National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
07.12.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

07 դեկտեմբերի 2004

Ժամը 10:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԵՎ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ նախապատրաստվել գրանցման, ստուգել գրանցման սարքերը։ Եթե առարկություններ չկան, անցնում ենք գրանցման։ Գրանցում։ Գրանցվել են 57 պատգամավորներ, 73-ը չեն գրանցվել, քվորում չկա։ Խնդրեմ, վարման կարգի վերաբերյալ՝ Արտակ Առաքելյան։

Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆ

-Պրն Հովհաննիսյան, «Օրինաց երկիր» խմբակցությունը մեկնել է աղետի գոտի, Գյումրիում 12-ին 15 պակաս պսակադրության արարողություն է տեղի ունենալու, այդ պատճառով բացակայում են նիստից։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Դա հասկանալի է, բայց քվորումի վրա դա որեւէ ձեւով ազդել չի կարող։ Շատ լավ։ Հարգելի պատգամավորներ, քվորումի լրացման պահին, թվի բավարարման պահին նիստը կվերսկսվի, եթե դա տեղի ունենա ավելի շուտ, քան 3 ժամ անց։ Եթե դա մինչ այդ տեղի չունենա, 3 ժամ անց մենք նորից.... Ի՞նչ.... չէ, եթե պարտադրենք բոլորին գրանցվել իրենց փոխարեն, պատկերն անմխիթար կլինի, դրա համար, եկեք, արհեստական բաներ չանենք։ Ընդմիջում։

Ը Ն Դ Մ Ի Ջ ՈՒ Մ

ԺԱՄԸ 1300

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, սկսում ենք հարցերի քննարկումը։ Կառավարությունը ներկայացրել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին» հարցը։ Հիմնական զեկուցողն է արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը։ Խնդրեմ, պրն Մուկուչյան, կարող եք ներկայացնել նախագծերի փաթեթը։

Տ.ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

-ԱԺ մեծարգո փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, թույլ տվեք, ՀՀ ԱԺ-ի քննարկմանը ներկայացնել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։ Ինչպես նշվեց, երեք օրենքի նախագծերը, փաստորեն, ներառված են մեկ փաթեթում, հետեւաբար, առաջարկվող փոփոխությունները որոշակի տրամաբանությամբ կապված են միմյանց հետ։ Ըստ էության, հարկ է նկատել, որ ծառայությունների մասին օրենքների ընդունումը պայմանավորված էր համապատասխան բարեփոխումներով, քանզի ՀՀ-ում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդունմամբ արդեն իսկ սահմանվել էր, որ առանձին բնագավառներում սահմանվելու են առանձնահատկություններ, բնական է, համապատասխան օրենքներով։ Այդ ամենի արտահայտությունը եղավ, փաստորեն, ժամանակին ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, զինված ուժերի ծառայությունների համար առանձին օրենքների ընդունումը, միաժամանակ հիշյալ օրենքով սահմանվում էին նաեւ առանձին ծառայություններ, որտեղ նորից այդ նույն առանձնահատկություններով պայմանավորված, պետք է սահմանվեր հատուկ ծառայություն։

Հարկ է նկատել, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքը, փաստորեն, ավելի քան 1 տարի գործողության մեջ է։ Գործողության ընթացքում, բնական է, առկա էին որոշակի կանոնակարգումներ, որոշակի դրույթներ, որոնք, ինչպես ցույց տվեց նաեւ այդ օրենքի առանձին հոդվածների պրակտիկ կիրառությունը, առաջացնում էին որոշակի, լայն մեկնաբանման հնարավորություն, առաջացնում էին որոշակի թերկանոնակարգումներ, ինչն առիթ հանդիսացավ մշակելու «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հարկ եմ համարում նկատել, որ այս նախագծում ամրագրված է, փաստորեն, այն մեկ տարվա ողջ աշխատանքի ընթացքում ի հայտ եկած թերությունները, որոնք ինչպես ցույց տվեց պրակտիկան, կանոնակարգումների առումով առաջացնում էին որոշակի թերկանոնակարգումներ։

Նախագծով նախատեսվում է 1-ին հոդվածում կատարել փոփոխություն, համաձայն որի, առաջարկվում է դրույթը լրացնել՝ «եւ սույն օրենքով սահմանված առանձնահատկությամբ» բառերը։ Մասնավորապես, խնդիրը վերաբերում է նրան, որ համաձայն գործող օրենքի՝ ոստիկանության ծառայությունում սահմանվում է, նախատեսվում է նաեւ, որպեսզի առանձին ծառայությունների մասով իրականացնել քաղաքացիական ծառայությունը։ Այստեղ կային եւս առանձնահատկություններ, որովհետեւ ի տարբերություն մյուս պետական, կառավարչական հիմնարկների, այս պետական մարմնում այնպիսի պաշտոնատար անձ, ինչպիսին աշխատակազմի ղեկավարն է, որն ունի էական եւ առանցքային նշանակություն քաղաքացիական ծառայության բնագավառում, բնականաբար, այս մարմնում նման պաշտոնատար անձ, նման իրավասություններով գոյություն չուներ։ Հետեւաբար, կային որոշակի առանձնահատկություններ, որոնք արդեն իսկ այս օրենքով սահմանվել էին, մասնավորապես, խնդիրը վերաբերում էր այդ ծառայողների պաշտոնի նշանակման, փոխադրման, նրանց առաջխաղացման եւ այլ խնդիրներին։ Այդ առանձնահատկություններով պայմանավորված նախատեսվում է նաեւ հիշյալ օրենքում անել այդ վերապահումը, որպեսզի 2 օրենքների զուգակցումը լիարժեք կերպով իրականացվի։

Հաջորդ խոշոր փոփոխությունը վերաբերում է այն հանգամանքին, որ համաձայն գործող օրենքի, նախատեսված էր նաեւ ոստիկանության ուսումնական հաստատությունը եւ առկա էին բազմաթիվ հղումներ ոստիկանության ուսումնական հաստատությանը, ինչպես նաեւ այդ հաստատություններն ավարտած շրջանավարտների կողմից, ոստիկանության ծառայության նշանակվելու, ծառայությունում առաջխաղացում ապրելու եւ այլն։

Համաձայն գործող օրենքի, ոստիկանության ուսումնական հաստատություններում ծառայություն, որպես այդպիսին, նախատեսված չէր, եւ բնական է, սրանով պայմանավորված առաջանում էին որոշակի խնդիրներ։ Պետք է նկատի ունենալ, որ դեռեւս 1997 թվականի հուլիսի 30-ի ՀՀ կառավարության թիվ 311 որոշման համաձայն՝ ոստիկանության ակադեմիայի 1-ին եւ 2-րդ կուրսի ցերեկային ուսուցման ունկնդիրները գտնվում էին զորանոցային պայմաններում։ Բացի սրանից, հիշյալ ուսումնական հաստատությունում սովորող ուսանողների նկատմամբ լիարժեք կերպով կիրառելի էին այն բոլոր խրախուսանքները եւ տույժերը, որոնք նախատեսված էին համապատասխան ծառայություն իրականացնող քաղաքացիների համար։ Պետք է նկատի ունենալ, որ այս ուսումնական հաստատությունն իր բնույթով, իր նշանակությամբ էականորեն տարբերվում է այլ ուսումնական հաստատություններից։ Նման ուսումնական հաստատությունում սովորողների համար, որոնց համար սահմանված էին նաեւ որոշակի լիազորություններ, որոշակի իրավունքներ եւ պարտականություններ, անհրաժեշտ էր նաեւ, որպեսզի նրանց համար ամրագրվի որոշակի սոցիալական երաշխիքներ, քանզի վերջիններիս ուսուցումը՝ տարբեր հարցերի հետ կապված, ինչպես նաեւ ընթացիկ պրակտիկայի իրականացումը եւ այլն, ուղղակիորեն շաղկապվում է հենց լիազոր մարմնի գործառույթների հետ։ Այս առումով նախատեսվեց, որպեսզի այս ուսումնական հաստատության սովորողները եւս լիարժեք կերպով օգտվեին ոստիկանության ծառայողների համար սահմանված արտոնություններից, երաշխիքներից։ Նման արտոնություններից օգտվելու պարագայում, հիշյալ ուսումնական հաստատություններում ծառայությունը պետք է որակվեր որպես ոստիկանությունում ծառայություն, այսինքն՝ պետք է հավասարեցվեր այդ ծառայությանը։ Սա նշանակում է, որ հիշյալ ուսումնական հաստատություն ընդունվող անձինք, բնական է, պետք է տան երդում, եւ հիշյալ անձինք, փաստորեն, լիարժեք կերպով կներգրավվեն կամ կլինեն ծառայությունը կանոնակարգող օրենքի դաշտում։ Հարկ է նկատել, որ հիշյալ օրենքի նախագծում ամրագրված են մի շարք առանձնահատուկ դրույթներ, որոնք ուղղակիորեն պայմանավորված են այն հանգամանքով, որ այս հաստատությունում, այնուամենայնիվ, թիվ մեկ պարտականությունը դա ուսանողների կողմից իրենց ուսումնական պարտականությունների իրականացումն է։

Մյուս խնդիրը վերաբերում էր նրան, որ այս օրենքով նախատեսված էր ոստիկանությունում պաշտոնների դասակարգումը։ Այս դասակարգման առումով, փաստորեն, առաջարկվում են երկու փոփոխություններ։ 1-ին փոփոխությունը վերաբերում է այն հանգամանքին, որ ոստիկանության գլխավոր պաշտոնների մեջ ամրագրված էին նախկինում միայն վարչությունները։ Այժմ առաջարկվում է, որպեսզի ներառվեն նաեւ գլխավոր վարչությունները։ Գլխավոր վարչությունների ներառումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կան առանձնահատուկ մի շարք գործառույթներ, որոնց իրականացումը, ուղղակի, այսպես ասենք, սովորական, դասական պատկերացմամբ, վարչությունների կողմից թերեւս քիչ ընկալելի է, որովհետեւ խնդիրները, որոնք դրված են այդ ստորաբաժանումների առաջ, այդ ստորաբաժանումներն իրենց կառուցվածքով պետք է ունենան որոշակի առանձնահատկություններ, որովհետեւ այդ խումբ խնդիրների առանձնացումն արդեն այնքան շատ է, որ նրանք, եթե տարանջատվում են, հետեւաբար, յուրաքանչյուրը դառնում է ինքնուրույն, վարչության կողմից իրականացման ենթակա խնդիր։ Այս առումով առաջարկվել է, որպեսզի պաշտոնների 2-րդ խմբում, գլխավոր պաշտոններում ներառել գլխավոր վարչության պետի պաշտոնը։ Միաժամանակ նախատեսվում է, որպեսզի առանձին պաշտոնային խումբ նախատեսել. դա միջին խումբն է։ Այստեղ կան մի շարք նկատառումներ։ 1-ին նկատառումը պայմանավորված էր նրանով, որ չունենալով այս խումբը, փաստորեն, ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում եւ ավագ խմբի պաշտոններում ներառված էին ավելի շատ պաշտոններ, եբր տարբեր պարտականությունների իրականացման պայմաններում, այնուամենայնիվ, պաշտոնը համարվում էր միեւնույն խմբի պաշտոն, ինչը բացասական ազդեցություն էր ունենում հատկապես պաշտոնեական առաջխաղացման լիարժեք կազմակերպման տեսանկյունից։

Միաժամանակ պետք է նկատել, որ գործող երեք օրենքների համատեքստում, այսինքն՝ «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» եւ «Զինված ուժերում ծառայության մասին» օրենքների ներքին տրամաբանությունը պետք է լիարժեք կերպով համահունչ ու ներդաշնակ լինեն միմյանց, որովհետեւ այս երեք մարմիններում էլ իրականացվում է ծառայություն, որոնք իրենց առանձնահատկություններով պայմանավորված, թերեւս նույն ծառայությունն են, որպես այդպիսին, հանդիսանում։ Այս առումով նախատեսվեց, փաստորեն, ավելացնել միջին խումբ, որով ոստիկանությունում ծառայության պաշտոններն արդեն կլինեն 5 խմբի, ինչը կհամապատասխանի զինված ուժերում եւ ազգային անվտանգության մարմիններում ծառայողների համար սահմանված պաշտոնային խմբերով։

Մյուս կարեւորագույն փոփոխությունը վերաբերում է նրան, որ նախագծով նախատեսվում է սահմանել մեկ նոր ինստիտուտ, դա «գործող ռեզերվ» հասկացությունն է։ Մինչ օրս ոստիկանության ծառայությունում առկա էր միայն կադրերի սովորական ռեզերվ, որտեղ ռեզերվ անցնելու կարգը, պայմանները եւ այլն, այդ ամբողջը սահմանված էր օրենքով։ Սակայն լինում էին բազմաթիվ դեպքեր, երբ ոստիկանությունում ծառայողը, ծառայական պարտականություններով պայմանավորված գտնվում էր երկարատեւ գործուղման մեջ։ Չնայած, այդ գործուղումն իր էությամբ նպատակ ուներ բարձրացնելու ոստիկանությունում ծառայողի որակավորումը, մասնագիտական կարողությունները եւ այլն, բայց, այնուամենայնիվ, 6 ամսից ավել բացակայության պայմաններում, գործող սահմանումը հնարավորություն չէր տալիս այդ ծառայողներին ներգրավելու ռեզերվ եւ վերջիններս պետք է ազատվեին ոստիկանությունում ծառայությունից, մինչդեռ այդ գործուղումը պայմանավորված էր ոչ թե աշխատողի կամքից, այլ պայմանավորված էր աշխատանքային գործառույթների իրականացմամբ։ Այս առումով առաջարկվեց, որպեսզի նախագծում ներառվի «գործող ռեզերվ» ինստիտուտը։ Գործող ռեզերվում կներգրավվեն բացառապես այն ծառայողները, որոնք ծառայական գործուղմամբ պայմանավորված, 6 ամսից ավելի ժամկետով չեն կարող իրենց պաշտոնեական լիազորություններն իրականացնեն։ Կարծում ենք, որ այս փոփոխությունն էական նշանակություն ունի ինչպես պետական լիազոր մարմնի գործառույթների կազմակերպման տեսանկյունից, այնպես էլ աշխատողների կամ ծառայողների ծառայական երաշխիքների եւ արտոնությունների պաշտպանման տեսանկյունից։

Այս նախագծով առավելագույնս հստակեցված են տույժերն ու խրախուսանքները։ Գործող տարբերակում, համենայնդեպս, խրախուսանքների շարադրման տեսանկյունից որոշակի տեղաշարժեր են կատարվել, առանձին խրախուսանքներ, առավել կարեւորելով դրանց դերն ու նշանակությունը, ուղղակի, դրանք տեղաշարժվել են ավելի վեր, տույժերը հստակեցվել են։

Խոշոր, կարեւորագույն խնդիրներից մեկը վերաբերում է կոչումների շնորհմանը։ Եթե նախկինում սահմանված էր, որ կոչումը շնորհվում է սահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ, փաստորեն, որեւէ ժամկետ սահմանված չէր, ապա այս նախագծով սահմանվում է, որ այդ կոչումները շնորհվելու են սահմանված ժամկետը լրանալուց հետո, 15-օրյա ժամկետով։ Սրանով սահմանափակվում են, այսպես կոչված, կոչում շնորհող լիազոր անձանց կամայական մոտեցման հնարավորությունները, որովհետեւ ուղղակիորեն սահմանվում է ժամկետային սահմանափակում, ինչի պարագայում պետք է իրականացվեն օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները։ Բնականաբար, 15 օրվա ընթացքում պետք է լուծվի հերթական կոչում շնորհելու խնդիրը։

Մյուս կարեւորագույն խնդիրը վերաբերում է ոստիկանության ակադեմիայի դասախոսական անձնակազմի պաշտոնային, այսպես, ծառայողական պարտականությունների կատարման հստակեցմանը։ Գործող տարբերակում հիմնականում հստակեցված էին մասնագիտական ամբիոնների դասախոսների կարգավիճակը, միաժամանակ այն դասախոսների, որոնք դասավանդում էին մասնագիտական առարկաներ, ինչպես նաեւ ղեկավար-դասախոս անձնակազմի պաշտոններին վերաբերող խնդիրները։ Ինչ վերաբերում է հիշյալ նախագծին, ապա այստեղ փորձ է կատարվում, որպեսզի առավելագույնս հստակեցվեն բոլոր այն աշխատողների ծառայության հետ կապված հարաբերությունները, որոնք ներգրավված են ոստիկանական ուսումնական հաստատություններում, արդեն դասախոսների կարգավիճակով։

Միաժամանակ կա մի շատ կարեւորագույն փոփոխություն, որը ներգրավված է նաեւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում։ Դա վերաբերում է այն հանգամանքին, որ այս երեք օրենքները, այսինքն՝ «Ոստիկանությունում ծառայության մասին», «Զինված ուժերում ծառայության մասին» եւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքները հնարավոր են համարում, որպեսզի մի ծառայությունից մյուսը, նկատի ունենալով այդ ծառայությունների առանձնահատկությունները, հնարավոր է համարում՝ մեկ համակարգից դեպի մյուս համակարգ, ծառայողների տեղաշարժը։ Բնականաբար, այս նախագծում կատարվում են այնպիսի հստակեցումներ, որպեսզի հիշյալ նախագիծը լիարժեք կերպով ներդաշնակ լինի եւ լիարժեք կերպով կապն ապահովի՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» եւ «Զինված ուժերում ծառայության մասին» օրենքների հետ, որպեսզի տեղաշարժի պարագայում իրավունքների եւ պարտականությունների, ծառայողների, որեւէ ոտնահարումներ տեղի չունենան։

Թերեւս, սրանք էին այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսված էին «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի նախագծով։

Մյուս օրենքի նախագիծը վերաբերում էր «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքին։ Այստեղ, փաստորեն, նախագիծը բաղկացած է 12 հոդվածներից, սակայն 1-ին խումբ փոփոխությունները, որոնք ներառված են նախագծի 1-ից 8-րդ հոդվածներում, ունեն, թերեւս, մեկ նպատակ։ Մասնավորապես, այսօր ազգային անվտանգության մարմինների համակարգում, համաձայն գործող օրենքի՝ նախատեսված է նաեւ «կրտսեր լեյտենանտ» կոչումը, սակայն հիշյալ ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ այս ծառայությունում առաջարկվում է, որպեսզի վերացվի «կրտսեր լեյտենանտ» կոչումը։ Հարկ է նկատել, որ այսօր համակարգում հիշյալ կոչումով ծառայում են, ավելի քան, մեկ տասնյակ ծառայողներ։ Այդ թիվը մեծ թիվ չէ, դրանք եղել են նախկինում ավագ ենթասպաներ կամ ենթասպաներ, որոնց խրախուսման կարգով տրվել է կրտսեր լեյտենանտի կոչումը։ Ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար սահմանված չափանիշներին համապատասխան, եթե անձը ցանկանում է ազգային անվտանգության մարմնում, նույնիսկ, լեյտենանտի կոչումով նշանակվել ծառայության, ապա վերջինս պետք է ունենա բարձրագույն կրթություն։ Տվյալ պարագայում, բնական է, այն ենթասպայական կազմի ծառայողները, որոնք ծառայում են եւ ցանկանում են ունենալ ծառայողական առաջխաղացում, վերջիններս պետք է ստանան բարձրագույն կրթություն։ Հիշյալի պարագայում, եթե նրանք կստանան այդ բարձրագույն կրթությունը եւ կհամապատասխանեն օրենքով սահմանված մյուս չափանիշներին, ապա նրանք լիարժեք կերպով, կարող են ծառայական սանդղակով ունենալ առաջխաղացում։ Այն առումով, ահա, առաջարկվում է, որպեսզի այդ «կրտսեր լեյտենանտ» կոչումը, հաշվի առնելով նաեւ այս մարմնի առանձնահատկությունը, ինչպես նաեւ ուսումնասիրելով տվյալ մարմինների համար սահմանված միջազգային փորձն ու պրակտիկան, առաջարկվում է հանել։ Սակայն, ինչպես արդեն նշեցի, հիշյալ մարմնում ծառայում են, բնական է, ծառայողներ, որոնք ունեն կրտսեր լեյտենանտի կոչում, ճիշտ է, դա շատ փոքր թիվ է կազմում, բայց նկատի ունենալով հիշյալ ծառայողների իրավունքների պաշտպանության եւ օրինական շահերի պաշտպանության խնդիրը, որովհետեւ նրանք արդեն իսկ ստացել են այդ կոչումները, բնական է, նրանք այդ կոչումներից զրկվել չեն կարող, ապա այս նախագծում սահմանվել է անցումային դրույթ։ Դա նախագծի 11-րդ հոդվածն է, համաձայն որի, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, մեկամսյա ժամկետում հիշյալ ծառայողներին շնորհվելու է լեյտենանտի կոչում։ Սակայն հետագա առաջխաղացման տեսանկյունից, վերջիներս կարող են ծառայության մեջ առաջխաղացում ունենալ՝ համապատասխան օրենքով սահմանված կարգով։ Այսինքն՝ եթե նրանք չունեն բարձրագույն կրթություն, կստանան այդ բարձրագույն կրթությունը եւ դրանից հետո արդեն նույն կարգով՝ ինչպես նախատեսված է օրենքում։

Նախագծի 9-րդ հոդվածը վերաբերում է, փաստորեն, տարբեր պետական մարմինների միջեւ պաշտոնեական տեղաշարժերի կարգավորմանը, որպեսզի մեկ պետական մարմնից, փաստորեն, տվյալ պարագայում ազգային անվտանգության մարմինների ծառայողներն իրավասու լինեն, իրենց համապատասխան, համարժեք պաշտոնների պարագայում տեղափոխվել ծառայության ոստիկանության մարմիններ կամ զինված ուժեր, ինչը լիարժեք կերպով կարգավորում է երեք նույնաբովանդակ ծառայություններ իրականացնող մարմինների, համապատասխան պաշտոնատար անձանց, այս տեղաշարժի խնդիրը։

3-րդ նախագիծը դա «ՀՀ օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծն է։ Նշված օրենքի լրացման կատարումը պայմանավորված է այն հանգամանքով, որ համաձայն՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչն ընդունվել է ԱԺ-ի կողմից, ՀՀ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնն էության մեջ համարժեք է դառել ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոնին։ Քանի որ հիշյալ հարցում արդեն իսկ համապատասխանության խնդիրը լուծված է, տվյալ պարագայում աշխատավարձի կարգավորման հետ կապված կամ պաշտոնային դրույքաչափի սահմանման հետ կապված խնդիրը եւս պետք է ներդաշնակ լուծում ստանար արդեն իսկ օրենսդրորեն ամրագրված մոտեցումներին։ Այս առումով առաջարկվում է, որպեսզի հիշյալ օրենքում կատարվի փոփոխություն։ Առաջարկվում է, որպեսզի «ՀՀ ազգային անվտանգության ծառայողի տնօրենի տեղակալ» բառերից հետո, փաստորեն, նույն սանդղակի վրա լրացնել՝ «ՀՀ պետական պահպանության ծառայության պետի» բառերով։ Հիմնականում սա էր այդ փոփոխությունը, որն առաջարկվում է իրականացնել հիշյալ օրենքի նախագծում։

Նշեմ, որ հանձնաժողովի քննարկումների ժամանակ որոշակի առաջարկություններ եղան նշված նախագծերի վրա, առանձին դրույթների հետ կապված։ Կարծում ենք, որ 1-ից 2-րդ ընթերցումն ընկած ժամանակահատվածում հնարավոր կլինի ստանալ ոչ միայն հանձնաժողովի անդամների, այլեւ մյուս առաջարկությունները, եթե կլինեն։ Այդ ժամանակահատվածում քննարկման առարկա կդառնան բոլոր առաջարկությունները։ Կարծում եմ, որ հնչած առաջարկություններին համապատասխան, փաստորեն, նախագիծը կլրամշակվի, դրանով հանդերձ՝ ի զօրու կլինի կանոնակարգելու բնագավառի հետ կապված բոլոր հարաբերությունները, հաշվի առնելով նաեւ մեկամյա գործունեության ընթացքում, պրակտիկայում առաջացած այն բոլոր բարդություններն ու խութերը, որոնք առանձին հարցերի կարգավորման առումով առաջացնում էին բարդույթներ։ Այսքանը։ Շնորհակալություն։ Կարծում եմ, որ այս տեսքով նախագիծը պատրաստ է՝ ԱԺ-ի կողմից, 1-ին ընթերցմամբ քվեարկվելու համար։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հերթագրում՝ հարցերի համար։ Հերթագրվել է 2 պատգամավոր, 1-ին հարցը՝ Մեխակ Մխիթարյան։

Մ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

-Նախ՝ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջարկվող փոփոխությունները մանրամասնորեն ներկայացնելու համար։ Հիմնականում ուզում եմ նաեւ նշել, որ ես համամիտ եմ այն փոփոխություներին, որ դուք հիմա առաջարկեցիք, բայց ինձ մի խնդիր է հետաքրքրում, մասնավորապես, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», այս փոփոխությունների հետ կապված։

Ես կարդում եմ այն տեղեկանք-հիմնավորումը, որը ներկայացվել է մեզ։ Այս հիմնավորման մեջ, տեղեկանքում նշված է, որ օրենքն ընդունվել է 2003 թվականի հունիսի 1-ին եւ ուժի մեջ է մտել, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքը։ Այդ ընթացքում, փաստորեն, 1 տարի եւ մի փոքր ավելի ժամանակահատված է անցել օրենքի ընդունելուց եւ ուժի մեջ մտնելուց, եւ հիմա առաջացել է անհրաժեշտություն օրենքում փոփոխություններ մտցնելու։ Այստեղ նշվում է, որ օրենքի գործնական կիրառման ընթացքում ի հայտ են եկել թերություններ, եւ դրանց վերացնելու անհրաժեշտությամբ են պայմանավորված այս փոփոխությունները։

Ես կուզեի մանրամասն իմանալ, թե ինչպիսի թերություններ են ի հայտ եկել այս 1 տարվա ընթացքում։ Եվ, երբ որ մեզ ներկայացվում էր, ես որքան հիշում եմ, այս օրենքի մեջ, կարծեք թե, բացառվում էին, որ կարող են լինել թերություններ, բայց հիմա պարզվել է, որ թերություններ են ի հայտ եկել։ Դուք հիմա չասացիք թերություններ, դուք ասացիք՝ որոշակի փոփոխություններ, որոնցով պայմանավորված է, այսինքն՝ որոշակի խոչընդոտներ, որոնցով պայմանավորված է այս փոփոխությունը։

Ինձ հետաքրքրում է, թե որո՞նք են եղել այդ թերությունները։ Եվ ես մի քիչ հեռուն գնալով, ուզում եմ եզրակացություն անել, արդյոք, այս թերություներով է պայմանավորված եղել նաեւ անվտանգության լիազոր մարմնի ղեկավարի փոփոխությունը։

Եվ 2-րդը՝ կուզեի իմանալ, թե մինչեւ հիմա, փաստորեն, ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը եղել է փակ ցիկլի պես մի բան, դրսի մարդը, այսպես ասած, չէր կարող այնտեղ աշխատանքի անցներ։ Աշխատանքային փոփոխությունները, ծառայողների այս կամ այն աստիճանի, կատարվել են միայն ներսի ծառայողների հաշվին, ի հաշիվ բարձրացումների կամ ի հաշիվ իջեցումների, որոնց հետ կապված եղել են փոփոխություններ։ Սրանք եք դուք դիտարկում որպես թերություննե՞ր, թե՞ կան ավելի կոնկրետ թերություններ, ինձ հետաքրքրում են այդ թերությունները, ի՞նչ թերություններ են եղել։ Որովհետեւ տարբեր ինֆորմացիաներից, մասնավորապես, ինձ մոտ կարծիք կա, որ դա, իսկապես, եղել է փակ ցիկլ, մարդիկ են աշխատանքի անցել, մասնավորապես, ո՛չ պրոֆեսիոնալներ, այս կամ այն բնագավառից, կոչումներ են շնորհվել կամայական կամ կողմնակալ վերաբերմունքի դրսեւորումներով։ Ես կուզեի իմանալ՝ սրանք, արդյոք, արտացոլվու՞մ են այս «թերություններ» ասած, բառի կոնտեքստում, թե՞ ոչ։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Նիստի ժամանակը սպառվեց։ Պատասխաններն ընդմիջումից հետո։ Ընդմիջում։


Ժամը 14:30

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-(Այսպես է սկսվում ձայնագրությունը) ...Կարող եք պատասխանել պրն Մխիթարյանի հարցին։

Տ.ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

-Շնորհակալություն։ Էության մեջ արվեցին մի քանի հարցադրումներ, մասնավորապես դրանցից մեկը վերաբերում էր նախագծով ամրագրված, փաստորեն, թերություններին, ինչպես նաեւ համակարգի հետ կապված որպես փակ ցիկլ։

Նախ, ուրեմն, նշեմ, ինչ վերաբերում է թերություններին, ապա, համենայնդեպս, գործող օրենքում առկա այն բոլոր կանոնակարգումները, որոնք, կարծում եմ, առաջացնում էին որոշակի խնդիրներ՝ կապված տվյալ լիազոր մարմնի հետ։ Դրանք ինչ որ կերպ փորձ է կատարվել այս նախագծով ամրագրելու։ Այլ կերպ ասած, այս նախագիծը, մասնավորապես «ԱԱ մարմիններում ծառայության մասին» օրենքն իր գործողության ընթացքում հնարավորություն տվեց լիարժեք կերպով այդ ծառայությունում կազմակերպել ծառայության հետ կապված խնդիրները։ Այստեղ, թերեւս, միակ խնդիրը դա պայմանավրված է, ինչպես արդեն նշեցի, այդ կրտսեր լեյտենանտ կոչման հետ։ Բնական է, երբ ժամանակին նախագիծը մշակվում էր եւ նախագծում, փաստորեն, այդ ներդաշնակությունն ապահովվեց «Զինվորական ծառայության մասին» օրենքի հետ, որովհետեւ այս մարմնում եւս, համաձայն այդ օրենքի, ամրագրված է, որ իրականացվում է զինվորական ծառայություն։ Թերեւս, սրանով էր պայմանավորված, որ այդ կոչումն ամրագրվեց այդ նախագծում։ Սակայն, փաստորեն, ինչպես ցույց տվեց պրակտիկան եւ միաժամանակ նաեւ համանման այլ ծառայությունների համադրելիությունն այլ պետություններում, ուղղակիորեն հիշյալ մարմնում, կարծում ենք, որ կրտսեր լեյտենանտի կոչման մնալն այլեւս նպատակահարմարություն ուղղակիորեն չունի։

Ինչ վերաբերում է, փաստորեն, այդ ազատման խնդիրն արդյո՞ք պայմանավորված էր դա ամրագրված թերություններով, թե՞ ոչ։ Ես իրավասու չեմ այստեղ պատասխան հնչեցնելու, թե արդյոք կար որեւէ ինչ-որ պայմանավորվածություն կամ չկար ինչ-որ պայմանավորվածություն։ Ես կարող եմ ասել մի բան, որ ամեն դեպքում ցանկացած օրենք, որը կարգավորում է որոշակի հասարակական հարաբերություններ, այդ հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց ենթադրում է միշտ հասարակական հարաբերությունների որոշակի զարգացումներ եւ այդ զարգացումներն իրենց արտացոլումը պետք է ստանան օրենսդրական փաստաթղթում։ Բնական է, այս փաստաթղթի մշակումը թերեւս որեւէ այլ հանգամանքով պայմանավորված, կարծում եմ, չէ։ Սա պայմանավորված է միայն այն խնդրով, որ ծառայությունում կան որոշակի կոնկրետ խնդիրներ, որոնք պետք է կանոնակարգումների ենթարկվեն, որը կնպաստի այդ համակարգում ծառայության առավել ամբողջական կարգավորմանը։ Միայն դրանով պայմանավորված, առաջարկվում է անել փոփոխություններ, որովհետեւ այստեղ, համենայնդեպս, այն փոփոխությունները, որոնք առաջարկվում են, սրանք ունեն ընդամենը մեկ նպատակ, որպեսզի առանձին հարցերի վերաբերյալ ավելի ճիշտ լուծումներ ամրագրվեն։

Ինչ վերաբերում է տարբեր մարմինների միջեւ այդ ռոտացիայի իրականացմանը։ Միանշանակ ճիշտ է, որ պետական կառավարման մարմնում, մասնավորապես ԱԱ ծառայությունում, իրականացվում է ծառայություն, որը հիմնականում իրականացվում է կոնսպերացիայի լիակատար պահպանմամբ։ Նմանատիպ ծառայություններ են իրականացվում ոստիկանությունում, նմանատիպ ծառայություններ են գործում նաեւ զինված ուժերում։ Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ հիշյալ մարմիններում, եթե ծառայողները ցանկանում են մի ծառայությունից անցնել մյուսը, բնական է, միշտ հաշվի են առնվում այն հանգամանքները, որ արդյո՞ք տվյալ ծառայողը կամ փոխադրվող ծառայողը, եթե ցանկանում է նշանակվել մեկ այլ լիազոր մարմնում, համապատասխանում է տվյալ պաշտոնի համար ներկայացվող պահանջներին, թե ոչ։ Այլ կերպ ասած, որեւէ պատահական նշանակում տվյալ պարագայում բացառվում է, որովհետեւ յուրաքանչյուր դեպքում պաշտոնի համար սահմանված է ինչպես պարտադիր կրթություն, այնպես էլ տվյալ մարմնում համապատասխան պաշտոնում աշխատելու եւ՛ պաշտոն զբաղեցնելու խնդիր, եւ՛ որոշակի ժամանակահատվածով այդ պաշտոնը զբաղեցնելու խնդիր։ Այլ կերպ ասած, համենայնդեպս, որեւէ պատահականություն լինել չի կարող։ Բնական է, բոլոր այն ծառայությունները, որոնք պահանջում են նաեւ կոնսպերացիայի պահպանում, այդ գաղտնագործության ռեժիմի հետ աշխատանք, բնական է, ծառայության նշանակվելուց հետո անձի վրա արդեն լիարժեք կերպով տարածվում են այդ սահմանափակումները։ Եվ ինչո՞ւ այս մարմիններում, հատկապես ռոտացիայի իրականացումը, որովհետեւ էության մեջ երեք մարմիններում էլ իրականացվում է նույնաբնույթ ծառայություն։ Փաստորեն, երկու մարմիններում՝ ԱԱ եւ զինված ուժերում, մենք ամրագրել ենք զինվորական ծառայություն, իսկ ոստիկանությունում իրականացվող ծառայությունը, համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի, էության մեջ ներդաշնակվել է այս ծառայությանը։ Թերեւս, սրանով է պայմանավորված։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Պարզաբանման համար՝ Մեխակ Մխիթարյան։

Մ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

-Ես շնորհակալ եմ, պրն Մուկուչյան, պատասխանների համար։ Իմ մտահոգությունը կայանում էր հետեւյալում՝ այս խնդրի կապակցությամբ, այդ «փակ ցիկլ» ասածը։ Ուրեմն, ԱԱ ծառայությունում կատարվում էին գործընթացներ, որոնք շատ հաճախ չէին բխում այդ ծառայության բուն ֆունկցիաների իրականացումից, տեղ էին գտել, ուրեմն, բարքեր, որոնք դուրս էին այդ ծառայության ոլորտից, այսպես ասեմ։ Դրա համար ես ուզում էի, այսպես ասած, իմ մտահոգությունն արտահայտել, որ հիմա այս օրենքով, փաստորեն, այդ մտահոգությունները կարող են վերանալ, երբ որ կարող են համալրվել պրոֆեսիոնալ կադրերով։ Եվ հիմա արդեն նոր փոփոխությունների պարագայում ի հայտ եկան, որ եղել են գործառույթներ, որոնք չեն բխել ընդհանուր առմամբ ԱԱ բուն գործունեության էությունից, եւ դրանք պետք է վերացվեն իսպառ։ Շնորհակալություն։

Տ.ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

-Ես կարծում եմ, հենց, փաստորեն, 1-ին անգամ, երբ ընդունվեց «ԱԱ ծառայության մասին» օրենքը, հենց այդ օրենքի գերնպատակը կայանում էր մեկը՝ որպեսզի, իրոք, տեղի չունենային կամայական մոտեցումներով պայմանավորված նշանակումներ, որպեսզի պատահական նշանակումներ այդ մարմնում չլինեին, եւ թիվ մեկ խնդիրը, որպեսզի դրանով ապահովեր տվյալ պետական մարմնում՝ ծառայության հետ կապված, պրոֆեսիոնալիզմի արմատավորումը։ Եվ հիշյալ փոփոխությունը եւս, թերեւս այդ նույն համատեքստում է, որպեսզի այս անգամ արդեն ռոտացիոն համակարգն իրականացվի ճիշտ նույն սկզբունքների պահպանմամբ, որպեսզի նորից որեւէ նման, այսպես ասենք, պատահական նշանակումների եւ այլնի խնդիրներ չլուծվեն, որովհետեւ ցանկացած պարագայում, եթե մենք նույնիսկ խոսում ենք մեկ պետական մարմնից մյուսին անցնելու մասին, սա պայմանավորված է սոսկ մեկ բանով, որ ծառայության տարատեսակը նույնն է։

Իսկ ինչ վերաբերում նշանակմանը, ապա, բնական է, մեկ պետական մարմնից մյուսին համապատասխան պաշտոնի նշանակվող անձը պետք է համապատասխանի տվյալ պաշտոնի համար սահմանված չափանիշներին։ Իսկ պաշտոնների համար չափանիշները բավականին խիստ են եւ դրանք ամրագրված են օրենքում։ Այսինքն՝ մինչեւ ավելի բարձր պաշտոնին նշանակումը որոշակի ժամանակահատված ավելի ցածր պաշտոնում աշխատելու համար եւ, բացի դրանից, համապատասխան կոչումի պարտադիր առկայություն։ Նույնիսկ ավելին, այս օրենքներում ամրագրված է, որ եթե հնարավորություն կար մինչեւ այս օրենքների ընդունումն անընդհատ, այսպես, շնորհել արտահերթ կոչումներ, դրանով ստանալ պաշտոններ, ապա այստեղ այդ խնդիրը շատ հստակ է դրված, որ նույնիսկ արտահերթ կոչում՝ խրախուսման կարգով, կարող է ստանալ մեկ անգամ ամբողջ ծառայության ընթացքում, այսինքն՝ սա նույնիսկ հնարավորություն չի տալիս, որպեսզի այդ արտահերթ կոչումներ շնորհելու մեխանիզմով փորձ կատարել այդ ամբողջ սանդղակը շրջանցելու։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Պրն Մուկուչյան, այնուամենայնիվ, այս հարցի հետ կապված մի բան, կարծում եմ, հստակ չհնչեց, եւ պիտի խնդրեմ, որ դուք դա ասեք, որովհետեւ պրն Մխիթարյանն ասում էր, թե ինչ-ինչ անառողջ երեւույթներ, ինչ-ինչ, չգիտեմ, գործառույթներ, եւ այստեղ սրանով հանվում են։ Այստեղ ոչ մի բան չի հանվում, այստեղ հանվում է ընդամենը կրտսեր լեյտենանտ... Եթե դա անառողջ երեւույթի մասին է խոսում կամ ավելորդ գործառույթների, սա ուրիշ բան է, ես կարծում եմ, սրանք բացարձակապես անհամատեղելի չեն, ուղղակի հարցադրումը միշտ պիտի պատասխան ստանա, հակառակ դեպքում հարցադրումը մնում է որպես հաստատագրում ինչ-որ մի բանի։ Իսկ ուղղակի հենց այնպես հայտարարել, որ ինչ-որ ավելորդ գործառույթներ կային եւ այլն, ես կարծում եմ, ճիշտ չի խորհրդարանի այս աշխատանքի մեջ։

Տ.ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

-Գործառույթների առումով նշեմ, որ «ԱԱ մարմիններում ծառայության մասին» օրենքը, համենայնդեպս, գործառույթների կարգավորում ուղղակի չի իրականացնում, որովհետեւ գործառույթները կարգավորվում են այլ օրենքներով, որոնք կարգավորում են տվյալ պետական մարմնի ամենօրյա իրավունքներով եւ պարտականություններով պայմանավորված առանձին գործառույթները։ Այս օրենքը սոսկ կանոնակարգում է այդ գործառույթն իրականացնող պաշտոնատար անձանց նշանակման, պաշտոնեական առաջխաղացման, ատեստավորման եւ նմանատիպ այլ խնդիրներ։ Այստեղ գործառույթի կարգավորման հետ կապված խնդիր ընդհանրապես չկա։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շատ շնորհակալություն։ Պատգամավոր Հրանուշ Հակոբյան, խնդրեմ։

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Պրն Մուկուչյան, ուրեմն, «ԱԱ մարմիններում ծառայության մասին» օրենքի հոդված 1-ում դուք ՀՀ պետական պահպանության ծառայության պետ դարձնում եք բարձրագույն պաշտոն այն դեպքում, որ օրենքում սահմանված է, որ բոլոր ստորաբաժանումները, որոնք առանձին միավորներ են, դրանք գլխավոր պաշտոններ են։ Ինչպես եք հիմնավորում, ինչո՞ւ եք այս մեկն առանձնացնում, դրանով ինչ-որ օրենքի հետ հակասությո՞ւն է առաջանում։

Հոդված 9-ում դուք գրում եք, չէ, չէ, չէ, ներողություն, հոդված 11-ում. «...մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը»։ Կարող է այս օրենքն ուժի մեջ չի մտնում, ուրեմն, դուք ծառայությունը վերացնո՞ւմ եք։ Գուցե պետք է գրեիք՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում, 2 ամսվա ընթացքում, որ հասկանալի լիներ։ Օրենքն ուժի մեջ չի մտել, այսօր կարո՞ղ եք կրտսերի պաշտոնները վերացնել։

2-րդը սրա տրամաբանական շարունակությունն է։ Ինչ-որ բան պրն Մխիթարյանն ասաց, ես ուրիշ հարց եմ տալիս։ Եթե դուք միանգամից բոլոր կրտսեր լեյտենանտներին դարձնում եք ավագ լեյտենանտ, ապա ֆինանսական ի՞նչ խնդիր է այստեղ առաջանում, ո՞վ է հաշվարկել, չէ՞։ Ուրեմն, լեյտենանտների խնդիրը, կարծում եմ, այսպես, միանգամից արել եք։

Հաջորդ հարցը։ Չի՛ կարգավորում։ Եթե մարդն արժանի չէ, ի՞նչ եք անում, միանգամից կոչո՞ւմ եք տալիս։ Ի՞նչ է սա, ավտոմատ ո՞նց եք կոչումը տալիս, չէ՞ որ կարող է նա արժանի չէ այդ կոչմանը։ Այս հարցը չի լուծվում։

Հաջորդ խնդիրը վերաբերում է «Ոստիկանության ծառայության մասին» օրենքին։ Մենք ընդհանուր խնդրի մասին խոսեցինք, այդ պետական կառավարումը, ես կարծում եմ, դա պետք է ընդհանուր առմամբ խոսել, որովհետեւ, ես կարծում եմ, սրանք հատուկ ծառայություններ են, սրանք պետական ծառայություններն են, բայց ոչ պետական կառավարման մարմիններ։ Սա ուղղակի «լիազոր մարմին», «հանրապետական մարմին» բառերը կարելի է օրենքում ընդհանրապես օգտագործել։

Հիմա. դուք ներմուծում եք նոր գաղափար՝ միջին, չէ՞, ավագ, միջին, կրտսեր։ Միջինը ներմուծելու արդյոք նորից ֆինանսական խնդիրներ չի՞ առաջանում եւ, մոտավորապես, քանի՞, ձեր կարծիքով, կոչում է այստեղ ավելանում։

Հաջորդ հարցը վերաբերում է հոդված 4-ի 5-րդ կետին՝ ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ։ Փաստորեն, ԱԱ-ում «կրտսեր»-ը հանում եք, այստեղ պահպանում եք, հետո խոսում ենք համարժեքության կամ շարունակականության մասին։ Այդ դեպքում ինչպե՞ս է ապահվում 2 տարբեր, եթե փորձում ենք մի համակարգի մեջ դիտարկել, ոչ թե համակարգի, հասկանալի է ինչ եմ ասում, տարբեր համակարգերում նույն հարթության մեջ դիտարկել։ Կամ ասում եք՝ կրտսեր տեսուչ, ավագ ոստիկան, հետո՝ ոստիկան։ Հիմա ավա՞գն է մեծը, թե՞ ոստիկանը։ Եթե այդպես է, սկզբից պետք է ոստիկան լինի, հետո՝ ավագ, այսինքն՝ թվարկումը ըստ ռանգերի՞ է, թե՞, գուցե մի քիչ ես հեռու եմ զինվորականությունից, բայց բոլոր դեպքերում, կարծում եմ, այդտեղ էլ անճշտություն կա։

Հաջորդ խնդիրը վերաբերում է հետեւյալին։

Պրն Թորոսյան, ես պիտի խնդրեմ, որ կրկնակի հարց տամ, որովհետեւ կրկնակի օրենքներ ենք քննարկում, փաթեթ չի, եւ իմ հարցադրումը...

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Չէ, ներողություն, բայց կանոնակարգն այդպիսի բան չի նախատեսում, կրկնակի հարց, կրկնակի օրենք...

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Բայց կանոնակարգը չի նախատեսում, որ 2 օրենք միասին զեկուցի։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Չէ, իհարկե, նախատեսում է փաթեթի դեպքում։

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Սա փաթեթ չի, նույն օրենքը չի, տարբեր օրենքներ են, տարբեր վերնագրերով տարբեր օրենքներ են, մեկը մյուսից չի բխում, դրանք տարբեր օրենքներ են։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Տիկին Հակոբյան, այստեղ ուղղակի թյուրիմացություն կա, իսկապես փաթեթ է։

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Եթե փաթեթ է, ուրեմն, օրենքի վերնագրում պետք է թվարկվեր որպես փաթեթ։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Համաձայն եմ, դա նկատի ունեմ, որ թյուրիմացություն է, իսկապես։

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Ուրեմն, խնդրում եմ այդ թյուրիմացությունից թույլ տաք օգտվեմ, հիմա կավարտեմ։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Լավ, ավարտեք, բայց հետո հաշվի առնենք, որ այդպես է։ Խնդրեմ, համեցեք։

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Շնորհակալություն։ Ուրեմն, մենք խոսում ենք, կարծեմ, պաշտոնների, այսինքն՝ կոչումների հերթականության մասին, բայց դուք հոդված 8-ում ասում եք, որ կարող է 2 աստիճան ցածր կոչում ունեցողին միանգամից բերեք այդ պաշտոնին դնեք, որին ինքը չի համապատասխանում, 2 աստիճան։

Հոդված 9-ի՝ ոստիկանության ավագ խմբի պաշտոններում ատեստավորման արդյունքներում ասում եք, որ պետք է հաջորդականություն լինի։ Ուրեմն, մի տեղ ասում եք, որ 2 աստիճանով կարելի է, այսպես ասած, թռցնել, մի ուրիշ տեղ ասում եք, որ չէ՛, չի կարելի, որովհետեւ պետք է հաջորդականությունը ապահովի։ Ես դա ուղղակի չհասկացա, որովհետեւ անհասկանալի է։

Հաջորդ հարցը՝ քրեակատարողական ծառայության հատուկ կոչումներ եք առանձնացնում։ Մինչեւ հիմա դա չկար, ոստիկանության մեջ է։ Եթե դա պայմանավորված է նրանով, որ քրեակատարողական ծառայությունը տեղափոխվել է արդարադատության համակարգ, ուրեմն, դրանք արդարադատության ծառայողներ են եւ արդարադատության կոչումները, դասային կոչումները պետք է ստանան, ինչի՞ է անհրաժեշտ այս երկարաշունչ եւ ոչ հաճելի կոչման ներկայությունը։ Եթե արդարադատության մարմիններում է, ուրեմն, թող այդ դասի աստիճանները նրանք ստանան։

Եվ վերջին հարցը, մնացածը չեմ տա, հոդված 8-ի վերջում, 7-րդ կետում դուք ասում եք, որ գաղտնագործության լիակատար պահպանման եւ այլնի նշանակման հետ կապված հարցերը պետական կառավարման մարմնի ղեկավարն է կարգը սահմանում, նրանց գործունեության եւ այլն։ Սա, նախ՝ մարդու իրավունքների հետ է կապվում, սա, նախեւառաջ, օրենքի պիտի լինի, իսկ եթե օրենքի մակարդակ, աստիճան չեք ուզում բարձրացնել, գոնե կառավարությունը պիտի սահմանի նրանց գործունեությունը, կարգը եւ ոչ թե պետական կառավարումը չասեմ, պետական, հանրապետական մարմնի ղեկավարը։ Ինչպե՞ս եք գտնում։ Շնորհակալություն։

Տ.ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

-Շնորհակալություն։ Փորձեմ հերթով պատասխանել։

Ուրեմն, 1-ին հարցը վերաբերում է «ԱԱ մարմիններում ծառայության մասին» օրենքի 1-ին հոդվածին, որով առաջարկվում է լրացում կատարել, սահմանելով, որ պետական պահպանության ծառայության ղեկավարը հանդիսանում է բարձրագույն խմբի պաշտոն։ Էության մեջ այս խնդիրն արդեն իսկ կարգավորված է եւ նմանատիպ կարգավորում սա ստացել է «Պետական պահպանության ծառայության մասին» օրենքով, որտեղ արդեն իսկ այս հարցը կարգավորված է հենց այն կերպ, ինչ կերպ որ առաջարկվում է այստեղ։ Փաստորեն, այս նախագծում ընդամենն առաջարկվում է լրացում, որպեսզի այդ 2 տարբեր օրենքների միջեւ որեւէ, այսպես ասեմ, կիսատ կարգավորում չմնա ընդամենը, որովհետեւ այս խնդիրն արդեն ամրագրված է մեկ այլ օրենքում։

Մյուս խնդիրը վերաբերում էր՝ «Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կրտսեր լեյտենանտի կոչում ստացած...»։ Բնական է, տվյալ պարագայում, եթե այս օրենքն ուժի մեջ չի մտնում, ինչպիսի մտահոգություն, որ հնչեց, կարծում եմ, հետեւաբար այդ նորմը չի գործի։ Այստեղ ընդամենն ամրագրվում է հետեւյալը. «Մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը կրտսեր լեյտենանտի կոչում ստացած...», այսինքն՝ բոլոր այն անձինք, ովքեր մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը ստացել են կոչումներ, ընդամենը կարգավորում է այս անձանց խնդիրը։

Ինչո՞ւ տվյալ անձանց պետք է շնորհվի լեյտենանտի կոչում։ Կարծում եմ, հիշյալ անձինք մինչ այդ ստացել են, փաստորեն, եղել են ենթասպաներ կամ ավագ ենթասպաներ, եւ եթե ընդունվում է նոր օրենք, բնական է, տվյալ պարագայում այս անձանց ուղղակի այս օրենքի ուժով, նրանք չեն կարող միայն այդ օրենքն ուժի մեջ մտնելու ուժով զրկվել, փաստորեն, իրենց ստացած կոչումներից, որովհետեւ դրանք հիմնականում եղել են ենթասպաներ, ենթասպայական անձնակազմի աշխատակիցներ, մասնավորապես պրապորչիկներ, ավագ պրապորչիկներ, նրանք ստացել են այդ կրտսեր լեյտենանտի կոչումը։ Բնական է, այս օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, եթե վերանում է այդ կոչումը, նրանց ստացած կոչումից ուղղակիորեն, ասենք, վատթարացնող առումով նրանց զրկել չի կարելի։

Ինչ վերաբերում է աշխատավարձի հետ կապված խնդիրներին, այստեղ, կարծում եմ, որոշ հաշվարկ կատարվել է, սակայն սա որեւէ էական ինչ-որ տարբերություն չի առաջացնում, որովհետեւ, նախ՝ այս անձանց թիվը բավականին քիչ է, ընդամենը խնդիրը վերաբերում է 10-15 քաղաքացիների, որոնք ստացել են նման կոչումներ։ Այդ կոչումն էության մեջ այդ համակարգում չի գործել որպես այդպիսին, որովհետեւ հիմնականում սպայական կազմի բոլոր պաշտոնները համալրվել են բարձրագույն կրթություն ունեցող ծառայողներով։ Այսօր այդ կրտսեր լեյտենանտ կոչումներն ունեցող քաղաքացիները դրանք այն քաղաքացիներն են, որոնք եղել են սպաներ, ենթասպաներ, եւ դրանք խրախուսման կարգով երբեւէ ստացել են այդ իրենց կոչումները։

Մյուս խնդիրը վերաբերում էր, փաստորեն, որ կարող են լինել դեպքեր, եթե արժանի չէ կոչմանը եւ այլն։ Եթե որեւէ մեկը երբեւէ, ընդհանրապես արժանի չէ կոչմանը, ապա տվյալ պարագայում կան կարգապահական պատասխանատվության մեխանիզմներ, ընդհուպ կոչման իջեցում մեկ աստիճանով։ Այստեղ խնդիրը քիչ այլ է, ես կարծում եմ, եւ վերաբերում է միայն այն դեպքին, երբ, փաստորեն, անձն օրենքի ուժով նրա ունեցած կոչումն էության մեջ վերացվում է, սակայն նա շարունակում է ծառայությունում մնալ որպես ծառայող։

Մյուս հարցադրումները վերաբերում էին «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքին, խոսվեց «հանրապետական մարմին», «լիազոր մարմին» այդ արտահայտությունների միասնականության հետ կապված։ Այստեղ, կարծում եմ, որ, այնուամենայնիվ, բոլոր նախագծերում միատեսակ պետք է լինի տերմինաբանությունը, եւ եթե որոշակի առաջարկներ կլինեն, դրանք, կարծում եմ, կարելի է քննարկման առարկա դարձնել։

Ինչ վերաբերում է հաջորդ հարցին, որը վերաբերում էր միջին խմբի հետ կապված։ Միջին խմբի ձեւավորմամբ որեւէ կոչում չի ավելանում, որեւէ նոր պաշտոն չի ավելանում, ուղղակի նախկինում առկա էր 4 խումբ պաշտոններ։ Այժմ այդ 4 խումբը, փաստորեն, նույն պաշտոնների եւ նույն կոչումների սանդղակում դառնում է 5 խումբ, որովհետեւ, փաստորեն, խմբից խումբ անցնելը ենթադրում է արդեն որոշակի տրամաբանություն, պաշտոնեական առաջխաղացում, եւ տվյալ պարագայում նախատեսվում է ընդամենն ավելացնել խմբերի թիվը։ Այսինքն՝ մեկ խումբ ավելանում է, սակայն սա բնավ չի նշանակում, որ առաջանում են նոր պաշտոններ կամ առաջանում են նոր կոչումներ։ Այլ կերպ ասած, նախկին, փաստորեն, գլխավոր խմբի որոշ պաշտոններ եւ ավագ խմբի որոշ պաշտոններ այսօր, բնական է, ձեւավորում են միջին խումբը։

Ինչ վերաբերում է կրտսեր խմբի պաշտոններին եւ, փաստորեն, նշվեց, որ մի օրենքում առաջարկվում է դա հանել, այստեղ ներառվում է։ Կրտսեր խումբ գոյություն ունի եւ՛ ԱԱ-ում, եւ՛ ոստիկանությունում։ Սա վերաբերում է խմբին, ոչ թե կրտսեր լեյտենանտ, այլ կրտսեր խմբի պաշտոններ։ Դա ոչ սպայական խումբն է, մասնավորապես շարքայիններ, սերժանտական անձնակազմ, այսինքն՝ սա վերաբերում է կոնկրետ խմբին։

Մյուսը, փաստորեն, 5-րդ հոդվածում՝ կրտսեր տեսուչ, ավագ ոստիկան, ոստիկան, ընդհանուր այդ տրամաբանությունն այնպես է, որ օրենքը սկսել է, փաստորեն, պաշտոնները վերեւից ներքեւ շարադրելը։ Տվյալ պարագայում կրտսեր տեսուչը, բնական է, ավելի բարձր է՝ որպես պաշտոն, այնուհետեւ՝ ավագ ոստիկանը, նվազման միտմամբ է, եւ ոստիկանը։ Փաստորեն, այս տրամաբանությամբ է գրված նաեւ ամբողջ հոդվածը։ Ի դեպ, նման մոտեցում է ամրագրված եւ՛ «ԱԱ մարմիններում ծառայության մասին» գործող օրենքում, եւ՛ «Ոստիկանությունում ծառայության մասին» գործող օրենքով, եւ՛ նույնն է նաեւ զինված ուժերում։

Մյուս հարցադրումը վերաբերում էր նախագծի, փաստորեն, 13-րդ հոդվածին, որտեղ նախատեսվում էր առանձին դեպքերում 2 աստիճան ցածր կոչում ունեցող ծառայություները կարող էին նշանակման հնարավորություն ստանալ։ Նախ՝ այս դրույթն այստեղ ամրագրված է, փաստորեն, բացառության տեքստով։ Բացի դրանից նշեմ, որ հաջորդ հոդվածները, եթե մենք համադրում ենք այս հոդվածի հետ, որովհետեւ հաջորդ հոդվածները հնարավորություն են ընձեռում նշանակումներ բացառապես տվյալ խմբի ներսում, այսինքն՝ խմբից խումբ անցում, բնականաբար, այս համատեքստում հնարավոր չէ։ Այսինքն՝ երբ մենք փորձում ենք պաշտոնեական առաջխաղացման հետ կապված դիտարկել եւ՛ համապատասխան պաշտոնում աշխատելու տարիները, եւ՛ համապատասխան կոչումը, բնական է, պետք է կոչում-պաշտոն համապատասխանեն միմյանց, ապա տվյալ պարագայում, այս երկուսի զուգակցման պարագայում ստացվում է, որ խնդիրը վերաբերում է միայն նույն խմբի մեջ նման տեղաշարժի իրականացմանը։

Ինչ վերաբերում է ոստիկանության այն ծառայություններում, որտեղ իրականացվում էր գաղտնագործություն կամ կոնսպերացիա։ Կոնսպերացիայի հետ կապված, կարծում եմ, առաջարկություն հնչեց, որպեսզի այս խնդիրները կարգավորվեն ոչ թե ղեկավար մարմնի, ղեկավարի կողմից, այլ կառավարության որոշմամբ։ Այստեղ որեւէ խնդիր ես չեմ տեսնում, այդ առաջարկը կարելի է քննարկել, եւ բնական է, համապատասխան որոշմամբ կարելի է կարգավորել։ Ուղղակի խնդիրն ունի առանձնահատուկ կարգավորման նշանակություն, որովհետեւ, իրոք, կան ծառայություններ, որտեղ ծառայության ընդունումը որոշակի առանձնահատկություններ իրենում պետք է պարունակի։ Մասնավորապես, խնդիրը վերաբերում է այն ծառայություններին, երբ մարդիկ աշխատում են՝ լիակատար պահպանելով այդ կոնսպերացիան ամբողջ ծառայության ընթացքում։

Մյուսը՝ կապված քրեակատարողական այդ հատուկ կոչումների հետ։ Ճիշտ է, քրեակատարողական ծառայությունը գտնվում է արդարադատության նախարարության համակարգում, եւ արդարադատության նախարարության համակարգում մինջեւ քաղաքացիական ծառայության բնագավառի բարեփոխումների իրականացումը բոլոր ծառայողներն ունեին դասային աստիճաններ։ Այդ օրենքի ընդունումից հետո այդ մարմնում եւս տեղի ունեցան բարեփոխումներ եւ, մասնավորապես, ձեւավորվեց արդարադատության նախարարության աշխատակազմ հիմնարկ, որտեղ գործում են արդեն քաղաքացիական ծառայողների համար սահմանված դասային աստիճաններ։ Այդ նախկին նախատեսված, ուրեմն, դասային կոչումները, բնական է, այսօր չեն գործում, իսկ 2 ծառայություններ, որոնք հատուկ ծառայություններն են՝ քրեակատարողական ծառայություն եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, այս 2 ծառայություններն ունեն իրենց օրենքները եւ նրանց կոչումներն արդեն հանդես են գալիս որպես ոչ թե դասային աստիճաններ, այլ որպես հատուկ կոչումներ։ Սրանով է պայմանավորված, որ տարբեր օրենքների ուղղակի այդ միասնական տերմինաբանությունը պահպանելու առումով փորձ է կատարվել օգտագործել հիշյալ տերմինը։

Նու, թերեւս այսքանը, կարծես որեւէ բան բաց չթողեցի։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Այո, իհարկե, պարզաբանման համար՝ պատգամավոր Հրանուշ Հակոբյան։

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Պրն Մուկուչյան, շնորհակալություն, բայց ես կարծում եմ, որ եթե դուք գլխավոր պաշտոնը, այն, ինչ որ սահմանել եք՝ ի՞նչ բան է գլխավոր պաշտոն կամ սահմանել եք՝ ի՞նչ բան է բարձրագույն պաշտոն, հիմա մեկ ուրիշ օրենքով, որով պահպանության ծառայության համար փորձում եք համարժեքություն ապահովել, ուրեմն, պետք է կա՛մ բարձրագույն պաշտոնին տրվող սահմանումը փոխեք, կա՛մ գլխավորը, որովհետեւ եթե դուք օրենքում բացահայտ սահմանում եք, թե ի՞նչ բան է գլխավոր պաշտոնը, առանձնացված ստորաբաժանման ղեկավարը, իսկ հետո առանձնացված ստորաբաժանման ղեկավարը դարձնում եք բարձրագույն պաշտոն, ուրեմն, այստեղ հակասություն է առաջանում։ Ես սրա մասին եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել, որովհետեւ սա 1-ին ընթերցում է, որ նման տարընթերցությունը, ընթերցում չլինի։

2.Իմ հարցադրումը, որ դուք փորձում եք կրտսեր լեյտենանտի խնդիրն իմպերատիվ ձեւով մեկ անգամից լուծել, կարեւոր չէ քանակը, բոլոր դեպքերում ես գտնում եմ, որ ոչ թե պետք է օրենքն իմպերատիվ լուծի, այլ պետք է գրվի՝ սահմանված կարգով, համապատասխան, ենթադրենք, ատեստավորման կամ չգիտեմ ինչի արդյունքում, որովհետեւ, էլի եմ կրկնում, նույնը վերաբերում է ձեր գնդապետ, փոխգնդապետ եւ այլն։ Գրել եք. «5 տարի ծառայության դեպքում»։ Է, կարող է արժանի չէ, ուրեմն, պիտի գրեք՝ համապատասխան կարգի պայմաններում, պահանջների պայմաններում, ոչ թե միայն տարին հերիք է, որպեսզի մարդը կոչում ստանա։ Կարող է մեկին պետք է ավելի շուտ տալ, դա ինչ-որ տեղով սահմանված է, բայց միայն այսպես։

Հաջորդը վերաբերում էր ձեր, ասենք, ասում եք, թե միջին խումբ ենք մտցնում, դա ոչինչ չի ավելացնում։ Ինչպե՞ս չի ավելացնում։ Մարդը, եթե կրտսերից միանգամից ավագ էր գնում, հիմա կրտսերից գնում է միջին, միջինից գնում է ավագ։ Ուրեմն, դա որոշակի ժամանակահատված, որոշակի ֆինանսներ, որոշակի ծառայություն է իրենից ենթադրում, ոչ թե դա ոչինչ չի նշանակում։ Դա որոշակի բան է ներկայացնում։

Բոլոր դեպքերում, օգտվելով առիթից, ես կուզենայի ասել։ Դուք ասում եք, թե ոստիկանության ծառայող է համարվում նաեւ կադրային ռեզերվում եւ կադրերի գործող ռեզերվում գտնվող անձը։ Եթե այդպես է, եթե դա համարվում է ծառայություն, դա նշանակում է, որ դա նաեւ համարվում է ստա՞ժ, որ դա ինչ-որ որոշակի փոխհատուցո՞ւմ է ստանում, չասեմ աշխատավարձ։ Ի՞նչ է սա նշանակում, որովհետեւ հոդված 2-ում նաեւ խոսում է ռեզերվի մասին։ Շնորհակալություն։

Տ.ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

-Շնորհակալություն։ Նախ՝ 1-ինը, ինչ վերաբերում է պետական ծառայության պահպանության պետի պաշտոնին, ապա նշեմ, որ «Պետական պահպանության ծառայության մասին» օրենքով սահմանվում է, որ այդ ծառայության ղեկավարի պաշտոնը, փաստորեն, ԱԱ ծառայության բարձրագույն խմբի պաշտոն է համարվում, որովհետեւ այդտեղ բարձրագույն խմբի պաշտոններ են համարվում ԱԱ ղեկավարի պաշտոնը եւ նրա տեղակալների պաշտոնը, իսկ այն օրենքով, որով կարգավորվում է պետական պահպանության ծառայության խնդիրները, այս պաշտոնը համարժեք է ԱԱ մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնին։ Դրա համար էլ այստեղ այս ներդաշնակությունն ենք փորձել ապահովել։

Մյուսը, ինչ վերաբերում է այս կոչումներ տալու հետ կապված խնդրին։ Փաստորեն, տվյալ պարագայում կրտսեր լեյտենանտներից լեյտենանտի կոչումի տալը։ Եթե խնդիրը վերաբերում է զուտ, այսպես ասենք, այն ձեւականությունների պահպանմանը, բնական է, դա միարժեք է, որտեղ որոշակի ձեւականություններ պետք է պահպանվեն, այսինքն՝ թղթագրություն եւ այլն։ Բայց ինչ վերաբերում է այդ անձանց կոչումներ տալուն, ապա նրանց, այդ կրտսեր լեյտենանտից լեյտենանտի կոչում տալն ավելի շատ ավտոմատիզմ է ենթադրում, որովհետեւ օրենքով, փաստորեն, վերանում է այն կոչումը, որը նրանք ժամանակին երբեւէ ստացել են։ Այստեղ ուղղակիորեն չի կարող այդ տարբերակով մարդը զրկվել ուղղակի նախկինում ունեցած կոչումից։ Դրա համար նախատեսվել է այդ մեխանիզմը։

Ինչ վերաբերում է ընդհանրապես կոչումների շնորհմանը։ Բնական է, կոչումներ շնորհելու պարագայում, նախ՝ տարիների հետ կապված, այստեղ օրենքը սահմանում է, որ որոշակի տարիներ ծառայելուց հետո նա կարող է հավակնել հաջորդ կոչումը ստանալուն, սակայն միանշանակ է, որ կան բավականին խիստ տույժի մեխանիզմներ, եւ այդ տույժերի կիրառելիության պարագայում արդեն համապատասխան օրենքը եւ կանոնակարգերը՝ տվյալ ծառայությունները կարգավորող, սահմանում են, որ տույժերի առկայության պայմաններում վերջիններս, անկախ ժամկետը լրանալու, չլրանալու հանգամանքից, չեն կարող ներկայացվել, բնական է, որոշակի առաջխաղացման։ Նրանց նկատմամբ, ասենք, եթե կան կիրառված տույժեր, որոնք դեռեւս սահմանված կարգով, իսկ օրենքը եւս սահմանում է կարգը, թե ե՞րբ են դրանք հանվում՝ ժամկետից շուտ կամ ժամկետի մարմամբ, եթե, բնական է, կան գործող տույժեր, ապա գործող տույժերի պարագայում կարող են առաջանալ, անշուշտ, խոչընդոտներ այդ հերթական կոչումները ստանալու հետ։

Մյուս խնդիրը, որը վեարբերում էր միջին խմբին։ Էության մեջ միջին խմբի պարագայում ես նշեցի, որ նոր պաշտոններ չեն առաջանում։ Իրավամբ չեն առաջանում նման պաշտոններ։ Այստեղ ամբողջ խնդիրը կայանում էր նրանում, որ նախ՝ նույնատիպ 3 ծառայություններից 2-ում մենք ունեինք 5 խումբ ծառայություններ, մյուսում՝ ոստիկանությունում, ունեինք՝ 4 խումբ։ Տվյալ պարագայում առաջանում էր հետեւյալ վիճակը, երբ, ասենք, նույն խմբի պաշտոններ էին համարվում սկսած ոստիկանության բաժնի պետի տեղակալից մինչեւ, փաստորեն, բաժանմունքի պետի տեղակալ։ Այս ամբողջ խումբը գործող օրենքով համարվում է ավագ խմբի պաշտոններ։ Իրավամբ, եթե կա սրանց մեջ արդեն, չնայած այս պաշտոնները, նրանցով պայմանավորված գործառույթներն էականորեն տարբերվում են մեկը մյուսից, բայց նույն խումբ էին հանդիսանում։ Նկատի ունենալով, որ այս պարտականությունների կատարումը մի դեպքում՝ ունեն շատ ավելի կարեւոր նշանակություն կամ, ասենք, պատասխանատվության աստիճանը շատ ավելի մեծ է, մյուսների պարագայում ավելի քիչ է այդ պատասխանատվության աստիճանը, ապա հենց այս պատասխանատվությամբ աստիճանով պայմանավորված նախատեսվել է ստեղծել մյուս միջին խումբը, որը հնարավորություն կտա, այսպես, իհարկե, խմբային անցում ապահովելու, սակայն նոր պաշտոն սրանով պայմանավորված, բնական է, չի առաջանում։

Մյուս խնդիրը, որը վերաբերում էր կադրերի ռեզերվին։ Կադրերի ռեզերվի հետ կապված խնդիրը լիարժեք կերպով կարգավորված է գործող օրենքում, մասնավորապես նախատեսվում է կադրերի ռեզերվում ամրագրման, որ անձը կարող է կադրերի ռեզերվում գտնվել եւ, բնական է, համարվել նաեւ ոստիկանությունում ծառայող մինչեւ 3 ամսվա ընթացքում։ Դեպքերը կան, թե ո՞ր դեպքերում է, որ անձը կարող է անցնել կադրերի ռեզերվ։ Բնական է, կադրերի ռեզերվ չեն անցնում ծառայությունից հեռացված անձինք, կադրերի ռեզերվում չեն կարող գտնվել այն անձինք, որոնք, ասենք, ծառայությունից ազատվում են սեփական նախաձեռնությամբ։ Կադրերի ռեզերվ անցնում են այն դեպքերում, երբ, ասենք, հիվանդության հետ կապված անձը չի կարողանում իր պարտականություններն իրականացնել, երբ առկա են, օրինակ, դեպքեր, երբ ստորաբաժանում է լուծարվում եւ այլն։ Սահմանված ժամկետը 3 ամիսն է։ Այս 3 ամսվա ընթացքում նա ստանում է աշխատավարձ՝ համարվելով ոստիկանությունում ծառայող եւ, բնական է, հետագայում արդեն նոր պաշտոններ առաջանալու պարագայում կադրերի ռեզերվում գտնվող անձինք արդեն կարող են ստանալ համապատասխան պաշտոն։ Կոպիտ ասած, կադրերի ռեզերվն այն տեղն է, երբ անձն ինչ-որ հանգամանքներով պայմանավորված ծառայությունից ազատվի... Չէ, նրանք, դա համարվում է ստաժ, դրա համար վճարվում է աշխատավարձ, դրա համար էլ այդ օրենքը ծառայություն՝ որպես այդպիսին, տարածվում է նրանց վրա։

Ոստիկանությունո՞ւմ։ Ոստիկանությունում հենց ոստիկանական ծառայություն է։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շատ լավ, հարցերն ավարտվեցին, պրն Մուկուչյան։

Հարգելի գործընկերներ, մենք կլսենք գլխադասային հանձնաժողովի տեսակետը, որը կներկայացնի պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը։ Խնդրեմ։

Մ.ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, հարգարժան նախագահող, ձեր ուշադրությանն է ներկայացված 2 օրենսդրական նախաձեռնություն։ Նպատակահարմար եմ գտնում ասել, որ, ըստ էության, կա եւս մեկ օրենսդրական նախաձեռնություն, որը փաթեթից առանձին է լինելու եւ որը վերաբերում է զինված ուժերում ծառայության մասին։ Ըստ էության, այս 2 օրենսդրական նախաձեռնությունները, օրենքների նախագծերը, որը խիստ հանգամանորեն ներկայացրեց պրն Մուկուչյանը, մի քանի հիմնախնդիրներ ունեն լուծելու։ Կարեւորագույն հիմնախնդիրներից մեկը, եթե կարելի է ասել, սա, այսպես ասած, Հայաստանում առկա կադրային բանկի առավել էֆեկտիվ եւ արդյունավետ օգտագործման խնդիրն է։ Երբ մենք հնարավորություն ենք տալիս ընտրովի, առավել հաջող այն կադրերին, որոք իսկապես անհրաժեշտ են համակարգերում աշխատելու համար, տեղափոխվել եւ լրացնել այն պաշտոնները, որոնք տվյալ դեպքում առկա են։ Մեծ համակարգերի համար, խոշոր երկրների համար, իհարկե, այսպիսի խնդիր՝ որպես կանոն, ավելի քիչ է ծագում, քան փոքր համակարգերի համար, այնպիսի համակարգերի համար, ինչպիսիք գոյություն ունեն ՀՀ-ում։ Այս տեսանկյունից, ահա այս հիմնախնդիրը թույլ կտան առավել արդյունավետ օգտագործել առկա եւ փորձառու կադրերը։ Սա մի կարեւորագույն խնդիր է, որը նաեւ կապող է օրենքների եւ նախագծերի համար։

2-րդ կարեւոր խնդիրն արդեն իսկ վերաբերում է կադրերի կառավարման մոտեցումներին, ինչպես նաեւ առանձին հիմնախնդիրներ, հիմնահարցեր կան, որոնք առնչվում են արդեն կոչումներին։ Մասնավորապես, այստեղ կա որոշակի տարբերություն, եթե դուք ուշադրություն եք դարձրել, «ԱԱ ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի միջեւ։

Հանձնաժողովում այս մի քանի համակարգային հիմնախնդիրները, որոնք ինչպես, ցանկանում եմ նորից ասել, արծարծված են 2 օրենսդրական նախաձեռնություններում էլ, ինչպես նաեւ մի շարք այլ հիմնահարցեր, որոնք վերաբերում են արդեն բուն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, քննարկվել են։

Կան մի շարք հիմնահարցեր, որոնք դեռեւս, իհարկե, աշխատելու տեղ ունեն։ Իհարկե, այս տեսանկյունից պայմանավորվածություն կա պրն Մուկուչյանի հետ, ինչպես նաեւ ոստիկանության ղեկավարության հետ, հավաքվելու եւ մի քանի աշխատանքային քննարկումներ, ինչպես նաեւ հանձնաժողովի նիստ անցկացնելու համար։ Արդեն իսկ անցկացվել է մեկ աշխատանքային քննարկում, որը ցույց տվեց, որ ինչպես իրավական տեխնիկայի, այնպես էլ բուն մեխանիզմների տեսանկյունից դեռեւս ընդհանուր համապատասխանեցման եւ համաձայնեցման մեխանիզմներ ավելի հստակ եւ ավելի մանրամասն պետք է մշակվեն։

Հանձնաժողովը հավանություն է տվել օրենքները ներկայացնելու համար ԱԺ 1-ին ընթերցմամբ եւ այս պայմանավորվածությունն աշխատելու նաեւ հետագայում։ Արդեն իսկ կան որոշակի առաջարկություններ հանձնաժողովի կողմից, կարծում եմ, հետագայում հնարավոր կլինի ավելի հստակեցնել եւ ներկայացնել առաջարկություններ ԱԺ քննարկմանը։ Այսքանը։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հերթագրում՝ հարցերի համար։

Հերթագրվել է մեկ պատգամավոր։ Հրանուշ Հակոբյան, խնդրեմ։

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Շահգելդյան, «Ոստիկանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետում գրված է. «Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումը սահմանում է ՀՀ կառավարությունը»։

Ես, ճիշտն ասած, զինվորական ծառայություն չեմ անցել, բայց ինչքան գիտելիքներս թույլ է տալիս մեկնաբանել, ես հասկանում եմ, որ ոստիկանական ծառայությունում նույնպես հրաման է, նույնպես կոչումներ են, նույնպես զինվորական կարգ ու կանոն է, նրանք բոլորն օգտվում են զինվորականի սոցիալական ապահովության խնդիրներից, ստանում են նույն կենսաթոշակը եւ օգտվում իրավունքներից եւ պարտականություններից, ինչ որ զինվորական ծառայությունը։ Հիմա, եթե սա զինվորական ծառայություն է, ապա ՀՀ Սահմանադրության 55 -րդ հոդվածով զինվորական կոչումները շնորհում է ՀՀ Նախագահը, ոչ թե կառավարությունը։ Եթե սա զինվորական ծառայություն չէ, ուրեմն, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ ծառայություն է եւ ինչո՞ւ պետք է կոչումների խնդիրը նման լուծում ստանա օրենքում։ Շնորհակալություն։

Մ.ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

-Տիկին Հակոբյան, այստեղ խնդիրը հետեւյալն է, այսինքն՝ այն, ինչ նաեւ քննարկվել է, ոչ թե խոսքը վերաբերում է կոնկրետ անձին, կոնկրետ կոչումը տալուն եւ կոնկրետ պաշտոնին համապատասխանեցնելուն, այլ ընդհանրապես կոնկրետ պաշտոնների, կոնկրետ կոչումների համապատասխանության հարցին, այլ կարպ ասած՝ ընդհանուր մոտեցմանը։ Ես ուղղակի բացատրեմ՝ այն, ինչ մենք քննարկել ենք եւ տեսել ենք, խնդիրը հետեւյալն է՝ դիցուք, կան որոշակի պաշտոններ՝ զորամասերի հրամանատարներ եւ այլն, այստեղ ամբողջության մեջ կոնկրետ զորամասերի հրամանատարն ինչպիսի կոչում պետք է ունենա՝ անկախ անձից կամ անկախ անհատից։ Այ, սա՛ է խնդիրը։ Ամբողջ ընդհանուր ցանկի մասին է խոսքը, ոչ թե կոնկրետ անձի։ Դիցուք, ներողություն, ասենք, Աշոտ Աշոտյանը ստանում է կոնկրետ կոչում եւ գնում է կոնկրետ պաշտոնին, խոսքը սրան չի վերաբերում, ընդհանուր ցանկի մասին է։ Սա է հիմնահարցը։ Ահա, այս մոտեցումներն են, որ հաստատվում են կառավարության կողմից եւ ոչ թե կոնկրետ անձի հետ շաղկապվածությունն է։

Եթե ես կարողացա պատասխանել ձեր հարցին։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, այլ հարց չկա։

Այժմ, հարգելի գործընկերներ, հերթագրում՝ ելույթների համար։

Հերթագրվածներ չկան։ Խմբից եւ խմբակցություններից հայտեր եւս չկան ելույթների համար։

Այժմ, եթե եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն կա, պրն Մուկուչյան, կա՞ եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն։ Շատ լավ։

Ուրեմն, այս հարցի քննարկումն ավարտեցինք, քվեարկությունը կանցկացնենք ավելի ուշ։

Այժմ, հարգելի գործընկերներ, մենք քննարկում ենք կառավարության ներկայացրած «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելու համար։ Հիմնական զեկուցող է Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը։ Խնդրեմ։

Մ.ԲԱԴԱԼՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգարժան նախագահող, հարգելի պատգամավորներ, ձեր ուշադրությանն է ներկայացվում «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Օրենքի նախագիծը հիմնականում միտում ունի կատարելագործելու օրենքը, այնուհետեւ օրենքից ծակող եւ բխող իրավական ակտերը, նորմատիվ ակտերը, որոնցով կանոնակարգվում է քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման, զարգացման, շարունակականության ապահովման խնդիրը։ Բնականաբար, արդեն բավականին ժամանակ անցել ենք ձեզ հետ միասին, եւ օրենքում մի շարք անգամ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել ԱԺ-ում։ Կարծում եմ, այս անգամ նույնպես, եթե առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները կատարվեն, դա նույնպես վերջինը չի լինելու, որովհետեւ որպես նոր համակարգ, անընդհատ ի հայտ են գալիս խնդիրներ, անընդհատ ի հայտ են գալիս երեւույթներ, որոնց ուղղակի պետք է մենք կարողանանք ժամանակին արձագանքել եւ ժամանակին արձագանքելու արդյունքում կարողանանք համակարգն անշեղորեն եւ անշրջելիորեն ապահովել նրա զարգացումը եւ ներդրումը մեր իրականության մեջ։

Այսօր ես փորձելու եմ հնարավորինս մանրամասն ձեր ուշադրությանը ներկայացնել բոլոր այն գործընթացները, որոնք տեղի են ունենում քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման, կայացման իմաստով, բոլոր այն խնդիրները, պրոբլեմները, որոնք ի հայտ են եկել, բոլոր այն կանխատեսումները, որոնք արդեն կարող ենք անել, ինչո՞ւ չէ, նաեւ որոշակի վերլուծություն եւ վիճակագրություն, որին ապավինելով կարող ենք նույնպես որոշակի եզրակացություններ անել։

Այսպես, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մեր այսօրվա նախագիծը, որը ներկայացված է հանրապետության կառավարության կողմից, կրկնում եմ, խնդիր ունի կատարելագործելու, էլ ավելի ճկուն, էլ ավելի արդյունավետ դարձնելու այն լուծումները, այն մեխանիզմները, որոնք կան։ Բնականաբար, գաղտնիք չէ, որ ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս խնդիրներ, ինչո՞ւ չէ, նաեւ երբեմն սուբյեկտիվ դրսեւորումներից խուսափելու նպատակով մենք պետք է շատ օպերատիվ միջամտություն ունենանք։ Այն մեխանիզմները, որոնցով կանոնակարգված են մեր բոլոր լուծումները, բոլոր այն ընթացակարգերը, կարողանանք դրանք դարձնել ավելի արդյունավետ, ավելի բաց, հրապարակային եւ, ինչո՞ւ չէ, ժամանակի ընթացքում ի հայտ եկող սողանցքները մենք անմիջապես պիտի կարողանանք փակել։ Այսօրվա նախագիծը նաեւ նման առաքելություն ունի, եւ մենք դա շատ կարեւորում ենք։

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է՝ տրվում է «Քաղաքացիական ծառայության պաշտոն» սահմանումը։ Մենք այստեղ ճշգրտում ենք մտցնում, թվարկվում է, թե որոնք են քաղաքացիական ծառայության պաշտոնները, ճշգրտում ենք՝ «բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի», քանի որ ժամանակավոր թափուր պաշտոնները կարող են զբաղեցնել ինչպես քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվից, այնպես էլ այլ անձերի ներգրավմամբ։ Երբ կադրերի ռեզերվում համապատասխան պահանջներին բավարարող եւ ցանկություն հայտնող այս կամ այն ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու քաղաքացիներ չենք ունենաում, ապա դրանք կարող են ներգրավել նաեւ այլ անձերի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով։ Բնականաբար, այլ անձերը, որոնք 1-2 կամ ընդհուպ մինչեւ 6 ամիս, 1 տարի ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատելու դեպքում մենք չենք կարող դիտարկել որպես քաղաքացիական ծառայողներ, որովհետեւ օրենքի բազմաթիվ սահմանումներով, սկզբունքներով ամրագրված են, թե ո՞րն է քաղաքացիական ծառայողը եւ քաղաքացիական ծառայության պաշտոնը։

Օրենքի նախագծի 1-ին հոդվածի «բ» կետով, ուրեմն, ձեզ բաժանված նախագծում դա չկա։ 1-ին հոդվածի «բ» կետ է առաջարկվում, որը վերաբերում է երեկ, հարգելի պատգամավորներ, ձեր կողմից ընդունված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում Նախագահի առարկությանը։ Խոսքը վերաբերում է հետեւյալին՝ եթե «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում սահմանված էր, որ այդ համակարգում ընդգրկվում են Նախագահի աշխատակազմը, կառավարության աշխատակազմը, գործադիր իշխանության հանրապետական մարմինները, մյուս մարմինները, օրենքով ստեղծված հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ, այժմ մենք ավելացնում ենք այդ բոլորի փոխարեն՝ «օրենքով ստեղծված մարմիններ», որն իր մեջ կկլանի ինչպես խորհուրդներին, հանձնաժողովներին, ծառայություններին, այնպես էլ, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին։ Այսինքն՝ սա մենք նախապես ձեզ բաժանված նախագծով չէինք կարող ներկայացնել, քանի որ երեկ ընդամենը մեզ համար հնարավորություն եղավ ձեր իսկ կողմից կատարած փոփոխության արդյունքում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում այս դրույթն ամրագրենք, որպեսզի այդ 2 օրենքների փոխկապակցվածությունը եւ թղթակցումը գոնե ապահովենք այդ մասով։

Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է հետեւյալը։ Գործող օրենքում հետեւյալ ձեւակերպումն էր, որ քաղաքացիական ծառայողը կարող է ստանալ ավելի բարձր դասային աստիճան, սակայն որեւէ կերպ կանոնակարգված չէր եւ սահմանափակված չէր, թե ի՞նչ է նշանակում ավելի բարձր, սակայն դրա տրամաբանությունը հետեւյալն է եղել ի սկզբանե։ Խոսքը գնացել է իր զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճանով ավելի բարձր։ Մենք մեր ձեւակերպմամբ հենց այդ խնդիրն առաջարկում ենք լուծել, այսինքն՝ ավելի բարձր ինչ ենք հասկանում, որպեսզի լինի որոշակիություն եւ տարակարծությունների տեղիք մենք չունենանք։

Նախագծի նույն հոդվածի, այսինքն՝ նախագծի 3-րդ հոդվածի «դ» կետի մասին է խոսքը, այսինքն՝ երբ խոսքը գնում է այդ դասային աստիճանների կանոնակարգման հետ կապված լուծումներին, այնուհետեւ անդրադարձ ենք ունենում նաեւ քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան շնորհելու խնդրին, ուրեմն, համապատասխան դասային աստիճանը ստանալուց ոչ շուտ, այսինքն՝ ժամկետի խնդիրն ենք այստեղ կոնկրետացնում, քան 3 տարի եւ ոչ ուշ, քան 3 տարի հետո։ Քանի որ ամբողջ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում քաղաքացիական ծառայողների պաշտոնական առաջխաղացման հիմքում սկզբունքներ են դրված, որոնք պետք է ապահովեն եւ ապահովում են նրա աստիճանական առաջխաղացումը։ Ուստի, այստեղ նույնպես կանոնակարգում ենք նաեւ դասային աստիճան ստանալու իմաստով։

Հաջորդ «դ» կետում, այդ հոդվածի վերջին մասն է. «Քաղաքացիական ծառայողի դասային աստիճանի իջեցման մասին» օրենքում դրույթ ունեինք։ Այստեղ նույնպես բաց կար, որը նույնպես հստակեցվում է, իջեցվում է 1օ -ով քաղաքացիական ծառայության ծառայողի դասային աստիճանը։

Օրենքի 4-րդ հոդվածով առաջարկվում է օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հոդված 9. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը եւ համապատասխան մարմինների հաստիքացուցակը հաստատելը, փոփոխելը»։ Խոսքը վերաբերում է կոնկրետ այս հոդվածով նրան, որ այն գործընթացները, այն ընթացակարգերը, որոնք իրականացվում են համապատասխան մարմինների առաջարկությամբ եւ ներկայացմամբ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ, խոսքը վերաբերում է պաշտոնների անվանացանկի հաստատմանը, պաշտոնների անձնագրերի համաձայնությանը։ Այդ ընթացակարգերն ավելի պարզեցրել ենք եւ սեղմել ենք նաեւ ժամկետները։ Եթե նախկինում մեկ ամսում պիտի դրանք ավարտվեին, այսինքն՝ ընդունենք հետեւյալ դեպքը, եթե ընդունվում է որեւէ մարմնում նոր որեւէ պաշտոն, այդ որեւէ պաշտոնը պիտի տեղադրվեր քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում՝ համապատասխան մարմնի ղեկավարի ներկայացմամբ, այնուհետեւ այդ նոր պաշտոնի համար պիտի ստեղծվեր պաշտոնի անձնագիր, որը հետագայում պիտի Քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությունը ստանար, եւ սահմանված էր մեկ ամիս։ Պրակտիկան ցույց է տալիս, որ 15 օրը լիովին բավարար է ավելի օպերատիվ, ավելի արդյունավետ այս խնդիրը լուծելու համար։ Մենք առաջարկում ենք մեկամսյա ժամկետն այստեղ դարձնել 15-օրյա ժամկետ։

Նախագծի 5-րդ հոդվածը, որով առաջարկվում է օրենքի 10-րդ հոդվածի հետ կապված փոփոխություններ։ Խոսքը վերաբերում է քաղաքացիական ծառայության տարբեր խմբերի պաշտոններում ընդգրկված պաշտոններին առաջադրվող պահանջներին։ Դուք գիտեք, քաղաքացիական ծառայության բոլոր պաշտոնները խմբավորված եւ դասակարգված են 4 խմբերում՝ բարձրագույն, գլխավոր, առաջատար եւ կրտսեր։ Այստեղ անհամարժեքություն եւ անհամապատասխանություն էր առաջացել։ Ի՞նչ առումով։ Երբեմն առաջատար կամ գլխավոր պաշտոններ հավակնողներին առաջադրվում էր ավելի կոշտ պահանջներ, քան գլխավորին առաջատարի նկատմամբ կամ բարձրագույնին գլխավորի նկատմամբ։ Ուստի, մենք այստեղ այս կանոնակարգմամբ հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի, ուրեմն, խոսքը վերաբերում է նաեւ քաղաքական, հայեցողական պաշտոնյաներին, ովքեր քաղաքական կամ հայեցողական պաշտոններից հետո իրենց ստաժի համարժեքության, հավասարության իմաստով կարող են զբաղեցնել այդ պաշտոնները։

Ձեզ տեղեկացնեմ, որ մենք ունենք նաեւ արդեն նման դեպքեր, երբ եւ՛ քաղաքական, եւ՛ հայեցողական պաշտոնյաներ արդեն եւ՛ հավակնում են, եւ՛ ունեցել ենք նաեւ դեպքեր, երբ մարդիկ ընդգրկվում են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում, ինչպես եւ սահմանված է օրենքով։

Օրենքի նորամուծություններից մեկը հետեւյալն է, դա հոդված 12-ն է, կամ եթե նախագծի իմաստով խոսենք, օրենքի նախագծի հոդված 6-ը, որով առաջարկվում է քաղաքացիական ծառայության համալրման նաեւ արտամրցութային կարգ։ Ասեմ, թե ինչին է վերաբերում խոսքը։ Մեր վիճակագրությունը եւ վերլուծությունը ցույց տվեց այս 2-2,5 տարիների ընթացքում, որ միեւնույն կառուցվածքային ստորաբաժանման ներսում թափուր պաշտոն առաջանալու դեպքում, որպես կանոն, այդ թափուր պաշտոնների մրցույթներին մասնակցում են նույն կառուցվածքային ստորաբաժանման ավելի կրտսեր պաշտոն զբաղեցնող քաղաքացիներ եւ նրանք հաղթելով, որպես կանոն, նշանակվում են տվյալ պաշտոններում։ Եվ այս ընթացքում, կրկնում եմ, վիճակագրության ու վերլուծության արդյունքում կարելի է հանգել մի եզրակացության, որ մոտավորապես 40-50 %-ով այն մրցույթները, որոնք առաջ են գալիս մեկ թափուր պաշտոնի՝ որպես, այսպես, հետեւանք կամ շղթա։ Ընդունենք մեկ վարչության ներսում թափուր է դարձել վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը։ Ուրեմն, այդ պաշտոնի համալրման հետ կապված այնուհետեւ մասնակցում են առաջատար պաշտոն զբաղեցնողներ, որոնք հաղթում են, նշանակվում են, այնուհետեւ իրենց տեղն է թափուր դառնում եւ, որպես կանոն, բավականին սա արդեն համոզիչ է դառնում մեզ համար։ Մենք առաջարկում ենք սահմանված ժամկետում, 7-օրյա ժամկետում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ այդ նշանակումները կատարել։ Եթե կատարվում է նշանակումներ, լա՛վ, եթե չեն կատարվում, ներկայացվում են որպես թափուր պաշտոններ եւ հայտարարվում են մրցույթներ, ինչպես այժմ է։

Ուրեմն, հաջորդ հոդվածներում, ըստ էության, հիմնականում նույնպես ձեւակերպումներն ավելի շատ խմբագրական են, կապված այս փոփոխությունների հետ խմբագրական բնույթի են եւ ավելի համահունչ են այն ձեւակերպումներին, որոնք այս փոփոխությունների, լրացումների արդյունքում կրում են որոշակիորեն փոփոխություններ եւ դրանց համահունչ են դարձվում, եւ այնուհետեւ գալիս ենք կրկին եւ՛ խմբագրական, եւ՛ ոչ միայն խմբագրական, այլ նաեւ գործնականում դժվարություններ առաջացնող մի քանի խնդիրների։

Օրենքում ունեինք «եռօրյա ժամկետ» հասկացություն, որը բազմաթիվ գործընթացներին պիտի հաջորդեր եւ եռօրյայի ընթացքում պիտի տրվեին լուծումներ։ Օրինակ, մրցույթի արդյունքում հաղթողներից որեւէ մեկին պիտի եռօրյայում նշանակեին։ Եթե, ընդունենք, մրցույթը կայացել է ուրբաթ օրը, այսինքն՝ որպեսզի ձեզ չհոգնեցնեմ, ասեմ, որ «եռօրյան» մենք առաջարկում ենք փոխարինել «3 աշխատանքային օր», որպեսզի այդ շաբաթ, կիրակիները՝ որպես կանոն, բավականին դժվարություններ են ստեղծում, եւ մարդիկ երբեմն օբյեկտիվորեն ստիպված են լինում խախտել օրենքը, այդ իմաստով։ Ուրեմն, մենք այս նոր ձեւակերպումն ենք առաջարկում։ Ունեինք մի ձեւակերպում, որը կոչվում էր կրկնակի մրցույթ։ Ըստ էության, կրկնակի մրցույթ որպես այդպիսին չի լինում, որովհետեւ նույն կազմով, նույն դիմորդներով, նույն հանձնաժողովով մրցույթը չի կրկնվում։ Մենք առաջարկում ենք այդ «կրկնակի» բառի փոխարեն սահմանել «նոր մրցույթ», որովհետեւ դա, ըստ էության, բոլոր հատկանիշներով «նոր մրցույթ» է։

Նախագծի 9-րդ հոդվածում նույնպես, ըստ էության, սկզբունքային չէ, խմբագրական բնույթի փոփոխություն է առաջարկվում, երդման տեքստը կցվում է քաղաքացիական ծառայողի գործին, եւ նախկինում սահմանված գրառումը, որը

պահանջում էր, որպեսզի գրառում լինի այդ մասին, բնականաբար, կհանվի, քանի որ տեքստն արդեն ինքնըստինքյան նշանակում է գրառում։

Ուրեմն, մի հոդվածը, հարգելի պատգամավորներ, օրենքի նախագծի 11-րդ հոդվածով ձեզ բաժանված օրինակում տեղ է գտել նաեւ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատանքի անցնելու համար քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձի այդ աշխատակազմում պաշտոնի ստաժի իմաստով հավասարեցման խնդիրը, սակայն քանի որ մենք երեկ ձեր ընդունած որոշման արդյունքում եւ այսօր արդեն առաջարկված մեր նախագծի այն համարժեքության համահունչ դարձնելու իմաստով, ես արդեն ասացի 2-րդ հոդվածում, այդ նկատառումով այս մասն այստեղից առաջարկվում է հանել, որովհետեւ սա այլեւս ավելորդ է, ըստ էության։

Մի փոփոխությունը վերաբերում է նախարարությունների աշխատակազմի ղեկավարների պաշտոնները ժամանակավոր թափուր լինելու դեպքում ո՞ւմ կողմից դրանք կարող են համալրվել։ Քանի որ նախարարությունների աշխատակազմի ղեկավարների պաշտոնում նշանակելու իրավասությամբ օժտված է կառավարությունը, սակայն այս ժամանակավոր թափուրի, տեսեք, օրինակ՝ մեկ շաբաթով, 2 շաբաթով, 10 օրով աշխատակազմի ղեկավարի բացակայությամբ նրան փոխարինելու հնարավորությունն այստեղ առաջարկվում է վերապահել վարչապետին՝ ավելի օպերատիվ, ավելի արագ լուծումները տալու համար, որովհետեւ, կարծում եմ, համաձայն կլինեք, լուրջ չի, եթե ՀՀ կառավարությունը 5 օրով աշխատակազմի ղեկավարի, կամ 10 օրով, փոխարինողի խնդրով զբաղվի հանրապետության կառավարությունը։ Մի փոփոխությունը, ուրեմն, վերաբերում է այդ խնդրին։

Նախագծի 13-րդ հոդվածում առաջարկվում է, նկատի ունենալով, որ մենք ձեզ հետ միասին օրենքի նախորդ փոփոխությունների եւ լրացումների ժամանակ նաեւ բողոքարկումների ինստիտուտ ենք մտցրել, նկատի ունենալով այդ պահը, մենք այստեղ առաջարկում ենք, որ բողոքարկում լինելու դեպքում, բնականաբար, ոչ միայն մրցութային կամ ատեստավորման հանձնաժողովների որոշումներով պիտի նշանակումը հաղթողներից որեւէ մեկի լինի, այլ բողոքարկման ավարտից հետո Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումն ունենալուց հետո, բողոքարկման մասով։

Օրենքի կարեւոր խնդիրներից մեկը, հարգելի պատգամավորներ, հետեւյալն է։ Մենք բազմիցս ասել ենք, ցավոք, ավելի քան 120 դեպքերում մենք առիթ ենք ունեցել առնչվելու քաղաքացիական ծառայության պաշտոնի հավակնողի կամ արդեն իսկ այդ պաշտոնները զբաղեցրած անձանց կողմից փաստաթղթերի կեղծումների դեպքերի։ Բնականաբար, նրանք բոլորն ազատված են աշխատանքից՝ օրենքի կարգի խախտմամբ քաղաքացիական ծառայող դառնալու հիմքով, որն օրենքը, բարեբախտաբար, շատ հստակ սահմանել է։ Եվ մենք այստեղ ուզում ենք առաջարկել հետեւյալը, որ բոլոր այդ հիմքերով քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցրած մարդիկ հետագայում այդ ժամանակահատվածները կամ այդ ստաժները, այդ աշխատանքային գրքույկներում թույլ տված կեղծիքները նրանք իրավունք չունեն եւ չեն կարող օգտագործել, օգտվել այդ կեղծված փաստաթղթերով իրենք իրենց տված կամ ընձեռած հնարավորություններից։

Եթե թույլ կտաք, 1-2 րոպե, պրն Թորոսյան

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Պրն Բադալյան, ցավոք սրտի, կանոնակարգը հնարավորություն չի տալիս այդ 20 րոպեներն ավելացնելու, միայն պատգամավորների 7 րոպեանոց ելույթների համար է այդ հնարավորությունը տրվում։ Բայց ես հուսով եմ, որ հիմա հարցեր կլինեն եւ հարցերի ժամանակ դուք կհասցնեք նաեւ մնացյալը պարզաբանել։

Մ.ԲԱԴԱԼՅԱՆ

-Շատ լավ, շնորհակալություն։ Ըստ էության, շատ սկզբունքային բաներ չունենք...(չի հասկացվում)։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շատ լավ, շնորհակալություն։ Հերթագրում՝ հարցերի համար։

Մինչ հերթագրումը, պրն Բադալյան, ասացիք, որ կան մարդիկ, որոնք կեղծիքներ են արել այս կամ այն պաշտոնը զբաղեցնելու համար։ Չե՞ք կարծում, որ հատուկ դրույթ պիտի մտցնենք օրենքում այդ նման մարդկանց ընդհանրապես քաղաքացիական ծառայության համակարգից վտարելու համար, որովհետեւ կեղծիք թույլ տվող մարդն իրավունք չունի քաղաքացիական ծառայության համակարգում աշխատել, ես կարծում եմ։

Մ.ԲԱԴԱԼՅԱՆ

-Համաձայն եմ, պրն Թորոսյան, եւ այս նախագծում այդ իմաստով բավականին խոչընդոտներ, կանխարգելիչ նաեւ, ոչ միայն կոնկրետ այդ դեպքերում, այլեւ հետագայի համար նաեւ կանխարգելող լուծումներ առաջարկվում են։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Չէ, ամեն դեպքում հստակ ձեւակերպենք, որ կեղծիքներ թույլ տված մարդիկ վտարվում են, հեռացվում են քաղծառայության համակարգից եւ վերջ։

Շատ լավ, շնորհակալություն։ Այժմ, պատգամավոր Արտակ Առաքելյան։

Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Բադալյան, դուք ասացիք, որ նախագծի 1-ին հոդվածում, 1-ին մասում քաղծառայություն չի համարվում, եթե ժամանակավոր մարդ է ընդունվել այնտեղ։ Երեւի այդ անձի աշխատանքը չի համարվում քաղծառայություն, որովհետեւ այդ աշխատանքը, փաստորեն, անձնագրավորված է։ Արդյոք ե՞ս եմ սխալ հասկացել, թե՞, ներողություն արտահայտությանս, դուք վրիպեցիք։

2.Այդ նույն հոդվածի 2-րդ մասում՝ մարդու իրավունքների պաշտպանի հետ կապված «բ» մասում, «օրենքով ստեղծված մարմիններ»։ Ի՞նչ կարծիքի եք, եթե անորոշությունից խուսափելու համար գրենք՝ «օրենքով ստեղծված կառուցվածքային եւ անկախ մարմիններ»։ Շնորհակալություն։

Մ.ԲԱԴԱԼՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Առաքելյան։

1-ին հարցի հետ կապված խոսքը վերաբերում է՝ «քաղաքացիական ծառայության պաշտոն»։ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքն ունի սահմանում քաղաքացիական ծառայության պաշտոնի։ Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված պաշտոններն են դրանք։ Այս դեպքում դուք ճիշտ եք։ Ուրեմն, քաղաքացիական ծառայության պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոն է, սակայն ժամանակավոր թափուր կամ ժամկետային աշխատանքային պայմանագրով կատարողն այդ պաշտոնի իրավասությունները, լիազորությունները, նա քաղաքացիական ծառայող չէ։ Շնորհակալություն։

2.Ուրեմն, նախագծում ուղղակիորեն, եթե համադրենք նախագիծը եւ գործող օրենքը, նաեւ կստանանք ձեր 2-րդ հարցի պատասխանը։ Ինչպե՞ս։ Գործող օրենքում թվարկված են բոլոր մարմինները, սկսած ՀՀ Նախագահի աշխատակազմից՝ Նախագահի աշխատակազմ, կառավարության աշխատակազմ, նախարարությունների, մարզպետարանների, Երեւանի քաղաքապետարանի։ Այնուհետեւ օրենքով ստեղծված ու գրված է՝ «հանձնաժողով, խորհուրդ ու ծառայություններ»։ Հիմա, եթե մենք գրում ենք՝ «օրենքով ստեղծված մարմիններ», կարծում եմ, այդ խնդիրը լուծվում է ամբողջովին, քանի որ այն մյուս բոլոր մարմինները այսպես թե այնպես թվարկված են։ Խոսքն այստեղ, միեւնույն է, գնում է միայն օրենքով ստեղծված մարմինների մասին։

Եթե բավարարեցի, շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շատ լավ, շնորհակալություն։

Շնորհակալություն, հարցերն ավարտվեցին, պրն Բադալյան։

Այժմ, հարգելի գործընկերներ, մենք պետք է լսենք գլխադասային հանձնաժողովի տեսակետը, որը կներկայացնի պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Վազգեն Խաչիկյանը։ Համեցեք։

Վ.ԽԱՉԻԿՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, հարգարժան լսարան, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում մանրամասն քննության է առնվել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այս նախագծի վերաբերյալ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն։ Պետք է ասեմ, որ այս օրենքի նախագիծը թվով 5-րդն է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդունումից հետո։ Շուրջ 5 անգամ Քաղաքացիական ծառայության խորհուրդը նախաձեռնել է բարեփոխումներ՝ կապված այս խորհրդի աշխատանքների լիարժեք կազմակերպման հետ։ Այս օրենքի նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, կա 2 հիմնական խնդիր, որին անդրադարձավ նաեւ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ հարգարժան պրն Բադալյանը։ Խոսքը վերաբերում է բացի մրցութային կարգով քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելը, նաեւ արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության այդ թափուր պաշտոնները զբաղեցնելը, ինչը, ըստ էության, նորամուծություն է այս քաղաքացիական ծառայության համակարգում։

2-րդ հանգամանքը կապված է ավելի բարձր քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ զբաղեցնելու հետ, դրա ավելի կանոնակարգումը, ինչպես նաեւ իրավական տեխնիկայի տեսակետից ավելի համապատասխանեցումը «ՀՀ նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին։

Կան նաեւ այլ փոփոխություններ, ինչին մասամբ անդրադարձավ նաեւ պրն Բադալյանը։ Այս ամենով հանդերձ՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումների ժամանակ որեւիցե առարկություն չի հնչել առաջարկվող փոփոխություններին եւ լրացումներին։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անունից լիազորված եմ հայտարարել, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կողմ է այս փոփոխությունների եւ լրացումների նախագծին, ինչպես նաեւ մենք առաջարկում ենք այս նախագիծը քվեարկության դնել պատեհ ժամանակ։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հերթագրում՝ հարցերի համար։

Հովհաննես Մարգարյան։

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Խաչիկյան, ճիշտն ասած, ես չհասցրեցի, հարց ունեի հիմնական զեկուցողին։ Ուղղակի կարեւորագույն փոփոխություններից մեկը, որի մասին, ըստ էության, չասվեց, դա հոդված 17-ով, առաջարկվող նախագծով, օրենքի գործող 32-րդ հոդվածով նախատեսվող փոփոխությունն է, որը վերաբերում է քաղաքացիական ծառայության նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերին։ Այդ տույժերից մեկը զբաղեցրած պաշտոնից ազատումն է։ Այստեղ, փաստորեն, ձեւակերպում է տրված, որ եթե մինչ այս համապատասխան գերատեսչության ղեկավարը, այսինքն՝ համապատասխան նախարարության նախարարը, համաձայնություն ստանալով Քաղաքացիական ծառայության խորհրդից, իրականացնում էր այդ գործառույթը, այսինքն՝ տույժի այդ ձեւը կիրառում էր։ Այստեղ, ըստ էության, առաջարկվում է, որ այսուհետ պետք է ՀՀ կառավարությունն անի։

2.Հարցս ուղղված է «ա», «բ», «գ», «դ» կետերով առաջարկվող փոփոխություններին, որտեղ հանվում է «համապատասխան նիախարարության եւ նախարարի» բառերը, այսինքն՝ թողնվում է «այդ լիազորությունները հանրապետության վարչապետին»։ Կցանկանայի պարզաբանեիք, եթե ոչ, պատրաստ չեք, ինձ թվում է, հիմնական զեկուցողը կանդրադառնա, նախագծի հեղինակը։ Շնորհակալություն։

Վ.ԽԱՉԻԿՅԱՆ

-2 հանգամանքի հետ կապված էլ պատասխանեմ։ Նախեւառաջ, ինչ վերաբերում է հոդված 32-ում առաջարկվող փոփոխությանը, այն է՝ կարգապահական տույժի ենթարկել նախարարության աշխատակազմի ղեկավարին, ընդհուպ մինչեւ պաշտոնից հեռացումը։ Եվ եթե դա նախկինում արվում էր նախարարի կողմից՝ համաձայնեցնելով քաղաքացիական ծառայության խորհրդի հետ, այժմ կառավարության որոշմամբ դա կարող է լինել։ Սրանով, ըստ էության, ընդգծվում է բարձրագույն այդ քաղաքացիական ծառայության պաշտոն վարող անձի, այն է՝ աշխատակազմի ղեկավարի, էլ ավելի պաշտպանվածությունը։ Ըստ էության, եթե նախարարը միանձնյա է այդ խնդիրը լուծում, իհարկե, համաձայնեցնելով Քաղաքացիական ծառայության խորհրդի հետ, ապա կառավարությունը դա կոլեգիալ մարմին է եւ, ըստ էության, սրանով քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձը, այն է՝ նախարարության աշխատակազմի ղեկավարը, օրենքով էլ ավելի պաշտպանված է դառնում։

Ինչ վերաբերում է կոնկրետ ձեր 2-րդ հարցին, այն է՝ ինչո՞ւ ոչ կառավարության որոշմամբ, այլ վարչապետի որոշմամբ։ Խնդիրը նրանում է կայանում, որ խնդիրը վերաբերում է աշխատակազմի ղեկավարների ժամանակավոր բացակայությանը, այն է՝ 5-10-օրյա բացակայության դեպքում նրանց փոխարինող նշանակելու հետ կապված, ինչի գործառույթը, կարծում եմ, վարչապետին տրամադրելով այդ խնդիրն ավելի օպերատիվ կարգով է լուծվում եւ կարիք չի լինում, որ կառավարությունը դրա վերաբերյալ հատուկ որոշում ընդունի։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Պարզաբանման համար՝ Հովհաննես Մարգարյան։

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Ըստ էության, «ե» կետն ընդհանուր առմամբ քաղաքացիական ծառայողներին է վերաբերում, բոլո՛ր քաղաքացիական ծառայություններին։ Հոդվածը շարադրված է. «Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը», եւ «ե» կետը հստակ գրում է. «զբաղեցրած պաշտոնից ազատում»։ Սա է իմ հարցը, բոլո՛ր ծառայողների նկատմամբ։

Վ.ԽԱՉԻԿՅԱՆ

-Խոսքը վերաբերում է 32-րդ հոդվածի՞ն։

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Այո՛, այո՛, գործող օրենքի 32-րդ հոդվածին, իսկ առաջարկվող նախագծում նշված է. ««ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը...» ու շարունակվում է։

Վ.ԽԱՉԻԿՅԱՆ

-Պրն Մարգարյան, իմ առջեւ դրված է այս նախագիծը, որում պարզ գրված է. «Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» եւ «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը ՀՀ նախարարության աշխատակազմի ղեկավարի նկատմամբ կիրառում է ՀՀ վարչապետը նախարարի առաջարկությամբ», իսկ սույն հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառում է ՀՀ կառավարությունը։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Պրն Մարգարյան, քանի որ մի քիչ դժվար է ստացվում միմյանց հասկանալ, կարծում եմ, այո, ընդմիջմանը կարող ենք այդ հարցը ճշտել։ Այստեղ դժվարություն չի լինի, եթե անհրաժեշտ լինի, կարելի է նաեւ փոխել։

Վ.ԽԱՉԻԿՅԱՆ

-Հա, բայց խնդիրը վերաբերում է քաղաքացիական ծառայության, ներողության, նախարարության աշխատակազմի ղեկավարին, չի վերաբերում կրտսեր մասնագետին կամ, չգիտեմ, առաջատար մասնագետին։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շատ լավ։ Հարցերն ավարտվեցին։ Հերթագրում՝ ելույթների համար։

Ելույթների համար հերթագրվածներ չկան, խմբակցություններից եւ խմբից հայտեր չկան, եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն էլ, հավանաբար, չկա։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Այժմ, հարգելի գործընկերներ, մենք անցնում ենք հաջորդ հարցի քննարկմանը։ ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքի նախագիծը եւ սրա հետեւանքով այլ օրենքներում փոփոխությունների նախագծերը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Լսենք տիկին Հակոբյանին, որը կներկայացնի նախագիծը։ Համեցեք։

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Թորոսյան։ Ձեզ բաժանված է 2-րդ ընթերցմամբ նախագծերը։ Հիմնականում արվել են շատ արժեքավոր եւ կարեւորագույն առաջարկներ իմ գործընկերների կողմից՝ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հանձնաժողովի կողմից, պարոնայք Մխեյանը, Շահգալդյանը եւ Ավետյանը, ինչպես նաեւ «ՄԱԿ» խմբակցության անդամներ Ղոնջեյանը, Պողոսյանը, Պետրոսյանը, Ավետիսյանը եւ Արտուշ Սիմոնյանը, կառավարությունն է արել կարեւորագույն առաջարկություններ, ինչպես նաեւ մենք կոնվենցիան ընդունելուց հետո փորձել ենք խմբագրել այս նախագիծը։ Ասեմ, որ բոլոր առաջարկները տեղ են գտել փաստաթղթում, ընդունվել են։ Միայն մեկ առաջարկ մասնակիորեն է ընդունվել, որը վերաբերում է ուղղակի ծխախոտը երեկոյան բաժանելու քարոզչության նպատակով։ Մենք արգելում ենք՝ ելնելով կոնվենցիայից, որպեսզի քարոզչության նպատակով չբաժանվի։ Իսկ ժամկետների երկարաձգումը, նույնիսկ 6 ամիս են առաջարկել, 1 տարով ենք հետաձգել, 3 տարով են առաջարկում տուփի վրա գովազդային չափի փոքրացումը, մենք 5 տարով ենք նախատեսել։ Այնպես որ, որեւէ պրոբլեմ չկա, հանձնաժողովն էլ քննարկել է, կասի։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Այժմ, հարգելի գործընկերներ, լսենք սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը, որը կներկայացնի հանձնաժողովի անդամ Գագիկ Ավետյանը։ Խնդրեմ։

Գ.ԱՎԵՏՅԱՆ

-Հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, օրենքի նախագիծը նույնպես 2-րդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից։ Ասեմ, որ հանձնաժողովի անդամներ Մխեյանի, Շահգալդյանի, Ավետյանի կողմից արվել են մոտ 5 առաջարկություններ, արվել են առաջարկություններ «ՄԱԿ» խմբակցության կողմից, պարոնայք Սիմոնյանի, Ղոնջեյանի, Պողոսյանի, Պետրոսյանի եւ Հրանուշ Ավետիսյանի կողմից։ Ես նույնպես ցանկանում եմ նշել, որ «ՄԱԿ» խմբակցության կողմից արված միակ առաջարկությունն ամբողջովին չի ընդունվել, այլ ընդունվել է մասամբ, քանզի այն պետք է համապատասխաներ միջազգային հակածխախոտային կոնվենցիային։

Հանձնաժողովը տվել է իր դրական եզրակացությունը եւ խնդրում է պատեհ պահին այն դնել քվեարկության։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Այժմ, հարգելի գործընկերներ, քանի որ չկան մերժված առաջարկություններ, ելույթներ՝ կապված առաջարկությունների հետ, չեն լինի, եզրափակիչ ելույթների անհրաժեշտություն էլ, կարծեք թե, չկա, որովհետեւ բոլորը բավարարված են արված առաջարկություններով եւ նախագծով։ Հետեւաբար այս նախագծի քննարկումը մենք ավարտեցինք, քվեարկությունը կանցկացնենք վաղն առավոտյան։

Այժմ, հարգելի գործընկերներ, մենք անցնում ենք հաջորդ հարցի քննարկմանը։ Կառավարությունը ներկայացրել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախադասությունն ավարտեմ, հետո, եւ «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հարցը կներկայացնի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը։

Խնդրեմ, պրն Մարգարյան, վարման կարգի վերաբերյալ։ Համեցեք։

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Իհարկե, պրն Թորոսյան, կարեւորում եմ այս օրենքի նախագիծը, ուղղակի տեղեկացման կարգով։ Այս օրենքի նախագիծը ԱԺ պետաիրավական հանձնաժողովում չենք հասցրել քննարկել։ Բան չունեմ ասելու, 2 անգամ երկու ընթերցմամբ քննարկվել է, այս 3-րդ անգամ, որ ներկայացվել է 1-ին ընթերցում, չի քննարկվել պետաիրավական հանձնաժողովում։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Նախ՝ ասեմ, պրն Մարգարյան, որ այս օրենքի նախագիծը հրատապ է ճանաչված, եւ քանի որ սա մեր վերջին եռօրյան է, մենք պարտավոր էինք այն այս եռօրյայի ընթացքում քննարկել, սա մի կողմից։ Մյուս կողմից՝ իսկապես հանձնաժողովի նախագահն ասում է, որ 2 անգամ քննարկվել է։ Եթե եղած նախագծում սկզբունքային փոփոխություններ չկան, թերեւս հանձնաժողովը կարող է իր նախորդ տեսակետն ասել, կամ եթե չասի էլ, կարծում եմ, այս իրավիճակում, երբ հրատապ է ճանաչված եւ վերջին եռօրյան է, շատ մեծ կորուստ չենք ունենա։

Համեցեք, պրն Վարդանյան։

Մ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ մեծարգո նախագահություն, հարգելի պատգամավորներ, թույլ տվեք եւս մեկ անգամ ներկայացնել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ սրանից բխող նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նախագիծը։ Ասեմ, որ վերջին 2 անգամ բավականին հանգամանալից քննարկվել է օրենքի նախագիծը, եւ 2-րդ տարբերակի հետ համեմատած բացարձակ փոփոխություն չկա։ Եղել են առանձին քննարկումներ նաեւ ֆրակցիաների հետ, ես նախորդ անգամ եւս զեկուցեցի, «Օրինաց երկիր» խմբակցության հետ, «ՄԱԿ» խմբակցության հետ։ Առանձին քննարկումներ են եղել «Ժողպատգամավոր» խմբի հետ, քննարկումները շարունակելու ենք նաեւ օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու դեպքում։

Հիմնականում բոլոր խնդիրները ներկայացվել են։ Ես կարծում եմ, եւս լրացուցիչ մեկ անգամ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Խնդրում եմ հարմար պահին դնել քննարկման։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Այժմ, հարգելի գործընկերներ, հերթագրում՝ հարցերի համար։

Հերթագրվածներ չկան։ Հիմա եկեք ճշտենք հանձնաժողովի նախագահի եւ փոխնախագահի հետ՝ այս նախագծի վերաբերյալ ցանկություն կա՞ հանձնաժողովի տեսակետը ներկայացնել, թե՝ ոչ։

Լա՛վ, ամեն դեպքում գոնե պարզաբանումները, պրն Պետրոսյան, կլսենք։ Խնդրեմ։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյան։

Ռ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Երկու անգամ մենք քննարկել ենք այս օրենքը եւ զանազան պատճառներով չի անցել։ Հիմա 3-րդ անգամ արդեն հիմնական զեկուցողը ներկայացրեց, որ ներկայացվել է առանց որեւէ փոփոխության։ Այն ժամանակ հանձնաժողովի առաջարկությունը եղել է հետեւյալը, որ ընդունենք 1-ին ընթերցմամբ, բայց օրինագծի մեջ տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող 6-րդ հոդվածում կատարենք փոփոխություն 1-ից 2-րդ ընթերցման ընթացքում։ Այդ պայմանավորվածությունը դեռ մնում է ուժի մեջ։

Չէ՛, «օրենքով» բառը չի հանվել, այսինքն՝ «սահմանները որոշվում են օրենքով», ես առաջարկել էի չհանել դա, այլ ուղղակի ավելացնել, դա թող մնա «օրենքով», որովհետեւ սահմանադրական նորմից է բխում՝ 82-րդ հոդվածից, ստորակետ դնել, ավելացնել. «իսկ նկարագրությունը կատարվում է կառավարության կողմից ընդունված կարգով»։ Դա էր եղել հանձնաժողովի առաջարկը։ Հիմա ես նորից այդ առաջարկը մեր հանձնաժողովին 1-ին ընթերցմամբ ընդունելու կոչ եմ անում, 1-ից 2-րդ ընթերցման ժամանակ այդ հարցին նորից կանդրադառնանք։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հերթագրում՝ հարցերի համար։ Հարցեր չկան։

Հերթագրում՝ ելույթների համար։ Ելույթներ, միաժամանակ նաեւ հայտեր խմբակցություններից եւ խմբից չկան։

Այսպիսով, այս հարցի քննարկումն ավարտվեց, քվեարկությունը կանցկացնենք վաղը։

Այժմ անցնում ենք հաջորդ հարցի քննարկմանը։ Կառավարությունը ներկայացրել է «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցողն է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տիգրան Դավթյանը։ Խնդրեմ, պրն Դավթյան։

Տ.ԴԱՎԹՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ մեծարգո նախագահություն, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքը։ Ինչպես արդեն ներկայացվել էր 1-ին ընթերցման ժամանակ, ասեմ, որ այս օրենքի հիմնական նպատակն է տալ իրավական կարգավիճակ եւ կանոնակարգել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ընթացքում ստեղծվող եւ ձեւավորվող իրավահարաբերությունները։ Օրենքը միտված է նրան, որ մեր երկրում, փաստորեն, կանոնակարգի եւ հստակեցնի այն առաջացող իրավահարաբերությունները, որոնք ձեւավորվում են էլեկտրոնային փաստաթղթերի եւ էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման ընթացքում։ Օրենքը համահունչ է երկրի կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության, եւ որպես այդ տնտեսական քաղաքականության մի կարեւորագույն բաղկացուցիչ մաս, դա տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթաց զարգացման քաղաքականություն է։

Արդեն ասվել, որ այս օրենքը համահունչ է նաեւ մեր միջազգային պարտավորություններին, ինչպես նաեւ բավականին մանրամասն ուսումնասիրվել է եւ, փաստորեն, այստեղ ներառվել են միջազգային փորձն այդ ոլորտում եւ նաեւ այն խնդիրները, որը երկիրը պետք է ունենա այդ ոլորտի հետագա զարգացման առումով։

1-ին ընթերցումն անցնելուց հետո բավականին մանրակրկիտ քննարկումներ տեղի ունեցան ֆինանսաբյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովում, ինչպես նաեւ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, որի ընթացքում պատգամավորների կողմից ներկայացվեցին բավականին մեծ ծավալի առաջարկություններ եւ դիտողություններ՝ մոտ 4 տասնյակ, որոնք հիմնականում վերաբերում էին օրենքի բարելավմանը՝ ձեւակերպումների, սահմանումների հստակեցմանն ուղղված։ Ասեմ, որ այդ գրեթե բոլոր առաջարկներն ընդունվել են եւ ներառվել են այս տարբերակի մեջ, որը հիմա ներկայացվում է ձեր քննարկմանը։ Ասեմ, որ այդ առաջարկները, ինչպես ասացի, հիմնականում կրում էին ձեւակերպումների եւ խմբագրական բնույթ եւ սկզբունքորեն չեն խախտում թե՛ օրենքի տրամաբանությունը, թե՛ այն խնդիրները, որոնք դրված են այս օրենքի հիմքում։ Այդ առումով դա բավարար հիմք էր մեզ համար, որպեսզի այդ բոլոր առաջարկներն ընդունվեին եւ զետեղվեին այս օրենքի մեջ։

Ես անդրադառնամ միայն մեկ դիտողության, որը մենք, փաստորեն, վերջում ստացանք՝ պրն Մարգարյանի առաջարկները։ Այստեղ կան 3 առաջարկներ՝ կապված 4-րդ, 15-րդ եւ 16-րդ հոդվածների հետ։ Ասեմ, որ այս առաջարկներից 2-ը միանշանակորեն մենք կարող ենք ընդունել՝ 4-րդ եւ 16-րդ հոդվածների վերաբերյալ։ Ունենք վերապահում՝ կապված 15-րդ հոդվածի հետ կապված առաջարկին, որտեղ առաջարկվում է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնները, որպեսզի հավատարմագրումն իրականացվի ՀՀ կառավարության լիազորված մարմնի կողմից։ Այստեղ ի տարբերություն, եթե մենք համեմատենք օրենքի տեքստի հետ, փաստորեն, առաջարկվում է հանել «կարող են» բառը, այսինքն՝ այստեղ ներառում է պարտադրանք։ Ես այստեղ ուղղակի պարզաբանեմ, արդեն ասվել է դրա մասին, որ օրենքի հիմքում մենք դրել ենք բավականին լիբերալ եւ ազատական սկզբունքներ, որոնք նախատեսում են, փաստորեն, հավատագրման գործընթացն իրականացնել ինչպես հավաստագրված կենտրոնների կողմից, այնպես էլ ոչ հավաստագրված կենտրոնների կողմից։ Եվ պետական կառավարման հատուկ կարգավիճակ ունեցող համակարգերը, փաստորեն, նրանք հնարավորություն են ունենում իրենց համար ստեղծել հավատարմագրված հավաստագրման կենտրոններ, եւ դա ամրագրված է օրենքում։ Բացի դրանից, մենք այստեղ հնարավորություն ենք թողել նաեւ ունենալ ոչ հավատարմագրված հավաստագրման կենտրոններ, որ, փաստորեն, պետք է տրամադրեն այդպիսի ծառայությունների փաթեթ, էլեկտրոնային ծառայությունների փաթեթ։ Այստեղ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձինք, թե՛ պետական կառավարման համակարգը, թե՛ բանկային համակարգն ինքը պետք է կարողանա ընտրել, եւ մենք այս օրենքով այդ ընտրելու հնարավորությունը տալիս ենք։ Դրանով է պայմանավորված, որ այս «կարող է» բառը մենք առաջարկում ենք թողնել օրենքում, որն այդ հնարավորությունը, փաստորեն, չի սահմանափակել։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շատ լավ, շնորհակալություն։

Պրն Դավթյան, ուղղակի մի քանի բան՝ կապված այս ամփոփաթերթի հետ։ Սա չի լրացված կանոնակարգով, պիտի ձեր ուշադրությունը հրավիրեմ այդ հանգամանքի վրա։ Նախ՝ «ամփոփագիր» է գրված, ոչ թե՝ «ամփոփաթերթ», 2-րդ՝ ներկայացված են ոչ թե առաջարկությունները եւ դրա վերաբերյալ կառավարության տեսակետը, այլ ուղղակի կատարված փոփոխությունները։ Մի բան, որը կանոնակարգի խախտում է։

Բնականաբար, այս անգամ մենք քննարկումը կանենք եւ կավարտենք, բայց ուղղակի պիտի խնդրեմ, որ հաջորդ անգամ ամեն ինչ արվի համաձայն կանոնակարգի։

Հիմա ընդմիջում։


Ժամը 16:30

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-(Ձայնագրությունը սկսվում է այսպես) ...թղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի նախագծի քննարկումը 2-րդ ընթերցմամբ։ Այժմ կլսենք հարակից զեկուցողներին։ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի տեսակետը կներկայացնի հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը։

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ըստ էության, «Էլեկտրոնային փաստաթղթերի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ կառավարության կողմից ներկայացված օրենքը քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում եւ 1-ից 2-րդ ընթերցման ռեժիմում, ինչպես հանձնաժողովի, այնպես էլ մեր գործընկեր մյուս պատգամավորների կողմից կատարվել են մի շարք առաջարկություններ, որոնց հետ կապված արդեն իսկ հնչեցվեց հիմնական զեկուցողի կողմից, որ առաջարկությունները հիմնականում ընդունվել են։

Ինչ վերաբերում է այն առաջարկությանը, որը կատարվել էր իմ կողմից, կուզեի անդրադառնալ եւ ընդգծել, որ խնդրի էությունը կայանում էր նրանում, որ էլեկտրոնային թվային ստորագրության հավատարմագրման կենտրոնները կարող են ստանալ հավատարմագրում ՀՀ կառավարության լիազորված մարմնի, այսուհետ լիազոր մարմնի կողմից։ Մտահոգությունը կայանում էր նրանում, որ, ի վերջո, եթե կա կազմակերպություն, ապա այդ կազմակերպությունը պետք է գործի ՀՀ-ում, ինչ-որ մի լիազոր մարմնից պետք է ստանա, փաստորեն, հավատարմագրման հետ կապված հավատարմագրում։ Փաստորեն, հավաստագրման հետ կապված այս գործառույթը, իմ կարծիքով, բաց է մնալու եւ, փաստորեն, թողնում ենք ըստ հայեցողության։ Այսինքն՝ կլինեն կազմակերպություններ, որոնք կստանան, կլինեն, որոնք չեն ստանա։

Ինչեւէ, էլի եմ կրկնում, որ այս առաջարկությունը, թերեւս, ինձ թվում է, որ քննարկման առարկա կդառնա։ Հիմնական զեկուցողն էլ իր եզրափակիչ ելույթում կանդրադառնա։ Ինչ վերաբերում է մյուս առաջարկություններին, որ ընդունվեցին, նախ, շնորհակալություն ընդունելու համար առաջարկությունը, որ, իրոք, տեղին էր եւ ավելի շտկում է նախագիծը։

Պետաիրավական հանձնաժողովը քննարկվող նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն եւ կողմ է, որպեսզի նախագիծը քվեարկվի 2-րդ ընթերցման ռեժիմում։ Հորդորում եմ նաեւ, որպեսզի կողմ քվեարկենք այս կարեւոր նախագծին, եւ նախագահությունից հայցում եմ, որպեսզի պատեհ պահի նախագիծը դնի քվեարկության։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Այժմ կլսենք մյուս գլխադասային հանձնաժողովի տեսակետը, որը կներկայացնի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

-Մեծարգո նախագահող, հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վերաբերյալ մեր հանձնաժողովի եզրակացությունը։

Հարգելի գործընկերներ, հիմնական զեկուցողը մանրակրկիտ ներկայացրեց այն խնդիրները, որոնք կոչված են լուծելու այս օրենսդրական նախաձեռնությունը։ Իսկապես, մեր երկիրը, որտեղ բարձր տեխնոլոգիաները համարվել են գերակայություն, այսպիսի օրենքի ընդունումը, ուղղակի, անհրաժեշտություն է։

Իհարկե, մենք հասկանում ենք, որ այս օրենքը դեռ կյանքում աշխատելով կունենա որոշակի խնդիրներ, եւ կյանքը իր շտկումները կկատարի այս օրենքում։ Սակայն այսօր ակնհայտ է, որ մենք ունենք բավականին մեծ թվով մարդիկ, իրավաբանական անձինք, պետական մարմիններ, որոնք օգտագործում են էլեկտրոնային փաստաթղթեր, օգտագործում են էլեկտրոնային թվային ստորագրություն, եւ բաց թողնել այս բավականին բուռն թափով զարգացող ոլորտը, եւ չունենալ պետական կարգավորում, մենք վտանգում ենք հայտնվել այն իրավիճակում, երբ քաոսը այստեղ կդառնա գերիշխող։

Ահա այն հիմնական նկատառումները, որոնք դրդել էին այս օրենսդրական նախաձեռնության ստեղծմանը, որի մասին մենք հնարավորություն ունեցանք նաեւ 1-ին ընթերցման ռեժիմում մեր տեսակետները ներկայացնելու։

Ես պետք է ասեմ, որ 1-ից մինչեւ 2-րդ ընթերցում բավականին մեծ թվով առաջարկություններ է ստացել հանձնաժողովը։ Մասնավորապես, Գագիկ Մելիքյանի կողմից արած առաջարկությունները, որոնք գործնականում բոլորն ընդունվել են, իրապես բարեփոխել են այս օրենքի նախագիծը, ավելի ընկալելի եւ հասկանալի են դարձրել տերմինները եւ ավելի գործուն ու իրագործելի այն մեխանիզմները, որոնք դրված են օրենքի գաղափարախոսության մեջ։

Մասնավորապես, ես ուզում եմ եւս անդրադառնալ այն առաջարկին, որ արեց մեր գործընկերը։ Դա վերաբերում է հավաստագրման կենտրոնների միայն հավատարմագրված լինելուն։ Այս խնդիրը մենք մանրամասն քննարկել ենք մեր հանձնաժողովում եւ 1-ին ընթերցման ռեժիմով, եւ 2-րդ ընթերցման ռեժիմով, եւ նաեւ մեր քննարկումների ժամանակ հիմնական զեկուցողն է մեզ տեղեկացրել արեւմտյան երկրներում այդ հարցի դրվածքը։

Մենք համոզվել ենք, որ այս ոլորտը պետք է բաց թողնվի։ Հավաստագրման կենտրոնն ինքը պետք է ընտրի, արդյո՞ք ցանկանում է ինքը հավատարմագրվել, թե՞ նախընտրում է գործել առանց հավատարմագրման, այսինքն՝ առանց լիցենզիայի։ Միաժամանակ, այն իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, որոնք պետք է գնեն, ըստ էության, այդ կենտրոնի ծառայությունները, իրենք պետք է հնարավորություն ունենան գնելու այդ ծառայությունները կա՛մ լիցենզավորված հավաստագրման կենտրոնից, կա՛մ ոչ լիցենզավորված։

Միաժամանակ, եթե մենք ուսումնասիրենք ներկայացված նախագծի 12 եւ 16 հոդվածները, կտեսնենք, որ պարտականությունները եւ իրավունքները՝ լիցենզավորված եւ ոչ լիցենզավորված հավաստագրման կենտրոնի, տարբեր են, բնականաբար, նաեւ այդ ծառայությունների գինը պետք է լինի տարբեր։ Սա, կարծում եմ, լրիվ հարիր է այն գաղափարախոսությանը, այն մոտեցումներին, որը որդեգրել են մեր իշխանությունները։

Ամփոփելով ուզում եմ ասել, որ մեր հանձնաժողովը դրական կարծիքով է ներկայացրել այս օրենքի նախագիծը ձեր դատին, եւ խնդրում ենք քվեարկությունը կազմակերպել պատեհ պահի։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, քանի որ այստեղ մերժված առաջարկություններ, փաստորեն, չկան, մենք ելույթներ չենք ունենա՝ առաջարկությունների հետ կապված։ Հետեւաբար, եզրափակիչ ելույթների անհրաժեշտություն չկա։ Այս հարցի քննարկումն ավարտվեց։

Այժմ մենք անցնում ենք հաջորդ հարցի քննարկմանը։ Մեր գործընկերներ Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Մկրտչյանը եւ Գագիկ Մելիքյանը ներկայացրել էին «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, եւ այն այժմ մեզ ներկայացվել է 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար։ Հիմնական զեկուցողն է պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։ Համեցեք պրն Մարգարյան:

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, մեր կողմից ներկայացրած «Կուսակցությունների մասին» ՀՀ գործող օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, ըստ էության, միտված էին, որպեսզի փոփոխվեր կուսակցությունների անդամների թվաքանակը։ 2-րդ փոփոխությամբ նախատեսվում էր, որպեսզի հանրապետության յուրաքանչյուր մարզում կուսակցություններն ունենային տարածքային կառուցվածքային ստորաբաժանումներ։ Նշվում էր նաեւ թվաքանակ, որ այդ համապատասխան կառույցներում ունենային թվով ոչ քիչ կուսակցական անդամներ, այսինքն՝ 100-ից ոչ քիչ կուսակցական անդամներ։

Պետք է նշեմ, որ նախագիծը 1-ին ընթերցման ռեժիմում քվեարկելուց եւ ընդունվելուց հետո մի շարք առաջարկություններ ներկայացվեցին հեղինակներիս։ Այդ առաջարկությունները հիմնականում ներկայացվեցին մեր գործընկերների՝ ՄԱԿ խմբակցության կողմից։ Ես կցանկանայի անդրադառնալ առաջարկություններին եւ չընդունված առաջարկություններին։

Ըստ էության, ՄԱԿ խմբակցության կողմից եղել է երեք առաջարկություն, որոնցից երկու առաջարկություն ընդունվել են, իսկ մեկ առաջարկություն չի ընդունվել, որը, մասնավորապես, վերաբերել է կուսակցությունների տարածքային ստորաբաժանումներին։ Ըստ առաջարկության հեղինակների, առաջարկվում էր, որպեսզի ՀՀ մարզերի կեսում լինեն համապատասխան տարածքային ստորաբաժանումներ։

Մյուս առաջարկությունը կատարվել է պրն Թորոսյանի կողմից։ Պետք է իմ շնորհակալությունը հայտնեմ պրն Թորոսյանին՝ նախագիծը մանրամասն քննարկելու համար եւ, ըստ էության, բովանդակային առաջարկություններ կատարելու համար։

Պետք է նշեմ նաեւ, որ բոլոր առաջարկություններն ընդունվել են մեր կողմից, ուղղակի, այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ առաջարկությունները վերաբերում էին նաեւ կատարված, գործող օրենքի համապատասխան դրույթներին, որը, ըստ էության, ըստ մեր ԱԺ կանոնակարգ օրենքի պետք է քննարկվի եւ քվեարկվի առանձին, 1-ին ընթերցման ռեժիմում:

Ասեմ, որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել առաջարկության հեղինակի կողմից՝ պրն Թորոսյանի կողմից, եւ պատրաստ ենք, որպեսզի նախագիծը, այն առաջարկությունները որոնք կատարվել են, էլի կրկնում եմ, կապված 1-ին ռեժիմի հետ, որը ըստ կանոնակարգի պետք է քննարկենք, առաջարկել քննարկելու եւ քվեարկելու առանձին: Իսկ, ըստ էության, օրենքի 2-րդ նախագիծը առաջարկում եմ, որպեսզի պատեհ պահի դրվի քվեարկության եւ ընդունվի 2-րդ ընթերցման ռեժիմով: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Փաստորեն, հիմա մենք ունեք 2 հոդված, որոնք պիտի քննարկենք 1-ն ընթերցման ռեժիմով: Պրն Մարգարյան, փաստորեն, այս 2 հոդվածների հետ կապված հիմա ձեզ պետք է հարցեր տան: Խնդրեմ, ամբիոնի մոտ:

Հերթագրում՝ պրն Մարգարյանին, այս նախագծի 2 հոդվածների հետ կապված, հարցեր տալու համար, որոնք նոր են, եւ մենք պարտավոր ենք 1-ին ընթերցումով քննարկել: Գագիկ Մինասյան:

Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մարգարյան, մենք զրուցել էինք, հավանաբար թյուրիմացության արդյունք է, ես նոր տեսա՝ հոդված 1-ում, «բ» ենթակետում 1 պրիմում, ես ուղղակի ընթերցեմ ներքեւից 3-րդ տողը՝ «քան 100 անդամ եւ տարածքային կառուցվածքային ստորաբաժանումներ», ու հետո՝ ըստ տեքստի: Ըստ էության, մենք պայմանավորվել էինք, որ «կառուցվածքային» բառը պետք է հանվի:

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Իրոք, այդ պայմանավորվածությունը կա, այստեղ, փաստորեն, բաժանված տեքստում դա վրիպակ է, որ մնացել է այդ բառը: Ընդունված է, հանված է:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-2-րդ հարցը՝ պատգամավոր Գրիգոր Ղոնջեյան:

Գ.ՂՈՆՋԵՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Թորոսյան: Նախ, օգտվելով առիթից, կուզենայի, ուղղակի, որպեսզի դուք հնարավորության դեպքում պարզաբանեիք՝ չընդունված առաջարկությունների հեղինակները ի՞նչ մեխանիզմով եւ ռեժիմով կարող են հնչեցնել իրենց կարծիքը, իսկ իմ հարցը պրն Մարգարյանին հետեւյալն է՝ մեր այն առաջարկը, որ չէր ընդունվել, պրն Մարգարյան, դուք ներկայացրիք որպես զուտ մարզերում տարածքային ստորաբաժանում ունենալու հետ կապված խնդիր, բայց այն խմբագրությունը, որ մենք առաջարկել էինք, նա, ըստ էության, ուժի մեջ էր թողնում գործող օրենքի դրույթը 200 անդամի մասով: Սա ուղղակի կես հարց, կես ռեպլիկ, որ ամբողջական լիներ պատկերացումը մեր առաջարկության վերաբերյալ: Շնորհակալություն:

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Ղոնջեյան: Ըստ էության, հարցի մի մասը, որը վերաբերում էր դեռեւս նոր գրանցվող կուսակցությունների 200 անդամ ունենալու ռեժիմին, այն առաջարկությունը, որը ներկայացվել է պրն Թորոսյանի կողմից, իր մեջ պարունակում է այդպիսի դրույթ, այսինքն՝ նոր խմբագրված տեսքում առաջարկվում է, որպեսզի գրենք՝ պետական գրանցման պահից հետո ոչ ուշ, քան 1 տարի հետո եւ, ըստ էության, այստեղ նշվում է նաեւ 1-ին մասի 1-ին եւ 2-րդ նախադասություններում, գործող օրենքի մասին է, «կուսակցությունը» բառից առաջ ավելացնել «պետական գրանցման պահին բառակապակցությունը»: Այսինքն՝ այստեղ շեշտում ենք, որ գործող օրենքն ուժի մեջ է մտնում, եւ պետական գրանցման պահին ենք ավելացնում, որ կարող է այդ սկզբունքով գրանցվել նույնիսկ մի քանի տարի հետո, իհարկե, եթե այս առաջարկությունը 1-ին ընթերցման ռեժիմում կդրվի քվեարկության եւ կընդունվի: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Հարցերն ավարտվեցին: Այժմ, հարգելի գործընկերներ, մենք կլսենք նաեւ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի տեսակետն այս նախագծի վերաբերյալ, ապա, բնականաբար, կունենանք ելույթների հնարավորություն՝ այս նոր հոդվածների կապակցությամբ: Համեցեք, պրն Պետրոսյան:

Չէ, չէ, չընդունվածինը առանձին, պրն Առաքելյան, չընդունվածինը, երբ ամբողջ նախագծին անդրադառնանք: Հիմա անդրադառնում ենք այն հոդվածներին, որոնք նոր են, որովհետեւ մենք պարտավոր ենք այդ հոդվածներն ընդունել 1-ին ընթերցմամբ:

Ռ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, մեր հանձնաժողովի համար այս օրինագծով եզրակացություն տալը չափազանց հեշտացել է, որովհետեւ հեղինակներից մեկը հենց հանձնաժողովի անդամ է, հանձնաժողովի նախագահի տեղակալն է, եւ մենք համաձայնվել ենք, հանձնաժողովը, այս նոր, 2-րդ ընթերցման ներկայացված տեքստի հետ, որովհետեւ հիմնական բովանդակությունը, հիմնական պրիմատը, որ դրվում էր կուսակցությունների հզորացման եւ նրանց քաղաքական ազդեցության ուժեղացման կապակցությամբ, եւ պահանջում էր հանրապետության բոլոր մարզերում ունենալ տարածքային ստորաբաժանումներ, փաստորեն, դա իր բովանդակությունը եւ թվաքանակը, եւ ամեն մարզում 100 հոգի ունենալու պարտավորությունը մնացել է նույնը:

Այստեղ որոշ փոփոխություններ են կատարվել պրն Թորոսյանի առաջարկով, եւ իմ կարծիքով ճիշտ փոփոխություններ, որովհետեւ չէր կարելի նախկինում գրանցված կուսակցություններին եւ նոր գրանցվող, այս նոր փոփոխության հիման վրա գրանցվող կուսակցություններին տարբերակել իրարից, մեկի իրավունքները սահմանել, որ 1 տարվա ընթացքում պետք է համապատասխանեցնի, սրանց համար չսահմանել այդ նույն 1 տարին: Այդ առումով սահմանվել են հավասարությունները, փաստորեն, անցկացվել, եւ նախկինում գործող եւ նոր ստեղծվող կուսակցությունների իրավունքների տեսակետից:

Բացի այդ, արդեն այդ օրենքի հիմնական նպատակին այսպես կոչված «հակասող» մեր ՄԱԿ-ի ընկերների՝ պրն Արսենյանի, Ղոնջեյանի, Պետրոսյանի առաջարկը, որը չի ընդունվել, պատճառաբանվեց՝ ինչու չի ընդունվել, որովհետեւ հանրապետության մարզերի առնվազն կեսում ունենալ տարածքային ստորաբաժանումներ չի խոսում կուսակցության ամբողջ հանրապետությունում ունեցած քաղաքական ազդեցության մասին: Հենց 1-ին հոդվածով սահմանված է՝ բոլոր մարզերում: Այդ նկատառումով է դա մերժվել:

Բացի դրանից, այստեղ «ներառյալ Երեւանում» բառերը լրիվ ավելորդ էին, որովհետեւ Սահմանադրության մեջ արձանագրված է, որ Երեւանը դա մարզ է: Եթե մարզ է, այլեւս պետք չէ օրենքի մեջ ավելացնել նաեւ, եթե գրում ենք բոլոր մարզերում, էլ պետք չէ ավելացնել «ներառյալ Երեւանում»: Ունի մարզի կարգավիճակ, փաստորեն մարզ է: Եվ հանձնաժողովը գտնում է, որ այս ներկայացված տեքստը պետք է, ուրեմն, քվեարկել այդ տեքստի օգտին եւ ընդունել 2-րդ ընթերցմամբ եւ վերջնականորեն: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Հերթագրում՝ հարցերի համար: Հարցեր չկան, շնորհակալություն: Այժմ հերթագրում՝ ելույթների համար: Հերթագրվածներ չկան: Մինչ պրն Արսենյանին ձայն տալը, որը ձայն է խնդրել ՄԱԿ խմբակցության անունից, ես այս առաջարկությունների հետ կապված մի քանի բառ ուզում եմ ասել:

Անկեղծ ասած, մի քիչ այս ամփոփաթերթը թերություններ ունի: Ես ասեմ, որ ավելի ճշգրիտ, ավելի պարզ լինի, ես 3 առաջարկություն ունեի, որոնց իմաստը հետեւյալն է:

1-ինը՝ երբ մենք հնարավորություն ենք տալիս գրանցված կուսակցություններին այդ անհրաժեշտ թիվը հավաքելու համար, ինչ որ ժամանակահատվածում, ապա նույնպիսի հնարավորություն պիտի տանք նաեւ այն կուսակցություններին, որոնք ցանկություն կունենան գրանցվելու, օրինակ՝ այս օրենքն ընդունելուց անմիջապես հետո, հակառակ դեպքում ստացվելու է, որ օրենքը ուժի մեջ մտնելուց, օրինակ՝ 1 օր առաջ, կուսակցությունը հնարավորություն կունենա, ասենք, 1 տարվա ընթացքում այդ թիվը համալրելու, իսկ 1 օր հետո գրանցվածը հնարավորություն չի ունենա, որը անհավասարություն կստեղծի կուսակցությունների միջեւ: Այդ առումով ես առաջարկում եմ միասնական պայմաններ հաստատել:

Այժմ, երբ մոտեցավ պրն Բաղդասարյանը, նա առաջարկում է այս փոփոխությունների մեջ հաշվի առնել նաեւ հետեւյալը, որ ոչ թե 1 տարի ժամկետ սահմանենք եւ մեկ, եւ մյուս դեպքում, այլ՝ կես տարի: Այստեղ որեւէ խնդիր չկա, իմ առաջարկը սկզբունքի մասին է: 2-ին հավասար պայմաններ ապահովենք: Ես, մասնավորապես, իմ տեսակետն եմ ասում: Կխնդրեի նաեւ հեղինակները եւ հանձնաժողովն իրենց տեսակետը վերջում, եզրափակիչ ելույթով արտահայտեն՝ այդ ժամկետի վերաբերյալ: Ինձ համար որեւէ նշանակություն չունի՝ կես տարի կլինի դա, թե 1 տարի, ես համաձայն եմ:

2-րդ առաջարկությունը՝ մեր գործող օրենքում ասվում է, որ գրանցման պայման է, որ կանոնադրությունը եւ ծրագիրը չհակասեն ՀՀ Սահմանադրությանը: Գրանցումն իրականացնում է արդարադատության նախարարությունը: Սահմանադրությանը համապատասխանությունը կարող է որոշել միայն Սահմանադրական դատարանը: Քանի որ արդարադատության նախարարությունը անգամ կասկածի դեպքում չի կարող Սահմանադրական դատարան դիմել, ապա ես կարծում եմ՝ նա չի կարող նաեւ հետեւություն անել՝ համապատասխանում է, թե ոչ: Այդ պատճառով այս հոդված 2-ում Սահմանադրությունը եւ, ինչպես նաեւ 2-րդ մասում Սահմանադրություն եւ կամ այս բառերը առաջարկվում է հանել, որպեսզի ձեւական նորմ չամրագրվի այստեղ, եւ որը նաեւ, ինչու չէ, նաեւ հետագայում ձեւական պատճառ չդառնա կուսակցություններին գրանցելու հետ կապված, առավել եւս, որ Սահմանադրության հիմնական պահանջը, որը ասում է, որ իրավունքները չեն կարող օգտագործվել ռասայական խտրականություն, պատերազմ եւ այլն քարոզելու համար, սա միաժամանակ պայման է կուսակցությունների կանոնադրության համար, որը ուղղակիորեն ամրագրված է այս օրենքում: Այսինքն՝ հանելը որեւէ կորուստ չի տալիս, ճիշտ հակառակը, կուսակցություններին մի կողմից ապահովում է անհարկի միջամտություններից, մյուս կողմից, ես կարծում եմ՝ ավելի կոռեկտ է դարձնում մեր օրենքը, չպարունակելով այնպիսի դրույթներ, որոնք իրականացման որեւէ մեխանիզմ չունեն:

Հաջորդ առաջարկությունը հետեւյալն էր, որ եթե լուծարվող կուսակցությունը կարող է իր համագումարում որոշում ընդունել, որ իր գույքը հատկացվի այս կամ այն հասարակական կազմակերպությանը կամ հիմնադրամին, ապա ճիշտ կլինի, որ հենց այդպես էլ արվի, որովհետեւ օրենքում գրված է, որ լուծարվող կուսակցության գույքը անցնում է պետական բյուջե: Իհարկե, ես դեմ չեմ, որ անցնի պետական բյուջեին, բայց այլ խնդիր կա: Ի վերջո այդ գույքը պետական բյուջեն հարստացնելու հնարավորություն չէ, բայց կան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնց համար այդ գույքը օգտակար կլիներ, այնպես որ, ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե մենք այս հնարավորությունը տանք կուսակցությանը, ընդ որում չբացառելով, բնականաբար, եւ պետական բյուջե փոխանցելը՝ մի դեպքում, եթե իրենք կուզեն, որ փոխանցվի պետական բյուջե, մյուս դեպքում, եթե համագումար չեն անի, կամ դատարանի որոշմամբ կլուծարվի կուսակցությունը եւ կփոխանցվի պետական բյուջե:

Սրանք էին առաջարկությունները, որոնք ընդգրկվել են այս նախագծում: Ես ասացի առաջարկությունների տրամաբանությունը, հիմնավորումը, ես կարծում եմ՝ այս առաջարկությունները միայն կարող են մեր օրենքը, «Կուսակցությունների մասին» օրենքն ավելի ճշգրտել եւ ավելի համապատասխանեցնել ժողովրդավարական զարգացումներին, եւ, բնականաբար, հայցում եմ նաեւ խորհրդարանի աջակցությունը՝ այս դրույթների ամրագրման համար: Շնորհակալություն:

Այժմ մենք կլսենք ՄԱԿ խմբակցության տեսակետը, այս հոդվածների հետ կապված, որը կներկայացնի խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը: Խնդրեմ, պրն Արսենյան:

Գ.ԱՐՍԵՆՅԱՆ

-Շնորհակալություն, հարգելի նախագահ, հարգելի ԱԺ, հարգելի գործընկերներ, ես օգտվում եմ 1-ին ընթերցման ռեժիմի տված հնարավորությունից, որպեսզի եւս մեկ անգամ ներկայացնեմ մեր տեսակետը այս օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:

Հայաստանը, որպես քաղաքակիրթ պետություն, սոցիալ-քաղաքական տեսանկյունից պայմանականորեն կարելի է բաժանել պետության եւ բնակչության: Բնականաբար, մենք նկատի ունենք, երբ ասում ենք պետություն՝ քաղաքական հանրություն, ասում ենք բնակչություն՝ քաղաքացիական հասարակություն: Դրանք բացարձակ հակատիպեր չեն, դեռ ավելին, դրանց միջեւ գոյություն ունեն բազմապիսի կապեր, ու կա որոշակի կառույց, որը միացնում է այդ 2 սոցիալական համակարգերը, միաժամանակ հանդիսանալով յուրաքանչյուրի մաս: Այդ կառույցը կազմում են քաղաքական կուսակցությունները, որոնք ձեւավորում են այն մրցակցային միջավայրը, առանց որի անհնար է հասարակության զարգացման արդյունավետ ուղու ընտրությունը, եւ որոնք քաղաքական պատասխանատվություն են կրում նրա համար ում առաջադրում եւ բերում են իշխանության:

Մենք գտնում ենք, որ կուսակցության հիմնական բնորոշ գիծը պետք է լինի նրա պարբերական եւ երկարաժամկետ մասնակցությունը քաղաքական կյանքին եւ 1-ին հերթին ընտրություններին:

Հիմնական չափորոշիչը, որով պետք է պատասխանել այն հարցին, թե արդյոք կուսակցությունը գոյության իրավունք ունի՞, պետք է լինի քաղաքացիների կողմից կուսակցությանը ցուցաբերած աջակցությունը, ընտրողների աջակցությունը եւ ոչ թե կուսակցության անդամների քանակը: Դեռեւս … /չի հասկացվում/… մատնանշել իր «Քաղաքացիական կուսակցությունների սոցիոլոգիան ժողովրդավարական պայմաններում» աշխատության մեջ, որ կուսակցությունը չի հանդիսանում ոչ սոցիալական եւ ոչ էլ տնտեսական կառույց, նրա գործունեության հիմքը հանդիսանում է ծրագիրը:

Անդրադառնամ «Կուսակցությունների մասին» օրենքի առաջադրվող փոփոխությունների նկատմամբ մեր հիմնական սկզբունքային առարկություններին:

1-ինը կայանում է նրանում, որ այն պայմաններում, երբ իրականում խորհրդարանը եւ կուսակցությունները չեն ձեւավորում գործադիր իշխանություն եւ ի վիճակի չեն այն արդյունավետ վերահսկելու, օրենքի փոփոխությունը գործադիր իշխանությանը կուսակցությունները վերահսկելու նոր լծակներ է ընձեռում: Արդյունքում՝ գոյություն ունեցող կուսակցական համակարգը, երեւի դեռ, նկատում եք, որ այնքան էլ չի զարգացած, կհայտնվի գործադիր մարմինների ուժեղ վերահսկողության ներքո:

2-րդ առարկությունը պայմանավորված է նրանով, որ տվյալ նորամուծությունը օժանդակում է, այսպես ասենք, իշխանություն կրող կուսակցությունների մենաշնորհային դիրքերի ամրապնդմանը: Մեզ էլ նկատի ունեմ, օրինակի համար: Փոփոխություններն իրականում ուղղված են քաղաքական մրցակցության, որպես արդի ժողովրդավարության կարեւորագույն պայմանի սահմանափակմանը: Մինչդեռ ազատ մրցակցային քաղաքական միջավայրն է օժանդակում իշխանության վրա ներազդեցության մեծացմանը, եւ պայմաններ ստեղծում ավելի իրավասու, արհեստավարժ եւ պատասխանատու քաղաքական ուժերի իշխանության գալուն:

Չպետք է մոռանալ, որ քաղաքական բազմաձեւությունն իր մեջ ներառում է ոչ միայն գաղափարախոսական, այլեւ քաղաքական գործունեության սուբյեկտների իրավական բազմաձեւությունը: Ուստի, նույն գործունեությամբ զբաղվող սուբյեկտների մեջ իրական բազմաձեւություն, առանց հավասարություն ապահովելու, անհնար է:

Մեր կարծիքով՝ անդամության թվաքանակի նվազագույն շեմի արհեստական բարձրացումը խախտում է տարբեր քաղաքական եւ հասարակական միությունների միջեւ հավասարության սկզբունքը: Ժողովրդավարական երկրների մեծ մասում կուսակցությունների անդամների թվաքանակի վերաբերյալ պահանջներ չկան, քանի որ կուսակցությունները եւ քաղաքական գործունեությամբ զբաղվող կառույցների ազդեցությունը որոշվում է ուրիշ չափորոշիչներով, ոչ թե նրանց անդամների թվաքանակով, այլ՝ իշխանության տարբեր մարմիններում ընտրվելու արդյունքով, թե ինչ աջակցություն է վայելում կուսակցությունը տվյալ հասարակության մեջ, տվյալ ժողովրդի մոտ:

Ըստ կուսակցական շինարարության հայտնի տեսաբան Դյուվերժեի, գոյություն ունի 2 տիպի կուսակցություններ՝ կադրային կուսակցություններ, որոնցում նախատեսվում է ազատ անդամակցություն եւ զանգվածային կուսակցություններ, որոնք ունեն հստակ ամրագրված անդամակցություն:

Մեր օրենսդրությամբ նախատեսվում է միայն ամրագրված անդամակցություն, մինչդեռ ամրագրված անդամակցությամբ կուսակցությունները գոյություն ունեն, որպես կանոն, փակ հասարակություններում, որոնցում պետությունը միշտ հակված է վերահսկել եւ կարգավորել կուսակցական շինարարությունը:

Մեր կարծիքով՝ առաջարկվող փոփոխություններն ընդունելու արդյունքում, ինչպիսի հետեւանքներ կլինեն: Կլուծվի՞ արդյոք հիմնական այն խնդիրը, այն է՝ օժանդակել մի քանի հզոր, մասսայական եւ ազդեցիկ կուսակցությունների կայացմանը, որով կարտահայտվեն քաղաքացիների քաղաքական կամքը:

1-ին արդյունքը կլինի բազմաթիվ գործող կուսակցությունների լուծարումը: Սկզբում անհրաժեշտ կլինի հավաքել եւ փաստաթղթերով ապացուցել 2000 անդամի առկայությունը եւ միաժամանակ ապացուցել ոչ պակաս, քան 100 անդամի առկայությունը յուրաքանչյուր մարզում: Ապացուցել, դա նշանակում է չինովնիկներին տրամադրել կուսակցության 2000 անդամների անձնական տվյալները, անձնագրային տվյալներ եւ այլն, եւ այլն: Դեռ գալու ենք հասնենք դրան: Մենք սցենարն ենք հասկանում:

Բացի այդ, կան ավելի մեծ քանակի փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են կուսակցությունները գրանցելու համար: Նոր պահանջներով կկարողանան գրանցվել միայն այն կառույցները, որոնք հարում են գործող իշխանությանը կամ ունեն նյութական լուրջ ռեսուրսներ:

Որպես այլ արդյունք կարող է առաջանալ կորպորատիվ տիպի կուսակցությունների համակարգ, որոնք ոչ այնքան կկատարեն քաղաքացիների կամքի արտահայտման առաքելություն, կներկայացնեն նրանց շահերը խորհրդարանում եւ կվերահսկեն գործադիր իշխանությանը, որքան կվերածվեն ազդեցության ոլորտների տիրացած խմբային շահերի սպասարկողի, հետապնդելով մեկ գերնպատակ՝ պահպանել եւ վերարտադրել սեփական իշխանությունը:

Որպես ոչ կառուցողական, այլ հետեւանք, նման քաղաքական համակարգի պայմաններում կարող է դառնալ քաղաքական համակարգից դուրս առաջացած եւ հետեւապես օրինական դաշտից, խորհրդարանից դուրս գործող ընդդիմությունը, որը ի վիճակի չի լինի արտահայտել իր դիրքորոշումները խորհրդարանական ճանապարհով:

Հաջորդ անցանկալի արդյունքը կլինի քաղաքական կյանքում ակտիվ մասնակցություն ունեցող քաղաքացիների թվի կրճատումը, որը մենք փաստում ենք, որ հանրապետությունում այնքան էլ մեծ չէ:

Ակնհայտ է, որ օրենքի փոփոխությունը չի լուծում այն խնդիրները, որոնք հայտարարագրված են հեղինակների կողմից: Քաղաքականապես ակտիվ քաղաքացիների թվի աճի փոխարեն ստանում ենք կրճատում, փոխարեն պարզեցնելու քաղաքացիների մուտքը քաղաքական կյանք, ստանում ենք դրա զգալի բարդացում եւ թանկացում, քաղաքական դաշտի ապամոնտաժման փոխարեն ստանում ենք նրա հետագա մոնոպոլիզացիա, կներեք, դեմոնոպոլիզացիայի փոխարեն ստանում ենք մոնոպոլիզացիա, քաղաքական դաշտի եւ քաղաքացիական հասարակության մերձեցման փոխարեն ստանալու ենք նրա հետագա օտարում:

Տեղի կունենա քաղաքական կյանքի զգալի բյուրոկրատացում եւ նրա մեջ գործադիր իշխանության անհարկի ներխուժում: Հասարակության կողմից պետության վերահսկման ուժեղացման փոխարեն կստանանք կուսակցությունների նկատմամբ վերահսկողությունը ուժեղացրած բյուրոկրատիա: Ավելի քիչ հնարավորություններ կլինի ուժեղ, կառուցողական ընդդիմության, գործող իշխանությունների այլընտրանքի ձեւավորման համար:

Առանձնապես կարեւոր չէ մեզ համար, թե հեղինակներն իրականում ինչ նպատակներ էին հետապնդում: Պարզապես, մենք այն սցենարը, որը տեսնում ենք, կբերի հետեւյալ խնդիրների լուծմանը, որը մեր կարծիքով դրական չէ: Դա կտանի քաղաքական դաշտի ենթարկում գործադիր իշխանությանը, քաղաքացիների եւ քաղաքացիական հասարակության կողմից պետական կառույցների վրա ներազդելու սահմանափակում, կուսակցություններն ընտրություններին մասնակցելու սահմանափակում եւ դրա վերահսկողություն:

Մենք այդ հետեւանքներից խուսափելու միակ հնարավոր միջոցը գտնում ենք, որ նման նախաձեռնությունից պետք է հրաժարվել, մինչեւ այն պահը, երբ գործող քաղաքական կուսակցությունները եւ խմբակցությունները կդառնան քաղաքական իրական ազդեցիկ սուբյեկտներ:

Մենք պետք է հասարակության մեջ ազդեցություն եւ աջակցություն վայելենք ոչ թե նրա համար, որ օրենքով մեզ կշնորհեն այդպիսի աջակցություն, այլ նրա համար, որ այդ ազդեցությունը եւ աջակցությունը ստացել ենք մեր քաղաքական գործունեության արդյունքում:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ կուսակցական շինարարության համար որոշիչ են տնտեսական զարգացումը եւ սոցիալական հիմնախնդիրների լուծումը, ինչպես նաեւ ընտրական համակարգը, որն օգնում է բացահայտելու հանրային շահերը: Հենց այդ գործոններն են նպաստում հասարակության մեջ բավականաչափ կայուն եւ ազդեցիկ սոցիալական խմբերի ձեւավորմանը, որոնք իրենց գոյության պահպանման շահերից զատ անցնում են ավելի խոր եւ երկարաժամկետ շահերի պաշտպանությանը, այդ թվում եւ քաղաքական շահերի, որը եւ հանգեցնում է քաղաքական դաշտում կուսակցությունների քանակի կրճատմանը:

Սակայն Հայաստանում նույնիսկ ամենաակտիվ հասարակական լայն շերտերն առայժմ ի վիճակի չեն ամբողջությամբ ոչ ձեւավորել, ոչ պաշտպանել իրենց շահերն իշխանությունում: Բացառություն է կազմում վարչական եւ տնտեսական վերնախավի մի նեղ շերտ, որը ոչ միայն հստակորեն ներկայացնում է իր շահերը, այլեւ ի զորու է շահախնդիր կերպով ներկայացնել դրանք իշխանության մեջ: Նման իրավիճակում քաղաքացիների շահերի իշխանությունում ներկայացման ցանկացած սահմանափակում կխոչընդոտի խոշոր սոցիալական խմբերի շահերի կազմավորման եւ պաշտպանման գործընթացին: Սա ես ուղղում եմ այն քաղաքական կառույցներին, որոնց հիմնական նպատակը այդ խոշոր սոցիալական խմբերի շահերի պաշտպանությունն է:

Քաղաքացիական հասարակության տարրերի թույլ զարգացած իրավիճակում, գործադիր իշխանության հանդեպ հասարակական վերահսկողության արդյունավետ գործիքների բացակայության, ոչ այնքան արդյունավետ դատարանի պայմաններում, խոշոր կուսակցությունների ստեղծումը խթանող վերեւից թելադրող գործընթացը վտանգավոր է նրանով, որ իրական կուսակցական շինարարությունը փոխարինվելու է ձեւական վարչարարականով: Դա կարող է իր հերթին բերել նաեւ այն, որ մենք ընտրությունները, որպես իշխանություն ձեւավորելու համակարգ եւ գործիք, տեղափոխենք միջոցառումների դաշտ:

Բազմակուսակցական համակարգի կառուցվածքի արմատական փոփոխությունները կարելի է ակնկալել միայն այն ժամանակ, երբ հիմնովին կփոխվի հասարակության սոցիալական կառուցվածքը, երբ այժմյան միջին դասին, որը դեռեւս որոշակիորեն կախված է վարչական ապարատից, փոխարինելու կգա քաղաքականապես ինքնուրույն, մանր եւ միջին ձեռնարկատերերի, մասնագետների շարքը: Իսկ պետական վերնախավը կդադարի լինել արտակուսակցական, հասարակությունից օտարված, շահագրգռված կլինի հաշվի առնել նրա հետաքրքրությունները:

Մենք գտնում ենք, որ տեղին է անդրադառնալ, եւ ուզում ենք հիշեցնել, որ տեղին է անդրադառնալ այն կանխատեսումներին, որոնց վրա ժամանակին հիմնվում էին «Կուսակցության մասին» օրենքի հեղինակները: Սկզբում նրանք նպատակ ունեին երկրում թողնել 3-4 կուսակցություններ, ոչ ավելի: Այժմ կյանքն ուղղում է նրանց, եւ արդեն խոսում են 5-8 կուսակցությունների մասին:

Սակայն մենք գտնում ենք նաեւ հետեւյալը, որ եթե ուշադիր կարդաք այն հիմնավորումը, որը բերված էր «Կուսակցությունների մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը հաստատելու, եւ հետեւեք այն երկրների ցանկին, որտեղից վերցված էր այդ հիմնավորման անհրաժեշտությունը, կտեսնեք թե որ կողմ է շեղվում կուսակցական շինարարության մեր համակարգը՝ Ղազախստան, Կիրգիզիա: Շատ լուրջ ժողովրդավարական երկրների օրինակ էր բերված:

Ես նաեւ խմբակցության անունից ուզում եմ հայտարարել, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու առաջարկվող փոփոխությունների նախագծին: Կոչ եմ անում եւս մեկ անգամ մտածենք, թե մենք ինչ հետեւանքների կբերենք մեր կուսակցական համակարգը, քաղաքական իշխանության համակարգը եւ քաղաքացիական հասարակության կայացման գործընթացները: Շնորհակալություն, հարգելի գործընկերներ:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Արսենյան: Անկեղծ ասած, մի բան հետ էր պահում: Չէ, որեւէ խնդիր չկա, կուսակցության ղեկավարի ելույթը՝ «Կուսակցությունների մասին» օրենքի հետ կապված, սա էր միայն պատճառը, պրն Արսենյան, կներեք, որ ես չընդհատեցի ձեզ, որովհետեւ դուք 1-ին ընթերցումով ներկայացվող 2 հոդվածների հետ կապված ոչինչ չասեցիք:Դուք անդրադարձաք այլ հոդվածների, որոնք 1-ին ընթերցման չեն ներկայացված եւ նման բան անելու, ըստ կանոնակարգի, իրավունք չունենք: Պիտի խոսենք այն խնդրի մասին, որը ներկայացված է քննարկման, իսկ այդ խնդիրը ոչ թե 2000-ն էր կամ մնացած բոլոր բաները՝ 1-ին ընթերցման ներկայացված, այլ այդ Սահմանադրության հետ կապված ձեւակերպումը հանելը՝ 1-ն, 2-րդ՝ ունեցվածքը ուղղելը հասարակական կազմակերպություններին եւ 3-րդը՝ կուսակցությունների համար հավասար պայմաններ ապահովելը, անկախ այն բանից, թե 1 օր առաջ են գրանցված, թե 1 օր հետո: Ելութն ուղղված էր այդ 2000 թվին, ինչքան ես հասկացա, չնայած այստեղ էլ պետք է պարզաբանումներ անեմ:

Եթե ուշադիր լինենք, այո, թիվը զգալիորեն բարձրացվում է, բայց ձեւակերպումը հետեւյալն է՝ պետք է ծանուցել, ուղղակի ծանուցել, ուրիշ ոչինչ: Այնպես որ, ես հուսով եմ, որ այն մռայլ պատկերը, որը գծեցիք ապագայի հետ կապված, հուսով եմ, որ մեզ չի սպառնա: Ինչեւէ, շնորհակալություն ելույթի համար:

Այժմ, հարգելի գործընկերներ, մենք պետք է անցնենք եզրափակիչ ելույթների: Պրն Պետրոսյան, համեցեք:

Վարման կարգի հետ կապված՝ Գրիգոր Ղոնջեյան:

Գ.ՂՈՆՋԵՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Թորոսյան: Ես հատուկ հնչեցրեցի, որ մերժված առաջարկության որպես հեղինակ, մեր 3 առաջարկություններից մեկը մերժված էր հեղինակների կողմից, ու խնդրեցի ձեզ հնարավորության դեպքում լուսաբանել, թե ինչ կարգով մենք կարող ենք, որպես չընդունված 1-ին ընթերցմամբ ընդունված օրենքի նկատմամբ մեր չընդունված առաջարկության հեղինակ, դրանք հնչեցնենք:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Պրն Ղոնջեյան, մենք դրանք կանենք, դրան դեռ հերթ չի հասել: Հիմա մենք խոսում ենք այն հոդվածների, այն դրույթների մասին, որոնք նոր են եւ որոնք 1-ին ընթերցումով պիտի քննարկենք: Հենց սա ավարտենք, բնականաբար, ամբողջ նախագծի հետ կապված, մերժված առաջարկությունների վերաբերյալ, ձեզ ձայն կտրվի:

Համեցեք, պրն Պետրոսյան:

Ռ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Ուրեմն, լրիվ չափով կիսելով մեր հարգելի գործընկերոջ, նախորդ հռետորի մտավախությունները, որ համեմատաբար փոքր կուսակցությունները կարող են դուրս մնալ այդ գործընթացից, եթե չկատարեն այս ընդունվող օրենքի պահանջները, ես էլ ուզում եմ արտահայտել մյուս, նույնպես մեծ մտավախություն այն մասին, որ վերջապես պիտի գա մի օր, որ մենք Հայաստանում 105 կուսակցության փոխարեն…

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Պրն Պետրոսյան, շատ ներողություն, ես քիչ առաջ ասում էի, որ պրն Արսենյանին պիտի ընդհատեի, որ մենք հիմա խոսում ենք միայն այդ նոր դրույթների մասին, եւս մեկ անգամ, բնականաբար, դուք հնարավորություն կունենաք խոսելու ամբողջի մասին, դրան անդրադառնալու:

Ռ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շատ լավ: Հաջորդ հարցադրումը: Հարգելի ԱԺ նախագահ պրն Բաղդասարյանը առաջարկեց 6 ամիս: Գտնում եմ, որ դա էլի անհավասարություն կստեղծի կուսակցությունների մեջ, որովհետեւ մենք 2003թ. դեկտեմբերին այդպիսի փոփոխություն ենք ընդունել, եւ այն մյուս կուսակցություններին տվել ենք 1 տարյա ժամկետ: Մոտավորապես 10 ամիս անցել է հրատարակումից հետո: Հիմա, դրանից հետո նոր կուսակցություններ են գրանցվել, որոնք կարող է 6 ամիս է անցել, 8 ամիս է անցել, նոր կուսակցություններ պետք է գրանցենք հիմա, որոնց 1 տարի եթե չտանք, անհավասարություն է ստեղծվում նախկին եւ ներկա այդ կուսակցությունների՝ գրանցվածների, չգրանցվածների, նոր ստեղծվողների միջեւ եւ այլն: Որովհետեւ մենք ունենք ժամանակ, որովհետեւ ընտրությունները 2007-ից շուտ, փաստորեն, ըստ կարգի եթե գնա, մենք չենք ունենալու, բերեք այդ 1 տարին թողնենք: Ավելի նպատակահարմար է թողնել այդ 1 տարին, որ 1 տարվա ընթացքում հներն էլ, նորերն էլ, ապագա ստեղծվելիք կուսակցությունները 1 տարի ժամանակ ունենան եւ կարողանան կատարել այս օրենքի պահանջները:

Եվ մի միտք էլ հնչեցնեմ ու ավարտեմ: Որոշ պատգամավորներ կարծում են, թե այս օրենքը կապ ունի համամասնական եւ մեծամասնական կարգով ընտրությունների հետ, այսինքն՝ կարող է ազդել դրա վրա, բայց իմ կարծիքով այստեղ որեւէ կապ չկա, սա առանձին միտում ունի, այս օրենքն առանձին նպատակ ունի, նա առանձին հարց է, որեւէ ազդեցություն ունենալ նրա վրա չի կարող: Այսքան բան:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Փաստորեն, պրն Պետրոսյանը ելույթ ունեցավ ամբողջ նախագծի հետ կապված: Պրն Մարգարյան, եթե դուք հիմա ցանկություն ունեք այդ նոր դրույթների հետ կապված ելույթ ունենալու, որպես հեղինակ, չնայած դուք ձեր տեսակետն արդեն ասացիք՝ դրանց հետ կապված, խնդրեմ, կարող եք, եթե ոչ, կարող ենք հիմա լսել ձեր այդ արված եւ մերժված առաջարկությունների հեղինակներին, հետո ամբողջ նախագծի հետ կապված լսել ձեր տեսակետը:

Շատ լավ: Պրն Ղոնջեյան, դուք ցանկանում եք ելու՞յթ ունենալ: Համեցեք, 5 րոպե ելույթի իրավունք ունեք:

Գ.ՂՈՆՋԵՅԱՆ

-Հարգարժան նախագահող, հարգարժան գործընկերներ, հարգարժան օրենսդրական նախագծի համահեղինակներ, ՄԱԿ խմբակցության դիրքորոշումը թելադրվում է ոչ թե այն մտավախություններով, որ մենք մտածում ենք, որ մեր կուսակցությունը չի կարող նման քանակական ցուցանիշներ ապահովել, որի կոնտեքստը, որքան ես հասկացա իմ կողմից շատ հարգված պրն Պետրոսյանի ելույթում, մեր մտավախությունը այն է, եւ դա գիտակցված դիրքորոշում է, որ մենք սկզբունքորեն անընդունելի ենք համարում թվաքանակի սահմանափակումը, ներքեւից պարտադրանքը: Անկախ նրանից՝ 6 ամիս հետո կհամապատասխանեցվի, 12 ամիս հետո կհամապատասխանեցվի, մենք ինքնին անընդունելի ենք համարում դնել պահանջ, որը պետք է կուսակցությունները որոշակի ժամկետում կամ միանգամից, որին պետք է համապատասխանեն:

Մենք արձանագրեցինք նաեւ, որ, պրն Պետրոսյան, էլի ձեր ելույթին եմ դառնում, երբ կգա այն պանծալի պահը, երբ մենք չենք ունենա 105 կուսակցություն, այլ կունենանք 105 մինուս իքս կուսակցություն, որը հավասար է իգրեկի, մենք չենք հասկանում՝ դա ինչ նպատակ է: Օրինակ՝ 105 գործող կուսակցությունները, եթե նրանք Սահմանադրություն չեն խախտում, եթե նրանք իմաստավորված որոշել են ձեւավորվել որպես քաղաքական ուժ, այս կամ այն աշխարհայացքը մեր ազգաբնակչությանը մատուցելու, համախոհներ փնտրելու, ինչու չէ, ընտրությունների միջոցով իշխանության գալու, իշխանություն ձեւավորելու, ինչումն է վտանգը, որ մենք անպայմանորեն ուզում ենք ասել, որ 105-ը շատ է, իսկ 105 հանած իքսը, եթե իքսը 0-ից շատ է, ապա այդ թիվը անհամեմատ լավն է:

Մեր խմբակցության դիրքորոշումն այս իմաստով չի փոխվում, մենք փաթեթով մեր առաջարկությունները տվել ենք, հենց փաթեթով, որով մի կողմից 2000-ը առաջարկում ենք չֆիքսել, չդառնալ նույնիսկ օրենքի փոփոխությանը: Ֆիքսվել է 200, մենք դա էլ ենք համարում ավելորդ, բայց քանի դեռ ֆիքսվել է, այդ օրենքին չանդրադառնանք:

Ուզում ենք, որ մարզերում նույնպես ներկայություն լինի: Թող առնվազն կեսում ունենան տեղական կառույցներ, բայց արհեստականորեն նպատակաուղղվել քանակի կրճատմանը, թվաքանակի ֆիքսված անդամակցության ստուգման հնարավորությանը, մարդկանց ընտրանքային կամ համատարած ձեւով չինովնիկի կողմից հարցեր տալուն՝ այդ ճի՞շտ է, որ դուք անդամագրված եք, թե՞ չէ, մի հատ ձեր դիմումի պատճենը բերեք, իսկ անդամավճար ո՞նց եք մուծում, մի հատ կբերեք, վերջին ամիսը մուծել եք, թե՞ ոչ, ձեր կանոնադրությամբ արդյո՞ք դուք հիմա անդամ եք, թե՞ դադարել եք այդպիսին լինել եւ այլն:

Մենք, ուղղակի, իսկապես, ճիշտն ասած, ներողություն եմ ուզում խնդրել, բայց առանձնակի իմաստ այստեղ չենք տեսնում: Թող լինեն կուսակցություններ, թող լինեն գաղափարախոսություններ, թող լինեն աշխարհայացքներ, թող դրանք բախվեն քաղաքական արենայում, ցիվիլ ձեւով, թող ամեն մի կուսակցություն ներկայացնի իր աշխարհայացքը, չֆիքսենք ոչ մեկին ոչ մի տեղ, հետո ասենք՝ իսկ կա՞ արդյոք, կարո՞ղ է Ղոնջեյանը 2 տեղ է անդամ, եկեք մի հատ էլ ընդհանուր ֆայլ ստեղծենք, պոիսկ տանք, ման գանք՝ էս ազգանունը կրկնվում է, թե ոչ: Ինչի՞ համար է այդ ամեն ինչը:

Կան համազգային ընտրություններ, կան համաժողովրդական ընտրություններ, ո՞վ է ասել, որ պիտի անդամակցի: Կարող է համախոհ է, բայց սկզբունքորեն չի ուզում անդամակցել որեւէ կուսակցության: Կարող է քարոզարշավի արդյունքում վերջին րոպեին միտքը փոխում է, ձայն է տալիս այս կամ այն ուժին:

Ի դեպ, ասեմ, որ վերջին 54 վայրկյանն է մնացել, պրն Պետրոսյան, 3-րդ անգամ դիմեմ: Մենք մանրամասն ուսումնասիրել ենք Գերմանիայի Դաշնության փորձը եւ այնտեղ որեւիցե արձանագրություն կոնկրետ կուսակցությունների թվաքանակի վերաբերյալ չենք հայտնաբերել: Վատ չէր լինի, եթե եզրափակիչ ելույթում դուք մատնանշեիք՝ օրենսդրական որ ակտը նկատի ունեք, կողմնորոշեիք մեզ՝ որտեղ կարող ենք դա գտնել: Համենայնդեպս, կուսակցության նախագահը, խմբակցության ղեկավարը ասաց այստեղ՝ այդ երկրների դեմ մենք ոչինչ չունենք, համենայնդեպս, ուղղակիորեն երեւում է, թե զարգացման որ ուղին եւ որ կետն ենք մենք մատնանշում, որպես մեր հետագա շարժվելու երթուղի:

Մենք դեմ ենք քվեարկելու օրինագծին: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ ամեն մեկն ինքը տեսնի, թե մեզ ինչը ուր է կողմնորոշում, ուղղորդումներ չանենք: Սա էլ ազատության հետ ուղղակիորեն կապ ունեցող խնդիր է: Համոզված եմ, որ որեւէ մեկը ցանկություն չունի այս դահլիճում գնալու այն երկրները, որոնց մենք շատ հարգում ենք, բայց համարում ենք այլ երկրներ:

Այո, իհարկե կա: Նիստը վարողը կարող է ելույթներում որոշակի դրույթների հետ կապված պարզաբանումներ տալ: Սա ակնհայտ է: Վստահաբար: Առավել եւս, եթե խոսվում է այն բաների մասին, որոնք նախագծի մեջ բացարձակապես չկան: Օրինակ՝ չկա, թե մեկը գալիս է ասի, թե դուք անդամավճար մուծում եք, թե չեք մուծում, դուք ում անդամն եք եւ նման բան այս օրենքում բացարձակապես չկա, գործող օրենքում եւ արվող փոփոխություններում էլ:

Ես ասեմ անկեղծորեն՝ այդ 2000-ի հետ կարող են լինել տարբեր տեսակետներ, բայց ոչ ավելի՝ օրենքի մասին խոսելիս: Հետեւանքների մասին, իհարկե, կարող ենք բոլորս էլ խոսել, ինչ-որ ենթադրություններ անել, բայց ասել, որ այս օրենքը վաղը հնարավորություն է տալիս, որ կանչեն, ասեն էս, էն, էն, նման բան չկա:

Եթե ուշադիր կարդաք, այնտեղ ընդամենը 1 բառ է գրած, ստուգման մասին բացարձակ ոչինչ չի գրված: Ավելին ասեմ՝ օրինակ՝ անկեղծ ասեմ, ես կարծում եմ, որ այդ թվի արձանագրումն ընդհանրապես անիմաստ է, որովհետեւ ոչ մի ստուգման մեխանիզմ չկա: Ասվում է միայն մեկ բան, որ կուսակցությունը պետք է ծանուցի, այսինքն՝ ասի՝ այդպիսի բան կա, թե չկա եւ վերջ: Վաղը մի հատ նամակ կգրեք, որ կա, ուրիշ բանի կարիք չկա եւ ոչ ոք ձեզանից որեւէ նոր թուղթ, նոր որեւէ բան պահանջելու իրավունք չունի, եթե այս նախագիծն ընդունվի, վստահ եղեք, հենց այդպես է:

Իհարկե, միանշանակորեն: Չէ, ես չեմ ուզում գնահատականներ տալ, թե ինչ եղավ այն ժամանակ, դժբախտաբար, ոչ օրենքի համապատասխան, ոչ Սահմանադրության, ոչ էլ որեւէ մի բանի:

Ես ասացի իմ կարծիքը, պրն Ղոնջեյան:

Շատ լավ: Այժմ, հարգելի գործընկերներ, լսենք նաեւ նախագծի հեղինակների տեսակետն այս ամենի վերաբերյալ, որպես եզրափակիչ ելույթ եւ ավարտենք այս նախագծի քննարկումը: Խնդրեմ, պրն Մարգարյան:

Ուղղակի իմ ասածը մեկն էր՝ եթե օրենքում մի բան չկա, եկեք չասենք, որ ահա ձեզ սա է սպասվում, մարդկանց ահաբեկելու համար եւ մեր կողմը գրավելու:

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, ըստ էության, մանրամասն քննարկվեց «Կուսակցությունների մասին» առաջարկվող նախագիծը եւ պետք է նշեմ, որ, իրոք, նախագիծն այսօրվա դրությամբ հեղինակվել էր, եւ սա քաղաքական որոշում էր, կոալիցիայի կողմից ներկայացված նախագիծ էր, եւ ինձ համար զարմանալի էր, որ ես, թերեւս, ընթերցեցի բոլոր առաջարկությունները, որոնք տեղ էին գտել նախագծում եւ ոչ մի առաջարկությունում առաջարկվող փոփոխությունների մեջ 2000 թվի վերաբերյալ նոր առաջարկություն չկար՝ դա դարձնենք 0, դա դարձնենք 100, 500, չկար նման առաջարկություն: Իհարկե, կար առաջարկություն թվի վերաբերյալ գործող օրենքում, իսկ ըստ կանոնակարգի հեղինակներին ներկայացվում է առաջարկություն 1-ից 2-րդ ընթերցման ռեժիմում, որ հեղինակներն իրավազոր են փոփոխություն կատարելու, այսինքն՝ ընդունելի է, թե ոչ, կապված առաջարկված նախագծի վերաբերյալ: Ինչեւէ: Այս առումով կուզենայի նշել, որ այն առաջարկություները, որոնք կային, քննարկվեցին, նոր առաջարկություն եղավ այստեղ ԱԺ նախագահի կողմից՝ կապված 1 տարին 6 ամիս ժամկետով փոխարինելու, մեր կողմից ընդունելի է այդ առաջարկությունը եւ պետք է նշեմ նաեւ, որ, երեւի պրն Պետրոսյանը կհավաստի, որ դեռ հանձնաժողովում քննարկման ժամանակ կար այդպիսի տարբերակ, 6 ամիս տարբերակ, իհարկե, 2 դեպքում էլ 6 ամիս տրամադրելու հետ կապված: Քննարկման ժամանակ պրն Թորոսյանի կողմից առաջարկվեց 1 տարի, եւ այստեղ կիսում եմ նաեւ ձեր կարծիքը, պրն Թորոսյան, որ ընդունելի է նաեւ 6 ամիսը:

Ավելացնելու ոչինչ չունեմ: Առաջարկում եմ, որպեսզի պատեհ պահին դրվի քվեարկության՝ նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հետ կապված: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շատ լավ, շնորհակալություն: Այս հարցի քննարկումն ավարտվեց, հարգելի գործընկերներ: Մենք ունենք ընդամենը մի քանի րոպե ժամանակ:

Լավ, քանի որ պրն Երիցյանը ակտիվ արձագանքեց, ուրեմն քննարկենք «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի նախագիծն իր հարակից այլ նախագծերով: Այն ներկայացված է 2-րդ ընթերցմամբ ընդունելու համար: Հիմնական զեկուցողն է կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը: Համեցեք:

Ս.ԵՐԻՑՅԱՆ

-Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն է ներկայացվում այստեղ քիչ առաջ հնչած օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ, իր փաթեթով: Ինչպես եւ սպասվում էր 1-ից 2-րդ ընթերցման ժամանակահատվածում, ուրեմն, բավականին աշխատանք տարվեց, ինչպես այստեղ դահլիճում հնչած օրենսդրական կոնկրետ առաջարկության հետ կապված, այնպես էլ հանձնաժողովի անդամների հետ կատարված աշխատանքի արդյունքում:

Ես ուզում եմ առիթն օգտագործել, շնորհակալություն հայտնել հանձնաժողովի անդամներին՝ մանրակրկիտ աջակցության, օգնության աջակցության համար, եւ հանձնաժողովի նախագահին: Արդյունքում մենք ունենք այս նախագիծը, որոնցում կան խմբագրական բնույթի, նաեւ բովանդակային որոշակի փոփոխություններ, որոնցում հաշվի ենք առել այստեղ հնչած առաջարկությունները:

Ես փորձեմ հիմնական բովանդակային առաջարկություններին անդրադառնալ: Մասնավորապես բառարանային հատվածում անդրադարձվել է ակադեմիական կրեդիտ, կրեդիտային չափանիշային համակարգ, կրեդիտների կուտակման եւ փոխանցման եվրոպական համակարգ, ուրեմն, այս սահմանումներին, որոնք չեն եղել 1-ին ընթերցման ժամանակ, եւ ներկայացված առաջարկությունները, որը կատարվել է մեր գործընկերների կողմից, փաստորեն, ընդունված է, եւ այստեղ ունենք ավելի ամբողջական կերպով այն առաջարկությունները, որոնք անհրաժեշտ են օրենքի նախագիծն ավելի կատարելագործված տեսնելու առումով:

Ինչպես հիշում եք, այստեղ հնչեցին շատ կարեւոր, ուրեմն, առաջարկություններ, որոնք առնչվում էին ուսման առաջադիմության, սոցիալական անապահով, ուրեմն, խավերին ուսանողական նպաստ սահմանելու, ինչպես նաեւ բարձր առաջադիմություն ունեցողներին կրթաթոշակ սահմանելու հետ կապված, այստեղ, ուրեմն, լուծումը, փաստորեն, գտնվել է: Խոսքը վերաբերում է, ուրեմն, 6-րդ հոդվածի 4-րդ կետին, մասնավորապես հետեւյալ ձեւակերպմանը՝ ուսման վճարի փոխհատուցումը նպաստի ձեւով տրվում է մրցույթի արդյունքներով բուհ ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սոցիալապես անապահով ուսանողներին, կառավարության կողմից հաստատված տեղերի քանակին եւ կարգին համապատասխան, ինչպես նաեւ ՀՀ օրենքներով սահմանված կարգով:

Այստեղ կար Հրայր Կարապետյանի դիտողությունը, առաջարկությունը՝ ԱԺ պատգամավոր, եւ մեր մյուս գործընկերների առաջարկությունը: Այն հաշվի է առնված: Այստեղ սրա հետ միասին սահմանվել է պետական կրթաթոշակի հասկացությունը. պետական կրթաթոշակ է տրվում ուսանողներին, ուղղակի, «գերազանց» է տեքստի մեջ, խնդրում եմ այստեղ ընթերցվի «բարձր առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար», որի տրման կարգը եւ չափը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, այսուհետ՝ լիազորված մարմին:

Փաստորեն, մենք այստեղ կարեւոր 2 խնդիր ենք լուծում: Մի կողմից սոցիալական գործոնը, ուրեմն, հաշվի առնելով, 2-րդ պարագայում մենք հաշվի ենք առնում նաեւ կրթության բարձր առաջադիմությունը:

Ուրեմն, այստեղ կան այլ փոփոխություններ: Փոփոխությունների հիմնական հատվածը նպատակաուղղված է եղել մեր օրենքն ավելի պարզ, հասկանալի եւ ընկալելի դարձնելու, եւ սկզբունքորեն կարելի է ասել, որ բովանդակային լուրջ փոփոխություններ մենք այստեղ չունենք: Ճշգրտումներ են կատարվել, մասնավորապես, ասենք, այնպիսի ճշգրտումներ, որ հնարավորություն են տալիս ավելի հստակ դարձնելու բուհերի կառավարման համակարգը, ավելի հստակ դարձնելու, ասենք, այն անհրաժեշտ տարիները, որոնք սահմանված են, ընդհանրապես, կրթության համակարգի համար: Որոշակի փոփոխություններ են կատարված նրանց անցումային դրույթներում:

Վերջում ուզում եմ նշել, որ շնորհակալություն եմ ուզում հայտնել հանձնաժողովին, առաջարկություն ներկայացրած գործընկերներին, մասնավորապես պրն Մալխասյանին, տիկին Հեղինե Բիշարյանին, Մեխակ Մխիթարյանին, իհարկե, տիկին Հրանուշ Հոկոբյանին, որոնց հետ աշխատանքն այս օրերի ընթացքում հնարավորություն տվեց ձեզ ներկայացնելու այս օրենքի նախագիծը 2-րդ ընթերցման: Մյուս հատվածը, որոնք առնչվում են օրենքների մյուս փաթեթին, այնտեղ որեւէ առաջարկություն չի եղել եւ որեւէ փոփոխություն այնտեղ մենք չունենք: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Մենք այստեղ կընդհատենք այս հարցի քննարկումը, մենք կշարունակենք վաղն առավոտյան, իսկ այժմ կանցնենք հայտարարություններին:

Հերթագրում՝ հայտարարությունների համար: Հերթագրվել է 11 պատգամավոր: 1 -ին հայտարարությունը՝ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյան: Համեցեք:

Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Սիրելի հայրենակիցներ, դուք լավ գիտեք, որ արտգործնախարար Վարդան Օսկանյանն ամբողջ աշխարհում հայտնի է իր ուրույն ասոցիատիվ մտածելակերպով: ԿրՍՈվ'վ ՉՏ ՉրպՎ ՎՌՐպ - կասեր ռուսը, ՍՈՉՍՈջրՍՌռ ՑՌչՐ: Բացի Օսկանյանից, էլ աշխարհում ու՞մ մտքով կանցներ հայրենակիցների արյան գնով ազատագրված հողը նմանեցնել զուգարանի փակ դռան վրա կպցրած ցուցանակի հետ եւ բնութագրել այն որպես օկուպացված տարածք: Վերնախավ դարձած շարիկովներին բնորոշ մտածելակերպ է սա՝ հազարավոր հերոսների արյամբ ջրված ազգային ծառը սեփական պետքերին ծառայեցնելու մտածելակերպ:

Ահավասիկ, ազգային ծառը խնամելու փոխարեն կոալիցիոն դուրսպրծուկները Մ.Բուլգակովի «Շան սիրտը» վեպում նկարագրված Շարիկովի նման ամեն օր զբաղված են այդ ծառի բունը ապականելով: Իսկ երբ տեսնում են հարեւանությամբ նույնպես քուջուջ անող ընդդիմադիր կատուներին, վրա են տալիս, քշում նրանց մինչեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճ:

Թող այստեղ նստածներն ինձ ասեն՝ բացի մութ սենյակում սեւ կատուներ որոնելուց եւ երկիրը դմակի նման մեջ-մեջ անելուց էլ ինչո՞վ է զբաղվում այս կոալիցիա կոչվածը: Եվ եթե ժողովրդի ստեղծած նյութական բարիքները բաժան-բաժան, իսկ ընդդիմադիր կատուներին խեղդամահ անելն է իշխող կոալիցիայի արտաքին եւ ներքին քաղաքականության նպատակը, ապա ինչու չեն համաձայնվում, որ այդ կարգի գործունեության լավագույն խորհրդանիշը հենց Շարիկովն է: Ուստի, Բուլգակովի հերոսի արձանը պետք է կանգնեցնել այստեղ, ինչպես նաեւ կառավարական բոլոր հաստատություններում:

Վերջերս Վարդան Օսկանյանը մեզ ստիպեց հիշել նաեւ մի այլ կենդանասեր գրողի՝ Ջոն Օրվելին, սակայն այս անգամ ոչ թե վերջինիս «Անասնաֆերմա» վեպը, այլ «1984 թվականը» վեպը: Հիշու՞մ եք, այդ վեպում ամբողջատիրական բռնապետության կարգախոսները՝ ճշմարտությունը սուտն է, խաղաղությունը պատերազմն է, ազատությունը ստրկությունն է, հաղթանակը պարտությունն է: Ահա այդ նույն կարգախոսների ոգով Օսկանյանը օրերս «Հայլուր»-ով հայտարարեց, որ մեր դիվանագիտությունը վերջին շրրջանում արձանագրել է փայլուն հաղթանակներ, եւ արդի Հայաստանի միակ պրոբլեմը ընդդիմադիր սեւ կատուներն են, որ ընկնում են իշխանավորների ոտքերի տակ եւ խարխլում նրանց կայունությունը:

Թող Աստված փրկի Օսկանյանին սեւ կատուներից, մեզ էլ ազատի շարիկովների այս վարչակարգից: Ամեն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-2-րդ հայտարարությունը՝ պատգամավոր Վիկտոր Դալլաքյան:

Վ.ԴԱԼԼԱՔՅԱՆ

-Շնորհակալություն: Սիրելի հայրենակիցներ, այսօր ես կհամեմատեմ Ուկրաինայի եւ Հայաստանի նախագահական ընտրությունները:

Ուկրաինայում պաշտպանության նախարարը հայտարարեց, որ բանակը չի միջամտի ներքաղաքական իրադարձություններին: Հայաստանում Քոչարյանի նախընտրական շտաբի պետի՝ պաշտպանության նախարարի հրահանգներով էին իրականացվում ընտրակեղծիքները:

Պաշտպանության նախարարության կոլեգիան ընտրությունների 1-ին փուլից հետո, ի պատասխան ժողովրդական ընդվզման, հանդես եկավ Քոչարյանին աջակցելու մասին հակասահմանադրական հայտարարությամբ: Ուկրաինայի ներքին գործերի նախարարը հայտարարեց, որ իրենք ժողովրդի դեմ դուրս չեն գա:

Հայաստանում ընտրությունների ընթացքում ոստիկանությունն իրականացնում էր բռնարարքներ, իսկ ոստիկանապետը ցինիկաբար փայլուն օպերացիա համարեց ապրիլի 13-ին կատարված վայրագությունը: Ուկրաինայում Գերագույն Ռադան ընդունեց քաղաքական 2 որոշում՝ չճանաչեց նախագահական ընտրությունների արդյունքները եւ անվստահություն հայտնեց Յանուկովիչի կառավարությանը:

Հայաստանում խորհրդարանական մեծամասնության թողտվությամբ Քոչարյանը ԱԺ տարածքը հրոսակների համար դարձրեց բազա, որտեղից կատարվեց գիշերային հարձակում խաղաղ ցուցարարների վրա: Ուկրաինայում իշխանությունները հայտարարեցին, որ ժողովրդի նկատմամբ ուժ չեն կիրառի, իսկ Հայաստանում կիրառվեց ուժ, դուրս բերվեց զրահատեխնիկա, փշալարեր, ջրցան մեքենաներ, փակվեցին ճանապարհները, իրականացվեց մարդաորս:

Ուկրաինայի գերագույն դատարանը, չնայած Կուչմայի եւ ռուսական իշխանությունների գործադրած ճնշումներին, կանգնեց ժողովրդի կողքին եւ անվավեր ճանաչեց ընտրությունների 2-րդ փուլի արդյունքները: Հայաստանի սահմանադրական դատարանը դավաճանեց ժողովրդին եւ չընտրվածին հռչակեց Նախագահ:

Չանդրադառնալով Ուկրաինայի եւ Հայաստանի դեպքերի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքին նշեմ միայն, որ որոշ երկրների ձեռնտու էր Հայաստանում ունենալ չընտրված Նախագահ, որը զիջումների կգնա Արցախի հարցում:

Ի տարբերություն ուկրաինական ընդդիմության Հայաստանի ընդդիմությունը գործում է աննախադեպ տեռորի, զանգվածային հալածանքների եւ ինֆորմացիոն բլոկադայի պայմաններում: Հայաստանի ընդդիմությանը անվճռականության մեջ մեղադրողներն անվճռականությունը չեն տարբերում արկածախնդրությունից: Եթե Ուկրաինայում պայքարը գնում էր անընդունելի իշխանության դեմ, ապա հայ ժողովուրդն ընդվզում էր հոկտեմբերի 27-ի քաղաքական ահաբեկչության մեջ դերակատարություն ունեցած իշխանությունը եւ իր գոյությունը նույնացրած զինված բանդայի պարագլխի դեմ:

Հայաստանը անդունդի եզրին հասցրած իշխանությունների որոշ ներկայացուցիչներ այսօր կոչեր են անում ստեղծված ծանր պայմաններում իրենց շուրջը համախմբվելու եւ իշխանությունը չփոխելու մասին: Տեղին է հիշել գեներալ Լեբեդի հետեւյալ խոսքերը՝ ձիերին գետանցի ժամանակ չեն փոխում, բայց ավանակներին կարելի է եւ անհրաժեշտ է փոխել: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հայտարարությունը՝ պատգամավոր Հեղինե Բիշարյան:

Հ.ԲԻՇԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, «Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր իր հարգանքի տուրքը մատուցեց 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած չարագույժ երկրաշարծի կապակցությամբ: Ծանր խաչ է բաժին ընկել պայքարի եւ մաքառումների դյուցազնական սխրանքներով լի ճանապարհ անցած հայ ժողովրդին:

Հայաստանս, որ բազում անգամ հաղթել է եւ պարտվել, նորից հառնել, իբրեւ փյունիկ մոխիրներից վերածնվելով հառնել, հարատեւել եւ հասել է մեր օրերին, ծանր հարված ստացավ:

Հայոց աշխարհում սուգ էր: Մեր տանը համազգային սուգ էր:

Բնության դավաճան արհավիրքը, աննախադեպ երկրաշարժը դեկտեմբերի 7-ին ցնցեց ողջ Հայաստանը, մի քանի ակնթարթում տակնուվրա արեց հյուսիսային շրջանները, փլատակների կույտ դարձրեց Սպիտակը, Գյումրին, խլելով ամենաթանկագինը՝ հազարավոր սիրասուն կյանքեր:

Հայաստանը պետք է տոկա: Դա պատգամ է նախնիների կողմից: Դա մեր դարավոր պատմության հանդեպ մեր սերնդի սրբազան պատկերն էր, պարտքը Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Անիի ավերակների հանդեպ:

Պետք է տոկալ եւ ապրել աշխարհի համար, իր սուրբ ոսկեղենիկ խոսքով, իր մշակույթով ու իր ազնվական նկարագրով: Ապրում են միայն այն ժողովուրդները, որոնք ամենաողբերգական պահերին չեն մոռանում իրենց սրբազան նպատակները, որոնց համար նրանք երդվել են մի օր մայր հողին ծնկած:

Չարագույժ պահին, երբ խենթ տարերքի գիշերն էր իջել մեր նվիրական աշխարհի վրա, վշտից սգավոր մի մութ երկրում, որտեղից դեռ երեկ հայոց կռունկները ուրախ խաբրիկներ էին տանում հայրենադարձ գաղթօջախներին, այդ օրը թեւածում էին օգնության շտապող պողպատյա կռունկները՝ ի սեր հայենիքի, ի սեր մարդկության համերաշխության:

Սրբեց արցունքները ազգը իմ լավատես, ավերակներից վեր հառնեց երգի, խնդության Գյումրին, գողտրիկ վարդաքար Վանաձորը, նորահարսի պես ճերմակազգեստ Սպիտակը, սուրբ երդիկներով նորից ծաղկեցին, վարդագունեցին հորովելներով եւ սիրերգներով հայերիս վայել սուրբ արարումով:

Այնուամենայնիվ, անցել է 16 տարի: Դեռեւս մի քանի հազար ընտանիքներ անօթեւան են: Հանրապետության քաղաքներ Գյումրին եւ Սպիտակը գտնվում են գործազրկության 1-ն տեղերում: Տնտեսության ցուցանիշները հուսադրող, բայց բավարար չեն, ուստի եւ ցանկալի է, բայց դեռ վաղ է խոսել «աղետի գոտի» հասկացության իսպառ վերացման մասին:

«Օրինաց երկիր» կուսակցությունը գտնում է, որ անհրաժեշտ է շարունակել տարածաշրջանի տնտեսական զարգացման, բնակարանաշինության, ներդրումների ապահովման եւ գործազրկության սպառնալից ցուցանիշների նվազեցման ուղղությամբ աշխատանքները: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հայտարարությունը՝ պատգամավոր Արտակ Առաքելյան:

Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, մեկ ամսից փոքր ինչ ավել առաջ ես հայտարարություն էի արել, նաեւ կառավարությանը հարցադրում խուլ-համրերի միավորումում տեղի ունեցած խախտումների մասին, եւ կառավարությունից ասացին, որ դիմումն ուղարկեմ իրենց: Այդ դիմումը հարյուրավոր մարդիկ էին ստորագրել Գյումրիից, Վանաձորից, Երեւանից եւ հանրապետության այլ քաղաքներից, որտեղ կան խուլերի ձեռնարկություններ եւ կուտակումներ: Եվ ի՞նչ են արել: Այդ դիմումի տակ ստորագրած անձանց ցուցակը պատճենահանել եւ ուղարկել են այն մարդուն, ում դեմ ուղղված է այդ բողոքը, որը օրենքով է արգելված, եւ այդ ընկերը նույնիսկ քիչ աշխատող անձանց այսօր արդեն հաշվեհարդար է տեսնում եւ ազատում աշխատանքից:

Ես պատկան մարմինների ուշադրությունն եմ հրավիրում այս հարցի վերաբերյալ, մանավանդ որ արդարադատության նախարարությունը «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքով իրավունք ունի ստուգում կատարել հասարակական կազմակերպություններում, անհրաժեշտության դեպքում կասեցնել, լուծարել, զգուշացնել եւ այլ միջոցներ ձեռնարկել, նույնիսկ դատարան դիմել այդպիսի խնդիրներով:

Ինձ է դիմել նաեւ կույրերի միավորման կենտրոնական վարչության ղեկավարությունը: Բանը նրանումն է, ավելի ճիշտ, բանն այն է, ներողություն, որ 1947թ., 1948թ., 1958թ. 3150 ք.մ. տարածություն Իսահակյան փողոցի վրա հատկացվել է միավորմանը՝ ձեռնարկություններ եւ բնակելի շենքեր կառուցելու համար: Այդպես էլ վարվել են, իրացնելով այնտեղի սեփական տները, տնատերերին բավարարելով բնակարաններով:

1998թ. կադաստրի համայնքային կազմակերպությունում գրանցվել է այդ հողահատկացումն ամբողջ տարածքով, որը ցանկապատված է եւ պատկանում եւ օգտագործվում է կույրերի միավորման կողմից:

Նրանք 2002թ. դիմել են քաղաքապետարան, որպեսզի թույլտվություն ստանան այդ տարածքում բրայլյան համակարգով տպագրվող գրքերի համար գրադարան կառուցելու նպատակով, նաեւ խոսող գրքերի համար: Սակայն մերժվել է այդ խնդրանքը, եւ այդ տարածքում, առանց միավորման կարծիքը հաշվի առնելու, 20 ք.մ. ավտոտնակ կառուցելու համար տարածք է հատկացվել մի քաղաքացու:

Բողոքել են, սակայն բողոքը հաշվի չեն առել: Թաղապետարանը գրություն է ուղարկել քաղաքապետարան, որպեսզի այդ որոշումը չեղյալ համարի, այն նույնպես հաշվի չեն առել:

Ավելին. 2003թ., ոչ ավել, ոչ պակաս, 380 ք.մ. այդ տարածքից, որը սեփականության իրավունքով, համապատասխան վկայականով ամրագրված է այդ միավորմանը, հատկացվել է ոմն քաղաքացու՝ Ռուֆինա…, ես կես րոպեում կավարտեմ…, եւ այդ ամենը արվել է ընդամենը 5 ամերիկյան դոլարին համարժեք դրամով: Դուք պատկերացնու՞մ եք՝ քաղաքի կենտրոնում 100 անգամ պակաս արժեքով վաճառել: Եվ այս մարդիկ դիմել են դատարաններ: Դատարանները նույնպես ուշադրություն չեն դարձրել: Ներկայումս եւս գործը գտնվում է դատարանում: Կխնդրեի, որ պատկան մարմիններն արդարությունը պաշտպանեն, օրենքը պաշտպանեն, որը խախտվել է «Հողի իրավունքի մասին», Հողային օրենսգրքի 8 հոդվածներով: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հայտարարությունը՝ պատգամավոր Գագիկ Ավետյան:

Գ.ԱՎԵՏՅԱՆ

-Հարգարժան նախագահող, հարգելի պատգամավորներ, այս հայտարարությունը սերտորեն կապ ունի վերջերս 3-րդ ընթերցմամբ ընդունված Աշխատանքային օրենսգրքի հետ:

Շատ ողջունելի է այն իրողությունը, որ շուտով մենք կունենանք մի նոր օրենք, որը պետք է կանոնակարգի աշխատող-գործատու իրավահարաբերությունները: Այդպիսով պատասխան կտրվի շատ հարցերի, որոնք միչեւ այսօր դեռ ոչ մի ձեւով կանոնակարգված չէին, քանզի այն հասարակարգը, որ հիմա մենք կառուցում ենք, ամենեւին չի տեղավորվում մեր ունեցած հասկացությունների այն շրջանակներում, որ մենք ունեցել ենք մինչեւ 3-րդ հանրապետության ստեղծումը:

Դեռ ոչ վաղ անցյալում հանրապետությունում գործում էր արհմիությունների հզոր ցանց, որը ենթակառույցներով հանդերձ ոչ միայն պաշտպանում էր աշխատավորության եւ ծառայողների շահերը, այլեւ մարդկանց մոտ ապահովում էր բարոյահոգեբանական գործոնը, որը մարդուն հաղորդում էր հասարակության համար պիտանելիության, իր նկատմամբ ունեցած հարգանքի եւ հասարակության լիարժեք անդամ լինելու զգացողությունը, որը, ցավոք սրտի, այսօր բացակայում է հազարավոր մարդկանց մոտ, բերելով նրանց նիհիլիզմի, դրանցից բխող բոլոր բացասական հետեւանքներով:

Այս կառույցը, որը ունի մոտ 300 տարվա պատմություն եւ որը իր բոլոր նվաճումներին հասել է մեծ պայքարի ու մաքառումների շնորհիվ, իր դիրքերը հեշտությամբ զիջում է:

Եվ այսօր, երբ մենք ստեղծում ենք անկախ, ազատ հայրենիք, երբ կա մտքի, խոսքի, խղճի ազատություն, կոպիտ կերպով ոտնահարվում են աշխատավորության կողմից նվաճված սրբության սրբոցը՝ աշխատանքի իրավունքը:

Աշխատանքի պայմանների եւ աշխատավորների նկատմամբ ցուցաբերած շատ գործատուների անհարգալից վերաբերմունքը եւ կոպիտ շահագործումը, եթե չափազանցություն չհամարենք, տանում է դեպի միջնադար: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե այսօր ինչ պայմաններում են աշխատում բանվորներն ու ծառայողները:

«Օրինաց երկիր» կուսակցության մարզային կազմակերրպության գրասենյակ են դիմում բազմաթիվ քաղաքացիներ, որոնք բողոքում են շատ հիմնարկ-ձեռնարկություններից, որտեղ կոպտորեն խախտվում են աշխատողների իրավունքները: Մարդիկ աշխատում են առանց հերթափոխի եւ հանգստյան ժամերի, հաշվի չառնելով երեկոյան ժամերը, տոները, հանգստյան օրերը, ընտանեկան եւ սոցիալական վիճակը, դրա դիմաց, ուրեմն, աշխատողներին եւ ծառայողներին վճարում են ընդամենը դրույքաչափերով սահմանված աշխատավարձ:

Աշխատանքային նոր օրենսգիրքն արդյոք պատասխան կտա՞ այս բոլոր հարցերին, արդյոք ի զորու կլինի՞ ամբողջովին իր վրա վերցնելու կուտակված այն բոլոր խնդիրների լուծումը, որոնք այսօր առկա են մեր գործատուների եւ աշխատողների միջեւ եղած փոխհարաբերություններում: Ինչքան էլ որ ես լավատես եմ, գտնում եմ, որ ոչ:

Եվ հենց այստեղ է, որ օր առաջ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել քայլեր՝ արհմիությունների ժողովրդական հզոր ինստիտուտների կառուցմանը, նրա գործունեությանը նպաստող բոլոր մեխանիզմների բնականոն աշխատանքին նպաստող քայլերի ձեռնարկմանը, որը Աշխատանքային օրենսգրքի հետ զուգահեռ ի զորու կլինի աշխատավորական կոլեկտիվների կայացմանը, համախմբմանը, նրանց կողմից իրենց իրավունքների իմացության գիտակցության բարձրացմանը, որը հետագայում կդառնա աշխատավորության բարեկեցության գրավականը: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հայտարարությունը՝ Մեխակ Մխիթարյան:

Մ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

-Արդեն մի քանի օր է Արմավիրի մարզի Մայիսյան համայնքում, որը իմ ընտրատարածքում է գտնվում, ազգաբնակչությունը զրկված է խմելու ջրից, եւ շատ մտահոգիչ այս փաստին ես ուզում եմ հիմա անդրադառնալ եւ ներկայացնել իրողությունը: Ի՞նչ է իրականում կատարվել:

Արմավիրի մարզի մի շարք համայնքներ ոռոգման ջուրն օգտագործում են խորքային պոմպերի միջոցով եւ ոռոգման ջրի դիմաց վարձավճարների գանձումները չապահովելու հետ կապված անջատվում են այդ պոմպերը՝ խորքային հորերի, եւ զրկում են նաեւ համայնքներին, համայնքների բնակչությանը խմելու ջուր օգտագործելու հնարավորությունից:

Հիմա, եթե ճակատագրի բերումով այդպես է ստացվել, որ այս համայնքներում մարդիկ եւ ոռոգման ջուրը, եւ խմելու ջուրը ստանում են նույն խորքային հորերի պոմպերից, ուրեմն, ոռոգման ջրի դիմաց վարձերը չհավաքելու պարագայում պետք է զրկվեն նաեւ խմելու ջուր օգտագործելու հնարավորությունից:

Այս կապակցությամբ ես փորձել եմ այս օրերի ընթացքում, վերջին 2 օրերի ընթացքում խոսել պատկան մարմինների հետ, իսկ դրանք բաշխիչ ցանցերի ղեկավարությունն է, որոնք, փաստորեն, նոր ձեւ են գտել մարդկանց պատժելու, առանց այն էլ շրջափակման մեջ գտնվող մեր հանրապետությունում: Չեմ կարծում, որ վարձերը չվճարելու դիմաց պատժելու հարմար ձեւ են գտել՝ ջրազրկելու բնակչությանը, համայնքին:

Այս կապակցությամբ ես իմ խորին մտահոգությունն եմ արտահայտում, եւ կարծում եմ, որ պետք է համապատասխան մարմիններն ուշադրություն դարձնեն եւ սա չդիտվի, սա չկրկնվի, չդառնա որպես գործելակերպ: Խմելու ջուրը պետք է ապահովեն մարդկանց, այն դեպքում, երբ գյուղապետը, ինչպես նաեւ համայնքի անդամները պատրաստակամ են օգտագործվող խմելաջրի դիմաց կնքել համապատասխան պայմանագիր, վճարել նույնիսկ կանխավճար եւ ստանալ խմելաջուր:

Հիմա, ինչ է ստացվում: Խմելաջուրը չեն ստանում այն պատճառով, որ վարձավճարները չեն հավաքվել ոռոգման ջրի դիմաց, թեեւ դրա համար ստեղծվել են մարմիններ, որոնք պարտավոր են այդ վարձավճարները հավաքել, եւ այստեղ, ինչպես համայնքի ղեկավարը, այնպես էլ համայնքի անդամները չունեն իրենց մեղքի բաժինը:

Ես, ընդհանուր առմամբ, չեմ ուզում արդարացնել օգտագործված ջրի դիմաց չվճարումները: Բայց ես դատապարտում եմ այս ճանապարհը ընտրել՝ մարդկանց խմելու ջրից զրկել, որպեսզի վարձավճարները հավաքել:

Ստեղծված է մարմին՝ ջրօգտագործողների միություններ, որոնց պարտականությունների մեջ է մտնում այդ վարձավճարների հավաքումը: Ինչպես կհավաքեն՝ դա իրենց խնդիրն է: Այստեղ ժողովուրդը ոչ մի մեղք չունի, տարին էլ չի փակվել, կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ ժամանակ էլ կա, կարող են նրանք այդ վարձավճարները մուծել՝ ոռոգման ջրի դիմաց, բայց դա չի կարող պատճառ լինել, որպեսզի խմելու ջուրն անջատվի:

Ես կոչ եմ անում համապատասխան մարմիններին շտկել իրենց սխալը, գոնե կեսից: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հայտարարությունը՝ Մհեր Շահգելդյան:

Մ.ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, եվրոպական ուղղությունը ՀՀ արտաքին քաղաքականության առավել կարեւոր վեկտորներից է: Ելնելով մի շարք փաստարկներից, մասնավորապես այն, որ Եվրամիությունը ձեւավորվում եւ ընդլայնվում է որպես մեկ միասնական աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական միավոր, դառնում է կարեւորագույն տնտեսական գործոն, եւ միաժամանակ այսօր մշակում է միասնական անվտանգության եւ պաշտպանական համակարգ, եւ որ հատկապես կարեւոր է, ուշադրություն դարձնելով եվրոպական քաղաքական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության, սոցիալական գործընկերության եւ սոցիալական ապահովության, հումանիզմի դրույթները, մասնավորապես, ժողովրդավարական քաղաքական մշակույթի զարգացումը եւ այդ մշակույթի անհրաժեշտ գործոնների ամրապնդումը այլ երկրներում, «Օրինաց երկիր»-ը, բնականաբար, կարեւորում է արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը:

«Օրինաց երկիր»-ը հավատարիմ լինելով ոչ միայն խոսքով, այլեւ գործով, եւ «Հիմնականում գործով» իր կարգախոսին, գտնում է, որ անհրաժեշտ է ամրապնդել տարբեր մակարդակները եւ բոլոր կապերը, լինի դա քաղաքացիական հասարակության, քաղաքական հասարակության, թե պետական մակարդակով եվրոպական կառույցների եւ եվրոպական քաղաքական ուժերի հետ:

Ահա այս մոտեցումների շրջանակներում վերջերս Ֆրանսիայի խոշորագույն «Միավորում հանուն ժողովրդական շարժման» կուսակցության հրավերով «Օրինաց երկիր» կուսակցությունը մասնակցեց այս կուսակցության համագումարին: Հանդիպումներ տեղի ունեցան մի շարք եվրոպական քաղաքական ուժերի, կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ իսպանական, գերմանական, ֆրանսիական, բրիտանական, ավստրիական, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Ֆրանսիական պետական եւ քաղաքական գործիչները, խոշորագույն պաշտոնյաներ իրենց բարեմաղթանքները հղեցին ՀՀ ԱԺ նախագահ պրն Արթուր Բաղդասարյանին:

Մեր կարծիքով՝ այն կապերը, որոնք կարող են հաստատվել եւ որոնք կարող են աշխատել նաեւ միջկուսակցական հարաբերությունների ընթացքում, խիստ կարեւոր են ՀՀ ազգային շահերի պաշտպանության համար, քանի որ՝

1. տվյալ պատգամավորներն իրենց երկրներում մասնակցում են պետական, քաղաքական որոշումների ընդունմանը

2. այդ պատգամավորները, բնականաբար, մասնակցում են միջազգային կազմակերպություններում, մասնավորապես, վեհաժողովներում, եւ իրենց ձայնը ունեն նաեւ վեհաժողովներում որոշումների ընդունման գործընթացի վրա ազդելու, ինչպես նաեւ քաղաքականության կերտման եւ մշակման ընթացքում:

Եվրոպական ուղղությունը կարեւորելով «Օրինաց երկիր» կուսակցությունը կարեւորում է եւ արժեքների, եւ պրակտիկ, անմիջական կապերի հաստատումը, եւ այս ուղղությունը դիտարկում է որպես ՀՀ եւ միջազգային հանրության ինտեգրացման եւ եվրոպական ինտեգրացման կարեւորագույն գործոն: Այս ուղղությամբ յուրաքանչյուր ռեալ քայլ, որ ուղղված է լինելու ՀՀ միջազգային կապերի եւ միջազգային նշանակության ամրապնդմանը, մենք դրական ենք գնահատում, եւ աշխատելու ենք գործով ապացուցել, գործով ամրապնդել սա:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հայտարարությունը՝ պատգամավոր Գրիգոր Հարությունյան:

Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՅԱՆ

-Սիրելի հայրենակիցներ, այսօր անցել է ուղիղ 16 տարի Սպիտակի երկրաշարժից, եւ այսօր մենք ցավով ենք մեկ անգամ եւս նշում, որ «աղետի գոտի» հասկացությունը, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ 2001թ-ին չի լինի, մենք այսօր, 2004թ. է, եւ այսօր, երբ «Արդարություն» դաշինքը այցելեց աղետի գոտի, մենք մեկ անգամ եւս տեսանք, որ այն ինչ ասվում է, պարզապես ասվում է ասելու համար՝ իշխանությունների կողմից, այն ինչ որ գրվում է, պարզապես գրվում է գրելու համար, որովհետեւ յուրաքանչյուր տարի նոր փաստաթուղթ ընդունել աղետի գոտու վերականգնման համար եւ տարվա վերջում արձանագրել, որ սայլը տեղից չի շարժվել, սա փաստ է:

Ես կխնդրեի նրանց, ովքեր որ կարող են մտածել, որ սա շահարկում է, թող այցելեն հատկապես աղետի գոտու գյուղական բնակավայրեր, թող այցելեն Սպիտակի տարածաշրջանի գյուղերը, մասնավորապես, էպիկենտրոն Նալբանդ, այնտեղ կտեսնեն, որ մարդիկ առ այսօր ապրում են տնակներում, մարդիկ աշխատանք չունեն, եւ մարդիկ վաղվա նկատմամբ ոչ մի հույս չունեն:

Սա փաստ է, ցավով ենք արձանագրում, բայց սա փաստ է:

Ես շատ ուրախ եմ, որ իմ գործընկերները «Օրինաց երկրից» նույնպես նշեցին, որ մի քանի հազար ընտանիքներ այսօր բնակարանային խնդիրները չեն լուծել, ես ավելի կոնկրետ ասեմ՝ շուրջ 6000 ընտանիքներ այսօր ապահովված չեն բնակարաններով:

Բայց այսօր ես ուզում եմ մեկ հարցի մասին խոսել, որի մասին նաեւ այստեղ նշվեց, դա Վարդան Օսկանյանի վերջին ժամանակներս արված մի շարք հայտարարություններն են, եւ գիտեք, կարծեք թե, ուրեմն, իրենց այդ բոլոր ձախողումները փորձում են վերագրել ընդդիմությանը եւ քավության նոխազ են, այսպես ասած, դարձնում: Պաշտպանվելու ոչ մի խնդիր ընդդիմությունը չունի: Ավելին: Ես հիշեցնում եմ Վարդան Օսկանյանին, որ այն հրապարակային հայտարարությունները, մասնավորապես «Դաշնակցության» համագումարում որ արեց, թե Ղարաբաղն ու Հայաստանը ընդհանուր պետություն են, պետք է հասկանալ, որ հրապարակային այդպիսի հայտարարություններից հետո միջազգային հանրությունն իր վերաբերմունքն արդեն ցույց է տալիս: Այսօր Հայաստանն ընկալվում է որպես զավթիչ երկիր: Ավելին: Ես խորհուրդ կտայի Վարդան Օսկանյանին, որպեսզի սխալ խորհուրդներ չտա Հանրապետության Նախագահին, եւ չընտրված նախագահներին թող երբեք չշնորհավորեն: Մեկ անգամ եւս դա փաստում է, որ Հայաստանը ոչ ժողովրդավարական երկիր է, որ այստեղ տիրում է բռնապետություն:

Սիրելի հայրենակիցներ, փաստ է, որ եւ՛ ներքին, եւ՛ արտաքին քաղաքականության մեջ այս վարչախումբն իրեն տապալել է, եւ այս տեսակետից միակ ելքը դա օրինական իշխանությունների ձեւավորումն է, եւ որին մենք ժողովրդի հետ միասին անպայման հասնելու ենք:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հայտարարությունը՝ պատգամավոր Հովհաննես Մարգարյան:

-Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ոչ ոք չի մոռացել 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ 1140 րոպեին աղետաբեր երկրաշարժը ահ, սարսափ եւ խուճապ սփռեց ողջ հանրապետությունում, իսկ դրա պատճառներն ու հետեւանքները դեռ երկար պետք է քննարկվեին Խորհրդային Միության ղեկավար շրջանակներում եւ դառնային նորանկախ Հայաստանի Հանրապետության հոգացության առանցքային խնդիրներից մեկը:

«Օրինաց երկիր» կուսակցության պատվիրակությունն այսօր առավոտից գտնվելով Գյումրիում ծաղկեպսակ դրեց կիսավեր Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ գտնվող մոր եւ մանկան հավերժությունը խորհրդանշող հուշակոթողին եւ իր երախտիքի տուրքը մատուցեց բազմահազար անմեղ զոհերի հանդեպ:

Ես ինքս լինելով գյումրեցի, քաջ գիտակցելով գյումրեցու վիշտը եւ առկա խնդիրները, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այդ դժվարին օրերին օգնության ձեռք մեկնեցին բնության դեմ անզեն, անպաշտպան, օթեւանը կորցրած հայ մարդուն:

16 տարիների հեռվից նայելով, արդարացիորեն պետք է նշեմ, որ քիչ աշխատանք չի կատարվել աշխարհասփյուռ հայության, միջազգային կազմակերպությունների եւ հայրենի իշխանության ջանքերով: Կառուցվել են բնակարաններ, կատարվել են բարեկարգման եւ շենքերի ամրացման աշխատանքներ: Սակայն դեռեւս կա քաղաքացիների մի հոծ զանգված, ովքեր ապրում են հետերկրաշարժյան Գյումրիի համայնապատկերում իր կայուն տեղը գրաված տնակներում: Այս պահին ավելորդ եմ համարում կրկին խոսել իմ կողմից բազմիցս հնչեցրած տարածաշրջանում առկա սոցիալական բազմաբնույթ խնդիրների մասին:

Մոռացված չլինելու հանգամանքը թույլ է տալիս հուսալ, որ ապագայում կշարունակվեն աղետի գոտու լիովին վերականգման եւ զարգացման աշխատանքները, իսկ երկրաշարժի մասին հուշերը կդառնան լոկ տվյալ ժամանակաշրջանի պատմության անբաժան մասը:

Ավարտելով խոսքս եւս մեկ անգամ խոնարհվում եմ անմեղ զոհերի հիշատակի առջեւ:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հայտարարությունը՝ պատգամավոր Արշակ Սադոյան:

Նիստը երկարաձգվում է մինչ հայտարարությունների ավարտը:

Ա.ՍԱԴՈՅԱՆ

- Սիրելի հայրենակիցներ, հարգելի ռադիոլսողներ, հեռուստադիտողներ, այս ոչ լեգիտիմ իշխանությունների պայմաններում խիստ անհրաժեշտ է, որ բոլորն իմանան՝ ով-ով է, եւ քանի որ անընդհատ ապատեղեկացվում է մեր հասարակությունը, անընդհատ ուղղակի խաբում են մարդկանց, շատ կարեւոր է, որ բոլոր մեր հասուն քաղաքացիները գոնե իմանան եւ չսխալվեն, որովհետեւ առաջիկայում սպասվում են լուրջ քաղաքական պայքարներ: Կարելի է ասել մի քիչ երկարատեւ, բայց, իսկապես, զանգվածային պայքարի անհրաժեշտությունը ծագել է:

Իմ ձեռքին է ձեւաթուղթ, որով մենք պահանջելու ենք այս ԱԺ-ից կատարել իր պարտավորությունը, Սահմանադրական դատարանի որոշումը, որը վերջնական է եւ վերանայման ենթակա չէ, եւ ԱԺ-ն, եթե բացահայտ չի հայտարարելու, որ նա իրավական պետության դեմ է գնում, պարտավոր է կատարել Սահմանադրական դատարանի որոշումը, որի վերջնաժամկետը 2003թ. մարտի 5-ն էր:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ 5 եւ 8 հոդվածների հիման վրա ԱրմենՏելին տրված մենաշնորհը հակասահմանադրական է, կառավարության տված լիցենզիան իրավական ուժ չունի, նախկին եւ այսօրվա մնացած բոլոր, այսպես ասած, «լեզվավարժանքները» ուղղակի խաբեություն են, եւ եթե ԱԺ-ում ներկայացված խումբ-խմբակցությունների ներկայացուցիչները չեն մասնակցելու Սահմանադրական դատարանի որոշման կատարմանը, չեն ստորագրելու, որպեսզի վաղը հրավիրվի արտահերթ նիստ եւ, վերջապես, մեր բազմահազար մարդիկ, որոնց կյանքի գոյության վտանգն է այսօր դրված, այդ IP հեռախոսակապից ծառայություն մատուցող բազմահազար մեր ընկերները, երբ որ մեր երեխաների ապագան է վտանգված, երբ որ 170 մլն դոլարի ուղղակի վնաս են տրվել որոշ մարդիկ, որպեսզի գրպանեն, 7 մլն սեփական գրպանը դնեն, եւ եթե այս խնդրի լուծման մասնակցությունից հրաժարվեն, դա իմացեք՝ ով-ով է, եւ ձեր համապատասխան վերաբերմունքը ցույց տվեք: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Եվ վերջին հայտարարությունը՝ պատգամավոր Թաթուլ Մանասերյան:

Թ.ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

-Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ անդրադառնալ պետական բյուջեի ձեւական բնույթ կրող քննարկմանը, ես դրա մասին արդեն ասել եմ, եւ հարկադրված ակնկալվող ընդունմանը: Այս առնչությամբ ուզում եմ կանգ առնել մի ճյուղի վրա՝ պետական բյուջեում ներկայացված, դա գիտության ոլորտն է:

Գիտության ոլորտն առավել կարեւորում եմ այն առումով, որ այն ներկայացնում է մեր երկրի բացարձակ առավելություններից երկու առավելություններից մեկը, առնվազն, եւ նրան հատկացվող ֆինանսավորումն այսօրվա վիճակով խիստ անբավարար է գնահատվում:

«Արդարություն» խմբակցության կողմից առաջարկվում է գիտությանը հատկացվող ֆինանսավորունը հասցնել առնվազն 3 տոկոսի, այդ թվում՝ ԳԱԱ համակարգում եւ դրանից դուրս նոր կադրերի կրթման մասով եռապատկել գումարները, որպեսզի հնարավոր լինի գիտության բնագավառում սերնդափոխություն ապահովել, այդ թվում հաշվի առնելով այն հանգամանքը, որ սերնդափոխությունը նաեւ վերաբերում է առաջին հերթին տնտեսագետների նոր կադրերի կրթելուն, ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտին հատկացվող գումարներն առնվազն կրկնապատկել, հաշվի առնելով նաեւ, որ հենց այս գիտական կաճառից են դուրս եկել այսօր մեծ ճանաչում ունեցող գիտնականներ, ինչպես նաեւ տնտեսության ոլորտում փորձված մասնագետներ, եւ, ի վերջո, սրա մասին ասվել է, ուզում եմ դարձյալ կրկնել եւ պահանջել, որ կառավարությունը առանձին տողով, առանձին հոդվածով ֆինանսավորում նախատեսի Բյուրականի աստղադիտարանի համար, ինչպես նաեւ ակադեմիկոս Գյուրզադյանի լաբորատորիային, որը տիեզերական հետազոտությունների մեջ ավանդաբար լուրջ կշիռ, լուրջ տեղ է զբաղեցրել եւ այսօր չունի այդ հնարավորությունները: Սրանք այն նվազագույն միջոցներն են, որոնք պահանջվում են կառավարությունից՝ գիտության մտավոր կարողությունը փոշիացնելուց, այդ վտանգից, այդ սպառնալիքից փրկելու համար: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հայտարարություններն ավարտվեցին, եւ նիստը նույնպես ավարտվեց: Ցտեսություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS