Տպել
21.02.2018
«Հայաստանը սիրում են ճանաչելով». Էդուարդ Շարմազանով
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 21-ին հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի հասարակագիտություն բաժնի դասախոսների եւ ուսանողների հետ, ովքեր Ազգային ժողովում էին ուսումնաճանաչողական այցի շրջանակում:

ԱԺ փոխնախագահի տեղակալի հետ ծավալված զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումների իրականացման շարժառիթներին, խորհրդարանական կառավարման համակարգի առավելություններին, իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, ՀՀ նախագահի եւ վարչապետի ընտրության կարգին, ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին, երկրի ներքին ու արտաքին քաղաքական օրակարգի կարեւորագույն խնդիրներին:

Անդրադառնալով արտաքին քաղաքական գործընթացներին՝ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների իրականացրած քայլերը եւ մոտեցումները: Նրա խոսքով՝ նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ մեր երկիրը միակն է, որն անդամակցում է ԵԱՏՄ-ին եւ համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության եւ Արցախի անկախության ճանաչման գործընթացներում ունեցած ձեռքբերումներին:

Խոսելով ազգային արժեքների պահպանման կարեւորության մասին՝ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ յուրաքանչյուր հայի առաքելությունը պետք է լինի Հայաստանում ապրելու եւ երկիրը շենացնելու գիտակցումը:

«Հայաստանը սիրում են ճանաչելով»,-ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը՝ հորդորելով երիտասարդներին ամեն օր զարգացնել գիտելիքները Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմության վերաբերյալ, հպարտանալ նշանավոր հայորդիներով եւ մեծարել նրանց: