National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.04.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 19

09 ապրիլի 2018

Ժամը 12:00

ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏ 
 

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ  Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ
 
 

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

- Հայաստանի Հանրապետության մեծարգո՛  նախագահ, Հայաստանի Հանրապետության մեծարգո՛  նորընտիր նախագահ, Վեհափա՛ռ Տեր, Արցախի Հանրապետության մեծարգո՛  նախագահ, հարգելի՛  պատգամավորներ, հարգելի՛  հյուրեր, տիկնա՛յք եւ պարոնա՛յք. Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողության եւ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, հրավիրվել է ԱԺ հատուկ նիստ: Գրանցվել է 92 պատգամավոր: Քվորում ունենք, կարող ենք սկսել աշխատանքը:

ՀՀ ԱԺ-ն 2018 թվականի մարտի 2-ին Հանրապետության նախագահ է ընտրել Արմեն Վարդանի Սարգսյանին: Հանրապետության նախագահի պարտականություններն ստանձնելու երդման արարողության նպատակով հրավիրված` Հայաստանի Հանրապետության ԱԺ հատուկ նիստը հայտարարում եմ բացված: Ներս բերել Հայաստանի Հանրապետության պետական դրոշը եւ նախագահական իշխանության խորհրդանշանը:

ՀՆՉՈՒՄ Է ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Ներս բերել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը:

ՀՆՉՈՒՄ Է ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Հարգելի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականություններն ստանձնելու եւ երդման համար հրավիրվում է Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

-Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ` հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը  եւ իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական:

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՆՉՈՒՄ Է ՀՀ ՕՐՀՆԵՐԳԸ

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, տիկնայք եւ պարոնայք, Հայրապետական օրհնանքի խոսք ունի ասելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը:

Ն.Ս.Օ.Տ.Տ.ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ

-Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության տիար Արմեն Սարգսյան, մեծարգո վաստակյալ նախագահ տիար Սերժ Սարգսյան, մեծարգո նախագահ Արցախի Հանրապետության տիար Բակո Սահակյան, Հարգարժան նախագահ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տիար Արա Բաբլոյան, բարձրապատիվ հոգեւոր հայրեր, պատվարժան պետական այրեր, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, սիրելի ներկաներ, ուրախությամբ ողջունում եւ Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի երդմնակալության առիթով:

Փառք ենք մատուցում Բարձրյալ Տիրոջը, որ իր ողորմությամբ եւ երկնառաք շնորհներով մեր ժողովուրդը հայրենի պետության հովանու ներքո շարունակում է ապրել իր առաջընթաց կյանքը կերտելու անխախտ հույսով ու հավատով: Մեր ժողովուրդը հայրենի պետականությունը վերականգնելու համար մաքառումների երկար ճանապարհ է անցել` դիմագրավելով բազմաթիվ փորձությունների: Հայոց նորօրյա անկախ պետականությունը մեր ազատատենչ ոգու եւ հավաքական կամքի ձեռքբերումն է, մեր պայքարի եւ մաքառումների պսակն ու դափնին, մեր ժողովրդի բարօր ու առաջընթաց կյանքի գրավականը: Անկախ մեր պետականությունը մեր ողջ ժողովրդի արժանապատվությունն ու հպարտությունն է, սպեղանին մեր կորուստների ու վշտերի, վկայությունը մեր վերհառնումի եւ հայրենակերտումի նախանձախնդրության: Զորեղ ու ամուր պետականություն կերտելու ճանապարհին մեր երկիրը, արդարեւ, վճռորոշ վերափոխումներ է ապրել, ձեռքբերումներ արձանագրել, որոնք կերտվել են աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքի պայծառության տեսլականով, արդարության հաղթանակի հավատով` ազգիս զավակներին միավորելով հայրենիքը զորացնելու ձգտումով եւ հայրենիքով զորեղ լինելու գիտակցությամբ:

