Տպել
05.02.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ փետրվարի 5-ի արտահերթ նիստում քննարկել է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հանձնաժողովականներին ներկայացրել է հիմնական զեկուցող ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ Հայաստանում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթեւեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ ա?? դեպքում տրանսպորտային միջոցի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթեւեկության գոտի վերադասավորվելու, երթեւեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու եւ այլ դեպքերում: Հաշվի առնելով վերը նշվածը ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի ապրիլի 1-ից արգելվել է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը եւ հաշվառումը: Բարձրացված խնդրին ամբողջական լուծում տալու համար ներկայացված նախագծով առաջարկվել է ժամանակավոր՝ 2018 թվականի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ տարածք, մինչեւ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 877 որոշման մեջ լրացում կատարելու եւ աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող երկրների ցանկում համապատասխան լրացում կատարելը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախագիծը կընդգրկվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն առաջարկվել է երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացությամբ ներկայացնել ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Հրայր Թովմասյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Ներման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կարգավորում է ներման, ներման խնդրագրերի ներկայացման եւ քննարկման, ինչպես նաեւ ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Արդարադատության նախարարությունը ներման խնդրագրի ստացման օրվանից մեկամսյա ժամկետում այն ներկայացրած անձի վերաբերյալ կազմում է անձնական գործ եւ ներկայացնում վարչապետին: Անձնական գործն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում վարչապետն այն ուղարկում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով, որն էլ խնդրագիրը ստանալուց հետո քսանօրյա ժամկետում վարչապետին ներկայացնում է եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ: Վարչապետը Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն: Նախագծով ներման շնորհումն անձին չի ազատում օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը հատուցելու պարտականությունից: Սուրեն Քրմոյանը կարեւորել է դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցանքի վերաբերյալ դրույթի սահմանումը:

Իրենց հարցադրումներում եւ ելույթներում ՀՀ ԱԺ պատգամավորներն անդրադարձել են ներման գործընթացում վարչապետի միջնորդության նպատակահարմարությանը, միջնորդություն ներկայացնող անձանց շրջանակի հստակեցմանը ներման հարցում հստակ չափանիշների սահմանմանը, կարեւորել այս հարցում հստակ պետական քաղաքականության առկայությունը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանն առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել՝ կարեւորելով այս իրավասությունն օրենքով կարգավորելը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի եւ Հրայր Թովմասյանի առաջարկին, ըստ որի ներման ակտով անձը չի կարող ազատվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական եւ ոչ նյութական վնասը հատուցելու պարտականությունից:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագիծը, որով ամրագրվել են Հանրային խորհրդի գործունեության խնդիրները եւ գործառույթները, սահմանվել են Հանրային խորհրդի կառուցվածքը, կազմավորման եւ գործունեության կարգը, նախատեսվել են Հանրային խորհրդի անդամին ներկայացվող պահանջները: Հանրային խորհուրդը կազմված է 45 անդամից, խորհրդին կից գործելու են 15 ոլորտային մշտական հանձնաժողովներ: Կարգավորվել են կառույցի անդամի գործունեության դադարեցման եւ դադարման հիմքերի հետ կապված հարցերը, նախատեսվել են Հանրային խորհրդի գործունեության ապահովմանը վերաբերող դրույթներ:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը եւ հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկներ են ներկայացրել, որոնք հիմնական զեկուցողի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հաշվի կառնվեն եւ համապատասխան շտկումներ կարվեն:

Հարակից զեկույցում Ռուստամ Մախմուդյանը կարեւորել է օրինագծի ընդունումը:

Տեսակետներ են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորները: Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ կառավարությունը կարող է առանձին դեպքերում առաջարկել Հանրային խորհրդին ուսումնասիրել եւ եզրակացություն տալ գործող օրենքների կամ այլ նորմատիվ իրավական ակտերի հետեւանքների վերաբերյալ: Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ հասարակական կյանքում Հանրային խորհուրդը պետք է առանցքային դեր ունենա եւ չպետք է վերածվի կառավարության համար ցանկալի որոշումներ կայացնող մարմնի: Արփինե Հովհաննիսյանն առաջարկել է նախագծի կառուցակարգերն օգտագործել Հանրային խորհրդի հանրային դերն առավել արժեւորելու նպատակով: Հրայր Թովմասյանի գնահատմամբ՝ Հանրային խորհուրդը պետք է ոչ թե կառավարությանը հակակշռող լինի, այլ հանրության տրամադրություններն ու կարծիքը փոխանցելու առումով օժանդակող: Նրա կարծիքով՝ նախագիծը համապարփակ ձեւով այդ խնդիրը լուծում է:

Երկու օրենքների նախագծերն էլ արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովը որոշել է առաջարկել Ազգային ժողովին նախագծերի քննարկմանը տրամադրել մինչեւ 2 ժամ:

Առաջին ընթերցումով քննարկվել է նաեւ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ ամրագրվել են Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթը եւ լիազորությունները, սահմանվել է Անվտանգության խորհրդի կազմը, կարգավորվել են գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները, նախատեսվել են Անվտանգության խորհրդի որոշումների տեսակները եւ դրանց ընդունման կարգը: Նախագծով Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվում են Անվտանգության խորհրդի առնվազն 7 անդամների ձայներով, իսկ խորհրդատվական բնույթի որոշումները՝ Անվտանգության խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

Հարակից զեկույցում Հրայր Թովմասյանը խորհրդի կազմավորման կարգը պայմանավորել է այս մարմնի սահմանադրական կարգավիճակի փոփոխությամբ: Նա ընդգծել է, որ անվտանգության խորհուրդը քննարկելու է պաշտպանական ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: Հրայր Թովմասյանն առաջարկել է կողմ քվեարկել:

Օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն: Հանձնաժողովը կառաջարկի Ազգային ժողովին նախագծերի քննարկմանը տրամադրել մինչեւ 90 րոպե:

Երկրորդ ընթերցումով քննարկվել եւ հանձնաժողովի դրական եզրակացությանն է արժանացել նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրանց կից օրենսդրական փաթեթը:


05.02.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Փետրվարի 5-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նիստի սկզբում Արա Բաբլոյանն առաջարկել է հայոց խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կղեկավարի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը...

05.02.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՇՀ Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի հետ մասնակցել է «Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասի բացմանը
Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի հետ մասնակցել է «Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասի բացմանը: Նախագիծն իրականացվել է հայ-շվեյցարական համատեղ ջանքերով. ներդրում է ունեցել նաեւ գերմանական կողմը: Հայաստանի եւ Շվեյցարիայի...

05.02.2018
Մամուլի ասուլիսի հրավեր
Փետրվարի 6-ին՝ ժամը 13:30-ին, Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: ...

05.02.2018
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ փետրվարի 5-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտի քաղաքականության եւ իրավակարգավորման շրջան...

05.02.2018
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փետրվարի 5-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում, որին ներկա էին ԱԺ բարեկամական խմբերի ղեկավարներ: Հաշվի առնելով երկրում կատարված սահմանադրական բարեփոխումները եւ խորհրդարանական համակարգի անցման գործընթացը՝ մշակվել է ՀՀ ԱԺ բարեկամական խմբերի գոր...