Տպել
06.02.2018
Խորհրդարանում մեկնարկել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 9

Փետրվարի 6-ին Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ մերժել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացրած «ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելը:

ՀՀ ԱԺ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը հաստատելուց հետո երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել են ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը, «Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական գույքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Աղվան Վարդանյանի, Ռուզաննա Մուրադյանի, Հրայր Թովմասյանի, Վարդեւան Գրիգորյանի, Մանե Թանդիլյանի, Գագիկ Մելիքյանի, Ռուստամ Մախմուդյանի, Շուշան Սարդարյանի, Սերգեյ Բագրատյանի, Արման Սաղաթելյանի, Միհրան Հակոբյանի եւ Ջեմմա Բաղդասարյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի, Արտակ Զեյնալյանի եւ Գեւորգ Գորգիսյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաեւ «ՀՀ Դատական օրենսգիրք» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Քննարկված օրինագծերն ու օրենսդրական փաթեթները գլխադասային հանձնաժողովներում ստացել են դրական եզրակացություն:

Նիստում ելույթ է ունեցել եւ ԱԺ պատգամավորներին ողջունել Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը:

Իր ելույթում նա նշել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր գործունեությամբ մշտապես խթանել է շվեյցարացի եւ հայ պատգամավորների միջեւ բարեկամության խմբի փոխգործակցությունը՝ ի շահ երկու պետությունների մշակութային, տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների:

ՇՀ Ազգային խորհրդի նախագահը մասնավորապես նշել է. «Շվեյցարիան աջակցում է Հայաստանի ջանքերին՝ ի նպաստ նորարարության եւ առաջընթացի: Շվեյցարիան՝ որպես գործընկեր, ներգրավված է այնպիսի ծրագրերում, որոնք ուղղված են անասնապահների, հողագործների եւ այգեգործների արտադրանքի բարելավմանը եւ վաճառքի ապահովմանը: Շվեյցարիան աջակցում է նաեւ կառավարությանը համայնքների ամրապնդման եւ քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության խրախուսման գործընթացներում:

Ոչ մի երկիր, սակայն, չի կարող առաջ շարժվել, եթե իր պատմությունը չի ճանաչվում: Ազգային խորհուրդը, որը ես նախագահում եմ, 2003 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` հույս ունենալով, որ 1915 եւ 1916 թվականներին կատարված չարագործություններն այլեւս չեն կրկնվի, իսկ հայ ժողովրդի արմատներն ու անցած ուղին կպահպանվեն:

Ես գիտեմ, որ ներումը դատարկ բառ չէ 1700-ամյա քրիստոնյա պատմություն ունեցող երկրի համար: Սակայն ներելու համար անհրաժեշտ է, որ իրականացվածը հստակորեն դատապարտվի: Թուրքիայի հետ հաշտեցման եւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը պետք է անցնի Ցեղասպանության իրականացման` գիտականորեն հաստատված փաստի ընդունան ճանապարհով, 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների նպատակն էր: Հայոց ցեղասպանությունն այնքան իրական է, որ հիմք է հանդիսացել ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայում պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինի կողմից տրված մարդկության դեմ ցեղասպանության հանցագործության սահմանման համար:

Պետք է նաեւ նշել, որ Հայաստանի անկախության հռչակումը տեղի է ունեցել կործանարար էթնիկ հակամարտության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքների հիմքի վրա` Խորհրդային Միության փլուզումից հետո: Բայց երբ մենք խոսում ենք այս լեռների ինքնորոշման մասին, պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքները բախվում են միմյանց: Արդյո՞ք բանակցային լուծումն այս դեպքում հնարավոր է: Կառավարությունը եւ այն մարմինը, որոնք ես ներկայացնում եմ, ունեն շատ հարցադրումներ: Մարդասեր եւ հայ-շվեյցարական միջխորհրդարանական խմբի անդամ Դոմինիկ դը Բյումանը համարձակվում է ցանկություն հայտնել, որ «Սեւ այգու» բնակչությունն ինքը որոշի իր ճակատագիրը, ինչպես որ արել են այլ ժողովուրդներ, ինչպես եւ բոլորովին վերջերս արել են մեր սեփական երկրի՝ Շվեյցարիայի համայնքները, եւ որ իր սրտում հաստատվեն խաղաղությունը եւ բարեկամությունը:

Ամփոփելով՝ թույլ տվեք ասել, թե որքան եմ կապված ձեր երկրին, որքան հարազատ է այն ինձ՝ իր զարմանահրաշ մասունքներով, անսահման հորիզոններով, բնության հրաշալիքներով, հինավուրց եկեղեցիներով, դիցաբանական տաճարներով, սուրբ լեռով եւ նախապատմական հանելուկներով եւ թե որքան եմ ես հիանում վառ մշակույթ եւ ինքնություն ունեցող հայ ժողովրդով»:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Խոսրով Հարությունյանի ու ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրինագծի համահեղինակ եւ հիմնական զեկուցող Խոսրով Հարությունյանի խոսքով՝ օրինագծի նպատակն է պետական եւ տեղական ինքնարակառավարման մարմինների կողմից իրականացվող գործարքների ԱԱՀ-ից ազատումը եւ ուղեւորափոխադրումների գծով հարկային բեռի վերանայումը: Փոփոխությամբ ուղեւորափոխադրումներով զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն կտրվի իրենց կամքով համարվել ԱԱՀ վճարող:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Գագիկ Մելիքյանը:

Հարակից զեկույցում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը նշել է, որ ավելացված արժեքի հարկման ռեժիմում աշխատելու դեպքում ուղեւորափոխադրողների հարկային պարտավորություններն էականորեն կնվազեն:

Օրինագծի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Փոխնախագահի կարծիքով՝ առաջարկվող փոփոխությունները կոսմետիկ բնույթի են եւ անհրաժեշտ է արմատական փոփոխություններ առաջարկող օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել, որոնք էապես կբարելավեն իրավիճակը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ անդրադարձել է վերջին շրջանում արրձանագրված առանձին ապրանքների գների աճին:

Հարակից ելույթում Խոսրով Հարությունյանը կարեւորելով օրինագծի ընդունումը՝ գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին՝ առաջարկելով դրա երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել 24 ժամվա ընթացքում:

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություն անցկացնելու կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

Հիմնական զեկուցողի խոսքով՝ համաձայնագրով հնարավորություն կընձեռվի կիրառել արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաների համաձայնեցման մեխանիզմ, ինչի շնորհիվ կապահովվեն ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ բարեխիղճ մրցակցության սկզբունքները:

Ըստ նրա` Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հանդիսանալով երրորդ` ոչ շահագրգիռ կողմ, քննություն սկսելու մեխանիզմի իրավունք ունենալու դեպքում կապահովի անկախ եւ օբյեկտիվ վերլուծություն` անդամ պետությունների կողմից տրամադրվող արդյունաբերական սուբսիդիաները ԵԱՏՄ մասին պայմանագրի դրույթներին համապատասխանության տեսանկյունից:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հարակից զեկույցում նշել է, որ հարցը հանձնաժողովում մանրամասն քննարկվել եւ ստացել է դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, կարեւորելով փաստաթղթի ընդունումը, անդրադարձել է երրորդ երկրից ներկրումներին ու ազատ տնտեսական գոտիներում շրջանառությանը:

Եզրափակիչ ելույթում Խոսրով Հարությունյանը նշել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը էապես պետք է բարձրացներ մրցակցությունը եւ նվազեցներ մեր երկրի կախվածությունը երրորդ երկրների ներմուծումներից. այս պահին այդ հարցը քննարկման փուլում է:

Հովհաննես Ազիզյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ նախորդ տարիների որոշակի սահմանափակումները պայմանավորված են նաեւ շուկաներում տիրող իրավիճակով:

Ըստ փոխնախարարի՝ այս տարի ակնկալվում է ազատ տնտեսական գոտիներում շրջանառության ակտիվացում եւհ ամաձայնագրի ընդունումն այդ հարցում կունենա դրական ազդեցություն:

«Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Առաջարկվում է միջհամայնքային միավորման ստեղծման երկու եղանակ՝ կամավոր հիմունքներով եւ օրենքով: Կամավոր հիմունքներով միավորումը ստեղծվում է համայնքների ավագանիների կողմից, իսկ օրենքովը՝ ՀՀ կառավարության համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ: Վաչե Տերտերյանի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվում են նաեւ միավորումը համալրելու եւ դրանից դուրս գալու հետ կապված իրավահարաբերությունները, միավորումների գործունեության դադարեցման, լուծարման դեպքերը եւ ընթացակարգերը: Սահմանվում են միավորման խորհրդի, խորհրդի նախագահի լիազորությունները:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը նշել է, որ հանձնաժողովում քննարկումների ընթացքում բազմաթիվ առաջարկներ են եղել, տրվել է դրական եզրակացություն: Նա ընդգծել է, որ միջհամայնքային միավորումների ստեղծումը նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ, կառավարությունն այս նախագծով հստակեցնում է այդ գաղափարը: Հարակից զեկուցողը կարեւորել է նախագծում գործառույթների եւ ծրագրերի հստակ ամրագրումը՝ ընդգծելով, որ միջհամայնքային միավորումների ստեղծումը չպետք է լինի ինքնանպատակ:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշել է, որ կառուցվածքային փոփոխության առաջարկ է ներկայացված, սակայն միակողմանի լուծումներ են տրված: ՀՀ ԱԺ փոխագահի համար անհասկանալի է, թե ինչ է լինելու մարզպետարանների հետ: Նրա կարծիքով՝ օրինագծի քննարկումը ժամանակավրեպ է եւ իրենք քվեարկելու են դեմ:

ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը եւս անդրադարձել է ՏԻՄ համակարգում միջհամայնքային միավորումներ ստեղծելու գաղափարին, այդ միավորումների պարտադիր լիազորությունների իրականացմանը, նախագծի վիճահարույց դրույթներին:

Հարցի քննարկումը կշարունակվի փետրվարի 7-ի նիստում:

Օրվա վերջին նիստում «ՀՀ ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:


06.02.2018
Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի ելույթը ՀՀ Ազգային ժողովում
«Պարո՛ն նախագահ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք պատգամավորներ, այս օրը նշանակալի իրադարձություն է Հայաստանի եւ Շվեյցարիայի խորհրդարանների միջեւ հարաբերությունների համար: Առաջին անգամ ժամանակակից Հայաստանի ծնունդից ի վեր Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահին ձեր խորհրդարանի առջեւ ելույթ ունենալ...

06.02.2018
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները փետրվարի 6-ին հանդիպել են փորձագիտական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ` «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու նպատակով: Պատվիրակության կազմում են ԵԽ Վ...

06.02.2018
ՀՀ Ազգային ժողովի եւ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահները հանդես են եկել մամուլի ասուլիսով
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը փետրվարի 6-ին հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Արա Բաբլոյանն անդրադարձել է միջխորհրդարանական փոխգործակցությանը՝ կարեւորելով խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը: ՀՀ ԱԺ նախագահ...

06.02.2018
Արա Բաբլոյանը պարգեւատրել է Ժան-Ֆրանսուա Դյուշոզալին եւ Միշել Ժնուին
Փետրվարի 6-ին Արա Բաբլոյանը ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով է պարգեւատրել Շվեյցարիայի քաղաքացիներ Ժան-Ֆրանսուա Դյուշոզալին եւ Միշել Ժնուին` 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո հայ ժողովրդին ցուցաբերած բացառիկ աջակցության համար: Նշենք, որ նրանք Հայաստան են այցելել Շվեյցարի...

06.02.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները հրավիրել են արտահերթ նիստեր
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 6-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ հրավիրել է արտահերթ նիստ: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ գումարվելիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագ...

06.02.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 6-ին ընդունել է պաշտոնական այցով մեր երկիր այցելած Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ՇՀ խորհրդարանի փոխնախագահներ եւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին խո...

06.02.2018
Միքայել Մելքումյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը փետրվարի 6-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ողջունելով դեսպանին ՀՀ ԱԺ-ում` Միքայել Մելքումյան...

06.02.2018
«ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու բոլոր փորձերը դատապարտելի են եւ ձախողված». Էդուարդ Շարմազանովը՝ Իրանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն արժեւորել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ այդ համատեքստում ընդգծելով եր...

06.02.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը հանդիպել է Երեւանի մշակույթի պետական քոլեջի ուսանողների հետ
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 6-ին խորհրդարան են այցելել Երեւանի մշակույթի պետական քոլեջի ուսանողներն ու տնօրենը: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանում, ապա հետեւել ԱԺ նիստերի աշխատանքներին: Ուսանողների հետ բաց դասն անցկացրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ ս...

06.02.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 6-ին ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը: Նշենք, որ պատվիրակությունն այցելել է Հայաստան «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք տրամադրելու նպատակով: Ողջունելով հյուրեր...

06.02.2018
ՇՀ Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ փետրվարի 6-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող...

06.02.2018
ՀՀ Ազգային ժողովն Արցախի պաշտպանության նախարարությանը նվիրաբերել է տասը միլիոն դրամ
Արցախի Հանրապետություն այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Լեւոն Մնացականյանին է փոխանցել ՀՀ ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի կողմից ԱՀ պաշտպանության նախարարությանը տրամ...