National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
16.02.2018
Պատգամավորների նախաձեռնությամբ գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
1 / 7

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ ԱԺ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների 29 պատգամավորի նախաձեռնությամբ փետրվարի 16-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Մինչ օրակարգային հարցի քննարկմանն անցնելը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար ՀՀ Ազգային ժողովին գրավոր ներկայացրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Արա Բաբլոյանը նաեւ տեղեկացրել է, որ Հրայր Թովմասյանն այսօր ներկայացրել է ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2016 թվականի ամռանն ընդունված ՀՀ հարկային օրենսգիրքն ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա հունվարի մեկից, որի հետեւանքով բարձրացել են 200 տոկոսով լիցքավորման գազի եւ 60 տոկոսով՝ բենզինի համար նախատեսված ակցիզային հարկերը, իսկ դիզվառելիքի վաճառքն ընդգրկվել է ավելացված արժեքի հարկման դաշտում: Հարկային բեռի ավելացումը հանգեցրել է էներգակիրների գների բարձրացման, իսկ դրանց թանկացումն արդեն իսկ ազդել է տարբեր ապրանքների ընդհանուր գնաճի վրա, ինչն էլ իր հերթին հանգեցնում է բնակչության սոցիալական վիճակի վատթարացման:

Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախագիծը գների իջեցման մասին է, առաջարկվում է վերանայել նաեւ եկամտային հարկի որոշ դրույքաչափեր:

Նախագծի ընդունման պարագայում՝ 150 հազար դրամից մինչեւ 450 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց եկամտային հարկը կվերադարձվի մինչեւ Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահը կիրառված դրույքաչափին:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հարակից զեկույցում տեղեկացրել է, որ նախագիծը քննարկման արդյունքում չի ստացել հանձնաժողովի դրական եզրակացությունը: Գնաճի վերաբերյալ Խոսրով Հարությունյանը նշել է, որ այն սկսվել է դեռեւս 2017 թվականի կեսից, եւ ոչ թե Հարկային օրենսգրքի՝ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո: Ըստ մշտական հանձնաժողովի նախագահի՝ ընթացիկ տարվա պետական բյուջեն ռիսկային է, հետեւաբար ճիշտ չէ հընթացս փոփոխություններ կատարել դրանում: Զեկուցողի տեղեկացմամբ՝ ուսումնասիրվում են ապրանքային շուկայում գնաճին նպաստող գործոններն ու ազդեցությունները: Ըստ նրա՝ խնդիրը չի կարող կարճ ժամկետում լուծվել. հարկավոր է տնտեսական աճ ունենալ եւ ճիշտ օգտագործել բյուջետային միջոցները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը ներկայացրել է կառավարության բացասական կարծիքն ու հիմնավորումը: Նա տեղեկացրել է, որ նախագծի ընդունման պարագայում պետական բյուջեի եկամուտները շուրջ 32 մլրդ դրամով կնվազեն, ուստի նախագիծն ընդունելի չէ:

Մտքերի փոխանակության ընթացքում իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ պատգամավորները
 
Հակոբ Հակոբյանն ընդունելի չի համարել նախագիծը՝ ներկայացնելով տնտեսագիտական հիմնավորումներ: Նաիրա Զոհրաբյանը բարձր գնաճի պայմաններում մտահոգիչ է համարել թոշակներն ու աշխատավարձերն անփոփոխ թողնելը: Նա ապատեղեկատվություն է համարել պաշտոնապես ներկայացվող 2,6 տոկոս գնաճը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ ներկա իրավիճակը նախորդ տարիներին չարված աշխատանքների հետեւանք է: Նա համեմատական է անցկացրել Վրաստանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների հետ եւ նշել, որ դրանցում հարկային բեռը որոշակիորեն ցածր է: Վարդան Բոստանջյանն անընդունելի է համարել կառավարության՝ իր գնահատմամբ՝ մեխանիկական մոտեցումը նախագծի վերաբերյալ: Արամ Սարգսյանի կարծիքով՝ խնդրի կարգավորման համար հարկավոր է ավելացնել հարկատուների քանակը, ներգրավել ներդրումներ:

Միհրան Հակոբյանն անդրադարձել է գնաճի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներին, նշել միջազգային շուկայում որոշ ապրանքատեսակների գնաճի պատճառները: Մանե Թանդիլյանը կարեւորել է հարցի քննարկումն ու ընդունումը, առաջարկել վերականգնել շքեղության հարկը: ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է այն հիմնավորումները, ըստ որոնց անհրաժեշտ է անփոփոխ թողնել գործող Հարկային օրենսգրքի դրույթներն ու հարկային դրույքաչափերը:   

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ սոցիալական խնդիրները մտահոգում են բոլորին՝ թե իշխանությանը, թե ընդդիմությանը: Գնաճի կապակցությամբ օրեր առաջ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ, որի արդյունքում նաեւ որոշում է ընդունվել սուբսիդավորել գյուղացիական տնտեսությունների դիզվառելիքի գումարները: Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ չի կարելի ամեն գնով հասնել գնանկման եւ անհրաժեշտ է ապահովել ավելի բարձր տնտեսական աճ, քան գնաճն է: Նրա խոսքով՝ ՀՀ-ում գնաճն ավելի քիչ է, քան տարածաշրջանում:

Իրենց դիրքորոշումներն են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունները

Ներկայացնելով ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության տեսակետը՝ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշել է, որ նախագծի վերաբերյալ կառավարության փաստարկները համոզիչ են: Պատգամավորն անդրադարձել է առկա ստվերային տնտեսությանը, չգրանցված աշխատողների խնդրին եւ անհրաժեշտ համարել դրա դեմ պայքարը: Խմբակցության քարտուղարը կարեւորել է աշխատողների իրավունքների պաշտպանությունը, սպառողական զամբյուղի իրական արժեքի արձանագրումն ու պետության կողմից սոցիալապես անապահով խավերի պաշտպանությունը: Նա դեմ է արտահայտվել հարցի իրավիճակային լուծմանը:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության դրական դիրքորոշումը ներկայացրել է Արամ Սարգսյանը: Նա անդրադարձել է հարցի քաղաքական բաղադրիչին: Ըստ նրա՝ կառավարության նախաձեռնությամբ ներկայացվող նախագծերը չեն նպաստում երկրում աղքատության կրճատմանը:

Ներկայացնելով ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության դրական տեսակետը խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշել է, որ դեռեւս նախորդ տարի խմբակցությունն առաջարկներ է ներկայացրել գնաճի մեղմման վերաբերյալ: Ըստ նրա՝ ՀՀ-ում ապրում է շուրջ մեկ մլն աղքատ մարդ, իսկ այս քաղաքականության արդյունքում բնակչության կենսամակարդակն ավելի է վատանալու:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության բացասական տեսակետը նախագծի վերաբերյալ ներկայացրել է խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ում գնահատմամբ, քննարկման ընթացքում հնչեցին հիմնականում ականջահաճո ելույթներ: Նա կարեւորել է կառավարության՝ բնակչության եկամուտների ավելացմանն ուղղված քաղաքականությունը, աշխատատեղերի ստեղծումը, ներդրումների ներգրավումն ու պայքարը ստվերային տնտեսության դեմ՝ համարելով դրանք գնաճի դեմ պայքարի իրական միջոցներ:

Եզրափակիչ ելույթներ են ունեցել եւ պատգամավորների գնահատականներին անդրադարձել հիմնական եւ հարակից զեկուցողները:

Քվեարկության արդյունքում օրենսդրական նախաձեռնությունը չի ընդունվել:

Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS