National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.6.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.06.2013
Ավարտվեց Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանը
1 / 10

Հունիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով «ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը»:

Խորհրդարանը նաեւ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Այնուհետեւ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը:

Հիմնական զեկուցողը նշեց, որ հաշվետու տարում պետական մարմիններում եւ մի շարք այլ կազմակերպություններում իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել են անարդյունավետ ծախսերի բազմաթիվ խախտումներ եւ թերություններ: Մասնավորապես շինարարության ոլորտում վերջին 5 տարիներին Վերահսկիչ պալատի կողմից կատարված ուսումնասիրության արդյուքները ցույց են տալիս, որ խախտումների հիմնական պատճառներից մեկը, ըստ ամենայնի, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հաստատման եւ փոփոխման գործընթացներում առկա ռիսկերի բարձր մակարդակն է: Այդ նպատակով, 2013 թվականին Վերահսկիչ պալատը տվյալ ուղղությամբ իրականացնելու է վերահսկողական համալիր միջոցառումներ: Իշխան Զաքարյանը նշեց, որ շինարարության ոլորտում կոռուպցիոն ռիսկերից եւ ուռճացված գներից խուսափելու նպատակով ՎՊ-ը հաշվետու տարում հետամուտ է եղել շինարարական նախագծերի նախահաշիվներում կիրառվող տոկոսադրույքների չափերի վերանայմանը: Մասնավորապես ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը եւ Երեւանի ճարտապետության ու շինարարության պետական համալսարանը համատեղ կարգով վերանայել են տոկոսադրույքների չափերը, որոնց անաչառության վերաբերյալ Վերահսկիչ պալատը հայտնել է իր անհամաձայնությունը: Ըստ Իշխան Զաքարյանի՝ Վերահսկիչ պալատի մասնագետների անմիջական նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ մշակվում են տոկոսադրույքների նոր չափեր: Ճանապարհաշինարարության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով նույնպես բացահայտվել են մի շարք բացթողումներ եւ խախտումներ: Նշվեց, որ վերահսկողությամբ դեռեւս բացահայտվում են հակամրցակցային, անարդյունավետ, ոչ թափանցիկ, ոչ հրապարակային եւ խտրական հիմքերով կազմակերպված գնման գործընթացներ: Այս առումով ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ մշակվում է ՀՀ էլեկտրոնային գնումների համակարգի բարեփոխումների 2013-2015 թթ. ճանապարհային քարտեզ, որով նախատեսվում է շտկել խափանված համակարգը: Իշխան Զաքարյանի տեղեկացմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որակավորման պատշաճ վերահսկողություն չի իրականացրել զբոսաշրջության բնագավառում հյուրանոցային տնտեսության օբյեկտների նկատմամբ: Հողամասերը վարձակալությամբ տրամադրելու գործընթացում նույնպես արձանագրվել են որոշ խնդիրներ, մասնավորապես վարձավճարները սահմանմանվել են կամայական մոտեցումներով: Հաշվետու ժամանակաշրջանի բնապահպանական վերահսկողությունն իրականացվել է աղբահանության եւ սանիտարական մաքրման համակարգերում. այստեղ նույնպես հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ միջազգային հարաբերությունների ոլորտում Վերահսկիչ պալատի գործունեությունը նույնպես եղել է ծավալուն եւ ընդգրկուն: Մասնավորապես ավելի է խորացել Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի հետ համագործակցությունը:

 ՎՊ-ը ՀՀ Ազգային ժողովին առաջարկում է «Թափոնների մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ` հստակեցնելով «տեղադրում» եւ «պահում» հասկացությունները, մշակել եւ հաստատել արտադրության եւ սպառման թափոնների տեղադրման գործընթացի իրականացման կարգը, համապատասխանեցնել կենցաղային աղբի աղբահանության հարաբերությունների կարգավորման մասով «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի եւ թափոնների մասին ՀՀ օրենսդրության դրույթների պահանջները:

Հարց ուղղելով ՎՊ նախագահին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մտահոգություն հայտնեց, որ ՀՀ վերահսկիչ պալատն ամեն տարի հանդես է գալիս տարբեր ոլորտներում գրանցված խախտումների ու չարաշահումների վերաբերյալ հաշվետվությամբ, բայց չարաշահումները շարունակվում են: ԱԺ նախագահը նկատեց, որ հասարակության շրջանում տպավորություն է ստեղծվում, որ խախտումները հայտնաբերվում են, դրանց մասին բարձրաձայնվում է, բայց լուծում չեն ստանում: «Վարչապետը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ, ինչը պետք է լուրջ հետեւանքներ ունենա կոնկրետ պաշտոնյաների համար: Չկան անփոխարինելի պաշտոնյաներ, պետք է ազատվել այն մարդկանցից, ովքեր զբաղված են թալանով, կեղծիքներով եւ յուրացումներով» -ասաց ԱԺ նախագահը:

Իշխան Զաքարյանը, պատասխանելով ԱԺ նախագահին, նշեց, որ միայն Ջրային տնտեսության պետական կոմիտեն չի համաձայնել ՎՊ-ի արձանագրած խախտումների հետ: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետը նախարարներին խնդրել է պարզաբանել, թե ինչպես են վերաբերում իրենց ոլորտներում արձանագրված բացահայտումներին: ՎՊ նախագահը նշեց, որ կառավարության ղեկավարի հանձնարարությամբ՝ նախարարների պատասխաններն այս պահի դրությամբ տեղադրված են կառավարության կայքէջում եւ  կարելի է տեղեկանալ՝ ինչ է արվել խախտումը վերացնելու ուղղությամբ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ պետք է թացը չորից տարբերել եւ օր առաջ ազատվել կոռումպացված չինովնիկներից:

ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվության վերաբերյալ պատգամավորները հարցեր ուղղեցին կառույցի ղեկավար Իշխան Զաքարյանին:  Հերթագրված մոտ երեք տասնյակ պատգամավորների հարցերը    վերաբերում էին  տարբեր կառույցներում գնումների գործընթացին եւ դրանց արդյունավետությանը, «ատկատներին», վարկավորման գործընթացին եւ վարկերի օգտագործմանն ու փոշիացմանը,  կոռուպցիայի դեպքերին, կենսաթոշակների, շինարարության, քաղավիացիայի եւ այլ ոլորտներում արձանագրված բազմաբնույթ խախտումներին եւ յուրացումներին, պետական սեփականություն հանդիսացած եւ օտարված   հողերի անհավանական  գերցածր գներին  եւ այլն:

 Բազմաթիվ պատգամավորներ հարցերին զուգընթաց՝ բարձրացնում էին մեղավորներին եւ իրավախախտներին  քրեական պատասխանատվության ենթարկելու եւ համակարգային բարեփոխումներ իրականացնելու  անհրաժեշտությունն ու ՎՊ-ի՝ հետեւողական լինելու կարեւորությունը, որին  ի պատասխան Վերահսկիչ պալատի նախագահը պարզաբանեց, որ ՀՀ դատախազություն ուղարկվում են քրեաիրավական բնույթի խախտումներ արձանագրած ուսումնասիրությունները:  Իսկ ինչ վերաբերվում է համակարգային բարեփոխումներին՝ դրա անհրաժեշտությունն Իշխան  Զաքարյանը նույնպես տեսնում է:

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ գլխադասային՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը: Նա նշեց, որ տարեկան հաշվետվությունը, որը կազմված է 15 ընթացիկ հաշվետվություններից, հանձնաժողով է ներկայացվել բոլորը միասին, ուստի հանձնաժողովը հնարավորություն չի ունեցել առանձին-առանձին հանգամանալից քննարկելու դրանք: Պատգամավորը տեղեկացրեց նաեւ, որ ՎՊ նախագահի հետ պայմանավորվել են, որ  արդյունավետ քննարկում կազմակերպելու նպատակով ՀՀ վերահսկիչ պալատը հաջորդ տարվա ընթացիկ հաշվետվությունները հանձնաժողով ներկայացնի առանձին-առանձին: Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց նաեւ, որ հանձնաժողովը քննարկել եւ ի գիտություն է ընդունել ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությունը:

Հարցի քննարկումն ընդհատվեց, քանի որ ավարտվեց քառօրյա նիստերի եւ գարնանային նստաշրջանի աշխատանքը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի ավարտի մասին. հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am