարկե, սա չեմ կարող չասել։ Առանձին քննարկման ենթակա է տնտեսական առաջնահերթությունների բլոկը։ Փառահեղ է գրված։ Պարզապես Նիկոլ Փաշինյանի մայիսի 8-ի ելույթից քոփի փեյսթ արված առաջնահերթություն էր տառացիորեն։ Այն, ինչ կարելի է վարչապետին, սիրելի նախարարներ, չի կարելի վարչապետի ցլերին` հունական ասացվածքով ասած։ Աշխատեիք մի քիչ տեքստի վրա։ Ի՞նչ եք պատկերացնում, հեղափոխական տուրիզմի զարգացման հեռանկարը ո՞րն է։ Հազար ներողություն, հարգում եմ ձեր կատարած աշխատանքը, ընդունում եմ իշխանափոխության արդյունքները, չեմ հեգնում։ Կարող եմ մադամ Տյուսոյի հետ մոմե արձանների սրահ բացել` հեղափոխությանը նվիրված։ Չեմ հասկանում, Գառնին, Գեղարդը, Մատենադարանը, Սեւանը, Դիլիջանը ձեզ ի՞նչ են արել, որ հիմնական տուրիզմի մասը դրել եք բացառապես այս ուղղության վրա։

Հարգելի գործընկերներ, կարծում եմ, որ ներկայացված ծրագրում նաեւ այլ քաղաքական բնույթի խնդիրներ պետք է մատնանշել։ Հերթով թվարկեմ։ Դուք ժամանակավոր կառավարություն չեք, դուք ՀՀ կառավարություն եք, ինչքան կաշխատեք` Աստված ու ժողովուրդը գիտի, ձեր վերաբերմունքը աշխատանքին պետք է լինի հավուր պատշաճի, ըստ այդմ, ձեր առաքելությունն արտահերթ ընտրությունները չեն, արտահերթ ընտրությունները ձեր քաղաքական շահն է, ձեր քաղաքական նպատակն է, բայց երբեք առաքելություն չէ։ Մի աշխատեք այնպես, կարծես թե հաջորդ օրը լինելու են արտահերթ ընտրություններ։ Չեք կարող աշխատել, սիրելի նախարարներ։ Դուք պարտավոր եք մտածել երկարաժամկետ հորիզոն տեսնել, որպեսզի վաղը, մյուս օրն այդ էստաֆետային կախարդական փայտիկը կարողանաք փոխանցել հաջորդ նախարարներին։

Ես չեմ կարող չանդրադառնալ այստեղ հնչած` տիկին Զոհրաբյանի ելույթին, որը հնչեց Էժեն Դելակրուայի հայտնի կտավի ոճով գլխավոր հերոսուհու կերպով շատ պաթետիկ ու շատ դեկորատիվ։ Ոչինչ չեմ ասի, պարզապես փաստեմ, որ նման ելույթներով ձեր քաղաքական թիմին ավելի շատ վնաս եք տալիս, քան օգուտ, որովհետեւ վերջ ի վերջո ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան կառավարության մեջ տնփեսայի կարգավիճակով հանգրվանած քաղաքական ուժ։ Սա ակնհայտ է։

Հարգելի գործընկերներ, էլի բան ունեմ ասելու։ Կառավարությունն ինչքան էլ կազմվել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքի շնորհիվ, վստահությամբ եւ այլն, «ուան մեն» շոու չի, մի մարդու ներկայացում չի, բարի եղեք` յուրաքանչյուրդ վերցրեք ձեզ վրա պատասխանատվություն, այդ թվում՝ ոլորտային, եւ մի փակեք մեր քննադատության բերանը Նիկոլ Փաշինյանի կերպարով։ Հասկանում ենք, իրեն սիրում են, հասկանում ենք՝ հեշտ է թաքնվել վարչապետի թիկունքում, եթե վարչապետն այսօր այդպիսի մեծ հեղինակություն ունի, բայց վերցրեք այդ բեռը ձեզ վրա։ Խնդրում եմ, հետեւյալը հաշվի առեք՝ գրել եք` մեկ տարվա ընթացքում ընտրություններ։ Կարծեք թե այդ 6-րդ էջից հետո կառավարության ծրագիրն իզուր եք բերել։ Այդպիսի տպավորություն է։ Այդ 6-րդ էջը, որ գրած է` ընտրություններ, մանրամասն սիրուն գրել եք, հետո իզուր եք բերել։ Բայց այստեղ պարադոքս կա՝ չընկնեք ձեր թակարդը։ Եթե կարեւորն ընտրություններն են մի տարվա ընթացքում, մնացածը կարեւոր չէ, այսպես որ աշխատեք, մնացածն այնքան վատ է լինելու, որ մի տարի հետո ինքներդ չեք ուզելու արտահերթ ընտրություններ անել։ Ես ձեզ հավաստիացնում եմ։ Հաշվի առեք այդ «չելենջը»։ Վարչապետը երկու օտարալեզու մեջբերում արեց, դրա համար ես էլ եմ թույլ տալիս ինձ այդ շռայլությունը։

Հարգելի գործընկերներ, էլի բան ունեմ ասելու։ Մենք այսօր շատ կարեւոր քաղաքական քննարկում ենք անում։ Հանրապետական կուսակցությունը երկրի միակ ընդդիմությունն է, գնահատեք այս քաղաքական ինստիտուտի գոյությունը։ Դուք երանի կտայիք, որ այսպիսի քաղաքական ընդդիմություն ունենայիք՝ ինստիտուցիոնալ, գիտակ, մասամբ մեղավոր ձեր ասած խնդիրների մեջ։ Երանի կտայիք, ձեր ուզածն ենք անում։ Մենք ինստիտուցիոնալ ընդդիմություն ենք, ձեր ֆանատներին, ձեզ հարգողներին, սիրողներին, հետեւորդներին մի քիչ ասեք, որ մենք թշնամի չենք, հակառակորդ չենք, քաղաքական մրցակից ենք, հենվեք մեզ վրա, հիշեք խոսքս։ Այս զարգացումների ընթացքում մեր կարիքը շատ եք զգալու` հատվածական եւ ընդհանուր։

Հարգելի գործընկերներ, ուզում եմ սահմանափակել ելույթս` ասելով, որ վարչապետին ընդունված է դիտարկել որպես գանձ։ Բայց այսօր, պրն վարչապետ, մի քիչ շեղվել էիք ձեր կերպարից։ Գանձի փաթեթավորումը կար, բայց Ռոբեսպիերի ու Տրոցկու ելեւէջներ էին ու Կաշպիրովսկու մոգականություն։ Փորձեք կողմնորոշվել իմիջային տեսակետից, որովհետեւ դրանք իրար հակասում են։

Եվ վերջում Սոկրատեսի խոսքերով եզրափակեմ ելույթս։ Երբ աշակերտներից մեկը մոտեցավ Սոկրատեսին եւ ասաց՝ ուսուցիչ, պսակվե՞մ, թե՞ ոչ, նա ասաց՝ ամուսնացիր, ասաց՝ ինչո՞ւ, ասաց՝ բոլոր դեպքերում կշահես։ Եթե երջանիկ եղար, լավ կնոջ հանդիպեցիր` երջանիկ կլինես, եթե վատ կնոջ հանդիպեցիր` կդառնաս, մեր դեպքում` ընդդիմություն։ Խնդրում եմ, պրն վարչապետ, երջանկության մասին շատ խոսեցինք, հուսով եմ` այս նպատակը որեւէ կերպ շաղկապված չի նաեւ ձեր խմբակցության կողմից, որոշ պատգամավորների կողմից հնչեցրած մարիխուանայի օրինականացման հեռանկարով։ Խնդրում եմ մեր երջանկությանը վերաբերվել շատ լուրջ։ Մաղթում եմ ձեզ հաջողություն։

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հաջորդ ելույթի համար ձայնը տրվում է Միքայել Մելքումյանին։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ես Աշոտյանին կանդրադառնամ իմ ելույթի վերջում։ Դուք չբացակայեք, մնացեք ձեր տեղում։ Հիմա կոնկրետ ինձ ի՞նչն է մտահոգում։ Այս քննարկման տրամաբանությունը եւ բովանդակությունը շատ զարմացնում է։ Ոնց որ այս երկրի մոտակա ապագայի մասին շատ քիչ են մտահոգվում եւ փորձում են խոհափիլիսոփայական կամ տարբեր տրյուկներով ինչ-որ տպավորություններ ստեղծել։ Կարծում եմ, որ դրա ժամանակը չի։ Մենք պետք է հետեւյալի մասին խոսենք. այն, որ մեզ ընդդիմախոսներն արդեն ասում են, որ չափելի թվեր չկան եւ այլն, հստակ գրված է, որ մինչեւ մեկ տարվա ընթացքում պետք է արտահերթ ընտրություններ լինեն։ Սա հիմնական թիվն է։ Ամեն ինչ տեղափոխվում է արտահերթ ընտրությունների կազմակերպման խնդրի մեջ։ Մենք հիմա պետք է կարողանանք ճիշտ ձեւակերպել` ինչի մասին ես շատ հաճախ ասել եմ, որ այստեղ չզարմանան։ Այն մոդելը, որը կաշկանդել եւ սահմանափակել է մեր պետության տնտեսության զարգացումը։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ քաղաքական բռնապետն արտոնություններ է տվել տարբեր մարդկանց, հետո ստացվել են մոնոպոլիաներ։ Մենք էլ զարմանում ենք, թե այդ մոնոպոլիաները արհեստական են, տրվել են արտոնություններ, եւ ամբողջ իրավապահ համակարգը սպասարկել է այդ համակարգին։ Եթե թիվ եք ուզում, ես այդ թիվը կասեմ։ 10 տարի առաջ կային մոտավորապես 65-70 խոշոր խաղացողներ տնտեսության մեջ։ 5 տարի առաջ դրանց թիվն իջավ 30-ի, 2 տարի առաջ՝ 8-10, 2 տարի հետո մնալու են մեկ-երկուսը։ Այսինքն՝ ո՞նց կարող է` այդ մոդելի մեջ ներդրումներ գային, որտեղ հակառակը՝ իրար էին ուտում եւ մարդկանց դուրս էին մղում այդ մոդելից։ Այսինքն՝ այդ մարդիկ իրենց կապիտալների մեծ մասը, ինչը հնարավոր է, տարել են դուրս, իսկ ինչն էլ հնարավոր չի, անհնար է, որ Հայաստանում ինչ-որ բաներ վաճառվեն, որովհետեւ այսօր Հայաստանում բիզնեսներ, գույքեր, ակտիվներ կարող են վաճառվել միայն դեմպինգային գներով։ Այսինքն՝ մարդիկ ինչ-որ տեղ գերի էին մնացել իրենց կապիտալների հետ, եւ կյանքն առաջ չէր գնում։ Քաղաքական գնահատականը եւ մեսիջը սա է՝ կարողանալ նկարագրել մոդելը, թե ով ինչ էր անում այս երկրում, եւ ինչի արդյունքում մենք ինչ ստացանք։ Այսինքն՝ Բաղրամյան 26-ից տնտեսության եւ հանրային կյանքի ուժային կառավարման սխեման կազմաքանդվում է։ Թիվը սա է։ Այսինքն՝ հիմքը դնում է եւ ասում է՝ այլեւս Բաղրամյան 26-ից միջամտություն` ուժային ձեւի, կաշկանդում եւ սահմանափակում հանրային կյանքի եւ բիզնեսի մեջ չի լինելու։ Դրան ես հավատում եմ։ Եթե մենք ասում ենք, որ ծրագիրն ի՞նչ թվեր է պարունակում, սրա մասին պետք է խոսենք։ Հետո ինչ, որ ժամանակին եղել են քաղաքական համապատասխան մակարդակի գործիչներ, որոնք իրենց լուրջ տեսք ունենալու սխեման տեղավորել են եւ սրա մասին չեն ասել։ Բայց սրա մասին գոնե մենք ասել ենք անընդհատ։

Այժմ` կոնկրետ ոլորտների մասին։ Այո, Հայաստանը եղել է, կա եւ պետք է լինի արդյունաբերական երկիր։ Արդյունաբերական երկիր ասելով ես չեմ ուզում պնդել, որ տրադիցիոն խորհրդարանային տարիների խոշոր գործարանները մենք պետք է վերագործարկենք։ Բայց այստեղ խոսք գնաց լեռնահանքային արդյունաբերության մասին։ Երկու բան եմ ուզում ասել։ Ի՞նչ է, մենք չգիտե՞նք, որ մեր էքսպորտի 40 տոկոսը կազմող Քաջարանի կոմբինատում տեղի է ունեցել բաժնետերերի վերաձեւակերպում, սեփականության վերաձեւակերպում, հետո տրվել է արենդայով նույն աշխատացնողներին, իսկ մենք այսօր ունենք ֆանտաստիկ թիվ՝ 40 մլն տոննա մետաղական հանքանյութի արտահանում։ Սովետի ժամանակ եղել է պիկը` 8 մլն տոննա։ 40 մլն. ի՞նչ է լինում դրա հետ։ Ի՞նչ է ստացվում. 450 հազար տոննա պղնձի խտանյութ ենք ստանում, եւ մեր հիմնական ծրագիրը, պրն վարչապետ, պետք է լինի մոտակայում մինչեւ արտահերթ ընտրությունները` 500 մլն դոլար ծրագիր` մաքուր պղնձաձուլական ձեռնարկություն ունենալու համար։ Դա արդեն պատրաստ է, չինացիները դրա շուրջ կոնկրետ աշխատում են։ Պետք է պայման ստեղծենք, որ դա անպայման լինի, եւ մենք տարեկան կունենանք 100 հազար տոննա մաքուր պղինձ։

Ի՞նչ է կատարվում Քաջարանի կոմբինատում։ Որոշակի տեխնիկա տարել են Սուդան եւ մարդկանց էլ են տարել` աշխատեցնելու, այս փոփոխություններից հետո հետ են բերել այդ մարդկանց, որոնք պետք է գնային հատուկ գործուղումների։ Զբաղվենք այս գործով եւ տեսնենք, թե ինչո՞ւ պետք է Հայաստանում ներդրումների փոխարեն տանեն Սուդան մեր աշխատողներին։ Սա` 1-ին հարցը։

2-րդ կարեւորագույն խնդիրը՝ արհեստական մոնոպոլիաների մասին։ Հիշու՞մ եք, պրն վարչապետ, ձեզ հարց ուղղեցի, որ ազա՞տ են լինելու ներկրումները, թե՞ ոչ, միանշանակ ասացիք, որ ազատ է լինելու, բայց 25-րդ հարցն է գալիս։ Վերցնում եմ բենզինի եւ դիզվառելիքի շուկան։ Հայաստանում կա 854 բենզալցակայան, դրանցից 201-ը` Երեւանում։ Չեմ ուզում ֆիրմաների անուններն ասել։ Բոլորս գիտենք` ինչի մասին է խոսքը։ Ի՞նչ եք կարծում, մյուսները, որ այդ բենզինը եւ սոլյարկան բերեն, այդ ցանցը նրանցն է, երկու սուբյեկտինը` մեծ մասը՝ 70 տոկոսը, ո՞նց են տալու, նրանք վաճառելո՞ւ են նրանց բերած բենզինը կամ սոլյարկան։ Իհարկե՝ ոչ։ Դրա համար ունենք «Մրցակցության մասին» օրենքում «խտրականություն» հոդվածը, որի հետ կապված` մի երկու ամիս առաջ տոկոսը բարձրացրին մինչեւ 10 տոկոս, բայց ես հարց եմ տալիս պրն Շաբոյանին. դեպք եղե՞լ է, որ խտրականության համար վարույթ բացեք։ Բացարձակ։ Այս տարիների համար թիվ եք ուզում` ասում եմ։ Ոչ մի դեպք չի եղել խտրականության մասին։ Ես կխնդրեի ուշադրություն դարձնել մրցակցության պաշտպանության մասին կետին, որովհետեւ եթե բերեմ, համենայն դեպս, չի էժանացել բենզինի գինը։ Սցենարի հետ կապված` մենք շատ ենք խոսում դրա մասին։ Ես արդեն օրենքի նախագիծ եմ դրել շրջանառության մեջ։

2-րդը՝ կապված խոշոր հիպերմարկետների հետ։ Սուպերմարկետը այլ չափանիշ ունի` մեծածախը մանրածախից տարանջատելու հետ կապված։ Բայց քանի որ մենք ունենք ստատուս քվո, այստեղ մի փոքր ադմինիստրատիվ միջամտություն է պետք։ Աշխարհում ընդունված պրակտիկա կա։ Շաբաթ, կիրակի կամ որոշակի ժամերի այդ խոշորները չպետք է աշխատեն, որպեսզի փոքրերին իմպուլս տան։ Պետք է գնալ այս ոչ ստանդարտ ճանապարհներով, որովհետեւ այն, ինչ եղել է, դա մեկ-երկու տարում չի եղել։ Եղել է տարիների ընթացքում, պետք է կարողանանք պայման ստեղծել, որպեսզի փոքրերը կարողանան աշխատել։

Հաջորդ կարեւոր խնդիրը. եթե հիշում եք, սրանից երեք տարի առաջ ԱԺ-ում ստեղծվեց գազամատակարարման հետ կապված հանձնաժողով, որից հետո ոչինչ չի կատարվել։ Ես կխորհրդակցեմ իմ ղեկավարի հետ` մոտ ժամանակներս քննիչ հանձնաժողով ստեղծելու համար` գազի եւ էլեկտրաէներգիայի ոլորտի խնդիրներն ուսումնասիրելու համար։ Հիմա կարող եմ հայտարարել, որ մենք գազի եւ էլեկտրաէներգիայի մասով հստակ ռեզերվներ ունենք, որպեսզի իջեցնենք։ Երկու թիվ եմ ասելու։ Գերնորմատիվային կորուստները գազի բնագավառում, որը 2,5-3 տոկոս են, դա անում է 70-80 մլն խմ գազ։ Այսինքն՝ կոնկրետ 70 մլն խմ գազ գողանում են գազամատակարարման համակարգից։ Էլեկտրաէներգետիկայում կորուստների 1 տոկոս իջեցումը 3-3,5 մլրդ դրամ է։ Շղթան դնենք։ Եթե կառավարությունն այսօր զբաղված է լինելու արտահերթ ընտրություններով, մենք` որպես խորհրդարանական երկիր, ես` որպես ԱԺ փոխնախագահ, պատրաստ եմ այդ քննիչ հանձնաժողով գալ եւ մեր ժողովրդին ցույց տալ, թե ի՞նչ է եղել։ Թվեր եք ուզում` բերելու ենք, ցույց ենք տալու իրենց գնումներով, կորուստներով, ներդրումային ծավալով, ինչպես նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված քաղաքականության մասին, որտեղ շատ ասելիքներ ունենք։

Անդրադառնալով տույժ-տուգանքների ներդրմանը` ես կխնդրեի, որ դուք նախաձեռնեք, որպեսզի այն տույժ-տուգանքները, որոնք մենք ներդնելու ենք, արդեն դրանց համար հաշվարկվել են նաեւ հարկային պարտավորություններ։ Այսինքն՝ այդ հարկերի մասը մենք կարողանանք զիջել, որ պրոբլեմներ չլինեն։

Տուրիզմի հետ կապված` ասեմ, որ Հայաստանում պետք է տուրիզմը զարգանա։ Ամեն երկրում մի գրավող բան կա զբոսաշրջիկին։ Մեր երկրում այսօր ի՞նչն է գրավում։ Ավիացիան թանկ է, հյուրանոցներն էժան չեն, ամենագրավող բանը մեր հաճելի, համով սնունդն է եւ հանրային սննդի օբյեկտներն են։ Հուլիսի 1-ից պետք է շրջանառության հարկի 10 տոկոսով հարկվեն մեր հանրային սննդի օբյեկտները։ Ես դրել եմ շրջանառության մեջ օրենքի նախագիծ, խոսել եմ պրն Ջանջուղազյանի հետ։ Մենք պատրաստ ենք կոմպրոմիսային տարբերակ քննարկել։ Բայց տուրիզմը եւ ընդհանրապես մեր համաքաղաքացիները, որ միակ բանը մնացել է, որ ամիսը մեկ-երկու անգամ գնան մի օբյեկտում ճաշակեն մեր համով սնունդը, եւ զբոսաշրջիկներին մենք կաշկանդենք։ Ես դրան դեմ եմ։ Խնդրում եմ, լուրջ նայենք եւ այս օրենքը հասկանանք։ Հասկանալի է, որ բյուջեն խնդիրներ ունի, բայց այդտեղ կոմպրոմիսներ կարող ենք ունենալ։ Ներկայացրել եմ օրենքի նախագիծ՝ կապված 115 մլն շեմի հետ։ Այո, կողմ եմ, որ մենք փաստաթղթավորենք ամբողջ շղթան։ Բայց այսօր պետք է պայման լինի դրա համար, որ փաստաթղթավորենք եւ ռիսկեր չունենանք` անցնելու ինչ-որ շեմ։ Դրա համար հիմա ժամանակը չի։ Այդ 115-ը պետք է թողնենք, դա մեր ձեռքբերումներից մեկն է։ Եկեք սխեմաներն ուսումնասիրենք հստակ, 115-ը թողնենք, որովհետեւ, եթե հետ գանք, հետո չենք կարողանալու բարձրացնել։ Սա նաեւ իմ խնդրանքներից մեկն է, որ գտնում եմ, որ պետք է այդ ձեւով առաջ շարժվել։

Կարեւորագույն մտահոգությունը կապիտալի փախուստի կանխումն է։ Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստան պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում միլիարդավոր դոլարներ գան, որովհետեւ իշխանությունը, երբ կայունանա, ներդրողները հասկանան, որ կայուն վիճակ է, կարող են ներդրումներ անել։ Մենք պետք է այս ճանապարհը շուտ անցնենք։

Մենք միանշանակ հավանություն ենք տալիս կառավարության ծրագրին։ Սա կոնստրուկցիան կազմաքանդելու եւ նոր սխեմա առաջարկելու ծրագիր է։ Ես համոզված եմ, որ դեռեւս շատերը չեն հասկանում, թե երկրում ինչ է կատարվել։ Մենք պետք է գնանք նոր ճանապարհով։ Այսքանը։

Պրն Աշոտյանին ես խնդրում եմ, որ ինքը գնա եւ էներգետիկ շարժման ժամանակ Բաղրամյան փողոցում տեսնի, թե հազարավոր մարդիկ ի՞նչ էին խոսում, ինքն էլ ներկա էր։ Հիշեք էներգետիկ շարժումը, թե Աշոտյանը ով էր հեղափոխությունից առաջ։

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Պրն Մելքումյան, դուք կարգը պահողներից մեկն եք։ Հետեւաբար ամբիոնից իջնելուց հետո ամբիոնին կրկին մոտենալու իրավունք չունենք։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Թողեք ես իմ իրավունքները հստակեցնեմ։ Տեղից պետք չի ելույթներ ունենալ։ Ես իմ իրավունքները լավ գիտեմ։ Շարունակեք վարել։

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Դուք ինձ մի ասեք` ինչ անեմ եւ Կանոնակարգ օրենքով առաջնորդվեք։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շարունակեք վարել։

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, Կանոնակարգ օրենքով առաջնորդվենք եւ ոչ թե պրն Մելքումյանի ցուցումներով։ Պրն Մինասյան, համեցեք։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Դուք կոմենտներ մի արեք, շարունակեք կոռեկտ վարել։ Այսքանն առայժմ։

Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, իրողությունները բավականին բարդ են եւ ինձ համար անտանելի է, երբ փողոցային կրքերը ներս են հորդում  խորհրդարան, որը բարձր է ամեն ինչից։ Ես խնդրում եմ բոլորին հարգել այս կառույցը, հարգել այս ամբիոնը, որովհետեւ ամեն ինչ կազմաքանդելով` մենք կարող է հասնենք մի իրավիճակի, որ այլեւս ոչ մի սրբություն չմնա։

Հարգելի գործընկերներ, ԱԺ-ն իրացնում է իր կարեւորագույն գործառույթը՝ կառավարության ծրագրի հաստատումը։ Ցավոք, բոլորս գիտենք դրա մասին, բայց շատերը այս ամբիոնին մոտենում են` հագուրդ տալու իրենց կրքերին, առանց պատկերացնելու, որ այս ամեն ինչը կանոնակարգված է։ Կանոնակարգված է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով, կանոնակարգված է մեր երկրի Սահմանադրությամբ։ Եվ պիտի հորդորեմ, եթե իմ հորդորը որեւէ մեկի համար արժեք ունի, քննարկել կառավարության ներկայացրած ծրագիրը։

Կառավարության ծրագիրը ենթադրում է պետության զարգացման համար անհրաժեշտ նպատակների սահմանում, այդ նպատակների իրացմանն ուղղված միջոցառումների նկարագրում եւ այդ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ժամանակահատվածի սահմանում։ Կառավարության ծրագիրն այն միակ փաստաթուղթն է, որն ուսումնասիրելով` խորհրդարանը տալիս է կամ չի տալիս կառավարությանը գործելու իրավունք։ Սա Սահմանադրության պահանջ է։ Մենք կամ հարգում ենք մեզ, մեր երկիրը, մեր պետությունը, մեր Սահմանադրությունը, կամ հայտարարում ենք, որ չենք հարգում։ Կողմնորոշվեք, սիրելի հայրենակիցներ։ Հենց Սահմանադրության պահանջից են բխում խորհրդարանի ակնկալիքները` կառավարության ծրագրում տեսնել հստակ սահմանված չափելի նպատակներ, դրան հասնելու նկարագրված միջոցներ եւ այդ ամենը իրականացնելու համար սահմանված ժամանակ։

Հարկ է նշել, որ հստակ ձեւաչափով ներկայացված կառավարության ծրագիրը խորհրդարանի համար կարեւոր է ոչ միայն ծրագրի ընդունման փուլում, այլեւ կարեւոր է նաեւ բյուջեի մշակման, ընդունման եւ կառավարության գործունեության վերահսկելու փուլում։ Սա եւս Սահմանադրության պահանջ է։ Ցավոք, ներկայացված կառավարության ծրագիրը բացարձակապես չի բավարարում այս պահանջներին։ Երեւի քիչ կլինեն դեպքեր, երբ ես թույլ եմ տվել իմ ելույթներում անդրադառնալ իմ հարգելի գործընկերների ելույթներին, բայց այսօր երեւի պետք է բացառություն անեմ։ Իմ հարգված գործընկներից մեկը նպատակ էր դրել ապացուցել, որ կառավարության գործունեության ծրագրում շատ լավ է, որ թվեր չկան։ Բայց իր ամբողջ ելույթը հենված էր այն փաստի հրապարակման վրա, որ ուրիշ կառավարության ծրագրերում եղել են այդպիսի թվեր, եւ իր ելույթում ինքը դատափետում էր այդ կառավարությունների կողմից այդ թվերի չկատարումը։ Բայց, հարգելի գործընկերներ, դա հենց քաղաքական գործընթաց է։ Անհնար է պատկերացնել քաղաքական գործընթաց, երբ պատասխանատվություն վերցնող քաղաքական ուժը չի հրապարակում իր ցուցանիշները եւ հետո ակնկալում է, որ կգա օրը, երբ ինքը կգա այս ամբիոնի մոտ եւ կասի, որ շատ լավ եմ արել, որ սա եմ արել եւ ընդդիմությանը զրկել եմ ինձ գնահատելու հնարավորությունից։ Այդպիսի բան չի եղել։ Կարող է հանկարծ մեր երկրում լինի, բայց դա կլինի նոնսենս։

Ցանկացած ծրագրի անորոշ ձեւաչափը ստեղծում է մի անհարմարություն եւս։ Անհնար է դառնում համեմատությունն իրականացնել նախորդ կառավարության ծրագրի կամ նախորդ կառավարության կողմից արձանագրված ցուցանիշների հետ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ՀՆԱ-ի աճին, գնաճին, ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը, ստվերի կրճատմանը, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը եւ տնտեսական քաղաքականության այլ հայտնի առաջնահերթություններին։

Ծրագրի հաջորդ առանձնահատկությունն այն է, որ տեքստը փոխանակ հագեցած լինի թվերով, հեղեղված է ածականներով։ Այդպիսի ձեւաչափը, ըստ էության, զրկում է ծրագիրն առարկայորեն քննարկելու որեւէ հնարավորությունից։ Պետք է մեջբերումներ անեմ։ Մասնավորապես, 6.2 կետում՝ հարկային եկամուտների շարունակական աճ ապահովելու տեսանկյունից շատ կարեւոր է նաեւ կամավորության սկզբունքով հարկային պարտավորությունները կատարելու մշակույթի ներդրումն ու ամրապնդումը։

Հարգելի կառավարություն, այդ ո՞ր երկրի մշակույթն եք ուսումնասիրել եւ ուզում եք ներդնել ու ամրապնդել Հայաստանում։ Ասացեք, խնդրում եմ։ Եվ այդ ամրապնդումն ինչքա՞ն ժամանակում եք պատրաստվում իրականացնել։ Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգանա բարձր տեխնոլոգիաների ոլորտը, ինչի նախապայմաններն այսօր առկա են մեր երկրում։ Այո, այսօր այդ ոլորտը մեզանում տարեցտարի ավելանում է 20-25 տոկոսով։ Այդ հեղափոխական տեմպերը որո՞նք են՝ 27, 29, 129, 329, որո՞նք են այդ հեղափոխական տեմպերը, ասեք, որ չորս տարի հետո ձեզնից հարցնենք, որ դուք ասում էիք` 325-ը, բայց, փառք ձեզ, 529 եք ապահովել։

Հաջորդը. 4.2 կետում նշված է, որ Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգանա նաեւ գյուղատնտեսությունը։ Հիմա այս երկու պարբերություններում հեղափոխական տեմպերը նո՞ւյնն են, թե՞ մի տեղում կարող են հեղափոխական տեմպերը 100 լինեն, մյուսում՝ 500։ Բայց ի՞նչ վիճակում եք դնում մեր ժողովրդին եւ մեր ընդդիմությանը։ Հարգեք, եթե ոչ ընդդիմությանը, գոնե` ժողովրդին։

Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկելու չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերն ըստ նպատակի օգտագործելու ուղղությամբ։ Փայլուն նախադասություն։ Այս նպատակին հասնելու համար պետք է դրամատիկ ջանքեր գործադրել նորանոր խթաններ եւ մեխանիզմներ մշակելու ուղղությամբ։ Ես էլի կհասկանայի, եթե դրամատիկ ջանքերը, ինչո՞ւ այդքան էպիտիկ տերմիններ, այդ հողակտորներն օգտագործելու համար։ Պարզվում է, որ այդ դրամատիկ ջանքերը պետք է օգտագործվեն, որպեսզի նորանոր թիրախներ եւ մեխանիզմներ մշակվեն։ Իսկապես աբսուրդ է։

Կառավարության ծրագրի այս տեքստը ոչ միայն չի կարող բավարարել խորհրդարանին, Հաշվեքննիչ պալատին, քաղաքացիական հասարակությանը, այլեւ առհասարակ չի կարող բավարարել ՀՀ քաղաքացուն, կառավարության ծրագրի ամենահիմնական եւ շահագրգիռ կողմին՝ ծրագրի որոշակիության բացակայության պատճառով։ Ըստ էության, կառավարության ներկայացրած ծրագրում ՀՀ քաղաքացու համար կարեւորագույն դրույթները, դրանց իրականացման ժամկետների եւ քանակական գնահատականների բացակայության պատճառով, վեր են ածվում ականջահաճո բարի ցանկությունների։ Բերեմ երեք օրինակ ծրագրի 5.2 մասից։

Կառավարության համար գերակա է լինելու բնակչության կենսամակարդակի էական բարելավումը, զբաղվածության շարունակական աճը, կենսաթոշակների, աշխատատեղերի իրական աճը, աղքատություն ծնող ռիսկերի դեմ կանխարգելիչ գործունեությունը։ Հրաշալի է։

Կառավարությունը ծնելիության խրախուսման եւ բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցության արդյունավետության բարձրացման համար իրականացնելու է արագ եւ արդյունավետ միջոցառումներ։ Մասնավորապես ավելացնելու է երեխաների ծննդյան նպաստները, բազմազավակ ընտանիքներին տրամադրվող արտոնությունները եւ օժանդակությունները։ Փայլուն է։ Կառավարությունը սկսելու է ծրագրի պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շնորհիվ առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովել երկրաշարժի հետեւանքով բնակարաններ կորցրած ընտանիքներին։ Եվս փայլուն է։

Սակայն, հարգելի կառավարություն, հազարավոր քաղաքացիների համար կենսականորեն անհրաժեշտ է հասկանալ, թե առաջիկա չորս տարիներից ո՞ր մեկի ընթացքում եւ ի՞նչ հստակ չափով պետք է իրականացվեն այս տպավորիչ խոստումները։ Եթե պետք է ավելի շուտ իրականացվեն, փառք ու պատիվ ձեզ, ասեք դրա մասին եւս։ Բայց, եթե ցանկություն է, դա էլ տարբերակ է։ Դրա մասին էլ ասեք, բայց հիմա ասեք։

Եվ վերջում, հարգելի կառավարություն, այս ամենն իհարկե կարեւոր է։ Բայց, շատ եմ խնդրում, զգոն եղեք Արցախի հարցում։ Արցախով ամեն ինչ իմաստավորվում է։ Առանց Արցախի ամեն ինչ իմաստազրկվում է։ Շնորհակալություն։

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Արարատ Զուրաբյան։

Ա.ԶՈՒՐԱԲՅԱՆ

-Հարգելի հայրենակիցներ, հարգելի կառավարություն, հարգելի վարչապետ, հարգելի նախագահություն, ընդհանրապես ես այս արտահայտությունները սովոր չէի օգտագործել այս ամբիոնից, բայց ճիշտն ասած, սովորություններ են, որ պետք է ինչ-որ տեղ փոխենք։ Հետեւյալից կուզեի խոսել։ Ասելիքս շատ է, կարծում եմ, որ որեւէ ժամանակ չի բավարարի` ամեն ինչ ասելու համար։ Երբ ուզում էի ելույթ ունենալ, մտածում էի, որ շատ հարցերում քննադատելու եմ, որովհետեւ առաջին քայլերում կառավարության կան բաներ, որ գտնում եմ` ոչ ճիշտ են, կան բաներ, որ գտնում եմ` շատ լավ են եւ այլն։ Բայց, երբ այս մթնոլորտը զգում ես, չգիտես ինչու մշտական ցանկություն է առաջանում պաշտպանել, ու դրա համար ասենք` գնանք այս ճանապարհով։

Ուրեմն, Նիկոլ ջան, խոստացել էի դիմել որպես վարչապետ։ Հարգելի պրն վարչապետ, ուզում եմ անպայման ուշադրություն դարձնել մի բանի վրա։ «Հայկական ժամանակ» թերթը, երբ դուք գլխավոր խմբագիրն էիք, բազմիցս դրան անդրադարձել է, թերթում տպվել է, դրա մասին շատ խոսվել է եւ այլն։ Ինձանից տարիքով ավագ ընկերներ իրար դիմում էին ժամանակին, այսպիսի մի պահ կար։ Վանոն նամակ էր գրում Վազգենին ու ասում էր՝ զգույշ եղիր այս կամ այն բաներից։ Ես հիմա ուղիղ տեքստով ասում եմ՝ զգույշ եղիր, ու ընդհանրապես ամբողջ կառավարությունը, զգույշ եղեք, որովհետեւ Հայաստանի ցանկացած հակահեղափոխության թիրախն եք դուք։ Իմացեք, որ դուք շատերի կոկորդին եք կանգնած։ Դրա համար դուք պետք է զգույշ լինեք։

Ինչո՞ւ էի ես խոսում ԿԳԲ-ի մասին։ Տղերք, մի բան շատ կարեւոր է՝ ԿԳԲ-ն Լենինի ստեղծած... եթե ես ու դու հայտնվում էինք ԿԳԲ-ում, Ձերժինսկու նկարը ցանկացած կաբինետում էր։ Այդ մթնոլորտում, այնտեղից այդ միջավայրը դուրս չի եկել, հոտը դուրս չի եկել։ Այդ չեկիստական ոգին դեռեւս այնտեղ կա։ Դրանից պետք է զատել մարդկանց, որոնք իսկական հետախույզ են ու հակահետախույզ։ Դա բացառիկ գործառույթ է, որ մարդիկ պետք է իրականացնեն։ Օրինակ, Ամերիկայի համապատասխան մի կառույց իրավունք չունի գործունեություն ծավալել երկրի ներսում։ Օրենքով արգելված է։ Երկրի ներսում աշխատում է  ֆեդերալ հետաքննությունների բյուրոն, դրսում աշխատում է կոնկրետ համապատասխան կառույցը։ Ինչո՞վ է դա։ Նախ՝ հակակշիռներ են։ Ես կարծում եմ, որ մեզ մոտ դա պետք է քանդել։ Ես կառաջարկեմ այդ շենքը քանդել, կառավարության ծրագրում դա լինի, տեղը մի լիճ սարքել, միգուցե ջուրը այդ չարիքի բանը վերացնի։ Դրա փոխարեն ձեւավորել մարմին, որը կլինի Հայաստանին ծառայող մարմին։ Մաքրեք այդ կեղտից Հայաստանը։

Ես խնդրում եմ անպայման նկատի ունենալ հետեւյալը։ Երբեւէ հանրապետականին կամ անհատապես հանրապետականներին ոչ մի բան չունեմ բացասական, բայց մի անգամ ես հարց տվեցի. սա՞ էր ձեր երազած երկիրը, որ 20 տարի առաջ իշխանության էիք գալիս։ Պրն Հարությունյանը, որ հանրապետական չէր, փորձեց պատասխանել։ Չեմ ուզում դրան անդրադառնալ, բայց ուզում եմ ասել մի բան, որ 1998թ. հետո Հայաստանում տեղի է  ունեցել պրոցես, որը վատ հետեւանք է ունեցել։ Այդ պրոցեսից հետո Հայաստանում քոչարյանիզմ է ձեւավորվել։ Մնացածը դրա հետեւանքներն են, հանրապետականներն են դրա զոհը։ Մի մոռացեք, որ հանրապետականներն ընկերներն էին ՀԺԿ-ի եւ միասին թիմ էին ձեւավորել եւ ուզում էին այս երկիրը դրական դարձնել։ Բայց չարիքը պատեց այս երկիրը, հոկտեմբերի 27-ից հետո այս երկիրը դարձավ վայրենության, թշնամության երկիր։

Երբ ես խոսում եմ Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին, շատերը ասում են, որ լավ մարդ եւ գրող էր։ Ոչ, ես ասում եմ, որ Վանոն քաղաքական վտարանդի է, Վանոն հեռացվել է Հայաստանից նրա համար, որ ինքը վտանգ էր ներկայացրել Քոչարյանի իշխանությանն իր մեջ, իր կազակերպչական ունակությունների պարագայում այդ իշխանությունը տեսել է մարդու, որը կարող է այդ պահին լինի Նիկոլը եւ կոնկրետ փոխի իշխանություն։ Ու դրա համար նրա հանդեպ սկսվել է հսկայական հետապնդում, որի հիմքում ընկած է եղել` վերացնել հակառակորդին։ Իսկ հակառակորդին վերացնելու ճանապարհն ընտրվել է այն, ինչ կարող է վարկաբեկիչ լինել։ Դրա համար համապատասխան գործ է ստեղծվել։ Եթե պետք է, այդ գործի մանրամասներից ես առանձին կարող եմ խոսել։ Ծիծաղաշարժ բաներ կան այդտեղ, բայց կարելի է այդ քննիչներին կանչել ու ասել, թե ով է հանձնարարություն տվել եւ ինչու։ Ես ուզում եմ` նկատի ունենաք մի բան։ Ստալինիզմը կոմունիստների 20-րդ համագումարում քննադատվեց, հետո ոչ մեկը չբռնեց մարդկանց կերավ կամ գնդակահարեց։ Բայց քաղաքական գնահատական պետք է տրվի քաղաքական այն պրոցեսներին, որոնց արդյունքում Հայաստանում ծնվել է անարդարությունը, ընտրակեղծարարությունը, պոռոտախոսությունը։ Օրինակ, Աշոտյանն այսօր շատ լավ էր խոսում։ Հեռուստատեսությունը կարելի է տալ իրեն, նույնիսկ հումորային հաղորդումներ կազմակերպի, որովհետեւ այս Աշոտյանը լավն էր, հոյակապ Աշոտյան էր, խոսում էր, լավ էր։ Բայց Աշոտյանին հիշեք որպես քաղաքական գործիչ. այդ տղերքը հիվանդացել էին, հիմա բուժվում են, լավ է, նորմալ է, շնորհակալություն առողջապահական լուրջ պրոցես իրականացնելու համար Հայաստանում։

Ուզում եմ մի բան կարեւորել։ Նիկոլ ջան, մինչեւ սովորեմ պրն վարչապետ ասել, մեկ-մեկ կստացվի։ Գերմանիայում մի բան տեղի ունեցավ, երբ Գերմանիաները միավորվեցին, որոշեցին, որ լուստրացիա են անում եւ բոլոր այն մարդկանց, որոնք ծառայել են այսինչին, այնինչին, չեն տալիս հնարավորություն։ Հավանաբար մեզ այդպիսի օրենք է պետք։ Մի բան ասեմ. երբեք ու որեւէ մեկդ մի մոռացեք, սա ձեր պարտականությունն է, այս երեք-չորս երիտասարդներ, այդ լուստրացիան իրականացնելը ձեր պարտականությունն է։ Դուք պետք է մաքրեք կեղտից Հայաստանը, որովհետեւ այդ պատմական հնարավորությունը ձեզ տրված է։ Զեյնալյան, դու նստած ես, շուտ-շուտ խոսա այդ բաներից, որովհետեւ դա շատ կարեւոր է։ Իմանանք` ով ում է ծառայել, ինչի համար ու ընդհանրապես ում գենը ոնց է, պապը ում է ծախել, ոնց է եղել։ Բաներ կան, որ արժի իմանալ։

Շատ բան կա ասելու։ Բայց ուզում եմ ասել, որ քաղաքական գնահատական պետք է տալ։ Մի մոռացեք դա անել։ Պատրաստ եմ պաշտպանել ծրագիրը՝ ՀՀՇ կուսակցությունն էլ դրան գումարած։ Մի բան ուզում եմ` շատ կարեւորեք։ Դուք բերել եք քաղաքական ծրագիր, շնորհակալություն դրա համար։ Երբ ուզում են թվերից շատ խոսել, խոսեք հանրապետականների հանցագործությունների թվից։ Գրեք, կոնկրետ ներկայացրեք այդ թիվը հասարակությանը։ Մնացած թվերը ես պատասխանեմ ձեր փոխարեն։ Դրանք հետեւյալն են՝ բոլոր ոլորտներում էական առաջընթաց է լինելու եւ թվերը գերազանցելու են այն թվերը, որոնք ներկայացրել է Հանրապետականը մինչեւ այսօր։ Պատասխանեցի ձեր փոխարեն, որ դրա վրա ժամանակ չկորցնեք։

Շնորհակալ եմ նաեւ, որ այս վախի մթնոլորտն է վերացել, ԱԺ-ում քաղաքական խոսակցություն կա, քննարկում կա եւ այլն։ Ընտրությունների ժամկետը մի հետաձգեք։ Ես դրա համար էի սկզբում նախազգուշացնում։ Մի հետաձգեք, որովհետեւ մինչեւ այդ ընտրություններն անելը, մինչեւ օրինական իշխանություն Հայաստանում հաստատելը բոլորս վտանգի մեջ ենք ու առաջին հերթին` դուք։ Մի դրեք կարեւորությունը, որ պետք է պատրաստ լինեն։ Պատրաստ են, պատրաստ չեն, քաղաքականությամբ զբաղվող մարդը պետք է միշտ պատրաստ լինի։ Ինքը քաղաքական է, ընտրությունն իր գործառույթն է։ Ինձ պետք չի ելույթի համար պատրաստվել։ Ես իմ ասելիքս ու անելիքս գիտեմ։ Քաղաքական մարդն իր ասելիքն էլ ունի, ծրագիրն էլ։ Քաղաքական ծրագիրը միշտ առկա է, կուսակցության քաղաքական գիծն է դա։ Տեխնիկական բաներին էլ մի նայեք։

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ընդմիջում կես ժամ։ Խնդրում եմ ընդմիջումից հետո լինել նիստերի դահլիճում, որպեսզի քվեարկենք նիստը երկարաձգելու եւ մինչեւ հարցն ավարտելը դահլիճում աշխատելու հարցը։


Ժամը 17:00

 ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
 
 

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ես մի փոքր խնդրում եմ` սպասենք, որ գործընկերները մոտենան, որ մենք կարողանանք քվեարկել եւ շարունակել աշխատել մինչեւ հարցի, օրակարգի ավարտը: Բոլոր գործընկերներին խնդրում եմ վերադառնալ դահլիճ:

Հարգելի պատգամավորներ, առաջարկում եմ այսօրվա արտահերթ նիստը շարունակել մինչեւ օրակարգային հարցի սպառումը: Այժմ քվեարկության եմ դնում այս որոշումը: Քվեարկություն:

Կողմ՝ 63
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է:

Շարունակում ենք աշխատել:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, քանի որ քվեարկություն ենք իրականացրել՝ քվեարկությունից հետո վարման կարգով՝ Սամվել Ֆարմանյան: Խնդրում եմ միացնել պրն Ֆարմանյանի խոսափողը` քվեարկությունից հետո վարման կարգով հանդես գալու համար:

Ս.ՖԱՐՄԱՆՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, ես ցանկանում եմ բոլորիս կոչ անել, բոլոր խմբակցության ներկայացուցիչներին` Կառավարության ծրագրի քննարկումը շարունակել քաղաքական կոռեկտության սահմաններում, չտրվել պահի կամ էմոցիաների ազդեցությանը եւ չարտաբերել բառեր, արտահայտություններ, որոնք 2 կամ 5 քայլ հետո կարող են մարդուն ստիպել փոշմանել կամ վերանայել տեսակետը:

Հարգելի պրն Մելքումյան, սիրելի գործընկեր, խնդրում եմ այսուհետ դուք՝ անձամբ, նախագահ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործեք «քաղաքական բռնապետ» արտահայտությունը՝ իմ բերած նախաբանում նշված հանգամանքով պայմանավորված: Շնորհակալություն:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Վարման կարգով՝ Միքայել Մելքումյան:

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Հարգելի գործընկեր պրն Ֆարմանյան, զսպեք ձեր մոլուցքը` հակադարձել եւ բոլոր արտահայտություններն ընկալեք քաղաքական հարթության վրա: Էն ինչ-որ կա՝ իրականությունը, հենց այդպես էլ կա, կարողացեք ընկալել հավուր պատշաճի իրականությունը: Բոլոր հարցադրումները գտնվում են քաղաքական հարթության վրա: Այսքանը:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Քաղաքական հարթության վրա շարունակենք մտքերի փոխանակությունը: Արմեն Աշոտյան՝ վարման կարգով:

Ա.ԱՇՈՏՅԱՆ

-Շնորհակալ եմ: Հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ մեր հեռուստադիտողը, լսարանն ամեն ինչ տեսնում է, գիտի, պարզապես մի քաղաքակիրթ հորդոր իմ որոշ գործընկերներին. երբ որ բնակվում ես ապակե տնակի մեջ չարժե քարեր... ձայնդ, ձայնդ, ձայնդ...

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Ես ձեզ խնդրում եմ, վիրավորական... հարգելի գործընկերներ, իրականում խնդրում եմ, կրքեր մի բորբոքեք: Պրն Աշոտյան, վերջացրեք, եւ խնդրում եմ... հարգելի գործընկերներ, հանդարտություն պահպանեք:

Ա.ԱՇՈՏՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, նորից կրկնում եմ հորդորս՝ բնակվելով ապակե տնակների մեջ` չարժե հարեւանների հետ կռիվ անել՝ քար նետելով: Կարծում եմ՝ դա ոչ մի լավ բանի չի բերում, հատկապես՝ երկրին: Շնորհակալություն:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն: Հաջորդ ելույթի համար ձայնը տրամադրվում է Հովիկ Աղազարյանին: Խնդրեմ պրն Աղազարյան, համեցեք կենտրոնական ամբիոնի մոտ:

Հ.ԱՂԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի Կառավարություն, հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ, մենք այսօր քննարկում ենք մի փաստաթուղթ, որն իր նշանակությամբ կարեւորագույն գործընթացի սկիզբ պետք է դնի մեր քաղաքական կյանքում, եւ վարչապետն իր ելույթում նշեց այս փաստաթղթի նշանակությունը եւ ուղերձը...

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Մի րոպե, ես խնդրում եմ` էդտեղ դադարեցրեք խանգարելը, մի րոպե... Հարգելի գործընկերներ, խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղերը: Պրն Պետրոսյան... Պրն Ֆարմանյան, նստեք ձեր տեղերն էլի: Դե կոռեկտության... դուք հարցրեցիք, ես ասացի՝ անիմաստ է մենք կրքերը բորբոքենք եւ... Պրն Պողոսյան, պրն Զուրաբյան, մի րոպե, բոլորդ նստեք ձեր տեղերը, խնդրում եմ: Որեւիցե մեկը... պրն Պողոսյան, մի րոպե, հիմա բոլորը նստեն իրենց տեղերը, խնդրեմ, շարունակեք:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Պրն Աղազարյան, շարունակեք:

 Հ.ԱՂԱԶԱՐՅԱՆ

-Բավականին երկար տարիներ ընդմիջումից հետո պատիվ ունեմ այս բարձր ամբիոնից միտք արտահայտել: Իհարկե, մի քիչ դժվարացրեց այս փոքրիկ միջադեպը, բայց դե ոչինչ, մենք սովոր ենք նման իրավիճակների, կարող ենք մեր խոսքը շարունակել: Ինչպես ասացի, այս փաստաթուղթը կարեւորագույն նշանակություն ունի, որովհետեւ այն որոշելու է շատ լուրջ քաղաքական հարցեր` մեր հանրապետության ընթացիկ կյանքին վերաբերող: Եվ այդ թեմայի շուրջ խոսեցին մի շարք պատգամավորներ: Եղան, իհարկե, ընդդիմախոսներ: Ընդդիմախոսների շարքում` հիմնականում, բնականաբար, Հանրապետական կուսակցության անդամներ, որոնք միգուցե մի ուրիշ անգամ, մի ուրիշ առիթով եւ դիտարկումները ճիշտ կլինեին՝ կապված թվերի չափորոշիչների հետ, բայց այս պարագայում, իմանալով, թե ինչ նպատակ ենք մենք հետապնդում եւ ինչ ճանապարհ ենք անցնում այս պահին, պետք է մի քիչ ավելի ուրիշ խոսակցություն, ուրիշ բնույթի դիտողություններ լինեին: Մասնավորապես՝ պրն Աշոտյանին, որին ես համարել եմ եւ համարում եմ մեր հայ իրականության մեջ այսօրվա բավականին լուրջ քաղաքական գործիչներից մեկը, որին երբեք պատիվ չեմ ունեցել նույնիսկ բարեւել, իր խոսքի մեջ, իհարկե, մի քանի անգամ նշելով, թե ինքը հեգնանք չունի որեւէ, բայց ես նույնիսկ մի փոքր չարության էլեմենտ էլ նկատեցի: Չէի ուզենա` էդպես լիներ, բոլոր դեպքերում հուզվում ենք, կարող է պատահի` մի բան էլ ավելորդ ասենք: Գամ Հանրապետական կուսակցության մյուս ներկայացուցիչների խոսքին՝ կապված թվերի հետ: Այո, թվերը շատ կարեւոր են, բայց երբ որ մենք քննարկենք ծրագիր՝ բառիս դասական իմաստով, իսկ եթե վերադառնանք թվերին՝ բոլոր դեպքերում ես մի թիվ կարող եմ ասել. ընդամենը մի քանի օր առաջ ես զրուցում էի մի բժշկուհու հետ, որը, կներեք, էս խոսքերը հանկարծ իրավական որեւէ ընթացք չստանան, որն ասում էր՝ առաջ, երբ որ ինքը բուժում էր հիվանդին՝ 2, 3, 4 ամիս առաջ, 5 ամիս առաջ, բուժելուց հետո, երբ որ իրեն փող էին առաջարկում` ինքը վերցնում էր էդ փողն առանց որեւէ խղճի խայթի, իսկ հիմա, երբ որ ինքը բուժում է, եւ իրեն փող են առաջարկում, երբ որ ինքն ուզում է վերցնել՝ իր աչքերի առաջ գալիս է պրն Փաշինյանի կերպարանքը, եւ ինքը հետ է կանգնում այդ մտքից: Նմանատիպ երեւույթներ կան նաեւ մեր ավտոպետտեսչության աշխատակիցների մոտ, նմանատիպ երեւույթներ են նկատվում մեր կյանքի բոլոր բնագավառներում: Այ, սրանք խոսուն թվեր են, որոնք արդեն իրենց արդյունքն են տալիս՝ մեր Կառավարության որդեգրած գործելաոճի հետ կապված:

Իսկ այժմ, ըստ էության, ծրագրի որոշ դրույթների մասին: Ինչպես ասվեց, սա քաղաքական փաստաթուղթ է, եւ այնտեղ նշված դրույթների մի մասն այսօր արդեն իրագործվում է, մի մասը կիրագործվի եւ կիրագործվի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, իսկ մի մասն էլ՝ իրենց նրբությունների մեջ պետք է կյանքի կոչվի, միգուցե ԱԺ նոր ընտրություններից հետո: Այս իմաստով ես կուզենայի անդրադառնալ մի քանի բնագավառների, որտեղ ես՝ որպես համեստ փորձ ունեցող քաղաքական գործիչ, ընտրողների հետ անընդհատ կապի մեջ գտնվող անձնավորություն, ունեմ իմ կարծիքը, իմ պատկերացումը՝ կոռուպցիայի եւ մենաշնորհի հետ կապված: Չկա որեւէ մեկը, որ առարկի, թե սրանք ինչպիսի բացասական ազդեցություն են ունենում ինչպես ցանկացած, այնպես էլ մեր երկրի կյանքում, եւ հետեւաբար՝ սրա արմատախիլ անելը, մինիմալիզացնելը սրա ազդեցությունն էական նշանակություն կունենա մեր տնտեսական կյանքի վրա: Եվ այստեղ, բացի այն, որ մեր Կառավարությունն ունի ժողովրդի կողմից անվերապահորեն աջակցություն, եւ այդ ավանսը, այդ իներցիան դեռ բավականին երկար ժամանակ իր ազդեցությունը կունենա բարենպաստ մթնոլորտ ապահովելու համար, բայց քանի որ մենք չգիտենք` ի՞նչ տեղի կունենա 5 տարի հետո, 10 տարի հետո եւ ընդհանրապես` ապագայում, պետք է շարժվենք այնպիսի ճանապարհով, պետք է մենք այնպիսի քաղաքականություն որդեգրենք, որ դրանք դառնան մնայուն արժեքներ, եւ ոչ մի կերպ հնարավոր չլինի արմատախիլ անել մեր հայ իրականության կյանքից: Այս իմաստով ես, օրինակ՝ պատկերացնում եմ, որ վաղը, մյուս օրը կամ ԱԺ նոր ընտրություններից հետո մենք պետք է որդեգրենք մի այսպիսի տեսակետ, որ վերստուգիչ բոլոր մարմինները, վերստուգիչ հանձնաժողովները պետք է տրվեն ընդդիմությանն անկախ այն բանից, թե ով կլինի այդ պահին ընդդիմություն, ով կլինի իշխանություն, որպեսզի ապահովեն վերահսկողության փոխզսպումների մեխանիզմներով տնտեսության եւ ընդհանրապես սոցիալական կյանքի զարգացման բնականոն ընթացքը:

Հաջորդ հարցը, ինչի մասին կուզենայի խոսել, դա առողջապահությունն է: Այստեղ նույնպես նախանշված են, իհարկե, կոնկրետ մոտեցումներ այդ հարցի արմատական լուծման համար: Ես նույնպես ունեմ իմ պատկերացումները՝ որպես ԱԺ պատգամավոր: Ամենակարեւոր պահն այստեղ այն է, որ մենք պետք է մի օր առաջ, մի օր շուտ անցնենք ապահովագրական բժշկության: Դա էլ, երեւի, ժամանակի խնդիր պետք է լինի, մենք դա էլ կանենք, իհարկե, ձեզ հետ միասին: Ապահովագրական բժշկության հարցը քննարկվել է, եւ բերվել են հիմնավորումներ, թե ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կարող ենք կանգնել, բայց երբ որ ես ծանոթանում էի պետական բյուջեի կատարողականի հետ, այնտեղ, եթե չեմ սխալվում, առողջապահության հետ կապված հոդվածում կար մի կետ, որ մոտավորապես 50 մլրդ դրամ տրամադրված է՝ առողջապահության մեջ հիվանդների բուժման նպատակով, չեմ ասում՝ տեխնիկական սպասարկման, դրանք ուրիշ ծախսեր են, հենց 50 մլրդ դրամ: Մի քանի տարվա նման ծախսերը, մի քիչ էլ պետության կողմից հավելյալ ներդրվող ծախսերը կբերեն էն իրավիճակին, որ մենք առողջապահության ոլորտում միանգամից կազատվենք այն բոլոր բացասական երեւույթներից, որոնց այսօր մենք ականատես ենք լինում ամեն քայլի:

Եվ մի փոքր էլ Սփյուռքի ներուժի, Սփյուռքի կարողության հետ կապված միջոցառումների կամ պատկերացումների մասին: Չի եղել մի կառավարություն, չի եղել մի իշխանություն, որ չկարեւորի Սփյուռքի դերը, նշանակությունը եւ՛ տնտեսական իմաստով, եւ՛ մշակութային, եւ՛ այլ բոլոր իմաստներով` սոցիալական, հասարակական կյանքին վերաբերող: Այս իմաստով արդեն բավականին երկար ժամանակ շրջանառության մեջ է մտած, նաեւ ես էլ եմ այդ տեսակետը կրողներից մեկը, որ պետք է Հայաստանը որդեգրի եւ... խորհրդարան ստեղծելու սկզբունքին: Այսինքն՝ ողջ Սփյուռքը, բացի այն, որ միայն իր ֆիզիկական մասնակցությամբ կարող է օժանդակել հայրենիքի զարգացմանը, այլ նաեւ հնարավորություն ունենա գործուն ձեւով, օրենսդրական ինչ-որ ձեւով վերահսկել եւ կարգավորել այդ պրոցեսները: Իհարկե, էստեղ կան լուրջ սահմանադրական խնդիրներ, եւ սա բոլորովին էլ մեկ տարվա լուծելու հարց չէ, բայց եթե մենք որդեգրում ենք այդ ուղղությունը, այդ տենդենցը եւ, ժամանակի ընթացքում հնարավորինս Սահմանադրության եւ միջազգային նորմերի հետ համաձայնեցնելով՝ ինչքան թույլ կտան այդ օրենքները, այդ կանոններ, բերենք էդ իրավիճակին, այնքան էական ու վճռական կլինի Սփյուռքի դերակատարությունը մեր հայրենիքի բարգավաճման եւ զարգացման գործում: Այսքանը, շնորհակալություն:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Աղազարյան: Հաջորդ ելույթի համար ձայնը տրվում է Վահե Էնֆիաջյանին: Համեցեք, պրն Էնֆիաջյան:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Շնորհակալություն: Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, նախ՝ մինչեւ իմ ելույթին անցնելն ուզում եմ ի սկզբանե, ի լուր բոլորի ասել, որ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր հղեցին վարչապետին, որպեսզի վարչապետը հնարավորություն ունենա ոլորտ առա ոլորտ ավելի մանրակրկիտ անդրադառնալ խորքային տարբեր հարցերի:

Իսկ հիմա՝ ըստ էության: Մինչեւ մտքերի փոխանակության սկսվելը Հանրապետական կուսակցության մի քանի ներկայացուցիչներ անդրադարձ կատարեցին՝ «Ծառուկյան» խմբակցության կողմից հասարակությանը ներկայացրած 15 կետերի հետ կապված: Հարգելի գործընկերներ, մենք լավ գիտենք, թե ինչպիսի 15 կետեր ենք ներկայացրել ժողովրդին, եւ ինչպիսի հավանության քվե է ստացել, մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչպիսի պատասխանատվություն ենք կրում, եւ, հարգելի պրն Հարությունյան, մեզ իրավապաշտպանի կամ մեր շահերը ներկայացնողի` այս բարձր ամբիոնից, անհրաժեշտություն չկա: Եթե փորձում եք ինչ-որ մի շահեր էլ ներկայացնել կամ ինչ-որ մի մտքեր արտաբերել՝ ավելի լավ կլինի արտաբերեք եւ ներկայացրեք ամիսներ առաջ ձեր եւ ձեր գործընկերոջ կողմից` հասարակությունը կարտոշկա ուտողների ու միս ուտողների բաժանելու հանգամանքի հետ կապված:

Պրն Շարմազանովը խոսում է՝ 7,5% աճով Կառավարություն ենք հանձնել ձեզ. պրն Շարմազանով, եւ քանի որ թվերից եք ուզում խոսել, էդ ի՞նչ 7,5% աճով տնտեսություն եք մեզ կամ Կառավարությանը դուք փոխանցել, որտեղ մեր երկրի ամեն 2-րդ քաղաքացին վարկեր ունի, այո, ամեն 2-րդ քաղաքացին մի քանի վարկ ունի, շուրջ մեկ երրորդ մեր երկրի քաղաքացի աղքատ է ապրում, խոսքը գնում է՝ 1 մլն մեր երկրի քաղաքացիների հետ կապված: Մեր երկրում կայուն զարգացել է արտաքին պարտքը` հասնելով 6 մլրդ 867 մլն դոլարի. այս թվերը ներկայացնում եմ 30.04.2018 թվականի տվյալներով:

Արդարադատությունից եւ մթնոլորտից եք խոսում: ՀՀ-ում խի մենք չգիտե՞նք` ինչպիսի տնտեսական վիճակ է, ինչպիսի տնտեսական մենաշնորհների իրավիճակ է: Արդարություն են խոսում: Արդարության պակաս մեր երկրում ուզում եք ներկայացնել՝ չի՞ եղել: 100-ավոր դիմումներ եմ ներկայացրել Եվրոպական դատարան: Սա՞ է եղել ձեր մոտեցումը եւ կառավարման ձեւը: Այս 10 տարիների ընթացքում շուրջ կես միլիոն ՀՀ քաղաքացի արտագաղթել է: Տիկին Նաղդալյանն էլ խոսեց: Հարգելի տիկին Նաղդալյան, այս ամբիոնից խոսում եք եւ ուզում եք ներկայանալ որպես ՀՀ քաղաքացի: ՀՀ քաղաքացու գրպանից մոտ 3 մլն դրամի հեռախոսով խոսել եք մինչեւ ամիսներ շարունակ, չուզեցաք մարել էդ գումարը, ամոթ է, դրա մասին խոսեք, ինչից եք ուզում խոսել:

Կառավարության պատասխանատուն լավագույնս ներկայացրեց եւ այս ծրագրային դրույթները հասարակությանը լավագույնս ներկայացրել է, եւ շատ լավ պատկերացնում ենք, թե առաջիկայում ինչպիսի քաղաքականություն ենք մենք վարելու:

Արտաքին քաղաքականության հետ կապված: Այո, մենք շատ լավ գիտենք, որ 4 հարեւանների հետ մենք ինչպիսի հարաբերություններ ունենք, եւ մեր հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մենք խորացնելու ենք եւ մեր տնտեսական հիմնական խողովակները տեսնում ենք այնտեղ եւ ճկուն քաղաքականություն ենք վարելու տարբեր պետությունների հետ: Միեւնույն ժամանակ հարկ եմ համարում նաեւ բարձրաձայնել, որ Ռուսաստանի Դաշնության հետ մենք առանձնահատուկ հարաբերություններ ունեցել ենք, ունենք եւ ունենալու ենք: Եվ այս առումով մեր ճկուն քաղաքականությունը միտված է հենց բազմակողմ զարգացմանը: Պրն Աշոտյան, չեմ կարող նաեւ ձեզ չանդրադառնալ: Դուք ջերմոցային պայմաններում աճած քաղաքական գործիչ եք, եւ 2012 թվականին ես մեկ անգամ եւս ասել եմ եւ մեկ անգամ եւս ձեզ ասում եմ՝ ամեն լերկ եւ փայլուն բան չէ, որ գլուխ է: Եվ զսպվածություն ցուցաբերեք, ՀՀ քաղաքացին իր դիրքորոշումը եւ վերաբերմունքը հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Շնորհակալություն ուշադրության համար:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հայկ Կոնջորյան՝ հաջորդ ելույթի համար:

Հ.ԿՈՆՋՈՐՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, քննարկում ենք Կառավարության ծրագիրը, եւ հիմնական ընդդիմախոսների կողմից Կառավարության ծրագրի նկատմամբ գլխավոր հակափաստարկը թվերի բացակայության մասին էր, իսկ տիկին Նաղդալյանը նաեւ թվերի բացակայությունը փորձեց համեմել էս Կառավարության անփորձությամբ եւ նախորդ կառավարությունների փորձով: Ասաց, որ այս Կառավարությունն անփորձ է, նախորդ կառավարությունները փորձառու էին եւ այլն, ու ես վերհիշեցի, փորձեցի վերհիշել, որքան հնարավոր է, նախորդ կառավարությունների փորձից որոշ դրվագներ: Եվ էդ դրվագներից` օրինակ. նախորդ կառավարությունների փորձառության շնորհիվ Հայաստանից՝ պաշտոնական թվերով, մոտավորապես 400000 մարդ է արտագաղթել: Սա՝ նախորդ կառավարության փորձից է: 400000 մարդը համարյա հավասար է 5 հատ Վանաձոր քաղաքի, այսինքն՝ 5 հատ Վանաձոր քաղաք,  պատկերացրեք, նախորդ տարվա մեջ ամբողջությամբ դատարկվել է, կամ 8 հատ Վայոց ձորի մարզ: Ահա սա է ձեր նախորդ կառավարությունների փորձառությունը: 8 հատ Վայոց ձորի մարզ եք դատարկել, որպեսզի ավելի պատկերավոր լինի, որովհետեւ Վայոց ձորն ու Վանաձորը մի փոքր հեռու են: ԱԺ-ն ունի 105 պատգամավոր, նախորդ ձեր կառավարությունների փորձառության շնորհիվ 10 տարվա մեջ 3800 ԱԺ մարդ Հայաստանից արտագաղթել է: Այ, էսպես նստած եք չէ՞, 105 հոգի պատգամավորներդ, այ, էս ձեր կառավարությունների փորձառությունն է, հոյակապ փորձառություն է: Ամեն 3-րդ մարդը Հայաստանում աղքատ է, սա՝ ձեր կառավարությունների փորձառությունն է: Հայաստանի պետական պարտքը կազմում է 7 մլրդ դոլար: Ամենակոպիտ հաշվարկներով` յուրաքանչյուր քաղաքացի իր ուսերին կրում  է 2300 դոլարի պարտք, սա ձեր կառավարության փորձառությունն է: Ես մի առիթով ասել եմ նախորդ ելույթումս եւ հիմա էլ եմ ասում, որ էս Կառավարության առավելությունն իրենց անփորձությունն է` ձեր փորձի համեմատ: Եվ քանի որ նաեւ պատմություններ պատմվեցին, ես էլ մի պատմություն հիշեցի` էդ փորձի հետ համեմելով:

Մի անգամ Բերնարդ Շոուն նամակ է ստանում հետեւյալ բովանդակությամբ: Մի կին է նրան գրած լինում, եւ բացում է՝ կարդում. պրն Շոու, ձեզ գրում է Եվրոպայի ամենագեղեցիկ կինը: Ես ձեզ ունեմ մի հրաշալի առաջարկ. եկեք ամուսնանաք: Եվ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի. մեր երեխաները կժառանգեն իմ գեղեցկությունը եւ ձեր խելքը: Մի քանի օր հետո այս կինը ստանում է Շոուի պատասխան նամակը, բացում է եւ այնտեղ գրված է. շնորհակալություն նամակի համար, տիկին, բայց ձեր մտքով չի անցել, արդյո՞ք, որ մեր երեխաները կարող են ժառանգել ձեր խելքը եւ իմ գեղեցկությունը:

Հիմա դուք ասում եք՝ մեր փորձառությունը թող էս Կառավարությունը վերցնի եւ օգուտ քաղի: Հարգելի գործընկերներ, ի՞նչ եք կարծում, ի՞նչ կլինի, եթե էս Կառավարությունը ձեր փորձառությունը վերցնի եւ ժառանգի: Ես, իհարկե, հավատում եմ, որ դուք ունեք լավ փորձառություն, եւ այդ լավագույն հատիկը, ես վստահ եմ, որ այս Կառավարությունն ունի բավականաչափ տաղանդ, որպեսզի վերցնի, բայց, ընդհանուր առմամբ, ընդունեք, որ այդքան էլ գոհացուցիչ չէ ձեր փորձը:

Պրն Շարմազանովը, գյուղատնտեսության հեղափոխական ցատկերի հետ կապված, ասում է՝ ի՞նչ է, խոշոր եղջերավոր կենդանիները պետք է կրկնակի՞, եռակի՞ անգամ կաթնատվություն ապահովեն: Ո՛չ, պրն Շարմազանով, ես կարծում եմ, որ ոչ, բայց խոշոր եղջերավոր կաշառակերների թիվը, ես կարծում եմ, որ հեղափոխական արագությամբ կարող է իջնել Հայաստանում, եւ դրանից հետո կավելանան պետական եկամուտները, Հայաստանի տնտեսական դաշտում, վստահ եմ, որ կակտիվանան մրցակցային հարաբերությունները, մոնոպոլիաները կքչանան, որի արդյունքում գյուղատնտեսությունը կզարգանա շղթայաբար, այո, ես հավատում եմ: Էնպես որ, էստեղ կարեւորը ոչ թե կովերի գործառույթն է, այլ մարդկանց գործառույթն է: Եվ էս Կառավարությունն ունի մարդկային դեմք ու իր հույսը դրել է հենց մարդկանց վրա:

Ասում եք, թե ի՞նչ ռեսուրսով պետք է էս Կառավարությունն իրագործի իր ծրագիրը: Գլխավոր ռեսուրսը քաղաքական կամքն է եւ գլխավոր ռեսուրսը մարդն է: Մարդիկ, մարդիկ եւ նորից` մարդիկ: Էս մարդիկ են՝ էս նոր իշխանության մարդիկ են ռեսուրսը, որովհետեւ նրանք այնպիսին են, ինչպիսին որ ցանկանում ենք դարձնել պետությունը, որովհետեւ դու պիտի լինես այնպիսին, ինչպիսին ուզում ես, որ էդ երկիրը սարքես, որովհետեւ չի կարող կոռուպցիոները ստեղծել օրինական երկիր, չի կարող մոնոպոլիստը ստեղծել ազատ մրցակցային տնտեսական հարաբերություններով երկիր, չի կարող ընտրակեղծարարը ստեղծել ընտրակեղծիքներից զերծ ընտրական համակարգ եւ ժողովրդավարական ընտրություններ: Այնպես որ, գլխավոր երաշխիքը մարդիկ են, այն մարդիկ, ովքեր այնպիսին են, ինչպիսին որ ցանկանում են դարձնել պետությունը:

Եվ վերջում` երջանկության մասին՝ ամենաչարչրկված թեմայի մասին: Արիստոտելն ասում էր, որ քաղաքականության նպատակը մարդկային կյանքը երջանիկ դարձնելու մեջ է: Ես շատ ուրախ եմ, որ մեր Կառավարությունը Արիստոտելի հետ համախոհ է, եւ այդքան էլ զարմացած չեմ, որ «Հանրապետական» խմբակցությունն Արիստոտելի համախոհը չէ, չնայած՝ պրն Աշոտյանը սիրում է ցիտել Սոկրատեսին: Իսկ թե ի՞նչ է երջանկությունը, եկեք թողենք յուրաքանչյուր անձի սուբյեկտիվ ընկալման եւ դատողության վրա, բայց պետությունը չպետք է սահմանի երջանկության չափանիշներ: Պետությունը կարող է 2 բան անել, առնվազն երկու բան, որպեսզի մարդը երջանիկ լինի: Առաջինը՝ նվազագույնը պետությունը չպետք է խանգարի մարդկանց, չպետք է խանգարի, որ մարդիկ իրենց երջանիկ զգան, իսկ մինչեւ հիմա ՀՀ-ը կամ իշխանությունը զբաղված է եղել մարդկանց անընդհատ խանգարելով, կապ չունի` դու գիտնական ես, բիզնեսմեն ես, չգիտեմ` ընդդիմադիր քաղաքական գործիչ ես, այսինքն՝ քեզ անընդհատ խանգարել են: ԵՎ առավելագույնը՝ պետությունը ոչ միայն չպետք է խանգարի, պետությունը նաեւ կարող է օգնել, պատկերացրեք, եւ եթե պետությունը չխանգարի եւ օգնի, դրանից հետո յուրաքանչյուր անհատ ինքը կորոշի, թե ինչպե՞ս է ինքը ցանկանում լինել երջանիկ: Այնպես որ, ես այդպես եմ պատկերացնում երջանկությունը, եւ ես հավատում եմ, որ այս Կառավարությունը եւ այս իշխանությունն ունի բավականաչափ քաղաքական կամք եւ ռեսուրս` ստեղծելու այնպիսի պետություն, որտեղ քաղաքացին կունենա ազատություններ եւ իրավունքներ` որոշելու համար, թե ինքն ինչպե՞ս է ցանկանում երջանիկ լինել: Երջանիկ եղեք, ընկերներ, շնորհակալություն:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Ալեն Սիմոնյան՝ հաջորդ ելույթի համար: Էդմոն Մարուքյան:

Է.ՄԱՐՈՒՔՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի ԱԺ նախագահ, հարգելի խորհրդարան, հարգելի պրն վարչապետ, հարգելի Կառավարության անդամներ, քննարկում ենք Կառավարության ծրագիրը, եւ, բնականաբար, գայթակղությունը մեծ է` նախկինի պես  պատասխանել մեր գործընկերների քննադատություններին, սակայն ես որոշել եմ ինձ համար իմ խոսքի նկատմամբ ավելի ուշադիր լինել, քանի որ սա առաջին դեպքն է, երբ ես պետք է փորձեմ պաշտպանել Կառավարության ծրագիր: 2012 թվականից ես այս խորհրդարանում եմ եւ Կառավարության ծրագիր՝ դեռեւս ելույթով գոնե, պաշտպանած չկամ: Ես պետք է ասեմ հետեւյալը. նախ՝ մի շարք հարցեր են առաջացել, որոնք որ կցանկանայի պարզաբանել: Մի մասը կապված էր սովետական ժառանգության հետ. Ազգային անվտանգություն կամ «ԿԳԲ». պրն վարչապետը հետեւողական կերպով շեշտում էր` Ազգային անվտանգություն: Այո, ես կարծում եմ, որ մենք պետք է մեր ազգային ծառայություններն ունենանք եւ անկախությունից ի վեր ունենք, այլ բան է,  թե բովանդակությամբ ինչպիսին է եղել, բայց որ կա քաղաքական կամք` ունենալ ՀՀ ազգային անվտանգություն, ապագայում նաեւ քննարկել դրա խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների հարցը, սա, կարծում եմ, օրակարգային հարց է եւ պետք է լինի օրակարգում:

Ինչ վերաբերում է Ազգային անվտանգության եւ բիզնեսի փոխհարաբերություններին: Վարչապետն իր ելույթում նշեց, որ հանձնարարական է տվել ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանում ստեղծել կամ հատուկ խումբ մարդկանց, ովքեր կզբաղվեն դրանով` ՀՀ-ում ներդրումները պաշտպանելու համար: Խոսքը բնավ չի գնում ՀՀ ներդրումներ բերելու, խոսքը բնավ չի գնում ՀՀ-ն ավելի շահեկան ցույց տալու համար, այսինքն՝ ԱԱԾ-ի գործառույթն էս առումով պետք է լինի այն, որ նրանք պետք է, ըստ էության, իրենց գործառույթների շրջանակներում կապ պահեն գործարար սեգմենտների հետ, խոշոր ներդրողների հետ եւ ահազանգերի դեպքում հրատապ արձագանքեն: Նման փորձ կա, օրինակ՝ Վրաստանում, որի մասին շատ օրինակներ են այստեղ բերվել: Ներդրողը, երբ որ երկրում գրանցվում է, երբ որ ներդրում է կատարում, ԱԱԾ-ից այցելում են համապատասխան մարդիկ, պայմանագիր են ստորագրում նշված գործարարի հետ եւ նրան տեղեկացնում են, որ այսուհետ իրենք կցված են տվյալ բիզնեսին, որ եթե օրենքից դուրս որեւէ միջամտություն կլինի այդ բիզնես գործունեությանը, որեւէ զանգ, որեւէ բյուրոկրատիա, որեւէ կաշառքի առաջարկ, որեւէ ճնշում, ապա իրենք պարտավոր են պաշտպանել այդ ներդրողին, եթե մի օր ներդրողը որոշի երկրից գնալ, ապա նաեւ այդ իրավիճակում իրենք պատասխանատու են` ասելու համար, թե իրենք ինչո՞ւ չկարողացան պաշտպանել այդ ներդրողին, եթե ներդրողը գնացել է երկրից զուտ այն պատճառով, որ չեն կարողացել պաշտպանել: Խոսքն այսպիսի մի մեխանիզմի մասին է գնում եւ ոչ թե ԱԱԾ-ով ՀՀ-ում ներդրումներ բերելու, որի մասին խոսք չի էլ գնացել:

Տեսեք, Կառավարության ծրագիրը, բնականաբար, կարելի է քննադատել, ես ձեզ ասեմ՝ շատ հեշտ է ցանկացած կառավարության ծրագիր քննադատել, ես սա ասում եմ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, որովհետեւ կարող եմ ասել՝ տվեք ինձ քաղաքական ծրագիր, տվեք ինձ Կառավարության ծրագիր, եւ ես այն քննադատեմ, ավելին ասեմ՝ որքան այն լավը լինի, այնքան ես ավելի կքննադատեմ այդ ծրագիրը, որքան լավը լինի, այնքան ավելի լավ կպատրաստվեմ այդ իմ քննադատության մեջ, հետեւաբար մի մեծ հերոսություն չէ այստեղ քաղաքական այս ծրագիրը՝ Կառավարության ծրագիրը, քննադատել:

Ինձ համար կարեւոր մի քանի ուղերձներ կան այս ծրագրում: Ես կցանկանայի դրանք հրապարակել: Առաջինը՝ իշխանության ձեւավորումը բացառապես ժողովրդի ազատ կամաարտահայտման միջոցով: 2-րդը՝ կոռուպցիայի հանրային մերժումը եւ կոռուպցիայից զերծ հանրությունը: Քաղաքականության եւ բիզնեսի գործնական տարանջատումը: Խոսքը գնում է գործնական տարանջատման մասին, որը նշանակում է, որ մենք չենք ունենալու այլեւս այնպիսի խորհրդարան ապագայում, որտեղ մենք ունենալու ենք բիզնեսի եւ քաղաքականության միախառնված կերպարը: Եվ, այո, ես համաձայն եմ՝ քաղաքական գործիչները չպետք է զբաղվեն բիզնեսով, եւ բիզնեսմենները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ: Սրանք կարեւորագույն ուղերձներ են, որոնք պետք է հղվեն: Եվ մյուս կարեւոր ուղերձը դա բռնությունից զերծ հանրության հաստատումն է եւ բռնության հանրային մերժումն է: Այն, ինչ րոպեներ առաջ մենք ունեցանք դահլիճում, ես կարծում եմ՝ ամբողջությամբ չի համապատասխանում այս դրույթի հռչակմանը: Ես մեր բոլոր գործընկերներին կոչ եմ անում՝ ընդդիմադիրներից մինչեւ իշխանական, լինել հանդուրժող միմյանց նկատմամբ, լինել կոռեկտ, սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում շարժվենք առաջ եւ զարգացնենք մեր երկիրը:

Հաջորդ ուղերձները: Սրա մասին ես շատ եմ խոսել. ինչն է միշտ եղել մեր քննադատությունն` ուղղված կառավարությանը, որ Կառավարությունն ունի 2 գործառույթ՝ գործարարության հետ կապված: Առաջինը՝ արդարացի կերպով հավաքագրել հարկերը, պարտադիր վճարներն ու տուրքերը: Ինչ է նշանակում արդարացի կերպով. այսինքն՝ բոլորը հավասար են օրենքի առջեւ եւ բոլորը պարտավոր են իրենց պարտավորությունները կատարել: 2-րդը, որ բոլորս տեսնենք` արդարացիորեն բոլորը վճարեցին: 2-րդ քայլում պետք է բոլորս տեսնենք, որ այդ բոլորի վճարածը՝ արդարացիորեն ձեւավորված բյուջեն, պետք է արդարացիորեն էլ ծախսվի: Չպետք է լինեն անարդյունավետ ծախսեր, չպետք է լինեն կոռուպցիոն ռիսկեր, եւ պետք է կոռուպցիան ամբողջությամբ արմատախիլ արվի: Քաղաքական պաշտոնն այլեւս չպետք է լինի (պետական պաշտոնը, կառավարության պաշտոնը, օրենսդիր պաշտոնը) հարստանալու կամ մյուսներին հարստացնելու միջոց: Դրանք կարեւորագույն ուղերձներ են, որ Կառավարությունը հղում է: Եվ այս ամենի մեջ ինձ համար կարեւորն ինչն է. կարեւորը Կառավարության քաղաքական կամքն է, այդ կամքը միանշանակ կա: Մենք ունեցել ենք ամենակոմպետենտ կառավարություններն այստեղ, ամենապրոֆեսիոնալ, ամենաշատ աշխատած, ամենաուժեղ համալսարաններն ավարտած, բայց էդ քաղաքական կամքը չի եղել, ժողովու՛րդ: Որեւէ մեկը չի ասում, որ նախորդ կառավարությունում կամ դրանից առաջ, կամ դրանից առաջ, կամ դրանից առաջ քանի՞ կառավարություն ենք փոխել, օրինակ՝ 12 թվականից: Եղել են մարդիկ, ովքեր կոմպետենտ չէին, դեպքեր եղել են, բայց մեծ հաշվով բոլորն էլ լավ մասնագետներ են եղել, չի եղել քաղաքական կամք` այս խնդիրները լուծելու համար, չի եղել քաղաքական կամք` կոռուպցիայի դեմ պայքարի համար, չի եղել քաղաքական կամք` չմիջամտելու դատական իշխանության գործերին, չի եղել քաղաքական կամք` ազատ, արդար, հավասար հնարավորություններով թափանցիկ ընտրություններ անցկացնելու, չի եղել քաղաքական կամք` ազատ տնտեսական մրցակցության, գործարարության, փոքր ու միջին բիզնեսի պաշտպանություն ունենալու եւ չի եղել քաղաքական կամք` հետապնդելու քրեական այն բարքերը, որոնք երկրում եղել են հաստատված: Այդ քաղաքական կամքը ես տեսնում եմ այս Կառավարության գործունեության մեջ եւ ես նույնպես պնդում եմ, որ ինքս էլ հետեւողական եմ լինելու մեր գործընկերների հետ` այդ քաղաքական կամքը կյանքի կոչելու համար: Իսկ ծրագիր, գիտեք, ծրագիր կարելի է շատ գրել, կարելի է երկար գրել, կարելի է մանրամասն գրել, կարելի է թվերով գրել, կարելի է առանց թվերի գրել, կարելի է պրեզենտացիա կազմակերպել, բայց եթե տակը չեղավ քաղաքական գործ անելու ցանկություն՝ որեւէ բան առաջ չի գնա: Կարեւոր ուղերձը ՀՀ քաղաքացիներին սա պետք է լինի, որ այդ կամքը կա,  եւ որ դուք ունեք Կառավարություն, որը ծառայում է ձեզ, որ դուք ունեք Կառավարություն, որը գիտակցում է, որ ձեզ մոտ է աշխատում, որը գիտակցում է, որ ձեզ է ծառայում, որը գիտակցում է, որ ձեր վճարած հարկերից է սնվում: Սրանք են կարեւորագույն ուղերձները, որ Կառավարությունը հղել է, եւ նաեւ այն թնջուկը, որ այսօր այստեղ կա՝ կապված քաղաքական պատասխանատվության հետ, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հնարավոր է, որ ինչ-որ մեկը՝ մենք թե մյուսները, վախենանք այս քաղաքական պատասխանատվությունը ստանձնել այս Կառավարության համար: Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ շարունակում եմ իմ գործընկերոջ՝ Արամ Զավենի Սարգսյանի միտքը, որ, այո, ում հետաքրքիր է, այո, մենք պատասխանատու ենք այս Կառավարության համար: Ես, այն քաղաքական ուժը, որ ես ներկայացնում եմ, այն մարդիկ, ովքեր նստած են այնտեղ, մենք կրում ենք քաղաքական պատասխանատվություն այս Կառավարության համար: Լավ բան կանեն՝ կգովեք, կգովենք, վատ բան կանեն՝ կքննադատեք, կընդունենք: Այսինքն՝ ես չեմ պատրաստվում որեւէ մեկի արած վատ բանը նախկին մեր իշխանության գործընկերների լավագույն տրադիցիաների ձեւերով արդարացնել, ասել՝ հա, դե, լինում է, դե, գիտեք, նման բաներ էլ են լինում: Ոչ, ես ինքս էլ ասելու եմ, որ դա սխալ է, ես կարծում եմ, որ դա պետք է վերանայենք, դա պետք է խոսենք, պետք է քննարկենք, էդ երեւույթը պետք է չլինի: Էդ ձեւով պետք է շարունակենք աշխատել եւ այդ քաղաքական պատասխանատվությունը մենք կրում ենք, թող որեւէ մեկը չկասկածի: Եվ մենք շատ սիրով հայտարարված սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում, եւ ոչ միայն խոսքերի ոճով, այլ նաեւ բանով ու գործով հայտարարված, մենք շարժվելու ենք առաջ: Սա շատ կարեւոր է բոլորիս համար, եւ նաեւ ես մեր բոլոր գործընկերներին կոչ եմ անում աջակցել՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, որովհետեւ երկիրն այնպիսի իրավիճակում է գտնվում, որ որեւէ մեկը չի կարող ուրախանալ մյուսի ձախողման կամ մյուսի գործերը վատ լինելու համար: Մենք նման թանկ գին վճարելու հնարավորություն չունենք: Շնորհակալ եմ եւ մեր նոր Կառավարությանը մաղթում եմ արդյունավետ աշխատանք. միասին շարժվենք առաջ: Շնորհակալություն:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն: Մինչեւ ֆրակցիաների ելույթների անցնելը, հարգելի գործընկերներ, ես արտահերթ ելույթով հանդես կգամ:

Հարգելի գործընկերներ, նախքան ելույթիս բովանդակությանն անցնելն ուզում եմ շնորհակալություն հայտնել պրն Մարուքյանին: Պրն Մարուքյանը մի շատ կարեւոր ճշմարտություն հնչեցրեց. խոսքն արժեք ունի, խոսքը կշիռ ունի, խոսքը գին ունի, խոսքը վերադառնալու հատկություն ունի: Ես, անկեղծ ասած, հարգելի գործընկերներ, չեմ ցանկանում բանավեճ սկսել 2017 թվականի Ընտրական օրենսգրքի արդյունքների վերաբերյալ, չեմ ուզում, մասնավորապես, անդրադարձ կատարել այն հանգամանքին, որ տարբեր միջազգային կառույցներում, տարբեր փաստաթղթերում ամրագրված էր, որ չնայած մի շարք թերություններին, այդուհանդերձ այդ ընտրություններն արտացոլում էին հայ ժողովրդի կամքը, եւ չնայած այդ նույն թերություններին` խորհրդարանում գտնվող բոլոր քաղաքական ուժերն ընդունել էին այդ ընտրությունների արդյունքները: Չեմ ցանկանում անդրադառնալ այն պարզ պատճառով, որովհետեւ մի շարք հարցադրումների եւ, երեւի թե, անպտուղ քննարկումների արահետ պիտի թեւակոխեմ: Հարցադրումներ անելով, թե այս դեպքում մեղադրանքներն ուղղված են միջազգային կազմակերպություններին նաեւ, նրանք էլ են խեղաթյուրել մեզ ուղղված մեղադրանքները՝ իշխանությանն ուղղված մեղադրանքները, հասկանալի են, հասկանալի չեն էդ արձանագրումների հետ կապված որոշակի դիրքորոշումներ: Դա անդրադարձ կլինի այս պահին արդեն անցյալին, հետեւաբար՝ ես, երեւի թե, անդրադարձ կատարեմ բոլորովին այլ հարցի:

Այս քննարկումների թոհուբոհում եւ այսօրվա ընդհանուր քննարկումների առանցքում այն հիմնական նպատակը, որը կարմիր թելի նման անցավ թե՛ որպես Կառավարության ծրագիր ներկայացված փաստաթղթի միջով, թե՛ առհասարակ տարբեր գործընկերների ելույթներում, հետեւյալն է, որ այս փաստաթուղթը որպես իր հիմնական խնդիր կամ իր առջեւ դրված հիմնական խնդիր ունի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելը: Ուզում եմ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հետ կապված` հայտարարել Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը. մենք պատրաստակամ ենք, իհարկե, մասնակցել այդ փոփոխություններին՝ փոփոխությունները կատարելու աշխատանքներին: Ասեմ ավելին. պատրաստակամ ենք քննարկել ցանկացած թեմա, քանի որ չկա որեւէ թեմա, որի քննարկումը մենք բացառենք, բայց միեւնույն ժամանակ ողջամիտ ակնկալիք ունենք, հարգելի գործընկերներ, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը եւ դրա ընդունումը պետք է լինի այն նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է գործող Ընտրական օրենսգիրքը, եւ որքան էլ որ քաղաքական իրողությունների փոփոխության արդյունքում տարաբնույթ գնահատականներ հնչեցվեն, այդուհանդերձ, կան ֆիքսված մոտեցումներ, ոչ թե իմ անձնական դիրքորոշումը, որ Ընտրական օրենսգիրքն ընդունվել է ներառական, թափանցիկ, բոլոր քաղաքական ուժերի, ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական դաշտի այլ դերակատարների ակտիվ ներգրավմամբ այդ գործընթացին եւ եղել է քաղաքական կոնսենսուսի արդյունք: Ուզում եմ հիշեցնել, որ պահանջվող 63 քվեի փոխարեն, այդ Ընտրական օրենսգիրքը ընդունվել է 102 կողմ ձայներով, ավելին, քաղաքական կոնսենսուսին անհամաձայնություն հայտնողները նույնիսկ որոշ անձանց կողմից որակվել են որպես քաղաքական սեկտանտներ, եւ որպեսզի այդ քաղաքական սեկտանտիզմը չշարունակվի գոյություն ունենալ, եւ այդ նույն ուժերն իրենք քաղաքական կոնսենսուսը չմերժեն, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որպեսզի մենք հավատարիմ մնանք այդ սկզբունքներին: Մենք շարունակում ենք մնալ եվրոպական ընտանիքի անդամ, եւ այդ հավատարմությունը եվրոպական չափանիշներին նշանակում է հետեւյալը. այն ոչ միայն բանավոր կերպով է ասված, այն ֆիքսված է միջազգային փաստաթղթերում բոլորիս քաջ հայտնի ժողովրդավարության իրավունքի միջոցով կամ Վենետիկի հանձնաժողովի բազմաթիվ կարծիքներում, որոնք տրված են ոչ միայն ՀՀ-ի, այլ նաեւ այլ երկրների Ընտրական օրենսգրքերի վերաբերյալ: Եվ ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ եղել է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի համատեղ կարծիք-եզրակացությունը, որը քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի մի քանի եւ ոչ թե մեկ նիստում: Եվ, ընդ որում, գործող օրենսգրքի վերաբերյալ հստակ ընդգծվել է, որ Ընտրական օրենսգիրքը պատշաճ հիմք է ստեղծում ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու համար: Կարծում եմ՝ պիտի հավատարիմ մնանք էս չափանիշին, մասնավորապես՝ հայցենք աջակցություն Վենետիկի հանձնաժողովից, ստանանք նրանցից դրական եզրակացություն եւ պատշաճ կերպով կազմակերպենք խորհրդարանական ընտրություններ` անկախ նրանից, հարգելի գործընկերներ, ինչպիսի փաթեթավորմամբ մենք հետ կկանգնենք այս չափանիշից. կարծում եմ՝ դա կլինի նահանջ, նահանջ ՀՀ-ի համար՝ իր իսկ ստանձնած պարտավորություններից, կրկնում եմ, անկախ նրանից` ինչպիսի փաթեթավորմամբ մենք այն կմատուցենք: Սա մեր մոտեցումն է այս հարցի կապակցությամբ:

Ելույթիս 2-րդ մասում մի քանի մտահոգություն եմ ուզում հնչեցնել: Համամիտ եմ, գիտեք, չկա ծրագիր, որի վերաբերյալ հնարավոր չլինի քննադատություն հնչեցնել, թվերը եւ այլն գուցե կարեւոր են գուցե ոչ այնքան, գուցե ինչ-որ իրականության մեջ, գուցե ինչ-որ հարթության մեջ ավելի կարեւոր են, բայց կան մտահոգություններ, որ անկախ թվերից..., եւ կարծում եմ՝ որեւէ մեկը զրկված չէ այդ մտահոգությունները բարձրաձայնելու իրավունքից եւ ուզում եմ, գիտեք, անկեղծորեն էլի նորից խոսքերս ընդունեք, ոչ թե որպես հանրապետական կուսակցության պատգամավորի խոսքեր, որոնք այս օրերին ընդունված է անվանել չարախնդություն, ոչ օբյեկտիվ քննադատություն, չէ, ընդունեք՝ մտահոգություն եւ պատրաստակամություն, նաեւ աջակցել: Կընդունեք` լավ, չեք ընդունի, ձեր իրավունքն է, ես էլ գուցե կստանամ, այսպես կոչված, սիրո, հանդուրժողականության եւ համերաշխության հերթական չափաբաժինը, բայց դրանից ո՛չ մտահոգություններս կփարատվեն, ո՛չ էլ, անկեղծ ասած, իրականությունը կփոխվի, ես ուզում եմ հնչեցնել իմ մտահոգությունները, եթե թույլ տաք, մի քանի առանցքով:

Ես հասկանում եմ, որ գուցե դուք իրականում այս փաստաթուղթը դիտարկել եք Կառավարության ժամանակավոր ծրագիր, բայց, այդուհանդերձ, անունն ինչ էլ դնենք քաղաքական տեսանկյունից, միեւնույն է` ինքը ՀՀ կառավարության ծրագիրն է: Ես հասկանում եմ, որ քաղաքական առանձին դերակատարներ շտապում են արդեն արտահերթ ընտրություններին տոնել իրենց հաղթանակը, ոմանք շտապում են տոնել այլոց պարտությունը, դա էլ եմ հասկանում, հասկանում եմ, որ այս օրերին հանրապետական կուսակցությունը, հարգելի գործընկերներ, ամենայն անկեղծությամբ` օբյեկտիվ պատճառներով, քննադատության հարմար թիրախ է, որովհետեւ եղել է իշխանություն եւ, բնականաբար, որպես իշխանություն` իր իսկ ստանձնած պարտականությունների համար, անհաջողությունների ու հաջողությունների համար պետք է պատասխանատվություն ստանձնի, բայց կարեւոր է` մի բան հասկանանք բոլորս, ընդ որում, առանց ավելորդ պաթոսի, ինչ-որ էմոցիոնալ էքսպրեսիոն ելույթների, առանց գոռգոռոցների, անկեղծորեն կարեւոր է մի բան հասկանալ. քննադատության ռեսուրսը սպառվելու միտում ունի, բացի քննադատելուց` կա նաեւ մեդալի մյուս կողմը՝ աշխատանքը: Եվ էս տեսանկյունից` այն քաղաքական ուժերը, անկախ նրանից` ինչպես ենք ձեւակերպում, գիտեք, նորից քննարկումը կարեւոր չէ, այն քաղաքական ուժերը, որոնք ձեւավորել են Կառավարություն՝ «Ելք» դաշինքը, «Ծառուկյան» դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, որոնք առաջադրել են, վարչապետի թեկնածություն են պաշտպանել, քաղաքական հենարան են խորհրդարանում, նրանք պատասխանատվություն են ստանձնում, վատ բան չեմ ասում, ձեռնարկելու գործողություններ` ի շահ ՀՀ քաղաքացու: Հարգելի գործընկերներ, հասկանում եմ, որ հիմնական խնդիրը, նորից էլի վերադառնամ էդ թեզին, արտահերթ ընտրությունների կազմակերպումն է, բայց անկախ նրանից` էդ արտահերթ ընտրությունները ե՞րբ կլինեն` 3 ամիս, 6 ամիս անց, 9 ամիս անց, թե այլ ժամանակահատվածում, միեւնույն է, այս ժամանակահատվածում ՀՀ քաղաքացին ունենալու է որոշակի սպասումներ, կյանքը շարունակվելու է, բնականոն գործունեություն պիտի ապահովի, եւ, հետեւաբար, էդ բնականոն գործունեությունն ապահովելու համար էլ դուք այդ բնականոն գործունեության, էդպես ասենք, ճանապարհին, այդ ուղու առաջնորդն եք եւ պատասխանատվություն ստանձնած Կառավարությունը, եւ, հետեւաբար, կան պարտականություններ ու իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստեք:

Հիմա, անկեղծ, իմ մտահոգությունները, էլի նորից կընդունեք` կրկին լավ, եւ կուզենամ, որ հնչեցնեք, ու եթե նույնիսկ շանս կա` ծրագրում էդ ձեւակերպումները փոխեք, չեք ընդունի` էլի նորից ձեր իրավունքն է:

Հիմա, օրինակ՝ Հայաստան-ԵՄ ընդլայնված համապարփակ համաձայնագրի հատվածում շահերի բախմանը վերաբերող ոչ մի դրույթ չկա, այսինքն՝ համաձայնագրում կա՝ ծրագրում ոչ մի դրույթ չկա, փոխարենը կա, օրինակ՝ «ունիվերսալ լիազորագրի» գաղափարը, անկեղծ եմ ասում, որը չեք կարողանալու իրականացնել այդ գաղափարը, որ մեկ լիազորագիր լինի, որը կաշխատի բոլոր պետություններում, բոլոր բանկերում ու բոլոր արժեթղթերը կառավարող կազմակերպությունների համար: Հնարավոր չէ, դա չի հաջողվել անգամ Միացյալ Նահանգների հարկային մարմիններին՝ Շվեյցարական իշխանություններից ստանալով համապատասխան փաստաթղթեր: Չեք կարող նույն էդ մեկ լիազորագրով Լյուքսեմբուրգից, Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահանգներից, Շվեյցարիայից, Հոնկոնգից ու Թայվանից ստանալ էդ տեղեկությունները, եթե ուրիշ բան եք նկատի ունեցել՝ շտկեք: Ասածս այն է, որ հետո չլինի սպասում, որը չի իրականանալու, օբյեկտիվ բան եմ ասում: Հաջորդը. ասում եք, որ պետք է Կառավարությունը «քաջալերի» ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցների կիրառումը: «Քաջալերել» բառի բառարանային բացատրությունը նշանակում է միջամտություն, վստահ եմ՝ դա նկատի չեք ունեցել, եթե դա չեք նկատի ունեցել, ուրեմն, պետք է գրվեր, օրինակ՝ որ չեք քաջալերելու, օրենսդրական փոփոխություն եք անելու: Հաջորդը. գրել եք, որ կալանավորված եւ ազատազրկված անձանց թիվը պետք է համապատասխանի օրենսդրությամբ նախատեսված պայմանների լիարժեք ապահովման հնարավորությունների հետ: Տրամաբանությունը հակառակ է շուռ տված, կարծում եմ` պետք է  էնպիսի պայմաններ լինեն, որ համապատասխանեն թվաքանակին, որովհետեւ կստացվի մի բան, որ եթե 4000-ից ավելի դատապարտյալ ու կալանավորված անձ ունենք՝ մյուսներին ազատելու ենք, իրենց թողենք բանտերում, կարծում եմ՝ սա չեք նկատի ունեցել: Կամ ասել եք, որ օդային տրանսպորտի գների անկմանն ուղղված ջանքեր. երեւի նկատի եք ունեցել՝ օդային տրանսպորտով փոխադրման ծառայությունների գների նվազեցմանն ուղղված ջանքերը, հավանաբար դա եք նկատի ունեցել: Էսպես օրինակներ շատ կարող եմ բերել եւ նորից ես անկեղծորեն ցանկանում եմ, որ էն թերությունները, որոնք մատնանշեցի եւ դրանք էլի կան, պատրաստ եմ նույնիսկ ելույթիցս հետո ասել, կշտկվեն, որովհետեւ ձեզ անկեղծորեն բարի երթ եմ մաղթում, չեմ ուզում Կառավարությունը տապալվի, որովհետեւ էլի նորից պրն Մարուքյանին հիշեմ՝ էս նավում, հարգելի գործընկերներ, անկախ նրանից ով որտեղ է՝ ներքեւում, վերեւում, փակված սենյակում, թե բացված սենյակում, բոլորս էդ նույն նավի մեջ ենք: Շնորհակալություն ուշադրության համար:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, անցնում ենք խմբակցությունների անունից ելույթներին: Հայ հեղափոխական դաշնակցության... ներողություն, եթե դուք հիմա կցանկանաք, որովհետեւ ունենք պայմանավորվածություն... «Հայ հեղափոխական դաշնակցություն» պատգամավորական խմբակցության անունից ելույթ համար ձայնը տրվում է Արմեն Ռուստամյանին: Խնդրեմ, պրն Ռուստամյան:

Ա.ՌՈՒՍՏԱՄՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի կառավարություն, հարգելի գործընկերներ, մինչեւ ելույթս սկսելը. էստեղ շատ խոսվեց պատասխանատվության մասին, ես էլ ուզում եմ իմ դիտարկումներն ու մոտեցումները` դրանց հետ կապված, արտահայտել։

Գիտե՞ք, պատասխանատվությունն ուզել-չուզելով չի, որ ստանձնում են կամ չեն ստանձնում. քանի կաս, գոյություն ունես, դու պատասխանատու ես։ Էս գիտակցությամբ պետք է առաջնորդվես, չկա այդպիսի մարդ, որ իրեն լուրջ համարի ու ասի՝ ես պատասխան չեմ տալիս իմ ասածի, արած-չարածի համար։ Միեւնույնն է` դու պատասխան ես տալու, քանի կաս ու գոյություն ունես, քո ասածի,  կատարածի, չկատարածի համար: Եթե դա վերաբերում է կոնկրետ մարդու, առավել եւս վերաբերում է լուրջ քաղաքական ուժի, մենք էդ պատասխանատվության զգացումով, այո, դա դժվար բան է, բայց քաղաքական ուժն էդպես է կայանում՝ պատասխանատվության գիտակցություն ունենալով։ Էդ պատասխանատվությունը մենք ունենք ոչ թե հիմա, այլ 128 տարվա համար, եւ ինչ եղել է էդ ընթացքում, մենք անընդհատ էդ հարցերի հետ կապված` պատասխան ենք տալիս եւ դա նորմալ ենք համարում, որովհետեւ դու եղել ես, ինչ-որ քայլ ես կատարել, մի տեղ մասնակցել ես, մի տեղ չես մասնակցել, երկուսի համար էլ պիտի պատասխան տաս։ Էնպես որ, պատասխանատվությունը շատ կարեւոր բարոյական չափանիշ է, որն ամեն մի սուբյեկտ պետք է ունենա։ Իսկ քաղաքական առումով կառավարությունը չի կարող կոնկրետ չձեւակերպել, թե ո՞վ է պատասխանատուն. պատասխանատու են կառավարությունը, բոլոր էն քաղաքական ուժերը, որոնք կառավարության մեջ են։

Սահմանադրությունն էլ ավելի առաջ է գնացել՝ Սահմանադրությունը կոնկրետ նախարարների պատասխանատվություն է նկատի ունեցել։ Այսօր կարող ենք առանձին վերցրած նախարարի, եթե նա իր պաշտոնում սխալներ է գործում կամ չի համապատասխանում, անվստահության հարց հարուցել։ Այսինքն, պատասխանատվության հարցը, կարծում եմ, սահմանադրորեն շատ ավելի հասցեավորվել է եւ շատ ավելի հստակ է։ Էնպես որ, էս պատասխանատվության հետ կապված հարցադրումները փոքր-ինչ անհասկանալի են։

Կառավարության ներկայացրած ծրագիրն իր ձեւով եւ բովանդակությամբ իսկապես աննախադեպ է, քանզի, ըստ էության, կրում է կնիքը երկրում տեղի ունեցած աննախադեպ համաժողովրդական հեղափոխության։ Որպես հետեւանք՝ ծրագրում կարեւորվել են ոչ այնքան քանակական ցուցանիշները, որքան քաղաքական բարենպաստ մթնոլորտ ձեւավորելու հետ կապված նպատակադրումներն ու անելիքները։ Անշուշտ, դրանց իրագործումը ոչ պակաս, եթե չասենք ավելի պատասխանատու, բարդ ու բազմաշերտ խնդիր է, քանզի դրանց լիարժեք գնահատական տվողը նույն այս հեղափոխությունն իրականացրած հանրությունն է լինելու, որն ակնկալում է տեսնել կոնկրետ քայլեր եւ արդյունք։

Ըստ այդմ, կառավարության ծրագրի նկատմամբ հանրային արդեն գոյություն ունեցող կանխակալ վստահությունը ոչ այնքան ծրագրի ինչպիսին լինելով է պայմանավորված, որքան կատարված իշխանափոխությունը մարմնավորող նոր կառավարության ձեւավորումով։ Այս վստահության հիմքում հասարակության լայն շրջանակներում տիրող այն համոզումն է, որ նոր կառավարությունն ունի անհրաժեշտ քաղաքական կամք եւ վճռականություն՝ վերացնել մեր առաջընթացը խոչընդոտող արգելքները եւ, նոր շունչ հաղորդելով կառավարման գործին՝ երաշխավորել երկրի հեղափոխական եւ թռիչքաձեւ զարգացումը։

Այս գործը հաջողությամբ պսակելու համար նախադրյալներ ստեղծելուն է հիմնականում կոչված ներկայացված փաստաթուղթը, որը կարելի է որակել որպես կառավարության գործունեության հայեցակարգային դրույթներն արտացոլող անցումային ծրագիր։ Ծրագրի անցումային լինելու հանգամանքը, ըստ էության, փաստում է հատկապես արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրային նպատակադրումը։

Դաշնակցությունը ստեղծված ֆորսմաժորային վիճակում եւ գործադիր ու օրենսդիր մարմինների հարաբերություններում հնարավոր ճգնաժամը լուծելու առումով եւս արձանագրում է արտահերթ ընտրությունների նշանակությունը։ Սակայն մենք կարեւորում ենք դրանց պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ իրավաքաղաքական պայմանների ապահովումը եւ Սահմանադրությամբ ու օրենքներով նախատեսված ընթացակարգերի անշեղ կատարումը, ինչը ենթադրում է ոչ միայն առավել ժողովրդավարական ընտրական համակարգի ձեւավորում, այլեւ, ի նկատի ունենալով ընտրական իրավունքը պաշտպանելու նպատակով ոստիկանության կազմում համապատասխան ստորաբաժանում ստեղծելու ծրագրային դրույթը, ոստիկանությունը վարչապետի անմիջական ենթակայությունից դուրս հանելու եւ խորհրդարանի լիարժեք վերահսկողության տակ դնելու խնդրի առաջնահերթ լուծումը։

Այս խնդիրներից զատ, իհարկե, ծրագրում ամրագրված է հրատապություն պահանջող քաղաքական բարեփոխումների պատկառելի օրակարգ, որի առանցքային շատ դրույթներ համահունչ են Դաշնակցության պատկերացումներին։ Սակայն ավելորդ չի նշել մեզ համար հատկապես դրանցից կարեւոր մի քանիսը՝ իշխանության հետագա ապակենտրոնացում, պետական համակարգում հակակշռման եւ զսպման մեխանիզմների կատարելագործում, ամբողջական գործառույթներով օժտված հակակոռուպցիոն անկախ մարմնի ձեւավորում, քաղաքականություն, հատկապես հանրային իշխանություն-բիզնես տարանջատում, մրցունակ եւ վստահելի մարդկային կապիտալ ձեւավորելուն կոչված արդար ու թափանցիկ կադրային քաղաքականություն, ընտրական համակարգի կատարելագործում, տարածքային ռեյտինգային ընտրակարգի վերացում, տնտեսական գործունեության համար հավասար պայմանների ստեղծում, արդյունավետ հակամենաշնորհային պայքար, ներառական տնտեսական աճի ապահովում՝ ուղղված դրա արդյունքների արդար բաշխմանը, աղքատության հաղթահարում, սոցիալական բեւեռացման մեղմում, կենսաթոշակային համակարգի բարեփոխում, հայության լիարժեք եւ անմիջական մասնակցության ապահովում հայոց պետականության հզորացման գործում, արտագաղթի կասեցում եւ հայրենադարձության խրախուսում եւ կազմակերպում։

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դատապարտման», այստեղ մենք առաջարկում ենք ավելացնել «եւ հետեւանքների հաղթահարման» բառերը, գործընթացի շարունակություն, ինչպես ամրագրված է Համահայկական հռչակագրում, քանի որ սա մատնանշում է հայության միասնական պայքարի հստակ ուղղվածությունը՝ ոչ միայն դատապարտում, ճանաչում, այլ հետեւանքների հաղթահարում։

«Արցախի՝ որպես հակամարտության կողմի, որոշիչ ձայնով ներգրավումն իրական եւ տեղական խաղաղ հանգուցալուծման գործընթացում». այստեղ էլ առաջարկում ենք, որ սրանից բխեն գործողություններ, ուստի նկատի ունենալ հետեւյալ ձեւակերպումը. «Կառավարությունը ջանքեր կգործադրի բանակցություններին Արցախի Հանրապետության ներկայացուցիչների ուղղակի եւ լիիրավ մասնակցությունն ապահովելու, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացմանն աջակցելու համար»։

Հարգելի գործընկերներ, իհարկե, ակնհայտ է այս ծրագրի ընդգծված քաղաքական բնույթը, սակայն սա չի կարող նշանակել, թե պակասելու է արտաքին եւ ներքին քաղաքականության իրականացման հետ կապված` կառավարության հաշվետվողականության նկատմամբ պահանջը, քանզի այն կարգավորված է Սահմանադրությամբ։ Սահմանադրության 156-րդ հոդվածով նախատեսված՝ «Կառավարությունը տարեկան զեկույց է ներկայացնում Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված՝ պետության քաղաքականության, տնտեսական, սոցիալական եւ մշակութային նպատակների իրագործման վերաբերյալ»։ Հետեւաբար, տվյալ իրավիճակում կարելի է շատ եւ ամեն ինչ չգրել, եթե գիտես` ինչ անել ու պատրաստվում ես շատ գործել։ Ուրեմն, ի գործ՝ ի շահ մեր երկրի ու ժողովրդի։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, համաձայն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի` արտահերթ ելույթի իրավունքով հանդես կգա առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Խնդրեմ, պրն Միրզոյան։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալ եմ։ Սիրելի տիկնայք եւ պարոնայք, նախքան ելույթիս բուն ծրագրին նվիրված հատվածին անդրադառնալը, ձեր թույլտվությամբ, մի երկու դիտարկում եմ ուզում անել։

Առաջինը. մեծ ափսոսանքով ուզում եմ նկատել, որ սերը եւ համերաշխությունը, այդուհանդերձ, դեռ չեն հասցրել թափանցել ԱԺ փակ ցանկապատերից եւ այս հաստ պատերից ներս։

Եվ երկրորդը. շատ սիրով եւ համերաշխաբար ուզում եմ ասել, որ կարծես թե, ահա այս գծից այն կողմ նստած խորհրդարանականների մոտ որոշակի հիշողության հետ կապված ոչ տեղին դրսեւորումներ եմ տեսնում, ձեր թույլտվությամբ, որպեսզի կոպիտ չհնչի՝ մանրամասնեմ. տպավորություն է, որ մեր կառավարությունն իշխանության է մոտավորապես 20 տարի, այնինչ մենք դեռ 1 ամիս է` իշխանության ենք, եւ բոլոր էն բացթողումները, որոնց մասին այսպես համառորեն խոսում են մեր հանրապետական գործընկերները, երեւի թե, հասցեագրված են հենց իրենց, այդ թվում նաեւ՝ շատ մեծ, գեղեցիկ, կարեւոր ոլորտներում մեծ, գեղեցիկ լուրջ թվեր ներկայացնելու եւ հետո փառահեղ կերպով էդ թվերը տապալելու եւ առաջադրված նպատակներին չհասնելու վերաբերյալ։

Ծրագրի մասին. որոշակի թյուրըմբռնում կա, իհարկե, ինչպես տեսնում ենք ծրագրի բովանդակության, կառուցվածքի, ոճաբանության հետ կապված, եւ ահա այս թյուրըմբռնումը փարատելու համար մեկնաբանությունս, խոսքս կառուցելու համար ստիպված պիտի լինեմ գնալ շատ հետ, երեւի, լուսավորչականության շրջան, երեւի, Ժան Ժակ Ռուսոյից սկսեմ: Ուրեմն, պետությունը, սիրելի գործընկերներ, դա մեծ հաշվով հասարակական դաշինք է, քաղաքացիների պայմանագիր, պայմանավորվածություն, որտեղ քաղաքացիներն ազատ եւ երջանիկ ապրելու նպատակով իրենց զանազան՝ անվտանգության, կրթության, սոցիալական, տնտեսական, զանազան պահանջմունքները բավարարելու նպատակով ստեղծում են որոշակի մարմիններ, այդ մարմիններին օժտում են միմյանց հետ, քաղաքացիների հետ, արտաքին աշխարհի հետ հարաբերվելու նորմեր, կանոններ, օժտում են այդ լիազորություններով եւ իրենք գնում են իրենց գործերով։

Եվ ահա այս պայմանագրում, որտեղ սահմանվում են այս կանոնները, մենք` իբրեւ պետություն, սահմանել ենք հիմնական, համակեցության ամենահիմնական կանոնները մեր պետության մասով` հետեւյալներն են, գրված են ՀՀ Սահմանադրության մեջ, ցիտում եմ. «ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով». սա է այն հիմնարար, առանցքային պայմանը, որի շուրջ մենք բոլորս հավաքվել ենք եւ մեզ անվանում ենք Հայաստանի Հանրապետություն։ Այս պայմանն է խաթարված եղել այս տարիների ընթացքում, այս պայմանը չի գործել, որի պատճառով մենք ապրել ենք տասնամյակներ շարունակ ձեւախեղված, խեղաթյուրված, ցուրտ մի իրականության մեջ, որտեղ քաղաքականությունը պիտի լիներ չքաղաքականացված, անգամ այս ամբիոնը, որտեղ ազատ տնտեսությունը որեւէ աղերս չուներ մրցակցության հետ, որտեղ դատարանները, դատավորները ոչ թե դատում էին, կշռադատում էին եւ վճիռ էին կայացնում, այլ ստորագրում էին զանգով թելադրված տեքստերի տակ, որտեղ, օրինակ՝ առողջապահության նպատակը ոչ թե քաղաքացուն բուժելն էր կամ կանխարգելելը որեւէ հիվանդություն կամ համաճարակ, այլ` փող կլպելը, որտեղ ճանապարհային ոստիկանության նպատակը ոչ թե երթեւեկության կանոնները կանոնակարգելը եւ վթարներն ու մահացության դեպքերը նվազեցնելն էր, այլ` քաղաքացիներից փող կլպելը, փող կլպելը, փող կլպելը։ Ահա այս իրականության մեջ էինք մենք ապրում։

Եվ ահա այս իրականությունը շտկելու, այս ծուռ հայելիներն ուղղելու վերաբերյալ է մեր ծրագիրը, ոլորտ առ ոլորտ, ուղղություն առ ուղղություն, արժեհամակարգային իմաստով մեր ծրագիրը հիմնարար փաստաթուղթ է։ Իհարկե, ես ինձ թույլ չեմ տալիս համեմատության եզրեր տանել անկախության հռչակագրի կամ Սահմանադրության, կամ մեր համար սրբազան այլ փաստաթղթերի հետ, բայց ուզում եմ ասել, որ բնույթով հիմնարար է, արժեհամակարգային է այն փաստաթուղթը, որը ներկայացված է ձեր դատին։

Թե չէ` դուք ասում եք խոշոր եղջերավոր անասունների կաթնատվություն, պրն Շարմազանովը, ցավոք, էստեղ չի, հուսամ՝ լսում է. ես համաձայն եմ, գուցեեւ կաթնատվությունը չբարձրանա, բայց վստահաբար մարդիկ կարող են այլեւս խոպան չգնալ, մնալ իրենց գյուղում, անասուն պահել եւ արտահանել տարբեր երկրներ՝ օրինակ Իրան, որովհետեւ դրա արտոնությունն այլեւս մի հոգունը չէ։ Դուք ասում եք` հայագիտության մասին որեւէ խոսք չկա, պրն Շարմազանով, հուսով եմ, որ լսում եք. այո, չկա, բայց խոսք կա գիտության, իրական գիտության մասին` միջազգային ստանդարտներին համապատասխան, 21-րդ դարին վայել գիտության մասին, ոչ թե, ես ցիտում եմ մի հայտնի պաշտոնյայի մի հայտնի խոսք, ոչ թե քոսոտ երկրին վայել գիտության մասին։

Թվե՞ր եք ուզում, դուք կտեսնեք էդ թվերը, կառավարությունը պատրաստվում է ներկայացնել այս ծրագրից բխող գործողությունների, միջոցառումների ժամկետներ, որտեղ կլինեն հստակ թվեր։ Կարող ենք հանգամանալից քննարկել՝ էդտեղ նշված 7,5%-ն ավելի իրական կլինի, քան ձեր ասած 7,5%-ը, կարող ենք էդ քննարկումն ունենալ, բայց ես ուզում եմ` հասկանանք՝ ինչի՞ մասին է էս փաստաթուղթը։ Դուք կտեսնեք էդ թվերը եւ ոչ էնպես, ինչպես մենք ենք տեսել էդ թվերը նախկինում, եւ ինչպես շատ պատկերավոր ներկայացրին մեր գործընկերներ տիկին Զոհրաբյանը, Հայկ Կոնջորյանը եւ մյուսները։

Մեզ ասում են՝ հեռու չեք գնա. տիկին Նաղդալյան, գուցե։ Գուցե շատ հեռուն չգնանք, բայց վստահաբար կգնանք, ոչ թե տարիներ շարունակ կդոփենք գարշահոտ ճահճում, որը մոդեռն տերմինաբանությամբ սովոր ենք գաղջ անվանել։ Էնպես որ, խորհուրդ կտայի գաղջի ցլերին, ափսոս, էլի համապատասխան տերմինը շրջանառության մեջ դրած գործընկերը դահլիճում չէ, մի փոքր հանդարտություն դրսեւորել, մի փոքր համերաշխություն դրսեւորել, սեր դրսեւորել եւ, ի վերջո, հասկանալ, որ կյանքն անցողիկ է, կարճ։

Եվ վերջում երջանկության մասին. դա անշոշափելի, անէական, եթերային մի բան չէ։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ կա երջանկության միջազգային ցուցիչ, չափորոշիչ եւ սանդղակ, եւ 156 երկիր ամեն տարի հավաքվում են եւ էդ չափորոշիչներին համապատասխան իրենց տեղն են զբաղեցնում էդ շարքում։ Եվ որքան էլ ցավալի է, 156 երկրների շարքում, երջանկության այս շատ կոնկրետ ցուցիչում Հայաստանը զբաղեցնում է 129-րդ տեղը. սա շատ տխուր է, հարգելի տիկնայք եւ պարոնայք։

Էնպես որ, իհարկե, ես չունեմ պրն Աշոտյանի փայլուն արտիստիզմը, բայց դրա փոխարեն մաքուր սրտով ձեզ բոլորիդ երջանկություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Միրզոյան։ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության անունից ձայնը տրվում է Նաիրա Զոհրաբյանին։

Ն.ԶՈՀՐԱԲՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, հարգելի հայրենակիցներ, ինչպես տեսանք, դահլիճի այս հատվածը գենետիկորեն ընդդիմանում էր ցանկացած գործողության, որն իր մեջ ներառում է կոռուպցիայի կազմաքանդում, որն իր մեջ ներառում է տնտեսական մենաշնորհների ողնաշարի կոտրում, որն իր մեջ ներառում է ... ոսկերչական պրոֆեսիոնալիզմի, ոսկերչական, յուվելիրնի մակարդակից ավելի բարձր մակարդակի հասցված ընտրակեղծարարության ջարդում, եւ դա բնական է, որովհետեւ դահլիճում նստած այս հատվածը ստիպված է այլեւս ապրել այն ճյուղի վրա, որը կտրվել է։ Եվ, բնականաբար, այդ գենետիկ հակադարձումը պիտի լիներ այս աստիճանի եւ մեզ համար ոչ զարմանալի։

Մեր դիրքորոշումը ես ներկայացրեցի, մեր դիրքորոշումն իմ գործընկերները ներկայացրին. այս կառավարությունը երկու հստակ, հիմնական գործառույթ ունի։ Ինչպես արդեն նշեցի՝ կտրել այն արատավոր ճյուղը, որի վրա դուք, ձեր կլանը տարիներ շարունակ նստած եք եղել եւ հարստահարել եք ժողովրդին` երկրում տարածելով միայն ապականություն, միայն հուսալքություն եւ միայն արդարություն, եւ երկիրը տանել արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Եվ, քանի որ, պրն Աշոտյան, դուք ինձ համեմատեցիք Էժեն Դելակրուայի հայտնի «Ազատությունը բարիկադների վրա» կտավի հետ, թույլ տամ մեկ համեմատություն եւ խորհուրդ. խորհուրդ եմ տալիս ձեզ շատ ուշադիր դիտել, կարծեմ, դուք գեղարվեստի լավ գիտակ եք, Բոսխի «Հիմարների նավը» եւ երկրորդ կտավը՝ Կարավաջոյի «Յուդիթը եւ Օլոֆերնը». կարծում եմ՝ այդ նկարի պատկերը հենց հիմա եկավ ձեր աչքի առաջ։ Շնորհակալություն, առողջություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Ես պատկերացնում եմ առողջապահության նախարարի ծանրաբեռնվածությունն այսուհետ։ Հարգելի գործընկերներ, ՀՀԿ պատգամավորական խմբակցության անունից ձայնը տրվում է Վահրամ Բաղդասարյանին։ Խնդրեմ, պրն Բաղդասարյան:

Վ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի կառավարություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ասելիքս շատ է՝ ժամանակը կարճ, կաշխատեմ չանդրադառնալ ելույթներին, հակառակ դեպքում՝ այլեւս ասելիք չեմ ունենա, ժամանակս կսպառվի։ Միայն նորից ցանկանում եմ մի բան ցիտել, որ քաղաքական հարաբերությունները ժամանակավոր են, մարդկային հարաբերությունները` մնայուն, հարգանքով վերաբերվեք մեկդ մյուսին։

Եվ, պրն Միրզոյան, սիրո եւ հանդուրժողականության կողմնակիցները գծեր չեն գցում այսպես ժողովրդի մեջ, այս կողմն էլ մեզ հետ բոլորը եղել են կառավարություն, եւ կառավարության եւ ընդդիմության մեջ գծեր պետք չի գցել, չգիտենք, թե ժամանակն ինչ ցույց կտա ապագայում։

Յուրաքանչյուր ընտրությունից հետո քաղաքական զարգացումների արդյունքում եւ նոր պահանջներ առաջանալու արդյունքում, բնականաբար, միշտ անհրաժեշտություն է եղել Ընտրական օրենսգրքի վերանայումը, եւ այո, մենք կողմնակից ենք, որ պետք է վերանայվի Ընտրական օրենսգիրքը։ Վարչապետ Փաշինյանի առաջարկությունը, որ պետք  է ստեղծվի կառավարության հանձնախումբ, այո, մենք կողմնակից ենք, որ ստեղծվի նաեւ կառավարության հանձնախումբ։ Սակայն բոլորիս հայտնի է, որ օրենքների մշակման դարբնոցը դա ԱԺ-ն է եւ մեր կարծիքով, ԱԺ-ում ներկայացված 4 քաղաքական ուժերը պետք է գան քաղաքական համաձայնության եւ մշակեն ֆորմատ, ենթադրենք՝ յուրաքանչյուր խմբակցությունից` 3-ական հոգի կամ յուրաքանչյուր քաղաքական ուժից` 3-ական հոգի, եւ պետք է համաձայնության դաշտում սկսեն քննարկումներն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նպատակով, որից հետո որոշում պետք է կայացվի, որ նույն ֆորմատով ձեւավորված կառավարության հանձնախումբը նույնպես պետք է միանա, եւ արդեն մշակեն ճանապարհային քարտեզ՝ հետագա քննարկումների համար, քննարկումներ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, քննարկումներ հասարակական կազմակերպությունների հետ, քննարկումներ Հայաստանում ներկայացված դեսպանությունների ներկայացուցիչների հետ, քննարկումներ Հայաստանում ներկայացված միջազգային կառույցների հետ, խորհրդարանական լսումների կազմակերպում, որից հետո քաղաքական կոնսենսուսի արդյունքում՝ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՄԻԿ-ի մոնիթորինգի հանձնաժողովի հետ ճանապարհային քարտեզ` բանակցությունների համար, որից հետո քաղաքական կոնսենսուս, եւ Ընտրական օրենսգիրքը լրամշակված տարբերակով պետք է մտնի ԱԺ՝ քննարկման։

Ինձ թվում է` սա է մեր առաջարկությունը, որ էս տեսքով պետք է գնա, սա է ժողովրդավարությանը հարիր երկրի համար Ընտրական օրենսգրքի քննարկման ճանապարհը, եւ նաեւ մենք պետք է ունենանք այնպիսի Ընտրական օրենսգիրք, որն ընկալելի կլինի միջազգային հանրության համար։

Այժմ ծրագրի հետ կապված. կառավարության գործունեության ծրագիրը, ըստ էության, պայմանագիր է կառավարության, ԱԺ-ի եւ ժողովրդի միջեւ, հետեւաբար, այն պետք է պարունակի ոչ միայն նպատակներ, այլեւ դրանց հասնելու ճանապարհները, եղանակները, քայլերի եւ գործունեությունների հաջորդականությունը։ Այսինքն՝ կառավարության գործունեության ծրագիրը իր մեջ պետք է ներառի ոչ միայն նպատակները, այլեւ դրանց հասնելու միջոցները։ Նման կառուցվածքն իր հիմքում ունի այն տրամաբանությունը, որ ԱԺ-ն եւ հասարակությունը հնարավորություն կունենան քայլ առ քայլ ստուգել եւ հավաստիանալ կառավարության ծրագրում ներառված յուրաքանչյուր նպատակի իրագործման մեջ, եւ պատշաճ հսկողություն իրականացվի կառավարության յուրաքանչյուր քայլի, այդ թվում՝ արդյունավետության նկատմամբ։ Այսինքն՝ կառավարության գործունեության ծրագիրը պետք է լինի ոչ թե հռետորական, այլ` չափելի, առնվազն` նվազագույն մակարդակի։ Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ աշխարհում ցանկացած երկրի կառավարության ծրագիր իր մեջ պարունակում է ինչպես կառավարության ցանկություններն ու նպատակները, այնպես էլ` դրանց իրագործման չափելի ցուցանիշները։

Ներկայացված ծրագիրը ոչ միայն չի պարունակում որեւէ ցուցանիշ, այլեւ միանգամայն ակնհայտ ներկայացնում է, որ կառավարությունը չի տիրապետում երկրի սոցիալ-տնտեսական ոլորտում իրերի իրական վիճակին եւ ակնհայտորեն խուսափում է իր իսկ կանխագծած մոտալուտ քաղաքական զարգացումների ֆոնին հասարակության առջեւ ստանձնել քաղաքացիների սոցիալական վիճակը նկատելի բարելավելու իր խոստումների կատարման որեւէ քաղաքական պատասխանատվություն։

Ավելին, ապրիլյան իրադարձությունների ժամանակ կառավարության բոլոր անդամները՝ վարչապետի գլխավորությամբ, հանրահավաքների ընթացքում եւ լրատվական միջոցներով անընդհատ հնչեցնում էին այն գաղափարը, որ պետք է լինի թռիչքային աճ տնտեսության մեջ եւ յուրաքանչյուր քաղաքացու առօրյա կյանքում։ Փոխարենը՝ ողջ ծրագրում կարմիր թելով անցնում է հետեւյալ քվազիքաղաքական թեզը. որպեսզի ամեն ինչ լավ լինի, հասարակությունը պետք է անվերապահ վստահի կառավարությանը։ Այսինքն՝ կառավարության ծրագրում անգամ ներառված չեն այս ամբողջ ընթացքում մեր հասարակությանը տված խոստումները եւ դրանց իրականացման հնարավոր մեխանիզմները։

Նման իրավիճակը, ըստ էության, կարող ենք բնորոշել որպես տված խոստումները չիրականացնելու եւ պատասխանատվությունից խուսափելու փորձ։ Որեւէ ցուցանիշի, հետեւաբար նաեւ որեւէ ակնկալվող չափելի արդյունքի բացակայությունը ծրագրում հիմք է` եզրակացնել, որ կառավարությունն առնվազն խուսափում է կոնկրետ պատասխանատվություն ստանձնել մեր հասարակության առաջ, քանի որ որեւէ չափելիություն չունեցող գործունեության արդյունավետությունը գնահատել՝ սկզբունքորեն անհնար է։ Հետեւաբար, որեւէ կառավարություն, չսահմանելով իր գործունեության համար առարկայական եւ փաստացի արդյունքներ, ըստ էության, հրաժարվում է ստանձնել կոնկրետ պատասխանատվություն` սահմանափակելով միայն դեռեւս վաղ ժամանակներից ազգային գաղափարախոսություն հանդիսացող գաղափարներն ու նպատակները վկայակոչելով։

Նման պարագայում նույնիսկ ավելորդ է խոսել ծրագրում երկրի անվտանգության հետագա ամրապնդման համար տնտեսության անհրաժեշտ զարգացման, իրավաքաղաքական եւ տնտեսական անշրջելի երաշխիքների, արտաքին բացասական աշխարհատնտեսական ազդեցություններին հաջողությամբ դիմագրավելու, ազգային տնտեսության կարողությունների ձեւավորման հայեցակարգային մոտեցումների բացակայության մասին։

Այս ամենը կարող է որակվել մեկ ֆրազով՝ ոչ պրոֆեսիոնալիզմ, ինչն ինքնին մտահոգիչ է։ Երկրի կառավարումը ստանձնելու պահից մինչեւ այսօր կառավարության կողմից պաշտոնի նշանակված առանցքային դերակատարները հասարակությանը հետաքրքրող ամենաառանցքային հարցերի վերաբերյալ անգամ կատարում են իրարամերժ, իրար հակասող հայտարարություններ։ Ուստի, օգտակար պետք է լիներ տեսնել մի այնպիսի ծրագիր, որը գոնե հիմնական հարցերի շուրջ կարտացոլեր կառավարության հատուկ մոտեցումներն ու դիրքորոշումները, այլ կերպ ասած՝ կառավարության ծրագիրը մեծամասամբ կազմված է անորոշ հայտարարություններից եւ պոպուլիստական ձեւակերպումներից։ Ծրագրում չկան թվային ցուցանիշներ եւ ժամկետներ։

Հատկապես մտահոգիչ եմ համարում, որ զինված ուժերում իրականացվող քաղաքականության մասով ծրագիրը սահմանափակվում է միայն ընդհանուր տեսլականով, եւ դրանում արտացոլված չեն ակնկալվող գործողություններն ու ժամկետները։ Ազգ-բանակ հայեցակարգն անհասկանալիորեն փոխարինվել է քաղաքացի-բանակ ձեւակերպմամբ, ինչը սկզբունքորեն անընդունելի է, քանի որ մեր ղարաբաղյան հերոսամարտը եւ մեր ազգային ինքնությունը պահպանվել է ոչ միայն մեր քաղաքացիների, այլեւ մեր բազմահազարանոց Սփյուռքի կողմից, որոնք ՀՀ քաղաքացիներ չեն հանդիսացել։

Ծրագրում չկա մշակված քաղաքականություն` զինվորական ծառայության գրավչությունը, զորակոչի կազմակերպման արդյունավետությունը, ռազմական կրթության որակը, զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ադրբեջանի կողմից անընդհատ վտանգված հսկայական շրջաններ ունեցող երկրի կառավարությունը խոսք անգամ չի ասել սահմանամերձ համայնքների նկատմամբ վարվելիք իր քաղաքականության մասին եւ չի անդրադարձել այդ համայնքների անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրներին։

Արտաքին քաղաքականության ոլորտում կառավարության ներկայացրած ծրագիրն ամբողջությամբ պահպանում է նախորդ կառավարության կողմից որդեգրած արտաքին քաղաքականության առաջնահերթությունները եւ ուղղությունները` չնայած նրան, որ տարիների ընթացքում այսօրվա կառավարության ղեկավարի եւ անդամներից շատերի կողմից քննադատվել է։

Պարզ չէ, թե ինչ սկզբունքով են ծրագրի հեղինակները մեր արտաքին քաղաքականության բնագավառում առանձնացրել Հնդկաստանն ու Ճապոնիան, ի դեպ՝ երկու պետությունների հետ էլ ունենք փայլուն հարաբերություններ։ Ընդ որում՝ նշված է, որ հարաբերություններ ենք զարգացնելու մի շարք մայրցամաքների հետ, դրանք թվարկվում են, եւ չգիտես ինչու դրանց թվից բացակայում է միայն Ավստրալիան։ Ինչո՞վ, խնդրում եմ ասել, պաշտոնական կապերն ինչո՞վ չեն բավարարում վարչապետ Փաշինյանի կառավարությանը։ Հասկանալի չէ, թե ինչու նույն Ճապոնիայի հիշատակման պարագայում չկա որեւէ հիշատակում Եվրամիության անդամ երկրների, հատկապես Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի հետ հարաբերությունների մասին։ Ի վերջո, ինչո՞ւ չի հիշատակվում Վատիկանը, որի առաջնորդ, աշխարհի ավելի քան 1 միլիարդ կաթոլիկների հոգեւոր հայր պապ Ֆրանցիսկոսն իր այցելությունը Հայաստան, անվանեց ոչ ավելի, ոչ պակաս՝ ուխտագնացություն առաջին քրիստոնեական պետություն։

Ես, երեւի, ժամանակի սղության պատճառով, թույլ տաք` ամփոփեմ, որովհետեւ, ինձ թվում է՝ սխալ էի հաշվարկս կատարել։ Համենայն դեպս, բոլոր ոլորտներին ես չեմ կարող անդրադառնալ ոլորտ առ ոլորտ, որովհետեւ ծրագիրը բավականին սակավ է եղել, այսպիսով, մեզ մոտ մնում են ապագայի նկատմամբ մտավախություններ։ Մենք դեմ ենք կառավարության ծրագրին` ներկայացված տեսքով: Նոր ձեւավորված կառավարության գործունեությանը չխոչընդոտելու նպատակով, քաղաքական որոշման արդյունքում, ՀՀԿ-ն կապահովի անհրաժեշտ կողմ ձայների քանակը, ինչպես ընդունված է ասել այս օրերին՝ թողենք` աշխատեք, բայց հորդորում ենք ձեզ՝ հանկարծ ձեր աշխատանքային նույն ոճով չմոտենաք՝ ինչ ծրագրի մշակմանն եք մոտեցել. սա երկիր է, եւ այսօր դուք եք կրում երկրի պատասխանատվությունը մեր ողջ հանրության առջեւ։

Շնորհակալություն, Աստված պահապան մեր ժողովրդին, հաջողություն եմ ցանկանում ձեզ։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Բաղդասարյան։ Հարգելի գործընկերներ, մինչ ես հրավիրեմ պրն վարչապետին` եզրափակիչ ելույթով հանդես գալու, խնդրում եմ բոլորին վերադառնալ դահլիճ, որովհետեւ եզրափակիչ ելույթից հետո մենք արդեն կանցնենք քվեարկության։

Խնդրեմ, պրն վարչապետ, եզրափակիչ ելույթի համար, համեցեք։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալություն, ինչքա՞ն է ժամանակը, հա, 60 րոպե, էդքան չեմ ձգի։ Շնորհակալ եմ շահագրգիռ քննարկման համար, անկեղծ ասած, իմ փորձն ինձ թույլ է տալիս անել հետեւյալ եզրակացությունը, որ, ընդհանրապես, ամենավտանգավոր բանը փակվելն է քննադատության առաջ եւ էսպես ասած՝ քննադատությունը վանելը, որովհետեւ ես մի բանում եմ համոզվել՝ նույնիսկ այնպիսի քննադատությունը, որի նկատմամբ առաջին ռեակցիան հետեւյալն է՝ թե` էս ի՞նչ ես ասում, ո՞նց կարելի է էդպիսի բան ասել, հաջորդ պահին կարելի է այդ քննադատության մեջ գտնել ինչ-որ ռացիոնալ բան, միշտ։ Չկա էդպիսի քննադատություն, իսկապես չկա, ամենասուր, ամենաանձնական, ամենավիրավորանքով համեմված, չկա էնպիսի քննադատություն, որ եթե դու ուզենաս դրա մեջ գտնել որեւէ ռացիոնալ բան եւ չգտնես։ Բայց ես նաեւ չեմ ուզում, որպեսզի անարձագանք թողնեմ մի քանի կարեւոր շեշտադրումներ։

Առաջինը՝ ծրագրի ձեւի եւ բովանդակության վերաբերյալ։ Գիտե՞ք, անկեղծ ասած, իմ քաղաքական գործունեության համար ամենեւին նորություն չէ, երբ փորձ է արվել անընդհատ ասել՝ գիտե՞ս, այ, օրինակ՝ ԱԺ պատգամավոր չեն լինում այդպես, ԱԺ պատգամավոր պետք է լինել այսպես։ ԱԺ ամբիոնից ելույթ չեն ունենում այսպես, ինչպե՞ս կարելի է, չէ՞ որ կան հանրահայտ ճշմարտություններ՝ ԱԺ ամբիոնից ելույթ են ունենում այսպես։ Իշխանափոխություն չեն անում այսպես, իշխանափոխություն անում են այսպես՝ այ, պետք է հրապարակում կարկանդակ բաժանել, ինչ-որ տեղ պահած ունենալ 50 մլն դոլար եւ այլն, հրապարակում վարչապետ չեն ընտրում եւ չեն ընտրվում, ինչպե՞ս կարելի է այդպես։

Բայց կներեք, չէ՞ որ մարդկությունը վաղուց արդեն ստեղծել է այդ բոլոր մեխանիզմները, ես չեմ ասում, որ ովքեր դա ասել են, սխալ են ասել, ես խոսում եմ ուրիշ բանի մասին, հենց մեր այսօրվա քննարկումը հաստատում է այն քաղաքական իրողությունը, որը կա, մենք խոսում ենք մտածողության տարբեր հարթությունների մասին։ Ձեր ասածի մեջ ոչ մի սխալ բան չկա, այսինքն՝ սխալի ու ճշտի մեջ չի խնդիրը, խնդիրը մտածողության հարթության, ձեւի եւ մոդելի մասին է։

Եվ ուզում եմ ասել, որ շատ է ասվում, որ մեր ծրագրի մեջ չկան թվեր. մեր ծրագրի մեջ կան բազմաթիվ թվեր, եւ այդ թիվը բազմաթիվ դեպքերում նույնն է, հիմա ես, եթե այդ թիվն այդքան նկատելի չէ, կներկայացնեմ. ինչպիսի՞ն է լինելու կամ ինչպիսի՞ն է արդեն Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի մակարդակը։ Ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը՝ 0: Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանում արտոնյալների տոկոսը, ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը՝ 0: Հայաստանում խոշոր բիզնեսն ամսական ինչքա՞ն նալոգ պետք է տա Հանրապետության վարչապետին, ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ 0։ Հայաստանում ինչպիսի՞ եւ քանի՞ մենաշնորհներ պետք է գոյություն ունենան, ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ 0։

25 տարի շարունակ մենք այս դահլիճում լսել ենք, այդ թվում՝ կառավարության ծրագրերի կապակցությամբ, որ այս պլպլան թվերը, որ գրել եք, էս թվերն ի՞նչ նշանակություն ունեն, քանի դեռ Հայաստանում կան մենաշնորհներ, քանի դեռ Հայաստանում կա կոռուպցիա, քանի դեռ Հայաստանում կան արտոնյալներ։ Այ, գնացեք կառավարություն, եթե դուք ուժեղ եք, եթե դուք իրոք ազնիվ եք, գնացեք կոռուպցիան վերացրեք, մենաշնորհները վերացրեք, արտոնյալներին վերացրեք, նալոգների համակարգը վերացրեք։ Եկել ենք, ասում ենք՝ վերացնում ենք ու վերացրել ենք, ասում են՝ ո՞նց, թիվ չեք գրել։ Հիմա ի՞նչ է ձեր ուզածը, ժողովուրդ ջան։

Ես կարծում եմ, որ մեր ծրագրի ամենալավ գնահատականը տվեց պրն Շարմազանովը. ի՞նչ ասաց. ասաց՝ սա երազանքների ծրագիր է։ Այո, պրն Շարմազանով, ձեր կուսակցությունը եւ ձեր կառավարությունը թվերի տակ տրորում էր մարդկանց երազանքը, սա երազանքների ծրագիր է, եւ սա երազանքների երկիր ունենալու ծրագիր է, եւ մենք այս ծրագրով ասում ենք, որ ՀՀ քաղաքացիներին վերադարձրել ենք  երազելու իրավունքը եւ երազանքներն իրագործելու իրավունքը։  Եվ սա մեր կառավարության գործունեության ամենակարեւոր կողմը եւ ամենակարեւոր երեսն է։

Երջանկության մասին են խոսում, պետության ֆունկցիայի մասին են խոսում, դե, ցույց տվեք` վերջին անգամ ե՞րբ է այս ամբիոնում եւ ընդհանրապես ՀՀ ԱԺ-ում հնչել, թե` լավ, ի վերջո, գոյության իմաստը ՀՀ-ի ո՞րն է. մեր պետության գոյությունն ինքնանպատա՞կ է, ես չեմ հասկանում։ Մեր նորանկախ պետության գոյության ողջ ընթացքում չի եղել խոսակցություն, ժողովուրդ ջան, այս պետությունը, որ մենք ստեղծել ենք՝ ի՞նչի համար ենք ստեղծել: Ստեղծել ենք, որ ամեն մեկս մի պաշտո՞ն ունենա, ամեն մեկս մի բիզնե՞ս ունենա, ծառայողական ավտոմեքենա՞ ունենա, առանձնատնե՞ր. դա՞ է մեր պետության նպատակը: Այո, ես կարծում եմ, որ չափազանց կարեւոր է հասկանալ՝ ո՞րն է Հայաստանի Հանրապետության գոյության գործնական նպատակը, եւ այդ նպատակը պետք է հասկանալի լինի յուրաքանչյուր քաղաքացու։

Երջանկությունն այնքան տարօրինակ բան է թվում, հասկանալի է, որովհետեւ մենք խոսում ենք մի խորհրդարանում, որտեղ մարդկանց մտքով չի էլ անցել, որ իրենց գործառույթը մարդկանց երջանկությունից չզրկելն է, մարդկանց երջանիկ լինելու հնարավորություն տալը: Եվ ես պարզ հարց եմ տալիս. ինչպե՞ս կարող է մարդը երջանիկ լինել մի հանրությունում, երբ փողոց դուրս գալիս առաջին բանը, որ տեսնում է, ուրիշների ագրեսիվ, դժբախտ դեմքերն են, ինչպե՞ս կարող է լինել: Այո, այդ մարդկանց երջանկությունը եւ հանրության քաղաքակրթության մակարդակը կախված է շատ պարզունակ բաներից:

Խոսվում էր հերթերի մասին. մենք հերթեր շատ տեղեր ենք ունենում՝ բանկերում, նախարարություններում, ընդունարաններում, շատ տեղերում, այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկա, եւ այո՛, այդպիսի պրիմիտիվ դետալներից է կազմված հանրության երջանկության համաթիվը կամ ցուցանիշը: Մեր հեղափոխությունից հետո առաջին ռեակցիան համատարած հետեւյալն էր, որ մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել: Սա ինձ համար ամենակարեւոր ցուցանիշն է, որովհետեւ չկա ո՛չ Առեւտրի համաշխարհային կազմակերպության, ո՛չ Դուինգ բիզնեսի ցուցանիշներում, չկա մարդկանց ժպիտի համաթիվ։ Ինձ համար ամենակարեւոր արժեքը մարդկանց ժպիտն է, որը տոկոսով չի չափվի, թվով չի չափվի, եւ մեր կառավարության գործունեության ընթացքում մարդիկ այդ ժպիտից չեն զրկվելու: Սա՛ է մեր ամենակարեւոր գործառույթը:

Շատ է խոսվում էլի այդ պատասխանատվության թեմայի մասին, որ այս ծրագիրը պետք է լիներ «Ելք»-ի, «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ-ի նախընտրական ծրագրերի հիման վրա: Մենք կրկին քաղաքական իրավիճակը պետք է ճիշտ գնահատենք. այո, ես «Ելք» դաշինքի անդամ եմ, բայց ես ՀՀ վարչապետ ընտրվել եմ ոչ որպես «Ելք» դաշինքի թեկնածու եւ ոչ էլ որպես որեւէ այլ խմբակցության թեկնածու: Ես վարչապետ ընտրվել եմ որպես ՀՀ ժողովրդի թեկնածու: Եվ հիմնական քաղաքական գործոնը, որ պահելու է կառավարությունը, դա ժողովրդի վստահությունն է:

Խոսվում է վտանգների մասին. ես ուզում եմ ասել՝ ես շատ լավ գիտեմ, որ այն պահին, երբ մենք չունենանք ժողովրդի վստահությունը, 5 րոպե չի տեւի մեր մնալը կառավարությունում: Եվ ուզում եմ ասել հակառակը. այն պահին, երբ մենք զգանք, ես անձամբ զգամ, որ չունեմ ժողովրդի վստահությունը՝ 5 րոպե ավելի չեմ մնա վարչապետի պաշտոնում: Մենք բոլորս հասկանում ենք, որ Ազգային ժողովն ինձ վարչապետ ընտրել է ի հեճուկս սեփական ցանկությունների, որեւէ մեկը թող չասի, որ լավություն է արել ինձ կամ որեւէ մեկին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրելով: Եվ որեւէ մեկը թող չմտածի, որ ինձ կամ կառավարությանը լավություն է անելու՝ կառավարության ծրագրին կողմ քվեարկելով: Մենք որեւէ մեկի լավության կարիքն Ազգային ժողովում չունենք: Ուզում եք` կողմ քվեարկեք, ուզում եք` դեմ քվեարկեք: Մենք ունենք ժողովրդի վստահությունը եւ մենք ասել ենք, որ ժողովրդի վստահությունը պետք է դառնա կոնկրետ քաղաքական արդյունք, եւ դա կդառնա կոնկրետ քաղաքական արդյունք` անկախ նրանից՝ դուք դա ուզո՞ւմ եք, թե՞ ոչ:

Ասվում է, որ պետության կառավարման լուրջ փորձ ունեք դուք, տիկին Նաղդալյան: Ես ներողություն եմ խնդրում, թույլ տվեք` պետության կառավարման ձեր փորձը մենք չկիրառենք, որովհետեւ տեսանք, թե ձեր փորձն ուր է տանում եւ ինչի է հասցնում: Ես օրինակ՝ հրաժարվել եմ, ի սկզբանե, եւ հրաժարվում եմ պետության կառավարման ձեր փորձից, երբ ես պետք է ունենամ վերահսկողություն բիզնեսի այս կամ այն ոլորտի վրա եւ որոշեմ, թե այս դահլիճում նստածներից ով ինչքա՞ն փող պետք է աշխատի եւ իր սեփականության ո՞ր տոկոսն ում փայն է, եւ բանավոր հրահանգներով որոշեմ, որ այս մեկը պետք է սնանկանա, այս մեկը չսնանականա, այս մեկը պետք է դառնա միլիոնատեր, ընդ որում՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում: Մենք հրաժարվում ենք այդ փորձից:

Եվ հիմա էլ ասում են՝ ծանր է իշխանության գլխարկը: Ո՛չ, ծանր չի, որովհետեւ եթե ձեզ թվում է, որ մեր իշխանության շուրջ մթնոլորտը ՀՀ-ում այնքան գաղջ է, ինչքան այս դահլիճում, դուք չարաչար սխալվում եք: Շատ հաճելի է այդ իշխանության գլխարկը, որովհետեւ մենք զգում ենք մեր ժողովրդի աջակցությունը եւ մեր ժողովրդի վստահությունը: Ծանր չի, դա մեծ պատիվ է՝ լինել ժողովրդի իշխանության կրողը, եւ որեւէ մեկը չկասկածի, որ մենք այդ պատիվը չենք արժեզրկի, որեւէ մեկը սրան չկասկածի:

Կներեք, այս դահլիճում նայում են մեր կողմը՝ ասում են՝ դե, մենք չենք ուզում չարախնդալ: Չհասկացա, դուք կարող եք նաեւ չարախնդա՞լ, էս ո՞վ է չարախնդալուց խոսում, այդ ո՞ւմ վրա եք չարախնդալուց խոսում: Ժողովուրդ ջան, եկեք մի քիչ լրջանանք:

Ասում են` տուրիզմի զարգացումը հեղափոխությունով չի լինում, հյուրանոցներով է լինում: Հիմա Ֆրանկոֆոնիայի գագաթաժողով եք կազմակերպում. պարզվում է՝ ձեր իշխանության 20-քանի տարվա ընթացքում գոնե այնքան հյուրանոց չկա, որ բոլոր հյուրերին նորմալ տեղավորեն, կառավարությունները նիստեր էին անում՝ կլինի, կլինի: Խնդրում ենք Ֆրանկոֆոնիայի կազմակերպման մեր գործընկերներին չանհանգստանալ, ամեն ինչ կարգին կլինի: Կառավարությունները նիստեր էին անում՝ ասում էին` լսի, ինչքա՞ն փող ծախսենք բյուջեից  1 միլիո՞ն,  թե՞ 2 միլիոն, որ CNN-ով մեզ 6 վայրկյան ցույց տան: 1 ամիս աշխարհի բոլոր լրատվամիջոցները մեզ խնդրել են, որ մեզ ցույց տան։ Հիմա ասում են` տուրիզմը հեղափոխությունով չեն զարգացնում: Տեսել ենք, թե դուք ոնց եք զարգացնում տուրիզմը:

ԿԳԲ-ի եւ ԱԱԾ-ի մասին. այսօր հազարավոր երիտասարդներ, ի տարբերություն 1 կամ 2 ամիս առաջվա, դիմումներ են գրում ԱԱԾ-ում աշխատանքի անցնելու համար, 2 ամիս առաջ նույնքան մարդիկ դիմումներ էին գրում ԱԱԾ-ից դուրս գալու վերաբերյալ: Ես նկատի ունեմ այն բովանդակային փոփոխությունը, որ ակնկալում ենք. եկեք ոչ մի բան չքանդենք, այդ բովանդակային փոփոխությունն անխուսափելի է, եւ դա անխուսափելիորեն տեղի է ունենալու:

Արդյունաբերության եւ տնտեսության կառուցվածքի մասին. էլի եմ ասում՝ մենք 20 տարի անընդհատ խոսել ենք, ասել ենք ի՞նչ արդյունաբերություն, ի՞նչ տնտեսություն, ժողովուրդ ջան, ոչ մի բան չի լինի, մինչեւ այս երկրից կոռուպցիան արմատախիլ չլինի: Այսինքն՝ պետությունն ի՞նչ պետք է անի. պետությունը պետք է պայմաններ ստեղծի, որ մարդիկ աշխատելու, եկամուտ, շահույթ ունենալու հնարավորություն ունենան, եւ մենք ասում ենք, որ այդ բոլոր հնարավորությունները կստեղծենք: Մենք ենք չէ՞, ասել` ազատ շուկայական տնտեսություն: Հիմա, եթե այդ պայմանները ստեղծենք, արդյունաբերությունն իր տեղը կգտնի, այն մյուս ոլորտն իր տեղը կգտնի եւ տնտեսությունը, շուկան ինքը իր պահանջները կթելադրի: Այնտեղ, որտեղ հնարավոր է շահույթ ստանալ՝ այդ շահույթն անտեր չի մնա: Սա է մեր փիլիսոփայությունը:

Եվ անընդհատ խոսվում է, թե մենք չենք ուզում, որ այս կառավարությունը տապալվի, վայ, հանկարծ այս կառավարությունը չտապալվի: Մի՛ անհանգստացեք, հարգելիներս, այս կառավարությունը չի՛ տապալվելու, ժողովուրդը չի՛ տապալվելու, հեղափոխությունը չի՛ տապալվելու, Հայաստանի Հանրապետությունը լինելու է իրոք ազատ, իրոք ժողովրդավարական, իրոք օրենքի իշխանություն ունեցող երկիր: Եվ եթե հարց է, թե հեղափոխությունն այդ ինչ է փոխելու խոշոր եւ մանր եղջերավոր անասունների կյանքում եւ իրավունքների մեջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ խոշոր եւ մանր եղջերավոր անասուններն այս պահից սկսած ստացել են իրավունք` արտահանվել առանց վարչապետի եղբոր դոբրոյի: Այ, սա է փոխվել խոշոր եւ մանր եղջերավոր անասունների կյանքում, մի՞թե դժվար է այս ամեն ինչը հասկանալ: Գուցե շատ մեծ փոփոխություն չէ, բայց մի փոփոխություն է, որ Հայաստանի Հանրապետությունում 10 եւ ավելի՝ 20 տարի հնարավոր չէր լինում իրականացնել: Եվ այս տոկոսը 100 է, Հայաստանի Հանրապետության խոշոր եւ մանր եղջերավոր անասունների 100 տոկոսը ստացել է անխափան եւ անարգել ՀՀ-ից արտահանվելու իրավունք: Ահա թե ինչ է փոխվել խոշոր եւ մանր եղջերավոր անասունների կյանքում եւ մեր բոլորիս:

Կրկին շնորհակալ եմ շահագրգիռ քննարկման համար, ՀՀ ժողովուրդը հաղթել է, եւ որեւէ մեկը չի կարող ՀՀ ժողովրդի հաղթանակը հետ վերցնել նրա ձեռքերից: Եվ ես ձեզ կոչ եմ անում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին, քաղաքական ուժերին միանալ այդ հաղթանակին, աջակցել այդ հաղթանակին, չնեղվել այդ հաղթանակից, որովհետեւ, ի վերջո, սա նաեւ ձեր եւ ձեր երեխաների հաղթանակն է:

Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում: Շնորհակալ եմ։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, հարցի քննարկումն ավարտվեց։

Քվեարկության է դրվում «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» ԱԺ որոշումն ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 62
Դեմ՝ 39
Որոշումն ընդունվել է։

Հարգելի պրն վարչապետ, շնորհավորում եմ ձեզ կառավարության ծրագիրն ընդունվելու կապակցությամբ եւ հույս հայտնում, որ ձեր ելույթում հնչած եւ ծրագրում ամրագրված դրույթներն իրականություն կդառնան։ Շնորհակալություն, նիստն ավարտվեց։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS