National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
09.06.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ - N 130

09 հունիսի 2009

Ժամը 1200

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԵՎԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի պատգամավորներ։ Խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղերը եւ նախապատրաստվեք գրանցման։ Գրանցում։

Գրանցվել է 98 պատգամավոր։ Քվորում ունենք, սկսում ենք մեր աշխատանքները։

Հարգելի գործընկերներ, մենք ստացել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որ համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից ՀՀ ԱԺ պատգամավոր է գրանցվել Վաչագան Անուշավանի Խուրշուդյանը։ Շնորհավորենք եւ ցանկանանք բեղմնավոր աշխատանք։

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հարգելի գործընկերներ, նախ՝ ներկայացնեմ այսօր քննարկվելիք հարցերի հաջորդականությունը։

Երեկ ընդհատված «2008թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը քննարկելուց հետո առաջարկում եմ քննարկել ԱԺ պատգամավոր Հովիկ Աբրահամյանի ներկայացրած «ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիրը, կառավարության ներկայացրած «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, ԱԺ պատգամավորներ Նարիա Զոհրաբյանի, Անահիտ Բախշյանի եւ Արման Սահակյանի կողմից ներկայացված «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հարգելի գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ երեկ, երբ մենք քննարկում էինք հարկային փաթեթը, այսօր դեռ գնում էր քաղաքական քննարկումները, դրա համար ես որոշել եմ այսօր քվեարկության չդնել, քանի որ ֆրակցիաները եւ կառավարությունը միասին աշխատում են։ Մենք այդ հարցը վաղը կորոշենք՝ քվեարկության դնե՞նք, թե՞ կառավարությունը հետ կվերցնի այդ փաթեթը։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ։ Շարունակում ենք մեր աշխատանքները։ Ինչպես ԱԺ նախագահը ներկայացրեց, նախ՝ մենք կքննարկենք երեկ նիստում ընդհատված հարցը, կշարունակենք քննարկումները։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Ի՞նչ պատահեց։ Խնդրում եմ լռություն դահլիճում։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Երեկ ԱԺ նիստի ընթացքում քննարկվեց «2008թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը։ Հիմնական զեկույցը ներկայացվել է ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի կողմից, ներկայացվել են Կենտրոնական բանկի եւ Վերահսկիչ պալատի եզրակացությունները, ինչպես նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը քննարկվող հարցի վերաբերյալ։

Այժմ ամբիոնի մոտ է հրավիրվում ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հանձնաժողովի եզրակացությունը տարեկան հաշվետվության վերաբերյալ ներկայացնելու համար։

Հ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Մեծարգո ԱԺ նախագահ, հարգելի պատգամավորներ, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 89-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկացնում ենք, որ 2008թ. բյուջեի տարեկան հաշվետվությունում պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի մասին ներկայացվել է պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում։

«Բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունում պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության վերաբերյալ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն։ Այսքանը։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հերթագրում հարցերի համար։

Հարցեր չկան, պրն Կարապետյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Հարգելի գործընկերներ, այլ մշտական հանձնաժողովներից հայտ չի ներկայացվել իրենց եզրակացությունները հրապարակելու համար։

Ուստի, այժմ՝ հերթագրում ելույթների համար։

Հերթագրվել են երեք պատգամավորներ։ Առաջին ելույթը՝ Տիգրան Թորոսյան։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, կարծում եմ չափազանց հետաքրքիր եւ կարեւոր հարց է քննարկվում։ Կարեւորությունը, համոզված եմ, բոլորի համար ակնհայտ է։ Երկրի բյուջեի հաշվետվությունը «Բյուջեի մասին» օրենքի նախագծից հետո թերեւս կարեւորագույն փաստաթուղթն է ոչ միայն տնտեսական առումով, այլ նաեւ՝ քաղաքական։

Ինչ վերաբերում է հետաքրքրությանը, ապա այս բյուջեի հաշվետվությունն իր մեջ պարունակում է բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Կարծում եմ, այդ թվում նաեւ այն հարցի պատասխանը, որի վերաբերյալ եւ՛ երեկ, եւ՛ նախորդ քառօրյայում բավականին երկար եւ բուռն քննարկումներ տեղի ունեցան։

Առաջին հայացքից այս հաշվետվությունը շարունակում է այն ավանդույթը, որը 2000թ. սկսած ստեղծվել էր մեր բյուջեների հետ կապված։ Հիմնական մի քանի ցուցանիշներ հենց դրա մասին են խոսում։ Ճիշտ է, համախառն ներքին արդյունքի աճն ավելի ցածր է, քան նախորդ տարիներին, բայց, այնուամենայնիվ, մոտ 7 %-ի աճը զգալի է։ Կարծում եմ, սա պիտի անպայման գնահատենք։ Գնահատելի է նաեւ հարկերի հավաքելիության խնդիրը, որովհետեւ, ի վերջո, գերակատարվել է, ԱԺ-ում հաստատված օրենքով, սահմանված հարկերի հավաքման համար անհրաժեշտ ցուցանիշը։ Սակայն մի քանի հանգամանքներ կան, որոնք այս լավ ֆոնը, չակերտների մեջ ասած, փչացնում են։

Եթե ուշադրություն դարձրել եք նախորդ տարվա արտաքին առեւտրաշրջանառության ցուցանիշներին, ապա նկատած կլինեք, որ առաջին անգամ է 2000թ. սկսած, երբ մեր արտահանումն ունեցել է զգալի անկում։ Դա այն դեպքում, երբ ներմուծումը մոտ 35 %-ով աճել է։ Ի՞նչն է սրա պատճառը։ Այս հարցի պատասխանը, կարծում եմ, չափազանց կարեւոր է, որովհետեւ 2009թ. առաջին չորս ամիսների նման ցուցանիշները պարզապես աղետալի են։ Արտաքին առեւտուրը կրճատվել է 30 %-ով, արտահանումը՝ 48 %-ով, ներմուծումը՝ 25 %-ով։ Սա, կարծում եմ, լուրջ ահազանգ է, եւ այստեղ բացատրությունը, թե սա հետեւանք է համընդհանուր կամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի, չեմ կարծում, որ շատերին կհամոզի։ Պարզապես տեղի է ունենում տնտեսական քաղաքականության կտրուկ փոփոխություն, որի առաջին քայլերն արվել են անցած տարվա ընթացքում։

Հենց երեկվա քննարկումները ցույց էին տալիս, որ առաջարկվում է արտառոց մի մեխանիզմ։ Ուզում եմ հիշեցնել քիչ առաջ  ասածս, որը նաեւ արձանագրված է հաշվետվությունում, որ մենք 2008թ. ունեցել ենք հարկերի մոտ 18 %-ի աճ։ Ի՞նչ պատահեց, որ նման կտրուկ աննախադեպ ոչ միայն մեր երկրի համար, այլեւ որեւէ բնականոն զարգացում ունեցող երկրի համար առաջարկվում էր նման մեխանիզմ։ Կարծում եմ, պատասխանը պետք է փնտրել ոչ թե տնտեսական վերլուծությունների մեջ, այլ զուտ քաղաքական խնդիրներում, որոնք գոյություն ունեն։ Սակայն պատկերը սրանով չի սահմանափակվում։

Ինչպես հիշում եք, նախորդ քառօրյայում մենք քննարկում էինք «Բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն, որտեղ առաջարկվում էր դեֆիցիտի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը սահմանված 5 %-ից ավելացնել եւ հասցնել մինչեւ 7,5 %-ի։ Ուզում եմ հիշեցնել, որ անցած տարի ընդամենը 0,7% է եղել դեֆիցիտի չափաքանակը մեր բյուջեում։  Ավելին, կարող եմ բերել նախորդ տարիների տվյալները. 2008թ. մենք ունեցել ենք, ինչպես ասացի, 0,7% դեֆիցիտ, 2007թ.՝ 1,5%, 2006թ.՝ 1,3%, 2005թ.՝ 1,7%, 2004թ.՝ 1,5%, այսինքն՝ միջինը 1,5%։ Ի՞նչն է պատճառը, որ 5 անգամ ուզում ենք մեծացնել դեֆիցիտի չափը։ Ընդ որում, այդ 5 անգամն ունի նաեւ կոնկրետ թվային արտահայտություն։ Դա, եթե մենք պահպանենք մեր համախառն ներքին արդյունքը -10 %-ի չափով, որն այս 4 ամիսներին արդեն արձանագրվել է մինչեւ տարեվերջ, ապա մենք ունենալու ենք մոտավորապես 3,3 տրիլիոն միլիարդ դրամ մեր համախառն ներքին արդյունքում, եւ սրա 7,5 %-ը դժվար չէ հաշվել։ Դա անում է մոտավորապես 250 մլրդ դրամ։ Սա հսկայական մի թիվ է։ Եվ եթե մենք համարենք, որ մեր բյուջեն էլ մնալու է գրեթե նույնը, ապա սա նշանակում է՝ բյուջեի մոտ 30 %-ը լինելու են վարկեր, ընդ որում՝ առաջին վարկը՝ աննախադեպ։ 2000թ. սկսած ժամանակահատվածի համար աննախադեպ ցուցանիշ է՝ իր տոկոսադրույքը, որովհետեւ նման տոկոսադրույքով այդ ժամանակահատվածում մենք որեւէ վարկ երբեք չենք վերցրել։

Սա համոզված եմ, որ իսկապես մեր տնտեսական քաղաքականության կտրուկ փոփոխություն է նշանակում, որովհետեւ նման քայլերը, որոնք առաջարկվում են, կարծում եմ, որեւէ մեկի համար գաղտնիք չէ։ Սրանք տնտեսական խնդիրների լուծման մեխանիզմներ չեն։ Մեր նման փոքր երկրներում ակնհայտ է բոլորի համար, որ նման մեխանիզմների կիրառումը չի կարող այդպիսի խնդիրների լուծման ճանապարհ լինել, որովհետեւ, ի վերջո, բոլորը ճանաչում են, այստեղ ասվում էր, 7-8 տասնյակ գործարարներին բոլորը հիանալի ճանաչում են։

Եվ ունենալով նախընթաց տարում հարկերի զգալի աճ, ունենալով օրենսդրություն, որն ապահովում է հարկերի զգալի աճ, եւ նման փոփոխություն անել, սա նշանակում է պարզապես բերել մի մեխանիզմ, որի տապալումը կամ մասնակի, առնվազն, տապալումը գրեթե ակնհայտ է, եւ հետագայում ունենալ բացատրություն, թե ինչո՞ւ 2009թ. բյուջեն  ունեցավ այնպիսի արդյունքներ, որոնք դժվար չէ կանխատեսել, պարզ մի մեխանիզմ է։

Ավարտելով խոսքս, ուզում եմ ասել հետեւյալը, որն ակնհայտ է արդեն 2008թ. բյուջեի հաշվետվության մեջ, որ իսկապես Հայաստանում փոխվում է տնտեսական քաղաքականությունը։ Սա հիմնական խնդիրն է, որ այստեղ պիտի քննարկման առարկա լիներ։ Ցավոք սրտի, առանձին մեխանիզմների հետ կապված են բուռն քննարկումները, սա էլ հասկանալի է, միգուցե։ Ինչեւէ, այսքանն էր, որ ուզում էի ասել։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հաջորդ ելույթը՝ Արմեն Մարտիրոսյան։

Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Բարի օր բոլորին։

Ընդհանրապես բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցությունը բազմաթիվ անգամ բարձրացրել է ոչ միայն թվաբանական ցուցանիշների խնդիրը, այլ նաեւ արդյունավետությունը։ Ես կարծում եմ, արդյունավետության համար կա մեկ հստակ չափանիշ։ Դա այն է՝ արդյո՞ք շարքային քաղաքացին իր առօրյա կյանքում զգաց դրական զարգացումներ իր կենցաղային, սոցիալական խնդիրներն ապահովելու գործում։ Կարծում եմ,  ո՛չ։

Եվ այսպես, ես մի փոքր դետալացված ձեւով ներկայացնեմ 2008թ. բյուջեի կատարողականը։

Առաջին խնդիրը, որ ինձ համար գոյություն ունի, դա, բնականաբար, բյուջեի մուտքերն են։ Ծախսերը մենք որքան ասես, կարող ենք անել, ծախսելու տեղ միշտ էլ կգտնվի, բայց, ա՛յ, խնդիր է մնում մուտքերի ապահովումը՝ հատկապես հարկերի առումով։ Եվ այսպես, հարկեր-ՀՆԱ  հարաբերակցությունը կազմում է ընդամենը 17%։ Սա շատ ցածր ցուցանիշ է։ Ես բազմաթիվ անգամ նշել եմ, եւս մեկ անգամ նշում եմ, որ փորձագիտական տվյալներով հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում,  ես նշում եմ եւս մեկ անգամ, առանց ստվերը հարկային դաշտ բերելու, կարելի է ապահովել միա՛յն վարչարարության հաշվին 21,4%։ Սա, կարծում եմ, եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ գրեթե քառորդ անգամ կամ 25 %-ով վարչարարությունը վատ է կատարվել, իսկ դա հսկայական գումար է։

2-րդ՝ որ ինձ համար մեծ նշանակություն ունի, դա հարկերի մեջ տարբեր հարկատեսակների բաղադրիչն է։

Եվ այսպես, պետք է նշեմ, որ միանշանակ այս առումով մենք որեւէ առաջընթաց չունենք, եւ այն խնդիրները, որոնք եղել են, մինչ այժմ էլ ավելի են խորացել։

2008թ. պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 318,3 մլրդ դրամ՝ ավելացված արժեքի հարկի գծով ապահովելով եկամուտների 53,2 %-ը նախորդ տարվա 52,2 %-ի դիմաց։ Այսինքն՝ 1% ավելացել է ստվերը, 1% ավելացել է քաղաքացու գրպանից հավաքագրվող գումարը, 1 %-ով վատացել է հարկային վարչարարությունը նաեւ այս առումով, որովհետեւ բոլորիս համար պարզ է, որ եթե հարկային վարչարարությունը ճիշտ է աշխատում, ոչ թե ավելանում է ավելացված արժեքի հարկը, որովհետեւ այն նաեւ ներմուծման հաշվին է ավելանում, այլ պետք է ավելանար շահութահարկի, եկամտահարկի հաշվին։ Բայց, նայում ենք հենց այդ բաղադրիչները։

Այսպիսով, ակցիզային հարկը նվազել է 0,5 %-ով, շահութահարկը նվազել է 0,6 %-ով, եկամտահարկը նվազել է 0,3 %-ով։ Այսինքն՝ բոլոր օբյեկտիվ չափանիշներով, որը սահմանում է հարկային դաշտի նորմալ աշխատանք, նորմալ վարչարարություն, մենք ունեցել ենք բացասական արդյունք։

Շատ կարեւոր է, կարծում եմ, նաեւ արդյունաբերության բաժին վերլուծությունը։ 2008թ. արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների մոտ 2% աճ, բայց 2006թ. 2,6 %-ի դիմաց։ Ընդ որում, աճը նորից պայմանավորված է եղել հանքագործական արդյունաբերության եւ էլեկտրաէներգիայի, գազի, տաք ջրի, գոլորշու արտադրության ու բաշխման ծավալների, դրանց հաշվին՝ համապատասխանաբար 1,5 եւ 8% աճերով։ Բայց պետք է նշեմ, որ մշակող արդյունաբերության ոլորտում աճ է արձանագրվել ընդամենը 0,6%, սակայն նրա առանձին ենթաճյուղերում գրանցվել է թողարկման ծավալների նվազում, մասնավորապես, մետաղագործական արդյունաբերություն՝ 9,6%, քիմիական արդյունաբերություն՝ 14,8% եւ ոսկերչական արտադրանքների արտադրություն՝ 16,3%։ Այս ճյուղերում նվազում է գրանցվել, այսինքն՝ վերջնական արտադրանք որպես այդպիսին, մենք առավել նվազ ենք արտադրել, քան, ասենք, ուղղակի հումք ենք վաճառել։

Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ճյուղերում եւ սննդամթերքի՝ ներառյալ խմիչքների, արտադրությունում տեղի է ունեցել նվազում, կներեք, աճ՝ 7,1 եւ 6,1։ Չէ՛, կներեք, անկումը 7,1 եւ 6,1%։ Սա եւս մտահոգիչ է։

Պետք է ասեմ, որ մեր պարծեցած շինարարության ոլորտում, որը մեզ ներկայացվում է, որ սա կարող է տնտեսությանն առաջ տանելու շոգեքարշ դառնալ, եւս մտահոգիչ տենդեցներ են եղել։ Ըստ էության, ֆինանսավորման աղբյուրների համաձայն՝ կապիտալ շինարարությունում բնակչության միջոցները կազմել են 72,1%։ Այսինքն՝ հիմնականում շինարարության մեջ զարկ է տրվել ոչ թե այնպիսի շինարարությանը, որ հետագայում կարող էր տնտեսական աճի հիմք հանդիսանալ արդյունաբերության համար, այն էլ ընդամենը բնակարանաշինություն եւ վերանորոգում։ Սա, կարծում եմ, բավականին բացասական է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող կապիտալ շինարարության ծավալները նախորդ տարվա նկատմամբ նվազել են 28,9 %-ով։ Ընդ որում, պետական բյուջեի միջոցների հաշվին շինարարության ծավալները կազմել են 62 մլրդ դրամ, եւ նախորդ տարվա նկատմամբ եւս նվազել են 10%։

Եթե կարելի է, 3 րոպե եւս։

Այսինքն՝ այնպիսի շինարարությունը, որը պետք է հետագայում ծառայությունների մատուցման արդյունաբերության զարգացման հիմք  հանդիսանար, ես կարծում եմ, ով ասելիք ունի, հետագայում կարող է գալ այստեղ, ասել։ Այս առումով եւս չապահովել, հատկապես, եթե սա նայում ենք պետական քաղաքականության առումով, այսինքն՝ պետությունը եւս շահագրգռված չէ սրանում։

Եվս մեկ մտահոգիչ խնդիր ես տեսել եմ արտաքին դրամաշնորհների հետ կապված։ Խնդիրը վերաբերում է պաշտոնական դրամաշնորհներին։ Եթե նայում ենք, տեսնում ենք, որ մեծամասամբ այստեղ եւս նվազում է եղել նախատեսվածի նկատմամբ։ Մասնավորապես, Հազարամյակի մարտահրավերներ դրամաշնորհային ծրագրի հետ կապված տրամադրվել է 15 մլրդ դրամ, որը կազմել է նախատեսվածի 38,4 %-ը։ Նմանատիպ վիճակ է նաեւ Եվրամիության կողմից տրամադրվող դրամաշնորհի հետ կապված։ Այսինքն՝ սա անմիջական կապ ունի մեր ներքին  քաղաքականության հետ, երբ երկրի ոչ ժողովրդավարական գործընթացներն ազդում են նաեւ նրա միջազգային հեղինակության վրա, նաեւ, բնականաբար, գումարների հատկացման խնդրի վրա։

Եվ վերջապես, ամենավերջին խնդիրը։ Ես փորձեցի այս բյուջեից Ջին-ի գործակիցը գտնել, որը ցույց է տալիս, թե եկամուտների բաշխվածությունը բնակչության մոտ ինչպիսին է։ Ցավոք, չգտա։ Ուստի, կներկայացնեմ 2007թ. տվյալները, որի համաձայն՝ այս ցուցանիշը մեծացել է՝ հասնելով 0,263-ի փոխարեն 0,369-ի, ինչը ցույց է տալիս, որ աղքատներն էլ առավել են աղքատացել, հարուստներն էլ առավել են հարստացել։ Չեմ կարծում, որ 2008թ. այս ցուցանիշը՝ դրական առումով, փոխված լիներ, որովհետեւ մենք այնպիսի քայլեր իրականացրինք, որը թույլ չտվեց նաեւ եկամուտների բաշխվածությունը մեծանա  բնակչության բոլոր շերտերի մեջ։

Այսպիսով, այս ամենը հաշվի առնելով՝ ես բացասական եմ գնահատում 2008թ. բյուջեի կատարողականը, գնահատում եմ, որ մեր քաղաքացին այս բյուջեի արդյունքում չկարողացավ լուծել իր հանապազօրյա խնդիրները։ Շնորհակալություն։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Վերջին ելույթը՝ Ստյոպա Սաֆարյան։

Ս.ՍԱՖԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Բարի օր բոլորին։

Սա արդեն 3-րդ բյուջեն է, որ գոնե «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական գործունեության ընթացքում քննարկվում է ԱԺ դահլիճում։ Եթե առաջին տարին մենք պահանջում էինք ՀՀ կառավարությանը ներկայացնել ոչ միայն  ցուցանիշներ, այլ նաեւ կատարված ծրագրեր, իսկ 2-րդ անգամ պահանջում էինք կառավարությանը ներկայացնել ոչ միայն հատկացումներ, ծախսեր եւ ծրագրեր, այլ նաեւ այդ ծրագրերի արդյունավետության չափանիշներ եւ գնահատականներ, պիտի արձանագրել, որ մենք այդպես էլ դրանք չունեցանք։ Ես հարկադրված եմ իմ ելույթը կառուցել մի փոքր ոչ ստանդարտ կերպով, կրկին գնահատական տալ բյուջեի կատարողականին ոչ այն հարցադրման շրջանակներում, ինչը դրեց իմ գործընկեր Արմեն Մարտիրոսյանը, այն է՝ որքանով է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր վրա զգացել բյուջեի կատարման բարեբեր հետեւանքները, այլ ինքս կառաջադրեմ մի չափանիշ, որը բխում է ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածից։ Այն է՝ ՀՀ-ն ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան, սոցիալական պետություն է։ Եվ ես գնահատելու եմ՝ որքանով է այս բյուջեի կատարումը մեզ մոտեցրել կամ հեռացրել սահմանադրորեն ամրագրված այդ նպատակի ձեռքբերումից։

Եվ այսպես, 2008թ. պետական բյուջեով օրենսդիր եւ գործադիր մարմինների պետական կառավարման ֆինանսական, հարկաբյուջետային եւ արտաքին հարաբեությունների համար հատկացվել է 53 մլրդ 284 մլն 957,7 դրամ, որը կատարվել է 96,0 %-ով։

Ես չեմ ուզում կողմ քվեարկել մի բյուջեի, որտեղ կատարվել է նման հատկացում, եւ այդ հատկացման մի մասը ՀՀ կառավարությունը ծախսել է ՀՀ ԱԺ հակաժողովրդական օրենքներ, օրինագծեր բերելու վրա։

Պաշտպանություն՝ հատկացվել է 125 մլրդ 436 մլն 245 հազար դրամ, որը կատարվել է 96,5 %-ով։

Պաշտպանության հարցերի նկատմամբ մենք բոլորս զգայուն ենք, բայց ես պիտի վերստին փաստեմ, որ այս գումարներից ինչ-որ մի մաս իմ համար անթույլատրելի կերպով ծախսվել է նրա վրա, որ մարտի 1-ին բանակը բերվի Երեւան։ Կարծում եմ, որեւէ մեկը չի կարող հերքել, որ այդ գումարներով չէ, որ բանակն իրականացրել է իր գործողությունները Երեւանում։

Հասարակական կարգ, անվտանգություն եւ դատական գործունեություն՝ հատկացվել է բյուջեով 53 մլրդ 334 մլն 506 հազար դրամ։

Ես չեմ ուզում կողմ քվեարկել մի բյուջեի կատարողականի այն տարվա կտրվածքով, երբ իրավապահ ողջ համակարգը զբաղված էր քաղաքական հետապնդումներով։ Ակնհայտորեն, նա այդ գործունեությունը ծավալել է բյուջեից կատարված այս հատկացումների հաշվին։ Մասնավորապես, ոստիկանությունն այդ գումարների շրջանակներում պահմտոցի, բռնոցի եւ այլ տեսակի խաղեր է խաղացել Հյուսիսային պողոտայում մարտի 1-ից հետո, մարտի 1-ին բոլորիս հասկանալի գործողություններն է իրականացրել։

Դատարաններ՝ հատկացվել է 7 մլրդ 429 մլն 650 հազար դրամ։

Ես չեմ ուզում քվեարկել նաեւ այս ծախսի օգտին, որովհետեւ այս ծախսի հաշվին ՀՀ դատարաններում ընդունվել են ապօրինի դատավճիռներ, որի արդյունքում Հայաստանը ձեռք է բերել քաղբանտարկյալներ։

Դատախազություն՝ 2 մլրդ 645 մլն 386 հազար դրամ։ Ծախսը կատարվել է 96,4 %-ով։

Ես չեմ քվեարկի այս ծախսի օգտին այն դեպքում, երբ դատախազությունն այս գումարների հաշվին իրականացրել է Սահմանադրությամբ վերապահված ոչ թե օրինականության նկատմամբ վերահսկողության գործառույթ, այլ անօրինականության նկատմամբ վերահսկողության գործառույթ։

Ես չեմ ուզում այս ծախսերին կողմ քվեարկել, արդարացնել այն աշխատավարձերը եւ այն ծախսերը, որի արդյունքում հատուկ քննչական գործը հյուսել է մարտի 1-ի գործ, 7-ի հայտնի գործ, որից առ այսօր մենք բոլորս չենք կարողանում ազատվել։

Ես չեմ ցանկանում նաեւ կողմ քվեարկել անգամ ԱԺ-ին հատկացված այն ծախսերի համար, որի արդյունքում մարտի 4-ին մերկապարանոց մեղադրանքի վրա, որը ներկայացվեց դատախազի կողմից, մեղսակցությամբ ազատազրկեցին մեր չորս գործընկերներին։

Ես չեմ կարող օրինականացնել այս ծախսերը։   Ես չեմ կարող օրինականացնել նաեւ բյուջով հատկացված այդ ծախսերը՝ զորօրինակ, շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված, որովհետեւ, կարծում եմ, բոլորի հիշողության մեջ թարմ է, թե անցած տարի՝ 2008-ին, հայրենի կառավարությունն ինչպես էր պայքարում բնապահպանության դեմ՝ Սեւանի մակարդակը 2 անգամ նվազեցնելու իր նախաձեռնություններով։

Ակնհայտորեն նման անհեթեթ քայլերի, նման անհեթեթ որոշումների վրա ծախսվել են պետական միջոցներ, որոնք ՀՀ-ին որեւէ կերպ չեն մոտեցրել իրավական, սոցիալական, ժողովրդավարական, ինքնիշխան պետություն լինելու հեռանկարին։

Հարգելի գործընկերներ, ինչպես վարվում եմ յուրաքանչյուր տարվա բյուջեի կատարողականի ժամանակ, թույլ տվեք ամենավերջում, շնորհակալություն, որ թույլ եք տալիս, պիտի խնդրեմ եւս 2 րոպե, ներկայացնել նաեւ ակտիվ նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարող ՀՀ տարբեր գերատեսչությունների կողմից կատարված գործուղումները, որոնք իմ պատկերացումներով պիտի իսկապես բավականին լուրջ իրավիճակ ապահովեին արտաքին քաղաքական դաշտում։

Պարզվում է, ուրեմն, ներկայացնում եմ թոփթենա, այսպես կոչված, ամենաշատ ճանապարհորդած եւ շրջագայած գերատեսչությունների՝

1.Նախագահի աշխատակազմ

2.Կառավարությանն առընթեր ԱԱ ծառայություն

3.Կառավարությանն առընթեր ոստիկանություն

4.ՀՀ ԱԺ

5.ՀՀ արտաքին գործերի նախարարություն

6.Կառավարության աշխատակազմ

7.Կրթության, գիտության նախարարություն

8.Էկոնոմիկայի նախարարություն

9.ՀՀ դատախազություն

10.ՀՀ ֆինանսների նախարարություն

Արդյունքում, մենք ունենք ուղղակի բոլորիս հիացնող արդյունքներն այս շրջագայությունների արդյունքում։

Ես դեմ եմ քվեարկելու 2008թ. բյուջեի կատարողականին։ Հիմնավորումների մասին արդեն իսկ ասացի իմ ելույթում։ Շնորհակալություն։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, մեկ խմբակցություն է հայտ ներկայացրել՝ «Ժառանգություն» պատգամավորական խմբակցությունը։

Ամբիոնի մոտ է հրավիրվում պատգամավոր Անահիտ Բախշյանը։

Ա.ԲԱԽՇՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ։ Մայիսի 8-ին ես հարց եմ ուղղել կառավարությանը, որի բովանդակությանն ուզում եմ ծանոթացնել ձեզ։ Այդ նամակի բովանդակությունը բխում էր  Վերահսկի պալատի 2008թ. հաշվետվությունը ստանալուց հետո, երբ վելուծեցի այդ հաշվետվությունը, եւ իմ մեջ ծագած բազմաթիվ հարցերը, ընդվզումը ներկայացրեցի կառավարությանը։ Ուզում եմ ներկայացնել այդ հարցադրման պատասխանը։ Չնայած վաղն ունեմ այդ հնարավորությունը, բայց ժամանակս վաղը չի ների, դրա համար օգտվում եմ նաեւ այս հնարավորությունից։

«Վերահսկիչ պալատի կողմից 2008թ. ընթացքում իրականացված տարբեր ծրագրերին վերաբերող հաշվետվություններում վկայակոչված են մի շարք թերացումներ, խախտումներ, որոնց հետեւանքով այնքան դժվարությամբ վարկի տեսքերով ձեռք բերվող ֆինանսական միջոցները վանվել, եթե չասենք մսխվել են այս կամ այն իշխանավորի թողտվությամբ։

Ինձ անչափ հուզում է հետեւյալ հարցը։ Պրն վարչապետ, դուք ստանձնելով պաշտոնը՝ խոստացաք ազնվորեն ծառայել մեր ժողովրդին եւ երկրում տնտեսական առաջընթաց ապահովել, որին ուզում էինք հավատալ։ Սակայն ոչ միայն վերոնշյալ ծրագրերում, այլեւ վերջին մեկ տարում Վերահսկիչ պալատի հաշվետվություններում արձանագրված պետբյուջեի գումարների բազմաթիվ չարաշահումներ թույլ տված չինովնիկների անպատժելիությունն անվստահության մթնոլորտ է ձեւավորում իշխանությունների նկատմամբ եւ հասարակությանն ընդվզման առիթ է տալիս։

Ուզում եմ հասկանալ, թե ժողովրդի առաջ այս պատասխանատու առաքելությունը ստանձնած կառավարության ղեկավարն իր բարձր պաշտոնը, դիրքն ու գործառույթները ե՞րբ եւ ի՞նչ կերպ է օգտագործելու, կամ երբեւիցե օգտագործելո՞ւ է արդյոք հարկատուներից ներդրումներով եւ բազմաթիվ վարկերով դժվարությամբ կայացող պետական բյուջեն թալանողներին պատժելու ուղղությամբ։ Կարծում եմ, այն չինովնիկը, որն ազգին ծառայելու փոխարեն պետական գանձարանից գողանում է նույնիսկ մեկ լումա, ցանկացած մարդ, ոչ միայն չինովնիկ, նա պետք է զրկվի պետական պաշտոնից, եւ այդ փաստն օրինակ ծառայի մյուսների համար»։

Այս նամակիս պատասխան՝ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ներկայացնում է. «Ինչպես Վերահսկիչ պալատի, այնպես էլ վերահսկողության օբյեկտ հանդիսացող մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության վերլուծման արդյունքում կարելի է եզրահանգել, որ ստուգված ծրագրերով առկա չեն խոշոր չափերի հասնող ֆինանսական խախտումներ կամ խիստ էական բացթողումներ»։

Հարգելի գործընկերներ, դուք ինքներդ էլ այս ամբիոնից բազմաթիվ այդպիսի թերացումների մասին խոսեցիք, անկախ նրանից՝ ընդդիմության, թե կոալիցիայի ներկայացուցիչ պատգամավորներ եք, եւ նշեցիք, թե ինչպես կարելի է բյուջեում թույլ տալ այսպիսի վատնումներ, կամ հենց Վերահսկիչ պալատի ամբողջ այդ փաթեթը վերլուծելուց հետո տեսնում ես, թե ինչպիսի խայտառակ ձեւով են տարբեր ծրագրեր իրականացվում, որոնց արդյունավետությունը գնահատելու գործիքները մենք չունենք։ Մեր կյանքն է ցույց տալիս, մեր ժողովրդի սոցիալական վիճակը եւ դժգոհ վիճակը ցույց է տալիս, թե ինչքանով է այս բյուջեն իրականացել, մեր ժողովրդի  հոգսերը հոգացել, կարիքները հոգացել, ինչքանով ենք ապահովել մեր ժողովրդի կրթությունը, առողջապահությունը, սոցիալական վիճակը։

Որբ երեխաներին հատկացված 337 մլն դրամը, եւ այդպես էլ չի ծախսվել ու տարիներ շարունակ չի ծախսվում, մեկ միլիարդից ավելի գումարի է հասնում այդ ծախսը՝ անարդյունավետ։ Եվ դա կոչվում է անարդյունավետ։ Զարմանալի է։ Անարդյունավետն այն է, որ այսօր այստեղ կարող ես լավ չծախսել, բայց վաղը մի ուրիշ տեղ ավելի լավ նպատակով եւ ճիշտ ծախսել։ Սա կարող ենք անարդյունավետ ծախս համարել, բայց յուրացումները, մսխումներն ինչպե՞ս կարելի է անարդյունավետ համարել։

Արարատի մարզի 4 գյուղեր 4 տարի շարունակ գազաֆիկացման հետ կապված ունեն խնդիրներ։ Իրենք իրենց բոլոր հողատարածքները վաճառել էին, հավաքել էին ինչ-որ գումար, որպեսզի գազաֆիկացնեն, մինչ օրս չեն գազաֆիկացրել։ Պրն վարչապետն ինձ պատասխանում է, որ նրանց ժամանակ է տրված՝ մարտի 9-ի որոշումով եւս 2 ամիս։ Երկու ամիսն էլ է անցել, ես խոսել եմ նրանց հետ, գազաֆիկացում դեռ չկա։ Այդ մարդիկ փողերն առել են, փախել են։

Հիմա՝ բյուջեին տալ գնահատական,  2008թ. կատարողականին տալ գնահատական, նշանակում է հետեւյալ հարցին նաեւ պատասխանել։ Այսօր նվազագույն աշխատավարձը 30 հազար է, իսկ կենսապահովման զամբյուղը 40 հազարից անցնում է, ինչպե՞ս պիտի ապրի մեր քաղաքացին, ինչպե՞ս պիտի հոգա իր հոգսերը, ո՞վ պիտի հոգա այդ ծանր սոցիալական վիճակից դուրս գալու խնդիրները։

Ես կարծում եմ, որ 2008թ. բյուջեն, համենայնդեպս, այդ խնդիրները չի լուծել, եւ դրական գնահատականի մասին խոսք լինել չի կարող։

«Ժառանգություն» խմբակցությունը բյուջեի կատարողականը գնահատում է բացասական։ Շնորհակալություն։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ելույթներն ավարտվեցին, մենք անցնում ենք եզրափակիչ ելույթին։

Ձայնը տրվում է ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին։

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ես կփորձեմ ներկայացնել որոշ նկատառումներ բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումների ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ։

Մասնավորապես, կփորձեմ նախեւառաջ փարատել այն տարակուսանքը, որն առաջացել էր իմ արտահայտած հանգիստ վերաբերմունքից՝ կապված պետական բյուջեի ծախսային ծրագրերով նախատեսված միջոցների օգտագործման տարբեր չափերի հետ։ Այսինքն՝ խոսքը վերաբերում է այն 4,5% կատարողականին, որը տարբեր առիթներով հնչեց։ Կրկին ուզում եմ առաջարկել՝ հանգիստ վերաբերվել այդպիսի կատարողականին եւ փորձել դատողություններ անել այն պատճառների գնահատման հիման վրա, որոնք հանգեցրել են այդպիսի կատարողականի։ Այդ կապակցությամբ, կարծում եմ, որ ներկայացված փաստաթուղթն այդպիսի հնարավորություն տալիս է։ Փաստաթղթի վերլուծության մասում ներկայացված է կոնկրետ այդ ծրագրի ցածր կատարողականի պատճառը։ Կարծում եմ, դա չի կարող չգնահատվել բավարար չափով հիմնավոր։ Բացի այդ, հանձնաժողովում քննարկման ժամանակ նույնպես ծրագրի կատարման պատասխանատու պետական մարմնի ղեկավարը, կարծում եմ, բավականին սպառիչ եւ համոզիչ ներկայացրեց փաստարկներ, թե ինչու է ծրագիրը կատարվել այդքան չափով։

Այստեղ շատ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ տվյալ դեպքում խոսել պետական բյուջեի միջոցների վատնման մասին, բացարձակապես տեղին չի, որովհետեւ վատնել հնարավոր է այն դեպքում, երբ օգտագործվել են միջոցները, բայց չեն ծառայել այն նպատակին, ինչը նախանշված է եղել ծրագրով։ Իսկ այս դեպքում այդ միջոցները չեն օգտագործվել։ Եվ այդ տեսակետից, իհարկե, չի կարող գնահատվել որեւէ պարագայում որպես վատնում։

Նաեւ հարց հնչեց, թե ի՞նչ են եղել այդ միջոցները։

Այդ միջոցները ոչինչ չեն լինում։ Դրանք համալրում են  ազատ մնացորդը պետական բյուջեի։ Ե՛վ զեկույցի, եւ՛ տարբեր առիթներով նաեւ ես նշեցի, որ 2008թ. բյուջեի կատարման արդյունքներով նախատեսված էր 7,6 մլրդ դրամ օգտագործում ազատ մնացորդի, սակայն բյուջեի կատարման արդյունքներն ապահովեցին ազատ մնացորդի ավելացումն ավելի քան 23 մլրդ դրամով։ Իսկ դա հետեւանք է հիմնականում հենց ծախսային ծրագրերի ծրագրվածից համեմատաբար ցածր կատարման։

Նաեւ հնչեցին բազմաթիվ հարցեր՝ կապված բյուջեի արդյունավետությունը գնահատելու անհնարինության հետ։

Ուզում եմ զեկուցել, որ կառավարությունը ներկայացրել է 2000 էջից ավելի բաղկացած փաստաթուղթ, որտեղ ներկայացված են ինչպես վերլուծական մասում ստացված արդյունքների վերաբերյալ տվյալներ, այնպես էլ 61 աղյուսակով հավելվածներ են ներկայացված, որոնց մեջ ներառված են եւ՛ լրացուցիչ տեղեկանքներ, որոնք նախատեսված չէին օրենքով, բայց նպատակահարմար է գտնվել ներկայացնել, որպեսզի հնարավորինս ամբողջական լինի հաշվետվությունը։ Ընդ որում, այս հավելվածների մեջ ներառված են նաեւ ոչ ֆինանսական ցուցանիշների կատարման վերաբերյալ տվյալները, որոնք հնարավորություն են տալիս, կարծում եմ, բավարար չափով գնահատել, թե այն նախանշված ծրագրերը, որոնք «Բյուջեի մասին» օրենքը սահմանել էր, որ չափով են կատարվել։

Եթե կան այլ մեխանիզմներ կամ մեթոդաբանություն, որը հայտնի է եւ տարբերվում է այդ ոչ ֆինանսական ցուցանիշներից, կարծում եմ, տեղին կլինի, որպեսզի առաջարկվի եւ  համապատասխան փոփոխություններ կատարվի բյուջետային համակարգում՝ հաշվի առնելով այդ մեթոդաբանությունը։

Ես դժվարանում եմ անդրադառնալ այն թվային ցուցանիշներին, որոնք հնչել են տարբեր առիթներով, այդ թվում՝ նաեւ մասամբ ելույթների ժամանակ, որովհետեւ պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ այդ թվային ցուցանիշների մի մասը չեմ կարողացել գտնել պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունում։ Համենայնդեպս, կարծում եմ, որ հրապարակված որոշ ցուցանիշներ տարբերվում է նրանից, ինչը կառավարությունը պաշտոնապես ներկայացրել է։

Ընդամենը բերեմ երկու օրինակ։ Ներկայացվեց, որ նվազել են պետական բյուջեի եկամուտները բոլոր եկամտատեսակների գծով։ Մեր ներկայացրած հաշվետվությամբ, որտեղ նաեւ համեմատական է տարված 2007թ. հետ, հաշվետու տարվա փաստացի ցուցանիշները եկամուտների մասով գրեթե բոլոր ուղղություններով աճ են արձանագրել։ Այնտեղ, որտեղ առկա են ավելի պակաս մուտքագրումներ, այդտեղ բերված են նաեւ այն պատճառները, որոնք հանգեցրել են այդպիսի արդյունքի։

Հազարամյակի մարտահրավեր ծրագիրը հիշատակվեց, դրա համար ներկայացվեց 15 մլրդ-ի օգտագործում։

Պետք է նշեմ, որ օգտագործվել է ընդամենը 5,8 մլրդ դրամ։ Այսինքն՝ ստացվել եւ իրականացվել է ծրագիր այդ դրամաշնորհի հաշվին ընդամենը 5,8 մլրդ դրամի չափով, բայց հարց է եղել այստեղ, այդ հարցին ես պատասխանել եմ՝ չի եղել որեւէ համաձայնագիր,  որում փոփոխություն կատարված լինի՝ կապված այս կամ այն իրադարձության հետ։

Եվ վերջում կուզենայի անդրադառնալ նաեւ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքներով բարձրացված երկու խնդրի, մասնավորապես՝ գնումների համակարգի անկատարությանը եւ պետական բյուջեի միջոցների մի մասի, այն է՝ արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի դրամական միջոցների շրջանառումը գանձապետական միասնական համակարգից դուրս լինելու հետ։

Առաջին դեպքում կառավարությունն ունի արդեն իսկ հաստատած գնումների համակարգի բարեփոխումների ռազմավարություն՝ ակտիվ մասնակցությամբ շահագրգիռ կազմակերպությունների, այդ թվում՝ Վերահսկիչ պալատի։ Այստեղ, իհարկե, առկա են հիմնախնդիրներ՝ մասնավորապես հիշատակված գնագոյացման մեխանիզմների հետ կապված, հակամրցակցային համաձայնությունների հետ կապված։ Միջնորդավորված գնումների առկայությունն է դեռեւս բացասական միջավայր ստեղծում գնումների համակարգի տեսակետից։ Եվ, իհարկե, առկա են նաեւ մի շարք այլ խնդիրներ, որոնք ամրագրված են ռազմավարության մեջ։ Ենթադրվում է, որ կարճ ժամանակ անց կներկայացվի օրենսդրական փոփոխությունների նախագիծ ԱԺ քննարկմանը՝ ակնկալելով լուծել այս հիմնախնդիրները։

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, ծրագրի իրականացման գրասենյակների կողմից շրջանառվող միջոցներին, ապա այս խնդիրը բավականին երկար ժամանակ քննարկվում է։ Այս գրասենյակներն առաջացել են դեռեւս անկախության առաջին տարիներին, երբ դոնոր կազմակերպությունները, մասնավորապես Համաշխարհային բանկն առաջին հերթին, գնահատում էր, որ երկրի գործող բյուջետային համակարգը բավարար կարողություններ չունի, որպեսզի ապահովագրի իրենց այն ռիսկերից, որոնք կարող են ծագել իրենց կողմից տրամադրված միջոցներն օգտագործելիս, եւ ռիսկեր կլինեն, որ նրանք չեն ծառայի    իրենց նպատակին։

Կարծեք թե, կա որոշակի առաջընթաց։ Ծրագիր կա, որի համաձայն ենթադրվում է, որ այդ միջոցների շրջանառությունը որոշ ժամանակ հետո կսկսի փորձնական 1-2 ծրագրի համար ապահովել, գանձապետական միասնական հաշվով իրականացվել է Համաշխարհային բանկի փորձագետների հետ գնահատում գանձապետական գործող համակարգի։ Ենթադրվում է, որ կարճ ժամանակ հետո փորձ կարվի նաեւ այդ միջոցները համախմբել պետական բյուջեի մնացած միջոցների հետ։

Ավարտելով, ես խնդրում եմ  պատեհ պահին քվեարկության դնելու ճանապարհով հավանություն տալ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Շնորհակալություն։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, հարցի քննարկումն ավարտվեց։

Հաջորդ հարցը ԱԺ պատգամավոր Հովիկ Աբրահամյանի ներկայացրած  «ՀՀ ԱԺ անշխատակազմի պետական ծառայության մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում  կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է։

Հարգելի գործընկերներ, հարցի քննարկման ավարտից հետո իրականացնելու ենք քվեարկություններ։ Ուստի, այն պատգամավորներն, ովքեր դահլիճում չեն, խնդրում եմ վերադառնալ։

Խնդրեմ, պրն Աբրահամյան։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, դեռեւս ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելիս՝ ես ընդգծել էի մի քանի հայեցակարգային խնդիրներ, որոնց լուծումը, իմ կարծիքով, անհրաժեշտ է ԱԺ սահմանադրական լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու համար։

Այս խնդիրների շարքում կարեւորում եմ նաեւ ԱԺ աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը, աշխատակազմի իրական պրոֆեսիոնալիզմի ապահովումը։ Հենց դրան է միտված ձեր քննարկմանը ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը։

Այս նախաձեռնությունը ես կարող էի ներկայացնել ավելի վաղ, սակայն փորձեցի, նախ՝ գործնականում համոզվել՝ ինչ խնդիրներ են առկա եւ դրանց արդյունավետ լուծման ուղիները, այս գրեթե մեկամյա աշխատանքային գործունեության ընթացքում ունենալով ամենօրյա շփումներ աշխատակազմի հետ։ Ինչպես բոլորիդ է հայտնի, այս ընթացքում զերծ է մնացել նաեւ աշխատակազմում կառուցվածքային փոփոխություններ կատարելիս նույն պատճառաբանությամբ։

Նշեմ, որ նախագծով առաջարկվող փոփոխությունները ներդաշնակ են ՀՀ-ում ընդհանուր պետական ծառայության համակարգում առկա լուծումներին։ Այս ամենի նպատակն է ոլորտում ապահովել միասնականություն եւ ապահովել մեկ համակարգից մյուսին ներդաշնակ անցում կատարելու գործում մեխանիզմներ։ Փոփոխությունները բխում են նաեւ միջազգային առաջավոր փորձից։

Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել ԱԺ գործունեության արդյոււնավետության բարձրացմանն ուղղված մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների առաջարկությունները, որոնք ներկայացնելու համար դեռեւս իմ պաշտոնավարման առաջին օրից դիմել էի վերջիններիս։ Պետք է նշեմ, որ ներկայացվեցին բավականին սկզբունքային եւ ընդունելի առաջարկներ։ Բացի այդ, նախագծի վերջնական տարբերակը եւս ներկայացվել է ԱԺ բոլոր խմբակցություններին։

Այժմ ներկայացնեմ առաջարկվող նախագիծը։

Նշեմ, որ «ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ գործող օրենքն ընդունվել է 2002թ.։ Օրենքում առ այսօր որեւէ փոփոխություն չի կատարվել։ Քանի որ ներկայացված նախագիծն առաջարկում է հայեցակարգային եւ սկզբունքային նոր լուծումներ, հստակեցումներ եւ ճշգրտումներ, ուստի, այն ներկայացվել է նոր խմբագրությամբ, այլ ոչ թե օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու տեսքով։

1.Գործող օրենքը նախատեսում է մեխանիզմ, որի համաձայն՝ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այն համալրվում է փակ եւ հետո միայն բաց մրցույթի միջոցով։ Բացի այդ, օրենքը նույնիսկ բաց մրցույթում հաղթող ճանաչված անձանցից առավելություն է տալիս պետական ծառայության առավել բարձր դասային աստիճան, առավել երկար ստաժ կամ այլ առավելություններ ունեցող անձանց, ինչը, ըստ էության, ԱԺ աշխատազմը փաստացի վերածվում է փակ մարմնի։

Այսպիսով, թափուր պաշտոնների համալրումը կատարվում է միայն առկա ռեսուրսների հաշվին՝ գրեթե հնարավորություն չստեղծելով կադրերի ներհոսքի համար։

Նախագծով փակ մրցույթի ինստիտուտը հանվել է, եւ որպես թափուր պաշտոնների համալրման եղանակ նախատեսվել է բաց մրցույթը։

Բացի դրանից, որոշ դեպքերում օրենքը թույլ էր տալիս նշանակումներ կատարել արտամրցութային կարգով, որն արդեն բռնել է ժամանակի քննությունը պետական ծառայության այլ օղակներում։

2.Նախագծով մրցույթի ընթացքում հարցազրուցային փուլն անցկացնելը դարձել է օրենքի պարտադիր պահանջ՝ ի տարբերություն գործող կարգի, երբ հարցազրույցն անցկացվում էր ըստ անհրաժեշտության, իսկ գործնականում, կարելի է ասել, չի անցկացվել, ինչը, ըստ էության, մրցույթը կատարվել է միայն թեստեր լրացնելու միջոցով, մինչդեռ հարցազրույցը մասնակցի գիտելիքները եւ կարողությունները պարզելու ու ճիշտ ընտրություն կատարելու լավագույն մեխանիզմներից է։

Նախագծով կրտսեր խմբի պաշտոնների համար բարձրագույն կրթությունը դարձել է պարտադիր պահանջ՝ ի տարբերություն գործող կարգի, եւ չի պահանջում աշխատանքային ստաժի եւ փորձի որեւէ չափանիշ, իսկ կրթության մասին ընդհանրապես չի նշվում։ Սա հնարավորություն կընձեռի ԱԺ աշխատակազմում ներգրավել որակյալ կադրեր։

Նախագծով լուծում է տրվել մեկ այլ կարեւոր խնդրի եւ հստակեցվել է, որ ԱԺ պատգամավորների վճարովի հիմունքներով աշխատող օգնականները, աշխատակազմի ղեկավարի խորհրդականները եւ օգնականները, ԱԺ խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի փորձագետները չեն համարվում պետական ծառայողներ։ Այդ անձանց աշխատանքային ստաժը համարվել է պետական կառավարման ոլորտի ստաժ։ Սա նշանակում է, որ նրանք իրենց հետագա մասնագիտական գործունեության ընթացքում որեւէ խոչընդոտի չեն հանդիպի հանրային ծառայության այս կամ այն օղակում աշխատելու առումով։ Այստեղ հատուկ կցանկանայի նշել, որ սա գործուն մեխանիզմ է խմբակցությունների, ինչպես նաեւ պատգամավորների ձեռքում առավել որակյալ կադրեր ընտրելու համար։ Քանի որ խմբակցությունում կամ որպես պատգամավորի օգնական աշխատելու ընթացքը համարվելու է պետական համակարգ մուտք գործելու անհրաժեշտ ստաժ՝ ի տարբերություն գործող կարգի, եւ վերջիններիս ստաժը նրանց թույլ չի տալիս հետագայում աշխատել որեւէ պետական մարմնում։

Նախագծում նախատեսվել է կադրերի կարճաժամկետ ռեզերվի ինստիտուտը՝ որպես պետական ծառայողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմ։ Օրինակ, հաստիքների կրճատման հետեւանքով պաշտոնից ազատված անձինք համալրում են կադրերի կարճաժամկետ ռեզերվը եւ համարվում են պետական ծառայողներ այդ ժամանակահատվածում, հաշվարկվում է որպես պետական ծառայության ստաժ, դա 6 ամիս է։ Ռեզերվում գտնվող անձը կարող է զբաղեցնել այլ պետական ծառայության պաշտոն։

Նախագծով սահմանվել է նաեւ պետական ծառայության հիմնական սկզբունքները, աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների դասակարգման, պետական ծառայության դասային աստիճանների, պետական ծառայության պաշտոնի նշանակման, պետական ծառայողների ատեստավորման եւ վերապատրաստման, պետական ծառայողների իրավական վիճակի, պետական ծառայության կառավարման եւ ղեկավարման մարմինների, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ։

Հարգելի գործընկերներ, նախագծից բխում է մեկ տասնյակից ավելի այլ իրավական ակտերի, ԱԺ նախագահի որոշումների ընդունման անհրաժեշտություն, ինչով էլ պայմանավորված է նախագիծը երեք ընթերցմամբ քննարկելու եւ ընդունելու հանգամանքը։

Հուսով եմ, որ մինչեւ պաշտոնային նստաշրջանի սկիզբն ավարտել օրենքից բխող բոլոր կանոնակարգումները եւ ունենալ աշխատակազմի արդյունավետ գործունեություն ապահովող անհրաժեշտ իրավական հիմքեր։

Իսկ ինչ վերաբերում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, ապա առաջարկվում է ԱԺ-ին ժողովի աշխատակազմի ղեկավարի, ղեկավարի առաջին տեղակալի, տեղակալներից մեկի պաշտոնները համարել հայեցողական պաշտոններ, ինչը համապատասխանում է աշխատակազմի ղեկավարին օրենսդրությամբ տրված լիազորությունների բնույթին, ինչպես նաեւ պետական կառավարման ոլորտում առկա մոտեցումներին։ Մասնավորապես, հայեցողական են համարվում ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի, նրա առաջին տեղակալի, տեղակալներից մեկի եւ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնները։ Այսքանը։

Փորձել ենք հստակեցնել։ Սա նաեւ բխում է բոլոր խմբակցությունների, առաջարկները ներգրավվել են, եւ եթե հարցեր կան, կպատասխանեմ։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն նախագահ։ Հերթագրում հարցերի համար։

Հերթագրվել են երեք պատգամավորներ։ Առաջին հարցը՝ Ստյոպա Սաֆարյան։

Ս.ՍԱՖԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Աբրահամյան, ողջունում եմ նախաձեռնությունը։ Ուղղակի ավելի շատ երկու հարցերս վերաբրելու են այս օրենքի գործնական հետեւանքներին։

Դուք ինչպես արդեն նշեցիք, մեկ տարվա աշխատանքային փորձը, իբրեւ ԱԺ նախագահ, եւ նաեւ շփումներն աշխատակազմի հետ ցույց տվեցին, որ նախկինում ընդունված այս օրինագիծ, որը երբեւէ չի փոփոխվել, իրականում փոփոխության կարիք ունի, եւ բավականին մեծաքանակ։

Կցանկանայի իմանալ, այս օրենքի ընդունման արդյունքում ԱԺ-ում սպասվող փոփոխությունները նույնպե՞ս մեծ են լինելու, թե՞ ուղղակի սա սահուն անցման մի ձեւ է։

2-րդ հարցս վերաբերում է պարգեւատրումներին։

Կցանկանայի մի փոքր ավելի պարզաբանեիք՝ մինչ այժմ ի՞նչ սկզբունքով է դա կատարվել, կանոնակարգված եղե՞լ է, թե՞ չի եղել, պարգեւատրումներ եղե՞լ են, թե՞ չեն եղել, եւ ընդհանրապես ինչպես է այս հարցը կարգավորվել, որովհետեւ ես տեսա, որ օրինագծով կան ոչ միայն պարգեւատրման, այլ նաեւ պատժելու մեխանիզմներն են կանոնակարգված։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Պարգեւատրման մեխանիզմ չունենք։

-Առաջին հարցին կողմնակից եմ ես, ընդհանրապես սահուն անցմանը։

Իսկ պարգեւատրումների մասին, այդ հարցը մենք կանոնակարգել ենք կանոնակարգի մասին օրենքով։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ Արծվիկ Մինասյան։
 
 

Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Աբրահամյան, իմ հարցերը գերազանցապես առաջարկի բնույթ են կրում եւ ընդամենը ձեր ցանկությունն եմ ակնկալում այս մասով դրական կամ  մերժելու տեսանկյունից։

Հոդված 4-ում դուք նշեցիք նաեւ ձեր ելույթի մեջ, որ ԱԺ խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի փորձագետները, մասնագետները, ինչպես նաեւ վճարովի հիմունքներով աշխատող օգնականների, անձանց գործունեությունն ԱԺ-ում համարվելու է պետական կառավարման ոլորտի ստաժ։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս հասկացությունն այստեղ ամրագրվի այն իմաստով, որ կիրառելի լինի նաեւ քաղաքացիական ծառայության օրենքի համար եւս, կամ առնվազն «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում էլ լրացում անենք այս մասով, որպեսզի կիրառելի լինի։ Չստացվի այնպես, որ միայն այս օրենքի իմաստով դառնա այն պետական կառավարման ոլորտի ստաժ։ Առաջին հարցս սա էր։

2.Հոդված 5-ում խոսելով պետական ծառայության հիմնական սկզբունքների մասին՝ ցավոք, ես չգտա նորմ աշխատավարձի վերաբերյալ որպես կարեւոր սկզբունք, ընդ որում, արժանապատիվ աշխատավարձի մասին է խոսքը, ինչը համադրում է նաեւ հոդված 28-ի հետ։ Հնարավոր համարո՞ւմ եք այս հասկացության օգտագործումն օրենքում։

Մյուսը վերաբերում է հոդված 14-ին։ Այստեղ խոսվում է, դուք էլ նշեցիք, արտամրցութային կարգով պաշտոն զբաղեցնելու հարցի մասին։ Սակայն, ցավոք, սկզբունքները, որոնք նախկինում կային փակ մրցույթի նշանակման ժամանակ, ամբողջությամբ դուրս են եկել։ Հնարավոր համարո՞ւմ եք այդ սկզբունքներից մի քանիսը, առնվազն՝ երկար ստաժի գաղափարը, գիտական կոչում ունենալու գաղափարը ներառվեն այստեղ, որպեսզի ավելի համադրելի եւ համահունչ լինի, ինչպես նաեւ նույն պետական կառավարման ոլորտում ստաժ ունենալու դեպքում, ասենք, նույն օգնականների մասով հնարավոր համարվի արտամրցութային կարգով իրենց կողմից եւս նշանակում կատարելու համար։

Մյուսը հոդված 36-ին է վերաբերում։ Այստեղ, ցավոք, կրկնվել է նախորդ, ասենք, գործող օրենքի պահանջը՝ 65 տարին լրանալու հետ կապված, հաշվի առնելով նաեւ Սահմանադրական դատարանի որոշումը տարիքային խտրականության հակասահմանադրականության, ինչպես նաեւ այն, որ նախորդ օրենքը, այսինքն՝ գործող օրենքն ընդունվել էր դեռեւս այն ժամանակ, երբ չկար փոփոխությունները Սահմանադրության, եւ փոփոխության արդյունքում 14.1 հոդվածով արդեն ամրագրվել է, որ խտրականություն՝ կախված տարիքից, արգելվում է։

Հնարավոր համարո՞ւմ եք այս հոդվածն ամբողջությամբ հանել եւ տարիքային խտրականությանը սահմանափակում չդնել։

Եվ վերջին հարցը՝ հնարավոր համարո՞ւմ եք արդյոք, որ աշխատակազմում վարձատրության համակարգը չկապվի քաղաքացիական ծառայության հետ, ավելի մրցունակ աշխատավարձեր սահմանվեն՝ համադրելով նաեւ մասնավոր սեկտորի հետ։ Այսինքն՝ մի քայլ առաջ կատարենք մենք, եւ որպես օրենսդիր մարմին, հնարավորություն տանք նաեւ այլ ոլորտներին օրինակ վերցնեն այս ոլորտից։ Այսքանը, շնորհակալություն։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Ես, նախ՝ կառաջարկեի բոլոր հարցերը գրավոր ներկայացնեք, եւ կցանկանայի իմանալ՝ դա ֆրակցիայի առաջա՞րկն է, թե՞ ձեր՝ որպես պատգամավոր։

Ես խնդրում եմ գրավոր ներկայացնեք, կփորձեմ ես ձեզ մինչեւ օրվա վերջ պատասխանել։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ Հրայր Կարապետյան։

Հ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Իհարկե, այս փոփոխություններն անշուշտ կնպաստեն ԱԺ աշխատակազմի որակի բարձրացմանը, եւ ողջունելի է։

Պրն Աբրահամյան, ես երեւի ուշադիր չէի։ Ֆրակցիաների եւ հանձնաժողովների գործավար-օգնականների խնդիրն ինչպե՞ս է դրվում, այսինքն՝ ի՞նչ կարգավիճակում են իրենք։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Դա, իրենք տեխնիկական սպասարկող անձնակազմ են։ Քննարկել ենք, ես դեմ եմ եղել, պրն Կարապետյան։ Ես հորդորում եմ, որ չպնդեք ձեր առաջարկը։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն նախագահ։ Հարցերն ավարտվեցին։

Այժմ հարակից զեկույցի համար ամբիոնի մոտ է հրավիրվում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտյուշ Շահբազյանը։

Ա.ՇԱՀԲԱԶՅԱՆ

-Հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, օրենքի այս նախագիծը, որ ներկայացվել է մեզ, իսկապես, կարծում եմ,  ժամանակի պահանջից է բխում։ Արված առաջարկությունները, բերված նախաձեռնությունները, կարծում եմ, անհրաժեշտ են։ Այստեղ բավականին մանրամասնորեն պրն Աբրահամյանը ներկայացրեց, կուզեի ուշադրություն հրավիրել մի քանի հանգամանքի վրա։

Մեկը, որ այս օրենքով պետական կառավարման ստաժ կհամարվի ԱԺ պատգամավորների վճարովի հիմունքներով աշխատող օգնականների ստաժը, աշխատակազմի ղեկավարի խորհրդականների, ԱԺ խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի փորձագետներինը եւ մասնագետներինը, որոնք չեն համարվում պետական ծառայողներ, բայց նրանց ստաժը կհամարվի պետական կառավարման ոլորտի ստաժ։ Այստեղ ուզում եմ ոչ թե հանձնաժողովի կողմից, այլ սա համարեք իմ անձնական առաջարկը։ Այուամենայնիվ, կուզեի, որ պնդեինք։

Ասեմ, որ քննարկում եղել է այդ հարցի վերաբերյալ, որպեսզի օգնական-գործավարների համար նույնպես կառավարման ոլորտի ստաժ համարվեր։ Այստեղ խանգարող հանգամանք կա։ Սա ասում եմ, որովհետեւ քննարկում եղել է, եւ պրն Աբրահամյանի  մերժումն ուղղակի պարզ մերժում չէր, այլ քննարկում է  տեղի ունեցել։ Այստեղ խանգարող հանգամանք է նաեւ մեր «ԱԺ կանոնակարգ» օրենքը, եւ անհրաժեշտ է փոփոխություն կատարել։

Ես կարծում եմ, որ դրա նհրաժեշտությունը, այնուամենայնիվ, կա։ Ճիշտ է, հիմա օրենքը պիտի ընդունել, բայց հետագայում կուզեի, որ մենք անդրադառնայինք, որովհետեւ նաեւ մի քիչ, այսպես, հակասություն է ստացվում, երբ մի պատգամավորի օգնականի ստաժը համարվում է պետական ծառայության ստաժ, իսկ, ասենք, շատ պատգամավորներինը, այսինքն՝ նկատի ունեմ խմբակցության օգնականներինը չի համարվում։ Դրա համար պարզապես կուզեի, որ...

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Գործավարներ են, էլի, օգնական չեն, ճիշտ...(չի լսվում)։ Դուք գործավարի մասին եք ասում։

Ա.ՇԱՀԲԱԶՅԱՆ

-Լա՛վ, սա, իհարկե, հետագա քննարկման խնդիր է, բայց կարծում եմ, որ կարեւոր խնդիրը լուծվում է, որովհետեւ իսկապես մենք, հավանաբար, նաեւ ավելի պատասխանատվությամբ կվերաբերվենք օգնականներ ընդունելու ինստիտուտին, որովհետեւ մարդիկ, որոնք կգան այստեղ, նաեւ կհասկանան, որ իրենք ստանում են այս համակարգում, ենթադրենք, այս հիմնարկից դուրս պետական ծառայության ոլորտում առաջխաղացման հնարավորություն։ Սա շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ ներգրավվեն այս աշխատանքում։

Ես նաեւ կարեւորում եմ այդ փակ մրցույթների վերացումը, որովհետեւ, կարծում եմ, որ շատ հարգելով ԱԺ աշխատակազմին, որի ներկայացուցիչների մեջ մենք շատ ունակ, իրենց գործին տիրապետող մարդկանց ենք տեսնում, բայց նաեւ, կարծում եմ, որ սա հնարավորություն կտա թարմացնել եւ որակապես բարձրացնել աշխատակազմի հնարավորությունները, աշխատակազմի որակը։

Չեմ ուզում այլ մանրամասների մեջ շատ խորանալ։ Ամեն դեպքում, կատարված այս փոփոխությունները բավականին արդյունավետ են դարձնելու, իմ կարծիքով, եւ հստակեցումներ են մտցնելու ԱԺ աշխատակազմում պետական ծառայության աշխատանքը։

Եվ փոխանցում եմ պետական-իրավական հանձնաժողովի որոշումը, առաջարկությունը՝ դրական եզրակացությամբ այս նախագիծը փոխանցվում է լիագումար նիստին եւ ակնկալում ենք, որ այն կարժանանա դրական քվեարկության։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հերթագրում հարցերի համար։

Ա.ՇԱՀԲԱԶՅԱՆ

-Շնորհակալություն։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հերթագրում ելույթների համար։

Հերթագրվել է մեկ պատգամավոր՝ Արծվիկ Մինասյան։

Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Հարգարժան նախագահություն, հարգելի գործընկերներ, նախ՝ պետք է իսկապես գոհունակությամբ նշեմ, որ այս օրենքի անհրաժեշտությունը կար, եւ այն իրավիճակը, որն առաջացել է ԱԺ-ում՝ կապված մասնագետների ներգրավման եւ նաեւ պատշաճ վարձատրություն սահմանելու հետ, այսօր օրախնդիր է։ Շնորհակալություն պատգամավոր Հովիկ Աբրահամյանին կամ ԱԺ նախագահ պրն Աբրահամյանին՝ նման լավ նախաձեռնությամբ հանդես գալու համար։

Պրն Աբրահամյան, իմ կողմից հնչեցրած հարցերի որոշ պարզաբանում կուզենայի տալ, որ ավելի ընկալելի լինի, իհարկե, միաժամանակ նաեւ 1-ից 2-րդ ընթերցման ընթացքում ներկայացնելու եմ գրավոր առաջարկներ եւս։

Ուրեմն, հիմնականում հետեւյալ հարցերի վրա ես ձեր տեսակետը փորձեցի ստանալ։

Առաջինը կապված է ԱԺ պատգամավորների վճարովի օգնականների եւ ԱԺ խմբակցությունների ու խմբերի օգնական-մասնագետների հետ, ինչպես նաեւ, թեեւ մենք ասում ենք «գործավար» հասկացությունը, բայց իրականում այդ անձինք օգնական են եւ օգնականից ոչնչով չեն տարբերվում թե՛ իրենց վրա դրված լիազորությունների իրականացմամբ եւ թե՛ նաեւ այն պահանջներով, որոնք խմբերն ու խմբակցությունները ներկայացնում են։ Հետեւաբար, ցանկալի կլինի, որ նրանց աշխատանքային գործունեությունն իսկապես դիտվի առնվազն պետական կառավարման ոլորտում անհրաժեշտ ստաժ, որպեսզի հետագայում նրանք կարողանան մասնակցել տարբեր տիպի մրցույթների քաղաքացիական ծառայության համակարգում եւս։

2-րդ կարեւոր հարցն իսկապես վարձատրության համակարգն է, պրն Աբրահամյան։ Կարծում եմ, այսօր կա այդ հնարավորությունը եւ կամքը, որ որդեգրենք եւ ցույց տանք, որ ԱԺ-ում, հատկապես աշխատակազմում կարող ենք այնպիսի մրցունակ աշխատավարձային քաղաքականություն առաջարկել, որ հնարավորություն տա նաեւ այլ ոլորտներում ներգրավված լավագույն մասնագետներին հավակնել այստեղ անցկացվող մրցույթներին մասնակցելու համար, եւ նաեւ արտահոսքը հնարավորին կանխենք, որովհետեւ իսկապես կան նաեւ շատ լավ մասնագետներ ԱԺ աշխատակազմում։ Անհրաժեշտ է, որպեսզի նրանց համար մրցունակ աշխատավարձը լինի բավական գրավիչ եւ ընդունելի։

Այդ տեսանկյունից, նույն սկզբունքների մասում արժանապատիվ վարձատրության գաղափարը, որ նաեւ ինքը միջազգային փաստաթղթերով ամրագրված մոտեցում է, այն նաեւ կառավարության ծրագրերով ամրագրված մոտեցում է եւ նաեւ օրենքով երաշխավորված սկզբունք է, կարծում եմ, այստեղ գրելով՝ մենք հնարավորություն կտանք հետագայում առավել որակյալ եւ առավել հիմնավորված վարձատրության համակարգ առաջարկել, եւ կկտրենք կապը իսկապես քաղաքացիական ծառայության վարձատրության համակարգից։ Սրանով մենք նաեւ խթան կդնենք, որ քաղաքացիական ծառայության համակարգը կսկսի արդեն մրցակցել մեզ հետ եւ կձգտի նմանվել մեզ։ Կարծում եմ, օրենսդիր մարմինն այդ քայլն անելով՝ մեծ օգուտ կտա պետական կառավարման նաեւ այլ համակարգերին եւս։

65 տարվա սահմանափակման հետ կապված, իսկապես, այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ 14.1 հոդվածն ամրագրել է դրույթ, ըստ որի՝ տարիքից կախված խտրականություն՝ արգելվում է։ Եվ Սահմանադրական դատարանն Աշխատանքային օրենսգրքի վերաբերյալ համանման վեճը քննելիս՝ արդեն իսկ ճանաչել է Աշխատանքային օրենսգրքի այդ նորմը հակասող Սահմանադրությանը։ Պարզապես առաջարկս է, որպեսզի այստեղ մենք ցուցաբերենք այն անհրաժեշտ կամք եւ ասենք, որ Սահմանադրությանը համապատասխանեցնում ենք, եւ հանենք տարիքային սահմանափակումը։ Ի վերջո, մենք պետք է կարողանանք մի օր ասել, որ մեր երկրում տարիքից կախված աշխատանքային խտրականություն չենք կիրառում, որովհետեւ, առավել եւս, երբ գործատուն ունի այդ հնարավորությունն այլ հիմունքներով, այլ պատճառներով անձից ազատվել նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու միջոցով՝ կախված նրա հետ, որ անձը կորցրել է աշխատունակությունը կամ չի բավարարում ժամանակակից տեխնիկական պահանջներին, մասնագիտական որակներին եւ այլն, բայց զուտ տարիքից կախված պատճառով ուղղակի հակասում է Հայաստանի Սահմանադրությանը։

 Եվ զուտ իրավական տեխնիկայի տեսանկյունից, պրն Աբրահամյան, կարծում եմ, կարեւոր է այն, որ, ճիշտ է, այստեղ դուք իրացրել եք այն դրույթը, որ համարվի պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ, բայց այս դրույթը, այս նորմը պետք է գործածել նաեւ այս օրենքում կամ առնվազն «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում հղում տալու միջոցով, որ տարածվում է ողջ քաղաքացիական ծառայության համակարգի համար եւս։ Չստացվի այնպես, որ հետագայում իրավաբանները մեկնաբանեն, որ սա տարածվում է միայն այս օրենքի շրջանակներում։

Չէ, առեւտրայինների վրա չի տարածվում։ Եթե պետք է, ես կփոխանցեմ ձեզ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը։

Եվ նաեւ մենք այսօր ունենք օրենքի նախագիծ դրված շրջանառության մեջ, պրն Աբրահամյան, կարծում եմ, որ այն եւս ուշադրության արժանի է։ Կարծում եմ, որ քաղաքացիական ծառայության կամ առնվազն քաղաքացիական այս ոլորտում մենք կարող ենք այդ նորմն իրացնել եւ համապատասխանեցնել սահմանադրական փոփոխություններին։

Ինչ վերաբերում է որոշ պատգամավորների նման ցանկություններին, որ դա տարածվում է միայն առեւտրային կազմակերպությունների համար, եւ փորձում են մեկնաբանել բացառապես սեփական բիզնես շահերից ելնելով՝ ես խորհուրդ կտամ ուղղակի չհետեւեք այդ մեկնաբանություններին։ Այսքանը, շնորհակալություն։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Ելույթներն ավարտվեցին, հարցի քննարկումը՝ եւս։

Հարգելի գործընկերներ, այժմ իրականացնելու ենք քվեարկություններ։ Այն պատգամավորները, ովքեր դահլիճում չեն, խնդրում եմ գալ դահլիճ։ Մենք իրականացնելու ենք երկու հարցի քվեարկություններ՝ «Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» եւ ԱԺ նախագահ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աբրահամյանի օրենսդրական նախաձեռնությունը։

Վարման կարգով՝ Հակոբ Հակոբյան։

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Լսելուց հասկացա, որ որոշ պատգամավորներ նույնիսկ երեք անգամ հարցը վերջնական քննարկելուց հետո, խորհրդակցելով Սահմանադրական դատարանի հետ, նորից նույն միտքը կրկնում են։ Սահմանադրական դատարանը չունի՛ նման որոշում, եւ 65 տարին, որը կարգավորվում է օրենքով, այդ նորմը չի հակասում Սահմանադրությանը։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Վարդան Բոստանջյան։

Վ.ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

-Ուրեմն, ես գիտե՛ք ինչքան եմ հարգում պրն Հակոբյանին, բայց ինքը երեւի տեղյակ չի, որ Սահմանադրական դատարանը տարիքային ցենզը հանել, շպրտել ա դուրս։ Ուզում եմ ասել, որ այդ 65 տարվա ինստիտուտն ըստ էության վերացած ա, ըտենց բան գոյություն չունի, եւ մեր Մինասյանի հորդորներին, ուզենք-չուզենք դա պետք է անենք նաեւ այս օրենքում։ Շնորհակալություն։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ այդ հարցով առանձին աշխատանքային քննարկում կազմակերպել եւ հարցը դրանով  սահմանափակել։

Վարման կարգով՝ Արծվիկ Մինասյան։

Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Չէ, ես երկար չեմ խոսա, պարզապես...

 Պրն Աբրահամյան, հարգարժան գործընկերներ, ես ուզում եմ հիշեցնել,  ԱԺ դահլիճում ենք, որ Սահմանադրական դատարանը նախագահի հետ ոչ թե խորհրդակցում է եւ հրապարակում է որպես իրավաքանակ, այլ պետք է վերցնել որոշումը, նայել, կարդալ, հասկանալ եւ համադրել։ Այսքանը, շնորհակալ եմ։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, իրականացնում ենք քվեարկություներ։

Քվեարկության է դրվում «2008թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ որոշումն ընդունելու մասին հարցը։

Կողմ՝ 87
Դեմ՝ 3
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում ԱԺ պատգամավոր Հովիկ Աբրահամյանի ներկայացրած «ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 90
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Հարգելի գործընկերներ, անցնում ենք հաջորդ հարցի քննարկմանը՝ ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիրը (գնաճի հաշվետվություն, 2009թ., առաջին եռամսյակ)։

Հիմնական զեկուցող՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան։

Ա.ՋԱՎԱԴՅԱՆ

-Մեծարգո ԱԺ նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր ուշադրությանն է ներկայացվում 2009թ. առաջին եռամսյակի գնաճի հաշվետվությունը։

Ուրեմն, նախ՝ մի քանի կանխատեսումներ 2009թ. հետ կապված։

Ես կուզեի նշել, որ այն փաստաթուղթը, որ ձեզ ներկայացված է, ներկայացված է առաջին եռամսյակի արդյունքներով։ Այստեղ խոսքը գնում է այն իրավիճակին, որն ունեինք երեք ամիս առաջ։ Քանի որ տվյալները մեկ-մեկ հնացած են, մենք անդրադարձել ենք սրան եւ ԱԺ համատեղ փոփոխություններ են իրականացվել մի շարք օրենքներում։ Օրենքն ուժի մեջ կմտնի հունիսի 13-ին։ Արդեն հրապարակվել է օրենքը։ Սրանից հետո մենք այլ գործընթացով կներկայացնենք դրամավարկային ծրագիրը եւ հաշվետվությունները։

Ուրեմն, արտաքին հատված։ Ճգնաժամի հետեւանքով Հայաստանի տնտեսության վրա բացասաբար անդրադարձել է արտաքին պահանջարկի նշանակալի կրճատումը, անբարենպաստ առեւտրի պայմանները եւ ֆինանսական ներհոսքի թուլացումը։ Համաշխարհային պահանջակի կրճատմանը կնպաստի նաեւ ցածր միջազգային գների պահպանումը ողջ 2009թ. ընթացքում։

Արտաքին հատվածի հնարավոր զարգացումների անորոշությունները մնալու են բարձր։ Չնայած դրան, առավել հավանական է, որ 2010-ի սկզբին համաշխարհային տնտեսական իրավիճակի հնարավոր բարելավմամբ պայմանավորված՝ տեղի կունենան տնտեսական աճի եւ գնաճի ցուցանիշների դանդաղ վերականգնում։

Համաշխարհային պահանջարկի կրճատման եւ կապիտալ ներհոսքի աճի տեմպի դանդաղման միտումների պայմաններում առաջին եռամսյակի ճշգրտված ծրագրի համաձայն՝ կանխատեսվում էր, որ ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ կնվազի շուրջ 3 %-ով։ Այդուհանդերձ, համաշխարհային ընթացիկ տնտեսական վիճակի վատթարացման ֆոնի վրա այս պահին ակնհայտ է կանխատեսվածից ցածր տնտեսական աճի ռիսկի գերակշռությունը։ Այս պայմաններում մայիսի սկզբին 2009թ. տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են նվազման ուղղությամբ։ Ըստ այդմ, սպասվում է տարվա կտրվածքով 5,8%  տնտեսական անկում հնարավոր հետեւյալ ռիսկերի պայմաններում։

Ուրեմն, կանխատեսվածից ցածր տնտեսական աճի ռիսկը, որ կառավարության կողմից հայտարարված հակաճգնաժամային ծրագրերի իրականացման ավելի դանդաղ ընթացքով գնանք եւ համաշխարհային պրոցեսները բացասաբար անդրադառնան այս գործընթացի վրա, եւ կա այլ ռիսկ էլ, որն այդքան էլ, իհարկե, լա՛վ է, որ այս ռիսկն իրականանա, որ տարածաշրջանային, տրանսպորտային եւ էներգետիկ խոշորածավալ ծրագրերի իրագործման արդյունքում հնարավոր է եւ տնտեսական աճ ունենանք այդ ուղղությամբ, ավելի քիչ ունենանք անկում, քան կանխատեսվում է։

Ուրեմն, համախառն պահանջարկի վերաբերյալ։

Առաջին եռամսյակում տարվա համար կանխատեսվում էր մասնավոր ծախսումների նվազում 5-6%, բայց արդյունքում ներքին տնտեսական միջավայրի անբարենպաստ առավել զարգացումների հետեւանքով գրանցվեց մասնավոր ծախսումների ավելի արագ տեմպեր՝ 8-9%։

Դրամավարկային ծրագրի շրջանակներում ենթադրվում է, որ տարվա երկրորդ կեսից էականորեն կաշխուժանա տնտեսության վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը մեղմելուն ուղղված կառավարության կողմից ձեռնարկված հակաճգնաժամային ծրագրի իրականացումը, որը կհանգեցնի տնտեսության մեջ պետական հատվածի դերի մեծացմանը եւ դրանով իսկ ներքին պահանջարկի խթանմանը։ Միայն այս պայմաններում հնարավոր կլինի, իհարկե, արձանագրել տնտեսական անկման այն մակարդակը, որը կանխատեսում ենք այս ծրագրով՝ 5,8%։ Եվ համախառն պահանջարկի վրա դա կունենա 1,8% ընդլայնող ազդեցություն։

Ուրեմն, գնաճի վերաբերյալ։

Նախանշված ուղղություններին համահունչ գնաճի զարգացումների պայմաններում կանխատեսվում է, որ 2009թ. գնաճը ձեւավորվելու է նպատակային թիրախի սահմաններում։ Ընդ որում, ընթացիկ գնահատականներով գնաճի նվազման ուղղությամբ ռիսկերը գերակշռող են, քանի որ ՀՆԱ-ի կրճատումը տեղի է ունենում գնահատվածից ավելի արագ տեմպերով, իսկ տնտեսության հիմնարարներով որոշվող հավասարակշռության մակարդակին փոխարժեքի վերադառնալու հետեւանքով, գնաճի նպատակային թիրախը գերազանցելու ռիսկերի դրսեւորումը գնահատվում է քիչ հավանական։ Եվ դրա ականատեսն էլ մենք եղանք։

Ուրեմն, ես հիմա կուզեի ներկայացնել գնաճի առաջին եռամսյակի եւ ընթացիկ զարգացումների վերաբերյալ, քանի որ արդեն իսկ այս զեկույցը մի քիչ ուշացած է, ինչի մասին ես խոսեցի սկզբում։

Առաջին եռամսյակը նշանավորվեց գների զարգացումը պայմանավորող արտաքին եւ ներքին տնտեսական գործոնների տարաբնույթ ազդեցություններով։ Համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա եւ դրա ներքո՝ Հայաստանի տնտեսության վրա, առավել էական եղավ, քան կանխատեսվում էր նախկինում, քան կանխատեսվում էր նախկինում նաեւ հեղինակավոր միջազգային կառույցների կողմից։ Եվ համաշխարհային պահանջարկի շարունակական նվազման պայմաններում արտաքին հատվածի ցածր գնաճային միջավայրը պահպանվեց ոչ ողջ եռամսյակի ընթացքում՝ փոխանցելով նաեւ մեր ապրանքային շուկաներին։

Մյուս կողմից՝ նույն գործոնով պայմանավորված, նվազեցին նաեւ ներքին պահանջարկի սպառման եւ ներդրումների բաղադրիչները՝ լրացուցիչ զսպող ազդեցություն ունենալով գնաճի ընդհանուր մակարդակի վրա։ Այնուհանդերձ, մարտի սկզբին տեղի ունեցած դրամի ճշգրտման պայմաններում ներմուծված ապրանքների հիմնական մասի դրամային գները մասամբ ճշգրտվեցին՝ փոքր-ինչ թուլացնելով գնաանկումային միջավայրի ազդեցությունը։ Նշված զարգացումների արդյունքում գնաճի 12 ամսյա ցուցանիշը մարտին նվազեց՝ կազմելով 1%, նախորդ տարեվերջին արձանագրված 5-2 %-ի դիմաց։

Միաժամանակ, ապրիլին արձանագրվեց 3,2% գնաճ, իսկ մայիսին՝ 1,6% գնաճ, որի պարագայում 12 ամսվա գնաճի ցուցանիշն առաջին եռամսյակի համեմատ ավելացել էր 2,4 կետով՝ կեզմելով 3,4 կետ։ Վերջինս հիմնականում պայմանավորվել էր կոմունալ ծառայությունների, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, գազի եւ խմելու ջրի սակագների բարձրացմամբ, ինչպես նաեւ ներմուծվող ապրանքների դրամային գների շարունակվող ճշգրտմամբ։ Դրամի արժեքազրկման նախորդ կանխատեսումների նախանշված գնաճային ռիսկերի դրսեւորման, ինչպես նաեւ տնտեսական անկման խորացման գնահատումների պայմաններում դրամավարկային քաղաքականության շեշտադրումներն առաջին եռամսյակի ավարտին տեղափոխվել էին գների կայունության եւ տնտեսության ակտիվությունը խթանելու խնդիրների համակցման վրա։ Սակայն ներկա պահին գնաճի նվազման ուղղությամբ ռիսկերի գերակշռության պայմաններում ԿԲ-ն որդեգրել է դրամավարկային պայմանների առավել կտրուկ թուլացման քաղաքականություն՝ նպատակ ունենալով տոկոսադրույքների նվազեցման եւ ծավալային ընդլայնման ակտիվացման միջոցով խթանել տնտեսական ակտիվությունը։

Ես կուզեի նշել նաեւ, որ արտահերթ խորհրդի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց իջեցնել մեկ տոկոսային կետով վերաֆինանսավորման տոկոսային դրույքը՝ հասնելով 7,25-ից 6,25։ Երեկվա եւ այսօրվա խորհրդի նիստերում այսօր առավոտյան վերջնական ընդունվեց, հասցրեցինք վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6 %-ի։ Այս պահին դա նշանակում է, որ բանկերը կարճատեւ ֆինանսավորման հնարավորություններ ունեն ռեպո գործիքների միջոցով՝ սկսած 6 %-ից։

Մենք շարունակում ենք մեր որդեգրած ընդլայնողական քաղաքականությունը, արդեն մոտավորապես 2 ամիս է։ Հայտարարել ենք նոր գործիքների մասին, սկսել ենք կիրառել մեկ շաբաթանոց ռեպոների տեղ  նաեւ ամսական մեկ անգամ երկարաժամկետ ռեպո գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս բանկերին ֆինանսավորվել արդեն իսկ ավելի երկարաժամկետ գործիքները, որն իր հերթին  շատ մոտ ապագայում անպայման կբերի ընդհանուր տոկոսադրույքների նվազման։

Նաեւ առաջարկություն է եղել Կենտրոնական բանկի կողմից մի շարք այլ գործիքներ, որոնք օգտագործվում են միջազգային պրակտիկայում, որոնք կրում են էլի հակաճգնաժամային բնույթ։ Դրանք ...(չի հասկացվում) գործիքներն են, դրանք մի շարք այլ գործիքներն են։ Եվ Կենտրոնական բանկի կողմից իրականացվելու է կառավարության հետ համատեղ, կառավարության հետ հակաճգնաժամային ծրագրի ներքո տնտեսության ֆինանսավորում՝ վերաֆինանսավորման տեսքով։ Ինչո՞ւմն է սրա առանձնահատկությունը, որ գումարները չեն տրամադրվելու ուղղակի ֆինանսական ինստիտուտներին, այլ տրամադրվելու են այն պարագայում, եթե որոշակի պայմանների ստանդարտների ներքո բանկերը տրամադրեն համապատասխան վարկերը։ Այդ դեպքում իրականացվելու է նաեւ բանկերի վերաֆինանսավորումը։ Այսքանը, շնորհակալություն։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հերթագրում հարցերի համար։

Հերթագրվել է մեկ պատգամավոր՝ Արմեն Մարտիրոսյան։

Պրն Մարտիրոսյան, քանի որ մնացել է ընդամենը 2 րոպե, առաջարկում եմ ձեր հարցն ուղղել ընդմիջումից հետո։

Ընդմիջում մեկ ժամ։


Ժամը 1430

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՍԱՄՎԵԼ  ՆԻԿՈՅԱՆԸ

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Շարունակում ենք մեր աշխատանքները: Հարցի համար հերթագրվել է 1 պատգամավոր, Արմեն Մարտիրոսյան, խնդրում եմ ձեր հարցը:

Հարգելի զեկուցող, խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղը:

Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն Ջավադյան, երեւի ձեր մոտ այս տեսքով չի, իմ մոտ այս տեքստով է: Էջ 34-ում կարդում եմ հետեւյալ նախադասությունը` «ԿԲ-ն դադարեցրել է ժամանակավոր միջամտությունը արտարժույթի շուկայում, վերադառնալով լողացող արտարժույթի քաղաքականությանը»: Խնդրում եմ ինձ պարզաբանել, թե այս ժամանակավոր միջամտությունը ի՞նչ հատվածի վերաբերյալ է, եւ Կենտրոնական բանկի նախկին նախագահը եւ հիմա` դուք, միշտ նշել եք, որ մենք լողացող փոխարժեքի քաղաքականություն ենք իրականացնում: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը, եթե այստեղ` հաշվետվության մեջ, նմանատիպ արտահայտություն կա: Շնորհակալություն:

Ա.ՋԱՎԱԴՅԱՆ

-Շնորհակալություն: Իհարկե, անցյալ տարի մի քանի անգամ ես էլ այդպիսի հայտարարություն արել եմ, որ մենք հավատարիմ ենք մնացել մեր կողմից իսկ որդեգրած ազատ լողացող արտարժույթի քաղաքականությանը, եւ տարեվերջին այն գործողությունները, որ մենք իրականացնում ենք, միջամտելով արժութային շուկային, հակված էր այդ քաղաքականությունը տնտեսական կայունության, ֆինանսական կայունության ապահովմանը, եւ փորձեմ բացատրել` ինչու:

Մենք բավականին լուրջ միջամտություններ արեցինք, վաճառեցինք բավականին շատ արտարժույթ` տարեվերջին, եւ այս ընթացող տարվա սկզբին էլ, եւ դրա միջոցով փորձեցինք զսպել եւ կոտրել այն սպասումները, որոնք այդ պահին ծառացել էին հասարակության մոտ: Իրավիճակը ինչպիսի՞ն էր: Անցած տարվա օգոստոսի, ավանդներում հարաբերակցությունը` դրամ եւ արտարժույթ հարաբերակցությունը 65/35-էր: 65%-ով կար, բանկերում առկա էր դրամով ավանդներ եւ 35%-ով` արտարժույթով: Դրան մենք հասել էինք մի քանի տարի շարունակվող տնտեսական աճի ներքո, դրամի արժեքավորման շնորհիվ: Այդ ապադոլարիզացիան բավականին լուրջ էֆեկտ ուներ նաեւ տնտեսության վրա: Ես, պարզ է, որ չպետք է հիմա փորձեմ բացատրել` ի՞նչ է նշանակում դոլարիզացիան: Դա ահավոր մի երեւույթ է, իսկ մենք այդ սպասումները կոտրելու համար եւ փոխելու համար... Քանի որ բանկերը մի վիճակում հայտնվեցին, եւ վտանգի տակ սկսեցին հայտնվել ավանդատուները, որ բանկերի մոտ պարտավորությունները ամբողջությամբ սկսեցին արտահայտվել դոլարով, հիմա հարաբերակցությունը, ես ուղղակի վերջացնեմ այն միտքս, հիմա հարաբերակցությունը 28/72-է: 28% է ընդամենը դրամով ավանդները եւ 72%` արտարժույթով: Դա նշանակում է, քանի որ մեր Քաղօրենսգիրքն էլ նշում է, որ ցանկացած քաղաքացի իրավունք ունի ցանկացած օր, անկախ իր ավանդի ժամկետից, ցանկացած օր դիմել, եւ բանկը պարտավոր է իրեն վերադարձներ 1 օրվա ընթացքում իր ավանդը, քաղաքացիները սկսեցին դիմել բանկին խնդրանքով, պահանջով, որ փոխարինեն իրենց դրամային ավանդները արտարժույթով: Այլ պարագայում ասում էին, որ մենք վերցնում ենք մեր ավանդը, փոխում ենք եւ բերում ենք հետ ենք վերադարձնում: Բանկերը այդ քայլին գնացին, եւ մենք, ըստ էության, ի՞նչ արեցինք, այն ամբողջ ծավալը` արտարժույթի, որ մենք վաճառեցինք, դա հայտնվեց մեր ավանդատուների մոտ: Դրա համար իսկ, մեր համախառն արտաքին միջազգային պահուստները չնվազեցին: Մենք բավականին լուրջ ծավալ վաճառեցինք` 600 միլիոնից ավել դոլարի, բայց այդ 600 միլիոնը ինչպես կար, գտնվում էր բանկերի հաշիվներում, այնպես էլ Կենտրոնական բանկից տեղափոխվեց առեւտրային բանկի հաշիվներ, ըստ էության, այդ նույն ավանդատուների հաշիվներին: Բայց  բանկերի ակտիվներում դեռեւս կային վարկեր, որոնք տրամադրվել էին ազգային արժույթով, եւ այդ էր պատճառը, որ մարտի 3-ին, այդ ճշգրտումից հետո, առեւտրային բանկերի վնասը այդ 1 օրվա ընթացքում մոտավորապես 4,7 միլիարդ դրամ էր: Այդ վնասի մեծ մասը իրենց ուսերին տարավ բանկային համակարգը: Ճիշտ է, մենք այդ հաշվարկները նախօրոք արել էինք, դրա արդյունքում, այդ հաշվարկները կազմում էին նրանց նախորդ տարվա շահույթի մի 15-20%-ը: Մենք չունեցանք սնանկ բանկ: Բանկերը պատրաստվեցին այդ միջոցառմանը: Չտուժեցին ավանդատուները, այդ առումով: Նրանք հնարավորություն ունեցան այդ 3, 4 ամիսների ընթացքում, մինչեւ մարտի 3-ը, մեծամասնությունը փոխարինել իրենց ավանդները: Նրանք կորուստներ չունեցան նույնիսկ դոլարային արտահայտությամբ: Ճիշտ է, ես նաեւ այլ ձեւ եմ մտածում, բայց սա էր, այդ միջոցառումերի հիմնական նպատակը սա էր, եւ արդյունքում ի՞նչ եղավ` մեր վաճառած գումարը ոչ թե գնաց երկրից դուրս, մենք արտահոսք չունեցանք` արտարժույթի, եւ դա մեկ անգամ եւս ապացուցում է, որ մեր արած գործողությունները ճիշտ են, եւ դրա մասին նաեւ վկայում են բոլոր միջազգային հեղինակավոր կառույցների կարծիքները: Հիմա որպես դեպք են բերում, որպես քեյս են օգտագործում այն գործընթացը, որով մենք ենք իրականացրել:

Ինչու՞ մենք, ասենք` ինչ-որ կտրուկ արեցինք այդ միջոցառումը` 1 օրվա ընթացքում: Հիմնականում բանը դա էր, եւ մենք ուղղակիորեն ասացինք, որ` այո, վերադառնում ենք լողացող կուրսի քաղաքականությանը, բայց մեր բոլոր հայտարարություններում ասում էինք, որ մեր թիրախը ֆինանսական կայունության ապահովումն է, որը մենք ապահովեցիք, չունեցանք ոչ մի սնանկ ֆինանսական ինստիտուտ, չունեցանք ավանդատուների նոր շարքեր, ասենք` լուծարվող բանկերի արդյունքում, եւ այսօր մեր բանկերը բոլորն էլ գտնվում են  բարվոք վիճակում, եւ որեւէ խնդիր` վնասը, միակ խնդիրը նա է, որ այն շահույթը, որ պետք է այդ բանկի բաժնետերերը ունենային, պարզ է, որ ճգնաժամի պայմաններում այդ շահույթը չեն ունենա, ավելի քիչ կունենան: Այդքանն է:

Բանկերը 1-ին եռամսյակը, գրեթե բանկերի կեսը ավարտեցին վնասով: Բայց այդ իրավիճակը, իհարկե, կշտկվի ժամանակի հետ միասին: Ուղղակիորեն, մենք ասացինք, որ ընդհանուր առմամբ, մենք այդ քաղաքականության ներքո ենք, բայց կարճաժամկետ առումով մենք վերցրեցինք թիրախ ֆինանսական կայունությունը եւ հիմա նորից վերադարձանք: Հիմա մեր կողմից որեւիցե միջամտություն արտարժութային շուկայում չի լինում, եթե չկա կտրուկ տատանումներ` արտարժույթի:

Այդպիսինն էր վերջին մեկ ամսվա ընթացքում, դուք էլ եք դա զգացել, կտրուկ տատանումներ չի եղել: Իսկ այս տարի մեր գործողությունները եղել են 2 ուղղությամբ: Մենք հա՛մ գնել ենք արտարժույթ, հա՛մ` վաճառել, բայց շատ փոքր ծավալներով: Երբ որ, ասենք` մոտավորապես, դա հստակ թիվ չեմ ասում, բայց 3%-ից, դա մոտավորապես 9, 10 դրամի տատանում լինում էր 2, 3 օրվա ընթացքում, եւ մենք զգում էինք, որ շուկայից գալիս են, եղել է օր, մենք գնել ենք 3 միլիոն դոլար, եղել է օր, վաճառել ենք 1 միլիոն դոլար, բայց ամբողջությամբ, ես ձեզ վստահեցնում եմ, որ բոլոր միջազգային կառույցները հետեւում են մեր գործընթացին, որովհետեւ մեր հայտարարությունները նաեւ տրվել են թղթին, եւ այդ առումով, այն Սթեմբայի վարկը, որ մենք ստացանք Արժույթի միջազգային հիմնադրամից, դա դրա նախապայմաններից էլ մեկն է, որ մենք պարտավոր ենք վարել ազատ լողացող արտարժույթի քաղաքականություն: Շնորհակալություն:

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Հարցերն ավարտվեցին: Հարգելի գործընկերներ, խոսափողի մոտ ենք հրավիրում հարակից զեկուցող, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին: Զեկույցը մինչեւ 20 րոպե:

Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

-ԱԺ մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք ձեզ ներկայացնեմ մեր հանձնաժողովի եզրակացությունը դրամավարկային քաղաքականության ծրագրի գնաճի վերաբերյալ: Ես եւս իմ ելույթը պետք է սկսեմ այն նույն պնդումով, որով սկսեց Կենտրոնական բանկի նախագահը: Ցավոք, այս հաշվետվությունը մի փոքր ուշացած եւ հնացած է, սակայն մենք միասին, այս դահլիճում ընդունել ենք Կանոնակարգ օրենքում, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի օրենքում փոփոխություններ, համաձայն որի, մեր հաջորդ նստաշրջանից մենք ավելի վաղ կկարողանանք քննարկել դրամավարկային քաղաքականության ծրագիրը` գնաճի հաշվետվությունը, եւ մեր քննարկումները կլինեն ավելի առարկայական:

Սակայն այսօրվա մեր քննարկման առարկան 1-ին եռամսյակի հաշվետվությունն է, եւ պետք է ասեմ, արդեն ամիսներ հետո, երբ նայում ես այս թվերին, արդեն տեսնում ես, որ տնտեսական ճգնաժամը ավելի խորը ազդեցություն է թողել մեր տնտեսության վրա, քան կարելի էր նախատեսել այն ժամանակ, երբ գնում էր այս հաշվետվությունը:

Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա 1-ին եռամսյակի համար ակնկալվում էր, որ տնտեսական աճի անկումը կլինի 5,8%-ի սահմաններում: Պարզվեց, որ ավելի մեծ էր անկումը` մինուս 7,1%-ի անկում ենք ունեցել 1-ին եռամսյակի արդյունքներում, իսկ 4 ամիսների արդյունքում մենք ունենք արդեն 9,7%-ի անկում:

Ինչ վերաբերում է գնաճին, այստեղ, կարծեք թե հարցերի միջոցով նաեւ Կենտրոնական բանկի նախագահը պատասխանեց, գնաճի փոփոխման դինամիկան, մինչեւ մարտի 1-ի ճշգրտումը, ըստ էության, մենք ունեինք նաեւ գնանկում` 0.7%-ով մենք ունեինք գների անկում, որը նաեւ թույլ տվեց ավելի մեղմ գնաճային ճնշումներ իրականացնել այդ գների, այդ փոխարժեքի ճշգրտման պարագայում, այդուհանդերձ, մենք այսօր ունենք 3,9%-ի` ապրիլի տվյալներով, գնաճ, որը բավականին մեղմ ցուցանիշ է, սակայն մի քիչ ավելի բարձր, քան կանխատեսվում էր տարվա սկզբին այն փաստաթղթով, որը մենք այսօր քննարկում ենք:

Կանխատեսումների առումով, մինչեւ տարվա վերջ, ես կարծում եմ, որ այն կանխատեսումները, որոնք առկա են այս փաստաթղթում, մի քիչ ավելի լավատեսական են: Այն պրոցեսները, որոնք գնում են հիմա, ավելի խորը տնտեսական ճգնաժամի դրսեւորման մասին են արձանագրում` Հայաստանում, եւ այս առումով, ես կարծում եմ, որ բավականին մեծ ջանքեր պետք է պահանջվի ԿԲ-ից, որ նա իրականացնի օրենքներով եւ Սահմանադրությամբ իր վրա դրված հիմնական պարտականությունները: Այն է` գների կայունության ապահովումը: Մենք ունենք 4 պլյուս-մինուս 1,5%-ի շրջանակներում ԿԲ-ի կողմից պարտավորություն` ապահովելու տարվա վերջում գնաճը, եւ մեր ջանքերի միջոցով, ես կարծում եմ, որ դա հնարավոր կլինի իրականացնել:

Այստեղ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ դա պետք է իրականացնել չխաթարելով նաեւ տնտեսական աճի հնարավոր զարգացումը, այսինքն` նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Քաղաքականություն, որը ինչպես ներկայացրեց ԿԲ նախագահը, վերջերս սկսվել է իրականացվել ավելի մեծ ակտիվությամբ, եւ այս պարագայում միշտ պետք է փորձել հավասարակշռել այդ 2 հիմական տնտեսական ցուցանիշների միջեւ` տնտեսական ակտիվության եւ գնաճի զսպման քաղաքականության միջեւ:

Թերեւս այսքանը: Եթե լինեն հարցեր, կփորձեմ պատասխանել: Շնորհակալություն:

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Հարցեր պրն Մինասյանին: Հերթագրվածներ չկան:

Հարգելի գործընկերներ, այժմ անցնում ենք մտքերի փոխանակությանը: Հերթագրում ելույթների համար: Հերթագրում: Հերթագրվածներ չկան:

Անցնում ենք ամփոփիչ ելույթների: Պրն Մինասյան, ելույթի անհրաժեշտություն չկա՞: Կենտրոնական բանկի նախագահ պրն Ջավադյանը տեղում չի: Հարգելի գործընկերներ, հարցի քննարկումն ավարտվեց:

Այժմ անցնում եք հաջորդ հարցին: Այժմ, հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության ներկայացրած «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցողն է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը:

Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի ընկերներ, ձեզ եմ ներկայացնում «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»: Հարցը 1-ին ընթերցմամբ լսվել է     ԱԺ-ում,  քննարկումներ են կատարվել եւ ընդունվել է 2-րդ ընթերցմամբ: Կառավարության կողմից ներկայացված հարցերից զատ, մենք ունենք պատգամավորների` ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի առաջարկությունը, որը 7-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետից հետո առաջարկվել է «իրականացում մարզիկների առողջական պարբերական ստուգումներ», որը քնարկվել եւ ընդունվել է:

2-րդը` դա ԱԺ հանձնաժողովի նախագահ պրն Դավթյանի առաջարկությունն է, որը որ 9-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ2», «ժ4» եւ «ժ5» կետերը նորից քննարկվել է եւ տեղ գտել ամփոփաթերթիկում:

Հիմնականում այսքանը: 1-ին ընթերցմամբ անցել է «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին», օրենքի փոփոխությունները ընդունվել է մեր կողմից Եվրախորհրդի մասնագետների հրավերից հետո, եւ այսօրվա սպորտի զարգացման համար ավելի համահունչ լինելու կապակցությամբ: Հիմնականում այսքանը: Եթե հարցեր կան, կարող եմ պատասխանել:

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, հերթագրում հարցերի համար: Հերթագրում: Հերթագրվածներ չկան: Հարակից զեկույցի համար խոսափողի մոտ ենք հրավիրում գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին: Խնդրեմ:

Ա.ԴԱՎԹՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի խորհրդարար, սա իմ առաջին նախագիծն է, որը հանձնաժողովի նախագահի պաշտոնում պատիվ ունեմ ներկայացնելու ձեզ եւ մի փոքր ավելի մանրամասն ես կանդրադառնամ 2-րդ ընթերցմանը ներկայացված նախագծի փոփոխություններին:

1-ին փոփոխությունը, ինչպես նշեց հարգարժան նախարարը, փոփոխությունների առաջարկությամբ հանդես է եկել կառավարությունը եւ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, նաեւ իմ կողմից է արվել առաջարկություն:

Կառավարության արած առաջարկությունների մեջ ես կառանձնացնեի հետեւյալը, որ տրվել է մարզիկ կամ մարզուհի սահմանումը: Այն է` որեւէ մարզաձեւով սիստեմատիկաբար զբաղվող եւ տվյալ մարզաձեւից սպորտային կարգ ունեցող անձ: Ես կարծում եմ, որ սա բավականին լուրջ լրացում է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղղակի «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքը չէր կարող իր սահմանումների մեջ չսահմանել մարզիկ կամ մարզուհի հասկացությունը:

2-րդ կարեւորագույն փոփոխությունը վերաբերում է նրան, որ օրենքի 1-ին ընթերցմամբ ընդունված նախագծում Երեւան քաղաքը առանձնացված էր, եւ կառավարությունը նաեւ ճիշտ դիտողություն է կատարել այս հարցի շուրջ: Հաշվի առնելով, որ Սահմանադրության 108 հոդվածի համաձայն Երեւան քաղաքը այլեւս համայնք է, առաջարկվել է «Երեւան քաղաք» ընդգծված բոլոր այդ բառակապակցությունները հանել օրենքի նախագծից, ինչը եւ կատարվել է:

3-րդը` խմբագրական բնույթի որոշակի փոփոխություններ է կատարվել, եւ հաշվի առնելով, որ պետական լիազոր մարմինը ինքը կազմակերպում է համապատասխան աշխատանքները, առաջարկվել է, որ «ապահովում» բառը փոխարինվի «կազմակերպում» բառով, որը եւս իրականացվել է:

4-րդը` հանվել է «շահագրգիռ» բառը: Հաշվի առնելով, որ հստակ սահմանել` ի՞նչ ասել է շահագրգիռ եւ դրա սահմանները հստակ փորձել օրենքի ձեւակերպման մեջ ունենալ, անհնար է: «Իրավական ակտերի մասին» օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան հանվել է «հետեւյալ բովանդակությամբ» բառերը, ինչը եւս համահունչ է:

Ասեմ նաեւ, որ շատ կարեւոր, նաեւ 1-ին ընթերցմամբ ընդունված տարբերակում դրույթներ են ամրագրվել: Խոսքը վերաբերում է ոչ միայն ոլորտի լիազորված մարմնին, այլ ոլորտի զարգացմանը եւ անմիջապես ոլորտի հետ առնչություն ունեցող պետական մնացած մարմինների լիազորությունների, ինչը ամրագրված է գործող օրենքի ավելացված  9.1 հոդվածում:

Այստեղ, ինչպես նշեց հիմնական զեկուցողը, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից արվել է առաջարկություն, որով նախատեսվում էր պարբերաբար առողջապահական նկատառումներից ելնելով պարբերաբար ստուգումներ անցկացնել: Կառավարության ներկայացրած առաջարկությունը նմանատիպ առաջարկություն էր, ինչով առաջարկվում էր պարբերաբար զննումների իրականացումը, ինչը եւս ընդունվել է:

Ասեմ նաեւ, որ օրենքում շատ կարեւոր փոփոխություններ են կատարվել, հաշվի առնելով 9-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ2» կետը: Այն համապատասխանեցվել է ինչպես ՀՀ Սահմանադրությանը, այնպես էլ «Պատվավոր կոչումերի մասին» օրենքին: Հաշվի առնելով, որ օրենքի նախկին տարբերակում եւ նաեւ առաջարկված տարբերակում նշված էր, որ պետական լիազոր մարմինը ներկայացնում է համապատասխան կոչումներ շնորհելու համար անձանց, ինչը կառավարության լիազորությունն է եւ «ժ2» կետը վերախմբագրվել է, եւ վերախմբագրված տարբերակով լիազոր կառավարման մարմինը, պետական կառավարման մարմինը ուղղակի առաջարկում է ներկայացնելու անձանց պատվավոր կոչումների:

Ինչ վերաբերում է «ժ4» եւ «ժ5» ավելացված կետերին, ապա սրանով, պետական կառավարման լիազոր մարմինը ունենում է լիազորություններ սպորտի վաստակավոր վարպետի կոչմանն արժանացնելու, ինչպես նաեւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատող կոչման արժանացնելու ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի վաստակաշատ անձանց:

Այսքանը, շնորհակալություն: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ներկայացված օրենքի նախագծին, եւ խնդրում եմ պատեհ առիթի դեպքում ձեր դրական դիրքորոշումը արտահայտեք ներկայացված օրինագծի վերաբերյալ:

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Դավթյան, քանի որ ձեզ հարցեր չեն կարող ուղղել, անցնում ենք մտքերի փոխանակությանը: Հերթագրում ելույթների համար: Հերթագրվածներ չկան: Հարցի քննարկումն ավարտվեց:

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Բախշյանի եւ Արման Սահակյանի կողմից ներկայացված «ՀՀ տոների եւ հիշատակի օրերնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրեքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող` ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան, խնդրեմ:

Ն.ԶՈՀՐԱԲՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Նիկոյան: Հարգելի գործընկերներ, ես ձեր ուշադրությունը շատ կարճ կզբաղեցնեմ: Ընդամենը 1 փոքրիկ փոփոխություն էր առաջարկված նախագծում: Դուք գիտեք, որ Հայաստանը` մեր պետությունը անդամակցում է բազմաթիվ կազմակերպությունների` ՅՈՒՆԵՍԿՕ, ՄԱԿ, Եվրախորհուրդ, եւ այս կազմակերպությունների հովանու ներքո բազմաթիվ տոներ կան, որ մեր քաղաքացիական, հասարակական սեկտորը միշտ էլ, ավանդույթի համաձայն նշել է, եւ ուղղակի «ՀՀ տոների եւ հիշատակի մասին» օրենքում մենք առաջարկում ենք հետեւյալ փոփոխությունը, որ այդ տոները` «եկեղեցական տոներ» բառերից հետո լրացնել «միջազգային օրեր» բառերով, որը հնարավորություն կտա, որ միջազգային տոները, որ նշվել են հասարակական սեկտորի  նախաձեռնությամբ եւ կրել է ոչ պաշտոնական բնույթ, այդ պրակտիկան կկրի պաշտոնական բնույթ:

Լրամշակումից հետո մեր առաջարկով այս դրույթը կստանա հետեւյալ ձեւակերպումը` «ՀՀ-ում կարող են նշվել ավանդական եւ եկեղեցական, նաեւ միջազգային տոներ, իսկ կառավարության որոշմամբ` մասնագիտական եւ այլ տոներ ու հիշատակի օրեր»: Կարծում եմ, այդքանն է փոփոխությունը եւ առաջարկում եմ ձեր դրական քվեարկությունը նախագծի 2-րդ ընթերցման համար: Շնորհակալություն:

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Զոհրաբյան, քանի որ պատգամավորների կողմից առաջարկություններ չեն ներկայացվել, հարցեր չեն լինի: Խնդրում եմ զբաղեցներ ձեր տեղը:

Հարգելի գործընկերներ, հարակից զեկույցի համար ամբիոնի մոտ է հրավիրվում պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտյուշ Շահբազյանին, խնդրեմ:

Ա.ՇԱՀԲԱԶՅԱՆ

-Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, օրենքում կատարված է անհրաժեշտ փոփոխություն: Արդեն իսկ, նույնիսկ այս ավելացումը, երբ դեռ գոյություն չուներ, Հայաստանում տարիներ շարունակ միջազգային օրեր նշվել են, եւ սա անհրաժեշտ էր, որ օրինականությամբ հաստատվեր այն, ինչ իրական կյանքում իրականացվում է: Կատարվեց տեխնիկական առաջարկ, օրենքում փոփոխության: Պետական իրավական հանձնաժողովը դրական եզրակացությամբ առաջարկում է խորհրդարանին, որ օրենքը ընդունվի, օրենքի այս փոփոխությունը դրական քվեարկությամբ ընդունվի:

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Շահբազյան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Անցնում ենք մտքերի փոխանակության: Հերթագրում ելույթների համար: Հերթագրվածներ չկան, հարցի քննարկումն ավարտվեց:

Հարգելի գործընկերներ, քննարկում ենք կառավարության ներկայացրած «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», եւ «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյան: Խնդրեմ, էլ չուշանաք:

Ա.ՄՈՎՍԻՍՅԱՆ

-Ներողություն: Հարգելի նախագահող, ԱԺ հարգելի պատգամավորներ, ձեզ է ներկայացվում «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», եւ «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը 3-րդ ընթերցմամբ: 2-րդ ընթերցման ժամանակ առաջարկություններ չեն եղել: Եղել են զուտ խմբագրական որոշակի փոփոխություններ: Հանձնաժողովում նույնպես քննարկվել է, առաջարկություններ չեն եղել, խնդրում եմ ձեր հավանությունը:

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մովսիսյան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Հարգելի գործընկերներ, հարցի քննարկումն ավարտվեց:

Անցնում ենք հաջորդ հարցի քննարկմանը: Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք ՀՀ Նախագահի կողմից ներկայացված 2008 թվականի նոյեմբերի 10-ին Աթենքում ստորագրված «ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունների միջեւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության ռազմական ուսումնական հաստատություններում եւ ուսումնական կենտրոններում ՀՀ զինված ուժերի անձնակազմի մասին» արձանագրությունը: Հիմնական զեկուցող, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյան, խնդրեմ, պրն Նազարյան:

Ա.ՆԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Մեծարգո նախագահող, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում «ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունների միջեւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության ռազմական ուսումնական հաստատություններում եւ ուսումնական կենտրոններում ՀՀ զինված ուժերի անձնակազմի մասին» արձանագրությունը: Նշեմ, որ դիտարկվող արձանագրությունը ստորագրվել է 2008 թվականի նոյեմբերի 10-ին` Աթենքում: Արձանագրության ստորագրման համար իրավական հիմք է հանդիսացել ՀՀ պաշտպանության եւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության միջեւ Հունաստանի Հանրապետության զինվորական ուսումնական հաստատություններում ՀՀ քաղաքացիների ուսուցման կարգի եւ պայմանների մասին 1998 թվականի փետրվարի 17-ի համաձայնագիրը:

Արձանագրության դրույթներով սահմանվում են ՀՀ զինված ուժերի անձնակազմին Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում համապատասխան տեղեր տրամադրելու, ուսանելու կարգն ու պայմանները: Արձանագրության դրույթների համաձայն, Հունաստանի Հանրապետությունը հոգալու է Հայաստանի ռազմակրթական հաստատություններով հայ սպաների ուսանելու հետ կապված բոլոր ֆինանսական ծախսերը: ՀՀ-ն հոգում է միայն միջազգային, տրանսպորտային եւ ապահովագրական ծախսերը:

Հարկ եմ համարում նշել, որ նաեւ Հունաստանի, որպես ՆԱՏՕ-ի անդամ պետության, ռազմակրթական համակարգն ամբողջովին համապատասխանում է այդ կազմակերպության չափանիշներին, եւ ներկայումս պաշտպանական բարեփոխումների ճանապարհին գտնվող ՀՀ-ի զինված ուժերի համար կարեւոր նշանակություն ունի ՀՀ զինված ուժերի սպաների նեղ մասագիտացման ուսուցման կազմակերպումը Հունաստանի համապատասխան ռազմաուսումնական հաստատություններում:

Հունաստանի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներով համալրված են խաղաղապահ բրիգադի ՆԱՏՕ-ի չափանիշներին համահունչ ստեղծվող հիմնական հաստիքային պաշտոնները: Այդ նպատակով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն լսվել եւ հունական կողմի հետ ստորագրվել է դիտարկվող արձանագրությունը:

Ելնելով վերոշարադրյալից, նպատակահարմար եմ համարում վերոնշյալ արձանագրության վավերացումը: Շնորհակալություն: Եթե հարցեր կան, խնդրեմ:

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Նազարյան: Այժմ հերթագրում հարցերի համար: Հերթագրվածներ չկան, պրն Նազարյան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ է հրավիրվում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը, խնդրեմ:

Շ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, հարգարժան նախագահող: Ինչպես ներկայացրեց հիմնական զեկուցողը, մեր  հանձնաժողովում քննարկվել է «ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունների միջեւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության ռազմական ուսումնական հաստատություններում եւ ուսումնական կենտրոններում ՀՀ զինված ուժերի անձնակազմի ուսուցման մասին» արձանագրության հաստատման վերաբերյալ հարցը: Քննարկել ենք հանձնաժողովում: Հարցը մենք քննարկել ենք հանձնաժողովում, բավականին հետաքրքիր քննարկում է գնացել, որի ընթացքում մենք պարզել ենք, որ դեռեւս 1993 թվականից ՀՀ զինված ուժերի սպաները եւ կուրսանտները ուսուցում են ստանում Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում, եւ մինչեւ այսօր Հունաստանում ավարտել են շուրջ 76 սպաներ, եւ այս պահին սովորում են շուրջ 36 կուրսանտներ:

Քանի որ Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, բնականաբար, Հունաստանի ռազմական ուսումնական հաստատությունները համապատասխանում են ՆԱՏՕ-ական չափանիշներին եւ հետեւաբար հայկական բանակի սպաների ուսուցումը եւ վերապատրաստումը հունական ռազմական ակադեմիաներում էական դրական նշանակություն ունի հայոց բանակի հետագա կազմակերպման, հետագա առավել նպաստավոր դիրքեր զբաղեցնելու առումով:

Մենք ունենք մեր ձեռքի տակ նաեւ ՀՀ արդարադատության նախարարության տեղեկանքը, համաձայն որի, այս արձանագրությունը չի հակասում ՀՀ օրենքներին, օրենսդրությանը, չի ենթադրում օրենքների փոփոխություն կամ նոր օրենքների ընդունում: Միեւնույն ժամանակ մեր ձեռքի տակ ունենք Սահմանադրական դատարանի եզրակացությունը, համաձայն որի, համաձայնագրի վավերացումը չի հակասի ՀՀ քննական օրենքին` Սահմանադրությանը:

Կա նաեւ Ֆինանսների նախարարության տեղեկանքը, որտեղ նշված է, որ ՀՀ-ն այս համաձայնագրի վավերացմամբ ստանձնում է որոշակի ֆինանսական պարտավորություններ: Խոսքը վերաբերում է, նախ եւ առաջ, Հունաստան գործուղվող սովորողների տրանսպորտի եւ ուղեբեռի ծախսին, որը իր վրա է վերցնում ՀՀ-ն: Իսկ մնացած, ինչպես նաեւ մահվան դեպքում, սովորողի դիակի փոխադրման ծախսերը: Մնացած բոլոր դեպքերում հունական կողմը իր վրա է վերցնում ուսանողների, սովորողների ծախսերը, տրամադրելով կրթական բավարար պայմաններ, լաբորատորիաներից, գրադարաններից, լսարաններից օգտվելու հնարավորություններ, անհրաժեշտ գիտական կազմ, ներուժ, պրոֆեսորադասախոսական կազմ, տեխնիկական նյութեր եւ այն ամենը, ինչ անհրաժեշտ է նորմալ ուսուցում կազմակերպելու համար:

Միեւնույն ժամանակ նշեմ նաեւ, որ հունական կողմը ստանձնում է նաեւ շտապ բժշկական միջամտության ծախսերը, մասնավորապես` ատամնաբուժության եւ արագ շտապ վիրահատության հետ կապված ծախսերը: Այլ բնույթի բժշկական միջամտության  ծախսեր հոգում են ուսանողները, մասնավորապես, եթե օգտվում են մասնավոր կլինիկաներից:

Մենք բավականին մանրամասն քննարկել ենք այս արձանագրությունը եւ եկել այն եզրահանգման, որ արձանագրությունը ուղղակիորեն վավերացնում է այսօրվա առկա փաստացի վիճակը, այսինքն` դեռեւս 93 թվականից ռազմական, ռազմաուսումնական այս համագործակցությունը, որ գոյություն ունի ՀՀ-ի եւ Հունաստանի Հանրապետության միջեւ, այս համագործակցությունը իրավական, միջազգային պայմանագրային ուժ է ստանում այս արձանագրությունը վավերացնելով:

Արձանագրության վավերացմամբ մենք էականորեն նպաստում ենք նաեւ մեր բանակի կրթագիտական կազմակերպմանը, նոր կադրերով համալրմանը, հետեւաբար, հանձաժողովը տվել է իր դրական եզրակացությունը, վավերացնելու հիշյալ արձանագրությունը: Կոչ ենք անում խորհրդարանին եւս պատեհ պահի քվեարկության դնելու պարագայում կողմ քվեարկել: Շնորհակալություն:

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Թորոսյան, զեկույցի համար: Հարցեր` հարակից զեկուցողի: Հերթագրում: Հերթագրվածներ չկան, պրն Թորոսյան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Անցնում ենք մտքերի փոխանակությանը: Հերթագրում ելույթների համար: Հերթագրվածներ չկան:

Եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն կա՞: Չկա: Հարցի քննարկումն ավարտվեց:

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Ստեփան Ասլանյանի եւ Իշխան Խաչատրյանի կողմից ներկայացված «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող` պատգամավոր Հովհաննես Մարգարյան:

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, «ՀՀ պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է 2-րդ ընթերցման, ես կուզենայի, որպես օրենքի համահեղինակ, ներկայացնել մի հանգամանք, կարեւոր, որը վերջերս մենք բացահայտեցինք ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հետ, կատարելով խորհրդարանական լսումներ, կապված սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագրի հետ: Մեր ազգաբնակչությունը, սահմանամերձ տարածքներում բնակվող, արդարացիորեն դժգոհում էին մի շարք հարցերից, որ ծրագրերում որոշակի դեպքերում տեղի են ունենում ձգձգումեր, եւ ըստ ժամանակացույցի, տարիներ շարունակ որոշակի հարցեր հնարավորություն չէր ընձեռվում լուծել, մասնավորապես` գազաֆիկացման խնդիրը, որոշ սահմանամերձ տարածքներում, բնականաբար, գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված որոշակի խոչընդոտներ, որոնք առաջանում էին: Այս առումով, ես պետք է նշեմ, որ, ըստ էության, կային խնդիրներ, որոնք օր առաջ սպասում էին իրենց լուծմանը, եւ այս խնդիրները ոչ մի կապ չունեին արդեն իսկ մեր կողմից բազմաթիվ անգամ այն ներկայացմանը, որ ներկայացնում էինք` կապելով այդ խնդիրների երկարաձգվելը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ: Իրոք, մարդիկ հասկանում էին, որ համապատասխան միջոցներ չկան, որոշ ծրագրեր հնարավոր չէ իրականացնել, էլի եմ կրկնում` սահմանամերձ տարածաշրջաններին ուղղված, բայց կար մի կարեւոր խնդիր, որը, բնականաբար, քննարկումների ժամանակ մեզ` հանձնաժողովին, հետաքրքրեց, եւ մեզ` պատգամավորներիս, հեղինակներիս, այս օրինագծի հետ կապված:

Արդարացի դժգոհում էին, որ շատ հաճախ նրանք հնարավորություն չունեին, որպեսզի սահմանամերձ տարածքներում գտնվող իրենց հողատարածքներում եւ այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնեին, այսինքն` «ՀՀ պետական սահմանի մասին» գործող օրենսդրության մեջ հստակ նշված էր, որ արգելվում է այգիներում, սեփական այգիների մասին է խոսքս եւ այն այգիների, որոք գտնվում են սահմանամերձ գոտում: Այդ այգիներում իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ, մասնավորապես` կապված բնափայտի մթերման հետ: Բնական է, որ այս առումով մենք կողմ ենք գործող արգելքին, որ եթե անտառապատ տարածքներ են, այսինքն` իրավունք չունեն ծառահատումների,  նկատի ունեմ զուտ գյուղատնտեսական նշանակության այգիներում, որոնք մասնավոր են, այդ աշխատանքներ իրականացնեն: Մենք, երբ 1-ին ընթերցման ռեժիմում ներկայացնում էինք, ինքս դիմեցի ՀՀ  Ազգային անվտանգությանը, եւ դիմեցի, որ եզրակացություն ստանայի քննարկվող օրենքի նախագծի հետ կապված, դիմում հղեցի նաեւ մեր զինված ուժերին, եւ, բնականաբար, երկուստեք ողջունելի էր այն մոտեցումը, որ ոչ միայն նրանք դրական եզրակացություն տվեցին` համապատասխան գերատեսչությունները, այլ կառավարությունը ներկայացրեց առաջարկություններ, եւ դեռ 1-ին ընթերցման ռեժիմում հեղինակներիս կողմից ընդունվեց այդ առաջարկությունները:

Խոսքը վերաբերում էր օրենքի լրամշակմանը: Ես ողջունում են նաեւ ԱԺ աշխատակազմին, ովքեր զուտ խմբագրական բնույթի առաջարկություններով հարստացրեցին օրենքի նախագիծը: Մի խոսքով ասած, այն, ինչ ներկայացվեց հեղինակներիս, բոլորը միանշանակ ընդունվեց մեր կողմից:

Այժմ ներկայացնում եմ լրամշակված տարբերակը: Ասեմ, որ նախագծի    1-ին հոդվածը վերաբերում է զուտ 2 կարեւոր հանգամանքի, որ սահմանամերձ տարածաշրջանում գտնվող մեր տարբեր համայնքներում բնակվող բնակիչները կարողանան անարգել իրականացնեն իրենց այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ, այդ թվում ինչպես կոչվում է` էտեն ծառերը եւ այլն, եւ այլն, այդ թվում` եթե կա փթթած արդեն, իր կենսագործունեությունը ավարտած եւ մյուս ծառատեսակների համար վնաս համարվող, խոսքս պտղատու այգիների մասին է, որպեսզի կարողանան հատեն այդ ծառերը եւ անարգել կարողանան նաեւ մաքրումներ կատարել, այսինքն` այդ փայտը կարողանան դուրս բերել սահմանամերձ տարածքից, քանի որ իրենց սեփականությունն է, եւ օգտագործեն նաեւ այլ կարիքների համար:

1-ին հոդվածով մենք առաջարկել ենք, որ գործող օրենքի «զ» կետում, որտեղ նշված էր, որ արգելվում են որսորդությունը, ձկնորսությունը, առաջարկեցինք «ձկնորսություն»  բառից առաջ լրացնել «արդյունագործական ձկնորսություն»-ը, որով հնարավորություն ընձեռեցինք նաեւ մեր քաղաքացիներին, որպեսզի անարգել սիրողական ձկնորսությամբ զբաղվեն սահմանամերձ տարածքներում գտնվող ջրամբարներում, գետերում եւ այլն, ինչը կատարվում է նաեւ, մեր պետական սահմանը, ինչպես գիտենք, պաշտպանվում է համատեղ հայ-ռուսական զորամիավորումների կողմից, եւ, բնականաբար, առանց որեւէ խոչընդոտի կարողանան, էլի եմ կրկնում, միայն սիրողական ձկնորսությամբ զբաղվել: Խոսքը չի վերաբերում արդյունագործական նպատակի համար, որ որսան եւ այդ որսած ձուկը վաճառեն: Այսինքն` խոսքը վերաբերում է սիրողական ձկնորսությանը, եւ կարծում եմ, որ բոլորս` մեր գործընկերները, բուռն քննարկման ընթացքում ներկայացրեցի իրենց տեսակետները, հատկապես այն պատգամավորները, որոնք սահմանամերձ տարածաշրջաններից են ընտրվել, որ, իրոք, այս խնդիրը կար, եւ արդար էր ժողովրդի դժգոհությունը, որ կարելի է այդ արգելքը հանել: Բնականաբար, քիչ առաջ ընթերցեցի, հենց առաջին բառով մենք, փորձեմ ընթերցել, «զ» կետը, որ «զբաղվել որսորդությամբ...», այսինքն` արգելում է, «արդյունագործական ձկնորսությամբ, բնափայտի մթերմամբ...», եւ այստեղ ենք ավելացնում մենք մեր մոտեցումը, որ «բացառությամբ քաղաքացիներին սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ պատկանող այգիներում իրականացվող սանիտարական   մաքրումների եւ ծառահատումների»: Այնուհետեւ` «վնասել կամ ոչնչացնել բուսականությունը, բացառությամբ քաղաքացիների սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ պատկանող հողատարածքներում խոտհունձ կատարելու»: Վերջին պարբերությունը, որ հեղինակներիս կողմից ընդունվեց, սա ներկայացված էր պաշտպանության նախարարության կողմից, որ այստեղ այգիների մշակման հետ մեկտեղ, ըստ կադաստրի պետական կոմիտեի ներկայացված փաստաթղթերի, եւ որպես կանոն, մեր սահմանամերձ տարածաշրջանում բավականաչափ բերրի են հողերը, եւ այս տարածաշրջաններում հնարավորություն ընձեռեն, որ, էլի եմ կրկնում, իրենք իրենց վարձակալությամբ կամ սեփականության իրավունքով հողատարածքներում անարգել կարողանան իրականացնել խոտհունձը:

Կարծում եմ, որ սա առաջիկայում հնարավորություն կընձեռի մեր սահմանամերձ տարածաշրջանի բնակիչներին, եւ ընդհանուր առմամբ, նաեւ այն բնակիչներին, ովքեր սահմանամերձ տարածաշրջաններում սեփական այգիներ չունեն կամ վարելահողեր` գյուղատնտեսական նշանակության հողեր չունեն, կամ վարձակալությամբ նույնպես չունեն, հնարավորություն կընձեռի նաեւ բոլորին, բոլոր քաղաքացիերի, որպեսզի նրանք էլ կարողանան զբաղվել ձկնորսությամբ, որը նախորդ քննարկման ընթացքում, չեմ կարող ես չանդրադառնալ, քննարկվեց, չգիտես ինչու՞, կապվեց մեր Սեւանա լճի հետ, որ ընդհանուր կապ չունի, ընդհանուր աղերսներ չունի, ներկայացված նախագծի հետ, քանի որ խոսքը վերաբերում է զուտ սահմանամերձ գոտում գտնվող ջրային ռեսուրսների օգտագործման ընթացքում ձկնորսությանը, այսինքն` էլի եմ կրկնում, խոսքը վերաբերում է զուտ այդ սահմանային տարածքներում հոսող գետերին կամ ջրամբարներին, որոնք կան:

Ես կուզենայի նաեւ այստեղ ներկայացնել, որ բազմաթիվ դիմումեր մենք ունենք, եւ առիթը օգտագործելով հիմա վստահորեն կարող եմ փաստել, քանի որ 1-ին ընթերցման ռեժիմում օրենքը քննարկվեց եւ դեմ չեղավ ոչ մի քվեարկող մեր գործընկերներից, որի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը իմ գործընկերներին` զորակցության համար, եւ ես կուզենայի օրինակ բերել Ախուրյանի ջրամբարը, որ մենք բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, որ այս տարածաշրջանը սահմաամերձ լինելով մի ամբողջ գյուղ` Երազգավորս, Բայենդուրի մի մասը տեղահանվեց, երբ այս ջրամբարը պետք է կառուցվեր: Այդ ջրամբարի, խոշոր ջրամբարի կառուցումից հետո, հիմնականում Երազգավորս գյուղի բնակիչները, իհարկե, տրամադրվեց պետության կողմից գյուղատնտեսական նշանակության հողեր, հողատարածքներ, բայց այդուհանդերձ հիմնական իրենց այն բերրի հողերը մնացին ջրի տակ, եւ այս մարդիկ արդարացի դժգոհում են, որ այն հողատարածքները, որոնք սահմանամերձ գոտում պետությունը հատկացրել է իրենց, սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ, գոնե հնարավորություն ընձեռվի իրականացնելու այգիների մշակում եւ, բնականաբար` խոտհունձ:

Այս առումով, կարծում եմ, օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի տարբեր տարածաշրջաններում, ես ընդամենը Շիրակի մարզից մեկ օրինակ բերեցի, իսկ մեր հանրապետությունում, բոլորս գիտենք, հարգարժան գործընկերներ, որ, կարծեմ ինչքան ես հիշում եմ, բացի Կոտայքի մարզից, մյուս մարզերում հիմնականում չկա մի մարզ, որտեղ չլինեն համայնքներ, որոնք սահմանամերձ են: Այս առումով նույնպես շատ կարեւոր է օրենքի նախագիծը:

Ես նախքան ավարտելս, ներկայացնելս 2-րդ ընթերցման ռեժիմը, կուզենայի հորդորել, որ բոլորս, արդեն հրավերներ կան, եթե օրենքը ընդունվի, պրն Նիկոյան, մենք առաջին անգամ մասնակցենք մեր այդ տարածաշրջանի ազգաբնակչության հետ ձկնորսության, այսինքն` պատգամավորներս փորձենք առաջին անգամ, որ ասում է, ձկնորսության այս անարգել իրականացնելու հարցում ներկա լինենք տարբեր տարածաշրջաններում, եւ սա միմիայն կոգեւորի մեր ազգաբնակչությանը, սահմանամերձ տարածաշրջանում բնակվող, ովքեր, էլի եմ կրկնում, այս արդարացի հարցը բարձրացրել են եւ իր արդարացի լուծումը կստանա:

Ավարտելով խոսքս, սիրելի գործընկերներ, այն բոլոր առաջարկությունները, որոնք կային, ընդունվել էին, 1-ինից 2-րդ ընթերցման ռեժիմում ո՛չ կառավարության, ո՛չ մեր գործընկերների կողմից չի կատարվել: Իսկ այն առաջարկությունները, որոնք դեռ 1-ին ընթերցման ռեժիմում քվեարկելուց առաջ` օրենքի նախագիծը, ներկայացվել էր, այդ բոլորը ընդունվել է: Ես առաջարկում եմ օրենքի նախագիծը պատեհ պահի դնել քվեարկության եւ ընդունել 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ, քանի որ առաջիկայում ամառային գյուղատնտեսական աշխատանքների շրջանն է, եւ մենք սրանով, բնականաբար, հնարավորություն կընձեռենք օր առաջ այդ արգելքները, որոնց մասին ես խոսեցի, հանենք եւ մեծ հնարավորություն կընձեռենք, ասում է` նոր հույս կառաջանա մեր սահմանամերձ տարածաշրջանի բնակչության համար: Իհարկե, մենք` հեղինակներս, եւ ընդհանուր առմամբ` ԱԺ-ն, կարծում եմ, հետեւողական կլինենք, որ այն կանոնակարգը, որը կսահմանի պաշտպանության նախարարությունը, համատեղ, քանի որ իրականացվում է Ռուսաստանի Դաշնության երկրի հետ, որպեսզի այնտեղ էլ հստակ սահմանվի այն դեպքերը, երբ չի թույլատրվում, խոսքս վերաբերում է արտակարգ իրավիճակների կամ որոշակի դեպքերում, որ սահմանի խախտումեր է գրանցվել եւ այլն, ինչպես գիտեք, այդ օրերին հնարավորություն չի ընձեռվում սահմանամերձ գոտում որեւէ գործողություն իրականացնելու: Շնորհակալություն:

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մարգարյան, բավականին մանրակրկիտ, հանգամանալից զեկույցի համար: Շնորհակալություն նաեւ ձկնորսության հրավերքի համար: Հարգելի պատգամավորներ, քանի որ մեր կողմից առաջարկություններ չեն ներկայացվել, հարցեր չեն լինի:

Հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում պաշտպաության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Իշխան Խաչատրյանը: Խնդրեմ, պրն Խաչատրյան:

Ի.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, «Պետական սահմանի մասին» օրենքի նախագիծը մանրակրկիտ, բուռն քննարկվել է պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովում, որտեղ ստացել է դրական եզրակացություն, եւ կոչ եմ անում, առաջարկում եմ պատեհ առիթի դնել քվեարկության:

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Խաչատրյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Հարգելի գործընկերներ, անցնում ենք մտքերի փոխանակությանը: Հերթագրում ելույթների համար: Հերթագրվածներ չկան: Եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն կա՞: Եզրափակիչ ելույթի համար` Հովհաննես Մարգարյան, խնդրեմ: Կարծում եմ մանրամասնելու անհրաժեշտություն կա:

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Մանրամասնելու անհրաժեշտություն չկա, ուղղակի մեր գործընկերների այն հարցմանը, ուղղակի չհասցրեցին հարց տալ, խոսքը վերաբերում է ձկնորսության առումով այն քաղաքացիներին, ովքեր ունեն սեփական այգիներ կամ վարձակալությամբ վերցված տարածքներ եւ այգիներ, այլ բոլոր մեր քաղաքացիներին: Խոսքը ձկնորսությամբ զբաղվելը` սիրողական, դա մեր բոլոր քաղաքացիներին է վերաբերում, եւ ես կուզենայի իմ հորդորիս հետ, որ հորդորեցի մեր գործընկերների, նաեւ ԱԺ աշխատակազմին, որովհետեւ քիչ առաջ ինձ հորդորեցին, թե ինչու՞ մեզ չեք հրավիրում: Շնորհակալություն:

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Շնորհակալություն պրն Մարգարյան: Հարցի քննարկումն ավարտվեց:

Հարգելի գործընկերներ, քննարկում ենք ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանի, Արեւիկ Պետրոսյանի, Մկրտիչ Մինասյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ռուբիկ Հարությունյանի եւ Կարեն Ավագյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած  «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող` ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյան:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, հանձնաժողովը շարունակում է աշխատել գործող «Հոգեբուժական օգնության մասին» օրենքի եւ մի շարք այլ օրենքների փոփոխությունների վրա, քանի որ օրենքը, որը ընդունվել է բավականին ժամանակ առաջ, նա արդեն ժամանակի ընթացքում կարիք ունի որոշակի փոփոխությունների եւ նամանավանդ մարդու իրավունքների, ինչպես նաեւ հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց իրավունքների պաշտպանության առումով, այդ առումով, իհարկե, մենք առաջարկում ենք հետեւյալ հստակ փոփոխությունները: Քանի որ գործող Քրեական օրենսգրքում կա այսպիսի մի հասկացություն, որ հարկադիր բուժում անցնող հիվանդները պետք է նրանց հետազոտումը եւ բուժումը իրականացվի հատուկ տիպի հոգեբուժական հիվանդանոցներում, եւ հայտնի է, որ նմանատիպ հիվանդանոցներ Հայաստանում չկան եւ չեն կարող լինել` հատուկ տիպի հիվանդանոցներ, այլ գոյություն ունեն ընդհանուր տիպի կամ հատուկ տիպի բաժանմունքներ, որտեղ որ հատուկ տիպի բաժանմունքը կահավորված է այնպես, որ հոգեկան հիվանդը, որը իր կամ շրջապատի համար վտանգ է ներկայացնում, կարողանան հատուկ տիպի բաժանմունքում ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի ինքը չկարողանա իրեն կամ շրջապատի համար որեւիցե մի վնասակար գործողություն իրականացնի:

Իսկ ընդհանրապես, Հայաստանում, մեր գործող օրենսդրությամբ եւ Սահմանադրության համաձայն, մենք ունենք ընդհանուր տիպի հիվանդանոցներ, բժշկական կազմակերպություններ, հոգեբուժական հիվանդանոցներ, որտեղ կարող են լինել այս նշված կամ այն նշված տիպի բաժանմունքները: Ընդհանուր առումով, մեր քաղաքականությունը այս հարցում գնում է նրան, որ կարողանանք էլ ավելի մատչելի դարձնենք հոգեկան հիվանդություններով կամ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց բժշկական ծառայությունները ստանալու համար դիմելու, բժշկական խորհրդատվություն ստանալու խնդիրը: Երբ որ մենք այս ծառայությունները կազմակերպում ենք ընդհանուր տիպի մեր բժշկական կազմակերպությունների շրջանակներում, ապա սա տալիս է հնարավորություն, որ մարդիկ, որոնք ունեն այս կամ այն խանգարումները, շատ ավելի մատչելի ձեւով կարողանան դիմել այդ հաստատություներին: Այստեղ, իհարկե, մենք հստակեցնում ենք, եղած օրենքի մեջ, եւ հիմնական հասկացողությունների մեջ, արդեն հստակ ներկայացնում եք, թե ինչ ասել է հոգեբուժական հիվանդանոց, ինչ ասել է հոգեբուժական կազմակերպություն, ինչ ասել է ընդհանուր տիպի բաժանմունք, ինչ ասել է հատուկ տիպի բաժանմունք, եւ օրենքը հղում է տալիս, որ եւ կառավարությունը կարողանա մշակել այն ամբողջ պահանջվող պահանջները, ներկայացնի պահանջները, որոնք պետք է լինեն այդ բաժանմունքները կազմակերպելուց եւ աշխատանքը կազմակերպելուց:

Ինչպես նաեւ կա այլ փոփոխություն, որը վերաբերում է այն հանգամանքին, որ եղած գործող օրենքում մենք ունենք այսպիսի մի հասկացողություն, դուք հիշում եք, սրանից մի քանի ժամանակ առաջ մենք ֆիքսեցինք, որ եթե պետք է որոշում ընդունվի հոգեբուժական հիվանդանոցում բուժելու` մարդու կամքին հակառակ, ապա եթե ինքը չի կարող որոշում ընդունել, այդ հիվանդը, կա՛մ ինքը չունի այդ հնարավորությունը, կամ ինքը վտանգ է ներկայացնում շրջապատի համար, ապա պարտադիր պետք է լինի դատարանի որոշումը: Ոչ մի նմանատիպ բուժում չի կարելի կազմակերպել առանց դատարանի որոշման, եւ մենք ձեզ հետ միասին ընդունեցինք մի նորմ, հաստատեցինք մի նորմ, որ 72 ժամվա ընթացքում պետք է հանձնաժողովը իրականացնի իրեն որոշումը` քննելուց հետո, ուսումնասիրելուց այդ հոգեկան հիվանդին կամ քաղաքացուն, եւ որոշում ընդունի եւ հաստատությունը պետք է դիմի դատարան:

Բայց գործող օրենքում կար այսպիսի մի դրույթ, որը դժվարություն էր ստեղծում, որ հանձնաժողովը պետք է լինի առնվազն 3 հոգեբույժից կամ 2 հոգեբույժ, 1 նյարդաբանից բաղկացած, որոնցից մեկը կարող է, պետք է հրավիրված լինի այլ հոգեբուժական հաստատությունից: Այստեղ, իհարկե, փոքր նյուանս կա, որովհետեւ մենք գիտենք, որ մեր մարզերում առնվազն 2 կամ 3 մարզից մեկում կա հոգեբուժական հաստատություն, եւ նշանակում է, որ որպեսզի մենք կարողանանք 3-րդ մասնագետին հրավիրենք հոգեբուժական հաստատությունից, առնվազն պետք է կամ մի քանի մարզ այն կողմ հրավիրվի կամ գոնե Երեւաից, որը նույնպես դժվարություն էր ստեղծում այն դեպքում, որ կա նույն մարզում` այլ բժշկական հաստատություններում, կան եւ՛ նյարդաբաններ, եւ՛ հոգեբույժներ, որոնք աշխատում են, բայց ոչ թե հոգեբուժական հիվանդանոցում, այլ բժշկական հաստատություններում: Լինի դա պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ...

Դրա համար փոփոխությունը, որը կատարվում է, խնդիրը ոչ թե մարդը գա հոգեբուժական հիվանդանոցից, այլ խնդիրը նա է, որ մասնագետը գա` հոգեբույժը թե նյարդաբանը, եւ այդ մասնագետը, թե՛ աշխատում է հոգեբուժական հիվանդանոցում, թե՛ այլ բժշկական հաստատությունում, ոչ մի նշանակություն չունի: Դրա համար մենք առաջարկում ենք փոփոխություն իրականացնել, որ 3-րդ մասնակիցը լինի այլ բժշկական հաստատությունից, լինի նյարդաբան կամ հոգեբույժ, որը տալիս է հնարավորություն շատ արագ կազմակերպել այս հանձնաժողովը` 2 մասնագետ այդ հոգեբուժական հիվանդանոցից եւ 3-րդը` այլ բժշկական հաստատությունից, եւ դա կտա հնարավորություն, որ այն նորմը, որը մենք ձեզ հետ հաստատեցինք` 72 ժամվա ընթացքում անցկացնել, հանձնաժողովը հավաքի եւ տա եզրակացություն, որ կարողանանք այս նորմը պաշտպանենք: Այսինքն` այն, ինչ որ մենք ձեր հետ միասին որոշել ենք, ոչ թե այսպես թղթի վրա մնա, այլ տալիս ենք ավելի ռեալ հնարավորություններ:

Մնացած փոքր փոփոխությունների վրա ես առանձնապես կանգ չեմ առնում: Հիմնական փոփոխությունները սրանք են, որ մենք առաջարկում ենք, եւ խնդրում ենք հարմար պահի դնել քվեարկության, առաջին ընթերցմամբ ընդունելու համար: Շնորհակալություն:

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Բաբլոյան: Հարցեր հիմնական զեկուցողին: Հերթագրում: Հերթագրվել է 1 պատգամավոր` Արծրունի Աղաջանյան, խնդրեմ:

Ա.ԱՂԱՋԱՆՅԱՆ

-Շնորհակալություն: Ես պետք է ողջունեմ եւ նշեմ այն մեծ աշխատանքը, որը կատարվել է օրենքի նախագծի հետ: Առաջարկվող փոփոխությունները, իսկապես, լրացնում եւ հարստացնում են օրենքը: Մի հարց է ինձ հետաքրքրում, պրն Բաբլոյան, քանի՞ երեխա կա Հայաստանում` հոգեկան խանգարում ունեցող, եւ ինչպե՞ս է իրականացվում նրանց բուժսպասարկումը: Եթե ունեք տվյալներ, խնդրում եմ հրապարակեք:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Գուցե ես դժվարանամ կոնկրետ թիվ ասեմ, թե քանի երեխա կա հոգեկան հիվանդությամբ տառապող, բայց պետք է ասեմ, որ հոգեկան որոշակի խանգարումներ ունեցող, որոնք որ, գուցե եւ հիվանդություն չհամարվեն, այլ քանի որ մենք գիտենք, որ կան հոգեկան հիվանդություններ եւ հոգեբանական որոշակի հիմական խանգարումներ եւ հոգեբանասոցիալական խնդիրներ, որոնք կարող են նույնիսկ սոցիալական հիմքեր ունեանլ, ապա այստեղ կարող է թիվը ավելի մեծ լինի: Ես մի քիչ ավելի լայն կուզենայի ձեր հարցին պատասխանել, եթե թույլ կտաք, որովհետեւ հիմնականում մեր առջեւ դրված էր ժամանակին «Հոգեկան առողջության մասին» օրենքի ընդունումը, բայց դուք տեսնում եք, մենք առայժմ ունենք «Հոգեբուժական օգնության մասին» օրենքը:

Այստեղ մեր հանձնաժողովը շարունակում է աշխատել, եւ որպեսզի մենք կարողանանք ընդլայնենք հնարավորությունը հոգեկան առողջության պաշտպանության եւ ծառայությունների մատուցման առումով...

Ինչ վերաբերում է մանկական ծառայություններին, պետք է ասեմ, որ մենք ունենք նյարդահոգեբանական մանկական կենտրոն, որը գործում է Երեւանում, եւ մենք ունենք մանկական նյարդաբաններ եւ մանկական նյարդահոգեբաններ, որոնք որ ոչ բոլոր մարզերում կան, բայց կան եւ մարզերում: Այս ծառայությունը ընդլայնման կարիք ունի եւ այստեղ, իհարկե, որոշակի մոտեցումներ կան եւ արդեն գործընթացներ կան, որ սկսվել են: Հիմնական ծառայությունը, դա մեր մոտ` Երեւանում, մատուցվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, նրան կից կա մանկական նյարդահոգեբանական կենտրոնը: Մյուսը` «Նորք» հոգեբուժական կենտրոնում կա «Վան» հոգեբուժական կենտրոնը, որը նույնպես...

Ներկայումս կա մի ծրագիր, որ մենք Արմաշում ունենք, առողջության կենտրոն, որը կվերակազմավորվի որպես մանկական` երեխաների եւ դեռահասների հոգեկան առողջության կենտրոն: Այդ ծրագիրը նոր է եւ Առողջապահության նախարարությունը այդ ծրագրի մշակման եւ ներդրման փուլում է, եւ միեւնույն ժամանակ պետք է ասեմ, որ «Արաբկիր» մանկական համալիրը, նա սկսել է մարզերում ներդնել երեխայի զարգացման եւ վերականգնման կենտրոններ, որտեղ որ 6-ը ստեղծված են, որի մեջ կա երեխաների հոգեկան զարգացման որոշակի կոմպոնենտ, որը նույնպես նրանց հոգեկան առողջությանն է վերաբերում:

Այսքանը, որ ես կարող եմ ձեզ պարզաբանել:

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Պարզաբանման անհրաժեշտություն կա՞: Արծրունի Աղաջանյան:

Ա.ԱՂԱՋԱՆՅԱՆ

-Պրն Բաբլոյան, հոգեկան որոշ շեղումներ ունեցող երեխաների համար մենք Սեւանում ունենք նման հաստատություն: Ըստ ձեզ, ժամանակը չէ՞, որ առանձին հաստատություն ունենանք այդ ուղղությամբ, որ նման կատեգորիայի երեխաների, ոչ թե պրոֆիլակտիկ բուժումներ կատարեն կարճ ժամանակով, այլ հիմնական, հետեւողական աշխատանք կատարվի, երեխաներին ուղղելու, հոգեկան խանգարումները բուժելու եւ առողջ սերունդ աճեցնելու համար: Այսինքն` հաստատություն եւ նաեւ առանձին հիվանդանոցի անհրաժեշտություն դուք գտնու՞մ եք:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Այն, ինչ որ դուք բերեցիք օրինակ` Սեւանի հաստատությունը, դա խրոնիկ հիվանդությամբ տառապող, եւ գրեթե այնտեղ հիմա երեխաները չեն ընդգրկվում, ավելի շատ մեծահասակներին է վերաբերում Սեւանի հոգեբուժական հիվանդանոցը, եւ մանկության մեջ, ես պետք է ասեմ, որ մոտեցումը միանշանակ պետք է լինի բաց դռների մոտեցում: Աշխարհով մեկ հիմա ուղղվածությունը գնում է, որ մանկական հոգեբուժական հիվանդանոցներ չեն ստեղծվում: Ստեղծվում են ծառայություններ, որոնք որ ընդհանուր մանկական ծառայությունների մեջ են, եւ ձեզ ասեմ, որ, այո, դուք ճիշտ եք նշում, ոչ միայն հոգեբուժական հիվանդությամբ, այլ հոգեկան խանգարումներով երեխաներին ծնողները խուսափում են հոգեբուժական հաստատություններ գնան: Շատ ավելի ընդունելի եւ մատչելի է, երբ որ մանկական բժշկական կենտրոններում կան նմանատիպ հոգեբուժական ծառայություններ կամ հոգեկան առողջության պաշտպանության ծառայություններ, որտեղ որ ծնողը կարող է դիմել, եւ գիտեք, դա կազմակերպվում է թիմային ձեւով, որովհետեւ հոգեբանը, հոգեբույժը, բուժքույրը, սոցիալական աշխատողը, նյարդաբանը եւ մի շարք այլ մասնագետներ, նրանք պետք է մասնակցեն այս երեխայի բուժման կամ խորհրդատվության հարցում, որովհետեւ այստեղ երեխայի վրա շատ անգամ ազդում է ոչ թե ինչ-որ մի ժառանգական հիվանդություն կամ ինչ-որ մի սուր հիվանդություն, որ նա ձեռք է բերել, ինչպես մենք ուրիշ հիվանդությունների ենք անդրադառնում, այլ կարող է պատահի, որ նրա սոցիալական վիճակը, շրջապատը կամ ինչ-որ մի սթրեսային երեւույթ կարող է երեխային մի ժամանակահատված բերի այսպիսի մի իրավիճակի, որտեղ որ հարկ է լինում շատ անգամ, տարբեր մասնագետների աշխատանք, եւ որը որ շատ ավելի մատչելի եւ ընդունելի է լինում, երբ որ լինում է բժշկական հաստատության սահմաններում, որտեղ որ ամեն մարդ մտնում է պարզ ձեւով եւ որեւիցե մեկը չի կարող տարանջատել, թե այս երեխան ունի՞ հոգեկան խանգարում, թե՞ ոչ:

 Դուք շատ լավ գիտեք, որ շատ անգամ հասարակության մեջ գնում է պիտակավորում, որ ասում են, թե այս ծնողը, որ հաճախ իր երեխային տանում էր հոգեբուժական հիվանդանոց խորհրդատվության, երեւի թե հոգեկան հիվանդ է, այս երեխան անբուժելի է: Մենք շատ լավ գիտենք, որ մի մեծ մասը կարող է, ընդհանրապես կարող է անհետ վերանալ, մյուս մասը կարելի է շատ լավ կառավարել, բայց դրա համար հոգեբուժական հիվանդանոց` մանկական, ընդհանրապես, մեր ծրագրի մեջ չկա պլանավորված, բայց կա մանկական հոգեկան առողջության մի կենտրոն, որտեղ կունենանք մենք հիվանդանոցային կոմպոնենտ, որը ես ասացի, Արմաշում է պլանավորվում ստեղծել: Մոտավորապես այսքանը:

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Շնորհակալություն պրն Բաբլոյան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Հարակից զեկուցման համար խոսափողի մոտ է հրավիրվում առողջապահության հանձնաժողովի նախագահի տեղակալ Մկրտիչ Մինասյանը, խնդրեմ:

Մ.ՄԻՆԱՍՅԱՆ

-Հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, պրոֆեսոր Բաբլոյանը մանրամասն բացատրեց օրենքի փոփոխության նպատակը, իմաստը: Ես ընդամենը պետք է ասեմ, որ ցանկացած օրենք, եթե տարիներ առաջ է ընդունվում, կյանքը իր կորեկտիվներն է մտցնում եւ այսօր պետք է որոշակի փոփոխություններ կրեր, որովհետեւ կա հակասություն Քրեական օրենսգրքի, եւ այս օրենքի մեջ այդ հիմնական 2 փոփոխությունները պայմանավորված են դրանով:

Հանձնաժողովում մանրամասն քննարկվել է: Բացի խմբագրականից, այն 2 հարցադրումները, որ ասեց պրն Բաբլոյանը, դրանք ուղղակի անհրաժեշտ են, որովհետեւ այլ կերպ հնարավոր չէ, որովհետեւ եթե պարտադիր պետք է բուժման ենթարկվի, նախ եւ առաջ, պետք է նրա իրավունքները, որպես քաղաքացի, որպես մարդ, նրա իրավունքները նույնպես պետք է պաշտպանվի, ավելին` պետք է բժշկական ծառայությունների համար ստեղծել համապատասխան պայմաններ եւ հնարավորություններ, որովհետեւ, իսկապես, մեկ մարզում հնարավոր է, որ ընդհանրապես չլինի առանձին հիվանդանոց: Կարող է ընդամենը հիվանդանոցում լինել բաժանմունք, եւ եթե պետք է հանձնաժողով ստեղծել, պետք է սահմանափակվել այդ մարզի կամ այդ քաղաքների բժշկական աշխատողների հնարավորություններով:

Այսպիսի պայմաններից ելնելով է օրենքը փոփոխության ենթարկվել եւ հանձնաժողովը միաձայն որոշեց դրական կարծիքով ներկայացնել լիագումար նիստին, եւ խնդրել պատեհ պահի դնել քվեարկության: Շնորհակալություն:

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մինասյան: Հարակից զեկուցողին հարցեր տալու համար` հերթագրում: Հերթագրվածներ չկան, պրն Մինասյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Անցնում ենք մտքերի փոխանակությանը: Հերթագրում ելույթների համար: Հերթագրվածներ չկան: Ամփոփիչ ելույթների անհրաժեշտություն կա՞: Չկա: Հարցի քննարկումն ավարտվեց:

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող` գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյան, խնդրեմ:

Հարգելի գործընկերներ, ես ներկայացնեմ հարցերի հաջորդականությունը: Հաջորդ հարցը` «Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ քննարկումն է:

Այնուհետեւ «Քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն է:

Հետո` «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին հարցն է:

Խնդրեմ, պրն Սարգսյան:

Մ.ՍԱՐԳՍՅԱՆ

-Շնորհակալություն, հարգարժան նախագահող: Քննարկման է ներկայացվում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:1-ին ընթերցման ժամանակ ես նշել եմ եւ հիմնավորել, թե ինչո՞վ է պայմանավորված այս օրենքում փոփոխություններ կատարելը: Մասնավորապես, դա պայմանավորված էր նրանով, որ մենք ունեինք այս բնույթի հանցագործությունների աճ, եւ պետք է ասեմ, որ արդեն ավարտին է մոտենում 1-ին կիսամյակը` 2009 թվականի: Պետք է ասեմ, որ այս հանցատեսակի աճը շարունակվում է: Այս առումով, 1-ին ընթերցումից հետո հանձնաժողովում նորից կայացել է նիստ: Որեւէ դիտողություններ եւ առաջարկություններ չի ներկայացվել, եւ ես այսօր ներկայացնում եմ, որ Քրեական օրենսգրքի 188, 189, 190, 192, 195, 197, 205 հոդվածներում, 208, 209 եւ 210, 211 հոդվածներում փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է տուգանքների չափերի մեծացմանը եւ սանկցիաների մեծացմանը:

Որեւէ դիտողություն եւ առաջարկություն չի եղել, ուստի առաջարկում եմ այն ընդունել: Շնորհակալություն:

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Շնորհակալություն: Քանի որ պատգամավորների կողմից առաջարկություններ չեն ներկայացվել, հարցեր չեն լինի, խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղը:

Հարակից զեկուցման համար խոսափողի մոտ ենք հրավիրում պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի... Արտակ Դավթյանին:

Ա.ԴԱՎԹՅԱՆ

-Շնորհակալություն, պրն փոխնախագահ: Ասեմ, որ նշված օրենսդրական նախաձեռնությունը բավականին, ժամանակային առումով, բավականաչափ ոդիսական է անցել պետական իրավական հարցերի հանձնաժողովում: Միայն 2 անգամ օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամկետը հետաձգվել է, այնուհետեւ կազմակերպվել են խորհրդարանական լսումներ, հաշվի առնելով հարցի հույժ կարեւորությունը: Նշեմ նաեւ, որ 188-ից մինչեւ 211 հոդվածներում, մի շարք հոդվածներում փոփոխությունները, դրանք իրենց բնույթով այն հոդվածներն են, որոնք ենթադրում են տնտեսական գործունեության դեմ ուղված հանցագործությունները եւ համապատասխան սանկցիաները:

2-րդ ընթերցումից առաջ, պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը գումարել է նիստ, նիստի ընթացքում տրվել է դրական եզրակացություն, հարցը լիագումար նիստին ներկայացնելու համար: Շնորհակալություն:

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Դավթյան: Հարգելի գործընկերներ, ես ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ պրն Դավթյանը նախկինում եղել է տվյալ հանձնաժողովի անդամը, եւ այն ժամանակ հանձնաժողովը, որպես հարակից զեկուցող, երաշխավորել է Արտակ Դավթյանին:

Հարգելի գործընկերներ, անցնում ենք մտքերի փոխանակությանը: Հերթագրում: Հերթագրվածներ չկան: Ամփոփիչ ելույթի անհրաժեշտություն չկա: Շնորհակալություն: Հարցի քննարկումն ավարտվեց:

Հարգելի գործընկերներ, քննարկում ենք կառավարության ներկայացրած «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմանկան զեկուցող` արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյան, խնդրեմ:

Գ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգարժան ԱԺ փոխնախագահ, հարգարժան պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում, օրենսդրական մեկ փաթեթում, 2 օրենսդրական ակտերում` «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը: Ըստ էության, այս 2 օրենսդրական ակտերի նախագծերով մենք փորձ ենք անում զուտ տեխնիկական խնդիրներ լուծելու` տեխնիկական բնույթի: Նկատի ունենալով, որ Երեւան քաղաքում այլեւս չկան համայնքներ, իսկ դուք գիտեք, որ Երեւան քաղաքում գործող եւ՛ համայնքային դատախազությունները, եւ՛ ընդհանուր իրավասության դատարանները առայժմ իրենց անվանումով հենց այդպես էլ կոչվում են` համայնքային դատախազություններ կամ համայնքային ընդհանուր իրավասության դատարաններ, մենք թվով 11 հոդվածում` դատախազության մասին, փոփոխում ենք «համայնք» բառը «վարչական շրջան»-ով, որոնք համարժեք են, գիտեք, ըստ էության, վարչատարածքային առումով, եւ նույնաբնույթ փոփոխություն ենք առաջարկում կատարել դատական օրենսգրքում, արդեն 1 օրենսգրքում` 24-րդ հոդվածում, որտեղ հստակ թվարկված են ընդհանուր իրավասության դատարանները: Շնորհակալություն, այսքանը:

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Դանիելյան: Հերթագրում հարցերի համար: Հերթագրվածներ չկան: Պրն Դանիելյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Հարակից զեկուցման համար խոսափողի մոտ ենք հրավիրում պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտյուշ Շահբազյանին, խնդրեմ:

Ա.ՇԱՀԲԱԶՅԱՆ

-Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, այս փոփոխությունը պայմանավորված էր Երեւանի կարգավիճակի փոփոխությամբ: Հայտնի է բոլորիս, որ մեր իսկ ընդունած օրենքի համաձայն, Երեւանը դարձավ մեկ համայնք, իսկ նախկին համայնքները դարձան վարչական շրջաններ, եւ հետեւաբար, ինչպես «Դատախազության մասին» օրենքում, այնպես էլ Հանրապետության դատական օրենսգրքում անհրաժեշտ էր այս փոփոխությունները կատարել, հարմարեցնելու համար Երեւանի նոր կարգավիճակին:

Կատարվեծ են այս փոփոխությունները, որը համարում ենք անհրաժեշտ, եւ պետաիրավական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Դուք ավարտեցի՞ք: Շնորհակալություն, պրն Շահբազյան: Հարցեր: Հերթագրում: Հերթագրվածներ չկան: Ամփոփիչ ելույթների անհրաժեշտություն կա՞: Չկա: Շնորհակալություն: Հարցի քննարկումն ավարտվեց:

Հարգելի գործընկերներ, քննարկում ենք կառավարության ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող` ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյան:

Գ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգարժան խորհրդարան, ինչպես արդեն ասվեց, ձեր քննարկմանն է ներկայացվում «Քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով առաջարկվում են փոփոխություններ եւ լրացումներ 2 հոդվածներում` 132 եւ 1321 հոդվածներում:

Ես փորձեմ համալիր ներկայացնել այն փոփոխությունները եւ նաեւ դրանց հիմնավորումները, որոնք առնչվում են այս 2 հոդվածներին: Նախ ասեմ, որ այս 2 հոդվածներն էլ, ըստ էության, մեր Քրեական օրենսգրքում նոր են, այսինքն` խորհրդային իրավական համակարգին բնորոշ չեն եղել այս հոդվածները, մոտեցումները, հանցակազմերը: Իհարկե, եղել է նմանատիպ մեկ այլ հոդված` կավատության մասին, բայց սեռական շահագործման համար մարդկանց հավաքագրելու եւ ներգրավելու վերաբերյալ հանցակազմ մենք չենք ունեցել: Անշուշտ, նկատել եք, որ վերջին 4, 5 տարիների ընթացքում մենք հարկադրված ենք եղել մի շարք փոփոխություններ կատարելու հենց այս օրենսդրական ակտերում, ինչը պայմանավորված է ոչ միայն մեր ներքին, ասենք, պրակտիկայի զարգացմամբ եւ այս հարցադրումների առնչությամբ մեր մոտեցումների փոփոխությամբ, այլեւ միջազգային փաստաթղթերում տեղի ունեցած փոփոխություններով, որովհետեւ այս հարցերի առնչությամբ միջազգային ակտերում եւս մոտեցումները շատ արագ, կարելի է ասել, ենթարկվում են էական փոփոխությունների:

Նախ` փոփոխություններով փորձ է արվում հստակեցնելու այս 2 հոդվածները, եւ ավելի համահունչ դարձնելու այն ձեւակերպումները, որ կան նաեւ գործող Քրեական օրենսգրքում: Մասնավորապես, առաջարկել ենք «խարդախություն» տերմինը փոխել «խաբեություն» տերմինով, որովհետեւ խարդախությունը ինքնին ինքնուրույն հանցակազմ է: Ենթադրում է խաբեությամբ, այսինքն` վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակություն, բայց բնական է, որ այս դեպքում, երբ խոսքը գնում է մարդկանց սեռական շահագործման մասին, խարդախության մասին խոսք լինել չի կարող: Հետեւաբար, «խարդախություն» տերմինը այստեղ, մեր դիրքորոշմամբ, ոչ համարժեք թարգմանության արդյունք է, իսկ այս օրենսդրական ակտերը մեծամասամբ վերցված են միջազգային պայմանագրերից եւ չէր բացառվում, որ այստեղ, իսկապես, ոչ համարժեք թարգմանության արդյունքում մենք կունենանք մի տերմին, որը գործնականում շփոթության տեղիք է տալիս:

Հաջորդը` մենք առաջարկում ենք, որ այս երկու հոդվածներով սանկցիաները հավասարեցվեն: Ինչի՞ մասին է խոսքը: Ըստ էության, մարդկանց սեռական շահագործման մեջ ներգրավելու համար սահմանվում է 3-ից 6 տարի ազատազրկում, իսկ հավաքագրման համար` 5-ից 10 տարի ազատազրկում: Սրանք, ըստ էության, մեր դիրքորոշմամբ, վտանգավորվածության աստիճանով նույնական են, բայց, քանի որ այսպիսի տարբերություն կա սանկցիաների միջեւ, բնականաբար, սա բավականին հաջող, կարելի է ասել, չակերտների մեջ, սողանցք` որպեսզի այս արարքները չորակվեն ճիշտ այն հատկանիշներով, որոնցով դրանք գործնականում  ի հայտ են գալիս, եւ բնական է, որ այս սանկցիաների տարբերությունը երբեմն հնարավորություն է տալիս արարքը ոչ ճիշտ որակել, այսինքն` որակել հենց այն հոդվածով, որի համար ավելի մեղմ պատժաչափ է նախատեսված:

Մինչդեռ նկատի ունեցեք, որ եւ՛ հավաքագրելը, եւ՛ ներգրավվելը իրենց վտանգավորության աստիճանով նույնական են: Իհարկե, շատ հաճախ ենթադրվում է, որ հիմնական աշխատանքը հավաքագրելն է, հետեւաբար հավաքագրելու համար պետք է ավելի ծանր պատժաչափ նախատեսվեր, բայց եւ չպետք է անտեսել, որ ներգրավվող անձինք դրանք հենց պատվիրատուներն են, այսինքն` երբ ինչ-որ մեկը սեռական շահագործման համար հավաքագրում է մարդկանց, բնական է, որ արդեն ունենում է պատվեր, այլապես նա այդ քայլին չի դիմի, այդ հանցավոր գործունեությանը չի դիմի, եթե չունենա արդեն իսկ պատրաստի մի միջավայր, որտեղ նա կարող է իր հանցավոր գործողությունների ավարտը տեսնել:

Այդ իսկ առումով, մենք գտնում ենք, որ էական նշանակություն տալ զուտ տեխնիկական հարցադրումների եւ այս արարքների վտանգավորության աստիճանը տարբերակելուն, իհարկե, իրավաչափ չէ: Նաեւ գործնական առումով կարծես թե իրեն չի արդարացնում, եւ ընդամենը կարող է չարաշահումների տեղիք տալ: Քանի որ սա վիճարկելի հարց չէ, եւ նաեւ հետագա քննարկումները ցույց տվեցին, որ նաեւ միջազգային փորձագետներն են մեզ հետ համաձայն այս հարցում, մենք գտանք, որ կարող ենք սանկցիաները հավասարեցնենք, ինչը որ արել ենք այս նախագծով:

Հաջորդը մենք առաջարկում ենք, որ այս արարքների համար որպես պատժատեսակ, լրացուցիչ պատժատեսակ, իսկ որոշ դեպքերում նաեւ հիմնական, կարելի է սահմանել բռնագրավում: Ինչո՞վ է սա պայմանավորված: Գործող Քրեական օրենսգրքի համաձայն, բռնագրավում նախատեսվում է այն դեպքերում, երբ արարքը շահադիտական է: Բայց հենց պետք է նկատի ունենանք, որ մենք այս դեպքում գործ ունենք հենց այնպիսի հանցագործությունների հետ, որոնք շահադիտական են, այսինքն` ոչ ոք, կարծես թե սպորտային հետաքրքրությունից դրդված չի այսպիսի հանցագործություններ կատարում: Սրանք հենց շահադիտական հանցագործություններ են, եւ եթե այդպիսիք են, հետեւաբար, բնական է, որ պետք է  բռնագրավումը որպես պատժաչափ նույնպես` պատժատեսակ, նախատեսված լիներ, ինչը եւս մենք առաջարկում ենք, ինչը եւ տարբեր կառույցների կողմից հավանության է արժանացել: Համարյա թե բացառությամբ մեկ կազմակերպության, այս հարցի առնչությամբ չի եղել:

Պետք է նկատի ունենալ, որ նաեւ զուտ իրենց կառուցվածքով այս հոդվածները այնքան էլ հաջող չէին, որովհետեւ կային մասեր, որոնք, ըստ էության, նույն պատժաչափն էին նախատեսում, բայց միմյանցից առանձնացվում էին արարքը որակյալ դարձնող հանգամանքները: Սա ընդունված մոտեցում չէ Քրեական օրենսգրքում, եւ եթե արարքը որակյալ դարձնելու արդյունքում պետք է պատժաչափը ավելացվի նույն չափով, ապա դրանք պետք է, բնականաբար, մեկ մասի մեջ ներառվեն: Դա էլ արել ենք, տեխնիկական առումով, որ դարձյալ գործնականում այս հոդվածների կիրառման առնչությամբ անհարկի դժվարություններ չառաջանան:

Մեկ կարեւոր հանգամանք եւս: Բնականաբար, շատ հաճախ, որպեսզի այս հանցագործությունը հնարավոր լինի կատարել, կեղծ փաստաթղթեր են պատրաստվում, որովհետեւ շատ հաճախ նաեւ պետություն մուտք գործելն է որոշակի դժվարությունների հետ կապված, եւ պետական սահմանը հենց հատում են այդ կեղծ փաստաթղթերով: Սա եւս մենք առաջարկում ենք դիտել արարքը որպես որակյալ դարձնող հանգամանք, ինչը քննարկումների ժամանակ հավանության է արժանացել:

Մեկ փոքրիկ նորամուծություն` սա պայմանավորված է տուժողներին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցադրման հետ: Եթե տուժողները այս կամ այն կերպ առնչվում են արդեն իսկ կատարված հանցագործությունների հետ, կապված 132 եւ 1321 հոդվածների, բայց աջակցում են իրենք քննության բացահայտմանը, իրենք բացարձակապես պատասխանատվության չեն ենթարկվում` ազատվում են քրեական պատասխանատվությունից: Գործնականում սա միշտ էլ արվում էր, բայց ամեն անգամ սա կարծես թե կաշկանդող դրույթ է, որովհետեւ, եթե տուժողը գիտի, որ կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ օգտագործելու համար եւս պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, շատ հաճախ կաշկանդված է լինում եւ չի փորձում օգտակար լինելու քննությանը եւ բացահայտելու սեռական շահագործման համար կազմակերպիչներին եւ մյուս այլ հանցակիցներին: Այս դեպքում, բնականաբար, ինքը արդեն պետք է որ անկաշկանդ կարողանա գործել եւ նպաստել այս հանցագործությունների բացահայտմանը:

Այսպիսով, ինչպես տեսնում եք, մի քանի ուղղություններով ենք մենք այս հոդվածներում նորամուծություն առաջարկում, որոնցից հիմնականը թերեւս սանկցիաների խստացումն է, որովհետեւ մենք գտնում ենք, որ այս իրավիճակում սեռական շահագործման համար պարզապես 3 տարի ազատազրկում նախատեսելը իրավաչափ չէ, չի համապատասխանում այս հանցագործության հանրորեն վտանգավորության աստիճանին: Շնորհակալություն:

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, մեր ժամանակը սպառվեց, հայտարարում եմ ընդմիջում: Մեր աշխատանքները կշարունակենք 1630 -ին:


Ժամը 1630

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ ԵՎ ԱՐԵՎԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Շարունակում ենք մեր աշխատանքները: Հիմնական զեկուցողին խնդրում եմ ամբիոնին մոտենալ: Հարցեր` հիմնական զեկուցողին: Հերթագրում: Հերթագրվածներ չկան: Դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը, պարոն Դանիելյան:

Հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ է հրավիրվում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին անդամ Արտակ Դավթյանը:

Ա.ԴԱՎԹՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի խորհրդարան, ԱԺ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է հարցը, եւ հանձնաժողովը գոհունակությունն է իր հայտնել ներկայացված օրինագծի առումով: Հիշեցնեմ, որ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածների փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն է վերաբերում 132 եւ 132.1 հոդվածներին:

Առաջին հոդվածը` դա շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալն է, իսկ երկրորդը` մարդուն պոռնկության կամ սեռական շահագործման այլ ձեւերի մեջ հարկադիր աշխատանքին կամ ծառայություններին ներգրավելը, կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը:

Ընդհանուր օրենսդրական նախաձեռնությամբ տրամաբանությունը ներկայացրեց արդարադատության նախարարը, ինչը ամբողջությամբ ընդունվել է հանձնաժողովի կողմից, եւ հանձնաժողովը տվել է իր դրական եզրակացությունը: Այսքանը:

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Դուք ավարտեցի՞ք:

Ա.ԴԱՎԹՅԱՆ

-Այո:

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Շնորհակալություն: Հարցեր` հարակից զեկուցողին: Հերթագրում: Հերթագրվածներ չկան: Դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Անցնում ենք մտքերի փոխանակությանը: Հերթագրում: Հերթագրվածներ չկան: Ամփոփիչ ելույթի անհրաժեշտություն կա՞: Շնորհակալություն: Հարցի քննարկումն ավարտվեց:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ-ի պատգամավոր, ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած ՀՀ ԱԺ-ի աշխատակազմում «Պետական ծառայության մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Խնդրեմ, պարոն Աբրահամյան:

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, քանի որ այսօր նախագծերի փաթեթն առաջին ընթերցման քննարկման ժամանակ մանրամասն ձեզ ներկայացրել եմ դրա բովանդակությունը, կրկին չեմ ուզում դրան անդրադառնալ: Նշեմ, որ նախագծի վերաբերյալ պատգամավորների կողմից գրավոր առաջարկություններ չեն ներկայացվել:

Ինչ վերաբերում է պատգամավորների բանավոր առաջարկություններին, ապա դրանք քննարկել ենք աշխատանքային կարգով եւ, քանի որ այդ առաջարկները կրում էին ընդհանուր համակարգային բնույթ, պայմանավորվել ենք դրանց անդրադառնալ հանրային ծառայության ընդհանուր հայեցակարգերի քննարկման ժամանակ: Առաջարկում եմ փաթեթն ընդունել երկրորդ ընթերցմամբ:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն Աբրահամյան: Հարցեր լինել չեն կարող, քանի որ գրավոր առաջարկներ չեն ներկայացվել: Այժմ ամբիոնի մոտ է հրավիրվում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտյուշ Շահբազյանը հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար:

Ա.ՇԱՀԲԱԶՅԱՆ

-Շնորհակալություն: Երկար չխոսեմ: Հանձնաժողովի տեսակետը դրական է: Առաջարկում ենք կողմ քվեարկել օրինագծին: Շնորհակալություն:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Այժմ հերթագրում ելույթների համար: Ելույթներ չկան: Եզրափակիչ ելույթների անհրաժեշտություն` եւս: Հարցի քննարկումն ավարտվեց:

Հարգելի գործընկերներ, անցնում ենք հաջորդ նախագծին` կառավարության ներկայացրած «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող` տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ` Վաչե Տերտերյան:

Վ.ՏԵՐՏԵՐՅԱՆ

-Բարեւ ձեզ: ԱԺ-ի մեծարգո նախագահ, հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ արդեն իսկ Երեւանում ձեւավորվել են տեղական իշխանություն: Երեւանը հայտարարվել է սահմանադրական առումով որպես համայնք, եւ ենթադրվում է, եւ այդ գործընթացը արդեն իսկ ընթացքի մեջ է, որ Երեւանում կլինեն նաեւ համայնքային սեփականության հողեր, եւ օրենքի գործողության բնականոն ընթացքն ապահովելու համար առաջարկվում է, որ «պետական» բառից հետո ավելացվի նաեւ «համայնքային»:

Այսինքն` այդ 300  քառակուսի մետրերը` քաղաքացիներին կամ ֆիզիկական անձանց պատկանող, կարող են լինել ինչպես պետական սեփականության հողերում, այնպես էլ համայնքային սեփականության հողերում:

Օրենքի ընդունման նախագծի առաջադրման նպատակը կայանում է նրանում, որ մարդկանց մոտ, ովքեր օգտվում են կամ պետք է օգտվեն օրենքով ընձեռված այս հնարավորությունից, որեւէ պրոբլեմ չառաջանա, եւ գործընթացն անցնի բնականոն իր հունով:

Օրենքի նախագիծը քննարկել ենք մեր համապատասխան հանձնաժողովում: Ակտիվ քննարկում է եղել, եւ կարծում եմ, որ բոլոր առաջարկությունները հաշվի են առնված: Խնդրում եմ, ձեր վերաբերմունքը: Շնորհակալություն:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հերթագրում հարցերի համար: Հերթագրվել են երկու պատգամավորներ: Առաջին հարցը` Արծվիկ Մինասյան:

Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Շնորհակալություն: Պարոն Տերտերյան, մի քանի հարց ունեմ: Առաջինը կապված է հետեւյալի հետ: Օրենքի կիրառման ընթացքում բացի նշված խնդրից տեխնիկական բնույթի ինչ-որ հարցեր առաջացե՞լ են, թե՞ ոչ, որովհետեւ քաղաքացիներ կան, որոնք զուտ Երեւանի մասով անընդհատ բողոքում են:

Երկրորդ հարցը կապված է հետեւյալ կոնցեպտուալ խնդրի հետ: Մեզ են դիմել մասնավորապես Վանաձոր քաղաքի բնակիչները, եւ առաջ են քաշում այն հարցը, որ ինչու՞ այս օրենքը տարածվում է միայն Երեւան քաղաքի հողերի վրա, եւ արդյոք ճիշտ չէ՞ նաեւ կիրառել մասնավորապես այլ քաղաքների, մասնավորապես Վանաձորի համար եւս: Եվ ես, իհարկե, ելույթ էլ կունենամ, կներկայացնեմ այդ մոտեցումները, եթե հնարավոր համարում եք, ապա փոփոխություններ կկարողանա՞ք կատարել:

Եվ երրորդ հարցը` իրավական տեխնիկային է վերաբերում: Ճիշտ է, օրինագիծը ներկայացվել է մինչեւ Երեւանի ավագանու անդամների ընտրությունը, եւ օրենքի երկրորդ հոդվածը վերաբերում է օրենքը ուժի մեջ մտնելուն, բայց փաստացի, քանի որ արդեն իրավիճակը այնպիսին է, որ կա Երեւանի ավագանի, արդյոք երկրորդ հոդվածը ենթակա չէ՞ վերաշարադրման: Այսքանը:

Վ.ՏԵՐՏԵՐՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն Մինասյան, հարցերի համար: Անմիջապես սկսեմ երրորդ հարցից: Բնականաբար, մենք այդ խնդրին կանդրադառնանք, այսինքն` ժամկետային առումով, ուղղակի, օրենքը ներկայացվել է այն ժամանակ, երբ այս ձեւակերպումը կոռեկտ է եղել:

Երկու հարցերը, որոնք որ դուք բարձրացրեցիք, իրականում կոնցեպտուալ են, եւ ես կփորձեմ մեկնաբանել նախ վերաբերմունքի առումով այդ դրված խնդիրներին, երկրորդը` իմ տիրապետած ինֆորմացիայի շրջանակներում:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք չկա՞ն այլ կարգի խնդիրներ` կապված «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի կիրարկման առումով, ապա ես վստահ չեմ կարող պատասխանել, թե այդպիսի հարցադրումներ կա՞ն, թե՞ ոչ, քանի որ մեր նախարարության կանոնադրական խնդիրների շրջանակում մենք նման պրոբլեմատիկայի չենք առնչվել:

Միգուցեեւ կան, մենք օրենքի նախագիծը ձեռնարկել ենք բացառապես ելնելով խնդրից, որը որ ես ձեզ զեկուցեցի եւ ներկայացրեցի: Ես ձեզ խոստանում եմ, որ մինչեւ երկրորդ ընթերցում մանրամասն կքննարկեմ այս խնդիրը եւ՛ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ, ինչպես նաեւ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ, եւ՛ պատկան այլ կառույցների հետ, ովքեր կարող են առնչվել խնդրի հետ:

Ես ձեզ, ուղղակի, պարոն Մինասյան, կխնդրեի աշխատանքային կարգով, եթե դուք տիրապետում եք խնդիրներին, թե ի՞նչ կարգի պրոբլեմներ կան, ապա միգուցե ինչ-որ ֆորմատով փոխանցեք մեզ, դա մեզ օգտակար կլինի եւ կհուշի, թե ի՞նչ ճանապարհով գնանք:

Ես անպայման մինչեւ երկրորդ ընթերցում կներկայացնեմ խորհրդարանին, եւ միգուցե նույնիսկ, եթե գտնենք համակարգային նշանակություն, օրենսդրական լուծում պահանջող խնդիրներ, եւ դրանց լուծման տարբերակներ, ապա անպայման երկրորդ ընթերցման ռեժիմով կներկայացնենք հանձնաժողովին եւ, բնականաբար, խորհրդարանին:

Մյուս հարցը, որ դուք բարձրացրեցիք, անկեղծ եթե լինեմ, մեզ մոտ էլ է առաջացել, որովհետեւ եւ՛ քաղաքացիներից ունեինք նման հարցադրումներ, եւ՛ ընդհանրապես այդ խնդիրը համենայնդեպս վերջերս Երեւանի` որպես համայնքի, արդեն քննարկումների ժամանակ մենք միշտ հակվում ենք այն մտքին, որ մենք բացի Երեւանից ունենք նաեւ խոշոր համայնքներ, մասնավորապես ունենք Վանաձոր, ունենք Գյումրի, որտեղ խնդիրները, շատ եւ շատ խնդիրներ թե՛ իրենց պրոբլեմատիկայի, թե՛ իրենց լուծման առումով կարող են նման լինել թե՛ Երեւանի խնդիրներին, թե՛ լուծման առումով նաեւ լուծումներին:

Անկեղծ ասած, մենք ունեինք խնդիր Վանաձորի հետ կապված, եւ մի փոքր աշխատանքային, էսպես, հարցման կամ քննարկման որակի մի աշխատանք կատարել ենք կառավարության գործադիր մարմինների հետ, մասնավորապես անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ այն կապակցությամբ, թե ինչքանո՞վ կլինի նպատակահարմար նման մոտեցում:

Սա, իհարկե, սոցիալական քաղաքացիների, բնակչության որոշակի տրամադրություններին ուղղված լուծումներ են 300  մետր ավելի օգտագործվող տարածքներում առկա բնակֆոնդը օրինականացնելու վերաբերյալ: Ինչքանո՞վ դրանք կլինեն հիմնավորված նաեւ Վանաձորում եւ Գյումրիում կիրառելու համար: Կարծիքները, ընդհանուր առմամբ, եւ դա համարում եմ բնական, որ եղել են դրական, այսինքն` կարելի է նաեւ օրենքի կիրարկումը տարածել թե՛ Վանաձորի, եւ թե՛ Գյումրիի վրա:

Անկեղծ ասած, մյուս քաղաքների վրա, պայմանականորեն ասած քիչ ավելի խոշոր քաղաքների պարագայում մենք հարցը չենք քննարկել: Միակ պրոբլեմը, որ կարող է լինել, ես հիմա արդեն բարձրաձայն, ուղղակի, կիսվում եմ ԱԺ-ի հետ, որ մենք համենայնդեպս սիստեմատիկ ուսումնասիրության արդյունքներ չունենք այդ քաղաքներում:

Եթե Երեւանում այս վերջին 10-15 տարիների ընթացքում թե՛ իրացման գոտիների հետ կապված, թե՛  բուռն շինարարության հետ կապված, այնուամենայնիվ ինչ-որ պատկեր կար բոլորիս մոտ կապված այդ 300 մետրի հետ, որովհետեւ այն 300 մետրն էլ ինչի՞ց է այդ լուծումը առաջարկել, ըստ երեւույթին, եւ համոզված եմ ուսումնասիրության արդյունքում չենք վերցրել 400, 500, 600, այլ վերցրել ենք 300:

 Ես վստահ չեմ, որ մենք կոնկրետ Վանաձորի եւ Գյումրիի համար այդ ուսումնասիրությունները ունենք, բայց կփորձեմ մինչեւ երկրորդ ընթերցում շատ արագ մեր գործադիր իշխանության պատկան մարմինների, նաեւ մեր նախարարության միջոցով մեր գործընկեր քաղաքապետերից ստանալ որոշակի տեղեկատվություն, ինչը հնարավորություն կտա գոնե գնահատել, որովհետեւ օրենքը, բոլորդ ինձնից լավ պատկերացնում ենք, որ ունի քաղաքական նաեւ հնչեղություն, եւ իրականացման առումով, իրացման առումով պետք է լինի անթերի:

 Այսինքն` տեսեք, Երեւանում, դուք ինքներդ նշեցիք, ունենք դժվարություններ, պետք է այնպիսի ֆորմատով օրենքը ներկայացնել այդ քաղաքների համար, հատկապես Գյումրիի համար, որտեղ մենք ունենք դեռեւս տնակային տնտեսություն, եւ նաեւ այս որակի պրոբլեմներ: Վանաձորը քիչ թե շատ ինձ համար համենայնդեպս առաջին, էսպես, մոտեցումով ավելի պատկերացնելի է:

Ես խոստանում եմ, որ շատ արագ մեր նախարարությունը կձեռնարկի համապատասխան անհրաժեշտ միջոցներ, միջոցառումներ` քննարկելու մարդկանց հետ, պատասխանատուների հետ եւ, եթե մինչեւ երկրորդ ընթերցում մենք լուծումները չգտանք, ապա ես ձեզ հիմնավոր հանձնաժողովի միջոցով, կամ նաեւ պլենար նիստում կզեկուցեմ, թե ինչ արդյունքներ մենք ունենք:

Խնդիրը կա, կարծում եմ, ակտուալ է եւ, երեւի թե, ինչ-որ փոփոխություններով, միգուցե տարածքի, միգուցե տրամաբանության պետք է տարածվի ոչ միայն Երեւանի, եւ, եթե նույնիսկ մի քիչ էլ առաջ գնանք, ոչ միայն քաղաքային խոշոր բնակավայրերի, այլ ընդհանրապես քաղաքային համայնքների, եւ ինչու՞ ոչ, միգուցե ոչ լուծման առումով, այլ որակով` գյուղական համայնքների վրա նույնպես:

Ես անպայման եւ՛ աշխատանքային կապով ձեզ հետ կապի մեջ կլինեմ, եւ՛ արդեն պաշտոնական ֆորմատով հանձնաժողովին կներկայացնեմ ձեր հարցադրումների իմ պատասխանները: Շնորհակալություն:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հարցը` Անահիտ Բախշյան:

Ա.ԲԱԽՇՅԱՆ

-Շնորհակալություն: Ճիշտն ասած, պարոն Մինասյանը իմ մտահոգող հարցերը բարձրացրեց, եւ ես ինչ-որ չափով ստացա իմ հարցերի պատասխանը: Բայց, պարոն Տերտերյան, 300  քառակուսի մետրի վերաբերյալ նախկին կադաստրի պետ պարոն Մանուկ Վարդանյանը ասաց, որ այս 300 քառակուսի մետրը, թիվը անհայտ ծագում ունի: Այսինքն` սա այնքան էլ օրինական չի: Այդ թիվը օրենքով չպետք է ֆիքսվեր: Ես ձեր տեսակետն եմ ուզում իմանալ առիթից օգտվելով:

Վ.ՏԵՐՏԵՐՅԱՆ

-Շնորհակալություն: Ես նախկին կադաստրի պետի հայտարարությունը չեմ լսել, ես չեմ կարծում, որ նման ինտերպրետացիայով դա արված կլինի, որովհետեւ 300 թիվը, համենայնդեպս, այս օրենքում համակարգային նշանակություն ունի: Այսինքն, եթե նույնիսկ թվի ու ծավալի հիմնավորումը կարող է լինել փորձագիտական, տիկին Բախշյան, այսինքն` ինչ-որ գնահատականներից, ինչ-որ պատկերացումներից ելնելով, բայց վստահ եմ, որ չի կարելի մեկնաբանել, որ 300 թիվը էստեղ բոլորովին էական չի, այսինքն` պատահական թիվ է վերցրած, կարող է լինել 500, 1000 կամ, չգիտեմ, ինչքան:

Սա ամեն 100 մետրը, երեւի թե, փոխում է իրավիճակը եւ՛ ծավալի, եւ՛ խնդիրների, եւ՛ նաեւ բովանդակության առումով: Ես, թույլ տվեք, շատ վստահ չասեմ, թե ինչ տրամաբանությամբ է ընտրվել 300 քառակուսի մետրը, բայց կարող եմ գոնե ենթադրել, որ, ըստ երեւույթին, վերլուծվել է տնատիրություններին պատկանող հողերի միջին չափաբաժինը Երեւանում, եւ այդ չափաբաժնից մոտավորապես 20-30 տոկոսի շրջանակների մեջ դուրս են եկել այս 300 քառակուսի մետրին: Եթե միջին տնատիրությունը համարենք 500-800 մետր, ենթադրենք, ապա 300 մետրը պետք է լինի այդ 900-800 մետրի մեջ 30, 25, 40 տոկոսի շրջանակներում:

Ըստ երեւույթին, այնուամենայնիվ, ինչ-որ վիճակագրություն, տիկին Բախշյան, հաստատ եղել է: Ես հիմա, թույլ տվեք, էլի եմ ասում չպնդել, որովհետեւ չեմ տիրապետում հիմքերին: Սա մայր օրենքի դրույթ է 300 մետրը, ոչ թե իմ բերած օրենքի նախագծի: Չգիտեմ, մայր օրենքի է կոչվու՞մ հիմնական օրենք: Հիմնական օրենքի դրույթ է 300  մետրը, եւ միակ բանը, որ կարող եմ ասել հաստատապես դա վիճակագրական իրավիճակի վերլուծությունից դուրս եկած գնահատական է, միգուցե փորձագիտական, բայց, այնուամենայնիվ, հիմնավոր, որովհետեւ նա չէր կարող 300-ի փոխարեն լինել 1000 կամ 800, դա կստացվեր երկու անգամ մեծ հողակտոր, որը, ըստ երեւույթին, փոխում է իրավիճակը:

Խոսքը գնում է մարդկանց կենցաղային մինիմում անհրաժեշտ բնակարանային ֆոնդի մասին, որոնք ժամանակի ընթացքում, ես վստահ եմ, որ խոսքը վերաբերում է Սարի Թաղ, Կոնդ, Նորագյուղ տրադիցիոն այս սեկտրին, մասնավոր տնատիրության, որտեղ նման կարգի խնդիրները մասսայական են:

Դա չէր կարող լինել 300 մետրից ավելի, որովհետեւ 500 եւ 800 մետրը դա արդեն առանձին տնատիրության մասին է, այսինքն` առանձին տնտեսության մասին: Ես, եթե դա ձեզ հետաքրքիր է նույնպես կարող եմ ճշտել, համենայնդեպս հիմքերում արխիվային կնայեմ օրենքի, հաստատ կգտնեմ այդ հիմնավորումը, թե ինչու՞ հատկապես 300 մետր, եւ ոչ թե 200 կամ 500, եւ ձեզ տեղյակ կպահեմ: Շնորհակալություն:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարցերն ավարտվեցին, պարոն Տերտերյան, շնորհակալություն: Այժմ ամբիոնի մոտ է հրավիրվում ԱԺ-ի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը:

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, պարոն Տերտերյանը մանրամասն ներկայացրեց նախագիծը, որը վերաբերում էր «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի երկրորդ հոդվածին:

Նախագիծը հիմնականում զուտ տեխնիկական բնույթ է կրում, որովհետեւ բոլորովին վերջերս Երեւան քաղաքը դարձավ համայնք, իսկ վերնագիրը մեզ հուշում է համապատասխան հոդվածի, որ դեռ 2008 թվականին, երբ Կադաստրի պետական կոմիտեի նախագահը, այն ժամանակ պարոն Վարդանյանը ներկայացրեց այս նախագիծը, Երեւանը համայնք չէր:

 Այժմ արդեն Երեւանը համայնք է, եւ կառավարությունն առաջարկում է, մեջբերումը կատարեմ` գործող օրենսդրության երկրորդ հոդվածում անհատական բնակելի հողամասերին կից, կամ տներին, հողամասերին կից ավել օգտագործվող մեր քաղաքացիների կողմից 300 քառակուսի մետր սահմանազատված «պետական» բառից հետո առաջարկում է ավելացնել «կամ համայնքային» բառը:

Այսինքն` պետական սեփականություն հանդիսացող հողերը, եւ կամ դրանց վրա կառուցված բնակելի տները, եւ կամ բնակելի նշանակության օժանդակ շինությունները, իհարկե, եթե դրանք կառուցված չեն եղել կարեւոր նշանակության, փաստորեն, ինժեներատրանսպորտային օբյեկտների հետ կապված, այսինքն` չեն խանգարում ոչնչի:

Երկու բառով ասեմ, գործող օրենսդրության մեջ դեռ 2008 թվականին, երբ ներկայացվեց նախագիծը, խոսքը վերաբերում էր լրացուցիչ իր սեփական հողին կից, հողատարածքին կից, կամ շինությանը կից, եթե կառուցել է բնակելի շինություն զուտ բնակելի նպատակով, կամ օգտագործել է հողատարածք մինչեւ 300 քառակուսի մետր, եւ այդ օգտագործման փաստաթղթերը տասնյակ տարիներ շարունակ չի պահպանվել քաղաքացու կողմից, ապա նա հնարավորություն ունենա, որպեսզի այդ օգտագործված հողը որպես անշարժ գույք, կամ շինությունը գրանցելու որպես սեփական գույք ՀՀ օրենսդրության սահմանված կարգով:

Ես կուզենայի անդրադառնալ ընդամենը երկու բառով, պարոն Մինասյան, տեղին էր ձեր բարձրացրած հարցը: Քննարկման ընթացքում եղավ առաջարկ մեր կողմից, հանձնաժողովի կողմից, որ Գյումրի քաղաքը, եւ Վանաձոր քաղաքը, եւ կային էլի խոշոր համայնքներ, մասնավորապես գոնե նվազագույնը 30.000-ից ավելի ազգաբնակչություն ունեցող համայնքներում այս խնդիրը շատ ցցուն է:

Եվ, ըստ էության, էստեղ պատասխանը եղավ մասնավորապես աղետի գոտում, քանի որ երկու քաղաքներն էլ աղետի գոտում են եւ՛ Վանաձորը, եւ՛ Գյումրին եւ, ըստ էության, Ռազմավարական ծրագիր ընդունվեց կառավարության կողմից, որտեղ մասնավորապես նշվեց, որ հսկայածավալ բնակարանաշինություն պետք է իրականացվի Գյումրի քաղաքում, աղետի գոտում, մասնավորապես Գյումրի քաղաքում, որտեղ այս տարի 1200 բնակարան է նախատեսվում կառուցել:

Հիմա մենք խնդիր ունենք, որ նախ տվյալ թաղամասում, Մուշ թաղամասում այն սեփականության իրավունքով օգտագործվող քաղաքացիները, ովքեր որ կան, իրենց տնակներին կից լրացուցիչ օգտագործել են, կառուցել են քարաշեն եւ այլն, հիմա, բնականաբար, էստեղ խնդիր կա, եւ որոշակի կոմպենսացման նախ այդ կառուցված տարածքների հետ կապված եւ, բնականաբար, եթե բնակարան են ստանում, իրենք պետք է հեռացնեն իրենց տնակները: Այսինքն` հիմա, եթե տայինք, պրոբլեմ կունենայինք բնակարան ստանալուց հետո:

Մի խոսքով, ակտուալ է ձեր կողմից բարձրացրած հարցը, եւ քննարկման ենթակա է, պարոն Տերտերյանը քիչ առաջ ասաց: Ընդամենը մենք չավելացրեցինք գոնե երկու քաղաքի անվանում դեռ այդ ժամանակ այս երկրորդ հոդվածում, զուտ նկատի ունենալով այդ գործընթացը, որ մեզանում սկսվելու էր: Հիմա հստակություններ կան, համապատասխան հողատարածքների արդեն հատկացումը կա, բազմաբնակարան շենքերի, եւ ինձ թվում է, որ ավելի հեշտ կարելի է լուծումները քննարկել եւ գտնել, որը, իհարկե, այսօրվա դրությամբ խիստ անհրաժեշտություն կարող է լինի:

Ինչ վերաբերում է անցումային կետին, բնականաբար, էստեղ, ինձ թվում է, որ առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում երկրորդ հոդվածը օրենքի պետք է վերախմբագրել:

Ես, ավարտելով խոսքս, կուզենայի կարեւորել, որ այսօրվա դրությամբ, փաստորեն, այն գործառությունները, որոնք վերապահված է Երեւանի ավագանուն եւ, բնականաբար, այս գործընթացը շարունակական բնույթ է կրում, ասեմ նաեւ, որ շատ դեպքերում էստեղ մեր գործընկերները, երբ հարց բարձրացրեցին 300 քառակուսի ինչու՞, որովհետեւ ինձ մոտ էր վիճակագրությունը այն ժամանակ, որ շուրջ 90 տոկոսը այդպիսի օգտագործված հողերի մինչեւ 300 քառակուսի մետր էին կազմում: Այնտեղ եզակի դեպքեր էր, երբ 300-ից անցնում էր:

Բոլորս գիտենք, թե ի՞նչ է նշանակում առանց համապատասխան սեփականության իրավունքի Երեւան քաղաքում 300 քառակուսի մետրից ավել հողեր օգտագործելը: Ավելին ասեմ, որ միջին, մոտ 50 տոկոսը վերաբերում էր 150, 200 քառակուսի, մոտավորապես այդ կարգի էր, եւ 300-ը դրա համար ընտրվեց, որ 90 տոկոսը իր մեջ պարունակեր:

Չնայած եղել են էլի բողոքներ, իմ մոտ կան այդ բողոքներից, որ ես ուղարկել եմ Կադաստրի պետական կոմիտե, եւ այդ բողոքները հիմնականում ուղղորդված են եղել հիմնականում այն հանգամանքին, որ մարդը, երբ չի ունեցել օգտագործման փաստաթուղթ, այն բյուրոկրատական քաշքշուկը, որ կար, շատ հաճախ մարդկանց որոշակի տվյալներ հետին ամսաթվով, արխիվացած տվյալներ դժվարանում են ստանալ եւ ներկայացնել:

ԱԺ-ի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովում քննարկվել է նշված նախագիծը: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, եւ հորդորում եմ պատեհ պահին օրենքի նախագիծը դնել քվեարկության: Շնորհակալություն:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հերթագրում հարցերի համար: Հարցեր չկան, պարոն Մարգարյան, շնորհակալություն: Հերթագրում ելույթների համար: Հերթագրվել են երկու պատգամավորներ: Առաջին ելույթը` Արծվիկ Մինասյան:

Հարգելի գործընկերներ, հիշեցնեմ, որ մեր քննարկումը մինչեւ 1700 կլինի, որից հետ մենք կանցնենք հայտարարություններին:

Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Շնորհակալություն: Ես կաշխատեմ ավելի կարճ խոսել եւ ավարտել: Նախ շնորհակալություն, պարոն Տերտերյան, իսկապես, կառուցողական մոտեցում ցուցաբերելու հարցում, ինչպես պարոն Մարգարյանը նաեւ նշեց, հանձնաժողովում են քննարկման առարկա դարձրել:

Ես ուզում եմ, այնուամենայնիվ, ներկայացնել այն դիմումը, որ ստացել ենք թվով 40 անձանց կողմից ուղղված մեզ` Քնքուշ Իստոյանի, Համլետ Թորոսյանի եւ մնացած քաղաքացիների կողմից եւ, որոնք հստակ արձանագրում են եւ մտահոգությունն են փոխանցում.

«Եթե մենք մինչեւ 2000 թվականը 300  քառակուսի մետր հողատարածք զավթեինք Երեւանում, միգուցե նման վրդովմունք չապրեինք, քանի որ ըստ այդ որոշման սեփականատեր կլինեինք Երեւանում: Խնդիրն այնքան է հասունացել, որ մեր բնակարանները դեռ 20 տարուց ավել մահացած մարդկանց անունով է, մենք մեր բնակարանի տերը չենք կարող լինել, քանի որ օրինական շինությանը եւ հողամասին կից դեռ խորհրդային տարիներին ավելացվել է որոշակի զավթած հողատարածք: Այսօր մեզ ստիպում են շուկայական գնով գնել մեր 50 տարուց ավել մշակած այգին կամ ավտոտնակը»:

 Մնացած մասերը մի քիչ ավելի կոպիտ է ներկայացված, բայց ամբողջ խնդիրը, պարոն Տերտերյան, հենց նրանում է, որ, իսկապես, սոցիալական արդարության կարեւոր կոմպոնենտ է սա եւ, կարծում եմ, որ ոչ միայն Վանաձոր, այլ  նաեւ Գյումրի քաղաքների մասով, եւ մնացած քաղաքների մասով այսօր էլ կարող ենք ամրագրել այս նորմը, որովհետեւ խոսքը գնում է մարդկանց սեփականության իրավունքի մասին: Սեփականության իրավունք, որի ամրագրումից հետո կարող ենք նաեւ այստեղ բարձրացված հարցը, որ օտարում կամ փոխանակման հարցը լուծենք, բայց այսօր գլխավոր խնդիրը այս մարդկանց սեփականության իրավունքի ամրագրումն է:

 Եվ հուսով եմ, որ դուք մինչեւ երկրորդ ընթերցում կունենաք որոշակի լուծման տարբերակ, եւ հորդորում եմ նաեւ ԱԺ-ի պատգամավորներին աջակցել այս հարցում, եւ կարողանանք օրինագծում առաջարկություն ներկայացնենք հստակ, եւ արդարությունը հաստատենք ողջ երկրով մեկ: Այսքանը, շնորհակալություն:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Պարոն Ավետիսյան:

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

-Շնորհակալություն: Ես կարճ ընդամենը ասեմ, որ այսօր, իրոք, այս հարցը նաեւ հրատապ է մնացած բնակավայրերում, հատկապես աղետի գոտում, եւ ուզում եմ հիշեցնել, որ մենք 2002 թվականին ընդունեցինք «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» օրենքը, որը գործեց երկու տարի, որից հետո այսօր դեռեւս այդ պրոբլեմները աղետի գոտում մնում են, եւ ես հաստատ համոզված եմ, որովհետեւ ճշտել եմ, որ Կադաստրի պետական կոմիտեն ելակետային տվյալներ ունի բոլոր բնակավայրերի համար, եւ հորդորում եմ կառավարությանը, որպեսզի այս մասին մտածի:

Ես ինքս արդեն նախագիծը պատրաստում եմ, եթե մինչեւ աշուն կառավարությունը նախագիծ չներկայացնի աղետի գոտու հետ կապված կամ ընդհանուր քաղաքային բնակավայրերի հետ կապված, ապա ես ինքս առաջարկություն եմ ներկայացնելու, նախագիծը դնելու եմ շրջանառության մեջ, որպեսզի այս խնդիրը լուծվի, որովհետեւ, իրոք, շատ կնճռոտ հարցեր են մնացել: Իսկ այդ առումով, ըստ ներկայացված նախագծի հետ խնդիր չկա, կողմ եմ նախագծին:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն Ավետիսյան: Պարոն Մարգարյան, եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն չե՞ք տեսնում: Պարոն Տերտերյան, դուք նույնպես, ո՞չ:

Հարգելի գործընկերներ, հարցի քննարկումն ավարտվեց: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 35-րդ հոդվածի համաձայն հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի օրը ժամը 17-ից պատգամավորները ըստ հերթագրման հաջորդականության հանդես են գալիս մինչեւ երեք րոպե տեւողությամբ հայտարարություններով: Սահմանված ժամին մենք կիրականացնենք հերթագրում:

Հարգելի գործընկերներ, հերթագրում հայտարարությունների համար: Հերթագրվել են 20 պատգամավորներ: Հարգելի գործընկերներ, որպեսզի նիստի ընթացքում մենք հասցնենք բոլոր հայտարարություններին անդրադառնալ, կխնդրեմ, որ բոլորդ պահպանեք երեք րոպե տեւողությունը: Այժմ առաջին հայտարարության համար ամբիոնի մոտ է հրավիրվում Հայկ Սանոսյանը:

Հ.ՍԱՆՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Վերջին ժամանակներս ամբողջ աշխարհում արծարծվում է ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի թեման: Տարբեր տնտեսական ֆորումներում աշխարհի գերտերությունները քննարկում են եւ մշակում տարաբնույթ միջոցառումներ, որպեսզի կարողանան ճգնաժամը հաղթահարելու լուծումներ գտնեն:

 Ինչ խոսք, Հայաստանը` լինելով աշխարհի մի մասնիկը, չի կարող անմասն մնալ ճգնաժամի հետեւանքներից: Ուզենք, թե չուզենք մենք էլ պետք է ելքեր որոնենք` միտված մեր երկիրը տնտեսական ճգնաժամի ծանր հետեւանքներից հնարավորինս զերծ պահելուն:

Դժբախտաբար մեր խնդիրները միայն տնտեսական ճգնաժամով չեն սահմանափակվում: Տարածաշրջանային քաղաքական զարգացումները, հարեւան պետությունների` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերությունները, ԼՂՀ-ի հարցի վիճակը լուրջ քաղաքական ջանքեր են պահանջում:

Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են Հայաստանին տարածաշրջանային կոմունիկացիոն ծրագրերից մեկուսացնելու քաղաքականությամբ առավելագույն զիջումներ կորզել ԼՂՀ-ի հարցում եւ հայ-թուրքական զարգացումներում:

 Ճիշտ է, ի դեմս Ռուսաստանի եւ Իրանի մենք ունենք ռազմավարական գործընկերներ, Եվրամիության հետ Արեւելյան գործընկերության ծրագիր ենք մշակում, ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերություններ ենք զարգացնում, սակայն, իմ կարծիքով, սա բավարար չէ, մենք կարիք ունենք ներքին համախմբման, ազգային ներուժի ամբողջական բացահայտման,  ու ի նպաստ մեր ազգային խնդիրների իրականացման: Աշխարհով մեկ ցրված ենք եւ պետք է հնարավորինս օգուտ քաղենք այս հանգամանքից:

Հայաստան-Սփյուռք գործակցությունը զարգացնելու նպատակով անցյալ տարվա հոկտեմբերից ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը: Այն կարեւոր ուղի է, առաքելությամբ օժտված գործադիր մարմին է:

Ես առաջարկում եմ ՀՀ Աժ-ում ստեղծել խորհրդակցական կարգավիճակ ունեցող սփյուռքահայերի պալատ, որը կլինի Սփյուռքի մեր հայրենակիցներից կազմված մարմին: Այն Սփյուռքի համայնքները ՀՀ-ում ներկայացնելով գործուն կերպով կնպաստի հայ ժողովրդի տարբեր հատվածների հայաստանակենտրոն սեւեռմանը: Այդ նույն սփյուռքահայերը կլինեն նաեւ հայ համայնքի դեսպանները մեր հայրենիքում:

Եթե մենք մեր Սփյուռքի հայրենակիցներին հորդորում ենք գալ, հայրենիքում ներդրումներ անել, զարգացնել Հայաստանի տնտեսությունը, ապա մենք պարտավոր ենք, իմ կարծիքով, նրանց համար ստեղծել վստահության, ներգրավվածության լայն դաշտ: Սփյուռքահայությունը պետք է մասնակցություն ունենա մեր երկրի, մեր ժողովրդի համար բախտորոշ խնդիրների քննարկմանն ու լուծմանը:

Իրենք էլ իրենց կողմից կներկայացնեն տվյալ երկրների օրենքներն ու փորձը: Հայաստանի խորհրդարանում ստեղծելով Սփյուռքահայերի պալատ, միաժամանակ կլուծվի եւս մի շատ կարեւոր հարց, այն է` կունենանք հնարավորինս ընդհանրական կարծիք մեր ազգային խնդիրների վերաբերյալ: Շնորհակալություն:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հայտարարությունը` Վահան Հովհաննիսյան:

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հարգելի խորհրդարան, նախեւառաջ ուզում եմ նախորդ հայտարարության վերաբերյալ ասել, որ ողջունելի է, շատ հետաքրքիր գաղափար է, վաղուց հասունացած: Այդ մասին բազմիցս խոսել ենք, բայց հիմա, որ այստեղից հնչեց, ես ողջունում եմ պարոն Սանոսյանի առաջարկը, եւ իրավական, իրավաբանական մշակումներից հետո, կարծում եմ, որ, այո, նման կառույց պետք է տեղ գտնի մեր ներկայացուցչական մարմնի մեջ:

Հիմա, անցնելով իմ հայտարարությանը` եւս մեկ առաջարկ: Դուք հավանաբար շատերդ տեղյակ եք, որ մի քանի շաբաթ առաջ ընդամենը Ռուսաստանի նախագահը իր հրամանագրով իրեն կից ստեղծեց մի մարմին, խորհուրդ: Այն կոչվում է, կարծեմ, հանձնաժողովի կարգավիճակով, որը կոչվում է պատմական նենգափոխումների, ֆալսիֆիկացիաների ուսումնասիրության, եւ նրանց բացասական ազդեցությունը, կամ Ռուսաստանի ազգային շահերին հարվածը չեզոքացնելու պարտավորություն դրվեց այդ հանձնաժողովի վրա: Դա է նրանց հիմնական ֆունկցիան:

 Եվ այսօր Հայաստանում, երբ շատ հաճախ թուրքական հատկապես նենգափոխումները բերում են նրան, որ արդեն լրջորեն սկսվում է քննարկվել մի ծիծաղելի բան` հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծում, պատմաբանների հանձնաժողովի ստեղծում, որը, իբր թե, պետք է պատմական իրադարձությունները ուսումնասիրի: Հիմա մեկը կարող է մեկնաբանել, որ 1453 թվականի Կոստանդնուպոլիսի գրավման խնդիրն է, իսկ մեկ ուրիշը` հատկապես թուրքերը, մեկնաբանում են դա որպես ցեղասպանություն եղել է, կամ ոչ, սա են քննարկելու:

Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ նմանօրինակ հանձնաժողով կամ    ինչ-որ մի ֆորմատով, ես հիմա չեմ կարող կոնկրետ իրավական ձեւը դրա ասել, թեեւ մտածելու բան է: Օրինակ` հանրային խորհրդին կից կամ ԱԺ-ին, կամ կառավարությանը, կամ Նախագահին, ճիշտը, իհարկե, վերջինն է, նման հանձնաժողով ստեղծել, որպեսզի այդ նենգափոխումները, պատմության ֆալսիֆիկացիաների առնվազն այն մասը, որոնք, ուղղակի, վնաս են հասցնում հայ ժողովրդի, եւ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի պետական եւ ազգային շահերին, մենք կարողանանք չեզոքացնենք ժամանակին տարբեր միջազգային ատյաններում, եւ ի վերջո` նաեւ մեր սեփական հասարակության հանրության մեջ: Շնորհակալություն:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Սուքիաս Ավետիսյան:

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

-Շնորհակալություն: Մի քանի օր առաջ մենք այստեղ վավերացրեցինք ՀՀ կառավարության եւ ՌԴ-ի կառավարության միջեւ ստորագրված պայմանագիրը, որով 500  մլն վարկ տրամադրվեց ՀՀ-ին: Եվ ինձ համար, ճիշտն ասած, նաեւ շատ տարօրինակ ու անհասկանալի ելույթներ հնչեցին այստեղից, քանզի մենք մի կողմից մեր իշխանություններին, կառավարությունից պահանջում ենք, որպեսզի գործուն քայլեր ձեռնարկի ճգնաժամի հետեւանքները վերացնելու համար, եւ մյուս կողմից փորձում ենք այստեղ ամբիոնից տարօրինակ մեկնաբանություններ տալ այդ ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

Իսկ վարկի հետ կապված ես ասեմ, որ վարկը շատ կարեւորում եմ նրա համար, որովհետեւ առաջին հերթին դա ուղղվելու է այն նպատակային թիրախներին, որոնք մենք ունեցել ենք, եւ որոնց համար եւ՛ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2007 թվականի իր նախընտրական ծրագրերում, եւ՛ ՀՀ Նախագահը 2008 թվականի իր նախընտրական ծրագրերում հստակ խնդիրներ են դրել:

Դա առաջինը. ինձ համար կարեւոր է մեր աղետի գոտու բնակշինարարությունը, քանզի մենք աղետի գոտում ունենք 6200-ից ավելի անօթեւաններ, եւ այսօր այդ խնդիրը կարեւորելով արդեն սկսվել են հստակ աշխատանքները, եւ միայն Գյումրի քաղաքում հիմք է գցվել 22 շենքերի, որի հետեւանքով 1320 ընտանիքներ մինչեւ տարվա վերջ կստանան բնակարաններ:

Այսինքն` այն ծրագրերը, որ նախատեսվել են, որ մինչեւ 2012 թվականը մեր հանրապետությունում այլեւս աղետի գոտի եւ անօթեւան հասկացողություն չի լինի, մենք փորձում ենք այս խնդիրները լուծել այս վարկի միջոցով:

Երկրորդ խնդիրը` դա աշխատատեղերի ստեղծումն է, քանզի այսօրվա համաշխարհային այս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ցանկացած երկրի համար կարեւոր է աշխատատեղերի ստեղծելը: Միայն շինարարության նպատակով աղետի գոտուն տրված գումարների հաշվին այսօր աշխատում են մոտ հազար մարդ, իսկ առաջիկա երեք ամիսների ընթացքում այդ թիվը կկրկնապատկվի, որովհետեւ ծավալները քանի գնալու են, ավելանալու են:

Երկրորդ խնդիրը` ամենակարեւորը նա է, որ այդ վարկով մենք որեւիցե նախնական ինչ-որ պարտավորություն չունենք, եւ ՀՀ կառավարությունը այդ 500 մլն վարկը կարող է օգտագործել ցանկացած նպատակով: Իսկ ամենակարեւոր նպատակներից մեկը դա փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումն է, եւ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումով էլ կստեղծենք լրացուցիչ աշխատատեղեր, եւ միայն աղետի գոտուց արդեն այսօր կան առաջարկություններ կառավարություն, եւ այնպիսի ձեռնարկություններից, որոնք հիմնականում աշխատում են արտահանման վրա:

 Իսկ, քանզի մեր երկիրը այսօր ունի պրոբլեմ, որ արտահանման ծավալները պակասել են, ուրեմն, կարծում եմ, կառավարությունը եւ մենք էլ կօգնենք կառավարությանը, որպեսզի ֆինանսավորվեն այն կազմակերպությունները, որոնք կարող են ունենալ հստակ ծրագրեր արտահանման ծավալների աճի հետ կապված: Շնորհակալություն:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Իշխան Խաչատրյան:

Ի.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն: Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր երկրում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց առաջնային լուծումն են պահանջում բնապահպանական հարցերը: Գաղտնիք չէ, որ միջազգային վիճակագրական տվյալներով արդեն 4-5 տասնամյակ է կովկասյան տարածաշրջանում գտնվող Կասպից ծովի ջրային հաշվեկշիռը դարձել է բացասական, եւ ջրի մակարդակն իջել է ավելի քան 2.5 մետրով: Իրավիճակը նույնն է նաեւ Ազովի եւ Արալյան ծովի պարագայում:

Բնականաբար, նման իրավիճակում հարակից պետություններում ջրային լուրջ խնդիրներ են առաջանում: Փաստորեն, մի կողմից աշխարհը աննախադեպ տեմպերով զարգանում է, որի հետեւանքով ավելանում են գյուղատնտեսության մեջ ոռոգվող հողատարածքները, արդյունաբերության, կենցաղում եւ էներգետիկայում օգտագործվող ջրի ծավալները, մյուս կողմից ողջ աշխարհում անխնա հատվում են անտառներ, որոնք ջրի ամենամեծ բնական ամբարիչներն են:

Չնայած վերոհիշյալ գործոնների բացասական ազդեցությանը, այնուամենայնիվ, ջրի համաշխարհային «սով» ասվածը բացառվում է կոնկրետ Հայաստանում այն պարզ պատճառով, որ քաղցրահամ ջրերի հիմնական աղբյուր հանդիսացող գետերը Հայաստան աշխարհում զգալի են եւ, ուղղակի, պետք է արդյունավետ եւ ռացիոնալ օգտագործվի:

2002 թվականին ընդունվեց նոր Ջրային օրենսգիրքը, ըստ որի եւ՛ ջրային ռեսուրսների կառավարման գործավարությունը, եւ՛ ջրավազանային կառավարման համակարգը համապատասխան մարմիններն են կառավարում, վերահսկում եւ պլանավորում, բոլոր տեսակի ջրային ռեսուրսների պահպանությունն ու օգտագործումը: Այդ հարթությունում էլ բարեփոխումներ իրականացվեցին ոռոգման եւ «Ջրմուղկոյուղու» ոլորտներում:

Ցավոք, երբ ներկայացվող ծրագրի համաձայն դրական արդյունքները պետք է ակնառու լինեին, ներկայումս կարելի է փաստել, որ համապատասխան ցուցանիշները չեն ապահովել, եւ դրական տեղաշարժը տեղի է ունեցել աննշան:

Ուստի, Հայաստանի ջրային պաշարների հետագա ավելացման, եւ դրանով իսկ հանրապետության տնտեսության անվտանգության բարձրացման համար ճիշտ կառավարումից զատ «Օրինաց երկիր» կուսակցությունը խիստ կարեւորում է փոքր ջրամբարների կառուցումը:

Մասնագետների գնահատմամբ փոքր ջրամբարներիի թվի շեշտակի ավելացումը Հայաստանի համար, պարզապես, հրամայական է: Հարցն այն է, որ Հայաստանի միջին բարձրությունը ծովի մակերեւույթից գրեթե 1820 մետր է բարձր, եւ հանրապետության տարածքում ջրերը չամբարելու պարագայում հոսում են երկրի սահմաններից դուրս:

Մասնագետների հաշվարկներով հանրապետությունում փոքր ջրամբարների կառուցման միջոցով հնարավոր է բավարարել բազմաթիվ համայնքների ջրային պահանջները, մասնավորապես Արարատի տարածաշրջանում այսօր արդեն առկա ոռոգման հիմնախնդիրը: Շնորհակալություն:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Արմեն Մարտիրոսյան:

Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

-Սիրելի հայրենակիցներ, շատ ժամանակահատված չի անցել այն պահից, երբ այս ԱԺ-ն առանց խղճի խայթի ընդունեց «Պարզեցված հարկի մասին» օրենքի նոր փոփոխությունները, ինչպես նաեւ հետագայում ընդունեց եւս մի շարք օրենքների փոփոխություններ եւ լրացումներ:

«Ժառանգություն» խմբակցության անդամները բազմաթիվ անգամ իրենց ելույթներում կոչ արեցին կոալիցիայի պատգամավորներին` չքվեարկել այդ օրինագծերի օգտին, քանի որ դրանց ընդունումը կբերի մեծ հարվածների փոքր եւ միջին բիզնեսին: Ցավոք սրտի, մեր փաստարկները չընդունվեցին, եւ այժմ մենք կանգնած ենք այդ սխալ որոշումների արդյունքում առաջացած խնդիրների առջեւ:

Չէր կարելի, որ խոշոր բիզնեսը առանց հարկային դաշտ բերելու փաստաթղթային պահանջների տակ դնեին փոքր եւ միջին բիզնեսին: Այս ամենով, սակայն, ամեն ինչ չվերջացավ: Իշխանությունները վերցրեցին մի այնպիսի կուրս, որի արդյունքում պետական գանձարանը լցնելու հիմնական աղբյուր հանդիսացավ հենց տնտեսական դաշտի փոքր ու միջին հատվածը:

Կրպակատերերից մինչեւ փոքր արտադրության սեփականատերեր, տոնավաճառում առեւտուր անողներից մինչեւ գրավաճառներ, նույնիսկ հանապազօրյա հաց վաստակող անհատ տաքսիստների առջեւ օրենքով եւ կառավարության որոշումներով այնպիսի իրավիճակ ստեղծեցին, որ այս գործով զբաղվող շատ քաղաքացիներ ստիպված եղան դադարեցնել իրենց գործունեությունը եւ դառնալ գործազուրկ: Սրան հավելենք նաեւ բանկերի կողմից բարձր տոկոսադրույքներով գումարի տրամադրումը, որը նրանց հնարավորություն չի տալիս մարել նույնիսկ այդ պարտքը:

Այս ամենի արդյունքում մենք ունենք հետեւյալ պատկերը` տնտեսական դաշտում տարբեր փորձագիտական տվյալներով 70-80 տոկոս զբաղեցնող 40 ընտանիքները կամ պլանները ապահովում են հարկային մուտքերի ընդամենը 40 տոկոսը, իսկ մնացած 20-30 տոկոս զբաղեցնող փոքր եւ միջին բիզնեսը վճարում է հարկերի 60 տոկոսը:

Այսպիսի անհավասարությունը ոչ թե վատ վարչարարության արդյունք է, այլ իշխանությունների կողմից տարվող հետեւողական քաղաքականության արդյունք, որի նպատակը մեկն է` ամեն ինչ մեզ, մեր ախպերությանը, իսկ հասարակ քաղաքացուն` ոչինչ:

Տնտեսական դաշտի նման անհավասարությունը հետապնդում է մեկ գերխնդիր` Հայաստանում իսպառ վերացնել ազատ մտածող եւ գործող քաղաքացուն ու տնտեսավարողին:

Կարծում եմ, ավելորդ չէ եւս մեկ անգամ նշել, որ բոլոր ժողովրդավարական երկրներում փոքր եւ միջին բիզնեսը կազմում է տնտեսական դաշտի շուրջ 70-80 տոկոսը, եւ շատ կուսակցություններ, որոնք հասարակության մեջ աջակցություն ստացան այս կարգախոսների շնորհիվ, թողեցին իրենց սկզբունքները, եւ գնալով հեշտ ճանապարհով դարձան իշխանություն եւ շարունակեցին արատավոր քաղաքականությունը:

Իհարկե, այսօր աշխարհը գտնվում է ճգնաժամի մեջ, բայց ի՞նչ արեցին իշխանությունները մինչ ճգնաժամը, եւ դրա քողի ներքո շարունակում են նաեւ հիմա: Մի՞թե կառավարությունը չգիտի` որտեղ է ստվերը: Ոչ, շատ լավ գիտի, որովհետեւ Հայաստանում ստվերը ամենաբացահայտ եւ լուսավոր տեղում է, եւ իշխանությունների հովանու ներքո է, որ ծագում ու զարգանում է:

Հարգելի հայրենակիցներ, որպես «Ժառանգություն» խմբակցության ղեկավար հայտարարում եմ` «Ժառանգություն» կուսակցությունը հավատարիմ է իր ծրագրերին եւ նախընտրական խոստումներին, եւ ինչպես պայքարել է փոքր եւ միջին բիզնես ունեցող քաղաքացիների  իրավունքների, այդ թվում նաեւ արդար եւ ազատ տնտեսական մրցակցության համար, նույն եռանդով էլ այսուհետ է պայքարելու:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հովհաննես Մարգարյան:

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Սիրելի հայրենակիցներ, մենք բազմիցս ենք անդրադարձել աղետի գոտու, մասնավորապես Գյումրիի առջեւ ծառացած բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներին: Մեզ համար, անշուշտ, սկզբունքային խնդիր էր պետական բյուջեի միջոցներով աղետի գոտում բնակարանաշինության վերսկսման գործընթացը, ինչի արդյունքում անօթեւանները կունենան բնակարաններ, իսկ հազարավոր գյումրեցի շինարարներ` աշխատանք:

Նկատի ունենալով ամբողջ աշխարհում տիրող ֆինանսատնտեսական ճգնաժամը, տեղին է կրկին ողջունել այն փաստը, որ 2009 թվականին պետական բյուջեով նախատեսված աղետի գոտու բնակարանաշինության ծրագրով նախատեսված գումարները ոչ մի լումայով չեն կրճատվելու:

Արդեն իսկ Գյումրիում սկսված են շինարարական աշխատանքները, եւ դրանք իրականացնելու է «Գլենդել հիլզ» կազմակերպությունը, ինչը ողջունելի իրադարձություն է, եթե, իհարկե, հաշվի չառնենք այն հանգամանքը, որ գյումրեցի շինարարները շարունակում են արդարացիորեն դժգոհել «Գլենդել հիլզ» կազմակերպության կողմից սահմանված ցածր աշխատավարձերից եւ աշխատանքային  պայմաններից:

Ինձ որպես գյումրեցի պատգամավորի մտահոգում է այս խնդիրը, եւ կրկին հորդորում եմ կառավարությանը, որպեսզի այն քննարկման առարկա դարձնի, եւ հնարավորություն ընձեռի գյումրեցի շինարարներին այդ աշխատանքներում առավել լայնածավալ ընգրկվելու, իհարկե, վերանայելով աշխատավարձերի չափերը:

Հաջորդ խնդիրը, որին կուզենայի անդրադառնալ դա Շիրակի մարզի որոշ համայնքներին 2009 թվականի պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցների հնարավոր հետաձգման կամ  սառեցման հարցն է: Ըստ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներիս կողմից կատարված առաջարկությունների, 2009 թվականի պետական բյուջեով առաջիկայում որոշակի միջոցներ պետք է տրամադրվեին Շիրակի մարզում դպրոցաշինության, ջրագծերի վերանորոգման եւ ճանապարհաշինության նպատակով, սակայն, մտավախություն կա, որ, այնուամենայնիվ, որոշ համայնքներին հատկացված գումարները կամ կտեղափոխվեն երրորդ կամ չորրորդ եռամսյակ, կամ 2010 թվական:

Խոսքս աղետի գոտու` Ղազանչի, Չաջուռ, Արեգնադեմ, Մեծ Սեպասար, Մայիսյան, Սարագյուղ, Հայկաձոր եւ Սարյան համայնքների մասին է, որոնց համար դպրոցի, մարզադահլիճի, ճանապարհների, ջրագծերի վերանորոգումը գերխնդիր է:

Ուստի, կցանկանայի կառավարության ուշադրությունը կրկին հրավիրել այս կարեւորագույն խնդիրներին եւ ակնկալել, որ, այնուամենայնիվ, այդ համայնքներին տրամադրված գումարները, որը մոտ 100 մլն դրամ է կազմում չտեղափոխվեն չորրորդ եռամսյակ կամ 2010 թվական, եւ ժամանակին տրամադրվեն, որպեսզի ինչքան հնարավոր է շուտ սկսվեն նշված աշխատանքները, եւ աղետի գոտու ամենաաղքատ, թերզարգացած եւ հեռավոր շրջաններում ստեղծվեն նոր աշխատատեղեր այս համայնքների բնակիչների համար, եւ օր առաջ, իհարկե, լուծվեն այն խնդիրները, որոնց մասին բազմիցս ենք ասել: Իհարկե, դրանք բոլորը կենսական նշանակության խնդիրներ են:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շիրակ Թորոսյան:

Շ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Ես այս ամբիոնից բազմիցս եմ բարձրաձայնել Վրաստանի իշխանությունների կողմից ջավախքահայության իրավունքների ոտնահարման բազմաթիվ փաստերի մասին, այդ թվում ազգային հասարակական գործիչների հալածանքների եւ ձերբակալությունների,        հայ-վրացական սահմանում տեղի ունեցող ապօրինությունների, կրթական համակարգում առկա խնդիրները, այստեղ խոսք գնաց պատմական ֆալսիֆիկացիաների մասին, տպագրված դասագրքերում բազմաթիվ նմանատիպ դեպքերի մասին:

Բայց, անկեղծ ասած, այսօր չեմ ուզում այդ թեմայով խոսել, եւ կոնկրետ ուզում եմ երկու հարցի մասին խոսել, որոնցից մեկն է հայ-վրացական պետական սահմանի ջավախքյան անցակետում նշմարվող մի նոր երեւույթի մասին: Մարդիկ չեն կարողանում սահմանն անցկացնել թերթեր ու գրքեր, հայատառ թերթեր ու գրքեր:

Մի խայտառակ իրողություն է, վրաց-մաքսավորները առանց պատճառաբանության, պարզապես, ասում են` չի կարելի: Եթե կա մաքսազերծման խնդիր, խնդրում եմ, թող առաջարկեն մաքսազերծում, եթե չկա այդ խնդիրը, այդ դեպքում ինչու՞ մամուլի, ուրեմն, քանակություն, որոշակի թերթեր եւ գրքեր` գիտահանրամատչելի, հայալեզու արգելվում է անցկացնել դեպի Ջավախք, չէ՞ որ ի վերջո Ջավախքում հայեր են ապրում, ովքեր, ուղղակի, ուրիշ ելք չունեն, քան կարդալ հայերեն թերթեր եւ հայերեն գրականություն:

Կոչ եմ անում նաեւ Հայաստանի իշխանությունների համապատասխան մարմիններին քննարկումների, կոնսուլտացիաների միջոցով փորձել հասկանալ, թե ինչու՞ է վրացական կողմը վարվում այդպես, եւ փորձեն լուծում տալ այս խնդրին, որպեսզի եւս մեկ ոլորտում չոտնահարվեն ջավախքահայության իրավունքները, եւ չնսեմացվեն մարդիկ սահմանի վրա իրենց հետ ունեցած մի քանի գիրքը կամ մի փաթեթ թերթը իրենց հետ սահմանն անցկացնելու խնդրում:

Եվս մի կարեւոր հարցի մասին եմ ուզում խոսել: Բոլորիս հայտնի է,  որ այսօր Վրաստանում ներքաղաքական լարված իրավիճակ է, եւ վերջին մի քանի ամիսների ընթացքում կարծես թե չի ուզում կարգավորվել Վրաստանի ներքաղաքական վիճակը: Ընդդիմությունը մեծամասշտաբ հանրահավաքներ կազմակերպելով քննադատում է վրացական իշխանություններին արտաքին եւ ներքին քաղաքականության համարյա բոլոր ոլորտներում, բայց զարմանալի անտարբերություն է ցուցաբերում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման խնդիրների վերաբերյալ:

Չէ՞ որ ազգային փոքրամասնությունները, որոնք հարաբերական առումով ավելի շատ են Վրաստանում, քան բուն վրաց ժողովուրդը, եւ որոնց իրավունքները անընդհատ ոտնահարվում են, եւ այդ երեւույթի մասին, եթե չի խոսում վրաց ընդդիմությունը, ապա նշանակում է, որ համավրացական մոտեցում կա ազգային փոքրամասնությունների իրավունքների, նրանց ոտնահարման, եւ այդ իրավունքները ընդհանրապես չճանաչելու առումով: Սա շատ մտահոգիչ է, եւ շատ ցանկալի կլիներ, որ Վրաստանում գտնվեր գոնե մեկը, ով կխոսեր այդ հարցերի մասին: Շնորհակալություն:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Գագիկ Մելիքյան:

Գ.ՄԵԼԻՔՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի հայրենակիցներ, ավարտվեց Երեւանի ավագանու ընտրությունները, եւ Երեւանի քաղաքապետ ընտրվեց Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Բեգլարյանը, եւ մինչեւ առանձին քաղաքական ուժեր բողոքարկում են ընտրությունների արդյունքները, Հանրապետական կուսակցությունը նշում է իր հերթական հաղթանակը:

Ժողովուրդը իր ձայնը տվեց այն ուժերին, ում գործը տեսել է, ում հավատում եւ վստահում է: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել են ավելի քան չորս հարյուր հազար երեւանցիներ եւ, բնական է, որ ինչ-ինչ միջադեպեր կլինեին, բայց որ այս ընտրություններում որեւէ կանխակալ մոտեցում քաղաքական այս կամ այն ուժի նկատմամբ չի եղել` ակնհայտ է:

Համոզված եմ, որ որեւէ քաղաքական ուժ չի ցանկացել գնալ խախտումների, եւ այստեղ, կարծում եմ, տեղին է շնորհակալական խոսք ուղղել բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր իրենց մասնակցությամբ հնարավորություն ընձեռեցին երեւանցիներին կատարել այլընտրանքային ընտրություն, նպաստեցին քվեարկությունների թափանցիկությանը եւ միջազգային չափանիշների համապատասխանելիությանը:

Իսկ արձանագրված թերությունները, կարծում եմ, մանրամասն կուսումնասիրվեն, եւ մեղավորները կստանան իրենց համապատասխան պատիժը: Այս մասին բազմիցս նշել է նաեւ ՀՀ Նախագահը:

Կանցնի եւս որոշակի ժամանակ, եւ Երեւանի ավագանու ընտրությունների շուրջ կրքերը վերջնականապես կհանդարտվեն, կյանքն աստիճանաբար կմտնի սովորական հուն: Շատերը, ցավոք, չեն ցանկանում հասկանալ տարբերությունը ընտրությունների եւ իրական կյանքի միջեւ, իսկ այստեղ տարբերությունը մեծ է, նպատակները, միջոցները եւ խնդիրները միանգամայն տարբեր են:

Ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է, որ հարյուր հազարավոր մարդիկ վստահեն քեզ եւ քվեարկեն քո օգտին, իսկ իրական կյանքի համար անհրաժեշտ է, որ դու ամեն օր անես այն, ինչ նրանք են ուզում, անհրաժեշտ է աշխատել, կատարել այն, ինչ ցանկանում էին եւ շարունակում են ցանկանալ քեզ ընտրողները:

Այժմ արդեն եկել է մայրաքաղաքային շահերը սեփական կուսակցական շահերից վեր դասելու ժամանակը, իսկ այդ ամենը լավ անելու համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալների մի մեծ թիմ, դրա համար էլ ներկայիս փուլը, երբ այն թիմը ձեւավորվում է, իր կարեւորությամբ չի զիջում ընտրություններին, բարի եւ խելացի պրոֆեսիոնալներ գտնելը այնքան էլ դժվար չէ:

 Հանրապետական կուսակցությունը ունի այդ թիմը: Այս ամենի հետ միասին երեւանցիները ուզում են տեսնել սկզբունքի փոփոխություն եւ, կարծում եմ, նրանք կտեսնեն այդ փոփոխությունը: Այդժամ մեր քաղաքը, իսկապես, կդառնա այնպիսին, ինչպիսին ցանկանում ենք բոլորս:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հաջորդը` Արծվիկ Մինասյան, խնդրեմ:

Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Կարծում եմ, տեղին է հիշեցնել փիլիսոփաներից մեկի խոսքը, որ ցանկացած հաղթանակ եւ պարտություն հարաբերական է:

Սիրելի բարեկամներ, սիրելի ընկերներ, մայիսի 29-ին 2009 թվականի կառավարությունը կայացրեց մի որոշում, 594«ա» որոշումը, որով ստուգումների որոշակի կասեցման քաղաքականություն առաջադրեց: Գաղափարը ինքնին, իհարկե, գովելի է, գնահատելի է եւ, կարծում եմ, այդ առումով կառավարության քաղաքականությունը անհրաժեշտ է, որ ճիշտ ընկալվի, սակայն, առնվազն երկու առումով, ես կարծում եմ, այս որոշումը ունի շատ լուրջ թերություն:

Առաջին` այն, որ հիմնականում այն սուբյեկտից, այն պետական մարմնից, ումից բողոքում է փոքր եւ միջին բիզնեսը, այդպես էլ շարունակում է իր վատ վարքագիծը: Խոսքը Պետական եկամուտների կոմիտեի մասին է, եւ այս որոշման մեջ, ցավոք, չկա արձանագրված, որ Պետական եկամուտների կոմիտեի համար նույնպես նախատեսված են սահմանափակումներ, որ այն չիրականացնի ստուգումներ  70 մլն դրամ մինչեւ շրջանառություն ունեցող սուբյեկտների մոտ:

Եվ երկրորդ` այդ տեսանկյունից թերությունը, ներառված են այնպիսի տեսչական մարմիններ, որոնց գործունեությունը, գոյությունը անհրաժեշտ է, մասնավորապես հենց Լեզվի պետական տեսչության մասով: Այսինքն` այս տեսանկյունից առնվազն այս որոշումը շատ լուրջ վերանայման անհրաժեշտություն ունի:

Եվ երկրորդ` կարեւոր հանգամանքը, որը, կարծում եմ, սահմանադրականության տեսանկյունից խոցելի է դարձնում այս որոշումը, այն է, որ այսպիսի սահմանափակումը պետք է իրականացվի բացառապես օրենքով: Սահմանադրության 83.5  հոդվածի համաձայն, այնպիսի ստուգումները վերահսկողական, տեսչական, որոնք պետք է իրականացվեն տնտեսավարող սուբյեկտների մոտ, կամ անհատ ձեռնարկատերերի մոտ իրականացվելու դեպքերը, կարգը եւ պայմանները պետք է սահմանվեն բացառապես օրենքով:

Այնքանով, որքանով կառավարությունը այս կամքը ցուցաբերել է, կարծում եմ, կառավարությունը պետք է անհրաժեշտ քայլեր կատարի այս որոշումը վերածելու օրենքի նախագծի, եւ մենք այստեղ ձեր հետ միասին քննարկման առարկա դարձնենք, որով նաեւ որոշակի պահանջներ ու պայմաններ կդնենք նույն ստուգող մարմինների առջեւ:

Եթե կառավարությունը այդ քայլը չանի, ինչի վերաբերյալ, ես կարծում եմ, վաղը նույնպես հարց եմ ուղղելու կառավարությանը, ապա մենք պատրաստ ենք շրջանառության մեջ դնելու օրենքի նախագիծը, եւ եթե կլինեն պատգամավորներ, ովքեր կմիանան, պատրաստ ենք նաեւ ընդառաջել այդ հարցում: Շնորհակալություն:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Մկրտիչ Մինասյան:

Մ.ՄԻՆԱՍՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգարժան նախագահություն, հարգելի գործընկերներ, ինձ այս հայտարարությանը դրդել է կամ ստիպել է վերջերս թերթերից մեկում մի բաց նամակի ընթերցումը: Բաց նամակը ուղղված էր Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի մի երկու, թե երեք ֆերմերների կողմից, որոնք մեր հանրությանը տեղեկացնում էին, որ իրենց ողջ տարվա չարչարանքի մի զգալի մասը, փաստորեն, կործանվեց, փչացավ, եւ այլն, եւ այլն, մոտավորապես 20000 տոննա կարտոֆիլի մասին է խոսքը:

Դա պատկերացնելու համար պետք է պատկերացնենք, թե ինչ, իսկապես, տիտանական աշխատանք են կատարել մարդիկ հողի վրա` գիշեր-ցերեկ, արեւի տակ եւ այլն, այն էլ այդ գրեթե 2000 մետր բարձրության վրա եւ, փաստորեն, առանձին խնդիրների չլուծման պատճառով, փաստորեն, այդքան կարտոֆիլ ոչնչացավ:

Իմ հայտարարության իմաստը այն է, որ կա խնդիր: Կարծում եմ, առավել եւս տնտեսական, նաեւ ֆինանսական, որը չի բացառում նաեւ սոցիալական ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսության նկատմամբ մեր բոլորի ուշադրությունը, քաղաքական ուժերի ուշադրությունը, կառավարության ուշադրությունը, եւ հատկապես լիազոր մարմնի` Գյուղատնտեսության նախարարության ուշադրությունը պետք է կրկնապատկել ու եռապատկել:

Պետք է, ըստ երեւույթին, աշխարհի այն խոշոր կառույցները, դոնոր կազմակերպությունները, Համաշխարհային բանկ եւ այլն, որոնք օգնություններ ու օժանդակություններ են կազմակերպում, ըստ երեւույթին, պետք է նախապատրաստել ծրագրեր, եւ մարզային մեծամանրածախ բազաների ստեղծման խնդիրը լուծել երկրում` մեկ:

Երկրորդը` կարծում եմ, այդ կառույցը պարտավոր է ուսումնասիրել, եւ օգնություն ու աջակցություն կազմակերպել հանրությանը, ֆերմերային տնտեսություններին` երկուս:

Եվ երրորդը` կա մի չափազանց կարեւոր խնդիր: Ես մի թիվ պետք է ասեմ, որպեսզի բոլորիս հիշողության մեջ մնա: Ջուրը, այն ամենօրյա ջուրը, որ մեր աղբյուրներից դուրս է գալիս, 200-250 դրամով է վաճառվում մեկ լիտրը:

Մեկ լիտր կաթը գյուղացուց գնվում է 90-95 դրամով: Կա խնդիր, չէ՞: Ուրեմն, այս խնդրի շուրջ քաղաքական ուժերը, կարծում եմ, նաեւ համապատասխան կառույցը ճիշտ կլինի, որ քննարկումներ կազմակերպեն, լսումներ կազմակերպեն, կառավարության համապատասխան մարմինների հետ մշակենք միջոցառումներ, եւ օգնենք գյուղացուն հնարավորինս եւ՛ արտադրության, եւ՛ պահպանության, եւ՛ իրացման խնդիրները առավել արդյունավետ կազմակերպելու համար: Շնորհակալություն:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Արտակ Դավթյան:

Ա.ԴԱՎԹՅԱՆ

-Շնորհակալություն: Գաղտնիք չէ այն, բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ կրթությունը մեր երկրի ազգային անվտանգության եւ առաջընթացը ապահովող անփոխարինելի գործոն է: Եվ պատահական չէ, որ կրթության իրավունքը ամրագրված է մեր Սահմանադրության 39-րդ հոդվածով: Մի շարք օրենքներ, որոնք կարգավորում են կրթության ոլորտը, եւս մեկը կավելանա մոտ օրերս, խոսքը «Հանրակրթության մասին» օրենքին է վերաբերում:

 Իհարկե, հանրակրթություն` որպես գործընթաց գերնպատակը կրթակարգով սահմանված կատարելատիպին մոտ շրջանավարտ ունենալն է, ինչի նկարագիրը տրված է հենց կրթակարգով, եւ ես կցանկանայի ամփոփ նկարագրի մի քանի հատկանիշներ այստեղ հնչեցնել:

Առաջինը` շրջանավարտը պետք է կատարելապես տիրապետի ՀՀ պետական լեզվին:

Երկրորդը` իմանա իր երկրի նվաճումների մասին:

Հաջորդը` ունենա ազգային մտածողություն եւ ազգային ինքնագիտակցություն:

Ունենա պետական կրթական չափորոշիչով սահմանված գիտելիքների համակարգ, եւ ունակ լինի այդ գիտելիքները կիրառելու, ստեղծագործաբար կիրառելու կյանքում:

Ունենա ինքնուրույն մտածելակերպ, դրսեւորի փոխըմբռնում:

Իմանա իր իրավունքները եւ պարտականությունները:

Իմանա բնապահպանական հիմնախնդիրները:

Ճանաչի համաշխարհային քաղաքակրթության նվաճումները, եւ գիտակցի Հայաստանի եւ հայ ժողովրդի դերն ու նշանակությունը համաշխարհային քաղաքակրթության մեջ, եւ որ ամենակարեւորն է` կարողանա իր նախասիրություններին, հակումներին եւ ստացած գիտելիքներին համապատասխան մասնագիտություն ընտրելու, եւ հետագայում նաեւ աշխատանքի տեղավորվելու:

Բնականաբար, այս ամենը ապահովելու համար խիստ անհրաժեշտ է անհրաժեշտ մթնոլորտի ձեւավորումը, եւ այդ մթնոլորտի ձեւավորմանը ուղղված է հենց «Հանրակրթության մասին» օրենքը, որը մոտ օրերս կքննարկվի երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ի լիագումար նիստերի դահլիճում եւ, կարծում եմ, որ իր նպաստը կբերի, իրոք, շրջանավարտների կատարելատիպին մոտ շրջանավարտ ունենալու գործընթացին: Շնորհակալություն:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հայտարարությունը` Ռուզաննա Առաքելյան:

Ռ.ԱՌԱՔԵԼՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, այս տարի լրանում է հայոց պատմության երեւելի դեմքերից մեկի` Արամ Մանուկյանի ծննդյան 130 ամյակը, եւ մահվան 90 ամյակը: Ես կարծում եմ, այս առիթը լավագույնս է մեր հանրությանը Արամ Մանուկյանին համակողմանիորեն ներկայացնելու: Ես ինչու՞ եմ կարեւորում այս հայտարարությունը, որովհետեւ արդեն մեզանում, կարծեք, այս հոբելյանները նշվում են, ուղղակի, պարտավորություն կատարելու համար, եւ մեր բոլոր ազգային գործիչները, մեր պատմության մշակույթի երեւելի դեմքերը չեն ներկայանում լիարժեքորեն:

Այդպես նաեւ, կարծեք թե, նկատվում է այդ տենդենցը նաեւ Արամ Մանուկյանի պարագայում,  որովհետեւ վերջերս, իհարկե, ողջունելի է, իհարկե, գովելի է, որ վերջապես նրա կիսանդրին տեղադրվեց Ներքին գործերի նախարարության բակում, բայց ես կարծում եմ, որ Արամ Մանուկյան չիմացողները կամ կիսով չափ իմացողները կարող են Արամ Մանուկյանին միայն պատկերացնել եւ իմանալ նրան որպես Առաջին հանրապետության ժամանակ ներքին գործերի նախարարի:

Մինչդեռ Արամ Մանուկյանը, գիտեք, իր ներդրումով, իր ազգային նկարագրով եւ ազգային գործունեությամբ մեր պատմության մեջ հսկայական դերակատարություն է ունեցել դեռեւս 1903-1904 թվականներին բացի ինքնապաշտպանական մարտերում, 1915 թվականի գիտեք, Վանի ինքնապաշտպանական մեր պատմության ամենահրաշալի էջերից, Վանի ինքնապաշտպանությունը ղեկավարելով ստեղծեց Վանի անկախ նահանգը:

 Այդուհետ նրա ամենամեծ ներդրումը եղավ առաջին հանրապետության ստեղծման նախահիմքը դնել, պատրաստել Սարդարապատի ճակատամարտը, ստեղծել մի մթնոլորտ, որտեղ մեր ժողովուրդը, անկախ նրանից, թե այդ օրերին ինչ վիճակում էր, 15 թվականի ցեղասպանությունից հետո բոլորդ, գիտեք, Հայաստանի մթնոլորտը, բայց նա կարողացավ համախմբել, իսկապես, հայ ժողովրդին դարձնել մի ուժ, մի ամուր բռունցք, եւ կերտել Սարդարապատի ճակատամարտը:

Ես առաջարկում եմ, որ այս երկու տարեթվերը` նրա ծննդյան եւ մահվան տարեթվերը թող առիթ լինեն, որպեսզի այդ հանձնաժողովը, որ ստեղծվել է միջոցառումներ կազմակերպելու, գոնե երկու կարեւոր առաքելություն ունենան: Նախ նրա «Արամ» փողոցը վերանվանեն Արամ Մանուկյան, որովհետեւ վստահ եմ, որ հատկապես երիտասարդության 80 տոկոսը չգիտի` ի՞նչ ասել է Արամ, ու նաեւ մյուսը, որ նրա կիսանդրին արդեն կա, այլ նրա արձանը կամ եւս մի կիսանդրի տեղադրվի մեր քաղաքի նշանավոր տեղերից մեկում, որպեսզի ամփոփվի Արամ Մանուկյան կերպարը, եւ նրա խորհրդանիշը մեր պատմության մեջ ճիշտ հասկացվի: Շնորհակալ եմ:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Զարուհի Փոստանջյան:

Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

-Հարազատ իշխանությունների կողմից ստորացված ժողովուրդը չի կարող կրել եւ շարունակել կերտել պետականություն: Ցավալի իրականություն է` 20-րդ դարի վերջում ստեղծված հայկական պետության իշխանությունների կողմից իրականացվում են անմարդկային, շահագործող եւ ապազգային ծրագիր:

2008 թվականի նախագահական ընտրություններն ապացուցեցին Հայաստանի իշխանությունների ապազգային ծրագրի իրականացնելու քաղաքական կողմնորոշումը: 10 զոհեր, 200-ից ավելի վիրավորներ, եւ հասարակական արդարացիությունը կայացնելու եւ ոչ մի փորձ:

Ամենազավեշտականը, որ մեկ սպանության դեպքի արդարացի ուսումնասիրության արդյունքում փակվեց փաստահավաք խումբը, վերջնականապես համոզելով մեր հասարակությանը, որ արդարության բացահայտման հիմնական հակառակորդը մեր երկրում իշխանական համակարգն է:

Նշենք, որ 100-ից ավելի մեր քաղաքացիների ճակատագրերի վրայով խոփի տակ անցավ ազգային արդարադատության համակարգը: Ավելորդ չեմ համարում փաստել, որ հրապարակավ ՀՀ բոլոր իշխանությունների կողմից ճանաչված բարձրագույն արժեքները` սոցիալական պետություն, քաղաքացիական հասարակություն, մրցակցային ազատ շուկա, մարդու իրավունքների ամենօրյա հարգում հնարավոր է բացառապես արդարացի եւ անաչառ գործող իրավապահ համակարգի գոյության պայմաններում:

Բոլոր հասարակական հարթություններում տեսնելով իրավական անարդարությունը, օրենքի ընտրովի եւ հատվածական կիրառումը, անմեղ մարդկանց հանդեպ անարդարացի ու անմարդկային դատավճիռների կայացումը հանուն ՀՀ-ի շարքային հայ մարդուն դարձնում են անպաշտպան:

Այսօր այս բարձր ամբիոնից ուզում եմ հայտարարել, որ մեր քաղաքացին վախենում է իր իրավապահներից, օտարված է իր իշխանություններից, եւ կորցնում է հայրենասիրության պաշարի վերջին մնացորդը ազգային պետության հանդեպ: Կցանկանայի ելույթս ավարտել միգուցե հռետորական, բայց, իմ կարծիքով սթափեցուցիչ հարցով` ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Վիկտոր Դալլաքյան:

Վ.ԴԱԼԼԱՔՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, իմ եւ ԱԺ-ի նախագահի միջեւ ձեռք բերված համաձայնության արդյունքում հինգշաբթի օրը առավոտյան քվեարկության կդրվի «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին», եւ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ մեր հեղինակած օրինագիծը, որի համաձայն ՀՀ-ի տարածքում արգելվում է որսի համար օրենքով չնախատեսված զենքի, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով չգրանցված որսորդական զենքի կիրառումը, ինքնանետերի, աղեղների, ինքնաձիգ հրացանների, օդամղիչ զենքի, ծուղակների, փոսերի եւ խոշոր թակարդների օգտագործումով որսը, քիմիական եւ պայթուցիկ նյութերի կիրառումով վայրի կենդանիների որսը, լուսարձակների կամ լուսային այլ հզոր աղբյուրների կիրառումով որսը, տրանսպորտային կամ մեխանիկական միջոցների, այդ թվում ուղղաթիռով կամ ինքնաթիռով կիրառումով որսը, ձվերի եւ ձագերի հավաքը, գազանների եւ թռչունների բների ու որջերի քանդելը, բնական աղետներից, այդ թվում եւ սովից փրկվող թռչունների եւ վայրի կենդանիների որսը, էլեկտրոնային ձայն վերարտադրող սարքերի եւ ձայնարձակիչների կիրառումը, ցանցերի, օղակների կիրառումով որսը, թռչուններին եւ վայրի կենդանիներին ծխի միջոցով որսալը, էլեկտրական հոսանքի կիրառումով որսը, թռչունների եւ վայրի կենդանիների զանգվածային վնասման, այլ եղանակներով կատարվող որսը:

Այսինքն` այս օրենսդրական նախաձեռնությամբ մենք նախատեսել ենք որսագողության դեմ լուրջ պայքար, նաեւ համապատասխան փոփոխություններ կատարելով Քրեական օրենսգրքում: Սակայն, այս հարցի վերաբերյալ խորհրդարանում կան անձինք, որոնք խորհրդարանական երկու քաղաքական ուժերին հրահանգավորել են` չքվեարկել կամ դեմ քվեարկել այս նախագծին, այսինքն` տապալել այս օրենսդրական նախաձեռնությունը:

Ես այսօր անուններ չեմ տալու, բայց նրանց զգուշացնում եմ, որ հինգշաբթի օրը առավոտյան ես կհրապարակեմ այդ անձանց անունները, որոնք դիտավորյալ ուզում են կազմակերպել օրինագծի տապալումը, եւ ժողովուրդը ինքը գնահատական կտա, որովհետեւ նման օրենսդրական նախաձեռնությունը միայն կարող են տապալել այն անձինք, որոնք հովանավորում են գողերին, որսագողերին եւ հանցագործներին:

Նաեւ տեղյակ եմ պահում, որ կառավարությունը եւ ԱԺ-ի բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն այս օրենսդրական նախաձեռնությանը: Շնորհակալություն ուշադրության համար:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Ստյոպա Սաֆարյան:

Ս.ՍԱՖԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Ուզում եմ ասել, որ վատ է, որ մեր որոշ գործընկերներ ոչ միայն նույն օրը չեն հասկանում մեր ելույթները, այլ մեկ շաբաթ անց էլ չեն հասկանում, եւ թույլ տվեք սույն հայտարարությամբ հերթական անգամ վազել Նախագահի դուռը:

Հարգելի հայրենակիցներ, ավարտին մոտեցավ փորձագետների փաստահավաք խմբի շուրջ ապրիլ ամսից սկիզբ առած ոդիսականը: Գործող Նախագահ Սերժ Սարգսյանը իր հունիսի 6-ի կարգադրությամբ ցրեց այն: Նախագահի այդ քայլը հարկադրված եմ մեկնաբանել հետեւյալ կերպ:

Նա պատասխանատվություն ստանձնեց խմբի աշխատանքների վիժեցման համար, ինչը վերջին ամիսներին անթաքույց արել են խմբում կոալիցիայի առաջադրած անդամները` նախ իրենց չաշխատելու ու անգործության ձեւով, իսկ ապա` ուղղակիորեն ՀՀ դատախազության ու Հատուկ քննչական ծառայության շահերը պաշտպանելու, խմբի կողմից զեկույցներ կազմելուն տարբեր եղանակներով խոչընդոտելու ձեւերով: Սրանք փաստեր են, որոնց մասին վերջերս խոստովանել են կոալիցիայի առաջադրած ներկայացուցիչները ԶԼՄ-ներում:

Երկրորդ` Նախագահը իր այդ քայլով ապացուցեց, որ շահագրգռված չէ մարտի 1-ից 2-ին տեղի ունեցածին, 10 զոհերի սպանության հանգամանքների բացահայտման, եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցերում: Հիշեցնեմ, որ շաբաթներ առաջ խումբը մարտի 1-ից 2-ին տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին էր ներկայացրել սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքներին վերաբերող մասնագիտական զեկույցը, որից հետո խմբին պարտադրվեց արձակուրդ գնալ այն դեպքում, երբ ամփոփման փուլում էին գտնվում մյուս սպանությունների մահվան հանգամանքների վերաբերյալ զեկույցները:

Պարտադրված արձակուրդի խորապատկերին այդ զեկույցի հրապարակմանը հաջորդած ռեակցիան, այն է` հատուկ քննչական ծառայության նյարդային հայտարարությունները եւ նախագահականի լռությունը այդ ամենի կապակցությամբ հաստատելու են գալիս, որ նախագահական նստավայրը առնվազն համակարծիք է եղել այն բանի հետ, որ խումբը չպետք է աշխատի, չպետք է զեկույցներ ներկայացնի, եւ այդ զեկույցները չպետք է հակասեն ՀՔԾ-ի չակերտյալ քննած գործերին ու չակերտյալ սարքած ապացույցներին:

Վերստին հիշեցնեմ, որ կոալիցիայի ներկայացուցիչներից մեկը բարձրաձայն խոստովանել է, որ Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքներին վերաբերող զեկույցի տակ իրենք երկուսով չեն ստորագրել այն նույն առարկություններով, ինչը առկա է ՀՔԾ-ի չակերտյալ կարծիքում:

Երրորդ` Նախագահը խախտել է իր իսկ կարգադրությունը, համաձայն որի խումբը գոյություն ունի առնվազն երեք անդամի դեպքում: Եթե մի կողմ թողնենք այն, որ խմբի երկու անդամների ինքնահրաժարականը նախատեսված չէ կարգադրությամբ, եւ նրանք խմբից առանց առաքելությունն  ավարտելու, ինքնագլուխ, այն էլ անընդունելի պատճառաբանություններով դուրս գալու իրավունքը չունեն, ապա արձանագրենք, որ Նախագահը ցրել է իրավական առումով գոյություն ունեցող, եւ երեք փորձագետից բաղկացած խումբը:

Թեպետ պատահական չի կարելի համարել նաեւ այն, որ այդ ամենից հետո կոալիցիայի երկրորդ ներկայացուցիչը արդեն իր երկշաբաթյա անհարգելի բացակայությամբ է խոչընդոտել մյուս երկու գործընկերներին հերթական զեկույցները ամփոփելու եւ ԱԺ հանձնաժողովին ուղարկելու հարցում: Իսկ այդ հեռանկարը վերջնականապես փակեց ՀՀ Նախագահը` ցրելով խումբը:

Անհասկանալի է, թե ինչպես կարող էր իր ինքնահրաժարականը առաջինը ներկայացրած խմբի ղեկավարը այս ամենից հետո ժամանակավոր հանձնաժողովին ներկայացնել խմբի գործունեության մասին զեկույց: Ու՞մ  հետ է նա դա քննարկել, եւ խմբի անդամները դրա մասին ընդհանրապես տեղեկացված չեն եղել եւ այդ ամենի մասին իմացել են թերթերից:

Անընդունելի է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի լռությունը այս ամենի կապակցությամբ, ով ժամանակին տրտնջում էր փաստեր չունենալու համար, իսկ այս վերջերս էլ չընդդիմացավ այն ուժերին, որոնք ակնհայտորեն խոչընդոտեցին եւ վիժեցրեցին փաստահավաք խմբի կողմից փաստերի եւ զեկույցների տրամադրումը իրենց:

Եվ վերջապես պարզվեց, որ փորձագետների փաստահավաք խմբի ստեղծումը իշխանությունների հերթական բլեֆն էր, եւ ընդամենը ժամանակ ձգելու, միջազգային ու սեփական հանրության աչքերին թոզ փչելու նպատակներ ուներ: Շորհակալություն:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Վարդան Խաչատրյան:

Վ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Հարգելի հայրենակիցներ, հայտարարությունս հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները որակող հայտարարություն է: Այս հարաբերությունները այսօր գտնվում են անորոշության վիճակում: Այդ անորոշությունը պայմանավորված է առաջին հերթին Թուրքիայի եւ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից հնչեցված, շատ դեպքերում իրարամերժ կարծիքներով:

Նշենք, որ Թուրքիայի նախագահը եւ վարչապետը հանդես էին գալիս    հայ-թուրքական հարաբերությունների ընթացքի խիստ տարբեր եւ իրարամերժ գնահատականներով: Հայ-թուրքական սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին Թուրքիան, փաստորեն, արել է հայտարարություններ, թե սահմանը կարող է բացվել, եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները կարող են հաստատվել 2009 թվականի աշնանից մինչեւ 2012 թվականը, ինչը որպես ժամկետ անվիճելիորեն իր մեջ պարունակում է անորոշություն:

Հայ-ադրբեջանական հարաբերությունները վերջին տարվա ընթացքում ունեցել են զարգացման մի քանի հանգրվան` Մայենդորֆյան հռչակագիրը, որին հաջորդեց պրահյան գործընթացը 2009 թվականի, եւ կողմերի սանկտպետերբուրգյան հանդիպումը: Չխորանալով ստեղծված բարդ հարաբերությունների կծիկի մանրամասների մեջ փորձենք փաստել, թե կողմերը ի՞նչ են շահել այս հարաբերությունների արդյունքում:

Եվ այսպես, Թուրքիան`

ա. ՀՀ Արտգործնախարարության հետ համաձայնեցված ապրիլի 22-ի ճանապարհային քարտեզի մասին հայտարարությամբ Թուրքիան շրջանցեց ԱՄՆ-ում հասունացած գենոցիդի ճանաչման խնդրով զարգացումը, ինչպես եւ մեղմեց հայկական մեծ ցեղասպանության հարցով Թուրքիայի վրա համաշխարհային հանրության կողմից իրականացվող ճնշումը:

բ. Հարավային Կովկասում խաղաղության եւ համերաշխության թուրքական նախաձեռնության եւ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների արդյունքում Թուրքիան մուտք գործեց հայ-ադրբեջանական հարաբերությունների ղարաբաղյան հիմնահարցի կագավորման դաշտը, ինչից զուրկ էր մինչ այժմ:

գ. Թուրքիայի հաջողությունների թվում է նաեւ այն, որ Ադրբեջանը վերջին քաղաքական ելեւէջների արդյունքում վերջնականապես չշրջվեց դեպի Ռուսաստան, այլ զգալի չափով մնաց Թուրքիայի ազդեցության դաշտում:

Ադրբեջանը`

ա. Ադրբեջանի գլխավոր ձեռքբերումը Մայենդորֆյան հռչակագրով Ղարաբաղի հանրապետության բացառումն է որպես կոնֆլիկտի կողմ:

բ. Ստեղծվեցին Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների հիմքեր առանց լուրջ կորուստների Ադրբեջանի համար:

գ. Ադրբեջանի անվիճելի հաջողությունների թվում ՄԱԿ-ի բանաձեւն է ի  պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջության, եւ Հայաստանին դատապարտող իսլամական կոնֆերանս կազմակերպության երեք բանաձեւերը:

Վերջապես ի՞նչ է շահել Հայաստանը այս ամենից: Միակ հանգամանքը, որը ձեռքբերում էր դիտարկվում ՀՀ-ի համար այն էր, որ ենթադրվում էր, թե Մայենդորֆյան համաձայնագրի ոգուն եւ տառին համապատասխան Ադրբեջանը պետք է դադարեցներ երկրում ընթացող ինտենսիվ միլիտարիզացիայի գործընթացը, սակայն հայտարարությունների արդյունքում ադրբեջանական կողմի եւ վերջին զարգացումների, սա տառացիորեն վերանայված կետ է:

Իմ խորին համոզմամբ, մենք ունենք կարդինալ մեր քաղաքականությունը վերանայման անհրաժեշտություն` այս պարզ եւ չոր հաշվից ելնելով: Շնորհակալություն:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Լիլիթ Գալստյան:

Լ.ԳԱԼՍՏՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, խորհրդարանական գործունեության այս երկու տարիներին պարբերաբար անդրադարձել եմ Երեւանում բնապահպանական եւ քաղաքաշինական նորմերի կոպտագույն խախտումներով իրականացվող շինարարական աշխատանքներին:

Ամեն անգամ քաղաքաշինության նախարարը փորձել է տրամաբանական պատասխաններ գտնել եւ, իհարկե, չի հաջողվել: Ինչպե՞ս հաջողվեր, երբ Երեւանում միայն 2008 թվականին 57 օբյեկտներում 5.1 միլիարդի շինարարական աշխատանքներ են իրականացվել, իսկ տեսչությունը ստուգել է ընդամենը երկուսը` տուգանելով ընդամենը 100.000 դրամ: Զավեշտական է, չէ՞:

Իսկ Երեւանի քաղաքապետարանը ընդհանրապես որեւէ հարցով չի տուգանվել: Փաստորեն, Քաղաքաշինության նախարարությունը, տեսչությունը ոչ միայն նպաստել են Երեւանի ճարտարապետական նկարագրի խեղմանը, ՀՀ բազմաթիվ օրենքեր խախտել ու նաեւ աշխատավարձ ստացել դրա համար:

Նույնքան եւ ավելի հուսահատեցնող է պատկերը համայնքներում: Միայն Սյունիքում 2008 թվականին 1 միլիարդ 830 մլն դրամի քաղաքաշինական ծրագրեր են իրականացվել, որոնց մոտ կեսը` 94.5 մլն հավելագրվել է: Կարեւոր չէ, թե առհասարակ այս հավելագրումների ո՞ր մասն է վերականգնվելու, ե՞րբ եւ ինչպե՞ս: Տագնապեցնողը թողտվությունն է, անպատժելիությունն ու օրենքներից դուրս պաշտոնյաների առատությունը, որոնք շարունակում են պաշտոնավարել եւ մնալ անպատիժ:

Ի դեպ, 2008 թվականին 8 միլիարդը անցնող անարդյունավետ ծախս, կամ հավելագրում կամ վատնում է արձանագրվել Վերստուգիչ պալատի կողմից, իսկ դատախազությունը ընդամենը մեկ գործ է հարուցել: ՀՀ Նախագահը վերջերս իր հանրային ելույթներից մեկում նշեց, որ այսօր հանրապետությունում ամենապահանջված արժեքը սոցիալական արդարության արժեքն է:

Հրաշալի է ձեւակերպված եւ Նախագահի շուրթերից հնչելու համար բավական անկեղծ, ես կավելացնեի նաեւ հավատի դեֆիցիտը: Եվ ինչպե՞ս քաղաքացին հավատ ունենա, երբ հայտարարություններից այն կողմ չեն անցնում մեր գործողությունները:

Կարդում ես հասարակության եւ իշխանությունների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման, սոցիալական արդարության հաստատման եւ օրենքի անվերապահ իշխանության մասին կառավարության վարդագույն ծրագրերը եւ ավելի ես ցավում, որովհետեւ իրականության հետ կապ չունեցող այս մտքերը, պարզապես, արժեզրկում են իրապես արժեքավոր այդ գաղափարները, նաեւ դրանց մասին բարձրաձայնող, բայց իրականում այլ արժեքներով առաջնորդվող պետական այրերին:

Հայաստանի կառավարության գործունեության 2008-2012 թվականների ծրագրում հիմնական գերակայությունների թվում շեշտվում է արդյունավետ պետական տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորումը, քաղաքացիական հասարակության ձեւավորումը, կաշառակերության եւ կոռուպցիայի դեմ գործուն եւ հետեւողական պայքարի ծավալումը:

Ավաղ, իշխանության իրական գործելաոճը ո՛չ գործուն եւ ո՛չ էլ հետեւողական պայքարի հետ որեւէ առնչություն չունի: Խոսքս ավարտում եմ անառարկելի ճշմարտությամբ` միայն հավասար իրավունքներով քաղաքացիներն  են կարող քաղաքացիական հասարակություն եւ ազգային պետականություն կառուցել:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, մեր աշխատանքները կշարունակենք այնքան, մինչեւ հայտարարություններն ավարտվեն: Այժմ` Անահիտ Բախշյան, խնդրեմ:

Ա.ԲԱԽՇՅԱՆ

-Սիրելի հայրենակիցներ, հունիսի 6-ին «Արմինֆո» լրատվական գործակալությունը տեղեկացրեց, որ մայիսի 11-15-ը Ժնեւում տեղի է ունեցել միջազգային բնապահպանական խնդիրներին նվիրված կոնֆերանս, որին մասնակցել են նաեւ «Հայ կանայք հանուն առողջության» եւ «Առողջ շրջակա միջավայրի», եւ «Էկոլուր» հասարակական կազմակերպությունների անդամները:

Նրանք ներկայացրել են Սեւանի ավազանում «Գեոպրոպայնինգ» ընկերության կողմից նախատեսվող ոսկու արդյունահանման ֆաբրիկա կառուցելու էկոլոգիական վնասների մասին չակերտների մեջ «Ոսկե արկ» Սեւանի համար դոկումենտալ ֆիլմ, որում բարձրացված սոսկ Սեւանի ու ֆաբրիկայի կառուցման դեմ շարժմանը  միացել է նաեւ կանանց միջազգային ցանցը:

Հայ կանանց կողմից բարձրացրած բողոքին միացել են նաեւ եվրոպական երկրների էկոլոգիական նախարարությունների եւ այլ բնապահպանական կառույցների ներկայացուցիչներ: «Գեոպրոպայնինգ» ընկերության մասին «Ժառանգություն» խմբակցությունը հերթական բողոք ստացել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներին այն մասին, որ 2007 թվականից կոմբինատի 100 տոկոսանոց բաժնետեր ընկերությունն առանց իրական ներդրումների քայքայման եզրին է հասցրել կոմբինատի գործունեությունը:

Արդյունքում այսօր աշխատակիցներից 500-ը հարկադիր պարապուրդի մեջ են, իսկ 550-ին ազատել են աշխատանքից այն դեպքում, երբ 2008 թվականի հունիսի 4-ին կոմբինատի հետագա զարգացման համար ՎՏԲ բանկի կողմից տնօրինությանը 78 մլն դոլար վարկ է տրամադրվել: Վարչապետի եւ էներգետիկայի նախարար պարոն Մովսիսյանի կողմից կոմբինատի տնօրինության հետ վարած բանակցություններից նոյեմբերի 13-ին նախարարը հայտարարեց, թե իրենց հաջողվել է կոմբինատի տնօրինությանը համոզել ձեռնպահ մնալ աշխատակիցների նկատմամբ կտրուկ քայլերից:

Նաեւ ասել է, որ կոմբինատի տնօրինության կողմից կայացրած հավասարակշիռ որոշումները պետք է հաշվի առնեն ինչպես աշխատողների, այնպես էլ կոմբինատի շահերը: Այսօր Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինությունը, փաստորեն, իր անհավասարակշիռ որոշումներով ոչ միայն հաշվի չի առել աշխատողների շահերը, այլեւ դրժել է մեր կառավարությանը տված խոստումները:

Այս օրինակով ակնհայտ է դառնում, թե որքան վտանգավոր է, երբ մեր ձեռնարկությունները 100 տոկոսով վաճառելով դրսի ընկերություններին կառավարությունը կորզում է նրանց վրա ազդելու մեր քաղաքացիների շահերն ու իրավունքները պաշտպանելու հնարավորությունները: Վորոնշյալ նամակում Ագարակի կոմբինատի աշխատակիցները գրել են նաեւ այն մասին, որ նրանք, գրավ դնելով իրենց բնակարանները, բանկերից վերցրել են վարկեր եւ այսօր չեն կարող դրանք վերադարձնել ու կզրկվեն նաեւ բնակարաններից:

Իսկապես, ինչ կլինի նրանց վիճակն այդ դեպքերում: Այս ամենի մասին հունիսի 3-ին «Ժառանգություն» խմբակցությունը նամակ է ուղղել վարչապետին եւ խնդրել է այն քննարկել կառավարությունում պատգամավորների նամակի հեղինակների ներկայացուցկիչների ներկայությամբ, որին անհամբեր սպասում են երկրի հարավային սահմանը քաջաբար պահող մեր հայրենակիցները: Շնորհակալություն:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Լարիսա Ալավերդյան:

Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ ես անդրադառնալու եմ Արցախի հիմնահարցին, քանի որ գտնում եմ, որ արտաքին քաղաքականությունն ու ներքին քաղաքականությունն ու իրավիճակը վերին աստիճանի կապված են իրար հետ:

«Ժառանգություն» կուսակցությունը վերջերս արել է մի հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է` «Ժառանգություն» կուսակցությունը անթույլատրելի է համարում որոշ միջնորդների, պետությունների ղեկավարների կողմից խնդրի նկատմամբ հավասարակշիռ մոտեցումը խաթարող, եւ Խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը վերաբերող հայտարարությունները, որոնք փաստացի քաջալերում են Ադրբեջանին նախապատրաստվել պատերազմի, եւ այս առումով ավելի քան անթույլատրելի է համարում ՀՀ իշխանությունների կողմից դրսեւորվող հանդուրժողականությունը, որը ավելի նման է լռեցյալ համաձայնությանը:

Հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային սահմանազատման հիմնախնդրով իրավասու ԼՂՀ-ի օրինական ընտրված ղեկավարությունը եւ Հայաստանը ընդամենը կարող է օժանդակել Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ծագած այդ հարցի կարգավորմանը:

«Ժառանգությունը» գտնում է, որ հակամարտ իրավիճակի վերջնական կարգավորման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ռազմական գործողությունների վերսկսման վտանգը կանխելու, ինչպես նաեւ հակամարտության կողմերին որեւէ լուծում պարտադրելն ու նրանց ներքին գործերին որեւէ կողմնակի միջամտությունը բացառելու ակնկալիքով հայտարարում է, ես չեմ ընթերցում բոլորը, այլ կարեւոր մի մասը:

«Հակամարտության կարգավորման ու ռազմական գործողությունների վերսկսման վտանգի կանխարգելման առումով ամենաարդյունավետ քայլն ենք համարում Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում պետական, քաղաքական եւ հասարակական շրջանակների միջնորդներին եւ միջազգային կազմակերպություններին ուղղված ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու կոչը, եւ միջազգային հանրության կողմից այդպիսին ճանաչումը»:

Ընդ որում այդ ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի Արցախի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից իբրեւ միջազգային հանրության անդամ, եւ նրա կողմից միջազգային ասպարեզում այդ ուղղությամբ ջանադիր աշխատանքի նախաձեռնումը:

Ես ավելորդ չեմ համարում, որ մենք կարող ենք նպաստել եւ նրանով, որ բոլորս վերջին ամսվա կամ մոտակա ամսվա մեր աշխատավարձի մի մասը փոխանցենք «Շուշի վերածնունդ» հիմնադրամի հաշվին, եւ դիմում եմ բոլոր գործարարներին անեն իրենց ներդրումը մեր պարծանք Շուշի քաղաքի վերականգնման գործում: Շնորհակալություն:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Եվ վերջին հայտարարությունը` Էդուարդ Շարմազանով:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Շնորհակալություն: Հարգելի խորհրդարան, վերջին շրջանում տեղի ունեցան նշանակալի իրադարձություններ մեր երկրի թե՛ ներքին, եւ թե՛ արտաքին քաղաքականության բնագավառներում: Մայիսի 31-ին Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցան Երեւանի ավագանու ընտրություններ: Մայրաքաղաքում սկիզբ դրվեց կառավարման նոր համակարգի, որը լուրջ առաջընթաց է Հայաստանում ժողովրդական մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ:

Այս ընտրությունները եւ ողջ նախընտրական փուլը փաստեցին, որ մենք կարողացել ենք լուծել ընտրական գործընթացներում գոյություն ունեցող խնդիրների ծանրակշիռ մի մասը, եւ առաջ ենք շարժվել մյուսների լուծման ուղղությամբ:

Չնայած այս ամենին, որոշ տեղամասերում արձանագրվեցին նաեւ խախտումներ: Դրանց վերաբերյալ Հանրապետականի կարծիքը հստակ է` պետք է բացահայտվի խախտման յուրաքանչյուր դեպք, իսկ մեղավորները պատժվեն օրենքի խստությամբ:

Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հնչեցին նաեւ եվրոպական դիտորդների գնահատականները, որոնք մասնավորապես նշեցին, որ ընտրությունները ընդհանուր առմամբ անցել են եվրոպական չափանիշներին եւ Հայաստանի օրենսդրական պահանջներին համապատասխան:

Վերջին շաբաթը հարուստ էր իրադարձություններով նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում: Հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ նախագահներ Սարգսյանի եւ Մեդվեդեւի հանդիպումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ԼՂՀ-ի հակամարտության կարգավորման գործընթացին, որի ընթացքում նախագահ Սարգսյանը նշել է` մեջբերում եմ.

«Հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ ջանասիրաբար աշխատել է ԼՂՀ-ի հիմնախնդրի լուծման շուրջ համառորեն փնտրելով ճանապարհներ, որոնք թույլ կտան ԼՂՀ-ի ժողովրդին անվտանգ ապրել իրենց բնօրրանում, եւ ինքնուրույն որոշեն իրենց ճակատագիրը»: Մեջբերման ավարտ:

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ նաեւ նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումը: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջ շարժվել բանակցային գործընթացում: Ավելին, հայկական կողմը հանդիպումը որակեց կառուցողական, իսկ ահա ադրբեջանցիները Նովրուզ Մամեդովի շուրթերով դժգոհություն արտահայտեցին բանակցային գործընթացից:

Համոզված եմ` ԼՂՀ-ի հակամարտության գլխավոր հարցը դա կարգավիճակի հարցն է, իսկ խնդրի խաղաղ կարգավորման լավագույն եւ հայանպաստ տարբերակը դա ԼՂՀ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է, ինչի մասին բազմիցս միջազգային տարբեր ամբիոններից հայտարարել է Նախագահ Սարգսյանը: Շնորհակալություն:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, հայտարարություններն ավարտվեցին, նիստը` եւս, մեր աշխատանքները կշարունակենք վաղը: Ցտեսություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS