Տպել
02.02.2018
Քննարկվել են հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
1 / 3

ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ավագյանը փետրվարի 2-ին հանդիպել է Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Նորմա Պենսադո Մորենոյի հետ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Կարեն Ավագյանը համոզմունք է հայտնել, որ պաշտոնավարման տարիներին Նորմա Պենսադո Մորենոն կունենա իր գործուն ներդրումը երկկողմ կապերի խորացման գործում:

Անդրադառնալով հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացման հեռանկարին՝ բարեկամական խմբի ղեկավարն այս հարցում առանձնակի կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Կարեն Ավագյանի խոսքով՝ Արցախի ժողովուրդը վաստակել է անկախ երկրում ապրելու եւ արարելու իր իրավունքը:

Դեսպանը նշել է, որ Մեքսիկայի տեսակետը ԼՂ հակամարտության հարցում հստակ է եւ անփոփոխ. այն պետք է լուծվի երկխոսության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ընթացող խաղաղ բանակցությունների շրջանակում:

Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում երկխոսության կարեւորությանը, բարեկամական խմբերի միջեւ համագործակցությանը, փոխայցերի ակտիվացմանը վերաբերող հարցերի: