Տպել
02.02.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպանին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Նորմա Պենսադո Մորենոյին (նստավայրը՝ Մոսկվա):

Արա Բաբլոյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-մեքսիկական բարեկամության խորացմանը:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ երկու ժողովուրդների հարաբերությունները ջերմ ու բարեկամական են՝ անկախ երկրների հեռավորությունից:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է միջխորհրդարանական կապերի խորացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի աշխատանքը:

Արա Բաբլոյանը ողջունել է Մեքսիկայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

«Արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մեր միակ զենքը ժողովրդավարությունն է, մարդու իրավունքների պաշտպանությունը. նման հարցերը պետք չէ լուծել զենքով»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նա անդրադարձել է վերջերս մեքսիկացի խորհրդարանականների Հայաստան եւ Արցախ կատարած այցելություններին՝ կարեւորելով փոխադարձ շփումների նշանակությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը կարեւորել է Մեքսիկայի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների խորացումը՝ դրանում արժեւորելով միջխորհրդարանական կապերի դերը:

«Խորհրդարանական դիվանագիտությունն ավանդական դիվանագիտության կարեւորագույն բաղադրիչներից է, եւ մենք բարձր ենք գնահատում մեքսիկացի ու հայ խորհրդարանականների փոխայցելությունները»,- նշել է Նորմա Պենսադո Մորենոն:

Դեսպանն Արա Բաբլոյանին ներկայացրել է Մեքսիկայում առաջիկա խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված իրադրությունը՝ վստահություն հայտնելով, որ իր երկրի նորընտիր խորհրդարանում եւս կձեւավորվի ու արդյունավետ գործունեություն կծավալի Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամական խումբը: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել ամենայնս աջակցելու երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությանը:

Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը հաջողություն է մաղթել դեսպանին առաքելության իրականացման ընթացքում եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու երկու երկրների միջեւ առկա կապերի առավել խորացմանն ու ամրապնդմանը:


05.05.2024
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել. քննարկվել են համագործակցության նոր ուղղություններ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի  Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով...