National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
21.02.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28
 
21.02.2018
Խորհրդարանական լսումներ «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով
1 / 4

Փետրվարի 21-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստանում եւ Արցախում գործող պետական, մասնավոր եւ պետական մասնակցությամբ բուհերի, ռազմական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ՀՀ եւ ԱՀ կառավարության անդամներ, կրթության ոլորտի փորձագետներ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը բացման խոսքում նշել է, որ հրավիրված խորհրդարանական լսումների նպատակն է արդյունքում ստացված առաջարկների շնորհիվ բարեփոխել օրենսդրական փաթեթը: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ երկարատեւ մշակման եւ հանրային քննարկման փուլ անցած փաթեթով ոլորտում առաջարկվում են մի շարք նորամուծություններ: Նա ընդգծել է, որ բարձրագույն կրթության ոլորտի առջեւ ծառացած խնդիրները բազմաթիվ են, եւ կառավարության կողմից առաջարկված այս օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի ժամանակակից զարգացումներին ու ստանձնած պարտավորություններին համապատասխան կարգավորումներ ունենալ ոլորտում:

ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ փաթեթը մոտ 2,5 տարի քննարկվել է մասնագետների եւ փորձագետների հետ, ենթարկվել միջազգային փորձաքննության:

Նախարարի խոսքով՝ մշակվել է ոլորտի զարգացմանը չխոչընդոտող եւ առաջընթացին նպաստող օրենսդրական փաթեթ: Ըստ բանախոսի՝ անհրաժեշտ է ունենալ այնպիսի ճկուն եւ հեռանկարային օրենք, որն ի զորու կլինի դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին եւ փոփոխություններին:

«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի ստեղծել բարձրագույն կրթության համակարգի կարգավորման, որակի ապահովման եւ կատարելագործման արդյունավետ իրավական հենք, խթանել ՀՀ բարձրագույն կրթության համակարգի մրցունակությունը, միջազգայնացումը եւ նորարարությունների շարունակական ներդրումը միջազգային զարգացման միտումներին համահունչ, խթանել համագործակցությունը բուհերի միջեւ, բարձրացնել դրանց հանրային պատասխանատվությունը, կարգավորել պետության դերը Հայաստանի բարձրագույն կրթության շարունակական զարգացման գործում:

Մասնավորապես նախատեսվում է, որ բուհերի կառավարման խորհրդի անդամ չեն կարող լինել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք եւ մարզպետները: Բարձրագույն կրթությունը նախատեսվում է իրականացնել եռաստիճան կարգով՝ բակալավրիատ, մագիստրատուրա եւ ասպիրանտուրա: Վերջինի դեպքում ատենախոսությունը պաշտպանած անձին շնորհվում է գիտական աստիճան:

Ակնկալվում է երիտասարդացնել բուհերում վարչական պաշտոններ զբաղեցնող անձանց տարիքը:

Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի բուհերում սովորում է մոտ 90 հազար ուսանող, որոնց 70 տոկոսը՝ հումանիտար ֆակուլտետներում, հետեւաբար երկիրը կանգնած է բնագիտական, այլ՝ ոչ  հումանիտար, մասնագիտությունների պահպանման խնդրի առջեւ: Շատ հարցեր կապված են կրթության որակի եւ մասնագիտությունների պահանջարկի հետ: Մասնավորապես, կան մասնագիտություններ, որոնց կարիքը 4-5 տարի հետո ընդհանրապես չի լինելու, սակայն այսօր դրանք ուսուցանվում են: Նախարարի խոսքով՝ խնդիր է, թե որքանով է բուհն իրականացնում իր առաքելությունը եւ որքանով է բավարարում աշխատաշուկայի պահանջները:

«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական նպատակներից մեկն էլ բուհերի կառավարման համակարգի փոփոխությունն է. նպատակ է դրված ոլորտում իրականացնել ուսանողակենտրոն քաղաքականություն, Հայաստանը դարձնել գիտակրթական կենտրոն՝ ապահովելով ուսանող-գիտական կենտրոն-բուհ կապը: «Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ կորցնելու իր գիտական ներուժը»,-նշել է ՀՀ ԿԳ նախարարը: «Խնդիր է, թե ինչպես ճանապարհ բացել երիտասարդների առջեւ դեպի բարձրագույն կրթություն եւ գիտություն: 30-50 տարեկան գիտնականների թիվը հանրապետությունում վեց տոկոս է»,-մտահոգություն է հայտնել Լեւոն Մկրտչյանը՝ հավելելով, որ մեծ թիվ են կազմում 65-ից բարձր տարիք ունեցող գիտնականները:

Բոլոնյան գործընթացի եւ նախատեսվող օրենսդրական բարեփոխումների ազդեցությանը համակարգի արդյունավետ կառավարման, բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման, միջազգային կրթական տարածքին ինտեգրման, աշխատաշուկային համապատասխանության ապահովման, գիտության գիտատեխնիկական զարգացման նախադրյալների ձեւավորման հարցերի շուրջ իր տեսակետներն է ներկայացրել անկախ փորձագետ Սամվել Կարաբեկյանը: Նա անդրադարձել է համալսարանական կառավարման համակարգին եւ դրան ուսանողների մասնակցությանը: Գիտական աստիճանաշնորհման հարցի առնչությամբ բանախոսը նշել է, որ նախագիծը կիսատ լուծումներ է առաջարկում: Փորձագետի գնահատմամբ՝ կան դրույթներ, որոնք կդանդաղեցնեն բուհերի ինտեգրումը եվրոպական կրթական տարածքին, խնդրահարույց են նաեւ բուհերի կառավարման համակարգին վերաբերող կարգավորումները:

Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել լսումների մասնակիցները:

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն անդրադարձել է բարձրագույն կրթության որակին եւ դրա բաղադրիչներին՝ նշելով, որ կներկայացնի առաջարկներ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը կարեւորել է օրենսդրական նախաձեռնության ընդունումը քաղաքական փոխհամաձայնության արդյունքում, անդրադարձել գիտնականների սերնդափոխությանը, առաջարկել գտնել խնդրի լուծման ընդունելի տարբերակներ: Ըստ նրա՝ նախագծում չկան դրույթներ ոլորտում ներդրումներ ներգրավելու մասին, խնդրահարույց է նաեւ գիտական աստճանաշնորհման հարցը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծի այս տարբերակին:

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը կարեւորել է օրենսդրական նախաձեռնությունը, ուսանողների հետազոտական հմտությունների զարգացմանը վերաբերող դրույթների ամրագրումը նախագծում, ներկայացրել առաջարկներ:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ նախագիծը չի լուծում բուհերի ռեկտորատին հավասարազոր հակակշիռ ունենալու հարցը: Պատգամավորը կարեւորել է բուհերում սերնդափոխության խնդիրը՝ անթույլատրելի համարելով հարցին սուբյեկտիվ մոտեցումը, անդրադարձել գեղարվեստական գրականության թարգմանության հարցին, ընդգծել որակյալ թարգմանիչների պատրաստման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Լուիզա Սարգսյանն անդրադարձել է բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումներին՝ ակնհայտ համարելով բուհերում սերնդափոխության, գիտահետազոտական կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը:

Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի դիտարկմամբ՝ նախագիծը տարբերվում է նախորդ տարբերակներից, սակայն սա եւս տարընթերցումների տեղիք տվող հասկացություններ է պարունակում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ողջունելի է համարել բուհերի կառավարման համակարգում առաջարկվող փոփոխությունները, առանձնապես արժեւորել կիրթ մարդու պահանջարկի ձեւավորումը հասարակության կողմից:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ՀՀ բուհերում հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության ուսումնասիրության հարցին՝ նշելով, որ դրանք պետք է լինեն պարտադիր քննական առարկաներ: ՀՀ ԱԺ փոխնախագահն առաջարկել է փոփոխություններ կատարել նախագծի համապատասխան հոդվածում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը կարեւորել է գիտելիքահեն տնտեսության առկայությունը, անդրադարձել բուհերում ուսանողներին տրվող գիտելիքներին՝ դրանք համարելով անմրցունակ: Պատգամավորը ժամանակավրեպ է գնահատել օրենսդրական փաթեթը, կառավարությանն առաջարկել այն լրամշակել:

ՀՀ ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը կարեւորել է խորհրդարանական լսումների ձեւաչափով քննարկումներն ու ոլորտում հստակ ռազմավարության առկայությունը, բարեփոխումների իրականացումն ու մրցունակ կադրերի պատրաստումը:

ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանն անդրադարձել է բանախոսների ելույթներին ու հարցադրումներին, տվել պարզաբանումներ: Ըստ նրա՝ օրենսդրական փաթեթի հիմնական նպատակը բարձրագույն կրթության որակի բարձրացումն է, ինչի համար էլ առաջարկվում են նոր մոտեցումներ:

Լսումների մասնակիցների ելույթներին եզրափակիչ խոսքում անդրադարձել են ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը: Վերջինս շնորհակալություն է հայտնել լսումների մասնակիցներին շահագրգիռ քննարկման համար` տեղեկացնելով, որ օրենսդրական փաթեթը կքննարկվի ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ խմբակցություններում:


21.02.2018
«Հայաստանը սիրում են ճանաչելով». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 21-ին հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի հասարակագիտություն բաժնի դասախոսների եւ ուսանողների հետ, ովքեր Ազգային ժողովում էին ուսումնաճանաչողական այցի շրջանակում: ԱԺ ...

21.02.2018
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ փետրվարի 21-ին հրավիրած նիստում քննության է առել բնապահպանության եւ տեղական ինքնակառավարման ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ։ ՀՀ...

21.02.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ մարզերի ավագանիների անդամ կանանց
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի ավագանիների անդամ եւ համայնքի ղեկավար կանանց: Հանդիպումը կազմակերպվել էր Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից Տեղական նախաձեռնությունների Կանադայի հիմնադրամի աջակցո...

21.02.2018
Քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի եւ Իսրայելի Կնեսեթի աշխատակազմերի միջեւ փոխգործակցության զարգացման հարցեր
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն Իսրայելի Կնեսեթում ընթացող խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր տնօրենների եւ գլխավոր քարտուղարների միջազգային համաժողովի շրջանակում առանձին աշխատանքային քննարկում է ունեցել Կնեսեթի գլխավոր տնօրեն Ալբերտ Սախարովիչի հետ: Հանդիպմանը ներկա են ...

21.02.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություն: Ա...

21.02.2018
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ (Տեսանյութ)
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություններ է տվել մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կընդգրկվեն ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նա...

21.02.2018
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը կարող եք տեսնել այստեղ: ...

21.02.2018
Գեւորգ Կոստանյանն առաջադրվել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը փետրվարի 20-ի նիստում ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Գեւորգ Կոստանյանին: ...

21.02.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը կարող եք տեսնել այստեղ: ...

21.02.2018
Խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

21.02.2018
Տեղեկատվություն խորհրդարանական լսումների անցկացման վերաբերյալ
Փետրվարի 23-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության Խ-244-25.01.2018-ՊԻՄԻ-013/0 նախագծի վերաբերյալ: ...

21.02.2018
Կանցկացվեն խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ փետրվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն «Սումգայիթյան ջարդեր. հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումներ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS