Տպել
21.02.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ մարզերի ավագանիների անդամ կանանց
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի ավագանիների անդամ եւ համայնքի ղեկավար կանանց: Հանդիպումը կազմակերպվել էր Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից Տեղական նախաձեռնությունների Կանադայի հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում:

Արա Բաբլոյանը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել է կանանց գործունեությունը պետական կառույցներում, ներգրավվածությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքին:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ հայ կինը, հայ մայրն անուրանալի դեր ունի հայկական ավանդական ընտանիքի պահպանման, երեխաների հայեցի դաստիարակության գործում: Նա նշել է, որ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագրերը նպաստում են մեր հասարակության մեջ կնոջ դերի բարձրացմանը եւ գնահատմանը:

Ըստ Արա Բաբլոյանի՝ կրթված կանայք պիտի աջակցեն բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն փոխելու մտածելակերպը, տղամարդու եւ կնոջ իրավահավասարության մասին պատկերացումները:

 ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ այս հարցերում գործնական փոփոխությունների կարիք կա. Հայաստանն աշխարհին պետք է ներկայանա որպես քաղաքակիրթ դիմագիծ ունեցող երկիր:

Խորհրդարան այցելած կանայք իրենց մտահոգող հարցերն են ուղղել Արա Բաբլոյանին. դրանք վերաբերել են համայնքների խոշորացմանը, ընտանեկան բժշկությանը եւ հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներկայացվածությանն առնչվող խնդիրներին:

ՀՀ մարզերի ավագանիների անդամների հետ հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը եւ Արաիկ Հովհաննիսյանը:

Քննարկման առանցքում հարցեր էին, որոնք վերաբերում էին առողջապահական ոլորտին, կրթական բարեփոխումներին, համայնքների խոշորացմանը եւ այդ գործընթացի արդյունքում դպրոցների ու նախակրթարանների օպտիմալացմանը: Խորհրդարանականների հետ հանդիպմանը ներկաները մտահոգիչ հարցեր են հնչեցրել նաեւ գյուղական դպրոցներում մասնագետների պակասի, ուսուցիչների արդարացի ընտրության վերաբերյալ:

Մտքերի փոխանակման արդյունքում պատգամավորները փաստել են, որ ներկայացված խնդիրների մի մասն առաջիկայում կկարգավորվի օրենսդրությամբ, իսկ մյուս մասի պարագայում էլ կլինի խորհրդարանական վերահսկողություն:

Կարեւորելով օրենսդիրների հետ հանդիպումները՝ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը հույս է հայտնել, որ բարձրացված հարցերին ապագայում կտրվեն դրական լուծումներ: