Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 2

13 սեպտեմբերի 2022

Ժամը 10:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՌՈՒԲԵն ՌՈՒԲԻՆՅԱՆԸ

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ տեղադրել քարտերը և նախապատրաստվել գրանցման. գրանցում: Գրանցվել է 63 պատգամավոր, քվորում ունենք:

Հարգելի պատգամավորներ, հարգելի հայրենակիցներ, տեղյակ եք, որ այս գիշեր ադրբեջանական զորքերը մի քանի ուղղությամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ուղղությամբ: Մենք ունենք նաև զոհեր և վիրավորներ: Նախ և առաջ, առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհվածների հիշատակը:

ԼՌՈՒԹՅԱՆ ՐՈՊԵ

 Տեղյակ եք, որ մենք ունենք հաստատված օրակարգ, բայց ես տեղեկացնեմ, որ թե՛ քվեարկությունները, թե՛ օրակարգը կքննարկենք ավելի ուշ: Այժմ 1-2 բառով ես կանդրադառնամ իրավիճակին: Ուզում եմ նախ և առաջ ասել, որ ստեղծված իրավիճակում մենք՝ թե՛ մեր ժողովուրդը, թե՛ մեր քաղաքական ուժերը, պետք է լինենք մաքսիմալ միասնական: Այս իրավիճակում մենք չենք կարող քաղաքական և այլ տարաձայնություններին տեղ տալ, նաև մեր համաքաղաքացիներին եմ ուզում դիմել՝ որևիցե ձևով խուճապի չմատնվել: Մենք շատ բարդ իրավիճակում ենք գտնվում, և խնդրում եմ ձեզ որևիցե ձևով թե՛ ապատեղեկատվությանը, թե՛ տարածվող տարբեր լուրերին տեղիք չտալ, չտարածել դրանք և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը: Տեղեկացնեմ նաև ձեզ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում ամրագրված 98-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ես ներկայացնելու եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծ ադրբեջանական հարձակման վերաբերյալ: Եվ կխնդրեմ նաև իմ գործընկերոջը՝ Վլադիմիր Վարդանյանին, հիմա չէ, պրն Վարդանյան, որ հայտարարության տեքստը ներկայացնի, որից հետո մենք այն կքննարկենք: Նաև տեղեկացնեմ, որ ժամը 11-ին այստեղ կգա Հայաստանի Հանրապետության վարչապետը, որին դուք հնարավորություն կունենաք՝ թե՛ հարցեր ուղղել, թե՛ վարչապետը նաև ելույթ կունենա և կներկայացնի այն իրավիճակը, որը կլինի այդ պահի դրությամբ:

Այժմ, պրն Մինասյան, դուք ուզում էիք վարման կարգով: Խնդրեմ, եթե բան ունեք ավելացնելու, ասեք: Դրանից հետո պրն Վարդանյանին հնարավորություն տանք, ներկայացնի:

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Արձանագրենք, որ ողջ գիշեր «Հայաստան» խմբակցությունն աշխատել է, և գիշերը նաև մեր խմբակցության հայտարարությունն է եղել: Այսօր խմբակցությունն Ազգային ժողովում է, ես և խմբակցության ղեկավար պրն Օհանյանը էստեղ ենք, որպեսզի առաջադրեինք այդ պահանջը, առաջարկը, որպեսզի ընթացիկ այս օրակարգերը մի կողմ մղվեն, և քննարկվի ստեղծված իրադրությունն ու նաև այն անելիքները, որ մենք պետք է իբրև երկիր, իբրև պետություն՝ իրականացնենք, ինչպես նաև մաքսիմալ բաց ու ոչ ժամկետային սահմանափակմամբ քննարկման ենթարկենք ստեղծված իրավիճակին հանգեցնող գործողությունները, այդ թվում՝ նաև իշխանության պատասխանատվությունը, խաղաղասիրական այն կեղծ օրակարգը, որը հանգեցրեց այս ամենին: Եվ շատ լավ կլինի, մենք նաև աշխատում ենք հիմա հայտարարության նախագծի վրա նույնպես և առաջիկայում այդ հայտարարությունը նույնպես կառաջարկենք, որ կարողանանք Ազգային ժողովի ամբիոնը լիարժեք օգտագործել բաց, հրապարակային անկեղծ քննարկումներ իրականացնելու և բոլորի պատասխանատվությունն ու անելիքները ֆիքսելու ուղղությամբ:

Այո, զորակցությունը մեր զինված ուժերին մենք գիշերը մեր հայտարարությամբ արտահայտել ենք և այսօր էլ, այս պահին էլ, ինչպես նախկինում ամրագրել ենք, մեր օրակարգային հարցն է եղել, մեր երկրի, մեր պետականության կարևորագույն օրակարգային հարցն է հատկապես հիմա: Մեր պահանջ-առաջարկն ուժի մեջ է:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մինասյան: Ես կարծում եմ, որ բավականին հստակ միտքս ձևակերպեցի: Մենք, այո, պետք է լինենք միասնական և միասնական ձևով աշխատենք: Ես ձեզ առաջարկեցի նաև հայտարարության տեքստի հետ կապված՝ մեզ հետ համագործակցել: Ինչևէ, դրա մասին չեմ ուզում խոսել: Մենք բաց քննարկում ունենալու ձեր մատնանշած էդ հնարավորությունը կունենանք: Եվ ես կոչ եմ անում, նաև խնդրում եմ և հորդորում եմ, որ ձեր խմբակցությունը նույնպես ներկա գտնվի դահլիճում, որպեսզի որևիցե մութ հարց չմնա, և ձեր ասած բաց քննարկումը տեղի ունենա:

Ես արդեն ասացի, որ վարչապետը ժամը 11-ի դրությամբ կլինի: Թերևս, այսքանը: Պրն Ռուբինյան, վարման կարգով՝ խնդրեմ, բան էիք ուզում ավելացնել:

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն Մինասյան, պրն Օհանյան, ուրախ եմ, որ ձեզ էստեղ տեսնում եմ: Ես կարծում եմ, որ լավ միտք չէ այսօր մրցակցող հայտարարություններ քննարկելը: Կարծում եմ նաև, որ լավ միտք չէ, եթե հայտարարությունը չընդունվի միաձայն: Պրն Վարդանյանը, կարծում եմ՝ փոխանցել է մեր առաջարկած՝ պրն Սիմոնյանի առաջարկած հայտարարության նախագիծը: Այդ նախագծի վրա այդ թվում ես էլ եմ աշխատել, այդ թվում ձեր խմբակցության տարածած հայտարարության կետեր ներառելով այդ հայտարարության նախագծի մեջ, կարծում եմ՝ նկատած կլինեք: Ես մի առաջարկ ունեմ: Ես առաջարկում եմ, որ բոլորս միասին ընդունենք այս հայտարարության նախագիծը: Առաջարկում եմ նաև, եթե կհամաձայնեք, ընդմիջում վերցնենք 20 րոպե, ձեր խմբակցության ներկայացուցիչները գան դահլիճ և միասնաբար կողմ քվեարկենք այդ հայտարարությանը: Ես կարծում եմ՝ դա կարևոր է: Ու ես չեմ կարծում, որ այդ հայտարարության նախագծի մեջ կան կետեր, որոնք կարող են ձեզ համար անընդունելի լինել: Գուցե կարող են լինել կետեր, որոնք չկան, և դուք կուզեիք, որ լինեին, բայց ես վստահ եմ, որ անընդունելի կետեր չկան: Ես առաջարկում եմ մեր այս օրը, այս կարևոր, պատասխանատու օրը սկսել միասնականությամբ: Շնորհակալություն:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Խնդրեմ, պրն Օհանյան. համեցեք:

 Ս.ՕՀԱՆՅԱՆ

-Պրն Սիմոնյան, այստեղ ոչ մեկը հայտարարության առումով մրցակցության մեջ չի մտնում: Քիչ առաջ՝ զրույցի ժամանակ ես ասացի, նաև պրն Վարդանյանին ասել եմ՝ ամբողջ գիշեր մենք աշխատել ենք: Եվ եթե անհրաժեշտ էր, որ հայտարարության տեքստն այսօր առավոտյան միանգամից ընդունեինք, ապա մենք նաև տեղյակ կլինեինք և դրա վրա կաշխատեինք: Բայց հայտարարության տեքստի հետ մենք կարող ենք ունենալ նաև որոշակի նկատառումներ, որոնք իրադրությանն են վերաբերում, հենց այս իրավիճակին, այն բոլոր գործընթացներին, որոնք բերել է սրան, ժամանակի բացթողնմանը, նաև ամենակարևորը՝ այս իրավիճակին, Ադրբեջանի կողմից կազմակերպված սադրանքին նախապատրաստմանը: Այդ առումով՝ հայտարարության տեքստերը բազմաթիվ են եղել: Էստեղ մենք մրցակցության մեջ չենք մտնում: Մենք էլ ենք հայտարարություններ պատրաստել, որոնց վերաբերյալ դուք որևիցե բան չեք ասել և ներկա չեք գտնվել: Օրինակ՝ եթե Շուշիի հռչակագրին էն ժամանակ գնահատական տայինք, երևի թե, լուրջ կերպով նախապատրաստված կլինեինք: Դրա համար հայտարարությանը պետք է ծանոթանալ և կողմ լինել կամ կողմ չլինել, և անհրաժեշտ է հայտարարությունը քննարկել: Մեր առաջարկությունը հետևյալն է, որ ժամանակ կլինի, ոչ թե հիմա 10-15 րոպեում քննարկենք, արագ ընդունենք, ժամանակ լինի, լայն քննարկում իրականացվի, որից հետո հայտարարություն ընդունվի:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Պրն Օհանյան … Լռություն դահլիճում: Ես հիմա ի՞նչ եմ առաջարկում: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ես հիմա 20 րոպե ընդմիջում կհայտարարեմ, էդ ընդմիջման ընթացքում դուք հնարավորություն կունենաք, մենք մեր գործընկերների հետ, Վլադիմիր Վարդանյանի հետ կաշխատենք: Տեսեք էդ հայտարարությունը, մի հատ քննարկենք էդ հայտարարությունը: Հետագայում, ցավոք սրտի, օրենքը նախատեսում է, որ միայն Ազգային ժողովի նախագահի կողմից կարող է հայտարարության տեքստն այս ստեղծված իրավիճակում ներկայացվել, ուստի, մենք, էսպես ասած, առաջարկում ենք, էդ հայտարարության տեքստը ձեզ կներկայացնենք, մի հատ իրար հետ էս 20 րոպեի ընթացքում քննարկեք, տեսեք, թե ինչ է, այնուամենայնիվ, ձեր կողմից ինչ առաջարկներ կլինեն: Հետագայում մենք էդ քննարկումը կանենք էստեղ՝ դահլիճում արդեն, և որից հետո արդեն, ինչպես արդեն ասացի, ենթադրում եմ՝ մեր ժամանակը կհերիքի, որպեսզի վարչապետը ներկայանա, նաև հարց ու պատասխան լինի, նաև ստեղծված իրավիճակի մասին խոսենք: Իսկ էդ ժամանակահատվածում ես ևս մեկ անգամ հորդորում եմ՝ ձեր գործընկերներին, վերջապես, դահլիճ կանչեք, որովհետև էս իրավիճակում, նորից եմ ասում՝ քաղաքական ուղղվածությունը … Ո՛չ դրա ժամանակն է, ո՛չ էլ դրա պահն է, որ մենք հիմա դրանով զբաղվենք: Ընդմիջում 20 րոպե հարգելի գործընկերներ:

ԸՆԴՄԻՋՈՒՄ

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, խնդրում եմ զբաղեցնել տեղերը: Հարգելի գործընկերներ, առաջարկություն ունեմ: Առաջարկում եմ Ադրբեջանական հարձակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի քննարկում, հատուկ ընթացակարգի վերաբերյալ որոշման նախագիծ եմ ներկայացրել, ըստ որի՝ հարցի քննարկումն իրականացնենք ընդհանուր կարգով և առանց ընդմիջումների: Այժմ այս առաջարկը ես պետք է դնեմ քվեարկության: Խնդրում եմ ուշադիր լինել:

Խնդրեմ, պրն Մինասյան, վարման կարգով, համեցեք:

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Պրն Սիմոնյան, ակնհայտ է, որ 20 րոպեն չափազանց փոքր ժամանակահատված է այն առաջարկների մասով, որ քիչ առաջ մենք խոսում էինք, հետևաբար՝ առաջարկը հետևյալն է. առնվազն գոնե 1 ժամ ժամանակ: Հասկանալի է, որ ձեր իրավասության շրջանակներում ձեր կողմից ներկայացված նախագիծն է, բայց մեր առաջարկները, եթե նպատակը համատեղ ընդունելն է, ապա, բնականաբար, մեր առաջարկները պետք է քննարկման և իրացման հնարավորություն ունենան: Սա է պատճառը, որ առնվազն 1 ժամ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ձևակերպվի էն հայտարարության նախագծի վերաբերյալ, որը ներկայացված է: Եվ երկրորդ կարևոր հաստատումը. ի վերջո, եթե տրամադրությունը նա է, որ պետք է լսվի ընդդիմության խոսքը, ձայնը, ապա պետք է նաև էդ հնարավորությունն իրացվելի լինի: Հակառակ դեպքում, եթե դուք պետք է միայն էդ նախագիծը, որը դուք ներկայացրել եք, ընդունեք և որևէ այլ տարբերակ չեք դիտարկում, իրավունքը ձերն է, կարող եք քվեարկել, ընդունել: Էդ դեպքում մենք չենք կարող մասնակից լինել:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Չէ, պրն Մինասյան, ինչպես ասացի, միանշանակ է, որ ստեղծված իրավիճակում թե՛ ձեզ, թե՛ մեզ, թե՛ մեր հանրապետությանը պետք է մաքսիմալ միասնականություն: Պետք է ուղղակի հասկանալ … Ձեզ ինչքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի … Բավարար ժամանակը ո՞րն եք համարում: Ես առաջարկում եմ՝ ինչ անենք: Առաջարկում եմ … Հիմա ես էլի ընդմիջում կհայտարարեմ: Չգիտեմ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը դա թույլ տալի՞ս է, թե՞ թույլ չի տալիս, եթե նույնիսկ թույլ չի տալիս, ես, մեկ է՝ ընդմիջում կհայտարարեմ, կամ ֆրակցիայի անունից ընդմիջում կհայտարարենք, որպեսզի էդ հնարավորությունը դուք ունենաք: Եվ, կարծում եմ՝ նաև կարող ենք, էդ ընդմիջումից բացի, օգտագործել այն ժամանակը, որ վարչապետն այստեղ կլինի, և վարչապետի հարց ու պատասխանի ելույթից հետո նոր կքննարկենք: Ես կներառեմ ձեր առաջարկները, եթե էնտեղ որևիցե արտառոց բան չլինի, էն հայտարարության նախագծի մեջ, որը ներկայացնելու եմ որպես Ազգային ժողովի նախագահ, և դրանից հետո միայն կքվեարկենք, որպեսզի այն միասնական լինի: Այդ տարբերակը ձեզ հարմա՞ր է:

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Ես ասացի՝ ողջամիտ ժամկետը 1 ժամն է:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Դե, դրանից ավելի է ստացվում, էլի:

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Ինչպե՞ս:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Դրանից ավելի է ստացվում իմ ասած տրամաբանության մեջ: Եթե հիմա, ենթադրենք՝ մեր խմբակցության ղեկավարը … Միացրեք բարձրախոսը:

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Եթե մենք ուղղակի ժամկետային սահմանափակումը դնում ենք հիմքում և էդ հնարավորությունը…

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Դե, չենք դնում ժամկետային սահմանափակումը:

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Էդ դեպքում …

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Իմ ասածը դա է: Հիմա ես ուզում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը պահպանել: Հիմա մեր խմբակցության ղեկավարը 20 րոպե ընդմիջում կուզի, և դրանից հետո ենթադրում եմ, որ եթե դրա կարիքը կլինի, կա՛մ դուք, կա՛մ «Պատիվ ունեմ»-ն էդ հնարավորությունից կօգտվեք: Դրանից հետո վարչապետը կգա էստեղ, ելույթ կունենա, հարց ու պատասխան տեղի կունենա: Էդ, կարծում եմ՝ արդեն մի ժամից ավելի ստացվեց:

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Պրն Սիմոնյան, մեր քննարկման թեման հայտարարությունն է, չէ՞:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Ես հիմա ուզում եմ ժամանակ ձգել էդ հայտարարության համար:

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Հայտարարությունն է, շատ լավ: Ի դեպ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքն էսպիսի արտակարգ իրավիճակներում որոշակի հնարավորություններ նախատեսում է, և կարող ենք, ժամկետային սահմանափակումն անտեսելով, էդ ժամանակահատվածը տալ և մեր առաջարկությունները կտանք: Դրանից հետո դուք նաև կքննարկեք: Եթե իրացման ենթակա է, մենք մասնակցենք քննարկմանը և քվեարկությանը: Եթե իրացման ենթակա չէ, դուք մերժում եք էդ առաջարկները, ի՞նչ է պետք …

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Որտե՞ղ տեսաք, որ ես ինչ-որ բան եմ մերժում:

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Ես դրա համար եմ ասում՝ մեկ ժամ ժամանակը ողջամիտ ժամանակահատվածն է:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Իսկ ավելի ժամանակը ձեզ կխանգարի՞, եթե մեկ ժամ չլինի, ժամուկես լինի կամ 2 ժամ լինի, կխանգարի՞ ձեզ:

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Չէ, եթե ժամուկես, 2 ժամ …

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Դե, բա իմ ասածը դա է, պրն Մինասյան: Հիմա մենք նորից ընդմիջում կանենք: Ես առաջարկում եմ՝ շարունակեք էդ քննարկումները և խնդրում եմ պրն Վարդանյանի հետ արդեն սկսեք դա քննարկել, որպեսզի մենք ժամանակ չկորցնենք: Հենց վարչապետը կգա, էդ ժամանակը ևս դուք, ձեր խմբակցության մի մասը, ես չգիտեմ՝ եկել եք, թե չեք եկել. ամբողջությամբ կազմը էստեղ է, թե ոչ, դուք էդ ժամանակը … Մի մասը թող էդ փաստաթղթի վրա աշխատի, որպեսզի ձեր առաջարկները նույնպես ներառվեն դրա մեջ: Ժամուկես, 2 ժամ առնվազն, եթե ոչ ավելի ժամանակ է լինելու, որից հետո մենք միասնական կընդունենք հայտարարությունը: Նորմա՞լ է սա ձեր համար, պրն Մինասյան:

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Նորմալ է: Մեր առաջարկի վրա մենք հիմա աշխատում ենք, էնպես չէ, որ չենք աշխատում: Եվ պրն Վարդանյանի հետ աշխատելն էս պահին …

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Այսինքն՝ մենք եկանք համաձայնության:

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Համաձայնություն առ այն, որ մենք ունենք ժամանակահատված՝ մեր ձևակերպումը շարունակելու …

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Այո, ունենք ժամանակ, որպեսզի … Իսկ, պրն Մամիջանյա՞ն…

 Հ.ՄԱՄԻՋԱՆՅԱՆ

-Ընդունելի է:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Ընդունելի է: Շնորհակալություն: Ընդմիջում մինչև կոչնակը կհնչի:


Ժամը 12:50

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ԵՎ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԸ

 

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, վերսկսում ենք մեր նիստը: Խնդրում եմ զբաղեցնել տեղերը: Այժմ ներկա իրավիճակը ներկայացնելու համար ձայնը տրամադրում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Համեցեք, պրն վարչապետ:

 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի փոխնախագահ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, սիրելի հայրենակիցներ, լրատվությունից գիտեք արդեն, որ կեսգիշերին, ըստ էության, Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ուղղությամբ 4 ուղղություններով, հետագայում ևս 2-3 ուղղություն է ավելացել: Եվ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողությունները եղել են ի պատասխան հայկական կողմից՝ Հայաստանի կողմից ինչ-որ սադրանքների, բայց պետք է միանշանակ արձանագրենք, որ այդ տեղեկատվությունը բացարձակապես կեղծ է, սուտ է և, ընդհանրապես, չի համապատասխանում իրականությանը: Եվ ես այսօրվա իմ ելույթում կփորձեմ ոչ միայն մի շարք փաստեր արձանագրել, այլև ներկայացնել հարցի կոնտեքստը, թե ինչու է այս ամենը տեղի ունենում:

Այս պահի դրությամբ Պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունենք, բայց պիտի նաև արձանագրեմ, որ այդ թիվը, ցավոք, վերջնական չէ: Ուզում եմ ընդգծել, որ պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի և վերստուգվի, նոր հրապարակվի: Այս է պատճառը, որ մենք, նաև նախկինում ունեցած ցավալի փորձը հաշվի առնելով, մինչև վստահ չենք լինում, զոհված զինվորի կամ սպայի ինքնության վերաբերյալ որևէ տվյալ չի հրապարակվում: Պիտի արձանագրեմ, որ մեր զինվորները, սպաները, մեր բանակը կռվել են անձնուրացաբար, հերոսաբար, նաև, հարգանքի տուրք մատուցելով մեր զոհված զինվորներին և սպաներին, պիտի ընդգծեմ, որ մարդկային այդ տեսակի վրա է հիմնված մեր պետականությունը, մեր անկախությունը և ինքնիշխանությունը: Եվ քանի դեռ կան նման մարդիկ, որոնք վճռական պահին պատրաստ են սեփական կյանքը վտանգի տակ դնել, ընդհուպ զոհաբերել հանուն հայրենիքի, դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի և կունենա ինքնիշխանություն, Հայաստանի Հանրապետությունը, հայկական պետականությունը կլինի, կլինի հարատև, և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կկարողանա հպարտ լինել իր զավակների համար:

Ըստ էության, այս պահի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց 1-2 ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են: Պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբը գնահատում է իրավիճակը, գնահատում է կորուստները, և ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի:

Ուզում եմ ասել նաև, որ, ըստ էության, այն պահից սկսած, երբ հայտնի է դարձել հարձակման մասին, Անվտանգության խորհրդի անդամները հրավիրվել են ինձ մոտ, և Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, խորհրդակցություն, քննարկում, որը մինչև լուսաբաց է շարունակվել: Մասնակցել են Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, և այդ քննարկման, նիստի արդյունքներով որոշում ենք կայացրել՝ դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, և այդ դիմումի առիթով այժմ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ: Դիմել ենք նաև Ռուսաստանի Դաշնությանը՝ 1997 թվականի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի հիման վրա և որոշում ենք կայացրել  ՝ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որպեսզի իրավիճակը հրատապության կարգով քննարկվի:

Ես գիշերվա ընթացքում հեռախոսազրույցներ եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, Ֆրանսիայի նախագահի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Պաշտպանության նախարարն է զրույց ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ հետ, և մենք հիմա այս ուղղություններով աշխատում ենք, որպեսզի իրավիճակը հնարավորինս արագ կայունացնենք:

Կարծում եմ՝ այսօր անհրաժեշտ է ունենալ ոչ էմոցիոնալ և սառը խոսակցություն և այս համատեքստում կարևոր եմ համարում և այստեղ չեմ զուտ միայն փաստեր հրապարակելու համար, որովհետև այդ փաստերը, այսպես թե այնպես, լրատվամիջոցներով հասանելի կլինեն կամ կլինեին կամ մի մասն արդեն իսկ հասանելի է հանրությանը: Շատ կարևոր է պարզաբանել տեղի ունեցողի համատեքստը, թե ինչու է այս ամենը տեղի ունենում:

Նախ` արձանագրենք, որ բոլոր այն պնդումները, թե Հայաստանի զինված ուժերը դիմել են ինչ-որ սադրանքների, և Ադրբեջանի գործողությունները եղել են ի պատասխան հայկական զինված ուժերի գործողություններին, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում: Վերջին օրերին դուք, կարծում եմ՝ հետևել եք, որ ադրբեջանական կողմն անընդհատ, այսպես ասած, տեղեկատվական պատերազմի ժանրով տեղեկություններ էր տարածում իբր Հայաստանի զինված ուժերի կողմից ձեռնարկված հարձակումների վերաբերյալ, պաշտպանության նախարարությունը, բնականաբար, հերքում էր այդ ամեն ինչը, որովհետև դա իրականության հետ որևէ աղերս չուներ, և, հետևաբար՝ ի՞նչ է տեղի ունենում, և ինչո՞ւ է տեղի ունենում:

Նախ՝ առաջինը, իհարկե, կապված է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի հետ: Դուք բոլորդ հիշում եք, որ 2022 թվականի մարտին Ադրբեջանը ներկայացրել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ 5 առաջարկություն և առաջարկել էր այդ հենքի վրա կնքել խաղաղության պայմանագիր: Մեր արձագանքը դրան հետևյալն էր, որ այդ առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց մենք կարծում ենք, որ այդ կետերը պետք է լրացվեն, և այդ լրացված հենքի վրա մենք պատրաստ ենք բանակցություններ վարել և խաղաղության պայմանագիր ստորագրել համապատասխան կետերի շուրջ համաձայնության գալու դեպքում: Իհարկե, այս ընթացքում սկզբում թվում էր, թե թեմայի շուրջ կա ըմբռնում, բայց հընթացս և, մասնավորապես, բրյուսելյան վերջին հանդիպման ընթացքում պարզվեց և պարզաբանվեց, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա:

Հիշում եք, որ այդ սկզբունքների մեջ կային մի քանի կետեր, դրանցից մեկը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների սկզբունքների պահպանումն էր, հղումն այդ սկզբունքներին և հայտարարություններին:

Հաջորդ կարևոր կետը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը, իրավունքներին և դրանից բխող կարգավիճակին: Ըստ էության, Ադրբեջանի դիրքորոշումը, որն արտահայտվում է կամ արտահայտվել է բանակցային գործընթացում, հետևյալն է. նրանք ասել են, որ չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ, առնվազն, դա Ադրբեջանի ներքին հարցն է, ներքին խնդիրն է, և իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության հետ:

Բայց պատմությունը սրանով չի ավարտվում, որովհետև մենք նախկինում էլ ասել ենք և ասում ենք, որ, ինչպես ընդգծեցի, Ադրբեջանի կողմից առաջարկված այն սկզբունքներից մեկը, որը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, մեզ համար անընդունելի չէ և ընդունելի է: Եվ այստեղ ամեն ինչ չի ավարտվում, որովհետև լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտություն է առաջանում: Իսկ, օրինակ, ի՞նչ նկատի ունենք՝ տարածքային ամբողջականություն ասելով: Այսինքն՝ օրինակ, Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով արդյո՞ք նկատի է ունենում նաև այն տարածքները, որոնք կամ 2021 թվականի մայիսի 12-ի իրադարձությունների արդյունքում կամ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում օկուպացվել են Ադրբեջանի կողմից: Արդյո՞ք Ադրբեջանը նկատի ունի նաև Հայաստանի Հանրապետության այս տարածքները: Այս հարցը, համենայնդեպս, մեր տպավորություններով և քննարկումներով, Ադրբեջանի կողմից միանշանակ արձագանք չի ստանում:

Հաջորդ խնդիրը հետևյալն է. բնականաբար, Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ինչը տրամաբանորեն բխում է իրենց՝ քիչ առաջ իմ հիշատակած ընդգծումից, այսինքն՝ իրենց դիրքորոշման ձևակերպումից։

Հաջորդ հարցը, որ ծագում է, հետևյալն է. ենթադրենք՝ այս երկու խնդիրների լուծումից հետո Հայաստանը և Ադրբեջանը, եթե տեսականորեն լինի այդպիսի ըմբռնում և արձանագրում, արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը կամ, մասնավորապես, Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի և չի ունենալու։ Խոսակցության և քաղաքական դիրքորոշումների արձանագրման համատեքստում հնչում է, որ, այո, Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Բայց երբ խոսակցություն է գնում, օրինակ՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացների համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել՝ իր ձևակերպմամբ և բնորոշմամբ՝ «ապօրինի ձևով», խնդրում եմ ուշադրություն դարձնել՝ իր ձևակերպմամբ՝ իբր «ապօրինի ձևով» Հայաստանի Հանրապետությանը հանձնված որոշ տարածքների վերաբերյալ և այդ տարածքների անունները նրանք իրենց հրապարակային ելույթներում արձանագրում են, խոսում են այդ տարածքների մասին, չնայած, մեծ հաշվով. պետք է արձանագրենք նաև, որ երբ նման բովանդակությամբ հարցազրույցներ կամ հայտարարություններ են հնչում, նրանք երբեմն սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով և ավարտում են Հայաստանի մայրաքաղաք Երևանով։ Ես ուզում եմ ընդգծել, որ եթե սրանք լինեին պարզապես հարցազրույցներ և հայտարարություններ, կարելի էր նույնիսկ չանդրադառնալ, բայց բոլոր փաստերը, այդ թվում՝ դիվանագիտական, բանակցային փաստերը վկայում են, որ սա հետևողական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, արդեն ասացի, որ նրանց դիրքորոշումը գնալով ավելի ու ավելի հստակ է դառնում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա, Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, և, հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության հետ քննարկելու անհրաժեշտություն չկա: Եվ այդ հարցն իրենք կարող են քննարկել միջազգային կազմակերպությունների հետ, նաև չի բացառվում, իրենց ձևակերպմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ Ադրբեջանի սահմանադրության շրջանակում։

Էլի եմ ասում՝ ես ոչ թե ուզում եմ ասել, որ այ էս գործողությունները կոնկրետ ուղղված են իմ հիշատակած այս կամ այն հարցի լուծմանը, այլ ուզում եմ ասել, որ այս իրադարձությունները, լարումը, ընդհանրապես, ունի համատեքստ, և համատեքստը բաղկացած է որոշակի բովանդակությունից, և ես հարկ եմ համարում ձեզ և մեր ժողովրդին ներկայացնել այդ բովանդակությունը։

Հաջորդը կոմունիկացիաների բացման թեման է, և գիտեք, որ Ադրբեջանը, այլակերպելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խոսում է Հայաստանի տարածքով միջանցքներ կամ միջանցք ունենալու մասին։ Միջանցք ասելով՝ հարցի կոնտեքստը պարզ է, և ես չեմ կարծում, թե անհրաժեշտ է դա պարզաբանել։

Մեր դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ հետևյալը. մենք չենք պատրաստվում Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ մեկին միջանցք տրամադրել, բայց մենք ընդունում ենք և նույնիսկ շահագրգռված ենք Հայաստանի Հանրապետության տարածքով նաև ճանապարհների բացմանը և ապաշրջափակմանն այն տրամաբանությամբ, որ այդ ճանապարհներից կարող են օգտվել տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, այդ թվում՝ Ադրբեջանը։ Եթե հիշում եք, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է, 9-րդ կետը, ըստ էության, առաջին նախադասությունը նաև ապաշրջափակման մասին է, այսինքն՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների, ուղիների, կապերի ապաշրջափակման, բացման, վերաբացման մասին է։ Գիտեք նաև, որ թեման պարզաբանված է 2021 թվականի նոյեմբերի 11-ի եռակողմ հայտարարությամբ, և արձանագրված է, թե ինչ գործողություններ պետք է իրականացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը կյանքի կոչելու համար։ Մենք ասել ենք և շարունակում ենք ասել, որ մեզ համար ընդունելի է այն տրամաբանությունը, որը քննարկվել է, արձանագրվել է 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ, նաև եռակողմ աշխատանքային խմբում։ Գիտեք նաև, որ եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահողը՝ Ալեքսեյ Օվերչուկը, նաև Հայաստանում հրապարակային հայտարարություն է արել, որ աշխատանքային խմբի պայմանավորվածություններն են, որ նոր բացվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների սուվերենության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են։

Հաջորդ նրբությունը, որի մասին կուզենամ նշել, որպեսզի տեղի ունեցողի կոնտեքստը մեզ ավելի հասկանալի լինի. 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե տեսնի, որ Հայաստանի զինված ուժերը և բանակը որոշակի պոտենցիալ է հավաքում, որը, իր ձևակերպմամբ՝ կարող է վտանգ սպառնալ Ադրբեջանին, իրենք նախահարձակ գործողություններ են իրականացնելու։ Չնայած այն բանին, որ մենք հայտարարել ենք, և դա արձանագրված է նաև մեր պաշտոնական փաստաթղթերում, մենք զինված ուժերի բարեփոխումներ ձեռնարկում ենք ոչ թե տարածքներ գրավելու կամ նվաճելու համար, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և պահպանելու համար, այնուամենայնիվ, այն փուլերում, երբ մենք, այսպես ասած, կենտրոնանում ենք զինված ուժերի և բանակի բարեփոխումների թեմայի վրա, ահա այդ ժամանակներում նման սադրանքներն իրականացվում են նաև պրոցեսն արդեն հայտարարված օրակարգով խոչընդոտելու համար, և սա կարևոր նրբություններից և առանձնահատկություններից է։

Հաջորդ կարևոր նյուանսը, որի մասին կցանկանայի խոսել, այն մասին է, որ, այնուամենայնիվ, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ինչքան էլ այդ մասին ամենատարբեր հայտարարություններ են հնչել նույնիսկ Հայաստանի ներսում, ակնհայտ է, որ այդ պատերազմի արդյունքում, այո, մենք ծանր կորուստներ ենք ունեցել, բայց Հայաստանի Հանրապետությունն այդ պատերազմի արդյունքում չի կոտրվել, եթե թույլ կտաք նման ձևակերպում անել այս ամբիոնից։ Ավելին, այն ժամանակ հայտնի, էսպես ասած, մթնոլորտի և սոցիալ-հոգեբանական միջավայրի պայմաններում, ըստ էության, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հայկական միջավայրում և Հայաստանում որոշակիորեն, այսպես ասած, շատ նեգատիվ լույսի ներքո ներկայացվեց, և էնպես չէր, որ մենք երջանիկ էինք կամ երջանիկ ենք այդ հայտարարությամբ։ Ես այդ թեմային չէի անդրադարձել երկար ժամանակ, բայց վերջերս կարևոր համարեցի ընդգծել, որ այդ հայտարարության մեջ կա 3 գումարած 1 կարևոր ինստիտուցիոնալ արձանագրում։

Առաջինը Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի արձանագրումն է այն պայմաններում, երբ Ադրբեջանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի: Բայց մենք ունենք գործող փաստաթուղթ, որի ներքո դրված է նաև Ադրբեջանի ստորագրությունը, որտեղ արձանագրվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, այդ Լեռնային Ղարաբաղ միավորը պարփակված է որոշակի գծով, որը փաստաթղթում անվանված է շփման գիծ, կան տեղակայված ռուս խաղաղապահներ, որոնց ներկայության իմաստը և տրամաբանությունն այդ շփման գծի, հետևաբար՝ տարածքի, հետևաբար՝ տարածքում ապրող մարդկանց անվտանգությունն ապահովելն է, և կա Լաչինի միջանցք, որն ապահովում է երթևեկությունը, այսինքն՝ մարդկանց, բեռների անարգել երթևեկությունը, հաղորդակցությունը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։

Ուզում եմ ձեզ այսպիսի նրբություն ասել: Դուք տեղյակ եք, որ վերջերս Անվտանգության խորհրդի քարտուղարը և Ազգային ժողովի պատգամավորներ այցելել էին Լեռնային Ղարաբաղ, որին եղավ հերթական անգամ արձագանք Ադրբեջանի կողմից։ Մենք նախկինում դա արձանագրել ենք և հիմա էլ պետք է արձանագրենք, որ եռակողմ հայտարարությամբ հստակ արձանագրված է, որ Լաչինի միջանցքի գոյության իմաստը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը, մարդկանց և բեռների միջև կապն ապահովելն է, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելն է: Եվ Ադրբեջանի նմանատիպ դիրքորոշումները, ընդհանրապես, տրամաբանական չեն, որովհետև, մեր մեջ ասած, այդ հայտարարության մեջ չկա որևէ սահմանափակում, թե ովքեր կարող են գնալ Լեռնային Ղարաբաղ, և ովքեր չեն կարող գնալ Լեռնային Ղարաբաղ։ Եվ նախկինում էլ մեր միջազգային մի շարք գործընկերներ այս մասին բարձրաձայնել են և խոսել են: Ինչի՞ համար եմ ուզում սա ասել. վերջին շրջանի գործողություններում նկատելի է, որ Ադրբեջանը փորձում է, այսպես ասած, շրջանառությունից և՛ հանել, և՛, եթե կարելի է էսպես ասել, արխիվային նշանակություն տալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Այս սադրանքների կոնտեքստում նաև այս մղումը և նպատակն է երևում:

Հաջորդ՝ ոչ պակաս կարևոր, իմ կարծիքով և իմ գնահատմամբ, հանգամանքը, որը շարունակում է այս մասում իմ ասածը, հետևյալն է, որ, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ, ի հեճուկս գլոբալ դժվարությունների, Հայաստանն ունի շատ հստակ, որոշակի տնտեսական հաջողություններ: Այս համատեքստում, իհարկե, ոչ անմիջականորեն, բայց շատ կարևոր եմ համարում, որ մի քանի օր առաջ հրապարակվեց «Տնտեսական ազատության ինդեքս»-ը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 11-րդ տեղն աշխարհի 165 երկրների շարքում: Եվ այս սադրանքը նպատակ ունի նաև Հայաստանի տնտեսական դինամիկան կոտրել, որովհետև տնտեսական դինամիկան միայն ուղղակի վիճակագրական թվեր չեն, դրանք նաև զարգացման և գործերի իրավիճակը բարելավելու որոշակի հնարավորություններ են:

Կա մի հարց, որը, ենթադրում եմ՝ կհնչի, և ես եմ ուզում անդրադառնալ այդ հարցին: Հարցը հետևյալի մասին է. արդյո՞ք սա է խաղաղության օրակարգի արդյունքը, և արդյո՞ք այն, ինչ տեղի է ունենում, խաղաղության օրակարգի ձախողում չէ: Մենք բազմիցս ենք ասել, որ, որդեգրելով խաղաղության օրակարգը, մենք նաև արձանագրում և հասկանում ենք, որ դա միայն մեկ սուբյեկտից կախված չէ: Եվ, ընդհակառակը, այս գործողություններով նաև Ադրբեջանն ուզում է և, փաստացի, տորպեդահարում է խաղաղության օրակարգը, որովհետև խաղաղությունն այն միջավայրն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը կարող է զարգանալ, ընդ որում՝ մեծ տեմպերով: Խաղաղությունն այն միջավայրն է, որը կարող է ապահովել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:

Ես վերջերս Վլադիվոստոկում ունեցած մի ելույթում անդրադառնալով, ընդհանրապես, խաղաղության թեմային, արձանագրեցի, և այդ արձանագրման մեջ ոչ մի չափազանցություն չկար, որովհետև մենք հետևել ենք, որ Ադրբեջանի ներկայացուցիչները նույնպես ասում են, որ իրենք խաղաղություն են ուզում: Մենք էլ ենք ասում, որ մենք խաղաղություն ենք ուզում: Հիմա կարող է հարց ծագել. ո՞վ է, որ այստեղ այնքան էլ անկեղծ չէ, և ո՞վ է, որ, ըստ էության, այդ հայտարարություններով չի արտահայտում իր իրական ցանկությունները և մղումները: Պիտի վերահաստատեմ, հասկանում եմ նաև, որ ասածս որոշակիորեն տարօրինակ կարող է թվալ, որ բոլորը, ըստ էության, ուզում են խաղաղություն: Խնդիրն այն է, որ խաղաղություն ասելով՝ յուրաքանչյուր սուբյեկտ կամ սուբյեկտների խմբեր հասկանում են պայմանների կոնկրետ, որոշակի խումբ, խաղաղություն ասելով՝ հասկանում են խաղաղության և նրա պայմանների իրենց պատկերացումը: Եվ խաղաղությունը տեղի չի ունենում այն ժամանակ, երբ այդ պայմանները և պատկերացումները կա՛մ չեն համընկնում, կա՛մ հնարավոր չի լինում դրանք մոտեցնել գրեթե կամ համարյա համընկնման վիճակի և կարգավիճակի:

Սա է ընթացիկ իրավիճակը: Ի՞նչ պետք է անենք մենք հետագայում: Ըստ էության, պիտի գնանք այս ճանապարհով. մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը: Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով ձգտենք խաղաղության, փորձելով մոտեցնել պատկերացումները: Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով հնարավորինս արագ և արդյունավետ բարեփոխենք մեր բանակը, մեր զինված ուժերը Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար: Եվ, իհարկե, մեր դաշնակցային հարաբերությունների և անվտանգային մեր հարաբերություններում մեխանիզմների, հարաբերությունների և պարտավորությունների կատարելագործումը չափազանց կարևոր է այս համատեքստում, որովհետև շատ կարևոր է, ինչպես նախկինում ասել եմ, հստակ հասկանալ, թե մեր նկատմամբ ով ինչ պարտավորություն ունի, և մենք ուրիշների նկատմամբ ինչ պարտավորություններ ունենք: Այսքանը, հարգելի գործընկերներ:

Էլի եմ ասում՝ ինձ համար այս ամբիոնից ելույթ ունենալու առավել հրատապ և համապատասխան հատվածներից էր ոչ միայն արձանագրված փաստերը ներկայացնելը, այլև այդ փաստերի համատեքստը և կոնտեքստը ներկայացնելը: Ըստ էության, ես ասացի այս թեմայով ամեն ինչ, նաև հաշվի առնելով, որ որոշակի հասկանալի պատճառներով տեղեկատվական վակուում կա ընթացող պրոցեսների, գործընթացների, բանակցությունների բովանդակության, դրանց նրբությունների վերաբերյալ:

Շատ կարևոր է, որ հատկապես այս փուլում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, Ազգային ժողովը տեղյակ լինեն կատարվող նրբությունների մասին: Իհարկե, պիտի մի նրբություն արձանագրեմ՝ էնպես չէ, որ էն, ինչ ասացի, Ազգային ժողովի մեր գործընկերները լսում են առաջին անգամ: Մենք բազմիցս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպումներ ենք ունեցել, քննարկումներ ենք ունեցել, երբեմն բուռն քննարկումներ: Մենք մի քանի անգամ պատրաստակամություն ենք հայտնել՝ նաև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ, այդ թվում դռնփակ ձևաչափով, քննարկել և պատասխանել բարձրացված բոլոր հարցերին: Ես նկատի ունեմ, որ սա, թերևս, առաջին անգամն է, որ պաշտոնապես Ազգային ժողովի ամբիոնից հնչում են մի շարք նրբություններ, չնայած, մեծ հաշվով, դրանցում գաղտնիքներ չկան, որովհետև ուշադիր դիտորդը և վերլուծողն այս բոլոր նրբությունները կարող էր տեսնել և նկատել, բայց այսպես համակցված և պաշտոնապես առաջին անգամ ես հնչեցրի, որպեսզի իրավիճակը, դրա նրբությունները և խորությունն առավել պարզ դառնան:

Այժմ պատրաստ եմ պատասխանել Ձեր բոլոր հարցերին, որովհետև կարծում եմ, որ ասվածը ոչ միայն պատասխանեց հարցերի, այլև առաջացրեց հարցեր: Շնորհակալ եմ:

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, այժմ հարցեր ուղղելու համար կարող եք հերթագրվել. հերթագրում: Հերթագրվել է 5 պատգամավոր: Սերգեյ Բագրատյան:

 Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն վարչապետ, այո, այսօր սառնասիրտ խոսելու ժամանակն է: Մենք չպետք է տրվենք էմոցիաներին, հետևաբար՝ այն կոնցեպտը, որ դուք ներկայացրիք, ես լիովին համամիտ եմ և գտնում եմ, որ, այո, մենք մեր հայրենիքը, մեր պետականությունը պաշտպանելու իրավունք ունենք: Բոլոր միջազգային կոնվենցիաներով մենք կարող ենք հանուն ինքնապաշտպանության մեր զինված ուժերն արդիականացնել: Հիմա, եթե խաղաղության պայմանագրի մյուս կողմում լիներ Ֆրանսիան, մենք այս հարցը կարևորելու խնդիր չէինք ունենալու: Բայց, ցավոք սրտի, մենք մի պետության հետ խնդիր ունենք, որի ղեկավարն ագրեսիա է անում, և կարող եմ բնութագրել նույնիսկ, որ պատերազմական հանցագործության է դիմում իր նպատակներն իրականացնելու համար: Հիմա մենք մեր բնատուր պաշտպանվելու իրավունքը, մեր ապրելու իրավունքը չպե՞տք է պաշտպանենք: Եվ ո՞վ պետք է համամիտ չլինի դրա հետ: Աշխարհի բոլոր երկրները, և տարբեր կոնվենցիաներով ապացուցվել է, որ մենք՝ որպես պետություն, սուվերեն տարածք, պետք է ոչ միայն մենք ինքներս պաշտպանենք մեր սահմանները, այլ նաև բոլոր առաջադեմ հանրությունը պետք է կանգնած լինի Հայաստանի Հանրապետության կողքին, քանի որ Ադրբեջանն Ալիևի գլխավորությամբ ագրեսիայով է զբաղված: Հիմա, մենք դատապարտում ենք այդ ագրեսիան: Եվ, կարծում եմ՝ բոլոր երկրները, որոնց մենք դիմել ենք, արել են հայտարարություններ և անելու են, դատապարտելով այդ ագրեսիան: Եվ հիմա խնդրում եմ, որ ինձ համար կարևոր մի հարց դուք պարզաբանեք: Մեր ինքնապաշտպանության նպատակով, մեր ինքնապաշտպանական բանակը զինելու նպատակով երբ դիմում ենք մեր ռազմավարական գործընկերներին և նաև մեր բարեկամ երկրներին, կա՞ արգելք, որ որևէ երկիր չցանկանա կամ որևէ երկիր արգելի, որ մենք ինքնապաշտպանական զենքեր կարողանանք ձեռք բերել, քանի որ այս ագրեսիան հարատև է, և մենք պարտավոր ենք պաշտպանել մեր երկիրը: Նաև համամիտ եմ ձեզ հետ, շարունակելով խաղաղության պայմանագրի շուրջ բոլոր բանակցությունները: Դրանք պետք է զուգահեռ ընթանան, որովհետև առանց ուժի մենք կդժվարանանք խաղաղության պայմանագիր ունենալ այնպիսի երկրի հետ, ինչպիսին Ադրբեջանն է: Եթե մենք մեր միասնական, համախմբված ոգին, հայի ոգին, հայ պետականության ոգին յուրաքանչյուրս և բոլորս միասին կարողանանք ցույց տալ, արտահայտել, կարծում եմ, որ մենք և՛ խաղաղ բանակցություններում կհաջողենք, և՛ հզոր ինքնապաշտպանական բանակ կունենանք: Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք մենք խնդիր ունենք՝ զինվելու պաշտպանական զենքերով, ես չեմ ասում՝ հարձակողական, այլ պաշտպանական զենքերով: Շնորհակալություն:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալ եմ: Պրն Բագրատյան, քանի որ պայմանավորվեցինք, որ այսօր պետք է տեղի ունենա սառը, ուղիղ և անկեղծ խոսակցություն, սովորական պայմաններում ես կնախընտրեի հարցերի որոշ դրվագների, ներողություն խնդրելով, չպատասխանել: Բայց այսօր կպատասխանեմ մաքսիմալ հնարավոր էն պայմաններում, ինչքան հնարավոր է էդ մասին բաց խոսել: Նախ՝ մինչ այդ դուք խոսեցիք մեր ինքնիշխանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի մասին: Իրավունքը չի էլ քննարկվում, ընդհանրապես: Ես ուզում եմ խոսել մեր ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մեր կամքի մասին, մեր քաղաքական կամքի, քաղաքացիական կամքի, մեր պետական կամքի մասին, ինչը, մեծ հաշվով, ամենակարևորն է, որովհետև, իհարկե, հասկանալի է, որ միայն կամքով ոչինչ չես անի, բայց առանց կամքի էլ ոչինչ չես անի:

Ֆրանսիայի վերաբերյալ. գիտեք, մենք ասում ենք՝ Ֆրանսիա, բնականաբար, ելնելով Ֆրանսիայի մասին մեր էսօրվա պատկերացումներից: Կամ, ասում ենք՝ Գերմանիա, հենվելով Գերմանիայի մասին մեր այսօրվա պատկերացումների վրա: Բայց ո՛չ Գերմանիան է միշտ Գերմանիա եղել այն իմաստով, ինչ իմաստով մենք հիմա ենք պատկերացնում, ո՛չ էլ Ֆրանսիան է միշտ Ֆրանսիա եղել այն իմաստով, ինչ իմաստով մենք ենք պատկերացնում: Եթե լրատվությանը հետևում եք, կարող եք տեսնել, որ էնպես չէ, որ նույնիսկ Եվրոպայում մինչև էսօր էդ թեմաները մոռացված, փակված, շրջված էջեր են: Վերջերս եվրոպական երկրներից մեկը հայտարարեց, որ պատրաստվում է վճար՝ կոնտրիբուցիա պահանջել մյուս երկրից, չնայած այդ երկրները դաշնակից են և՛ անվտանգային, և՛ ավելի լայն իմաստով: Խոսքն էն մասին է ... Եվ Խաղաղության օրակարգը, մեծ հաշվով, դրա մասին է և դրա համար է, որպեսզի ինչ-որ ժամանակ հետո հնարավոր լինի մեր տարածաշրջանի երկրների մասին խոսել այնպես, ինչպես հիմա խոսում ենք եվրոպական մի շարք երկրների մասին, նկատի ունենալով նրանց ներքին հարաբերությունները:

Զենք, զինամթերք ձեռք բերելու վերաբերյալ հարցը մենք դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն, և տրամաբանական է, որ դիտարկում ենք մեկ ամբողջություն: Բայց այդ հարցն իրականում բաղկացած է չորս բաղադրիչից: Առաջին բաղադրիչը ֆինանսական բաղադրիչն է, երկրորդ բաղադրիչը քաղաքական բաղադրիչն է, երրորդը բաղադրիչը տեխնիկական բաղադրիչն է, չորրորդ բաղադրիչը տրանսպորտային բաղադրիչն է: Եվ, երբ մենք խոսում ենք զենք-զինամթերքի ձեռքբերման մասին, պետք է արձանագրենք, որ այն բաղկացած է այս 4 բաղադրիչներից: Ես կարող եմ ձեզ ասել, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր ֆինանսական առումով ունի ֆինանսական բոլոր հնարավորությունները, և ես տնտեսական աճի մասին խոսելիս հենց դա նկատի ունեի, ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ, ինչպես դուք իրավացի նշեցիք, պաշտպանական զենք-զինամթերքը:

Երկրորդը քաղաքական կոմպոնենտն է: Բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել Հայաստանի Հանրապետությանը, բայց կան երկրներ, որոնք պատրաստ են զենք վաճառել Հայաստանի Հանրապետությանը: Բայց կան երկրներ, որոնք պատրաստ չեն այն փաստին, որ Հայաստանը զենք գնի այն երկրից, որը պատրաստ է իրեն զենք վաճառել: Սա կարող է թվալ հարց՝ դե, պատրաստ չեն, պատրաստ չեն, իրենց գործն է: Ուզում են՝ պատրաստ լինեն, ուզում են՝ պատրաստ չլինեն: Բայց այս պատրաստ լինելը և չլինելն իր հետևից բերում է հետևանքներ, այդ թվում՝ անվտանգային: Այսինքն՝ սովորաբար, զենք գնում են ինչի՞ համար. զենք գնում են անվտանգային սպառնալիքը կառավարելու համար: Բայց լինում են իրավիճակներ, երբ զենք գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքներ ստեղծելու հետ:

Հաջորդ խնդիրը տեխնիկական է: Կան երկրներ, որոնք ուզում են, պատրաստ են Հայաստանին զենք վաճառել, և չկա որևէ խնդիր, բայց ամենատարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չունեն անհրաժեշտ զենք՝ վաճառելու համար: Օրինակ՝ էն տրամաբանությամբ, որ իրենց արտադրական ծավալները և պատվերներն առաջիկա տարիներին, երբեմն շատ երկար տարիներին այնպես են դասավորված, որ իրենք նաև ներքին կարիքների համար, նաև շուկայում իրենց դիրքերը չկորցնելու համար պետք է պայմանագրային որոշակի պարտավորություններ կատարեն:

Չորրորդ կոմպոնենտը տրանսպորտային կոմպոնենտն է: Ցավոք, Հայաստանը, ինչպես գիտեք, այնպես չէ, որ ելք ունի դեպի ծով, ինչը նշանակում է, որ կարելի է, օրինակ՝ որոշակի պայմաններում գնել զենքը վաճառող երկրից և միջազգային ջրերով ներկրել Հայաստան: Շատ դեպքերում տրանսպորտային կոմպոնենտն իր բարդությամբ չի տարբերվում նախորդ կոմպոնենտներից, երբեմն ավելի սրվում է, այդ թվում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Հիմա Հայաստանի Հանրապետությունն արդյո՞ք ունի այս պահին իրեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ. ես չեմ ասում՝ աշխարհի ամենամեծ ծավալը, այսինքն՝ մեր ֆինանսական ռեսուրսներն անսահմանափակ են, բայց էն, ինչ դուք ռեալ բարձրացնում էիք, որ պաշտպանունակությունն էականորեն բարձրացնելու համար, որպեսզի մենք մեզ բավարարված զգանք, այդ խնդիրը լուծելու համար մենք ունենք անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:

Երրորդ կոմպոնենտով խնդիրների ամբողջ շառավիղը ներկայացրի, մյուս կոմպոնենտներով էլ էդ խնդիրները … Արդյո՞ք մենք աշխատում ենք այդ հնարավոր խնդիրները, դրանց առկա լինելու դեպքում, հաղթահարելու համար. իհարկե, աշխատում ենք, ընդ որում՝ ամենօրյա ռեժիմով, և սրանում որևէ չափազանցություն, իսկապես, չկա:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանք չկա՞: Շնորհակալություն:

Հայկ Սարգսյան. համեցեք:

 Հ.ՍԱՐԳՍՅԱՆ

-Մեծարգո պրն վարչապետ, ինչպես դուք նշեցիք, և Կառավարության մի շարք ներկայացուցիչներ այս օրերին պնդել են, որ Ադրբեջանը, կեղծ տեղեկատվություն տարածելով, թե իբր հայկական զինված ուժերը սադրանքներ են իրականացնում, 3 օր նման տեղեկատվություն տարածելուց հետո անցավ լայնածավալ հարձակման: Արդյո՞ք Ադրբեջանն ունի որևէ փաստ, որը ներկայացրել է մեր գործընկերներին կամ մեզ կամ այն երկրներին, որոնք միջնորդ երկրներ են հանդիսանում: Մենք գիտենք, որ Ադրբեջանն ունի անօդաչու թռչող սարքեր, որոնցով շատ հաջող կերպով նկարահանում է, թե ինչպես էին խոցվում հայկական դիրքերը: Արդյո՞ք նա ունի կամ արդյո՞ք մենք կարող ենք պահանջել, որպեսզի նա իրականում ցույց տա փաստ: Եթե Ադրբեջանի իշխանություններն ասում են և պնդում են, որ ունեն փաստեր, որ Հայաստանը գնացել է սադրանքների, ինչով և հող են նախապատրաստել իրենց այս ագրեսիայի համար, ունե՞ն գոնե կեղծված որևէ փաստ, որը կներկայացնեն, կամ մեր գործընկերներն արդյո՞ք միջազգային որևէ նման պահանջ դնում են Ադրբեջանի առջև, թե՞ ոչ: Եվ սա չի ենթադրում, որ Ադրբեջանը, տեսնելով, որ մենք չենք գնում իր բոլոր անընդունելի պահանջներն ընդունելու ճանապարհով, ցանկացած պահի կարող է մեկ-երկու օր հող նախապատրաստել և, հաշվի առնելով այս փորձը, և ամեն անգամ նշելով, որ Հայաստանը գնում է սադրանքների, սկսել լայնածավալ նման օպերացիա:

Եվ երկրորդ հարցը, պրն վարչապետ: Գաղտնիք չէ և ավելի պարզ դառնում է բոլորիս համար, որ նման ճանապարհով գնալու դեպքում խնդիրը չի լուծվելու, և Հայաստանը, մենք, ինչպես դուք նշեցիք, չենք համաձայնել մի շարք պայմանների հետ, նաև Ադրբեջանն էլ բերում է անընդունելի պահանջներ: Լուծման ի՞նչ ճանապարհ ենք տեսնում և ի՞նչ ենք փորձելու անել, որովհետև Հայաստանի Հանրապետության և՛ իշխանության համար, և՛ մեր ժողովրդի համար, և՛ ձեզ համար մեր ամեն զինծառայողի կյանքը թանկ է, և ամեն զինծառայողի առողջությունը, նրա ծնողների ապրումները, մեր քաղաքացիների, մեր հայրենակիցների ապրումները, մեր ամեն, ցանկացած տղայի կորստի դեպքում շատ ծանր են: Ու մեր ժողովուրդը, գաղտնիք չեմ ասի, որ գտնվում է շատ ծանր վիճակում, և մենք ի՞նչ լուծումներ ենք տեսնում, որպեսզի, պրն վարչապետ, կարողանանք, ի վերջո, լուծել այս հարցը: Եվ եթե ստատուս քվոն պահպանվի այնպես, ինչպես հիմա է պահպանվում, կարող ենք կարծել, ոչ թե կարող ենք կարծել, այլ դա, հաստատ, այդպես կլինի, որ նման սադրանքները կլինեն շարունակական: Շնորհակալ եմ:

 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալ եմ: Նախ՝ ես արդեն ասացի իմ ելույթի սկզբում, նաև պրն Բագրատյանի հարցի կապակցությամբ, որ շատ կարևոր է պետականություն ունենալու և պետականությունը պաշտպանելու կամքը, նաև ձեր հարցի համատեքստում ուզում եմ սա ընդգծել: Հիշատակելով մեր ընկած եղբայրներին, ես ասացի, որ պետությունը հիմնվում է նման մարդկանց վրա: Եվ պետությունը հիմնվում է այն բանի վրա, որ, բնականաբար, բացի սգից, բացի ցավից, բացի կսկիծից, բացի վշտից, երկրում էլ քանի՞ մարդ կա, որ պատրաստ է կանգնել իր պետականության, ինքնիշխանության, անկախության դիրքերում: Սա շատ կարևոր է, որովհետև ես կուզենայի, որ մենք այս տրամաբանությամբ նայենք, որովհետև ընկած զինվորները և սպաները մեզ վրա պարտականություն չեն դնում միայն, որ մենք սգանք նրանց մահը կամ խաչքարեր կառուցենք նրանց համար: Նրանք մեզ վրա դնում են ուրիշ պարտավորություն, որ մենք ամրացնենք պետություն ունենալու, անկախություն ունենալու, ինքնիշխանություն ունենալու մեր կամքը: Եվ սա ամենակարևոր արձանագրումն է, և, կարծում եմ՝ էն, ինչ դուք ասում եք, Հայաստանում գոյություն ունեցող, ոչ միայն, Հայաստանում, ենթադրում եմ՝ էլի երկրներում, Հայաստանում գոյություն ունեցող սոցիալ-հոգեբանական ամենամեծ պրոբլեմներից և գործոններից մեկն է, որովհետև զինվորի կյանքը պահպանել՝ նշանակում է ունենալ այնպիսի պետություն, որն ի վիճակի է դա անել, ունենալ պետության ինստիտուցիոնալ այնպիսի կայացվածություն և ունենալ պետություն, անկախություն, ինքնիշխանություն ունենալու այնպիսի կամք, որ ամեն զինվորի ընկնելուց այդ կամքը ոչ թե թուլանա, այլ այդ կամքը կրկնապատկվի, եռապատկվի, քառապատկվի: Ես էս թեմայի մասին մի քանի անգամ խոսել եմ այլ համատեքստերում, այսօր հենց ուղիղ էսպես եմ ուզում ասել, որովհետև մի զինվոր էլ մենք ենք՝ մենք երկուսով: Հիմա մեր ամբողջ խնդիրը, եկեք նայենք, մի զինվոր ես եմ, մի զինվոր դուք եք, հիմա մեր թիվ մեկ մտահոգությունը, հենց անձամբ իմ և անձամբ ձեր մասին եմ ասում, իմ ու ձեր մտահոգությունը պիտի լինի, թե ինչ անենք, որպեսզի հաջորդ պահին մեր կյանքին որևէ վտանգ չսպառնա. չնայած դա էլ է նորմալ, որովհետև զինվոր՝ չի նշանակում զոհվել: Զինվոր՝ առաջին հերթին նշանակում է պաշտպանել: Զինվոր՝ առաջին հերթին նշանակում է կանգնել սեփական դիրքերի վրա: Ես ինձ էսօր հարց պիտի տամ և դուք՝ ձեզ, որովհետև, տեսեք, մենք ասում ենք տեսական զինվորների, տեսական ծնողների, տեսական ընտանիքների մասին: Եկեք վերանանք տեսական ընտանիքներից, եկեք վերանանք ամեն ինչից, մենք երկուսով ենք: Մենք ինչի՞ մասին պիտի մտածենք: Մենք պիտի մտածենք, թե ինչ անենք, որ մեր կյանքը որևէ ձևով վտանգի չենթարկվի՞, թե՞ մենք պիտի մտածենք, թե ինչ անենք, որ ունենանք հնարավորինս ուժեղ, ամուր պետություն և ուժեղ, ամուր բանակ: Դուք էսօր աշխարհում չեք գտնի մի պետություն, մի կայացած պետություն, որը կայացել է էն տրամաբանության մեջ, որը ձեր հարցի համատեքստում ընդգծվում էր, որովհետև մենք մեր զինվորներին և մեր նահատակներին չպետք է վերաբերվենք որպես անկյալներ, որպես ընկածներ: Մենք մեր զինվորներին, նահատակներին պետք է վերաբերվենք որպես բարձրացրածներ: Սա է կարևոր փիլիսոփայությունը, ինչը չի նշանակում, որ մենք պետք է ագրեսիվ լինենք մեր գործողությունների մեջ: Հասկանո՞ւմ եք, ամբողջ խնդիրը հետևյալն է, որ, այո, միշտ չէ, որ նույնիսկ զիջումը բերում է խաղաղության: Միշտ չէ, որ ճկունությունը բերում է խաղաղության: Միշտ չէ, որ էն ամեն ինչը, ինչ առաջարկվում է գնալ և ստորագրել, նշանակում է խաղաղություն: Ես իմ խոսքում դա էի ասում: Լավ, ենթադրենք՝ տարածքային ամբողջականություն, ճանաչում ենք, լավ, ասենք՝ ճանաչում ենք: Ադրբեջանը մեր տարածքային ամբողջականությունը ճանաչում է, Սոթք-Խոզնավար հատվածի օկուպացված հատվածն ո՞ւմ կազմում է ճանաչում, ո՞ւմ տարածքային ամբողջականության մեջ է ճանաչում: Լավ, ասենք՝ ասում ենք՝ փոխադարձաբար տարածքային ամբողջականությունները ճանաչում ենք, անցնում ենք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին, որը տրամաբանական է: Ո՞վ է էն երաշխավորը … Ենթադրենք՝ էսօր նույնիսկ խաղաղության պայմանագիրն էդ պայմաններով ստորագրված է, ո՞վ է էն երաշխավորը, որ էս նույն բանը տեղի չի ունենալու և չէր ունենալու: Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրին, և ես ասել եմ՝ պատրաստ եմ էդ պատասխանատվությունը ստանձնել, բայց դա առանց երաշխիքների, ուղղակի, թուղթ է: Հիմա դուք ապացույցների մասին եք խոսում: Տեսեք, մենք դեռևս անցած տարի առաջարկել ենք, որ այ, էս նման իրավիճակների համար եկեք զորքերի հայելային հետքաշում իրականացնենք: Մենք ենք առաջարկել դա: Դա մեր հրապարակային խոսույթը, ասածը, առաջարկներն ամենամեծ ապացույցն են, թե ով և ինչ սադրանքների է դիմել: Օրինակ՝ Ադրբեջանն էս ընթացքում երբեք էլ չի բացառել և 2020 թվի պատերազմից առաջ էլ չէր բացառում և նախկինում էլ երբեք չի բացառել, ընդհակառակը, ասել է, որ ես էս ճանապարհով գնալու եմ և լուծելու եմ էդ խնդիրը: Ինչքանո՞վ է մեր ընդհանուր քաղաքականությունը և զարգացումը, մեր հանրային կամքը և ընկալումը, պետական կամքը և ընկալումն ադեկվատ այդ իրավիճակին. այ դա է բուն հարցը, և ինչքանո՞վ ենք մենք էս իրավիճակը գիտակցել: Եվ ինչ վերաբերում է ավելի կոնկրետին, ավելի կոնկրետություն մտցնելու համար է նաև, որ մենք հիմա առաջարկում ենք, որ միջազգային ատյաններում էդ հարցը քննարկվի և քննվի: Եվ սա էր պատճառը, որ մենք արդեն մեկ տարուց ավելի առաջարկում էինք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի մոնիտորինգային միսիա ուղարկվի Հայաստան-Ադրբեջան սահման, որպեսզի կարողանանք այս հարցերի պատասխանը տալ: Բայց, ընդհանուր առմամբ, էլի ուզում եմ ասել, որ այս մեր դիրքորոշումները, մեր ուղերձը հստակ լինեն, որ, այո, մենք ուզում ենք խաղաղություն, մենք պատրաստ ենք գնալ խաղաղության, բայց այդ խաղաղության տակ պետք է բանաձև լինի, որն ապահովի մեր տարածաշրջանի ժողովուրդների խաղաղ համակեցությունը: Իմիջիայլոց, աշխարհը նման փաստեր քիչ չունի, երբ որ խաղաղության պայմանագրերի ստորագրումից հետո շատ արագ սկսվել է պատերազմը, ու մարդկությանն ամենահայտնի պատմությունը Մոլոտով-Ռիբենտրոպ պակտն էր, որը, ըստ էության, խաղաղության, բարեկամության, չգիտեմ ինչի պայմանագիր էր, բայց էդ պայմանագիրը ստորագրելուց հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Մենք խաղաղության նման պայմանագիր ոչ թե չենք ուզում, դա, ուղղակի, խաղաղության պայմանագիր չէ, դա պայմանագիր է այլ բանի մասին: Եվ հիմա, օրինակ՝ եթե կարող էր նաև էդպիսի բան լինել, օրինակ՝ եթե էն ժամանակ էդ պայմանագիրը չստորագրվեր և պատերազմ սկսվեր, կարող էր նաև տենց վարկած լինել, և ոչ մեկը չէր կարող դա հերքել, որ եթե այն պայմանագիրը ստորագրվեր, մի քիչ ավելի ճկուն լինեինք, էն պայմանագիրը, որ ստորագրեինք, երևի, պատերազմ չէր լինի: Բայց մենք, կներեք, նոր ենք, չէ՞ պայմանավորվել, Բրյուսելում պայմանավորվել ենք, որ մեկ ամսվա ընթացքում սկսում ենք խաղաղության պայմանագրի նախագծի մշակման աշխատանքները, և, կարծես թե, երկուստեք համաձայնություն է ձեռք բերվել, սկսել ենք սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները և այլն, և էդպես շարունակ: Այսինքն՝ էնպես չէ, որ քաղաքական պրոցես կամ բանակցային պրոցես չկա, կամ այդ պրոցեսը մտել է փակուղի: Բայց ես ուզում եմ նաև հիշեցնել, որ, ըստ էության, բանակցային գործընթացի ողջ ընթացքում, եթե ոչ ամենօրյա ռեժիմով, հրադադարի ռեժիմի խախտումներ միշտ էլ եղել են, և դա պրոցեսի մաս է էն առումով, երբ կողմերից մեկը սրանով ցուցադրում է իր կամքը հարցի ուժային լուծման գնալու համար: Եվ, ըստ էության, այո, ասել եմ նաև, որ Ադրբեջանի բանակցային մարտավարությունը եղել է հետևյալը. տվեք ինձ այն, ինչ ուզում եմ ստանալ պատերազմով, այլապես դա ես կստանամ պատերազմով: Սա բանաձև է, բայց սա խաղաղության բանաձև չէ: Մենք խաղաղության բանաձևին պատրաստ ենք և պատրաստ ենք եղել միշտ: Բայց մյուս կողմից էլ, էլի եմ ասում, ես ձեր առաջին հարցը շատ կարևորում եմ, բայց ուզում եմ, որ մենք ընկալումը փոխենք այն առումով, որ, խոսելով պոտենցիալ զինվորների մասին, չխոսենք ուրիշների մասին, այլ խոսենք մեր մասին, որովհետև ո՞վ է էդ պոտենցիալ զինվորը, եթե մենք չենք: Էդ ո՞վ է ասել, որ պիտի ուրիշը պարտադիր լինի էդ պոտենցիալ զինվորը: Եվ մենք մեր ընտանիքի անդամներին էլ պիտի ասենք, որ գիտեք ինչ, եթե հանուն հայրենիքի մեզ հետ բան պատահի, սուգը՝ սուգ, բայց դուք ոչ թե ողբացեք մեզ, այլ հպարտացեք մեզանով, ոչ թե ատելության լցվեք նրանց նկատմամբ, որոնք ապրում են, այլ, ընդհակառակը, դա դիտարկեք որպես մեր զոհողության նպատակ, որովհետև մենք չենք զոհվում … Օրինակ՝ ես ձեզ մի բան ասեմ. մենք՝ այս դահլիճում ներկա շատ-շատերը, 2016 թվականի քառօրյայի համատեքստում կամավորագրվել ենք և գնացել ենք առաջնագիծ: Ընդ որում՝ էն ժամանակ մենք երբեք վերադարձից հետո չենք ասել՝ վայ, գիտեք, մեր ավտոմատի բանը սենց էր, մեր կոշիկը սենց էր, մեր … Չէ, կոշիկի մասին ասել եմ ես՝ որպես պատգամավոր: Մենք գնացել ենք … Հիմա տենց է ստացվել, գնացել ենք, եկել ենք, բայց որ գնացել ենք, զենքը ձեռքներս խրամատներում նստել ենք, ո՞վ էր երաշխիք տվել, որ … Մենք գնացել էինք մեր կամքով, արտահայտելու հանուն հայրենիքի կանգնելու մեր կամքը, ընդ որում՝ էն ժամանակ լինելով ընդդիմադիր պատգամավորներ, ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ:

 Հ.ՍԱՐԳՍՅԱՆ

-Մեծարգո պրն վարչապետ, ուզում եմ նշել, որ մեր ընտանիքը միշտ պատրաստ է եղել՝ մասնակցել և մասնակցել է պատերազմներին: Իմ երկու պապերը մասնակցել են պատերազմին, իմ հայրը, կամավոր, իր բազմազավակ ընտանիքը թողնելով, մասնակցել է 1990-ականների պատերազմին և վերջինն է դուրս եկել Արծվաշենից, դա բոլորը գիտեն: Վերջին պատերազմի ընթացքում էլ մեր ընտանիքը ներգրավված է եղել երկրի պաշտպանությանը, իմ հարազատ քրոջ ամուսինը մասնակցել է ամենաթեժ մարտերին, իմ մյուս քրոջ որդին է մասնակցել թեժ մարտական գործողություններին, և ես ընտանիքի միջից գիտեմ, թե ինչ է նշանակում՝ ունենալ ընտանիքի անդամ սահմանում: Եվ ես սա ասում եմ՝ ոչ միայն զոհվածների ընտանիքներ այցելելով և նրանց ցավը տեսնելով, այլ տեսել եմ, թե ինչպես է, օրինակ՝ արտասվում իմ քույրը, երբ իր ամուսնուն, օրինակ՝մի շաբաթ չի կարողանում զանգահարել:

Պրն վարչապետ, մենք տեսել ենք, որ դուք եք ամենաթեժ մարտական գործողություններին ձեր որդուն ուղարկել սահման, և շատերը շահարկեցին դա, շատերը մինչև այսօր չեն հավատում: Ես անձամբ գիտեմ ու մի քանի տեղից գիտեմ, որ Աշոտը մասնակցել է ամենաթեժ մարտերին և իր կողքին կանգնած զինծառայողը մահացել է, զոհվել է, ընկել է հանուն հայրենիքի մղվող պայքարում, և նրա փոխարեն շատ հանգիստ կարող էր լինել ձեր որդին: Նաև այսօր էլ ինձ շատերը զանգում և գրում են, որոնք վերջին պատերազմի մասնակից են կամ այլ պատերազմների մասնակից են և ցանկություն են հայտնում մեկնել առաջնագիծ, նաև ինֆորմացիաներ են գալիս, որ շատ կամավորներ գնում են և զենք են պահանջում, որպեսզի պաշտպանեն իրենց հայրենիքը: Ինչո՞ւ եմ սա ասում. ընդգծելու համար, որ կամքը մեր ժողովրդի և մեր հայրենակիցների մոտ կա, վճռականությունը կա, և մենք պատրաստ ենք և պատմությունն էլ է ցույց տվել, որ մենք պատրաստ ենք պայքարել և զոհվել հանուն հայրենիքի:

Ուզում եմ, ամփոփելով, ընդգծել, նաև գանք այսպիսի եզրահանգման. մենք հիմա պատրաստվում ենք գնալ խաղաղության և գնում ենք խաղաղության օրակարգով, միևնույն ժամանակ գիտակցելով, որ մինչև այն պահը, որ ցանկացած հայ պատրաստ չլինի՝ իր երկրի համար զոհվել և իր երկրի պաշտպանության համար կանգնել, մենք չենք կարող ունենալ ազատ և երջանիկ Հայաստան: Սա ենք ֆիքսում:

   Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալ եմ, պրն Սարգսյան: Ես իրականում ինչ որ ասում էի, ճիշտ է, ասացի՝ ես և դուք, բայց նկատի չունեի, որ եկեք մասնավորեցնենք, թե մեր տնից ով է մասնակցել: Դե, իհարկե, էն, ինչ ասացիք, փաստ է, բայց հիմա, գիտեք, խոսում ենք, էլի շատ կարևոր է, ես ուզում եմ մի փաստի վրա մի հայտարարություն անել, մի հանգամանքի վրա ուշադրություն հրավիրել, որը, ենթադրում եմ՝ հերթական մեծ սկանդալի առիթ է դառնալու, բայց ես չեմ խորշելու՝ դա ասել: 2020 թվականի պատերազմից հետո ինձ և՛ ուղիղ, և՛ անմիջական հրապարակային հազարավոր հարցեր են հնչել, հազարավոր. բա, ի՞նչ ես արել պատերազմը կանգնեցնելու համար, ոչ մեկը չի հարցրել՝ իսկ որևէ բան արե՞լ ես պատերազմը հաղթելու համար, որևէ մեկը, հասկանո՞ւմ եք: Ես անընդհատ դրա մասին եմ … Ու սպասում եմ էլի, սպասում էի անընդհատ, թե, լավ, մեկը կասի՝ լավ, դու վարչապետ ես, չէ՞, երկրի ղեկավար ես, ուր գնում ես, բա, ի՞նչ ես արել կանգնեցնելու համար, բա, Շուշին կտայիր, թե՞ չպիտի տայիր, Շուշին հայկակա՞ն էր մնալու, թե՞ հայկական չէր մնալու: Բա, էս բանը մի անգամ լսե՞լ եք, ես չեմ հիշում: Բոլորը հարցրել են, թե ինչ ես արել պատերազմն օր առաջ կանգնեցնելու համար, իմանալով պատերազմը կանգնեցնելու գինը, քաղաքական գինը, բայց նույնիսկ ոչ մեկը Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ոչ մի հարց ոչ մի ֆորմատով՝ ո՛չ հրապարակային, ո՛չ ոչ հրապարակային, չի հնչեցրել՝ բա, որևէ բան արե՞լ ես, որ պատերազմում պաշտպանության բանակը, օրինակ՝ հաղթի, արե՞լ ես որևէ բան: Սա ինչի՞ մասին է խոսում. որ այ, էս իմ ու ձեր հարցուպատասխանն ամենևին էլ իզուր չէ, իզուր չէր: Սա խոսում է, սա ցույց է տալիս մեր հարաբերությունն ինքնիշխանություն, պետականություն, անկախություն ունենալու կամքի հետ, ինչը չի նշանակում, որ մենք մոլագար ֆանատիկոս պիտի լինենք, հայրենիքի համար զոհվենք կամ ինքնասպանություն գործենք: Ոչ, դրա մասին չէ, բայց էս փաստը պատերազմից հետո ինձ տանջող ամենածանր փաստերից մեկն է, որ ոչ մեկը չի հարցրել՝ բա, մի բան արե՞լ ես, որ հաղթանակ լինի և ոչ թե պարտություն: Բա, էնտեղ ինչո՞ւ չէիր, էդ օրը բա կանգնեցնելու շանս եղե՞լ է, թե՞ չի եղել, կանգնեցրե՞լ եք, թե՞ չեք կանգնեցրել, փորձե՞լ եք, թե՞ չեք փորձել: Ես սրա մասին եմ ասում: Ու սա՝ այս մտածողությունը, բերում է կոնկրետ հետևանքների այ ձեր ասած զինվորի ճակատագրի մասով, որովհետև բոլորն իմացել են, որ ինչ-որ պահի պատերազմ է լինելու, ասել են՝ դե, կլինի կկանգնեցնեք: Ո՞նց, ո՞նց պիտի կանգնեցնես, եթե դու էդ կամքը չունես և էդ կամքն ապահովող ինստիտուտ չես կառուցել: Մեկը կարո՞ղ է բացատրել, թե ոնց պետք է կանգնեցնել պատերազմը կամ կանխել պատերազմը կամ հասնել խաղաղության:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հովիկ Աղազարյան. համեցեք:

 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Համոզված եմ՝ էլ չի էլ հնչելու էդ հարցը. բա, մի բան արե՞լ եք, որ հնարավոր հաղթանակ լինի:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Համեցեք, պրն Աղազարյան:

 Հ.ԱՂԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Մեծարգո պրն վարչապետ, ես էլ երկու հարց ունեմ: Առաջինը. խորապես համոզված եմ, որ մեր արտաքին քաղաքականությունն իր համապարփակ բովանդակությամբ ճիշտ ուղու վրա է, և սրանով են նաև պայմանավորված, իմ կարծիքով, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ջղաձգումներն արյունոտ հետքով, և էդ արյունոտ հետքը տարածվում է ոչ միայն հայ ժողովրդի վրա, այլ նաև Ադրբեջանի ժողովրդի վրա: Եվ, հետևաբար՝ ձեր արտահայտած էն միտքը, թե Ալիևն ասել է, որ եթե ինքը զգա, եթե Ադրբեջանի ղեկավարությունը զգա, որ Հայաստանն ուժեղացնում է իր սպառազինությունները, ապա ինքը նախահարձակ կլինի, այսպես կոչված, իր սուվերենությունը պաշտպանելու համար, էստեղ մի էսպիսի հարց է առաջանում. արդյո՞ք միջազգայնորեն ընդունված գործիքակազմ չկա, որպեսզի նման կոնֆլիկտները կառավարելու, սառեցնելու դեպքում մոնիտորինգ արվի, և տեսնեն, որ կողմերն արդյո՞ք պաշտպանական դոկտրինայով են շարժվում: Մենք կոնկրետ շարժվում ենք, իմ կարծիքով, պաշտպանական դոկտրինայով: Արդյո՞ք կողմերը պաշտպանական դոկտրինայով են շարժվում, որպեսզի թույլ չտալ, որ կողմերից մեկնումեկը շահարկի էդ հանգամանքը և նախահարձակ լինի:

Եվ երկրորդ հարցը. մենք գիտենք, որ բավականին դժվար է այսօրվա իրողությունների պայմաններում իսկապես ձեռք բերել միջազգային շուկայում անհրաժեշտ մեզ համար սպառազինություններ: Էդ իմաստով՝ հարց. պրն վարչապետ, արդյո՞ք դուք բավարար եք գնահատում մեր պետության կողմից ներդրումները ռազմաարդյունաբերական կոմպլեքսի զարգացման իմաստով:

 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Այ, երբ ես խոսում էի էդ մասին, ես, ուղղակի, երբեմն չեմ տիրապետում, թե մեր որոշումների կայացման որ հատվածն է, որ հրապարակվել է, որ հատվածն է, որ չի հրապարակվել: Կներեք, կարող է տարօրինակ թվալ ասածս, բայց, օրինակ՝ զինված ուժերի բարեփոխումների ոլորտում մենք շատ լուրջ քայլեր ենք ձեռնարկում, և էս վերջերս էլ, ի վերջո, պատրաստվել է ծրագիր, որ մենք մեր զինվորականների աշխատավարձերն անգամներով պետք է բարձրացնենք, անգամներով, այսինքն՝ ոչ թե 30 տոկոսով, ոչ թե 25 տոկոսով, այլ 3 անգամ, և արդեն չգիտեմ՝ հրապարակվել է դա, թե չի հրապարակվել, 240 տոկոսի մասին է խոսքը, բայց էդ 240 տոկոսը, եթե ճիշտ եմ հասկանում, շեմն է, բազան է, որի վրա պետք է այլ գործակիցներ աշխատեն:

Տեսեք, մենք գիտության ֆինանսավորումը 2022 թվականին ավելացրել ենք 83 տոկոսով: Ինչո՞ւ եմ ասում, և ի՞նչ կապ ունի սա ռազմարդյունաբերության հետ: Եվ, եթե չեմ սխալվում, պրն Արշակյանն ինձ կհիշեցնի, 2019 թե 2020 թվականին մենք ռազմարդյունաբերության ֆինանսավորումն էլի … (Խոսակցություն դահլիճում …) Այո, կրկնապատկել ենք ռազմարդյունաբերության ֆինանսավորումը: Բայց ես ձեզ մի բան ասեմ էստեղ էլ. հասկանո՞ւմ եք, ինստիտուտները շատ կարևոր բան են, երբ, ասենք՝ շատ դեպքերում … 2019 թվականին ես առնչվել եմ ոլորտի հետ: Մոտավորապես, իմաստը գիտե՞ք՝ որն է եղել. որ այ էս, էս, էս մարդիկ հավաքվել են, որոշել են, որ պետք է սենց մի հատ հետազոտական նյութ անեն, որը, բնականաբար, ինչո՞վ է ավարտվել. ոչնչով, մեծ աղմուկ և ոչինչ, որովհետև ինստիտուցիոնալ համակարգ պետք է գործի, որ ինքը փորձակոնստրուկտորական աշխատանքներից սկսած, նախագծումից սկսած՝ ինքը պետական պրոցեդուրաներով անցնի և ստանա արդյունք, որովհետև զենքի արտադրությունը պարզ բան չէ: Եվ ես պիտի ասեմ, որ, էլի, չգիտեմ ինչքանով պատեհ է, բայց էսօր, եթե տենց է խոսակցությունը գնացել, ասեմ. եթե որևէ մեկը ձեզ կասի, որ էսօրվա ռազմաարդյունաբերական ընկերությունները պատրաստ են կլանել ավելին, քան Կառավարությունը հատկացնում է, լուրջ չվերաբերվեք էդ հայտարարությանը, որովհետև կլանել ասելով՝ նկատի է առնվում որոշակի ստանդարտներով, հստակ պրոցեդուրաներով, կանոնակարգերով տեխնիկական կատարվող աշխատանք, որը պետք է բերի ինչ-որ արդյունքի: Ընդ որում՝ մենք ելնում ենք այն իրողությունից, որ գիտական աշխատանքն էնպիսին չէ, որ … Ինքը շինարարություն չէ, որ ասես՝ այ, էսօրը կսկսես, էսօրը կավարտես, էս էլ՝ նախագիծը, որովհետև գիտական արդյունքը երբեմն չի լինում, որ գիտահետազոտական աշխատանքը վերջնական արդյունք է բերում, բայց ընթացքում ինքն էնքան գիտելիք է գեներացնում, որը հաջորդ պահին չնախատեսված տեղում օգտագործվում է կոնկրետ խնդիր լուծելու համար: Այսինքն՝ իրականում էդտեղ էլ մենք, փառք Աստծո, էսօր մենք որևէ հնարավորությունների, այսպես ասած, սղություն չունենք, բայց այլ հարց է, թե ինչքանով են կարողանում կլանել, ինչքանով են կարողանում վերջնական արտադրանք արտադրել և ինչքանով են կարողանում էդ արտադրանքի որակն ապացուցել: Այսքանը, երևի:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, գիտեք, հիմա, ընդհանրապես, արտաքին քաղաքականության մասին խոսելն էնքան անշնորհակալ գործ է, որովհետև եթե մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում աշխարհակարգի հետ, ընդհանրապես, արտաքին քաղաքականության մասին խոսելը, արտաքին քաղաքականությանը գնահատական տալը դժվար բան է, որովհետև, ըստ էության, միջազգային հարաբերություններում տիրում է մի իրավիճակ, որը կարելի է բնորոշել մեկ բառով՝ խառնաշփոթ: Եվ էդ խառնաշփոթի մեջ, իհարկե, առավել դժվար է մեզ նման երկրներին:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Հովիկ Աղազարյան. խնդրեմ, արձագանք:

 Հ.ԱՂԱԶԱՐՅԱՆ

-Մեծարգո պրն վարչապետ, բանակի բարեփոխումների հետ կապված՝ ուզում եմ ասել, որ առիթ եմ ունեցել՝ շփվել միջին սպայական կազմի շատ-շատ ներկայացուցիչների հետ, և իրենք արդեն զգում են էդ բարեփոխումների ազդեցությունը, և ես կարծում եմ, որ էս գիշեր տեղի ունեցած՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված իրողությունների դեմ մեր բանակի՝ պատշաճ ձևով դիմակայումն ապացուցում է նաև դա: Շնորհակալություն:

 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Գիտեք, ես ուզում եմ ասել, որ մենք 2019 թվին էլ ենք էականորեն և շոշափելիորեն բարձրացրել զինվորականների աշխատավարձը: Բայց, ուղղակի, բազան էնպիսին է, որ ինչքան բարձրացնում, բարձրացնում ես, չնախատեսված չափերի էլ գնաճ է լինում, հետո պարզվում է, որ էդ բարձրացումներով էդքան էլ չես հասցնում:

2020 թվականին մենք գիտության ոլորտում տեղ-տեղ կրկնապատկել, նույնիսկ երբեմն եռապատկել ենք աշխատավարձերը և շարունակելու ենք էդ պրոցեսը: Բայց, հասկանո՞ւմ եք՝ ամբողջ խնդիրն էն է, որ, տեսեք, օրինակ՝ բանակը մի տարում հնարավոր չէ բարեփոխել և նույնիսկ երկու տարում հնարավոր չէ բարեփոխել: Երկար տարիներ են պետք, բայց շատ ավելի կարևոր է բարեփոխումների էդ պլանն ունենալ: Իսկ էս դինամիկ փոփոխվող աշխարհում բովանդակային ի՞նչ փոփոխություններ պետք է տեղի ունենան, ո՞նց պիտի բարեփոխվի բանակը, որովհետև մեկնարկի կետը և նպատակակետը կարելի է հեշտությամբ ֆիքսել, իսկ այ, մեկնարկի կետից նպատակակետին ո՞նց հասնել, քայլերի ի՞նչ հաջորդականությամբ՝ էդքան էլ պարզ աշխատանք չէ: Շնորհակալություն:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Վիգեն Խաչատրյան. համեցեք հարցի համար: Միացրեք Վիգեն Խաչատրյանի խոսափողը:

 Վ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն: Մեծարգո վարչապետ, քանի որ այս քննարկումը կրում է հրապարակային բնույթ, երևի, ոչ բոլորը գիտեն մեր հանրապետությունում և դրանց դուրս, որ, ընդամենը, մեկ շաբաթ առաջ մենք մոտ 6 ժամ էս հարցերը խմբակցությունով ձեզ հետ քննարկել ենք, որին մասնակցում էին Անվտանգության խորհրդի քարտուղարն ու արտաքին գործերի նախարարը, և այնպես չէ, որ կարող ենք ասել, որ ինչ-որ հանկարծակիի ենք եկել, այն, ինչ այսօր տեղի է ունենում, շատերի համար սպասելի էր: Եվ շատ կարևոր է, որ մենք, կներեք, որ այդ ոճով եմ խոսում, խորհուրդ տալու նպատակ չունեմ, պարզապես. ուզում եմ կիսվել, որ մեր այս քննարկման նպատակը հիմնականում ես ընկալում եմ այնպես, որ մեր ժողովրդի մոտ խուճապ չառաջանա. մարդիկ վստահ լինեն, որ իշխանությունը տիրապետում է իրավիճակին, իրավիճակը կառավարելի է, բայց մարդիկ ունեն հարցեր, որոնց պատասխանը սպասում են իշխանություններից, և էս քննարկումը դրա նպատակն էլ ունի: Ես երկու հարց ու առաջարկ ունեմ: Առաջինը. ես կարծում եմ, որ խմբակցության հետ առանձին, փակ նոր քննարկման կարիք կա, որովհետև ես գիտեմ, որ շատերը տարբեր առաջարկություններ ունեն, որ հիմա չեն հնչեցնի, որովհետև ոչ թե մենք գաղտնիք ունենք մեր ժողովրդից, այլ հրապարակային քննարկում է, որն իմանում են նաև ոչ բարեկամները, այդ թվում՝ նաև որոշ բարեկամներ: Եվ մեր քննարկումներում, ընդամենը, ձևավորվում են առաջարկներ, որի հիման վրա գործադիր իշխանությունը, նաև հաշվի առնելով այդ ամենը, կայացնում է անհրաժեշտ որոշումներ: Հիմա, կամքի վերաբերյալ ճիշտ եք շեշտում, և կասկած չկա, որ էդ կամքը կա, և հավասարապես նաև ըմբռնումը կա, որ էդ կամքը պիտի բազմապատկել ամեն օր: Հիմա, էդ առումով չե՞ք գտնում, որ լրացուցիչ ինչ-որ միջոցներ պիտի ձեռնարկվեն, որովհետև ասածս հետևյալն է, ըստ էության, մենք պատերազմի մեջ ենք մեր թշնամի հարևանի հետ՝ Ադրբեջանի: Սա չհայտարարված, սողացող պատերազմ է: Եվ, ելնելով դրանից, ես կարծում եմ, որ որոշ բաներ պիտի փոխվեն հանրապետությունում: Դա կարելի է առանձին քննարկել, բայց մարդիկ պիտի զգան, որ էդ կամքը բազմապատկվում է ամեն օր, և դա պիտի վերաբերի բացառապես բոլորին, սկսած պետության ղեկավարից, վերջացրած ամենաշարքային դիրքում գտնվող քաղաքացիով պիտի իմանան, որ, այո, անկախությունը, ինքնիշխանությունն ունի գին, որը բոլորս հավասարապես վճարում ենք, ելնելով մեր դիրքից, մեր հնարավորություններից: Այստեղ ես կարծում եմ, նորից եմ ասում՝ փակ քննարկման կարիք եմ տեսնում. բաներ կան, որ պիտի փոխվեն: Առաջինը՝ որպես հարց. չե՞ք գտնում, որ ինչ-որ բաներ պիտի փոխվեն: Եթե պետք լինի, ես փակ քննարկման ժամանակ… Կարծում եմ, որ կա դրա կարիքը: Այսինքն՝ ընդհանրապես, երբ մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, ես կարծում եմ՝ էստեղ բան պիտի փոխվի, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ինքը միջազգային ուժ չունեցող փաստաթուղթ է, վավերացված չէ էս խորհրդարանում: Եվ ես կարծում եմ, որ մենք առայժմ խաղաղության պայմանագրի խնդիրը պիտի մի կողմ դնենք ու խոսենք խաղաղ համակեցության մասին, հիմքում դնենք միջազգային նորմեր, օրենքներ, պայմանագրեր և պահանջենք, որ այդ ամենը միջազգայնորեն ճանաչված նորմերով կատարվի և պաշտպանված լինի, որովհետև այլ բան է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որ մենք կարևորում ենք, շատ կարևոր փաստաթուղթ է, բայց մենք պիտի, ըստ երևույթին, դրանից էն կողմ գնանք և ասենք՝ մենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու չունենք, մենք պահանջ ունենք՝ միջազգային նորմերով ձևավորել մի փաստաթուղթ, որը կվերաբերի Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ համակեցությանը, և էստեղ մենք կարող ենք պահանջել միջազգային երաշխիքներ:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Պրն Խաչատրյան, ժամանակը սպառվել է, առաջարկում եմ արձագանքի ժամանակ շարունակել:

 Վ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Հա, կներեք, ես ժամանակին չէի նայում: Եվ վերջին խնդիրը …

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Պրն Խաչատրյան, այնուամենայնիվ, խնդրում եմ արձագանքի ժամանակ:

 Վ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Ես արձագանքի ժամանակ կասեմ, չչարաշահեմ:

 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շատ լավ, պրն Խաչատրյան: Մտքերը բազմաշերտ էին և ինչ-որ բան պե՞տք է փոխել, թե՞ պետք չէ փոխել, ընդհանրապես. իհարկե, պետք է փոխել, բայց բարեփոխել: Եվ սա պիտի լինի մեր ձգտումը: Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ես անդրադարձա: Այն գործող փաստաթուղթ է, որով ձևավորվել է անվտանգային որոշակի ճարտարապետություն, և պետք է ուշադիր լինել այդ ճարտարապետության նկատմամբ, և դա հատուկ շեշտեցի, ինչը չի բացառում ձեր ասած մյուս հարթությունները, և՛ զարգացումները, և՛ մոտեցումները, որոնք քննարկման առարկա են: Եվ ձեր առաջարկները, բնականաբար, ընդունելի են, մենք պարբերաբար հանդիպում ենք և քննարկում:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Համեցեք արձագանքի համար:

 Վ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Արձագանքի ժամանակն օգտագործեմ, շարունակեմ հարցերս: Շեշտվեց, որ մենք սպասում ենք ՀԱՊԿ-ի պատասխանին, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի պատասխանին և ՄԱԿ-ի պատասխանին: Ես կարծում եմ՝ էդ պատասխաններից հետո մենք նորից պիտի հավաքվենք և որոշումներ կայացնենք, այսինքն՝ այսօր փաստը նա է, և մեր հանրությունը դա չի ներելու մեզ՝ որպես իշխանություն ու պահանջելու է, որ մենք դրան հասնենք. մեր գործընկերներից որևէ մեկը դեռ չի դատապարտում Ադրբեջանին, բայց Թուրքիան արդեն դատապարտել է Հայաստանին, էսօր՝ Չաուշօղլին: Այսինքն՝ մենք պիտի մտածենք՝ էս ո՞ւմ հետ ենք մենք համագործակցում, այսինքն՝ ժողովուրդը մեզանից է դա պահանջելու, ոչ թե մեր դաշնակիցներից, թե ինչո՞ւ չի դատապարտվում Ադրբեջանը: Եվ էստեղ մենք, կարծում եմ՝ շատ ծանր վիճակում ենք, ես ձեզ լավ եմ հասկանում ու վստահ եմ, որ մենք էս վիճակից դրական ելք ենք ունենալու, կասկած չունեմ: Մեր հասարակությունը դրանում էլ է վստահ, համոզված, բայց էստեղ մեր գործընկերները պիտի իմանան, որ մեր համբերությունը սահման ունի: Շնորհակալություն:

 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Պրն Խաչատրյան, ինչպես դուք նշեցիք, մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, և հիմա, եթե չի ավարտվել, տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը, և այնտեղ քննարկվում է իրավիճակը, և ես հույս ունեմ, որ մենք նաև նախատեսված այլ գործընթացները կիրականացնենք: Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները հայտնի են, և պայմանագիրն է, որի մասին ասացի, այդ պայմանագիրը՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության, և փոխադարձ օգնության մասին» 1997 թվականի պայմանագիրն է, որի 25-ամյակը վերջերս՝ օգոստոսին լրացավ, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին էլ մենք դիմել ենք, նաև Անվտանգության խորհրդի անդամ մեր գործընկերների հետ աշխատում ենք:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Վահագն Ալեքսանյան. հանո՞ւմ եք հարցը: Պրն վարչապետ, հարցերը սպառվեցին, եթե ամփոփիչ խոսք ունեք, խնդրեմ:

 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Չէ, ըստ էության, համապարփակ էր, ամեն ինչ ասացի: Շնորհակալություն:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, իսկ մենք կշարունակենք նիստը կոչնակով: Խնդրում եմ, որ ուշադիր լինեք: Շնորհակալություն:


Ժամը 14:30

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ

 

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, մի երկու րոպե սպասենք, մեր գործընկերները «Պատիվ ունեմ»-ից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հիմա կմոտենան: Պրն Վարդանյան, կմոտենա՞ք մեզ, ամբիոնին չէ: Եկեք վերև:

Հարցը կքննարկվի 1-ժամանոց ռեժիմով և դրա բերումով մեզ քվեարկություն չի պահանջվի, պրն Մինասյան:

Հարգելի պատգամավորներ, Ազգային ժողովի նախագահը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 96-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծ Ադրբեջանական հարձակման վերաբերյալ: Այժմ քննարկում ենք հայտարարության նախագիծը:

Հիմնական զեկուցող՝ նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյան. համեցեք:

 Վ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

-Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի փոխնախագահներ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ.

«Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես, հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում:

Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման սուրբ գործում: Բոլոր քաղաքական ուժերին, մեր բոլոր հայրենակիցներին՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, կոչ ենք անում՝ պահպանել հանգստություն և համախմբվել պետականության շուրջ: Մեր բոլորի հայրենիքը միասնական և կուռ պաշտպանության կարիք ունի:

Միջազգային հանրությանը կոչ ենք անում՝ խստորեն և հասցեական կերպով դատապարտել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիան, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված՝ տարածքային ամբողջականության դեմ ուժի և ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում և իրավիճակից բխող գործողությունների իրականացում:

ՀԱՊԿ-ից պահանջում ենք Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնված պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների իրականացում՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանմանը:

Դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը՝ շուտափույթ իրագործելու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրով ամրագրված պարտավորությունները՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության»:

Այսքանը, հարգելի գործընկերներ: Եթե հարցեր ունեք, սիրով կպատասխանեմ:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցերի համար հերթագրում: Արփինե Դավոյան:

 Ա.ԴԱՎՈՅԱՆ

-Պրն Վարդանյան, մինչև հայտարարության տեքստի հրապարակումն այստեղ քննարկում տեղի ունեցավ, և մեր ընդդիմադիր գործընկերներն ասացին, որ իրենք հանդես կգան առաջարկություններով, և մենք հանդես կգանք միասնական հայտարարությամբ: Խնդրում եմ մեզ տեղեկացրեք, թե արդյոք ներկայացվե՞լ են առաջարկներ և ինչպիսի՞ ընթացք է ստացել այդ քննարկումը:

 Վ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Դավոյան: Առավոտյան 9:40-ից սկսած, գրեթե անընդհատ մենք աշխատանք ենք տարել մեր ընդդիմադիր գործընկերների հետ: Գիտեք, բանակցություններում զրոյական արդյունքը ևս դիտարկվում է որպես զրոյական արդյունք: «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունները ներկայացրել էին առանձին առաջարկների փաթեթներ: «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկների փաթեթն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերելի չէր երեկ սանձազերծված ագրեսիվ գործողություններին, ինչի մասին ես իմ գործընկերներին տեղեկացրել եմ:

«Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ներկայացված առաջարկների մի մասը որոշ մասով վերաբերելի էր ստեղծված իրավիճակին, և մենք պատրաստ էինք մասնակիորեն հաշվի առնել հայտարարության մեջ նշված այդ առաջարկները: Ընդ որում՝ ուզում եմ հստակ նշել, որ մեզ համար չափազանց կարևոր էր այսօր դահլիճում ունենալ միասնականություն խորհրդարանական բոլոր խմբակցությունների միջև: Ցավոք, դա չհաջողվեց: Պրն Մամիջանյանի հետ երկարատև քննարկումների ընթացքում հնարավոր չեղավ համաձայնեցնել առաջարկների այնպիսի փաթեթ, որը կընդգրկեր նրանց կողմից ներկայացված առաջարկների մի մասը: Մյուս մասն անընդունելի էր:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանք:

 Ա.ԴԱՎՈՅԱՆ

-Եթե ավելացնելու բան ունեք, կարող եք շարունակել, պրն Վարդանյան:

 Վ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

-Պարզապես, պետք է ասեմ, հարգելի գործընկերներ, որ այս նախաձեռնության և այս հայտարարության ամբողջ իմաստը՝ ցույց տալ, թե´ մեր զինվորին, որն այսօր գտնվում է խրամատում, թե´ մեր աշխատավորին, որն այսօր ամեն ջանք ներդնում է, որպեսզի պետականությունն ամրանա և զարգանա, ցույց տալ մեր երիտասարդ սերնդին և բոլոր քաղաքական ուժերին երկրի ներսում, ինչպես նաև երկրից դուրս, որ առնվազն այս հարցով, առնվազն երկրի պաշտպանունակության հարցով Հայաստանի Հանրապետության խորհրդարանը միասնական է: Հայցում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներողամտությունը. մեզ չհաջողվեց դա անել: Չհաջողվեց այն պարզ պատճառով, ուրևիցե եղանակով, կոնսենսուսային առաջարկի որևիցե տարբերակ չընդունվեց: Ցավում եմ դրա համար, բայց, այդուհանդերձ, ամրագրում եմ և վերահաստատում եմ, որ նշված հայտարարությունը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից, այն ընդգրկում է այն բոլոր հնարավոր մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն իր միջազգային գործընկերների հետ իրականացնի համապատասխան գործողություններ, և այս նախագիծը, ըստ էության, ուղղված է նրան, որ մենք ունենանք առավել հզոր, ավելի ամուր պետականություն: Շնորհակալություն:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Վարդանյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Մտքերի փոխանակության համար փոխանակություն. գրանցում:

Արծվիկ Մինասյան. համեցեք:

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Հարգելի հայրենակիցներ, այո, չափազանց ծանր է հերթական անգամ լսել այն կորուստների մասին, որ մենք արձանագրեցինք ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորման հետևանքով։ Հայտարարության նախագիծը, որը ներկայացված է, անկատար է, ամբողջական չէ, դրանից ելնելով է, որ մենք առաջարկել ենք ոչ մեծ ծավալի, բայց 4 հիմնական կետեր որպես կարևորագույն ուղերձ ոչ միայն միջազգային հանրությանը, նաև մեր քաղաքացիներին, մեզ բոլորիս: Կարդամ այդ 4 առաջարկները, որոնք մերժվել են:

Առաջին. Ադրբեջանը շարունակում է 44-օրյա պատերազմում ուժի կիրառման իր քաղաքականությունը, որի հակահայկական նպատակներն ամրագրված են մեզ համար անընդունելի թուրք-ադրբեջանական՝ 2021 թվականի հունիսի 15-ի Շուշիի հռչակագրով։

Երկրորդ. արձանագրում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և բանակի վերականգնման ոլորտներում լիակատար ձախողումը:

Երրորդ. տեղի ունեցող ռազմական գործողությունները վերջնականապես բացահայտեցին այսպես կոչված խաղաղության դարաշրջանի քաղաքականության սնանկությունը։

Եվ չորրորդ. Ազգային ժողովը գտնում է, որ Ադրբեջանի հետ հետագա բանակցությունները կարող են շարունակվել միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի լիակատար դուրսբերման, հայ ռազմագերիների և ապօրինի պահվող այլ անձանց վերադարձման պարագայում:

Այս առաջարկների նպատակը նաև եղել է այն, որ հնարավոր լինի վերակառուցել վարվող քաղաքականությունը: Չէ՞ որ ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից մեկը խաղաղությունն է, և այդ սկզբունքին հետամուտ լինելու համար չափազանց կարևոր է արձանագրել, որ խաղաղության քաղաքականությունը՝ ի դեմս Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի, ձախողվում է, և դրա համար է, որ այս կոնտեքստը նաև այդ հայտարարության ներքո կարևորագույն ուղերձ էր պարունակում:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Ավարտեք: Վահագն Ալեքսանյան:

 Վ.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

-Շնորհակալություն: Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, պրն Մինասյան, պրն Օհանյան, ես հասկացա հետևյալը. դուք, փաստացի, ոչ մի տարաձայնություն չունեք հայտարարության կետերի հետ, որոնք առկա են պրն Վարդանյանի ներկայացրած տեքստի մեջ: Այդտեղ ոչ մի առարկություն չունեք: Ունեք կետեր, որոնք, ձեր կարծիքով՝ ևս պետք է ներառված լինեն, բայց եղածի հետ ոչ մի տարաձայնություն չունեք, սակայն, չնայած այդ հանգամանքին, ձեր գործընկերները դեռ այստեղ չեն, դուք էլ, ըստ երևույթին, ինչքան հասկացա, չեք պատրաստվում կողմ քվեարկել այս նախագծին: Այնինչ, սա մի շատ կարևոր նախագիծ էր, որը պետք է խորհրդարանն ընդուներ միասնաբար, որովհետև այդ տեքստում ես չեմ տեսնում թեկուզ մի ստորակետ, որին կարող է անհամաձայն լինել կամայական ցանկացած հայ մարդ՝ հայաստանցի և պատգամավոր: Բայց, միևնույնն է՝ այդ միասնականությունը չի դրսևորվում:

Սովորաբար վերջին մեկ տարվա մեջ, երևի, ես այս ամբիոնին հիմնականում մոտեցել եմ և քաղաքական դեբատի մեջ եմ մտել ձեր խմբակցության, մյուս ընդդիմադիր խմբակցության հետ, բայց ես կարծում եմ, որ հիմա ժամանակն է, որ այդ բոլոր դեբատները մի կողմ դրվեն, մի կողմ դրվեն բոլոր տարաձայնությունները, իմ և ձեր տարաձայնությունները, իմ և ձեր գործընկերների տարաձայնությունները, մեր բոլորի տարաձայնությունները, որովհետև սահմանին տղերքը կռվում են։ Իսկ երբ սահմանին տղերքը կռվում են, մենք իրավունք չունենք՝ մեզ այնպիսի շռայլություն այստեղ թույլ տալ, ինչպիսին է իրար հետ քաղաքական դեբատը կամ նմանատիպ մի ուրիշ շռայլություն: Ես վստահ եմ, որ դուք երկուսդ էլ, պարոն Օհանյան, պարոն Մինասյան, ձեր կենսափորձով, ձեր ապրած տարիներով շատ բաների միջով եք անցել, և ես, գոնե, վստահություն ունեի, որ առնվազն դուք, ձեր խմբակցությունից հենց դուք երկուսդ ինձ հետ համակարծիք կլինեք այս հարցում: Ցավոք, սխալվել եմ:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արփինե Դավոյան:

Ա.ԴԱՎՈՅԱՆ

-Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, այնուամենայնիվ, այսօր այն օրն էր, որ կարելի էր լինել միասնական, կարելի էր լինել համերաշխ և, ինչպես նշեց իմ գործընկերը, մենք իրավունք չունենք՝ մեզ շռայլություն թույլ տալ և հանդես գալ այնպիսի հայտարարություններով, որոնք հակասում են երկրի պետականության շահին:

Պրն Վարդանյանը կարդաց Ազգային ժողովի հայտարարության տեքստը, և ես ուզում եմ հասկանալ այս հայտարարության տեքստի անհամաձայնությունը: Այսինքն՝ «Մեր բոլորի հայրենիքը միասնական և կուռ պաշտպանության կարիք ունի» նախադասությունը դեռևս քննարկման ենթակա՞ է: Ես այդպես եմ հասկանում: Ես հասկանում եմ, որ միջազգային հանրությանն ուղղված կոչը դուք դեռևս քննարկման եք դնում: Դուք ասում եք՝ մենք խնդիր չունենք, սակայն դուք դեմ եք: Այստեղ նորից հանդես է գալիս, առաջնահերթություն է լինում այն, որ երբ մենք կոչ ենք անում, որ բոլոր քաղաքական ուժերը, մեր բոլոր հայրենակիցները՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, պահպանեն հանգստություն և համախմբվեն պետականության շուրջ, ես կարծում եմ, որ ձեզ միայն այս նախադասությունն է անհանգստացնում, որ դուք, այնուամենայնիվ, շարունակում եք ձեր նույն գործելաոճը, շարունակում եք գործել առանձին, շարունակում եք ձեզ չհամարել Հայաստանի Հանրապետության իշխանության մի մաս՝ դուք ընդդիմադիր իշխանությունն եք, և դուք չեք ուզում համախմբվել երկրի պետականության շուրջ:

Ձեզ համար շատ կարևոր են ձեր 4 կետերը և այն հայտարարությունը, որն ընթերցվեց, որևէ կերպ ձեր օրակարգում չկար: Ես ցավում եմ, որ այս պահին, երբ մարդիկ կենաց ու մահու պայքար են մղում սահմանին, երբ րոպեական իրավիճակ է փոխվում, դուք շարունակում եք այն գործելաոճը, որը որդեգրել եք այս վերջին տարիներին: Ձեզ որևէ կերպ Հայաստանի Հանրապետության պետականությունը չի անհանգստացնում:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Սերյան Օհանյանը հանել է իր ելույթը: Վլադիմիր Վարդանյան։

 Վ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

-Գիտեք, այսօր առավոտվանից Ազգային ժողովում շատ անկեղծ խոսակցություն էր, և ես ուզում եմ շարունակել այդ անկեղծ խոսակցությունը: Այսօր, պրն Օհանյան, պրն Մինասյան, պրն Մամիջանյանն այստեղ չէ, ես եկա ձեզ մոտ, ոչ միայն որպես Ազգային ժողովի պատգամավոր, ես եկա ձեզ մոտ որպես քաղաքացի, որպես հայ: Երբեք ինձ թույլ չէի տա գալ և այդքան համոզել, խնդրել, բայց կան որոշ արժեքներ, որոնց պարագայում դու իրավունք չունես քեզ ավելի բարձր դնել, քան, օրինակ՝ պետականությունն է, երկրի անվտանգությունն է։ Մենք երկար խոսեցինք, ազնիվ խոսեցինք ձեզ հետ:

Ձեզ թվում է՝ դահլիճի այս կողմում նստած բոլոր մարդիկ միակարծի՞ք են բոլոր հարցերում: Ոչ, մենք էլ ենք տարակարծիք: Մարդիկ կան, որոնք հակասություններ ունեն, բայց, գիտե՞ք, Հայաստանի Հանրապետությունում մարդիկ կան, որոնք 30 տարի շարունակ, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում, ամուսնացած լինելով պետականության հետ, անում են այն, ինչ պահանջում է պետական շահը։ Պրն Օհանյան, այսօր մեր գործընկերները նույնիսկ չհարգեցին մեր զոհերին տրվող հիշատակը, ոտքի կանգնելով Ազգային ժողովի դահլիճում: Ի՞նչ կա այս դահլիճում: Սա մեր դահլիճն է, սա իմ Ազգային ժողովը չէ, ձերը չէ, սա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն է, և այսօր մենք այստեղ չապահովեցինք միասնականություն: Սա ամենամեծ խնդիրն էր, որն Ազգային ժողովը պարտավոր էր լուծել:

Ես ևս մեկ անգամ ներողամտություն եմ հայցում Հայաստանի Հանրապետության քաղաքացուց:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Վաղարշակ Հակոբյան. հանո՞ւմ եք: Խմբակցությունների անուններից ելույթներ ունենք:

«Հայաստան» խմբակցության անունից ելույթ կունենա Արծվիկ Մինասյանը: Համեցեք:

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Ես, իսկապես, ափսոսում եմ, որ հերթական մանիպուլյացիայի ականատեսն եմ լինում: Երեկ ամբողջ գիշեր մեր խմբակցությունն աշխատել է, և հայտարարությունը, եթե ձեզանից շատերը չեն տեսել, կարող են ծանոթանալ, թե մենք՝ իբրև խմբակցություն ինչպիսի հայտարարություն ենք արել և ինչ ուղերձներ են ուղղված:

Ես զարմանում եմ, որ մեր հայտարարության այդ կրկնությունը, որ դուք այս նախագծում դրել եք, հիմա այս ամբիոնից վերագրում եք, որ այդ հայտարարությանը մենք չենք միացել: Մենք այս հայտարարությանը դեմ չենք, մենք ասում ենք՝ այն ամբողջական չէ, և, հետևաբար՝ ոչ մի լուծում չի պարունակում իր մեջ: Եթե մենք ուզում ենք, որ լուծում պարունակի, ապա պետք է հստակ, թիրախավորված ասենք: Ի դեպ, և, ի վերջո, եթե մենք տրամադրված չլինեինք մեր պետականության պաշտպանության հարցում, այս կարևորագույն կետերը չէինք ասի, այլ, պարզապես, ինչպես անընդհատ քննարկում ենք այս հարցը, եկել էինք այստեղ և կասեինք՝ Նիկոլ Փաշինյան, դու այսօր պետք է գաս հրաժարականով: Ի դեպ, դա ամենաանկեղծ քայլը կլիներ: Անկեղծ քայլը, որը կմիավորեր մեր ժողովրդին՝ ընդդիմությանն ու դիմությանը, կմիավորեր՝ կատարելով ձեր կամքն ու մեր ցանկությունը, որպեսզի մենք կարողանայինք ուժեղացնել մեր պետականությունը:

Ի վերջո, շատ կարևոր մեկ շեշտադրում ևս: Մեր առաջարկած կետերը վերաբերում են մեր, ավելի ճիշտ՝ ձեր իշխանության ժամանակահատվածում թույլ տրված սխալների վերախմբագրմանը, ուղղմանը: Ինչո՞ւ չեք ուզում սա: Սա է անհասկանալին: Բերել եք այսքան ավեր, կորուստ և այսքանից հետո, պրն Վարդանյան, ասում եք՝ ոտքի չեք կանգնում: Չե՞ք ամաչում, առավոտյան մենք այստեղ չէի՞նք, որ միասին հարգեցինք մեր զոհված հայրենակիցների հիշատակը:

Եվ, ավարտելով խոսքս, ասեմ, որ մենք, իսկապես, այս իրավիճակում չենք մասնակցելու այս հարցի քվեարկությանը, որովհետև համարում ենք կիսատ-պռատ նախագիծ:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ կունենամ ես:

Այնքան եմ ափսոսում, այնքան եմ ափսոսում, որ չգիտեմ, թե ինչ ձևով խոսեմ: Բա ինչի՞ն եք դուք մասնակցում, ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ պետք է լինի, որ այս դահլիճում ձեր օրակարգը սպասարկվի: Հայաստանը վերջնականապես գրավե՞ն, բոլորս մեռնե՞նք, ի՞նչ պետք է լինի, որ դուք գաք դահլիճ: Ո՞րն է ձեր օրակարգը՝ անվտանգությունից դուրս, ուզում եմ հասկանալ: Կամ, դուք ինչո՞ւ եք եկել, ուզում եմ դա էլ հասկանալ: Անկեղծ, ի՞նչ եք անում դուք հիմա երկուսով այստեղ: Եկաք, ասացիք՝ ժամանակ է պետք, ասացինք՝ մեկ ժամ, ասացինք՝ երկու ժամ, երեք ժամ: Տվեցինք, գնացիք, այս թուղթը բերեցիք, ասում եք՝ մենք …

Ադրբեջանի մասին հայտարարություն ենք ընդունում, երրորդ կետով ներքաղաքական հարց եք լուծում, ասում եք՝ «այսպես կոչված խաղաղության դարաշրջանի քաղաքականության սնանկությունը»: Ո՞ւմ է դա հետաքրքիր, հիմա մենք դրա՞ մասին ենք խոսում։ Ձեր սնանկության մասին երեսուն տասնամյակ կարելի է խոսել:

Չորրորդ կետով էլ ասում եք՝ Ադրբեջանի հետ բանակցություններից դուրս գանք: Լո՞ւրջ, դո՞ւրս գանք, բա, դուրս գանք, ի՞նչ անենք, էլի երկու հոգով գնալու եք սահմա՞ն պահեք։

Դա իմ մեկնաբանությունը չէ, հայատառ գրված է:

Վարչապետը եկել է, ասում է՝ եկեք հարց տվեք, ներկայացնում է, որ 49 զոհ ունենք, այսքան վիրավոր ունենք, դուք՝ մենք մեր օրակարգն ունենք։ Մի եկեք էլի դահլիճ, անկեղծ, խնդրում եմ ձեզ։ Որպես Ազգային ժողովի նախագահ չեմ խնդրում, այլ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ խնդրում, որ գալիս եք, ո՞ւմ է պետք: Լուրջ եմ ասում, հազար ափսոս, որ նույնիսկ այս իրավիճակում դուք չեք կարողանում Հայաստանի Հանրապետության շահը սպասարկել: Այստեղ քաղաքական ոչ մի հարց չկա, այստեղ քոչարյանական, սերժական, չգիտեմ, «Քաղաքացիական պայմանագրի» համակիրի հարց չէ: Ի՞նչ պետք է լինի, որ դուք գաք: Մի եկեք:

Քվեարկության է դրվում Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն ընդունելու մասին հարցը: Քվեարկություն, հարգելի գործընկերներ:

Կողմ՝ 65

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է:

Հարգելի գործընկերներ, նիստը հայտարարում եմ ավարտված: Խնդրում եմ հետևել կոչնակին, մենք հայտարարությունների ժամ ունենք այսօր:


Ժամը 16:30

 

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԸ

 

Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Սիրելի հայրենակիցներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 124-րդ օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր հերթական նիստերի երեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում պատգամավորները կարող են հանդես գալ մինչև երեքական րոպե հայտարարությամբ: Հայտարարում եմ հերթագրում: Հերթագրված պատգամավորներ չկան:

Սիրելի հայրենակիցներ, վաղը ժամը 10-ին կմեկնարկի Ազգային ժողովի հերթական նիստը: Շնորհակալություն: