Տպել
05.02.2018
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ փետրվարի 5-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտի քաղաքականության եւ իրավակարգավորման շրջանակի գնահատում եւ կատարելագործման ուղիների մշակում» իրավական վերլուծության արդյունքների վերաբերյալ: Այն իրականացվել է «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի եւ ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի կողմից: Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը:

«Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի 1-ին եւ 2-րդ մասերի ղեկավար Հայաստան Ստեփանյանի խոսքով՝ տարիների ընթացքում Արարատյան դաշտավայրի բնական ջրերի անկառավարելի եւ անխնա շահագործումը հանգեցրել է ստորգետնյա ջրերի պաշարի կտրուկ նվազմանը, ինչի հետեւանքով շատ համայնքներ դարձել են ջրազուրկ: Ըստ նրա՝ ջրային ռեսուրսների կառավարման վիճակն անմխիթար է, համակարգը թափանցիկ չէ, հանրությունը չի մասնակցում իր համար կենսական նշանակություն ունեցող որոշումների կայացմանը: Զեկուցողը նշել է, որ ծրագրի նպատակն է խթանել Արարարտյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաեւ ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքում վեր հանել առկա իրավական բացերը՝ դրանք ներկայացնելով ՀՀ կառավարություն ու Ազգային ժողով:

Իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանը կարեւորել է գործընթացի թափանցիկությունը, հասարակության իրազեկվածությունն ու ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման հարցում:

ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի փորձագետներ Հեղինե Հախվերդյանն ու Օլիմպիա Գեղամյանը ներկայացրել են ջրային օրենսդրության վերլուծության արդյունքում հայտնաբերված բացերն ու թերությունները, նախանշել լուծումներ:

Ծրագրի ներկայացուցիչներն առաջարկել են ընդունել «Ոռոգման ջրի մասին» ՀՀ օրենք՝ ամրագրելով ոռոգման ջրի մատակարարման նկարագրության ստանդարտների սահմանման, օգտագործման պայմանները, վճարները, տնտեսական գործիքները, ջրօգտագործողների եւ ջրամատակարարների իրավունքերն ու պարտականությունները:

Հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար, համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ ծրագրի շրջանակում իրականացվելիք ուսումնասիրությունների արդյունքները քննարկելու, ինչպես նաեւ առաջարկությունները վերլուծելու եւ կյանքի կոչելու համար: