Տպել
23.11.2012
«Սերմերի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունը խորհրդարանական լսումների օրակարգում
1 / 5

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 23-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ՝ հասարակական ու մասնագիտական ձեւաչափով քննարկելու «Սերմերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը տեղեկացրեց, որ կառավարության ներկայացրած նախագիծը թեեւ նախկինում արժանացել է գլխադասային հանձնաժողովի հավանությանը՝ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար, սակայն դրա վերաբերյալ առկա են մի շարք մտահոգություններ: Հենց այդ մտահոգությունները լսելու եւ դրանց վերացման ուղիները գտնելու նպատակով էր հանձնաժողովը հրավիրել պատգամավորների, նախարարության, մարզպետարանների ու գյուղական համայնքների, ինչպես նաեւ միջազգային, հասարակական կազմակերպությունների ու գիտական հաստատությունների ներկայացուցիչների:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի համոզմամբ՝ պետք է ազատականացնել սերմերի շուկան, ինչն էլ արտացոլված է կառավարության օրենսդրական նախաձեռնության մեջ: 2005 թ. ընդունված «Սերմերի մասին» օրենքն այս ընթացքում փոփոխությունների չի ենթարկվել, սակայն նաեւ չեն պահպանվել օրենքի որոշ դրույթներ, եւ հանրապետություն է ներմուծվել նաեւ չգրանցված սերմ՝ տարբեր ճանապարհներով: Բյուրոկրատական քաշքշուկից ազատվելու, նոր տեսակի սերմն առանց երկարատեւ փորձարկումների ենթարկելու համար գործադիրն առաջարկում է փորձարկումները կատարել կամավորության սկզբունքով: Գործող օրենքի համաձայն՝ սերմեր ներմուծելու համար տվյալ սորտը պետք է անցած լինի տնտեսական օգտակարության փորձարկումներ եւ գրանցված լինի: ԱԺ հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը լսումների մասնակիցներին փոխանցեց պետության կողմից տրվող սերմերի վերաբերյալ մի շարք համայնքներից ու մասնագետներից ստացված դժգոհությունը: Նրանց վկայությամբ՝ սերմերը չեն ապահովում անհրաժեշտ բերքատվություն: Դժգոհություններ կան նաեւ տրված սերմի դիմաց, բերքը ստանալուց հետո, 1/2-ի հարաբերակցությամբ սերմ վերադարձնելու վերաբերյալ: Գյուղնախարարը հավաստիացրեց, որ կառավարությունը տրամադրում է միայն որակով սերմ, սա գյուղական տնտեսություններին օժանդակության պետական շարունակական ծրագիր է: Նա նաեւ նշեց, որ 2010-2011 թթ. ծրագիրը փորձարկվել է, եւ արդյունքը գոհացուցիչ է եղել: Այս տարի որոշ բնակավայրերում բերքատվության ցածր մակարդակը նախարարը պայմանավորեց անբարենպաստ եղանակային պայմաններով:

Սերմերի շուկան ազատականացնելու վերաբերյալ կարծիքները տարբեր էին նաեւ լսումների ընթացքում: Մասնագետների մի մասը վտանգավոր համարեց շուկան անվերահսկելի թողնելու հեռանկարը եւ անհրաժեշտ նախապայման դիտարկեց սերմերի որակի պաշտպանությունը: Նրանց հիմնավորմամբ՝ հատկապես խիստ պետք է լինել ռազմավարական նշանակության կուլտուրաների՝ հացահատիկի, կարտոֆիլի եւ այլ սերմերի դեպքում: Տեսակետներ հնչեցին նաեւ դիվերսիֆիկացված մոտեցումներ ունենալու անհրաժեշտության մասին. արտոնություններ տալ ներկրվող փոքր քանակի սերմերի համար, սակայն մեծածավալ ներկրումը կատարել բացառապես փորձարկման արդյուքնում: Կարծիք եղավ նաեւ ներկրումն ազատականացնելու, միաժամանակ որակի նկատմամբ սահմանին խիստ վերահսկողություն սահմանելու եւ պետական վերահսկողությունն ավելացնելու մասին: Գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար որոշ մասնագետներ էլ անհարժեշտ քայլ համարեցին սերմերի շուկայի ազատականացումը:

Ամփոփելով քննարկումները՝ հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ դիմել են թե կառավարությանը, թե մարզպետարաններին՝ սերմերի ներմուծման եւ միջին բերքատվության մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար: Մարտուն Գրիգորյանը հույս հայտնեց, որ լիագումար նիստում քննարկումները կլինեն նույնքան շահագրգիռ, որքան լսումների ժամանակ: