National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.12.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 2

13 դեկտեմբերի 2017

Ժամը 11:00

  ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ  ԱՐԱ  ԲԱԲԼՈՅԱՆԸ
 

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի պատգամավորներ, խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման: Գրանցում։

Գրանցվել է 90 պատգամավոր։

Քվորում ունենք, կարող ենք սկսել, շարունակում ենք արտահերթ նիստի աշխատանքները։ Հարգելի պատգամավորներ, մեզ մնացել է քննարկել 2-րդ ընթերցմամբ ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որից անմիջապես հետո կկազմակերպենք քննարկված հարցերի քվեարկությունը։ Պատգամավորներին խնդրում եմ մնալ նիստերի դահլիճում։

Քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյան։

Խնդրեմ, պրն Խաչատրյան։

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, 2-րդ ընթերցմամբ քննարկելու նպատակով ներկայացված է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ։

Սույն նախագծով նախատեսվում է ավելացված արժեքի հարկն արտահանողներին վերադարձնել վերադարձնելու համար նախատեսված ժամկետից ուշացնելու դեպքում, տույժերի հաշվարկը, կառավարության կողմից ներկայում սահմանված 90-ի փոխարեն սահամնել 30 օր։ Այսինքն, եթե օրենքով սահմանված ժամկետը վերադարձի համար կլրանա եւ կառավարության կողմից նախատեսված ժամկետում հարկը վերադարձված չի լինի արտահանողներին, ապա տույժի հաշվարկը կսկսվի 3 անգամ ավելի կարճ ժամկետում։

Ինչպես գիտեք, այս նախագիծն ուղղված է արտահանողներին շրջանառու միջոցներով ապահովելուն եւ էականորեն նվազեցնում է, ըստ էության, այն բեռը կամ միջավայրը, բարենպաստ է դարձնում այն միջավայրը, որը ստեղծված է արտահանողների համար։

1-ից 2-րդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագծի վերաբերյալ փոփոխություններ չեն եղել, այն ներկայացված է քննարկման նույն կերպ, ինչպես քվեարկվել է 1-ին ընթերցման արդյունքում։ Շնորհակալ եմ։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Քանի որ պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել, հարցեր չեն լինի, դուք կարող եք զբաղեցնել  ձեր տեղը։ Հարակից զեկուցող՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արամ Սարգսյան։

Խնդրեմ, պրն Սարգսյան։

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

-Բարի լույս։ Օրենքը միանշանակ խրախուսում է արտահանումը, եւ արտահանող կազմակերպությունների մոտ շրջանառու միջոցների արագ հետվերադարձ է ապահովում։

Օրենքը միանշանակ դրական է, 1-ին ընթերցմամբ անցել է, ակնկալում ենք նաեւ 2-րդ ընթերցմամբ Ազգային ժողովի հավանությունը։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը, քանի որ հարցեր չեն կարող լինել։ Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել։

Եզրափակիչ ելույթի համար, պրն Սարգսյան։ Շնորհակալություն։

Հարգելի գործընկերներ, մենք ավարտեցինք բոլոր նախագծերի քննարկումը։ Հիմա սկսում ենք քվեարկությունը քննարկված նախագծերի։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը, Սամվել Ֆարմանյանը, Ռուստամ Մախմուդյանը, Արմեն Ռուստամյանը եւ Սուրեն Մանուկյանը գործուղման մեջ են եւ համապատասխան փաստաթղթերով հավաստիացրել են իրենց մոտեցումը քննարկվող հարցերի վերաբերյալ՝ դրական է։ Ամենը գտնվում է քարտուղարությունում, եթե կցանկանաք՝ կարող եք ծանոթանալ։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական պարտքի մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Վարման կարգով՝ Նաիրա Զոհրաբյան։

Ն.ԶՈՀՐԱԲՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, այս նախագծի նպատակը մեկն է՝ հերթական անգամ ներգրավել արտաքին պարտք։ Սա անընդունելի է, երեկ այստեղ 10 անգամ նույն հարցին՝ ինչպե՞ս են ծախսվել պարտքերը, կառավարության ներկայացուցիչն ինչի մասին ասես խոսեց, մնում էր օպերայի խաղացանկը հրապարակեր, հրաժարվեց պատասխանել էդ հարցին։

2012 թվականից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է 2 հազար 200 դոլար պարտք։ Կոչ եմ անում խորհրդարանին դեմ քվեարկել մի նախագծի, որն ուղղակիորեն երկիրը տանելու է փակուղի՝ ներգրավելով պարտքեր սոցիալական խնդիրներ լուծելու համար, փակելու կառավարության անկարողությունը՝ լուծել սոցիալական, տնտեսական խնդիրներ։ «Ծառուկյան» դաշինքը քվեարկում է դեմ։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Քվեարկություն։

Կողմ՝ 61
Դեմ՝ 37
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում  լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 72

Ներողություն, ասեք։ Ինչու՞ համար եք վերաքվեարկում, եթե դուք փոխում եմ, ներողություն, մի հատ վերականգնեք պատկերը։ Եթե որեւիցե մեկը դեմ է, դուք ասեք՝ մենք կավելացնենք, իզուր տեղը չվերաքվեարկենք, այո, շատ լավ... (դահլիճից վիճաբանում են)։ Տիկին Զոհրաբյան, ես կվերաքվեարկեմ, բայց ես ուզում եմ, որ մենք չդարձնենք մոտեցում, ամեն մարդ պետք է ժամանակին քվեարկի։ Եթե 8 մարդ չի քվեարկել, դա չի վերաբերվում, ներողություն, այո։

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Հարգելի պրն Բաբլոյան, հարգելի գործընկերներ, քանի որ տեխնիկական խնդիր է առաջացել եւ բազմաթիվ մեր գործընկերներ հնարավորություն չեն ունեցել քվեարկելու, եւ մենք գիտենք, որ քարտուղարության կողմից այս պատկերն է ֆիքսվում եւ որպես արձանագրություն՝ կցվում է հետագա նրա կողմից լրացումը, առաջարկում ենք այս հարցը կրկին անգամ դնել քվեարկության։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շատ լավ, ես եւս մեկ անգամ զգուշացնում եմ եւ հորդորում եմ, որ բոլորը լինեն ուշադիր, որ այնպես չլինի, որ դա դառնա մեզ մոտ մոտեցում, որ կարելի է քվեարկել, վերաքվեարկել։ Եթե նույնիսկ ճիշտ չեն պատկերացրել եւ հասկացել, կարող են արտահայտեն իրենց կարծիքը, փոխեն կարծիքը, բայց ոչ վերաքվեարկեն։ Հիմա ես վերաքվեարկում եմ, բայց սա կլինի առաջին եւ վերջին անգամ, եւ խնդրում եմ ուշադիր լինել։ Ներողություն, եթե դեմ լինեք, ես չեմ վերաքվեարկի, խնդրեմ, վարման կարգով՝ պրն Զեյնալյան։

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, «Ելք» խմբակցությունը սրան կողմ է քվեարկում, թեեւ մենք դեմ ենք արտաբյուջետային հաշիվներին եւ կարծում ենք, որ դրանք անարդար են եւ հակասում են Սահմանադրությանը, եւ այս լուծումը՝ վարչարարության հասցված վնասի փոխհատուցման կիսատ-պռատ լուծում է, որովհետեւ ընդամենը մի քանի պետական մարմինների կողմից հասցված վնասների հատուցման հարց է լուծում եւ ոչ բոլորինը։

Այս պատճառաբանությամբ մենք կողմ ենք քվեարկում՝ որպես միջանկյալ լուծում։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Քվեարկություն։

Կողմ՝ 70
Դեմ՝ 28
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր» ենթածրագիր 1» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին  ՀՀ օրենքի նախագիծը: Քվեարկություն։

Կողմ՝ 61
Դեմ՝ 37
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Վարման կարգով՝ պրն Զեյնալյան։

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ես կուզեի իմանալ՝ պատգամավորները, ովքեր թողել են իրենց քվեարկության արդյունքները, տեղյակ եղե՞լ են, որ 15 օրենք դուրս է գալիս այս փաթեթից, թե՞ նրանք կողմ են եղել 15-ի հետ միասին՝ 19 փաստաթղթով հանդերձ։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Հավանական ա, դուք էդ հարցի պատասխանը կստանաք նիստից հետո, որովհետեւ այս պահին կնայեն, կուսումնասիրեն, ձեզ կպատասխանեն։

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Ստացվում է, որ նրանք մեխանիկորեն կողմ են քվեարկել, առանց իմանալու՝ ինչի՞ն են կողմ քվեարկում։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Ամեն դեպքում, այս քվեարկվող հարցերի վերաբերյալ ես առավոտյան ստացել եմ տեղեկություն եւ ինձ մոտ գրանցված է, որ քվեարկվող հարցերի վերաբերյալ իրենք ներկայացրել են իրենց կարծիքը։

Վարման կարգով՝ Նիկոլ Փաշինյան։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Կներեք, ուղղակի դուք ասեցիք, որ էսօր առավոտյան ստացել եք էդ տեղեկությունը, բայց էդ մարդիկ ե՞րբ են մեկնել, ուղղակի հետաքրքիր ա։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Դե, ես բացատրեցի, որ նիստն ավարտվելուց հետո կխնդրենք քարտուղարությանը՝ ձեզ կտա բացատրություն։

Վարման կարգով՝ պրն Բաղդասարյան, խնդրեմ։

Վ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Տեղեկացնում եմ Ազգային ժողովին, որ ՀՀԿ խմբակցության բոլոր անդամները քաջատեղյակ են եղել օրակարգին եւ ներկայացրել են այնքան գրություն, որքան անհրաժեշտ է։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Վարման կարգով՝ պրն Բագրատյան։

Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Բաբլոյան, հնարավորություն կա՞ տեսականորեն, որ ոչ մի պատգամավոր չգա, տեղեկանքներ ուղարկեն եւ քվեարկություն լինի։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Եթե ոչ մի պատգամավոր չգա, քվորում չենք ունենա, չենք կարող քվեարկել։ Հնարավոր չի, եթե էդ մարդիկ չլինեն, ո՞նց կլինի քվորում, որ մենք սկսենք աշխատել։ Պրն Բագրատյան, մենք աշխատում ենք համաձայն օրենքի եւ օրենքը ոնց որ կանոնակարգել է, այնպես աշխատում ենք։ Եթե խնդիր ունեք, կարող եք առաջարկություն անել՝ օրենքի մեջ փոփոխություն մտցնել։

Խնդրեմ՝ պրն Մելքումյան։

Ս.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ իմ գործընկերներին կոչ անեմ, որ այս տիպի օրենքների ընդունման ժամանակ ցուցաբերենք հետեւողականություն եւ 7 ամիս, 6 ամիս, 5 ամիսը մեկ Հարկային օրենսգրքում հանրագումարային, փաթեթային փոփոխություններ չբերենք, որովհետեւ ձեռնարկատերերը, բիզնեսմենները չեն կարող աշխատել 6 ամիսը մի անգամ փոփոխությունների տիրույթում։

Այսքանը, մենք դեմ ենք քվեարկում այս նախագծին։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Բայց ո՞ր նախագիծն ա, չեմ հայտարարել (ծիծաղում են), ոնց որ թե չէի հայտարարել ոչ մի նախագիծ։ Լավ, վարման կարգով՝ պրն Հարությունյան։

Խ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Վարման կարգի վերաբերյալ ուզում եմ հայտարարել հետեւյալը՝ անշուշտ, Հարկային օրենսգրքի նկատմամբ փոփոխություններ կատարելու առումով պետք է լինել շատ շրջահայաց։ Բայց, եթե փոփոխությունները վերաբերվում են տնտեսավարողների վիճակի բարելավման, հարկային ռեժիմների մեղմացման եւ այլ դրական դրսեւորումների հետ, ապա եկեք հորդորենք նման փոփոխությունները։

Ես կոչ եմ անում՝ կողմ քվեարկել ներկայացվող օրենսդրական նախաձեռնությանը։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին»  օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն... հարկայինը չե՞նք քվեարկել (աղմուկ է դահլիճում)։ Ներողություն, համաձայն եմ պրն Սարոյանի հետ։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Ես խնդրում եմ քվեարկենք, արդեն հայտարարել եմ, հետո դուք, երբ որ մյուսը կհայտարարեմ... Քվեարկություն։

Կողմ՝ 61
Դեմ՝ 35
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Շահութահարկի մասին»... ժողովուրդ, արդեն խանգարում եք, իրականում տեսնում եք՝ շփոթություններ են առաջանում։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Վարման կարգով՝ Մանե Թանդիլյան։

Մ.ԹԱՆԴԻԼՅԱՆ

-Հաշվի առնելով, որ այս փոփոխությունը թեթեւացնելու է եւ ավելի դյուրինացնելու է տնտեսավարողների 17 թվականի շահութահարկի հաշվարկը, «Ելք» խմբակցությունը կողմ է քվեարկելու։ Շնորհակալ եմ։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Վարման կարգով՝ պրն Մարուքյան։

Է.ՄԱՐՈՒՔՅԱՆ

-Քանի որ չստացվեց վարման կարգով ձայն վերցնել Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված, պետք է բոլորին հիշեցնել, որ սա այն Հարկային օրենսգիրքն է, որ ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից եւ որի ուժի մեջ մտնելուց հետո երկրում լուրջ թանկացումներ են սպասվում, եւ հարկային բեռը քաղաքացիների համար ավելանում է։

Եվ սա է պատճառը, որ «Ելք» դաշինքը դեմ է քվեարկել այս հարկային փաթեթին։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

Քվեարկություն։

Կողմ՝ 70
Դեմ՝ 27
Ձեռնպահ՝ 1

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 99
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին»  օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 99
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 98
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 99
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 98
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 75
Դեմ՝ 12
Ձեռնպահ՝ 8

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 89
Դեմ՝ 9
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 70
Դեմ՝ 28
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Հարգելի պատգամավորներ, մեզ մնացել է 2-րդ ընթերցմամբ քննարկել այսօր 1-ին ընթերցմամբ ընդունված չորս նախագծեր: Քանի որ առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկները եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար անհրաժեշտ է 3-ական ժամ, այսինքն՝ 6 ժամ, այս նախագծերի 2-րդ ընթերցմամբ քննարկումները կկազմակերպենք վաղը, ժամը 11-ին:

Մենք հիմա կընդհատենք մեր նիստը եւ կվերսկսենք վաղը, ժամը 11-ին։ Մենք կունենանք բավականին ժամանակ աշխատելու համար։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am