Տպել
06.02.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 6-ին ընդունել է պաշտոնական այցով մեր երկիր այցելած Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ՇՀ խորհրդարանի փոխնախագահներ եւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում` ՀՀ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է վերջին տարիներին հայ-շվեյցարական հարաբերությունների դինամիկ զարգացմանը եւ խորհրդարանական բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությանը: Արա Բաբլոյանը կարեւորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը նախորդ տարի՝ համարելով այն եւս մեկ կարեւոր քայլ դեպի Եվրոպա:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Ժողովրդավարության առումով Շվեյցարիան օրինակելի երկիր է, եւ համագործակցության լայն դաշտը հնարավորություն է տալիս տնտեսության, մշակույթի, քաղաքականության եւ այլ բնագավառներում ստանալ առավելագույն արդյունք»:

Անդրադառնալով հայ-շվեյցարական առեւտրատնտեսական հարաբերություններին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ դրանք զգալիորեն աշխուժացել են, եւ այդ համատեքստում կարեւորել Հայաստան-Շվեյցարիա առեւտրային պալատի ստեղծումն ու ծավալած գործունեությունը:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել շվեյցարացի խորհրդարանականներին միջազգային հարթակներում համագործակցության եւ հայանպաստ մոտեցումների համար:

Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձել է Շվեյցարիա-Հայաստան հարաբերությունների վերընթաց զարգացմանը: Դոմինիկ դը Բյումանը նշել է, որ նախօրեին պատվիրակությունը մասնակցել է Հայաստան-Շվեյցարիա գործարար հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ կարեւորություն ներկայացնող հարցեր եւ ծրագրեր: Պարոն Բյումանի խոսքով՝ Շվեյցարիան եւ Հայաստանը ընդհանրություններ շատ ունեն եւ հենց այդ ընդհանրությունների վրա կարելի է կառուցել համագործակցությունը:

ՇՀ Ազգային խորհրդի նախագահը նշել է, որ Շվեյցարիան, չլինելով ԵՄ անդամ երկիր, պայմանագրեր ունի Եվրոպայի համարյա բոլոր երկրների հետ եւ ցանկություն՝ ավելացնելու իր ազդեցությունը եվրասիական շուկայում: Ըստ Դոմինիկ դը Բյումանի՝ հայերն ու շվեյցարացիները նման չեն որեւէ այլ ազգի եւ կարող են օգտվել այդ հնարավորությունից:

Դոմինիկ դը Բյումանը ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը Արա Բաբլոյանի գլխավորությամբ հրավիրել է այցելել Շվեյցարիա:

Հրավերը սիրով ընդունվել է:

Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:

Հանդիպման ավարտին Հայաստանի եւ Շվեյցարիայի խորհրդարանների ղեկավարները եղեւնի են տնկել՝ ի նշան երկու ժողովուրդների հարատեւ բարեկամության եւ միասին շրջել ՀՀ Ազգային ժողովի այգում՝ դիտելով տարիների ընթացքում տարբեր պատվիրակությունների կողմից տնկված ծառերը: