National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.2.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28
 
08.02.2018
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը եւ գումարել արտահերթ նիստ
1 / 7

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 8-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Խոսրով Հարությունյանի եւ ՀՀ կառավարության հեղինակած օրենքի նախագիծը: Խոսրով Հարությունյանը տեղեկացրել է, որ օրենքի ընդունմամբ բոլոր ուղեւորափոխադրողներն իրավունք ունեն մինչեւ մարտի մեկն արտոնագրային հարկի դաշտում աշխատելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնել: Այդ տնտեսվարողների նկատմամբ հունվար-փետրվար ամիսների ընթացքում ձեւավորված հարկերը մինչեւ հունիսի 20-ը կվճարվեն պետական բյուջե:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Գագիկ Մելիքյանը:

Խորհրդարանը, քվեարկությամբ ընդունելով երեկ եւ այսօր քննարկված օրենքների նախագծերն ու օրինագծերի փաթեթները, ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:

ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ փետրվարի 6-ին գումարված ՀՀ ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Առաջին ընթերցումով քննարկվել է «Ներման մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը կարգավորում է ներման, ներման խնդրագրերի ներկայացման եւ քննարկման, ինչպես նաեւ ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված անձը: Նա կարեւորել է դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցանքի նկատմամբ, խնդրագրի քննարկման ժամանակ ուսումնասիրման ենթակա հանգամանքերին վերաբերող դրույթները: Նշվել է, որ ընդունվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հնչած առաջարկը, որով ներման հրամանագրի հիման վրա անձը չի կարող ազատվել դատական ակտով սահմանված նյութական եւ ոչ նյութական վնասը հատուցելու պարտականությունից, ինչպես նաեւ չի կարող հանվել դատվածությունը: Արդարադատության նախարարությունը ներման խնդրագրի ստացման օրվանից առավելագույնը 30-օրյա ժամկետում այն ներկայացրած անձի վերաբերյալ կազմում է անձնական գործ եւ ներկայացնում վարչապետին: Հնգօրյա ժամկետում վարչապետն այն ուղարկում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով, որն էլ քսանօրյա ժամկետում վարչապետին ներկայացնում է եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ: Վարչապետը Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն: Նախագահը եռօրյա ժամկետում կարող է ստորագրել համապատասխան հրամանագիր կամ առարկություններով վերադարձնել վարչապետին: Այս պարագայում վարչապետը կամ ընդունում է առարկությունները, խմբագրում է նախագիծը կամ չի ընդունում՝ կրկին ներկայացնելով նախագահին: Այս դեպքում նախագահը կամ պետք է ստորագրի կամ դիմի ՍԴ:

ՀՀ ԱԺ պատգամավորների հարցերն առնչվել են ներում շնորհելու գործընթացում հանրապետության նախագահի ինստիտուտի դերակատարությանը եւ վարչապետի ներգրավվածությանը, ներման հրամանագրի հրապարակայնությանը, ներման խնդրագրի կարեւորությունը բնորոշող չափորոշիչներին, այլ դրույթների:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը նշել է, որ փաթեթով իրականացվում է սահմանադրական նորմի պահանջը: Նրա խոսքով՝ ներում շնորհելու ինստիտուտն իմաստազուրկ կդառնա, եթե դատապարտված անձը ներում չհայցի: Ռուստամ Մախմուդյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովում հնչած առաջարկների մի մասը հիմնական զեկուցողի կողմից ընդունվել է:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանի գնահատմամբ՝ ՀՀ նախագահը ներում է շնորհում պետության անունից, ինչը, նրա խոսքով, բացառապես մարդասիրական քայլ է, որը չպետք է նույնացնել վաղաժամկետ ազատման ինստիտուտի հետ: Արմենուհի Կյուրեղյանը կարծիք է հայտնել, որ ներում խնդրելու իրավունք ունենալը չի կարող հակասել ներվելու իրավունքին: Պատգամավորն առաջարկել է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու իրավունքը վերապահել նախագահին: ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշել է, որ ներման հրամանագրերը պետք է լինեն հրապարակային, քանի որ հանրությունը պետք է տեղեկանա ներման գործընթացի մասին: ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի խոսքով՝ խախտվում է Սահմանադրությունը, հանրապետության նախագահից որոշում կայացնելու գործառույթը վերցվում է: Հրայր Թովմասյանն էլ գտնում է, որ նախագահի լիազորությունները ներման գործընթացում որեւէ կերպ չեն կաշկանդվում: Նախագահին առընթեր հանձնաժողով ստեղծելու առաջարկին պատգամավորը դեմ է: Նրա համոզմամբ՝ այս օրենքով պետք է հստակ սահմանվի նաեւ խնդրագիրը ներկայացնելուց մինչեւ դրա վերաբերյալ ակտ ընդունելու ժամկետը:

Եզրափակիչ ելույթներում Ռուստամ Մախմուդյանը եւ Սուրեն Քրմոյանն անդրադարձել են հնչած տեսակետներին՝ նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցում բոլոր առաջարկները կքննարկվեն:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագիծը, որով ամրագրվել են Հանրային խորհրդի գործունեության խնդիրները եւ գործառույթները, սահմանվել են Հանրային խորհրդի կառուցվածքը, կազմավորման եւ գործունեության կարգը, նախատեսվել Հանրային խորհրդի անդամին ներկայացվող պահանջները: Հանրային խորհուրդը կազմված է լինելու 45 անդամից, կից գործելու են 15 ոլորտային մշտական հանձնաժողովներ: Կարգավորվել են կառույցի անդամի գործունեության դադարեցման եւ դադարման հիմքերի հետ կապված հարցերը, նախատեսվել Հանրային խորհրդի գործունեության ապահովմանը վերաբերող դրույթներ: Խորհրդի նիստերն անցկացվելու են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ, դրանք դռնբաց են լինելու:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը կլրամշակվի այն համատեքստում, որ Հանրային խորհուրդը կառավարությանը խորհուրդ տվող մարմին է:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, չվիճարկելով խորհուրդ ունենալու գաղափարը, անդրադարձել է դրա գործունեության արդյունավետությանը եւ այդ հարցում հանրության սպասելիքներին: Նաիրա Զոհրաբյանն անհամաձայնություն է հայտնել նախաձեռնության մի շարք դրույթների վերաբերյալ՝ մասնավորապես անդրադառնալով վերջին տարիներին այդ կառույցի խորհրդատվության օգտակար գործողության գործակցին: Դեմ չլինելով կառույցի գաղափարին՝ Գեւորգ Պետրոսյանը կարեւորել է այնպիսի իրավակարգավորումների ամրագրումը, որոնք լսելի կդարձնեն խորհրդակցական այդ մարմնի ձայնը: Խոսրով Հարությունյանը նշել է, որ հանրային խորհրդի առաքելությունն է փորձել կառավարությանը ներկայացնել այս կամ այն նախագծի, իրավիճակի կամ խնդրի վերաբերյալ հանրության կարծիքը, ինչը, նրա գնահատմամբ, այս կառույցն արդյունավետ իրականացրել է գործունեության տարիներին: Պատգամավորն առաջինից երկրորդ ընթերցում կներկայացնի առաջարկներ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը վտանգավոր է համարել որեւէ մարմնի պարագայում չափազանցված ակնկալիքների ու սպասումների ձեւավորումը՝ ընդգծելով, որ պետք է հաշվի առնվի տվյալ մարմնին օրենքով վերապահված իրավասությունների շրջանակը: Նա դրական է գնահատել նախաձեռնությունը՝ նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցում այն կլրամշակվի:

Արթուր Հովհաննիսյանն ամփոփիչ ելույթում անդրադարձել է հնչած տեսակետներին:

Առաջին ընթերցումով քննարկվել է նաեւ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ ամրագրվել են Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթը եւ լիազորությունները, սահմանվել է Անվտանգության խորհրդի կազմը, կարգավորվել են գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները, նախատեսվել Անվտանգության խորհրդի որոշումների տեսակները, դրանց ընդունման կարգը: Նախագծով Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվելու են Անվտանգության խորհրդի առնվազն 7 անդամների ձայներով, իսկ խորհրդատվական բնույթի որոշումները՝ նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Նշվել է, որ նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովում ներկայացված առաջարկներն ընդունվել են:

Հրայր Թովմասյանը հարակից զեկույցում անդրադարձել է մասնավորապես խորհրդի կազմավորմանն ու գործունեության կարգին: Նա նշել է, որ ԱԺ նախագահին, Գլխավոր դատախազին, ՍԴ նախագահին այդ մարմինների մասին օրենքներն են արգելում որեւէ այլ մարմնում պաշտոն զբաղեցնելը, քանի որ Անվտանգության խորհուրդը Սահմանադրությամբ ամրագրված պետական մարմին է: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ նման թույլտվությունը կհակասի իշխանությունների տարանջատման սկզբունքին:

ՀՀ ԱԺ պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են նախագծով առաջարկվող կարգավորումներին: Էդմոն Մարուքյանը խոսել է առաջին փոխվարչապետի պաշտոնի սահմանադրականության մասին: Խոսրով Հարությունյանն անդրադարձել է ԱԺ նախագահի՝ սեփական նախաձեռնությամբ որեւէ նիստին մասնակցելու հնարավորությանը, պաշտպանական հիմնական ուղղությունների քննարկման հարցում վարչապետի եւ պաշտպանության նախարարի դիրքորոշումների տարբերության դեպքում հնարավոր լուծումներին: Գեւորգ Պետրոսյանի կարծիքով՝ Ազգային ժողովը պետք է այդ մարմնում ունենա լիազոր ներկայացուցիչ եւ հնարավորություն ունենա իր ձայնը լսելի դարձնելու: Արամ Սարգսյանը կարեւորել է խորհրդում հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի մասնակցությունը: Նրա կարծիքով՝ «Ելք»-ը դեմ է քվեարկելու: Կորյուն Նահապետյանն անդրադարձել է խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակին եւ գործառույթներին: Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ ամրագրված չէ, որ ԱԱԽ-ը խորհրդատվական գործառույթ է իրականացնում, ուստի այդ կառույցի երկակի կարգավիճակը լրացուցիչ հստակեցման կարիք ունի: Պատգամավորն առաջարկել է խորհրդի կազմում ընդգրկել նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարին, քանի որ պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունների մեջ է մտնում նաեւ քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանի հաստատումը: ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանն անդրադարձել է հնչած մտահոգություններին, մասնավորապես առաջին փոխվարչապետին առնչվող իրավական վեճին, պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերին: Սամվել Ֆարմանյանը նշել է, որ օրենքի նախագծում կան դրույթներ, որոնք տերմինների համապատասխանեցման անհրաժեշտություն ունեն. խոսքը վերաբերում է հատկապես «խորհրդատվական բնույթի որոշումների կայացմանը»: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն իր խոսքում ընդգծել է, որ օրենքի նախագծում որոշ դրույթներ հստակեցված չեն:

Ներկայացնելով իր խմբակցության մոտեցումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Ելք»-ը դեմ է օրենքի նախագծին:

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նախագծով հստակեցվում է իշխանության տարանջատման խնդիրը, իսկ ժողովրդավարության հիմքը հենց այդ սկզբունքն է: ՀՀԿ խմբակցությունն առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը, անդրադառնալով պատգամավորների հարցադրումներին, կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին:

Ազգային ժողովը քննարկել է կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» եւ դրան կից օրենքների նախագծերի փաթեթը` երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար: Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն իր խոսքում նշել է, որ նախագիծը ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Ընդունվել են մասնավորապես ՀՀ կառավարության եւ «Ելք» խմբակցության կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ:

Ըստ հարակից զեկուցող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի` ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն օրենքների նախագծերի փաթեթին տվել է դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» եւ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունների տեսակետը ներկայացնող Միքայել Մելքումյանը եւ Արմեն Ռուստամյանն ընդգծել են, որ նախագիծը վերանայման անհրաժեշտություն ունի:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն ասել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների բարձրացրած հարցերին` ընդգծելով նախագծի հրատապությունը:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Ամրագրվել են հրավառությունների անցկացման վայրերի, ժամերի, կազմակերպման թույլտվությունների անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ թույլտվությունների համար նախատեսված տեղական տուրքերի չափերը: Տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը եւ դրանց ներկայացող պահանջները, պայմանները կսահմանի համայնքի ավագանին: Համայնքի ղեկավարին վերապահվում է համապատասխան իրավաբանական անձանց, ձեռնարկատերերին տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվություն տալու իրավունքը:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը նշել է, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն՝ մինչեւ երկրորդ ընթերցում լրամշակելու եւ առաջարկները հաշվի առնելու պայմանով: Նշվել է, որ տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար սահմանվել է 50.000-ից 300.000 դրամ վճար:

ՀՀ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն առաջարկել է հրավառություն կազմակերպելը համայնքին թույլ տալ միայն պետական ու ազգային տոների ժամանակ, իսկ վաճառքը թույլ տալ միայն իրավաբանական անձանց: Արտակ Զեյնալյանը կողմնակից է խնդրի սահմանադրական կարգավորմանը: Նրա գնահատմամբ՝ իրավական առումով սխալ օրենք է ընդունվում: Արարատ Միրզոյանը, չժխտելով, որ հրավառությունները չարիք են հանրության համար, նշել է, որ խնդրի լուծման առաջարկվող մեխանիզմն անարդյունավետ է: Նա առաջարկում է կամ առհասարակ արգելել վաճառքը կամ այն թույլատրել միայն լիցենզավորված կազմակերպություններին՝ սահմանված վայրում եւ սահմանված ժամերին իրականացնելու համար: Շիրակ Թորոսյանի կարծիքով՝ ոլորտը վերահսկելի դարձնելու նպատակով պետք է արձանագրվեն հրավառություն կազմակերպելու իրավասություն ունեցողների շրջանակը, իրականացման ժամկետը եւ ծավալը: Նա ողջունել է ոլորտը կանոնակարգող նախագծի ընդունումը: Միհրան Հակոբյանը ոլորտում արդյունավետ վերահսկողության իրականացման հարցում առաջարկում է ոչ միայն հստակեցնել չափորոշիչները, այլ նաեւ կիրառվող նյութերն ու հրավառության անցկացման ծավալները եւ անհրաժեշտության դեպքում ակցիզային հարկման ենթարկել: Արաիկ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ փաթեթը վերահսկողություն իրականացնելու գործիքակազմի հնարավորություն է տալիս: Պատգամավորը կարեւորել է նախագծի ընդունումը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել նախաձեռնությունը՝ նշելով, որ առաջարկը նպատակ ունի կարգավորել ոլորտի խնդիրները:

Եզրափակիչ ելույթում Կամո Արեյանն անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին եւ առաջարկներին՝ առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը լրամշակելու պատրաստակամություն հայտնելով:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից 13 օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Նախագծերի ընդունման նպատակն է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի բնականոն գործունեության ապահովումը, ինչպես նաեւ ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող մարմնի գործառույթների հստակեցումը՝ համապատասխանեցնելով ՀՀ Սահմանադրությանը:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, ընդգծել է, որ փաթեթով հստակ ձեւակերպվում են լիազոր եւ տեսչական մարմինների գործառույթները:

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը: Նշվել է, որ մեր երկրում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթեւեկության համար վտանգավոր է, քանի որ աջակողմյան երթեւեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն: Նախագծով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ տարածք մինչեւ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 877 որոշման մեջ լրացում կատարելու եւ աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող երկրների ցանկում համապատասխան լրացում կատարելը:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում փորձել են պարզաբանել աջակողմյան տեղաբաշխմամբ մեքենաների՝ ձախակողմյան ձեւափոխման վտանգավորությունը եւ թե ինչով է պայմանավորված ժամանակավոր արգելման ժամկետի ընտրությունը, ինչպես է կարգավորվելու երրորդ երկրներից աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, այլ կարգավորումներ:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը նշել է, որ աջ ղեկ ունեցող մեքենաների շահագործումն աջակողմյան երթեւեկություն ունեցող երկրներում անթույլատրելի է եւ վտանգավոր: Նա հավելել է, որ այդ մեքենաներն էժան են, քանի որ դրանց իրացման շուկաները սահմանափակ են ամբողջ աշխարհում: Պատգամավորի գնահատմամբ՝ օրենքի ընդունումը երթեւեկության անվտանգության ապահովման եւ մեր քաղաքացիներին տուգանքների ենթարկվելուց զերծ պահելու նպատակ է հետապնդում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն անդրադարձել է ղեկի փոփոխության հարցին՝ նշելով, որ դա վտանգավոր է մեքենայի տեխնիկական անվտանգության համար: Կարեւորելով նախագծի ընդունումը՝ նա խոսել է նաեւ ղեկի փոփոխությամբ քաղաքացիների վրա դրվող սոցիալական բեռի մասին: Արտակ Զեյնալյանն առաջարկել է աջակողմյան ղեկով մեքենաների վրա տեսանելիությունն ընդլայնող տեսախցիկներ տեղադրելու վերաբերյալ օրենք ընդունել: Ռուստամ Մախմուդյանը բարձրացրել է այն քաղաքացիների հարցը, ովքեր արդեն իսկ պատվիրել են աջակողմյան տեղաբաշխմամբ մեքենաներ, որոնք Հայաստան կներկրվեն ապրիլի մեկից հետո: Նա առաջարկել է օրենքի անցումային դրույթներում որոշակի ժամկետ սահմանել այդպիսի տրանսպորտային միջոցների ներկրման դեպքում, եթե կներկայացվեն հավաստող փաստաթղթեր: Խոսրով Հարությունյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ՝ նշելով, որ թեեւ աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումը շուրջ 8 տոկոս է կազմել, սակայն վթարների 10 տոկոսը տեղի է ունենում այդ մեքենաների պատճառով, ինչը մտահոգիչ է: Նրա գնահատմամբ՝ սահմանադրական առումով արդյունավետ լուծումներ են տրված՝ կանխել ներմուծումը՝ հնարավորություն տալով աջ ղեկով մեքենաներ արդեն ներկրած քաղաքացիներին անարգել օգտագործելու իրենց սեփականության իրավունքը: Սերգեյ Բագրատյանն անդրադարձել է տարածաշրջանում այդ խնդրի կարգավորմանը: Նա կարծիք է հայտնել, որ քաղաքացին աջ ղեկով մեքենայի գումարով կարող է գնել ավելի հին եւ մաշված ձախակողմյան տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոց, որի շահագործումը եւս վտանգավոր է:

Կարեւորելով անվտանգության կանոնների պահպանումը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթում նշել է, որ այդ խնդիրը չպետք է հակասության մեջ մտնի մեր քաղաքացիների իրավունքների հետ: Նա համոզմունք է հայտնել, որ այս փուլում կարգավորման հավասարակշռված մոտեցում է առաջարկվել՝ կարեւորելով խնդրի աստիճանական եւ ոչ թե արմատական լուծումը: Էդուարդ Շարմազանովն առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել՝ հորդորելով հեղինակին հաշվի առնել ողջամիտ առաջարկները:

Եզրափակիչ ելույթներում Գագիկ Մելիքյանը եւ Գագիկ Գրիգորյանն անդրադարձել են պատգամավորների հարցադրումներին եւ ելույթներին՝ առաջինից երկրորդ ընթերցում բոլոր առաջարկները քննարկելու պատրաստակամություն հայտնելով:

Ազգային ժողովն արտահերթ նիստի աշխատանքը կշարունակի փետրվարի 9-ին՝ ժամը 11:00-ին:


08.02.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
«Հայաստանի օրենսդրական դաշտը որպես բարենպաստ միջավայր մարդու իրավունքների եւ օտարերկրյա ներդրումների համար» թեմայով քննարկմանը մասնակցելու համար 2018 թվականի փետրվարի 11-14-ը ներառյալ Մոնտպելյե (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը: ...

08.02.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Մալթայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Մալթայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նատաշա Մելի Դոդիին (նստավայրը՝ Վարշավա): Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին, հույս է հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջեւ բարեկամական հարաբ...

08.02.2018
«Հայաստանը կամուրջ է, ոչ թե բաժանարար գիծ». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 8-ին հանդիպել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆելիքս Հեթի հետ:Հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Եվրոպայում խաղաղության եւ համագործակցության գրա...

08.02.2018
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիր` 1-2.2.-88.1) Նշված թափուր ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am