National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.12.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 2

20 դեկտեմբերի 2017

Ժամը 11:00

  ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ  ԲԱԲԼՈՅԱՆԸ
 
 

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի պատգամավորներ, խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման: Գրանցում։

Հարգելի պատգամավորներ, ես խնդրում եմ ուշադրություն (աղմուկ է դահլիճում), ո՞վ չի կարողացել գրանցվել, ես կրկնում եմ գրանցումը, խնդրում եմ ուշադիր լինել։ Գրանցում։

Գրանցվել է 94 պատգամավոր։

Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները։ Շարունակում ենք արտահերթ նիստի աշխատանքը։ Այժմ քվեարկության եմ դնում քննարկված նախագծերը։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Վարման կարգով՝ պրն Զեյնալյան, խնդրեմ։

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու այս օրենսդրական նախաձեռնությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր դե ֆակտո իրավակիրառական պրակտիկան թույլ տալիս է բողոքարկել ձերբակալման օրինականությունը եւ գործող կամ առաջարկվող կամ  նախագիծը սահմանափակում է մտցնելու, միեւնույն ժամանակ՝ անձն իր դեմ ցուցմունք տալու պարտականությունից ազատված է՝ որպես, ընդհանուր առմամբ, ընդհանրապես լռելու իրավունք։ Իսկ այս օրինագիծը նախատեսում է, որ դրա ողջամտությունը պիտի գնահատի դատարանը։

Այդ իսկ պատճառով «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկում այս օրինագծին։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Քվեարկություն։

Կողմ՝ 59 եւ Արփինե Հովհաննիսյանը, որը թողել է գրավոր իր կարծիքը՝ 60։ Կողմ՝ 60
Դեմ՝ 34
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Վարման կարգով՝ պրն Զեյնալյան, խնդրեմ։

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Պրն Բաբլոյան, Արփինե Հովհաննիսյանը Հայաստան չի եկել էս ընթացքում, որքան ես գիտեմ, երբ որ արտահերթ նիստի օրակարգն է եկել, ինչպե՞ս է տվել իր դրական եզրակացությունը սրանց վերաբերյալ։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Էլեկտրոնային փոստով ա ուղարկել կամ գրավոր ա ուղարկել, հիմա հարցնենք՝ ինչպես ա ուղարկել։

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Այ մարդ, հրապարակեք՝ էլեկտրոնայի՞ն ստորագրությամբ փաստաթուղթ է դա։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Ներողություն։ Ես ունեմ քարտուղարությունից ներկայացված, որ ինքը ներկայացրել է նամակը, դուք կարող եք մոտենալ՝ ճշտել, խնդիր չկա։ Բայց ես պարտավոր չեմ էստեղ նամակ ունենամ, ես ունեմ տեղեկատվությունը, որ նամակ ունի քարտուղարությունը, մնացածը դուք կարող եք մոտենալ քարտուղարություն եւ ճշտել։ Շատ լավ։

Վարման կարգով չավարտվե՞ց ձեզ մոտ, խնդրեմ, պրն Զեյնալյան։

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Հարգելի գործընկերներ ԱԺ կանոնակարգը նախատեսում է, որ յուրաքանչյուր քվեարկությունից առաջ պետք է բացվի ծրարը՝ յուրաքանչյուր քվեարկության վերաբերյալ առանձին ներկայացվի տեսակետը։ Ոչ թե փաթեթային ասվի՝ էս բոլոր օրենքներին դրական է քվեարկել։ Ամեն անգամ պետք է նոր բացվի ծրարը, դուք պիտի չիմանաք, մենք չպիտի իմանանք՝ նա ինչպե՞ս է քվեարկելու, որովհետեւ դա փոխելու է, քվեարկելուց անմիջապես առաջ պետք է բացվի։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Պրն Զեյնալյան, եթե դուք նկատել եք, ես նախօրոք չեմ էլ հայտարարում եւ բազմիցս ասում եմ, որ մենք ստացել ենք նամակներ, բայց նախօրոք չեմ հայտարարում կարծիքները, որպեսզի չազդեմ քվեարկության վրա նախօրոք։ Քվեարկություն։

Կողմ՝ 97 եւ Արփինե Հովհաննիսյանը՝ 98
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Հարգելի պատգամավորներ, քանի որ քվեարկության դրվող նախագծերի հաջորդ փաթեթի առաջին հարցը Սահմանադրական օրենքում, Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացոմւներ առաջարկվող նախագիծն է, նախագծերի այս փաթեթը, Կանոնակարգի 76-րդ հոդվածի համաձայն, պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով։

Վարման կարգով՝ պրն Մարուքյան, խնդրեմ։

Է.ՄԱՐՈՒՔՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, պետաիրավական հանձնաժողովում ես առաջարկություն եմ ներկայացրել, որ փաստաբանների նկատմամբ կիրառվող սանկցիան, որ առաջարկվում է՝ փաստաբանին տուգանել դատարանում, հանվի, որը ճնշում է փաստաբանական գործունեության եւ իրավապաշտպան գործունեության նկատմամբ։

Առաջարկությունը մերժվել է, այդ իսկ պատճառով «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու այս Սահմանադրական օրենքին, ձեզ էլ կոչ եմ անում՝ դեմ քվեարկել։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Վարման կարգով՝ Գեւորգ Կոստանյան, խնդրեմ։

Գ.ԿՈՍՏԱՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Ես երեկ հնարավորություն չունեցա մտքերի փոխանակման ժամանակ իմ դիրքորոշումը վերջնական հայտնելու, բայց ես սկզբունքորեն դեմ եմ այն կարգավորմանը, որ Երեւանի ամբողջական դատարան ստեղծելու հետ կապված՝ նկատի ունենալով, որ դա լրացուցիչ բեռ կարող է դառնալ  մեր բնակչության համար, եւ եթե մենք ղեկավարվենք զեկուցման հիմքում դրված տրամաբանությամբ, կստացվի, որ պետական որեւէ մարմին պետք է ստորաբաժանումներ չունենա Երեւանի վարչական շրջաններում, որովհետեւ Երեւանի տարածքը 15 կմ է, ոչ ավել, էս ծերից թող գնան էն ծեր։

Բոլոր դեպքերում կողմ եմ քվեարկում, բայց պայմանով, ես արդեն զեկուցողներին էլ եմ ասել, որ 1-ից 2-րդ ընթացքում մենք քննարկման առարկա կդարձնենք։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Քվեարկության է դրվում... մի րոպե հայտարարեմ, դեռ չեմ հայտարարել նախագիծը, հայտարարեմ, հետո դուք վարման կարգով կասեք։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացուներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Նիկոլ Փաշինյան՝ վարման կարգով։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Կարծում եմ, որ նրանք, ովքեր դեմ են, ավելի լավ է չմասնակցեն քվեարկությանը, եւ նաեւ «Ծառուկյան» դաշինքի գործընկերներին եմ կոչ անում՝ չմասնակցել քվեարկությանը, որպեսզի, համենայն դեպս, նախորդ քվեարկությունների տվյալները ցույց են տալիս, որ այդ պարագայում չի անցնում նախագիծ։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Վարման կարգով՝ պրն Զեյնալյան։

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, մենք բովանդակային առումով դեմ ենք այս փոփոխություններին, որովհետեւ արդար դատաքննության իրավունքի հրապարակայնության բաղադրատարրը կտուժի, եթե մենք Երեւանում միացնենք, դարձնենք մեկ միասնական տարածք, աշխարհագրական առումով կդառնա ոչ մատչելի եւ արդար դատաքննության իրավունքի հրապարակային բաղադրատարրը կտուժի։

Ուստի՝ «Ելք» խմբակցությունն այս պատճառով դեմ է այս օրինագծին։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Վարման կարգով՝ Գեւորգ Պետրոսյան։ Պրն Պետրոսյան, ես ձեզ ձայն տվեցի։

Գ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Գիտեմ, շնորհակալություն։ Ես էլ եմ կոչ անում չքվեարկել, քանի որ բոլորս էլ գիտենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը եւ ընդհանրապես Դատավարական օրենսդրությունը ձեւականորեն հռչակում է մրցակցող կողմերի, այսինքն՝ մեղադրանքի ու պաշտպանության կողմերի իրավահավասարություն, բայց իրականում այդպիսի իրավահավասարություն չունի, քանի որ նրանք փաստացի անհավասար վիճակում են։

Հիմա, եթե մենք էս սանկցիան թույլատրենք կիրառել փաստաբանների նկատմամբ, սրանով է՛լ ավելի խոցելի կդառնա փաստաբանական կողմը։ Դրա համար ես միանում եմ մեր գործընկերոջ առաջարկին՝ չմասնակցել քվեարկությանը։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Քվեարկություն։

Ծ Ա Փ Ա Հ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Մեկ րոպե, խնդրում եմ վերականգնել պատկերը։ Պրն Մախմուդյանը կողմ ա քվեարկել, կոճակը նորից չի աշխատել։

Կողմ՝ 62 եւ Արփինե Հովհաննիսյան՝ 63

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում (դահլիճում վիճում են, աղմուկ է)։ Վարման կարգով՝ պրն Մախմուդյան։

Ռ.ՄԱԽՄՈՒԴՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ի սկզբանե, նույնիսկ գրանցվելու ժամանակահատվածում տեխնիկական պատճառով իմ քարտը չի... (վիճում են դահլիճում)։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Մախմուդյանի խոսափողը միացրեք։ Խնդրեմ, պրն Մախմուդյան։

Ռ.ՄԱԽՄՈՒԴՅԱՆ

-Պրն Փաշինյան, ֆիզիկապես բարձրաձայն արտահայտում եմ իմ դիրքորոշումը, որ կողմ եմ քվեարկում։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Վարման կարգով՝ Էդուարդ Շարմազանով։

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Հարգելի բարեկամներ, էս հո ուժի զոռով չի, հլա մի րոպե լսեք, պրն Մարուքյան ջան (ահավոր աղմուկ է դահլիճում, վիճում են)։ Ուրեմն, մի վայրկյան, էլի, ես խնդրում եմ կարգ ու կանոն պահպանեք դահլիճում, որ դուք խոսում եք, ես ձեզ խանգարու՞մ եմ։ Դե, խնդրում եմ լսեք, ուրեմն 61 ձայն ա եղել, Մախմուդյանը հայտարարում ա, որ 62 եւ Արփինե Հովհաննիսյանը՝ 63, որոշումն ընդունվել է։

Ո՞նց չի եղել, ո՞վ ա հայտարարում, ոչ մեկ ոչ մի բան չի հայտարարել, որոշումն ընդունվել ա (շարունակում են վիճել)։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Մի րոպե, մի րոպե... պրն Փաշինյան, մի վայրկյան, հիմա ես ձեզ խոսք կտամ, այս պահին որեւիցե մեկը չի հայտարարել, որ ինքը սխալմամբ կողմ ա քվեարկել եւ այդ առումով որոշումն ընդունվել է։ Ասեք, վերջին ձայնն եմ տալիս վարման կարգով։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Էլեկտրոնային համակարգ ա գործում, էլեկտրոնային համակարգը ցույց ա տալիս, որ որոշումը չի ընդունվել։

Երկրորդը՝ ըստ ամենայնի, պրն Մախմուդյանի եւ պրն Ազիզյանի կնոպկաները կարճ միացում ունեն, իրանք իրար փոխարեն են քվեարկում։

Եվ երրորդը՝ էլ չեմ ասում, որ Գեւորգ Կոստանյանն ասում ա սկզբունքորեն դեմ եմ, եւ տաբլոն ցույց ա տալիս, որ ինքը կողմ ա քվեարկել, ո՞նց կարա ըտենց բան լինի։ Որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, ուղղակի քվեարկությունը կրկնեք, տաբլոն ցույց ա տալիս, որ որոշումը չի ընդունվել։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Մի րոպե, ես խնդրում եմ հասարակությանը չհեղաթյուրել, տաբլոն մեխանիկորեն ամփոփում է այն, ինչ որ իր մեջ գրանցված է։ Եվ այն, ինչ որ մենք գրավոր թողել ենք ձայները, դեռ նա չի տեղեկացված եւ չի կարող ամփոփել։ Եվ այն, որ պրն Մախմուդյանը չի կարողացել գրանցվել, նա նույնպես չի կարող ամփոփել։

Միանշանակ է, որ տաբլոն կամփոփեր, որ ձայները չի հերիքել, բայց երբ որ մենք փաստացի գումարում ենք այդ ձայները, տեսնում ենք, որ 63 ձայնը բավական է, որպեսզի  որոշումն ընդունվի։

Պրն Կոստանյան, խնդրեմ։

Գ.ԿՈՍՏԱՆՅԱՆ

-Շնորհակալ եմ։ Գիտե՞ք, որպեսզի տարակարծություններ չլինի, ես կրկնեմ այն, ինչ ասացի։ Նախ՝ ես դեմ եմ սկզբունքորեն օրենքի այդ կարգավորմանը, բայց մենք պայմանավորվել ենք զեկուցողների հետ, որ 2-րդ ընթերցման ժամանակ (աղմկում են դահլիճում)։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Ներողություն, խնդրում եմ լսեք, որ հետո չասեք, թե պրն Կոստանյանն ինչ ա ասել, լսե՛ք ուշադիր։

Գ.ԿՈՍՏԱՆՅԱՆ

-Մենք պայմանավորվել ենք զեկուցողների հետ, որ 2-րդ ընթերցման ժամանակ դա շտկվելու է, դրա համար ես կողմ եմ քվեարկում։

Այսինքն՝ ես դեմ չեմ օրենքին, ես դեմ եմ օրենքի կոնկրետ կարգավորմանը, որը շտկվելու է 1-ից 2-րդի ընթացքում։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Քվեարկության է դրվում կառավարության կողմից... ասեք (դահլիճից վիճում են), ի՞նչ չի կարելի, մի րոպե, նախ, եթե մենք ուզում ենք մեկս մյուսին լսենք, հարգենք, դուք հարցը բարձրացնում եք վերաբերյալ պրն Կոստանյանի հայտարարության եւ հետո, երբ որ պրն Կոստանյանը վերցնում է վարման կարգով, որեւիցե մեկը ձեզանից չի էլ լսում, թե ինքն ինչ ա բացատրում։

Ներողություն, ուրեմն ես տալիս եմ ձեզ, պրն Միրզոյան, վարման կարգով եւ դրանով ամփոփում ենք, այո։ Ես կհայտարարեմ, դուք նորից վարման կարգով կասեք։ Ասեք, միացրեք։

Գ.ԳՈՐԳԻՍՅԱՆ

-Ուրեմն, ոչ պրն Մախմուդյանի քվեարկության հետ խնդիր կա, որովհետեւ մարդ ես, կնոպկեն չի աշխատել կամ ինչ, նորմալ ա, ոչ էլ պրն Կոստանյանի դիրքորոշման հետ, պարզաբանեց, ես լսում էի, նորմալ ա։

Խնդիրը Նապոլեոն Ազիզյանի քվեարկությունն ա, որը կողմ ա քվեարկել, բայց հայտարարել ա, որ կողմ չէր քվեարկում (վիճում են), հայտարարեց 5 անգամ եւ սա ակնհայտ ապօրինություն ա, չի կարելի ըսենց բան անել։ Կրկնեք քվեարկությունը։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Ներողություն (դահլիճում շարունակում են աղմկել եւ վիճել), վերջին անգամ տալիս եմ վարման կարգով եւ ամփոփում եմ, մի րոպե, մի րոպե...

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Պրն Բաբլոյան, մենք պահանջում ենք, որպեսզի կրկնվի քվեարկությունը, որովհետեւ պրն Նապոլեոն Ազիզյանն էլ չի քվեարկել, բացի դրանից՝ Արփինե Հովհաննիսյանը Հայաստան չի եկել, ծրարների վրա ոչ մի կնիք չկա փոստային, եւ բացի դրանից՝ բոլոր ծրարները բացված են նախօրոք, այնինչ պետք է բացված լինեին հիմա։ Այսինքն, Արփինե Հովհաննիսյանի ձայնն էլ չեք կարող գումարել։

Ես պահանջում եմ նորից դնել քվեարկության այս օրենքը։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Ամփոփում եմ եւ շարունակում ենք աշխատանքը, ամփոփում եմ, որպեսզի ոչ միայն... մի րոպե, ոչ միայն մենք որոշումը ճիշտ ընդունենք, այլեւ հասարակությունը տեղյակ լինի, որ որեւիցե մի պատգամավոր չի հայտարարել, որ ինքը սխալ է քվեարկել։ Միայն պրն Մախմուդյանի կոճակը, ինքը հայտարարեց, որ չի աշխատել եւ մենք տեսանք՝ հայտարարեց, որ կողմ է, եւ որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում (դահլիճում շարունակում են աղմկել եւ վիճել), քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 60 եւ Արփինե Հովհաննիսյան՝ 61

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը (դահլիճում շարունակում են աղմկել եւ վիճել), պրն Մարուքյան։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Վարման կարգի վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյան։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Քիչ առաջ, բոլորիս աչքի առաջ ակնհայտ կեղծիքով խորհրդարանական մեծամասնությունը սղացրեց Սահմանադրական կոչվող օրենքը, ինչը ցույց է տալիս, որ այս ամբողջ կենացները խորհրդարանական երկիր անցնելու մասին, բարեփոխոմւների մասին, փոքրամասնությանը հնարավորություն տալու մասին, դրանք ընդամենը հերթական կեղծիքն են, հերթական կոմեդիան։

Այս պահին մենք դուրս ենք գալիս, որպեսզի էս կոմեդիա քվեարկությանը չմասնակցենք։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Վարման կարգով՝ պրն Շարմազանով։

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Սիրելի հայրենակիցներ, էն, ինչ ասում ա ընդդիմությունը, իրականության հետ որեւէ առնչություն չունի։ Նապոլեոն Ազիզյանը քվեարկել է կողմ, Արփինե Հովհաննիսյանը թողել է իր կողմ ստորագրությունը, պրն Մախմուդյանն էլ հայտարարեց, որ ինքը կողմ է։ Պարզ մաթեմատիկական հաշվարկ՝ 63 ձայն, եթե այլ առաջարկ կա, թող ասեն։ Նապոլեոն Ազիզյանը չի հայտարարել, որ ինքը սխալ ա քվեարկել, վերջ, 63 կողմ։

Պրն Բաբլոյան, շարունակեք աշխատելը, գնում են՝ բարի ճանապարհ։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Քվեարկություն։ Երկու հոգի չեն կարողացել քվեարկել։

Կողմ՝ 61 եւ Արփինե Հովհաննիսյան՝ 62
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգիայի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 60 եւ Արփինե Հովհաննիսյան՝ 61

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 60 եւ Արփինե Հովհաննիսյան՝ 61

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 60 եւ Արփինե Հովհաննիսյան՝ 61

Ներողություն, ես սխալվել եմ, ի գիտություն մեր գործընկերների եւ ընդդիմությանը՝ Արփինե Հովհաննիսյանն այս նախագծի վերաբերյալ չի թողել իր կարծիքը։ Այսինքն՝ մենք չունենք գրավոր կարծիք, որ նա կողմ է, նա չի քվեարկել այս հարցը, փաստորեն մենք ունենք 60 կողմ։

Որոշումն ընդունվել է։

Սա այն հարցի պատասխանն է, որ ոչ թե մեխանիկորեն բոլորին թողել է, տիկին Հովհաննիսյանը ծանոթանալով բոլոր նախագծերի հետ, կոնկրետ այս նախագծի վերաբերյալ չի թողել իր կարծիքը։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված... ներողություն, եթե ես ցույց տամ, որ գրված ունեմ, որ որեւիցե մեկը չկասկածի, որ հիմա շինծու տեղեկացնում եմ, որ գոնե 1-ը տարբերվի, նախօրոք ունեմ դրա մասին տեղեկություն։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված
«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 60 եւ Արփինե Հովհաննիսյան՝ 61
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 59 պլյուս Մախմուդյան եւ Հովհաննիսյան՝ կողմ 61

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» եւ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 58  պլյուս 2 ձայն՝ Մախմուդյան եւ Հովհաննիսյան՝ կողմ 60

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 59  պլյուս Մախմուդյան եւ Հովհաննիսյան՝ կողմ 61
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Հարգելի պատգամավորներ, շարունակում ենք քննարկել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Այժմ հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանին հարցերով կարող են դիմել առաջարկ ներկայացրած պատգամավորները։ Հիշեցնեմ, որ առաջարկներ են ներկայացրել ՀՀԿ խմբակցությունը, «Ելք» խմբակցությունը, ԱԺ պատգամավոր Վահան Հարությունյանը, Մանե Թանդիլյանը, Արամ Սահակյանը, Աշոտ Արսենյանը, Արման Սաղաթելյանը, Միհրան Հակոբյանը, Էդմոն Մարուքյանը եւ Նիկոլ Փաշինյանը։ Խնդրեմ, եթե կան հարցեր, պրն Սաղաթելյան, դուք հա՞րց եք բարձրացնում։

Պրն Հարությունյան, խնդրեմ, միացրեք պրն Հյարությունյանի խոսափողը։

Հարգելի գործընկերներ (աղմուկ է դահլիճում), խնդրում եմ թույլ տալ շարունակենք աշխատել։ Պրն Հարությունյան, խնդրեմ։

Վ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Ես ուզում էի ճշգրտել՝ ճի՞շտ եմ արդյոք հասկացել, որ կառավարության կողմից ընդունվել է առաջարկը պիտակավորման ենթակա ապրանքների մասին։ Խոսքը գնում է ամբողջ 37 խումբ ապրանքների մասին, որ դրանց պիտակավորումը ներմուծողների եւ արտադրողների համար պահանջը կմնա հունվարի 1-ից, իսկ վերավաճառողների համար պահանջը կգործի ապրիլի 1-ից, առաջին հարցը դա էր։

Եվ երկրորդ հարցը նույնպես կապված է պիտակավորման հետ, մենք պայմանավորվեցինք, որ կառավարության կողմից կսահմանվի պիտակավորման կարգը, ավելի ճիշտ՝ սահմանված կարգում կկատարվեն փոփոխություններ, որտեղ կնշվի նաեւ, որ քաշի մակնշումը պահանջող ապրանքների համար այն կկատարեն տնտեսավարողները՝ ելնելով իրենց արտադրության առանձնահատկություններից։

Շեղումների մասը կհստակեցվի կառավարության որոշմամբ եւ այդ իրավունքը կվերապահվի տնտեսավարողներին՝ ելնելով նրանց արտադրությունների առանձնահատկություններից։

Դ.ԱՆԱՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Հարությունյան, շատ կարեւոր հարցեր եք տալիս։ Առաջին հարցի կապակցությամբ, թերեւս այո, կարող էր եւ թյուրըմբռնում լինել, որ մենք տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ձեռնարկված քննարկումների եւ հանձնաժողովի նիստի շրջանակներում, երբ որ քննարկում էինք անմիջական արտադրող չհանդիսացողների եւ անմիջական ներմուծող չհանդիսացողների կողմից մինչեւ մարտի 31-ը վերավաճառքի դեպքում դրոշմապիտակավորման հնարավորության ընձեռումը, որպեսզի իրացնեն մինչեւ մարտի 31-ը, կարող էր այնպիսի ընկալում լինել, որ խոսքը գնում է միայն օրենսգրքի փոփոխության օրինագծի շրջանակներում շրջանառվող ծածկագրերի ներքո նշված ապրանքների։ Որպեսզի որեւէ տարընթերցում կամ տարակարծություն չլինի, մենք սահմանել ենք հետեւյալը՝ Հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի առաջին մասով սահմանված սանդղակի, թվով շուրջ 36 կամ 37 ապրանքներ, որոնց առաջին անգամ դրոշմապիտակավորման իրավական պահանջը գործելու է 18 թվականի հունվարի 1-ից հետո, որոնք ձեռք են բերել մինչեւ 18 թվականի հունվարի 1-ն այդպիսի ապրանքներ եւ որոնց մոտ, որպես ապրանքային մնացորդ, առկա են այդպիսի ապրանքներ 18 թվականի հունվարի 1-ից, կարող են այդ ապրանքներն իրացնել մինչեւ 18 թվականի մարտի 31-ը ներառյալ՝ այն անձինք, ովքեր չեն հանդիսանում արտադրող եւ անմիջական ներմուծող, սա առաջին հարցի վերաբերյալ։

Երկրորդ հարցի վերաբերյալ՝ այո, դուք կրկին ճիշտ եք։ Մենք քննարկման ժամանակ հիշու՞մ եք՝ ասեցինք, որ մենք կարծում ենք, որ էդ հարցերն ընդհանուր առմամբ օրենսգրքում կարգավորված է, բայց հենց ամփոփաթերթում, որ մենք նայենք, ներառել ենք մի շատ կարեւոր դրույթ։ Այնուամենայնիվ, եթե մենք տեսնենք, որ կարգավորման ենթակա հարցեր կան, դեռեւս շարունակվում են, այդ թվում նաեւ՝ ձեր մատնանշած հարցը, որ քաշի կամ չոր կամ թաց լինելու կշիռների կորստի տեխնոլոգիայով կամ պահպանման հրահանգով սահմանված, ներքին հրահանգին համապատասխան, դրանց հետ կապված որոշակի շեղումների թույլտվություն լինի, մենք այս հարցը հենց ամփոփաթերթում գրված է, որ կանդրադառնանք կառավարության 17 թվականին ընդունված 773 որոշման շրջանակներում։

Կարծում եմ, որ մենք հնարավորություն կունենանք դա քննարկել մեկ անգամ եւս կառավարությունում եւ իհարկե, կառավարությա որոշման ընդունման նախօրյակին ուղղակի մասնագիտական քննարկում կունենանք, որպեսզի տեսնենք՝ արդյո՞ք այդ բոլոր մտահոգությունները փարատված են։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Պրն Հարությունյան, շնորհակալություն։ Ուրիշ հարցեր չկան, պրն Անանյան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը, որովհետեւ հարցերն ավարտվեցին։ Հարակից զեկուցող՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյան, խնդրեմ։

Խ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն ԱԺ նախագահ, հարգելի գործընկերներ, «Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները բավականին մանրամասն եւ առարկայորեն քննարկվել են թե՛ հանձնաժողովի նիստում եւ թե՛ դրան նախորդող աշխատանքային մի քանի քննարկումներում։ Ընդ որում՝ աշխատանքային քննարկումներին հանձնաժողովը ներգրավել էր ինչպես պատգամավորներին, ինչպես կառավարության պատասխանատուներին, այլեւ, ես դա շատ կարեւոր եմ համարում՝ գործարար աշխարհի ներկայացուցիչներին, ընկերությունների ներկայացուցիչներին եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Թվով 3 եւ կարելի է ասել՝ երկարաշունչ այդպիսի քննարկոմւներ են տեղի ունեցել, առարկայական, որի արդյունքում, ընդ որում՝ այս քննարկումների ընթացքում նաեւ քննարկվել են մեր ֆրակցիաների կողմից ստացված՝ ՀՀԿ ֆրակցիայի, «Ելք» ֆրակցիայի կողմից ստացված հիմնական առաջարկությունները։ Մեծ իմաստով՝ Հարկային օրենսգրքի նկատմամբ ստացվել է, ինչպես երեկ հիմնական զեկուցողը ներկայացրեց, 36 առաջարկություններ, որոնցից 20-ը ՀՀԿ-ի առաջարկություններն են, 4-ը՝ «Ելք» խմբակցության առաջարկություններն են, մնացածը՝ կառավարության։ Մեծ իմաստով՝ հիմնականում, ես կարծում եմ, որ կարող ենք արձանագրել, որ այս փաստաթղթի նկատմամբ հաջողվեց կազմակերպել շատ առարկայական, շատ գործնական եւ կոնկրետ քննարկումներ, որի արդյունքում, անկասկած, 1-ից 2-րդ ընթերցում ընկած ժամանակահատվածում մի շարք հոդվածներ եւ՛ բարելավվեցին, իսկ որոշ հարցադրումներ ուղղակի արմատական փոփոխությունների արժանացան։

Թույլ տվեք մի քանիսին անդրադառնալ, որովհետեւ՛ հիմնական զեկուցողը մասնագիտական խորը վերլուծությամբ ներկայացրեց հարցը, ավելորդ ներկայացման, կարծեք թե, չկա, բայց այդուհանդերձ, թույլ տվեք մի քանի առանձնահատուկ բաներին անդրադառնալ։

Առաջինը, որը շատ կարեւոր ենք համարում՝ մենք այսօրվա դրությամբ, եթե դուք հիշում եք, գործող օրենքով, ավելի շուտ՝ 18 թվականի հունվարի 1-ից հետո ուժի մեջ մտնող օրենսգրքով, դեռեւս չփոփոխված, առանձնահատուկ ռեժիմ էր սահմանված ֆիզիկական անձանց անձնական գույքը, բեկանություն հանդիսացող անձնական գույքի օտարման հետ կապված, եւ ընդ որում՝ սահմանափակումները հստակ էին գրված։ Ի՞նչ ենք մենք հիմա առաջարկում, մենք առաջարկում ենք էապես փոխել եւ պարզեցնել փոխհարաբերություններն իր սեփական գույքն օտարելու այդ իրավունքն  ունեցող ֆիզիկական անձանց եւ պետական, այսինքն՝ հարկային մարմինների հետ։ Ինչու՞մն է իմաստը, մենք ասում ենք, որ ցանկացած գույքի ձեռք բերման 1 տարվա ընթացքում օտարումը, ցանկացած գույքի, կհամարվի ձեռնարկատիրական օտարում, եթե դա, ինչպես ասեցի՝ օտարվում է իր ձեռք բերման 1 տարվա ընթացքում, ընդ որում, եթե նույն հարկային տարվա ընթացքում երկու նման գործարք է կատարվում։ Բայց կառավարությունն առաջարկում է մի շատ կարեւոր դրույթ՝ նույն, միատեսակ գույքին է վերաբերում։ Այսինքն, եթե մարդն օտարում է նույն տարվա ընթացքում իր առանձնատունը, իր բնակարանը կամ իր ավտոտնակը եւ եթե դրանք նույնիսկ ձեռք են բերվել այդ նշված ժամկետում, ապա դա չի համարվում  ձեռնարկատիրական նպատակով օտարվող գործարք։

Սա շատ էական է եւ ըստ էության, կառավարությունը պարզեցնում է, որ խոսքը գնում է ֆիզիկական անձի սեփական գույքն ազատ, անկաշկանդ տնօրինելու իրավունքը լիարժեք իրացնելուն, երբ որ մենք սահմանում ենք, որ այդ ժամանակահատվածում, եթե դուք նույն տարվա մեջ երկու միատեսակ գույք չեք իրացնում, այլ տարբեր, ձեր սեփական տարբեր անշարժ գույք եք իրացնում կամ ավտոմեքենա, դա չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն, եթե նույնիսկ դուք դա իրացնում եք այդ 1 տարվա ընթացքում։ Կարծում եմ՝ սա շատ առարկայական է, եւ դրանից հետո, եթե դուք նույնատեսակ երկրորդ գույքն եք իրացնում, ապա նրա վրա տարածվում է օրենսգրքի պահանջը, այսինքն՝ արդեն 20% հարկվում է որպես եկամտահարկ։

Երկրորդ կարեւոր, իմ կարծիքով, նորմը, որ մենք բավականին երկար քննարկել ենք, դա հետեւյալն էր՝ կառավարությունն առաջարկում է մրգային օղիների վերաբերյալ ավելի մեղմել հարկային պարտավորությունները։ Մենք բոլորս էլ գիտենք, որ մրգային խմիչքները վերջին շրջանում սկսում են տարածում ստանալ։ Եվ կառավարությունն առաջարկում է այդ խումբ ապրանքատեսակների համար չկիրառել ատվալորային 55%, բայց ոչ պակաս 550 դրամը, այլ հանել այդ 55%-ի պահանջը եւ ըստ էության, ապահովել յուրաքանչյուր լիտրի համար ընդամենը 800 դրամ։ Եթե մենք միջին գինը նայում ենք նման օղիների, այսինքն՝ սպիրտային խմիչքների միջին գինը տատանվում է 3500-4000 դրամ, հետեւաբար՝ դուրս է գալիս, որ ըստ էության, մենք հնարավորություն ենք տալիս արտադրողների մոտ մոտ 8-900 դրամի չափով, այսինքն՝ 50%-ով նրանց հարկային բեռը նվազեցնում ենք։ Սա էապես, կարծում ենք՝ կնպաստի այս խումբ ապրանքների արտադրությանը, ավելացմանը եւ առավել եւս, որ նրանք արտահանման լուրջ պոտենցիալ ունեն։

Հաջորդ առաջարկությունը, որ մենք համաձայնեցրել ենք միմյանց հետ, դա վերաբերվում է բազմակի օգտագործման շրջանառության մեջ գտնվող տարաներին։ Շատ հստակեցվեց, այդ վեճը վերացավ, եթե դուք տարա եք ձեռք բերում, ապա դուք նրա համար վճարում եք ավելացված արժեքի հարկ, եթե այդ տարայով ապրանքն արտահանում եք, ապա դուք, ըստ էության, ստանում եք ավելացված արժեքի հարկի հետ վճարում եւ հետեւաբար՝ ունեք հաշվանցման հնարավորություն, բայց եթե այդ տարան այլեւս գտնվում է ներքին շրջանառության մեջ, օրինակ՝ շիշ լվացողներից եք ձեռք բերում եւ այլն, նրանց վրա ավելացված արժեքի հարկ չի տարածվում։ Եվ այս հարցը, որպեսզի հստակություն մտցվի, մենք պայմանավորվեցինք, որ կառավարությունն իր որոշմամբ կսահմանի՝ ելնելով տվյալ արտադրողների տեխնոլոգիական կարողություններից, կսահմանի, թե ո՞ր տարան է համարվում բազմակի շրջանառության տարա։ Սրանով մենք, ըստ էության, այն տարընթերցումը, որ առաջանում էր, վերացնում ենք։

Շատ կարեւոր է օրինակ՝ բենտոնիկի հետ կապված հարկային արտոնությունը։ Բանն այն է, որ մենք ունենք մի շատ կարեւոր, ես կասեի՝ նույնիսկ ստրատեգիական կարեւորության, նշանակության արտադրանք՝ բենտոնիկ, որն արտահանվում է եվրասիական տնտեսական տարածք, ընդ որում՝ նույն արտադրության ներկայացուցիչները, այսինքն՝ գործարանի առաջարկով կառավարությունը գնացել է նրան, որ նրա հարկման  դրույքաչափը սահմանել է՝ 6%-ից նվազեցնում է 4%, միաժամանակ նաեւ՝ 2500 դրամը, եթե չեմ սխալվում՝ փոխվում է 1650-ով։ Այսինքն, ըստ էության, մենք հնարավորություն ենք տալիս բենտոնիկի ձեռնարկությանը, իր առաջարկից ելնելով, նրա թողարկող արտադրանքը եվրասիական տնտեսական տարածքում լինի ավելի մրցունակ։ Սա շատ էական նշանակություն ունի Իջեւանի տարածքի համար, եւ մենք կարծում ենք՝ սրանով շատ օգտակար, նպաստ ենք բերում այս հարցում։

Հանրային սննդի հետ կապված՝ սա ամենից երկար քննարկված խնդիրն էր, որ մենք քննարկում էինք կառավարության հետ։ Մեզ համար ակնհայտ էր հետեւյալը՝ այս ոլորտը դինամիկ զարգացող է, այս ոլորտն ուղղակի աղերսներ ունի զբոսաշրջության հետ, այս ոլորտը հնարավորություն պետք է ունենա էլ ավելի զարգանա, բայց միաժամանակ մենք չենք  կարող հաշվի չնստել կառավարության, կարծում եմ, միանգամայն արդարացի պահանջին, որ այս ամենի հետ միասին փաստաթղթավորումը ծախսերի, շրջանառության հաշվառումը պետք է լինի խիստ կարեւոր, եթե մենք ուզում ենք իրականում գնալ ժամանակակից հարկային համակարգերի ձեւավորման ճանապարհով։

Ուստի՝ մենք եկանք հետեւյալ եզրակացությանը եւ սա, կարծում եմ, ամենալուրջ ձեռքբերումն էր, առաջինը՝ ոչ մի բան չենք փոխում մինչեւ 18 թվականի հուլիսի 1-ը։ 18 թվականի հուլիսի 1-ից ՀՀԿ ֆրակցիայի առաջարկությամբ, մոտ կես տարի՝ մինչեւ 19 թվականի հունվարի 1-ն աշխատում է հետեւյալ նորմը՝ շրջանառության հարկից 8% եւ ծախսագրումներից 5% նվազեցման, իսկ 19 թվականի հունվարի 1-ից կաշխատի կառավարության կողմից առաջարկած տարբերակը։ Այսինքն՝ կհարկվի շրջանառության 10%՝ նվազեցված փաստաթղթավորված ծախսերի 6%-ը։ Ես կարծում եմ՝ սա բավականին լուրջ քննարկումների արդյունքում ձեւավորված կոմպրոմիսային առաջարկ է։

Հաջորդ առաջարկը, որ կուզենայի ձեզ ներկայացնել, դա վերաբերվում է հետեւյալին, որի շուրջ նույնպես բավականին երկարաշունչ քննարկումների արդյունքում եկել ենք ընդհանուր եզրակացության։ Առաջինը՝ նախ ասեմ, դա վերաբերվում է ֆիզիկական անձանց։ Մեկ ֆիզիկական անձի հետ ամսվա ընթացքում մինչեւ 3 մլն դրամական արժողության գործարքները, ոչ էլեկտրոնային, փաստաթղթերով կարող ենք հիմնավորել մեր ծախսերը, սա նույնպես շատ կարեւոր էր։

Եվ երկրորդը՝ նոր քիչ առաջ պրն Հարությունյանը ներկայացրեց, մեզ համար շատ կարեւոր նշանակություն էր ձեռք բերում այն հանգամանքը՝ խոսում եմ դրոշմապիտակավորման մասին, երկու առումով, առաջինը՝ որ կան ապրանքատեսակներ, որոնք ենթակա են դրոշմապիտակավորման, բայց նրանց պահպանման ջերմային ռեժիմից կախված, նրանք կարող են առանց փաթեթավորումը փոխելու, կարող են իրենց քաշը եւ նույնիսկ ծավալը կարող են փոփոխել։ Հետեւաբար՝ հարց էր առաջանում՝ ինչպե՞ս այս հարցը կարգավորենք։

Կառավարության հետ մենք եկանք այն եզրակացության, եւ նոր հիմնական զեկուցողը փաստեց, որ այդ մասին նրանք կանդրադառնան, կարձանագրեն նաեւ կառավարության որոշման մեջ, որ տեխնիկական, այսինքն՝ տեխնոլոգիայով պահպանվող պայմանավորված բնական կորուստները կսահմանի ինքը՝ արտադրողը, եւ այդ նորմատիվը մենք կընդունենք հիմք մեր հաշվարկների ընթացքում։ Մենք այսպես ենք պայմանավորվել եւ կառավարությունն իր որոշման մեջ դա կարձանագրի։

Եվ երկրորդ, որ նույնպես շատ էական ենք համարում՝ պահպանելով, պաշտպանելով կառավարության  քաղաքականությունը դրոշմապիտակավորման ուղղությամբ, այդուհանդերձ մենք գտնում ենք, որ պետք է դա հստակություն պահանջեր այս փուլում, եւ պայմանավորվեցինք, որ բոլոր այն ապրանքատեսակները, որոնք 17 թվականի դեկտեմբերի 31-ի կամ մինչեւ 18 թվականի հունվարի 1-ն օրենքի պահանջով չեն դրոշմապիտակավորվել եւ դրոշմապիտակավորվելու են 18 թվականի հունվարի 1-ից հետո, ապա էս պահանջը պարտադիր դրոշմավորման պահանջ է՝ տարածվում է արտադրողների եւ ներմուծողների վրա։ Բայց այն կառույցները, որոնք զբաղված են դրանց իրացմամբ, ենթադրենք՝ խանութներ, առեւտրային կազմակերպություններ, եթե նրանք ունեն 17 թվականի դեկտեմբերի 31-ի կամ հունվարի 1-ի դրությամբ մնացորդներ, ապա նրանց մենք հնարավորություն տանք, որ իրենք իրենց մնացորդներն իրացնեն, եւ որից հետո սկսի գործել նրանց մոտ էլ այդ դրոշմապիտակավորման պահանջը։

Եվ այստեղից եկավ այն առաջարկը, որ այդ կազմակերպություններին տանք հնարավորություն մինչեւ 18 թվականի մարտի 31-ը՝ իրենց կուտակումները սպառեն, եւ որից հետո արդեն դրոշմապիտակավորման համակարգը նաեւ նրանց վրա լիարժեք կտարածվի։ Թերեւս այսքանը, ես կուզենայի ներկայացնել մեր հիմնական այն փոփոխությունները, որ մենք կատարեցինք։ Ես պետք է ասեմ, որ մի կարեւոր պայմանավորվածություն էլ ենք ձեռք բերել, ուզում եմ իմ գործընկերներին տեղյակ պահել։

Մենք պայմանավորվել ենք, որ Հարկային օրենսգրքի վերաբերյալ, եթե մեր գործընկերներն ունեն առանցքային, սկզբունքային հարցադրումներ, ապա այդ բոլոր հարցերն առանձնացնում ենք, կազմում ենք հարցերի մի ցանկ, եւ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ բազմակողմ քննարկումների արդյունքում, ձեռք ենք բերում մոտեցումներ եւ դրանք արձանագրում ենք որպես Հարկային օրենսգրքի փոփոխություններ առաջիկայում։ Այս պայմանավորվածությունների շրջանակներում, պետք է ասեմ, որ մեր հանձնաժողովը դրական եզրակացությամբ առաջարկում է փաստաթուղթն ընդունել 2-րդ ընթերցմամբ։

Մեկ անգամ եւս ուզում եմ ընդգծել, կներեք, պրն նախագահ, մեկ անգամ եւս ուզում եմ ընդգծել, որ այս փաստաթուղթն ԱԺ բոլոր ֆրակցիաների եւ կառավարության հետ մանրամասն, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների եւ բուն բիզնես միջավայրի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկումների արգասիք դարձավ, եւ բավականին 1-ից 2-րդ ընթերցման արդյունքում, հատկապես ՀՀԿ ֆրակցիայի առաջարկությունների հիման վրա, էապես բարեփոխվեց եւ հստակեցվեց։ Առաջարկում ենք այն հարմար պահի դնել եւ պաշտպանել այն ամբողջությամբ ընդունելու մեր առաջարկը։ Շնորհակալ եմ։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Հարությունյան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը, քանի որ հարցեր չկան ձեզ։ Մտքերի փոխանակության համար խնդրում եմ հերթագրվել։ Հերթագրում։

Վահե Էնֆիաջյան, խնդրեմ։

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, րոպեներ առաջ այն, ինչ որ տեղի ունեցավ խորհրդարանում, մեր համար, ըստ էության, անընդունելի է։ Խորհրդարանական կառավարման հանրապետությունում նման ձեւակերպումներով նման գործելաոճը մեր համար անընդունելի է։ Եվ ուզում եմ պաշտոնապես հրապարակել պրն Նապոլեոն Ազիզյանի դիմումը, որը որ ներկայացրել է արդեն իսկ ԱԺ նախագահին։

Հայտնում եմ ձեզ, որ 2017 թվականի դեկտեմբերի 20-ին «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությանը նա չի մասնակցել, ինչպես եւ «Ծառուկյան» խմբակցության բոլոր անդամների կողմից այս քվեարկությանը չմասնակցելու որոշում է եղել։ Մենք չենք մասնակցել, եւ ստեղծված իրավիճակը տեսնելով, գնահատելով, առհասարակ դուրս ենք եկել դահլիճից։ Սա մեր պաշտոնական մոտեցումն է, ինչի հետ կապված վերահաստատում եւ հայտարարում եմ։

Միեւնույն ժամանակ ուզում եմ տեղեկացնել, քանի որ շահարկվել է նաեւ այս մոտեցումն ու հարցը, որ Նապոլեոն Սուրենի Ազիզյանն իր տեղից եւ՛ բացականչել է, որ ինքը չի մասնակցել եւ դրանից հետո մոտեցել է ԱԺ քարտուղարությանը եւ ներկայացրել է իր մոտեցումների հետ կապված, որ նա տվյալ օրենքի նախագծի հետ կապված չի մասնակցել, եւ այն կոճակը, որը որ սեղմվել է, եղել է ընդամենը տեխնիկական իրավիճակ։ Շնորհակալություն ուշադրության համար։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Պրն Էնֆիաջյան, ես պարզ եւ բացահայտ՝ բոլորի ներկայությամբ հայտարարեցի, որ պրն Նապոլեոն Ազիզյանը  չի արտահայտել այդ պահին իր կարծիքը, որ նա չի քվեարկել կամ դեմ է, այն, ինչ որ իրականացրել է Ռուստամ Մախմուդյանը՝ հայտարարելով, որ իր քվեարկության կոճակը չի աշխատել եւ նա կողմ է։

Միեւնույն ժամանակ ես ներկայացնում եմ «Կանոնակարգ» օրենքի հոդված 67-րդ կետը, որտեղ ասվում է՝ «Քվեարկության ավարտից հետո, նիստը նախագահողն էլեկտրոնային համակարգով իրականացված քվեարկության արդյունքների, ինչպես նաեւ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով, ներկայացված գրությունների հիման վրա հայտարարում է որոշման ընդունման կամ չընդունման մասին, որից հետո պատգամավորների քվեարկությունը կողմ, դեմ, ձեռնպահ կամ չքվեարկելը չի կարող վիճարկվել կամ փոփոխել»։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք պետք է շարժվենք «Կանոնակարգ» օրենքի համաձայն, պետք է աշխատենք օրենքով եւ այն, ինչ որ իրականացրել եմ, իրականացրել եմ օրենքի համաձայն։

Շարունակում ենք, մտքերի փոխանակությունն ավարտվեց, եզրափակիչ ելույթի համար... հարցի քննարկումն ավարտվեց։ Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության  կողմից ներկայացված «ՀՀ դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող՝ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան։

Խնդրեմ, պրն Հարությունյան։

Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Հարգելի խորհրդարան, ձեզ եմ ներկայացնում Դատական օրենսգիրքը, օրենսգիրք, որը բխում է Սահմանադրությունից, որը նախատեսված է Սահմանադրությամբ եւ պետք է անդրադարձ կատարի այն հարցերին, որոնք նորովի են կարգավորված մեր Սահմանադրության մեջ։

Պետք է նշեմ, որ քիչ առաջ այն բուռն քննարկումը, որ տեղի ունեցավ դահլիճում, ի զարմանս ինձ, մասամբ վերաբերում էր այն կարգավորումներին, որոնք չկային այն օրենքում, որը դրվում էր քվեարկության, այլ վերաբերվում են հենց այս օրենսգրքին, որը ես հիմա ձեզ ներկայացնում եմ։ Ցավում եմ, որ նման վրիպումներ տեղի են ունենում այս դահլիճում եւ մարդիկ չեն գիտակցում, թե ո՞ր օրենքի նախագիծն է քննարկվում։ Ես խորապես համոզված եմ, որ այն օրենքի նախագիծը Սահմանադրական չէ, իսկ Սահմանադրական օրենսգիրքը հենց սա է, որ ձեզ հիմա ներկայացնելու եմ։

Հաշվի առնելով ժամանակի սղությունը, կուզենայի անդրադարձ կատարել առավել կարեւոր հարցադրումներին, որ լուծել ենք այս օրենսգրքով, եւ եթե որեւէ մեկը հարց ուղղեր ինձ, թե ո՞ր 3 հիմնական կոնցեպտուալ հարցերն են ուղղված այս օրենսգրքով, ես կնշեի առաջին հերթին հետեւյալը։ Առաջին հերթին դա դատավորի արտաքին եւ ներքին անկախությունն է։ Ի՞նչ է նշանակում դատավորի անկախություն, անկախություն դատական իշխանությունից դուրս գտնվող որեւէ այլ մարմնից, եւ այդ իսկ պատճառով այս օրենսգրքում սահմանված են մի քանի հետաքրքիր դրույթներ, որոնց կուզենայի կարճ անդրադառնալ։

Առաջինը դա այն է, որ դատավորի վարքագծի կանոն է սահմանված, որ իր գործունեության միջամտության ցանկացած փորձի մասին նա պարտավոր է հայտնել բարձրագույն դատական խորհրդին, իսկ բարձրագույն դատական խորհուրդն անմիջապես պետք է համապատասխան մարմնին միջնորդությամբ դիմի, որպեսզի այն անձը, որը փորձել է դատավորի վրա ճնշում գործադրել, նրան ենթարկեն պատասխանատվության։ Եթե անպատասխան մնաց բարձրագույն դատական խորհրդի միջնորդությունը, ապա բարձրագույն դատական խորհուրդն ինքը դրա մասին պետք է հանդես գա հայտարարությամբ, որպեսզի ողջ հանրությունն իմանա, թե ինչ է տեղի ունենում։

Երկրորդ կարեւոր դրույթը, որը կարգավորում է արտաքին անկախությունը, դա պաշտպանությունն է դատավորի տարբեր քննչական գործողություններից։ Բանն այն է, որ դատավորը միշտ չէ, որ հենց դատավորն է, որ իր լիազորությունների հետ կապված պետք է ենթարկվի պատասխանատվության, այլ շատ հաճախ առնչվող գործերով հանկարծ դատավորը հայտնվում է վկայի կարգավիճակում եւ այլն, ինչը մեր մոտեցումներով պետք է էապես սահմանափակվի այն առումով, որ բարձրագույն դատական խորհուրդը, այսինքն՝ Սահմանադրական մարմինը, որը երաշխավորն է դատական իշխանության եւ դատարանների անկախության, տա իր համաձայնությունը։ Կան մի շարք հարցեր արտաքին անկախության, որոնց մանրամասն հիմա չեմ անդրադառնա, որոնք վերաբերվում են սոցիալական երաշխիքներին, որոնք հանդիսանում են համընդհանուր ճանաչված պահանջներ։

Սակայն այս օրենսգիրքը չի սահմանափակվել զուտ արտաքին անկախությամբ, այլ նաեւ քննարկման առարկա ենք դարձրել ներքին անկախությունը, որը թերեւս ամենակարեւոր տարրն էր։ Այն մարմինը, որն այսօր գործում է դատական իշխանության համակարգում՝ դատարանների նախագահների խորհուրդը, իսպառ վերացվում է։ Դատական խորհուրդն է, որը ձեւավորվում է մասամբ դատավորների կողմից, իսկ մասամբ ԱԺ-ի կողմից, սա է լինելու այն հիմնական մարմինը, որը ստանձնում է իր վրա բոլոր կարեւորագույն ֆունկցիաները՝ ապահովելու դատական իշխանության անկախությունը։

Պատահական չէ, որ Սահմանադրությունը նախատեսել է դատարանների նախագահների ընտրովիություն եւ որոշակի ժամկետ։ Վճռաբեկ դատարանում այն 6 տարի է, առաջին ատյանում վերաքննիչ դատարաններում այն 3 տարի է։ Ավելին՝ դատարանի նախագահն ընտրվելուց հետո այդ ժամկետով չի կարող կրկին վերընտրվել նույն պաշտոնում։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներքին անկախության տարրերից մեկն էր դատավորի անկախությունը դատարանի նախագահից, էապես փոխվել են այս օրենսգրքով դատարանի նախագահի լիազորությունները։ Նրանք սահմանափակվել են զուտ դատարանի բնականոն գործունեությունն իրականացնելու հարցերով, ինչպես նաեւ՝ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում ներկայացնելու հարցերով։ Ավելին, եթե Վճռաբեկ դատարանի նախագահը նախկինում դիտվում էր որպես դատական իշխանության ներկայացուցիչը՝ դատարանների ներկայացուցիչը, տվյալ պարագայում նա ընդամենը ներկայացնելու է Վճռաբեկ դատարանը՝ այլ մարմինների հետ հարաբերություններում։

Դատավորների ներքին անկախության հետ կապված մի շարք այլ կարեւոր խնդիրներ էլ են լուծված, մասնավորապես՝ գործուղումներ եւ այլ գործիքներ, որոնք իրականում դատավորի վրա ազդելու միջոց են։ Սակայն խոսել անկախության մասին եւ չխոսել դատական պրոցեսի արդյունավետության մասին, կարծում եմ՝ կլիներ անթույլատրելի։ Եվ դա է պատճառը, որ Դատական օրենսգիրքը պարունակում է մի շարք նորովի կարգավորումներ, որոնք ուղղված են դատական պրոցեսի արդյունավետության բարձրացմանը։

Նախ՝ առաջին անգամ մենք ամրագրում են, թե ի՞նչ է նշանակում գործի քննությունը եւ լուծումը ողջամիտ ժամկետում՝ մանրամասն տալով այն չափանիշները՝ ինչպես դա պետք է գնահատվի։ Բայց, թերեւս ամենակարեւոր տարրն այն է, որ մենք նախատեսում ենք մեր դատական համակարգում հնարավորություն՝ դիմելու դատարան, որպեսզի դատարանը ճանաչի արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը։ Այսինքն՝ ողջամիտ ժամկետում գործը քննելու եւ լուծելու փաստը։

Երկրորդը՝ հաշվի առնելով արդյունավետությունը, մենք փորձել ենք անդրադարձ կատարել նաեւ մի շարք այլ հարցերի, որոնք առաջին հայացքից, միգուցե թվան մանր, բայց իրականում կարեւոր ազդեցություն ունեն արդարադատության որակի հետ կապված։ Որպես օրինակ բերեմ քրեական գործերով մինչ դատական վարույթը, այսօր այն դիտարկվում է շատ հաճախ քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների կողմից։ Մենք ամրագրել ենք արգելք, նման գործերը՝ քրեական գործերով մինչ դատական վարույթի գործերը, եթե դրանք ենթակա են դատական վերահսկողության, պետք է վերահսկվեն միմիայն քրեական մասնագիտացում ունեցող դատավորների կողմից։ Մենք թույլ ենք տվել նաեւ բարձրագույն դատական խորհրդին սահմանելու մասնագիտացումների որոշակի տեսակներ, որոնց անդրադարձ կարող է կատարել հատուկ մասնագիտացում ունեցող դատավորները։ Նմանատիպ գործերն են օրինակ՝ անչափահասների գործերը, պարտադիր չէ, որ անչափահասների գործերը մակագրվեն բոլոր դատավորներին, որովհետեւ նրանք ունեն առանձնահատկություն եւ բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել որպես ենթամասնագիտացում՝ հնարավորություն ընձեռելով նմանատիպ գործերը բաշխել միմիայն այն դատավորների միջեւ, որոնք ունեն համապատասխան ենթամասնագիտացումը։

Մեկ այլ հարց է դատավորների քանակը։ Ինչպես գիտեք՝ Հայաստանի Հանրապետությունը բնակչության մեկ շնչին ընկնող դատավորների քանակով իրականում Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մեջ զբաղեցնում է վերջին տեղը, ամենափոքր, քիչ քանակի դատավորները հենց մեզանում են։ Սա չի նշանակում, որ մենք պետք է անմիջապես փորձենք ավելացնել դատավորների թիվը, սա նշանակում է, որ մենք պետք է գտնենք ներքին ռեսուրսներ՝ բարձրացնելու արդյունավետությունը, բայց, իհարկե, որոշ դեպքերում  բնականոն զարգացումների հետեւանքով պետք է նաեւ անդրադարձ կատարենք դատավորների թվի ավելացմանը։

Առաջարկվում է օրենքով սահմանել դատավորների նվազագույն թիվը յուրաքանչյուր դատարանում, միմիայն Վճռաբեկ դատարանում հստակ սահմանել, թե քանի՞ անդամ պետք է լինի այս կամ այն պալատում եւ հնարավորություն ընձեռել բարձրագույն դատական խորհրդին՝ չխախտելով օրենսդրական պահանջը, եթե անհրաժեշտ է, կառավարության հետ քննարկումների արդյունքում, բյուջետային հատկացումների պարագայում ԱԺ-ի կողմից, նաեւ կատարել դատավորների թվի ավելացում։

Մեկ այլ կարեւոր քայլ, որպեսզի բարձրացնենք պրոցեսի արդյունավետությունը, դա վերանայենք այն զեղչերը, որոնք տրվում էին դատարանների նախագահներին։ Ուզում եմ հիշեցնել, որ դատարանների նախագահները նախկին համակարգով, երբ բաշխվում էին գործերը դատավորների միջեւ, ունեին որոշակի, բավականին էական տոկոս զեղչի եւ քննում էին անհամեմատ ավելի քիչ գործեր, քան այլ դատավորները։ Այդ զեղչի տոկոսներն էապես փոխվել են, եւ դատարանի նախագահի տարբերությունը ծանրաբեռնվածության մեկ այլ դատավորից կազմելու է ոչ ավելի, քան 10 տոկոս։

Վերջին հարցը, որի մասին կուզենայի այս կարճ ելույթում անդրադարձ կատարել, դա դատավորների որակն է։ Մենք փորձել ենք քննարկման առարկա դարձնել դատավորների բարձր որակի  բարձրացման հարցն առաջին իսկ փուլից սկսած, երբ մենք ընտրում ենք դատավորների թեկնածուներին։ Մանրամասն անդրադարձ ենք կատարել, թե ի՞նչ փուլեր պետք է անցնի եւ ինչպիսի՞ պահանջներ ենք մենք ներկայացնում դատավորի թեկնածուի նկատմամբ։ Բացի դրանից, մենք ավելի հստակ ենք կարգավորել, քան երբեւէ, երկու կարեւոր տիրույթ։

Մեկը՝ դա վարքագծի կանոններն են, կանոններ, որոնք հստակ եւ սպառիչ պետք է սահմանված լինեն օրենքով, որոնց խախտման դեպքում դատավորը ենթակա է կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչեւ լիազորությունների դադարեցումը։

Եվ էթիկայի կանոնները, կանոններ, որոնք ընդունում է հենց դատական համակարգը, դատավորների ընդհանուր ժողովը, կանոններ, որոնք նրանք ստանձնում են կամովի եւ որոնք պարունակում են իրենց մեջ անձնական եւ վարքագծային սահմանափակումներ։ Պետք է նշեմ, որ սա է վերջին եւ ժամանակակից մոտեցումը, որը տարածում է գտել ժամանակակից ժողովրդավարական երկրներում։

Մանրամասն կարգավորել ենք կարգապահական վարույթի հիմքերը եւ փորձել ենք պատասխան տալ այն հարցին, թե ի՞նչ պրոցեսուալ նորմերով պետք է ղեկավարվի բարձրագույն դատական խորհուրդը, երբ քննարկվելու են նման կարեւոր հարցեր՝ ինչպես կարգապահական վարույթը եւ դատավորի լիազորությունների դադարեցումը։ Այսքանը, շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Հարությունյան։ Հարգելի գործընկերներ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հարցերով դիմելու համար խնդրում եմ հերթագրվել։

Տիգրան Ուրիխանյան, խնդրեմ։

Տ.ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի պրն Հարությունյան, երեկ մի այլ օրենքի քննարկման ժամանակ, թեմատիկ էլի, տվեցի այդ հարցը փոխնախարարին, կուզեմ նաեւ եւ՛ տեղեկությունների մասով ձեր կարիքը, եւ՛ իրավիճակի վերաբերյալ, այսինքն՝ որքանո՞վ է առկա այն, ինչ կասեմ, որովհետեւ ինձ հասած տեղեկություններով դա արդեն համատարած բնույթ է, եւ ի՞նչ անենք այդ հարցը լուծելու համար։

Ուրեմն, հատկապես ֆինանսական, նյութական վեճերի դեպքում, երբ հայցվորները, դա վերաբերում է նաեւ, եթե կարելի է այս բառակապակցությունն օգտագործել՝ լայն սպառման հայցերի դեպքում, հա՞, այսինքն՝ լայնորեն տարածված խնդիրների դեպքում, երբ քաղաքացիները դիմում են դատարան ինչ-որ գումարային պահանջով, ակնհայտ, ակնառու, բավարար հմքերի հետ մեկտեղ, երբ դատավորը, ըստ կարգի, պիտի որ, ըստ տրամաբանության, կրկնում եմ՝ լիարժեք առկա հիմքերի, անհրաժեշտության դեպքում կարող եմ օրինակներ տրամադրել, պիտի որ  արձակի վճարման կարգադրություն։ Բայց ինձ հասած տեղեկություններով դա արդեն կրում է համատարած բնույթ, որովհետեւ ունեն, ինչպես ասում են՝ ուղեցույց ոչ ֆորմալ, ոչ պաշտոնական ուղեցույց՝ հետ վերադարձնելու, այսինքն՝ մերժելու, որպեսզի քաղաքացիները նորից դիմեն՝ վճարելով պետական տուրքը, որպեսզի վարույթ ընդունեն գործը եւ համապատասխանաբար՝ կես տարի, 1 տարի հետո նիստ նշանակեն, ու էս մեր պրակտիկայում առկա ընթացակարգով դա տեղի ունենա՝ ծանրաբեռնվեն դատարանները, չբավարարվեն քաղաքացիների իրական պահանջները եւ այլն։

Այ, ի՞նչ գիտեք սրա մասին, խնդրում եմ ասեք։

Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Պրն Ուրիխանյան, նախ՝ եթե դուք տրամադրեք ինձ որեւէ տեղեկություն ավելի մանրամասն, բնականաբար, ես կխորանամ հարցի մեջ, ասեմ ձեզ ինչու՞, որովհետեւ վճարման կարգադրության արձակման ինստիտուտը կոչված էր իրականում բեռնաթափելու դատական համակարգը։ Եվ թեեւ դատական համակարգը գտնվելով գերծանրաբեռնված վիճակում, ինքը չի ձգտում իրեն բեռ փաթաթել, ուրեմն էստեղ կա, հավանաբար, ինչ-որ խոչընդոտ։ Խոչընդոտն օրենսդրական է, խոչընդոտը վատ ձեւավորված պրակտիկան է, թե նախադեպն է։

Յուրաքանչյուր հարց ունենալու է իր ուրույն լուծումը, որը մենք միասին կարող ենք միանշանակ գտնել, եւ վստահ եմ, որ այդ հարցի լուծումը չի պահանջում շատ ջանքեր։ Բավական է ինձ տեսնել պատկերը, եւ եթե դուք այդ տեղեկություններն ունեք, խնդրում եմ տրամադրեք ինձ, վստահեցնում եմ ձեզ՝ լուծման համար կպահանջվի ոչ ավելի, քան 1 օր, անգամ, եթե անհրաժեշտություն առաջանա օրենք փոփոխել։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Արձագանքի համար՝ պրն Ուրիխանյան։

Տ.ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Ես ձեզ կփոխանցեմ մասնավորապես՝ մի կազմակերպության կողմից նույնիսկ տված կոնկրետ դատական գործի հետ կապված տեղեկատվություն, եւ մնացած բոլոր դեպքերում, որոնց հետ առնչություն եմ ունեցել եւս, շնորհակալ կլինեմ բոլոր այն մարդկանց անունից, ում խնդիրները կլուծենք։

Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Շատ լավ։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Հարությունյան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարցերն ավարտվեցին։ Հարակից զեկուցող՝ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Կոստանյան։

Խնդրեմ, պրն Կոստանյան։

Գ.ԿՈՍՏԱՆՅԱՆ

-Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, մենք բոլորս ունենք մեր դիրքորոշումը, մեր անձնական կարծիքը դատական իշխանության գործունեության արդյունավետության կամ դրանց լուծմանն ուղղված միջոցառումների հետ կապված։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այս Դատական օրենսգիրքը, որը ձեր քննարկմանը ներկայացվում է, ինքն ունակ է եւ ամբողջական լուծում տալով թե՛ մեզ ու մեր հասարակությանը վերաբերվող դատական իշխանության նկատմամբ վերաբերմունքը շտկելու առումով եւ թե՛ արդարադատության որակը երկրում բարձրացնելու տեսակետից։

Հիմնական զեկուցող պրն Հարությունյանը, կստ էության ներկայացրեց Դատական օրենսգրքի կարգավորումները, դրանք հիմնականում հետեւյալ պարունակումն ունեն։ Առաջին՝ դատարանների կազմավորման, երկրորդ, որը մեզ համար չափազանց կարեւոր է՝ դատավորների վերապատրաստման, կրթական եւ պրոֆեսիոնալիզմի բարձրացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ, թե՛ դատավորների թեկնածուների ներկայացվող պահանջների եւ թեկնածուների ընտրության կարգի եւ թե՛ դատավոր նշանակվելու կարգի եւ պայմանների հետ կապված։

Ես հատկապես կուզենայի ուշադրությունը դարձնեի դատավորների պատասխանատվության խնդրին, որը հատկապես, իմ կարծիքով, անհրաժեշտ է կարգավորել, անհրաժեշտ է հստակեցնել։ Ինչու՞, որովհետեւ մենք պետք է հասնենք այն արդյունքին, որ դատարանը պատասխանատու իրեն զգա արդարադատության, իր կողմից իրականացված արդարադատության, այդ թվում՝ որակի համար։ Եվ դրա համար այս նախագծով նաեւ շատ մանրամասն, դետալացված կարգավորվում է դատավորներին պատասխանատվության ենթարկելու հիմքերը եւ գործընթացները։

Հատկապես կարեւորում եմ այստեղ, անկեղծ ասած, Եվրոպական դատարանի կայացրած որոշումների կոնտեքստում մեր դատական սխալների շտկման գործընթացը։ Մեր հասարակության մեջ շատ է բարձրացվում այն հարցը, թե ինչու՞ Եվրոպական դատարանի որոշումների արդյունքում, որով հաստատվում է խախտման փաստը, դատավորները չեն ենթարկվում պատասխանատվության։ Բազմիցս այս մասին խոսել ենք, որ բարեբախտաբար, թե ցավոք սրտի, դատավորների ֆինանսական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը, այդ թվում՝ համաշխարհային պրակտիկայում բացակայում է։ Ինչու՞, որովհետեւ դատավորները պետք է ունենան ֆինանսական անկախության երաշխիքներ՝ ինդեմնիտետ, բայց դա չի նշանակում, որ դատավորները պատասխանատու չեն իրենց կողմից կայացրած դատական ակտի համար եւ դրանով պայմանավորված, մենք հանձնաժողովում նաեւ քննարկել ենք եւ պայմանավորվածություն ենք ձեռք բերել քննարկումները շարունակել 1-ից 2-րդ ընթերցման ընթացքում նաեւ, որպեսզի դատավորները, ում վերաբերյալ գործով Եվրոպական դատարանը կկայացնի խախտման փաստը ճանաչող ակտ, դա առնվազն հիմք հանդիսանա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար։

Խնդրում եմ ձեր ուշադրությունը, որ դա՝ Եվրոպական դատարանի վճիռը, ինքնին հիմք չէ դատավորին պատասխանատվության ենթարկելու համար, բայց գործընթաց սկսելու համար դա կարող է հիմք հանդիսանալ։ Ինչու՞, որովհետեւ մենք շատ ժամանակ ունենում ենք իրավիճակ, փաստորեն, երբ որ դատարանը շատ կոպիտ, ընդունենք, խախտում է թույլ տալիս, եւ դա եւ՛ վերաքննության, եւ՛ վճռաբեկության կարգով գնում է, եւ հետո 1 կամ 2 տարի հետո Եվրոպական դատարանը ճանաչում է խախտման փաստ։ Ընդ որում՝ ճանաչում է խախտման փաստը, որն իր բնույթով, ընդունենք՝ կարող է զիջել մի դատավորի, որի գործը չի հասել Եվրոպական դատարան, բայց ինքը տվյալ խախտման համար պատասխանատվության ա ենթերկվել ներպետական ատյանների սահմաններում։ Հետեւաբար՝ սա չափազանց կարեւորում եմ, որպեսզի մենք կարողանանք նաեւ երաշխավորել այդ ինստիտուտը։

Հատկապես ուզում եմ ընդգծել այն հանգամանքը, որ դատավորների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու հիմքերն են հստակեցվում եւ ավելին՝ տրվում է սահմանում, թե՛ ինչ է առերեւույթ կամ կոպիտ խախտումը, եւ թե՛ դատավորներին պաշտոնանկ անելու համար ի՞նչ է նշանակում էական խախտումը։

Այսինքն, որպեսզի մի քիչ ամփոփ ասեմ, հարգելի գործընկերներ, այս նախագիծը, մեր խորին համոզմամբ՝ անհրաժեշտ է ընդունել, որպեսզի մենք կարողանանք օրենսդրական բազան դարձնենք այն աստիճան, այն բարձրության եւ այն մակարդակի, որպեսզի նույն մակարդակի եւ նույն որակի արդարադատություն պահանջենք մեր դատավորներից։ Ըստ էության, այսքանը, պատրաստ եմ ձեր հարցերին պատասխանել, որովհետեւ շատ դետալացված պրն Հարությունյանը ներկայացրեց։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Կոստանյան։ Պն Կոստանյանին հարցերով դիմելու համար խնդրում եմ հերթագրվել։

Տիգրան Ուրիխանյան, խնդրեմ։

Տ.ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

-Շնորհակալ եմ, էլի շարունակում եմ երեկվանից սկսած մտքի թելը։ Հարգելի պրն Կոստանյան, ի՞նչ անել այն դատավորի հետ, որը թե՛ միտումնավոր, թե՛ անփութության հետեւանքով, ասենք օրինակ՝ տարրականորեն չի բարեհաճում ճշտել իրեն ներկայացված հայցն ընդդատության մասով, ենթարկում է պատասխանատվության համապատասխան կարգերով պատասխան կողմին, վարույթ է ընդունում, սկսում է իրականացնել ողջ գործընթացը, որը ծանրաբեռնում է անհարիր ու անտեղի դատական համակարգն իր մասով, աշխատակազմի, պետությանը ծախսեր է բերում լրացուցիչ եւ անհիմն եւ այլն, հետո տեղեկանում, որ սխալ է թույլ տվել։ 3 ամիս շարունակ, կարծում եմ՝ խախտելով սահմանված ժամկետը, չվերանայելով իրավիճակը եւ գործը, կրկնակի մեկնարկ է տալիս էդ ողջ պրոցեսին, այսինքն՝ ուղարկելով համապատասխան այլ ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ընդդատության կարգով նորից սկսում են էդ գործը նայել, վարույթ ընդունել եւ այլն, նիստեր նշանակել եւ շարունակել։

Ի՞նչ անել այդպիսի դատավորի հետ, ի՞նչ սանկցիա կարելի է նրա նկատմամբ կիրառել, ի՞նչ փոփոխություններ մենք ունենք, այդուհանդերձ, որպեսզի տվյալ դատավորի ազատությունը կամ ասենք՝ կաշկանդումը, էսպես ասած, էքստրաօրդինար չդարձնենք, բայց նաեւ պատուհաս էլ չլինի մեր քաղաքացիների համար նման երեւույթը։ Դա մի տարրական, ընդ որում՝ օրինակ էր, քաղգործով, կան շատ ավելի լուրջ ու բազմաթիվ եւ մարդկանց ճակատագրերի վրա ազդող անփութության հետեւանքներ։ Շնորհակալ եմ։

Գ.ԿՈՍՏԱՆՅԱՆ

-Ձեր հարցը երկու կոնտեքստ է պարունակում, ես դրան երկու տեսակետից կպատասխանեմ՝ եւ՛ դատավարական, այսինքն՝ նման դեպքում դատավարական գործողությունները որոնք են, եւ՛ ընդհանուր առմամբ։

Դատավարական տեսակետից՝ դուք հիմա ինչքան որ նկարագրեցիք, իմ խորին համոզմամբ՝ ամենալավ լուծումը, զուտ դատավարական տեսակետից, դա դատավորի ինքնաբացարկն է, դատավորին բացարկ հայտնելն է, համապատասխանաբար՝ արդեն դատարանի նախագահի եւ այլ, եւ այլ պրոցեսներով։ Այսինքն՝ դատավարական առումով լուծումը, պրն Ուրիխանյան, դա է։

Իսկ ինչ վերաբերում է՝ նման դատավորների հետ ի՞նչ անենք, այ, մեր խնդիրը հենց դա է, որ մենք կաշառակեր, ոչ պատշաճ գիտելիքներ եւ փորձ ունեցող, ոչ պրոֆեսիոնալ դատավորներ կամ թույլ չտանք, որ իրենք դատավոր դառնան կամ, եթե դատավոր են դարձել, մենք ունենանք պատշաճ մեխանիզմներ այդ դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Այսինքն, այս ամբողջ օրենքի ուղղվածությունը հենց դա է, որովհետեւ մենք ինքներս գիտակցում ենք մեր հասարակությունում առկա արդարադատության նկատմամբ պատշաճ ընկալման բացակայության պատճառը։

Եվ այս նախագծով հիմա ձեր ասած բոլոր հարցերի պատասխանները փորձում ենք տալ հենց կոնցեպտուալ առումով, պրն Ուրիխանյան։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Արձագանքման համար՝ պրն Ուրիխանյան։

Տ.ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

-Շնորհակալ եմ։ Մեկ այլ օրինակ՝ նշանակված է դատական նիստ, դատական նիստի մասին տեղեկացվում են կողմերը՝ համապատասխանաբար եւ գալիս են, ներկայանում են, հասնում են դատարան։ Ընդ որում, ինչպես դուք երեկ նաեւ դիտարկում էիք, կարող են հասնել ոչ միայն Երեւան քաղաքի մեկ այլ վարչական շրջանից, այլ Հայաստանի հեռավոր, ասենք մարզային բնակավայրից, օրինակ 400 կմ կտրելով, որովհետեւ կարող են առնչություն ունենալ տվյալ դատարանի հետ։ Գալիս են, հասնում են, պարզվում է, որ դատավորը, իբր հիվանդ լինելով, որովհետեւ հետո հետոզոտել ենք, ուսումնասիրել ենք։ Ինչու՞ եմ ասում իբր, որովհետեւ արձակուրդ է ձեւակերպել առողջական պատճառով, այսինքն՝ հիվանդության պատճառով, հետո պարզվել է, որ Կոստա Բրավայի առողջարանային կուրորտում, իբր բուժվում է կամ հանգստանում է։

Ես հիմա այս հարցերով, գիտեմ՝ պատասխանն ակնկալում եմ նաեւ ձեր, ուղղակի կառուցում եմ հաջորդիվ ելույթս։ Շնորհակալ եմ։

Գ.ԿՈՍՏԱՆՅԱՆ

-Շնորհակալ եմ։ Ձեր այս նկարագրած մոտեցումն էլ ակնհայտ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է, եթե այդ հանգամանքները, որոնք դուք մատնանշում եք, իրականում փաստարկվում է։ Հետեւաբար՝ համապատասխան սուբյեկտը պետք է դիմեր էթիկայի հարցերով հանձնաժողովին կամ արդարադատության նախարարին, որպեսզի երկուսից որեւէ մեկը հիմքերի առկայության դեպքում կարգապահական վարույթ հարուցեր։ Այսինքն՝ ընթացակարգը դա է։

Պրն Ուրիխանյան, բայց ընդհանուր առմամբ, իհարկե, դա մեծ պրոբլեմ է։ Այսինքն, մենք նախորդ օրենքով, այն, որը որ մեծ աղմուկ բարձրացրեց, քննարկում էինք ողջամիտ ժամկետների դատաքննության պահպանման կանոնը։ Նման գործողությունները եւս հանգեցնում են ողջամիտ ժամկետի խախտմանը։ Եվ այս օրենքը եւս, պրն Հարությունյանը նշեց, այդ ողջամտության գնահատման, ժամկետների պահպանման եւ դրանց կատարման նկատմամբ հսկողության տեսակետից փորձում ենք լուծումը տալ հենց էս օրենքով։

Այսինքն՝ ձեր մտահոգությունները, ես վստահ եմ՝ օրենսդրորեն կփարատվեն այս օրենքով, գործնականում՝ հիմա դժվար է երաշխավորել։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Կոստանյան, հարցերն ավարտվեցին, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարգելի գործընկերներ, անցնում ենք մտքերի փոխանակությանը։ Հերթագրում։

Տիգրան Ուրիխանյան։

Տ.ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Քանի որ այս 2 րոպեանոց ռեժիմները թույլ չեն տալիս ամբողջական ծավալուն միտք արտահայտել, 2-3, մի քանի րոպեանոց ելույթները, դրա համար ես փորձում եմ 2 օրվա ընթացքում անընդհատ տանել, կարմիր թելի պես, մեկ հետեւյալ միտքը։ Եթե մենք ուզում ենք, որ ՀՀ-ն դառնա իրապես զարգացող եւ զարգացած երկիր բոլոր իմաստներով, մենք պիտի ունենանք հետեւյալը՝ անշեղուն ու անբեկանելիորեն յուրաքանչյուր քաղաքացի պիտի իմանա, որ թե՛ քաղաքացիաիրավական հարաբերությունների պարագայում, թե՛ առհասարակ օրենքով եւ կարգով սահմանված որեւէ գործառույթի հետ առնչություն ունենալիս, ընդհանրապես երկրում ապրելիս, որեւէ դեպքում նա իր իրավունքները՝ սկսած ամենամանր փոքր նյութականից մինչեւ վերջացրած ամենաբարձր բարոյականը կարող է պաշտպանել դատարանում։ Ընդ որում՝ կարող է պաշտպանել արագ, կարող է պաշտպանել եւ անաչառորեն։ Բոլոր դեպքերում էս համակարգը պիտի գործի, այն չի կարող գործել, երբ որ, ասենք որեւէ ծառայությունից՝ կոմունալ, կենցաղային, չգիտեմ որեւէ այլ, չեմ ասում լուրջ, խոշոր դրամական, նյութական վեճերի, քրեական գործերի, ասենք բարոյական, քաղաքացիական գործերի բարոյական կողմի մասին եւ այլն, որեւէ, նույնիսկ տարրական կենցաղային խնդրի պարագայում քաղաքացին պետք է իմանա, որ պետական, թե մասնավոր, թե իր հետ պայմանագիր կնքած անհատի կողմից իր նկատմամբ չիրականացված պարտավորությունները կամ ոչ պատշաճ իրականացված պարտավորությունները շատ արագ, շատ արդար եւ շատ որակյալ դատարանի կողմից պարտադրվելու են խախտող կողմին։

Ճիշտ այնպես, ինչպես զարգացած Եվրոպան, զարգացած Արեւմուտքը կամ մյուս պետությունները դարձան այդպիսինը, ՀՀ-ն պիտի բռնի այդ ճանապարհը, որպեսզի ասենք օրինակ՝ ձմռան ամիսներին, ենթադրենք՝ պարտավորություն ստանձնած ծառայությունները սառույցից չազատեն մայթերը, մարդիկ վնասվածքներ ստանան, կգնան, կդիմեն դատարան, դրա դիմաց կստանան հատուցում, դրա դիմաց, գոնե կապահովեն իրենց առողջական խնդիրների լուծման համար անհրաժեշտ հանգամանքներով։ Բերում եմ շատ տարրական, շատ կենցաղային օրինակ, խոսում եմ հանրամատչելի ձեւակերպումներով, որպեսզի ավելի պարզ դառնա ու նաեւ մեր հասարակությունն իմանա ինչ ենք քննարկում։

Ես խորապես հավատում եմ, որ դատարանի անկախությունը, դատարանի արագ գործելը, դատարանի արագ արձագանքելը եւ օբյեկտիվ արդյունք տալը երկիր կրկնակի թափով տանելու է դեպի զարգացում։ Բայց սրա համար պետք է, այո, իսկապես դեմն առնել ապաշնորհ դատավորների, ավելացնել նրանց թիվը, նրանց թվաքանակը, այո, ստեղծել նրանց համար այնպիսի հնարավորություններ, նյութական պայմաններ, որպեսզի նրանք թաթները չմտցնեն մարդկանց գրպանները, որպեսզի իրապես հանցագործի համար պատիժ հաշվելիս այն չթվարկեն դոլարային կամ այլ տարադրամային արժույթով, այլ թվարկեն օրենսգրքի սահմանված կանոններով՝ խստորեն ու անշեղուն։

Եվ դրա համար կան միջոցներ, վստահաբար կան, որովհետեւ սա այն առաջնային խնդիրն է, ինչպես երեկ ասում էի՝ վիրահատական միջամտություն պահանջող, այլ ոչ թե երկրորդական, որտեղ որ շատ դեպքերում մենք ուղղում ենք միջոցներ։ Կրկնում եմ՝ անհրաժեշտ է խիստ մոտեցում, խիստ վերաբերմունք, եւ մենք կարող ենք ավելացնել դատավորների թիվը՝ հասցնելով դրանք հնգապատիկի այսօրվա գոյություն ունեցողի համեմատ, բայց եթե չլինի որակ ու խիստ հսկողություն, այո, չլինի խիստ պատիժ, մի կողմից՝ անկաշկանդություն, մի կողմից՝ ազատություն դատավորների համար, մյուս կողմից՝ շատ խիստ պատասխանատվության մահակ, որը խախտման դեպքում առկախվելու է նրանց գլխավերեւում եւ պատասխանատվության ենթարկի։

Մենք չենք հասնի արդյունքի, եթե սա չլինի։ Շնորհակալ եմ ուշադրության համար։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Կոստանյան, խնդրեմ։

Գ.ԿՈՍՏԱՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ես քիչ առաջ, իհարկե, որպես հարակից զեկուցող ներկայացրեցի դիրքորոշումը, այսինքն՝ ներկայացրեցի օրենքի վերաբերյալ մեր հանձնաժողովի դիրքորոշումը, հիմա ես փորձեմ նաեւ իմ անձնական նկատառումներն այս օրենքի նախագծի ներկայացնեմ։

Էն, որ իրականում էս օրենքն անհրաժեշտություն ա՝ անհրաժեշտություն ա, դա անվիճելի է, դա փաստ է եւ ավելին՝ այս օրենքի ընդունումը, ըստ էության, կփարատի մեր բոլորի մտահոգությունները։ Միաժամանակ այս օրենքում ես առաջարկել եմ եւ հանձնաժողովում քննարկել ենք, 1-ից 2-րդ ընթերցման ընթացքում եւս քննարկման առարկա կդառնա՝ դատավորներին պատասխանատվության ենթարկելու հիմքերը եւ կարգը։ Սա չափազանց կարեւոր է, իմ խորին համոզմամբ՝ այս տարիների համեստ փորձը եւ՛ ներպետական իրավապահ համակարգում, եւ՛ Եվրոպական դատարանի հետ հարաբերակցության արդյունքում բերել է էն համոզման, որ մենք չափազանց կարեւոր ուշադրություն եւ շեշտադրում պետք է դարձնենք դատավորների պատասխանատվության վրա հատկապես, որովհետեւ, ըստ էության, դա է հանգեցնում արդարադատության որակի բարձրացմանը, որովհետեւ, եթե մենք ընտրում ենք ճիշտ կադրային քաղաքականության հիմք, եթե մենք դնում ենք դատավորներին ճիշտ վերապատրաստման հենք, եթե մենք շեշտադրումն անում ենք դատավորների պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը, իմ խորին համոզումն է՝ մեխանիկորեն դրանով կլուծվի եւ՛ կուռուպցիայի հարցը դատական համակարգում, որովհետեւ, իմ կարծիքով, պրոֆեսիոնալություն ունեցող եւ հասարակության մեջ հարգանք ունեցող գիտակից, մանավանդ, որը որ արդարադատություն է իրականացնում եւ որոշում է մարդկանց ճակատագրերն ամեն իր օրը, ինքը պետք է զերծ մնա կոռուպցիայից։ Այսինքն՝ իմ խորին համոզմամբ, պատասխանատու սուբյեկտ հանդիսացող դատավորն առնվազն պետք է ձեռնպահ մնա որեւէ կոռուպցիոն դրսեւորումներից։

Ինչ վերաբերում է ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարին՝ հատկապես դատական համակարգում, գիտե՞ք, դա էլ չափազանց կարեւոր խնդիր է, եւ թե՛ իրավապահ ամբողջ համակարգը եւ թե՛ օրենքներով կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունն է շատ առկա, միաժամանակ, այո, նաեւ շատ կարեւոր է պատասխանատվության ենթարկելու պրոցեսը։ Այսինքն՝ մենք չենք կարող ունենալ արդյունավետություն որեւէ պրոցեսում, եթե չունենք պատասխանատվության ենթարկելու պատշաճ, բավարար հիմքեր, ընթացակարգ եւ հետեւանք։

Եվ ընդամենը հպանցիկ նաեւ անրադառնամ սրան՝ սա միայն մեր երկրին բնորոշ չի, Եվրամիության մակարդակով անգամ, այ, վերջերս Եվրապառլամենտը որոշում կայացրեց եւ ստեղծեց Եվրամիության դատախազություն, որի մանդատի մեջ դեռեւս մտնում է բացառապես Եվրամիության ֆինանսական միջոցների բաշխման, դրանց նկատմամբ հսկողությունը, դրանց վերաբերյալ քննությունը եւ մեղադրանքի պաշտպանությունը։ Այնուամենայնիվ, այդ մանդատն անպայմանորեն ընդլայնվելու է՝ ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը Եվրամիության շրջանակներում եւ նաեւ արդարադատության ոլորտում ապահովելու համար։

Եվ ես ուզում եմ հատուկ մեր ուշադրությունը հրավիրենք 1-ից 2-րդ ընթերցման միջակայքում, հատկապես դատավորների պատասխանատվության վրա։ Դա պետք է լինի անխուսափելի, դա պետք է լինի կանխատեսելի եւ նաեւ քաղաքացու համար եւ ամենակարեւորը՝ դա պետք է լինի ադեկվատ, որովհետեւ, երբ որ դատավորը մեկ խախտում է թույլ տալիս եւ երկրորդ խախտման բնույթով եւ ծանրության աստիճանով պետք է պատասխանատվությունն էլ ադեկվատ լինի։ Ոչ թե նա շատ լուրջ խախտում թույլ տա, որի արդյունքում էլ մենք 100 հազար, 200 հազար բյուջեից փոխհատուցում անենք, հետո մի հատ նկատողություն ստանա եւ վերջ։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Հրայր Թովմասյան, խնդրեմ։

Հ.ԹՈՎՄԱՍՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, իրոք մենք կարեւորագույն մի օրենք ենք քննարկում, որի հիմքերը, որի ինչպիսիությունը դրված է Սահմանադրության մեջ եւ որը կոչված է այս ոլորտում առկա մի շարք խնդիրները լուծելու։ Ես կփորձեմ կանգ առնել մի կարեւորագույն խմբի վրա, որը կոչվում է դատարանների ներքին անկախություն եւ կխոսեմ հենց այս օրենքով տրված կարգավորումներին եւ դրական լուծումներին, որոնք միտված են լինելու հենց ապահովելու դատարանների ներքին անկախությունը։

Ներքին անկախությունը՝ ես նկատի ունեմ եւ՛ դատարանների նախագահներից, եւ՛ նկատի ունեմ ավելի վերադաս դատարանից, ինչպես նաեւ՝ ինքնակառավարման մարմիններից, երբ դրանք ղեկավարում են ավելի բարձր ատյանների նախագահները, եւ նույնիսկ չգրված լինելու պարագայում, այնուամենայնիվ, գործնականում մենք հանգում ենք, տեսնում ենք այնպիսի իրավիճակ, երբ որ նրանց գերակայությունը, նրանց դիրքորոշումները պարտադիր են դառնում, հա՞, այսպես ասած՝ չակերտավոր, նաեւ մյուս ատյանների համար։

Առաջինը՝ դա վերաբերվում է դատարանների նախագահներին։ Այսօր գործող օրենսդրության համաձայն, դատարանների նախագահներն այն ողջ ժամանակահատվածում, երբ նրանք պաշտոնավարում են որպես դատավորներ, եթե նրանք նշանակված են նաեւ դատարանի նախագահներ, ապա նրանք շարունակում են պաշտոնավարել նաեւ որպես դատարանի նախագահ։ Այս լուծման պարագայում, երբ որ անձն այդ նույն դատարանում պիտի աշխատի դեռեւս 10-15 տարի, ակամայից հոգեբանորեն սկսում է կախվածության մեջ գտնվել հենց այդ դատարանի նախագահից։

Այս փոփոխությունները մեզ հնարավորություն են տալու, որպեսզի դատարանների նախագահներն ընտրվեն ավելի կարճ ժամանակահատվածով եւ չունենան, այսպես ասեմ՝ բացի փոքրիկ կազմակերպական, կառավարչական գործառույթներից, այլ լիազորություններ չունեն։ Եվ այն դեպքում, երբ որ տվյալ դատարանի նախագահը գիտի, որ կարճ ժամանակահատված հետո ինքն այլեւս չի լինելու դատարանի նախագահ, բնականաբար, այդ հարցերում, հարաբերություններում շատ ավելի զուսպ է իրեն պահելու, եւ մյուս դատավորն էլ միշտ գիտի, որ մի օր ինքը կարող է դառնալ դատարանի նախագահ, եւ թե՛ իր վրա կաշխատի, թե՛ էդ հմտությունները ձեռք կբերի։ Սա գլխավոր խնդիրներից մեկն էր, որը ես ցանկանում էի առանձնացնել։

Երկրորդ խնդիրը վերաբերվում է, ըստ էության, բարձրագույն դատական խորհրդին։ Այս մարմինը գալիս է ոչ միայն փոխարինելու այսօր գործող արդարադատության խորհրդին, այլ նրա ձեւավորման կարգը, լիազորությունները, իր գործունեության կարգն էականորեն տարբերվում են այսօր գործող արդարադատության խորհրդից, եւ այն իրավամբ կարող է դառնալ դատական իշխանության անկախությունը երաշխավորող գլխավոր մարմիններից մեկը։ Սա վերաբերվելու է ինչպես դատավորների, դատական կորպուսի համալրմանը վերաբերվող հարցերին, այնպես էլ վերաբերվելու է դատավորներին պատասխանատվության ենթարկելու եւ ընդհանրապես, երեւի թե, դատական իշխանության շահերը պաշտպանելուն։

Այս առումով բարձրագույն դատական խորհրդի ձեւավորման կարգը, գործառույթները, գործունեության կարգը նպաստելու են, որպեսզի մենք իրավամբ նաեւ ունենանք այլ միջամտությունից դատական իշխանությանը պաշտպանելու արդյունավետ միջոցներ։

Մենք հանձնաժողովում քննարկման ժամանակ մի շարք հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք ենք բերել, կարող եմ 1-2-ին անդրադառնալ, մասնավորապես՝ սա Սահմանադրական օրենք է։ Այստեղ նշվում է մի նախարարության անուն, որը պետք է սահմանվի կառավարության կառուցվածքով, եւ ստացվում է, որ մենք Սահմանադրական օրենքով կանխորոշում ենք արդեն այն մյուս սովորական օրենքի բովանդակությունը։ Այսինքն՝ նման փոփոխությունների անհրաժեշտություն դեռեւս կա, որ չգրել կոնկրետ նախարարության անուն, այլ որոշակի կառուցվածքով դա անել։

Բոլորին հորդորում եմ՝ կողմ քվեարկել այս նախագծին։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, ընդմիջում։


Ժամը 13:00

  ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
 
 

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքները, պատգամավորներին hրավիրում եմ դահլիճ: Հիմա էլ, ոնց որ մեծամասնությունն է հա՞ բացակայում: Հարգելի պրն Փաշինյան, դուք հերթագրվել եք «Ելք» խմբակցության անունից ելույթ ունենալու համար: Նիկոլ Փաշինյան: Պրն Փաշինյանի ելույթից հետո եզրափակիչ ելույթով հանդես կգա կառավարության ներկայացուցիչը:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալություն: Տիկնայք եւ պարոնայք, այս պահին քննարկում ենք Դատական օրենսգրքի նախագիծը, բայց այսօր առավոտյան «ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկության ժամանակ տեղի ունեցավ ակնհայտ կեղծիք, որը հիմա, եւ մանրամասնորեն պետք է պարզաբանումներ ստանա: Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քանի որ Դատական օրենսգիրքը Սահմանադրական օրենք է, դրանում փոփոխությունները պետք է ընդունվեն պատգամավորների ձայների երեք հինգերորդով, այսինքն՝ 63 կողմ ձայնով: Քվեարկությունից հետո լուսատախտակը ցույց տվեց 61 կողմ եւ արձանագրվեց, որ որոշումը չի ընդունվել: ԱԺ նիստը նախագահողի եւ իմ առաջարկով լուսատախտակի պատկերը վերականգվեց, որից հետո պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը հայտարարեց, որ իր քվեարկության կոճակը չի աշխատել, եւ նիստը նախագահողը գումարելով Մախմուդյանի ձայնը եւ գործուղման մեկնած պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ձայնը՝ գրությամբ, հայտարարեց 63 կողմ, եւ որոշումը հայտարարեց ընդունված: «Ծառուկյան» խմբակցության անդամ Նապոլեոն Ազիզյանն ԱԺ դահլիճում հայտարարել է, թե ինքը չի մասնակցել քվեարկությանը եւ այդ մասին հայտնել է նաեւ քարտուղարությանը, ինչի մասին այս ամբիոնից պաշտոնապես հայտարարեց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, եւ իմ ձեռքի տակ առկա է նաեւ Ազիզյանի գրությունը: Սրանից հետո, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մեջբերեց ԱԺ Կանոնակարգի 60-րդ հոդվածի 7-րդ մասը հիմնավորելու համար, թե Ազիզյանի հայտարարությունը վավերական չէ եւ ուժի մեջ չէ, բայց ԱԺ Կանոնակարգ օրենքի 60-րդ հոդվածը մինչեւ 7-րդ մաս ունենալը ունի 6-րդ, որտեղ, խնդրում եմ ուշադրություն ինչ է գրած. քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա վերականգնվում են, եթե այդ մասին, նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթում առաջարկում է որեւէ պատգամավոր: Որեւէ, կապ չունի քվեարկողը, չքվեարկողը, մյուսը, որեւէ պատգամավոր: Եթե պատգամավորը հայտնաբերում է խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա, ո՛չ թե ազդել են, ո՛չ թե ապացուցված է, ո՛չ թե հաստատ 100... այլ կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա, ապա նիստը նախագահողի առաջարկով՝ առանց քննարկման, հարցի քվեարկությունը կրկնվում է: Այսինքն՝ էդ բանավեճն Ազիզյանը քվեարկել է, չի քվեարկել, եւ այլն կանոնակարգորեն ինքը լրիվ լուծել է, եւ հետեւաբար՝ եթե Ազիզյանի պահը հանենք, պատգամավոր Մախմուդյանը հայտարարել է, որ ժողովուրդ ջան իմ կոճակը չի աշխատել: Այսինքն՝ դա արդեն խախտում է, որը ոչ կարող էր, այլ ուղիղ ազդել է քվեարկության արդյունքների վրա: Էական չէ, աշխատելու դեպքում Մախմուդյանը կողմ կքվեարկեր, դեմ... էականն այն է, որ մարդը չի կարողացել քվեարկել: Եվ դա խախտում  է, ո՞վ է մեղավոր, էս խախտումը թող պարզվի: Կարող է տեխնիկան է մեղավոր, կարող է աշխատակազմն է մեղավոր, կարող է պատգամավորն է հապաղել, էական չի, բայց դա խախտում  է, որը կարող էր ազդել, ակնհայտորեն ազդել է, բայց օրենքի իմաստով կարող էր ազդել քվեարկության վրա: Հետեւաբար՝ ԱԺ նախագահը կամ նախագահողը այլ բան չպետք է աներ, քան իրականացներ վերաքվեարկություն եւ էդ դեպքում բոլորին ամեն ինչ պարզ կդառնար, որ օրենքը չի ընդունվել եւ հիմա էլ պարզ է, եւ ուզում եմ արձանագրել, որ «Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը կից նախագծերով չի ընդունվել: Շնորհակալություն:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Շնորհակալություն: Մինչեւ եզրափակիչ ելույթի անցումները, որպես նիստ նախագահող ասեմ՝ 6-րդ կետն ասում է. քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա վերականգնվում են, եթե այդ մասին նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթն առաջարկում է որեւէ պատգամավոր: Այո, պրն Բաբլոյանը քվեարկության արդյունքները ցույց է տվել: 2-րդ՝ եթե պատգամավորը հայտնաբերում է խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա, ապա նիստը նախագահողի առաջարկով՝ առանց քննարկման հարցի, քվեարկությունը կրկնվում է, եթե պատգամավորը հայտնաբերում է խախտումներ: Որեւէ խախտում չի հայտնաբերվել, ես՝ որպես նիստ նախագահող, կրկնում եմ, որ ԱԺ նախագահության անդամ, «Ծառուկյան» դաշինքի որեւէ պատգամավոր՝ սկսած Նապոլեոն Ազիզյանից, վերջացրած խմբակցության որեւէ պատգամավորով նիստի ժամանակ, քվեարկությունից առաջ եւ հետո վարման կարգի վերաբերյալ որեւէ առաջարկություն չի արել, ուստի սա համարվում է օրինական:

Իսկ այժմ եզրափակիչ ելույթի համար: Մի րոպե, ես խնդրում եմ՝ դահլիճում բան չանենք, ասում է «պոսլե աբեդա գարչիցի նե նադը»:

Հիմա անցնում ենք... որոշումն ընդունվել է, ամեն ինչ օրինական է եղել: Եզրափակիչ ելույթի համար հարակից զեկուցողն ո՞վ էր էս հարցի, պրն Կոստանյան, ունե՞ք: Պրն Կոստանյանը կարիք չունի եզրափակիչ ելույթով հանդես գալու: Պրն Դավիթ Հարությունյան, համեցեք:

Հարգելի պրն Փաշինյան եւ հարգելի պրն Ռուստամյան, խնդրում եմ քննարկումները դահլիճից դուրս: Պրն Հարությունյան, համեցեք:

Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Հարգելի խորհրդարան, քանի որ ելույթներն այս նախագծի վերաբերյալ, բացի մի քանի գործընկերների ելույթից, իրականում անդրադարձ էին կատարում բացարձակապես այլ օրենքի նախագծին, դա գործող Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելը: Ուղղակի ուզում եմ ձեզ ներկայացնել մեր դիրքորոշումը՝ կառավարության, առիթից օգտվել, որ քննարկվում եմ զուգահեռաբար այլ օրենք: Մեր դիրքորոշումն այն է, որ այն օրենքը Սահմանադրական օրենք չէ, սա մեր կարծիքն է, եւ անկախ քվեարկությունից ես չեմ վիճարկում, թե ինչ քվեարկության արդյունքներ են, բայց ուզում եմ նաեւ ասել, որ մեր կարծիքով այս Սահմանադրական օրենք չէ: Դա է վկայում նաեւ ԱԺ-ի մինչ հիմա գոյություն ունեցող պրակտիկան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական օրենք կդառնար, երբ այն կսկսեր կարգավորել այն հարցերը, որոնք ուղղակիորեն նախատեսված են Սահմանադրությամբ՝ որպես Սահմանադրական օրենքի կարգավորման առարկա: Շնորհակալություն եմ ուզում հայտնել քննարկման համար, պետք է խնդրեմ, որպեսզի հնարավորինս ինտենսիվ աշխատենք: Դատական օրենսգիրքը կարեւոր օրենսգիրք է, մենք ենթադրում ենք այն ներկայացնել 2-րդ ընթերցմամբ հունվարի կեսերին, ուստի կոչ եմ անելու ձեզ հնարավորին չափ շուտ ներկայացնել ձեր առաջարկությունները: Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում արդյունավետ քննարկման համար:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Շնորհակալություն: Պարզվում է՝ սա Սահմանադրական օրենք չէ, ընենց որ 54 ձայնով էլ կարող էր անցներ: Դե հիմա կառավարությունը իր կարծիքն է արտահայտում: Չենք վիճարկում, պրն Պետրոսյան, որովհետեւ հարցի քննարկումն ավարտվել է:

Այժմ քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «Սահմանադրական դատարանի մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին» հարցը: Հիմնական զեկուցող՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյան: Պրն Հովհաննիսյան, համեցեք: Մենք իրավաբանների վեճերին չենք խառնվում: Մենք ֆիքսում ենք, որ 63 ձայնով անցել է:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգարժան փոխխոսնակ, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում «Սահմանադրական դատարանի մասին» Սահմանադրական օրենքի նախագիծը եւ նախագծին կից այլ իրավական ակտերին փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Ասեմ, որ այս փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2015 թվականի փոփոխության սահմանադրությամբ, որով, նախ՝ առաջին հերթին, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը բարձրացվեց «Սահմանադրական օրենք»-ի կարգավիճակին, ինչը ենթադրում է, որ գործող օրենքը պետք է արմատապես վերափոխվի, եւ այնտեղ ներառվեն այն հարցերը, որոնք վերաբերում են կարգավորման առարկային՝ Սահմանադրական դատարանին եւ դուրս մնան այլ հարաբերությունները կարգավորող դրույթները: 2-րդ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2015 թվականին փոփոխություններով՝ Սահմանադրության 168-րդ հոդվածով, Սահմանադրական դատարանին վերապահվեցին նոր լիազորություններ, որոնք նախկինում նախատեսված չէին, ապա այդ լիազորությունների արդյունավետ իրականացման համար՝ այս նախագծով, նախատեսվեցին համապատասխան կառուցակարգեր: Առաջին լիազորությունը, որ նորություն էր, դա սահմանադրական մարմինների միջեւ նրանց սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծումն է, որը վերապահվեց այսօր Սահմանադրական դատարանին: Նախկինում դա չկար, նախկինում Սահմանադրական դատարանը նման հարցին կարողանում էր անդրադառնալ Սահմանադրության 100-րդ հոդվածի առաջին կետի շրջանակներում, որպես իրավական ակտի սահմանադրականությանը որոշելու լիազորություն: Եվ նախագծով հստակ նախատեսվեց, ինչպես եւ Սահմանադրությամբ էր, որ նման հարցերով Սահմանադրական դատարանին կարող է դիմել ՀՀ նախագահը, կառավարությունը, բարձրագույն դատական խորհուրդը, ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդը եւ տեղական ինքնակառավարման մարմինները: Հաջորդ լիազորությունը՝ նոր լիազորությունը, որ վերապահվեց Սահմանադրական դատարանին, դա Հանրապետության Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելն էր որոշակի հարցերով: Առաջինը՝ դա Հանրապետության Նախագահին ԱԺ-ի կողմից ուղարկված օրենքի սահմանադրականության հարցը որոշելու, ներում չշնորհելու, կառավարության կազմը չփոփոխելու, նախարարներին չնշանակելու, փոխվարչապետներին չնշանակելու եւ համապատասխան բարձրագույն կոչումներ չտրամադրելուց հետո ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու լիազորություններ եւ Սահմանադրական դատարանը որոշում էր, թե այն միջնորդությունները, որոնք արվել էին Հանրապետության Նախագահին Սահմանադրությանը համապատասխանում է, թե՞ չեն համապատասխանում: 3-րդ լիազորությունը Սահմանադրական դատարանի նոր լիազորություն է, դա պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցի լուծումն է, ասեմ, որ սա եւս նորություն է գործող իրավակարգավորմամբ: Պատգամավորի լիազորությունների դադարեցման իրավասությունը պատկանում էր ԱԺ-ին, մինչդեռ 2015 թվականի փոփոխություններով այդ լիազորությունը վերապահվեց Սահմանադրական դատարանին: Հաջորդը՝ դա մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի, նախագծերի սահմանադրականությանը համապատասխանության հարցի որոշումն էր Սահմանադրական դատարանի կողմից: Փաստորեն այսօր նման ընթացակարգ չկա, սա եւս բխում էր 2015 թվականի փոփոխություններով, Սահմանադրությունից: Մյուս նորույթը, լիազորությունների շրջանակներում Սահմանադրական դատարանի, դա այն է, որ Սահմանադրական դատարանն արդեն անդրադարձ է կատարելու Սահմանադրական դատավորին՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով: Այսինքն՝ քննելու է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու Սահմանադրական դատարանի դատավորներին, եթե նրանք խախտեն վարքագծի կանոնները: Հաջորդ լիազորությունը, որը վերապահված են Սահմանադրական դատարանին եւ եւս նորույթ էր, դա Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցի քննարկումն է՝ Սահմանադրական դատարանի կողմից: Եվ վերջապես ի տարբերություն գործող «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագիծը հստակ Սահմանադրական դատարանի որոշումների կատարումն ապահովող կառուցակարգեր է սահմանել, սահմանել է, որ եթե օրենքը ճանաչվի հակասահմանադրական, կառավարությունն եռամսյա ժամկետում պետք է ուսումնասիրի եւ միջոցներ ձեռնարկի օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու համար: Նախագծով սպառիչ թվարկված են,  Սահմանադրական օրենքի մակարդակով սպառիչ թվարկված են Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնները, ինչպես նաեւ նախագծում հստակեցվել են կուսակցությունների գործունեության դադարեցման, կասեցման, Սահմանադրական դատարանի դատավորի գործունեության երաշխիքներին վերաբերող դրույթներ: Թերեւս, այսքանը:

Ասեմ, որ պետաիրավական հանձնաժողովում քննարկելու ժամանակ առաջարկներ են հնչեցվել պրն Թովմասյանի կողմից, տիկին Հովհաննիսյանի կողմից, եւ այդ առաջարկներն ամբողջությամբ ընդունվել են, նախագիծը լրամշակվել է, եւ հանձնաժողովն էլ նախագծին դրական է քվեարկել՝ փոփոխություններով լրացումներով հանդերձ: Շնորհակալություն:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Շնորհակալություն, պրն Հովհաննիսյան: Հարգելի խորհրդարան, անցնում ենք հարց ու պատասխանին: Հերթագրում՝ հարցերով դիմելու համար: Հարգելի գործընկերներ, հերթագրվել են 3 հարգարժան պատգամավորներ: Հարգելի պրն Գեւորգ Պետրոսյան, համեցեք:

Գ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Հաշվի առնելով, որ հարցին պետք է պատասխանի արդարադատության նախարարի առաջին տեղակալը, դրա համար ես չեմ համարում, որ այս հարցը տրվում է ոչ պատշաճ պատասխանողի: Քիչ առաջ արդարադատության նախարար պրն Հարությունյանը հայտարարեց, որ ցավում է, որ մենք չենք տարբերում Սահմանադրական օրենքը ոչ Սահմանադրականից՝ հայտարարելով ու պնդելով, որ Դատական օրենսգրքում, ուստի նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություն, լրացումներ կատարելը դա Սահմանադրական օրենք չէ: Ես հարցն ուղղում եմ պրն Հովհաննիսյանին, ինքը համաձայն է արդյո՞ք արդարադատության նախարարի հետ, եւ եթե համաձայն է, ապա էդ ո՞ր իրավական ակտերով է հիմնավորվում իրենց դիրքորոշումը: Շնորհակալություն:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Պետրոսյան: Նախ՝ ինչ վերաբերում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններին ես ասեմ, սա փոփոխություններ չի գործող... սա Սահմանադրական օրենքի նախագիծ է: Ինչ վերաբերում է «Դատական օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների մասին» օրենքի  նախագծին, ես գտնում եմ, որ այդ օրենքի նախագիծը Սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարող նախագիծ չէ, հետեւաբար՝ չի կարող համարվել Սահմանադրական օրենք, որովհետեւ Սահմանադրական օրենք, Դատակ օրենսգիրք դեռեւս ԱԺ-ի կողմից երեք հինգերորդով չի ընդունվել, եւ որ հետագայում էլ դրանց փոփոխությունները նոր ռեժիմով քվեարկվեն: Սահմանադրությամբ նախատեսված է, որ Սահմանադրական օրենքները, որոշակի օրենքներից բացի, որոնք ավելի շուտ են ուժի մեջ մտել, համապատասխանեցվում է Սահմանադրությանը եւ ուժի մեջ են մտնում Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման օրը, այսինքն՝ մենք այսօր չունենք Դատական օրենսգիրք-Սահմանադրական օրենք, որ մի հատ էլ դրա փոփոխությունները դիտենք Սահմանադրական օրենքի փոփոխություն: Շնորհակալություն:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Հարգելի պրն Պետրոսյան, համեցեք:

Գ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Ուրեմն, 103 հոդվածի 2-րդ մասն արդեն իսկ ուժի մեջ է Սահմանադրության, դա Սահմանադրության անցումային դրույթներում է, եւ ձեր կարծիքը, կներեք, հարգելի պրն Հովհաննիսյան, ես չեմ կիսում ու պնդում եմ, որ դա Սահմանադրական օրենք է, եւ տրամաբանական չէ, որ եթե մի օրենք (մայր օրենքը) ընդունվում է ձայների այդ հարաբերակցությամբ, նրանում փոփոխություններն ու լրացումներն ընդունվեն այլ հարաբերակցությամբ: Շնորհակալություն:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն: Արձագանքեմ, ես հենց նույնն եմ ասում: Մայր օրենքը պետք է ընդունվի երեք հինգերորդով՝ որպես սահմանադրական օրենք, որ դրա փոփոխությունները դիտվեն որպես սահմանադրական օրենք: Մենք չունենք նման մայր օրենք՝ ընդունված երեք հինգերորդով եւ Սահմանադրության 210-րդ հոդվածի 3-րդ մասն էլ ասում է, որ այս Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքն ուժի մեջ է մտնելու նորընտիր հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման օրը: Մինչեւ օրս մենք դեռեւս չունեք սահմանադրական օրենք, դատական օրենք:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Շնորհակալություն, ես կարծում եմ՝ իրավական բանավեճերը կարելի է տեղափոխել կա՛մ կառավարության կա՛մ համապատասխան հանձնաժողովի հարթակ, մանավանդ, որ դուք հնարավորություն եք ունեցել այս օրենքը... նախաձեռնության փոփոխությունները քննարկել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Ֆիքսում ենք, որ դուք մնում եք ձեր տեսակետին, հանձնաժողովի ներկայացուցիչները՝ իրենց տեսակետին:

Այժմ Ջեմմա Բաղդասարյան: Համեցեք, հարգելի տիկին Ջեմմա Բաղդասարյան:

Ջ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 39-րդ հոդվածը վերաբերում է գործի նախաքննության նախապատրաստելուն: Նույն հոդվածի 2-րդ մասում նշված է, որ այն բոլոր դիմումները եւ գործի քննության համար անհրաժեշտ փաստաթղթերը Սահմանադրական դատարանի նախագահին ուղարկվում են առնվազն 5 օր առաջ մինչեւ քննությունը: Դա ինչո՞վ է պայմանավորված այդ ժամկետը, հնարավոր է արդյո՞ք 5 օրվա ընթացքում բոլոր մանրամասներին ծանոթանալ եւ որոշում ընդունել: Այդ հարցի պատասխանն ուզում եմ տաք:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն: Խոսքը ոչ թե որոշում ընդունելուց առաջ այդ փաստաթղթերն ուղարկելն է, այլ նիստը սկսելուց առաջ, 5 օր առաջ փաստաթղթերն ուղարկելն է, որից հետո կլինի նիստը, նիստի ընթացքում քննարկումներ կլինեն նոր, նոր արդեն Սահմանադրական դատարանը համապատասխան որոշում կկայացնի:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Պրն Վարդեւան Գրիգորյան: Հարգելի պրն պրոֆեսոր, համեցեք:

Վ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի պրն Հովհաննիսյան, Սահմանադրության 168 հոդվածով ամրագրվում է, որ հանրաքվեի միջոցով ընդունված եւ քաղաքացիական կարգով ներկայացված եւ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքների համապատասխանությունը Սահմանադրությանը որոշվում է նախքան հանրաքվեն: 2-րդը՝ 204 հոդվածով ամրագրվում է, որ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները կարող են փոխվել միայն հանրաքվեով: Եվ 3-րդը՝ 170-րդ հոդվածով ամրագրվում է, որ Սահմանադրական դատարանի որոշումները եւ եզրակացությունները վերջնական են: Հիմա ներկայացված նախագծի 72-րդ հոդվածով նախատեսվում է՝ հանրաքվեով ընդունված օրենքների վերանայման կարգ եւ նախագծի 68-րդ հոդվածով նախատեսվում է՝ հանրաքվեով ընդունված օրենքների վիճարկման դրույթ: Չե՞ք գտնում, որ նախագծի 72-րդ հոդվածը եւ 68-ը հակասում է Սահմանադրության 168, 204, 170-րդ հոդվածներին:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն: Ես ինչքանով որ հասկացա՝ խնդիրը հետեւյալն էր. մինչեւ հանրաքվեի ընդունելը Սահմանադրական դատարանը նախագծի վերաբերյալ դիրքորոշում է տվել, որ նա համապատասխանում է Սահմանադրությանը, օրենքն ընդունվում է, եւ հետո նորից այդ հարցը բարձրացնում է Սահմանադրական դատարանի առջեւ, եւ հնարավոր է Սահմանադրական դատարանը նաեւ այլ որոշում կայացնի այս դեպքում: Արդյո՞ք դա հնարավոր է, այո, դա հնարավոր է, որովհետեւ կարող է Սահմանադրությամբ փոփոխություն լինի, Սահմանադրության կոնկրետ դրույթի փոփոխություն լինի, որի հիման վրա նախկինում նախագիծը, որպես սահմանադրական է ճանաչվել: Բացի այդ՝ ի հայտ կարող են գալ գործով կիրառված սահմանադրական այդ դրույթի այնպիսի նոր ընկալում, որի առկայությամբ՝ նույն հարցի վերաբերյալ կարող է ընդունվել Սահմանադրական դատարանի լրիվ այլ որոշում: Ուղղակի այս դեպքում Սահմանադրական դատարանը համապատասխան քննարկում կկատարի, կտեսնի կա՞ն այս փոփոխությունները, Սահմանադրություն փոխվե՞լ է, իրադրություն փոխվե՞լ է, այսինքն՝ ընկալումը փոխվե՞լ է սահմանադրական այդ դրույթի, թե՞ ոչ, եւ նոր արդեն որոշում կայացնելիս հնարավոր է եւ այլ որոշում կայացնի, քանի որ մինչեւ օրենքը ընդունվելն էր կայացրել: Այսինքն՝ հնարավոր են այդ դեպքերը: Շնորհակալություն:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Արձագանքու՞մ եք, պրն Գրիգորյան, համեցեք:

Վ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Պրն Հովհաննիսյան, մի դեպքում մենք ասում ենք, որ Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը վերջնական է, այսինքն՝ էդ դեպքում, էդ եզրույթը փոխեք: Եթե վերջնական է, ուրեմն, քննարկման չէ, ըստ տրամաբանության, քննարկման ենթակա չէ: Եթե քննարկման ենթակա է, գրեք, որ որոշակի դեպքերում էդ բանը, ուրեմն, քննարկման ենթակա է: Թե չէ մի դեպքում ասում ենք, որ վերջնական է, եթե վերջնական է, ուրեմն, իսկապես քննարկման էլ ենթական չէ, ըստ տրամաբանությամբ, եթե քննարկման ենթակա է, գրենք, որ քննարկման ենթակա է:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն: Եթե անհստակության խնդիր կա, մենք կփորձենք շտկել, որովհետեւ նույն օրենսգրքի նախագծի 68-րդ հոդվածում մենք հստակ այդ դրույթը նախատեսել ենք, թե երբ, օրինակ՝ օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի դիրքորոշման պայմաններում Սահմանադրական դատարանը կարող է մեկ այլ դիմում ընդունել վարույթ՝ նույն օրենքի, նույն դրույթի վերաբերյալ սահմանադրականության հարցը բարձրացրած դրույթ, եւ քննի այդ գործը, տեսնի, որ դրա նախորդ որոշումից մինչեւ հաջորդ այս գործի քննարկումը իրադրություն է փոխվել, դրույթի մեկնաբանման ընկալում է փոխվել, սահմանադրության համապատասխան դրույթ է փոխվել, եւ, ըստ այդմ, որոշի՝ փոխում է իր դիրքորոշումը, թե՞ չի փոխում: Ինքը ոչ թե անդրադառնալու է իր նախորդ որոշմանը, որոշում փոխի, այլ լրիվ նոր որոշում է կայացնելու եւ մեջը գրի՝ ինչի՞ է շեղվել նախկին որոշումից: Շնորհակալություն:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, պրն փոխնախարար: Հարգելի գործընկերներ, հարակից զեկուցող՝ պետական, իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի շատ հարգելի նախագահ պրն Հրայր Թովմասյանը: Համեցեք, պրն Թովմասյան ջան:

Հ.ԹՈՎՄԱՍՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, մինչեւ հարցին անդրադառնալը, այնուամենայնիվ, ես մեկ րոպեում կփորձեմ անդրադառնալ քիչ առաջ հարցին չառնչվող մի քանի հարցերի: Մենք ունենք հստակ սահմանված, թե ո՞ր օրենքներն են սահմանադրական: Ունենք 103, 109 հոդված, որտեղ 103 հոդվածի    2-րդ մասը ուժի մեջ է մտնում Սահմանադրության հրապարակման պահից, եւ ունենք 110-րդ հոդված, որ ասում է, որ օրենքները սահմանադրական, ե՞րբ պետք է համապատասխանեցվեն Սահմանադրությանը: Եթե այն մեկնաբանությունն ընդունենք, որ դրանք միայն համապատասխանեցմանն են վերաբերում, ապա իմաստազուրկ է 209 հոդվածը, որտեղ ասվում է, որ դրանք՝ 103-ի 2-րդ մասը, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դրա անհրաժեշտությունն այլեւս չէր լինի, որովհետեւ 110-ը սահմանում է, թե դրանք ե՞րբ պետք է համապատասխանեցվեն, բայց 109-ով դրանք արդեն սահմանադրական օրենքներ են, 110-ը խոսում է դրանց համապատասխանության մասին: Ես գիտեմ, որ հարցերը լինելու են, այս հարցը դեռեւս կքննարկվի, սա, երեւի թե, լրագրողների համար:

Հիմա, փորձեմ անդրադառնալ բուն տեքստին, բուն նախագծին, որն իրոք բավականին շատ կարեւոր է, եւ այս նախագծի հիմքերը դրվել են եւս Սահմանադրական փոփոխությունների ժամանակ: Իրոք, որեւէ Սահմանադրություն, չասեմ, արժեք չունի, բայց էականորեն կգցի իր գինը, իր նշանակությունը, եթե մենք չունենանք դրա պահպանության արդյունավետ կառուցակարգեր, եւ այդ կառուցակարգերի հիմքը դրված է Սահմանադրության մեջ եւ դրանք իրացված են այս սահմանադրական օրենքում: Եվ հիմնական զեկուցողն անդրադարձավ այն կարեւորագույն փոփոխություններին, որոնք նախատեսված են, ես էլ կփորձեմ դրանց հպանցիկ անդրադառնալ: Էական է կառավարման պառլամենտական ձեւի համար սահմանադրական մարմինների միջեւ լիազորությունների հարցով վեճերը: Սրանք բնորոշ են պառլամենտական կառավարման ձեւին, երբ որ դա կլինի Սահմանադրության մեկնաբանությունից բխող, թե օրենքներից, եւ Սահմանադրական դատարանն է այն մարմինը՝ նման վեճերին վերջնական առումով պետք է լուծում տար: Դրանք կարող են լինել, կրկնում եմ, օրենքների տեսքով, կարող են լինել ընդհանրապես որեւէ լիազորություն այս կամ այն մարմնին պատկանելու: Սա կարեւորագույն դրույթ է, որը պետք է իրացվի: Էական նշանակություն ունի նաեւ Հանրապետության Նախագահին վերապահված դերակատարությանը առնչվող Սահմանադրական դատարանի լիազորությունները, երբ որ նշանակումների հարցում, որոնք անում է Հանրապետության Նախագահը եւ որպես գործառույթ, որն ունի նախագահը, նա կարող է դիմել Սահմանադրական դատարանին, եւ Սահմանադրական դատարանն այս պարագայում քննելու է, թե այդ սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերի պահպանումն, այնպես էլ թեկնածուներին Սահմանադրությամբ ներկայացվող պահանջները: Սա եւս կարեւորագույն ինստիտուտ է, դրույթ է, որոնք մենք այս պահին, ըստ էության, չունենք, եւ սա եւս կարեւորում եմ, որպեսզի մենք հետագայում նման խնդիրներ չունենանք: Բացի պայմանագրերի, միջազգային պայմանագրերի, նախնական սահմանադրական վերահսկողությունից ներ է մուծված հանրաքվեի դրվող նախագծերի նախնական սահմանադրական վերահսկողություն, ինչպես նաեւ Սահմանադրության փոփոխությունների սահմանադրական վերահսկողություն, որը տեսության մեջ բավականին վաղուց է հայտնի, բայց մենք պրակտիկայում, մենք դա չենք ունեցել, որովհետեւ մեր Սահմանադրության փոփոխությունները, մինչեւ 2015 թվականի փոփոխությունները, հնարավոր էր բացառապես հանրաքվեի միջոցով, բայց փոփոխությունների արդյունքում, երբ որ տարբերակված մոտեցում է մտցվել, եւ մենք ունենք, այսպես ասած, 3 խումբ սահմանադրական նորմեր, որոնք փոփոխվում են տարբեր ընթացակարգերով: Մեկը՝ անփոփոխ հոդվածներ են, որոնք կարող են փոփոխվել նոր Սահմանադրության ընդունմամբ, 2-րդ խումբը դրանք այն դրույթներն են, որոնք կարող են փոփոխվել բացառապես հանրաքվեի միջոցով, 3-րդ խումբը, որոնք կարող են փոփոխվել ԱԺ-ի որոշմամբ: Եվ այս 3-րդ խմբին է, ըստ էության, վերաբերում, երբ որ    3-րդ խմբին վերաբերող փոփոխությունները մինչեւ դրանց ընդունումը Սահմանադրական դատարանը, դրանց համապատասխանությունը Սահմանադրության, չասեմ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող, բայց անփոփոխ հոդվածներին, սկզբունքներին, այնպիսին, ինչպիսին են իրավական պետությունը, ժողովրդավարական, սոցիալական պետությունը, դրանց իշխանությունների տարանջատումը, այս սկզբունքների համապատասխանությունը պետք է ստուգվի: Սա եւս կարեւորագույն նոր ինստիտուտ է, որն այս նախագծով, ըստ էությամբ, կարգավորված է: Մի հարցի եւս՝ դա հանրաքվեով ընդունված օրենքների սահմանադրականության հարցն է. հաշվի առնելով, որ նրանց լեգիտիմության աստիճանը բավականին մոտ է, եւ որպեսզի հետագայում, էսպես, ներկայացուցչական մարմինը չկարողանա, այսպես ասեմ, կտրել, վերացնել անմիջական ժողովրդավարության իրացման արդյունքում ընդունված օրենքը, սրանով է պայմանավորված, որ արդեն Սահմանադրության մեջ մենք ֆիքսել ենք, որ դրանք կարող են փոփոխվել բացառապես հանրաքվեի միջոցով, բայց որպեսզի դրանք հակասության մեջ չմտնեն, նաեւ սահմանվում է նրանց նախնական վերահսկողությունը, բայց այս պարագայում պետք է ուշադրություն դարձնել, որ 170 հոդվածի 2-րդ մասում է նախատեսված, ես պրն Վարդեւան Գրիգորյանի հարցին եմ փորձում անդրադառնալ, որ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, բայց տեսության մեջ վերջնական լինելը չի նշանակում, որ այդ հարցով Սահմանադրական դատարանն ավելի ուշ, այլ որոշում չի կարող կայացնել: Գործող «Սահմանադրական դատարանի մասին» գործող օրենքը սահմանում է, եթե չեմ սխալվում, որ 7 տարի հետո կարող է անդրադառնալ այդ հարցին իրավունքի ընկալման, իրավունքի զարգացման փոփոխության արդյունքում, որովհետեւ իրավունքն ինքը զարգանում է, նոր մոտեցումներ կան: Կան  միջազգային տարբեր դատարանների մեկնաբանություններ, այսինքն՝ եթե ժողովրդավար իրավական պետության սկզբունքը ի սկզբանե բավականին նեղ է մեկնաբանվել, բայց այնպիսի ենթասկզբունքներ, ինչպիսին է իրավական անվտանգությունը, իրավական որոշակիությունը, իրավական կանխատեսելիությունը, որոնք իրավական պետության սկզբունքի ենթասկզբունքներն են, դրանք ավելի ուշ ժամանակահատվածի ծնունդ են: Եվ եթե որեւէ.. մենք ի սկզբանե նեղ էինք մեկնաբանում եւ ավելի ուշ է դրան ավելի մեծ մեկնաբանություն տրվեր, ապա այս պարագայում այդ մեծ մեկնաբանության մասշտաբով պետք է քննարկվի այդ հարցը եւ որոշվի դրա սահմանադրականությունը: Բնականաբար, Սահմանադրական դատարանը գրվի, չգրվի ինքը կաշկանդված է իր նախորդ որոշումներով, եւ շատ ավելի, էսպես ասեմ, ուժեղ, մեծ արգումենտների արդյունքում ինքը կարող է վերանայել, որովհետեւ... դա իր իսկ որոշումն է: Մենք ի սկզբանե ունեցել ենք առաջին «Սահմանադրական դատարանի մասին» առաջին օրենքը բացառում էր նման վերանայումը, 2-րդ փոփոխությունների այս 2-րդ փուլում դա նախատեսվեց, որ դա կարող է արվել 7 տարի հետո եւ վերջնական, այսինքն՝ արդեն փոփոխությունների, այս վերջին փոփոխություններում այդ ժամկետը եւս, ըստ էության, հանվել է: Սա այդ 7 տարին եւ այլն ինքն այլ նպատակ ուներ, եւ տեսության մեջ գրվում էր, որ Սահմանադրական դատարանը նաեւ հնարավոր բոլոր ճնշումներից զերծ մնա, իր իսկ որոշումը կարճ ժամանակահատվածում փոխելու, բայց կարծում եմ, որ մեր կայացած ինստիտուտներից է Սահմանադրական դատարանը եւ նման վտանգ, ըստ էության, չի սպառնում: Բավականին հստակ ու որոշակի են նաեւ թեպետ նախագահի ընտրությունը կատարվելու է, էսպես, ոչ ուղղակի եղանակով, բայց, այնուամենայնիվ, նախատեսված են նաեւ այն մեխանիզմները, դիմող սուբյեկտները, գործի քննության ընթացակարգը եւ հստակ ժամկետներ ո՞նց պետք է Սահմանադրական դատարանը քննի: Մենք որոշ դեպքերում բնականաբար ունենք բավականին սեղմ ժամկետներ Սահմանադրական դատարանի կողմից հարցերի քննության եւ այսինքն՝ հնգօրյա ժամկետում, էնտեղ 15 օրվա ժամկետում, որոնք, կրկնում եմ, կախված են իշխանության ձեւավորման հետ՝ լինի դա նշանակումների հետ կապված վեճերը, լինի դա ԱԺ ընտրությունները, մենք այստեղ ժամկետը բավականին, էականորեն սահմանափակված է: Մյուս դեպքերում դրանք շատ, այդ ժամկետները ավելի երկար են՝ 6 ամիս, որի ժամանակ Սահմանադրական դատարանը կարող է ամբողջությամբ, լիարժեքորեն քննության առարկա դարձնել այդ ամբողջ նախագիծը: Թերեւս, այսքանը, շնորհակալություն: Մեծ սիրով կպատասխանեմ հարցերին:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Շնորհակալություն, հարգելի պրն Թովմասյան: Հարգելի գործընկերներ, պրն Հրայր Թովմասյանին հարցերով դիմելու համար՝ հերթագրում:

Շնորհակալություն, պրն Թովմասյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարցեր չկան:

Հարգելի գործընկերներ, մտքերի փոխանակության համար՝ հերթագրում: Հերթագրվել է մեկ պատգամավոր: Հարգելի պրն Գեւորգ Կոստանյան: Համեցեք, հարգելի պրն Կոստանյան:

Գ.ԿՈՍՏԱՆՅԱՆ

-Շնորհակալություն: Ես անկեղծ ասաց ուզում եմ առիթն օգտագործեմ, ուղղակի, նախորդ օրենքի հետ կապված պարզաբանում ներկայացնեմ, որովհետեւ հիմա արդեն եւ՛ լրատվամիջոցները, եւ՛ բոլորն այդ հարցը շատ խիստ  են բարձրացնում: Ասեմ խնդիրը ինչումն է. օրենքն այդ՝ Դատական օրենսգրքի փոփոխություններ կատարելու փաթեթը, լավ փաթեթը պետք է մեր օրենսդրությանը, բայց էնտեղ կա սկզբունքային մի հատ հարց, որ ես սկզբունքորեն համաձայն չեմ: Շատերը դա ընկալում են, որ դա վերաբերում է մեկ դատարան ստեղծելուն կամ 10 դատարան ստեղծելու խնդրին: Դա իմ խնդիրը չի, դա կառավարությունը թող որոշի 1 դատարան է պետք, թե՞ 50 դատարան է պետք  Երեւանի վարչական շրջաններում, բայց խնդիրը հետեւյալի մեջ է. ինչ կառուցվածք էլ որ ունենա դատական համակարգը Երեւան քաղաքում, դա չպետք է ազդի ընդհատության վրա, դա չպետք է ազդի դատարաններին քաղաքացիների հասանելիության վրա, թե չէ ինչ կառուցվածք ուզում են թող սահմանեն: Խնդիրը նրանում է, որ Երեւան քաղաքի սահմանների մեջ, այո, 15 կամ 20 կիլոմետրի մասին է խոսքը, շատերը՝ ընդդիմադիրները, ասում են, որ 15 կիլոմետրը ի՞նչ է որ: Ըտենց չի, եթե էդ նույն սկզբունքով ղեկավարվենք, Երեւան քաղաքում մեզ պետք չեն սոցիալական ծառայություն տարբեր վարչական շրջաններում, մեզ պետք չէ, օրինակ՝ անձնագրային ստորաբաժանումներ, հենա Երեւանի կենտրոնում մի հատ սոցիալական ծառայության տեղակայում կունենայինք, բոլոր վարչական շրջաններից թող գան: Ինչի՞ ենք բաշխել, որովհետեւ ընդհանրապես Երեւան քաղաքի վարչական շրջանների բաժանման իմաստը եւ՛ կառավարման արդյունավետությունն է, եւ՛ բնակիչներին հասանելիության ապահովվումն է, եւ եթե մենք էս դեպքում ասում ենք, եթե Նոր Նորքի դատարանին ընդհատյան գործով, բայց դատավորը ծանրաբեռնված է, էդ գործը կարող է հանձնվել հիպոթետիկ Աջափնյակի դատավորին, որովհետեւ ծանրաբեռնված է: Ես դրան եմ դեմ: Լուծումը, այդ թվում՝ համաշխարհային պրակտիկայում, դատավորների թվի ավելացումն է, ոչ թե մենակ նրա համար, որ մենք դատավորի ծանրաբեռնվածությունն ենք ուզում թեթեւացնել, դա անում ենք քաղաքացու հասանելիության հաշվին: Ես դրան դեմ եմ սկզբունքորեն: Իսկ ի՞նչ է նշանակում ողջամիտ ժամկետների պահպանում, իհարկե, ես հասկանում եմ, որ նպատակը, որպեսզի ողջամիտ ժամկետները դատական քննության ապահովվեն, իհարկե, բայց շատ կարեւոր բան եմ ուզում ձեզ ասել, Եվրոպական դատարանում մինչեւ հիմա բոլոր այն գործերով, որոնցով ճանաչվել է մարդու իրավունքի խախտում՝ ողջամիտ ժամկետների չպահպանման, դրանցից ոչ մեկը դատավորի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված չի եղել: Բոլորը պայմանավորված են եղել կոնկրետ սուբյեկտիվ գործոնով՝ կոնկրետ դատավորի սուբյեկտիվ վարքագծով, այսինքն՝ օրինաչափություն առնվազն եվրոպական դատավարության մեջ, չկա: Ներքին դատավարության ընթացքում, իհարկե, մտահոգիչ է, բայց ոչ դատարաններին հասանելիությունը սահմանափակելու եղանակով, որովհետեւ ես արդեն առիթ ունեցա իմ հարցադրման ձեւով ասելու՝ քրեական քաղաքացիական գործերով, շատ բարդ է էդ վկաների տեղափոխությունն ապահովվելը, շատ բարդ է: Հա, եթե տեսականորեն նստենք, օրենք գրենք, իհարկե, շատ լավ է, բայց հըլը մի հատ տեսեք գործնականում էդ ի՞նչ պրոբլեմ է առաջացնում, թե՛ իրավապահ մարմնի համար, որը պիտի ապահովվի վկաների ներկայությունը, եւ թե՛ էդ քաղաքացու համար, որ պետք է ամբողջ քաղաքը կտրի, ճիշտ է 15 կիլոմետր է, բայց էնտեղ բազմաթիվ այլ գործոններ կան, այդ թվում՝ ֆինանսական: Հետեւաբար՝ ես ուզում եմ, որ մենք մեր օրենսդրությունը ոչ թե դիտարկենք սկզբունքի տեսակետից, այլ հանրության համար մատչելիություն երաշխավորելու եւ ապահովագրելու տեսակետից: Շնորհակալություն:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Շնորհակալ եմ, պրն Կոստանյան: Հարգելի գործընկերներ, կա՞ եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն: Պրն Թովմասյան, հարգելի պրն Թովմասյան ջան, եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն կա՞, չկա: Պրն Հովհաննիսյան, կա՞, համեցեք:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն: Ես, եւս առիթից օգտվելով, անդրադառնամ նախորդ նախագծին: Խոսքը վերաբերում է Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է մեկ միասնական Երեւան քաղաքի դատարան: Մեր խորին համոզմամբ մեկ միասնական դատարանի ունենալը ոչ թե կխաթարի անձի անարդար դատաքննության իրավունքը, այլ ընդհակառակը՝ կնպաստի դրա արդյունավետորեն իրագործումը, որովհետեւ մենք գտնում ենք, եթե նույնիսկ բարդանում է տուժողի կամ վկայի տեղափոխումը, արդարադատության շահից է բխում, որպեսզի ամբաստանյալի գործն ավելի արագ քննվի: Ժամ առաջ շուտ արդարացված ամբաստանյալը դուրս գա ազատազրկումից, այլ ոչ թե մենք ամեն փողոցում ունենանք դատարան, որ մատչելի լինի բոլորի համար, սակայն դրա պատճառով ունենանք գերծանրաբեռնվածություն դատարաններում, եւ նույն քրեական գործերը քննվեն տարիների ընթացքում, եւ մի քանի տարի հետո պարզվի, որ դատարանն արդարացման վճիռ է կայացնում, եւ անձը փաստորեն այս 3 տարի ապօրինի էր գտնվում ազատազրկման վայրում, սակայն դատական ծանրաբեռնվածությունից ելնելով չէինք կարող այդ հարցին ավելի շուտ անդրադառնալ: Ես կարծում եմ՝ սա սխալ մոտեցում է, ճիշտ մոտեցում է հնարավորինս միջոցներ ձեռնարկել, որպեսզի դատավարական ժամկետները նվազեն, դրա լուծումն է նաեւ դատավորի թվի ավելացումը, բնականաբար, սակայն սա դեռեւս անհնարին է այս ճանապարհով գնալ՝ ֆինանսական պատճառներով: Մենք ընտրել ենք 2-րդ տարբերակը, այնպիսի համակարգ ենք ստեղծում, որտեղ գործերի բաշխումը կլինի հավասարապես: Սա, հավաստիացնում եմ ձեզ, բերելու է դատական գործերի քննության ժամկետների նվազեցմանը: Շնորհակալություն:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Շնորհակալություն, հարցի քննարկումն ավարտվեց:

Հարգելի խորհրդարան, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին» հարցը: Պրն Արթուր Հովհաննիսյան, համեցեք, դուք հիմնական զեկուցողն ենք նշանակված կառավարության կողմից: Տեղեկացնեմ, որ հարակից զեկուցող է հանդես գալիս մեր բոլորիս կողմից շատ սիրելի Ռուստամ Մախմուդյանը, որի կոճակը չէր աշխատում, դրա համար գլխավոր ամբիոնից կխոսի:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հարգելի փոխխոսնակ, հարգելի ԱԺ նախագահ, մենք ներկայացնում ենք Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը: Այս նախագիծը երկար ճանապարհ է անցել, մի քանի անգամ լրամշակվել է, ուղարկվել է միջազգային փորձաքննության, տրվել է եզրակացություն, լրամշակվել է, մոտ 2 ամիս առաջ, երբ որ այս նախագիծը ներկայացվել էր, էլ ավելի բարելավման համար մենք հետաձգեցինք դրա քննարկումը, որպեսզի իրոք բերենք մի փաստաթուղթ, որը մեր քաղաքացիական դատավարության ընթացակարգն էապես բարելավելու է, բարելավելու են նաեւ դատավարության մասնակիցների իրավունքները եւ պարտականությունները, եւ այդ նախագիծը ծառայելու է քաղաքացիական գործերով արդարադատության շահին, արդարադատության իրականացմանը: Նախագիծը բնականաբար շատ մեծ է, ժամանակի սղությամբ ես բոլոր դրույթներին չանդրադառնամ, հիմնական սկզբունքային փոփոխությունները ներկայացնեմ: Մենք հստակեցրել ենք ընդհատություն, ենթակայություն, առանձնացրել ենք, այսօր նման առանձնացումը չկա, այսինքն՝ հստակ երեւում է ենթակայությունը ո՞րն է, ընթացությունը ո՞րն է: Քաղաքացիական գործերի քննության ենթակայության որոշման դրույթներն ենք հստակեցրել եւ հստակ սահմանել ենք նաեւ քաղաքացիական դատավարության մասնակիցներին: Մենք ավելացրել ենք քաղաքացիական դատավարության մասնակիցների շարքում նաեւ մասնագետին, որը համապատասխան գիտելիքների տիրապետման արդյունքում կարող է դատավարությունում հանդես գալ եւ իր մասնագիտական եզրակացությունը տալ դատարանին: Սահմանված են հստակ դատական ներկայացուցչությունը, ով ինչպես կարող է այդ ներկայացուցչությունն իրականացնել, ինչպես նաեւ այն անձանց շրջանակը, ովքեր կարող են այդ ներկայացուցչությունն իրականացնել: Ապացուցման գլուխն է բավականին փոփոխվել: Մենք հստակ ապացուցման պարտականություններ էլ ենք սահմանել, օրինակ՝ սահմանել ենք, որ փաստը ժխտող կողմի վրա չի կարող դրվել հակառակ փաստն ապացուցելու պարտականություն, եթե ես ասում եմ՝ ըտենց բան չի եղել, չենք կարող ասել, դե ապացուցի, որ այդպիսի բան չի եղել կամ ուրիշ բան է եղել: Մյուսը՝ մենք հնարավորություն ենք տվել, որ անձը՝ որպես ապացույց, փորձագիտական եզրակացություն բերի արտագնա կարգով, այսինքն՝ դա ոչ թե դատարանը միջնորդի, որպեսզի փորձաքննություն անեն, եւ հետո այդ եզրակացությունը դիտվի, որպես փորձագիտական եզրակացություն, այլ արտադատական կարգով անձը դիմի փորձաքննություն իրականացնող մարմնին, ստանա այդ եզրակացությունը, այդ փորձագետն էլ ստորագրություն տա, որ ինքը ծանուցվել է կեղծ եզրակացություն տալու համար պատասխանատվության մասին, եւ այդ փաստաթուղթը արդեն կծառայի որպես փորձագիտական եզրակացություն այդ ապացույցի տեսակ: Դատական ծանուցումների մասով է էական փոփոխություններ արվել, եւ այստեղ նաեւ ներառվել է էլեկտրոնային ծանուցումների համակարգը: Բնականաբար կան նաեւ դատարան դիմելու էլեկտրոնային համակարգերը, սրանք եւս ներառված են նոր նախագծում: Նախորդ օրը ես փոփոխությունների նախագիծ էի զեկուցում գործող Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, այդ նախագծում դրանք բնականաբար եւս արտացոլված են: Կարեւոր փոփոխությունը նա է, որ բոլոր գործերով նախնական դատական նիստը պարտադիր է լինելու: Դատարանն անդրադառնալու է նախնական դատական քննության նախատեսված իր գործողություններն է իրականացնելու եւ որոշելու է գործի համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը եւ դրա նաեւ կողմերի համար էլ ակնհայտ է լինելու, թե այս գործով ո՞ր փաստն է կարեւորվելու, եւ նաեւ իր որոշմամբ ասելու է, թե այդ փաստի ապացուցման բեռը կոնկրետ ո՞ր կողմն է կրելու: Սա գրավոր ֆիքսվելու է, որպեսզի հետագայում չպարզվի, որ գործի համար նշանակություն ունեցող այլ փաստ է հաստատվել, ապացուցման բեռն էլ, փաստորեն, կողմերը սխալ էին հասկացել, եւ դատարանն էլ, փաստորեն, վերջում պարզի, որ ոչ իրավաչափ դատական ակտ է կայացրել: Մենք նաեւ սահմանել ենք հատուկ հայցային վարույթներ՝ որոշակի գործերով, ես երեկ եւս դրա մասին խոսեցի, աշխատանքային վեճերով գործերը քննվելու են պարզեցված ընթացակարգով՝ 3 ամսվա ընթացքում, պետական տուրք, դե բնականաբար, չի նախատեսվում: Աշխատանքի վարձատրության վեճերով, երբ որ անձը դիմում է դատարան եւ ասում է՝ աշխատավարձ չեմ ստացել, քննվելու արագացված ռեժիմով՝ մեկ ամսվա ընթացքում, բնականաբար, եւս պետական տուրք այստեղ չի նախատեսված: Այն նույն պարզեցված վարույթը մինչեւ 2 մլն դրամ, որը նախատեսված է...

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Պրն Հովհաննիսյան, ներողություն եմ խնդրում, որ ընդհատում եմ, ձեր ժամանակը սպառվեց, հարց ու պատասխանի միջոցով կներկայացնենք:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Մենք ենք շնորհակալ: Հարցեր՝ հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանին: Արաիկ Հովհաննիսյան: Հովհաննիսյանը՝ Հովհաննիսյանին, համեցեք:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն Հովհաննիսյան, իսկապես շատ կարեւոր փաթեթ ենք քննարկում, եւ բավականին մեծ աշխատանք է կատարվել, դուք ներկայացրեցիք նաեւ նորամուծությունները: Մեկ հարց, եւ քանի որ այս օրերի ընթացքում մենք, կարծես թե, փորձում ենք միանգամից անդրադառնալ բոլոր օրենքներին, անկախ նրանից թե հենց այսօր ենք քննարկում, թե երեկ՝ մյուսը նաեւ ընդհանուրի հետ կապված է հարցը լինելու:

Առաջին՝ մասնագետի հետ կապված, որ դուք նշեցիք իր գիտելիքների հնարավորություններով, մենք տալիս ենք նաեւ իրեն նոր հնարավորություն: Կա որեւիցե չափորոշիչ, կա ինչ-որ մի ձեւի, ովքե՞ր են իրավունք ունենալու այդ գործունեությունը ծավալել: Եվ 2-րդ հարցը հետեւյալն է, եթե դատարանը վճիռ  է կայացրել եւ պարտապանի եւ պարտատիրոջ միջեւ համաձայնություն է կայացվել, եւ պարտատերը հնարավորություն ունի կամովին կատարել այդ մուծումը, արդյո՞ք այս դեպքում նույնպես պետք է անպայման դատարանի վճռի հետեւանքով գնա ԴԱՀԿ եւ այլն, եւ այլն սկսվի այդ գործողությունները, թե՞ եթե ինքը կամովին, ուղղակի, կատարում է դատարանի վճիռը, այլ խնդրի առաջ նա այլեւս չի կանգնում: Խնդրում եմ այս հարցը պարզաբանել, որովհետեւ երեկվանից տարբեր տարընթերցումների եւ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Շնորհակալ եմ:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն: Մասնագետը, ըստ նախագծի 46-րդ հոդվածի, դա պետական կամ կիրառական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձն է, որը գործին մասնակցող անձի միջնորդությամբ հրավիրվում է դատական նիստին: Նա պետք է ունենա համապատասխան կրթություն, հմտություն եւ նաեւ որակավորում, եթե մասնագիտական եզրակացություն է տալիս կոնկրետ ոլորտի համար: Դատարանը կստուգի, թե արդյո՞ք ինքն ունի այդ գիտելիքը, այդ որակավորումը եւ թույլ կտա նրան դատարանում հանդես գալ որպես մասնագետ:

Ինչ վերաբերում է դատական ակտի կամավոր կատարմանը: Այսօր գործող օրենքով, եթե կա դատական ակտ արդեն, եթե անձը կամավոր չի կատարում այդ ակտը, մյուս կողմը դիմում կամ թերթ վերցնում, բերում է հարկադիր կատարման: Հարկադիր կատարողը կատարողական վարույթը հարուցում է, դրանից հետո անձը, եթե կամավոր կատարի, ապա միեւնույն է հարկադիր կատարման այդ գումարը պետք է վճարի, այսինքն՝ կատարողական վարույթը կկարճվի, սակայն գումարը կբռնագանձվի, բայց մենք պատրաստվում ենք օրենսդրական փաթեթ շուտով...

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Պրն Արաիկ Հովհաննիսյան ջան, համեցեք:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալ եմ: Ամբողջ հարցը հենց դրա մեջ է, որ դուք ասացիք վերջում, եթե անձ է կամ անպայման չէ ֆիզիկական է անձը նույնպես կարող է, եթե կամովին կատարում  է, այլեւս պետք չի, որ գործը գնա հարկադիրի, ամբողջ խնդիրը դա է, որովհետեւ դա բերում է լրացուցիչ ֆինանսական ծախսերի եւ անհասկանալի ձգձգումների, եթե 2 կողմերի միջեւ կայացվել է համաձայնություն, եթե կամավոր ինքը կատարում է պարտավորությունը, իմ կարծիքով այլեւս պետք չի նորից այլ գործողությունների: Ես խնդրում եմ՝ մեկ անգամ եւս սա ուղղակի հստակ ամրագրենք, որովհետեւ սա իսկապես կարեւոր է: Շնորհակալ ենք:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն: Կարծես թե մենք ձեր մտքերը կարդացել էինք, նախագիծը պատրաստ է, շրջանառվում է, շուտով ձեր դատին կհանձնվի, դա իրոք նորամուծություն է լինելու: Շնորհակալություն:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Շնորհակալություն: Հարցերի ձեր ելույթի մասն ավարտվեց, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

 Հարգելի բարեկամներ, անցնում ենք հարակից զեկուցման: Պետական, իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ, ԱԺ հարգելի պատգամավոր Ռուստամ Մախմուդյան: Ստեղ կոճակ չկա, ստեղի կոճակը միշտ միացված է, ընենց որ խոսեք:

Ռ.ՄԱԽՄՈՒԴՅԱՆ

-Շնորհակալություն: ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան փոխխոսնակ, հարգելի պատգամավորներ, նախ՝ ես ցավում եմ մեր ընդդիմադիր պատգամավոր գործընկերների այս պահին դահլիճում չգտնվելը՝ պայմանավորված հասարակության համար մի շատ կարեւոր սկզբունքային օրենքի նախագծի քննարկմանը, որը կոչվում է «Քաղաքացիական դատավարության օրենսգիրք» եւ, իհարկե, մինչեւ նախագծի բուն իմաստին անդրադառնալը ես կուզենայի նաեւ մի փոքր ակնարկ անել՝ կապված իմ, էսպես, անվամբ գրանցված քարտի ակտիվ լինել, չլինելու հետ: Ես ուզում եմ պարզաբանել մինչ այս պահն այդ խափանումը՝ տեխնիկական միջոցի, չի վերականգնվել, եւ ստացվում է անգամ (այս պահին), եթե քվեարկություններ անեք, միեւնույն է, ես այսպես ասած, զրկված էի լինելու էլեկտրոնային եղանակով քվեարկելուց: Հետեւաբար՝ բնականաբար եւ օրինաչափ էր, որպեսզի ձեռք բարձրացնեի եւ կարողանայի իմ կամքն արտահայտեի անգամ բանավոր եղանակով, սա, ինչեւէ, պարզապես անունս, որ հնչում էր այդ առումով: Այդքանը:

Հիմա ինչ վերաբերում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքին: Հարգելի գործընկերներ, 1998 թվականին ընդունված եւ  1999 թվականի հունվարի 12-ից ուժի մեջ մտած Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն այն առանցքային եւ կարեւոր իրավական ակտերից է եղել, որը կարգավորել է մեր հասարակության, եթե ոչ ամբողջ, գոնե առավելապես ու գերազանցապես բոլոր մասնակիցների մասնակցությամբ առաջացող իրավահարաբերությունները: Իրավահարաբերություններ, որոնք կարող են առաջանալ  ամենատարբեր ժամանակահատվածներում, ամենատարբեր իրավիճակներում, եւ այստեղ, ինչ խոսք, 98-ից ի վեր կատարված բազմաթիվ եւ բազմապիսի փոփոխությունները փորձել են հնարավորինս տալ լուծումներ այն բոլոր բացերին եւ խութերին, որոնք առաջացել են իրավակիրառական պրակտիկայում, բայց եւ այնպես մենք ունենք նաեւ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված նոր Սահմանադրություն՝ պետության կառավարման նոր ձեւ, հետեւաբար՝ այս օրենսգիրքն ամբողջապես եւ համակարգային փոփոխելու անհրաժեշտություն է զգացվում: Օրենսգրքում՝ ժամանակի ընթացքում, բազմաթիվ հարցեր լուծվելով հանդերձ, այնուամենայնիվ, օրենքում առկա են եղել ինստիտուտներ, որոնք իրենց գոյության ընթացքում չեն ստացել արդյունավետ կիրառություն: Օրինակ՝ արագացված դատաքննությունը, օրենսգրքում առկա են եղել թերի կարգավորմամբ ինստիտուտներ, մասնավորապես  խոսքը վերաբերում է ենթակայությանը, ընդհատությանը եւ ինչպես հիմնական զեկուցողը արդարացիորեն նշեց այս օրենսգրքի նախագծում, ուրեմն, շատ հստակ տրվել է այս երկու եզրույթների սահմանները, որոնց պայմաններում այդպես շփոթ չի կարող առաջանալ: Ես կուզենայի մեր գործընկերներին տեղեկացնել, որ այս նախագծի աշխատանքները սկսվել են դեռեւս 3, 4 տարիներ առաջ, որի խմբում ընդգրկված են եղել Երեւանի պետական համալսարանի մեր համալսարանական գործընկերները, դրանք քննարկվել են բազմաթիվ տարբեր ֆորմատի լսարաններում: Փորձել են հանրային քննարկումների եղանակով հասկանալ նաեւ այն հանրային կարծիքները, որոնք շատ արժեքավոր են եւ դրվել են այս Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի մշակման հիմքում եւ մի շարք այլ կարեւոր նկատառումներ: Պիտի ասեմ նաեւ այդ նախագծի, այսպես ասած, կառուցվածքում գլուխների հեղինակ կամ համահեղինակը հանդիսանում է նաեւ «Ծառուկյան» խմբակցության մեր պատգամավոր գործընկեր պրն Գեւորգ Պետրոսյանը, եւ իրենք էլ են մասնակցել, ու բոլորը, ըստ էության, կարողացել են իրենց նկատառումները ներկայացնել: Բացի հիմնական զեկուցողի կողմից ներկայացված նորամուծություններից, ես կցանկանայի ներկայացնել, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում հատուկ վարույթներից բացի պարզեցված վարույթի մասին է նաեւ խոսվում: Սա մի ինստիտուտ է, որը մեկ այլ օրենքի նախագծով որպես, այսպես, մեկնարկային եւ պիլոտային փուլ արդեն ուժի մեջ է մտնելու մեկ այլ օրենքի նախագծով եւ բնականաբար այստեղ երաշխավորվելու է ոչ միայն քաղաքացիների ողջամիտ ժամկետներում գործերի քննության կարգը, այլ նաեւ բոլոր այն ժամանակատար գործընթացները նվազեցվելու, կրճատվելու են, որոնց առջեւ այսօր կանգնած են մեր քաղաքացիները: Նորամուծություն է նաեւ հեռակա դատաքննությունը, որտեղ սահմանվել է, որ հայցվորի, իսկ գործին մի քանի հայցվորների մասնակցության դեպքում, նրանց բոլորի համաձայնությամբ այն դեպքերում, երբ ծանուցված պատասխանողը չի ներկայացել նախնական դատական նիստին եւ չի ներկայացել գործի քննությունը հետաձգելու, գործի բացակայությամբ ներկայացված փաստաթղթերի եւ նյութերի հիման վրա քննելու կամ դատական նիստին բացակայությամբ մասնակցելու մասին միջնորդությունը, դատարանը կարող է կիրառել հեռակա դատաքննություն: Սա էլ երաշխավորում է այն բարեխիղճ քաղաքացիների իրավունքները դատական պաշտպանության, որտեղ որ իրենք պարբերաբար գալիս են դատական նիստերին, իսկ մյուս կողմը չի ներկայանում: Այս օրենսգրքի բազմածավալ եւ բազմասպեկտ հարցերը կարելի է անվերջ քննարկել: Ես կուզենայի մեր գործընկերներիս տեղեկացնել, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, քննարկվել են հիմնական զեկուցողի հետ տարբեր անհասկանալի հարցեր, ուստի խնդրում եմ մեր գործընկերներին այս նախագծին կողմ քվեարկել: Շնորհակալություն:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Շնորհակալություն, պրն Մախմուդյան: Հարցեր՝ պրն Մախմուդյանին դիմելու համար: Հարցեր չկան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը հարգելի բարեկամ:

Այժմ մտքերի փոխանակության համար՝ հերթագրում: Ելույթներ չկան, հարցի քննարկումն ավարտվեց:

Քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «Հանրագրերի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին» հարցը: Հիմնական զեկուցող՝ արդարադատության նախարարի առաջին տեղական Արթուր Հովհաննիսյան: Պրն Հովհաննիսյան, համեցեք, խոսքի իրավունքը ձերն է:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն: Ձեր քննարկմանը ներկայացվող նախագծով կարգավորվում է Սահմանադրությամբ քաղաքացուն տրված այն իրավունքի իրագործումը, որ կոչվեց հանրագիր ներկայացնել եւ՛ պետական, եւ՛ տեղական, եւ՛ ինքնակառավարման մարմինների կողմից պատշաճ պատասխան ստանալու այդ իրավունքը: Առաջին ընթերցումից երկրորդ ընթերցման ժամանակ ստացվել են որոշ առաջարկություններ: Առաջին առաջարկությունը պրն Ռուստամ Մախմուդյանինն է, որը վերաբերում էր հանրագիր ներկայացնելու լեզվին: Նախագծով նախատեսված էր, որ հանրագիրը ներկայացվում է բացառապես հայերեն լեզվով, եւ պրն Ռուստամյանը բարձրացրել էր հարցը, որ ազգային փոքրամասնություններին հնարավորություն տրվի իրենց մայրենի լեզվով տալ: Այս առաջարկը ընդունվել է եւ համապատասխան փոփոխություն է կատարվել նախագծում: 2-րդ առաջարկությունը տիկին Արփինե Հովհաննիսյանինն էր, ով առաջարկում էր, որպեսզի անձը հանրագիր ներկայացնելու հետ մեկտեղ պարտավորություն չունենա ներկայացնելու նաեւ հիմնավորում, եւ հիմնավորում ներկայացնելը լինի հայեցողական: Այս առաջարկությունը եւս ընդունվել է: Բացի այդ պրն Զեյնալյանի առաջարկությունն է, որ նախագծով նախատեսվի, որ հանրագիր ներկայացնելու իրավունք ունենա յուրաքանչյուր ոք, այս բանավոր առաջարկը եւս ընդունվել է, եւ կառավարությունը ձեռնամուխ է եղել համապատասխան հոդվածի փոփոխմանը: Որոշակի տեխնիկական փոփոխություններ կառավարության նախաձեռնությամբ կատարվել են նախագծի հարակից փաթեթի մեջ, ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի փաթեթում զուտ տեխնիկական փոփոխություններում: Շնորհակալություն:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Շնորհակալություն: Հարցեր կարող են տալ միայն առաջարկություն ներկայացրած պատգամավորները՝ Ռուստամ Մախմուդյան, Հրայր Թովմասյան, տիկին Հովհաննիսյանը: Կարող եք զբաղեցնել ձեր տեղը, մեկ ա...:

Իսկ հիմա անցնում ենք պետական, իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի կարծիքի քննարկմանը, որը կներկայացնի հանձնաժողովի շատ հարգելի նախագահ պրն Հրայր Թովմասյանը: Պրն Թովմասյան, համեցեք:

Հ.ԹՈՎՄԱՍՅԱՆ

-ԱԺ շատ հարգելի փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, հիմնական զեկուցողը ներկայացրեց այն առաջինից երկրորդ ընթերցման ընթացակարգով հանձնաժողովում քննարկումների ընթացքը: Այդ առաջարկությունները բոլորը քննարկվել են հանձնաժողովում, քվեարկվել են եւ հիմնական զեկուցողի կողմից ընդունվել են: Հարակից փաթեթում, որը վերաբերում էր «ԱԺ Կանոնակարգ օրենքին» եւ որտեղ կանոնակարգվում էին ԱԺ-ի կողմից հանրագրերի քննարկմանը, դրանց տերմինաբանությունը համապատասխանեցվել է, այսպես կոչված, մայր օրենքի տերմինաբանությանը: Խոսքը վերաբերում էր ներկայացնելուն, ուղարկելուն, այսինքն՝ տերմինաբանական փոփոխություններ են, բովանդակային առումով չի փոխվել, եւ կար մյուս դեպքերում հանրագրի մերժելը, որն այդ ինստիտուտը եւս այս դեպքում ներառված է: Այսինքն՝ մենք փորձել ենք, որպեսզի այդ փաթեթում հակասություններ չլինեն տարբերակների միջեւ, այդ համապատասխանեցվել է, եւ դա եւս իրացվել է: Կրկին մեկ հարցի, այնուամենայնիվ, պետք է փորձեմ անդրադառնալ, որն առաջին ընթերցման ժամանակ հնչեցվում էր, թե արդյո՞ք հանրագրի պատասխանին ներկայացվող պահանջներ կան եւ եթե պատշաճ չի պատասխանել, ապա ի՞նչ ընթացակարգ է նախատեսվում: Առաջին ընթերցման քննարկման ժամանակ էլ եմ առիթ ունեցել այս հարցին անդրադառնալ, հիմա էլ կփորձեմ մեկ անգամ եւս անդրադառնալ, թե ինչո՞վ է տարբերվում, այսինքն՝ վարչական ակտ ակնկալվող դիմումներն այս հանրագրերից: Այդ դեպքում վարչական ակտին ներկայացվող պահանջները եւ դիմումի քննարկման ընթացքն ու հնարավոր բոլոր որոշումները՝ լինեն դրանք պարտադիր, թե հայեցողական, մեր նյութական օրենսդրությունը հստակ սահմանում է ի տարբերություն հանրագրին, որտեղ չկան այդ պահանջները, թե ինչպիսի՞ն պետք է լինեն, որովհետեւ ամրագրերի պարագայում անձը չի էլ ակնկալում իր որեւէ սուբյեկտիվ իրավունքի իրացման կամ պաշտպանության ակտ, այլ ենթադրում է, որ հանրային իշխանության մարմինները պետք է հետամուտ լինեն կամ, այսպես ասեմ, պետք է գտնեն այն արդյունավետ առաջարկությունը, եւ փորձեն դրանք իրացնել, եւ իրենց խնդիրն է, թե որքանո՞վ դրանք կգնահատեն եւ եթե երբեմն ծայրահեղացված բերվում են օրինակներ, թե պատասխաններն ինչպիսի՞ն կարող են լինել: Նման պատասխանների դեպքում, եթե մեկ բառով լինի, մեկ նախադասությամբ լինի, պարզապես, հանրային իշխանության վերաբերյալ, հանրային վերաբերմունք կձեւավորվի, որը կդրսեւորվի ապագա ընտրությունների ժամանակ, լինի դա տեղական ինքնակառավարման, թե համապետական... մի դրսեւորումներն այլ եղանակով, ըստ էության, կունենա: Այս առումով հանրագրերի ինստիտուտը՝ սահմանադրական որպես իրավունք, իրացված է այս մաբողջ ներկայացված օրենքում, եւ վստահ եմ, որ այս օրենքի արդյունավետ կիրառման պարագայում հանրային իշխանություն եւ հանրություն կապը կապված, թե ինչպե՞ս անել, ի՞նչ անել, հանրային նշանակության ո՞ր խնդիրները, ինչպե՞ս լուծել: Հանրային իշխանություններն այս խողովակով կստանան արդյունավետ առաջարկություններ, լավ առաջարկություններ, եւ դրանով հնարավոր կլինի առկա մի շարք խնդիրներ լուծել: Եվս հանձնաժողովի կարծիքը դրական է, եւ ես ինքս հորդորում եմ ԱԺ-ին, որ կողմ քվեարկեն այս նախագծին: Թերեւս, այսքանը: Շնորհակալություն:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Շնորհակալ եմ, պրն Թովմասյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Հարգելի բարեկամներ, մտքերի փոխանակության համար՝ հերթագրում: Ելույթներ չկան: Եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն չկա: Հարցի քննարկումն ավարտվեց:

Սիրելի պատգամավորներ, այսօր մենք ավարտում ենք մեր աշխատանքը: Օրենքով սահմանված կարգով մենք կսկսենք մեր աշխատանքները վաղը ժամը 1100-ին: Կհանդիպենք վաղը ժամը   1100-ին: Ցտեսություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am