Տպել
12.02.2018
Բուլղարիայի Հանրապետության նախագահն այցելել է ՀՀ Ազգային ժողով
1 / 7

Փետրվարի 12-ին Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադեւն այցելել է խորհրդարան, որտեղ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:

ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով Ռումեն Ռադեւին խորհրդարանում, համոզմունք է հայտնել, որ այս այցը կնպաստի հայ եւ բուլղար ժողովուրդների հարաբերությունների ամրապնդմանը եւ սերտացմանը:

Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Բուլղարիայի հետ հարաբերությունների կայուն զարգացմանը եւ քաղաքական երկխոսության ամրապնդմանը:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է երկու երկրների միջեւ խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը եւ բարեկամական խմբերի գործունեության խթանմանը, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարթակներում արդյունավետ համագործակցության անհրաժեշտությանը:

Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել բուլղար ժողովրդին եւ Բուլղարիայի իշխանություններին՝ բուլղարահայերի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար՝ նշելով, որ հայերն այդ երկրի արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նպաստում են իրենց երկրի զարգացմանը:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին, խորհրդարանական կառավարման համակարգին եւ ՀՀ Ազգային ժողովի դերի բարձրացմանը: Արա Բաբլոյանը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ վերահաստատել Հայաստանի մոտեցումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ լուծել խնդիրը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով:

Բուլղարիայի Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ներկայացրել պատվիրակությանը, որի կազմում նաեւ խորհրդարանականներ կային:

Ռումեն Ռադեւն իր խոսքում նշել է, որ Բուլղարիայի խորհրդարանը խորհրդարանական կառավարման ավանդույթներ ունի եւ իր երկրում ժողովրդավարական փոփոխությունների երաշխավորն է: Նա ողջունել է մեր երկրում ձեռնարկվող քայլերը՝ ուղղված ժողովրդավարության խորացմանը:

Ռումեն Ռադեւը, փաստել է, որ 2018 թվականի հունվարից Բուլղարիան է նախագահում Եվրոպական միության խորհուրդը, եւ անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ վստահեցրել է, որ Բուլղարիայում առաջիկայում կսկսվի վավերացման գործընթացը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ նա նշել է, որ այդ հարցում Բուլղարիան պետք է միավորի ջանքերը ԵՄ-ի հետ, որպեսզի իրավիճակը տարածաշրջանում կայունանա:

Ռումեն Ռադեւը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ռումեն Ռադեւին տեղեկացրել է, որ Հայաստանի առողջապահության բնագավառում նոր ուղղության՝ էպիլեպտիկ վիրաբուժության ներդրման եւ զարգացման գործում նշանակալի ավանդի համար Սոֆիայի «Սվետի Իվան Ռիլսկի» համալսարանի հիվանդանոցի չորս բժիշկ պարգեւատրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: