Օրենսդրական նախաձեռնության նպատակը լրացուցիչ վարչարարության եւ ֆինանսական ծախսերի կրճատումն է, գործարար միջավայրի բարելավումը՝ հատկապես տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
ՀՀ ԱԺ նոյեմբերի 14-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ տարածք ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչպես նաեւ Հայաստանի տարածքից երկակի նշանակության ապրանքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումը ենթադրում են համապատասխանաբար լիցենզիայի եւ թույլտվության ստացում: Պարզելու համար, թե արդյոք ապրանքները պատկանում են նշված խմբերին, տնտեսավարողները պատվիրում են դրանց փորձաքննություն՝ նման գործունեության իրականացման համար հավատարմագրված կազմակերպություններում: Փորձաքննության միջոցով պարզվում է, թե արդյոք այն Կառավարության համապատասխան որոշումներով սահմանված ցանկերում ընդգրկված ապրանք է, թե` ոչ: «Ընդ որում, փորձաքննության ենթարկվող ապրանքների զգալի մասի դեպքում պարզվում է, որ դրանք ռազմական կամ երկակի նշանակության չեն, սակայն գործընթացը պետք է իրականացվի մաքսային հայտարարագրումն իրականացնելու նպատակով»,- մանրամասնել է Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ այն ենթադրում է ֆինանսական եւ վարչարարական ծախսեր: Մեկ օրվա ընթացքում փորձաքննության իրականացման վճարը հավատարմագրված 2 ընկերությունները սահմանել են համապատասխանաբար՝ 48,000 եւ 60,000 դրամ:
Նախագծի ընդունման նպատակը փորձաքննության ենթարկված եւ փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման եւ դրա հիման վրա մաքսային ձեւակերպումների դյուրացման համար համապատասխան իրավական հիմքերի ստեղծումն է:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: Նա շեշտել է, որ օրենսդրական նախաձեռնության ընդունումը գործարար միջավայրի գործունեության վրա դրական ազդեցություն կունենա: