National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.12.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 2

23 դեկտեմբերի 2013

Ժամը 12:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
 
 

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Բարեւ ձեզ հարգելի պատգամավորներ։ Խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման։ Գրանցում։ Քարտերը տեղադրե՞լ եք։ Կազմակերպենք եւս մեկ անգամ վերագրանցում։ Խնդրում եմ քարտերը տեղադրել եւ նախապատրաստվել գրանցման։ Գրանցում։ Գրանցվել է 119 պատգամավոր, քվորում կա, սկսում ենք մեր աշխատանքները։ 120։

Շարունակում ենք արտահերթ նստաշրջանի աշխատանքները։ Հարգելի պատգամավորներ, այժմ կազմակերպում ենք նախորդ նիստում քննարկված հարցերի քվեարկությունները։

Քվեարկության է դրվում ՀՀ Նախագահի առարկությամբ ԱԺ վերադարձված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2010թ. ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների փաթեթը ՀՀ Նախագահի առաջարկությամբ ընդունելու մասին հարցը։ Օրակարգի 1-ին հարց։ Վարման կարգի վերաբերյալ՝ Զարուհի Փոստանջյան։

Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, այս պահին ԱԺ-ի դարպասների մոտ ՀՀ մտահոգ քաղաքացիները անցկացնում են բողոքի ակցիա այսօրվա մեր ԱԺ-ում քվեարկությունների վերաբերյալ։ Բոլոր այն անձինք, ովքեր այսօր կքվեարկեն համաձայնագրերին կողմ, նրանք հայտարարվել են որպես դավաճաններ։ Ուստի...

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Անջատել Զարուհի Փոստանջյանի խոսափողը։ Հարգելի գործընկերներ, իրենց բոլորի ցանկությունն է, որպեսզի լարում մտցնեն ԱԺ-ում։ Հանգիստ։ Վարման կարգի վերաբերյալ բոլոր ելույթները պետք է  վերաբերեն վարման կարգին։ Եթե ոչ, այլ պարագայում անջատելու եմ իմ գործընկերների խոսափողը։

Վարման կարգի վերաբերյալ՝ Վարդան Այվազյան։

Վ.ԱՅՎԱԶՅԱՆ

-Պրն Աբրահամյան, ես խնդրում եմ իրենց հանեք այստեղից։ Չկա նմանատիպ բան։ Ես իմ քվեարկության համար պատասխանատվություն կրում եմ եւ շատ լավ հասկանում եմ ինչի համար եմ քվեարկում։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Քվեարկություն։

Կողմ՝ 95
Դեմ՝ 6
Ձեռնպահ՝ 1

Որոշումն ընդունվել է։

Վարման կարգի վերաբերյալ՝ Լեւոն Զուրաբյան։

Լ.ԶՈՒՐԱԲՅԱՆ

-ՀԱԿ խմբակցությունը 20 րոպե ընդմիջում է պահանջում։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Խնդրեմ։ 20 րոպե ընդմիջում։

Ը Ն Դ Մ Ի Ջ ՈՒ Մ

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, շարունակում ենք մեր աշխատանքը։ Պատգամավորներին հրավիրում եմ դահլիճ։ Հարգելի գործընկերներ, քանի որ ընդդիմության որոշ պատգամավորներ փորձում են ձախողել մեր աշխատանքները եւ մեր պատգամավորների քվեարկության քարտերը վերցրել են, «ԱԺ կանոնակարգ» օրենքի հոդված 61-ում... ցանկանում եմ ծանոթացնել բոլոր գործընկերներիս, որ նիստը վարողը հայտարարում է քվեարկության անցկացման մոտավոր ժամանակը, իսկ քվեարկությունից առաջ հայտարարում է քվեարկության դրվող բոլոր առաջարկությունները, ճշտում է դրանց բոլոր ձեւակերպումները։

Բաց քվեարկություն իրականացվում է նիստը վարողի հայտարարությամբ էլեկտրոնային համակարգով 10 վայրկյանի ընթացքում։ Համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը։ Քանի որ մենք ունենք հաշվիչ հանձնաժողով, խնդրում եմ, պրն Ավետիսյան, կազմակերպել մեր քվեարկությունները։

Ես խնդրում եմ ձեռքով չխոսեք, պրն Հակոբյան, եւ բոլորիդ հրավիրում եմ «ԱԺ կանոնակարգ» օրենքին համահունչ աշխատել։ Հանրապետական խմբակցությանը խնդրում եմ հանգիստ։ Իրենց բոլորի ցանկությունն է, որպեսզի ձախողեն մեր աշխատանքները։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ։ Լավ, կարո՞ղ է հայերեն չեմ ասում։ Քեզ համար ռուսերեն ասե՞մ։ Ընդմիջումից հետո չի կարելի վարման կարգի վերաբերյալ ասել, պրն Մանուկյան։ Դուք խոսում եք համաձայնագրերի մասին։ Ես պայմանավորվել եմ, նախարարը ներկայացնելու է։

Տիկին Փոստանջյանին խնդրեք, թող ձեր քարտը վերադարձնի։ Սխալ է արել, դրա համար մենք, պրն Փաշինյան, կկազմակերպենք քվեարկությունը ձեռքով։ Ամոթ է, ամոթ։ ԱԺ-ի համար ամոթ է, որ նման պատգամավորներ կան նստած այս դահլիճում։ Այլընտրանք չունեն, իրենց մտավոր կարողությունները չեն հերիքում, որպեսզի այլ ձեւաչափ օրենքի շրջանակներում կազմակերպեն, փորձում են խարդախությամբ, նենգությամբ, անկարգությամբ տապելել մեր աշխատանքները։ Պրն Փաշինյան, ձեզ ընդհանրապես չի սազում։

Հարգելի պատգամավորներ, քվեարկության է դրվում ՀՀ Նախագահի ներկայացրած 2013թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ստորագրված «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ Օրակարգի 6-րդ հարց։ Ովքե՞ր են կողմ։ Ձեռքով խնդրում եմ քվեարկել, եւ հաշվիչ հանձնաժողովը հաշվի։ 77 կողմ։ Ովքե՞ր են դեմ։ Քանի՞ դեմ եղավ։ Պրն Ավետիսյան, հաշվե՞լ եք։ Ովքե՞ր են դեմ։ Ձեռնպա՞հ։ Այ, որ դուք դահլիճը լքեք, մենք կքվեարկենք։

Հարգելի պատգամավորներ, հիմա, փաստորեն, դահլիճում այն մարդիկ են, ովքեր կազմակերպել են քվեարկությունը։ Հանձնաժողովին խնդրում եմ մեկ անգամ եւս հաշվարկել։ Ովքե՞ր են կողմ։ Ապակիները կոտրեք։ Անվտանգությանը խնդրում եմ կազմակերպել կարգ ու կանոն լրագրողների մոտ։ 77 կողմ, որոշումը կայացվել է։

Հարգելի գործընկերներ, քվեարկության է դրվում ՀՀ Նախագահի ներկայացրած 2013թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ստորագրված ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ Օրակարգի 5-րդ հարց։ Քվեարկություն։ Ովքե՞ր են կողմ։ 77 կողմ։ Դեմ, ձեռնպահ չունենք։

Քվեարկության է դրվում ՀՀ Նախագահի ներկայացրած 2013թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ստորագրված ՀՀ բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ Օրակարգի 4-րդ հարց։ Քվեարկություն։ Ովքե՞ր են կողմ։ Բոլորը կողմ են։ Դեմ, ձեռնպահ չունենք։ 77 կողմ։

Քվեարկության է դրվում ՀՀ Նախագահի կողմից ներկայացված «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Օրակարգի 2-րդ հարց։ Քվեարկություն։ Ովքե՞ր են կողմ։ Դեմ, ձեռնպահ չունենք։ 77 կողմ։

Հարգելի պատգամավորներ, նախորդ նիստում մենք քննարկում էինք կառավարության կողմից ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հարցի քննարկումն ընդհատվեց հիմնական զեկուցող՝ կառավարության աշխատակազմի օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանին հարցեր տալու փուլում։ Հերթագրվել է 6 պատգամավոր։ Հարց տալու համար ձայնը տրվում է Դավիթ Հարությունյանին։ Պրն Եղիազարյան, ձեզ հրավիրում եմ կենտրոնական ամբիոնի մոտ։ Նախապատրաստվի Արծվիկ Մինասյանը։

Դավիթ Հարությունյանն իր հարցը հանում է։ Զարուհի Փոստանջյանը դահլիճում չէ։ Էդմոն Մարուքյան։ Դահլիճում չէ։ Նաիրա Կարապետյան։ Համեցեք։ Հանում եք ձեր հարցը։ Հովհաննես Մարգարյան։ Հանում եք ձեր հարցը։ Հարցեր չկան, պրն Եղիազարյան։

Հարակից զեկուցող՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյան։ Համեցեք։

Վ.ԱՅՎԱԶՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ։ Հանձնաժողովը քննարկել  եւ տվել է դրական եզրակացություն այս օրենսդրական փաթեթին։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Պրն Այվազյանին հարցերով դիմելու համար՝ հերթագրում։ Հարցեր չկան։

Անցնում ենք մտքերի փոխանակությանը։ Հերթագրում՝ ելույթների համար։ Ում քարտը բացակայում է, կարող է ձեռքով հերթագրվել։ Հերթագրում։ Ելույթներ չկան։

Անցնում ենք ամփոփիչ ելույթներին։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ունի՞ ցանկություն։ Չունի։ Հիմնական զեկուցող՝ պրն Եղիազարյան, ամփոփիչ ելույթի անհրաժեշտություն կա՞։ Չկա։

Հարգելի գործընկերներ, «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի 1-ին ընթերցմամբ քվեարկությունը տեղի ունեցավ ժամը 12.35 րոպեին։ Փաստորեն, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի հարցի քննարկումը 2-րդ ընթերցմամբ կիրականացվի առաջարկությունների ներկայացման համար նախատեսված երեք ժամը լրանալուց հետո։ Այսինքն՝ դա կլինի ժամը 15.35 րոպեին։ 15.35-ին բոլոր պատգամավորներին հրավիրում եմ դահլիճ։ 2-րդ ընթերցումը կտեւի մի քանի րոպե, եւ կկազմակերպենք վերջին հարցի քվեարկությունը։ Խնդրում եմ բոլոր խմբակցությունների ղեկավարներին, պատգամավորներին անպայման ներկա լինել 15.35-ին։

Այժմ ընդմիջում մինչեւ ժամը 15.30։


Ժամը 15:30

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
 
 

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Բոլոր պատգամավորներին հրավիրում եմ դահլիճ: Հարգելի գործընկերներ, ես հաշվիչ հանձնաժողովի նախագահ պրն Ավետիսյանից ստացել եմ մի գրություն, որ ինքը հայտնում է, որ դեկտեմբերի 23-ին, արտահերթ նիստի հարցերի քվեարկության ժամանակ իր կողմից ձայների հաշվարկման ժամանակ եղել է թյուրիմացություն, քանի որ Սուքիաս Ավետիսյանը եւ հանձնաժողովի անդամ Իշխան Խաչատրյանը թյուրիմացաբար կրկնակի հաշվարկ են իրականացրել նախագահության 3 պատգամավորներին եւ 2 անկախ պատգամավորներին, դրա համար արդյունքները եղել են ոչ թե 77 կողմ, այլ` 72 կողմ: Դա ի գիտություն բոլորիս:

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  եւ  «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող` ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյան, համեցեք:

Դ.ՍԱՐԳՍՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, երկրորդ ընթերցմամբ ձեր քննարկմանն է ներկայացվում «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  եւ  «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագիծը: Տեղեկացնեմ պատգամավորներին, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում առաջարկություններ չեն ստացվել, եւ խնդրում եմ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել առաջարկված օրինագիծը:

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Պրն Սարգսյան, քանի որ պատգամավորներից գրավոր առաջարկություններ չեն ներկայացվել, հարցեր չեն լինի: Անցնում ենք ամփոփիչ ելույթների: Ամփոփիչ ելույթի անհրաժեշտություն` չկա: Հարցի քննարկումն ավարտվեց:

Հարգելի պատգամավորներ, կազմակերպում ենք քննարկված հարցերի քվեարկությունները:

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Օրակարգի 3-րդ հարց: Բոլոր պատգամավորներին խնդրում եմ քվեարկել միայն իրենց փոխարեն: Քվեարկություն:

Ներողություն, քանի որ մեր գործընկերը մեր քարտերը չի վերադարձրել, պետք է կազմակերպենք ձեռքով քվեարկություն: Հաշվիչ հանձնաժողովին խնդրում եմ հաշվել: Ովքե՞ր են կողմ: Նաեւ լրագրողներին եմ խնդրում հաշվեն, մեզ օգնեն: Տիկին Աճեմյան, դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ եք:

Կողմ` 71
Դեմ` չկա
Ձեռնպահ` չկա

Որոշումն ընդունվել է:

71 կողմ, դեմ եւ ձեռնպահ չունենք:

Քվեարկության է դրվում  կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  եւ  «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Օրակարգի 2-րդ հարց: Ովքե՞ր են կողմ, խնդրում եմ քվեարկել:

Կողմ` 71
Դեմ` չկա
Ձեռնպահ` չկա

Որոշումն ընդունված է:

71 կողմ, դեմ եւ ձեռնպահ չունենք:

Հարգելի գործընկերներ, կառավարության կողմից հրավիրված արտահերթ նստաշրջանը համարում եմ փակված: Ցտեսություն:

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am