Տպել
21.02.2018
Քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի եւ Իսրայելի Կնեսեթի աշխատակազմերի միջեւ փոխգործակցության զարգացման հարցեր
1 / 1

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն Իսրայելի Կնեսեթում ընթացող խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր տնօրենների եւ գլխավոր քարտուղարների միջազգային համաժողովի շրջանակում առանձին աշխատանքային քննարկում է ունեցել Կնեսեթի գլխավոր տնօրեն Ալբերտ Սախարովիչի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կնեսեթի մի շարք ստորաբաժումների ղեկավարներ, այդ թվում նաեւ հետազոտությունների եւ տեղեկատվության կենտրոնի ղեկավարն ու Կնեսեթի մամուլի խոսնակը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ Ազգային ժողովի եւ Իսրայելի Կնեսեթի աշխատակազմերի միջեւ համագործակցության զարգացմանը եւ փորձի փոխանակման անհրաժեշտությանը վերաբերող հարցերի:

Ալբերտ Սախարովիչը փորձի լայնածավալ փոխանակման պատրաստակամություն է հայտնել, այդ թվում աշխատակազմի թե՛ առանձին եւ թե՛ բոլոր ստորաբաժանումների մակարդակով:

Ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկումների առանցքում է եղել փորձագիտական ծառայությունների մատուցման եւ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաեւ խորհրդարանական վերահսկողության կազմակերպման ու իրականացման իսրայելական փորձը: Նշենք, որ Կնեսեթի հետազոտությունների եւ տեղեկատվության կենտրոնում աշխատում է շուրջ 36 մասնագետ: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդարանների աշխատակազմերի ստորաբաժանումների անմիջական համագործակցության եւ փորձագետների փոխայցերի կազմակերպման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը մասնակցում է Իսրայելի Կնեսեթում փետրվարի 20-22-ն անցկացվող խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր տնօրենների եւ գլխավոր քարտուղարների միջազգային համաժողովին, որին մասնակցում են 25 երկրների խորհրդարանների ու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շուրջ 50 բարձրաստիճան պաշտոնյաներ:

Համաժողովի ընթացքում քննարկվում են մասնավորապես հանրության համար խորհրդարանների մատչելիության, օրենսդրական աշխատանքի թափանցիկության ու հրապարակայնության, գործադիրի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության թեմաները:


24.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների՝ կրելով անմարդկային տառապանքներ եւ անդ...

24.04.2024
Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները եւ պաշտոնատար այլ անձինք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության...