National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.1.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
31.01.2018
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
1 / 9

Հունվարի 31-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Հրայր Թովմասյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել օրենսդրական մի շարք նախաձեռնությունների՝ ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է սահմանափակել ընթերակաների մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների քանակը՝ որպես այլընտրանք նախատեսելով տեսաձայնագրառումը եւ մասնագետների կամ փորձագետների մասնակցությունը, ինչը կապահովի քննության արդյունավետությունը եւ օբյեկտիվությունը:

Հանձնաժողովը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի ներկայացմամբ քննարկել է նաեւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել դատական նիստի լուսանկարահանում, տեսաձայնագրում, ինչպես նաեւ հեռարձակում ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, եթե առկա է դատավարության մասնակիցների համաձայնությունը: Այն դեպքում, երբ դատավարության մասնակից վարչական մարմինն առարկում է, ապա նա պարտավոր է հիմնավորել, որ նման սահմանափակումն անհրաժեշտ է պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նաեւ «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին եւ ՀՀ դատական օրենսգրքին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումները հետաձգվել են մինչեւ երկու ամսով:

«Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացություն չի ստացել:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Խոսրով Հարությունյանի նախագահությամբ քննարկվել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու եւ ԵՏՄ անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություն անցկացնելու կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նշել է, որ համաձայնագիրը կարգավորում է անդամ պետությունների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաներ տրամադրելու գործընթացում փոխգործակցության հարցերը, սահմանում է հատուկ սուբսիդիաների տրամադրումը հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու, ինչպես նաեւ անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաներ տրամադրելու հետ կապված հանձնաժողովի կողմից քննություն անցկացնելու կարգը:

Խոսրով Հարությունյանը կարեւորել է նախագիծը, որը, նրա գնահատմամբ, կխթանի անդամ պետությունների միջեւ համագործակցությունը եւ կոոպերացիայի զարգացումը:

«ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին համաձայնագիրը (կից առարկությամբ) վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը: Համաձայնագիրը կարգավորում է տրանսպորտային կազմակերպությունների, մուլտիմոդալ փոխադրումների օպերատորների, բեռներն ուղարկողների, բեռն ստացողների, այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց միջեւ հարաբերությունները, որոնք մուլտիմոդալ ծառայություններ իրականացնելիս հանդես են գալիս բեռի տիրոջ անունից: Սահմանում է նաեւ իրավունքներ, պարտականություններ ու պատասխանատվություն տրանսպորտային գործողությունների յուրաքանչյուր մասնակցի համար: Նշվել է, որ մուլտիմոդալ փոխադրումն առնվազն երկու տարբեր տրանսպորտային ձեւերի մասնակցությամբ բեռնափոխադրումների իրականացումն է: Գագիկ Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի վերապահումը համաձայնագրի վերաբերյալ, որով այդ պետությունը հայտարարում է, որ համաձայնագրի ոչ մի իրավունք, պարտավորություն եւ դրույթ Ադրբեջանի կողմից չեն կիրառվի իր տարածքով կատարվող մուլտիմոդալ այն փոխադրումների նկատմամբ, որոնց համար Հայաստանը հանդիսանում է սկզբնական, տարանցիկ կամ վերջնական տարածք: Այդ վերապահման առնչությամբ մեր երկիրը ներկայացրել է առարկություն՝ նշելով, որ այն հակասում է հանձնաժողովի հիմնարար փաստաթղթերին եւ խոչընդոտում է ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակում տրանսպորտի ոլորտում բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացմանը:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Խոսրով Հարությունյանի եւ ՀՀ կառավարության համատեղ ներկայացրած օրինագիծը: Խոսրով Հարությունյանը նշել է, որ նախաձեռնության մշակման հիմնական շարժառիթ եղել են ուղեւորափոխադրում իրականացնող, մասնավորապես մարզային ընկերությունների դիմումներն ու բողոքներն առ այն, որ նոր դրույքաչափերը հավելյալ հարկային բեռ են: Նախագծով առաջարկվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող գործարքներն ազատել ԱԱՀ-ից, վերանայել ուղեւորափոխադրումների գծով արտոնագրային հարկի բեռը՝ այն պահպանելով նախկին մակարդակում՝ միաժամանակ ուղեւորափոխադրումներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն տալով իրենց կամքով համարվել ԱԱՀ վճարող: Պետական կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այն ծառայությունների մատուցումը, որոնց համար օրենքով սահմանված է պետական եւ տեղական տուրքերի վճարում, ինչպես նաեւ պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկների կողմից ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը եւ ծառայության մատուցումը այն մասով, որից հասույթը հաշվեգրվել է պետական կամ համայնքների բյուջեների օգտին, ազատվում են ԱԱՀ-ից:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը նշել է, որ կառավարությունն առարկություններ չունի:

Քննարկված նախագծերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Մինչեւ երկու ամսով հետաձգվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի հեղինակած «Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

Երկրորդ ընթերցումով քննարկվել եւ դրական եզրակացության են արժանացել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի, Գեւորգ Գորգիսյանի, Արտակ Զեյնալյանի հեղինակած օրենսդրական փաթեթը, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Աղվան Վարդանյանի, Ռուզաննա Մուրադյանի, Հրայր Թովմասյանի, Վարդեւան Գրիգորյանի, Մանե Թանդիլյանի, Գագիկ Մելիքյանի, Ռուստամ Մախմուդյանի, Շուշան Սարդարյանի, Սերգեյ Բագրատյանի, Արման Սաղաթելյանի, Միհրան Հակոբյանի եւ Ջեմմա Բաղդասարյանի ներկայացրած օրինագծերի փաթեթը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության հեղինակած «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթներն ու «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի, Գեւորգ Գորգիսյանի եւ Արտակ Զեյնալյանի հեղինակած օրինագծի քվեարկությունը կկայանա հանձնաժողովի հաջորդ նիստում:

Նույն օրը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել հերթական նիստը: Քննարկվել է կառավարության հեղինակած «Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը ներկայացրել է փաստաթղթով նախատեսվող փոփոխությունները եւ կոնվենցիային միանալու կարեւորությունը: Փոխնախարարը նշել է, որ կոնվենցիայի նպատակն է նախականխել ճանապարհային երթեւեկության անվտանգության սպառնալիքները, մասնավորապես ճանապարհատրանսպորտային պատահարները, դրանց ծանրության եւ հետեւանքների նվազեցման միջոցով նպաստել քաղաքացիների կյանքի, առողջության, գույքի, նրանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը: Կոնվենցիան սահմանում է ճանապարհային նշանների, ազդանշանների, պատկերանշանների, գծանշանների միասնական կարգ:

Հարակից զեկույցում պատգամավոր Ալիկ Սարգսյանը նշել է, որ կոնվենցիային միանալը եւ երթեւեկության նորմերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը նախ եւ առաջ բխում է ճանապարհային անվտանգության շահերից՝ հավելելով, որ դա լուրջ խթան կհանդիսանա նաեւ մեր երկրում զբոսաշրջության զարգացման համար: Հանձնաժողովը գործադրի ներկայացրած փաստաթղթին տվել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը քննարկել է պատգամավոր Միհրան Պողոսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակն առաջարկում է ՀՀ-ում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական կրթական ծրագրերով սովորողին տալ արտոնություն: Քաղաքացուն տարկետում կտրվի մինչեւ ուսումնառության օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը: Միհրան Պողոսյանը նշել է, որ նախագծի ընդունումը կերաշխավորի մեր երկրի քաղաքացիների կրթություն ստանալու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը՝ անկախ կրթական հաստատության գտնվելու վայրից, կնպաստի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերի նվազմանը, ինչպես նաեւ կկարգավորվի օտարերկրյա պետությունների հանրակրթական հաստատություններում սովորող պարտադիր զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացիների տարկետում ստանալու իրավունքը: Այս նախագիծը եւս ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Քննարկման արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ երկրորդ ընթերցմամբ ներկայացված «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:



31.01.2018
Սլովակիայի նախագահը Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը
Սլովակիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի հետ: Արա Բաբլոյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ ձեւավորվել են կառուցողական,...

31.01.2018
Արա Բաբլոյանը Բրատիսլավայում հանդիպել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Սլովակիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ: Խոսելով երկու երկրների համագործակցության մասին՝ Ռոբերտ Ֆիցոն գոհունակությամբ նշել է, որ Սլովա...

31.01.2018
«Ակնկալում ենք, որ Եվրախորհրդարանը ՀՀ-ի հետ նոր համաձայնագիրը կվավերացնի մինչեւ 2019 թ. ընտրությունները». Արմեն Աշոտյան
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 30-ին հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի իր գործընկերների հետ: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի հետ հանդիպման ընթացք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am