National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.02.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

17 փետրվարի 2006

Ժամը 12:00
ՆԱԽԱԳԱՀՈՒՄ  ԵՆ ՀՀ  ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ   ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ  ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Բարեւ  ձեզ, հարգելի պատգամավորներ, խնդրում եմ նախապատրաստվել  գրանցման։ Գրանցում։ Գրանցվել  են 114 պատգամավորներ, աննախադեպ  ակտիվ  մասնակցություն, կարոտել են  ԱԺ-ին, պրն  Հարությունյան։ Հարգելի պատգամավորներ, դուք  գիտեք, որ այսօր  գումարվում է արտահերթ նիստ, ՀՀ  Սահմանադրության 70-րդ   հոդվածի եւ  ԱԺ  կանոնակարգի 41-րդ  հոդվածի համաձայն՝  օրակարգում մենք ունենք Մարդու  իրավունքների    պաշտպանի ընտրության  շարունակությունը։

Այժմ  մենք  շարունակում ենք  ելույթները։  Հաջորդ  ելույթի  համար  ձայնը տրվում է Արամ Գասպարի  Սարգսյանին։ Հայտեր են ներկայացրել ՄԱԿ, «Ազգային միաբանություն», ՀՀԴ, «Արդարություն», «Օրինաց երկիր» եւ «Հանրապետական»  խմբակցությունները։ Առաջարկություն կա  աշխատելու  առանց  ընդմիջման։ Առաջարկություն  կա  հարցը դնել քվեարկության։

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

-Ես հիմա  գնամ  քվեարկելու՞։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Մի  րոպե,  ուղղակի, դուք  շատ արագ եկաք։  Հարգելի պատգամավորներ,  քվեարկության է դրվում ԱԺ որոշման նախագիծը՝ «Առանց ընդմիջման  աշխատելու»։ Այսինքն՝  ելույթների   ավարտից հետո  անմիջապես անցնել  քվեարկության, որովհետեւ կարող է մենք 1 ժամանոց ընդմիջում ունենանք, 3-ից հետո մնա,  դրա  համար,  եթե  դեմ  չեք, հենց  ավարտենք, անցնենք քվեարկություններին։ Առարկություններ կա՞ն։ Չկան։ Քվեարկություն։

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

-Քվեարկեք  դեմ։ Ես իմ  փոխարեն  եմ ասում, այստեղ  եմ,  ստիպված, ի՞նչ  անեմ։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Պրն Սարգսյան,  յուրաքանչյուր պատգամավոր քվեարկում է իր  փոխարեն։ Շնորհակալություն։

Կողմ՝  96

Դեմ՝    9

Ձեռնպահ՝ չկա։

Խնդրեմ,  պրն  Սարգսյան։

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

-Հարգելի  գործընկերներ, կարծում եմ, որ  այս  դահլիճում  չկա   որեւէ  մեկը,  որը  չգիտակցի, թե այսօր  ինչպիսի  քաղաքական պահ է։ Այսօր կարող է սկսվել  մի  նոր  փուլ, որոշակի...  ախոռների մաքրման  փուլ  եւ կարող է  ճահճացած   վիճակը շարունակվի այնպես, ինչպես   հիմա  կա։  Ես կարծում եմ, որ այս  տեսակետից  ամենամեծ  պատասխանատվությունն ընկել է այսօր  այս   դահլիճի  վրա։ Կամ իրականում մենք փորձում ենք  փոխել   այն  մթնոլորտը,  որը  որ  ստեղծվել է երկրում, կամ  մնում է  այն,  ինչ  որ կա։  Այդ  դեպքում մենք  պատասխանատու ենք լինելու դրա  համար։ Ես  բնավ  ցանկություն չունեմ համեմատելու երկու թեկնածուներին։ Ես ընդամենն  ուզում եմ հիմնավորեմ, թե ինչու  գտնում եմ, որ  Հրանտ  Խաչատրյանի  թեկնածությունը   ճիշտ  թեկնածություն է, եւ ինչու  Հրանտ Խաչատրյանն  է այսօր  անհրաժեշտ   որպես  Մարդու  իրավունքների    պաշտպան։

1-ինը՝  Հրանտ  Խաչատրյանը ինքնաբավ  քաղաքական գործիչ  է եւ  որեւէ  կախում  չունի  ո՛չ  իշխանությունից,  ո՛չ ընդդիմությունից, եւ նա  բոլոր հնարավորություններն  ունի  լինելու  քաղաքական   չեզոք  անձ։  Այդ  հատկանիշն է,  որ  անհրաժեշտ է հենց Մարդու  իրավունքների    պաշտպանի  համար։

Հաջորդ  առանձնահատկությունը։ Հրանտ  Խաչատրյանը այն   եզակի մարդկանցից է,  քաղաքական  գործիչներից,  որն ինքն է  կերտել  իր  կենսագրությամբ  այսօրվա իր կերպարը, եւ  իսկապես, այդ  կերպարից  դուրս  գալու  այլեւս  հնարավորություն  չունի,  որովհետեւ այդ  շրջանակներն ինքն  իր համար ստեղծել է։

Եվ  3-րդը՝  Հրանտ  Խաչատրյանը  ժողովրդի  մոտ  ունի այն  վստահությունը   եւ  հարգանքը,  որն իրեն  հնարավորություն է տալիս  հենց միանգամից սկսել այդ  գործը,  ծանր,  շատ  դժվարին աշխատանքը։ Ինչ-որ  ժամանակահատվածում լինելով,  իհարկե,  ես կարծում եմ, նաեւ համագործակցելով  իշխանությունների հետ,  եթե  դրա  անհրաժեշտությունը  կա, եւ  հակառակը՝  պահանջելով  իշխանություններից   իրականացնելու այն պարտականությունները,  որոնք իրենք  կատարում են։

Մի  այլ  խնդիր,  որն ինձ  համար շատ  սկզբունքային եւ կարեւոր է։ Ես կարծում եմ, որ մենք  այս  պահին  որոշում ենք նաեւ   այն, թե  ի՞նչ  է լինելու ապագայում այս  երկրում, իսկապես,  ժողովրդավարությունը հաստատվելու՞ է, թե՞  ոչ։  Եվ  քաղաքական պահին  վերադառնալով,  ես պետք է ասեմ  շատ  պարզ մի  ճշմարտություն։  Այս  պահին  որոշվում է՝  քաղաքական  դաշտը մնալու՞ է, իսկապես,  քաղաքական  դաշտ, թե՞   վերացվելու է,  այն   սցենարն է իրականացվելու,  ինչ-որ  արդեն  փորձում  են իրականացնեն։ Շատ-շատերն այս  դահլիճում  նստած,  եթե  այդ  սցենարն իրականացվի եւ այսօր  էլ  կատարվի  ըստ  պարտադրանքի, այն, ինչ որ  պահանջվում է անել, ես կարծում եմ, որ  շատ-շատերը չեն ունենալու  պահանջն  ապագա ընտրությունների  ժամանակ։  Այնպես, որ այսօր որոշելու եւ ընտրության  առաջ է կանգնած այս  դահլիճը։

Ցավոք  սրտի,  եւս  մի  բան  պետք է հիշեցնեմ, որ անգամ  խորհրդարանում կեղծիքների,  արդեն իսկ  կեղծիքներ անելու այդպիսի  առիթներ են  եղել։ Դա  ֆիքսվել է հասարակության կողմից։ Ուզում  եմ  եւս  մեկ անգամ  հիշեցնեմ, որ եթե  Հիսուս Քրիստոսն իմանար, որ 20-րդ, 21-րդ   դարում քրիստոնյաները մի նոր արատ  են ձեռք  բերելու, եւս  մի նոր  պատգամ  կավելացներ իր   պատգամներին՝  մի՛  կեղծիր։ Գոնե  այսօր  մի՛  կեղծեք,  որպեսզի մենք իսկապես  կարողանանք  ճշգրիտ  պարզել, թե ո՞վ,  ի՞նչ  է  ուզում,  եւ ինչպե՞ս  է  ուզում  այս  երկրում իրականացնել այդ  քաղաքականությունը։ Ես  համոզված եմ, որ եթե  ամեն մեկն իր  խղճով  իրականացնի  այն  կամքը, որն ուզում է  իրականացնել, մենք այսօր կունենանք  շատ  հստակ մի  պատկեր։ Մենք  լիազորություն կտանք  մեր  գործընկերոջը,  որին, ես կարծում եմ, որ  բոլորն այստեղ  եւ՛ հարգում են,   եւ՛ ընդունում են  որպես  պատգամավոր, եւ՛  որպես  անձ, եւ՛  որպես  քաղաքական  գործիչ, եւ  նա  այդ  քաղաքական  պայքարի  փորձը  շալակին   ունենալով,   հստակ կիրականացնի այն ամենը, ինչ-որ մենք պահանջում ենք   այսօր Մարդու  իրավունքների    պաշտպանից, իհարկե,  եթե  այդ  պահանջները միահամուռ են, եթե  կոալիցիայի 4-րդ  կողմը նույնպես այդպիսի պահանջներին կողմ է։   Այնպես որ,  ես կարծում եմ, որ այսօր խորհրդարանը կամ հաստատում է, որ ինքն  ինքնուրույն մարմին է, եւ  սա  բնավ  կապ  չունի 2-րդ  թեկնածուի   հետ։ Ես  անկեղծ ասում  եմ,   որեւէ  խնդիր  չունեմ 2-րդ  թեկնածուի հետ, այսօր լրիվ  այլ  խնդիր է լուծվում։  Այսօր  որոշվում է  քաղաքական  խնդիր, այսօր  որոշվում է  երկրի  ապագայի հետ կապված մի  խնդիր,  ոչ  թե  սովորական մի քվեարկություն ենք մենք անցկացնում։ Դրա  համար գտնում   եմ, որ այսօրվա  ձեր որոշումը,  մեր  բոլորի  որոշումը մեզ  վրա  ահռելի պատասխանատվություն է դնում։  Հուսով  եմ, որ  այս  անգամ  աստծո  պատգամը կկատարեք։ Շնորհակալ  եմ։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Հարգելի  պատգամավորներ, հնարավոր շահարկումներից  խուսափելու  համար, նախ  ես  անընդունելի  եմ համարում  խոսել խորհրդարանում   կեղծիքների մասին, քվեարկության,  131  պատգամավոր են։  Բայց մենք  որոշում  ենք  կայացրել, որ քվեարկությունը տեղի կունենա  թափանցիկ  քվեատուփերով։ Այն  խցիկները,  որոնք կան, նաեւ  առանց  վարագույրների,  որպեսզի  որեւիցե  շահարկումներ չլինեն։ Ամեն  մի  քաղաքական  ուժ  ներկայացրել եւ ներկայացնելու է   իր  դիրքորոշումները։  Այդ  դիրքորոշումներից պարզ է դառնալու, թե  ո՞ր   քաղաքական   կազմակերպությունը  ինչպես  է քվեարկելու։ Ես կարծում եմ,  որ  ԱԺ-ի հեղինակությունը  դա  մեր  բոլորի հեղինակությունն է,  եւ  եթե  մենք   խոսում  ենք  ԱԺ-ում ինչ-որ կեղծիքների մասին,  դա  ուղղակի  անընդունելի  է,  որովհետեւ դրանով մենք  մեզ  ենք  խայտառակ անում։ Սա մեկ։

Եվ  2-րդը՝  հնարավոր  շահարկումներից  խուսափելու համար   նման  որոշում մենք  կայացրել  ենք։  Այդ քվեարկությունը տեղի  կունենա  թափանցիկ  քվեատուփերով,  բաց, հստակ,  լրատվամիջոցների  ներկայությամբ ու մասնակցությամբ։

Այժմ մենք  անցնում ենք  հաջորդ  ելույթին։  Չէ,  պրն  Սարգսյան,  դե  ասեք, ո՞վ է կեղծիք   արել, այդ մարդուն հրապարակային այստեղ   դատափետենք  միասին։ Ոչ,  այս  դահլիճում  նման  բան տեղի  չի ունեցել։  Դա  վերաբերում է այստեղ  նստածներից   յուրաքանչյուրին։ Եթե  դուք  գիտեք մեկի անունը, ասեք, այդ մարդու անունը տանք։

Հաջորդ  ելույթի  համար՝  Ստեփան  Զաքարյան,  դահլիճում  չէ։  Արմեն  Աշոտյան, խնդրեմ, պրն  Աշոտյան։  Հանու՞մ  եք։  Գրիգոր Հարությունյան, խնդրեմ, պրն  Հարությունյան։

Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Հարգելի  գործընկերներ,  բավականին երկար  գործընթաց է ընթանում։ Ես կարծում եմ,  դա   շատ  կարեւոր է  եւ    ճիշտ է, որ այդքան   հեշտությամբ  Մարդու  իրավունքների    պաշտպան  չպետք է  ընտրվի մեր  երկրում,  ինչպես  ժողովուրդն է  ասում՝ «պետք է  տասը  չափել, մեկ կտրել»։   Այս  գործընթացների հետ  կապված, այս  օրերին իմ  դիտարկումներն եմ ուզում  ներկայացնել, կիսվել  ձեզ հետ։   Տպավորությունն այնպիսին էր,  երբ  որ նայում էինք  հեռուստաեթերը,   եւս  մեկ  առիթ էր,  այսպես ասած,   վարկաբեկելու  ԱԺ-ին,  պատգամավորներին,  նաեւ քաղաքական մեծամասնությանը, ինչու չէ։  Դա հետեւյալն է,  որ ԱԺ-ում ընթանում է  շոու։ Մարդու  իրավունքների    պաշտպանի  ընտրությունը մեր  երկրում,  ժողովրդի մեջ  ուզում են  մտցնել,    որ  դա  շոու է։   Բնականաբար,   այդպես էլ  ընդունվում է, շոու է, եւ  այդ  շոուն,  այսպես ասած,  շարունակվում է։   Դե,  եթե  դրա  պատասխանները մեծամասնությունը  չի  տալիս,  ես էլ  այստեղ  կարող եմ հիմա  ասել, որ    այսօր,  օրինակ,  որ  նայեցինք,  ոչ  մի  բացակա  չկար  շարքերում,  ասենք,  շոու է,  եկել ենք շոուին մասնակցենք։  Բայց  ես չեմ եկել  շոուին մասնակցելու, ես  իմ գնահատականներն ունեմ եւ  այսօր  ես կներկայացնեմ  ձեզ։

Այն,  որ մեծամասնությունը  փորձում էր եւ՛  անցած  նստաշրջանի ընթացքում,  եւ՛  այս  օրերի ընթացքում,  ներկայացնել, որ իրենք  ազնիվ  են,   որ իրենք  պայքարում են  ժողովրդավարության համար,  որ իրենք    օգնեցին ընդդիմությանը ստորագրությունների  հարցում, որ ընդդիմությունը  նույնպես ունենա  թեկնածու,   ես խնդրում եմ, որ  մեծամասնության ներկայացուցիչներից  որեւիցե  մեկն ասի,  որ, եւ՛   «Հանրապետական», եւ՛ «Օրինաց երկիր», եւ՛  «Դաշնակցություն»     կուսակցություններից ովքե՞ր են   ստորագրել  ի  պաշտպանություն  Հրանտ  Խաչատրյանի,  որպեսզի  նա  առաջադրվի։  Ոչ  ոք։  Ուրեմն, այստեղ, թույլ տվեք, կասկածելու, այսպես ասած,  ձեր ազնվության  վրա։

Անընդհատ  ասում եք,  որ  մեր  երկրի  փրկությունը  դա  ժողովրդավարությունն է։ Այո,  ճիշտ է։  Եթե  մենք  չգնանք  ժողովրդավարության  ճանապարհով, մենք ուրիշ  զենք  չունենք,  ինչ  խոսք,  մենք  այս տարածաշրջանում կունենանք լուրջ  խնդիրներ։   Բայց  ավելի  ճիշտ  կլինի, որ հիմա  դուք  ասեք, որ  դուք  մեր  երկրի  հզորությունը  պատկերացնում եք  այս  ձեւով,  որ  Մարդու  իրավունքների   պաշտպան    կլինի, թե  հակակոռուպցիոն  հանձնաժողովի նախագահ կամ մյուսը, մյուսը, մենք  պետք է այդ  ամբողջը  ղեկավարենք, եւ  մենք  այս  ձեւով  ենք  պատկերացնում  ժողովրդավարությունը,   մենք  այս  ձեւով  ենք  պատկերացնում մեր  երկրի  հզորացումը։  Պարզ  ասեք,  որպեսզի մենք լավ  իմանանք։

Ինչ  վերաբերում է գնահատականներ անցած ընտրություններին,   ինչ-որ  կատարվեց,  պետք  չէ   վրդովվել,  պետք  չէ նեղանալ։ Մամուլում եւ՛  հրապարակումներ են  եղել, եւ՛ կոնկրետ  անուններ  են  հնչեցվել,  այնպես  որ, ընդդիմությունը  չի ասել,  որ  ընդդիմությունից նեղանում եք, պարզապես, մենք  այդպիսի հարցերին  չենք  անդրադառնում։ Անցած  ելույթիս  ժամանակ ես  ցանկություն  հայտնեցի, որ   եկեք, այնպես  անենք,  որ  մարդ գիշերը  մի քանի  ժամ է  քնում, գոնե մի  ժամը  հանգիստ  քնի,  այսինքն՝  այնպես  անենք,  որ  բոլորս  էլ  կարողանանք գիշերը քնել։   Դա  վերաբերում էր  ընտրական  գործընթացներին։   Մենք  երբեք  չենք  ասել, թե  ընտրություններն ինչ  են  արել,  չենք  էլ  ասում,  բայց մենք   մեր  երկրում  ձեր  անմիջական մասնակցությամբ,  Ռոբերտ  Քոչարյանի ցուցումով 1  մլն  200  հազար  ձայն  կեղծվել է։  Այո,  սա  ասում ենք։ Մենք ասում ենք,  որ 2003 թվականին  էլի  ձեր  մասնակցությամբ   կեղծվել  են  նախագահական եւ խորհրդարանական   ընտրությունները։  Դա  հաստատվել է բազմաթիվ  փաստերով։  Այնպես  որ,  եթե  խոսում եք  փաստերի մասին,  փաստերը, փառք  Աստծո, մեր  երկրում շատ-շատ  են։

Ինչու՞  պետք է Հրանտ  Խաչատրյանը ընտրվի  Մարդու  իրավունքների  պաշտպան, իմ  կարծիքով։  Ես  Հրանտ  Խաչատրյանին   ճանաչում  եմ  դեռեւս  90 թվականից,  երբ  որ  Գերագույն  խորհրդում  մենք  պատգամավորներ էինք,  միասին աշխատել   ենք, այն  ժամանակ  մենք  գտնվում էինք  տարբեր  ճամբարներում։  Ես նախկին  իշխանության    ներկայացուցիչ  էի, ինքը  նոր  իշխանության ներկայացուցիչ։ Իմ  գնահատականը՝  Հրանտ  Խաչատրյանի, մարդու, քաղաքական  գործչի  եւ  որպես մարդասեր, Մարդու  իրավունքները  պաշտպանող,  այսպես  կասեմ,  որովհետեւ  այս  ամբողջ  ժամանակաշրջանում  իր  հիմնական  գործունեությունը   հենց Մարդու  իրավունքների  պաշտպանությունն է։   Եվ  այս  ամբողջ  տարիների ընթացքում ես  տեսել  եմ,  գնահատել  եմ, հիմա  էլ  գնահատում եմ, եւ  կարծում եմ,  որ    լավագույնս  Հրանտ  Խաչատրյանը  կարող է զբաղեցնել  այդ  պաշտոնը եւ կատարել այդ  աշխատանքները։   Դեռեւս  այն  ժամանակ էլ, ՀՀՇ-ի  իշխանության ժամանակ  ինքը  չհամակերպվեց  շատ  անօրինականությունների  հետ,  չհամակերպվեց   մարդու  իրավունքների   ոտնահարման հետ, եւ ինքը  եղել է միշտ  1-ին  դիրքերում, եւ  առ  այսօր, այսպես ասած,   մազերը  սպիտակեցրել է այդ  գործում։ Որեւիցե  մեկն այսօր  չի   կարող  կասկածել, որ այդ մարդն  ընտրվելուց  հետո չի կատարելու  իր  պարտականությունները  հարիր  ձեւով։  Այդ  տեսակետից մենք պաշտպանում ենք Հրանտ Խաչատրյանի թեկնածությունը։

Ինչ  վերաբերում է,  թե ինչու՞ չպետք է  լինի  Ռոբերտ  Քոչարյանի ներկայացրած թեկնածուն,  դա ունի պարզ  պատասխան, որովհետեւ  Ռոբերտ  Քոչարյանն  իր մասնակցությամբ,  իր հանձնարարությամբ, իր  ճնշումներով... երկրում տեղի  են  ունենում  այս ամբողջ  անօրինականությունները՝ կապված մարդու  իրավունքների   ոտնահարման հետ։ Ես  Արմեն  Հարությունյանի  անձի նկատմամբ  բացարձակապես ոչինչ  չունեմ,  մեծ  հարգանք  եմ տածում, գնահատում եմ նրա  գիտելիքները, նրա պահվածքը։ Ոչ մի խնդիր  չկա  այստեղ,  բայց  այսօր նա  ներկայացվում է  որպես  Ռոբերտ Քոչարյանի թեկնածու։ Որեւիցե  մեկի համար այստեղ  գաղտնիք  չէ, որ 2003  թվականի  սահմանադրական   փոփոխությունները,  երբ  որ  Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում էր, եւ  ներկայացնում էր  Արմեն    Հարությունյանը։ Մասնագիտական  տեսակետից ոչ  մի խնդիր  չկա,   փայլուն  ձեւով  ներկայացնում էր։ Ես խնդրում եմ 2  րոպե։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Ավելացրեք 2 րոպե։

Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Բայց  այստեղ Արմեն Հարությունյանը ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանին, այսպես  ենք ընկալում բոլորս՝  եւ՛  ընդդիմությունը, եւ՛  ԱԺ-ում ընդգրկված մեծամասնությունը։  Եվ  դա  է  պատճառը,  որ բավական  ձայներ  չստացվեց,  չհավաքվեց։  Հիմնական  պատճառը  սա էր։  Դուք  պարզ  չե՞ք  կարողանում ասել, չգիտեմ, ի՞նչ  կապանքներ կան, ի՞նչն է  ձեզ  արգելակում, բայց  սա է իրականությունը։  Ինչու՞  եք  ժողովրդին  փաթաթում Ռոբերտ Քոչարյանի  թեկնածուին։  Ես ներողություն եմ  խնդրում  արտահայտությանս  համար, Արմեն Հարությունյանից ես ներողություն եմ խնդրում,  որովհետեւ  ես  հարգում եմ  անձին։ Բայց  այսօր մեր երկրում նրա  ցուցումով 1 մլն 200 հազար մարդու իրավունքներ են  ոտնահարվել։ Կներեք, բայց նաեւ Արմեն Հարությունյանի   գնահատականն այդ  ընտրությունների, հանրաքվեի հետ կապված, պրոցեսի հետ կապված  ես  չեմ լսել։  Եթե քննադատական դիտողություն է եղել  այդ  գործընթացներին, ես կարող եմ ներողություն խնդրել։ Սա՞ է իրականությունը։ Ուրեմն  մենք ուզում ենք  Մարդու  իրավունքների  պաշտպան  ընտրե՞լ, թե  պարզապես  նախարար ենք ուզում ընտրել, թե  վարչապետ  ենք  ընտրում, սա ուրիշ  բան է։ Խոսքը  գնում է Մարդու  իրավունքների  պաշտպանի մասին։ Սրա  համար ենք  ասում,  որ յուրաքանչյուրս  գործենք՝  համաձայն  խղճի մեր  թելադրանքի, լուրջ  մոտենանք  այս  հարցին։

Կարծում եմ,  այո,  եթե  մենք ուզում ենք ինչ-որ  բան մեր  երկրում  փոխել, դա  արդեն մեծամասնությանն է վերաբերում, նաեւ այդպիսի  քաղաքական կամք  դրսեւորեք։  Դուք  էլ  եք առանձին-առանձին ասում, նշում,  որ Հրանտ  Խաչատրյանը բավականին  արժանի  թեկնածու է։ Եթե  բոլորդ  գտնում եք,  որ  ճիշտը  դա է, ինչու՞  չեք  անում   ճիշտը։  Սպասում էին, որ  գա  այնտեղից, հավաքի եւ այս  ձեւո՞վ  դնի  հարցը։  Սա,  որպես մարդ, ինձ  համար  հեչ ընդունելի չէ։

Այսօր  ես կոչ  եմ անում բոլորիս,  որպեսզի այս  հարցին մոտենանք  շատ լուրջ, եւ  կոչ  եմ անում պաշտպանել մեր թեկնածուին։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հարգելի  խորհրդարան,  պատգամավորների ելույթներն  ավարտվեցին, եւ  մենք  անցնում ենք  ֆրակցիաների կողմից  ներկայացված հայտերի  բավարարմանը։ Ֆրակցիաները կներկայացնեն իրենց  մոտեցումներն այս հարցում։  1-ինը  ամբիոնի  մոտ է հրավիրվում  Գուրգեն  Արսենյանը,  որը կներկայացնի ՄԱԿ   պատգամավորական  խմբակցության կարծիքը  քննարկվող հարցի շուրջ։   Խնդրեմ։

Գ.ԱՐՍԵՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, հարգելի նախագահություն, իմ  ելույթի ժամանակ ես կցանկանայի   անդրադառնալ   նախորդ  քննարկման  ժամանակ մեր  պատգամավորների, ինչպես նաեւ Մարդու  իրավունքների  պաշտպանի թեկնածուների կողմից  առաջ  քաշված մի  քանի  դրույթներին եւ ներկայացնել մեր տեսակետը։  Դրույթ  համար  մեկ։  Պրն  Հարությունյանը,  իր  ելույթում պատասխանելով  հարցերից  մեկին,  ասաց  առ այն, որ ինքը կողմնակից է,  որպեսզի մենք   վերցնենք  ժողովրդավարության  այն  փորձը,  որը  որ  կա քաղաքակիրթ  աշխարհում եւ  չփորձենք հեծանիվ հորինել։  Մենք պաշտպանում  ենք  այդպիսի  մոտեցումը, պաշտպանում ենք այդպիսի   մոտեցումը, պրն Հարությունյան,  որովհետեւ,  իսկապես,  ժողովրդավարության ժամանակակից  զարգացումներն  ասում  են  առ  այն, որ ցանկացած  էթնոս,  որը  որ  փորձում է  ժողովրդավարության սեփական մոդելը ներկայացնել ինչ-որ մի  յուրահատուկ  բան, վերջում կանգնում է կոտրած  տաշտակի առաջ, որովհետեւ համաշխարհային  քաղաքակրթությունն  անցել է  այդ  ճանապարհը։

Ողջունում ենք նաեւ  ձեր այն հայտարարությունը,  որով  դուք ասացիք, որ 1993 թվականի  Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ  դուք   գտնվում  էիք  ձեր  սկզբունքների  կողքին, եւ այդ  նույն  սկզբունքների կողքին էիք  գտնվում 2005  թվականին, երբ  որ քննարկվում էր   սահմանադրական  փոփոխությունների նախագիծը։ Ողջունում ենք,  որովհետեւ մենք էլ  ենք  այդ  դիրքորոշման կրողը։  Եթե  հիշում եք,  2005 թվականի  սահմանադրական    փոփոխությունների  նախագիծը  քննարկելիս 1-ին եւ 2-րդ  ընթերցումների մեջ  կային էական,  սկզբունքային տարբերություններ։ Մենք  էլ  էինք  մեր  սկզբունքների կողքին։

Իմ  գործընկերներից մեկի  հնչեցրած այն  հարցին,  որ   արդյոք  ճիշտ  չէ՞ր լինի,  որ մեծամասնությունը  Մարդու  իրավունքների  պաշտպանի  տեղը  զիջեր  ընդդիմությանը, իմ  մոտ  մի  քիչ  պարադոքսալ  տպավորություն  թողեց,  որովհետեւ  ստացա  այն  տպավորությունը,  որ  մեր  գործընկերները, որոնք  որ   այժմ ներկայացնում են   քաղաքական  ընդդիմությունը, որեւէ   շանս  չեն տեսնում  քաղաքական  դիմություն  դառնալու համար։  Որովհետեւ Մարդու  իրավունքների  պաշտպանին  մենք   ընտրում ենք  6  տարով,  իսկ մեկ տարի  հետո ՀՀ-ում  ԱԺ  ընտրություններ  են, եւ   փաստել  այն   կարգավիճակը,  որ Մարդու  իրավունքների  պաշտպանն  ընդդիմության տված  թեկնածուն է  եւ   շարունակել  մնալ ընդդիմության տված թեկնածու,   դա  նշանակում է,  որ   շարունակեր  մնալ  նաեւ ընդդիմություն, այսինքն՝  մնալ  փոքրամասնություն։ Ես,  օրինակ,  այդպես  չէի  ասի, որովհետեւ   ցանկացած քաղաքական  ուժ  գիտակցում է, որ ընտրությունների ժամանակ  ձգտում է հաղթանակի, որպեսզի ինքը  դառնա  իշխանություն։

Մեր  գործընկեր  Հրանտ  Խաչատրյանի մասին կարող եմ ասել, որ   երկար տարիներ  ճանաչում  եմ,  ճանաչում  եմ անկախության գործընթացի  սկզբից,  ճանաչում եմ  որպես  գործիմաց մարդու,  բանիմաց մարդու,   մարդու, որի  հետ  ճանապարհ  ենք  անցել, եւ այդ  տեսանկյունից  ողջունում եմ նրա  առաջադրումը։

ՄԱԿ-ն  իր  դիրքորոշումներում շարունակում է մնալ իր  նախորդ  որդեգրած  սկզբունքների շրջանակում։  Այսինքն՝  ՄԱԿ  խմբակցության  անդամները  քվեարկելու են   իրենց  խղճի  եւ  համոզմունքների համաձայն, եւ ազատ  են  իրենց  քվեարկությունն   իրականացնելիս։

Ես  կցանկանայի,  որպես  հասարակության մեջ  եղած այն լարվածությունը,   ինչպես նաեւ  մամուլի  միջոցներում արծարծվող  այն   թեզը,  որ  Մարդու  իրավունքների  պաշտպանի  ընտրությունների  վերաբերյալ  որոշակի   կասկածներ,  ընտրությունների  գործընթացի,   բացառեինք,  որովհետեւ  երկրի համար շատ կարեւոր  գործընթաց է։  Ես  որպես  քաղաքական կառույցի    ղեկավար,  այս  ընթացքում ստացել  եմ   տասնյակ  հարցումներ եւ՛  մարդկանցից, եւ՛  միջազգային   կազմակերպություններից  առ  այն,   արդյոք  կա՞   որեւէ  վտանգ, որ Մարդու  իրավունքների  պաշտպանի  ընտրության  գործընթացը   վտանգված  կլինի։  Ես  գտնում եմ, որ մենք  այսօր  պետք է  իրականացնենք  այդ  ընտրությունը,  սակայն ընտրության իրականացման  պարագայում մենք պետք է զերծ մնանք   որեւէ  կասկածի  նշույլից։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հաջորդը՝  ամբիոնի   մոտ է հրավիրվում   Արտաշես  Գեղամյանը,   որը   կներկայացնի  «Ազգային միաբանության»   տեսակետը,  խնդրեմ։

Ա.ԳԵՂԱՄՅԱՆ

-Հարգելի  պատգամավորներ,  ես ուզում եմ այս հարցի  քննարկմանը մոտենալ  փոքր-ինչ  այլ տեսակետից։  ՀՀ-ն  հայտնվել  է այնպիսի  մի իրավիճակում, երբ   պաշտպանված  չէ անգամ  Հանրապետության  Նախագահի  պաշտոնը  զբաղեցնողը։  Եթե  պաշտպանված  չէ  1-ին  դեմքը  երկրի, ապա  ի՞նչ  պաշտպանվածության մասին կարելի է խոսել  սովորական,  շարքային  քաղաքացիների, իհարկե,  ոչ   մի։  Հիմնավորեմ  ասածս,  թե ինչու՞  պաշտպանված  չի   Ռոբերտ  Քոչարյանը։   Ռոբերտ  Քոչարյանը  պաշտպանված  չէ այն պարզ  պատճառով, որովհետեւ  իրեն  ստիպում  են  անօրինականություններ  անի,  օրինազանցություններ անի։ Ասածս  փաստերով  ապացուցեմ։ Պրն  Քոչարյանին  ստիպեցին, պարտադրեցին եւ  շատ  ծանր  կացության մեջ  դրեցին,  ապակողմնորոշեցին,  երբ  նա  սահմանադրական  փոփոխությունների   հանրաքվեի  ժամանակ  բաց քվեարկեց։ Մի՞թե   կարելի էր  այդ  աստիճան  ստոր   վարվել  երկրի  Նախագահի   պաշտոնում  հայտնված մարդու հետ։  Մի՞թե   չէր  կարելի իրեն  հուշել, որ  դեռ 2001  թվականին  Վարշավայում   ԵԱՀԿ  հատուկ  որոշում  կա,   երաշխավորություններ կան  ժողովրդավարական  ինստիտուտների եւ մարդու  իրավունքների   բյուրոյի կողմից,  մարտ, 2001  թիվը,  ուր  ուղղակիորեն  ասված է՝  քվեարկողի  համար   գաղտնիությունը  ոչ  միայն  իրավունք է,  այլեւ պարտականություն։  Լավ,  դա   չէիք  կարդացել  Եվրախորհրդի   Վենետիկի  հանձնաժողովի  երաշխավորությունները  կարդայիք։  Վերջերս   իրենց  դարձրել  եք  սրբատեղի։  Ճիշտ  այդ  նույն  երաշխավորություններում,  այն է՝  ընդունված  Ստրասբուրգում, 30  հոկտեմբերի,    ուղղակի  գրված է՝  քվեարկման  գաղտնիությունը  ոչ  միայն   իրավունք  է,  այլեւ  պարտականություն։   Լավ, կարելի՞ էր  այդքան  հարվածել այդ մարդուն։

 Ավելին,  նա  իր    անպաշտպան  լինելը  ցույց  տվեց   նաեւ  «Ազգային միաբանություն»   կուսակցության   պարագայում,  երբ   դեկտեմբերի  5-ից  այդպես  էլ   հրաժարվում է՝   խախտելով     Ընտրական  օրենսգրքի 35, 36, 38  հովածների պահանջները  եւ  մինչեւ  օրս  չի  հրամանագրում   «Ազգային  միաբանության»  կենտրոնական   ընտրական  հանձնաժողովի  անդամին։   Դրանով  իսկ  արդեն  փորձ  է կատարվում  ընտրակեղծիքների համար, 2007  թվականի  խորհրդարանական  ընտրությունների    ժամանակ,  որովհետեւ  չունենալով   մեր  լիազոր  ներկայացուցիչը,   վտանգված է   «Ազգային միաբանություն»  կուսակցության   տարածքային,  տեղամասային   հանձնաժողովների   բնականոն  աշխատանքը, ավելին  ասեմ,  ուսման  գործընթացը, որ հիմա,  այս  օրերին   ընթանում է։  Եվ  այստեղ  դիմում  եմ  ԱՄՆ  դեսպան  պրն   Էվանսին։  Ամերիկացի  հարկատուների 7   մլն դոլարը,  որ նախատեսել  եք, 2007-2008  թվի  ընտրություններն  ազատ,  արդար,  ժողովրդավարական,  թափանցիկ  անցնեն, քամուն  են տալու....  որովհետեւ  ընտրակեղծիքների  նախապատրաստման  հողն  ընթանում է հենց այս օրերին,   հենց այս   ժամանակ։

Կամ էլ  ինչպես կարելի էր  ապակողմնորոշել պրն  Քոչարյանին,  որ  խեղճը,  Ռամբուեից  գալով,   անհապաղ  հավաքեր   խորհրդարանական   կոալիցիային  եւ իր  իսկ կողմից   գովերգված  սահմանադրական  փոփոխությունների  հոդված 83.1-ը  խախտեր,  ուր  ուղղակիորեն   գրված  եւ  նշված է,  որ   Մարդու  իրավունքների  պաշտպանի  ընտրությունը  դա  ԱԺ-ի  մենաշնորհն է  եւ  պարտականությունն է։   Ընդդիմությունը,  որ  այս  ամբիոնից  ասում էր,  որ   այս  իշխանությունների պարագայում ի՞նչ  տարբերություն,  հին  Սահմանադրությու՞նն է,  թե՞  նոր,  միեւնույն է,  խախտելու  են հենց նաեւ այս  դեպքը  ի  նկատի ուներ։  Ո՞վ  է իրավունք  տվել։ Բա  ի՞նչ  մնաց ԱԺ-ի  դերի, դերակատարության բարձրացման,   ինքնուրույնության։  Սահմանադրական   փոփոխությունները  գեշով,  լավով  անցկացրեցիք,   դե,  գոնե  կատարեք։   Չեք   կատարում,  վախենում եք։

Անպաշտպան է նաեւ իր ապարատի կողմից,  տեսեք,  վարկաբեկիչ  ի՞նչ  վերլուծություններ   արեցին, երբ  նա  Ռամբուեից   վերադարձավ։       «Մեդիամաքս»-ին  տված  հայտնի  հարցազրույցի  ժամանակ կանգնեցին ասացին,  որ   պրն Քոչարյանը  պարապ  մարդ  չէ, նա  թանկ է գնահատում իր ժամանակը եւ  բանակցությունների  իմիտացիային   չի մասնակցում։   Բա  որ, հանկարծ,  ԱՄՆ-ն,  Ֆրանսիան, ինչու չէ, նաեւ  Ռուսաստանը   կանգնեն ու ասեն՝  այդ,  չհասկացանք,   Ստիվեն   Մանը,  Բեռնար  Ֆասիեն,  Յուրի  Մեզլյակովը   պարա՞պ էին,  որ այնտեղ մնացին,  թե՞  Ժակ   Շիրակն էր պարապ։  Իսկ  եթե  դրանից  հետո էլ  հանդգնեն ու ասեն՝  արած  գործն  ի՞նչա,   Ծաղկաձորի  քաչալ  սարից   դահուկով  պետք է   սլանար կամ   բուռան  քշեր։  Իսկ  դրա  տակից  մենք  ո՞նց  ենք  դուրս  գալու։   Եվ  այս  պարագայում  ինձ  հասկանալի է, թե ինչու՞ է ուզում    Մարդու  իրավունքների  պաշտպանն  իր  ներկայացուցիչը լինի։   Բայց այստեղ ուզում եմ հուշել իրեն,   որ   հեչ,  անպայման  չէ,  որովհետեւ   նա  անպաշտպան է իր  շրջապատից, եւ իր շրջապատի մարդը   չի կարողանա իրեն  պաշտպանի։

Ամենեւին  պատահական  չէ,  որ  «Ազգային միաբանություն»  կուսակցությունը  միաձայն  որոշում է կայացրել՝           պաշտպանել    Մարդու  իրավունքների  պաշտպան  Հրանտ  Խաչատրյանի  թեկնածությունը,  որը հայտնի  հասարակական, պետական   գործիչ է։  Ես  առանձնահատուկ եմ  սա շեշտում,  որովհետեւ  Հրանտ  Խաչատրյանի  համար  բացարձակապես  նշանակություն չի ունենա,  նա  պաշտպանելու է դիմությա՞ն, թե՞ ընդդիմության   շահերը։ Նա  պաշտպանելու է օրենքները,  նա  պաշտպանելու է  մարդուն,  նա  պաշտպանելու է, ինչու  չէ, նաեւ  պրն  Քոչարյանին, որին  այսօրվա  դրությամբ  դարձրել  են անտեղյակ մարդ, նույն իր  շրջապատը։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հաջորդը՝  ամբիոնի  մոտ է  հրավիրվում  Լեւոն    Մկրտչյանը,    որը  կներկայացնի  դաշնակցության  տեսակետը, խնդրեմ։

Լ.ՄԿՐՏՉՅԱՆ

-Հարգելի  պատգամավորներ,  ըստ էության, շարունակվում է քննարկումների   այն  շարքը,  որոնք  սկսվեցին ԱԺ-ում։  ՀՀԴ  խմբակցության   անունից  մենք  կրկին  անգամ հաստատում ենք, որ շարունակում ենք   պաշտպանել  Արմեն    Հարությունյանի թեկնածությունը։  Առաջիկա  քվեարկության  ժամանակ մեր խմբակցությունը հստակ կողմ  կլինի  այդ  թեկնածությանը։

Պատճառաբանությունները նորից  չկրկնենք,  հիմնական մեր  հենքը մենք   ներկայացրել  ենք  արդեն նախորդ  քննարկումների ժամանակ, պարզապես նշենք,  որ  այս ընթացքում  խմբակցությունը նաեւ արտահայտեց իր  դիրքորոշումը կոնկրետ Հրանտ  Խաչատրյանի կերպարի,  անձի  նկատմամբ։   Բայց  քննարկեցինք  կոալիցիայում նաեւ ընդդիմության  կոչը, այս  պաշտոնը,  այսպես  ասած,  փոխանցել  ընդդիմությանը։   Եվ  հենց  այս  քաղաքական  առաջարկն էր  նաեւ  հիմքում,  որ մենք  գտնում ենք,  որ   այդուհանդերձ,  Մարդու  իրավունքների  պաշտպանի  պաշտոնը  պետք է լինի  արհեստավարժ,   քաղաքական  այս  պահի կոնյունկտուրայից  դուրս  անձնավորության  մոտ,  որովհետեւ  ինչպես  շատ  ճիշտ  նշվեց ՄԱԿ-ի  ներկայացուցիչի՝  պրն  Արսենյանի կողմից,   մենք  ընտրում ենք  6  տարով,  եւ  «ընդդիմություն», «դիմություն»   հասկացողությունը  մտցնել  այս պաշտոնի   նկարագրի մեջ,   որպես այդպիսին, նպատակահարմար  չենք  գտնում,   որովհետեւ, իսկապես, Մարդու  իրավունքների  պաշտպանն  ունի  հսկայական  խնդիրներ։ Պետք է  համաձայնվենք   եւ  միանշանակ   պաշտպանում ենք,  որ պետք է  ընտրվի  անթերի կերպով,   պետք է ունենա  լեգիտիմության մեծ հենք, որովհետեւ   իր  պաշտոնի  բերումով  եւ մեր    պետության  առջեւ   կանգնած, պետական կառավարման  համակարգի  առեւ  կանգնած   բազմաթիվ  եւ  բազմաբնույթ  խնդիրների  առումով  նա պետք է ունենա  ԱԺ-ի  եւ  ողջ  ժողովրդի  վստահությունը։   Սա  պահանջում է ինչպես  պրոֆեսիոնալ հատկություններ, այնպես էլ  անձնական հատկություններ,  պահանջում է նաեւ, որ ինչ-որ  տեղ  քաղաքականությունից,  քաղաքական կյանքից,  քաղաքական կողմնորոշումներից   մի  քիչ  ավելի հեռացված   աստիճան։

Այս  իմաստով  մենք  կրկին   պաշտպանում ենք եւ կոչ  ենք անում   պատգամավորներին՝  քվեարկելու   Արմեն  Հարությունյանի թեկնածության օգտին։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-«Արդարություն»  դաշինքի  տեսակետը կներկայացնի պատգամավոր Վիկտոր  Դալլաքյանը,  խնդրեմ,  ամբիոնի  մոտ։

Վ.ԴԱԼԼԱՔՅԱՆ

-Հարգելի  պատգամավորներ,  հարգելի  նախագահող, թույլ տվեք, ներկայացնել «Արդարություն»  խմբակցության տեսակետը։   Նախ  ես ասեմ, որ միանշանակ համաձայն եմ   Արտաշես  Գեղամյանի կողմից Հրանտ  Խաչատրյանին տրված   բոլոր  գնահատականներին։

2-րդը՝  այստեղ  խնդիր   բարձրացվեց,  որ մենք  պաշտոն  զիջելու   առաջարկությամբ  ենք  հանդես  եկել։  Ես  դա  կգնահատեի   որպես  պարզունակ մեկնաբանություն,   քանի  որ մենք  այլ  խնդիր  ենք ներկայացրել։  Ես  դրա  մասին կխոսեմ։

3-րդը՝  մենք  ունենք    մտավախություն,  որ 2007-2008 թվականի  ընտրությունները   կարող  են  կեղծվել։  Տվյալ  պարագայում շատ   կարեւոր է,  որ այն հաշվեհարդարը, որն  իրականացվել  է   Լարիսա  Ալավերդյանի  նկատմամբ,  դա կարող է  դառնալ  բացասական   նախադեպ,  հետագայում   Մարդու  իրավունքների  պաշտպանը   դառնա  կառավարելի  եւ մարդկանց  սահմանադրական իրավունքի իրականացման, մասնավորապես, ընտրական իրավունքի  իրականացման հետ կապված որդեգրի  կրավորական  վերաբերմունք։   Մեր  մտավախությունը սա է եղել։

Ես  ուզում եմ  անդրադառնալ  մի շարք խնդիրների։  Երեկ  հեռուստատեսությամբ իմ կողմից  հարգված,  խորհրդարանական    մեծամասնության  ղեկավարն   ասաց, որ մենք   նվեր  տալու  որեւէ  ցանկություն չունենք։  Ես  կարծում  եմ,  խոսքը  նվերների  մասին  չէ,   այլ  խոսքն  այն  մասին է,  որ ՀՀ ԱԺ-ում   պետք է ստեղծել նախադեպ, ավանդույթ, երբ    խորհրդարանական մեծամասնությունը Մարդու  իրավունքների  պաշտպանի  պոստը,  այդ  կոչումը  եւ  ոչ  թե  պաշտոնը  զիջի  խորհրդարանական  փոքրամասնությանը։   Այդ  նախադեպի մասին է խոսքը։

Եվ  որպեսզի  բոլորն ավելի լավ  հասկանան, թե այդ նախադեպն  ինչպիսի  միջազգային  արձագանքներ կարող է ստանալ,   ես ընդամենը մեկ օրինակ   եմ  ուզում բերել։   4  տարի  առաջ  Հարավաֆրիկյան   Հանրապետության   խորհրդարանի   հրավերով  ես  գտնվում էի   այդ  երկրում։  Հանդիպել  եմ   այդ  երկրի  Մարդու  իրավունքների  պաշտպանի  հետ,  որը  եղել է այդ  պետության ազատագրության համար  մղվող  պայքարի   մարտիկ, Նելսոն  Մանդեյլայի  քաղաքական   հակառակորդը։   Եվ  Մանդեյլան  այդ    անձնավորությանը ինքն է  առաջարկել Մարդու  իրավունքների  պաշտպանիլ   պոստը։  Այսինքն՝   կա  նաեւ նման  ավանդույթ,  երբ  քաղաքական  հակառակորդին կամ մրցակցին   նման  առաջարկություն են անում, հարգելի գործընկերներ։

Նաեւ  այս  դահլիճում հարցադրում եղավ,   որ հարցը  քաղաքականացվեց։   ԱԺ-ն,  նախեւառաջ,  քաղաքական մարմին է, ԱԺ-ի  կողմից  քննարկվող ցանկացած  հարց   դա  քաղաքականություն է, հետեւաբար,  շատ տրամաբանական է,  որ այս հարցը  քաղաքականացվեց։

Ես  ուզում եմ  անդրադառնալ մի շարք  այլ  հարցերի։  Ըստ  էության, նախորդ  քննարկման ընթացքում, ես  գնահատական եմ  տալիս,   ԱԺ-ում կրկնվեց այն, ինչ  տեղի ունեցավ  Երեւանի պետական   համալսարանում։  Փաստորեն,  Քոչարյանն  իր  դեմ կազմակերպված, այսպես  կոչված,  դավադրությանը հակաքայլ կատարելու նպատակով,   մշակման ենթարկեց  կոալիցիային՝   արտահերթ նիստի տեսքով։ Սա  է  տեղի  ունեցել։

Հաջորդը։  Հրանտ  Խաչատրյանը ներկայացնում է   մի  կուսակցություն, որի  պաշտոնաթերթի  բնաբանն է,  կարգախոսը՝  «Ուժն է  ծնում իրավունք»։   Ես  համոզված եմ, որ  խոսքը  ոչ  թե ուժի  իրավունքի,  այլ  իրավունքի  ուժի մասին է, եւ  Հրանտ  Խաչատրյանի  ընտրվելու  պարագայում այդ  կարգախոսն կիրականացվի։

Ես  հարգանքով  եմ  վերաբերվում  նաեւ   Արմեն  Հարությունյանին, նրա  կոռեկտ, սոլիդ  եւ  գրագետ  ներկայացման  համար, բայց նորից  եմ կրկնում, մենք  ունենք  քաղաքական  հստակ  դիրքորոշում  եւ  այդ  դիրքորոշումն  արտահայտում ենք։

Այստեղ  շատ  խոսվեց  շախմատի եւ  շախմատային քայլերի մասին։ Այո, խորհրդարանական  փոքրամասնությունը կատարեց   շատ հետաքրքիր,  ձիու   քայլ եւ  խորհրդարանական   մեծամասնությունը   մատնվեց  խուճապի։   Եվ  եթե  մեզ  հեքիաթներ  էին  պատմում, որ  Սահմանադրության  պահանջն է,  որ  հենց  1-ին  քառօրյայում  պետք է    Մարդու  իրավունքների  պաշտպան  ընտրվեր,  դե  այդ   դեպքում թող  44  ստորագրություն հավաքեին,  արտահերթ  նիստ հրավիրեին, խնդիրը լուծեին,  եթե  դա այդպես էր։   Դա այդպես չէր եւ  դա  խուճապային քայլ էր։   Այժմ  խորհրդարանական մեծամասնությունը կարող է կատարել թագուհու  քայլ,  իր  պատիվը  փրկելու համար։   Այդ  տեսակետից ես  ուղղակի  ուզում եմ  փոքրիկ էքսկուրս  կատարել, շատ  խոսվեց  շախմատի մասին։   Շախմատը  շատ  հետաքրքիր  քայլ է։  Շախմատում ամենաանպաշտպանը  թագավորն է, եւ  բոլոր   ֆիգուրները,  այդ  թվում՝  թագուհին,   պատրաստ է իրեն   զոհել՝  հանուն  թագավորի անկախության  եւ անվտանգության։   Նաեւ  բոլորը պետք է հիշեն,  որ  անգամ  զինվորը կարող է  թագուհի   դառնալ,  բայց   զինվորը  թագավոր  երբեք  չի  դառնա։ Նաեւ  պատահական  չեմ համարում, որ    ՀՀ  շախմատի  ֆեդերացիայի նախագահը  ձեզ  հայտնի անձնավորություն է։  Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։

Հաջորդը,  որի  վրա  ուզում եմ ձեր  ուշադրությունը հրավիրել։   Հարգելի  գործընկերներ, ես   հրապարակային մի քանի առաջարկություններ եմ  կատարել երեկ  հեռուստատեսությամբ, որոնցից  մի քանիսին ԱԺ   նախագահն  անդրադարձավ։  Այո,   «Առավոտ»  օրաթերթում օրերս   եղել է հրապարակում, որ  իմ կողմից հարգված  Արմեն Հարությունյանը ստացել է 52  ձայն։   Այսինքն՝  եղել է ուրիշի  փոխարեն քվեարկելու դեպք,  եղել է քվեաթերթիկը  նկարելու  դեպք եւ այլն։  Ուստի,  որպեսզի  ԱԺ-ում որեւէ կասկած   չառաջանա   Մարդու  իրավունքների  պաշտպանի  ընտրության հարցում, ես  կրկնում  եմ իմ առաջարկությունները եւ  պահանջում  եմ, որ  հաշվիչ  հանձնաժողովն  այդ  բոլոր  առաջարկությունները կատարի։   Հակառակ  պարագայում մենք  կգնահատենք, որ  դարձյալ  տեղի  են ունենալու կեղծիքներ։ Ես   ասեմ, որ մի քանի պահանջներ    կատարվել են,     բայց ես  դրանք նորից հրապարակում եմ։

1-ինը՝   հաշվիչ  հանձնաժողովը պետք է որոշի,  որ քվեարկության  խցիկները պետք է   լինեն  շրջված, մեկ,  վարագույրները պետք է հանել, երկու, քվեարկության արկղը պետք է լինի թափանցիկ։   Քանի որ կա  երկու  քվեախցիկ,  ուրեմն  պատգամավորները,  յուրաքանչյուրը մոտենում է,  մնացածները  կանգնում են, այսինքն՝  հանձնաժողովի  անդամներին չեն   գրոհում։

Նաեւ  մենք  ունենք  հստակ ինֆորմացիա.... ես առաջարկում եմ, որ  լրագրողները  հատ-հատ  նկարեն այն  բոլոր պատգամավորներին, որոնք  մոտենում են քվեարկություն կատարելու։  Մենք  ունենք հստակ ինֆորմացիա,   որ  խորհրդարանական մեծամասնությունը ստացել է հրահանգ,  որ  քվեարկության ընթացքում համապատասխան  ձեւով ջնջում կատարեն։   Դրա համար ես  առաջարկում եմ,  որ  քվեարկության  խցիկներում դնեն  գրիչներ՝  կապույտ  գույնի,  եւ  պահանջեն, որ    պատգամավորները քվեարկեն հետեւյալ ձեւով։  Այն   թեկնածուին, որին նրանք  դեմ են՝  գիծ  են  քաշում, մի  գիծ,  բոլորը։  Եթե  երկու  գիծ  եղավ, զիգզագներ եղան, դրանք  պետք է համարել  անվավեր,  դրանք  նշաններ են։

Հաշվիչ  հանձնաժողովն  այստեղից պետք է հայտարարի, եթե  չհայտարարեց, ուրեմն  Մարդու  իրավունքների  պաշտպանի ընտրությունը կեղծված է։  Պետք է  հայտարարեն, որ  այն  թեկնածուն, որին  դեմ  են քվեարկում  պատգամավորները,  այդ   թեկնածուի անվան  վրա գիծ են  քաշում,  մի  գիծ։ Եթե  եղավ  երկու  գիծ, եղավ  զիգզագ,  ուրեմն  դրանք անվավեր են։   Ես  շատ կարեւոր եմ համարում այս  առաջարկությունը եւ  պահանջում  եմ,  որ  հաշվիչ  հանձնաժողովի նախագահն այս  ամբիոնից  գա եւ  հայտարարի, որ այն, ինչ որ  ես ասացի,  դա պետք է կատարի։   Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հաջորդը՝  ամբիոնի   մոտ է հրավիրվում Մհեր  Շահգելդյանը, որը կներկայացնի «Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցության տեսակետը։

Մ.ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

-«Օրինաց երկիր» կուսակցությունը  մշտապես  խոսել եւ կարեւորել է Մարդու  իրավունքների  պաշտպանության  ձեւավորված  եւ գործող մեխանիզմների մասին, օրենքի երկրի  ձեւավորման  ճանապարհին։  Օրենքի երկիր,  որը պետք է հենվի՝ իրավամբ, Մարդու  իրավունքների  պաշտպանության ռեալ  մեխանիզմների վրա։  Մենք   օրենսդրորեն  արդեն  իսկ  ամրագրել  ենք մարդու  իրավունքները  միջազգային չափանիշներին  համապատասխան,  բայց  մեխանիզմները թերի են։  Այո,  այսօր մենք ունենք բազմաթիվ  խնդիրներ մարդու  իրավունքների  պաշտպանության ոլորտում։   Մեր  քաղաքացիները հաճախ   լիովին արդարացի  բողոքում են  այս  ոլորտից։ Մարդու  իրավունքների  պաշտպանության մեխանիզմների   թերի լինելու պատճառով է նաեւ  այն  որոշակի  պեսիմիզմը, որ  կա մեր  բազմաթիվ  քաղաքացիների մոտ։   Այս  հիմնախնդրին մենք պետք է լրջագույն ուշադրություն  դարձնենք։  Մարդու  իրավունքների  պաշտպան..../Ձայներիզն  ընդհատվում է/  ոչ  միայն հիմիկվա,  այս      փուլի, 6 տարվա   համար, այլեւ  հետագայի  համար  սա  խիստ կարեւոր է։ Մարդու  իրավունքների   պաշտպանի  ինստիտուտը,  կարծում եմ,  պետք է  դիտարկել   ոչ  թե կուսակցական տեսանկյունից, այլ  արժեքային տեսանկյունից, քանի որ  ինքը՝   մարդը, հիմնարար  արժեք է, եւ  հիմնարար  արժեք   են  նաեւ   մարդու իրավունքները, այդ թվում՝ խիստ  կարեւոր է նաեւ կյանքի  իրավունքը։  Արժեքային մոտեցումը Մարդու  իրավունքների    պաշտպանի   ընտրության  գործին կարեւոր է եւ այն  պետք է  դիտարկվի, ինչպես արդեն ասացի, զերծ  քաղաքական կոնյունկտուրայից։

Այսօր տեղի են ունենում խիստ կարեւոր քննարկումներ, ներկայացվում  են տեսակետներ։ Սա  պատահական  չէ,  սա ցույց է տալիս, որ ՀՀ ԱԺ-ում կարեւորվում է  Մարդու  իրավունքների    պաշտպանի  ընտրությունը եւ  հետագա աշխատանքը։ Ներկայումս  ունենք  երկու թեկնածու։  Այս  թեկնածուները ներկայացնում են իրենց դիրքորոշումները, իրենց մոտեցումները։  Թեկնածուների քննարկումները եւ  նաեւ   մոտեցումների    քննարկումները, կարծում եմ,   ժամանակակից  քաղաքական  կյանքի եւ  մեր  քաղաքական իրականության    կարեւորագույն  բաղկացուցիչներն են եւ այդպիսին պետք է լինեն։

Մոտավորապես  1 ամիս  առաջ  կոալիցիան  արդեն  առաջադրել  էր  Արմեն  Հարությունյանի թեկնածությունը։   Այնուհետեւ 1-ին ընտրության ժամանակ  նա  հավաքել է 69  ձայն,  ինչն  առավելագույնն էր, եւ    որպես  առավելագույն   ձայներ հավաքած  թեկնածու,  կրկին  առաջադրվել է։    Արմեն  Հարությունյանն իր մասնագիտական, գիտական գործունեությամբ, հասարակական գործունեությամբ,  իր  մասնագիտական  հատկանիշներով, կարծում ենք,  համապատասխանում է Մարդու  իրավունքների  պաշտպանի  առաջադրված  պայմաններին։   Վերապատրաստումը՝  Ստրասբուրգի  մարդու  իրավունքների ինստիտուտում, մի քանի լեզուների տիրապետումը,  համաշխարհային փորձի  վերաբերյալ  գիտելիքները, ինչպես նաեւ   անցած  ճանապարհը  մենք  խիստ կարեւորում ենք։

Մեր  գործընկերոջը՝  պրն  Հրանտ  Խաչատրյանին,   վերաբերվում ենք  խորին հարգանքով, նրա  հետ կարողանում ենք նորմալ աշխատել օրենսդրական   դաշտում։  Գնահատում ենք  նաեւ մարդկանց իրավունքների պաշտպանության շրջանակներում  նրա կատարած գործունեությունը,  քաղաքացիների հետ, իր  ընտրողների հետ աշխատանքը։   Եվ  ընդունելի եւ  լիովին ընկալելի   ենք համարում  պրն  Խաչատրյանի արտահայտած բազմաթիվ  գաղափարներ, որոնք  վերաբերում են Մարդու  իրավունքների  պաշտպանի ինստիտուտին՝ եւ՛  սկզբունքների, եւ՛  արժեքների տեսանկյունից։

Եվս  մեկ  խնդրի  կցանկանայի  անդրադառնալ,  նաեւ  վերհիշելով  ԱԺ նախագահ պրն  Արթուր  Բաղդասարյանի   ասված  խոսքերը,  որոշ  ժամանակ  առաջ։  Երբ  որ հարցը  վերաբերում է  կեղծիքներին,  խնդրեմ,  կոնկրետ  պետք է դրա մասին խոսել։

Ամփոփելով,  եւս  մեկ անգամ կցանկանայի   անդրադառնալ Մարդու  իրավունքների  պաշտպանի  ինստիտուտի կայացման  անհրաժեշտությանը  եւ  կարեւորությանը՝ իրավական տեսանկյունից, ինչպես նաեւ   գործառնական տեսանկյունից։

Վերջում ցանկանում եմ ասել, որ համաձայն  ընդունված քաղաքական որոշմանը,  մենք  պաշտպանում ենք  Արմեն Հարությունյանի  թեկնածությունը։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հարգելի  պատգամավորներ,  հիմա  ամբիոնի մոտ է հրավիրվում  Գալուստ  Սահակյանը, որը կներկայացնի  «Հանրապետական»  խմբակցության  տեսակետը։

Գ.ՍԱՀԱԿՅԱՆ

-Հարգելի  գործընկերներ, կարծում եմ, որ   այս  բոլոր քննարկումները  արդյունավետ են,  շատ  դրական  տպավորություն է  թողնում եւ՛  մեզ  վրա,  եւ՛  հասարակության վրա։   Տարբերություն կա   հին  եւ  նոր  Սահմանադրության։ Սա     առաջին անգամ  խորհրդարանի  պատմության մեջ,  կապված  անձի հետ կամ  քաղաքական  պրոցեսների  հետ,   այս   բարեփոխված կամ  փոփոխված  Սահմանադրությունը հնարավորություն տվեց եւ  պարտադրեց,  որ  երկրի համար  կարեւորագույն   խնդիրներ  կան, որ  ոչ  թե  պետք է  որոշի  խորհրդարանի մեծամասնությունը, այլ հիմնականում ամբողջ  խորհրդարանը  պետք է մասնակցի։  Երեք  հինգերորդ  ձայնի  խնդիրը հենց  այնպես,  պատահական  չի  մտել  Սահմանադրության մեջ,  դա  եղել  է  եւ՛  ընդդիմության առաջարկը, եւ  ընդհանրապես,  բոլոր վերլուծություններից հետո  ընդունվել է այդ  նորմը։    Այսինքն՝  ընդդիմության  չհավանած  Սահմանադրությունը դրական  արդյունքներ է արձանագրում, թեկուզ իրենք,  ինչպես ասում են՝  ժողովրդավարության մեջ։ Այո,  փոքրամասնությունը պետք է պայքարով  կարողանա   հաղթահարել։  Դա նշանակում է ոչ  թե   ոտքի  վրա,  պատեհությունից  կամ  ձեռնտու լինելուց,  այսպես,   առաջարկություններ ներկայացնի,  թեկնածու, այլ  պետք  է  հենց  հանրաքվեից հետո,   բոլորս  էլ  քաջատեղյակ  էինք, անընդհատ  մամուլով  էլ  էր  հրապարակվում, որ այս  երեւույթը տեղի  է ունենալու  ԱԺ-ում։

Չէր կարելի,  իրոք, մեր նկատառումներով,  բավականին լուրջ  քաղաքական   ճանապարհ  անցած քաղաքական  գործչին   ձեռնտու պահով  բնորոշել եւ 2-րդ  դեպքում   ներկայացնել նրա  թեկնածությունը,  առավել  եւս, որ այս  ամբողջ  ընթացքում եւ՛  լրագրողներին, եւ՛  տարբեր  ամբիոններից մեր տեսակետն ասել ենք։  Ես կարծում եմ, որ Հրանտ  Խաչատրյանը  երբեք իր կյանքում, իր  քաղաքական գործառույթում  միջոց  չի  եղել,  միշտ  պայքարել է նպատակների համար։ Խնդիրը  հենց  դրան է վերաբերում, որ 2-3  ամիս  առաջ արդեն այդ  քննարկումները պետք է  սկսվեր։

Ասում  են, որ առաջարկել  են  քաղաքական  մեծամասնությանը,  որպեսզի  փոխզիջումային տարբերակ լինի։  Ե՞րբ,  որտե՞ղ  ենք  նստել, ամբիոնի՞ց  ենք  հայտարարել,  ժողովրդին  ենք  հայտարարել, մենք պետք է լսեի՞նք։ Դա  երկարատեւ  քննարկումների արդյունք պետք է լիներ, ինչպես  եղավ  Արմեն  Հարությունյանի դեպքում։  Մենք  բավականին լուրջ  քննարկումների արդյունքում ենք որոշել դա։ Բնական է, որ  մեր  որոշումը  չենք  փոխելու,  մանավանդ «Հանրապետական»-ը, այդպիսի  դեպք  չի  եղել, երբ  որոշի  եւ հետո  պետք է   փոխի  որոշումը, որովհետեւ  այդ  որոշումը  ձեռնտու   վարիանտով  կամ,  չգիտեմ, ինչ-որ  այլ  վարիանտների   արդյունք  չէ։  Դա   եւ՛   քաղաքական   բնութագիր ունի, եւ՛   մոտեցումներ ունի,  եւ՛   սկզբունքներ ունի։  Բանը  հասավ  նրան, որ   երբ   լրագրողները   հարցնում էին՝  դե՞մ  եք  Հրանտ  Խաչատրյանին, ասում  էին՝  ոչ,   բայց  կողմ  ենք  Արմեն Հարությունյանին։   Ես կարծում եմ, որ ոչ  թե այսօր  պետք է տրտնջալ  եւ փորձել դրանով  ապացուցել, որ  ժողովրդավարությունը  Հայաստանում որտեղից  կսկսվի, այլ   պետք է  մտածել  հենց այն  գործընթացների  մասին, որը  չկարողացավ  ապահովել ինքը՝  ընդդիմությունը։   Մեր  թեկնածուն  Արմեն Հարությունյանն է։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Արտահերթ  ելույթի  համար  ձայնը  տրվում է Աժ  փոխնախագահ Տիգրան Թորոսյանին։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հարգելի  գործընկերներ,  ես  լիովին  համաձայն  եմ  այն  պատգամավորների  հետ, որոնք   ասում են, որ   շատ  կարեւոր  հարց է  քննարկվում  մեր  երկրի համար այսօր, այստեղ։   Բայց  երբեմն-երբեմն  այդ  կարեւորությունն  անգամ ընդգծելուց հետո չի  նկատվում  հարցադրումների   մեջ,  որովհետեւ, ցավոք  սրտի, սկսվում են  փոխադարձ  մեղադրանքներ։   Ես համաձայն եմ իմ   գործընկերոջ  հետ,    այո,  որ  սա   քաղաքական  ամբիոն է,  ամենակարեւոր քաղաքական  ասպարեզ է,  բնականաբար, պետք է լինեն քաղաքական հարցադրումներ։   Լիովին համաձայն եմ, որ  որեւէ  մեկը կասկած չպետք է ունենա,  ոչ    էլ  միմյանց  պետք է մեղադրենք քաղաքական հարցադրումների մեջ։ Նման հարցի քննարկման  ժամանակ մեղադրանքները, հարցերի նենգափոխումները եւ այլն,  բացարձակապես  տեղին չեն։

Մի կողմից  մարդիկ հայտարարում են, որ  մեծ  հարգանք  ունենք, շատ  գնահատում ենք Արմեն  Հարությունյանին,  մյուս կողմից, ասում են՝  քանի   որ  Քոչարյանի թեկնածուն է, ուրեմն  չպետք է պաշտպանել եւ այլն։  Այստեղ  Քոչարյանը  ոչ  մի կապ  չունի, եւ  անկախ  այն  բանց,  թե  կոալիցիայի  կուսակցությունները խորհրդակցություն ունեցե՞լ  են, թե՝  չեն ունեցել Հանրապետության  Նախագահի հետ, դրանից  Սահմանադրության որեւէ  կետ եւ որեւէ  հոդված չի  ոտնահարվում եւ  չի  խախտվում։  Սա  բացարձակապես այլ  բան է, հարգելի գործընկերներ, այնպես  որ,  եկեք, իսկապես,  չնենգափոխենք  այն, ինչ   կա։   Իրական գործընթաց   գոյություն ունի,  առաջադրվել են թեկնածուներ, եւ  համոզված եմ, որ քննարկումն էլ  այդ  ուղղությամբ  պետք է գնա։

Ես  կողմնակից  եմ  շախմատին, բայց  շախմատը  շատ կարեւոր է,  որ  լինի ո՛չ  այս  դահլիճում, այս  դահլիճում  պետք է   քաղաքական գործընթացներ լինեն։  Ես  գտնում եմ, որ շատ  լավ  գաղափար է, կարող ենք նաեւ  շախմատի հետ կապված   փորձել  հանդիպել մեր  գործընկերների  հետ։  Օրինակ՝  կոալիցիան եւ ընդդիմությունը, կամ   տարբեր  տարբերակներով։ Կուսակցությունները կարող են ընդհանուր թիմեր ունենալ եւ  շատ   լավ մրցություն  կստացվի,   բայց  շախմատային մոտեցումները,  չեմ կարծում,  որ քաղաքականության մեջ առանձնապես կարեւոր նշանակություն ունեն։

Հաշվեհարդար  Լարիսա Ալավերդյանի նկատմամբ  եղե՞լ է, թե՝  չէ։  Մի՞թե  երբ  որեւէ մեկը   թեկնածու է առաջադրում, հետո ինքը պարտավորված է այդ նույն մարդուն հաջորդ  ընտրության ժամանակ առաջարկել։ Ես կարծում եմ,  բացարձակապես։    Եվ  եթե  մեկին չեն  առաջադրում, մեկ  ուրիշին,  սա  չի նշանակում  հաշվեհարդար  են տեսնում կամ վատ  վիճակի  մեջ  են  դնում։  Շատ  ընդունելի տարբերակ է նաեւ՝  ընտրել ավելի լավ  թեկնածուի եւ առաջադրել ավելի լավ թեկնածուի, որը  ինչ-ինչ  հարցերում կունենա ավելի լավ  հատկանիշներ։  Այս պարագայում, կարծում եմ,  չարժե նման  ձեւակերպումներ տալ՝  հաշվեհարդար եւ այլն։   Եթե  իսկապես  չառաջադրելը հաշվեհարդար էր,  բայց մեր ընդդիմության  գործընկերներն էլ, որ  խոսում  էին  Լարիսա Ալավերդյանի մասին եւ այլն, իրենք էլ կարող էին  առաջադրել։    Ես  բնավ  չեմ մտածում, որ   երբ  մեր  գործընկերները  չէին  առաջադրում ո՛չ  1-ին, ո՛չ  2-րդ  անգամ  Լարիսա  Ալավերդյանին,  միայն  մի  նպատակով, որ իր նկատմամբ  հաշվեհարդար   տեսնեն։

Ինչ  վերաբերում է  ժողովրդավարությանը, ապա  ժողովրդավարությունը,  ցավոք  սրտի, մեկ  ընտրությամբ  չէ, որ   իրականանում է  կամ  չի իրականանում,  սա  շատ  ավելի  բարդ,  խորը  գործընթաց է։  Համաձայն եմ, որ մարդու իրավունքների գործունեությունն ուղղակիորեն դրան  առնչվելու է։  Այս  առումով  երկու կարեւոր հանգամանք  կա, որ  պետք է  հաշվի առնենք։   Անկախ  այն  բանից, թե  այսօրվա մեր  երկու թեկնածուներից ո՞վ  կընտրվի  ընտրության  արդյունքում, ես  հուսով  եմ, որ  այսօր, իսկապես,  ընտրությունն արդյունավետ  կլինի։ Մենք պետք է  թեկնածուից  պահանջենք  այն  հատկանիշները,  որոնք  ձեւակերպված են  «Մարդու  իրավունքների  պաշտպանի մասին»  օրենքով, որոնք  հանրահայտ են։ Սա առաջին  հանգամանքն է,  որ պետք է  ցույց տա, թե   Հայաստանում  ժողովրդավարությունը եւ  Մարդու իրավունքների ինստիտուտն ինչ մակարդակում է։

Եվ 2-րդ՝  համոզված եմ,  որ  ժողովրդավարության  դրսեւորումը կլինի լիարժեք  մրցակցության ապահովումը, եւ  մրցակցության պայմաններում  ընտրությունը։

Պետք  չէ  թեկնածուներից   որեւէ մեկի մասին   վատ  արտահայտություններ անել, ո՛չ  էլ  փորձել ինչ-ինչ  արտահայտություններով   ներկայացնել։  Երկուսին էլ  շատ լավ  գիտենք։ Հրանտ  Խաչատրյանին  ես իմ  ընկերն  եմ համարում,  վաղուց, շատ  վաղուց եմ  ճանաչում։  Ես ինքս  որեւէ կարիք  չեմ  զգում, որ  որեւէ  մեկը    Հրանտ  Խաչատրյանի  հատկանիշներն  ինձ  ասի։   Ես այդ  հատկանիշները գիտեի  շատ  ավելի  վաղ, քան  որոշ մարդիկ  Հրանտ  Խաչատրյանին  ճանաչում  են։ Բայց  այսօր մեր  ամենակարեւոր  խնդիրն է՝  ապահովել  լիարժեք   մրցակցություն,  լիարժեք  ընտրություն եւ այդ  ընտրության  արդյունքում  ունենալ  Մարդու իրավունքների  պաշտպան։  Անշուշտ   մեկ  հանգամանք  կա, որը նույնպես  աչքաթող  չպետք է արվի։  Ես կարծում եմ, որ  մենք  մեր   գործընկերոջը, անկախ  որեւէ  բանից, անկախ  ընտրության արդյունքներից, Հրանտ  Խաչատրյանին պետք է մեր շնորհակալությունը հայտնենք  առաջադրվելու համար,  որովհետեւ այդ  առաջադրումը,  այս  ընտրությունն  անկասկած  հարստացրեց, որովհետեւ այն ապահովեց  մրցակցություն,  որը  չափազանց կարեւոր է։  Շատ   կարեւոր է,  որ  Հայաստանում  մրցակցություն լինի եւ ընտրության  ժամանակ  արդար  մրցակցություն լինի։  Ի  վերջո, այն  աքիլլեսյան  գարշապարը, որից  մենք   մեր  երկրի հետ կապված   միշտ  դժգոհում ենք, արդար  մրցակցության հետ կապված լուրջ  թերություններն  են։ Ես համոզված եմ, որ  ժողովրդավարության օգտին կլինի ոչ  թե  այն  բանը, թե ո՞վ  կընտրվի կամ  ո՞վ  չի  ընտրվի,  ժողովրդավարության   օգտին կլինի անթերի  գործընթացի  ապահովումը։  Հուսանք,  որ  դա կլինի նաեւ  հետագա ընտրությունների համար  լավ  հիմք,  որովհետեւ  Հայաստանը թերություններով  ընտրություններ  անցկացնելու այլեւս  որեւէ իրավունք չունի։ Հայաստան  ասելով,   բնականաբար,  ես նկատի ունեմ  ոչ  թե  մեր քաղաքացիներին, որոնք  գալիս  եւ  քվեարկում են, այլ  քաղաքական  ուժերին, որոնք  պատասխանատուն  են  ընտրությունների  որակի  համար։   Այնպես  որ,  կարծում եմ,  ճիշտ  կլինի,  այն  բոլոր  մեղադրանքները,  որոնք  հնչեցին,  մի կողմ  թողնենք այն  փորձերը, այս  կամ  այն  թեկնածուին ուղղակի կամ  անուղղակիորեն ինչ-որ  բանում մեղադրելու,  մի կողմ  թողնենք, ապահովենք  լիարժեք  մրցակցություն,  որպեսզի  հնարավորություն ունենանք,   այն  թեկնածուին,  որը կընտրվի,  բաց  ճակատով  շնորհավորել եւ  նրանից  պահանջել հետագայում այնպիսի  գործունեություն, որի համար ԱԺ-ն  չամաչի՝ որպես նրան  ընտրած  կառույց։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Արտահերթ  ելույթի համար  ձայնը  տրվում է ԱԺ նախագահ  Արթուր  Բաղդասարյանին։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Հարգելի   գործընկերներ,  ես  ցանկանում եմ  խոսել  մի  քանի   իրողությունների   մասին, ուզում եմ նաեւ  հորդորել,  որպեսզի  մենք  կարողանանք, իրոք, ըմբռնումով  մոտենալ  այն  քննարկումներին, որոնք  տեղի են ունենում այս  դահլիճում։ Ժողովրդավարությունը դա  գործընթաց է,  ժողովրդավարությունը դա  բարի ցանկություններ  չեն։ Լավ  Հայաստան էլ  լավ  խոսքերով  չեն կառուցում, լավ  Հայաստան կառուցում  են  ամենօրյա  հետեւողական աշխատանքով։ Շատ ենք  խոսում  բազմակարծությունից,  շատ ենք  խոսում  այս  դահլիճում  ժողովրդավարությունից,  ազատությունից եւ այն  լավ   արժեքներից,  որոնց մենք    ձգտում ենք,  ձգտում են  բոլոր   այն երկրներն ու հասարակությունները,      որոնք  ուզում են  ապրել  հանդուրժողականության մեջ,  որոնք  ուզում են  ապրել  փոխադարձ  հարգանքի մեջ,  իրենց  երկրներն ու  տնտեսություններն  առաջնորդեն դեպի  առաջընթաց ու  բարգավաճում, այլ ոչ թե  դեպի  հետ։   Հիմա  այս  ճանապարհին մենք  ձեզ հետ միասին գտնվում  ենք  բավականին հետաքրքիր ու  կարեւոր քննարկման    մի  գործընթացում,  փորձում ենք  ընտրել Մարդու  իրավունքների  պաշտպան, եւ մենք առաջին անգամ  դա պետք է  կատարենք  ԱԺ-ում։   Եվ   այս  ընտրության  գործընթացում   առաջադրվել են  երկու  թեկնածուներ։  Ես  հորդորում եմ  բոլորին, որ  մենք  հլա  երեխան  չծնված, չթաղենք։   Այսինքն՝  խոսքը  վերաբերում է  այն  ինստիտուտին,    որը  մենք  փորձում  ենք  ստեղծել  ձեզ  հետ  միասին։ Առաջին  անգամ ԱԺ-ն  ստացել  է իրավասություն՝  կատարելու  ընտրություն։ Այստեղ  խոսում   են  հաթաթաներից,  Քոչարյանը  վախեցրեց,   կանչեց, հաթաթա....  ուրեմն, այդ   ժամանակներն  անցել  են,  ոչ  մեկ, ոչ    մեկի  չի  վախեցնում,  յուրաքանչյուր  քաղաքական կազմակերպություն ունի  իր   սկզբունքային  մոտեցումներն  այս  կամ  այն  խնդիրների հետ կապված։ Եվ  ԱԺ-ի  ամբիոնը նրա  համար է, որ այդ  քաղաքական  կազմակերպություններն իրենց  դիրքորոշումները հնչեցնեն եւ  պարտադիր  չէ,  որ այդ  դիրքորոշումները  բոլորի  սրտով  լինեն։ Հենց  դրա  համար  էլ  բազմակարծություն է,  որ  մի քաղաքական  ուժը կարող է ունենալ մի տեսակետ, մեկ  այլ  քաղաքական ուժ  կարող  է  ունենալ  բոլորովին  այլ տեսակետ։  Եվ այսօր  այստեղ խոսել, որ ընտրությունները կեղծվելու  են, եւ իրոք  ստվեր  կգցեն  մեր օրենսդիր  իշխանության հեղինակության  վրա, որը, ի  վերջո, ՀՀ-ի  հեղինակությունն է, ես   չեմ ընդունում։

Դուք   գիտեք,  որ  ես  խորը հարգանքով  եմ  վերաբերվում  Վիկտոր  Դալլաքյանին, քանիցս  այդ  մասին ասել  եմ, բայց նաեւ  դիմում  եմ  իմ  գործընկերոջը, իրոք հորդորով  եւ   նաեւ  բոլոր այն  ելույթ ունեցողներին, որոնք   այս  թեմային  անդրադարձան, որ  իրոք,  եթե  մենք  ընտրում ենք,   բերեք,  դեռ  ընտրությունը  չկազմակերպած, չասենք,  որ  դա  կեղծված է, որ  այդ  ընտրություններն  այս  երկրի  հերն  անիծելու են եւ այլն։ Հայաստանում 1995 թվականից   հետո  բոլոր ընտրություններից  առաջ,   նախագահական եւ խորհրդարանական,   հայտարարվել է,  որ  ընտրությունները  կեղծվելու են։   Դրա  արդյունքում բոլոր ընտրություններից հետո  մեր  երկիրը  միջազգային կառույցներում  խայտառակ է  եղել։ Հիմա  մենք,  պրն  Սադոյան,  խնդրում եմ  չխանգարել.....ճիշտ է,  բոլորը կեղծվել  են,  բայց   հիմա  մենք այս  երկրում պետք է   փորձե՞նք  նորմալ  ավանդույթներ  ձեւավորել,  թե՞  ամեն ինչ  բացասական էմոցիաներով,  բացասական հոսքերով  տանենք  առաջ։

Լավ,  մենք   ստեղծում ենք   Մարդու  իրավունքների    պաշտպանի  ինստիտուտ,  ո՞րն է սրա նպատակը, որ  ձերբազատված լինի քաղաքական ծայրահեղություններից, քաղաքական  կոնյունկտուրայից, իրոք լինի  գործիչ,  որը կարողանա պաշտպանել   մարդու իրավունքները,  որովհետեւ մարդու  իրավունքները   դրանք  սոսկ  բարի ցանկություններ  չեն, մարդու իրավունքները դրանք մարդկանց հոգսեր են,  տառապանքներ են, կոնկրետ  դրսեւորումներ են, որոնք կապված են կոնկրետ   մարդկանց, կոնկրետ ընտանիքների, կոնկրետ  դրսեւորումների  երեւույթների հետ։  Եվ  ես  կարծում եմ,  որ այն  ընտրությունները, որ մենք  պետք  է կատարենք, այո,  պետք է կատարենք  բաց  հրապարակային  եղանակներով։

Ես  հայտարարեցի, որ քվեատուփը լինելու է  բաց,  թափանցիկ, որ այն  վարագույրը որ  կա,  հանվելու  է, որ  յուրաքանչյուր պատգամավոր քվեարկում է իր  խղճին, իր   համոզմունքներին համապատասխան։   Յուրաքանչյուր  քաղաքական կազմակերպություն հստակ  այս  ամբիոնից ներկայացնում է իր  դիրքորոշումը, ուրեմն  մենք պարտավոր ենք հարգել  քաղաքական  ուժերի  դիրքորոշումները։  Ուրեմն,   1 գիծ է,  4  գիծ է, 10  գիծ է, պրն  Սադոյան, ուրեմն, ահաբեկելով  ու  հաթաթաներով առաջ  չենք կարող  գնալ։  Կան  սկզբունքներ,  կան  որոշումներ, կան  լրատվական միջոցներ, խնդրեմ,  թող նկարահանեն, ով,  ոնց է քվեարկում։  Եվ  պետք է  սովորենք, մարդիկ հստակ  տղամարդկային  կեցվածք  պետք է ունենան, դե՞մ  ես,  կանգնի ասա,  դեմ  եմ  քվեարկել, կո՞ղմ   ես, կողմ  եմ  քվեարկել։   Հիմա  քաղաքական ուժերը հստակ իրենց  դիրքորոշումները ներկայացրել են,  երկու թեկնածուներն էլ ունեն  բավարար  չափով հարգանք ու հեղինակություն։  Այդ մասին, կարծում եմ,  քիչ  չի  խոսվել այս  դահլիճում։

Հիմա  պետք է  փորձել  այդ  քվեարկությունը կազմակերպել։ Իմ ելույթը պայմանավորված է այն  մտահոգությամբ, որ մենք  դեռ ընտրությունը  չկազմակերպած, չասենք նորից այն, ինչ-որ  ասել  ենք 10 տարի,  որովհետեւ  դրանով մենք մեր երկիրն  ենք  խայտառակ  անում։    Կապ  չունի, ենթադրենք՝  ընտրվում է   Հրանտ  Խաչատրյանը, ինչի՞  ենք  Հրանտ    Խաչատրյանին   չընտրված,  արդեն ասում,  որ կեղծ  ես  ընտրվել, կամ  Արմեն  Հարությունյանը։

Ես,  ուղղակի,  ընդունելով  բոլոր այն առաջարկությունները,   որ  հնչեցրեցին, իմ  կարծիքով, խնդրեմ,  բաց  քվեարկություն թող տեղի ունենա, բայց,  բերեք, մենք  մի  անգամ մեր  երկրում  աստիճանաբար  այդ  ավանդույթներն  արմատավորենք,   որովհետեւ, նորից  եմ կրկնում, լավ   խոսելով  լավ  հայրենիք  չեն  կառուցում։   Ես կարծում եմ, որ  այս  քննարկումները  նաեւ   հենց այն  առողջ դրսեւորման  արգասիքն է,   որ  տեղի  է ունենում   Հայաստանի  խորհրդարանում,  որ  յուրաքանչյուր քաղաքական  ուժ  իր  դիրքորոշումը  ներկայացնում է։   Թե  հիմա  ո՞վ,  ի՞նչ  չափանիշներից  ելնելով է  ներկայացնում իր  դիրքորոշումը,   դա  էլ  արդեն այդ  քաղաքական   ուժի  գործն է, եւ  թողեք,  թող  ժողովուրդը  գնահատի,   արդեն  այդ  քաղաքական  ուժը,  եթե  արտահայտել է  դիրքորոշում,   այդ  դիրքորոշման  արդյունքում ինքը կունենա  ժողովրդի   հավանությու՞նը,  թե՞  հակակրանքը։

Ես  կոչ  եմ անում  բոլորին,  իրոք,  կազմակերպենք   այնպիսի  քվեարկություն, որը  պատիվ  բերի մեր  երկրին, պատիվ  բերի մեր խորհրդարանին, պետիվ  բերի մեր  ազգին։  Բերեք  միասին   մի  պահ կանգ  առնենք, ընկերներ, կանգ  առնենք,  դադարենք մենք  մեզ, մեր  երկիրը, մեր պետությունը վարկաբեկելու  գործընթացը։  Թող ամեն  մարդ  իր  սկզբունքով, յուրաքանչյուր  քաղաքական ուժ  ինքն  իր    հոգու  խորքից, իր   արտահայտած  հրապարակային դիրքորոշմանը համապատասխան,  կարողանա   գնալ  առաջ եւ  իր  դիրքորոշումների  համար  հստակ կարողանա  նաեւ  հանրությանը պատասխան տալ։

Հակառակ  պարագայում ես  ձեզ  ասեմ, խոսում  ենք 2007  թվականի   ընտրությունների մասին, խնդրեմ, ցույց  տվեց նույն  հանրաքվեի  գործընթացը, որ մենք Ընտրական օրենսգրքում   լուրջ   փոփոխություններ  անելու  անհրաժեշտություն ունենք, երբ  որ մեկը  նստում էր  անձնագրի  վրա, անձնագիր ստուգող  էր, չգիտեմ,  Ապարանից  գալիս  էր,  Շենգավիթում    քվեարկում էր  կամ  ընդհակառակը։    Բերեք,  աշխատենք  միասին,  ստեղծենք  նորմալ  Ընտրական օրենսգիրք, բերեք,  խստացնենք  պատասխանատվությունն ընտրական   հանցագործությունների նկատմամբ,  բերեք, տեր կանգնենք   տեղամասերում,  կռիվ  տանք  օրինական  քվեների համար, թե  չէ  բարի ցանկություններով  ոչ  մի  բանի հասնել  չենք կարող։  Եվ այսօր մենք շատ կարեւոր մեկնարկ  ենք  տալիս այս   դահլիճում, մեկնարկ  ենք  տալիս,  միասին  ընտրելով    Մարդու  իրավունքների    պաշտպան։  Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հարգելի   պատգամավորներ,  մտքերի  փոխանակությունն ավարտվեց,  բոլորի տեսակետները հնչեցին։ Մենք   հիմա  կլսենք Մարդու  իրավունքների  պաշտպանի   պաշտոնին  հավակնող  երկու թեկնածուների եզրափակիչ   ելույթները։ Խնդրեմ, պրն  Խաչատրյան, ամբիոնի մոտ։

Հ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Սիրելի  հայրենակիցներ,   սիրելի  գործընկերներ, այս  պահին  միակ  մտավախությունս  այն է,  որ 10  րոպեում  չեմ  հասցնի անել այն, ինչ  որոշել եմ։   Մենք  ձեզ  հետ  գործի  կեսից ավելին արդեն արել ենք  նախորդ նիստում։ Մենք  ձեզ հետ  արդեն  վառել ենք  հույսի  փարոսները։  Եվ  պետք է հատուկ  նշեմ, որ  դա  արվել է  ոչ  միայն ընդդիմության  խոսքերից  ելնելով,  այլ  մարդիկ  այդ  փարոսների արձագանքը  տեսել  են կոալիցիոն  եւ  անկախ խմբերի ներկայացուցիչների  աչքերում, այն  ջերմ  խոսքերում, որոնց մեջ  անկեղծություն են տեսել։   Ես  ձեր  առաջ  անկեղծ  եմ  եղել եւ  անկեղծ  պատասխան եմ ստացել։  Եվ    տիրապետելով  քաղաքական  զինանոցի  բոլոր  զենքերին, այսօր  ինձ  հետ  վերցրել եմ  միայն անկեղծությունը։

Մենք  ի՞նչ  ենք  արել նախորդ նիստում։ Մենք կարողացել  ենք  օրենքում  գրված բարձր նշաձողը 79  չարաբաստիկ  թվից  վերածել  մի  գաղափարական նշաձողի, որն  ավելի  բարձր է  եւ ավելի   ուժեղ։   Ես այսօր  համոզված եմ, որ  այդ նշաձողն  այլեւս  չի   կարող  հաղթահարել  ո՛չ  կոալիցիայի  թեկնածուն եւ  ոչ  էլ  միացյալ  ընդդիմության թեկնածուն։    Այդ նշաձողը կարող է հաղթահարել միայն խորհրդարանի միացյալ  թեկնածուն։  Ասելով  այդ  ամենը, ես  Արմենին  հրավիրում եմ միասին հաղթահարելու այդ  բարձր նշաձողը։   Մի՛ կարծեք, որ ինձ համար հեշտ է եղել անել  այն, ինչ որ արել  եմ։ Միամտություն կլիներ մտածել,  որ մենք  կվերադառնանք  այս  դահլիճ նույն  տրամադրություններով, ինչ որ  դա ունեցել ենք  նախորդ  նիստի  վերջում։   Սառը  դուշեր  ստացել  եք  եւ՛  դուք, եւ՛ մենք։  Միայն  զանգվածային հուսահատությունը  բավարար է,  որպեսզի մեր տրամադրությունը անկում ապրեր, բայց  ես  հիմա  նորից  կաշխատեմ  ձեզ  հետ միասին։ Մենք  նորից  մի  աստիճան  եւս  կբարձրացնենք այդ  տրամադրությունը։

Ինձ  համար, այո,  դժվար էր  ընդդիմության  բանկից հանել  իմ  քաղաքական  ողջ   կապիտալը եւ  դնել  խորհրդարանի  բանկում, մթնոլորտի  առումով  շատ  դժվար էր։ Ես  գիտեի,  որ  ես էլ  եմ  դժվար  հաղթահարելու   այդ  խնդիրը, եւ   խորհրդարանն էլ է  դժվար  հաղթահարելու։   Այդ  դժվարությունը հաղթահարելու   ճանապարհը ես տեսա՝  ոգեկոչելու  եւ  դիմելու Մովսես  Գյորգիսյանին,  Աշոտ  Նավասարդյանին, Սամվել  Շահմուրադյանին,  Արթուր  Մկրտչյանին,  Վիգեն  Շիրինյանին,  Լեոնիդ  Ազգալդյանին եւ Շահեն  Մեղրյանին։   Ես այս   անուններն  առանձնացնում եմ միայն այն առումով, որ  նրանց հետ  անձնական շատ  մոտիկություն  եմ ունեցել եւ  նրանց  գաղափարական  ընկերներ եմ համարել, կիսվել  եմ  նրանց հետ։   Եվ  նրանցից, պատկերացրեք, բոլորն իրենց  ֆիզիկական  վախճանն  զգալով, ինձ  պատգամել են   շարունակել  գաղափարական  աշխատանքն այնպես,  ինչպես որ իրենք  են  պատկերացրել։    Դիմել  եմ,  եւ նրանք  եկել  են մեզ  բոլորիս օգնության։   Ես չեմ համարձակվել  դիմել   Գարեգին  Նժդեհին,  բայց իմ կարծիքով, նա  էլ  է  եկել  մեզ  օգնության։ Եվ  մենք  այսօր քննարկումները նորից պետք է անցկացնենք այդ  մթնոլորտում, իմ մեղքով,  համենայն  դեպս, այդ  նշաձողը  չի  իջնի։

Այսօրվա  ելույթիս  թեման լինելու է քաղաքական չեզոքության թեման։  Երեկ ես  խմբակցությունում  հարցը  դրեցի եւ աջակցություն  ստացա։  «Արդարություն»  խմբակցությունը հավանություն է տվել իրենց հետ  նախօրոք  չհամաձայնեցրած  իմ  այն  թեզին, որ    Մարդու  իրավունքների  պաշտպանը պետք է լինի  քաղաքականապես  չեզոք։    Եվ  այստեղ  ես  չեմ ուզում  համաձայնվել   քաղաքական  կոնյունկտուրային  վերաբերող, իմ  նկատմամբ  արված ակնարկներին։ Ես  նույնիսկ ունեմ  քաղաքական չեզոքության  գրավոր   վկայական,  ես  այդ  վկայականը շատ  թանկ եմ  գնահատում։

Քաղաքական  այն  սուր   հակամարտության  պայմաններում, երբ  քաղաքականապես ոչ  մի   համաձայնության  եզր  չէին  գտնում, «Երկրապահ»  կամավորական   միության հիմնադրման առիթով  Վազգեն  Սարգսյանն ինձ  ուղարկել  էր  բանակի  գործում  ներդրումներ ունենալու պատվոգիր։ Այդ  պատվոգիրը ես  պահում եմ  որպես  քաղաքական  չեզոքության  վկայական եւ այսօր  ասում եմ, որ այդ    վկայականը  ես ունեմ։  Քաղաքական   չեզոքության  վկաներն են  ամբիոնին նստած  բոլոր  մեր  գործընկերները՝  Վահան   Հովհաննիսյանը,  Տիգրան  Թորոսյանը, պրն  Բաղդասարյանը,  բոլոր կոալիցիոն եւ ոչ  կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները։  Ինձ  համար  չափանիշ  չի  եղել, թեեւ  արդեն խոստովանել եմ,  քաղաքական  խաղերի մասնակից  եմ  եղել։   Ես այսօր  արդեն հանդես եմ գալիս  ձեր առաջ ոչ թե  ընդդիմության թեկնածու, այլ   ընդդիմության  առաջադրած թեկնածու։  Ես  ձգտում եմ, հայցում եմ  ձեր  մեծահոգությունը՝  դառնալ խորհրդարանի միասնական թեկնածու։

Հարգելի պատգամավորներ, գուցե  այն  պահն է  եկել, որ մենք աշխարհում մնացել ենք մենակ, ոչ  միայն հայերս, այլ   Հայաստանում ապրած  բոլոր  ազգային եւ  կրոնական փոքրամասնությունները։ Գուցե  եկել է այն  պահը, որ մենք   պետք է  բարոն Մյունհաուզենի նման ինքներս  մեր  մազերից  բռնած  դուրս  հանենք  մեզ  ճահճից։  Դա  շատ  գեղեցիկ  ֆանտազիա  է։ Դա  իրականություն  չէ,  դա իրատեսական  չէ, բայց  դա մեզ համար  մի  փարոս է,  որը   կարող  է  մեզ   համար  ճանապարհ  ցույց  տալ։  Եկել  է այն  պահը, որ  մենք   Անտուան  Սենտ Էքզյուպերիի  նման,  անտեսելով  մեր  շրջապատի ամբողջ աղտը, ասենք, որ   ամեն ինչ  գնում է  դեպի  լավը,  աշխարհներից այս լավագույնում։   Եկել  է այն  պահը,  որ մենք  պետք է հավաքենք  մեր բոլոր  բարոյական  ուժերը,  ոչ  թե  քաղաքականությունը  փոխենք, ոչ  թե  ընդդիմությունը  փոխի իր քաղաքական  նպատակները կամ մեծամասնությունը  փոխի  իր քաղաքական նպատակները, այլ  քննարկումների մակարդակին  տանք  մի  նոր  բարոյահոգեբանական որակ, դրանով  ստանալով  մեր  ողջ  ժողովրդի  աջակցությունը։

Սիրելի  ընկերներ, այս  անգամ  արդեն  օգնության կանչելով   Կարեն  Դեմիրճյանին եւ  Վազգեն   Սարգսյանին,  ես  ձեզ  առաջնորդում  եմ  դեպի  քվեարկություն։   Շնորհակալություն։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հաջորդը՝  ամբիոնի  մոտ  եզրափակիչ  ելույթի համար   հրավիրվում  է  Արմեն  Հարությունյանը, խնդրեմ։

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Հարգելի ԱԺ  նախագահ,  ԱԺ  նախագահի տեղակալներ,  հարգելի պատգամավորներ, ես  այս   քննարկումների ընթացքում   ներկայացրեցի իմ  հիմնական  մոտեցումները՝  կապված   Մարդու  իրավունքների  պաշտպանի  ինստիտուտի հետ, մի  երկու  նկատառում  եւս  եւ  դրանով  կվերջացնեմ։   Ես, ճիշտն  ասած,   կարծում էի,  ինչպե՞ս  էի  ես մտածում, ինչպե՞ս  էի  ես հասկանում,  Մարդու  իրավունքների  պաշտպանի  ինստիտուտը համարում էի, որ Մարդու  իրավունքների  պաշտպանը  պարտադիր  քաղաքականությունից, անպայման, դուրս  եղած մարդ  պետք է լինի։  Այստեղի  ելույթներն ինձ  ցույց  տվեցին, որ  դա  այդպես էլ  կա, որովհետեւ  քաղաքականությունից ներկայացված թեկնածուն, ըստ էության, խոսում էր  քաղաքական   չեզոքության   մասին, որով ինքը,  իրոք, անուղղակի ապացուցեց, որ իրոք քաղաքականության միջի մարդը  չպետք է Մարդու  իրավունքների  պաշտպան լինի,  որովհետեւ  եթե  դու  քաղաքականության մեջ  ես եղել, դու  քաղաքական  կարիերայով  ես  զբաղվել, գիտակցաբար  չէ, ենթագիտակցաբար  կարող է Մարդու  իրավունքների  պաշտպանի ինստիտուտը փորձես,  քաղաքական  դիվիդենտների ծառայես, եւ այդ  օրվանից Մարդու  իրավունքների  պաշտպանի  ինստիտուտը կդադարի   այն   նպատակին ծառայել,  ինչին  որ նա  պետք է ծառայեր։   Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, մենք  պետք է իրար հետ համաձայնվենք,  որ  մարդը  երկար տարիների   ընթացքում  դրսեւորում է իրեն       ինչ-որ  մի  բնագավառում։  Այնպես  չէ,  որ   այսօր  ես քաղաքականության մեջ  եմ,  մի  ձեւով  եմ  դրսեւորվում,   վաղը  քաղաքականության մեջ  չեմ, այլ  ձեւով  եմ դրսեւորվում։   Ես, համենայնդեպս, այդպես  էի  մտածում  եւ  միշտ  քաղաքականությունից  դուրս  եմ եղել եւ այդ  տեսակետից միգուցե  նաեւ   քաղաքական  չեզոքության     վկայականի կարիք էլ  չեմ ունեցել։

Շատ  էր  խոսվում նաեւ  քաղաքական  կազմակերպությունների մասին,  որոնք  շատ կարեւոր  դեր են   խաղում  հասարակությունում, բայց այստեղ էլ  ես մի  համոզմունք  ունեի, որ  այդ  հասարակական կառույցները քաղաքացիական հասարակության   բաղկացուցիչ  մասն  են   կազմում, նրանք   համագործակցում են պետական ապարատի հետ, շատ  դեպքերում հակադրվելով։    Այստեղ  մի  քիչ  այլ հոգեբանություն է պետք, Մարդու  իրավունքների  պաշտպանը,  ըստ  էության,  քաղաքացիական   հասարակության  եւ  պետական ապարատի միջեւ միջնորդ եւ  հաշտարար ինստիտուտ է,  ավելի շուտ։  Նա պետք է նաեւ  այդ  հասարակական կառույցների  գործունեությունից էլ ինչ-որ տեղ դուրս  գտնվող մարդ  լիներ։ Միգուցե  ես  սխալվում  եմ,  բայց  սա էր  իմ մոտեցումը, եւ  եթե  ես այդպես  չմտածեի,   իմ  կողմից անկեղծ   չէր լինի,  եթե  ես  գայի եւ այս  ամբիոնից ելույթ ունենայի, որովհետեւ, կարծում  եմ,  այս   ԱԺ-ի  հետ այս  երկար  տարիների  համագործակցության  ընթացքում   առիթ  չեմ տվել, որ որեւէ   մեկը կասկածի իմ  հարգանքը  թե՛    ԱԺ-ի  նկատմամբ, որպես  ընդհանուր ինստիտուտի, եւ ամեն մի պատգամավորի նկատմամբ։

Ընդամենը ես  կարող եմ մեկ   բան ասել, որ  հասկանում եմ իհարկե  ձեր պատասխանատվությունը  կարեւոր  ինստիտուտի  վերաբերյալ։  Հավատացնում եմ  ձեզ, որ  գիտակցում եմ  նաեւ  իմ  պատասխանատվությունը     թե՛  ինստիտուտի նկատմամբ, թե՛   նաեւ   ձեր  նկատմամբ,    որովհետեւ  եթե հանկարծ  վստահվի  այդ ինստիտուտը ինձ,  ես   հասկանում եմ, որ պետք է  ձեր  վստահությունը   ես  բարձր  պահեմ եւ  թույլ  չտամ, որպեսզի որեւէ   պատգամավոր երբեւիցե փոշմանի այդ  ընտրության համար։    Միայն   ես կարող եմ մեկ  բան  ասել, որ  Մարդու  իրավունքների  պաշտպանի  ինստիտուտն այնպիսին է,  որ  միշտ  էլ,   եթե  մի հարց  լուծվի,  10-ը մնալու  է,  10  հարց  լուծվի, 100-ը  մնալու է, միշտ էլ  դա  շատ  բարդ  է լինելու։

Միայն  մեկ  բան կարող եմ ասել։  Եթե հանկարծ  ԱԺ-ի  մեծամասնությունն  այսօր  համապատասխան քվեարկի այն  ձեւով, որ, հանկարծ, այդ  պոստը  վստահվի  ինձ, ես ընդամենը   այդ  վստահությունը,  համոզված եղեք,  կփորձեմ շատ  բարձր պահել։     Այսքանը։  Շնորհակալություն։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։  Այժմ  կենտրոնական  խոսափողի մոտ է հրավիրվում  հաշվիչ  հանձնաժողովի նախագահ   Գագիկ  Մելիքյանը՝ քվեարկության մասին   տեղեկություններ հաղորդելու։ Այնպես որ, մեր նույնիսկ  որոշումն  անհրաժեշտ  չեղավ, որովհետեւ ժամանակ ունենք։  Խնդրեմ։

Գ.ՄԵԼԻՔՅԱՆ

-Շնորհակալություն։   Տեղի ունեցավ   ՀՀ  ԱԺ   երրորդ  գումարման  7-րդ  նստաշրջանի   ժամանակավոր  հաշվիչ  հանձնաժողովի 7-րդ  նիստը։  Օրակարգում  դրված էր Մարդու  իրավունքների  պաշտպանի  ընտրության կազմակերպման տեղի  եւ ժամի հարցը։   Հաշվիչ  հանձնաժողովը  միաձայն որոշում կայացրեց ընտրությունը կազմակերպել նիստերի  դահլիճին կից ճեմասրահում  ժամը 13.30 րոպեից մինչեւ  14.45  րոպե։ Այնուհետեւ  հաշվիչ  հանձնաժողովը  որոշեց՝    քվեարկության տուփը   փոխել   բաց  տուփով եւ  թափանցիկ  տուփով։

2-րդը՝   քվեախցիկից  հեռացնել  վարագույրները, պարտադիր  կարգով։   Ինչպես  բոլոր    ընտրությունների  քվեարկությունների ժամանակ, այնպես էլ  այս  անգամ   քվեախցիկներում կդրվեն գրիչներ պարտադիր կարգով։   Քվեարկությունը  անց է կացվելու.... կանոնակարգի,  խստիվ,   համաձայն, գաղտնի։  Քվեարկության  քվեաթերթիկները հաշվիչ  հանձնաժողովը  պատգամավորին է հանձնում՝ ցուցակում վերջինիս  ստորագրելուց հետո։  Պատգամավորը քվեաթերթիկը  լրացնում է   գաղտնի  քվեարկության  խցիկում, թողնելով  դրանում այն թեկնածուի  անուն եւ ազգանունը, որի  օգտին նա  քվեարկում է, եւ  ջնջելով մյուսի անուն ազգանունը։

Այլ  առաջարկություններ հաշվի  չեն առնվելու,  քվեարկությունը կազմակերպվելու է  խստիվ,  կանոնակարգի  համաձայն։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շատ լավ,  13.30-ին  կկազմակերպվի քվեարկությունը։  Վարման  կարգի հետ կապված՝  Վիկտոր  Դալլաքյան։

Վ.ԴԱԼԼԱՔՅԱՆ

-Ես  վարման կարգի հետ կապված   երկու  անգամ մեկ րոպե  ժամանակ ունեմ։  Ուրեմն,  կանոնակարգն ընթերցվեց,  ջնջում է  այն  թեկնածուին։   Ես  էլ  ասում եմ,  որ մի  գծով  պետք է ջնջի։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Պրն  Դալլաքյան, հիմա....

Վ.ԴԱԼԼԱՔՅԱՆ

-Մի  րոպե,  ես  վերջացնեմ։   Ես կխնդրեի ինձ  չընդհատել, ես  բոլորին հարգանքով  եմ  վերաբերվում, ուրեմն   ինձ  չընդհատեք։    Ես ասում եմ,  կանոնակարգում  նշված է՝  ջնջում է այն թեկնածուի անուն  ազգանունը,  ջնջում է։  Մենք  առաջարկում ենք՝  մեկ  գիծ է քաշում,  մեկ  գիծ։  Եթե  մեկ  գիծ  չեղավ, ուրեմն  կեղծում եք  ընտրությունները։  Հիմա  խոսացեք։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Արշակ  Սադոյան։

Ա.ՍԱԴՈՅԱՆ

-Բնական է, որ   կանոնակարգում  ամեն ինչ հնարավոր   չէ  գրել,  բա ինչի՞  համար է  հաշվիչ  հանձնաժողովը նիստ  անում,  եթե  կանոնակարգում ամեն ինչ գրված է։  Հաշվիչ  հանձնաժողովը  նիստ է անում եւ  նիստի արդյունքում հայտարարում է, ովքեր որ  դեմ են այս  թեկնածուին,  պետք է  մի  գծով  ջնջեն, ոչ թե  զիգզագ  գծերով։  Սա  ակնհայտ է։

2-րդը՝  քվեարկությունը  փակ  գաղտնի է։  Խնդիր է  դրվելու, անպայման, որպեսզի  ամեն  մի  քվեարկած պատգամավոր  ծալի, նոր  գցի եւ  ցույց   չտա   ոչ  մեկին իր քվեաթերթիկը։    Դրա  մասին   պարզ,  հասկանալի  պետք է  հայտարարվի այստեղ։ Եթե  դա   չի  հայտարարվում, ապա  նշանակում է, այսպես, նախօրոք  փորձեր են  արվում, ինչ-որ  ձեւի ճնշում  գործադրելու պատգամավորների վրա։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Արամ  Սարգսյան։  Ուրեմն ասեմ։ Քանի  որ  հայտարարվել է, ձեր  ելույթից հետո ձայնը  տալիս  ենք  Գագիկ  Մելիքյանին եւ  ավարտում ենք։

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

-Ես ողջունում եմ ձեր  ելույթում եղած  սկզբունքները, որ պետք է,  անպայման, անցկացնեն  թափանցիկ  եւ  արդար  ընտրություններ,  ուղղակի, ձեր  ուշադրությունը    մեկ անգամ  եւս հրավիրում եմ այն  փաստի  վրա,  որ  գրանցման  ժամանակ գրանցվեցին չեղած  պատգամավորների փոխարեն  նաեւ։

Եվ  2-րդը....

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Ներողություն, կոնկրետ անուն ազգանուն  ասեք,  ստուգենք։

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

-Ես   ցուցակով  հետո կնայեմ, կասեմ  ձեզ։   Ինչ  վերաբերում է այդ  գծիկին, ապա  պարզ է,  չէ՞ որ  տրամաբանությունն էլ է   պահանջում, որպեսզի մեկ  գիծ  լինի, այլ ոչ թե 10  գիծ լինի։   Դրա համար ես չեմ հասկանում, թե  դա ի՞նչ  սկզբունքային  խնդիր է,  որ չի կարելի  միանգամից համաձայնվել։   Պարզ  առաջարկություն է, մեկ  գծիկով  անցկացրեք։   Եթե  չկա  այդտեղ նշված, չգիտեմ, ուրիշ  մի   խարդախության  ձեւ, այդ  դեպքում պարզ է, որ մեկ  գծով  ամեն ինչ հասկանալի է։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շատ   լավ։  Քանի որ  նույն հարցը  հնչեց, ուզում եմ  արձագանքել։   Ոչ    մեկը  դեմ  չի,  որ   մեկ  գիծ  քաշեն, օրինակ՝  սկսած ինձանից։  Բայց  ես  ձեզ  հարց  եմ տալիս,  էն  մարդը, որ քաշեց 4  գիծ, ի՞նչ  ենք  անելու.... ո՞նց,  ո՞ր  օրենքով։  Տենց,  ոնց որ  Վիկտոր  Դալլաքյանն է  ուզու՞մ,  չէ,  դե  չի կարելի,  չէ՞,  ո՞ր  օրենքով։  Ես  համաձայն  եմ,  բայց այն պատգամավորը, որը կատարեց այլ նշում, ի՞նչ  ենք անում։  Ես համաձայն  եմ,  բերեք,  գծենք  մեկ  գիծ, բայց  ո՞ր օրենքով,   պրն  Դալլաքյան։  Խնդրեմ,  Վարդան  Մկրտչյան, այնուհետեւ  Տիգրան  Թորոսյան։

Վ.ՄԿՐՏՉՅԱՆ

-Պրն  Բաղդասարյան, իմ հարցը  վերաբերում է  եւ՛  այդ  գծիկին, եւ  վերաբերում է նաեւ   այն  հարցին, որ  գրիչներ պետք է  դրվեն  խցիկում։  Դա՝  որպես  աջակցություն պատգամավորներին, որոնք  գրիչ  չունե՞ն, թե՞   եթե  այդ  գրիչով  չի  քվեարկվելու, դա  եւս  համարվելու է անվավեր։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Առաջարկ եղավ  Դալլաքյանի կողմից,  գրիչը  դրվելու է,  ինչպես միշտ  դրվել է, այնպես էլ  այս անգամ։

Վ.ՄԿՐՏՉՅԱՆ

-Գրիչի  դնելու  հիմնական     միտքը  եղել է նա,   որ  միայն այդ  գրիչներով քվեարկեն....

Գ.ՄԵԼԻՔՅԱՆ

-Դա  պարտադիր  չէ։

Վ.ՄԿՐՏՉՅԱՆ

-Եվ  2-րդը՝  ես  չեմ ուզում, որ  դուք ասացիք, որ արդար ընտրությունների  մասին է խոսքը, ես  չեմ ուզում, որ իմ գործընկերներին դուք նեղացնեք եւ ասեք, որ իրենք չեն  պատկերացնում եւ չեն հասկանում, թե  ո՞նց   կարող են 2  կամ 3 գիծ  քաշել։   Այն  որոշումը, որ պետք է հանձնաժողովն ընդունի,  դա  պետք է պարտադիր լինի, եւ կարծում եմ,  մեկ  գիծ  քաշելու համար   պետք  չէ  դասընթացներ  անցկացնել, որ մեկի տեղը  4 չքաշեք։   Եթե  քվեարկության  ժամանակ  կա  վանդակ,  որի մեջ դնում էին  նշումներ եւ նշումը  դուրս   էր  գալիս վանդակից  դուրս, այդ  դեպքում ասում  էին,  որ  անվավեր է։  Ինչու՞  հիմա  անվավեր  չհամարենք այն   թերթիկները, որոնք որ  չեն   համապատասխանի հանձնաժողովի  որոշմանը։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շատ  լավ,   հասկանալի է։  Տիգրան   Թորոսյան։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հարգելի  գործընկերներ, նախ ասեմ, որ ինքս  պրն   Դալլաքյանի այդ կոչն  ընդունում եմ եւ  քվեարկությունն  անելու  եմ նույն  գրիչով, ինչն այնտեղ է, եւ  մի  գիծ էլ  քաշելու  եմ,  բայց  խնդիրը  դա չէ։  Խնդիրը մեկն է, եթե  մենք ուզում էինք, որ լրացուցիչ   պայման  մտցվեր, սա հնարավոր էր, ես չեմ  բացառում սա,  բայց եթե  ուզում էինք սահմանել քվեարկության ձեւը, պետք է ԱԺ  որոշման նախագիծ  բերվեր եւ դա քվեարկեինք։  Այդ  ժամանակ  դա կլիներ պարտադիր։  Հակառակ  դեպքում պրն  Դալլաքյանն առաջարկ է արել, որը  պատգամավորները կարող են եւ՛  ընդունել, եւ՛  չընդունել։  Ինչու՞  եմ  ես սա  ասում, որովհետեւ որեւէ մեկս  իրավունք չի  ունենալու պարզապես հայտարարելու, որ ահա այս քվեաթերթիկն  անվավեր է, որովհետեւ անվավեր  համարվում են այն քվեաթերթիկները, որոնց վերաբերյալ օրենքում,  տվյալ  դեպքում ԱԺ  կանոնակարգում նշում կա։  Պետք էր  ներկայացնել,  եթե  իսկապես պարտադրանք պետք է լիներ  դա։   Սա  էլ  ես  չեմ  բացառում, կարող  էինք  եւ  սա պայմանավորվել,  բայց ես ուզում եմ, որ մենք օրենքի   սահմաններում  միշտ  գործենք։ Եթե  պետք էր  սահմանել, ուրեմն  պետք է լիներ ԱԺ  որոշումը..../Ձայներիզն  ընդհատվեց/

Վ.ԴԱԼԼԱՔՅԱՆ

-Շնորհակալություն։ Ուրեմն, ԱԺ որոշմամբ որեւէ անհրաժեշտություն չկա, քանի որ խմբակցության կողմից իմ ելույթում ես առաջարկեցի՝ հաշվիչ հանձնաժողովը կարող է նման որոշում ընդունել։ Եթե նա սահմանում է քվեաթերթիկների ձեւը, քվեարկության կարգը, ապա նա կարող է նաեւ սահմանել, որ մեկ գիծ։ Ընդամենն իմ առաջարկությունը դա էր, հիմա էլ այդ հանձնաժողովն այդ բանը կարող է կատարել։ Բա մենք ԱԺ-ում որոշում ե՞նք ընդունել, որ, ուրեմն, վարագույրը հանի, մենք  որոշում ե՞նք ընդունել, որ քվեատուփը թափանցիկ լինի։ Չենք ընդունել, դա վերաբերում է քվեարկության կարգին։ Հետեւաբար հանձնաժողովը հենց հիմա, ես պահանջում եմ, թող նիստ անեն ու մի գիծ, եւ եթե հանձնաժողովը հայտարարում է, որ եթե մի գիծ չի, ուրեմն, անվավեր են մնացածը։ Նորից եմ կրկնում, հակառակ դեպքում ձեր վրա է պատասխանատվությունը, կեղծում եք Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Ուրեմն, անպատասխանատու հայտարարություններին ես չեմ արձագանքում։ Ով կեղծում է, Աստված թող նրան բան անի, ուրեմն, դատաստանը տեսնի, ինչպես ասում են։ Մի րոպե, եւ...

Հարգելի պատգամավորներ, ով ցանկանում է, թող քաշի մեկ գիծ։

Վարման կարգի հետ կապված՝ Արշակ Սադոյան, հաշվիչ հանձնաժողովն էլ թող ներկայացնի։

Ա.ՍԱԴՈՅԱՆ

-Ուրեմն, հարգելի պատգամավորներ, իսկապես ես այստեղ ոչ թե, այսպես, կեղտոտ սպիտակեղենը դուրս հանելու հարց է, պարզ, հասկանալի խնդիր է դրված։ Զարմանում եմ, որ նույնիսկ հաշվիչ հանձնաժողովի նախագահը հայտարարում է՝ պարտադիր չի այդ գրիչով գծել։ Այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը։ Ի՞նչ գրիչ, ինչի՞ մասին է խոսքը,  եթե առարկություն չկա, բոլորը համաձայն են, ուրեմն, վերջ։

Ներողություն, պրն Բաղդասարյան, առարկություն կա՞, որ պետք է այդ գրիչով գիծը քաշվի, առարկություն կա՞, որպեսզի մի գիծ քաշվի։ Եթե մի գիծ քաշելու մասին հակառակ առարկություն չկա, դա արդեն որոշում է։ Որոշում մեր ԱԺ-ն կարող է ընդունել, եթե առարկություններ չկան, բոլորը համաձայնվում են։ Առաջարկը եղել է, դա համարվում է ընդունված։ Հիմա ընդունվել է առաջարկությունը, այս առաջարկությունը համարենք ընդունված։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, հաշվի առնելով ելույթները՝ 20 րոպե ես քվեարկությունը մինչեւ ընդմիջում եմ հայտարարում, թող հաշվիչ հանձնաժողովը հստակ հավաքվի, հաշվիչ հանձնաժողովը հստակ, որը քվեարկության կազմակերպման համար կրում է պատասխանատվություն, հավաքվեք հաշվիչ հանձնաժողով, կարդացեք եւս մեկ անգամ կանոնակարգը հստակ կետերով, պրն Մելիքյան, եւ՛ պրն Դալլաքյանի, եւ՛ պրն Սարգսյանի, եւ՛ բոլոր մյուս պատգամավորների հարցադրումներին հստակ պատասխանեք։ 20 րոպե հետո հավաքվում ենք եւ հայտարարում ենք քվեարկության ժամը։ Ընդմիջում 20 րոպե։

ԸՆԴՄԻՋՈՒՄ

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ։

Հարգելի պատգամավորներ, մենք վերսկսում ենք ընդհատված նիստը։ Ես կենտրոնական խոսափողի մոտ եմ հրավիրում հաշվիչ հանձնաժողովի նախագահ պրն Մելիքյանին։

Դուք գիտեք, որ 20 րոպե առաջ ի պատասխան մեր գործընկերների հարցադրումների՝ հաշվիչ հանձնաժողովը եւս մեկ նիստ գումարեց, եւ համաձայն ԱԺ կանոնակարգի՝ այժմ հաշվիչ հանձնաժողովը կներկայացնի իր եզրակացությունը, որով մենք պետք է առաջնորդվենք՝ հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգը։ Խնդրեմ, պրն Մելիքյան։

Գ.ՄԵԼԻՔՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, հաշվիչ հանձնաժողովը ձեր առաջարկությունների հիման վրա գումարեց 8-րդ նիստը եւ միաձայն որոշեց՝ գաղտնի քվեարկության քվեաթերթիկը հաշվիչ հանձնաժողովը պատգամավորին է հանձնում ցուցակում վերջինիս ստորագրելուց հետո, պատգամավորը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի քվեարկության խցիկում՝ թողնելով դրանում այն թեկնածուի անուն ազգանունը, որի օգտին քվեարկում է, ջնջելով մյուսի անուն ազգանունը։ Հաշվիչ հանձնաժողովը որոշեց չպարտադրել որեւէ պատգամավորի ջնջելու որեւէ ձեւ՝ կեղծիքներից խուսափելու նպատակով։

Այո, միաձա՛յն, որոշումը կայացված է միաձայն։ Քվեարկությունը կատարվելու է կանոնակարգին խստիվ համապատասխան։ Որոշում կայացվեց նաեւ՝ քվեարկությունն անցկացնել ժամը 14-ից մինչեւ 15-ը, մեկ ժամ։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, ուրեմն, ժամը 14.00-ն է, հաշվիչ հանձնաժողովը կայացրել է միաձայն որոշում՝ ժամը 14.00-ին սկսվում է քվեարկությունը։ Քվեարկություն։


Ժամը 15:30

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ,ես ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ դուք գիտեք, որ ես նամակով նաեւ դիմել էի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին եւեվրոպական մյուս կառույցներին։ Այսօր մենք պաշտոնապես ստացել ենք արձագանք։ Մինչեւ հաշվիչ հանձնաժողովի նախագահը կգանիստերի դահլիճ, ես ուզում եմ ներկայացնել այն փաստաթուղթը, որը մենք ունենք մեր ձեռքի տակ՝ կապված Հին Ջուղայում, Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացման հետ։

Եվրոպայի խորհրդարանը երեկ միաձայն ընդունել է որոշում, որով դատապարտում է Ադրբեջանի կառավարության կողմից Ջուղայի հայկական գերեզմանոցի ոչնչացումը։ Ոչնչացվում են խաչքարեր, որոնք Եվրախորհրդարանի բնութագրմամբ եզակի ճարտարապետական գանձ են՝ տեղադրված Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար կազմում։ Դատապարտող որոշումը Եվրախորհրդարանը ընդունել է 85 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Որոշման մեջ գրված է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից այս հուշարձանների ոչնչացման առիթով եղելեն դիմումներ եւհայտարարություններ, եւ այս առիթով Ադրբեջանը ոչ մի բացատրություն չի տվել նաեւ ՄԱկ-ի հատուկ զեկուցողին։ Այս եւ այլ տեղեկությունների վրա հիմնվելով՝ Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Ջուղայի հայկական գերեզմանոցի ոչնչացումը եւ պահանջում է, որ Ադրբեջանը թույլ տա առաքելություններ ուղարկել իր տարածք ճարտարապետական ժառանգություններ, հատկապես հայկական ժառանգությունները ուսումնասիրելու եւ պաշտպանելու համար։ Որոշումը նաեւ պահանջում է, որ Ադրբեջանը թույլ տա Եվրախորհրդարանին հատուկ պատվիրակություն ուղարկելու Ջուղա։ Սա, կարծում եմ, մեր խորհրդարանի, նաեւ այս դահլիճում գտնվող պատգամավորների, բոլորի համատեղ աշխատանքի արդյունքն է միջազգային խորհրդարանական կառույցներում աշխատելու իմաստով։ Եվ ես ձեզ նաեւ ընթերցեցի այն նամակը, որմենք ունենք եւ, ըստ էության, սա ես համարում եմ շատ կարեւոր համատեղ աշխատանքի արդյունք, եւ այն ես ձեզ հրապարակեցի։

Այժմ ես ձայնը տալիս եմ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանին՝ ներկայացնելու համար քվեարկության արդյունքները։

Գ.ՄԵԼԻՔՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի պատգամավորներ, տեղի ունեցավ հաշվիչ հանձնաժողովի հերթական նիստը։ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում նշանակելու համար ներկայացվել են Հրանտ Խաչատրյանի եւ Արմեն Հարությունյանի թեկնածությունները։ Նրանց ազգանուններն ընդգրկվել են գաղտնի քվեարկության քվեաթերթիկում։ ՀՀ ԱԺ պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 118 պատգամավոր։ Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը՝ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը պարզեց, որ քվեատուփում առկա են 118 քվեաթերթիկներ, որոնցից անվավեր ենճանաչվելերկուսը, բոլորին դեմ՝ մեկը։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ Հրանտ Խաչատրյան՝ 28 կողմ, 87 դեմ, Արմեն Հարությունյան՝ 87 կողմ, 28 դեմ։

Այսպիսով, ՀՀ Մարդուիրավունքների պաշտպան է նշանակվումԱրմեն Հարությունյանը։ Հաշվիչ հանձնաժողովը շնորհավորում է Արմեն Հարությունյանին, մաղթում նրան բեղմնավոր աշխատանք։

(ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Ձայնը տրվում է Արմեն Հարությունյանին։

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ԱԺ-ին, «Հանրապետական» կուսակցությանը, «Օրինաց երկիր» կուսակցությանը, ՀՀԴ կուսակցությանը, որոնք քաղաքական արիություն գտան, երկրորդ անգամ առաջարկեցին իրենց գիծը պահելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում «Ժողպատգամավոր»-ին, ՄԱԿ խմբակցությանը, բոլոր անկախ պատգամավորներին, «Արդարություն» եւ «Միաբանություն» խմբակցություններին եւ հավատացնում եմ ձեզ այս թվով, այսքան շատ ձայն հավաքելը մեծ պատասխանատվություն է իմ վրա դնում։ Եվ որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ համագործակցելու եմ ԱԺ-ի բոլոր ֆրակցիաների, բոլոր պատգամավորների հետ, եւ նաեւ ԱԺ-ի հետ՝ որպես ինստիտուտ։ Փորձելու եմ ձեր վստահությունը բարձր պահել։ Շնորհակալություն։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի պատգամավորներ, եթե դեմ չեք, նաեւ լսեցիք տիկին Խուդաբաշյանի առաջարկությունը՝ կապված նախորդ հարցի հետ։ Ես ԱԺ-ի անունից շնորհակալության ուղերձով կդիմեմ Եվրախորհրդարանի ղեկավարությանը՝ կապված հայտնի որոշման հետ։

Հարգելի պատգամավորներ, նիստը ավարտված է։ Շնորհակալություն, ցտեսություն։

ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏՎԵՑ




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am