Տպել
17.06.2010
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
1 / 4

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները հունիսի 17-ին հրավիրել էին խորհրդարանական լսումներ, որի թեման էր ՀՀ  մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագիտական խմբի կողմից պատրաստած հաշմանդամություն ունեցող անձանց իրավական եւ սոցիալ-հոգեբանական կարգավիճակի վերաբերյալ հետազոտությունը: Քննարկումներին  մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Բացելով խորհրդարանական լսումները` ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ 2010 թ. մայիսի  17-ին  ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան եւ հրավիրված  լսումների նպատակն է  տեսնել, թե որքանո՞վ է ՀՀ օրենսդրությունը համահունչ կոնվենցիայի դրույթներին եւ բացահայտել այն հիմնական պարտավորությունները, որոնք Հայաստանը պետք է կրի վերոնշյալ կոնվենցիայով: Տիկին Զոհրաբյանը նշեց, որ լսելով շահագրգիռ կողմերին` հնարավոր կլինի բարձրացնել ոլորտին առնչվող հիմնախնդիրները եւ փորձել օրենսդրական լուծումներ տալ դրանց : Հանձնաժողովի նախագահի համոզմամբ հաշմանդամները չպետք է դիտվեն որպես բարեգործության օբյեկտներ, այլ պետք է դիտվեն իրավունքով օժտված սուբյեկներ եւ հաշմանդամությունը չպետք է լինի դատավճիռ:

Հիմնական զեկույցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը, ներկայացնելով հետազոտության  խնդիրներն ու նպատակները, նշեց, որ հետազոտության նպատակն  է բացահայտել այն հիմնական պարտավորությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունը պետք է կրի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան վավերացնելով: Հետազոտության կարեւորագույն խնդիրներից է նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ ՀՀ օրենսդրության վերլուծությունը այն իմաստով, թե հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերի դրույթները, ինչպես նաեւ տարբեր երկրների առաջավոր փորձը որքանով են արտացոլվել մեր երկրի ազգային օրենսդրության մեջ: Խնդիրն է ազգային օրենսդրության վերլուծության հիման վրա բոլոր թերություններն ու բացթողումները բացահայտելը եւ դրանց շտկմամբ համապատասխան առաջարկություններ ներկայացնելը: Նշվեց, որ ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ հիմնական իրավական ակտը «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքն է: Նրա խոսքով հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքներում առաջ քաշված հիմնախնդիրները ցույց են տալիս, որ հաշմանդամություն ունեցող անձինք շատ հարցերում ծանոթ չեն հաշմանդամների վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից օրենսդրության խախտումներ չեն արձանագրվել եւ ցույց են տրվել խնդրի լուծման իրավական եղանակները:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը նշեց, որ հաշմանդամության հիմնախնդիրները մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում եւ արդիական են հատկապես հիմա, երբ Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի «Հաշմանամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան: Նրա խոսքով` պետությունն ամեն ինչ անում է, որպեսզի հաշմանդամներն իրենց զգան իբրեւ հասարակության լիիրավ անդամ. հավասար իրավունքներ, հավասար պայմաններ եւ հավասար հնարավորություններ են ստեղծված բոլորի համար: Նա մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից կարեւորեց հաշմանդամների համար մատչելի պայմանների ստեղծումը: Ոլորտում պետության վարած քաղաքականության կարեւորագույն ուղղություններից փոխնախարարը մատնանշեց հաշմանդամ երեխաներին համապատասխան մատչելի կրթության ապահովման, հաշմանդամների զբաղվածության, սոցիալական ձեռնարկությունների ստեղծման խնդիրները: Նա նշեց, որ նախատեսվում են փոփոխություններ հաշմանդամների զբաղվածության հիմնախնդրին վերաբերող օրենքի նախագծում: Տիկին Բաղդասարյանն ընդգծեց, որ պետության կողմից հատուկ ուշադրության են արժանանում հաշմանդամ կանայք եւ երեխաները: Նա կարեւորեց հաշմանդամների նկատմամբ ճիշտ վերաբերմունքի դրսեւորումը, նրանց հետ շփվելիս էթիկայի ճիշտ կանոնների կիրառումը: Տեղեկացվեց, որ նախատեսված է հաշմանդամների իրավունքների եւ սոցիալական ներառման մասին նոր օրենքի նախագծի մշակում:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ զարգացման գործակալության ներկայացուցիչներին` խորհրդարանական լսումները կազմակերպելու հարցում հանձնաժողովին աջակցելու համար եւ  նշեց, որ լսումները կազմակերպելու անհրաժեշտությունն առաջացել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավական եւ սոցիալ -հոգեբանական իրավիճակի վերաբերյալ հետազոտության արդյունքները ստանալուն պես: Պարոն Սաֆարյանն ասաց, որ սա ընթացիկ աշխատանքային փաստաթուղթ է, որը շահագրգիռ քննարկումների արդյունքում կարող է ավելի մեծ ուշադրության արժանանալ: Պարոն Սաֆարյանը հույս հայտնեց, որ հաշմանդամների իրավունքների եւ սոցիալական ներառման մասին նոր օրենքի նախագծի քննարկումներին ակտիվ կմասնակցեն ՀԿ-ների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, ովքեր իրենց փորձագիտական աջակցությունը կբերեն նոր օրենքի ստեղծման հարցում: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ  հաշմանդամների կարիքների, հոգսերի ծավալները պատկերացնելու առումով գնահատելի է ՄԻՊ  գրասենյակի փորձագետների կողմից կատարված ուսումնասիրությունը, բայց քննարկումների փուլում պարզ է դառնում, որ այն բավարար չէ: Պարոն Սաֆարյանը համատեղ աշխատելու պատրաստակամություն հայտնեց: Նա հույս ունի, որ կառավարությունը, խորհրդարանը եւ ՀԿ-ները միասին կաշխատեն, որ նոյեմբերին ԱԺ բերվելիք օրինագծի որակը ընդունելի լինի բոլորի համար:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագիտական խմբի կողմից պատրաստած հաշմանդամություն ունեցող անձանց իրավական եւ սոցիալ-հոգեբանական կարգավիճակի վերաբերյալ հետազոտության եւ հաշմանդամների հիմնախնդիրների շուրջ մտքեր փոխանակեցին լսումներին մասնակից ՀԿ-ների ներկայացուցիչները: Նրանք անդրադարձան հետազոտության վիճահարույց կետերին, ներկայացրին իրենց առաջարկները: Իրենց ելույթներում ՀԿ-ների ներկայացուցիչներն անդրադարձան տրանսպորտի հետ կապված խնդիրներին եւ առաջարկեցին այն մատչելի դարձնել հաշմանդամների համար: Հաշմանդամները ընտրություններին չեն կարողանում մասնակցել ընտրատարածքներում թեքահարթակներ չլինելու պատճառով: Անդրադարձ եղավ նաեւ մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ երեխաների դաստիարակությանը, կրթությանը, զինվորական ծառայությանը, ընտրական իրավունքի իրացմանը, հաշմանդամների զբաղվածությանը առնչվող խնդիրների: Կարեւորվեց հաշմանդամ երեխաների համար համապատասխան մարզադպրոցների ստեղծումը, քանի որ սպորտը նրանց առողջացման լավագույն գրավականներից մեկն է: Կազմակերպվեց «Մատչելի Երեւան» ծրագրի շրջանակներում պատրաստված տեսաֆիլմի ցուցադրությունը:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Նաիրա Զոհրաբյանը եւ Արամ Սաֆարյանը հավաստիացրին, որ խորհրդարանական լսումներում հնչած առաջարկները կփոխանցվեն ԱԺ պատգամավորներին, կոալիցիոն ուժերին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ազգային փորձագետներին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին եւ հաշվի կառնվեն հետագա քննարկումներում: