National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.12.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 3

12 դեկտեմբերի 2013

Ժամը 12:00

  ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ  ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
 
 

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի պատգամավորներ: Խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման: Գրանցում։

Գրանցվել է 107 պատգամավոր, քվորում կա, սկսում ենք մեր աշխատանքները։

Հարգելի գործընկերներ, երեկ մենք քննարկում էինք «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ընդունելու մասին հարցը: Հարցի քննարկումն ընդհատվեց, երբ եզրափակիչ  ելույթով պետք է հանդես գար Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ձայնը տրվում է Տիգրան Սարգսյանին: Համեցեք։

Տ.ՍԱՐԳՍՅԱՆ

-Հարգարժան ԱԺ նախագահ, հարգելի պատգամավորներ, առաջին հերթին թույլ տվեք ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնել շահագրգիռ քննարկումների համար, որոնք տեղի ունեցան ԱԺ-ում, երբ հանձնաժողովները, պատգամավորները շաբաթների ընթացքում մեզ հարցեր էին տալիս պետական բյուջեի նախագծի վերաբերյալ, եւ մենք հնարավորություն ունեինք պարզաբանումներ ներկայացնել, ինչպես նաեւ այս քննարկումների արդյունքում բազմաթիվ առաջարկություններ ընդունվեցին, իսկ նաեւ տասնյակ առաջարկություններ դարձան քննարկման առարկա եւ մոտակա ամիսներին լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում։

Առաջարկությունների 27 %-ն է համարվում մերժված, եւ ձեր հաստատմանն է ներկայացվում լրամշակված օրենքի նախագիծը։

Հարգելի գործընկերներ, 2014թ. առանձնահատկությունները ներառված են պետական բյուջեի նախագծում, եւ ես կփորձեմ ներկայացնել այս տեսակետները՝ հաշվի առնելով այն բուռն քննարկումները, որ տեղի ունեցան ԱԺ-ում։

Առաջին հերթին՝ 2014թ. առանձնահատկությունը կայանալու է նրանում, որ մենք ձեզ հետ միասին ձեռնամուխ ենք եղել միանալու Մաքսային միությանը։ Սա նշանակում է, որ մեզ սպասում է մեծածավալ աշխատանք, օրենսդրական փոփոխություններ, միջազգային պայմանագրերի վավերացում, մեր արդյունաբերական քաղաքականության ճշգրտում, որը, մեր կարծիքով, կարող է էական եւ շոշափելի արդյունքներ ապահովել մեր տնտեսության զարգացման համար։

Դուք տեղյակ եք, որ արդեն իսկ արդյունաբերական քաղաքականությունը, որ մենք ձեզ հետ միասին ներ ենք դնում ՀՀ-ում, տալիս է շոշափելի արդյունքներ դեղագործության ոլորտում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, կոնյակագործություն, գինեգործություն։ Սրանք այն բնագավառներն են, որտեղ վերջին երեք տարիների ընթացքում արտահանման ծավալները երկնիշ աճի դրսեւորում են մեզ ներկայացնում, եւ այս միտումները պահպանվելու են։

Մաքսային միությանը անդամակցելով՝ մենք ձեռք ենք բերելու հարաբերական առավելություններ թեթեւ արդյունաբերության ոլորտում։ Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել երկու ոլորտների վերաբերյալ ծրագրեր։ Առաջինը՝ դա կոշկագործության ծրագիրն է, որը մշակվել է մասնավոր հատվածի հետ միասին, եւ երկրորդը՝ տեքստիլ արդյունաբերության  ծրագիրը, որը նույնպես մշակվել է մասնավոր հատվածի մասնակցությամբ եւ ֆինանսավորմամբ։

Այս երկու ոլորտների զարգացումն արդեն իսկ հաշվի են առնում այն հանգամանքը, որ մենք Մաքսային միության տարածքներում կարող ենք վերականգնել արտահանման նախկինում եղած մեծ ցուցանիշներ։

Հարգելի գործընկերներ, հաջորդ առաջնահերթությունը 2014թ., դա  բիզնես միջավայրի բարելավումը պետք է լինի մեզ համար, չնայած որ վերջին տարիների ընթացքում մենք արձանագրել ենք որոշակի առաջընթաց այս բնագավառում։ Մենք Համաշխարհային բանկի ռեյտինգով զբաղեցնում ենք 188 երկրների շարքում 37-րդ տեղը, բայց դա մեզ չի բավարարում, եւ երեք ուղղություններով այստեղ մենք ձեզ հետ միասին անելիքներ ունենք 2014թ.։ Առաջին հերթին՝ հարկային եւ մաքսային վարչարարության էական բարելավումն է, երկրորդը՝  դատական համակարգի կատարելագործումն է, երրորդը՝  շինարարության ոլորտում թույլտվությունների մեխանիզմների կատարելագործումը, որպեսզի ներդրումները լինեն ՀՀ-ում ձեռնտու։

Երրորդ առանձնահատկությունը, որի վրա ես ուզում եմ կանգ առնել, կայանում է նրանում, որ ընդամենը մի քանի օրից ՀՀ-ում ներ է դրվելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ։ Այս համակարգին մենք նախապատրաստվել ենք 10 տարի։ Այս համակարգի մշակման վրա աշխատել են ՀՀ երկու նախագահներ, երեք վարչապետներ, չորս կոալիցիոն կուսակցություններ, տասնյակ մասնագետներ, միջազգային կազմակերպություններ, աշխարհի լավագույն փորձագետներ։

Այս 10 տարիների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ ֆորմատներով քննարկումներ, այդ թվում՝ նաեւ ընդլայնված երկու նիստ Հանրապետության Նախագահի մոտ, որին մասնակցում էին ինչպես կոալիցիոն մեր գործընկերները 2010թ., այնպես էլ մասնագետներ, որոնք ունեին քննադատական մոտեցումներ հայեցակարգի նկատմամբ։

Այս հայեցակարգը քննարկվել է զանգվածային լրատվական միջոցների մասնակցությամբ։ Ես անձամբ տասնյակ սեմինարներ եմ կազմակերպել՝ ներկայացնելու այս հայեցակարգի տրամաբանությունը եւ մեխանիզմները, որ մենք ձեզ հետ միասին ընդունել ենք 2010թ.։

2009-2010թթ. քննարկումների ընթացքում մենք որոշում ընդունեցինք ընդառաջ գնալ մեր ընդդիմախոսներին եւ այս հայեցակարգի ներդրումն իրականացնել 2014թ.  հունվարի 1-ից։ Այսինքն՝ նաեւ տրված էր  ժամանակահատված, որպեսզի մասնավոր հատվածը նախապատրաստվի համակարգի ներդրմանը, ինչպես նաեւ, որ պետությունը եւս մեկ անգամ փորձարկի այն ենթակառուցվածքները, որոնք մենք նախապատրաստել ենք այս համակարգը ներդնելու համար։

Ուզում եմ շեշտել, որ կենսաթոշակային բարեփոխումները աշխարհում համարվում են ամենաբարդագույն  բարեփոխումները։ Եվ այս բարեփոխումը մեր անկախ պետականության տարիների ամենաբարդ ռեֆորմներից մեկն է, որովհետեւ այդ ռեֆորմն առնչվում է ՀՀ յուրաքաչյուր քաղաքացու հետ եւ մեր  տնտեսական համակարգի բոլոր ոլորտների հետ։

Հարգելի գործընկերներ, այսօր ՀՀ-ում մենք ունենք շուրջ 510 հազար թոշակառու, եւ 2014թ. պետական բյուջեով մենք հատկացրել ենք շուրջ 240մլրդ դրամ  թոշակներ վճարելու համար։ 2014թ. պետական բյուջեով նախատեսվում է, որ միջին թոշակը ՀՀ-ում կավելանա 15%-ով՝ 31 հազար դրամից հասնելով 36 հազար դրամի: Բայց մենք ձեզ հետ միասին քաջ գիտակցում ենք, որ այս թոշակի մակարդակը բավարար չէ արժանապատիվ ծերություն ապահովելու համար։ Եթե հաշվի առնենք, որ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 41 հազար դրամ, իսկ առողջապահական նվազագույն զամբյուղը կազմում է 51 հազար դրամ, իսկ բազային կենսաթոշակը կազմում է ընդամենը 14 հազար դրամ, ապա մենք կտեսնենք, որ հարյուրհազարավոր քաղաքացիներ, որոնք ապրում են թոշակների հաշվին, աղքատության շեմից ցածր մակարդակի վրա են գտնվում:

Որպեսզի մենք կարողանանք բազային կենսաթոշակը 14 հազարից հասցնենք 41 հազարի, մեզ միայն այդ գործողության համար կպահանջվի առնվազն 270մլրդ լրացուցիչ ֆինանսավորում, իսկ դա կնշանակի, որ եթե մեր պետական բյուջեի 48 %-ն այսօր սոցիալական ծախսեր են, եւս ավելացումը 20-25 տոկոսային կետով թոշակների վճարումների, մեր պետության համար այնպիսի բեռ է, որ մենք չենք կարող այդ բեռը դնել պետական բյուջեի վրա, եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ում 500 հազար քաղաքացի է այսօր վճարում եկամտային հարկ։

Եվ ՀՀ-ում այսօր գործում է սերունդների համերաշխության սկզբունքը։ Այսինքն՝ այդ սոցիալական հարկի շնորհիվ մենք պետք է ապահովենք մեր ծերացող բնակչության արժանավայել կենսաթոշակները։

Հնարավո՞ր է արդյոք այս խնդիր լուծել: Այո՛, հնարավոր է, եթե մենք ձեզ հետ միասին շեշտակիորեն ավելացնենք սոցիալական հարկերը ՀՀ-ում կամ եթե մենք ձեզ հետ միասին փոխենք կենսաթոշակի անցնելու տարիքը: Այս խնդիրը մեզ  համար ավելի շոշափելի եւ ցավոտ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք ծերացող հասարակություն։

Այսօր 60 տարեկանից ավել տարիք ունեցող մեր բնակչության թվաքանակը կազմում է 15% ընդհանուր բնակչության թվի մեջ։ Իսկ սա նշանակում է, որ մենք ծերացող հասարակություն ենք։ Ավելին, 2-րդ համաշխահային պատերազմից հետո ծնվածների ալիքը, որը մոտակա տարիներին հասնում է կենսաթոշակային տարիքի շեմին, ենթադրում է, որ մոտակա 10 տարիների ընթացքում շեշտակիորեն ավելանալու է ՀՀ-ում թոշակառուների թիվը։ Իսկ սա նշանակում է, որ պետական բյուջեի վրա սոցիալական ծախսերի բեռը տարեցտարի խորանալու է, եւ մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք գտնել լուծում՝ ո՞րն է այն լավագույն համակարգը, որը հնարավորություն կտա լուծել այս խնդիրը։

Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ այս խնդիրը բնորոշ չէ միայն ՀՀ-ին։ 21-րդ դարի կարեւորագույն մարտահրավերներից մեկը համարվում է կենսաթոշակային ճգնաժամը, որն ամբողջ աշխարհում այսօր, ֆինանսական հատվածում առավել եւս, համարվում է ամենաբարդագույն խնդիրներից մեկը։ Եվ առաջին հերթին այս խնդիրը ծանրանում է այն երկրների վրա, որտեղ բնակչության ծերացման միտումներ են արձանագրվում։ Մենք համոզված ենք, որ այն կենսաթոշակային բարեփոխումը, որ ներկայացնում ենք ձեր դատին, այլընտրանք չունի, որովհետեւ մենք ձեզ հետ միասին անցնում ենք ավելի արդար համակարգի, որովհետեւ սերունդների համերաշխության մոդելով կառուցված կենսաթոշակային համակարգը ենթադրում է, որ այսօր թոշակառուն կարող է ստանալ այնքան թոշակ, ինչքան պետությունն ի վիճակի է հավաքագրել իր աշխատող քաղաքացիներից։ Իսկ դա նշանակում է աշխատող քաղաքացիների վրա բեռի ավելացում կամ հավասարաչափ թոշակների բաշխում։ Իսկ դա նշանակում է, որ ձեր տարիների վաստակը նշանակություն չունի, երբ որոշվում է, թե ինչ թոշակ դուք պետք է ստանաք, քանի որ այդ ֆինանսական բեռն ընկնում է աշխատող սերնդի վրա։

 Կուտակային կենսաթոշակային համակարգն արդար համակարգ է, որովհետեւ հաշվի է առնում ձեր անձնական վաստակը, որովհետեւ ստեղծում է խթաններ, որպեսզի դուք կուտակեք ձեր ապահով ծերության համար։

Քաղաքական սկզբունքը, որ մեզ հետ չի կիսում մեր ընդդիմախոսների բանակը, կայանում է հետեւյալում։ Մենք հայտարարում ենք՝ այսուհետեւ ապահով ծերության համար պատասխանատու է ոչ միայն պետությունը, այլ նաեւ աշխատող քաղաքացին։ Եվ սա այն քաղաքական փոփոխությունն է, բովանդակությունն է մեր ռեֆորմի։ Եվ մենք ասում ենք՝ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պարտավոր է պետության հետ միասին մտածել իր ապահով ծերության համար, եւ պարտավոր է հատկացումներ կատարել ամեն ամիս իր անհատական հաշվի վրա։

Լրացուցիչ խթան ստեղծելու համար 2014թ. պետական բյուջեի նախագծում մենք հատկացրել ենք 20մլրդ դրամ, որովհետեւ 275 հազար քաղաքացի հունվարի 1-ից պետք է անցնեն նոր համակարգի, եւ առաջին վճարումները մինչեւ փետրվարի 20-ը պետք է իրականացնեն իրենց անհատական հաշվառման հաշիվների վրա։ Եվ պետությունը ստանձնում է պարտավորություն՝ 5 %-ով ավելացնել իրենց խնայողությունը, այսինքն՝ կրկնապատկել այն 5 տոկոսային վճարումը, որ իրականացնում է յուրաքանչյուր աշխատող քաղաքացի։

Տարիների ընթացքում կուտակված միջոցները խթանելու են ՀՀ տնտեսական զարգացումը, որովհետեւ մենք ձեւավորելու ենք երկար փողերի շուկա՝ առանց որի չի կարող լինել նաեւ երկարաժամկետ ռեսուրսների գոյացում մեր տնտեսական համակարգում, եւ երկարաժամկետ ռեսուրսները չեն ուղղվելու մեր տնտեսության զարգացմանը։ Սա բացառիկ հնարավորություն է հաղթահարել այն ծուղակը, որում մենք հայտնվել ենք սերունդների համերաշխության սկզբունքի ներքո գործող կենսաթոշակային համակարգի ներքո։

Միեւնույն ժամանակ մենք քաջ գիտակցում ենք, որ կա մի մեծ հատված, որը դժգոհում է այս համակարգից, քանի որ այս համակարգը որոշակի բարդություններ եւ դժվարություններ է ստեղծելու մեր քաղաքացիների համար, որովհետեւ ցանկացած ռեֆորմ ենթադրում է վարքագծային կանոնների փոփոխություն, իսկ վարքագծային կանոնները հեշտ չեն մեզ տրվում։

Ես ուզում եմ ձեզ հիշեցնել երրորդ անձանց ռիսկերի պարտադիր ապահովագրման համակարգի ներդրումը, որ մենք ձեզ հետ միասին իրականացնում ենք։ Եվ մենք հիշում ենք, թե ինչ փաստարկներ էին բերում մեր ընդդիմախոսները, ինչ մեղադրանքներ էին ներկայացնում կառավարությանը, քանի որ մենք ձեզ հետ միասին գիտակցաբար յուրաքանչյուր մեքենա ունեցող քաղաքացու վրա դրեցինք բեռ։ Միջինում 30 հազար դրամ նրանք պարտավոր էին վճարել՝ ապահովագրելու երրորդ անձանց համար ռիսկերը։ Ընդամենը երկու եռամսյակ հետո, այս համակարգը ներդնելուց հետո ՀՀ բնակիչների ճնշող մեծամասնությունը՝ 75 %-ը, դրական է գնահատում այս համակարգը։

Մենք համոզված ենք, որ կենսաթոշակային այն համակարգը, որ մենք ներկայացնում ենք մեր ժողովրդի դատին, արժանանալու է նույն ճակատագրին։ Մեր  քաղաքացիները դրական են գնահատելու պարտադիր կուտակային համակարգի ներդրումը ՀՀ-ում։

Հաջորդ խնդիրը, որի մասին ուզում եմ խոսել, հարգելի քաղաքացիներ, հարգելի պատգամավորներ, հարգարժան ԱԺ նախագահ, սա հեշտ որոշում չէ, որովհետեւ մենք այսօր՝ ստեղծելով դժվարություններ մեր քաղաքացիների համար, մտածում ենք ապագա սերունդների մասին, որովհետեւ ընդամենը 23 տարի հետո նոր ի հայտ են գալու առաջին օգտվողները կուտակային հաշիվներից։ Բայց մենք՝ գիտակցելով  եւ ստանձնելով այս քաղաքական պատասխանատվությունը, համոզված ենք, որ հապաղել այլեւս չի կարելի։ Օր առաջ այս համակարգը մենք պետք է ներդնենք, որպեսզի հաղթահարենք կենսաթոշակային ճգնաժամը, որը մեզ սպասում է, եթե մենք համերաշխության սկզբունքից չանցնենք կուտակային սկզբունքին։

Միեւնույն ժամանակ, ուրախությամբ ուզում եմ նշել, որ այս օրերի ընթացքում բուռն քննարկումներ են գնում այս հարցի շուրջ, եւ մեր քաղաքացիներն արտահայտում են ոչ միայն դժգոհություն, մտահոգություններ, այլ բազմաթիվ հարցեր են ուղղում կառավարությանը։

Երեկ ես հանդիպեցի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի երիտասարդներին, որոնք նույնպես բավականին ակտիվ քննադատում էին այս հայեցակարգը։ 2,5 ժամ բանավեճ էր, որի ընթացքում մենք ավելի լավ հասկացանք, թե ինչ հարցեր են մտահոգում մեր քաղաքացիներին, եւ տվեցինք նրանց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Բայց մի բան ինձ չափազանց ուրախացնում է։ Մենք ձեզ հետ տեսնում ենք, թե օրեցօր ինչպես է ուժեղանում քաղաքացիական հասարակությունը։ Եվ այս ռեֆորմը ընդամենը չորս տարիների ընթացքում կրկնապատկելու է քաղաքացիական հասարակության ուժը, որովհետեւ մենք ձեզ հետ միասին պատասխանատու քաղաքացու համար ստեղծում ենք միջավայր։ 275 հազար քաղաքացի ինքնուրույնաբար պետք է որոշում կայացնեն, թե ո՞ր կուտակային սխեմային են իրենք ուզում մասնակցել, 275 հազար քաղաքացի ամեն ամիս վերահսկելու են ՀՀ կառավարությանը, որովհետեւ մենք պարտավոր ենք ամեն ամիս կրկնապատկել նրանց խնայողությունները, 275 հազար քաղաքացի ամեն օր վերահսկելու են օպերատորին, որը կառավարելու է Կենսաթոշակային հիմնադրամը, վերահսկելու են տոկոսադրույքները՝ ինչպիսի՞ տոկոսադրույքներ են նրանք ստանում այդ խնայողությունների դիմաց, արդյոք արդյունավե՞տ են կառավարում իրենց միջոցները, եւ մեզանից պահանջելու են, որպեսզի իրենց միջոցները մշտապես  գտնվի կառավարության ուշադրության կենտրոնու, եւ մենք պատշաճ վերահսկողություն իրականացնենք։ Եվ դա իրենք իրականացնելու են առնվազն 40-45 տարվա կտրվածքով, որովհետեւ նրանք իրենց խնայած այդ միջոցները գիտեն, որ ստանալու են, երբ անցնեն թոշակի։

Մենք ձեւավորում ենք որակապես նոր միջավայր, որակապես նոր քաղաքացի, որը պատասխանատու է լինելու իր որոշումների համար։ Եվ դա նշանակում է, որ քաղաքացիական հասարակությունն ավելի ու ավելի ուժեղանալու է այս տարիների ընթացքում։

Կառավարությունը նույնպես պետք է սովորի աշխատել այդ միջավայրում, որովհետեւ քաղաքացիական հասարակություն, նշանակում է առաջին հերթին անվստահություն այն գործիքների նկատմամբ, որոնք պարտադրում են քաղաքացուն այս կամ այն գործողությունը։ Ընդհանրապես պարտադրանքի ինստիտուտի նկատմամբ պետք է լինի շատ զգուշավոր մոտեցում եւ լրջագույն վերահսկողություն։ Եվ ես չափազանց ուրախ եմ, որ այսօր այդ միջավայրը, այդ մթնոլորտը ՀՀ-ում կա, եւ դա է երաշխիքը, որ այս համակարգը լինելու է արդյունավետ եւ ծառայելու է մեր ժողովրդի շահերին։

Հարգելի գործընկերներ, հարգելի պատգամավորներ, ԱԺ հարգարժան նախագահ, թույլ տվեք ՀՀ կառավարության անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ բյուջեի շահագրգիռ քննարկումների համար։ Շնորհակալություն։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Շնորհակալություն, պրն վարչապետ։

Հարգելի պատգամավորներ, ես առաջարկում եմ, որպեսզի կառավարության կողմից հրավիրված արտահերթ նստաշրջանն ավարտենք, մի քանի օրինագիծ ունենք, որ 2-րդ եւ 3-րդ ընթերցում պետք է անենք՝ ընդամենը 4-ը, մենք արագ կավարտենք եւ կկազմակերպենք բոլոր քվեարկությունները, եւ կավարտենք արտահերթ նստաշրջանը։

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «Պետական նպաստների մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝  աշխատանքի եւ սոցիալական  հարցերի նախարար Արտեմ Ասատրյան։ Համեցեք։

Ա.ԱՍԱՏՐՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, 3-րդ ընթերցմամբ ձեր քննարկմանը ներկայացված «Պետական նպաստների մասին» օրենքի նախագծում 2-րդ ընթերցումից հետո առաջարկություններ չեն եղել։ Այն նախագիծը, ինչը քննարկումների արդյունքում համատեղ լրամշակված նախագիծն ընդունվեց 2-րդ ընթերցմամբ, խնդրում եմ ընդունել 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հարցի քննարկումն ավարտվաց։

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ աշխատանքի եւ սոցիալական  հարցերի նախարար Արտեմ Ասատրյան։ Համեցեք։

Ա.ԱՍԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Նույնը վերաբերում է այս օրինագծին՝ առաջարկություններ չենք ունեցել 2-րդ ընթերցմամբ ընդունելուց հետո։ Խնդրում եմ ընդունել ամբողջությամբ։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Հարցի քննարկումն ավարտվեց։

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ բնապահպանության նախարար Արամ Հարությունյան։ Համեցեք։

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ներկայացվող նախագիծը 2-րդ ընթերցման ռեժիմում վերաբերում է  «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն։

Բավականին լուրջ քննարկումներ են եղել, արդյունքում նաեւ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ։ 1-ից 2-րդ ընթերցման ռեժիմի ժամանակ գրավոր առաջարկություններ չեն եղել։ Շնորհակալություն։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Քանի որ պատգամավորներից գրավոր առաջարկություններ չեն ներկայացվել, հարցեր չեն լինի։ Պրն նախարար, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Անցնում ենք մտքերի փոխանակությանը։ Հերթագրում ելույթների համար։

Ելույթներ չկան։ Ափոփիչ ելույթի անհրաժեշտությո՞ւն, պրն Հարությունյան։ Չկա՛։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝  աշխատանքի եւ սոցիալական  հարցերի նախարար Արտեմ Ասատրյան։ Համեցեք։

Ա.ԱՍԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Այս նախագծերի վերաբերյալ եւս չեն եղել առաջարկություններ, խնդրում եմ ընդունել ամբողջությամբ։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Քանի որ պատգամավորներից գրավոր առաջարկություններ չեն ներկայացվել, հարցեր չեն լինի։ Պրն նախարար, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Անցնում ենք մտքերի փոխանակությանը։ Հերթագրում ելույթների համար։

Հերթագրվել է մեկ պատգամավոր՝ Արծվիկ Մինասյան։

Բոլոր պատգամավորներին հրավիրում եմ դահլիճ, կազմակերպելու ենք քվեարկություն։

Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-ԱԺ  հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, այս օրինագծի հետ կապված իմ մտահոգությունն այն է, որ հերթական անգամ փորձ է արվում սոցիալական պաշտպանության ոլորտում ձեւավորված թեկուզ թույլ, բայց համակարգը տեղափոխել այլ հարթության մեջ։ Այն է, որ առնվազն 6 ամիս ժամկետով սահմանափակումն անձի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելը, որ նոր կարող է բերել սոցիալական ապահովության այս իրավունքի ժամանակավոր անաշխատունակության նպաստի ստանալու տեսակետից, համաչափ չէ ընդհանրապես սոցիալական պաշտպանության համակարգին։

Հետեւաբար, այդ տեսակետից թե՛ ծննդյան կապակցությամբ, այսինքն՝ հղի կանանց ժամանակավոր անաշխատունակության նպաստի տրամադրման եւ թե՛ նաեւ, ինչո՞ւ չէ, աշխատանքի վայրում որոշակի վնասվածքի կամ հիվանդության պատճառով ժամանակավոր անաշխատունակության նպաստը պայմանավորել աշխատանքային հարաբերությունների նվազագույնը 6 ամսվա գոյության հետ, արդար չէ՛, ճիշտ չէ՛։

Միաժամանակ ուզում եմ հարգարժան վարչապետին տեղեկացնել, որ մենք փորձ արեցինք, պրն վարչապետ, կուտակային կենսաթոշակային համակարգի մասին հենց այս դահլիճում քննարկում կազմակերպել արդյունավետորեն՝ լսելու փոխադարձ տեսակետները, հիմնավորումները, դուք մերժեցիք դա։ Եվ հիմա հայտարարում եք բաներ, որոնք, իմ խորին համոզմամբ, թե՛ մասնագիտական, թե՛ հանրային ընկալմամբ իրականության հետ քիչ առնչություն ունեն։ Եվ մենք, եթե դուք էլ կմիանաք ԱԺ-ին, ուրեմն, կհանդիպենք Սահմանադրական դատարանում՝ քննարկելու այն բոլոր հարցերը, որոնք բարձրացրել են մեր քաղաքացիները, եւ որոնց լուծումներ այս բարեփոխումների համակարգը չի տալիս։

Խորությամբ, խոր հարգանք ունենալով ընդդիմախոսների անձերի նկատմամբ, ես վստահ եմ, որ այս փոփոխությունները կկասեցվեն Սահմանադրական դատարանի կողմից, որովհետեւ սրանք բերում են արտագաղթի նոր ալիքի, սրանք բերում են մեր ազգային համակարգի նկատմամբ լուրջ սպառնալիքների։ Այսքանը, շնորհակալություն։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Ամփոփիչ ելույթների անհրաժեշտությո՞ւն։ Պրն նախարար, համեցեք։ Արտեմ Ասատրյան։

Բոլոր պատգամավորներին հրավիրում եմ դահլիճ։

Ա.ԱՍԱՏՐՅԱՆ

-Պրն Մինասյան, ես խնդրում եմ թյուրիմացության մեջ չգցել պատգամավորներին, քանի որ լրամշակված նախագիծը, որը ներկայացվել է ԱԺ քննարկմանը, մենք լրամշակել ենք եւ ձեր նշած դրույթները որեւէ առնչություն չունեն առաջին ընթերցմամբ ընդունված եւ երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքի նախագծի հետ։

Իսկ ինչ վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգին, կարծում եմ, դրա արդյունքները շատ շուտով բոլորիս համար առարկայական տեսանելի կլինի։ Կարծում եմ, որ այդ առումով մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Շնորհակալություն։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Հարցի քննարկումն ավարտվեց։

Հարգելի պատգամավորներ, այժմ կազմակերպում ենք քննարկված հարցերի քվեարկությունները:

Քվեարկության է դրվում առավարության կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ օրակարգի 6-րդ հարց։ Քվեարկություն։

Կողմ՝ 70
Դեմ՝   42
Ձեռնպահ՝ 1

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ օրակարգի 3-րդ հարց։ Քվեարկություն։

Կողմ՝ 73
Դեմ՝   37
Ձեռնպահ՝ 1

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ օրակարգի 7-րդ հարց։ Քվեարկություն։

Կողմ՝ 82
Դեմ՝   2
Ձեռնպահ՝ 28

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Պետական նպաստների մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ օրակարգի 8-րդ հարց։ Քվեարկություն։

Կողմ՝ 78
Դեմ՝   2
Ձեռնպահ՝ 33

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ օրակարգի 9-րդ հարց։ Քվեարկություն։

Կողմ՝ 74
Դեմ՝   27
Ձեռնպահ՝ 9

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ օրակարգի 13-րդ հարց։ Քվեարկություն։

Կողմ՝ 74
Դեմ՝   28
Ձեռնպահ՝ 9

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ընդունելու մասին հարցը՝ օրակարգի 19-րդ հարց։

Վարման կարգի վերաբերյալ՝ Էդմոն Մարուքյան։

Է.ՄԱՐՈՒՔՅԱՆ

-Ես երեկ հնարավորություն չունեցա խոսելու, պրն Աբրահամյան, քանի որ ոչ մի ֆրակցիայում չկամ։ Ես ուզում եմ ասել, որ ինձ համար շատ կարեւոր երեք առաջարկություններ կառավարությունն ընդունել է՝ երկար բանակցությունների արդյունքում, եւ մնացած մասով էլ քննարկում ենք։ Պետք է նաեւ նշեմ, որ քաղաքականությունը հնարավորինս արվեստ է։ Այս պահին այսքանն է եղել հնարավոր։ Ես կարծում եմ, որ կշարունակենք քննարկումները նաեւ մնացած մասով։ Ես կողմ եմ քվեարկելու։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Վարման կարգի վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյան։

Լռությո՛ւն դահլիճում։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Պետական բյուջեի նախագծին դեմ քվեարկելու իմ որոշումն ավելի ամրապնդվեց կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի եզրափակիչ ելույթը լսելուց հետո։ Պրն Սարգսյանը շատ հանգիստ բերեց վիճակագրություն, որ վկայում է Հայաստանում հաստատված ծայրահեղ ծանր սոցիալական իրավիճակի մասին, եւ նույնիսկ կես խոսք չասաց այն մասին, որ այդ վիճակը ստեղծվել է նաեւ այն պատճառով, որ գործող կառավարությունը չի կատարել նախկինում իր ստանձնած բազմաթիվ պարտավորություններ։

Ինչ վերաբերում է ապագայի խոստումներին, դրանց կարելի է լուրջ վերաբերվել այնքանով, որքանով կատարվել են, էլի արդեն ասացի, կառավարության նախկինում տրված խոստումները։

Ուզում եմ հիշեցնել, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է 2013թ. մարտի 18-ին, որ այն կառավարությունը, որ չի ապահովի 7% տնտեսական աճ, պետք է հրաժարական տա։ Բյուջեի նախագծում կառավարությունը նախատեսել է 5,8% տնտեսական աճ։ Շնորհակալություն։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Ավարտվե՞ց։

Քվեարկության է դրվում «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ընդունելու մասին հարցը՝ օրակարգի 19-րդ հարց։ Քվեարկություն։

Կողմ՝ 70
Դեմ՝   40
Ձեռնպահ՝ 1

Որոշումն ընդունվել է։

Շնորհավորում ենք, պրն վարչապետ, եւ ցանկանում ենք արդյունավետ աշխատանք։

Հարգելի պատգամավորներ, կառավարության կողմից ներկայացված արտահերթ նստաշրջանն ավարտվեց։ Ցտեսություն։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am