National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.11.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
20.11.2012
Խորհրդարանական լսումներ՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում եւ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ «Քրեակատարողական հիմնարկներում եւ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ» թեմայով:

Ներկայացնելով խորհրդարանական լսումներ հրավիրելու անհրաժեշտությունը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ գաղտնիք չէ՝ միջազգային տարբեր կառույցների զեկույցներում ոչ դրական անդրադարձներ կան Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց պայմանների վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ ԱԺ երկու հանձնաժողովների ներկայացուցիչները վերջերս եղել են տարբեր քրեակատարողական հիմնարկներում, տեղում ծանոթացել պայմաններին, արձանագրել այն խնդիրները, որոնք կարող են բերել օրենսդրական փոփոխությունների: Հանձնաժողովները գրավոր առաջարկներ են ստացել նաեւ խնդրով շահագրգիռ հասարակական կազմակերպություններից:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, խոսելով քրեակատարողական հիմնարկներ իրենց կատարած երկու այցերից, նկատեց, որ դա բավական չէ իրավիճակի բոլոր մանրամասներին ծանոթանալու համար, եւ իրենք կարեւորում են տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մշտադիտարկումների արդյունքները: Նրա խոսքով՝ ՔԿՀ-ներում կան նաեւ դրական փոփոխություններ, մասնավորապես բարելավվել են գրադարանային, ճաշարանային պայմանները:

Հայաստանի քրեակատարողական հիմնարկների խնդիրներին առավել մանրամասն անդրադարձավ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ կարեւորելով դատապարտվածների հանդեպ հասարակության մեջ հատկապես վերջին շրջանում մեծացող ուշադրությունը: Նրա խոսքով՝ այս թեմայի հետ կապված հասարակական ակտիվությունը հասկանալի է եւ սպասելի, ոլորտում առկա խնդիրները բազմաշերտ են, կրում են խորհրդային բանտային համակարգի բացասական երեւույթները: ՔԿՀ-ներում առկա խնդիրներից նախարարն առանձնացրեց շենքային վատ պայմանները, զբաղվածության ցածր աստիճանը, այլընտրանքային պատիժների կիրառման ոչ բավարար մակարդակը, որակյալ կադրերի պակասը եւ այլն: Միաժամանակ Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ այս ոլորտում արագ բարեփոխումները մեծ ռիսկայնություն են պարունակում. աշխարհի որեւէ երկիր բանտային համակարգում հեղափոխական քայլերի չի գնում: Շտապողականության պայմաններում գտնված լուծումները, ըստ նախարարի, «կոսմետիկ» են, հետեւաբար հարկավոր է գնալ երկարաժամկետ եւ հիմնարար լուծումների ճանապարհով: Անդրադառնալով բանտերում ինքնախեղումներին՝ Հրայր Թովմասյանը հավատացրեց, որ յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվում է, եւ պատճառներն իրենց ուշադրության կենտրոնում են:

Քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԻՊ գրասենյակի ունեցած տվյալները ներկայացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա եւս անդրադարձավ ինքնախեղման դեպքերին՝ նկատելով, որ դրանք հիմնականում լինում են սոցիալական խնդիրների հետեւանքով: Կարեն Անդրեասյանի պնդմամբ՝ ՔԿՀ-ներում ծայրահեղության հասած խնդիրներ կան, կոռուպցիոն երեւույթներ:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի մշտադիտարկումների արդյունքները խորհրդարանական լսումների մասնակիցներին ներկայացրեց խմբի ղեկավար Արթուր Սաքունցը, իսկ ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում տիրող իրավիճակին ներկաներին ծանոթացրեց դրանցում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը:

Խորհրդարանական լսումների մասնակիցներն իրենց ելույթներում կարեւորեցին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների այս նախաձեռնությունը՝ համոզմունք հայտնելով, որ նման քայլերով համակարգում աստիճանաբար իրավիճակը կարող է փոխվել դեպի լավը: Լսումների կազմակերպիչներն էլ իրենց հերթին ներկաներին խոստացան նման հանդիպումները դարձնել պարբերական եւ ընթացք տալ հնչած առաջարկներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am