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ տիար Արմեն Սարգսյան, մեր օրհնությունը, շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ` նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու եւ երդմնակալության առիթով: Մեր երկրի կյանքում Դուք արդյունավոր ջանքեր եք բերել որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, հաջողություններ արձանագրել դիվանագիտական ասպարեզում, նաեւ ազնիվ բարեգործություններով ներդրում բերել ազգային-եկեղեցական մեր անդաստանում: Այսօր, երդմնակալության այս արարողությամբ Դուք վերահաստատում եք Ձեր ուխտը հայրենիքին եւ մեր ժողովրդին ամենայն պատրաստակամությամբ ու հանձնառությամբ ծառայելու, ջանք ու եռանդ բերելու մեր երկրի զարգացման, մեր ժողովրդի բարօրության, հայության համախմբման եւ լուսավոր ապագայի համար: Ձեր հարուստ կենսափորձը, հայրենիքում ու Սփյուռքում լայն ճանաչումը մեծապես պիտի նպաստեն առավել արգասավորելու Ձեր ծառայությունը նախագահի բարձր պատասխանատվության մեջ: Երդմնակալության արարողությունը առիթ է նաեւ անդրադառնալու յուրաքանչյուրիս հանձնառությանն ու պատասխանատվությանը` նախանձախնդրությամբ շարունակելու միասնական մեր ջանքերը` հանուն ազգային նպատակների իրագործման:

Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, որ դարեր շարունակ արթուն է պահել անկախության վերականգնման մեր ժողովրդի իղձը, օրհնել ու քաջալերել մեր արդար պայքարները, այսօր էլ զորակից է հայրենի պետությանը եւ Ձեզ, մեծարգո նորընտիր նախագահ, Ձեր ազգանվեր ու հայրենասեր ծառայության ճանապարհին: Սրբազան է մեր հայրենիքը իր բազմադարյա պատմությամբ ու նվիրական արժեքներով, իր հերոսներով ու նահատակներով, հայրենասեր երախտարժան իր զավակներով: Այս նվիրական զգացումներով մեր հորդորն ենք հղում մեր ժողովրդին ի հայրենիս եւ ի Սփյուռս` հավատով ու միասնությամբ հաղթահարելու ազգային ու հայրենական անդաստանում ծառացած խնդիրները եւ դարձնելու մեր երկիրը շեն ու բարօր, պայծառ ու բարգավաճ:

Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ տիար Սերժ Սարգսյանին` անցնող տարիներին մեր երկրին ու ժողովրդին բերած նվիրյալ ծառայության համար: Մեծարգո տիար Սերժ Սարգսյան, Դուք կանգնած եք եղել մեր պետականության վերակերտման ակունքներում: Ձեզ վիճակված էր դժվարին պայմաններում առաջնորդելու մեր երկիրը` դիմագրավելով ներքին ու արտաքին մարտահրավերներ` առաջ ընթանալու եւ իրագործելու ազգանպաստ ծրագրեր, ջանքեր բերելու միջազգային ասպարեզում մեր պետության հեղինակության բարձրացման, միջպետական հարաբերությունների զորացման, Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման, մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների հաղթահարման գործում: Տիրոջ պահպանությունը հայցելով` մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, արեւշատ կյանք եւ հաջողություններ Ձեր հետագա գործունեության մեջ:

Աղոթում ենք աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի, մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու երջանիկ կյանքի համար: Մեր աղոթքն ենք բարձրացնում Ձեզ համար` մեծարգո նախագահ տիար Արմեն Սարգսյան, հայցելով Տիրոջ օրհնությունն ու առաջնորդությունը Ձեզ` Ձեր բարձր ու պատասխանատու առաքելության մեջ:

Աղոթք ենք բարձրացնում հայոց պետական ավագանու համար` մաղթելով նոր ձեռքբերումներ` ի սեր մեր հայրենիքի եւ ժողովրդի: Թող Տերը օրհնի Հայաստան մեր երկիրը, Արցախն ու Սփյուռքը` միշտ պահպանելով իր Սուրբ Աջի խնամքի ու հովանու ներքո շինության, խաղաղության եւ անսասանության մեջ այսօր եւ միշտ: Ամեն:

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այժմ, սիրելիներ, հրավիրում ենք ամենքիդ հոտնկայս աղոթքի:

Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս: Ամէն:

Հայր մեր որ յերկինս ես,

սուրբ եղիցի անուն Քո։

Եկեսցէ արքայութիւն Քո։

Եղիցին կամք Քո

որպէս յերկինս եւ յերկրի։

Զհաց մեր հանապազորդ

տուր մեզ այսօր։

Եվ թող մեզ զպարտիս մեր,

որպէս եւ մեք թողումք

մերոց պարտապանաց։

Եվ մի տանիր զմեզ ի փորձութիւն։

այլ փրկեա զմեզ ի չարէ։

Զի քո է արքայութիւն

եւ զօրութիւն եւ փառք

յաւիտեանս Ամէն:

Պահպանիչ եւ յոյս հաւատացելոց, Քրիստոս Աստուած մեր, պահեա եւ պահպանեա զՀանրապետութիւն Հայաստան աշխարհիս, զընտրեալ նախագահն զնորա, զպատգամաւորս, զնախարարս եւ զամենայն իշխանաւորս հայրենի յերկրի մերոյ, եւ շնորհեա սոցա զկատարեալ իմաստութիւն` առաջնորդելով ժողովրդեան հայոց ի բարիս եւ ի խաղաղութիւն: Նաեւ  օրհնեա եւ զորացրոյ Տեր, զազգս հայոց  ի   Հայաստան, Արցախ եւ ի Սփիւռս, գնալ ի ճանապարհն սիրոյ եւ միաբանութեան, արդարութեան եւ աստուածպաշտութեան ընդ հովանեաւ Սուրբ եւ պատուական խաչիւդ քո: Փրկեա՛ Տեր յերեւելի եւ յաներեւոյթ թշնամւոյն, արժանաւորեա՛  գոհութեամբ փառաւորել զՔեզ ընդ Հօր եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, Վեհափառ Տեր:

Հարգելի պատգամավորներ, հարգելի հյուրեր, ելույթի համար ձայնը տրվում է  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Խնդրեմ, պրն նախագահ:

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

-Վեհափառ Տեր, մեծարգո պարոն նախագահ եւ տիկին Սարգսյան, Արցախի Հանրապետության մեծարգո Նախագահ, Ազգային ժողովի մեծարգո նախագահ եւ հարգելի պատգամավորներ, մեծարգո վարչապետ, Կառավարության անդամներ, Ձերդ գերազանցություններ, դիվանագետներ, Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, թանկագին հայրենակիցներ եւ հյուրեր, տիկնայք եւ պարոնայք.

Այսօր ինձ համար մեծ պատիվ է վիճարկվել ստանձնելու Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը: Սա վիթխարի պատասխանատվություն է երկրի, ժողովրդի եւ պատմության առջեւ: Այն ինձ մղում է լարել իմ ողջ ուժերն ու եռանդը` արդարացնելու համար այն վստահությունը, որ մարտի 2-ին իմ հանդեպ ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: Արդարացնելու համար նաեւ այն հույսերը, որ ինձ հետ կապում են Հայաստանի հասարակության ամենատարբեր շերտերը` մտավորականներից մինչեւ պարզ քաղաքացիներ, ինչպես նաեւ Արցախի եւ Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք սրտացավ եւ ուշադիր հետեւում են Մայր Հայրենիքի ձեռքբերումներին ու մաքառումներին:

Ինձ ուժ է տալիս հավատը: Հավատը մեր երկրի եւ ժողովրդի ապագայի հանդեպ, հավատը Հայաստանի քաղաքացիների եւ աշխարհով մեկ սփռված մեր քույրերի ու եղբայրների տոկունության, աշխատասիրության ու տաղանդի հանդեպ:

Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք գտնվում ենք Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի շեմին եւ անցում կատարում պետական կառավարման նոր` խորհրդարանական համակարգի:

Այսինքն` մի կողմից ունենք հանրապետական կարգերի 100-ամյա պատմություն, մյուս կողմից` խորհրդանշական կերպով սկսում ենք նոր էջից:

Մեկ դար առաջ` հայ ժողովրդի ծանրագույն կորուստներից հետո, գերմարդկային ջանքեր եւ սխրանք էր պետք` փրկելու եւ ապրեցնելու այն փոքրիկ հողակտորը, որը մնացել էր մեր մեծ հայրենիքից: Ի պատիվ նախորդ սերունդների` թե՛ Առաջին, թե՛ Երկրորդ Հանրապետության օրոք, մեր ժողովուրդը կարողացավ ոչ միայն ոտքի կանգնել, ուղղել մեջքը, այլ նաեւ արժանապատիվ կերպով ներկայանալ աշխարհին:

Հենց դրա շնորհիվ մեզ` մեր այսօրվա ներկա սերնդին բախտ վիճակվեց ոչ միայն հռչակել Երրորդ Հանրապետությունը, այլեւ կայացնել մեր հայրենիքի անկախությունը: Ամրապնդել ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունը: Ստեղծել ամուր եւ հզոր բանակ:

Հանուն Արցախի մղած հաղթական ազատամարտը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը: Այն բարձրացրեց մեր ոգին, եւ այսօր որեւէ մեկը թող չկասկածի, որ Հայաստանը եւ ողջ հայ ժողովուրդը կանգնած են Արցախի թիկունքին ու պայքարելու են նրա արդար իրավունքների համար: Պայքարելու է երեկ, այսօր եւ վաղը:

Փա՛ռք ու պատի՛վ մեր ժողովրդին եւ նրա հերոսներին:

Փա՛ռք Հայոց հաղթական բանակին:

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թանկագին բարեկամներ, ես մեծապես գնահատում եմ այն վիթխարի աշխատանքը, որ մեր ժողովրդի տոկունության, համբերության եւ հերոսության շնորհիվ ու, շատ հաճախ, նաեւ նրա մեծ զրկանքների գնով վերջին երեք տասնամյակի ընթացքում կատարվել է Հանրապետության երեք նախագահների` Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ:

Ժամանակը, իհարկե, լիակատար գնահատական կտա մեր անցած ուղուն, սակայն այսօր կարելի է ամենայն անաչառությամբ եւ վստահությամբ ասել, որ ԽՍՀՄ փլուզման պայմաններում, Սպիտակի ավերիչ երկրաշարժի, Արցախի գոյամարտի, քայքայված տնտեսության ու շրջափակման պայմաններում, այնուամենայնիվ, մեզ հաջողվել է ստեղծել պետական կուռ համակարգով, բաց հասարակության գաղափարով եւ համամարդկային արժեքներով առաջնորդվող երկիր:

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շնորհակալ եմ: Երկիր, որն իրավամբ վայելում է համաշխարհային հանրության հարգանքը եւ վստահելի գործընկերոջ համբավը: Հակառակ դեռեւս առկա խնդիրներին` սա պատմական շատ կարեւոր ձեռքբերում է: Եվ իհարկե, Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը եւ Եվրոպական միության հետ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիրը երկրի զարգացման համար նոր հեռանկարներ եւ հնարավորություններ են բացում: Իսկ կառավարման խորհրդարանական համակարգը լավագույն պայմաններն է ստեղծում դրա համար։ Այս առումով ես ուզում եմ արժանին մատուցել  Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությանը եւ պետական գործչի ու կազմակերպչի հմտությանը:

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սիրելի բարեկամներ, հայ ժողովրդի հերոսական անցյալն ու փորձը ցույց են տալիս, որ մեր պատմությունն առավելապես ոգու պատմություն է: Առանց այդ ոգու եւ հավատի` մենք չէինք կարող խոր հնադարից հասնել այսօր եւ այդ ընթացքում համաքայլ ընթանալ առաջավոր մարդկության հետ ու մեր նպաստը բերել համաշխարհային առաջընթացին:

Մենք եղել ենք արդի համամարդկային արժեքների ակունքներում` սկսած Հին Հռոմի ու Հունաստանի դասական շրջանից, քրիստոնեության ծագումից մինչեւ մեր օրերը:

Իրավամբ կարող ենք հպարտանալ, որ ժառանգներն ենք հազարամյակների ընթացքում Հայկական բարձրավանդակի վրա ձեւավորված ու կայացած հայկական յուրահատուկ ու ինքնատիպ քաղաքակրթության։

Ժամանակային եւ տարածական այդ վիթխարի տիրույթներում մենք տարբեր ժողովուրդների հետ համերաշխ համակեցության անգնահատելի ու անանց փորձ ենք ձեռք բերել, եւ ողջ պատմությամբ մենք ապացուցել ենք, որ արարող, ստեղծագործող, հաշտ ու խաղաղ ժողովուրդ ենք:

Ահա թե ինչու Հայաստանը հետեւողականորեն առաջ է տանում բոլոր հակամարտությունները եւ քաղաքական խնդիրները խաղաղ եւ բանակցային ճանապարհով լուծելու քաղաքականությունը: Քաղաքականություն է տանում ցեղասպանությունները եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները կանխարգելելու քաղաքականությունը: Այն մեծ ողբերգությունը, որը հայ ժողովուրդը կրել է 100 տարի առաջ` Մեծ Եղեռնի տարիներին, զգոնության դաս պետք է լինի բոլորի համար: Ուստի այսօր հայոց ցեղասպանության ճանաչումը ինքնանպատակ չէ: Մարդկության դեմ գործած այդ ահավոր ոճրի միջազգային ճանաչումը եւ դատապարտումը կարեւոր քայլ են դրա կրկնությունը որեւէ տեղ աշխարհում բացառելու նպատակով:

Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր երկրի եւ ողջ ժողովրդի համար առանցքային է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ բանակցային կարգավորումը: Դրա առաջին երաշխիքը, իհարկե, հզոր Հայաստանը եւ ամուր Արցախն են: Իրոք, արդարացի լուծման հասնելու եւ Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքները լավագույնս պաշտպանելու համար մենք պետք է շարունակենք կերտել ամուր, տնտեսապես զարգացող ծաղկուն եւ հզոր Հայաստան:

Հանուն այդպիսի Հայաստանի` մենք պետք է ապահովենք մեր քաղաքացու ինքնադրսեւորման համար լավագույն միջավայրը: Միասին պետք է հետեւողական պայքար մղենք պետական համակարգում, հասարակության մեջ, մեր շրջապատում առկա բոլոր բացասական եւ արատավոր երեւույթների դեմ: Կոռուպցիայից մինչեւ սոցիալական անարդարություն, անտարբերությունից մինչեւ անպատասխանատվություն: Այս անզիջում եւ արդար պայքարում մեզանից յուրաքանչյուրի դերակատարումը անհրաժեշտ է: Մենք կհաջողենք, եթե ոչ միայն քննադատենք, այլ նաեւ լուծումներ առաջարկենք, եթե ջրբաժաններ ստեղծելու փոխարեն համախմբվենք եւ աշխատենք միասին:

Սիրելի բարեկամներ, հանուն համազգային նպատակների եւ այդ նպատակների իրականացման` մեր առաջնահերթություններից պետք է լինի Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության համակողմանի ամրապնդումը եւ նրա ներուժի առավել արդյունավետ իրացումը:

Մեր ազգային միասնության ամենակարեւոր գրավականն ու հենարանը եկեղեցին է, համաշխարհային ազգային մի կառույց, որի շուրջ դարեր ի վեր համախմբվել է մեր ողջ ժողովուրդը։ Պետք է անենք հնարավոր ամեն բան` արհեստական հակասությունների վերացման եւ մեր հավաքականության իրական ուժի գիտակցման ուղղությամբ։  Մշակենք համազգային խնդիրների լուծմանը եւ այդ լուծմանը ծառայող արդյունավետ նոր մեխանիզմներ` միացյալ օրակարգ, ընդհանուր պատասխանատվություն եւ միասնական ջանք: Վստահ եմ` մենք օր առաջ հասնելու ենք այս բանաձեւի ընկալմանն ու կենսագործմանը:

Փոքր երկիր` համաշխարհային ազգ. սա է մեր էությունը:

Սիրելի հայրենակիցներ, հավատ, վստահություն, արդարություն եւ ամենօրյա բարեխիղճ աշխատանք. այս արժեքներն են, որ կարող են խթանել մեր հասարակության ստեղծագործական ուժերն ու եռանդը: Այսօրվա եւ վաղվա նկատմամբ հավատն ու վստահությունը, տնտեսությունն աշխուժացնելու հստակ տեսլականը եւ դրա շոշափելի արդյունքները կարող են ոչ միայն խթանել տնտեսական աճը, ներքին եւ արտաքին ներդրումների հոսքը, այլեւ արգելակել արտագաղթը, առավել` հայրենիք վերադարձնել մեր հայրենակիցներից շատերին: Սակայն ինչքան էլ գրավիչ եւ տեսականորեն հիմնավոր լինեն լուսավոր ապագայի խոստումները, մարդիկ ուզում են իրենց առօրյայում այսօր տեսնել դրանց պտուղները: Եվ նրանք իրավացի են:

Աշխարհը, ուր ապրում ենք մենք, եւ ապրելու են մեր երեխաները, փոփոխվում է շատ արագ, վերածվում մրցակցության հսկայական դաշտի: Մենք պետք է դրան պատրաստ լինենք, ներդրումներ անենք գիտության, նոր տեխնոլոգիաների, կրթության ու մշակույթի ոլորտներում։ Կապ հաստատենք աշխարհի լավագույն գիտական, կրթական եւ հետազոտական կենտրոնների հետ` արեւմուտքից արեւելք, հյուսիսից հարավ։ Ներգրավենք նոր գաղափարներ, փոխառնենք լավագույն փորձը: Եվ այս ամենի հիման վրա ստեղծենք մեր յուրօրինակ լուծումները եւ դրանք առաջարկենք աշխարհին:

Վստահ եմ, որ մենք ի վիճակի ենք Հայաստանը դարձնել գրավիչ գործընկեր, նոր տեխնոլոգիաների եւ լուծումների կամուրջ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Սա՛ է ապագան։ Վստահեցնում եմ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մեր երիտասարդներին, որ ես ոչ միայն իբրեւ երկրի նախագահ, այլեւ գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում որոշակի փորձառություն ունեցող մարդ, միշտ լինելու եմ իրենց կողքին:

Սիրելի հայրենակիցներ, մենք ապրում ենք հարափոփոխ աշխարհում` լի բազմաբնույթ վտանգներով, սպառնալիքներով եւ մարտահրավերներով: Սակայն մեզ համար այն լեցուն է նաեւ նոր եւ գրավիչ հնարավորություններով: Եվ մեզնից է կախված` կարողանալո՞ւ ենք, արդյոք, օգտվել այդ պատմական հնարավորություններից: Մեզնից է կախված, թե XXI դարում ինչպիսի Հայաստան ենք ուզում կերտել: Հայաստան, որն ընդունակ կլինի դիմագրավելու դարի մարտահրավերներին եւ արժանի տեղ գրավելու առաջավոր ազգերի շարքում:

Սա, հիրավի, պատմական հնարավորություն է: XXI դարը մտքի դար է, գիտական թռիչքի դար, եւ դրան համեմատ` մենք պետք է կերտենք նոր Հայաստան` երիտասարդ Հայաստան, դինամիկ, ճկուն եւ ստեղծագործ Հայաստան: Երկիր, որը կմարմնավորի մեր ժողովրդի իմաստնությունն ու տաղանդը, կհամապատասխանի բոլորիս իղձերին եւ կդառնա բոլորիս հպարտության եւ ոգեւորության աղբյուրը:

Հայրենիք` աշխարհի բոլոր հայերի համար:

Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը:

Փա՛ռք Արցախին:

Փա՛ռք հայ ժողովրդին:

Աստված պահապա՛ն բոլորիս:

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության ԱԺ-ի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու եւ պաշտոնն ստանձնելու առթիվ:

Պրն նախագահ, ծանոթ լինելով Ձեր անցած ուղուն, համոզված եմ, որ Դուք Ձեր ողջ կենսափորձն ու գիտելիքները կծառայեցնեք համազգային նպատակների իրականացմանն ու միասնության ամրապնդմանը`  Հայաստանի քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ` այդ պատասխանատու պաշտոնն ստանձնելու առթիվ:

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դուրս բերել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը:

ՀՆՉՈՒՄ Է ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Դուրս բերել Հայաստանի Հանրապետության պետական դրոշը եւ նախագահական իշխանության խորհրդանշանը:

ՀՆՉՈՒՄ Է ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստը հայտարարում եմ փակված:

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am