Տպել
16.02.2018
Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամներն ամփոփել են Իսրայելի Պետություն կատարած այցը
1 / 4

Փետրվարի 11-15-ը Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հրավերով Իսրայելում էր ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել բարեկամական խումբը՝ Գագիկ Մինասյանի ղեկավարությամբ: Փետրվարի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսում խմբի ղեկավարն ու անդամներ Գագիկ Մելիքյանը, Աղվան Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Գեւորգ Գորգիսյանը մանրամասներ են ներկայացրել այցի վերաբերյալ:

Գագիկ Մինասյանը տեղեկացրել է, որ այցը բավականին հագեցած է եղել, տեղի են ունեցել մի շարք աշխատանքային հանդիպումներ խորհրդարանում, կառավարությունում: Խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել Հայոց Պատրիարքարան:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ տարածաշրջանին վերաբերող հարցեր:

Հայկական կողմը հույս է հայտնել, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցին Իսրայելը՝ որպես եվրոպական արժեքներ կրող երկիր, կմոտենա նույն սկզբունքներով, ինչ ԵԱՀԿ Մինսկի խումբը:

ՀՀ ԱԺ պատգամավորներն անհասկանալի են համարել այն հանգամանքը, որ Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանի նման բռնապետական մի պետության, որի ղեկավարն իր վերջին հայտարարություններով հավասարվեց նացիստական Գերմանիայի առաջնորդներին:

Պատվիրակության անդամները հանդիպումների ժամանակ կարեւորել են տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, մշակույթի ոլորտներում կապերի զարգացման անհրաժեշտությունը, երկու ժողովուրդների միջեւ շփումների խորացումը:

Գեւորգ Գորգիսյանի խոսքով` Հայաստանը հետաքրքրում է հրեա ժողովրդին եւ այս տարի ակնկալվում է զբոսաշրջիկների` մեր երկիր այցելությունների թվի ավելացում:

Հանդիպումների ընթացքում կողմերը կարեւորել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները: Ըստ Գագիկ Մելիքյանի՝ Իսրայելը բավականին հետաքրքված է ԵԱՏՄ շրջանակում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը մասնակից լինելու հարցով:

Վահե Էնֆիաջյանը նշել է, որ քննարկվել են բնապահպանական եւ գյուղատնտեսական բնագավառներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Աղվան Վարդանյանը տեղեկացրել է, որ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն Հայաստան-Իսրայել բիզնես-համաժողով կազմակերպելու վերաբերյալ:


24.04.2024
Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները եւ պաշտոնատար այլ անձինք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության...