National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
21.02.2018
Խորհրդարանական լսումներ «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով
1 / 4

Փետրվարի 21-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստանում եւ Արցախում գործող պետական, մասնավոր եւ պետական մասնակցությամբ բուհերի, ռազմական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ՀՀ եւ ԱՀ կառավարության անդամներ, կրթության ոլորտի փորձագետներ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը բացման խոսքում նշել է, որ հրավիրված խորհրդարանական լսումների նպատակն է արդյունքում ստացված առաջարկների շնորհիվ բարեփոխել օրենսդրական փաթեթը: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ երկարատեւ մշակման եւ հանրային քննարկման փուլ անցած փաթեթով ոլորտում առաջարկվում են մի շարք նորամուծություններ: Նա ընդգծել է, որ բարձրագույն կրթության ոլորտի առջեւ ծառացած խնդիրները բազմաթիվ են, եւ կառավարության կողմից առաջարկված այս օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի ժամանակակից զարգացումներին ու ստանձնած պարտավորություններին համապատասխան կարգավորումներ ունենալ ոլորտում:

ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ փաթեթը մոտ 2,5 տարի քննարկվել է մասնագետների եւ փորձագետների հետ, ենթարկվել միջազգային փորձաքննության:

Նախարարի խոսքով՝ մշակվել է ոլորտի զարգացմանը չխոչընդոտող եւ առաջընթացին նպաստող օրենսդրական փաթեթ: Ըստ բանախոսի՝ անհրաժեշտ է ունենալ այնպիսի ճկուն եւ հեռանկարային օրենք, որն ի զորու կլինի դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին եւ փոփոխություններին:

«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի ստեղծել բարձրագույն կրթության համակարգի կարգավորման, որակի ապահովման եւ կատարելագործման արդյունավետ իրավական հենք, խթանել ՀՀ բարձրագույն կրթության համակարգի մրցունակությունը, միջազգայնացումը եւ նորարարությունների շարունակական ներդրումը միջազգային զարգացման միտումներին համահունչ, խթանել համագործակցությունը բուհերի միջեւ, բարձրացնել դրանց հանրային պատասխանատվությունը, կարգավորել պետության դերը Հայաստանի բարձրագույն կրթության շարունակական զարգացման գործում:

Մասնավորապես նախատեսվում է, որ բուհերի կառավարման խորհրդի անդամ չեն կարող լինել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք եւ մարզպետները: Բարձրագույն կրթությունը նախատեսվում է իրականացնել եռաստիճան կարգով՝ բակալավրիատ, մագիստրատուրա եւ ասպիրանտուրա: Վերջինի դեպքում ատենախոսությունը պաշտպանած անձին շնորհվում է գիտական աստիճան:

Ակնկալվում է երիտասարդացնել բուհերում վարչական պաշտոններ զբաղեցնող անձանց տարիքը:

Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի բուհերում սովորում է մոտ 90 հազար ուսանող, որոնց 70 տոկոսը՝ հումանիտար ֆակուլտետներում, հետեւաբար երկիրը կանգնած է բնագիտական, այլ՝ ոչ  հումանիտար, մասնագիտությունների պահպանման խնդրի առջեւ: Շատ հարցեր կապված են կրթության որակի եւ մասնագիտությունների պահանջարկի հետ: Մասնավորապես, կան մասնագիտություններ, որոնց կարիքը 4-5 տարի հետո ընդհանրապես չի լինելու, սակայն այսօր դրանք ուսուցանվում են: Նախարարի խոսքով՝ խնդիր է, թե որքանով է բուհն իրականացնում իր առաքելությունը եւ որքանով է բավարարում աշխատաշուկայի պահանջները:

«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական նպատակներից մեկն էլ բուհերի կառավարման համակարգի փոփոխությունն է. նպատակ է դրված ոլորտում իրականացնել ուսանողակենտրոն քաղաքականություն, Հայաստանը դարձնել գիտակրթական կենտրոն՝ ապահովելով ուսանող-գիտական կենտրոն-բուհ կապը: «Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ կորցնելու իր գիտական ներուժը»,-նշել է ՀՀ ԿԳ նախարարը: «Խնդիր է, թե ինչպես ճանապարհ բացել երիտասարդների առջեւ դեպի բարձրագույն կրթություն եւ գիտություն: 30-50 տարեկան գիտնականների թիվը հանրապետությունում վեց տոկոս է»,-մտահոգություն է հայտնել Լեւոն Մկրտչյանը՝ հավելելով, որ մեծ թիվ են կազմում 65-ից բարձր տարիք ունեցող գիտնականները:

Բոլոնյան գործընթացի եւ նախատեսվող օրենսդրական բարեփոխումների ազդեցությանը համակարգի արդյունավետ կառավարման, բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման, միջազգային կրթական տարածքին ինտեգրման, աշխատաշուկային համապատասխանության ապահովման, գիտության գիտատեխնիկական զարգացման նախադրյալների ձեւավորման հարցերի շուրջ իր տեսակետներն է ներկայացրել անկախ փորձագետ Սամվել Կարաբեկյանը: Նա անդրադարձել է համալսարանական կառավարման համակարգին եւ դրան ուսանողների մասնակցությանը: Գիտական աստիճանաշնորհման հարցի առնչությամբ բանախոսը նշել է, որ նախագիծը կիսատ լուծումներ է առաջարկում: Փորձագետի գնահատմամբ՝ կան դրույթներ, որոնք կդանդաղեցնեն բուհերի ինտեգրումը եվրոպական կրթական տարածքին, խնդրահարույց են նաեւ բուհերի կառավարման համակարգին վերաբերող կարգավորումները:

Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել լսումների մասնակիցները:

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն անդրադարձել է բարձրագույն կրթության որակին եւ դրա բաղադրիչներին՝ նշելով, որ կներկայացնի առաջարկներ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը կարեւորել է օրենսդրական նախաձեռնության ընդունումը քաղաքական փոխհամաձայնության արդյունքում, անդրադարձել գիտնականների սերնդափոխությանը, առաջարկել գտնել խնդրի լուծման ընդունելի տարբերակներ: Ըստ նրա՝ նախագծում չկան դրույթներ ոլորտում ներդրումներ ներգրավելու մասին, խնդրահարույց է նաեւ գիտական աստճանաշնորհման հարցը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծի այս տարբերակին:

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը կարեւորել է օրենսդրական նախաձեռնությունը, ուսանողների հետազոտական հմտությունների զարգացմանը վերաբերող դրույթների ամրագրումը նախագծում, ներկայացրել առաջարկներ:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ նախագիծը չի լուծում բուհերի ռեկտորատին հավասարազոր հակակշիռ ունենալու հարցը: Պատգամավորը կարեւորել է բուհերում սերնդափոխության խնդիրը՝ անթույլատրելի համարելով հարցին սուբյեկտիվ մոտեցումը, անդրադարձել գեղարվեստական գրականության թարգմանության հարցին, ընդգծել որակյալ թարգմանիչների պատրաստման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Լուիզա Սարգսյանն անդրադարձել է բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումներին՝ ակնհայտ համարելով բուհերում սերնդափոխության, գիտահետազոտական կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը:

Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի դիտարկմամբ՝ նախագիծը տարբերվում է նախորդ տարբերակներից, սակայն սա եւս տարընթերցումների տեղիք տվող հասկացություններ է պարունակում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ողջունելի է համարել բուհերի կառավարման համակարգում առաջարկվող փոփոխությունները, առանձնապես արժեւորել կիրթ մարդու պահանջարկի ձեւավորումը հասարակության կողմից:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ՀՀ բուհերում հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության ուսումնասիրության հարցին՝ նշելով, որ դրանք պետք է լինեն պարտադիր քննական առարկաներ: ՀՀ ԱԺ փոխնախագահն առաջարկել է փոփոխություններ կատարել նախագծի համապատասխան հոդվածում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը կարեւորել է գիտելիքահեն տնտեսության առկայությունը, անդրադարձել բուհերում ուսանողներին տրվող գիտելիքներին՝ դրանք համարելով անմրցունակ: Պատգամավորը ժամանակավրեպ է գնահատել օրենսդրական փաթեթը, կառավարությանն առաջարկել այն լրամշակել:

ՀՀ ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը կարեւորել է խորհրդարանական լսումների ձեւաչափով քննարկումներն ու ոլորտում հստակ ռազմավարության առկայությունը, բարեփոխումների իրականացումն ու մրցունակ կադրերի պատրաստումը:

ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանն անդրադարձել է բանախոսների ելույթներին ու հարցադրումներին, տվել պարզաբանումներ: Ըստ նրա՝ օրենսդրական փաթեթի հիմնական նպատակը բարձրագույն կրթության որակի բարձրացումն է, ինչի համար էլ առաջարկվում են նոր մոտեցումներ:

Լսումների մասնակիցների ելույթներին եզրափակիչ խոսքում անդրադարձել են ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը: Վերջինս շնորհակալություն է հայտնել լսումների մասնակիցներին շահագրգիռ քննարկման համար` տեղեկացնելով, որ օրենսդրական փաթեթը կքննարկվի ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ խմբակցություններում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am