National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.09.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 2

07 սեպտեմբերի 2018

Ժամը 11:00

  ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ
 
 

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման: Գրանցում։ Գրանցվել են 77 պատգամավորներ։ Քվորում ունենք, կարող ենք սկսել աշխատանքը։

Հարգելի գործընկերներ, մեզ մնացել է 2-րդ ընթերցմամբ քննարկել  երեկ 1-ին ընթերցմամբ ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որից անմիջապես հետո տեղի կունենա քվեարկություն։ Ես խնդրում եմ պատգամավորներին՝ մնալ ԱԺ-ում եւ մասնակցել նախագծի թե՛ քննարկմանը, եւ թե՛ քվեարկությանը։

Այժմ քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ արդարադատության նախարարի 1-ին տեղակալ Արթուր Հովհաննիսյան։ Խնդրեմ, պրն Հովհաննիսյան։

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան փոխնախագահներ, հարգելի պատգամավորներ, 1-ին ընթերցմամբ ընդունված այս նախագծերի փաթեթը, ինչպես եւ երեկ խոստացել էի, ենթարկվել է փոփոխությունների։ Այդ փոփոխություններն ամբողջապես պայմանավորված էին այս դահլիճում հնչեցրած ձեր մտահոգություններից։

Այս ժամանակահատվածում ֆրակցիաներից պաշտոնական առաջարկություններ չեն ստացվել, աշխատանքային կարգով ես առաջարկություն ստացել եմ տիկին Հովհաննիսյանից։ Քննարկել ենք եւ հետեւյալ փոփոխություններն ենք կատարել նախագծում։

1-ին կարեւոր փոփոխությունը վերաբերում էր քվեարկության արդյունքի բացահայտմանը վերաբերող դրույթին, որտեղ բացի շահադիտական դրդումներից` նախատեսված էր նաեւ նախապես տրված խոստումի հիման վրա քվեարկության արդյունքի գաղտնիքի բացահայտումը։ Այդ բացահայտման միջոց էր նախատեսված նաեւ այլ առարկաների բացահայտմամբ այդ գաղտնիքի խախտումը։ Այստեղ տարընթերցման  տեղիք էր առաջացնում, թե նախապես տրված այդ «խոստումի հիման վրա» ասածն իրենից ի՞նչ է ներկայացնում, ո՞ւմ է տրվում այդ խոստումը, ե՞րբ է տրվում։

Այս մտահոգությունները բարձրացվեցին պետաիրավական հանձնաժողովում   տիկին Հովհաննիսյանի, պրն Կոստանյանի, պրն Մախմուդյանի կողմից՝ մատնանշելով, որ կարող է այստեղ իրավական որոշակիության խնդիր լինել։ Մենք, ընդունելով այս մտահոգությունները՝  փոփոխություն կատարեցինք այս կետում, նախատեսեցինք, նախ՝ հանեցինք «նախապես տրված խոստումի» բառերը եւ թողեցինք, որ միայն անձը շահադիտական դրդումներով պետք է բացահայտի քվեարկության արդյունքը, եւ այն էլ` փաստաթղթի, լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվությունը բացահայտելու միջոցով։  Այսինքն՝ «այլ առարկաների միջոցով» բառերը եւս դուրս հանվեցին նախագծից՝ ապահովելով իրավական որոշակիություն։

Հաջորդ կարեւոր փոփոխությունը, որի մասին գրեթե բոլորը բարձրաձայնեցին, վերաբերում էր «կաշառք տալու առաջարկն ընդունելու» ձեւակերպմանը, որը թերեւս կա «Առեւտրային կաշառք» հոդվածներում, կա «Հասարակ կաշառք» հոդվածներում, բայց այստեղ կաշառք ստացողները կոնկրետ պաշտոնատար անձինք էին, այսինքն՝ հատուկ սուբյեկտներ են, իսկ հասարակ ընտրողի մոտ տարընթերցման հնարավորություն կար։  Դրա համար մենք այս փուլում որոշեցինք, որ «կաշառքի առաջարկն ընդունելու» այս  ձեւակերպումը դուրս է գալիս նախագծից եւ մնում է միայն այն, ինչ որ կար 2015 թվականից հետո։

Մյուս փոփոխությունը կատարվել է ընտրակաշառք տալուն վերաբերող հոդվածի սանկցիայում։ Նախագիծը նախատեսում էր 3-հազարապատիկից 4-հազարապատիկ սանկցիան։ Այստեղ վրիպակ կար, քանի որ Քրեական օրենսգիրքը տուգանքի մաքսիմում շեմը սահմանում է 3 միլիոնը։ Մենք այստեղ սանկցիան փոխեցինք եւ 3 միլիոնից 4 մլն դրամ սանկցիան դարձրեցինք 2,5 միլիոնից 3 մլն դրամ սանկցիան։

Հաշվի առնելով պետաիրավական հանձնաժողովում պրն Կոստանյանի հնչեցրած առաջարկությունը՝ տուգանքից եւ ազատազրկումից  բացի նախատեսեցինք նաեւ  կալանք սանկցիան՝ 2-ից 3 ամիս ժամկետով։ Դատարանն ունի հնարավորություն` գնահատել արարքը եւ որոշել՝ անձը պատասխանատվության է ենթարկվելու տուգանքո՞վ, կալանքո՞վ, թե՞ ազատազրկմամբ։

Մյուս փոփոխությունը կատարվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Նախագծից հանվեց 3-րդ հոդվածը, որը վերաբերում էր հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմերին վճարովի եթերաժամանակ տրամադրող այլ լրատվամիջոցի վարքագծին։ Պետաիրավական հանձնաժողովում պրն Մախմուդյանը մտահոգություն էր հայտնել, որ այստեղ խնդրահարույց ձեւակերպումներ կան։ Մենք ուսումնասիրեցինք, այն հարցը, որը մենք ուզում էինք կարգավորել, տեղավորվում էր նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունում, հետեւաբար, այս հոդվածն ամբողջությամբ դուրս հանվեց նախագծից եւ այլեւս տարընթերցման տեղիք չի տալիս։

Վերջին փոփոխությունը, որը մենք կատարել ենք, դա «Վարչական իրավախախտումների մասին»  օրենսգրքում համապատասխան փոփոխությունն էր, որով վարչական պատասխանատվություն էր նախատեսվում քվեարկության վայրում, քվեարկության խցիկում գտնվելու իրավունք  ունեցող անձի կողմից իր վկայականը ոչ տեսանելի ձեւով կրելուն։ Այստեղ չկար մեղքի ձեւը։ Հաշվի առնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի առանձնահատկությունները, եթե չկա մեղքի ձեւը, նշանակում է, որ այդ արարքը կարող էր նաեւ անզգուշությամբ կատարվել։ Բնականաբար, արդարացված չէր լինի  անձին վարչական պատասխանատվության ենթարկել, եթե ինքն անզգուշությամբ է այնպես կրել, որ տեսանելի չի եղել 3-րդ անձանց համար։ Դրա համար մենք այս հոդվածի դիսպոզիցիայում սահմանեցինք մեղքի հստակ ձեւը։ Արարքը պետք է կատարվի միայն դիտավորությամբ, որպեսզի անձը ենթարկվի վարչական պատասխանատվության։

Սրանք էին այն բոլոր փոփոխությունները, որոնք կատարվել են։ Մեր խորին համոզմամբ, այլեւս որեւէ լուրջ մտահոգություն այս նախագծի վերաբերյալ չպետք է լինի։

Ես խնդրում եմ ձեզ  կողմ քվեարկել նաեւ 2-րդ ընթերցմամբ այս նախագծի փաթեթն ընդունելու համար։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Հովհաննիսյան։ Քանի որ պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել, հարցեր չեն լինի։

Անցնում ենք մտքերի փոխանակության, խնդրում եմ հերթագրվել։ Գեւորգ Կոստանյան։ Խնդրեմ, պրն Կոստանյան։

Գ.ԿՈՍՏԱՆՅԱՆ

-Ողջունում եմ բոլորիդ։ Հարգելի գործընկերներ, երեկ շատ բուռն քննարկումներ եղան, եւ դրան նախորդող պետաիրավական հանձնաժողովի նիստում բուռն քննարկումներ եղան, որոնց արդյունքների մասին բոլորդ  տեղյակ եք։

Այսօր կառավարության ներկայացուցիչը հստակ ֆիքսեց, որ այն բոլոր մտահոգությունները, որոնք մենք հայտնել ենք, այդ բոլոր մտահոգությունները փարատված են, որովհետեւ մենք առավոտյան փոփոխված  նախագիծը  նայեցինք, քննարկեցինք, եւ մեր բոլոր առաջարկները փարատվել են եւ ընդունվել են։ Հետեւաբար, ես կառաջարկեմ մեր գործընկերներին այս նախագծին կողմ քվեարկել։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Ռուստամ Մախմուդյան, հանու՞մ եք։ Էդմոն Մարուքյան։ Խնդրեմ, պրն Մարուքյան։

Է.ՄԱՐՈՒՔՅԱՆ

-Հարգելի ԱԺ նախագահ, հարգելի գործընկերներ, ես ելույթ չէի ունեցել, աշխատանքային կարգով առաջարկություն էի ներկայացրել, որի մասին կցանկանայի խոսել։ Խոսքը գնում է քվեաթերթիկն ընտրական տեղամասից դուրս հանելու մասին։ Այսինքն՝ երբ որ դատարկ քվեաթերթիկը դուրս ես հանում, հետո տալիս ես կազմակերպիչներին ընտրակեղծիքների, եւ հետո նրանք դա ստորագրված, քվեարկած  տալիս են ընտրողին, եւ այդ պրոցեսը շարունակվում է։   Խոսքը գնում է կարուսելի մասին, որ քվեաթերթիկ դուրս բերելը նույնպես քրեականացվեր, սակայն դրա մասին չխոսվեց։ Նախարարության մոտեցումը հետեւյալն է, որ նշվում է, որ փաստաթուղթ դուրս բերելը քրեորեն հետապնդելի արարք է, բայց քաղաքացիները նաեւ իրազեկման համատեքստում պետք է իմանան, որ փաստաթուղթ է նաեւ այն քվեաթերթիկը, որը որ նա կարող է իր հետ դուրս բերել։ Սա է խնդիրը։ Նախարարությունն ասում է, որ, ըստ էության խնդիրը լուծված է, բայց իրազեկման առումով մեր քաղաքացիները պետք է  իմանան։

Այս առիթից օգտվելով՝ ես ուզում եմ տեղեկացնել քաղաքացիներին, որ չի կարելի  դատարկ կամ քվեարկած քվեաթերթիկը կամ ծրարը դուրս հանել ընտրական տեղամասից։ Դա նույնպես կարող է հանգեցնել քրեական հետապնդման։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Արփինե Հովհաննիսյան։ Խնդրեմ, տիկին Հովհաննիսյան։

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-ԱԺ հարգելի նախագահ, հարգելի խորհրդարան, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել կառավարությանը, մասնավորապես, կառավարության  ներկայացուցչին՝ համատեղ աշխատանքի համար, եւ գոհունակությամբ փաստել, որ կառավարությունն ընդունել է բոլոր այն առաջարկները, որոնք մենք ներկայացրել ենք եւ որոնք մտահոգությունների առիթ էին հանդիսացել։ Խոսքը վերաբերում է եւ՛ կաշառքի առաջարկը, եւ՛ խոստումն ընդունելու ձեւակերպմանը, եւ՛ տրված խոստումի հիման վրա այլ առարկայի հրապարակմանը, եւ այլ առարկայի հստակեցմանը, եւ մնացած, մյուս առաջարկներին։

Կրկին ուզում եմ գոհունակությամբ փաստել, որ կառավարությունը դրսեւորեց, եւ, մասնավորապես, պրն  Հովհաննիսյանը դրսեւորեց բարձր պրոֆեսիոնալիզմ, ադեկվատություն, եւ արձագանքեց այն իրավական մտահոգություններին, որոնք մենք ունեինք, եւ նախագիծը դարձավ իրավաբանորեն գրագետ ու ճիշտ նախագիծ։

Այս տեսանկյունից մի հարց եմ ուզում բարձրաձայնել, հարգելի գործընկերներ, այն հետեւողականությունը, որ կառավարությունը դրսեւորեց այս նախագիծը ներկայացնելիս եւ առաջիկա ավագանու ընտրություններում այն կիրառելու համար բերեց հրատապ ռեժիմով խորհրդարան, ուզում եմ համոզմունք հայտնել, եւ ուզում եմ հորդորել կառավարությանը, որպեսզի նույն հետեւողականությունը ցուցաբերվի եւ ավագանու ընտրություններում անպայման ապահովվի թափանցիկությանն ուղղված այն կարեւոր երաշխիքը, որը տեսախցիկներն են եղել։

Նախորդ ավագանու ընտրություններում տեսախցիկները կիրառվել են։ Ես ուզում եմ հորդորել կառավարությանը, որպեսզի ձեռնարկի առավելագույնը, որպեսզի ավագանու ընտրությունների ժամանակ այդ տեսախցիկները գործարկվեն։

Ուզում եմ հիշեցնել, որ խորհրդարանական 4 քաղաքական ուժերը, նաեւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկման ժամանակ հավաստել են այդ տեսախցիկների անհրաժեշտությունը` որպես թափանցիկության եւ վստահության բարձրացման մեխանիզմ։ Ուզում եմ հույս հայտնել, որ մենք հետքայլ կամ նահանջ այս առումով չենք գրանցելու։

Ես հորդորում եմ իմ բոլոր գործընկերներին՝ կողմ քվեարկել այս նախագծին։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Կարինե Աճեմյան։

Կ.ԱՃԵՄՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ես նախագծի մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ համոզված էի, որ պետաիրավական հանձնաժողովն ամեն ինչ կանի, որպեսզի գրագետ տեսքի բերվի նախագիծը։ Այս երկար տարիների ընթացքում մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի Ընտրական օրենսգիրքը բարելավվի, ընտրությունները կազմակերպվեն արդար, թափանցիկ։ 2017 թվականի ընտրությունները, իմիջիայլոց, ազատ, անկախ Հայաստանում ամենալավն են արձանագրվել, արձանագրվել են նաեւ միջազգային կառույցների կողմից։

Ուզում եմ հիշեցնել կառավարության ղեկավարի մշտապես այս ամբիոնից հնչեցվող հայտարարությունը, որովհետեւ բոլոր այն քննարկումներին, որտեղ մենք Ընտրական օրենսգիրք ենք քննարկել, նա խոսել է միայն քաղաքական կամքի դրսեւորման մասին։ Այսինքն՝ Ընտրական օրենսգիրքը չէ, որ պետք է թեմա դառնա։ Ընտրական օրենսգիրքը կարող է լինել իդեալական, եւ նա այս բառերն այս ամբիոնից ասել է, բայց միայն քաղաքական կամքի դրսեւորման պարագայում է, որ կարելի է անցկացնել ազատ, արդար ընտրություններ։

Ասեմ, որ արդեն կառավարության նախարարներից մեկը կոպտորեն խախտում է օրենքը եւ քարոզարշավ է իրականացնում` դեռ քարոզարշավը չսկսված։ Ես բոլոր ուժերին հորդորում եմ շատ զգոն լինել, որովհետեւ արդեն հնչում են շատ տարբեր մեկնաբանություններ սեւ ու սպիտակի մասին, հայհոյում են այն ուժերին, որոնք կարող են իրենց խանգարել։ Այսինքն՝ դա նշանակում է, որ ես կարող եմ ենթադրել, որ վաղը կարող են նաեւ լինել ընտրակեղծարարություններ։

Ես կոչ եմ անում կառավարությանը եւ այն իշխանական ուժին, որը որ այս ամբիոնից անընդհատ քաղաքական կամքի մասին խոսել է, այսօր որեւէ մեկը ձեզ չի խանգարում, դրսեւորեք քաղաքական  կամք, ազատ եւ արդար ընտրություններ անցկացրեք։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ելույթներն ավարտվեցին։ Մենք ավարտեցինք։

Հիմա քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը  2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 82
Դեմ՝   չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվեց։ Նիստն ավարտվեց։ Շնորհակալություն։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am