Տպել
21.03.2005
ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները վերադարձել են Բրյուսելից

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը եւ պատվիրակության անդամ Սամվել Նիկոյանը մարտի 21-ին խորհրդարանում հրավիրած մամուլի ասուլիսում մարնրամասներ հաղոդեցին Բրյուսել կատարած այցի վերաբերյալ:

Մարտի 17-ին եւ 18-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունների ներկայացուցիչները, Շվեդիայի պատգամավոր Գյորան Լենմարկերի ղեկավարությամբ, հանդիպել են Բրյուսելում: Լենմարկերը, որպես ԵԱՀԿ ԽՎ նախագահի կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչ ԼՂ հարցով,պատրաստում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալզեկույց: Մոտ մեկ տարի առաջ հայկական եւ ադրբեջանական պատվիրակություններին ներկայացված զեկույցը, ըստ Վահան Հովհաննիսյանի, նախնական էր եւ պարունակում էր վիճելի կետեր: Ներկայում նախապատրաստվող զեկույցը պրն. Հովհաննիսյանը բնորոշում է հավասարակշռված, ինչով եւ պայմանավորում է ադրբեջանական կողմի դժգոհությունը: Այդ դժգոհության պատճառով է, որ հարցի ներկայացումը հետաձգվում է. նախատեսվում էայն լսել հուլիսին` Վաշինգտոնի տարեկան նստաշրջանի ընթացքում, տեղեկացրեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը: Ընդունված բանաձեւը կունենա խորհրդատվական բնույթ: Այնուամենայնիվ, ասում է Վահան Հովհաննիսյանը, եթե մենք ունենանք աթկինսոնյան բնույթի երկրորդ զեկույցը, մեր վիճակը կվատանա: Բրյուսելումկայացած հանդիպումների ընթացքում շոշափվել է եվրաինտեգրման հարցը` «Ընդլայնվող Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալՀայաստանի ու Ադրբեջանի կողմից առաջարկվող լուծումները: Հակամարտություն վերաբերյալ քննարկումներ են եղել եվրոպական հանձնաժողովում, եվրոպական խորհրդարանում եւ ԵՄ նախարարների խորհրդում: Նաեւ`բանակցություններ կողմերի միջեւ: Վահան Հո վհաննիսյանի ներկայացմամբ, հայկական պատվիրակությանը հաջողվել է համոզել, որ հակամարտության կարգավորման հարցում առաջնայինը ԼՂ կարգավիճակի խնդիրն է, իսկ ադրբեջանական պատվիրակության կողմից առաջ քաշվող հարցերը` գրավված տարածքների եւ փախստականների վերաբերյալ, ածանցյալ են: Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել զեկույցի վերջնական տարբերակը, մինչ ԵԱՀԿ խորհրդարանական բոլոր պատվիրակություններին եւ նստաշրջանում ներկայացնելը, ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակություններին` առաջարկություններ կատարելու համար: Ըստ ԱԺ փոխնախագահի, Հայաստանի համար լուրջ պատմական հնարավորություն է ստեղծվում տարածաշրջանային մրցակցության մեջ առաջավոր դիրք զբաղեցնելու համար: Պրն. Հովհաննիսյանը կարծում է, որ «Ընդլայնվող Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում առաջընթաց հնարավոր է միայն ներքին բարեփոխումների եւ տարածաշրջանային համագործակցության արդյունքում: Անդրկովկասյան երեք երկրներն էլ, ապրիլի 25-ին կայանալիք ԵՄ նախարարների խորհրդի նիստից հետո, ստանալու են «Ընդլայնվող Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի գործողությունների նախագիծը: Հայաստանը կարող է առավելագույնը քաղել այդ ծրագրից եւ նպաստավոր միջավայր ստեղծել ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար, ասում է պրն. Հովյաննիսյանը:

Պատվիրակության եւ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական կողմի ռազմավարության վրա: Նախ` ադրբեջանցիները փորձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ-ից տեղափոխել այլ ` մասնավորապես ԵԽ-ի հարթություն:Նաեւ` նրանք բազմիցս շահարկել են ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ընդունված ԵԽ վերջին բանաձեւի որոշ դրույթներ` երբեմն խեղաթյուրելով դրանք: Սամվել Նիկոյանի տպավորությամբ, ադրբեջանցի խորհրդարանականների փաստարկները եվրոպական այս կառույցում լուրջ չեն ընկալվել: Պրն. Նիկոյանի ներկայացմամբ, 20 տոկոս գրավյալ տարածքների եւ 1 մլն. փախստականների մասին ադրբեջանցիների փաստարկներինի պատասխան հայկական կողմը հակադարձել է, ասելով, որ այդ ամենը հետեւանք է, ընդ որում` ադրբեջանական ագրեսիայի հետեւանք եւ մինչ այն քննարկելը նախ պետք է անդրադառնալ դրա պատճառներին: Բրյուսելում կայացած հանդիպումների ժամանակ հայ խորհրդարանականն իր գործընկերների ուշադրությունը հրավիրել է Աթկինսոնի զեկույցի եւ ղարաբաղ-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրման փոխկապակցվածության վրա: Պրն. Նիկոյանը նշել է, որ ԵԽ այդ բանաձեւը ոչ թե խաղաղությունը, այլ պատերազմը մոտեցրեց մեկ քայլ:

Հայ խորհրդարանականները նաեւ նշեցին, որ Լենմարկերի զեկույցում աթկինսոնյան դրույթներ ներգրավելու ադրբեջանական պատվիրակության փորձերըանհաջողության են մատնվել:

Ինչ վերաբերվում Արտաշես Գեղամյանին Բրյուսել «չտանելու» վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերին, Վահան Հովհաննիսյանը պարզաբանեց, որ հանդիպումները նախատեսված չէին պատվիրակության բոլոր անդամների համար, այլ` միայն երկուսի: