Գործող օրենքում բացակայում են մի շարք դրույթներ, որոնք չեն համապատասխանում արդի պահանջներին: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը` հոկտեմբերի 1-ի ԱԺ հերթական նիստում ներկայացնելով «Բուսասանիտարիայի մասին» օրենքում եւ կից օրենքների փաթեթում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը:
Ըստ նրա` նախագծով առաջարկվում է լրացնել հասկացությունների, արտադրող ֆիրմայի, արտադրական տարածքի հոդվածները: Տարանջատվել են եւ արդիականացվել պեստիցիդների ու ագրոքիմիկատների գրանցման հոդվածները` սահմանելով գրանցման պարզեցված ընթացակարգ` առանց կրկնակի փորձարկումների: Նախարարի տեղակալի խոսքով նախատեսվում է նաեւ Կառավարության կողմից դեպքերի սահմանում Եվրամիության եւ այլ զարգացած պետություններում գրանցված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների պարզեցված ընթացակարգով գրանցման համար: «Նախագծով կսահմանվի նաեւ օտարերկրյա պետություններում արտադրված եւ փորձարկված կենսաբանական ծագման պեստիցիդների ու ագրոքիմիկատների ֆերոմոնների համար առանց գրանցող երկրի գրանցման համարի վերաբերյալ տեղեկատվության պահանջի գրանցում»,- նշել է Տաթեւիկ Սարգսյանը:
Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ ընդհանուր գրանցման ընթացակարգով կպահանջվի թունաբանահիգիենիկ փորձարկում, որն իրականացվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված կազմակերպության կողմից:
Փոխնախարարը, անդրադառնալով ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, նշել է, որ նախատեսվում են իրավական կարգավորումներ, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ցանկում ներառված երկրներում արտադրված կամ գրանցված պեստիցիդներն ու ագրոքիմիկատները ՀՀ կարող են ներմուծվել առանց փորձաքննության` ապահովելով գյուղացիական տնտեսություններին պեստիցիդների ու ագրոքիմիկատների ժամանակին մատակարարումը եւ կայուն բուսասանիտարական վիճակի ստեղծումը:
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունն առաջացել է պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրության ու վաճառքի համար ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար:
Հարակից զեկուցող, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը նշել է, որ ագրոքիմիկատները եւ պեստիցիդները միջազգային ճանաչում եւ հեղինակություն ունեցող ընկերությունների արտադրանք են, եւ նախագիծը հայ գյուղատնտեսին դրանք ավելի դյուրին հասցնելու հնարավորություն է տալիս: «Եթե մենք ուզում ենք մոտիվացնել գյուղացուն գյուղմթերքը դուրս բերել այլ երկրների շուկա, այս ուղեկցումը պետք է սահմանենք որպես պետական քաղաքականություն»,- նշել է հարակից զեկուցողը: