National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.10.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 9

05 հոկտեմբերի 2018

Ժամը 11:00

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ
 

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Բարեւ ձեզ: Հարգելի պատգամավորներ, Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է` «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման: Գրանցում: Գրանցվել են 68 պատգամավորներ, քվորում ունենք, կարող ենք սկսել աշխատանքները:

Հարգելի գործընկերներ, Կառավարությունը ներկայացրել է «ԱԺ արտահերթ նիստի անցկացման մասին» ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկվում է արտահերթ նիստի յուրաքանչյուր օրը գումարել 1,5 ժամ տեւողությամբ 4 նիստ, յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը կես ժամ է: Այս որոշման նախագիծը քվեարկության է դրվում առանց քննարկման: Քվեարկության է դրվում «2018 թվականի հոկտեմբերի     5-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի անցկացման մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին» հարցը: Քվեարկություն:

Կողմ՝ 66
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է:

Հարգելի պատգամավորներ, քանի որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցը պետք է քննարկենք եւ քվեարկենք 2 ընթերցմամբ, «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը ներկայացրել է «ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում է նախագծի 2-րդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է առնվազն       3-ական ժամ, այսինքն՝ ընդհանուր առմամբ ունենք 6 ժամ: Այս որոշման նախագիծն ըստ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի՝ պետք է քննարկվի, այնուհետեւ քվեարկության կդրվի: Որոշման նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին, բայց... հիմա՞ եք ուզում, թե՞... քվեարկությունից առաջ պետք է տամ ձեզ... կամ հետո... Շնորհակալություն, որ կանոնակարգը չխախտենք: Խնդրեմ, պրն Ռուբինյան:

Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-ԱԺ հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, նախագծով առաջարկվում է օրակարգային հարցի 2-րդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել դրա առաջին ընթերցմամբ ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում: Միաժամանակ պատգամավորների առաջարկությունների ներկայացման եւ գլխադասային հանձնաժողովի նիստ գումարելու համար նախատեսվում է 3-ական ժամ: Շնորհակալություն:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, պրն Ռուբինյանին հարցերով դիմելու համար խնդրում եմ հերթագրվել: Հայկ Բաբուխանյան: Խնդրեմ, պրն Բաբուխանյան:

Հ.ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

-Պրն Ռուբինյան, ինչո՞վ է պայմանավորված հարցի հրատապությունը: Սա՝ մեկ: Եվ 2-րդը. ըստ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի՝ նախատեսված է, որ հարցը մտնում է քննարկումից 5 օր առաջ, փաստորեն, հարցը մտել է մեկ օր առաջ: Այդ, ըստ էության, խախտումն ինչպե՞ս կբացատրեք:

Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Շնորհակալություն, հարցի համար: Հրատապությունը պայմանավորված է Հայաստանում՝ Երեւանում, անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջոցառմամբ, որն, ինչպես գիտենք, դրա հետ կապված միջոցառումները, տեղի են ունենալու ամսի 7-ից մինչեւ 12-ը, հենց դրանով էլ պայմանավորված է այս հրատապությունը, իսկ մյուս մասով ես խախտում չեմ տեսնում:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Պրն Բաբուխանյան, մինչ դուք արձագանքեք, թույլ տվեք՝ ես պարզաբանեմ, որովհետեւ այդ հարցը վերաբերում է ԱԺ նախագահին, այլ ոչ թե զեկուցողին: Նման պարագայում կանոնակարգը տալիս է այն իրավունքը, որպեսզի վարչապետը, եթե հրատապ պետք է բերի, նա բանավոր համաձայնեցնում է ԱԺ նախագահի հետ, ինչն ինքն արել է մեկ օր առաջ՝ Կառավարության նիստից առաջ: Խնդրեմ, եթե արձագանքելու հարց կա, խնդրեմ:

Հ.ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

-Շնորհակալություն պարզաբանման համար: Բոլոր դեպքերում, իմ իմացությամբ Ֆրանկոֆոնիայի մասին հայտնի էր անցած տարի նոյեմբերից, երբ հարցը մտնում էր արդեն բյուջե եւ մինչ այդ, եւ այլն: Ես հրատապությունը լավ չհասկացա, դուք նո՞ր իմացաք, որ Ֆրանկոֆոնիա պետք է լինի, եւ հարցն էսպես արտակարգ կարգով բերեցիք, թե՞ կան այլ պատճառաբանություններ՝ այս հրատապության համար: Շնորհակալություն:

Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Անշուշտ ոչ, պրն Բաբուխանյան, նոր չիմացանք, որ Ֆրանկոֆոնիա է լինելու, սակայն, որոշումը, ավելի շուտ՝ մտադրությունը՝ Ֆրանկոֆոնիայի հետ կապված՝ տեղափոխել աշխատանքային օրերը, կատարվել է վերջերս։ Հետեւաբար, հիմա ենք ներկայացնում այս նախագիծը։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Հայկ Կոնջորյան, խնդրեմ. պրն Կոնջորյան: Հանո՞ւմ եք։ Ալեն Սիմոնյան, դուք է՞լ եք հանում. եղավ։ Եղավ: Պարոն Ռուբինյան, դուք կարող եք անցնել ձեր տեղը, հարցերն ավարտվեցին:

Անցնում ենք մտքերի փոխանակության։ Հերթագրում՝  ելույթների համար։ Հերթագրված պատգամավորներ չկան։ Եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն չկա։

Հարգելի պատգամավորներ, այժմ քվեարկության է դրվում «2018 թվականի հոկտեմբերի 5-ին գումարված ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը։

Վարման կարգով... շատ լավ։  Քվեարկություն։

Կողմ՝ 66
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 1

Որոշումն ընդունվել է։

Վարման կարգով՝ խնդրեմ, պրն Աշոտյան։

Ա.ԱՇՈՏՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, հարգելի ժողովուրդ, այսօր նաեւ այն օրենքի շրջանակներում, որ այսօր քննարկում ենք, Հայաստանում տոն է, միակ մասնագիտական տոնն է, որ մտած է Հայաստանի պետական օրացույց, ես առաջարկում եմ ԱԺ-ի անունից սրտանց շնորհավորել հայ ուսուցիչներին, մանկավարժներին ինչպես Հայաստանում, այնպես էլ  Ջավախքում, Ղարաբաղում, Սփյուռքում։ Հեղափոխությունը, իշխանափոխությունը, քաղաքական պայքարն անցողիկ են, մնում են արժեքները, մնայուն արժեքները, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ՝ հայ մանկավարժների շնորհիվ։ Խնդրում եմ ողջունել իրենց եւ շնորհավորել։

Ծ Ա Փ Ա Հ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, այս նախագծի 2-րդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպելու համար նախագիծը 1-ին ընթերցմամբ պետք է ընդունենք այսօր, ուստի պատգամավորներին խնդրում եմ մնալ ԱԺ շենքում եւ մասնակցել այս նախագծի 1-ին ընթերցմամբ քննարկմանը եւ քվեարկությանը։

Հարգելի գործընկերներ, այժմ 1-ին ընթերցմամբ կքննարկենք օրենքի նախագիծը... մենք դեռ 1-ինը չենք քննարկել, մի հատ 1-ինը կքննարկենք, կքվեարկենք, եթե կքվեարկենք, կընդունենք, հետո ես կոչ կանեմ, որ երեկոյան 6-ին 2-րդը քննարկենք, բայց պետք է հերթականությամբ գնանք։

 Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյան։ Խնդրեմ, պրն Ռուբինյան։

Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-ԱԺ հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տոների եւ հիշատակի օրերի հետ կապված՝ կառավարությունը կարող է  աշխատանքային օրերը տեղափոխել։ Սույն կարգավորմամբ կառավարությունը լիազորված է աշխատանքային օրերը տեղափոխել բացառապես  ՀՀ տոների եւ հիշատակի օրերի կապակցությամբ, սակայն գործնականում առաջանում է այլ դեպքերում եւս աշխատանքային օրերի տեղափոխման օբյեկտիվ անհրաժեշտություն։ Մասնավորապես,  նման անհրաժեշտություն ծագում է, երբ հանրապետությունում կարեւորագույն եւ մեծամասշտաբ միջոցառումներ են անցկացվում, որոնց մասնակցելու համար Հայաստան են ժամանում մեծ թվով պատվիրակություններ։

Վերջիններիս անվտանգությունը եւ պատշաճ տեղաշարժը կազմակերպելու նպատակով սովորաբար կարիք է լինում փակել գլխավոր փողոցներ, ինչի արդյունքում առաջանում են անհարմարություններ քաղաքացիների համար, քանի որ երթեւեկությունը դառնում է ծանր՝ հաճախ ուղեկցվելով խցանումներով։

Նախագծի ընդունմամբ առաջարկվում է օրենքի 19-րդ հոդվածում լրացում կատարելով՝ կառավարությանը վերապահել աշխատանքային օրերի տեղափոխման լիազորություն ոչ միայն տոների եւ հիշատակի օրերի հետ կապված դեպքերում, այլ նաեւ բացառիկ նշանակության միջոցառումների անցկացման ժամանակ։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր՝ Հայաստանում անցկացվող բացառիկ նշանակության միջոցառումների ժամանակ Հայաստան  ժամանած պատվիրակությունների  անվտանգությունն ու տեղաշարժը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ միաժամանակ նվազեցնելով քաղաքացիներին պատճառվելիք անհարմարությունները։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Ռուբինյան։ Պրն Ռուբինյանին հարցերով դիմելու համար խնդրում եմ հերթագրվել։ Արմենուհի Կուրղինյան, խնդրեմ, տիկին Կուրղինյան։

Ա.ԿՈՒՐՂԻՆՅԱՆ

-Պրն փոխնախարար, իհարկե Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի կայացումը Հայաստանում մեծ միջոցառում է, եւ, իսկապես, այն պետք է պատշաճ ձեւով նախապատրաստել եւ հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի խուսափել այդ միջոցառման կազմակերպման  բարդություններից։

Ես հասկանում եմ, որ այդ ամենը՝ մեծաթիվ երկրների ղեկավարների եւ պատվիրակությունների այցը կարող է ստեղծել տրանսպորտային միջոցների  ոչ պատշաճ  կազմակերպում,  շարժում, հետեւաբար՝ այն կանխարգելելու որոշակի միջոցառումներ պետք են: Բայց ես խնդրում եմ ինձ բացատրել՝ ի՞նչ կապ ունի լոռեցին, իջեւանցին, մեղրեցին, ինչո՞ւ պետք է մեղրեցի երեխան կամ լոռեցի երեխան դպրոց չգնա, եւ դրա փոխարեն ինքն իր ծանրաբեռնվածության հիմնական գրաֆիկը խախտի եւ 5-օրյա դասը դարձնի 6-օրյա եւ այլն, ինչպես նաեւ բուժաշխատողները, պոլիկլինիկաների աշխատողները, մյուսները, որովհետեւ Երեւանում հնարավոր են տրանսպորտային խափանումներ։ Ինչո՞ւ պետք է ամբողջ Հայաստանում հայտարարել ոչ աշխատանքային օր, եթե խնդիրը կապված է Երեւանի հետ, թե՞ ենթադրում ենք, որ  Երեւանն է ամբողջ Հայաստանը։ Սա՝ մեկ։

2-րդը.  բացատրությունների մեջ հնչում էր՝ 4 եւ ավելի երկրների ներկայացուցիչների մասնակցության դեպքում, դա մնո՞ւմ է ուժի մեջ, թե՞ ոչ։ 4 եւ ավելի երկրների պատվիրակությունների, կարեւոր ղեկավար ներկայացուցիչների մասնակցության դեպքում, Հայաստան այցելության դեպքում նորից հնարավորություն տալ կառավարությանը՝ նման աշխատանքային օրերի տեղափոխության։  Այսինքն՝ ստացվում է, որ ցանկացած պահի որեւէ 4 երկիր որոշի գալ Հայաստան՝ ամբողջ Հայաստանում պետք է աշխատանքային գրաֆիկը շեղվի՞։ Կարո՞ղ եք ինձ հիմնավորել։

Ռ.ԲՈՒԲԻՆՅԱՆ

-Սկսեմ վերջից։ Ոչ, 4 եւ ավելի երկրների ղեկավարների մասն ուժի մեջ չէ։ Ինչ վերաբերում է ձեր հարցի 1-ին մասին, պետք է ասեմ, որ մարզերի բնակիչների համար Ֆրանկոֆոնիան նույնպես կարող է նշանակություն ունենալ, մասնավորապես, ձեր մատնանշած լոռեցի երեխաները, օրինակ, կարող են գալ Երեւան եւ մասնակցել միջոցառումներին։

Իսկ մյուս  առումով, անշուշտ, Երեւանն ամբողջ Հայաստանը չէ, բայց Երեւանը Հայաստանի առնվազն մեկ երրորդն է։ Եվ քանի որ հնարավոր չէր միայն Երեւանում աշխատանքային օրերը տեղափոխել, հետեւաբար, ընտրվել է այս տարբերակը։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Մի րոպե, տիկին Կյուրեղյան, եկեք հերթականությամբ։ Արձագանքելու համար, ներողություն, խնդրեմ միացնել խոսափողը։

Ա.ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

-Դուք ձեր պատասխանով ինքներդ ձեզ, ոնց որ թե, հակասեցիք։ Դուք ասացիք, որ այս ամենը պայմանավորված է նրանով, որ Երեւանում խցանումներ չլինեն, դժվարություն չլինի հասնել։ Եթե մենք ենթադրում ենք, որ ամբողջ մարզերից պետք է ժողովուրդը գա ու մասնակցի Երեւանում այդ միջոցառումներին, դա շատ ավելի մեծ խցանումների պատճառ է դառնալու, ինչ-որ տեղ խնդիրներ կան։ Այդպես չե՞ք կարծում։

Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Ոչ, տիկին Կյուրեղյան, չեմ կարծում, որովհետեւ աշխատանքային օրերի տեղափոխումը կանխում է հենց այդ խնդիրը, որովհետեւ, կարծում եմ, չեք առարկի, որ աշխատանքային օրերի ընթացքում խցանումների հավանականությունը մի քանի անգամ ավելի բարձր է։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Սամվել Ֆարմանյան, խնդրեմ։

Ս.ՖԱՐՄԱՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Նախ՝ թույլ տվեք մեկ փոքրիկ դիտարկում անել. 4 եւ ավելի թվով պետությունների ղեկավարների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցը ՀՀ որպես քննարկվող օրենսդրական նախաձեռնության հիմնավորում է բերվում, ուստի դա չի կարող իրավական ուժ ունենալ կամ չունենալ։ Խոսքը հիմնավորման մասին է, բայց դա չի կարեւորը։

Պրն Ռուբինյան, իմ հարցերը երկուսն են. ինչպե՞ս եք գնահատում գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, կա՞ն խնդիրներ, որոնք դեռեւս համարվում են մտահոգիչ, որովհետեւ, իսկապես, մեր երկրի պատմության մեջ աննախադեպ միջոցառում է նախատեսվում ՀՀ-ում։ Օբյեկտիվորեն մինչ օրս ներկայացվել է ՀՀ ժամանող օտարերկրյա պատվիրակությունների մոտավոր աշխարհագրությունը, կազմը, ներկայացուցչականությունը, բայց ես ձեզ հորդորում եմ, նաեւ խնդրում եմ ներկայացնել կոնկրետ այն արտաքին քաղաքական ակնկալիքները, որոնք մենք սպասում ենք որպես ձեռքբերում՝ արձանագրելու գագաթաժողովի արդյունքում։ Շնորհակալություն։

Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Ֆարմանյան։ Ֆրանկոֆոնիայի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ պլանավորածի, եւ համապատասխան գերատեսչություններն աշխատում են, որպեսզի ամեն ինչ շատ լավ կազմակերպած լինի։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական կոնտեքստին, դուք գիտեք, որ ժամանելու են բազմաթիվ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, բազմաթիվ նախարարներ, այդ թվում՝ այնպիսի պետությունների ղեկավարներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Կանադան եւ մյուսները։ Սա յուրահատուկ հնարավորություն է նաեւ Հայաստանի համար՝ խթանել կապերն աֆրիկյան պետությունների հետ, որոնցից շատերի հետ այլ հարթակներում մեր կապերի հնարավորությունները բավականին սահմանափակ են։

Եվ ընդհանուր առմամբ, այսպիսի մասշտաբի միջոցառման անցկացումը Հայաստանում միանշանակ կմեծացնի Հայաստանի միջազգային հեղինակությունը։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Արձագանքի համար՝ պրն Ֆարմանյան։

Ս.ՖԱՐՄԱՆՅԱՆ

-Տեսեք, պրն Ռուբինյան, Հայաստանի ներգրավվածությունը ֆրանկոֆոն միջազգային կազմակերպությունում՝ ինքնին նպատակներից մեկը հենց դա է եղել՝ որպես կամուրջ դիտարկել համագործակցություն այնպիսի երկրների հետ, որոնց հետ մենք ուղղակիորեն երբեմն միայն ՄԱԿ-ի շրջանակներում է, որ համագործակցում ենք։

Մենք շատ հաճախ շեշտում ենք սպասվելիք գագաթաժողովի ներկայացուցչականությունը, որն ինքնին կարեւոր է։ Ես ձեզ իմ հարցադրումով փորձեցի հորդորել գալ բովանդակության դաշտ՝ գագաթաժողովն ունենալու է հռչակագիր, գագաթաժողովն ունենալու է երկկողմ հանդիպումների ձեւաչափ եւ այլն, եւ այլն։ Ցանկացած միջազգային հարաբերություններում ծանրակշիռ պետության ղեկավարի այցը Հայաստան ինքնին կարեւոր տեղեկատվական առիթ է, բայց կարեւոր է նաեւ ձեռքբերումների առումով։

Ես ինքս մասամբ տեղյակ լինելով՝ ձեզ հորդորում եմ ներկայացնել այն, ինչ մենք սպասում ենք այդ գագաթաժողովից բովանդակային առումով, որովհետեւ նաեւ մեր հայրենակիցներին ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ինչ-որ առումով սիմետրիկ պատասխան է եղել Ադրբեջանի ներգրավվածությանը Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունում՝ այսպես ասած, դիրքորոշումների բալանսավորման տեսանկյունից։

Այ, իմ խնդրանքն է ձեզ՝ բովանդակորեն ներկայացնել մեր միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներին՝ մեր ակնկալիքը գագաթաժողովից ինչպիսի՞ն է արտաքին քաղաքականության առաջնահերթությունների առումով։ Շնորհակալություն։

Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Ֆարմանյան։ Ճիշտ է, մենք հիմա չենք քննարկում, ըստ էության, Ֆրանկոֆոնիան, մենք քննարկում ենք օրենքի փոփոխությունը, եւ ես կարող եմ շատ երկար խոսել արդյունքների մասին, կամ նախատեսվող հանդիպումների մասին, եւ վստահաբար՝ ժամանակը չի հերիքի։

Բայց ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ սա շատ կարեւոր փուլ է Հայաստանի համար՝ հաշվի առնելով նաեւ վերջերս տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները Հայաստանում։ Եվ շատ կարեւոր է, որպեսզի, ըստ էության, Հայաստանն այժմ վերահարաբերվի արտաքին մեր բարեկամ եւ գործընկեր պետությունների հետ։ Եվ այս կոնտեքստում կարեւոր է, որպեսզի մենք վերստին ծանոթանանք, այսպես ասած, մեր գործընկերների հետ, եւ սրան են նաեւ միտված լինելու երկկողմ հանդիպումները։

Ու կրկին պետք է շեշտեմ, որ սա նաեւ ցույց է տալիս, որ Հայաստանում, չնայած քաղաքական փոփոխություններին, կայունությունը պահպանվել է, Հայաստանի պետական համակարգը գործել է անխափան, Հայաստանի քաղաքական համակարգը բավարար կայացած է եղել, որպեսզի այսպիսի մասշտաբի միջոցառումը տեղի ունենա եւ տեղի ունենա պատշաճ կազմակերպված։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Արմեն Աշոտյան, պրն Աշոտյան։

Ա.ԱՇՈՏՅԱՆ

-Շնորհակալություն։ Հետեւյալ երկու հարցն ունեմ ձեզ. հարց առաջին. սոցիալական ցանցերում եւ որոշ ցանցային լրատվամիջոցներում ահազանգեր են հայտնվում, որոնց իսկությունը ստուգված չէ, առ այն, որ հաշվի առնելով այն արագությունը, որով փորձում ենք հասցնել կազմակերպել այս գագաթաժողովը, գնումների գործընթացն իրականացվում է հապճեպ, երբեմն նաեւ՝ ընթացակարգերի խախտումով։

Չեմ ուզում առաջ ընկնել, բայց հաշվի առնելով, որ հսկայական բյուջե է ծախսվում, մոտ 1 միլիարդ, եթե չեմ սխալվում, ուզում եմ հասկանալ՝ այս պահից ո՞վ է պատասխանատուն, ֆինանսական կարգադրիչը, այսպես ասած, կազմակերպչական աշխատանքների, ո՞վ է, որպեսզի վաղը, մյուս օրը խորհրդարանը կարողանա իր վերահսկողության տակ վերցնել նաեւ այդ գործընթացը, պրն Ռուբինյան։

Եվ երկրորդ հարցը նույնպես ԱԺ-ին է վերաբերում. ինչպիսի՞ ձեւաչափով է նախատեսված ԱԺ-ի ներգրավվածությունն այդ միջոցառումների մեջ: Հաշվի առնելով համապետական որոշ միջոցառումների վերջին  ամիսների դառը փորձը, ուզում եմ կանխավ հարցնել. ԱԺ-ի ներգրավվածությունը ինչպիսի՞ն է լինելու։ Եթե չի լինելու, հիմա դրա մասին խնդրում եմ ասել, եթե լինելու է, ապա նույնպես ասել վաղօրոք, որպեսզի ԱԺ պատգամավորները կարողանան պլանավորել իրենց ներգրավվածությունը, աշխատանքները եւ օգտակար լինել այս ընդհանուր գործին, որովհետեւ մենք բոլորս Հայաստան ենք ներկայացնելու, եւ ԱԺ պատգամավորների շահագրգռվածությունը, որ հաջողակ լինի այս միջոցառումը, պակաս չէ, քան կառավարության պատասխանատուներինը։ Խնդրում եմ արձագանքել։

Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Աշոտյան։ Ես գիտեմ, որ դուք որեւէ հրավեր դեռ չեք ստացել, ոչ ոք չի ստացել, բայց հրավերներ կլինեն, եւ ես վստահեցնում եմ, որ ԱԺ-ն անմասն չի մնա Ֆրանկոֆոնիայից։

Ձեր առաջին հարցի հետ կապված նույնպես պետք է վստահեցնեմ, որ ոչ մի ընթացակարգային խախտում գնումների ժամանակ չի եղել եւ չի լինի, եւ այդ տեղեկությունները, այդ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Արձագանքման համար՝ պրն Աշոտյան։

Ա.ԱՇՈՏՅԱՆ

-Շնորհակալ եմ պատասխանի համար։ Կարծում եմ, որ կարեւոր էր, որ բարձրաձայնեցիք, որ ընթացակարգային խախտումներ՝ կառավարության անունից, ձեզ հայտնի չեն, հուսով ենք՝ այդպես էլ կա, եւ դա պարզապես լրահոսի հերթական ապատեղեկատվությունն է։ Բոլոր դեպքերում, ԱԺ-ի շահագրգռվածությունը միջոցառման որակի մեջ նորից ուզում եմ շեշտել, մասնավորապես, նաեւ մեր հանձնաժողովի եւ իմ՝ անձամբ։

ԱԺ պատգամավորներին հրավիրելու եւ ներգրավելու հետ կապված՝ այո, հրավերների ակնկալիքը բացառապես պայմանավորված է նախապես տեղեկացված լինելու հանգամանքով, եւ ոչ թե մեզ պարտադիր կերպով որեւէ տեղ հրավիրելու, հրավիրվելու ցանկությամբ։ Կարծում եմ, որ այդ հսկայական հյուրերի ցանկում Հայաստանը ներկայացնող մարդկային ներուժն այդքան մեծ չէ, որպեսզի ամբողջությամբ անտեսվի ԱԺ-ի այն հսկայական կարողությունը, ներուժը, որ կարող է ծառայել նաեւ երկիրն այդ պահին, այդ օրերին լավագույնս ներկայացնելու համար։ Շնորհակալ եմ։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Դուք ունե՞ք պատասխանելու, պրն Ռուբինյան։

Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Ոչ, շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շատ լավ։ Հարցերն ավարտվեցին, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Հարգելի գործընկերներ, անցնում ենք մտքերի փոխանակությանը։ Ելույթների համար խնդրում եմ հերթագրվել։ Հերթագրում։ Մարգարիտ Եսայան, խնդրեմ, տիկին Եսայան։

Մ.ԵՍԱՅԱՆ

-Բարեւ ձեզ։ Կարծում եմ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի քննարկումները ինչ-որ պահից դանդաղեցին՝ կապված իշխանափոխության գործընթացի հետ, բայց բոլորովին հանկարծ տպավորություն չստեղծվի, որ նոր կառավարությունը զրոյական կետից է սկսում։ Անպայման ուզում եմ մի քանի կարեւոր շեշտադրումներ անել։

1-ին. այս գագաթաժողովի կազմակերպումը նախկին իշխանությունների, նախկին արտգործնախարարի, նախագահի, նաեւ պառլամենտի, նաեւ բազմաթիվ պաշտոնյաների հսկայական ջանքերի արդյունքում է ձեւավորվել։ Նաեւ Շառլ Ազնավուրի մեծ ազդեցությունը, մեծ ներգրավվածությունն այս գործում եղել է։ Դուք բոլորդ գիտեք, որ մենք Ֆրանկոնֆոնիայի լիարժեք անդամ ենք՝ եւ կառավարությունը, եւ ԱԺ-ն, բայց նաեւ ոչ բոլորս ենք խոսում ֆրանսերեն, եւ այնտեղ չափանիշներ կան, որը մեր մասով գոնե մի քիչ մեղմացվել են։

Ինչի՞ մասին եմ ուզում ասել։ Վերջերս մամուլում հրապարակում եղավ, կեղծ հրապարակում, մենք անմիջապես արձագանքեցինք, բնականաբար, բայց պիտի խնդրեմ որոշ քաղաքական ուժերի եւ որոշ լրատվամիջոցների՝ չափը չանցնել. կեղծիքը, սուտը, ապատեղեկատվությունը նույնպես պիտի չափ ու սահման ունենան։ Եվ այն քաղաքական միավորը, որը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախաձեռնության, միջազգային այս գիտաժողովի նախաձեռնության եւ Հայաստանի ակունքներում է կանգնած, բացարձակ աբսուրդ է, եթե այդպիսի բան  լիներ։ Կխնդրեմ ուղղակի չափի մեջ մնալ։

2-րդը. չմոռանանք, որ այս գագաթաժողովի սկզբից ի վեր, երբ կսկսվի, ՀՀ-ն դառնալու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահող երկիր՝ դրանից բխող բոլոր պարտականություններով եւ պարտավորվածություններով եւ նաեւ իրավունքներով։ Իմ կարծիքով այս գագաթաժողովի ամենակարեւոր միջոցառումը տնտեսական Ֆրանկոֆոնիան է, տնտեսական գիտաժողովը, որից մենք ակնկալում ենք որպես պետություն, ֆրանկոֆոն երկրների հետ տնտեսական համագործակցություն, որը մեծ աջակցություն կլինի ՀՀ տնտեսությանը։ Սա՝ երկրորդը:

Ուզում եմ ասել, որ ՀՀ պառլամենտում գործում է երիտասարդ ֆրանկոֆոնների պառլամենտ, գործում է արդեն 3-4 տարի պաշտոնապես, եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը եւ խորհրդարանական վեհաժողովն այս կազմակերպությանը մշտապես հրավիրում են իրենց լիագումար նիստերին, եւ իմ ֆրանկոֆոն ուսանողներն այս օրերին ակտիվորեն մասնակցում են արտգործնախարարության կազմակերպած բոլոր միջոցառումներին, բոլոր հանդիպումներին։ Դուք շատ լավ տեսաք, որ սեպտեմբերի կեսերին միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար տիկին Միկայել Ժանը Հայաստանում էր, «Թումո» կենտրոնում տեղի ունեցավ երիտասարդ ֆրանկոֆոնների հանդիպում, միջոցառում, եւ ճնշող մեծամասնությունը ՀՀ ԱԺ Ֆրանկոֆոնիայի երիտասարդական խորհրդարանի անդամներն էին։

Խնդրում եմ, հարգելի կառավարություն, հանկարծ այնպիսի տպավորություն չստեղծել, չանել դա, որ դուք զրոյից ինչ-որ բան եք սկսում, ձեզ պատրաստի մատուցված է այս կազմակերպության նիստը։ Ընդամենը դուք շարունակում եք, խնդրում եմ շարունակել այնպիսի պատվախնդրությամբ եւ այնպիսի որակով, ինչպիսին մենք դա ձեզ հանձնել ենք։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Արմեն Աշոտյան։ Հանո՞ւմ եք։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, մտքերի փոխանակությունն ավարտվեց։ Թույլ տվեք ես մի փոքր ավելացում իմ կողմից ներկայացնեմ։ Կարծում եմ, որ տոնական օրեր ճանաչել այս երկու օրը, ոչ աշխատանքային ճանաչել ամբողջ հանրապետությունում՝ ավելի կարեւոր նշանակություն ունի՝ տալով հնարավորություն քաղաքացիներին ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում եւ գյուղական վայրերում նույնպես մասնակցել այս կարեւոր միջոցառմանը եւ որոշակի ակտիվություն կազմակերպել, միջոցառումներ կազմակերպել եւ մարզերում՝ դրանով ցույց տալու, որ իրականում ոչ թե միայն Երեւան քաղաքի խճողումներն ու դժվարություններն են մեզ դրդում գնալ այս քայլին, այլ՝ բարձր գնահատական տալն այս կարեւոր գագաթաժողովին, որը  ֆրանկոֆոն աշխարհը վստահել է Հայաստանին, եւ երկու տարով Հայաստանը  վերցնում է այս կազմակերպության նախագահությունը։ Շնորհակալություն։

Եզրափակիչ ելույթի ցանկություն կա՞։ Համեցեք։ Ես բոլոր պատգամավորներին հրավիրում եմ դահլիճ, որովհետեւ անմիջապես մենք պետք է հետո քվեարկենք այս նախագիծը։

Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Ես, այնուամենայնիվ, կուզեի շատ կարճ արձագանքել հարգելի տիկին Եսայանին։ Տիկին Եսայան, եթե նկատեցիք, պրն Ֆարմանյանի հարցին պատասխանելիս ես նշեցի, որ Ֆրանկոֆոնիայի կարեւորությունը նաեւ կայանում է նրանում, որ մենք սրանով ցույց տանք, որ Հայաստանի պետական համակարգը, քաղաքական համակարգն այնքան կայուն են, որ նույնիսկ իշխանափոխությունից հետո, հեղափոխությունից հետո Ֆրանկոֆոնիան տեղի է ունենում։ Եթե նկատեցիք, իմ խոսքերի մեջ բացարձակ ոչ մի տոնայնություն չկար, որը կառանձնացներ նախկինը եւ ներկան։ Ես հույս ունեմ, որ մենք ագրեսիվ տոնայնությունը մի փոքր կցածրացնենք եւ սիրո ու հանդուրժողականության մթնոլորտում կգնանք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, մինչ մեր պատգամավորները կվերադառնան դահլիճ, ես ստացել եմ մի դիմում մեր գործընկերոջից՝ Ֆելիքս Ցոլակյանից։ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ դադարեցնում եմ իմ պատգամավորական լիազորությունները», - նախագահին գրում է ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը։ Համապատասխան ձեւով, իհարկե, մենք գործընթացը կկազմակերպենք՝ համաձայն օրենսդրության։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 63
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 1

Որոշումն ընդունվել է։

Հարգելի պատգամավորներ, քանի որ նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկություններ եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվում է առնվազն երեքական ժամ, փաստորեն՝ 6 ժամ, նախագծի 2-րդ ընթերցմամբ քննարկումը մենք կկազմակերպենք 18։00-ին։ Ուստի, պատգամավորներին խնդրում եմ 17։45-ին լինել ԱԺ-ում։ Շնորհակալություն։


Ժամը 18:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ
 
 

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյան։ Խնդրեմ։

Քանի որ պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել, ես ուղղակի ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ հարցեր պրն Ռուբինյանին չեն լինի։

Պրն Ռուբինյան, դուք կարող եք ներկայացնել։

Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ պատգամավորներից առաջարկություններ չեն ստացվել, Կառավարությունը փոփոխությունների առաջարկություններ նույնպես չունի, ըստ այդմ՝ առաջարկում ենք նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունել ամբողջությամբ։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Ռուբինյան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Մենք միանգամից անցնում ենք մտքերի փոխանակության։ Հերթագրում։

Էդմոն Մարուքյա՞ն...

Կարինե Աճեմյա՞ն... Ես պարտավոր եմ հարցնել։

Օհանյա՞ն... Չկա։

Շատ լավ։

Պարզ է, որ եզրափակիչ ելույթի կարիք չկա։

Ուրեմն, ուշադրություն, հարցի քննարկումն ավարտվեց։

Հա՛, Հակոբ Բեգլարյանին գրանցեք։ Երեւի քարտը պետք է հանել, դնել։ Շատ լավ։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 62
Դեմ՝   չկա
Ձեռնպահ՝ 1

Որոշումն ընդունվել է։

Օրակարգը սպառվեց։ Շնորհակալություն։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am